Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Հաջորդ Վերջին

ԱՐԳՈ ԲԱՐԵԿԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱԹԱՆՅԱՆՑ

Ձեր վերջին նամակը, որ գրված էր մարտի 7-ին, կարդացի կարի ուրախությամբ: Շնորհակալ եմ. աշխատել եք հասցնելու «Աղթամարա վանքը» մեր մի հատված բանը Մոսկվա պատվելի Նազարյանցին, որ կարդացի «Հյուսիսափայլի» թերթերու մեջ: Դարձյալ շնորհակալ եմ պարոն Նազարյանցեն առավել հույժ պատճառ, պատվել է մեր գրվածքը տպելով յուր պատվական օրագրի մեջ, մանավանդ մշակելով նորա թերությունքը:

Այս նամակի ծոցումը կստանաք մի քանի ոտանավոր բաներ, որոնք մեր սեփական աշխատությանց պտուղներն են: Սուրբ գիրքը կարդալու ժամանակ, տեսնելով շատ հարաբերություն ունին դոքա մեր ազգի այժմյան վիճակի հետ, մանավանդ, կարող են փոքրիշատե ներգործել, ազդել նորա բթացած, թմրած, մարմին դարձած հոգու վերաախորժել եմ աշխարհաբար թարգմանել, ոտանավորի ձևով: Խնդրում եմ, այս ոտանավորները նույնպես անկորուստ հասուցանել պարոն Նազարյանցի ձեռքը. թե կամի կարող է տպել յուր օրագրի մեջ (չկարծեմ, որ նորա օրագրի ախորժակին ընդդեմ գտանվին): Ոտանավորներու հետ անպատշաճ չեմ համարում ուղարկել պարոն Նազարյանցին այս իմ առ Ձեզ գրված նամակը. պատճառ, նա կարող էր տեղեկություն ստանալ այն խոսքերեն, որ ես դրած եմ Ատրպատականի միսիոնարներու մասին:

Արդեն61 թվականի 5-րդ ամիսն է. բայց «Հյուսիսափայլի» տետրակները տակավին հասած չեն ինձ. կասկածում եմ, չիցե թե օրագիրը դադարած լինի: Եթե այս տարի նույնպես բաժանորդ եմ գրված, կարող եք գրել պարոն Նազարյանցին, որ ինձ հասանելի ամսատետրակները Թաբրիզ ուղարկե աղա Գալուստ Շերմազանյանի տետրակների հետ. կամ թե իմ անվամբ ուղարկե Թաբրիզու նամակատունը. այն տեղից գերաստիճան Հովսեփ խանը, նամակատան մեծավորը, անկորուստ ինձ կհասուցանե:

Դուք պահանջում եք ինձանից Ատրպատականի միսիոնարներու մասին Ձեզ տեղեկություն տալ, որով կկատարեմ Ձեր խնդիրը: — Այժմ ես Ուրմիա քաղաքումն եմ. այստեղ է ամերիկյան պրոտեստանտ առաքյալներու և հռովմեական լազարիստյան միաբաններու բոլոր կարողությանց կենտրոնը: Հիշյալ քարոզիչները, Ուրմիա լճակի արևմտյան ափերում, գտան մի կորած, վերջին ռամկության մեջ ընկած ազգ, որք վարվում էին մի խավար աստվածապաշտպանությամբ, որ առավել նսեմացած էր. Նեստորի վարդապետությամբ. — դոքա էին ասորիքը. — մի հին հոյակապ ազգի մնացորդք: Հաջող միջոցները, այլև երկրի պատեհ հանգամանքը շուտով ձեռնտու եղան նորեկ առաքյալներուն առավել հեշտությամբ և առավել սրընթաց առաջ տանելու յուրյանց գործը: — Դոքա էին. — ա. բարեխնամ տերության ազատ թույլտվությունը. բ. ասորաց նյութական անկարողությունը և յուրյանց իշխաններից ունեցած անտանելի բռնությունըմյուս կողմից եվրոպացի առաքյալներու (մանավանդ ինգլիզներու) դրամացի և տերության կողմից պաշտպանությունը. գ. ասորոց, իբրև մի երեսե ընկած ազգի ստրկական փոփոխամտությունը, և նոցի խորին տգիտությունը յուրյանց առանձին դավանության. դ. ազգի ընկնիլը վերջին հուսահատության մեջ հալածանքի երեսից, և Եվրոպայի մարդիկը տերությունից մեծ պատիվ ունենալով և նոցա հետևողքը ամենայն մասամբ պաշտպանված լինելով և այլն, և այլն:

Հռովմեական քահանաները, թեպետև առաջք ոտք կոխեցին Պարսկաստանի հողի վերա (իբրև 35 տարի առաջ), բայց հառաջադիմությամբ կարի հետ մնացին պրոտեստանտներեն: Նոքա հազիվ թե կարողացան Ուրմիո քաղաքի և գյուղորեից մեջ ձեռք բերել 200 տուն (գերդաստան) անունով կաթոլիկ պապադավաններ. և Սալմաստ նահանգում` մինչև 300 տուն: Թեպետ կարող էին ավելի առաջադեմ գտնվել քան պրոտեստանտները. պատճառ. կաթոլիկական քարոզությունքը առավել հարմարություն ունեին ժողովրդի ընդունակության հետ. մինչ դորա հակառակ, պրոտեստանտներու քարոզությունքը փշի նման ծակոտում էին ծիսապաշտ ժողովրդի սիրտերը:

Լուսավորության մասում հռովմեական քահանայքը ոչինչ օգուտ չարդյունավորեցին յուրյանց նոր կրոնափոխ ժողովրդին. միայն թե ասորի ազգի առաջուց աստվածացրած սնապաշտության տեղ սովորեցրին պաշտել մի նոր աստված, պապը: Այժմ կաթոլիկները որպես Ուրմիում, նույնպես և Սալմաստում Խոսրովյո գյուղի մեջ ուսումնարաններ ունին երկու սեռ մանուկ մարդերի համար: — Որոց մինի մեջ ուսուցանում են քահանայքը տղամարդերին, իսկ մյուսի մեջ ֆրանսիացի կուսանք աղջիկներուն: Բայց մինչև այսօր, մի մասնավոր կրթություն ունեցող մարդ չէ դուրս եկել նոցա վարժարաններից: Այն չեմ կարող ուրանալ, որ դուրս եկել են տիրացուներ, որք գիտեն անգիր մի քանի սերտած եկեղեցական աղոթք և մի քանի հատուկտոր բառեր ֆրանսերեն: Եվ աստվածաբանությունից մի քանի թույլ փաստեր, որով հակաճառությանց մեջ, կարող էին մի հայ տգետ քահանայի դեմ, հաստատել Պետրոսի գլխավորությունը առաքյալներու վերա, սուրբ պապի, նորի հաջորդ լինելով, բոլոր քրիստոնեից վերա, այս աշխարհում աստվածանալու կարողություն ունենալը. մանավանդ երկնքում արքայության դռնապան լինելը և դժոխքի մեջ Կերբերոսի պաշտոն կատարելը:

Հետին ժամանակներում, երբ 3 տարի առաջ (իհարկե հայերը կրոնափոխ առնելու համար) Վիեննայի սուրբ Ղազարու միաբաններից Սալմաստ եկան երկու վարդապետներհայր Մովսեսը և հայր Կղեմես Սիբլլյանը, ընթերցող հասարակության ծանոթ, հնագետ և դրամագետ անձն: Դոցա գալուստը սկզբում խիթալի էր, շատ վտանգավոր երևեցան հասկացող աչքերու. բայց վերջում համարյա բոլորովին անարդյուն եղան: Պատճառ, նոքա ոչ մի հայ չկարողացան մոլորեցնել յուրյանց երևելի հայ ազգի և հայ կրոնավորների անունով (որպես սկզբում վարվում էին): Շուտով հեռացան նոցանցից նոցա հետևող մի քանի թեթևամիտ գյուղացիներ, երբ հասկացան նոցա չար դարանագործությունը:

Միսիոնարները մինչև այսօր ոչ մի հայ չեն կարողացել Ատրպատականի մեջ կրոնափոխ առնել: Այստեղ ավելորդ չեմ համարում ծանուցանել ձեզ գլխավոր պատճառը. և գուցե ընդունեք: Առաջին, հայերը Պարսկաստանի մեջ կորած չեն, պահպանում են յուրյանց ազգային իրավունքը, ունենալով յուրյանց հոգևոր առաջնորդ սուրբ Էջմիածնա աթոռից, որ մեծ պատիվ, մեծ իշխանություն ունի, թե՛ տերության կողմից և թե՛ իր վիճակավոր ժողովրդի վերա: Երկրորդ, առավել վճռական է այս տեղու հայերի տգիտությունը. թե բացի հայից ոչ մի ազգ քրիստոնյա չէր. ինգլիզ, ֆրանկ, կաթոլիկ անուններր լսում են որպես հեթանոսների: Հայ ազգանունը համարում են կրոնական անուն, որ մնացել էր Քրիստոսից. ո՛վ հայ չէ՛, և քրիստոնյա չէ՛, ա՛ռ քեզ տգիտության կարծիքը, որ առավել օգտավետ գործ է կատարում, քան թե գիտությունը այս տեղում:

Այսքանս բավական է կաթոլիկներու մասին. այժմ խոսենք պրոտեստանտներու: Ամերիկացի առաքյալները, այդ քրիստոնեական հավատքի ժրաջան մշակները, մեծ գործունեության մեջ են: Կարծեմ նոքա ո՛չ մի տեղում, ո՛չ մի ազգի մեջ այդչափ սուղ ժամանակում (20 տարու միջոցում) չկատարեցին այն հրաշալի առաջադիմությունը, որպես Ուրմիայի նահանգումը, ձեռք բերելով մինչև 2000 գերդաստան պրոտեստանտ ժողովուրդ, բայց որպիսի ժողովուրդ յուրյանց դավանության մեջ կարի ուսյալ և կրթյալ ժողովուրդ:

Սըրռ սարի լանջանցը վերա (այս անունով գյուղի մեջ) այն, յուր դրությամբ հիանալի ամառանոցումը, որ չէ Ուրմիա քաղաքից ավելի հեռի քան 10 վերստ, պրոտեստանտները ունեն յուրյանց գլխավոր ճեմարանը: Նորա մեջ մտնում են այն աշակերտները, որք գյուղերու մասնավոր վարժարաններում նախապատրաստված էին: Գլխավոր ճեմարանը Սըրռի պարունակում է յուր մեջ այնքան ուսման ընթացք, որքան է մի եվրոպական գիմնազիոնի գիտությանց ամբողջ կուրսը, միայն թե այստեղ աստվածաբանական և ճարտասանական մասին շատ հմտանում են աշակերտները, որ այսպես լինի ճարտարախոս քարոզիչք աստծո բանին: Մանավանդ յուրյանց հին և նոր քիլդունի լեզուն, ավելի հարակցություն ունելով աստվածաշնչի բնագրի լեզվի հետ, առավել ծանոթանում են հին կտակարանին: Բայց մի քանի աշակերտներ միայն, մինչև այսօր սովորել են անգլիերեն, թեպետ շատերը ախորժակ ունին սովորելու, բայց չեն կամենում ուսուցանել ամերիկացիքը. ըստ որում այժմյան տերությունը մեծ կարոտություն ունենալով եվրոպական լեզուների հմուտ անձերի, շուտով թարգմանչի պաշտոն է տալիս այնպիսիներին, որք գիտեին մասնավոր ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն և այլն: Եվ անգլիացիք յուրյանց աշակերտները, յուրյանց գործին պիտանի կացուցանելու համար կրթում են նորանց ասորաց նոր բանախոսությամբ: Քաղաքի մեջ է մի այլ գլխավոր ճեմարան աղջիկներու համար, ուր ուսուցանում են ամերիկացի կանայք: Նորա մեջ ընդունվում են այնպիսի աղջիկներ, որք նույնպես նախապատրաստված էին գյուղերում մասնավոր աղջկանց վարժարանների մեջ: Աշակերտուհիքը, ուսումն ավարտելուց հետո, պսակվում են Սըրռի աշակերտների հետ, այնուհետև կամ պաշտոն են ստանում գյուղերու մեջ վարժապետության և կամ քարոզչության:

Սըրռ քաղաքի մեջ, աղջկանց ճեմարանի մոտ միսիոնարների տանումը, է և մի փառավոր տպարան ամենայն հարկավոր պարագայոք, նորանում տպվել են մինչև այսօր սուրբ գրքի քանի-քանի տեսակներ և այլ զանազան գրյանց ասորոց աշխարհաբար լեզվով: Նորանում ամիսը մի անգամ տպվում է և մի օրագիր ասորերեն. «Զարիրըդ բարայ» (լուսավորության արշալույս) անունով:

Տարակույս չկա, որ ամերիկացիք մի փոքր ժամանակից հետո ձեռք կբերեն բոլոր Ուրմիո նահանգի ասորիքը. պատճառ, վերացել են նոցա հին կրոնքի պաշտպանողքը: Նոցա հին րաբիները, բոլորեքյան այժմ պրոտեստանտներից ռոճիկ են ստանում: Թեպետ ազգի մի քանի հարուստներ գլուխը կտրած օձի մարմնի նման շարժվում են. բայց նոքա ևս շուտով կդադարին:

Այժմ սկսել են պրոտեստանտները քարոզել գավառի, Նավաչայի, Դիեարի, Տխուբի սարերում նուլոներին, որք նույնպես ասորիք են լեռնաբնակ: Տարակույս չկա, որ շուտով կանցնեն և Ճուլամերիկ մինչև Մոսուելի բերանը:

Այժմ կա այստեղ ինն ամերիկացի միսիոնարներու տուն, որոց մինը է ձրի բժիշկ և քարոզիչ, մինը` տպագրապետ, մյուսները վարժապետ և քարոզիչ: Բացի դոցանցից 2 տուն վարժապետուհիք, որք դաստիարակում են աղջիկները:

Ավելորդ չեմ համարում մի քանի խոսք գրել ասորոց այժմյան կաթողիկոսի վերա: — Ասորաց այժմյան կաթողիկոսը է Մար Շիմոնը (Տեր-Սիմոնը). դա նստում է այժմ Կոճանիս գյուղում, Տիար-Տխուբ նահանգի մեջ, որից կազմվում է Նըհել գետի հովիտը: Մար Շիմոնը 10 տարի առաջ, քանի օսմանցիք չէին տիրապետել այն կողմերին (քուրդերի անկախության ժամանակ) յուր քաջ ճուլո ցեղի օգնությամբ, բացի յուր կաթողիկոսական աթոռը հաստատուն պահելուց, պաշտպանում էր և յուր ազգի անկախությունը, որով էր հոգևոր և մարմնավոր առաջնորդ յուր ցեղի համար: (Գուցե ժամանակի շատ խորին հնությունից մինչև 10 տարի առաջ այսօրինակ կառավարում էին վայրենի ճուլոները յուրյանց հոգևոր առաջնորդներու ձեռքով): Բայց երբ օսմանցիք նվաճեցին Քուրդիստանու տիրող աշիրաթները (իշխանները), չհնազանդվող Մար Շիմոնը պատերազմեցավ Բադրխանբեկի հետ և հաղթվեցավ, թշնամին կողոպտեց կաթողիկոսի տունը և նորա ցեղը: Մար Շիմոնը հուսահատված Ուրմի եկավ, յուր ազգից չգտավ այն առաջին պատիվը: Պրոտեստանտյան հոգին ո՛չ միայն Մար Շիմոնին, այլև նույն ինքն մեծ Նեստորին մոռացման մեջ էր ձգել: Առժամանակ Ուրմի մնալուց հետո, բոլորովին հուսահատված, կրկին վերադարձավ դեպի յուր երկիրը, այս մի քանի խոսքը ասելուց հետո. «Ես խնդրում եմ ձեզանից, որ պինդ կենաք ձեր առաջին դավանության վերա, բայց երբ կամիք կրոնափոխ լինել, մի՛ լինիք պրոտեստանտ. կամ հայ եղեք, կամ ֆրանկ և կամ ռուս»: Բայց Լութերի հոգին հաղթող է, նորա կտակը չկատարվեցավ: Մար Շիմոնը այժմ կենդանի է. բայց օսմանցոց հպատակ իր ցեղովը հանդերձ, վերջին հուսահատության մեջ է. նա հոժար է յուր ազգի մնացորդը կամ խառնել հայոց հետ և կամ ռուսաց: Ատրպատականի առաջնորդ հանգուցյալ Սահակ եպիսկոպոս Սաթունյանի ձեռքով քանիցս անգամ այդ մասին նամակագրությունք են եղել դեպի Էջմիածնա աթոռը, բայց ո՛ւր այդպիսի սրբազան ձգտողություն հայերու կողմից... Էջմիածնա վարդապետները թմրած են զեխության հրապույրներով...: Բայց ռուսերից քահանայք եթե գալու լինեն այս կողմերս, քանի կենդանի է Մար Շիմոնըշատ շուտով կարող են յուրացնել բոլոր ասորաց մնացորդները, մանավանդ, որ ազգը շատ հակամետ է դեպի ռուսաց կողմը:

Այսքանս բավական է, գուցե դորանով կբավականանա Ձեր հարցասիրությունը: Ուրիշ ժամանակի եմ թողնում Ձեզ գրել, արդյոք Ատրպատականի հայերը ևս մի ժամանակ կենթարկվե՞ն միսիոնարաց ազդեցությանը, թե միշտ կպահպանեն յուրյանց հայրենական կրոնը:

Մի բան, որ գրած եք Ձեր եղբոր մասին, չեմ կարող հանձնառու լինել: Ես ինքս ձանձրացել եմ այն առևտուրից, որ Թիֆլիսում կատարում ենք. պատճառ, ունի նեղություն չափից դուրս, բայց վաստակը կարի սակավ: Մտադիր եմ Պոլիս գնալ, որ Պոլսից դեպի Թաբրիզ եվրոպացոց մանուֆակտուրայի առուտուրք առնեմ:

Քանիցս անգամ Ձեզ գրած եմ, այժմ կրկնում եմ, որ մի քանի հատ ռուսերեն ընտիր թարգմանությունք, մանավանդ ռոմանս, իմ համար ուղարկեք. թե Մոսկվա կամ Ս. Պետերբուրգ բարեկամ ունիք, կարող են առնուլ, իսկ նոցա գինը որքան էլ լինի կգրեմ Թիֆլիսուց, անհապաղ Ձեզ հասուցանեն: Այս պահանջում եմ, որովհետև կասկածում եմ, այս տեղում ռուսաց լեզուն ամենևին անգործածությունից մոռանալ: Մնաք բարև:

Ձեր Հ. Մ. ՄԵԼԻՔ ՀԱԿՈԲՅԱՆՑ

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ

Հավասարության և ազատության Հարցը կանանց սեռի քանի դար առաջ սկսավ մշակվել քաղաքակիրթ ազգերի մեջ, և վերջապես ներկա դարու առաջին կիսաբաժնում նա իր լուծումն ստացավ նորանով, թե կինը մարդկային կյանքի մի անդամն է, ուրեմն և պիտի լինի բաժանորդ նորա իրավունքներին:

Բայց թե մինչև ո՛ր աստիճան իրագործվեցավ այդ հարցի վճիռը լուսավոր Եվրոպայի և Ամերիկայի մեջ, մենք թողնում եմք դորա վրա խոսելը, միայն կասեմք մի քանի խոսք, թե որպիսի ընդունելություն գտավ նա հայերի կյանքում:

Արդարև, մի քանի եվրոպական քաղաքներում, որոնց թվումն է և Թիֆլիսը, հայերի ընտանեկան կյանքը նոր կերպարանք ստացավ:

Որպիսի՞:

Հայը դուրս բերավ հարեմի դարավոր բանտարկությունից յուր կինը, նա ձգեց նորա երեսից ծածկապահության քողը, նա թույլ տվեց նորա լեզվին խոսել և մտածել օտարների հետ: Եվ սիրախնդիր տղամարդը, որո համար հայ կինը մի ծածկյալ գանձարան էր, պատիվ ունեցավ հանդիպել նորան թատրոններում, պարահանդեսներում, փողոցներում և ամենայն զբոսարաններում:

Բայց հին հարեմային դրության կուսակիցները դեռ ո՛չ բոլորովին անհետացած էին: Ամեն գերդաստանում մի ծերունի պապա, կամ մի պառավ մամա, սկսան խորթ աչքով նայել մի այդպիսի նոր երևույթի վերա: Նոքա բողոքեցին այդ ընտանեկան հեղափոխության դեմ, կոչելով նորան լրբություն, շռայլություն, անամոթություն, մի խոսքով, անբարոյական մոլություն:

«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան, հերքեց նոցա բողոքը, մի քանի փաստերով, թե դուք փտած մարդիկ եք, դուք կուրացել եք հնամոլության նախապաշարմունքներով, դուք մեղանչում եք հավասարության և ազատության սկզբի դեմ...

Կուսակցություններ կազմվեցան: Ընտանեկան պատերազմը սկսվեցավ: Այդ պատերազմը անխզելի կերպով շարունակվում է մինչև այսօր և գուցե ընդ երկար տևելու է ապագայում...

Բայց ո՞ր կողմին պետք է արդարության իրավունքը տալ:

Ո՛չ առաջինին և ո՛չ երկրորդին:

Երկուքն էլ ունեն յուրյանց սխալ կողմերը:

Արդարև, ծերունի պապայի, այդ գերդաստանի պատրիարքի, արթուն աչքը անդադար հսկում է յուր ընտանիքի վերա: Նա համարձակ մուտք չի տալիս սիրախնդիր երիտասարդին սողալ յուր գերդաստանի սրբարանում և կոկած, սերտած, օտարազգի բառերով քաղցրախոսել, սեթևեթել յուր օրիորդ թոռնիկին, յուր մանկահասակ հարսի հետ, և խելքից հանել նորանց: Այդ պատճառով, երիտասարդը վշտանալով հեռանում է հայի գերդաստանից, նա այլևս չէ դառնում այնտեղ, որովհետև ծերունու հեքիաթները նորան դուր չէին գալիս, որովհետև նորա ընտանեկան շրջանի երևույթը համապատասխան չէր նորա նպատակներին, և ոչ գոհացուցիչ նորա կրքերին ու պահանջմունքներին...

Կրթյալ երիտասարդությունը պահանջում է հեռացնել, յուր կարծիքով, այդ ծերունի կերբերոսները. անհետացնել նոցա իշխանության բռնաբարությունը և կատարյալ ազատությունը ներս տանել հայ ընտանիքի մեջ:

Շատ լավ:

Մենք նպատակ չունեմք վիճել ազատության սկզբի դեմ: Միայն կրկնում ենք, թե մենք արդեն տվինք փոքր ի շատե ազատություն մեր կնիկներին, բաց արինք նորա առաջև հարեմի փակված դուռը, և թույլ տվինք նորան հրապարակ ելանել իբրև մարդ, իբրև մարդկային անհատական իրավունքների բաժանորդ:

Բայց կինը ինչո՞վ արդյունավորեց այդ առանձնաշնորհությունը:

Նա հանդիպեցավ մեր կյանքի ասպարեզում, ոչ իբրև մարդը, — գործունյա, աշխատավոր և կարեկից յուր տղամարդի հոգսերին, այլ որպես խրձիկ, կուկլա, զուգված, զարդարված մոդնի մագազինների պաճուճանքներով, և յուր դեմքը խարդախած արվեստական գեղերով...

