Րաֆֆի՝   Հարեմ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last

ՀԱՐԵՄ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

18... թվականն էր:

Ամառնային արեգակը սաստիկ այրում էր դրսումը: Պարսկաստանի Թեհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտավոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ժամուն: Այդ բնակարանը պատկանում էր մի իշխանի, որի երակներում վազում էր երևելի Նադիր-Շահի արյունը:

Ապարանքը բաժանված էր երկու մասն՝ դրսիտուն և ներսիտուն: Առաջինի մեջ զետեղված էին՝ շահզադեի դիվանխանան, հյուրանոցը, ծառաների կացարանը և նրա տակում՝ ստորերկրյա մթին զնդանումբանտը: Երկրորդ մասը պարունակում էր յուր մեջ հարեմխանանկանանց նվիրական կացարանը: Նա բաժանված էր զանազան բակերով, որոնց ամեն մինի մեջ բնակվում էր մի առանձին հարեմ՝ յուր աղախիններով և փոքրիկ մինչև տասն տարեկան տղասպասավորներով: Դրախտն յուր բոլոր չքնաղությամբ հազիվ կարող էր մրցություն անել այդ բակերի ամեն մինի հետ: Նրանք հովանավորված էին մշտականաչ ծառերով և ծաղիկներով, ուր վարդենին թագավորում էր բոլորի վրա: Այնտեղ մեղմ-կուսական ժպիտով ծփում էին լճակները և արծաթափայլ ջուրը, մարմարյա շատրվաններից դեպի բարձր և բարձր արտահոսվելով, ցողում էր մարգարտյա կաթիլները: Հարեմները ծովային ներեաղների նման, հովասուն վաղորդյան պահուն, կամ երբ երեկոյան արեգակն ոսկեզօծում էր մինարեթների գմբեթները, խմբովին լողանում էին, թրթռում էին և զվարճանում էին ավազանների մեջ: Եվ հարեմխանայի իշխանըմիայնակ նստած յուր բալախանում (վերնատնում) բաց լուսամուտի հանդեպ, ղեյլանի ծխի անուշ արբեցության մեջ, յուր փառքի բարձրությունիցնայում է այդ կախարդական տեսարանին: Նա հիանում էգրգռվում է... բորբոքվում է... և բախտավորեցնում է մինին այն գեղեցկուհիներից

Ոչ մի օտար արարած համարձակ մուտք չունի այդ փակյալ դրախտի մեջ: Զգույշ ներքինին հրեղեն սրով հսկում է նրա դռանը:

Կեսօր էր:

Խորին, սրբազան լռությունը տիրել էր հարեմխանայի վրա: Կարծես թե, այն տոթայինմիջօրեական պահուն ամբողջ բնությունը թուլացած, թմրած, նիրհում էր հսկայական քնով, արթուն էր միայն մի հոգի: Շքեղազարդ սենյակում, գեղեցիկ գլուխը դրած մարգարտյա փունջերով զարդարված բարձերին, կիսով չափ ծածկված բարակ քիշմիրյան շալով, պառկել էր մի մանկահասակ կին: Թավախիտ ծամերը, սև որպես ծիծեռնակի թևքն, արձակ հյուսերով` փռվել էին կիսամերկ կուրծքի վրա: Ոսկյա օղամանյակը վառվում էր գույնզգույն գոհարներով, որ զարդարում էր նրա գեղեցիկ պարանոցը: Նա յուր հոգեկան խռովության մեջ քնքուշ ձեռքով բռնել էր նարգիլեի օձապտույտ ծխաքարշն, երբեմն հպեցնում էր յուր բերնին նրա արծաթյա ամզուկը և անուշահոտ ծուխը մանրիկ օղակներով դուրս էր թափվում վարդագույն շրթունքի միջից:

Սևամորթ աղախինը, նստած տիկնոջ բարձի մոտ, սիրամարգի փետուրներից հյուսած հովհարով, զով էր սփռում նրա երեսին և զվարճացնում էր նրան, պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիներից, գեղեցիկ հուրիներից և փերիներից, մինչև որ նա կքներ: Երկար առանց լռելու պատմում էր նա, երբ նշմարեց, որ տիկնոջ քունր չէր տանում. վերջացրեց աղախինն յուր հեքիաթն այսպիսի խոսքերով.

Ջեննաթի հրեշտակները թո՜ղ անուշցնեն քո նինջը քաղցրիկ երազներով, հանգստության վարդեր թո՜ղ սփռեն քո մահճի վրա:

Ա՛խ, Մարջան, — բացականչեց տիկինը ցավալի ձայնով. — իմ մահիճը խռովեցուցիչ է ինձ, որպես Արաբիայի փշալի անապատն... ես երբեք հանգիստ լինել կարող չեմ...

Մարջանն, — այդպես էր աղախնի անունը, — մի կարեկցական հայացք ձգելով տիկնոջ երեսին, խոսեց.

Մարջանը քո ոտքերուն մատա՜ղ լինի, տիկին, այդ այս պատճառով է, որ այն անապատում մաջնուններ են թափառում...

Մի խորհրդական ժպիտ խաղաց խանումի գունատ դեմքի վրա:

Դու շատ խորամանկ ես, Մարջան... — ասաց նա և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը բարձրացրեց բարձի վրայից:

Ցավդ առնի Մարջանը, — խոսեց աղախինը՝ չդադարելով շարժել հովհարը, — քանի ժամանակ է, որ քո ստրկուհին նշմարում է, յուր տիկինը տանջվում է հոգու անհանգստությունից, և նրա դեմքը տխուր է, որպես ձմեռվա լուսնյակը... նա շատ քիչ է քնում... Զեյնաբ-խանումըայդպես էր տիկնոջ անուննյուր ցավալի աչքերը դարձնելով դեպի աղախինն, ասաց.

