Րաֆֆի՝   Հարեմ

Սալմանը հայտնվեցավ տնակի բակում, փոքրիկ սենյակի լուսամուտից լսեց նվագածության ձայներ: Նա գտավ յուր տիրուհին զվարճության ամենասքանչելի դրության մեջ: Հարեմական գեղեցկուհին, ոսկյա չանկերը մատներին անցուցած, արձակ խոպոպինքը մեջքի վրա սփռելով, զընկ-զընկացնում էր և շալվարների մրրկածուփ փոթորիկի մեջ պտտվում էր, պար էր գալիս: Բանաստեղծը, թառն յուր կուրծքին սեղմած, հնչեցնում էր, ներդաշնակելով մի թեթև գյաֆ :

Նրանց մոտ մի կողմում դրած էին զանազան ոգելից ըմպելիքներ և նախաճաշելու ուտելիքներ:

Սալմանի երևույթը հայտնի վրդովմունք պատճառեց երկուսի վրա ևս, և խանումը դադարեց պարելուց:

Ինչո՞ւ եկար, — դարձավ նա դեպի պատանին: Փոքրավորը պատմեց բոլորը, ինչ որ լսել էր Ֆերուզից: Խանումը բոլորովին շփոթվեցավ:

Ի՞նչ անեմ, աստվա՛ծ, — կոչեց նա խորին հուսահատությամբ:

Անհոգ կա՜ց, Բագիմ, — ասաց երիտասարդը, անփույթ կերպով ծիծաղելով յուր հյուրի խռովության վրա: — Այդ առաջին անգամը չէ, որ դու ծուղակի մեջ ես բռնվում:

Իշխանուհին դարձյալ անհանգիստ էր:

Իշխանն որտե՞ղ էր գտնվում, — դարձավ երիտասարդը դեպի Սալմանը:

Դիվանխանայի մեջ:

Ո՞վքեր կային մոտը:

Մի քանի խաներ և բեկեր, — ասաց պատանին, տալով նրանց անունները:

Ա՛յ, այդ դատարկապորտ անպիտանները նրա մոտ կմնան մինչև կեսգիշեր: Իշխանը դեռ յուր հյուրերին բերած որսիցն եղջերվի խորոված կուտացնե: Հետո նրանք կսկսեն լկել ու լափել, հետո խաղալ ու ամբողջ ժամերով յուրյանց հիմարությունները պատմել:

Սալմանը դուրս գնաց նախասենյակը, սպասում էր յուր տիկնոջը:

Ինձ ի՞նչ օգուտ դրանցից, — հարցրուց խանումը վշտահար ձայնով:

Այն օգուտն, որ իշխանը յուր սիրուն հարեմի օթյակը կմտնե կեսգիշերից մի քանի ժամ անցած, բայց տակավին չորս ժամ կա մինչև այդ անբախտ րոպեն:

Այսուամենայնիվ, ինձ պետք է գոնյա երկու ժամ առաջ այնտեղ գտնվիլ, որպեսզի կարողանամ պատրաստվել նրան ընդունելու:

Երիտասարդի ուրախ դեմքի վրա վազեց մի հեգնական ծիծաղ:

Ա՛յ, այժմ իմացա, թե ինչու ես շտապում, — պատրաստվել ու համար... երեսդ կոկելու համար... մազերդ անուշհոտցնելու համար... աչերդ սուրմայելու համար... հոնքերը ներկելու համար... ամենափառավոր հագուստով զարդարվելու համար...:

Հա՜, այդպես չէ՞:

Խանումն այդ խոսքերին պատասխանեց մի քաղցրիկ ժպիտով:

Բայց ի՞նչու խեղճ բանաստեղծի խուցը գալու ժամանակ չես պատրաստվում դու, — հառաջ տարավ երիտասարդը: — Մի՞թե մտածում ես, որ քո քիշմիրյան լաթերը կաղտոտվին իմ սենյակի փոշիների մեջ:

Նրա համար, որ դու էդպես էլ սիրում ես ինձ, — պատասխանեց խանումը և յուր ձեռքը նազելով երիտասարդի ուսին դրեց:

Միրզա-Շաֆին գրկեց յուր սիրուհին և նստեցրուց յուր մոտ:

Այդ ուղիղ է, հոգիկս, — խոսեց նա, — հարեմական բռնակալները, — այդ հոտած, փտած իշխանները միայն, — ախորժում են յուրյանց անբախտ զոհերը միշտ խայտաճամուկ կեղևի մեջ տեսնել: Իսկ Շաֆին սիրում է այդ կրակոտ աչերը, այդ աղեղնաձև հոնքերը տեսնել յուրյանց բնական գեղեցկության մեջ:

Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ, սիրաբորբոք համբույր:

Լսի՜ր, Բագիմ, — հառաջ տարավ երիտասարդն ավելի ծանր կերպով, — երդվում եմ այդ գանգրահեր զուլֆերովդ (խոպոպիք), որ շուտով այդ անպիտանների դարը կանցնի: Մեծ «Բաբի» վարդապետությունը կտիրե մեր աշխարհին: Ապագան մերն է: Այն ժամանակ այդ իշխաններն, այդ խաներն, այդ բեկերն, այդ վնասակար արարածներն այլևս չեն կարող ժողովրդի արյունը ծծելովպարարտացնել իրանց փորը: Այլևս չեն կարող դիզել յուրյանց պալատներում երկրի հարստությունը և լցնել յուրյանց հարեմխանանմեր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով...:

Այդ խոսքերն արտասանելու միջոցին երիտասարդը այնպես գրավվեցավ յուր մտքերով, կարծես թե մոռացավ յուր սիրուհին,որ գրկումն էր: Նա շարունակեց.

Թո՜ղ առժամանակ ևս խեղճ Շաֆին, գիշերները քաղցած փորով, յուր վերարկվի տակ կծկված, յուր սառը ծնկները գրկած, միայնակ քնե այդ խոնավ սենյակի մեջ: Բայց կգա օրը, երբ մենք կցրենք այդ անողորմ մեղուների բույնը և նրանց քաղցրիկ մթերքը մեզ կերակուր կշինենք...

Չէ՜ որ ես քեզ մենակ չեմ թողնում, Շաֆի ջան, — երիտասարդի խոսքը կտրեց իշխանուհին հրապուրիչ ձայնով:

Գողությունը միշտ զզվելի բան է, — պատասխանեց երիսասարդը: — Ահա՜ սպասում է Սալմանը, գնա՜, և դու մի րոպեից հետո իմը չես: Գնա՜, սիրելի Բագիմ, ես չեմ ուշացնի քեզ, գնա՜

պատրաստվի՜ր, զարդարվի՜ր, քո բռնակալն այս գիշեր քեզ մոտ շնորհ ունե: Բայց երբ կգա կնոջ ազատ իրավունքը, դու այլևս ստիպված չես լինի շողոքորթել մի «գազանի» անասնական կրքերին... իսկ առայժմ պետք է համբերես, Բագիմ, որովհետև դու ստրուկ ես:

Տիկինը լի համակրական զգացմունքով՝ յուր վարդի կոկոնի նման շրթունքը հպեցրուց երիտասարդի ճակատին և վեր կացավ: Նա պատրաստվում էր գնալ, բայց Միրզա-Շաֆին կանգնեցրեց նրան:

Սպասի՜ր, գիշերը շատ մութն է, քաղաքի սրիկաները քաղցած գայլերի նման այժմ պտտում են փողոցներում: Սպասիր, ես քեզ հետ գամ:

Դու մնա՜ տանը, Շաֆի, մի փոքր հանգստացիր, դու շատ վրդովված ես, — ասաց տիկինը:

Ես կհասցնեմ քեզ մինչև ամրոցը:

Նրանք միասին դուրս ելան, յուրյանց հետ առնելով Սալմանին: Ամրոցի մոտ բաժանվեցան: Բագի-խանումն երբ կամենում էր անցնել հարեմխանայի բակը, դռնապանը հարցրուց նրան.

Ո՞վ ես:

Բագիմ-խանումի մոտ եմ գնում, նրա քրոջից նամակ եմ բերում, — եղավ պատասխանը:

Գնացե՜ք:

ԺԴ

Միրզա-Շաֆին, բաժանվելով յուր սիրուհուց, մի քանի րոպե կանգնեց իշխանի ամրոցի մոտ, նա մտածում էր. «ո՜րքան անբախտ արարածներ իրանց սիրողների գրկիցը խլված, բանտարկվել են այդ վանդակի մեջ: Եթե նրանց բոլորի արտասուքը միախառնվեին, այդ ահագին պարիսպները կխորտակվեին նրանց հոսանքի առջև»...