Նա եղավ յուր տղամարդի համար մի նոր տանջանքի մեքենա, մի նոր հոգածության առարկա: Նա գերի արեց յուր տղամարդին, որ առաջ նորա վերա իշխում էր, որո ինքը առաջ ստրուկն էր:

Արևելյան կյանքի մեջ, ուր հայ կինը դեռ ապրում է նահապետական շրջանում, ուր նա (որպես ոմանք մտածում են...) դեռ ստրուկ է յուր տղամարդի և տան ծերունիի կամքին, կինը ոչ միայն անկեղծ մաքրությամբ պահպանում է յուր բարոյական սրբությունը, այլ նա բաժանորդ է լինում յուր տղամարդի հոգսերին, նորա զբաղմունքներին, նա յուր տղամարդի հետ լծորդաբար կրում է յուր վերա ընտանիքի ապրուստի պիտույքը հաղթահարելու հնարները:

Այնտեղ կինը կուկլա չէ, և ոչ կրթյալ երիտասարդության ցնորքների առարկա: Այնտեղ կինը ժիր և գործունյա տանտիկին է: Նա թխում է յուր զավակների համար հաց, եփում է նոցա համար կերակուր, լվանում է նոցա լվացքը, կարում է նոցա հագուստը: Նա օգնում է յուր տղամարդին նորա հողերի մշակության մեջ, կալսում է նորա կալը, մաքրում է նորա ցանքերը ավելորդ խոտաբույսերեն: Նա օտար մարդի հետ գործ չունի: Նա յուր սերը, յուր սիրտը նվիրած է յուր ամուսնուն:

Բայց մեր քաղաքի ազատություն վայելող աղջիկ-պարոնը խոհանոցը չի մտնում, որովհետև կերակուր եփելու համար խոհարարներ կային, նա հաց չէ թխում, որովհետև կռո-փռնչին միշտ պատրաստ էր այդ պաշտոնը կատարելու, նա հագուստ չէ կարում, որովհետև այդ դերձակների գործ է:

Ուրեմն ի՞նչ է շինում նա:

Գիշերները վարում է զվարճությունների մեջ, զարթնում է ժամը տասին, շատ անգամ տասներկուսին, մի երկու ժամ հարկավոր են նորան լվացվել, հագնվել և հայելվո առաջ երեսը կոկել: Այնուհետև նա դուրս է գալիս փողոց, մագազիններին այցելություն գործելու, բուլվարները չափելու, պատերի վերա աֆիշաներ կարդալու և սիրուն տղերանց նայելու...

Ահա կանանց ազատության հետևանքը մեր կյանքի մեջ:

ՎՐԱՑ ԻՇԽԱՆԻ ԱՐՔԱՅԱԶՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԿՅԱՆՔԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Իշխան Ալեքսանդրի ժամանակը դեռ շատ չէ հնացել: Պարսկաստանում մինչև այսօր ծերունի ալևորներ հիշում են նորա պատմությունը: Եվ մեք, նյութեր քաղելով կենդանի ավանդություններից, կաշխատեմք տալ ապագային մի քանի տեղեկությունք նորա կյանքից:

Իշխան Ալեքսանդրի Պարսկաստան գնալու պատճառները այնքան հայտնի են ժամանակակից պատմագրությանը, որ մենք ավելորդ ենք համարում այդ մասին մի բան խոսել, միայն նա գնաց այնտեղ, երբ Ղեջարյան գահին տիրում էր Ֆեթհ-Ալի-Շահը: Շահից նա գտավ արժանավոր ընդունելություն, որ որոնում էր ապաստան մի այլ տերության մեջ:

Ֆեթհ-Ալի-Շահի հրամանավ Ապպաս-Միրզան, որ և կոչվում էր Նաիբուլ-Սալթանա, այսինքն` Շահի ժառանգը, և միևնույն ժամանակ Ատրպատականի կուսակալը, շնորհեց իշխան Ալեքսանդրին Սալմաստա գեղեցկադիր գավառում մի քանի գյուղորայք նորա կացարանի և ապրուստի համար: Այդ գյուղորայքից իշ. Ալեքսանդրը ընտրեց յուր բնակության համար Խոսրովիա անունով հայաբնակ և Ասորոց գյուղը, որ յուր այգևետ և ծառազարդ դիրքով, մաքուր ջրով և հստակ օդով, առժամանակ կարող էր մխիթարել նորանում Կախեթիայի բաղձանքները:

Խոսրովիայում իշխան Ալեքսանդրը շրջապատված էր այն վրացի տղամարդերով, որք ավելի քան հիսուն հոգի գաղթել էին նորա հետ: Նոցա թվում կային և մի քանի անձինք ազնվական տոհմից, որք իշխանի դժբախտության ժամանակ չհեռացան նորանից: Դոցա մեջ նշանավոր էին Ղարսաման-բեկ, Յոթան-բեկ, Մակա-բեկ, Աղա-բեկ, Րուստեմ-բեկ և այլն:

Ֆեթհ-Ալի-Շահը սիրում էր իշխան Ալեքսանդրին, նա շնորհեց նորան Վալիի Գուրջիստան տիտղոսը: Եվ Վալին տարենը մի անգամ Թեհրան էր գնում Շահի հետ տեսություն անելու, ուսկից դառնում էր նա թանկագին ընծաներով:

Ֆեթհ-Ալի-Շահը այնքան պատվեց նրան, որ մի անգամ, երբ նա ուներ մեծահանդես Սալամ (ընդունելություն) Նիգարիստանի այգիի ապարանքում, ընդունեց իշխան Ալեքսանդրին յուր ամենաբարձր դրանիկների թվում, խիստ փաղաքշական խոսքերով, և ընդունելության ծեսերն կատարվելեն հետո, Շահը հրամայեց նույն հանդիսի պատկերը նկարել ապարանքի դահլիճի պատի վերա, որո մեջ առաջին տեղը բռնում է իշխան Ալեքսանդրիի պատկերը1:

Երբ սկսվեցավ Պարսից և Ռուսաց պատերազմը, իշխան Ալեքսանդրը առանձին զորախմբով, որ կազմված էր պարսիկ, ղիզիլբաշ զինվորներից, և յուր հետ ունեցած ազնվական վրացի զորապետներից, Տաճկաստանի-Քուրդիստանի կողմից, օգնում էր պարսիկներին: Բայց, երբ նա լսեց Ռուսաց զորքերի հաղթությունը, նոցա Արաքսից անցնելը, Խոյ, Սալմաստ, Ուրմի և Թաբրիզ քաղաքների առնվելը, նա բոլորովին հուսահատվեցավ, նորա զինվորներն ցրվեցան, և ինքը մի քանի յուր հավատարիմներով դարձավ Տաճկաստանի Վան քաղաքը, ուր նա սպասում էր պատերազմի վերջին:

Թուրքմենչայի հաղթությունից հետո, երբ Ռուսաց զորքերը թողեցին Ատրպատականը, մի քանի ամիս անցնելով իշխան Ալեքսանդրը դարձավ Խոսրովիա: Բայց նա չգտավ այնտեղ յուր վրացիքը, նոքա Ռուսաց զորքերի հետ գաղթել էին դեպի Կովկաս:

Իշխան Ալեքսանդրի վիճակը այնուհետև նախանձելի չէր: Գլխավորապես այն պատճառավ, որ Շահի առաջին վեզիրը, Հաջի-Միրզա-Աղասին, այդ բնավորությամբ դերվիշ և մոլլայի կրթությամբ մոլեռանդը, որ յուր գուշակություններով կարողացել էր գրավել սնահավատ Շահի անչափ համակրությունը յուր գերբնական գիտության մասինայդ վեզիրը սկսավ վատ վարվել իշխան Ալեքսանդրի հետ: Նա կտրեց իշխանի հասույթները, որ ստանում էր կառավարությունից, և հետզհետե խլել նորանից Շահի նորան պարգևած գյուղորայքը:

Իշ. Ալեքսանդրը յուր հույսը կտրեց պարսիկներից, այն հույսը, որո մեջ խաղում էին նորա քաղաքական երևակայությունների երազները...

Բայց նորա գլխում հղացավ մի նոր երևակայություն:

Կովկասի վայրենի լեռնաբնակների քաջություններով միշտ հրապուրված իշխանը, Սալմաստա սահմանակից Քուրդիստանի լեռներում, Ջուլամերիկում, գտավ մի վայրենի ազգ, նույնպես քաջ պատերազմող և հանդուգն:

Այդ ազգը կրոնքով նեստորական, կոչվում էր Ջուլո, մի հին ցեղ ասորիներից, որք օգուտ քաղելով յուրյանց լեռների դժվար-մատչելի դրությունից, ժամանակի խորին հնությունից պահպանում էին յուրյանց անկախությունը, նորանց կառավարում էր յուրյանց եկեղեցական գլուխը, յուրյանց պատրիարքը, որ կոչվում էր Մար-Շիմոն (տեր Սիմոն), որդոց որդի ժառանգաբար տիրում էր գուցե սուրբ Սիմոնի գահին, միշտ յուրյանց վերա կրելով Շիմոն անունը:

Մար-Շիմոնը էր նույնը Ջուլամերիկում, ինչ որ Շամիլն էր Դաղիստանում, այսինքն` նա էր և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլուխը յուր ժողովրդի, նա Քրիստոսի խաչի հետ կրում էր և պատերազմական սուրը:

Իշ. Ալեքսանդրը մտածեց կցել մի բարեկամական կապ Մար-Շիմոնի հետ, գուցե օգուտ քաղեր նորա բազմաթիվ պատերազմող ջուլոներեն: Եվ այդ նպատակավ իշխանը պսակվեցավ Մար-Շիմոնի եղբոր, երեխայությունից կուսակրոնություն ուխտած դստեր հետ:

Բայց Իշխանի նպատակները չպսակվեցան: Որովհետև, երբ նա վերջին անգամ գնաց Թեհրան, մահը այնտեղ վախճան տվեց նորա բոլոր երևակայական նպատակներիննա մեռավ հետին աղքատության մեջ:

Նորա վերջին կտակը եղավ այն, որ յուր մարմինը տարվի Վրաստան, և այդ պատճառավ նորա դագաղը երկար անթաղ դրված էր Թեհրանի Շահ-Աբդուլ-Ազիմի դերվազայի հայոց եկեղեցումը: Բայց կտակը չկատարվեցավ: Եվ Յագուբ խանը նույն եկեղեցու գավիթում, դռան հանդեպ թաղեց իշխանի մարմինը:

Թեհրանում շատ քիչ մարդիկ գիտեն, թե հայոց եկեղեցվո դռանը դրած այն փառազուրկ և աննշան գերեզմանը ամփոփում էր յուր մեջ վրաց սպառված իշխանության վերջին նշույլները:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Հայերը, կորցնելով յուրյանց քաղաքական նշանակությունը, ենթարկվում են մահմեդական ազգերի իշխանության ներքո: Նոցա հայրենական հողը դառնում է օտարների կալվածք, իսկ իրանք նույն կալվածատիրոջ ստրուկները:

Անշահավետ պայմանները կալվածատիրոջ մշակների հետ ստիպում են նորանց թողնել հողը, թողնել երկրագործությունը և գաղթել դեպի քաղաքները:

Եվ այդպիսյավ հայերը հետզհետե յուրյանց բնակությունը կենտրոնացնում են մեծ մասամբ Տաճկաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի գլխավոր քաղաքներում:

Այդ քաղաքներում ընտրում են նոքա ավելի ազատ պարապմունքըվաճառականությունը: Հայերի ճարտարությունը այդ արհեստի մեջ շուտով երևան է լինում: Վաճառականությունը հաջողվում է նրանց, և նոքա գործում են մեծամեծ առաջադիմություններ:

Դորա պատճառն այն էր, որ հայերը յուրյանց կրթությունով և ուսմունքով ավելի բարձր աստիճանում գտնվում էին, քան այդ երկրների մյուս ազգաբնակությունները, որպիսի էինպարսիկները, թուրքերը, տաճիկները, հնդիկները և այլն:

Ուրեմն ասպարեզը բաց էր հայերի առջև: Եվ նոքա սկսում են առաջին դերը խաղալ ասիական վաճառականության մեջ:

Իսկ այդ բախտը երկար չէ տևում:

Ասիական վաճառականության արդյունաբերությունքը հրապուրում են եվրոպացիների շահասիրությունը: Եվ վերոհիշյալ երկրներում հայտնվում են անգղիացի, գաղղիացի, հույն և զվիցերիացի վաճառականների մեծամեծ տներ:

Ասել է, թե հայերի առևտրական ասպարեզում երևում են ավելի զորեղ ախոյաններ: Սկսվում է մրցությունը: Բայց հայերը չեն կարողանում դիմագրավել եվրոպացիներին և ընկճվում են: Եվրոպացիք խլում են նոցա ձեռքեն ասիական վաճառականության ասպարեզը:

Եվ բնականապես այդպես է լինում: Հաղթությունը միշտ մնում է զորեղի կողմը:

Մինչդեռ հայը առնում էր յուր ապրանքները երկրորդական և երրորդական ձեռքերից, հետզհետե թանկ նստեցնելով յուր վերա վաճառքի գները, եվրոպացին բերել էր տալիս նույնը ուղղակի նորա աղբյուրից, այսինքն նորա կենտրոնից, ավելի էժան գնով: Ուրեմն համեմատությունը վաճառքի մեջ, գների վերաբերությամբ, լինում էին զանազան: — Եվրոպացին կարողանում էր վաճառել յուր ապրանքը վաստակ շահելով, իսկ հայը վաճառում էր նույնը, կամ առանց վաստակի և կամ վնասով:

Հայերը չգիտեին եվրոպական լեզուներ, և ծանոթ չէին Եվրոպայում երևելի վաճառական տների և գործարանների հետ: Այդ պատճառով և չկարողացան ունենալ Նոցա հետ ուղղակի հարաբերություններ: Այդ հանգամանքներով, նոքա, ոչ միայն զրկվում էին ուղղակի Եվրոպայից ապրանքներ բերել տալու միջոցներեն, այլև ստիպված էին յուրյանց երկրի մշակության հում բերքերը վաճառել դարձյալ նույն երկրում գտնված եվրոպացիների վերա: Եվ այդպիսյավ ասիական վաճառականության երկու փոխադարձ ծայրերն ևս անցանում են եվրոպացիների ձեռքում:

Բացի անհմտությունը վաճառականության արհեստի մեջ, Ասիայում հայերի եվրոպացվոց հետ մրցություն անելու անկարողության գլխավոր պատճառներից մինն էլ այն էր, որ նոքա չէին այնպիսի մեծ դրամատերներ, որպես նոցա հակառակորդները, որոց ուժը կազմված էր մեծամեծ ընկերություններից:

Հայերի թուլության վերջին հանգամանքին կարող էին նպաստել նույնպես ընկերությունները, զանազան մասնավոր գումարներից կազմելով նշանավոր դրամագլուխներ:

Այդ հնարը նույնպես գործի դրվեցավ: Հայերի մեջ երևեցան զանազան ընկերություններ: Իսկ նոքա ոչ միայն եղան ապարդյուն, այլ յուրյանց գործը մի կամ երկու տարի վարելեն հետո տասն տարիներով սկսան միմյանց հետ դատ վարել, մինչ կարողացան բաժանվել միմյանցից:

Ի՞նչ էր դորա պատճառը:

Թեև շատերը հայերի անմիաբանությանն են վերաբերում այդ, իսկ ես պատասխանում եմ, — պատճառն էր նոցա գիտնական վաճառականության արհեստը չիմանալը և հաշվապահության կանոններին անտեղյակ լինելը:

Ահա այդպիսով, հայերը, լինելով մի ժամանակ գլխավոր ներկայացուցիչքը ասիական վաճառականության, սկսում են նորա երկրորդական դերը խաղալ, դառնալով եվրոպացի վաճառականների օգտին գործիք և նոցա շահերուն ծառա:

Երկաթուղու գիծը հասավ մինչև Թիֆլիս, և նա կգնա մինչև Կասպից ծովը: Կովկասը կլեցվի մի մեծ հոսանքով եվրոպացի շահախնդիրների: Նոքա կհայտնվին յուրյանց գիտությամբ, ճարտարությամբ և ամենայն ֆոկուսներով:

Կսկսվի մրցությունը և այստեղ:

Ի՞նչ պիտի անեն հայերը: Պատրաստվա՞ծ են նոցա հետ մրցելու:

Կարծեմ, ո՛չ:

Եթե հայը Կովկասում ևս կկամեր տեղի տալ օտարազգիներին յուր վաճառականության ասպարեզը, թող նա դաս առնե այն հանգամանքներից, ինչ որ պատահեցան նորա ազգայիններին Ասիայում:

Մենք պատմական կերպով ցույց տվեցիմք բոլոր պակասությունները, որք առիթ տվեցին հայերի հաղթվելուն: Թող Կովկասի հայերը լրացնեն այդ թերությունները:

Մենք կպարզեմք փոքր ի շատե մեր միտքը:

Մի հաստափոր Ճանճուր Իվանիչի մոտ աշակերտ դառնալով, նորա խանութը սրբելով, տանը միս, ձուկ և գինի տանելով, տանիցը ճաշ բերելով, և մի քանի տարի այս ծառայական գործերի մեջ պարապվելով, հետո նույն խանութի պրիկաշչիկ դառնալով, և մի փոքր գումար կազմելեն հետո, յուր համար առանձին դուքան բաց անելով, առ և տուր սկսել, — դա չէ նշանակում գիտնական վաճառական դառնալ: Թեև մեր Կովկասի վաճառականների գործունեությունքը սկսվում են ըստ մեծի մասին այդպիսի միջոցներով:

Վաճառականությունը ինքնըստինքյան մի արհեստ է: Նորան պետք է գիտնական կերպով ուսումնասիրել և փորձով իրագործել: Մի այդպիսի վաճառականությունը սովորելու համար Ճանճուր Իվանիչի խանութը չէ կարող վարժարան լինել: Նորան պետք է ուսանել Անգղիայի, Գաղղիայի կամ Գերմանիայի վաճառականական ուսումնարաններում:

Իհարկե, այդ հնարը մատչելի չէ կարող լինել մեր ժողովրդի չքավոր դասին: Նոցա որդիքը, եթե միտք ունին առևտրական դառնալ, դարձյալ ստիպված են Ճանճուր Իվանիչի խանութում աշակերտել:

Իսկ այդ Ճանճուր Իվանիչներըփոխանակ յուրյանց որդիքը Ռուսաստանի մայրաքաղաքները ուղարկելու, որ այս կամ այն գիտությունը սովորեին, միմիայն չինովնիկ դառնալու նպատակավ (որոց մեծ մասը այս նպատակին չհասնելեն հետո, հոր հարստությանց ցեց են դառնում), թող նոքա մտածեն այդ մասին յուրյանց որդիք գիտնական, եվրոպական կրթությամբ, վաճառականներ անելու:

Միայն ռուսերեն լեզու գիտենալով և վրացերեն լեզվով յուր դավթարները խժբշտելով, չէ կարելի եվրոպական վաճառական դառնալ և եվրոպացվոց հետ մրցություն անել: Դորա համար անհրաժեշտ պետք է սովորել եվրոպական լեզուներ, գաղղիերեն, անգղիերեն, գերմաներեն, որպեսզի ուղղակի Եվրոպայի երևելի վաճառականական քաղաքների հետ, որպիսին են Մարսել, Մանչեստր, Լեպցիխհարաբերություններ ունենալ:

Կովկասը հարուստ է հում բերքերով: Կովկասի մետաքսը, բուրդը, բամբակը, կաշին, ընկուզենու տակռին, չոր մրգեղենները, գինին, և այլ զանազան բերքերը, կարող են վաճառականության առատ մթերք դառնալ: Դորանց օրինավոր կերպով արդյունաբերելու համար պետք է թողուլ նահապետական հին ձևերը և սովորել գյուղատնտեսական արհեստը: Որպեսզի փոխադրելով մեր երկրի հում բերքերը դեպի արտասահման, այնտեղից ներս բերեին պատրաստի, արվեստագործված ապրանքներ:

Գյուղատնտեսությունը պահանջում է հող, զանազան մեքենաներ, գործիքներ, ուրեմն արծաթի անհրաժեշտ հարկավորություն: Մեր դրամատերները մի չար բախտով անձնատուր եղած կապալներին, ուշադրություն չեն դարձնում այդ արհեստի վերա, նոքա չեն ցանկանում հողի և բնության հետ գործ ունենալ, որ միակ աղբյուրն է մարդկային հարստության:

Իսկ վաճառական դասի մեծ մասը յուրյանց առևտրական գործունեության շրջանը դարձնում են մասնավոր գումարներով: Այստեղ դեր է խաղում վարկը, համարումը (доверия): Մի փոքրիկ անհաջողություն, մի քանի չար լեզուների բամբասանքը, մի րոպեում կարող են ոչնչացնել և՛ վարկը, և՛ համարումը: Այդ պատճառավ սնանկությունը սովորական դեպք է մեր վաճառականների մեջ:

Վաճառականության գործունեության շրջանը դարձնել միայն դատարկ վարկով և համարումով, դա կլինի ժամանակավոր և անհիմն:

Վաճառականի գործունեությունը պիտի հիմնվի կենդանի կապիտալի վերա: Մի այդպիսի կապիտալի գումարը պիտի նշանավոր քանակություն ունենա: Ուրեմն այստեղ ևս բարձրանում է ընկերության անհրաժեշտ կարևորությունը:

Ընկերությունների գլխավոր օգուտներից մինն էլ այն կլինի, որ մեր վաճառականները կդադարեն մենավաճառության ինտրիգաներով մինը մյուսին վնասել, յուրյանց արհեստակիցներին ստորացնել, որ դուրս ցցվի յուրյանց անձնական Եսը:

Ընկերության մեջ վաստակը և օգուտը կլինի ընդհանուր: Եվ նոքա ընդհանուր ուժով կկարողանան եվրոպացիների հետ մրցություն անել:

ԷԴ ԷԼ ՔԵԶ ԿՐԻՏԻԿԱ

«Արարատ» ամսագրի անցյալ տարվա ժա. և ժբ.-երորդ համարներում կարդացի, «Թե ո՞ւր են Ավարայր և Տղմուտ» վերնագրով պ. Գալուստ Շերմազանյանի մի երկար և ձիգ քննադատությունը պարոն Րաֆֆիի Պարսկաստանի ուղևորության երկրորդ նամակումը հայտնած մի կարծիքի դեմ, որով պարոն ճանապարհորդը հիշում է մի քանի ժողովրդական ավանդություններ Վարդանի, նորա պատերազմի և Ավարայրի դաշտի մասին:

Հաջորդ էջ
Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Հաջորդ Վերջին