Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Դուք հարցրիք` օրը բարի՞ է, թե չար: Իմ գնդակները մինչև կեսօր չար են ցույց տալիս, իսկ կեսօրից հետո փոքր առ փոքր սկսվում է բարին:

Հասկացա, — ասաց խանը գոհունակությամբ: — Հիմա գուշակեցեք, թե կռիվը ինչպե՞ս կվերջանա:

Դերվիշը կրկին ձգեց գնդակները տախտակի վրա, և առաջվա նման համարումներ անելով, պատասխանեց.

Մինչև կեսօր հաղթությունը ձեր թշնամու կողմը կլինի, իսկ կեսօրից հետո բախտը կդառնա ձեր կողմը:

Փա՛ռք լինի ամենակալ աստծուն, — բացագանչեց խանը ուրախությամբ. — հաղթությունը դարձյալ ինձանով է վերջանում:

Բայց ձեր ուրախությունը կարճատև է երևում... — ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով:

Ինչպե՞ս, — հարցրեց խանը գունաթափվելով:

Ես չեմ կամենում խլել ձեզանից ձեր քաջալերությունը...

Մի՜ խնայեք, ասացեք, խնդրեմ, ես հեշտ հուսահատվող մարդ չեմ:

Սպասեցե՜ք, իսկույն կբացատրեմ ձեզ:

Դերվիշը կրկին գնդակները ձգեց տախտակի վրա և տխրությամբ պատասխանեց.

Իրավ է, այդ կռվի մեջ հաղթությունը ձեզանով կվերջանա: — Բայց...

Մի թաքցրեք, ասացեք խնդրեմ, — անհամբերությամբ հարցրեց խանը:

Բայց հետո... մի քանի օրից... գուցե մի քանի շաբաթներից հետո... կկատարվի մի այլ, ավելի սարսափելի կռիվ, որի մեջ դուք կհաղթվեք...

Խանը բավական հանգիստ կերպով պատասխանեց.

Այդ ոչինչ. մի քանի շաբաթներից հետո թող աշխարհը կործանվի, ինձ համար փույթ չէ, բավական է, որ այսօր ես կռվի դաշտից հաղթող կվերադառնամ:

Եթե դուք գիտենայիք այդ մի քանի շաբաթներից հետո կատարվող կռվի հետևանքը ձեր անձի վերաբերությամբ, այդպես արհամարհանքով չէիք վերաբերվի դեպի ձեր ճակատագիրը....

Ի՞նչ հետևանք:

Իմ լեզուն չէ զորում արտասանելու համար:

Ասացեք, ես սրտի ամրություն ունեմ:

Ապագա կռիվը կվերջանա ձեր մահով...

Խանը ընկավ մտածության մեջ:

Եթե ցանկանում եք այդ մահը հեռացնել ձեզանից, դուք այժմ պետք է հաշտվեք թշնամու հետ, — ավելացրեց դերվիշը:

Խահը սկսեց ծիծաղել:

Սիրելի դերվիշ, — պատասխանեց նա, — դուք գուշակում եք ապագայի մասին. մինչև ապագայում կատարվող կռիվը դեռ բավական ժամանակ կա, թեև կարճ ժամանակ: Բայց այդ կարճ միջոցում ևս կարող են շատ փոփոխություններ պատահել: Գուցե այն ժամանակ ձեր գնդակները բոլորովին ուրիշ կերպ ցույց կտան:

Տացե ամենակալը, որ ուրիշ կերպ ցույց տան, բայց երբեք չէ պատահել, որ իմ գնդակները խաբեին ինձ, այդ պատճառով ես կրկին խորհուրդ եմ տալիս հաշտվել թշնամու հետ:

Գիտեք, դերվիշ, — ասաց խանը մոտենալով և կանգնելով ուղիղ գուշակի առջև: — Պատերազմական հաղթությունը պատերազմող մարդու համար իր առանձին քաղցրությունն ունի, որպես որսը որսորդի համար: Այսօրվա հաղթությունը այնքան անսահման ուրախություն կպատճառե ինձ, որ ես այդ ուրախությունը երբեք չէի ցանկանա փոխել իմ ապագա կյանքի հետ:

Այդ ձեր բարի հոժարությունիցն է կախված, — ասաց դերվիշը, և հավաքելով իր գնդակները, վերկացավ:

Դուք գնո՞ւմ եք:

Այո՜, դուք այնքան վաղ կանչեցիք ինձ, որ միջոց չունեցա կատարելու իմ առավոտյան աղոթքը:

Աղոթեցեք և ինձ համար, հայրիկ:

Ես միշտ իմ աղոթքների մեջ հիշում եմ ձեզ...

Խանի դահլիճից դուրս գալուց հետո, բակում դերվիշին մոտեցավ ներքինապետ Ահմեդը և հազիվ լսելի ձայնով ասաց.

Ինձ սպասեցեք...

Դերվիշը դանդաղ քայլերով դիմեց իր ճգնարանը:

Քանի րոպեից հետո խանը, զինված, զրահավորված և շրջապատված թիկնապահներով, դուրս եկավ դահլիճից: Ընդարձակ բակը լիքն էր բազմությունով: Բացի զինվորականներից, այնտեղ թափված էին զանազան սեիդներ, մոլլաներ, ախունդներ, աղքատներ, մուրացկաններ, որ իրանց օրհնություններով ճանապարհ դնեն պատերազմի իշխանին: Երբ հայտնվեցավ նա դահլիճի դռան սանդուղքների վրա, բազմությունը, կարծես, մի ձայնով գոռաց. «Աստվա՛ծ, աստվա՛ծ հաջողություն շնորհեսցե, ձեր սուրը կտրուկ անե, իսկ թշնամու գլուխը ցած խոնարհեցրած...»:

Խանը կանգնեց սանդուղքների բարձրության վրա: Երկու մանկլավիկները, երկու մատուցարաններ բռնած, կանգնել էին նրա մոտ: Մատուցարանների վրա դիզած էին ոսկի և արծաթի դահեկաններ: Նա սկսեց լի բռնով վեր առնել դահեկանները և ցրել ամբոխի վրա: Տիրեց ընդհանուր խառնակություն և իրարանցում: Յուրաքանչյուրը աշխատում էր իր մասն ունենալ ոսկեղեն և արծաթեղեն կարկուտից, որ թափվում էր վերևից: Երբ վերջացավ, խանը ցած իջավ սանդուղքներից: Կրկին սկսվեցավ օրհնությունները, կրկին հնչեցին մաղթանքները:

Խանը ցած իջավ սանդուղքներից. բազմությունը փողոցի նման բացվեցավ և նրան ճանապարհ տվեց: Օրհնության աղաղակները դեռ չէին լռել: Ոսկին և արծաթը ոգևորել էր բոլորին: Այդ միջոցին խանի ուշադրությունը իր վրա դարձրեց մի երիտասարդ մուրացկան, որ ամբոխի միջից դժվարությամբ դուրս գալով, ասաց.

Ինձ ոչինչ չհասավ: Թող աղքատներին հովանավորող Իմամ-Մուրզայի աջը ձեզ օգնական և պահապան լինի, ողորմեցեք ինձ:

Այդ խոսքերը այնպիսի մի խղճալի ձայնով արտասանեց նա, և նրա ցնցոտիները, կերպարանքը այն աստիճան սրտաշարժ էին, որ խանը գթացավ նրա վրա և մեկնեց իր ձեռքը:

Իմ ձեռքերը չեն շարժվում, որ ընդունեմ ձեր առատ ողորմությունը, — ասաց մուրացկանը:

Խե՛ղճ, երևի, գոսացել են, — ասաց խանը, մի առանձին գթությամբ նայելով նրա վրա: — Այդ երիտասարդ հասակում, որպես կուչ է եկել, որպես ծալվել է նա:

Խանը իր ձեռքով ձգեց նրա գրպանում մի ոսկի և անցավ: Ամբոխը հետևեց նրան և հավաքվեցավ ամառանոցի դռան հանդեպ:

Երիասարդ մուրացկանը, մի կծկված գունդի նման, հազիվ-հազ շարժվելով, օրորվելով քարշ եղավ, նստեց բակի պատի մոտ, սկսեց իր գոսացած անդամները ջերմացնել նոր ծագած արեգակի ճառագայթներով:

Ա՛խ, եթե ինձ մի կտոր հաց տային, — հառաչեց նա. — երկու օր է ոչինչ չեմ կերել:

Նրա դառն հառաչանքը լսեց ներքինապետ Ահմեդը, որ շտապով անցնում էր:

Ես այս րոպեիս քեզ համար հաց կբերեմ, — ասաց նրան և հեռացավ:

Խանը այդ միջոցին նստեց իր գեղեցիկ նժույգի վրա, և շրջապատված հարյուրավոր ձիավորներով, դիմեց դեպի կռվի դաշտը: Մահմեդական ամբոխի օրհնությունները դեռ երկար և երկար լսելի էին լինում, մինչև նա բավական հեռացավ և անտառի ծառերը ծածկեցին նրան բազմության տեսությունից:

Երիտասարդ մուրացկանը մեծ ախորժակով սպասում էր իրան խոստացված հացին: Բայց ներքինապետը շատ չուշացավ, շուտով բերեց նրան մի քանի կտոր փաթաթած լավաշներ, և տալով նրան, ասաց.

Պինդ բռնիր, լավաշների մեջ պանիր եմ փաթաթել, չվեր գցես...

Աստված օրհնե քեզ, — ասաց մուրացկանը և ընդունեց հացը:

Նրա ձեռքերը, որ քանի րոպե առաջ գոսացած էին, չէին բացվում, որ ընդունեն խանի ընծայած ոսկին, այժմ խիստ ամուր կերպով բռնել էին լավաշների փաթոթը, որ պանիրը միջից վար չընկնի: Նա պահպանելով իր մարմնի առաջվա դիրքը, նույնպես կռացած, նույնպես կուչ եկած, դուրս եկավ ամառանոցից և իր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի անտառը: Զարմանալին այն էր, որ որքան հեռանում էր նա մարդկային բնակությունից, որքան խոր մտնում էր անտառի մեջ, այնքան նրա կծկված, կուչ եկած մարմինը պարզվում էր և ուղիղ ձև էր ստանում:

Վերջը նա մտավ մի խուլ ծմակի մեջ, ուր անտառապատ լեռները այնքան մոտենում էին միմյանց և այնքան վեր էին բարձրացած, որ երևում էր երկնքի մի փոքրիկ, կապտագույն կտորը միայն: Այստեղ, այս խորին ձորակի մեջ արածում էին երկու թամքած ձիաներ. նրանց մոտ կանգնած էր մի տղամարդ:

Վերջապես եկար դու, Ջումշուդ, — ասաց տղամարդը, երբ հեռվից տեսավ նրան: — Ես կարծում էի, որ խանի մարդիկը քո բուրդը գզել են...

