Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Բերդի բնակիչները գտնվում էին սարսափելի խռովության մեջ: Իսկ անտառային թռչունները սկսել էին իրանց վաղորդյան ուրախ չըկչըկոցը: Նրանք, կարծես, ծիծաղում էին մարդիկների բարբարոսությունների վրա, կարծես ասում լինեին նրանց. «Տեսեք, մենք որքան ուրախ ենք, որքան երջանիկ ենք, որովհետև միմյանց դեմ ոխ, թշնամություն չունենք, նրա համար, որ բաժանելու էլ ոչինչ չունենք...»:

Խորեն հայր սուրբը և տիկինը գնում էին առաջ: Տիկինը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Երիտասարդ աբեղան մի քանի անգամ փորձեց խոսեցնել նրան, բայց ստացավ կարճ, սառն պատասխաններ:

Դուք, երևի, հոգնեցաք, տիկին, — ասաց նա, նկատելով, որ չէր կարողանում հետևել իրան:

Այո՜, յոթ տարի կանանոցի մեջ փակված մնալով, ես համարյա կորցրի ման գալու ընդունակությունը, — պատասխանեց տիկինը տխրությամբ:

Թույլ տվեցեք բռնել ձեր թևքից:

Տիկինը իր թևքը մեկնեց նրան:

Միևնույն կարեկցությունը ցույց տվեց Սառան Փարիշանին, ասելով.

Դու հոգնեցար, սիրելիս, ինձ տուր երեխային, ես կգրկեմ:

Այսպես լավ է, — պատասխանեց Փարիշանը, — երեխան կարող է խանգարել քեզ, դու մի քաջ թիկնապահի պաշտոն ես կատարում, քո ձեռքերը պետք է ազատ լինեն:

Ծիծաղո՞ւմ ես իմ վրա, Փարիշան:

Ինչո՞ւ եմ ծիծաղում, ես տեսա, թե ինչպես դու ծակեցիր ներքինապետի կողքը. կարող է մի այսպիսի դեպք դարձյալ պատահել:

Նրանց մոտից մեծ աղմուկով անցան մի քանի մահմեդական զինված խումբեր: Բայց որովհետև գիտեին, որ այդ ժամանակ փողոցներում ոչ մի հայ չի համարձակվի դուրս գալ, այդ պատճառով ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա:

Մեկը միայն հարցրեց.

Ո՞ւր եք գնում:

Դեպի այդ կողմը, — պատասխանեց Խորեն հայր սուրբը:

Հայոց թաղով չեք կարող անցնել, բոլոր փողոցները բռնված են:

Ինչպե՞ս բռնված են:

Բռնված են... գնացեք, կտեսնեք...

Նա անցավ,ժամանակ չունենալով բացատրություն տալու:

Եվ իրավ, հասնելով հենց առաջին փողոցը, նրանք գտան փակված: Փողոցի մուտքը բռնված էր ամուր սանգիառով (պատնեշ): Հայ բնակիչները դիզել էին միմյանց վրա իրանց սայլերը, գութանները, արորները և տնային զանազան կարասիները, այսպիսով կազմել էին մի ամուր պատնեշ: Կին, աղջիկ, տղամարդ, ծեր և պատանի, հրացանները ձեռքներին բռնած, կանգնել էին պատնեշի ետևում:

Այստեղից անցնել անկարելի է, գնանք մյուս փողոցով, — ասաց Խորեն հայր սուրբը:

Ինչո՞ւ, դրանք խո հայեր են, — պատասխանեց Սառան: — Մեզ ի՞նչ վնաս պիտի տան:

Հայեր են, բայց մինչև նրանց հասկացնելը, թե մենք ովքեր ենք, հարյուրավոր հրացաններ կարձակեն մեզ վրա:

Նրանք շուռ տվեցին դեպի մյուս փողոցը:

Ինչպե՞ս շուտ պատրաստվեցան, — ասաց Սառան մի առանձին ուրախությամբ:

Զենքը մարդուն քաջություն է ներշնչում, — պատասխանեց Խորեն հայր սուրբը: — Մենք տվեցինք նրանց զենքեր, իսկ նրանք կտան մեզ լավ զինվորներ:

Մի՞թե հայերը զինվորական ընդունակություն ունեն, — հարցրեց տիկինը:

Հայերը նույնպիսի մարդիկ են, ինչպես բոլոր մարդիկը, — պատասխանեց Խորեն հայր սուրբը: — Դու տուր մարդուն աչքի լույս, նա կգտնե իր ճանապարհը...

ԻԳ

Միևնույն ժամում, երբ հրդեհը տարածվում էր ամրոցի մեջ, երբ հոյակապ շինվածքները գոռգոռալով խորտակվում էին, երբ մարդիկների բազմությունը աշխատում էր կրակի ծավալման առաջը առնել, — համարյա միևնույն ժամում, երբ փախստականները դուրս եկան պարտեզից, խանը կատաղի վրդովմունքով կանգնած էր դիվանատան ընդարձակ բակի կենտրոնում, իսկ նրա հանդեպ կանգնած էր վեզիրը: Կրակի սաստիկ լուսավորությունը ամեն կողմից տեսանելի էր կացուցանում երկրի այդ երկու պետերին:

Բավական հեռու կանգնած էին խանի դրանիկները և չէին համարձակվում մոտենալ նրան: Բարկության րոպեներում նա նույնքան կատաղի էր, որպես այն հրդեհը, որ լափում էր շինությունները: Դրանիկներից ոմանք զանազան հրամաններ էին տալիս ամբոխին, իսկ ոմանք սպասում էին խանի հրամանին:

Վեզիր, դա քրիստոնյաների գործն է, — ասաց խանը:

Այո՜, քրիստոնյաների գործն է, — պատասխանեց վեզիրը:

Այստեղի քրիստոնյաների, — ավելացրեց խանը:

Այո, այստեղ քրիստոնյաների, — հաստատեց վեզիրը:

Ես այս րոպեիս կհրամայեմ, որ նրանց կոտորեն, շան նման կոտորեն:

Այժմ խիստ ուշ է... — պատասխանեց վեզիրը:

Ինչո՞ւ:

Չե՞ք լսում:

Ի՞նչը:

Թմբուկների ձայնը:

Լսում եմ: Այդ ի՞նչ ձայն է:

Բեկի զորքերի թմբուկների ձայնն է: Թշնամին մտնում է բերդը:

Խանը գունաթափվեցավ:

Թշնամին մտնում է բե՛րդը... — կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին: — Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար:

Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար: Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը:

Հիմա ի՞նչ պետք է արած, — հարցրեց խանը հուսահատ կերպով:

Եթե դուք ինձ թույլ տաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ:

Երբեք:

Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից:

Թող բոլորն էլ ինձ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև: Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը. մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվել այլադավանի լծի ներքո. մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա:

Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն: Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սուր ձեռքումը բռնած: Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ*************************, որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ: Չավուշները քարոզ էին կարդում.

Մուսուլմաններ, ղեյրաթի††††††††††††††††††††††††† օր է: Գավուրները գրավեցին մեր բերդը: Աստված և նրա մարգարեն հրամայում են զենքով ընդդիմանալ թշնամուն:

Այդ խոսքերը վառեցին ամբոխի կատաղությունը և հազարավոր ձայներ կրկնեցին.

Պատրաստ ենք, պատրաստ ենք:

Խանը մոտեցավ մոլլաների գլխավորին և նրա ձեռքը բռնելով, ասաց.

Ես էլ պատրաստ եմ: Աստուծո և նրա մարգարեի հրամանի հետ ավելացնում եմ և իմ հրամանը. — պետք է մինչև մեր արյան վերջին կաթիլը ընդդիմանանք թշնամուն:

Ամբոխի մոլեռանդությանը չափ չկար: Նրան հրամայում էր աստված իր հոգևոր ներկայացուցչի բերանով, հրամայում էր մարգարեն իր մարմնավոր ներկայացուցչի` երկրի իշխանի բերանով:

Չավուշները, սրբազան դրոշակները առաջ տանելով, դուրս եկան ամրոցից: Նրանց հետևում էին մոլլաների գլխավորը և խանը, իսկ հետոամբոխը:

Երբ դուրս եկան ամրոցի առջևի հրապարակի վրա, խանը դարձավ դեպի մոլլաների գլխավորը այս խոսքերով.

Դուք, հոգևոր տեր, առաջնորդեցեք ամբոխին, իսկ ես կառաջնորդեմ զորքերին:

Այդպես էլ պետք է, — պատասխանեց մոլլաների գլխավորը:

Նրանք բաժանվեցան:

Մոլլաների գլխավորը ամբոխի հետ սկսեց առաջ գնալ: Չավուշները բարձր ձայնով կրկնում էին միևնույն խոսքերը: Բազմությունը հետզհետե ստվարանում էր, ամեն մարդ, զենքը առած, միանում էր ամբոխի հետ:

Խանը մնաց հրապարակի վրա: Երբ բոլորը հեռացան, հրամայեց վեզիրին.

Թմբուկները ածել տուր, որ զորքը հավաքվի:

Մինչև դրանց զորքի հավաքվելը, մենք անցնենք Բեկի զորքերի մեջ, տեսնենք այնտեղ ինչ է կատարվում:

Միևնույն րոպեում, երբ երկու չավուշները, բերդի փողոցների մեջ հոգևոր թափոր կատարելով, կարդում էին աստուծո և նրա մարգարեի հրամանը, — միևնույն րոպեում հայոց բանակների մեջ երկու ջառչիներ բարձր ձայնով հրատարակում էին Բեկի հրամանը. «Չխղճալ, կոտորել անխնա կերպով...»:

Այդ հրամանի հրատարակվելուց մի քանի ժամ առաջ, Գեղվա‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ գետի ափի վրա զետեղված բանակի մոտ, սարի բարձրավանդակի վրա, միայնակ նստած էր մի մարդ: Նա աչքերը հառած, անհամբերությամբ նայում էր երբեմն դեպի բերդը, երբեմն դեպի երկինքը: Թեև խավարի միջից ոչինչ տեսնել չէր կարող, բայց այն, որ ցանկանում էր տեսնել, խավարի միջից ավելի պայծառ կերպով կարող էր երևնալ: Ձանձրույթը, անհամբերությունը, սրտի վրդովմունքը մեղմացնելու համար, նա ստեպ-ստեպ վառում էր իր կարճ չիբուխը և ծխում էր: Նա նմանում էր այն մոլեռանդ աստղահմաներին, որ ամբողջ գիշերը լուսացնում են, երկնքի վրա որոնելով իրանց ցանկացած աստղին, որպեսզի նրանով կատարեն մի մեծ, սքանչելի կախարդություն:

Այդ պատարագիչներից ոչինչ չի դուրս գա, — ասաց նա իր մտքում, ավելի բարկանալով. — ամեն բան նրանց մոտ ծես է, արարողություն է, խորհուրդ է...