Ա՛խ, ո՜րքան անուշ է մահվան քունը, Մարջան, գերեզմանի խորքումը հանգստանում են ամեն դառնությունները... բայց գերեզմանն էլ, Մարջան, խնայում է ինձանից յուր վերջին մխիթարությունը...

Սարսափի նման մի բան փայլեց խափշիկի խոշոր աչքերում, և նա համբուրելով յուր տիկնոջ ոտքը, ասաց.

Պանդուխտների տերն՝ Իմամ-Մուրզան, թո՜ղ մխիթարե քո հոգին, իմ տիրուհին ինչ առիթ ունի յուր սիրտը մաշել այդպիսի ցավերով... Շահզադեն (տիկնոջ ամուսինն) յուր բոլոր հարեմներից ավելի սիրում է քեզ, նա պահում է քեզ ոսկու, արծաթի և թանկագին քարերի մեջ:

— «Է՛հ, ինչ կանեմ ոսկի լագանն, երբ նրա մեջ արյուն պետք է թքեմ», — ասաց տիկինը պարսկական առածը և խոսքը փոխեց, հարցնելով աղախնից. — քեզ երդում եմ տալիս քո հոր ոսկերքով, ճշմարիտն ասա՜, Մարջան, դու սիրո՞ւմ ես քո տիկնոջը, դու հավատարի՞մ կմնաս դեպի նա:

Այդ ի՜նչ հարցմունք է, տիրուհի, — պատասխանեց աղախինը. — Մարջանը քո ոտքերի փոշին է, նա քո ստրկուհին է, ո՜րպես կարող է նա չսիրել և հավատարիմ չմնալ քեզ: Թո՜ղ Ալիու ղուլֆուղարան իմ սիրտը կտոր-կտոր անե, թող ես զրկվիմ Մուհամմեդի լույսից, թո՜ղ Շիմրին և Յազիդին տված նզովքներն իմ գլխին թափվին, եթե ես ծուռն աչքով նայեմ դեպի քեզ:

Ես բոլորովին հավատում եմ քեզ, — առաջ տարավ տիկինը, — բայց դու ուղիղն ասա՜, Մարջան, քո կյանքում պատահե՞լ է, որ դու սիրահարված լինեիր:

Ի՞նչպես մեղքս թաղեմ, տիկին, պատահել է... — պատասխանեց աղախինն անմեղությամբ:

Պատմի՜ր, ի՞նչպես է պատահել:

Աղախինը սկսեց պատմել:

Մեր ցեղի մեջ կար մի տղամարդ, նա կոչվում էր Սադդայի որդի Բիլալ: Նրա դեմքը սև փայլուն էր, որպես թուխ էբենոս: Նրա աչքերը վառվում էին, որպես Յամենի սև չավա: Նրա ատամները սպիտակ էին, որպես կարմիր ծովից նոր դուրս բերած սադաֆ: Նրա ճակատը նկարված էր զանազան գույներով, որպես կրիայի խայտաճամուկ մեջքը: Բիլալը մեր ցեղի քաջ տղամարդերից մինն էր: Սահարայի առյուծը չուներ նրա սիրտը. անապատի ջայլամն այնպես սրընթաց չէր, որսպես Բիլալը. Նևղոսի եղեգների մեջ օձն այնքան թեքուն և գալարուն չէր, որպես նա: Բիլալը մի համարձակ որսորդ էր: Նրա նետերն երբեք չէին շեղվում նպատակից: Նրա նիզակը զարհուրելի էր: Շատ անգամ հեղեղատի եզերքում ես բանջար քաղելիս` հանդիպում էր ինձ Բիլալը: Մի անգամ կապեց նա իմ պարանոցից ծովային խխունջներից և նախշուն խիճերից մի վզանոց, որոնք նա յուր ձեռքով հավաքել էր անապատից, և օծեց իմ մարմինը կակոսի յուղով և նայեց իմ վրա, համբուրեց ու ասաց. — «դու այժմ գեղեցիկ ես, Հուդդի, որպես Աբեսինիայի եղջերուն…»: Այն ժամանակ այդպես էր կոչվում իմ անունը: Բայց երկար չտևեց իմ ուրախությունը գեղեցիկ Բիլալի հետ: Ափրիկայի խորին անապատներից վայրենիների մի բազմաթիվ խումբ հարձակվեցան մեր ցեղի վրա: Մերոնք հաղթվեցան: Նրանք գերեցին մեր ցեղի մանկահասակ զավակները և շատերին սպանեցին: Բիլալն ինքն էր, որ ինձ պաշտպանելու ժամանակ անցավ նրա թիկունքի միջից թշնամու նիզակը: Նա աչքերը փակեց, ասելով ինձ յուր վերջին խոսքը. «ես չկարողացա ազատել քեզ, Հուդդի...»: Ես գերի ընկա վայրենիների ձեռքում ուրիշ շատ աղջիկների և տղերքի հետ. նրանք մեզ ծախեցին հնդկացի վաճառականներին, և մենք տարվեցանք դեպի Բոմբա: Այնտեղից ինձ Պարսկաստան բերեց մի բանդերբուշերցի հաջի, որից դու գնեցիր ինձ, տիկին: Մինչև այսօր ես շատ անգամ տեսնում եմ Բիլալին, ես տեսնում եմ նրան երազումս. նա թափառում է Աբեսինիայի հեղեղատի ափերում և խխունջներ է հավաքում, որ զարդարե իմ պարանոցը...