Ջումշուդի մայրը այնպիսի տղա չէ ծնել, որ խանի մարդիկը կարողանային նրա մազին դիպչել... — պատասխանեց կեղծ մուրացկանը և մոտեցավ նրան:

Օհո՛, հաց էլ ես բերել, մեռած, դու ի՞նչ էիր իմանում, որ ես քաղցած եմ, — հարցրեց առաջինը:

Լավաշների մեջ պանիր էլ կա, Աղասի, սպասիր, իսկույն կբաց անեմ:

Նա սկսեց բաց անել լավաշների փաթոթը, բայց փոխանակ պանիրի` նրանց մեջ հայտնվեցավ մի նամակ:

Ղոչա՜ղ տղա ես, ղոչաղ... — գոչեց Աղասին ուրախությունից թռչկոտելով, երբ տեսավ նամակը: — Այդ լավաշները մենք կուտենք, իսկ նամակը կհասցնենք իշխանին, որ նա էլ իր սիրտը հովացնե...

Ջումշուդը այդ միջոցին սկսեց մերկանալ իր մուրացկանի ցնցոտիները և հագնել իր հագուստը, որ ընկերի մոտ պահված էր: Նա կապեց նաև իր զենքերը, և թռչելով ձիու վրա, ասաց Աղասուն.

Մենք ուշանում ենք: Խանը վաղուց արդեն իր ձիավորներով գնացել է:

Աղասին էլ հեծավ իր ձին:

Բադու ինձ չե՞ս պատմելու, թե ի՜նչպես գնացիր, ի՜նչպես եկար, ո՞վ տվեց քեզ այդ նամակը:

Շատ մի խոսիր, ճանապարհին կպատմեմ:

Երկու երիտասարդ ձիավորները փութացին դեպի կռվի տեղը, որ շատ հեռու չէր Արծվանիկից:

ԼԳ

Արեգակը այժմ թափում էր իր լույսը և ջերմությունը լեռնային աշխարհում: Բնությունը ժպտում էր գեղածիծաղ պայծառությամբ: Գիշերային խավարի մեջ մրափած անտառը, զարթնելով իր հսկայական քնից, այժմ օրորվում էր, ծփում էր կանաչազարդ ծովի նման: Ծառերը, ծաղիկները, շարժվելով մեղմ զեփյուռի հրապուրանքից, կարծես, գրկվում էին, համբուրվում էին, ողջունում էին միմյանց առավոտը:

Օրվա այդ խորհրդավոր ժամուն սքանչելի բնության հետ զարթնում է և մարդկային կյանքը: Հովիվը իր հոտերը քշում է դեպի լեռների զառիվերը. մշակը դաշտում կամ հերկում է, կամ հնձում է. ձորերի և ծմակների մեջ նախշուն թիթեռնիկների նման վժվժում են գյուղացի աղջիկները: Մարդը սկսում է գործել:

Իսկ այդ առավոտ մարդկային կյանքը կարծես, մեռել էր: Ոչ մի արարած չէր երևում Արծվանիկի շրջակայքում: Մինչև անգամ շինական խրճիթների ծուխը, կարծես թե, մարել էր: Ի՞նչ էր պատճառը: — Փոքր-ինչ հեռու այդ գյուղից մարդիկ կռվում էին. հզորները արյուն էին թափում, իսկ տկարները երկյուղից փախել, թաքնվել էին անտառների մթության մեջ, որ իրանց կյանքը և կայքը ազատ պահեն հզորների բարբարոսությունից:

Մի մարդ միայն նստած էր իր ճգնարանի մուտքի հանդեպ, և տխուր խորհրդածության մեջ, ժայռերի բարձրությունից նայում էր դեպի շրջակա ձորերը: Ահագին պեխի ծառի տերևախիտ ոստերը պահպանում էին ալևոր գլուխը արևի այրող ճառագայթներից: Երբեմն մի շողք ժապավենի նման ճյուղերի միջից ցոլանում էր նրա մույգ-պղնձագույն դեմքի վրա և ավելի որոշ կերպով արտահայտում էր երեսի տխուր գծերը:

— «Սպասիր ինձ», — ասաց նա, ես սպասում եմ, բայց ինչո՞ւ այդքան ուշացավ...

Քառորդ ժամից հետո մի այլ ծերունի, ծառերից բռնելով, ժայռերի վրա մագլցելով, ցած էր իջնում դեպի ճգնարանը: «Էլ ոչ աղոթք պեքտ է և ոչ ծերադրություն, ասում էր նա ինքն իրան, — այդ քարափներից ամեն օր իջնելը մի մեծ ապաշխարություն է...

Լսելով նրա ձայնը, պեխի ծառի ստվերի տակ նստած մարդը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ դերվիշը, վերկացավ, մոտեցավ եկվորին, սկսեց օգնել նրան, որ ցած չընկնի: Եկվորը ներքինապետն էր:

Դուք ինձ բավական սպասել տվիք, Ահմեդ, — ասաց նրան դերվիշը:

Եթե դուք գիտենայիք պատճառները, չէիք մեղադրի ինձ, — պատասխանեց ներքինապետը:

Երկուսն էլ մտան այրի մեջ. այնտեղ ավելի ապահով էր, ոչ ոք չէր տեսնի նրանց:

Հիմա պատմեցեք, ի՞նչ խոսեցիք խանի հետ, — հարցրեց ներքինապետը, նստելով խոտեղեն օթոցի վրա, որով ծածկված էր այրի հատակը:

Դերվիշը պատմեց, թե ի՜նչ նպատակով էր կանչել իրան խանը, ի՜նչ գուշակություններ արեց ինքը պատերազմի վախճանի մասին, և ի՜նչ խորհուրդներ տվեց նրան, որոնք դժբախտաբար ընդունելություն չգտան:

Ես գուշակություններին շատ փոքր եմ հավատում, — ասաց ներքինապետը, — դուք ինձ այն ասեցեք, թե ինչո՞վ կարողացաք հասկանալ, որ այսօր խանը հաղթող կհանդիսանա, իսկ մի քանի օրից հետո կրկին կռիվ կլինի, որի մեջ նա կհաղթվի:

Այդ բոլորը հասկանալու համար, — պատասխանեց դերվիշը, — ոչ կախարդություն և ոչ էլ գերբնական գիտություններ պետք են, այլ հարկավոր է փոքր-ինչ առողջ դատողություն ունենալ: Եթե դուք կարդացած լինեիք մելիք Ֆրանգյուլի խանին գրած նամակները, միևնույն նախագուշակությունները կանեիք:

Մելիք Ֆրանգյուլի նամակնե՞րը... — գոչեց ծերունին սարսափելով: — Ինչպե՞ս հաջողվեցավ ձեզ կարդալ այդ չարագործի նամակները:

Դերվիշը այնքան մտերիմ էր ներքինապետի հետ և այնքան հարգում էր նրա բարեկամությունը, որ ոչինչ չծածկեց նրանից և միըստմիոջե պատմեց, թե ի՜նչ հանգամանքներից օգուտ քաղելով, կարողացավ կարդալ նամակները: Հետո հաղորդեց նրան նամակների բովանդակությունը, որից պարզ երևում էր, թե որպիսի խաբեությամբ հայոց զորքերին պետք է որոգայթի մեջ ձգեին:

Հիմա հասկանում եմ... — ասաց ներքինապետը հոգվոց հանելով. — դուք այդ նամակների բովանդակությունից կարող էիք նախագուշակել այսօրվա կռվի աղետալի վախճանը: Բայց ինչո՞վ եք իմանում, որ հետո մի ուրիշ կռիվ կլինի, որի մեջ խանը կհաղթվի:

Այդ շատ հեշտ է իմանալ. այսօրվա կռվի մեջ խանի զորքերի հաջողությունը պետք է վերաբերել մելիք Ֆրանգյուլի դավաճանությանը: Իսկ հետո, շատ հասկանալի է, որ Բեկը ավելի լավ պատրաստությամբ զորքեր կուղարկե և նրանք կջարդեն մահմեդականներին:

Այդ բոլորը շատ հավանական է, — ասաց ներքինապետը: — Բայց դեռ ուշ չէ, կարելի է այսօրվա չարյաց առաջը առնել: Իսկ ես բոլորովին չվարած եմ, խելքս համարյա գլխումս չէ: Դուք իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել:

Դուք դեռ չեկած, ես դրա վրա էի մտածում, — պատասխանեց դերվիշը: — Բայց մի՞թե դուք մինչև այսօր չէիք նկատում մելիք Ֆրանգյուլի խաբեությունները, ինչո՞ւ չփութացիք նախապես զգուշացնել հայոց զորապետներին:

Ես նկատում էի, որ գաղտնի կերպով ինչ-որ դավադրություն սարքվում է, թեև ինձ համար բոլորովին պարզ չէր նրա մանրամասնությունները, այսուամենայնիվ, շտապեցի մի սուրհանդակ ուղարկել Թորոս իշխանի մոտ և զգուշացնել նրան:

Բայց Թորոսը կարող էր չհավատալ ձեր սուրհանդակին, որովհետև նա ձեզ չէ ճանաչում:

Այդ ես մտածեցի, դրա համար էլ սուրհանդակը ուղարկվեցավ «տիկնոջ» կողմից, ոչ թե ուղղակի Թորոսի մոտ, այլ Ստեփաննոս իշխանի մոտ: Իշխանի հարաբերությունները «տիկնոջ» հետ ձեզ հայտնի են...

Հայտնի են... Հետո՞:

Հետո սուրհանդակը կես ճանապարհի վրա բռնվեցավ, բերվեցավ ամրոցը:

Տե՛ր ողորմյա: Հետո՞:

Նա բերվեցավ գիշերը: Բարեբախտաբար խանը ամրոցում չէր, որ իսկույն հարցուփորձ աներ նրանից, գնացել էր իր եղբայր Աղասի խանի մոտ պատերազմի մասին կարգադրություններ անելու: Սուրհանդակին բանտարկեցին, պահեցին մինչև խանի վերադառնալը: Իմ անհանգստությանը չափ չկար: Մտածում էի, որ «տիկնոջ» ոչ միայն պատիվը, այլև կյանքը վտանգի մեջ է: Ուրիշ ճար չկար, ես ստիպվեցա կատարել մի մեծ եղեռնագործություն...

Եղեռնագործությո՞ւն, — հարցրեց դերվիշը զարհուրելով:

Այո՜, եղեռնագործություն, — պատասխանեց ծերունի ներքինապետը արտասուքը աչքերում: — Մինչև խանի վերադառնալը իր եղբոր մոտից, մինչև սուրհանդակից հարցուփորձ լինելը, ես նրան խեղդել տվի բանտի մեջ: Իմ ամենահավատարիմ, ամենասիրելի բարեկամն էր սուրհանդակը, բայց ես այդ եղեռնագործությունը կատարեցի, որ իմ թանկագին «տիկնոջ» կյանքը ազատեմ խանի բարկությունից:

Այդպես էլ պետք էր, — պատասխանեց դերվիշը, հանգստացնելով ծերունի ներքինապետին, որը այժմ ավելի սաստիկ կերպով սկսեց ողբալ իր բարեկամի կորուստը: — Դուք դրանով ոչ միայն ազատեցիք «տիկնոջ» կյանքը, այլ օգնեցիք ընդհանուր գործին: Ընդհանուր գործին չվնասելու համար մի բարեկամի կյանքը ոչինչ նշանակություն չունի, կարելի է զոհել: Բայց ինձ այն ասեցեք, նամակներ չգտա՞ն սուրհանդակի մոտ:

— «Տիկինը» նամակ չէր հանձնած. սուրհանդակը պետք է բերանացի հաղորդեր բոլորը: Եվ որպեսզի իշխանը նրա խոսքերին հավատ ընծայեր, «տիկինը» որպես նշան սուրհանդակի ձեռքով ուղարկել էր իր մատանին, միևնույն մատանին, որ իր օրիորդ ժամանակ ստացել էր իշխանից որպես իրանց սիրո գրավական: Դուք գիտեք, որ «տիկինը» իշխանի հարսնացուն է եղել, բայց օրիորդի անգութ հայրը զրկել է նրան և իր աղջիկը տվել խանին:

Այդ տխուր պատմությունը ես գիտեմ... — պատասխանեց դերվիշը: — Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ եղավ մատանին:

Սուրհանդակը մատանին մի այնպիսի տեղում պահած ուներ, որ կալանավորելու ժամանակ չէին գտել: Բայց որովհետև ինձ հայտնի էր պահած տեղը, խեղդողներին ասել էի, նրանք հանել էին և վերադարձրին ինձ:

Երեսուն տարի կլինի, — առաջ տարավ ներքինապետը, — որ ես ծառայում եմ խանի մոտ, բայց երբեք այս տեսակ հսկողություններ, այս տեսակ զգուշություններ չեմ տեսել նրա ամրոցի մեջ: Անիրավ մելիք Ֆրանգյուլը նոր կարգեր է մտցրել. լրտեսները ամեն տեղ վխտում են, ամեն քայլ դիտում են, ոչինչ չես կարող անել: Ես չեմ հասկանում, մի՞թե մարդ կարող է այս աստիճան դավաճան լինել, այս աստիճան վնասակար լինել իր ազգին և հայրենիքին: Եվ ի՞նչ շահ ունի:

Շահ ունի նա, — պատասխանեց դերվիշը դառնությամբ: — Խանը արդեն ստորագրել է իր հրովարտակը, որով ամբողջ Չավնդուր վիճակի իշխանությունը որպես վարձատրություն շնորհում է դավաճանին: Ձեզ հայտնի է, որ Չավնդուրը Թորոս իշխանի հայրենական ժառանգությունն է: Ուրեմն նրա ժառանգությունը գրավելու համար դավաճանը աշխատում է ոչնչացնել Թորոսին: Եվ Չավնդուրը, դուք գիտեք, որ արդեն մելիք Ֆրանգյուլին պատկանող Բարգյուշատի հետ սահմանակից է, այդ երկու վիճակները միացնելով, դավաճանը տեր կլինի մի ընդարձակ երկրի: Ահա ձեզ գլխավոր նպատակը, որ դրդում է նրան ամեն տեսակ անիրավություններ գործել: Եվ միշտ այդ է եղել մելիք Ֆրանգյուլի ու Թորոս իշխանի տոհմերի մեջ կատարված դարևոր երկպառակությունների պատճառը:

Ցավալի՛ է, շա՛տ ցավալի, — ասաց ներքինապետը, գլուխը շարժելով, — որ մարդիկ իրանց անձնական շահերի համար դավաճանում են իրանց ազգին...

Թողնենք այդ, — ծերունու խոսքը ընդհատեց դերվիշը: — Ես ժամանակ եմ կորցնում... ես պետք է վաղուց գնացած լինեի... Բայց սպասեցի ձեզ, որովհետև դուք ամրոցի բակում ինձ հայտնեցիք, թե կամենում եք ինձ հետ տեսնվել: Եթե մի այլ ասելիք չունեք, ինձ թոյլ տվեցեք, որ ճանապարհ ընկնեմ...

Ունեմ, — պատասխանեց ծերունին, — մի ասելիք էլ ունեմ և դա ամենակարևորն է...

Ներքինապետը պատմեց նրան, թե «տիկինը» ինչ նամակ ստացավ իշխան Շահումյանից կեղծ մուրացկանի ձեռքով, պատմեց այդ նամակի բովանդակությունը, պատմեց և այն, թե «տիկինը» ինչ պատասխանեց նույն մուրացկանի ձեռքով իշխանին:

Դերվիշի մռայլված դեմքը փոքր-ինչ պարզվեցավ: Նա հարցրեց.

Այդ բոլորը գիտեիք դուք, բայց ինչո՞ւ էիք ծածկում ինձանից:

Այդ բոլորը կատարվեցավ այն ժամանակ, երբ դուք դուրս եկաք խանի դահլիճից, — պատասխանեց ծերունին: — Դրա համար էլ, երբ ես բակում հանդիպեցա ձեզ, խնդրեցի, որ սպասեք ինձ, որպեսզի ես միջոց ունենամ հաղորդելու ձեզ այդ նորությունը:

Շնորհակալ եմ, — ասաց դերվիշը կանգնելով: — Դուք այժմ կարող եք գնալ. թող ձեր իմ մոտ լինելը չնկատեն: Գնացեք, մխիթարեցեք «տիկնոջը», որ դեռևս ժամանակ կա մի բան անելու, և ես դրա համար պատրաստվում եմ...

Ծերունի ներքինապետը նույնպես կանգնեց:

Ասացեք «տիկնոջը», որ նշանակյալ ժամում իմ այրի մեջ գտնվի: Ահա բանալին հանձնում եմ ձեզ:

Դերվիշը տվեց իր աղքատիկ բնակարանի բանալին ներքինապետին: Հետո նա վեր առեց իր երկայն կոթավոր տապարը, որ սովորաբար կրում են դերվիշները, երբ հեռու տեղ են գնում, և դուրս եկավ այրից: Ներքինապետը կողպեց այրի դուռը, բանալին դրեց իր գրպանը, և ապա դառնալով դերվիշին, հարցրեց.

Հիմա դուք ո՞ւր եք գնում:

Գնում եմ այնտեղ, ուր մարդիկ միմյանց կոտորում են...