Պատարագիչներ կոչում էր նա քահանաներին:

Հարյուր ծովի ջրով լվանալու ևս լինես նրանց, դարձյալ խունկի հոտը չի կտրվի նրանցից... — ավելացրեց նա:

Նրա շուրջը լեռ, ապառաժ և անտառ էր: Նա նստած էր մի քարաժայռի բեկորի վրա և թիկն էր տված մի ահագին կաղնիի: Այդ դրության մեջ նմանում էր նա այն վիթխարի անտառային հուշկապարիկներից մեկին, որ իրանց ծարավը հագեցնում են մարդկային արյունով: Նա նստած էր այնտեղ սկսյալ այն ժամանակից, երբ Բեկի բանակի մեջ ստացվեցավ բերդից ուղարկած գաղտնի նամակը:

Նրա բարկությունը, անհամբերությունը, վրդովմունքը հետզհետե սաստկանում էր: Եթե մեկը խավարի միջից կարողանար հետազոտել նրա դեմքը, կսարսափեր: Բայց ինչո՞ւ էր զայրացած նա: Այդ մարդը բնավորությամբ բարի, գթած և խաղաղ էր: Բայց խաղաղ մարդկանց բարկությունը նմանում է Խաղաղական օվկիանոսի սոսկալի փոթորիկներին, որոնք թեև հաճախ չեն պատահում, իսկ երբ որ պատահում են, ճանապարհորդները ազատ չեն մնում նավաբեկությունից:

Նրա ահարկու դեմքը փոքր-ինչ պայծառացավ, երբ իր նստած բարձրավանդակի հեռավորությունից նշմարեց բերդի մեջ լույսի ծիրանագույն շառավիղները: Շառավիղները հետզհետե աճում էին և արշալույսի առաջին ճառագայթների նման ցոլանում էին շրջակա բարձրությունների վրա: Երբեմն խավարում էին նրանք, կարծես սև, միդգանման ամպերը անցնում էին նրանց վրայով և ծածկում էին լույսի պայծառությունը: Այդ միջոցին բերդից մի ֆշանք բարձրացավ օդի մեջ, պայթեց և հրեղեն կայծերը թափվեցան դեպի ամեն կողմ:

Վերջապես... — ասաց նա, վեր կենալով. — վարագույրը բացվեցավ, պատարագիչը երևան եկավ...

Նա սկսեց սարի բարձրությունից ցած իջնել: Ստորոտում, դեպի ափի մոտ, գտնվում էր բանակը: Զինվորների մեծ մասը արթուն էր: Սկսեց դիմել դեպի ծերունի Մելիք-Փարսադանի վրանը, իր մտքում ասելով.

Նա այժմ արթուն կլինի: Ծերացած դևերը յոթն տարին մի անգամ են քնում, այն էլ յոթն օր շարունակ:

Եվ իրավ, ծերունի զորավարի վրանում լապտերը դեռ վառվում էր: Նա ներս մտավ, գտավ նրան միայնակ նստած, կարդում էր մի փոքրիկ գիրք: Դա Նարեկ էր, որը սովորություն ուներ բարեպաշտ ծերունին կարդալ ամեն երեկո և առավոտ:

Թո՜ղ այդ գիրքը, — ասաց նա նստելով. — պարսից թագավորի «բաթման-ղլիճը» քեզ համար լավ խաբար է բերել:

Ի՞նչ խաբար, — հարցրեց ծերունին, Նարեկը թաքցնելով իր ծոցի մեջ:

Տեր Ավետիքը արդեն իր դալլաքությունը§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§ բանեցրեց խանի գլխի վրա... — ասաց նա ծիծաղելով:

Ծերունի զորավարը գիտեր, որ տեր Ավետիքը սափրիչի կամ դալլաքի կերպարանքով էր մտել բերդը, բայց թե ի՞նչ դալլաքություն էր բանեցրելայդ մասին դեռ տեղեկություն չուներ: Նա հարցրեց.

Ի՞նչ դալլաքություն:

Մեր սպասած հրդեհը և ֆշանքը երևացին բերդի մեջ, — պատասխանեց պարսից թագավորի «բաթման-ղլիճը»:

Մի քանի րոպե առաջ Նարեկ կարդացող բարեպաշտի երեսի կնճիռները պայծառացան մի անսովոր ուրախությամբ: Նա բռնեց Բայինդուրի ձեռքը, ասելով.

Շնորհակալ եմ, իշխան, իրավ որ, լավ խաբար է: Դու քո աչքերո՞վը տեսար:

Ես իմ աչքերովը տեսա, ուրիշի աչքերովը չտեսա, — պատասխանեց իշխանը: — Ես այս գիշեր չեմ քնել. սև ագռավի նման նստած էի սարի գագաթի վրա, ժամերով նայում էի, թե երբ կհայտնվի այդ անիծյալ ֆշանքը:

Օրհնյալ լինի աստված, — ասաց ծերունի զորավարը, երեսը խաչակնքելով:

Թող մի քիչ էլ օրհնյալ լինի տեր Ավետիքը, որ մեր գործը հեշտացրեց: Ես, իրավն ասեմ, մի քանի րոպե առաջ այնքան բարկացած էի նրա վրա, որ եթե ձեռքս ընկներ, անպատճառ մորուքը կկտրեի: Բայց այժմ ներում եմ նրան, թեև մեզ շատ սպասել տվեց: Հիմա, եթե տեսնելու լինեմ, մեծ ուրախությամբ նրա մորուքը կհամբուրեմ:

Մի բարեմիտ ծիծաղ անցավ ծերունու առաքինի դեմքի վրա:

Նա խիստ շատ արժանավորություններ ունեցող մի մարդ է, — ասաց նա:

Ափսո՜ս, որ տերտեր է, — պատասխանեց իշխանը: — Եթե ձեր փեսան չլիներ, ես կստիպեի նրան թողնել փիլոնը, բայց դուք ամբողջ տոհմով տերտերների ու Նարեկի սիրահար եք:

Ծերունի զորավարը նկատեց, որ Բայինդուր իշխանի հետ այդ տեսակ խոսքերով ժամավաճառ լինելը վերջ չէր կարող ունենալ, այդ պատճառով, դարձավ դեպի գործը, հարցնելով.

