Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Այդ թշնամու թնդանոթների ձայնն էր: Առաջին անգամ չէր, որ որոտում էին նրանք, բայց տիկինը, խորասուզված իր հոգեկան խռովությունների մեջ, դեռ ոչինչ չէր լսել:

Նա մոռացավ գոհարները: Մայրական սերը խեղդեց պճնասիրության ցանկությունը: Միակ առարկան, որ այժմ մտաբերեց նա, էր իր զավակը: Սկսեց սենյակում կատաղաբար որոնել նրան, ամենևին չմտաբերելով, որ նա այնտեղ չէր, այլ պառկած էր կից սենյակում աղախնի հսկողության ներքո:

Տիկնոջ պահապան ներքինին նախասենյակում նիրհում էր, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ծերունի ներքինին աֆիոն ընդունելու սովորություն ուներ, այս գիշեր, երևի, սրտի տխրությունից, փոքր-ինչ ավելի ընդունեց և արբեցուցիչ թույնը բոլորովին թմրեցրեց նրան: Բայց տիկնոջ արձակած ճիչը վրդովեց նրա հանգստությունը, նա կիսաքուն դրության մեջ գլուխը վեր բարձրացրեց. և նախասենյակի խավարի մեջ ոչինչ չտեսնելով, կրկին գլուխը դրեց իր կարծր բարձի վրա, սկսեց մրափել: Նրա բարձը, որ մի տոպրակ էր, լցրած սղոցած փայտի թեփով, դրած էր ուղիղ տիկնոջ դռան հանդեպ, դրսի կողմից: Եթե ավելացնենք այդ բարձի վրա ներքինու ածիլած գլուխը, — երկուսը միասին կազմում էին մի ամուր պատնեշ, որ արգելում էր տիկնոջ սենյակի դռան ներսից բացվելը: Այսպիսով ինքը ներքինին ներկայացնում էր մի մեծ կողպեք, որ փականք էր դրել խանի գեղեցիկ կնոջ օթյակի դռան վրա: Որպես մի հավատարիմ շուն, գլուխը կպցրած դռանը, նա ամբողջ գիշերը պառկած էր լինում նախասենյակում: Ոչ մի անցուդարձ տիկնոջ սենյակի դռնով կատարվել չէր կարող, առանց նրան զարթեցնելու: Բայց երբ այդ սոսկալի պահապանը զարթեցավ, հանդուգն այցելուի մահը պետք էր վճռված համարել:

Չնայելով, որ ամրոցի մեջ տիրում էր կատարյալ անկարգություն, բայց կանանոցի մեջ դեռ սովորական կարգերը բոլորովին չէին խանդարված: Կանանոցը այն միակ հիմնարկությունն է մահմեդական աշխարհում, որի օրենքները կամայականության չեն ենթարկվում: Թո՜ղ աշխարհը քանդվի, թո՜ղ ամեն ինչ տակնուվրա լինի, բայց կանանոցի գերին իր օթյակից դուրս գալու իրավունք չունի:

Բայց նույն րոպեում տիկինը այդ խստությունների վրա ուշադրություն չէր դարձնի, եթե մտաբերեր, որ իր զավակը գտնվում է աղախնի սենյակում, դուռը բաց կաներ, և ներքինու գլուխը ու մարմինը ոտնակոխ անելով, կանցներ և կմտներ աղախնի սենյակը: Նա վանդակի մեջ բռնված անընտել թռչունի նման անդադար թռվռում էր այս կողմ և այն կողմ: Հարյուր անգամ նայեց իր անկողնի մեջ, հարյուր անգամ շոշափեց նրան, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, թե իր զավակը այնտեղ չէր: Որդեկորույս մայրը բոլորովին շփոթված էր: Կասկածը նրա մեջ կատաղության հասավ, երբ թնդանոթները սկսեցին այժմ ավելի և ավելի հաճախ որոտալ: Նա ուշաթափ եղավ, ընկավ այն գոհարների վրա, որ մի քանի րոպե առաջ սփռված էին գորգերի վրա և զարդարում էին նրանց գեղեցկությունը:

Աղախնի սենյակում ճրագը դեռ վառվում էր: Ինքը, աղախինը, որին կոչում էին Փարիշան, նստած էր իր տիկնոջ երեխայի փոքրիկ անկողնի մոտ: Երեխան քնած էր: Նրա ծանր շնչառությունը ցույց էր տալիս, որ բոլորովին առողջ չէ. և իրավ, մի քանի օր էր, որ կոկորդի ուռուցք էր ստացել:

Նա գլուխը վեր բարձրացրեց, և կիսաբաց աչքերով նայելով աղախնի վրա, ասաց.

Ջուր եմ ուզում:

Կտամ, զավակս, կտամ, — ասաց աղախինը և վեր կացավ կատարելու նրա պահանջը:

Երեխան ջուրը խմելուց հետո գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քուն եղավ: Աղախինը դարձյալ նստեց իր առաջվա տեղում, հիվանդի անկողնի մոտ: Արդյոք ցավակցությո՞ւնը, թե պարտաճանաչությունն էր ստիպում այդ մանկահասակ կնոջը հսկել իր հիվանդի մահճի մոտ, — հայտնի չէ, միայն երևում էր, որ նա վճռել էր այս գիշեր ամենևին չքնել: Գուցե նա նույնքան վախենում էր, որպես մյուսները և երկյուղը խլել էր նրա աչքերից քունը. գուցե պաշարված ամրոցը նրան նույնքան սարսափեցնում էր, որպես մյուսներին:

Կրկին լսելի եղավ թնդանոթի որոտումը:

Բայց այդ կործանիչ որոտումը, որ ուրիշների վրա սոսկում էր բերում, կարծես, նրան մի առանձին զվարճություն էր պատճառում: Նրա տխրամած դեմքը ավելի և ավելի պայծառանում էր, և խոշոր աչքերում վառվում էր ուրախության կրակը: Թշնամու թնդանոթի ձայնը արձագանք էր գտնում նրա սրտում, խորին բերկրության արձագանք:

Նա վեր կացավ, ճրագը վեր առեց, ուշիկ քայլերով դուրս եկավ: Մի քանի վայրկյան կանգնեց նախասենյակում, նայում էր պառկած ներքինու վրա: Ծերունու խռմփալու ձայնը արդեն ցույց էր տալիս, որ նրա քունը խիստ ծանր էր: Նա զգուշությամբ մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը: Թեև ներքինու գլուխը և բարձը դրած էին նրա հանդեպ, բայց նրանք այնքան տեղ չէին բռնում, որ արգելեին աղախնի մոտենալը: Նա մի կողմում կանգնելով, թեքվեցավ և ականջը ուշադրությամբ տարավ դեպի դռան փոքրիկ ճեղքը: Ներսից ոչ մի շշունջ լսելի չէր լինում: Նա մտածեց, որ տիկինը, երևի, քնած է, թեև նա դեռ ուշագնացության մեջ էր գտնվում:

Նա կրկին ուշիկ քայլերով վերադարձավ իր սենյակը, ճրագը դրեց իր տեղում և նստեց հիվանդի անկողնի մոտ: Մի քանի րոպե գտնվում էր մի տեսակ անվճռականության մեջ, որ խիստ հեշտ կարելի էր նկատել նրա բազմահոգ դեմքից: Հետո կամաց-կամաց ձեռքը տարավ դեպի հիվանդի վերմակը և զգուշությամբ կիսով չափ բարձրացրեց: Նա այժմ մի առանձին երկյուղածությամբ նայում էր գեղեցիկ երեխայի երեսին, նայում էր դողալով և չէր վստահանում կատարել այն, ինչ որ մտածում էր:

Քնե՛լ... քնե՛լ... — լսելի եղավ կանանոցի բարձր աշտարակի գլխից:

Դա ներքինապետի հրամայական ձայնն էր, որ իր դիտանոցից նայում էր ամբողջ հարեմի վրա: Այդ աշտարակը մի այնպիսի տեղում էր կանգնած, որ նրա բարձրությունից կարելի էր տեսնել կանանց բոլոր օթյակների լուսամուտները: Այդ սպառնալից ձայնը լսելի էր լինում ամեն գիշեր երեք անգամ: Առաջին անգամին պետք է բոլոր կնիկները իրանց ընթրիքը կերած, վերջացրած լինեին. երկրորդ անգամին պետք է ճրագները մարեին և քուն լինեին. իսկ երրորդ անգամին դռները փակվում էին և հարաբերությունները բոլորովին արգելվում էին:

Ներքինապետի այժմյան զգուշացուցիչ ձայնը երկրորդ անգամին էր պատկանում, որով մի քանի րոպեից հետո ամբողջ հարեմի մեջ պիտի տիրեր խավարը: Այդ ձայնը, կարծես, շտապեցրեց աղախնին կատարել իր դիտավորությունը, որի համար նրա քաջությունը պակասում էր: Նա ձեռքը դողդողալով տարավ դեպի հիվանդի պարանոցը, բռնեց նրա կոկորդից և բթամատով ու ցուցամատով այնպես պինդ սեղմեց ուռուցքը, որ երեխան թփրտաց, դողդողաց, խռխռաց և ապա սկսեց սաստիկ ճիչ բարձրացնել:

Այդ միջոցին աղախինը զարմանալի արագությամբ վեր թռավ, ոտքով զարկեց ճրագին ցած գցեց, ճրագը հանգավ, իսկ ինքը խավարի միջից դուրս պրծավ բարձր ձայնով գոչելով. «Խեղդվեցա՛վ, խեղդվեցա՛վ, օգնեցե՛ք, խեղդվեցա՛վ...»:

Նա վազեց դեպի տիկնոջ սենյակը, իր ոտքերի տակ կոխ տալով, տրորելով պառկած ներքինուն, որը սարսափելով զարթնեց, և չկարողանալով իսկույն հասկանալ պատահածը, իր սոսկալի շփոթության մեջ կարծում էր, թե ահա թշնամիները ներս թափվեցին ամրոցի մեջ, սկսել են բոլորին կոտորել: — «Օգնեցե՛ք... օգնեցե՛ք»... — սկսեց աղաղակել նա, դուրս վազելով դեպի կանանոցի բակը:

Ոչ սակավ եղավ և աղախնի զարհուրանքը, երբ նա մտավ տիկնոջ սենյակը: Տեսնելով նրան գունաթափ, դիակի նման ընկած հատակի վրա, — տեսնելով այնտեղ սփռված գոհարները, սենյակի անկարգությունը, փշրված արկղիկը, — նա կարծեց, թե հենց նույն րոպեում այնտեղից փախավ ավազակը, որը իր տիկնոջը սպանելով, կողոպտել էր նրա սենյակը:

Բայց նա այնքան սրտի և մտքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարվեցավ: Մանավանդ, երբ նայեց լուսամուտներին, գտավ նրանց ամբողջությամբ իրանց տեղում փակված: Իսկույն մտաբերեց, թե ինքն էր, որ ներքինուն կոխ տալով, անցավ նրա վրայից և բաց արավ դուռը: Ուրեմն ոչ մի տեղից ավազակ մտնել չէր կարող: Նա զգաց իր սխալը և շտապեց իր ձեռնարկությանը մի այլ կերպարանք տալ:

Առանց մի վայրկյան կորցնելու, տիկնոջը նույն դրության մեջ թողնելով, նա դուրս վազեց կանանոցի բակը, որ թույլ չտա հիմար ներքինուն շատ աղմուկ բարձրացնել:

Ասադ, Ասադ, — ձայն տվեց նրան մոտենալով, — ի՞նչ ես խելքդ կորցրել, այստեղ մեր տիկինը մեռնում է, այնտես նրա երեխան խեղդվում էր, իսկ դու բակում կանգնած, աղաղակներ ես բարձրացնում: Գնանք, գնանք շուտով:

Ի՞նչ է պատահել, — հարցրեց շփոթված Ասադը, ամենևին չհասկանալով իր լսածը:

Եկ, տես, թե ի՞նչ է պատահել, քավթառ, մեռելի նման քնում ես ու ոչինչ բանից տեղեկություն չունես: — Վերջին խոսքերից հետո աղախինը համարյա ուժով բռնեց նրա ձեռքից և քարշ տվեց դեպի տիկնոջ սենյակը:

Բայց ներքինին, ցույց տալու համար, թե ինքն էլ մի բանից տեղեկություն ունի, մտաբերեց աղախնի խոսքերից մեկը միայն` «խեղդվում է», և հարցրեց.

Դու ասացիր խեղդվում է, ո՞վ է խեղդվում:

Երեխան, հիմար, դու չե՞ս իմանում, քանի օր է, որ նա հիվանդ է, կոկորդը ուռչել է, հիմա ցավը սաստկացել է, խեղդվում է:

Տիկնոջ հետ ի՞նչ է պատահել:

Ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ է պատահել, տիկինը իր սենյակում ընկած է:

Ներքինին այժմ բավական բան հասկացավ և աղախնի հետ շտապեց դեպի տիկնոջ սենյակը:

Բարեբախտաբար թե աղախնի և թե ներքինու բարձրացրած աղաղակները արձակվեցան միևնույն րոպեում, երբ բերդից սկսեցին պատասխանել թշնամու թնդանոթներին: Դրանց ձայնը խլացավ հրանոթների ընդհանուր դղրդումների մեջ: Կանանոցում ոչ ոք չիմացավ պատահած աղմուկը, և ոչ ներքինապետը, որը իր դիտանոցի բարձրությունից ամեն մի շարժում, ամեն մի շշնջյուն լրտեսում էր:

Լսեց միայն մեկը, որ ավելի պատճառ ուներ չլսելու, լսեց նա, որ ուշաթափ, գետնատարած, ընկած էր իր սենյակի հատակի վրա: Հենց որ դժբախտ մոր ականջին դիպավ «խեղդվում է» բառը, նա մի մոգական հարվածքով ցնցվեցավ, աչքերը բաց արավ, սկսեց շփոթված կերպով նայել իր շուրջը: «Օգնեցեք» բառը բոլորովին արթնացրեց նրան: Նա իսկույն վեր թռավ և վազեց աղախնի սենյակը; Այստեղ ճրագ չկար: Երկար նա խավարի մեջ խարխափելով, որոնում էր զավակի անկողինը, մինչև աղախինը և ներքինին ճրագով ներս մտան:

Երեխան դեռ լաց էր լինում. կոկորդի խռխռոցը իսպառ վերջացած չէր. հետո սկսեց թքել արյուն, շարավի հետ խառն: Երևվում էր, որ աղախնի մատների սաստիկ ճնշելուց, կոկորդի ուռուցքը պայթել էր և այժմ դուրս էր ժայթքում այնտեղ հավաքված շարավը: Այդ թեև օգտավետ էր հիվանդին, բայց աղախնի գործողությունը ոչ նրան բժշկելու և ոչ էլ խեղդելու նպատակ ուներ: Նա միայն ցանկանում էր հիվանդի վրա դարձնել մոր ուշադրությունը և հասավ իր նպատակին:

Տեսնելով իր զավակի դրությունը, մայրը մոլեգնաբար գրկեց նրան և սկսեց լաց լինել:

Հիմա կմեռնի երեխաս... կմեռնի, Փարիշան, — հառաչում էր նա, դառնալով դեպի աղախինը:

Փարիշան մատաղ լինի քո հոգուն, տիկին ջան, — պատասխանում էր աղախինը դառնացած ձայնով, և ձևացնելով, իբր թե արտասուքը սրբում է. — երկյուղ չկա, ամենևին երկյուղ չկա. վտանգը անցավ. թող աստված Ֆարհադի (այսպես էր երեխայի անունը) ցավը իմ վրա բերե, եթե նրան մի բան պատահի:

Ծերունի ներքինին սառած կանգնել էր, հեռվից նայում էր ցավալի տեսարանի վրա: Աղախնի խոսքերը չհանգստացրին մորը, մանավանդ երբ երեխան, թեև դադարեց լաց լինելուց, բայց գլուխը դրեց մոր կուրծքի վրա, և ընկավ մի տեսակ տենդային դրության մեջ:

Այդ լավ է, շատ լավ, — առաջ տարավ աղախինը. — տեսնում եք, Ֆարհադը հանգստացավ, հիմա կքնե, անուշ քնով կքնե. — հանգստացավ: Սառան էլ էր այդպես ասում: Առավոտյան երբ մտիկ տվեց, ասաց, այս գիշեր կծակվի ուռուցքը: Հիմա նրա խոսքը կատարվեց: Փառք քեզ, տեր աստված, Ֆարհադը հանգստացավ:

Բայց նա ասաց, երբ ուռուցքը ծակվելու լինի, ինձ շուտ իմացում տվեք: Այս րոպեիս կգնամ կկանչեմ: Գիշերից չեմ վախենում, Ֆարհադի համար դժոխքն էլ կգնամ:

Աղախնի վերջին խոսքերը փոքր-ինչ մխիթարեցին տիկնոջը: Իրավ, Սառան առավոտյան տեսավ հիվանդին, ասաց, շատ կարելի է, որ այս գիշեր ուռուցքը ծակվի: Այն ժամանակ թեև փոքր-ինչ արյուն և շարավ կգա բերանից, բայց դրանով վտանգը կանցնի. միայն պետք է իրան շուտ իմացում տալ, որ հարկավոր դարմանները գործ դնե:

Բայց ո՞վ է այդ Սառան. — մեր նախածանոթ գինեվաճառ այրին, որ նախընթաց գիշերը իր տանը ընդունեց ծպտյալ հյուրերին. — տեր Ավետիքին սափրիչի կերպարանքով, Խորեն հայր սուրբին նրա աշակերտի կերպարանքով, Շահումյան Ստեփաննոս իշխանին հյուսնի կերպարանքով, իսկ Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարին` խանի Ֆարրաշի կերպարանքով: Սառան ծանոթ էր խանի ամրոցի հետ: Այդ ծանոթության առիթը նրա ունեցած երկու պարապմունքն էր: Իբրև գինեվաճառ, նա շատ անգամ ծածուկ, իր ձեռքով ըմպելիքներ էր բերում խանի համար, որը չէր ցանկանում իր ծառաների ձեռքով ստանալ, որպեսզի, իր գինարբության սովորությունը մահմեդականներին չհայտնվի: Հավատարիմ Սառան ամենայն խոհեմությամբ պահում էր այդ գաղտնիքը: Իսկ կանանոցի հետ հարաբերություն ուներ նրանով, որ նրան շատ անգամ կանչում էին, երբ երեխաների կոկորդը ուռչում էր: Սառն իր ինքնուս փորձերով բավական հմուտ էր այդ հիվանդությունը բժշկելու մեջ:

Դե՛ գնա կանչիր, մի՜ ուշացիր, — ձայն տվեց տիկինը: — Երեխաս կմեռնի, եթե նա չգա:

Ես չգնա՞մ Փարիշանի հետ, — հարցրեց ներքինին երկչոտ ձայնով:

Հենց դո՜ւ էիր պակաս, քավթառ, — պատասխանեց աղախինը մի առանձին սպառնալիքով նայելով ներքինու երեսին: Դու չե՞ս իմանում, որ հրամայված է այս գիշեր բոլոր հայերին կոտորել, և երկյուղից ոչ մի հայ այս գիշեր իր տանից դուրս չի գա: Ես կգնամ, մի կերպով կհամոզեմ, կբերեմ Սառային, բայց եթե քո ռեխը տեսնելու լինի, կվախենա ու չի գա:

Որովհետև գործը վերաբերում էր մի ծանրակշիռ հարցի, ինչպես էր տիկնոջ զավակի կյանքը, այդ պատճառով բարկացած ներքինին լուռ կացավ և չպատասխանեց աղախնի կոպտություններին: Բայց եթե մի ուրիշ անգամ լսելու լիներ նրանից այդ խոսքերը, անտարակույս նրա ծամերը կփետեր:

Դու միայն անցկացրու ինձ դռներից, որ պահապանները չարգելեն, — կրկին դարձավ նա դեպի բարկացած ծերուկը:

Ներքինապետի դիտանոցի բարձրությունից վաղուց արդեն լսելի էր եղած նրա երրորդ անդամի հրամայական ձայնը` «քնել», և կանանոցի մեջ բոլոր դռները փակված էին, ոչ ոք իրավունք չուներ ներս ու դուրս անելու: Այս պատճառով ներքինին նախքան առաջնորդելը աղախնին դեպի Սառայի տունը, դիմեց ներքինապետի մոտ, որ նրան հայտնե հիվանդի անցքը, և իմանա գիշերվա անունը, որովհետև առանց գիշերվա անունը տալու, պահապաններից և ոչ մեկը դռները չէր բաց անի:

Մինչև ներքինու վերադառնալը Փարիշանը բոլորովին պատրաստ էր ճանապարհ ընկնելու համար: Նա փաթաթեց իր գլուխը մի հաստ շալով, ծածկվեցավ իր կապտագույն չադրայի մեջ և դուրս գնաց: Տիկինը մնաց միայնակ աղախնի սենյակում, գրկած ունենալով երեխան մայրական կուրծքի վրա, որը այդ միջոցին սաստիկ բաբախում էր: Երեխան այժմ ավելի անհանգիստ էր, գտնվում էր ջերմի մեջ, և երբեմն ամբողջ մարմնով ցնցվում էր, կարծես աղախնի անգութ մատները կրկին սեղմվում էին նրա կոկորդի վրա: Եթե նա գիտենար իր հետ պատահածը, բոլորը կպատմեր մորը. բայց ամեն ինչ կատարվեցավ նրա հետ, երբ նա քնած էր:

Կանանոցի բակում վառվում էին չորս լապտերներ միայն, որոնք տնկած էին չորս սյուների գլխին, և յուրաքանչյուրը գտնվում էր քառակուսի բակի մի անկյունում: Հարեմների օթյակների լուսամուտներից լույս չէր երևում: Նրանք քնած էին, թե արթուն, — հայտնի չէ, բայց որովհետև նրանց հրամայված էր «քնել», թեկուզ աշխարհն էլ տակնուվրա լիներ, պետք է ցույց տային, որ քնած են:

Ներքինին աղախնի հետ մոտեցան առաջին դռանը, կամաց բախեցին: Դռան ետևից հարցրին.