ԼԴ

Բարգյուշատի վիճակի Եղվարդ գյուղը Արծվանիկից (այսինքն Ֆաթալի խանի և մելիք Ֆրանգյուլի բնակության տեղից) մեկ ու կես մղոն հազիվ հեռավորություն ունե: Եղվարդի մոտ գտնվում է մի նեղ դաշտ, որ մինչև այսօր կոչվում է Նարգիզլու-զամի: Այդ անունը նշանակում է նարգիզների կամ շուշանների դաշտ: Եվ իրավ, այդ ծաղկազարդ դաշտը արժանի է իր անունին: Շրջապատած անտառախիտ լեռներով և գեղեցիկ, կանաչազարդ բլուրներով, այդ դաշտը ներկայացնում է երկրի շքեղ բնության հիանալի տեսարաններից մեկը:

Պատմությունը լռում է այդ դաշտի մասին*: Բայց ժողովրդական ավանդությունը շուշաններ և նարգիզներ բուսեցնող դաշտի մասին բոլորովին այլ կարծիք է հայտնում: Նա ասում է, այդ շուշանները, այդ նարգիզները բուսնիլ սկսան այն օրից, երբ հայոց քաջերի արյան կաթիլները թափվեցան այդ դաշտի վրա: Նա պատմում է այն սարսափելի կռվի բոլոր մանրամասնությունները, որ տեղի ունեցան մեկ ու կես դար առաջ:

Լուսնկա գիշեր էր: Նարգիզների դաշտում միայնակ թափառում էր բաց, թավահեր գլխով, բոբիկ ոտներով, երկայն, սպիտակ կտավյա շապիկը հագած մարդը: Նա թափառում էր դիակների մեջ, որպես Եղիշեն Ավարայրի դաշտում: Դեպի ամեն կողմ տիրում էր մահվան լռությունը: Հրացանների ձայնը, սուրերի շառաչյունը, մարդիկների կատաղությունը բոլորովին դադարել էր: Լսելի էին լինում միայն դեռ չհանգստացած վիրավորների դառն հառաչանքները:

Նա անցնում էր, ինչպես մի ուրվական, դանդաղ, չափավոր քայլերով: Դիակների մեջ մեկին որոնում էր նա: Նրա աչքերը, որ սովոր չէին լաց լինելու, այժմ լցված էին արտասուքով, — դառնության և սրտմցության արտասուքով: Նա իր շուրջը սփռված էր տեսնում խաբեության և ստոր դավաճանության հազարավոր զոհերը: — Դավաճանություն մի հայի իր ազգակից եղբայրների դեմ: Այդ էր նրան բարկացնում:

Երկար թափառում էր նա: Երբ որ խնդրած դիակը գտնել չկարողացավ, իր քայլերը ուղղեց դեպի մերձակա բլուրը, բարձրացավ նրա գագաթի վրա, սկսեց նայել դեպի իր շուրջը: Լուսնի լուսով, այդ բարձրահասակ մարդը, իր երկայն, սպիտակ շապիկով, նկարված էր բլուրի գագաթի վրա, որպես մի սպիտակ արձան: Նա ականջ էր դնում, հետազոտում էր բոլոր ձայները, որ լսվում էին նրա շրջակայքում: Հետո կամաց-կամաց ցած իջավ բլուրից, բռնեց Արծվանիկի ճանապարհը, սկսեց առաջ ընթանալ:

Այժմ ավելի շտապով էր փոխում իր քայլերը. ստեպ նայում էր դեպի երկինքը, որպես մի մարդ, որ ժամանակը չկորցնելու համար շուտ-շուտ նայում էր ժամացույցին: Քանի րոպեից հետո նա անհետացավ մթին ձորերի մեջ:

Շտապով գնում էր նա: Այսպես անցավ մի քանի ձորեր, մի քանի բլուրներ: Հանկարծ կանգ առեց: Մի ձայն գրավեց նրա ուշադրությունը.

— «Եթե մինչև արևի ծագելը կարողանայի դուրս գալ այստեղից...»:

Այս խոսքերը գրավեցին նրան դեպի այն կողմը, որ կողմից լսվում էին: Նա տեսավ մի մարդ, երկու ձեռքով գլուխը բռնած, թուփերի միջով սողում էր:

Ո՞վ ես, — հարցրեց նրանից:

Վիրավոր եմ:

Տեսնում եմ, որ վիրավոր ես, բայց ես այդ չեմ հարցնում:

Երբ վիրավորին տեսնում են, էլ ուրիշ բան չեն հարցնում, շտապում են օգնել:

Նրա պարանոցը ետևի կողմից կիսով չափ կտրված էր. արյունը դեռ հոսում է. երիտասարդը երկու ձեռքով պինդ բռնել էր գլուխը, որ ցած չընկնի: Անծանոթը իսկույն դուրս բերեց իր մախաղի միջից մի քանի կտավիք և փաթաթեց վերքը: Արյունը դադարեց:

Այդ դրության մեջ դու ինչպե՞ս հասար մինչև այստեղ, — հարցրեց անծանոթը: — Գիտե՞ս որքան ճանապարհ ես անցել:

Գիտեմ, ավելի քան մեկ մղոն: Այդ դրության մեջ էլ առաջ կգնայի, մինչև շունչս կտրվեր...