Ի՞նչ եք կարծում, մենք պիտի սպասե՞նք մյուսներին, թե՞ ոչ:

Ո՞ւմը պետք է սպասենք, — պատասխանեց նա, — սպասելու ոչինչ չունենք: Մյուսներն էլ մեզ նման երկու աչքեր ունեն, իհարկե, կտեսնեն բերդի մեջ պատահածը և իրանց անելիքը կհասկանան:

Այդ իրավ է, Բեկի բոլոր զորապետներին հայտնի են այն նշանները, որոնց տեսնելու ժամանակ պետք է հարձակում գործեն: Բայց հարցը նրանումն է, թե ո՞վ առաջ պետք է հարձակում գործե:

Մենք, — պատասխանեց իշխանը մի առանձին հպարտությամբ: — Հերթը մերն է: Մեր բանակը կանգնած է ուղիղ փորված ականի հանդեպ, որտեղից պետք է մտնել բերդը: Առաջ մենք պետք է անցնենք, որ մյուսների համար ճանապարհ բաց անենք: — Պարսից թագավորի «բաթման-ղլիջը» իր ձեռքը կտրել կտա, եթե մեկը համարձակվի նրանից առաջ մտնել բերդը:

Ծերունի զորավարը համոզվեցավ, որ հերթը իրանցն էր: Մխիթար սպարապետը իր զորապետների հետ բռնել էր Հալիձորի գետի վերին անցքը: Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել էին Հալիձորի գետի ներքին անցքը: Իսկ իրանց բանակը գտնվում էր Գեղվա գետի անցքի վրա, ուղիղ բերդի մեջ փորված ականի հանդեպ: Ուրեմն առաջ իրանք պեք է անցնեին ականից, որ մնացած զորքերի համար ճանապարհ բաց անեին:

Դուք չե՞ք կանչել տա այստեղ «Արաբոյին», — հարցրեց նա ծերունի զորավարից:

Արաբո կոչում էր Բայինդուր իշխանը Ավթանդիլ գնդապետին, նրա դեմքի բավական թուխ գույն ունենալու համար: Այդ մականունը այնքան հատկանիշ էր, որ ընդունելություն գտավ բոլոր զորքերի մեջ:

Ծերունի զորապետը իր թիկնապահներից մեկին հրամայեց կանչել Ավթանդիլ գնդապետին:

Երբ երիտասարդ գնդապետը հայտնվեցավ, նրա թուխ, բայց իր գեղեցիկ գծագրություններով ախորժելի դեմքը փայլում էր ուրախությունից: Նա արդեն գիտեր բոլորը: Բայց ծերունի զորավարը դարձյալ պարտք համարեց նրան ասել.

Հասավ այն ուրախալի ժամը, որին մենք մեծ անհամբերությամբ սպասում էինք: Բերդի մեջ ամեն ինչ պատրաստ է: Այժմ պետք է հարձակում գործել: Մենք պետք է անցնենք ականի միջով, որի գոյության պատմությունը ձեզ հայտնի է: Պետք է անցնենք առանց աղմուկի, առանց շփոթի: Մեր խոհեմությունիցն է կախված գործի հաջողությունը:

Բայինդուր իշխանը համբերություն չուներ լսելու ամեն մի խրատ, ամեն մի հրահանգ, մանավանդ, երբ այդպիսիները արտասանվում էին քարոզի կամ ճառի ձևով: Այդ պատճառով նա կտրեց ծերունի զորավարի խոսքը, ասելով.

Հենց այդ խոհեմություն կոչված բանից, այդ երկար քարոզներից սպիտակեցան պարսից թագավորի «բաթման-ղլիջի» սև մազերը: Ո՞ր գիժը չգիտե, թե պետք չէ սկզբից աղմուկ բարձրացնել: Մի՞թե գողը, որ գիշերով մտնում է քնած քաղաքացու տունը, թմբուկ ածելով է մտնում: — Թողնենք դրանք: Ես մի խնդիրք ունեմ առաջարկելու. դուք պետք է թույլ տաք ինձ, որ առաջ ես իմ մարդիկներով անցնեմ ծակից (ականից):

Թող այդ լինի ինձ մի ուրախչեք************************** այն ծառայության համար, որ առաջ ես բերեցի ձեզ բերդում հայտնված գործերի ավետիքը:

Ծերունի զորավարը թեև մեծ վստահություն ուներ Բայինդուր իշխանի քաջության վրա, բայց հավատալ նրա պատերազմական զգուշություններին չէր կարող: Նա իր հարձակումների մեջ շատ անգամ Քորօղլիի սովորությունն ուներ, առանց ետ ու առաջ նայելու, կայծակի նման նետվել: Այդ պատճառով բավական մեղմությամբ նկատեց նրան:

Ձեզ, կարծեմ, բավական ծանոթ չէ բերդի դիրքը:

Բերդը այնպես լուսավորված է, որ կույր մարդն էլ կարող է ամեն բան տեսնել, — պատասխանեց իշխանը փոքր-ինչ վրդովված ձայնով:

Ինչո՞վ է լուսավորված:

Կրակով: Նայեցեք, — վերջին խոսքերի հետ նա բարձրացրեց վրանի վարագույրը:

Նրանք նայեցին: Հրդեհի ճառագայթները ցոլանում էին շրջակա լեռների բարձրությունների վրա:

Շատ ապրի տեր Ավետիքը, — ասաց նա, ձեռքից բաց չթողնելով վարագույրը, — տեսնո՞ւմ եք, մեզ ընդունելու համար ի՜նչ գեղեցիկ ճրագալույց է պատրաստել:

Զորապետների խորհուրդը իրավունք տվեց Բայինդուր իշխանին առաջ անցնել: Նա այնքան սիրելի էր իր ընկերների մեջ, որ չկամեցան զրկել նրան այդ ուրախությունից: Իշխանը շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

ԻԴ

Գալով իր բանակը, Բայինդուր իշխանը իսկույն հրամայեց չվել: Երկար պատրաստությունների պետք չկար. զինվորներից ամեն մեկը գիտեր, թե ինչ պետք էր անել: Նրանք վաղուց պատրաստված էին: Միայն զորապետը հարկավոր համարեց գրգռել նրանց ինքնասիրությունը, հայտնելով, որ զինվորական խորհուրդը մի առանձին պատիվ արեց նրանց, թույլ տալով ամենից առաջ մտնել բերդը: — Այդ պատիվը մեծ է և ամենայն գովության արժանի, ասաց նա, — և ես հույս ունեմ, որ դուք կապացուցանեք, որ արժանի եք այդ պատվին:

Հետո իր սովորական զվարճախոսությամբ դարձավ նա դեպի զինվորները, հարցնելով.

Ո՞վ կա ձեր մեջ, որ գոմեշի ուժ և դևի ճարպկություն ունենա:

Մի խումբ առաջ անցավ: Նա ցույց տվեց փոքրիկ թնդանոթները, ասելով.

Մենք այնպիսի սատանայական տեղերով պիտի գնանք, որ չորքոտանին իր գլուխը կկոտրե. հիմա դրանց տանելը երկոտանիի գործ է. քարշ տվեցեք ձեր հետ. դրանք մեզ շատ հարկավոր կլինեն այնտեղ: — Նա ձեռքը մեկնեց դեպի բերդը:

Մեր ուսերի վրա կտանենք, — պատասխանեցին քաջերը, և ավելի քան քսան ուժեղ տղամարդիկ սկսեցին շարժել թնդանոթները, որ մի քանի օր առաջ խլել էին պարսիկներից: Նրանց թիվը չորս էր:

Իշխանը առաջ անցավ և հրամայեց հետևել իրան: Ամբողջ զորախումբը գնաց նրա ետևից:

Ճանապարհը, եթե կարելի է նեղ գեծանը†††††††††††††††††††††††††† ճանապարհ կոչել, տարածվում էր Գեղվա գետի աջ եզերքի վրայով: Մի կողմում հոսում էր գետը, մյուս կողմում բարձրանում էր անտառապատ լեռը: Պետք էր գնալ այդ լեռան կողքերովը: Ծառերի, մացառների և մոշի փշոտ պատատուկների մեջ կորած շավիղը այնքան նեղ էր, որ հազիվ կարող էր մի մարդ միայն անց կենալ: Իսկ այդ մարդը ստիպված էր անդադար իր սրովը կտրատել մացառները, որ տեղ-տեղ փակում էին անցքը: Այդ պաշտոնը կատարում էր ինքը Բայինդուր իշխանը, պարսից թագավորի ընծայած, մի բաթմանի ծանրություն ունեցող թրովը: Նա գնում էր առջևից, իսկ նրա ետևից գալիս էին ուղտերի քարավանի նման շարված զինվորները: Բոլորը լուռ էին. նրանց ոտների և փշերի հետ կռվող հագուստների խշխշոցն անգամ չէր լսվում, որովհետև այդ արշավանքը կատարվում էր միևնույն սարսափելի ժամում, երբ քամին կատաղաբար փչում էր ձորի միջից և իր հնչման մեջ ամեն այլ ձայներ խլացնում էր:

Երբ մոտեցան բերդին, պետք էր բարձրանալ դեպի մի սեպացած զառիվեր, որի վրա կանգնած էր բերդը: Զինվորների ոգևորությունը այնքան մեծ էր, որ նրանք բոլորովին ոչնչի տեղ էին դնում քարափների ժայռոտ առապարը: Նրանց օգնում էին քարերի վրա բուսած ծառերը և թփերը` մագլցելու համար:

Երբ հասան բերդի պարսպին, իշխանը կանչել տվեց այն երիտասարդին, որ ականի միջով անցնելով, բերել էր տեր Ավետիքի նամակը:

Տղա, անունդ ի՞նչ է, — հարցրեց նրանից:

Ղազար:

Եթե Նազար լիներ, ես քո գլուխը կտրել կտայի:

Երիտասարդը սարսափեց զորապետի օտարոտի նկատողությունից:

Դե՜, առաջ անցիր, մեզ ցույց տուր այն ծակը, որ բաց են արել պարսպի տակով:

Երիտասարդը հասկացավ, որ ականի մասին է խոսում, լռությամբ առաջ անցավ և սկսեց առաջնորդել նրան:

Պետք էր մի փոքրիկ պտույտ գործել պարսպի շուրջը և հասնել ականի տեղը: Թեև հրդեհի ճառագայթները բավական լույսյ էին տարածել բերդի շրջակայքում, բայց անտառի խտության մեջ, եթե ցերեկով ևս մարդիկ անցնելու լինեին, դարձյալ ոչ ոք չէր տեսնի նրանց: Այստեղ տիրում էր խավարի մշտական թագավորությունը: Եվ տեր Ավետիքի ռազմագիտական հանճարը ընտրել էր այդ կողմը միայն իր փորվածքի համար:

Ահա այստեղ է, — կանգնելով ցույց տվեց առաջնորդը:

Դու քո պարտքը կատարեցիր, հիմա հերթը իմն է, — ասաց իշխանը: — Դեն գնա՜:

Ականի մուտքը ծածկված էր մամուռով և թարմ խոտերով, այնպես բնական կերպով, որ բնավ չէր զանազանվում լեռան խոտով ծածկված մակերևույթից: Դուրս բերած հողը ածել էին գետի մեջ:

Բայինդուր իշխանը ձեռքերով ետ քաշեց խոտերն ու մամուռները, քանի րոպեից հետո բաց եղավ ստորերկրյա քարանձավի բերանը: Նա երեսը խաչակնքեց և ներս մտավ: Բոլորը հետևեցին նրա օրինակին:

Տղերք, գլուխներդ ցած պահեցեք, շատ մի բարձրացրեք, — ասում էր նա. — վերևից հող է թափվում:

Հետո ինքն իրան ասաց.

Այդ տերտերները այնքան թաղելու սովորած են,ինչ որ փորել տալու լինեն, անպատճառ գերեզմանի նմանություն կունենա:

Նա խարխափելով առաջ էր գնում, և մյուսները հետևում էին նրան, որպես խլուրդներ իրանց ստորերկրյա մթին որջի մեջ:

Երբ դուրս եկան ականից, իշխանը նայեց իր շուրջը, տեսավ` այնտեղ կանգնած էր մարդիկների մի խումբ:

Օհո՜, էդ էր պակաս, — ասաց նա, կարծելով, թե պարսիկներ են:

Տղե՜րք, պատրաստվեցեք, — ձայն տվեց նա իր ընկերներին:

Հանգիստ կացեք, այդ մենք ենք, — խոսեց խումբից մեկը և տեր Ավետիքը առաջ եկավ:

Նա գրկեց իշխանին և համբուրվեցան:

Ինչպե՞ս է, լա՞վ եմ սարքել, — հարցրեց քահանան:

Երբ տերտերը զինվոր է դառնում, այն ժամանակ իր փասափուսեն պետք է հավաքե‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ սատանան, — պատասխանեց իշխանը ծիծաղելով: Հետո իր խոսքերին ավելի լուրջ կերպարանք տալով, ասաց.

Լավ եք սարքել, բայց դեռ պարծենալու ժամանակ չէ. դու ինձ այն ասա՜, թե գործերը ի՞նչ դրության մեջ են, միայն կարճ կտրիր, երկար լսելու համբերություն չունեմ:

Քահանան սկսեց հաղորդել իր համառոտ զեկուցումը.

Ամրոցը խո տեսնո՞ւմ եք ինչ դրության մեջ է:

Այդ ես տեսնում եմ, դու այն ասա, ինչ որ չեմ տեսնում:

Խանի զենքերի պահեստը գրավված է, — առաջ տարավ քահանան. — տեղացի հայերը զինված են. հայոց փողոցները ամրացրած են պատնեշներով. նրանք կպաշտպանեն իրանց ընտանիքը մահմեդականների վրեժխնդրությունից:

Խանը ի՞նչ է շինում:

Խանը պատրաստվել է իր զինվորներով ընդդիմադրել: Իսկ մոլլաների գլխավորը առաջնորդում է ամբոխին:

Վերջին խոսքը փոքր-ինչ դժվարության մեջ դրեց իշխանին:

Երբ հոգևորականը բանի մեջ է մտնում, գործը ծանր կերպարանք է ստանում, — ասաց նա:

Հոգ չէ, — պատասխանեց տեր Ավետիքը. — դուք հոգևորականին թողեցեք, որ հոգևորականը պատասխանե:

Այսինքն դու:

Այո՜, ես:

Մինչև զբաղված էին այդ խոսակցություններով, Բայինդուր իշխանի զորքի մնացած մասն էլ դուրս եկավ ականի միջով:

Հիմա գիտե՞ք ինչ պետք է անել, տեր հայր, — ասաց իշխանը. — այդ ծակը խիստ նեղ է. մինչև Մելիք-Փարսադանի և Ավթանդիլի զինվորները դրա միջով անցկենալու լինեն, բավական ժամանակ կկորչի: Պետք է քանդել տալ պարիսպը:

Մեծ դժվարություն չունի, ես այս րոպեիս կհրամայեմ, որ քանդեն, — պատասխանեց քահանան: — Գործիքներ այստեղ կան. ականափորների բահերը, բրիչները դեռ այստեղ են մնացել:

Զինվորները վրա վազեցին, սկսեցին քանդել պարիսպը: Քարը, կիրը, որ արհեստի շնորհիվ միացել, երկաթի ամրություն էին ստացել, նրանց կատաղի հարվածների տակ փշրվում էին և թափվում էին ցած:

Ես մոռացա հարցնելու, — կրկին դարձավ իշխանը դեպի քահանան. — որտեղ են Շահումյանը, Խորենը, Բալին:

Շահումյանը և բալին կարգված են առաջնորդելու տեղացի հայերին, իսկ Խորենը զբաղված է մի այլ գործով:

Ի՞նչ գործով:

Նա պիտի ազատե խանի կնիկներից մեկի կյանքը:

Այդ լավ է, կնոջ գործը վարդապետին հանձնել:

Այդ կինը, մանավանդ նրա աղախինը, բավական օգնեցին մեզ:

Գեղեցի՞կ է:

Ես չեմ տեսել:

Դու ինչ գիտեիր, հաղորդեցիր ինձ, տեր հայր, — խոսքը փոխեց իշխանը. — հիմա մնում է ինձ հայտնել քեզ Բեկի հրամանը:

Հայտնեցե՜ք:

— «Չխղճալ, կոտորել անխնա կերպով»:

Ես առանց այդ հրամանի նույնը կանեի, — պատասխանեց քահանան:

Շատ ապրես, տեր հայր, խաչը վկա, օրինավոր մարդ ես եղել, ես այդ չէի իմանում: Բե՜ր ձեռքդ համբուրեմ:

Քահանան ետ քաշեց իր ձեռքը, նշանակություն չտալով իշխանի կատակներին:

Ականը փորված էր բերդի այն կողմում, որ համարյայ թե ամայի էր: Այստեղ կային բազմաթիվ հին շինվածքների ավերակներ, և ավելի ոչինչ: Քանդված եկեղեցին ցույց էր տալիս, որ մի ժամանակ բերդի այս կողմում կար հայոց մի ամբողջ թաղ: Ո՞ր ժամանակ, և ի՞նչ հանգամանքներից ստիպված, նրանք թողեցին իրանց բնակարանները, — հայտնի չէր: Այդ ավերակների մեջ կարող էին հազարավոր զինվորներ թաքնվել և անհայտ մնալ: Այդ կետից նայելով, տեր Ավետիքը ընտրել էր բերդի ամենահիվանդոտ տեղը:

Հեռվից լսելի եղան խառնաձայն աղաղակներ, որոնց հետևեցին հրացանի ձայներ:

Այդ ի՞նչ ձայներ են, — հարցրեց Բայինդուր իշխանը տեր Ավետիքից:

Երևի, մահմեդականները հարձակվեցան հայոց թաղի վրա, — պատասխանեց նա, ավելի ուշադրությամբ ականջ դնելով ձայներին: — Այո՜, հարձակվեցան: Նրանք սովորություն ունեն հարձակումից առաջ վայրենի աղաղակներ բարձրացնել:

Հայերը կարո՞ղ են ընդդիմադրել:

Երկար, իհարկե, չեն կարող, բայց մինչև մեր հասնելը, կդիմանան:

Ուրեմն էլ ինչո՞ւ ենք սպասում, — հարցրեց իշխանը:

Սպասում ենք, որ Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը գան:

— «Մինչև Շուշանը կզարդարվի, պատարագը կարձակվի...», — պատասխանեց իշխանը: — Մինչև նրանց գալը, գուցե հայերին կկոտորեն:

Հրամայեցեք թմբուկները ածեն. մենք նրանց աղաղակներին կպատասխանենք մեր թմբուկներով: Դա բավական սարսափ կձգե նրանց վրա:

Դրանով բան չի դառնա: Այդ ֆանդերը ես քեզանից լավ եմ իմանում, տեր հայր: Որսորդները արջին խփելու ժամանակ սկզբից «հուշտ» չեն անում§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§: Հանկարծակի զարկը ավելի սոսկալի է լինում:

Նա հրամայեց առաջ բերել թնդանոթները:

Խիստ զվարճալի բան է այդ հրանոթները գործ ածել ամբոխով լի փողոցների մեջ: Այնպես չէ՞, տեր հայր, — հարցրեց նա, ձեռքը քսելով նրանցից մեկի փողին, նույն զգացմունքով, որպես մի սիրահար փայփայում է իր նազելի էակին: — Զվարճալի՛ է, — կրկնեց նա, — այնպես հնձում է, որպես սուր մանգաղը խիտ խոտաբույսերի մեջ:

Մինչ դրանք զբաղված էին այդ պատրաստություններով, հայտնվեցան Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը իրանց զինվորներով: Նրանք համարձակ անցան քանդված պարսպի միջով:

Ծերունի զորավարը շատ ուրախացավ, տեր Ավետիքին ողջ և առողջ գտնելով: Տեր հայրը նրա փեսան էր, այսինքն դստեր ամուսինը:

Զորանաս, — ասաց նա գրկելով, — դու իմ երեսը սպիտակացրիր թե՜ Բեկի և թե՜ Ներսես սրբազանի մոտ:

Բայինդուր իշխանը, որ չէր կարող այդ տեսակ քնքշությունների համբերել, ընդհատեց նրանց խոսքը, ասելով.

— «Ճտերը աշնանը կհամբարեն...»: Հիմա դեռ շնորհակալությունների ժամանակ չէ: Սպասեցեք, մինչև տեսնենք, այդ ղալմաղալները ինչո՞վ կվերջանան: Լսո՞ւմ եք պարսիկների աղաղակները: Հայոց թաղի վրա կրակ են թափում:

Այժմ աղաղակները ավելի կատաղի կերպով էին հնչում, բայց հրացանների ձայնը երբեմն որոտում էր, երբեմն ընդհատվում էր: Ծերունի զորավարը ուշադրությամբ հետևում էր բոլոր հնչումներին: Նրա ականջներն այն աստիճան սովորած էին այդ տեսակ ձայների, որ համարյա աչքերի տեղ էին ծառայում:

Նա կռվի ժամանակ նույնքան սառնասիրտ էր, նույնպես չէր շտապում, որպես չէր շտապում, երբ խորին ոգևորությամբ կարդում էր իր Նարեկը:

Այժմ լսելի եղան խուլ բոմբյուններ, որ ավելի նման էին թնդանոթների որոտմունքին: Ծերունի զորավարը սկսեց ավելի ուշադրությամբ հետևել նրանց.