Գիշերվա անո՞ւնը:

— «Փասիան», — պատասխանեց ներքինին հազիվ լսելի ձայնով: Դռները բացվեցան:

Կանանոցի բակից դուրս գալով, նրանք մտան մի երկայն ծածկված դալան (կորիդոր), որ լուսավորված էր երկու լապտերներով: Այստեղից մի դուռ տանում էր դեպի մի երկրորդ փոքրիկ բակ, որտեղ էր կանանոցի խոհանոցը: Այդ դռնից անցնելու համար դարձյալ նույն հարցը և պատասխանը տրվեցավ: Այսպես նրանք անցան մի քանի բակեր, մի քանի դալաններ, մինչև դուրս եկան խանի պալատի լաբիրինթոսից:

Դրսում տիրում էր խավար, իսկ բերդի փողոցների մեջ աղմուկ և իրարանցում: Մարդիկ խելագարի նման գոռում-գոչյումներով վազվզում էին: Աղախինը ներքինուն թողեց կես ճանապարհի վրա, պատվիրեով իրան սպասել, իսկ ինքը շտապեց դեպի Սառայի տունը:

ԺԶ

Խանի ամրոցը բաժանված էր երկու գլխավոր մասերի, մեկի մեջ զետեղվում էր ընդարձակ կանանոցը, իսկ մյուսի մեջ` նրա դիվանատունը: Այս գիշեր դիվանատան մասը մի կատարյալ կազմակերպության մեջն էր. ֆարրաշները, գրագրները, բոլոր զինվորական և դիվանական պաշտոնակալները իրանց տեղումն էին: Մեկ սենյակ չկար, որ լուսավորված չլիներ. բոլորի մեջ խմբված էին խանի ծառայողները, անհամբերությամբ սպասում էին նրա հրամանին:

Խանը իր վեզիրի հետ առանձնացած էին մի մեկուսի սենյակում, խորհուրդ ունեին: Գուցե նրա կյանքում առաջին անգամն էր պատահում, որ գիշերվա այդ ժամում կանանոցում չէր գտնվում: Սենյակը, որի մեջ առանձնացած էին նրանք, շատ փոքր էր, վարագույրները իջեցրած էին և դռները փակած: Նախասենյակում սպասում էր խանի մտերիմ մանկլավիկներից մեկը միայն:

Ամրոցի իշխանը ծալապատիկ նստած էր մի թանկագին գորգի վրա, իսկ նրա առջև աղերսավոր կերպարանքով չոքած էր վեզիրը: Երկուսի մեջ տիրում էր խորին, չարագուշակ լռություն: Միայն լսելի էր լինում ղեյլանի մելամաղձոտ կրկրոցը, որ ներդաշնակաբար ձայն էր արձակում խանի ամեն մի ծխելու հետ: Իսկ այս գիշեր նա մի առանձին ախորժակով էր ծխում «քորօղլուի» թամբաքուն‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡, որ թմրեցնելու չափ արբեցուցիչ էր: Նրա դեմքի վրա նկարված էր կատաղի վրդովմունքը, ճակատը կնճռած էր, կրակոտ բիբերը վայրենի կերպով շարժվում էին թավ հոնքերի տակից:

Ձեր ծառան դարձյալ թույլ է տալիս իրան աղերսարկու լինել, խան, — խոսեց վեզիրը խոնարհությամբ. — ուրիշ ճար չկա, ամեն ընդդիմադրություն ապարդյուն կլիներ և ավելի կգրգռեր թշնամու կատաղությունը: Ես դարձյալ խորհուրդ եմ տալիս վաղ առավոտյան անձնատուր լինել: Մենք խաղաղության նշան կտանք, ես ինքս կգնամ թշնամու բանակը և հաշտության դաշն կկապեմ Բեկի հետ:

Ես երդվում եմ իմ պապերի գերեզմանով, եթե դու մյուս անգամ կհամարձակվես այսպիսի հիմարություններ խոսել, ես կհրամայեմ շան նման քեզ սատակեն, — գոռաց բռնակալը գազանի մռնչյունով:

Սպառնալիքը չշփոթեցրեց վեզիրին, նա բավական սառնասրտությամբ պատասխանեց:

Ինձ համար միևնույն է, առանց այդ էլ Բեկի զինվորները ինձ կսատակեն, ավելի լավ է, որ շուտ կատարվի և իմ տիրոջ ձեռքով:

Վերջին խոսքը փոքր-ինչ մեղմացրեց խանի կատաղությունը վեզիրի վերաբերությամբ: Նա խրոխտալով պատասխանեց.

Դու խելքդ կորցրել ես, վեզիր, Ասլամազ-Կուլի խանը չէ կարող անձնատուրլինել մի պիղծ գավուրի, որը իր ավազակային խմբով հանդգնել է պաշարել իմ բերդը: Էգուց, մեծ մարգարեի օգնությամբ, ես նրա արյունը իմ շներին լափել կտամ:

Եթե, աստված տա, իմ տիրոջ ասածը կատարվի, ձեր շները մի գեղեցիկ նախաճաշիկ կունենան, բայց ես չեմ կարծում, որ նրանք այդքան բախտ ունենան, — պատասխանեց վեզիրը հեգնությամբ:

Խանը դարձյալ կատաղեցավ և ձեռքը տարավ դեպի իր սրի երախակալը, ասելով.