Խափշիկը վերջացրեց յուր պատմությունը և նրա վառվռուն աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ սևորակ թշի վրա:

Քո կյանքի տխուր պատմությունը, Մարջան, — նրա խոսքը կտրեց Զեյնաբ-խանումը, — իմ միտքս բերավ հենց մի այդպիսի հեքիաթ, որ ես մի ժամանակ լսել էի պառավ տատիցս: Նա շատ նման է քո ասածներին, լսի՜ր, Մարջան, ես կպատմեմ քեզ:

Խափշիկի ուռած շրթունքը շարժվեցավ մի անմեղ ծիծաղով, և նա համբուրեց յուր տիկնոջ ոտքն, ասելով.

Դու ո՜րքան բարի ես, Զեյնաբ, դու ուզում ես հեքիաթ ասել քո ստրուկին:

Հա՜, կասեմ, քանի քունս չէ տանում:

Բ

Այդպես սկսեց Զեյնաբ-խանումն յուր հեքիաթը.

«Կար չկար, կար մի քաղաք: Այն քաղաքում նստում էր Գուրջիստանի թագավորն: Այն քաղաքը շինված էր այն սարերի մեջ, ուր Ղափ-Դաղի գլխին շղթայած է ջինների գլխավորը: Դրախտը շատ մոտ է այն երկրին, և հրեշտակների նվագածությունները դեռ լսելի են լինում այնտեղ: Դրախտից բխած գետերից մինն անցնում է այն քաղաքի միջից և ջրում ծաղիկներով զարդարված դաշտերը: Այնտեղ կանայք ջուր չեն տաքացնում լողանալու համար, տարտարոսի բոցերն, անդունդից դուրս գալով, տաքցնում են աղբյուրները և նրանց ջրով լողանում են մարդիկ:

Ելել է, չէ՜ էլել. էլել է այն քաղաքում մի այրիկ և մի կնիկ. նրանք ունեցել են մի սիրուն աղջիկ, որի անունը լինում է Ալմաստ: Նա լինում է մի աղջիկ՝ այնպես վարդ թշերով, սև աչքերով, թուխ հոնքերով: Տասն և հինգ գարուն ծաղկում էին ծաղիկներր, և Ալմաստը տասն և հինգ տարի լսում էր սոխակի սիրահարական երգը: Նա էլ ուներ յուր սիրահարը, յուր սիրով այրված, կրակված սոխակըդա մի պատանի էր մանկահասակ: Սավալանի նռները չունեին նրա թշերի գույնը. Շիրազի վարդերը չունեին նրա շրթունքի նրբությունը և կանաչազարդ սալբիչինարին յուր շիտակությունով չէր կարող համեմատվիլ նրա վայելչահասակ բոյի հետ: Նրա բնավորությունն այնպես քաղցր էր, որպես հրեշտակի շունչը: Նա սրտով այնքան բարի էր, որքան մինարեթի աղավնին: Այդ պատանու անունը կոչվում էր Մեխակ: Հնդկաստանի մեխակը միտքն կարող էր լինել այնպես անուշահոտ և անմեղ, որպես նրա հոգին:

«Մեխակը և Ալմաստը ծնվել էին իրանց մայրերից մի օրում և մի ժամում: Դեռ նրանց ականջները չէին լսել առաջին ձայնն օրորոցի երգի, երբ նորածինների ծնողքը վճռեցին նրանց ապագաննրանք օրհնեցին Ալմաստի և Մեխակի ամուսնական նշանադրությունը: Երեխաների օրորոցի դաստակից քարշ էին տված ուլունքներով զարդարված խաղալիքների մի-մի շարք, որոնց մեջ անցուցած էին մի-մի հատ մատանի: Այդ մատանիներն էին նշաններ նրանց ծնողաց ուխտադրությանը: Պառավ տատը շարժում էր օրորոցը և մեղմիկ ձայնով նանիկ էր կարդում, երեխայքը խաղում էին մատանիների հետ, մինչև անուշիկ քունը հանգստացնում էր նրանց:

«Երեխայքը մեծանում են: Մատանիներն օրորոցի խաղալիքից դառնում են նրանց մատների զարդարանք, մինչև պատանին և օրիորդը հասկանում են նրանց նշանակությունը, հասկանում են և սիրում են միմյանց...

«Հանդարտ լուսնկա գիշերներում, գաղտնի ծնողներից, ծառերի խորին ստվերի տակ, երկու սիրահարներն անցկացնում էին սիրո քաղցրիկ րոպեները... Սոխակը նախանձում էր նրանց, երբ մտածում էր, թե յուր վարդը շատ անգամ ծակոտում էր նրա սիրտն յուր փշերով, բայց Ալմաստը և Մեխակը, փուշեր չունեին...: Աներևույթ փերիները նախանձվում էին նրանց, երբ տեսնում էին, որ անմահների խմբի մեջ չկային այնպիսի սիրականներ

«Բայց նրանց պարզ, հրեշտակային սերը չտևեց երկար: Մի սարսափելի դեպք բաժանեց նրանց մեկ-մեկուց:

«Հեռու, արևելքից հայտնվում է այն քաղաքում մի ներքինի թագավոր1: Նա ունենում է յուր հետ զորքերի մեծ բազմություն: Այդ մարդիկը ջրի տեղ խմում էին ադամորդիների արյուն, իսկ հացի տեղ ուտում էին նրանց միսը: Նրանց սրտումը գութ չկար: Անտառի վագրը և բորենին ավելի բարեխիղճ էին, քան թե նրանք: Թագավորի զորքերը կրակ են տալիս այն գեղեցիկ քաղաքին, կողոպտում են բնակիչներին, կոտորում են ալևորներին, մորթում են ծծկեր երեխաներին յուրյանց մոր գրկումը, իսկ մանկահասակ աղջիկները և տղերքը գերի են առնվում: Ուղտերու ամբողջ քարավան ներով տանում էին խեղճ գերիներին դեպի ներքինի թագավորի աշխարհն, որոնց հետ և գերի է ընկնում Ալմաստն: Այնուհետև նա Մեխակից ոչինչ տեղեկություն չէ ունենում:

«Երբ թագավորը հասնում է յուր քաղաքը, բաժանում է բերած կողոպուտը և գերիներին յուր զորքերի մեջ: Ալմաստին վեր է առնում թագավորի գլխավոր զորապետներից մինը՝ մի շահզադե, որը նրա գեղեցկության համար կարգում է որպես յուր նշանավոր տիկիններից մինը հարեմի մեջ: Զարդարում է նրան ոսկով և գոհարներով, բնակեցնում է թանկագին խալիներով և շալերով շքեղացրած դահլիճների մեջ, կերակրում է նրան մեղրով և շաքարով:

«Տիկնոջ պատուհանում դրած է փղոսկրյա վանդակի մեջ մի թութակ, երբ տիկինն յուր տխուրհուսահատական րոպեներում ածում է թառի վրա, թութակը երգում է վանդակի միջից. —

«Իմ տիկինը կերակրում է
Ինձ նշերով, շաքարով,
Իմ վանդակը զարդարում է
Յուր քնքշիկ ձեռքերով»:

«Բայց գե՜թ մի ժամ ուրախ լինել
Ես չեմ կարող իմ կյանքում,
Երբ հիշում եմ, թե գերի եմ
Այդ նեղ, փակված վանդակում»...

«Տիկինը լսում է թութակի խոսքերը և նրա սրտում զարթնում են միևնույն զգացմունքները: Նա հիշում է հայրենի երկիրը, նա միտն է բերում յուր հայրը, մայրը և ազգականները: Նա հիշում է յուր կորցրած սիրականըքաղցրիկ, անուշահոտ Մեխակին: նա զգում է, որ ինքը նույնպես մի գերի է, մի գերի հեռու աշխարհում, փակված հարեմի վանդակի մեջ և կենդանի թաղված այն տխուր գերեզմանում...: Եվ իսկույն անցյալն յուր սարսափելի կերպարանքով պատկերանում է նրա աչքի առջև: — Նա տեսնում է յուր հոր, յուր մոր և ազգականների դիակները թավալված արյան մեջ` յուր հայրենական օջախում, և յուր այժմյան ամուսինը սուրը ձեռքում կանգնած է նրանց մոտ...: Եվ իսկույն ծնվում է տիկնոջ սրտում մի զարհուրելի ատելություն դեպի այդ դահիճն, որ կոտորեց յուրյան ծնողքը, որ խլեց իրան հայրենական օջախից, որ և այսուամենայնիվ կոչում էր նրան յուր կին...

«Թե քնած թե արթուն՝ միշտ տիկնոջ աչքի առջև էր այդ արյունոտ տեսարանը և օրեցօր ավելի ու ավելի բորբոքվում էր նրա սրտի մեջ կատաղի ատելությունը դեպի յուր գերիչը

«Անցնում են մի քանի տարիներ:

«Միակ միտքն, որ ավելի շատ էր տանջում տիկնոջը, էր յուր Մեխակի մասին: Նա թեև համարում էր նրան սպանվածների թվում, բայց տակավին այդ մասին մի որոշ տեղեկություն չուներ:

«Մի անգամ, տիկինն յուր աղախիններով և. ծառաներով գնում է յուրյանց մերձակա այգին, որ գտնվում էր քաղաքին մոտ: Այնտեղ ընդարձակ լճակի ափին կանգնած էր մեծաշեն ամառանոց: Գիշեր էր: Տիկինը վերնահարկի բարձրությունից նայում էր դեպի լճակն, որի մեջ լուսնյակը խաղում էր արծաթափայլ շողքերով: Երկար նա այնպես նայում էր, և նրա սրտի մեջ զարթնում էին անցած, գնացած օրերի տխուր հիշատակները…: Նա ցած իջավ ապարանքի բարձրությունից և սկսեց միայնակ պտտել ծառազարդ ճեմելիքներով և լսել թռչունների գիշերային ճռվռոցը:

«Հանկարծ հայտնվում է նրա առջև մի անծանոթ տղամարդ:

«Ի՞նչպես համարձակվեցար դու մտնել այստեղ», — ասում է տիկինը և կամենում է կոչել ծառաներին, որ բռնեն նրան:

«Անծանոթ տղամարդը չոքում է տիկնոջ առջև և ասում է, — եթե ճանաչեք ինձ, տիկին, չեք բարկանա իմ վրա:

«Տիկինն ուրախությունից շփոթվում է: Ծանոթ ձայնը նրա կորսված Մեխակի ձայնն էր:

«Աստվա՛ծ իմ… — կոչում է տիկինը և գրկում է նրան:

«Մի քանի րոպե նրանք խոսք չեն գտնում միմյանց պատասխանելու: Երբ փոքր-ինչ սթափվում են իրանց հոգեզմայլությունից, տիկինը տանում է երիտասարդին մերձակա հովանոցն, այնտեղ նստում են: .