Հիմա դու ինձ կասե՞ս, թե ով ես:

Ես Մելիք-Փարսադանյան Բալի զորապետն եմ†:

Լսել եմ քո անունը: — Ձեզ այստեղ թողնել չէ կարելի, ո՞ւր կցանկանայիք, որ տանեին ձեզ:

Հալիձոր գյուղը, իմ հոր տունը:

Անծանոթը մտածության մեջ ընկավ. ինքը տանել, հասցնել վիրավորին իր հոր տունը չէր կարող, որովհետև այն ժամում նա ուրիշ ավելի կարևոր, ավելի անհրաժեշտ հոգսեր ուներ, իսկ այնպես անխնամ թողնել նրան, նույնպես չէր կարելի: Վիրավորը, կարծես, նկատեց անծանոթի մտատանջությունը և ասաց նրան.

Այդ անտառների, այդ մացառների մեջ անկարելի է, որ մեր զինվորներից չգտնվեն. աղետալի կռվից հետո մնացածները ցրիվ եկան այդ լեռների ծմակներում: Իմ մոտ այնքան ձայնի ուժ չէ մնացել, որ կարողանամ կանչել նրանց: Դուք միայն ձայն տվեցեք «Բեկ», նրանք որտեղ որ են, կհայտնվեն, այս մեր այս գիշերվա նշանաբանն է:

Անծանոթը թողեց վիրավորին, բարձրացավ մի ժայռի վրա, և մի քանի անգամ իր սուր, ձգական ձայնով կրկնեց նշանաբանը: Ծառերի միջից հայտնվեցան երկու հոգի:

Տարեք ձեր զորապետին, որտեղ ինքը ցանկանում է, — ասաց նրանց, ցույց տալով վիրավորին:

Նրանք մոտեցան և գրկեցին զորապետին:

Ես չի պիտի գիտենամ, թե դուք ո՞վ եք, — հարցրեց վիրավորը, — որ ձեր երախտիքը անմոռաց պահեմ իմ սրտում:

Ես անուն չունեմ, — պատասխանեց անծանոթը. — ինձ կոչում են իմ կարգի անունով. ես մի դերվիշ եմ:

Դերվիշը հեռացավ և շարունակեց գնալ Արծվանիկի ճանապարհով:

Կռիվը սկսվեցավ վաղ առավոտյան, Եղվարդ գյուղի մոտ, Նարգիզների դաշտում: Մելիք Ֆրանգյուլի գլխավոր դավաճանությունը նրանումն էր, որ նա թշնամու ուժերը անհամեմատ շատ փոքր էր ցույց տվել Թորոս իշխանին: Մինչև անգամ թաքցրել էր, որ Աղասի խանը (Ֆաթալի խանի կրտսեր եղբայրը) իր առանձին զորախմբով պիտի օգնե եղբորը: Այսուամենայնիվ, հայոց զորքերը աներևակայելի հերոսությամբ կռվում էին, թեև թվով տասնապատիկ փոքր էին, քան թշնամու զորությունը:

Դերվիշը, գալով պատերազմի դաշտը, խիստ վաղ հայտնեց Թորոսին մելիք Ֆրանգյուլի խաբեության մասին, բայց իշխանը չհավատաց նրա խոսքերին և պատասխանեց.

Եթե նա կդավաճանե ինձ, ես դարձյալ մի մեծ կորուստ չեմ ունենա. շատ-շատ այդքան միայն կարող է անել, որ իր երկու հազարով կանցնե թշնամու կողմը:

Թորոս իշխանը իր զենքի հաջողության արբեցության մեջն էր գտնվում: Ոչինչ չէր վհատեցնում նրան, ոչինչից երկյուղ չուներ, երբ նկատում էր, որ մահմեդականների բազմությունը, հունձքի որաների նման, հազարներով տապալվում էին հայոց սրերի և գնդակների առջև:

Աղասի խանը, վերք ստանալով, սպանվեցավ: Նրա զորախումբը, որ բաղկացած էր ավելի քան ութ հազար հոգուց‡, մեծ մասամբ ջարդվեցավ: Ոչ սակավ ջարդվեցան և Ֆաթալի խանի զորքերը. նրանք սկսեցին հետզհետե տեղի տալ կռվի դաշտից:

Իր երկու հազարով կռվում էր մահմեդականների հետ և մելիք Ֆրանգյուլը: Նա բռնլ էր մի առանձին ամուր դիրք, որտեղից հարձակումներ էր գործում: Նա բավական հեռու էր հայոց զորաբաժիններից, այդ պատճառով ոչ ոք չէր նկատում, որ նրա զինվորները առանց գնդակների, դատարկ հրացաններ էին արձակում թշնամու վրա:

Երեկոյան պահուն, երբ արեգակը մայր մտնելու մոտ էր, պարսիկները բոլորովին կոտորված, սկսեցին փախչել: Հայոց զորքերը հետամուտ եղան և հալածում էին նրանց: Այդ առիթ տվեց ուշադրություն չդարձնել այն հարմար դիրքերի վրա, որ սկզբից բռնել էին հայերը: Նրանք բարձրություններից իջան նեղ դաշտի մեջ, որ երկու կողմից սեղմված էր լեռներում: Այդ միջոցին դավաճանը կատարեց իր չար դիտավորությունը:

Երբ պարսիկները փախչում էին և հայերը հալածում էին նրանց, ետևից վրա հասավ մելիք Ֆրանգյուլը և սկսեց հայերին ջարդել: Նույն ժամանակ հետ դարձան և փախչող պարսիկները, երկու կողմից հայերին մեջտեղ առեցին, սկսվեցավ սարսափելի կոտորածը: Տեղի դիրքը նպաստեց նրանց, որովհետև դա մի նեղ դաշտ էր, ինչպես ասեցինք, երկու կողմից սեղմված լեռներով, իսկ առջևից և ետևից բռնված էր թշնամու զորքերով: Հայերը մնացին երկու կրակների մեջտեղում: Մի կողմից պարսիկները, իսկ մյուս կողմից` մելիք Ֆրանգյուլը իր նման հայերով...