Դու ինձ վրա ծիծաղում ես, անզգամ... — Վեզիրը չթողեց նրան խոսքը ավարտել, իսկույն պատասխանեց.

Ծերունի վեզիրը երբեք իրան թույլ չի տա ծիծաղել իր գլխի պսակի վրա, որին միշտ հարգել է: Նա հավատարմությամբ ծառայել է ձեր հանգուցյալ հորը (թող նրա հոգին հավիտենական լույսի մեջ լինի): Նա իր հոգատար ձեռքերի վրա է մեծացրել ձեզ: Նա այդ տան աղ ու հացը կերել է, երբեք չի դավաճանի իր տերերին:

Բայց խորհուրդ կտա խոնարհվել մի անհավատի առջև, — կտրեց խանը նրա խոսքը:

Ոչ, խորհուրդ կտա խոնհարվել աստուծո կամքի առջև, — պատասխանեց վեզիրը:

Խանը լռեց և մտախոհությամբ սկսեց զոռ տալ ղեյլանին, որով, կարծես, աշխատում էր արթնացնել իր թմրած ուղեղը: Բայց վեզիրը, բավական ծանոթ լինելով բռնակալների բնավորությանը, գիտեր, որ նրանք որքան խիստ են, ավելի այնքան թույլ են: Երբ բարկանում են, պետք է շողոքորթել. երբ համառում են, պետք է վախեցնել. երբ թուլանում են, պետք է անմիջապես բռնանալ նրանց մտածությունների վրա:

Մեր գլխավոր ուժերը թշնամին ոչնչացրեց, խան, մենք այժմ դեմ դնելու կարողություն չունենք:

Բայց դու մոռանում ես մի բան, վեզիր, — մեր բերդի ամրությունը: Նա այնքան անմատչելի է, որ կդիմանա, մինչև Ֆաթալի խանից մեզ օգնություն կհասնի:

Ֆաթալի խանից օգնություն մի սպասեք, խան, մեր ուղարկած թղթատարին գտել են ճանապարհի վրա սպանված:

Խանը գունաթափվեցավ:

Քեզ ո՞վ ասաց, — հարցրեց նա վրդովվելով:

Նրանք, որ դիակը տեսել էին դեպի Բարգյուշատ տանող ճանապարհի վրա, Չավնդուր գետի ափի մոտ, — պատասխանեց վեզիրը հանդարտությամբ, և ավելացրեց. — եթե մեր նամակը հասած ևս լիներ Ֆաթալի խանի ձեռքը, դարձյալ նա մեզ օգնել չէր կարող, որովհետև նա այժմ իր կաշուցն է վախենում, ամրացնում է իր բերդը Գավդադըղ ավանի մոտ: Բեկի հաջողությունները ամենի վրա սարսափ է գցել:

Խանը մի փոքր մտածելուց հետո ասաց.

Մեզ օգնության կհասնի Լեհվազի խանը` Սեֆի-Կուլին. մենք նրա մոտ ևս դեսպան ենք ուղարկել:

Սեֆի-Կուլին այժմ թողել է Լեհվազը և փախել է Ալանգազի լեռների վրա: Կալերցի Պապ զորապետը, որը Դավիթ բեկի քաջերից մեկն է, չարաչար կերպով հալածում է Սեֆի-Կուլիին:

Մեզ օգնության կհասնի աստված, հասկանո՞ւմ ես, Մուհամմեդի և Ալիի աստվածը, նա, որ մի բուռն մուսուլմաններով տարածեց իսլամի տիրապետությունը ամբողջ աշխարհի վրա:

Աստուծո օգնությանը ապավինելը մենք պարտավոր ենք, բայց պետք է մտածել, որ մեր թշնամիներն էլ աստված ունեն:

Նրանց առաջնորդում է սատանան, իսկ ճշմարիտ աստվածը երեսը դարձնում է անհավատներից:

Երբեմն սատանան ավելի գործ է կատարում, ինչպես այսօր: Մեր առաջապահ զորքերը բոլորը ջարդվեցան:

Դրանով աստված կամեցավ մի փոքրիկ խրատ տալ մեզ:

Ինչո՞ւ չեք ասում` մի մեծ խրատ:

Տհաճության մռայլը դարձյալ անցավ խանի սարսափելի դեմքի վրա, և նա զայրացած կերպով պատասխանեց.

Վեզիր, դու միշտ սովորություն ունեիր խրախուսել, սիրտ տալ ինձ, իսկ այսօր ի՞նչ է պատահել քեզ հետ. քո բոլոր խոսքերը հուսահատական են:

Այսօր ես ցանկություն չունեմ ձեզ շողոքորթելու. եթե խոսում եմ ճշմարտությունը, այդ առաջ է գալիս իմ դեպի ձեզ ունեցած հավատարմությունից:

Այդ հավատարմություն չէ, վեզիր, դու ցանկանում ես անպատվությամբ արատավորել իմ սուրը, — ասաց նա բավական զգացված կերպով: — Լսի՜ր իմ վերջին խոսքը. առանց աստուծո կամքի ոչինչ չէ կատարվում. եթե հասել է իմ իշխանության վախճանը, կլինի այն, ինչ որ վճռել է նախասահմանությունը: Իսկ եթե դեռևս ամենակալի աջը պիտի հովանավորե իմ իշխանությանը, այն ժամանակ, եթե երկնքի աստղերի թվով զորքեր ևս գալու լինեն մեզ վրա, դարձյալ մեր գլխից մի մազ անգամ չի պակսի: Մենք պիտի ընդդիմանանք մինչև վերջին շունչը, կամ կազատենք մեր բերդը, կամ նա մեր գերեզմանը կդառնա...

