Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Երկյուղը այն աստիճան տիրել էր երիտասարդի սրտին, որ նա պատրաստ էր այդ շնաբույնի մեջ ևս ապաստան գտնել: Նա գիտեր, որ Բեկի մարդիկը իրան հետամուտ եղան, գիտեր, որ հիմա որոնում են իրան, — և դրանից ավելի հարմար, ավելի անկասկած տեղ գտնել չէր կարող իր գլուխը ազատելու համար: Պետք էր մի փոքր հանգստանալ, մի փոքր կազդուրել սպառված ուժերը, որ կարող լինի, դեռ արևը չծագած, շարունակել իր փախուստը:

Մի քանի րոպեից հետո տանտիկինը վերադարձավ, բերելով իր հետ մի փալասի կտոր, մի բարձ և մի վերմակ: Ավելով շնաբույնի անմաքրությունները մի կողմ տանելով, պատրաստեց նա իր հյուրի անկողինը:

Դուք մի քանի րոպե առաջ գանգատվում էիք ձեր աղքատության վրա, — ասաց նրան երիտասարդը. — ահա ձեզ տալիս եմ բոլորը, ինչ որ ինձ մոտ ունեմ. դրանով դուք կարող եք ուղղել ձեր դրությունը:

Ձեր արծաթը թող ձեզ մոտ մնա, — պատասխանեց կինը. — մենք սովորություն չունենք աստուծո հյուրերից փող ընդունելու:

Բայց ես մի շատ թեթև բան կխնդրեի ձեզանից:

Ինչ որ կամենում եք հրամայեցեք:

Դուք ձեր հյուրի այստեղ լինելը բոլորովին գաղտնի պիտի պահեք: Իսկ պատճառները հետո ինքներդ կիմանաք:

Այդ մասին անհոգ կացեք, պարոն, դուք կարող եք հանգիստ քնել այստեղ: Ինձ համար միևնույն է, թե դուք ով եք, կամ ինչ հանգամանքներից ստիպված ձեզ թաքցնում եք: Բավական է, որ ես մի լավություն արած կլինեմ ձեզ: Ինքս լավ եմ հասկանում, որ պատերազմական ժամանակ է, քի՞չ բաներ կարող են պատահել մարդիների հետ...

Շնորհակալ եմ, բարեսիրտ կին, — ասաց երիտասարդը և մտավ շնաբույնի մեջ, — ես հավատացած եմ, որ դուք կկատարեք ձեր խոստմունքը:

Այն մարդը, որ սովորած էր գեղեցիկ սենյակներում, մետաքսից պատրաստած փափուկ անկողինների մեջ պառկել, տարածվեցավ կապերտի կտորի վրա, գլուխը դրեց կտավի բարձի վրա, որ լցրած էր խոտով և մի քրքրված վերմակով ծածկվեցավ: Այդ ողերմելի անկողինը նա ինքն էր պատրաստել իր համար: Դա մի պատիժ էր, որ աստված ցույց էր տալիս նրան, ասելով. «Հիմա քո անձի վրա փորձիր, թե ինչ բան է աղքատությունը. քանի՜ հազար ընտանիքներ դու զրկել ես հացից և հագուստից. հիմա տես, թե ինչ տեսակ տեղում են պառկում քո զոհերը...»:

Բայց երիտասարդը ամենևին ուշադրություն չդարձրեց իր կացության վրա: Նրա զգայարանքները այն աստիճան բթացած էին, որ ամենևին չէր զգում շնաբույնի մեջ տիրող անտանելի գարշահոտությունը: Նրա հոգնած, ջարդված անդամները իսկույն հրավիրեցին մի խորին և հանգիստ քուն, որ երբեք չէր վայելած իր հոր տան մետաքսյա անկողիններում:

Տանտիկինը ձեռքի ճրագը հանգցնելով, կանգնած մնաց շնաբույնի դռան մոտ և երկար ուշադրությամբ լսում էր քնած հյուրի խռմփալու ձայնը: Եթե մեկը խավարի մեջ կարող լիներ նշմարել այդ մանկահասակ կնոջ դեմքի ուրախ արտահայտությունը, կհասկանար, թե որպիսի անսահման հոգեկան բերկրության մեջ է գտնվում նա: Իր երկրի տիրող իշխանի որդուն, իր հարստահարչին, նա կոխել էր շնաբույնի մեջ: Դա մի կատակ էր, մի դա՛ռն և չա՛ր կատակ: Ուրիշ կերպով վրեժխնդիր լինել չէր կարող նա, բայց դրանով ևս չբավականացավ:

Երբ բոլորովին համոզվեցավ, որ նա քնած է, հեռացավ շնաբույնից, դիմեց դեպի բակի դուռը, ձեռքը տարավ փականքին, տեսավ, որ կողպված է: Թեև դուռը ինքն է կողպել, բայց կամենում էր նորից ստուգել: Հետո մտավ խրճիթը և կրկին վառեց ճրագը: Մոտեցավ պառկած երեխաներին, նրանք նույնպես քնած էին, բոլորը մեկ վերմակի տակ: Նա ուղղեց վերմակը, որ անհանգիստ երեխաները մի կողմ էին գցել: Եվ ապա սկսեց ճրագով խրճիթի քունջ ու պուճարը որոնել: Նա անդադար վեր էր առնում այս և այն առարկաները, նայում էր և մի կողմ էր գցում: Կարծես, նրանք չէին հարմարվում մի նպատակի, որի համար կամենում էր ծառայեցնել: Հետո գտավ մի կոտրած դանակ, փորձեց ձեռքի վրա, տեսավ, որ շատ բութ է: Դանակը նույնպես մի կողմ դրեց: Վերջապես գտավ մի թավլամեխ*******************. այդ լավ էր, բայց պետք էր մի ուրիշ գործիք ևս նրան ցանկացած տեղը խրելու համար: Վեր առեց քուֆտա ծեծելու օթակը†††††††††††††††††††: Այդ երկու զենքերով դիմեց նա դեպի շնաբույնը: Կատվի նման իր քայլերը այնքան ուշիկ-ուշիկ էր փոխում, որ ամենևին ձայն չէր լսում: Մի քանի րոպե կանգնեց շնաբույնի դռան առջև, ականջ էր դնում: Երիտասարդը ոչ միայն ծանր կերպով խռմփում էր, այլ սկսել էր քնի մեջ խոսել: Այդ ավելի հաստատ նշան էր, որ նա արթուն չէ:

Նա զգույշ կերպով մտավ շնաբույնի մեջ, ճրագը վառեց, մի կողմ դրեց և սկսեց նայել երիտասարդի վրա: Շնաբույնը այնքան նեղ էր, որ դժվար էր արձակ շարժումներ գործել, այսուամենայնիվ, նա առանց մի ձայն հանելու, տեղավորվեցավ երիտասարդի գլխի մոտ: Նա քնած էր քամակի վրա: Գլուխը թեքվել էր դեպի բարձի եզրի կողմը: Սկսեց կամաց-կամաց գլուխը տանել դեպի բարձի մեջտեղը, և նրան այնպիսի դիրք տալ, որ ճակատը դեպի վեր լինի, իսկ ծոծրակը բարձի վրա դրած: Այդ գործողության ժամանակ հանկարծ նրա ձեռքերը կսեցին դողալ. խղճահարության նման մի զգացմունք սկսեց տանջել նրան: Նա մեղանչում էր հյուրասիրության դեմ, մեղանչում էր տված խոստման պահպանելու դեմ: Այդ մարդը ապաստան էր գտել նրա խրճիթում, երկրի իշխանը պատսպարվել էր մի աղքատ կնոջ հովանավորության ներքո: Ինչպե՞ս դավաճանել նրան, ինչպե՞ս մեղանչել խղճի և ազնվության դեմ: Այդ հանցանք չէ՞ր լինի, մի մեծ և սարսափելի հանցանք: Նրա սիրտը սկսեց սաստիկ բաբախել: Պատրաստ էր վեր կենալ, թողնել և հեռանալ այդ զարհուրելի բնակարանից:

Այդ միջոցին երիտասարդը դեռ շարունակում էր խոսել քնի մեջ: Նրա անկապ, խառնափնթոր խոսքերից կինը խիստ պարզ որոշեց այս նախադասությունը. «Պետք է կոտորել բոլոր բեկյաններին»‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡...

Նա բոլորովին կատաղեց այդ խոսքերը լսելու ժամանակ: Նա ինքը պատկանում էր նույն կուսակցությանը: Նրա ամուսին այրը նույնպես բեկյան էր, և Բեկի կամավորների թվում, գուցե հենց նույն ժամում, կռվում էր նույն մարդու զորքերի հետ, որ այժմ տարածվել էր իր առջև, որի կյանքը այդ րոպեում իր ձեռքումն է:

«Դրանց պետք չէ խնայել...» — ասաց նա իր մտքում, և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ, — «որքա՛ն մարդիկ են կոտորել դրանք, որքա՛ն կնիկներ են անբախտացրել... չկա մի գյուղ, չկա մի խրճիթ, որ դրանց ձեռքով ոչնչացած չլինի... Դրանց պետք չէ խնայել...»:

Վերջին խոսքերի ժամանակ նա խաչակնքեց իր երեսը, ահագին երկաթյա մեխի սուր ծայրը դրեց երիտասարդի ճակատի վրա և օթակով այնպես սաստիկ զարկեց, որ մեխը մինչև կեսը խրվեցավ նրա գլխի մեջ: Նա կրկնեց զարկը և տաք արյունը դուրս ցայտեց վերքից: Երիտասարդը գործեց մի քանի ցնցողական շարժումներ և հանգստացավ:

Կինը իսկույն դուրս եկավ, իր ետևից կողպելով շնաբույնի դուռը:

ԺԱ

Տաթևի վանքի բոլոր խուցերը շինված էին տաշած քարից, ունեին նեղ լուսամուտներ, նույնպես քարե շրջանակներով, որոնց միջով մի կատու միայն կարող էր անցնել: Շատ հասկանալի է, որ նրանք փեղկերի պետք չունեին, կես թերթ թուղթ բավական էր ամբողջ լուսամուտը կալելու համար:

Խուցերից մեկի մեջ դրած էր մի կոճղ, որ տեղացիք «քունդա» էին կոչում, դա կազմարարների մամուլի նմանություն ուներ և հատկապես շինված էր բանտի գործածության համար: Մի կալանավորի ոտները ամրացրած էր այդ կոճղի մեջ: Նա պառկած էր քամակի վրա և անկարող էր շարժվել, որովհետև թեքերը քամակի կողմից պրկված էին չվանով, որի երկու ծայրերը կապել էին խուցի սյունին:

Դուռը բացվեցավ, վանքի աբեղաներից մեկը ներս մտավ: Կալանավորը թեև քնած չէր, բայց գտնվում էր մի տեսակ թմրած դրության մեջ: Դռան ճռոցը լսելով, նա աչքերը բաց արեց: Վանքի զինված շաթրներից երկուսը կանգնած էին դրսում: Աբեղան իր ետևից դուռը կողպելով մոտեցավ կոճղին, թուլացրեց նրա գալերանները§§§§§§§§§§§§§§§§§§§, կալանավորի ոտները դուրս բերեց: Նա նստեց, բայց թեքերը կապված մնացին:

Կալանավորի դեմքը բոլորովին այլանդակված էր, աչքերում վառվում էր մի տեսակ տենդային կրակ, մորուքի և գլխի մազերը անկարգ կերպով խճճված էին:

Դուք երազահան ունե՞ք, հայր սուրբ, — դարձավ նա դեպի աբեղան:

Չունեմ, բայց երազների միտքը հասկանում եմ, — պատասխանեց աբեղան, նստելով նրա մոտ: — Երևի, երազ եք տեսել, մելիք:

Տեսել եմ, շատ վատ երազ, — ասաց կալանավորը հոգվոց հանելով: — Ֆաթալի խանի ընծայած խալաթը երազումս այրվում էր... Ինչքան էլ աշխատում էի հանգցնել, ինչքան էլ ջուր էի ածում, նա ավելի և ավելի բոցավառվում էր... Վերջը այրվեցավ, բոլորովին մոխիր դարձավ...

Այդ երազը այնքան պարզ է, որ ամենևին բացատրության կարոտություն չունի, — ասաց աբեղան: — Ֆաթալի խանի ձեզ ընծայած խալաթը նրա ձեզ տված իշխանության նշանակն էր. խալաթը այրվեցավ, նրա հետ էլ վերջացավ ձեր իշխանությունը:

Ինչպե՞ս, — հարցրեց կալանավորը կատաղած կերպով:

Մի՞թե չեք հասկանում, մի լավ նայեցեք, թե ո՞րտեղ եք գտնվում և ինչ դրության մեջ...

Այդ ես հասկանում եմ... — ասաց կալանավորը խորին վրդովմունքով. — եթե խանը մի ժամ առաջ հասցներ ինձ իր զորքերը, ես այստեղ չէի գտնվի: Բայց նրանք հասան այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր...

Ես հույս ունեի գտնել ձեզ, մելիք, բոլորովին զղջացած, բոլորովին փոշմանած, — խոսեց աբեղան ծանր կերպով: — Բայց դուք, ինչպես երևում է, դեռ չեք կամենում հեռանալ հին մեղքերից, դեռ չեք մտածում թողնել ձեր առաջվա խորհուրդները, որոնք այնքան վնասներ, այնքան դառն ցավեր պատճառեցին մեր հայրենիքին: Մի՞թե ձեր խիղճը բոլորովին մեռած է, մի՞թե նրա մեջ չէ մնացել մի նշույլ անգամ կենդանության: Ինչի՞ համար կուզեիք պարսիկ զորքերը, ո՞ւմ դեմ պիտի պատերազմեիք, մեր հայրենիքի ազատչի՞ դեմ, հա՞:

Ոչ, մի ավազակի դեմ, մի ապստամբի դեմ, մի անզգամ խռովարարի դեմ, որ ձգտում է հայոց իշխան դառնալ:

Նա իր գործով արժանի է ոչ միայն հայոց իշխան դառնալու փառքին, այլ ավելի ևս մեծ փառքի, — պատասխանեց աբեղան:

Նա իր գործով արժանի է գլխատման, արժանի է, որ մի թոկ կապեին նրա պարանոցին և քարշ տային Տաթևի բոլոր փողոցներով:

Խոսողը Տաթևի մելիք Դավիթ ուրացողն էր: Մենք արդեն գիտենք, թե ինչպես վերջացավ նրա կռիվը Բեկի հետ, գիտենք, նույնպես, թե ինչպես ջարդվեցան պարսից և հայոց զինվորներից կազմված նրա զորքերը: Իր անաջողությունից հետո ուրացողը մի քանի ձիավորներով փախավ դեպի Բարգյուշատի կողմերը, որ իր մեծավորից` Ֆաթալի խանից օգնություն ստանա և կրկին վերադառնա Բեկի վրա: Բայց Բայինդուր իշխանը նրան հետամուտ լինելով, փախչելու միջոցին բռնեց: Ֆաթալի խանի օգնական զորքերը հասան նրան այն ժամանակ, երբ արդեն կալանավորված էր:

Նրա այցելուն, որ եկել էր հոգևորապես մխիթարել նրան և դարձի բերել, Խորն հայր սուրբն էր, վանքի միաբանության բավական զարգացած վարդապետներից մեկը, որ իր երիտասարդ հասակում միացրել էր իր մեջ կրոնի և քաջության առաքինությունները: Հանդիպելով կատաղի համառության ուրացողի կողմից, նա սաստիկ վշտացավ, որ մի հայ մելիք կարող էր բարոյապես այնքան ընկած լինել, որ պարսից լուծը ավելի գերադասել, քան թե տեսնել մի անկախ հայոց իշխանություն:

Մելիք Դավիթը չի խոնարհվի ավազակ Դավթին, — ասաց նա դառնությամբ:

Դուք պիտի խոնարհվեք աստուծո կամքի և ժողովրդի պահանջի առջև, մելիք, — պատասխանեց աբեղան հանդարտ կերպով: — Բեկը ժողովրդի պահանջի արտահայտությունն է: Ուրիշ ապացույց բերել պետք չէ. գործը ինքը վկայում է իր համար: Դուք տեսաք, թե ինչպես ժողովուրդը առանց հրավերքի, ինքնակամ հետևեց նրան:

Տեսա, — պատասխանեց կալանավորը հեգնական ժպիտով: — Բայց ի՞նչ ասել է ժողովուրդը: Ժողովուրդը մի կտոր փափուկ մոմ է, նրան դեպի ո՜ր կողմը և հուպ տաս, դեպի այն կողմը կթեքվի. նրան ինչ կաղապարի մեջ և դնելու լինես, այն ձևը կստանա: Այսօր Բեկը հաղթող հանդիսացավ, ժողովուրդը նրան կհետևի, իսկ եթե էգուց ես հաղթելու լինիմ, ինձ կհետևի: Ես ավելին կասեմ. ժողովուրդը մի հլու գրաստ է, մի մեծ ավանակ է. նրա երասանակը (նոխտան) ում ձեռքը որ ընկավ, իր ետևից քարշ կտա, կտանե ամեն կողմ, որ կողմը և ցանկանում է: Ժողովուրդը սեփական կամք չունի:

Դուք սխալվում եք, մելիք, — ասաց աբեղան, — ժողովուրդը սեփական կամք ունի: Այդ ուրիշ բան է, որ նա երբեմն ճնշված, երբեմն կաշկանդված է լինում և իր կամքը արտահայտել չէ կարողանում: Բայց երբ նա կտրեց իր կապանքները, այլևս նրա թափին ընդդիմանալ անկարելի է: Նա դառնում է մի հսկայական հեղեղ և փոթորկի նման որոտում է, ալեկոծվում է, առաջ է վազում, խորտակելով, ոչնչացնելով իր առջևից ամեն տեսակ խոչընդոտներ: Ո՞ր մահկանացուն կարող է ժողովրդի կատաղի հոսանքի առաջը կտրել: Դժվար է միայն շարժել նրան, երբ մի անգամ շարժվեցավ, այլևս այնուհետև կանգ չի առնի, որպես մի ահագին ժայռ, որ բեկվում է լեռան բարձրությունից, գլորվում է դեպի ցած, և առաջ ընթանալով, հետզհետե ավելի և ավելի սաստկացնում է իր թափը...

Մինչև ընկնում է անդունդի մեջ... — կտրեց կալանավորը աբեղայի խոսքը: — Բայց գիտե՞ք, հայր սուրբ, այդ ձեր նկարագրած ահագին քարաժայռը իր գլորման ընթացքում, մյուս ժայռերին զարկելով, որքան փշրվում է, որքան մաշվում է, և միայն նրա կտորտանքն են հասնում մինչև սարի ստորոտը...

Գիտեմ... ինչպես էլ և լինի, շարժման մեջ կյանք կա:

Դիակի շարժումները կյանքի նշաններ չեն, նրանք րոպեական ցնցումներ են միայն, — պատասխանեց կալանավորը և սովորական դառն ծիծաղը դարձյալ երևաց նրա գունաթափ շրթունքի վրա: — Հայ ժողովուրդը կատարյալ դիակ է: Դիակին կարելի է ձեռքով բարձրացնել, ոտքի վրա կանգնեցնել, բայց հենց որ բաց թողեցիր, իսկույն կընկնի, կտարածվի գետնի վրա, դարձյալ անշարժ կմնա:

Թե որքան դուք սխալվում եք ձեր կարծիքի մեջ հայոց ժողովրդի վերաբերությամբ, — ես այդ մասին հարկավոր չեմ համարում խոսել, մելիք, — ասաց աբեղան: — Բայց դիցուք թե այդպես լինի, որպես դուք կարծում եք, թե հայ ժողովուրդը մի դիակ է. մի՞թե դուք չեք մտածում կյանք տալ դիակին, քանի որ ինքներդ նույն ժողովրդի ծնունդն եք, քանի որ ինքներդ ազգով հայ եք, թեև մահմեդական կրոնը ընդունած:

Ես, եթե կցանկանայի հայ ժողովրդի հետ գործ ունենալ, ոչ այլ կերպով չէի ընդունի, բայց միայն նրա գլուխը լինել և ոչ ոքի ստորադրյալ:

Վերջին խոսքերը բարկության չափ վրդովեցրին աբեղային, և նա չկարողանալով պահպանել իր սառնասրտությունը, պատասխանեց.

Դուք դեռ ձեր հին ցնորքների մեջն եք գտնվում, մելիք: Ով որ ձգտում է ժողովրդի գլուխ լինել միայն նրան կեղեքելու, միայն նրան կողոպտելու համար, եթե հասնելու ևս լինի իր նպատակին, չէ կարող երկար պահպանել իր դիրքը: Բռնավորների կյանքը կարճ է լինում: Ժողովրդի գլուխ լինելու համար պետք է պաշպանել նրա բարին, պետք է ունենալ նրա հետ նույն հարաբերությունները, ինչ հարաբերություններ որ ունի մարմնի բնական գլուխը մարմնի անդամների և ամբողջ կազմվածքի վերաբերությամբ: Դուք անբնական գլուխ էիք, մելիք. — հայ` պարսիկի հոգով, պարսիկի սրտով: Այս պատճառով էլ ժողովուրդը մերժեց ձեզ: Դուք այժմ ամեն ինչ կորցրել եք. ձեզ մնում է երկու բան` կամ զղջալ և Բեկից ներումն ստանալ, կամ կրել ձեր դատապարտության պատիժը: Որը կամենում եք, ընտրեցեք: Ես հավատացած եմ, որ Բեկը այնքան մեծահոգի է, որ կներե ձեզ, եթե զղջալու լինիք:

Ես ինձ չեմ հասցնի այն ստորության, որ որևիցե հայից ներումն խնդրեմ, — պատասխանեց կալանավորը արհամարհանքով: — Ինչ լինելու է, թող լինի. ես կխոնարհվեմ ճակատագրի առջև:

Ձեր ճակատագիրը նրանով կվերջանա, որ Բեկը կհրամայե այսօր գլխատել ձեզ:

Այդ ինձ համար միևնույն է, բայց ես հավատացած եմ, որ իմ որդին վրեժխնդիր կլինի հոր արյան համար:

Այդ հույսը մի ունեցեք, ձեր որդին չի կարող այդ անել:

Կարող է. նա պարսիկ զորքերով կոչնչացնե Բեկի բոլոր զորությունը:

Եթե կենդանի լիներ... Ձեր որդին սպանված է:

Որդի՛ս... սպանվա՜ծ է... — գոչեց նա կատաղի հառաչանքով և նրա գլուխը թեքվեցավ կոճղի վրա:

Աբեղան հասցրեց երկրորդ և ավելի սաստիկ հարվածը.

Այո, սպանված է. գիտե՞ք ում ձեռքով. մի գյուղացի աղքատ կնոջ ձեռքով, որը նույն ժողովրդի զավակն է, որին մի րոպե առաջ դիակ էիք կոչում: Տեսնում եք, այդ ժողովուրդը գիտե հարկավորված ժամանակ պատժել իր բռնավորներին: Նա զգում է անիրավ ձեռքից կրած վերքը և աշխատում է վրեժխնդիր լինել: Բայց դիակները ոչինչ չեն զգում:

Վերջին խոսքերը չլսեց կալանավորը: Բոթաբեր լուրը միանգամայն խորտակեց թե նրա սիրտը և թե նրա հույսերը: Մինչև այժմ նա հանգիստ էր, հանգիստ էր գլխավորապես այն պատճառով, որ մտածում էր, եթե իրան կգլխատեն, եթե իրան կախաղան կբարձրացնեն, դարձյալ կթողնե երկրի վրա իր շարունակությունըորդուն: Որդին կպահպանե անիրավությամբ ձեռք բերած իշխանությունը: Իսկ այժմ բոլորը կորավ, բոլորը ոչնչացավ: Փառասիրության ցանկությունը ավելի զորեղ էր նրա մեջ, քան որդեսիրության զգացմունքը; Եվ նա ափսոսում էր ոչ այնքան սպանված որդուն, որքան կորցրած փառքը: Արտասուքի ոչ մի կաթիլ չհայտնվեցավ նրա անգութ աչքերում, որ այժմ լի էին վայրենի կատաղությամբ, միայն երբեմն խորին հառաչանքներ դուրս էին թռչում խոտասիրտ մարդու ջախջախված կուրծքից: Երբ նա փոքր-ինչ հանգստացավ հայր սուրբը խոսեց.

Այսպիսի հուսահատական րոպեներում միակ մխիթարությունը մարդ կարող է գտնել աստուծո մեջ: Դիմեցեք աստուծուն, մելիք, հեզությամբ և խոնարհված սրտով, նրանից թողություն խնդրեցեք: Ձեր աշխարհայինը թշվառությամբ անցավ, գոնե մյուս կյանքում դուք երջանիկ կլինեք, եթե կզղջաք, եթե կխոստովանեք ինձ մոտ ձեր մեղքերը;

Եթե ես գործել եմ մի մեղք, լավ է, որ նրա մեջ մեռնեմ, — ասաց կալանավորը դառն ատելությամբ. — Դա կլինի մի ազդու բողոք բարության աստուծո դեմ, որ որդուս ինձնից խլելուց հետո` ինձ ձգեց այդ կապանքների մեջ:

Դուք հայհոյում եք ամենակալի արդարադատությունը, մելիք: Դարձյալ կրկնում եմ, այսօր Բեկը կտա ձեր մահվան դատավճիռը. դեռ բավական ժամանակ ունեք զղջալու և ներումն խնդրելու:

Ես ներում խնդրելու սովորած չեմ, ոչ երկնքից և ոչ երկրի վրա բնակվող մարդերից: Լավ է, որ ինձ հանգիստ թողնեք, հայր սուրբ:

Աբեղան վեր կացավ, ներս կանչեց դրսում կանգնած շաթրներին, կրկին կալանավորի ոտները ամրացրին կոճղի մեջ, և խուցի դուռը կողպելով, նրան թողեցին այնտեղ միայնակ:

Նույն ավուր կեսօրային պահուն Տաթևի հրապարակի վրա հավաքվել էր խուռն բազմություն: Բոլորը անհամբերությամբ սպասում էին հանդիսատես լինելու երկրի բռնավորի և ավերիչի մահվան պատժին: Բոլորի աչքերը դարձրած էին դեպի վանքի ճանապարհը, որտեղից պետք է բերեին մահապարտին:

Հրապարակի մեջտեղում կանգնած էին զինված մարդիկ, թողնելով իրանց միջնավայրում բոլորակ տարածություն: Այստեղ դանակը սրելով ման էր գալիս արբած դահիճը, ոտքից ցգլուխ կարմիր հագնված:

Ի՜նչպես արդար է աստուծո դատաստանը, — ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հանդիսականին. — հինգ տարի առաջ չարագործը հենց այս հրապարակի վրա գլխատել տվեց քսանևհինգ անմեղ երիտասարդներ, և որպիսի քաջ երիտասարդներ, ամեն մեկը հազար մարդու արժեր: Հիմա ինքը նույն տեղում գլխատվում է:

Հիշում եմ... — հոգվոց հանելով ասաց մյուսը. — այդ երիտասարդները պատկանում էին վանքեցի Խեչոյի խմբին, որոնք ամրացել էին Ցուրա բերդում, կողոպտում էին պարսիկ հարկահաններին, և զանազան միջոցներով սպանում էին այն հայերին, որոնք պարսիկներից պաշտոններ ընդունելով, նեղացնում էին իրանց ազգայիններին: Չարագործը կաշառեց մի գյուղացու, և այդ անիրավը իրան բարեկամ ձևացնելով Խեչոյի մարդիկներին, իր տան դռները ամեն ժամանակ բաց էր անում նրանց առջև: Մի գիշեր հարբեցրեց նրանց, քնացրեց, հետո մատնեց ուրացողի յասավուլների ձեռքը:

Վանքի ճանապարհի վրա երևաց մի խումբ, որ շարժվում էր դեպի հրապարակը:

Բերում են... — լսելի եղավ ամեն կողմից:

Հրապարակի վրա հավաքված բազմությունից շատերը վազեցին դեպի այն կողմը. շատերը անշարժ մնացին իրանց ընտրած տեղում, որ մի ուրիշը չկանգնե այնտեղ, որ կարողանան լավ տեսնել:

Բերում էին մահապարտին: Ամեն բերանից լսվում էին ամեծք, նզովք, հայհոյանք, որ խառնվում էին ուրախության բացագանչությունների հետ: Մանուկները, որոնց սիրտը ավելի անկեղծությամբ է արտահայտում ամբոխի զգացմունքը, հարյուրներով խմբվել էին չարագործը շուրջը, թնդեցնում էին օդը իրանց աղաղակներով: Նրանք երգում էին մի ժողովրդական ասացվածք, որ առածի ձև էր ստացել:

«Լույսը Լուսավորչի հավատին,

Վա՛յ ուրացող մարդին...»:

Երգը թռչում էր հարյուրավոր մանուկների բերանից, և որպես բարկության շանթեր, տարածվում էր դեպի ամեն կողմ: Ոմանք մանուկներից քարեր էին վեր առնում և ձգում էին դատապարտյալի վրա: Նա այդ միջոցին նմանում էր մի կատաղած շան, որ չորս կողմից կաշկանդված, տարվում էր դեպի խեղդանոցը:

Մահապարտին նստեցրել էին սև ավանակի վրա, առանց համետի, երեսը դեպի գավակի կողմը դարձրած: Սանձի փոխարեն նրան բռնել էին տվել ավանակի պոչը: Այդ խայտառակությունը ավելի սպանիչ էր, քան թե մահը, այն մարդու համար, որ սովորել էր հեծնել ամենաընտիր նժույգների վրա, զարդարած թանկագին ասպազենով:

Երբ նրան հասցրին հրապարակը, ամբոխը ճեղքվեցավ և ճանապարհ բաց արեց:

Զինվորները մոտեցան նրան, ցած բերեցին ավանակից: Այժմ կանգնած էին նրա մոտ երկու մարդիկ, մեկը` դահիճը դանակը ձեռքին, մյուսը` քահանան խաչը ձեռքին: Վերջինը սկսեց մխիթարել թշվառին հոգևոր խոսքերով, հորդորում էր խոստովանել և համբուրել խաչը: Դատապարտյալը մերժեց որպես խոստովանությունը, նույնպես և խաչի համբուրելը: Նրան ասեցին` չէ՞ր ցանկանա, որ կանչեին մի մահմեդական մոլլա: Այդ ևս մերժեց նա:

Շուտով.. մի՜ ուշացրեք... — աղաղակում էր ամբոխը, որ այդ ժամանակ գտնվում էր սաստիկ վրդովմունքի մեջ:

Դահիճը մոտեցավ, կապեց դատապարտյալի թևքերն ու ոտները: Մի ձեռքի հարվածքով նա փայտի նման ընկավ, տարածվեցավ գետնի վրա:

Ոչ մի դեմք ցավակցության նշան չէր ցույց տալիս, ոչ մի սիրտ չէր բաբախում նրա համար: Բոլորի սրտերը լցրել էր նա թույնով և դառնությամբ:

Մանուկների բազմությունը դարձյալ սկսեց եղանակել իր երգը: Այդ երգի հնչյունները հասան դատապարտյալի ականջներին ուղիղ այն րոպեում, երբ դահիճը բռնելով նրա մորուքից, դանակը դրեց կոկորդի վրա:

«Լույսը Լուսավորչի հավատին,

Վայ ուրացող մարդին...»:

Կրկնեց և թշվառը, իսկ դահիճը ավարտեց իր գործը:

Ամբոխի մեջ տիրեց ընդհանուր ցնծություն, երբ դահիճը չարագործի կտրած գլուխը. ցցելով նիզակի ծայրին, բարձրացրեց օդի մեջ:

Այդ միջոցին սկսեցին ածել դավուլ և զուռնա, և դահիճը շրջապատած նվագածուներով, սկսեց նիզակի ծայրին ցցած գլուխը ման ածել Տաթևի փողոցներում: Կնիկները դուրս էին գալիս տներից, թքում էին նրա վրա և տալիս էին դահճին մի քանի սև փող:

ԺԲ

Դեպի Զեվու բերդը տանող ճանապարհի մի կողմում, աղբյուրի մոտ, որ հովանավորված էր չինարի ահագին ծառերով, նստած էին մի քանի հոգնած ուղևորներ: Թուփերով պատած լեռների մեջ տիրում էր կեսօրվա տոթը: Ուղևորներից մի քանիսը պառկած էին խոտերի վրա և հանգիստ քնի մեջ էին: Իսկ երեք հոգի, որ նոր էին հասել այնտեղ, առանձնացած էին մյուսներից, նստել էին մի կողմում, ճաշում էին: Նրանց առջև դրած էր մի կտոր պանիր և չոր հաց:

Այնքան չորացել է հացը, որ չէ ուտվում, — ասաց սեղանակիցներից մեկը:

Առանց սումբայի հրացանը լցնել չես կարող, — նրան պատասխանեց սեղանակիցներից մյուսը, — այդ հացին սումբա պետք է:

Նա հանեց պարկի միջից խեցեղեն փոքրիկ աման, լիքը արաղով, առաջ ինքը խմեց, հետո տվեց ընկերներին, ասելով.

Աստված է վկա, մարդու կոկորդը փափկացնում է:

Մյուսներն էլ ընդունելով ամանը, խմեցին, միևնույն կարծիքը հայտնելով փափակցնող ըմպելիի մասին, և այժմ ավելի ախորժակով սկսեցին ուտել չոր հացը:

Երբ ճաշը վերջացած էր, նրանցից մեկը ժամացույցի փոխարեն նայեց արևին, իր ընկերին ասաց.

Հիմա կարելի է ճանապարհ ընկնել, շուտով զովը կսկսվի:

Կարելի է, — ավելացրեց մյուսը, — մեր առջևում անտառը ավելի խիտ է, արևը շատ չի նեղացնի;

Ինչպես էլ և լինի, պետք է գնալ. դեռ բավական ճանապարհ ունենք, — ասաց երրորդը: — Արեգակը ի՞նչ կարող է անել. խո ձյուն չենք, որ հալվենք:

Սկսեցին պատրաստվել:

Այդ միջոցին մյուս ուղևորներից մեկը, պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով, ծույլ կերպով հարցրեց.

Եղբայրներ, ո՞ւր եք գնում:

Դեպի Զեվու, — պատասխանեցին նրան:

Հիմա Զեվուից ամենքը փախչում են, դուք ի՞նչ խելքով այնտեղ եք գնում:

Ինչո՞ւ են փախչում:

Չե՞ք լսել, շուտով Զեվուն կպաշարվի Դավիթ բեկի զորքերով: Նրա բանակը հիմա գտնվում է բերդից ոչ այնքան հեռու Ղարաչիման գյուղի մոտ:

Մեզ ի՞նչ վնաս, եթե կպաշարվի, — ասաց երեք ընկերներից մեկը:

Ձեզ այն վնասը կլինի, որ վտանգի մեջ կընկնեք, — պատասխանեց ուղևորը` դարձյալ չշարժվելով իր պառկած տեղից: — Շատ ախորժելի բան չէ պաշարված բերդի մեջ լինել, երբ ամեն կողմից կրակ են թափում:

Բայց բավական ախորժելի բան է պաշարված բերդից կռվել թշնամու դեմ, — ասաց երեք ընկերներից մի ուրիշը:

Ի՜նչ ասել կուզե, — պատասխանեց պառկած ուղևորը հեգնական կերպով, — ձեզ խիստ սազ է գալիս թշնամու հետ կռվելը... Ավելի լավ կանեք, որ գնաք ձեր բանին, ինչպես տեսնում եմ, կռիվը ձեր գործը չէ:

Բոլորովին ուղիղ է քո ասածը, — խոսեց երեք ընկերներից մեկը: — Շնորհակալ եմ, եղբայր, որ մեզ զգուշացրիք. մենք արհեստավոր մարդիկ ենք. Զեվուի մեջ այժմ հազիվ թե կարելի կլինի մի աշխատություն գտնել, երբ ամեն մարդ իր գլխի համար է մտածում: Մենք կգնանք մի ուրիշ կողմ, արհեստավոր մարդուն ամեն տեղ հացը պակաս չի լինի:

Նրանք բոլոր ժամանակ խոսում էին թուրքերեն: Պառկած ուղևորը նկատելով, որ իր խրատները ազդեցություն գործեցին երեք ճանապարհորդների վրա, գլուխը կրկին դրեց խոտերի վրա, աչքերը փակեց, սկսեց քնել, ասելով.

