Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Փարիշանը գողացել է այդ բանալիները ամրոցի «ղափուչի-բաշիից» (դռնապանների գլխավորից), — ասաց Սառան, երկար մտածելուց հետո:

Ինչպե՞ս:

Հենց այդ ինչպեսի մեջն է բոլոր գաղտնիքը, լսի՜ր. — դռնապանների գլխավորը մի ծերունի է, այն ծերունիներից մեկը, որ մազերը սպիտակելուց և ատամները թափվելուց հետո նորից սկսում է սիրել: Նա մի առանձին ախտ ունի սիրահարվել միայն կանանոցի աղախինների վրա, որոնք անդադար նրա աչքերի առջևից անցուդարձ են անում, երբ նա ամեն առավոտ դռները բաց անելով, փառավորապես նստում է ամրոցի մեծ դռան մոտ: Դա իր մտքում սիրում էր Փարիշանին, որը, կարելի է ասել, աղախինների մեջ ամենագեղեցիկն է: Շատ անգամ գնում էր իր երևակայական սիրուհու համար թանկագին ընծաներ, քաղրավենիք և ուրիշ այդպիսի բաներ: Փարիշանը ուրախությամբ ընդունում էր ընծաները, վայելում էր և քթի տակից ծիծաղում էր ծերունու հիմարությունների վրա:

Երբ ես Փարիշանին առաջարկեցի, թե պետք է ձեռք բերել զենքերի պահեստի բանալիները, նա մի րոպե մտածեց ու ինձ ասաց. «Այդ հեշտ է. ես հենց այս գիշեր ձեռք կբերեմ բանալիները...»:

Փարիշանը, որ միշտ աշխատում էր խույս տալ իր անտանելի սիրողից, այս գիշեր, ընդհակառակն, միջոց է որոնում հանդիպել նրան: — «Այս ի՞նչ է պատահել քեզ հետ, Ասկար «ամի» (կանանոցի բոլոր աղախինները նրան «ամի»††††††††††††††††††††††† են կոչում) — ասում է նրան: — Վաղուց է ինձ համար ոչինչ չես գնել□:

Այդ խոսքերը գժվացնում են «ամիին». առաջին անգամ նա Փարիշանի կողմից գտնում է մի այդպիսի մտերմություն:

Ասկար ամիի հոգին քեզ մատաղ լինի, — պատասխանում է ծերունին, դու միայն Ասկար ամիի հետ այդպես քաղցր խոսիր, նա իր բոլոր ունեցածն ու չունեցածը քեզ կընծայե:

Ես քեզ հետ քաղցր կխոսեմ, Ասկար ամի, էլ քեզ ուշունցներ չեմ տա, — ասում է Փարիշանը ավելի հրապուրիչ կերպով ու մոտենում է, ձեռքը քսում է նրա ուսին:

Փարիշանը սովորություն ուներ Ասկար ամիի սիրո ցույցերին միշտ հայհոյանքով պատասխանել և երբեմն գլխին խփել: Ասկար ամին մի առանձին բախտավորություն էր համարում, երբ սիրած կնոջ գեղեցիկ ձեռքը դիպչում էր իր գլխին: Բայց Փարիշանի այս անգամի անակնկալ քնքշությունը նրան միանգամայն սքանչացնում է, և նա վստահում է Փարիշանին հրավիրել իր սենյակը, ասելով.

Գնանք, հոգիս, գնանք ինձ մոտ, ինչ որ ուզում ես, Ասկար Ամին կտա քեզ:

Փարիշանը հաճությամբ հետևում է ծերունուն, մտնում է նրա սենյակը: Ասկար ամիի պահանջը խիստ համեստ է լինում. նա խնդրում է, որ Փարիշանը հետ քաշե երեսի քողը և մի կողմ գցե իր չադրան, որ ինքը կարողանա կուշտ կերպով նայել նրա մարմնի սիրուն կազմվածքի վրա: Պետք է գիտենալ, որ պարսիկ կնիկները իրանց չադրան վեր առնելուց հետո, ներկայանում են համարյա կիսամերկ դրության մեջ: Ներքին հագուստները խիստ կարճ են. կուրծքը, ուսերը, սրունքները, բազուկները մնում են բոլորովին բաց:

Նայիր, — ասում է Փարիշանը, մի կողմ գցելով թե չադրան և թե երեսի քողը. — որքան կամենում ես նայիր:

Ծերունին, բոլորովին հիացած իր տեսածից, ավելի հեռուն է գնում, կամենում է գրկել, համբուրել նրան:

Այդ անկարելի է, Ասկար ամի, — ասում է Փարիշանը. — այդ թող չեմ տա: Այն էլ բավական էր, որքան նայեցիր իմ վրա:

Փարիշանը ձեռքով հրում է, մի կողմ է ձգում ծերունուն, իսկ ինքը սկսում է աչք ածել սենյակի շուրջը, ձևացնելով, թե շատ հետաքրքրվում է այնտեղ գտնված առարկաներով: Ծերունին չէ զրկում նրան այդ զվարճությունից: Սենյակի մի ճակատի վրա, որի մոտ նրա անկողինն էր դրած, պատի մեջ ցցած մեխերից քարշ էին ընկած դռնապանների գլխավորի բազմաթիվ բանալիները: Այդ բանալիները նա գիշերը քարշ էր տալիս մեխերից, իսկ ցերեկը քարշ էր տալիս իր գոտիից, հպարտությամբ ման էր գալիս ամրոցում, իր նշանավոր պաշտոնը ցույց տալու համար: Փարիշանի աչքերը կանգնում են պատից քարշ ընկած բանալիների վրա:

Այդ ո՜րքան բանալիներ ունես, Ասկար ամի, — ասում է նրան, կրկին մի քաղցր ժպիտ գործելով իր սիրուն դեմքի վրա:

Ապա, ի՞նչ ես կարծում, այդ ամբողջ ամրոցը իմ ձեռքումն է, — պատասխանում է Ասկար ամին պարծենալով: — Կամենամ կփակեմ, կամենամ կբաց անեմ:

Թույլ տուր տեսնեմ, Ասկար ամի, ես կարո՞ղ եմ գիտենալ, թե ո՜ր բանալին որ դռանն է պատկանում, — ասում է Փարիշանը:

Չես կարող, — պատասխանում է Ասկար ամին:

Կարող եմ, ասում է Փարիշանը. — ե՜կ գրազ գանք:

Ինչո՞վ, — հարցնում է Ասկար ամին:

Ինչով որ դու կամենաս, — պատասխանում է Փարիշանը:

Եթե դու իմացար, — ասում է Ասկար ամին, — թե ո՜ր բանալին ո՜ր դռանն է պատկանում, ես կտամ քեզ տասը հատ ոսկի. իսկ եթե չիմացար, դու պիտի տաս ինձ մի զույգ համբույր:

Շատ լավ, — համաձայնվում է Փարիշանը և սկսում է մատը մի առ մի դնել բանալիների վրա, ասելով. — ահա այդ մեծ դռան բանալին է, այդ փոքր դռան բանալին է, այդ միջին դռան բանալին է, այդ դրսի դռան բանալին է, և մյուսներն էլ այդ կարգով:

Ես տարա, ես տարա, — բացականչում է Ասկար ամին, ուրախությունից վեր-վեր թռչելով: — Ոչ մեկը չկարողացար գիտենալ:

Ինչպե՞ս չկարողացա, — պատասխանումէ Փարիշանը չկոտրվելով. — ապա դու իմ սխալները ցույց տուր, տեսնեմ:

Այս րոպեիս ցույց կտամ, — ասում է Ասկար ամին և սկսում է մի առ մի ցույց տալ, թե որ բանալին որ դռանն է պատկանում, մինչև հասնում է երկու բանալիի: — Դրանցից մեկը, ասում է, զենքերի պահեստի բանալին է, իսկ մյուսը` նրա բակի դռան բանալին է:

Փարիշանը մտքումը նշանակում է այդ երկու բանալիները, իսկ ծերունին շարունակում է մնացածները ցույց տալ:

Հիմա տեսա՞ր, որ տարված ես, — ասում է ծերունին դառնալով դեպի Փարիշանը. — հիմա տուր տարած գրազս:

Ինչ տամ, իհարկե, դու կարող ես գիտենալ, իսկ ես չեմ կարող, — ասում է Փարիշանը, նրան ավելի գրգռելով: — Քո բանալիներն են, քո ձեռքումն են մաշվել, ես ո՞րտեղից պիտի գիտենամ:

Դե, լավ է, անաստված, մի տանջիր ինձ, — ասում է Ասկար ամին աղաչելով. — «խո տարել եմ, էլ ի՞նչ խոսք ունես: Թե ուզում ես, այն տասը ոսկին էլ կտամ, որ խոստացա:

Լավ, տուր, — ասում է Փարիշանը, ոչ թե ոսկիները ստանալու ցանկությունով, այլ որ մի առիթ գտնե նրան սենյակից հեռացնելու, որովհետև գիտեր, որ ոսկիները իր սանդուխանայում‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ պահած ունի:

Ծերունու ընդունարանից մի այլ դուռ բացվում էր դեպի փոքրիկ սանդուխանան. նա մտնում է այնտեղ ոսկիները բերելու համար: Փարիշանը այդ միջոցին, օգուտ քաղելով նրա բացակայությունից, վեր է առնում նշանակած բնալիները և թաքցնում է իր գրպանում: Երբ հայտնվում է ծերունին, ոսկիները բռնած ձեռքում, Փարիշանը ասում է նրան.

Չէ, Ասկար ամի, ես հոգի ունեմ աստծուն տալու, դու տարել ես, ես ջղալություն§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§ չեմ անի. քեզ համար պահիր ոսկիներդ, ես կտամ, ինչ որ խոստացել եմ: Եվ մանկահասակ կինը իր գեղեցիկ երեսը դեմ է անում ծերունու ցամաքած շրթունքին:

Ասկար ամին ուրախացած այդ անսպառ երջանկությունով, ամենևին չէ նկատում իր սենյակում կատարված գողությունը: Փարիշանը առանց երկար ժամանակ կորցնելու հեռանում է, խոստանալով շուտ-շուտ այցելել նրան...

Երիտասարդ աբեղան, որ ուշադրությամբ լսում էր Սառայի պատմությունը, մի առանձին ոգևորությամբ բացականչեց.

Սքանչելի՛ սեր, դարձյալ դու ես դեր խաղում կնոջ, քո ընդունակ ավանդապահի ձեռքով...