Վերջինը ավելի հավանական է...

Թո՜ղ այդպես լինի:

Երկուսի մեջ ևս տիրեց մի խորհրդավոր լռություն: Դա վտանգավոր հիվանդի և բժշկի մեջ տիրող լռության նմանությունն ուներ, երբ վերջինը սկսում է մտածել, թե ինչ դարման պետք էր տանել նրա ցավերին:

Դուք հայտնեցիք ձեր վերջին խոսքը, խան, — ասաց վեզիրը ծանր կերպով, — բայց խիղճս հանգստացնելու համար, թույլ տվեցեք ինձ ևս հայտնել իմ վերջին խոսքը:

Խանը ոչինչ չպատասխանեց: Վեզիրը շարունակեց.

Ամբողջ Ղափանը ապստամբված է մեր դեմ: Մենք կենում ենք շրջապատող կրակի և սրերի մեջ: Հալիձորի ծերունի Մելիք-Փարսադանը, որ երկաթի սիրտ ունի, իսկ գայլի խիղճ, իր փեսա տեր Ավետիքի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին: Ամբողջ Գենվազը ապստամբված է. եքդաստանցի Ստեփաննոս իշխանը, որ ստանայի խելք ունի և Րուստեմի քաջություն, կալերցի Պապ զորավարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին: Ամբողջ Չավնդուրը ապստամբված է. խորձորցի Թորոս իշխանը, որ փղի ուժ ունի և առյուծի սիրտ, իր ազգակից Մելիք-Նուբարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին: Ամբողջ Սիսիանը ապստամբված է. բայինդուրլեցի Բայինդուր իշխանը, — այդ սարսափելի հսկան, որ իզուր չստացավ մեր շահ Հյուսեին թագավորից «բաթման-ղլիճ» անունը, — Ուժանիս գյուղացի վիթխարի տեր Կասպարի հետ, որ կոչվում է «ավշար երեց», առաջնորդում են տեղային ապստամբներին: Դեռ չէ շարժվել միայն Բարգյուշատը, որովհետև Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլը տակավին պահպանում է իր բարեկամությունը Ֆաթալի խանի հետ, և դեռ չէ անցել ապստամբների կողմը:

Ես չեմ կամենում երկար խոսել մասնավոր խումբերի մասին, որոնք զանազան կողմերում, այս և այն զորավարի առաջնորդությամբ ասպատակում են երկիրը: Օրինակ, Բաղաբերդի Ադամ զորավարը սարսափի մեջ է գցել իր բերդից սկսած մինչև Սևանա լիճը: Գյուլ-բերդի Ղազար զորավարի արշավանքները տարածվում են մինչև Կուր և Երասխ գետերի խառնվելու տեղը: Շիրվանաձորի Սարգիս զորավարը տակնուվրա է անում ամբողջ Աղաջրանի վիճակը: Ջուղայեցի Մաղա-մելիքի երկու որդիները` Աշոտ և Սմբատ, բոլորովին կտրել են Պարսկաստանից դեպի Նախիջևան և Երևան տանող ճանապարհը, ասպատակում են Երնջակի կողմերի թյուրքաց գյուղերը: Մեղրեցի մելիք Կոնստանդինը մինչև անգամ համարձակվում է անցնել Երասխը և ավերել Քյուրդաշտի ամրությունները: Տաթևացի Կիջի յուզբաշին` Այտի, Եսայի, տիրացու Սիմեոն տանուտերների հետ` ամայի են դարձնում Մուղավուզը և վերին Սիսիանը: Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները հանգստություն չեն տալիս Զանգեզուրի ամբողջ վիճակին:

Հիմա կասեմ, թե ի՞նչ են անում այդ բարբարոսները, — առաջ տարավ ծերունի վեզիրը. — կոտորում են անողորմ կերպով, առանց խտրություն դնելու սեռի և հասակի: Կնիկների փորերը պատռում են, և տղաներին դուրս հանելով, ցցում են իրանց նիզակների ծայրին: Ծերունու ալիքը ներկում են իրա արյունով: Գենվազի գավառում ոչնչացրել են` Վահրավարա, Բաղաքար, Գոմերանց, Թոս, Թաղաբեր, Աքիս (Ապկես), Ջվար, Լիճք թյուրքաբնակ գյուղերը: Լեհվազի ձորի բոլոր թյուրք բնակիչները ոչնչացրած են. մի փոքրիկ մասը միայն փախել է դեպի Օրդվար: Ղափանի գավառում բնաջինջ են արել Կաց և Քիո գյուղերը: Բարգյուշատի գավառում բնաջինջ են արել Չափնիսը: Սիսիանի կողմերում բնաջինջ են արել Քուրթլար ավանը և Աջբեջը: Իսկ այդ բոլորը դեռ գործի սկիզբն է:

Ամեն տեղ, ինչ որ գտնում են, հափշտկում են: Չավնդուրի Խուստուփ կոչված լեռների վրայից Թորոս իշխանը թալանել է տվել Ֆաթալի խանի 2000 ոչխարները, սպանել են նրա 12 հովիվներին: Մխիթար սպարապետը և տեր Ավետիքը, Ղազան-Գոլլու կոչված լեռների վրա, կոտորել են թուրքմենների մի քանի խաշնարած ցեղեր, թալանել են նրանցից 6300 ոչխար և 430 այլ անասուններ: Կազբելլու լեռների վրա նրանք զարկեցին թուրքմենների մի այլ ցեղ և թալանեցին 900 անասուններ: Ալանգազի լեռների վրայից թալանել են Կաց ավանի Միրզա-Սայիլ իշխանի գեղեցիկ նժույգների երամակը:

Բացի խոշոր, պատերազմող գունդերից, Բեկի մանր, ավազակային խումբերը, ցրված զանազան տեղերում, սարսափելի հափշտակություններ են գործում: Կղճավանի անտառներում բույն է դրել վաղարշապատեցի Հարություն տանուտերը իր խումբով: Որոտնա անտառներում բույն են դրել գանձակեցի Եղիազար աղան և Թաթեոս բեկը իրանց խումբերով: Երասխ գետի ափերի վրա և Ջաբրայիլի անապատներում թափառում են Զաքարիա իշխանը և պատանի Մոսին իրանց խումբերով: Ջարբայիլի կամրջով այժմ անկարելի է անցկենալ: Մեծ Գիորգին և փոքր Գիորգին գազանների նման դարան են մտած Զանգեզուրի այրերում: Մի քանի օր առաջ նրանք, Կորիսից դեպի Նախիջևան տանող ճանապարհի վրա, կողոպտեցին մեր ուխտավորների քարավանը, որ բաղկացած էր ավելի քան 200 հոգուց: Լոռեցի Ավթանդիլ գնդապետի մարդիկը և երևանցի կաղ Օհանեսի մարդիկը այժմ թողել են Նախիջևանի, Դարալագյազի և Սևանա լճի կողմերը, անցել են Մուղանջիկի խիտ անտառները: Օքուզարաթի ճանապարհը բոլորովին փակված է:

Այդ կատաղի ապստամբությունների, այդ գազանային շարժումների գլխավորն է մի մարդ, որին ես այլ անուն տալ չեմ կարող, բայց միայն կոչել անգութ հրեշ, որի մոտ տարտարոսի բոլոր ճիվաղներին կարելի է գառնուկներ համարել: — Ես Դավիթ բեկի մասին եմ խոսում, իսկ նրա գործակիցը, Տաթևի Ներսես եպիսկոպոսը, Օմարի և Յազիդի նման արյունարբու է, իսկ Հաբուն-ալ-Ռաշիդի նման անողոքելի: Դա իր մոլեռանդ հայրենասիրությամբ կամենում է սրով և արյունով մաքրել այն երկիրը, որ մի ժամանակ, իր կարծիքով, պատկանելիս է եղել իր ազգի նախնիքներին և ոչ մեզ: Ուրեմն մեր դեմ են երկու սարսափելի ուժեր` ժողովրդի և կրոնի ներկայացուցիչները: Այդ ուժերի դեմ պատերազմել շատ դժվարին է, երբ ամբոխը կուրորեն հպատակում է նրանց ձայնին: Չխոստովանել թշնամու առավելությունը, այդ կնշանակե խաբել իրան, և խաբելով կորստյան մատնել: Թշնամին անհամեմատ զորավոր է մեզանից: Մեր զորքերը նրանց առջևից այնպես էին փախչում, որպես աշնան ցամաք տերևները կատաղի մրրիկի առջևից: Այդ թնդանոթները, որ արձակում են մեզ վրա, մեզանից են խլել. մեր զենքը գործ են դնում մեր դեմ: — Իսկ այդ աներկյուղ, անձնանվեր և ճարպիկ զինվորներին կառավարում է, որպես ընդհանուր հրամանատար, մի հմուտ, փորձառու և հաստատամիտ մարդ, որպիսին է Մխիթար սպարապետը:

Ես առանց կեղծելու, առանց չափազանցության հաղորդեցի ձեզ այն բոլոր տեղեկությունները, ինչ որ մեծ աշխատությամբ ձեռք էի բերել թշնամու գործողությունների վերաբերությամբ: Այժմ մնում է ինձ բացատրել մեր պաշարած բերդի դրությունը: Ձեզ հայտնի է, որ երեք ճանապարհով միայն կարելի է մոտենալ մեր բերդին. առաջինը Գեղվա գետի ձորամիջով, իսկ երկրորդը և երրորդը` Հալիձորի գետի ստորին և վերին կողմերից: — Այդ երեք ճանապարհները բռնված են թշնամու զորքերով: Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը բռնել են Գենվա գետի անցքը: Մխիթար սպարապետը բռնել է Հալիձորի գետի վերին անցքը: Իսկ Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել են Հալիձորի գետի ներքին անցքը: Մենք գտնվում ենք քարե արկղի մեջ. ոչ մի կողմից փախուստի ճանապարհ չունենք:

Վեզիրը վերջացրեց իր զեկուցումները: Խանը կամ բոլորովին չէր լսում, կամ եթե լսում էր` դժվարանում էր հավատալ իր ականջներին: Նա երևակայել չէր կարող, որ հայը, իր կարծիքով, ստոր, անարգ և երկչոտ հայը, կարող էր այն հրաշքները գործել, ինչ որ պատմում էր «ցնդած» վեզիրը: Վեզիրի խոսքերը փոխանակ մեղմացնելու, ավելի խստացրին նրա համառությունը: Նա ասաց.

Հաջորդ էջ