«Ի՞նչպես դու հայտնվեցար այստեղ, — հարցնում է նրանից տիկինը:

— «Ես էլ գերիների թվումն էի, — պատասխանում է երիտասարդն, — ինձ գերի անող զորապետի բանակն անցավ մի քանի օրով առաջ, և մենք բաժանվեցանք միմյանցից:

«Իսկ այժմ ո՞րտեղ ես լինում, — հարցնում է տիկինը:

— «Ես կառավարում եմ նույն զորապետիքաղաքիս Սար Ասքերի կալվածներն, իմ անունը կոչվում է այժմ Քերիմ-բեկ:

«Ուրեմն դու ուրացա՞ր կրոնքդ:

— «Ուրացա, Ալմաստ, որովհետև ճար չունեի, ուրացա միայն առերես: Բայց մեր հայրերի կրոնքը միշտ վառ կմնա իմ սրտում որպես քո սերը...

«Դու դեռ սիրո՞ւմ ես ինձ... — հարցնում է տիկինն անուշ բերկրությամբ:

— «Սիրում եմ, Ալմաստ...

«Նրանց խոսակցությունը ընդհատում են տիկնոջ աղախիններն, որոնք, տեսնելով նա շատ ուշացավ, պտրում էին նրան: Երիտասարդը տեսնելով նրանց, աներևութանում է ծառերի խավարի մեջ:

«Մյուս օրը տիկինը տուն է դառնում և այնուհետև այլևս չէ տեսնում այն նազելի պատկերը: Նա միշտ երիտասարդի վրա է մտածում և միշտ նրան է տեսնում յուր երազներում…: Երբ տաք միջօրեական պահուն տիկինը պառկած է յուր սենյակում, նրա սևամորթ աղախինը նստած է կողքին: Աղախինը հեքիաթներ է ասում և հով է սփռում տիկնոջ երեսին, որ նրա քունն անուշցնե, բայց նա չէ կարողանում քնել, որովհետև մտածում է յուր Մեխակի վրա»…

Գ

Տիկինը վերջացրեց յուր հեքիաթը:

Խափշիկն, որ բոլոր ժամանակը խորին համազգացությամբ լսում էր, կտրեց նրա խոսքն ասելով.

Քո աղախինը հասկացավ բոլորը... Մարջանը քո դարդին մի ճար կանե...

Ի՞նչպես, Մարջան, — հարցրուց Զեյնաբխանումն ուրախանալով:

Շուտով իմ տիկինը կտեսնե յուր Մեխակին այս սենյակումը...

Ուրախության լույսը փայլեց տիկնոջ տխուր դեմքի վրա, և նա մոռանալով յուրյան, բռնեց ստրկուհու ձեռքից հարցնելով.

Մի՞թե...

Իմ տիկինը դեռ չէ ճանաչել յուր աղախնին, նա ջիններից դաս է առել և շեյթանից ավելի գիտե, — պատասխանեց Մարջանը:

Ուրեմն ես կարո՞ղ եմ նրան այստեղ տեսնել, — հպրցրուց Զեյնաբ-խանումն անհամբերությամբ:

Դու միայն շնորհիր քո ստրկուհուն յուր արձակման թուղթը, քո կամքը կատարված կլինի:

Խորամանկ խափշիկը, հարմար միջոց գտնելով յուրյան ազատելու, մտածեց օգուտ քաղել այդ առիթից:

Տիկինն, որ ամեն բան պատրաստ էր զոհել միայն յուր սիրածին կրկին տեսնելու համար, համաձայնվեցավ:

Թո՜ղ Քաբայի աստվածը վկա լինի ես խոստանում եմ, Մարջան, քեզ արձակել, — ասաց նա:

Խափշիկի կոկ և Փայլուն թշերը ցնցվեցան ուրախության ժպիտով և նրա սադաֆի նման սպիտակ ատածներն ավելի գեղեցիկ կերպով երևացին փոքր-ինչ ուռած շրթունքի միջից:

Թո՜ղ Լեյլիի և Շիրինի աստվածը քեզ օգնական լինի, — ասաց նա խորին հրճվանքով:

Իսկ Զեյնաբ-խանումը, չնայելով յուր բոլոր հոգեկան բերկրանքի՜ն, անհանգիստ մտատանջության մեջ էր:

Բայց դու երդվիր, Մարջան, որ այդ բանը գաղտնիք կմնա մեր մեջ:

Թո՜ղ իմամ-Հուսեյնի խենջար զաիկողներից մինը լինի, թո՜ղ Օմարի դասումը դասվի Մարջանն, եթե յուր տիկնոջը հավատարիմ չմնա, — երդվեց խափշիկը:

Այժմ ասա՜, ի՞նչ հնարքով կարող ես նրան այստեղ բերել: Խափշիկը դարձյալ ծրծաղել սկսեց, կարծեսես նրանից հարցնում էին մի ամենահասարակ բան:

Իմ տիկինը դեռ չգիտե հարեմխանայի գաղտնիքները, — ասաց նա, — բայց Մարջանը կատվի նման, ամեն ծակ ու ծուկ մտնում է և ամեն բան իմանում է: Նա գիտե, թե ի՜նչպես պետք է բերել:

Բայց դու ճանաչում ես Հեյդարին, — այդպես էր ներքինապետի անունը.— այդ հին դևն ավելի խորամանկ է, քան Իբլիսը.