Գնացեք, աստծուն եմ հանձնում ձեզ:

Ցույց տալով, թե ուրիշ կողմ են գնում, նրանք դուրս եկան դեպի բերդը տանող ճանապարհից: Բայց երբ բավական հեռացան աղբյուրից, երբ ծածկվեցան բլուրների ետևում, իսկույն շեղվեցան իրանց բռնած ուղղությունից և կրկին բռնեցին բերդի ճանապարհը:

Ճանապարհին ոչ ոք չէր երևում, միայն երբեմն պատահում էին բերդից փախստականներ, որոնք միևնույն հարցերն էին առաջարկում. «Ո՞ւր եք գնում, բերդը շուտով կպաշարվի...»:

Երեք ճանապարհորդներից մեկը սափրիչ էր, գոնե այսպես երևում էր այն բոլոր գործիքներից, որ նրա մոտ գտնվում էին: Նա իր ամբողջ խանութը իր վրա բարձած ուներ: Կաշյա լայն գոտիի առջևի կողմում ուներ մի պահարան, զինվորների փամփուշտներ դարսելու պահարանի նման, այն զանազանությամբ միայն, որ փամփուշտների փոխարեն այնտեղ խրած էին ածելիներ, մկրատներ և բութ նշտարը, որով երակներից արյուն էր բաց թողնում: Աջ կողմում, նույն գոտիից քարշ էր ընկած նրա երկայն հեսանաքարը և մի ահագին քալփաթին, որով ատամներ էր դուրս քաշում և որը ավելի հարմար էր էշի ոտներից նալեր պոկելու համար: Ձախ կողմում, նույն գոտիից, քարշ էր ընկած նրա մեծ լագանը, որի մեջ մազեր էր թրջում: Առջևից կախված էր սև ժապավենի նման մի երկայն կաշի, որի վրա սրում էր ածելիները: Եթե ավելացնենք դրանց վրա մի կոտրած հայելի, որ նա պահած ուներ իր ծոցում, և փոքրիկ մաղաշը, որով քթի մազեր էր դուրս քաշում, — կստանանք մի օրինավոր սափրիչի արհեստի բոլոր պարագայքը: Մոռացանք հիշել, որ նույն կաշյա գոտիի խորհրդավոր պահարաններից մեկի մեջ կար բավական քանակությամբ բամբակ, որից նա սափրելու միջոցին կպցնում էր ածելիով կտրած տեղերը, որ արյունը դադարի:

Ինչպես աշուղները ըստ մեծ մասին կույր են լինում, այնպես էր գյուղական սափրիչները կամ կաղ են լինում, կամ սապատող: Մեր վարպետը վերջին տեսակիցն էր, այն առավելությամբ, որ նա ուներ երկու սապատներ, մեկը մեջքի վրա, մյուսը կուրծքի վրա: Այդ երկու սապատների միջից, մի փոքրիկ գունդի նման, հազիվ երևում էր նրա գլուխը: Նա ուներ մի ուրիշ հատկանիշ ևս. սապատողները առհասարակ կարճահասակ են լինում, բայց բնությունը այդ մարդու վերաբերությամբ մի սխալ էր գործել. նա բարձրահասակ էր և իր սապատներով ավելի նմանում էր ուղտի, քան թե մի այլ արարածի:

Երկրորդ ուղևորը երիտասարդ էր. դրան սափրիչը կոչում էր իր աշակերտ, բայց աշակերտ լինելու հասակից շատ մեծ էր նա: Իր ճանապարհորդական մահակի ծայրին անցուցել էր նա մի փոքրիկ խուրջին և դրել էր ուսի վրա: Այդ խուրջինի մեջ գտնվում էին նրա վարպետի մյուս պարագայքը` զանազան տեսակ սպեղզանիներ, որ լցրած էին փայտյա փոքրիկ տուփերի մեջ: Սափրիչը գիտեր և վիրաբուժական արհեստը: Նույն խուրջինի մեջ կային և զանազան կտավիք վերքեր փաթաթելու համար: Բայց նրա աշակերտի քնքուշ կազմվածքը, երեսի և ձեռքի մաքուր կաշին, որ, կարծես, դիտմամբ պատած էր թանձր կեղտով, — ցույց էին տալիս, որ այդ գեղահասակ երիտասարդը ծնված էր ավելի վայելուչ պարապմունքի համար, քան թե բժիշկ-սափրիչի աշակերտ լինել:

Երրորդ ուղևորը մի պնդակազմ երիտասարդ էր. նրա առողջ և զորեղ անդամները ամեն ընդունակություններ ունեին լավ բանվոր լինելու համար: Մի տոպրակի մեջ լցրած պարագայքից, որ կրած ուներ մեջքի վրա, կարելի էր իսկույն հասկանալ, որ արհեստով նա հյուսն էր: Տոպրակի մեջ կային մի քանի տեսակ սղոցներ, մեծ և փոքր ուրագներ, շաղափներ և ատաղձագործի այլ գործիքներ: Դա այն թափառաշրջիկ հյուսներից մեկին էր նմանում, որ գյուղից գյուղ ման են գալիս, շինում են կամ ուղղում են երկրագործական անոթները:

Դեռ արեգակը մայր չէր մտել, նրանք հեռվից տեսան բերդը: Նա գտնվում էր Փուխուրութա******************** լեռների մեջ և առջևից, խոր ձորի միջով, վազում էր Հալիձորի գետը: Ահռելի բերդը շրջապատած էր ամուր պարիսպներով, որի հպարտ աշտարակները բարձրանում էին դեպի վեր, կարծես, ձգտելով մրցություն անել սրածայր լեռների հետ: Այդ բերդը առաջ պատկանում էր Ղափանի հայոց իշխաններին, իսկ այժմ նրան գրավել էր Ասլամազ-Կուլի անունով մի թյուրք բռնապետ, որ ահի և սարսափի մեջ էր պահել բոլոր շրջակայքը:

Ուղևորները, որ առաջ շտապով էին գնում, երբ հեռվից տեսան բերդը, սկսեցին մեղմացնել իրանց քայլերը:

Շտապել պետք չէ, հարկավոր է մտնել բերդը ուղիղ այն ժամանակ, երբ խավարը բավական պատած կլինի, — ասաց սափրիչը:

Հաջորդ էջ