Կոտորածը դեռ շարունակվում էր, մինչև գիշերային խավարը բոլորովին պատեց կռվի դաշտը:

Ինքը Ֆաթալի խանը վերք ստացավ. նրա եղբայր Աղասի խանը սպանվեցավ: Սպանվեցավ և հայոց զորքերի գլխավոր հրամանատարը` Թորոս իշխանը: Այդ հզոր առյուծի ամբողջ մարմինը պատած էր վերքերով, բայց դեռ կռվում էր: Նա ընկավ քաջի և հերոսի մահով:

Հայոց մյուս զորապետներից Մելիք-Փարսադանյան Բալին վերք ստացավ պարանոցի վրա (դրան տեսանք մենք): Իշխան Ստեփաննոս Շահումյանը գերի բռնվեցավ: Նրա ձին գնդակահար լինելով, ցած ընկավ և տակով արեց իշխանին. այդ միջոցին պարսիկները վրա հասան և գերեցին նրան: Զորապետներից ազատվեցավ Մելիք-Նուբարը, որը միայն հազար և չորս հարյուր հայ զինվորների հետ ողջ մնաց սարսափելի կոտորածից...§:

ԼԵ

Ֆաթալի խանը նույնպես վիրավորված էր: Մելիք Ֆրանգյուլը կռվի դաշտից նրան համարյա ձեռքի վրա տարավ մինչև իր ամառանոցը: Երբ վիրաբույժները հավաքվեցան, քննեցին վերքը և հայտնեցին, որ վտանգավոր չէ, այն ժամանակ միայն մելիք Ֆրանգյուլը հանգստացավ, և արտասուքը սրբելով, աստծուն փառք տալով, հեռացավ հիվանդի մահճի մոտից:

Երկու օր էր, որ նա իր տանը չէր եղել. շտապում էր տուն գնալ, որ իր բարեկամների հետ տոնե իր այն օրվա անարգ հաղթությունը: Նրա սև ջորին, երկու շաթրները, գզիր Համբարձումը, խանի ամառանոցի դռանը կանգնած, սպասում էին նրան: Նա դուրս եկավ, նստեց ջորու վրա և դիմեց իր ամրոցը, որ շատ հեռու չէր:

Գիշերից բավական անցել էր: Լուսինը երբեմն մտնում էր ամպերի կտորտանքի տակ և ավելի թանձրանում էր գիշերային խավարը, իսկ երբեմն դուրս էր գալիս և իր գունատ լույսը թափում էր լեռների, բլուրների մթին կատարների վրա: Ձորերը մնում էին խավարի մեջ. նրանց մեջ արևի լույսն անգամ չէ թափանցում:

Մելիք Ֆրանգյուլը բախտավոր, և իր ըղձալի նպատակին հասած մարդու անսահման բերկրությամբ, քշում էր իր ջորին: Նրա առջևից և ետևից գնում էին երկու անբաժան շաթրները, իսկ կողքից գնում էր գզիր Համբարձումը: Ճանապարհը դարիցած էր և սաստիկ քարքարոտ: Ջորին որքան և սովոր էր լեռնային երկրի խոչընդոտներին, դարձյալ դժվարությամբ էր կարողանում ոտք փոխել: Երբեմն իր երկար, կախ ընկած ականջները ցցում էր նա, և խրտչելով հետ-հետ էր քաշվում: Ի՞նչեր էին երևում նրա աչքերին, հայտնի չէր: Եթե նա Բաղաամի էշի նման մարդկային լեզվով խոսեր, գուցե մի բան կասեր: Բայց գզիրը նրա խրտչելի պատճառը բացատրեց նրանով, որ ճանապարհի աջ և ձախ կողմերում բարձրացած ծառերի, թուփերի և մացառների միջից երբեմն երկչոտ նապաստակն էր վազում, երբեմն կիսաքուն թռչունն էր թռչում, վախեցնում էին հիմար անասունին:

Այդպես է, — ասաց մելիքը, — իմ ականջներին էլ, կարծես թե, մի քանի անգամ խշխշոցի ձայներ դիպան այդ ծառերի միջից:

Թե այսպես, թե այնպես, ընթացքը բավական դանդաղ էր առաջ գնում, և այդ առիթ էր տալիս մելիքին խոսել իր գզիրի հետ:

Երբ մարդիկ սաստիկ ուրախ են և լավ տրամադրված, խոսակիցների մեջ խտրություն չեն դնում: Մինչև անգամ ամենամեծ մարդիկը պատրաստ են, եթե իրանց հավասարը չգտնվի, ամենաստոր սպասավորների հետ մասլահաթներ անել: Բայց գզիրը մելիքի մտերիմներից մեկն էր: Խոսում էին այն օրվա կռվի մասին: Մելիքը հարցրեց.

Ես մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ եղավ Թորոսի դիակը. որքան պտռել տվի, գտնել չկարողացա: Ես նրա մարմինը պիտի կտոր-կտոր անել տայի:

Հենց այդպես էլ եղած էր, մելիք, միամիտ կացեք, — պատասխանեց գզիրը դիվական հրճվանքով: — Ես իմ աչքերով տեսա, ամբողջ մարմինը պատած էր վերքերով: Այդ մարդը, ճշմարիտ ասած, երկաթի մարմին ունի. այնքան վերքեր ստանալուց հետո, դարձյալ քաջությամբ կռվում էր: Եթե գլխիցը գնդակով չզարկեին, գուցե չէր սպանվի:

Բայց մարմինը, մարմինը ի՞նչ եղավ, — դարձյալ հարցրեց մելիքը:

Երբ ընկավ, թիկնապահները իսկույն վեր առին, — պատասխանեց գզիրը:

Ո՞ւր տարան:

Հաջորդ էջ