Նրա աչքերից ոչինչ բան չէ կարելի թաքցներ: Այդ անկարելի է, Մարջան, նա հարեմխանան չէ՜ կարող մտնել ասաց… — Զեյնաբ-խանումը կրկին հուսահատվելով:

Բայց ի՞նչ կասե իմ տիկինն, երբ Մարջանն նրան նույնիսկ Հեյդարի առջևից կբերե, և Հեյդարն յուր աչքերով կտեսնե, երբ նա կմտնե քո սենյակը և ոչինչ չի հասկանա:

Խափշիկն այդ խոսքերն ասելու միջոցի այնպես հանդարտ էր, մինչև նա գրգռեց Զեյնաբ-խանումի սնահավատությունը.— դու կատարյալ կախարդ ես, Մարջան... երևի դու ծանո՞թ ես Իսմ-ազամին2, — հարցրուց նա ծիծաղելով:

Թող իմ տիկինն յուր ստրկուհու վրա չծիծաղի, — պատասխանեց խափշիկը, փայլուն աչքերր դարձնելով դեպի յոի տիրուհին: — Հարեմխանայի մեջ տղամարդիկ ներս բերելու համար հարկավոր չէ ծանոթ լինել Իսմ-ազամին:

Էլ ի՞նչ հնար կա:

Գիտե՞ք, տիրուհի՜, ի՞նչ էր պատմում մի օր Բագիմ-խանումի աղախինը՝ մալայուհի Ֆերուզը:

Ի՞նչ էր պատմում:

Նա ասում էր, թե յուր տիրուհին ունի մի սիրող:

Հետո՞ :

Թե սիրողը շատ անգամ գալիս է տիրուհու մոտ:

Հարեմխանայի մե՞ջ:

Այո՜, հարեմխանայում:

Ի՞նչպես է ներս մտնում:

Ֆերուզն ասում էր, իմ տիրուհին ինձ ուղարկում է այն տղամարղի մոտ: Ես տալիս եմ նրան իմ հագուստը` իմ րուբենդը, չարսավը, և չախչուրները: Նա հագնվում է և այնպես գայիս տիրուհուս մոտ, որպես նրա աղախինը Ֆերուզը

Այդ զարմանալի է, Մարջան: Ի՞նչպես ներքինիքը չեն ճանաչում նրան:

Սատանան ինքը չէ կարող ճանաչել արդյոք չարսավի մեջի փաթաթվածը կի՞ն է, թե տղամարդ:

Տիկինը սկսեց ուրախությունից ծիծաղել, և նրա սիրտն այդ հույսերով ավելի վառվեցավ:

Ինչո՞ւ եք ծիծաղում, տիրուհի, — շարունակեց Մարջանը. — շատ անգամ Բագի-խանումն ինքն յուր աղախնի հագուստով դուրս է գնում ամրոցեն և շաբաթներով կորչում է, սատանան գիտե, թե ուր... Իհարկե, յուր սիրողիՇաֆիի մոտ:

Միթե Հեյդարը չէ՞ նկատում այդ բոլորը:

Հեյդարն ի՞նչով կարող է գիտենալ, ծպտյալ կինն աղախի՞նն է, թե տիրուհին:

Բայց ի՞նչպես չէ՜ հասկանում խանը:

Խանն, եթե հարեմներից մինը կորչի էլ, չի գիտենա, այնքան որ շատ են: Մինն էլ՝ իմ տիրուհուն հայտնի է, որ հարեմները գիտեն յուրյանց հերթն, թե երբ խանի հետ պետք է տեսնվին: Բացի դրանից՝ խանր շատ անգամ շաբաթներով որսի է գնում ու հետ չի դառնում:

Զեյնա-խանումի սևորակ աչքերում կրկին փայլեցավ ուրախության լույսն. — ուրեմն մեզ համար ավելի լավ է, որ այժմ խանը մի շաբաթով որսի է գնացած:

Հայտնի բան է:

Եվ դու, Մարջան, պետք է գործ դնես նո՞ւյն հնարն, ինչ որ անում է Ֆերուզն յուր տիրուհու համար:

Չէ, ես մի այլ հնար պետք է մտածեմ:

Ի՞նչ հնար, ասա , Մարջան:

Մարջանն այժմ ասել կարող չէ, նա պետք է մտածե դրա վրա ; Բայց թող իմ տիկինն այժմ քնի, հանգստանա, երբ որ զարթնի, Մարջանը կասե նրան:

Խափշիկը թողեց յուր տիրուհուն միայնակ յուր սենյակում: Բայց նա ամենևին չկարողացավ քնել:

Դ

Երբ Մարջանը հեռացավ յուր տիրուհու սենյակից, արեգակի գոցերը սաստիկ այրում էին դրսումը: Հարեմների հանգստության ժամն էր: Նրանք արդեն քնած էին: Միայն մանկահասակ աղախիններն, ազատ միջոց գտնելով, քաշվել էին սրահակների հովության մեջ, խոսում էին, ծիծաղում էին և զվարճանում էին փոքրիկ սենեկասպաս մանկլավիկների հետ:

Խափշիկը տեսավ մալայուհի Ֆերուզին գեղեցիկ Սալմանի հետ ման էր գալիս բակի ճեմելիքով, որ կամ արած էր խաղողենի որթերով:

Ֆերուզ, Սալման, — ձայն տվեց նա:

Նրանք կանգնեցան: Մարջանը մոտեցավ: Նրա միտքն այն է` կրկին անգամ խոսեցնել Ֆերուզին, նրա տիրուհու գաղտնիքներից խոսք քաշել և յուր տիկնոջ նպատակին ծառայելու միջոցներ հնարել:

Սոխակները նիրհում են վարդի թփերի մեջ, նախշուն թիթեռները հանգստանում են կանաչ տերևի տակ, բայց Ֆերուզն ու Սալմանը հանգստություն չունեն...