Ապա, այդպես է սերը, — ասաց Սառան փաթաթվելով նրա պարանոցին:

Բոլորը հասկացա, — ասաց աբեղան. — այժմ կարող ենք գնալ:

Նրանք հանգցրին ներքնատան մեջ վառվող ճրագը, և բակի դռները փակելով, հեռացան: Խավար, ոլոր-մոլոր փողոցներում դեռ ամբոխի հուզմունքը դադարած չէր: Ամբողջ բերդը գտնվում էր սոսկալի մոլեգնության մեջ: Տիկինը իր երիտասարդ ուղեկցի հետ խառնվեցան խռովված բազմության մեջ:

ԺԹ

Չնայելով Զեվու բերդի երեք անցքերը փակված էին հայոց զորքերով, բայց այդ անցքերից մուտք գործելը սարսափելի դժվարություններ ուներ: Բավական էր, որ թյուրքերը կանգնեցնեին յուրաքանչյուր անցքի վրա հիսուն հրացանավորներ, այնուհետև ոչ մի հայ զինվոր չէր կարող մուտք գործել բերդի մեջ: Այդ հասկանում էր բերդակալ խանը, և այդ էր նրա համառության գխավոր պատճառը: Նա աներևակայելի էր համարում, որ թշնամին կարողանար գրավել իր անմատչելի ամրությունները: Այդ հասկանում էր և Բեկը, չէր ցանկանում իր կողմից մեծ կորուստով ձեռք բերել նրա ամրությունները: Նա աշխատում էր իր զինվորների արյունը փոխարինել պատերազմական խորամանկություններով: Իսկ այդ խորամանկությունները արդեն գործ դրված էին: Բայց ոչ խանը և ոչ նրա ավագանին չգիտեր, որ թշնամին արդեն բերդի միջումն է, գործում է, որոգայթներ է լարում հենց նրանց քնթի տակին...

Բռնակալը կարող է երկնել միայն հրեշավոր մտքեր. ռազմագիտական նուրբ կանխատեսությունները նրան ծանոթ չեն: Գլխատելով իր հայ բնակիչներին, և նրանց կառափները նետելով դեպի թշնամու բանակը, — դրանով խանը մտածում էր սարսափ ձգել Բեկի վրա և նրան հեռացնել իր բերդի մոտից: Խանի հրամանը արդեն հայտնի էր թե բերդի թյուրք բնակիչներին, և թե նրա զինվորներին: Վաղորդյան նամազը կատարելուց հետո պիտի սկսվեր կոտորածը: Հայերի տները, կայքը, կանայքը, զավակները արդեն հարևանացիորեն բաժանված էին իրանց դրացի մահմեդականների մեջ: Եվ այդ կարգադրությունները հայտնի էին իրանց` հայերին:

Այդ կարգադրությունների վրա ծիծաղում էր մի սարսափելի մարդ, ծիծաղում էր հսկայի և սատանայի ծիծաղով: Նա գտնվում էր նույն ժամում յուզբաշի Սարգսի տան սենյակներից մեկի մեջ, որը առանձնացած, բաժանված էր կանանց բնակարանից:

Յուզբաշի Սարգիսը մի սպիտակամորուք ծերունի էր, խելացի, փորձված և բարեսիրտ: Նա ծանոթ էր խանին որպես հայերի ներկայացուցիչը, որպես նրանց տանուտերը: Երբեք նրա տանից պակաս չէր լինում աստուծո հյուրը, իսկ այս գիշեր ընդունել էր իր մոտ այն «սարսափելի մարդուն», որ վերևում հիշեցինք: — Դա տեր Ավետիքն էր, Բեկի անգութ զորապետներից մեկը: Նրա շուրջը շարված էին մի քանի հոգի բերդի հայ բնակիչների երևելիներից, ուշադրությամբ լսում էին նրա խոսքերը:

Տանուտերը, որպեսզի մահմեդականների կասկածը չհարուցանե իր տան մեջ հավաքված ժողովի վրա, առաջուց լուր էր տարածել, թե դիտավորություն ունի հայերից մի մեծ գումար հավաքել, ներկայացնել խանին, և դրանով նրա բարկությունը ամոքել, և նրա հպատակ, հավատարիմ հայերի կյանքը ազատել կոտորածից: Այդ լուրը հասել էր խանի ականջին: Նա իր մեջ նույնպես ծիծաղում էր հայերի միամտության վրա, սպասում էր ստանալ գումարը, հետո հրամայել, որ նրանց գլխատեն:

Բայց յուզբաշի Սարգսի տան խորհուրդը, փոխանակ «փեշքեշի» վրա մտածելու, զբաղված էր այլ պատրաստություններով:

Տեր Ավետիքը, որ Բեկի կամավորների թվում մտնելուց հետո զինվորականի հագուստ էր կրում, և որը այդ բերդում մտավ սափրիչի կերպարանքով, այժմ հագած ուներ քահանայի նվիրական զգեստը: Երևի, ռամկի վրա ավելի ազդեցություն գործելու համար, պետք էր այդ հագուստով ներկայանալ նրան: Նա դարձավ դեպի իր շուրջը նստողները, ասելով.

Ձեզ պետք է կոտորեն, անպատճառ պետք է կոտորեն, այդ դուք ինքներդ գիտեք: Ուրեմն ձեզ համար միևնույն է, թե ինչ մահով կմեռնեք: Ավելի լավ չէ՞, որ սուրը ձեռքում պաշտպանեք ձեր անձը, ձեր կնիկները, ձեր զավակները ու տղամարդի պես մեռնեք: Բայց եթե լսեք ինձ, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ կենդանի կմնաք: Դուք կազատեք ձեր անձը ու բոլոր նրանց, որոնք սիրելի են ձեզ համար: Ձեզ հարկավոր է մի քանի ժամ կռվել միայն, և շուտով կտեսնեք, Բեկի զորքերը ձեզ օգնության հասած: Այնուհետև այն, որ մահմեդականները վճռել են գործ դնել ձեզ վրա, մենք գործ կդնենք նրանց վրա...