Դու սխալվում ես, Բայինդուր. — դարձավ նա դեպի իշխանը. — պարսիկները չեն, որ կրակ են թափում, այլ այդ մերոնք են կրակ թափողները:

Մերո՜նք, — այսինքն ո՞վքեր:

Հալիձորի գետի վերին կողմից Մխիթար սպարապետը, իսկ ներքին կողմից` Բեկը:

Այդ միայն սատանան կարող է ջոկել քրիստոնյայի և մահմեականի թնդանոթի ձայների զանազանությունը, — պատասխանեց Բայինդուր իշխանը մրթմրթալով:

Մարդն էլ կարող է ջոկել այդ, — ասաց ծերունի զորավարը ժպտալով. — միայն հարկավոր է դրա համար սյունեցի լինել, ծանոթ լինել նրա լեռների դիրքի և բնավորության հետ, այն ժամանակ հեշտ կլինի հասկանալ, թե յուրաքանչյուր հնչյուն ինչպես է տարածվում, որպիսի արձագանքներ է արձակում: Լավ ականջ դրեցեք, թնդանոթների ձայնը բոլորովին բերդի դրսից է գալիս, բայց մեզ այնպես է թվում, որ բերդի ներսիցն է:

Ուրեմն Բեկը և Մխիթար սպարապետը հարձակում են գործում առանց մեզ իմացում տալո՞ւ:

Նրանք ինձ իմացում տվեցին:

Ե՞րբ:

Մի քանի րոպե նրանից հետո, երբ դու բաժանվեցար ինձանից և սկսեցիր դիմել դեպի ականը:

Իսկ մեր շարժման մասին տեղեկություն ունե՞ն:

Իհա՞րկե, ունեն, ես հենց նրանց ուղարկված սուրհանդակների բերանով տեղեկություն տվեցի:

Հիմա հասկանում եմ, որ սյունեցու ականջները ուրիշ տեսակ կազմված են, քան թե մեզ նման մեղավորներինը... — պատասխանեց հեգնությամբ իշխանը: — Այսուամենայնիվ, այդ ավերակների մեջ մենք երկար սպասելու գործ չունենք. շտապենք, եթե չենք ցանկանում, որ խեղճ հայերի թաղը դրանց նման ավերակ դարձնեն: Բեկը կամ Մխիթար սպարապետը հեշտությամբ բերդը մտնել չեն կարող: Իսկ մենք բերդի միջումն ենք: Մենք պետք է բաց անենք նրանց առջև դռները:

Վիճաբանությունը դադարեց: Այդ խոսքերից հետո կարգադրեցին իրանց գործողության եղանակը, թե որը ո՜ր կողմով պետք է առաջ գնա: Զինվորները երեք մաս բաժանվեցան. մեկ մասին պիտի առաջնորդեր Ավթանդիլ գնդապետը տեր Ավետիքի հետ, մյուս մասին պետք է առաջնորդեր Մելիք-Փարսադանը, իսկ երրորդ մասին` Բայինդուրը:

ԻԵ

Զեվու (գեղի) բերդը հայոց Բաղաց թագավորների բազմաթիվ բերդերից մեկն էր: Այդ տոհմի վերջին երկու անբախտ թագավորները, երկու եղբայրներ` Գրիգոր և Սմբատ, անժառանգ էին: Գրիգորը միայն ուներ մի դուստր Կատա անունով: Եվ որպեսզի իր թագավորությունը շարունակվի, նա հրավիրեց Խաչենի Ջալալյան իշխաններից մի երիտասարդ Հասան անունով, տվեց Կատային նրան կնության և նրա հետ նվիրեց իր փեսային Բաղաց իշխանության աթոռը: Շուտով երկու եղբայրներն ևս վախճանվեցան, առանց տեսնելու իրանց թագավորության կործանումը:

Այդ միջոցներում արևելքում զորացավ մանգոլական տարրը և հեղեղի նման սկսեց սփռվել դեպի ամեն կողմ: Երիտասարդ Հասանը այնքան քաջություն չունեցավ, որ դեմ դներ թշնամու արշավանքներին, թողեց իր երկրի բերդերն ու ամրությունները անտեր, և իր անձն ու ընտանիքը միայն ազատելու համար, հեռացավ իր հայրենիքը` Խաչեն: Եվ այսպես Անդոկի նման սարսափելի հսկայի թագավորությունը վերջացավ Հասանի նման երկչոտ թզուկով:

Այնուհետև Զեվուն, ինչպես Կապանի մյուս բերդերը, փոփոխակի ընկան երբեմն պարսից, երբեմն արաբացոց և երբեմն թյուրքաց իշխանությունների ներքո: Հայ բնակիչներն սկսեցին ցրիվ գալ, իսկ նրանց փոխարեն հետզհետե զետեղվեցան մահմեդականները:

Դավիթ բեկի օրերում Զեվուն ուներ մոտ հինգ հազար տուն բնակիչներ, որոնց թվում հայերը խիստ չնչին փոքրամասնություն էին ներկայացնում:

Բայց երբ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, նա հավաքեց շրջակա թյուրքաբնակ գյուղերի բնակիչներին ևս բերդի մեջ, այնպես որ, պաշարման ժամանակ այնտեղ կար մահմեդականների բավական մեծ բազմություն:

Երկու բան կարող է մահմեդականին քաջություն տալ, սիրտ տալ թշնամու հետ կռվելու համար. մեկը, ավարառության ցանկությունը, մյուսը, կրոնական մոլեռանդությունը: Պատերազմական մի այլ իդեալ անծանոթ է նրան: Այդ երկու պայմաններն ևս, պաշարված բերդի մահմեդականների վերաբերությամբ, տնօրինված էին: Խանը իրավունք էր տվել նրանց կոտորելու, կողոպտելու իրանց դրացի բոլոր հայերին: Իսկ մոլլաների գլխավորը, որպես վարձատրություն այդ բարբարոսության համար, խոստացել էր Մուհամմեդի դրախտը:

Next page