Մալայուհին և շիրազցի պատանին երկուսն էլ ժպտեցան: Նրանք մտան ավազանի մոտ գտնվող հովանոցն, որ հյուսած էր էասի պատատուկ ոստերով, որոնց սպիտակ ծաղիկներն ավելի անուշ բուրում էին կեսօրվա տաքությունից:

Ի՛նչ լավ էայստեղ ծխել, — ասաց Մարջանը, — գնա՜ մի դեյլան բեր, Սալման:

Փոքրիկ Սալմանն ուրախությամբ վազեց կատարել երկու աղախինների հաճույքը:

Դու էլ այսօր չես քնել, Մարջան, երևի մի «փորացավ» ունես, — ասաց Ֆերուզը պատանու գնալուց հետո:

Ի՞նչ փորացավ:

Դու իմանում ես, ես ինչ եմ ասում...: Այս ժամուն երկու արարածներ չեն կարող քնել, ո՜չ հարեմխանայի աղախինները և ոչ դրսի տան մանկլավիկները...

Ի՞նչ օգուտ, Ֆերուզ ջան: Մենք նմանում ենք երկաթի վանդակի մեջ դրած թռչունին, որի շուրջը խեղճ կատուն պտիտ է գալիս, միա՛ու, միա՛ու է անում, յուր թաթիկները մեկնում է ճեղքերից... բայց ոչինչ բավականություն չի ստանում...

Այդ ուղիղ է, բայց գիտե՞ք, ի՜նչ է ասում առածն՝ «երկու սրտեր երբ միացան, շուտ են գտնում ծածուկ տեղը»:

Ինչպես դու և այդ շիրազցի պատանին: Այնպես չէ՜, Ֆերուզ:

Նա դեռ երեխա է, ոչինչ չէ հասկանում...

Բայց դու դարձյալ սիրում ես նրան:

Սիրում եմ... — պատասխանեց մանկահասակ մալայուհի աղջիկը և նրա մուգ՜դեղնապղնձի գույն դեմքն ընդունեց խիստ տխուր արտահայտություն:

Բայց մեր տիկիններն ավելի բախտավոր են մեզանից, — խափշիկը փոխեց յուր խոսքը:

Բախտավոր են, Մարջան: Գիտե՞ք ի՜նչ էր պատմում Խուրշիդ-խանումի աղախինը՝ Հուսնին:

Ի՞նչ էր պատմում:

Նա ասում էր. իմ տիկինը մի օր թույլտվություն խնդրեց յուր քրոջ տունն երթալու: Երկու ձի պատրաստեցին` մինը տիկնոջ համար, մյուսը՝ ինձ համար: Մեզ հետ վեր առանք խանումի արաբին, բայց փոխանակ նրա քրոջ տունն երթալու, մենք քաղաքից դուրս եկանք, արաբը մեզ տարավ մի այգի: Այնտեղ սպասում էր խանումին մի երիտասարդ զորապետ: Խանումն երկու օր անցրուց նրա հետ:

Բայց ի՞նչպես հավատում է Խուրշիդ-խանումն արաբին յուր գաղտնիքը, — հարցրուց Մարջանը զարմանալով:

Արաբը մեզ նման ստրուկ է, խանումը խոստացել է նրան ազատություն, եթե մինչև հինգ տարի կպահե նրա գաղտնիքը: Ասում են, նա արաբին էլ է սիրում...

Այդ խոսակցությանը վրա հասավ Սալմանն, որ բերում էր արծաթի գլխով մինա արած զեյլանը: Նա մատույց ղեյլանր Մարջանին, բայց ուրախ պատանու երեսը չէր դադարում ժպտելուց:

Ի՞նչ պատահեց քեզ, Սալման, — հարցրուց Ֆերուզը:

Ես լսեցի ինչ էիք խոսում:

Սո՜ւս կաց, դու դեռ փոոքր ես, քեզ պետք չէ այդպիսի խոսքերին ականջ դնել:

Ես թեև փոքր եմ, բայց շատ բան գիտեմ:

Ի՞նչ գիտես, — հարցրուց Մարջանը:

Ես առաջ սպասավոր էի Կ... — Միրզայի հարեմխանայում: Իմ խանումը գեղեցիկ էր, ինչպես հրեշտակ: Բայց մեր իշխանն ատում էր նրան: Տարիներով նրա երեսը չէր տեսնում: Շատ անգամ իմ խանումը զարդարվում էր գոհարներով և թիրմաներով: Հոնքերը ներկում էր բասմայով, աչքերը սևացնում էր սուրմայով և ձեռքերը ներկում էր խինայով: Նա այնպես սիրուն էր դառնում, որ ուզում էիր միշտ նայել նրա վրա: Հետո այդ բոլոր զարդարանքը նա ծածկում էր մի հին կարկատած չարսավի տակ, երեսին ձգում էր նույնպես հին րուբ ենդ: Եվ որպես մի աղքատ կին նա դուրս էր գալիս հարեմխանայից և ձևացնում էր յուրյան կույր մուրացկան: Ես նրա ձեռքից բռնած, ման էի ածում բազարումը: նա խանութպաններից ոզորմություն էր խնդրում: Բազարի տղամարդերից որին հավանում էր նա, ես կանչում էի նրան մի պառավի տուն, ուր սովորաբար գնում էր տիրուհին յուր շրջանը կատարելուց հետո:

Դու կատարյալ դևիկ ես, Սալման, — ճչացին երկու աղախինները, չկարողանալով զսպել յուրյանց ծիծաղը:

Մի անգամ, — առաջ տարավ Սալմանն, — իմ տերն իմացավ այդ բանն, իմ խանումին խեղդեցին և գիշերով թաղեցին քաղաքի խրամատի մեջ: Ես փախա այն տեղից:

Երկու աղախինները բոլոր մարմնով դողացին: Սույն միջոցին սենյակների մինի լուսամուտի ետքից լսելի եղավ մի քնքուշ կանացի ձայնՖերուզ, Սալման:

Տիկինը զարթնեց, — ասացին մալայուհին և շիրազցի պա տանին, և երկուսն էլ շտապով հեռացան Մարջանից:

Մարջանը հովանոցի մեջ միայնակ նստած մտածում էր, երբ նրա մոտ եկավ եթովպացի Սայիդը: Դա մի պատանյակ էր ուղիղ և վայելուչ կազմվածքով, որի էբենոսի նման սև, մանկական դեմքի զվարթությունը կարելի էր նկատել, թե նրա տարիքն ոչ ավելի են քան տասն և յոթը: Սայիդը Զեյնաբ-խանումի սենեկասպաս ծառան էր:

Քնե՞ց խանումը, — հարցրեց Մարջանը սպասավորից:

Ես մատուցի երրորդ անգամ ղեյլան, նա տակավին ծխում էր:

Նստի՜ր, Սայիդ, ես խոսելու բան ունեմ քեզ հետ: Պատանին նստեց, և նրա փայլուն աչքերն անհամբերությամբ նայում էին Մարջանի երեսին, որ նույն ժամուն ավելի հրապուրիչ կերպով կախարդում էր պատանու սիրտը:

Ես այլևս ստրուկ չեմ, Սայիդ, իմ տիրուհին այսօր շնորհեց ինձ ազատություն:

Աստված, քեզ փառք, — բացականչեց պատանին զգացմունքով լի ձայնով, և նրա կրակոտ աչքերի սպիտակուցքն ավելի շլացուցիչ կերպով նկարվեցան սև շրջանակների մեջ:

Լսիր, Սայիդ, — առաջ տարավ Մարջանը: — Դու նույնպես ստրուկ չես լինի, եթե ինչ ասելու լինեմ քեզ, դու իմ խոսքը պահես:

Սայիդը սիրում է քեզ, նա չէ կարող քո խոսքը կոտրել: Թող անիծված լինի Սայիդը, թոդ քո գիսակներն արյունի մեջ տեսնե նա, եթե քո խոսքը չլսե:

Լսելով այդ սարսափելի երդումը, Մարջանը մանրամասնաբար պատմեց Սայիդին յուր տիկնոջ «հեքիաթը», հայտնեց նրա նպատակը, թե պետք էր աշխատել նրա սիրած տղամարդին հարեմխանան մտցնելու:

Այդ գործի մեջ, Սայիդ, — ավելացրեց խափշիկը, — դու ոչ միայն պիտի գաղտնիք պահես, բայց և պետք է օգնես Մարջանին յուր տիկնոջ կամքը կատարելու: Այն ժամանակ մեր տիկինը կտա քեզ ազատություն:

Ես ամեն բանի պատրաստ եմ, եթե ինձ սպանեին ևս:

Ուրեմն ամեն ինչ վերջացած է: Մեր տիկինը հասնելով յուր նպատակին, մենք նույնպես կհասնենք մերին...

Այսինքն կպսակվեինք, ա՞յդ ես ուզում ասել:

Այո՜:

Պատանու աչքերը վառվեցան, նա գրկեց յուր սիրուհին և մի տաք համբույր քաղեց նրա թշերից:

Ե

Արևը սկսել էր խոնարհվել դեպի յուր գիշերային մուտքը: Ամրոցի բարձր պատերի ստվերը հետզհետե լայնանում էր բակերի վրա: Իսկ երեկոյան մեղմիկ զեփյուռը ոգի էր ներշնչում ցերեկվա տոթից թուլացած տերևներին:

Հարեմական ծառաների խումբը՝ սև ստրուկներ, ալևոր ծերունիք, փոքրիկ պատանյակներբոլորը հարեմների անվտանգ մարդիկ, — որը բակն էր ավելում, որն ավազաններից ջուր էր կրում և որը ցնցուղներով սրսկում էր սալահատակների և ծաղիկների վրա: Նրանց մոտ կանգնած էր մի բարձրահասակ մարդ՝ լղարիկ կազմվածքով, բոլորովին լերկ ու թառամած երեսով և սպառնալից աչքերով: Նա հրամաններ էր տալիս աշխատողների խմբին: Նրա պատշաճավոր հագուստը, գոտկումը խրած ղաջարյան դաշնակն որոշում էր նրան մյուս ծառաներից. դա ներքինապետ Հեյդարն էր:

Մարջանը, բոլորովին կազմած գլխումը յուր տիրուհու նպատակին ծառայող գաղափարի ծրագիրը, դուրս եկավ հովանոցից, երբ նրան հանդիպեց Հեյդարը:

Ի՞նչ է պատահել քո տիկնոջ հետ, քանի օր է նա չէ երևում, — հարցրուց ներքինապետը:

Ա՛խ, մի՜ հարցներ, Հեյդար... — պատասխանեց խափշիկը, տալով յուր ձայնին խիստ ցավալի արտասանություն: — Մարգարեների մեծը թող օգնե նրան, իմ տիրուհին ողորմելի դրության մեջ է...

Ի՞նչ է, հիվա՞նդ է, — հարցրուց ներքինապետը զարհուրելով:

Երանի՜ թե հիվանդ լիներ... — ասաջ տարավ խափշիկը, նա տանջվում է չար ոգիներից:

Չար ոգիների՞ց, — կրկնեց Հեյդարն ավելի սարսափելով: — Ո՜վ գթած և ողորմած ալլահ...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 Next Last