Մենք պատրաստ ենք, — ասաց նրանցից մեկը, — բայց դժվարությունը նրանումն է, որ զենքեր չունենք, մեր զենքերը խլեց խանը:

Դուք ուժեղ ձեռքեր ունեք և այդ բավական է, իսկ զենքեր հետո կտանք ձեզ, — ասաց քահանան: — Հարկավոր է սկզբում զինավորվել այն գործիքներով, ինչ որ կգտնվի ձեր տներում. թող լինի դա կացին, ուրագ, մանգաղ, բահ, շամփուր, մահակ, վերջապես հասարակ փայտի կտոր, միևնույն է: Այդ զենքերը ձեզ պետք են միայն փողոցներում պաշտպանվելու համար, իսկ երբ կհասնենք ամրոցին, այնտեղ կփոխեք ձեր ունեցածը իսկական զենքերով:

Ինչպե՞ս, — հարցրին նրանից:

Ես հարկավոր չեմ համարում ձեզ բացատրել, թե ի՜նչպես կարող է հաջողվել այդ, բայց իբրև քահանա, իբրև աստուծո տաճարի պաշտոնյա, հավատացնում եմ ձեզ, որ ինքը մեր տեր Հիսուս Քրիստոսը կօգնե մեզ և թույլ չի տա, որ իր գառները մորթվեն մահմեդականների ձեռքով: Ձեզ հարկավոր է միայն այնքան քաջություն ունենալ, և հասնել մինչև խանի ամրոցը:

Բոլոր դժվարությունները մինչև այնտեղ ողջությամբ հասնելն է, — ասաց նստողներից մեկը:

Ոչինչ դժվարություն չկա: Ձեզ հայտնի է, որ մենք այդ մասին բոլոր կարգադրությունները արել ենք: Ես ինքս իմ քաջ ընկերներիս հետ կառաջնորդենք ձեզ: Դուք միայն այն ասեցեք, թե քանի՞ հոգի կարող եք պատրաստել:

Ավելի քան հարյուր հոգի:

Այդ բավական է: Ուրեմն պետք չէ ժամանակ կորցնել. շուտով գնացեք, թող ձեզանից ամեն մեկը պատրաստե իր մարդիկը:

Ծերունի Սարգիս յուզբաշին մինչև այժմ լուռ էր. երբ նկատեց, որ քահանայի խոսքերը բավական ազդեցություն գործեցին, ինքը նույնպես ավելացրեց.

Այդ մարդիկը, տեր հայր, անձնվեր մարդիկ են, ես դրանց ճանաչում եմ, և՜ քաջ մարդիկ են: Ինքս շատ անգամ ականատես եմ եղել դրանց քաջություններին: Մինչև այսօր հայի ձեռքը կապված էր, այժմ, փառք աստուծո, կապանքը քանդվեցավ: Պետք է մենք էլ ցույց տանք, որ մարդիկ ենք, անասուններ չենք, որ ամեն կերպ գործածեն մեզ: — Վեր կացեք, զավակներս, դարձավ նա դեպի նստողները, — գնացեք, ինչպես տեր հայրը ասում է, պատրատվեցեք: Մեր փրկությունը մեր քաջության մեջն է: Աստված էլ չէ օգնում մարդուն, երբ նա ինքն իրան չէ աշխատում օգնել: Գիտե՞ք այն առածը, թե կանգնած եզը ի՞նչ օյին է հանում քնած եզան գլխին...

Բոլորը կանգնեցան ոտքի վրա:

Ծերունին այժմ դարձավ դեպի տեր Ավետիքը.

Դրանք կգնան, կպատրաստեն իրանց մարդիկը, բայց դուք, տեր հայր, առաջուց պետք է հայտնեք դրանց, թե ո՞րտեղ պիտի հավաքվեն և ե՞րբ պետք է հարձակում գործեն:

Իհարկե, պետք է հայտնեմ, — խոսեց քահանան: — Ես իմ մարդիկների հետ կսպասեմ ձեզ ածխավաճառների հրապարակի այն անկյունում, որտեղից մի խուլ, նեղ փողոց տանում է դեպի խանի ամրոցը: Դուք ամեն կողմից փոքրի խմբիկներով, առանց աղմուկ հանելու, կհավաքվեք այնտեղ: Իսկ հարձակումը կկատարենք ուղիղ այն ժամանակ, երբ խանի ամրոցից կհայտնվեն հրդեհի բոցերը, և երբ մի ֆշանք կբարձրանա օդի մեջ: Այդ երկուսը` ֆշանքը և հրդեհի բոցերը կհայտնվեն միևնույն րոպեում: Այդ երևույթը պետք է ընտրեք ձեզ որպես առաջնորդ. չմոռանաք:

Ծերունին վեր կացավ բաց անելու սենյակի դռները, որտեղ նրանք նստած էին: Տեր Ավետիքը կրկին դարձավ դեպի իր աջակիցները այս խոսքերվ.

Ես ձեզանից, զավակներս, ոչ խոսք, ոչ երդում և ոչ մի այլ ուխտ չեմ պահանջում, որովհետև, հավատացած եմ, որ ձեր ընտանիքի և պատվի պաշտպանությունը պահանջում է կատարել այն, ինչ որ ձեզ պատվիրեցի: Հիմա գնացեք, զավակներս, տեր ընդ ձեզ: Մի՜ մոռացեք ածխավաճառների հրապարակը և մտքներումդ պահեցեք ձեզ հայտնած նշանները հրդեհը և ֆշանքը: Դարձյալ ասում եմ ձեզ` աշխատեցեք աղմուկ չբարձրացնել, աշխատեցեք, որքան կարելի է, ձեր հագուստով նմանվել թյուրքերին:

Նրանցից մեկը ասաց.

Ձեր օծյալ աջով երդվում ենք, տեր հայր, որ կկատարենք ձեր բոլոր խրատները, և քանի որ մեր բերանում շունչ կա, թույլ չենք տա, որ մեր աչքերի առջև մեր կնիկները, մեր զավակները հափշտակեն, և մեր գլուխները թնդանոթի գնդակի տեղ գործ ածեն:

Օրհնյալ լինիք, զավակներս, մեր տեր Հիսուս Քրիստոսին եմ հանձնում ձեզ. գնացեք, զավակներս. մեր սուրբ Գրիգոր լուսավորիչ պապը թող ձեզ ուժ և զորություն շնորհեսցե:

Նրանք մոտեցան մեկ-մեկ համբուրեցին քահանայի աջը և հեռացան:

Այդ միջոցին ծերունի Սարգիսն էլ վեր առեց իր մահակը, որ գավազանի տեղ էր գործ ածում, կոթնեցավ նրա վրա, դողդողալով պատրաստվում էր դուրս գալ սենյակից:

Դուք ո՞ւր եք գնում, Սարգիս-ապեր, — հարցրեց քահանան, զարմացական ժպիտով նայելով նրա վրա:

Գնում եմ, — ասաց նա մի առանձին զգացված եղանակով. — գնում եմ տեսնեմ ջահիլները ի՞նչ են շինում...

Մի այսպիսի վտանգավոր գիշերում ձեր դուրս գալը լավ չէ, Սարգիս-ապեր, — ասաց նրան քահանան:

Օրհնած, ինչո՞վ պետք է վատ լինի, այսուհետև ինչ էլ որ ապրում եմ, այդ էլ ավելորդ է. իմ ոսկորները վաղուց պետք է փտած լինեին:

Նա չսպասեց քահանայի հետևյալ խոսքերին, օրորվելով դուրս եկավ սենյակից, որ տեսնե, թե ջահիլները ինչ են շինում: Զառամյալ սրտի մեջ եռ էր գալիս երիտասարդական աշխույժը. ցանկանում էր, եթե իր բազուկներով չէ կարող օգնել գործին, գոնե իր խրախույսներով քաջալերե կռվողներին: Նա կանչել տվեց ծառային, որ առաջնորդե իրան. ծառան գիտեր նրա սովորությունները: Գիշերները ծերունու աչքերը լավ չէին տեսնում. ծառան բռնեց նրա ձեռքից, սկսեց ման ածել մթին փողոցների մեջ, անդադար զգուշացնելով. «Այստեղ մի փոս կա, այստեղ մի քար կա» և այլն:

Տեր Ավետիքը մնաց սենյակում միայնակ: Նա վեր կացավ, իր քահանայական զգեստը հանեց, մի կողմ ձգեց, ասելով. «Էլ ինձ պետք չեք», հետո սկսեց հագնել իր աշխարհականի հագուստը և կապեց զենքերը:

Այդ միշտ տխուր, միշտ տրտում մարդը ուրախանալ չգիտեր. նա առհասարակ գտնվում էր մի տեսակ մռայլ տրամադրության մեջ, կարծես թե, նրան մի բան պակաս էր, կամ մի բան կորցրել էր: Իսկ այս գիշեր նրա խիստ դեմքի վրա երևում էր մի անսովոր ուրախություն, որ շատ նման էր դևերի ուրախությանը, երբ նրանք պատրաստվում են կատարել մի սարսափելի արհավիրք, մի հրեշավոր գործ:

Նա մոտեցավ նեղ լուսամուտին, սկսեց ականջ դնել փողոցից լսվող աղաղակներին: Ամբոխի խռովությունը դեռ դադարած չէր:

Ո՞ւր մնացին այդ գառնուկները, չեն երևում, — ասաց իր մտքում փոքր-ինչ զայրացած կերպով: Նա սովորություն ուներ դեպի իրանից մանկահասակները վերաբերվել այդ խոսքերով:

Վերջապես հայտնվեցան Ստեփաննոս իշխանը և Մելիք Փարսադանի որդի Բալի զորավարը: Քահանան կարճ կերպով պատմեց նրանց, թե ինչ վախճան ունեցավ իր խորհուրդը տեղային հայոց երևելիների հետ, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

Չգիտեմ, որքան հույս կարելի է դնել դրանց վրա:

Նրանց վրա հույս կարելի է դնել, — ասաց Մելիք-Փարսադանյանը — «նեղ ընկած կատուն առյուծ է դառնում»: Անձնապաշտպանության բնազդումը կստիպե նրանց կատարել իրանց խոստմունքը:

Կտեսնենք, — ասաց քահանան փոքր-ինչ երկբայական եղանակով: — Դուք ինձ այն ասեցեք, ականը պատրա՞ստ է:

Բոլորովին, — պատասխանեց Շահումյանը: — Ուղիղ բացվում է դեպի Բայինդուր իշխանի և Մելիք-Փարսադանի բանակը:

Եվ նրա գոյության մասին ոչ ոք տեղեկություն չունի՞:

Ոչ ոք, բացի աստծուց:

Իսկ Խորեն հայր սուրբը գնացե՞լ է:

Գնացել է իր սիրելի Սառայի հետ:

Սառան մեր ամենի սերին արժանի է, — պատասխանեց քահանան կշտամբելով Մելիք-Փարսադանյանի հեգնությունը. — Սառան ավելի գոծեց, քան թե մենք ամենքս:

Իսկ Փարիշա՞նը:

Փարիշանը նույնպես, — պատասխանեց քահանան մի առանձին ակնածությամբ: — Եթե ես նրան տեսնեի, փոխանակ թույլ տալու, որ նա իմ աջը համբուրե, ես առաջինը կլինեի, որ նրա ձեռքը կհամբուրեի: Ամեն մի կին պաշտելի է դառնում, երբ բացի կին լինելուց, մարդ է դառնում, այսինքն կատարում է մարդկության համար մի լավ բան: Այն բոլոր կանայքը, որոնց այսօր տոնում է մեր եկեղեցին, կանացիության նեղ սահմանից դուրս եկած, ընդհանուր մարդկային բարության համար գործողներն են եղել: Մեզ համար միևնույն է, թե ի՜նչ տեսակ անցյալ են ունեցել Սառան կամ Փարիշանը: Թող նրանց անցյալը մռայլոտ լինի, բայց բարի գործը մինչ այն աստիճան պայծառացնում է նրանց ներկան, որ հին մռայլը կորչում է, անհետանում է նոր լուսավորության մեջ: Մեր տեր Հիսուս Քրիստոսը Մարիամ Մագթաղինացիների ձեռքով ավելի շատ գործեց, քան թե Պողոսի և Պետրոսի ձեռքով: Աստված հին մեղքը չէ հիշում, երբ մարդ ներկայանում է նրան որևէ առաքինությամբ:

Քահանայի խոսքերը բավական ամաչեցրին Մելիք-Փարսադանյանին, որ նա այնպես անպատկառ կերպով վերաբերվեցավ դեպի Սառան և դեպի Փարիշանը: Տեր Ավետիքը նույնքան խիստ էր իր քարոզների մեջ, որքան խիստ էր կռվի դաշտում: Երիտասարդ Բալին ոչ մի խոսք չգտավ նրան պատասխանելու և լուռ կացավ: Իսկ իշխան Շահումյանը հայտնեց, որ ժամանակ է գնալու:

Երեքը միասին դուրս եկան յուզբաշի Սարգսի տանից: Փողոցների խառնաշփոթ աղմուկը փոքր-ինչ դադարած էր: Խիստ հազիվ պատահում էին զայրացած խմբեր, որոնք աղաղակներ բարձրացնելով անցնում էին: Բայց պետք չէ մտածել, որ մահմեդական ամբոխը այդ ժամանակ քնած էր: Բերդի մեծ մեչիտը լիքն էր աղոթող բազմությունով: Ամենքը արտասուքը աչքերում աստծուց օգնություն էին խնդրում: Մոլլաների գլխավորը, խանից առանձին հրահանգներ ստանալով, կանգնած էր ամբիոնի վրա, քարոզում էր, հորդորում էր, գրգռում էր բազմության կատաղի բարկությունը «անհավատների» դեմ: Այս գիշեր նա ներկայացել էր ժողովրդին բոլորովին այլ կերպարանքով. գլխի սպիտակ չալմայի փոխարեն կրում էր երկաթե սաղավարտ, քարոզչի գավազանի փոխարեն կրում էր երկայն նիզակ, իսկ կրոնավորի բարեպաշտական զգեստի փոխարեն հագած ուներ զրահ: Նա ասում էր, որ դատաստանի օրում բոլորը սև երեսներով կհայտնվեն Մուհամմեդի ատյանում, եթե թույլ կտան գավուրներին ոտք կոխել այն երկրի վրա, որ պատկանում է իսլամի հավատացյալներին: Իսկ ով որ կկռվի, արյուն կթափի, և մեր սահմաններից կհալածե գավուրներին, նա դատաստանի օրում կներկայանա Մուհամմեդի ատյանում պարզ և պայծառ երեսով: Նրա ճակատի վրա կփայլի նրա քաջության աստղը: Եվ մարգարեների մեծը այդ նշանով կճանաչե իր քաջերին և կվարձատրե աստուծո դրախտի ամենագեղեցիկ փառքերով:

Մեր երեք հերոսները, անցնելով մեչիտի դռնից, լսեցին այդ խոսքերը: Տեր Ավետիքը ծիծաղելով ասաց.

Լա՜վ երազ է, եթե ի բարին կատարի...

Ի

Միևնույն գիշերում, երբ Զեվու բերդը պաշարված էր, երբ մոլլաների գլխավորը մեչիտի ամբիոնիեց բորբոքում էր մահմեդականների կատաղի վրեժխնդրությունը քրիստոնյաների դեմ, երբ Դավիթ բեկի մարդիկը բերդի մեջ զանազան գաղտնի որոգայթներ էին լարում, երբ խանը վեզիրի հետ ունեցած աղետավոր խորհրդից հետո, դիվանատան փառավոր դահլիճում նստած, տալիս էր իր ավագանիին իր սարսափելի հրամանը, — միևնույն գիշերում, երբ կանանոցի բոլոր սենյակների ճրագները հանգած էին, մի սենյակում, միայն լույս էր երևում: Դա մեզ ծանոթ Փարիշանի տիկնոջ` Զուբեյիդա խանումի սենյակն էր:

Այդ սենյակը, որ մի քանի ժամի առաջ կատարյալ անկարգության մեջ էր գտնվում, այժմ ներկայացնում էր կարգ, շքեղություն և նրբության հասցրած վայելչություն: Վարդագույն թավշով պատած, ոսկեթել փունջերով զարդարած մութաքաները իրանց պատշաճավոր տեղումն էին: Նախշուն գորգերի երեսի վրա սփռված էին ավելի փափուկ օթոցներ քիշմիրի ամենաթանկագին շալերից: Մի կողմում պատրաստած էր գեղեցիկ անկողին, որ բուրում էր ամենաքնքուշ անուշահոտություններով:

Արծաթյա մատուցարանների վրա դրած էին չինեական հիանալի շիշեր, լցրած զանազան տեսակ շերբեթներով, իսկ նրանց մոտ շարված էին նույնպես արծաթյա մեծ-մեծ գավաթներ, նկարված գեղեցիկ քանդակներով: Մի կողմում դրած էր թանկագին ղեյլանը, որի գլուխը զարդարած էր ֆերուզայի քարերով: Բուխարու մեջ, մեղմությամբ վառվող կրակի վրա, եփ էր գալիս անուշահոտ սուրճը:

Դեպի որ կողմ և նայում էիր, աչքի էր զարկում շքեղություն, փափկություն, զարդարանք, մինը մյուսից ավելի գեղեցիկ: Իսկ այդ բոլոր վայելչությունների մեջ միայն սենյակի թագուհին ներկայացնում էր մի տխուր, գունաթափ հակապատկեր: Նա նստած էր մութաքայի վրա, մեծ հայելու առջև, որ դրած էր ոսկյա շրջանակի մեջ: Աղախինը խնամքով սանդրում էր նրա սև գիսակները և զանազան ձևերով գանգուրներ էր տալիս:

Ես իսկույն կպատրաստեմ ձեզ, նազելի տիկին, — ասում էր աղախինը, շարունակելով իր գործը: Մի՜ վախեցեք, աշխատեցեք, որքան կարելի է, ձեր սիրտը ուրախ պահել. դա ավելի մեծ փայլ կտա ձեր գեղեցկությանը: Ձեր դեմքը չափազանց գունաթափ է: Դուք գիտեք, որ խանը չէ սիրում գունաթափ դեմքը: Վնաս չունի, ես դրա ճարը կանեմ. հարկավոր է միայն ձեր թշերը փոքր-ինչ շփել քասնիի արաղով, իսկույն վարդի գույն կստանան:

Քասնիի արաղը լավ չէ, սաստիկ այրում է, — ասաց տիկինը հառաչելով:

Այրում է, ուղիղ է, բայց կարմիր գույն է տալիս:

Զզվելի բան է, — կրկնեց տիկինը. — սաստիկ հոտում է:

Այդ ոչինչ. ես հետո կօծեմ ձեր թշերը վարդի յուղով և արաղի հոտը կկտրվի:

Տիկինը այլևս չհակառակեց: Աղախինը նստած էր նրա ետևի կողմում, սանդրում էր մազերը: Նա շուտ-շուտ նայում էր հայելու մեջ` տեսնելու տիկնոջ դեմքի արտահայտությունը:

Ուրախ, որքան կարելի է, ուրախ ձևացրեք ձեզ, — ասում էր նա, թեքվելով դեպի հայելին: — Ապա մի ժպտացեք, տեսնեմ:

Տիկինը ջանք արաց ժպտալու:

Այդ ի՞նչ տեսակ ժպիտ է, — նկատեց աղախինը, ցույց տալով իր հմտությունը: — Դուք երբ որ ժպտում էիք, ձեր ամբողջ դեմքը, կարծես, խոսում էր մի տեսակ հրեշտակային անուշ բարբառով, որ բովանդակում էր իր մեջ երկնային մուզիկայի ամենաքաղցր հնչյունները: Ձեր թշերի վրա հայտնվում էին երկու գեղեցիկ փոսիկներ: Այդ փոսիկները տեսնելով, խանը միշտ հիշում էր բանաստեղծի երգը, որ իր սիրուհու թշերի փոսիկները նմանեցնում է Մուհամմեդի դրախտի մեջ գտնված երկու ավազաններին, որոնք բովանդակում են իրանց մեջ անմահության ջուրը:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Ցավալի դառնությամբ լցված էր նրա սիրտը: Նրա դեմքը ժպտալ չէր կարող: Աղախինը շարունակեց.

Իսկ ձեր գեղեցիկ աչքերը, տիկին, — ներեցեք համարձակությանս. — սաստիկ հանգած են երևում: Չգիտեմ ինչո՞ւ այս գիշեր այսպես կորցրել են իրանց պայծառ փայլը:

Տիկնոջ գեղեցիկ աչքերը ավելի նսեմացան. արտասուքը հեղեղեց նրանց:

Դու չգիտես, Փարիշան, — ասաց նա վշտալի ձայնով. — դու չգիտես, այս գիշեր ես ո՜րքան տանջվեցա, որքան ցավեր կրեցի սիրելի երեխայիս պատճառով: Բայց դարձյալ պետք է աշխատեմ ուրախ ձևանալ, դեմքս զվարթ պահել, աչքերիս հրապուրիչ արտահայտություն տալ և հակամայից ժպտալ, ծիծաղել... որովհետև իմ տերը, իմ իշխանը բարեհաճել է այս գիշեր իմ տխուր օթևանին այցելություն գործել...: Այո՜, ես տխրելու իրավունք չունեմ... որովհետև իմ սիրտը ինձ չէ պատկանում... ես պիտի նրա մեջ խեղդեմ իմ բոլոր զգացմունքները, իմ բոլոր կրքերը... և պիտի կեղծեմ... միայն թե կարողանամ իմ տիրոջը հաճո երևնալ... որ չձանձրացնեմ նրա ուրախության րոպեները...: Գիտե՞ս, Փարիշան, այդ ի՜նչ տանջանք է... գիտե՞ս, որքան հոգեկան մեծ զոհաբերություն հարկավոր է դրա համար...

Գիտեմ... -ասաց խելացի աղախինը: — Ամբողջ հինգ տարի է, որ ես ծառայում եմ ձեզ մոտ. ես միշտ նկատել եմ ձեր տխուլ ժպիտը, միայն արտասուքի կաթիլների միջից, ինչպես անձրևային կաթիլների միջից թեև անցնում են արեգակի ճառագայթները, բայց լավ չեն ջերմացնում...

Այո՜, հինգ տարի է, — կրկնեց տիկինը. — բայց իմ այստեղ լինելս յոթն տարի է: Այդ յոթն տարվա ընթացքում իմ վիճակը եղել է մի ողորմելի վարձկան կնոջ դրություն, որ իր սերը վաճառում է... Նա կամա-ակամա պետք է զվարճացնե իր այցելուին, որովհետև դրա համար վարձված է. նրան վճարում են...

Փարիշան, — առաջ տարավ նա. — դու որևիցե ժամանակ սիրե՞լ ես:

Սիրել եմ, տիկին:

Ուրեմն կարող ես երևակայել, թե որքան ծանր, որքան անախորժ բան է, երբ մարդ ակամա ստիպված է սիրող ձևանալ մեկին, երբ նրան սիրել կարող չէ: — Փորձե՞լ ես մի այսպիսի բան:

Փորձել եմ, տիկին...

Աղախինը մտաբերեց իր նույն գիշերվա ծանր փորձը դռնապանների գլխավոր` Ասկար ամիի հետ:

Զուբեյիդա խանումը ազգով հույն էր, մի լավ ընտանիքից. նրան խանը գերի բերեց Էրզրումի կողմերից, երբ յոթն տարի առաջ իր ավազակային խումբերով գնացել էր այն կողմերում ասպատակություններ անելու: Նրա հայրը խոստացավ հինգ հազար ոսկի տալ խանին, միայն թե իր աղջիկը ազատե գերությունից, բայց խանը չընդունեց: Գեղեցիկ Զուբեյիդան մնաց նրա կանանոցում, բայց բնավ փոխել չկարողացավ այն դաստիարակությունը, որ ստացել էր իր ծնողների բարեկիրթ ընտանիքում: Խանի հարեմը լիքն էր ամեն ազգի, ամեն կրոնի կնիկներով. բայց նրանց և ոչ մեկին այնքան անտանելի չէր հարեմական կյանքի ստրկությունը, որպես զգայուն, անկեղծ Զուբեյիդային:

Այդ դեռևս ներելի է, Փարիշան, երբ կինը, զանազան հանգամանքներից ստիպված, պարտավորվում է իր սերը վաճառել: Բայց անտանելին այն է, երբ կինը ստիպված է սեր ցույց տալ, որովհետև վախենում է: Ոչ մի տեսակ անասունների մեջ այդ չէ լինում. միայն բռնակալ մարդը կարողանում է այդ անել տալ: Մենք ևս մի տեսակ հարկատուներ ենք, Փարիշան, եթե չվճարենք պահանջված հարկը, ծեծելով կառնեն: Բռնակալի անգթությունը տարածվում է և կնոջ առագաստի վրա: Կո՛ւյր է նա, որ հարեմի մեջ սեր, երջանկություն և բանաստեղծական զվարճություններ է տեսնում...

Փարիշանին շատ հաճելի էր լսել իր տիկնոջ դա՜ռն բողոքը: Ամբողջ հինգ տարի նա կատարել էր մի անբախտ դատավոի պաշտոն. միշտ լսել էր նրա գանգատները, միշտ տեսել էր նրա աչքերի արտասուքը, բայց ոչինչով չէր կարողացել բուժել նրա վիրավորված սիրտը կամ դարման դնել նրա ցավերին: Իսկ այդ գիշեր փոքր էր մնում, որ նա բաց աներ իր ծածկամտության փականքը և ուրախալի խոսքերով ավետեր նրա փրկությունը, ասելով. — «նազելի տիկին, մի քանի ժամ ևս համբերություն ունեցիր, և դու իմ ձեռքով ազատված կլինես...»: Բայց նա չասաց այդ խոսքերը, թողեց նրան անգիտության մեջ, — չասաց, թե ինչ էր կատարվում նրա չորս կողմում, և ինքը ինչ սարսափելի դեր պիտի կատարեր ընդհանուր տագնապի րոպեում, երբ սուրն ու հուրը պիտի մահ տարածեին ամեն տեղ... Նա միայն շտապեցրեց իր տիկնոջը, որ շուտով պատրաստվի, որովհետև խանի նրա մոտ գալու ժամը մոտենում էր:

Նա միայն մխիթարեց վշտացած տիկնոջը, ասելով.

Հոգս մի անիր, տիրուհի, աստված ողորմած է. ձմեռվա դառնաշունչ օրերից հետո գալիս են գարնան կենսաբեր օրերը. գիշերվա խավարին հաջորդում է առավոտյան պայծառ արշալույսը: Մարդու կյանքի մեջ էլ այսպես օրերի և եղանակների փոփոխություններ են լինում. լավը հաջորդում է վատին, լույսը հաջորդում է խավարին...

Next page