Նա կամենում էր հեռանալ, երբ մի նոր միտք հետ դարձրուց նրան: «Չէ՜, մտնեմ իշխանի մոտ և մի քանի րոպե նրան զբաղեցնեմ դատարկախոսությամբ, մինչև նրա տիկինը կպատրաստվեր»... և նա ուղղեց յուր քայլերը դեպի ամրոցը:

Նա գտավ դիվանխանայի դահլիճներից մինը փառավոր կերպով զարդարված լալաներով և մարդան գիներով:

Լուսամուտների լայնապակեզարդ փենջարեքը վեր էին քաշված և բակի ծաղիկներով անուշահոտված օդը ներս էր ծավալվում ախորժ թարմությամբ:

Փենջարեի մի կողմում ծալապատիկ նստած էր ամրոցի իշխանը, նրանից ներքև կարգով շարված էին հյուրերը և լռությամբ ականջ էին դնում նրա խոսքերին:

Միրզա-Շաֆին ներս մտավ և սովորական ողջույնը տալով, կանգնեց:

Ա՛, Միրզա, բարով եկար, բարով, հրամայեցեք նստեցեքասաց իշխանը նրան տեղ ցույց տալով:

Երիտասարդը բոլորին ծանոթ էր, առանց նեղվելու, համարձակ գնաց և նստեց ցույց տված տեղը:

Նա լավ գիտեր յուր երկրի սովորությունը, թե գտնվում էր մի իշխանի մեջլիսում, և թե հարկավոր էր ամեն նրա հիմար ու խելացի խոսքերին լռությամբ լսել, «այո՜, այդպես է» ասել, այդ պատճառով Միրզա-Շաֆին կամեցավ առժամանակ պահպանել պատշաճի կանոնները:

Հորս գերեզմանին երդում լինի, — շարունակեց իշխանը ընդհատված խոսակցությունը, — իմ որսորդությունն այս անգամին անսպասելի հաջող գնաց:

Ձեր մեծությունը միշտ բախտ ունե որսորդության մեջ, — շողոքորթեց հյուրերից մինը:

Բացի դրանից, իշխանի շները լավ վարժված են, — վրա բերեց մի այլը:

Իմ ոսկեգույն բարակը՝ Շեյթանը, հրաշալի մի բան է, ես նրան չեմ փոխի ամենաազնիվ արաբական նժույգի հետ, — պատասխանեց իշխանը:

Այն, որ Ջաֆար-խանը ձերդ մեծությանը փեշքեշ էր ուղարկե՞լ, — հարցրեց մինը:

Այո՜, հենց այն, — պատասխանեց իշխանը, — գիտե՞ք, խան, որքա՜ն թանկ նստեց ինձ այդ բարակը. Ջաֆար-խանը, ձեզ հայտնի է, ամբողջ մի տարի գավառապետ էր Քաշանում, ի՞նչ անիրավություններ ասես չէր արել այնտեղ այդ անպիտանը՝ կաշառքներ, տուգանքներ, — բացի դրանցից, դիվանի տուրքից ևս բավական կուլ էր տվել: Ես կարող էի նրանցից մի քանի հազար դեղին թուման դուրս քաշել, բայց բոլորը բաշխեցի:

Միրզա-Շաֆին, որ լռությամբ լսում էր, կտրեց իշխանի խոսքը. — Վնաս չունի, բարակը նույնպես դեղին գույն ունի, իշխան:

Բայց ես զարմանում եմ մի բանի վրա, ես գիտեի, որ քավության զոհերը մատուցվում են միայն սուրբ կենդանիներից, իսկ այդ մի նոր վարդապետություն է, որ շներից եղած զոհարերությունը դարձյալ կարող էր սրբել մի հանցավորի մեղքերը...

Միրզա-Շաֆիի երգիծական սրախոսությունը բարձրացրուց ընդհանուր ծիծաղ: Բայց որովհետև բոլորը սովոր էին նրա խոսքերին, այդ պատճառով իշխանն ամենևին չբարկացավ նրա նկատողության վրա և շարունակեց յուր խոսակցությունը, որ այնքան հետաքրքրական էր նրա հյուրերին:

Իսկ այդ անգամին իմ Հադուդըայդպես էր իշխանի նժույգի անունը, — կատարյալ հրաշք գործեց:

Ի՞նչպես, — հարց արին ամեն կողմից:

Այս անգամ երկար մենք թափառում էինք Ս...ի դաշտերում և ձորերում, մի քանի կաքավներ և տատրակներ միայն գտանք: Նոքարներս ամեն մինը մի կողմ ցրված էին: Մին էլ հեռվից տեսա Աքպար սպահանցու հրացանի ծուխը բարձրացավ: Բայց գնդակը չդիպավ նպատակին, և եղջերուն սատանայի արագությամբ սկսավ վազել: Ես Հադուդին բաց թողեցի էրեի վրա: Քառորդ ժամու չափ իմ ձին և որսը վազում էին միևնույն ուղղությամբ: Հանկարծ իմ առջև մի խոր ջրանցք, մինչև տասն արշին լայնությամբ: Ես չկարողացա Հադուդիս գլուխր դարձնել, որովհետև նա չափազանց տաքացած էր: Իմ աչքերիս առջևր սևացավ: Մին էլ այն տեսա, ձին արծվի պես թռավ, և ես գտնվում էի ջրանցքի մյուս ափումը:

Մաշա՛լլա, մաշա՛լլա, — կոչեցին հյուրերը:

Եղջերուն ընկավ ջրանցքի մեջ և մինչև կեսը թաղվեցավ լիլի մեջ: Ես արձակեցի իմ կարաբինան, և խոշոր կոտորակները անցան որսի ուղեղի միջից:

Բայց դուք էլ մեծ քաջություն եք արել, իշխան, — գովաբանեցին հյուրերը:

Ես այդ դեպքում ավելի պարտական եմ Հադուդին, — հառաջ տարավ իշխանը, — ճշմարիտ նա արժեր փրկանք լինել, այն գեղեցիկ օրիորդին... որ...

Ի՞նչ օրիորդ, — հարցրուց հյուրերից մինը, — ձեր մեծությունը, կարծեմ, Հադուդին հինգ հարյուր թումանով գնեց:

Դուք սխալվում եք, խան, — պատասխանեց իշխանը, — ձեր ասածը Ջեյրանն է, որ գնեցի բադդաղցի արաբից: Հադուդը ինձ բերեց ծերունի Խալաֆ-բեկը՝ Մավրի թուրքմենների ցեղապետը:

Երբ վերջին արշավանքներում մենք թուրքմեններից այնքան գերիներ և կողոպուտ խլեցինք, նրանց թվում գտնվում էր Խալաֆ-բեկի աղջիկը: Խեղճ ծերունին առաջարկեց հազար թուման փրկանք յուր դստեր համար, ես չընդունեցի, այլ պահանջեցի նրա ձին, որ բոլոր Թուրքեստանի մեջ հռչակված էր: Նա ստիպված եղավ տալ Հադուդին, որ յուր երկու աչքի լույսի հետ չէր փոխի: Ձին բերեցին, հրամայեցի տանել ախոռը, իսկ աղջիկը մինչև այսօր էլ իմ հարեմխանայումն է...

Վերջին խոսքերը Խալաֆ-բեկի դստեր մասին վերաբերում էին Բագիմ-խանումին, Միրզա-Շաֆիի սրտին ամենամոտ առարկային: Նրա հպարտ աչքերը վառվեցան այդ լսելու ժամանակ և շրթունքը սկսեցին դողալ:

Ի՛նչ լավ եք արել, — գովեցին ամեն կողմից իշխանի նենգությունը:

Շա՛տ լավ է արել, — վրա բերեց Միրզա-Շաֆին հեգնորեն կերպով, — խաբեբայությունը պատերազմական գործերում թույլ է տված մինչև անգամ ղորանով...

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ ներս բերվեցան ղեյլանները: Նրանք սկսեցին ծխել:

Դուք բոլոր ժամանակը Ս...ումը անցուցիք, իշխան, — հարցրուց խաներից մինը:

Երեք օր միայն: Այնտեղից ես եկա Հյուսեին-խանի մոտ, ճաշին հյուր եղա նրա գյուղումը: Ճշմարիտն ասած, շատ ուրախ անցուցինք: Խանն ինձ զվարճացնելու համար կանչել տվեց յուր հրեա րայաթներից մի քանի պատանիներ և աղջիկներ, նրանք «ջիհուդի» պար բռնեցին: Ա՛խ, ի՞նչ ծիծաղելի էր այդ նզովյալների խաղը: Հետո մի քանիսին ծերերից փայտի կապել տվավ խանը. սկսեցին ծեծել, նրանց լացը ու գոռոցն ավելի ծիծաղեցրուց ինձ, կատարյալ «ջիհուդի շիվան»...

Այդ խոսքերը այնպիսի մի եռանդով պատմեց իշխանը, որ շարժեց բոլոր հյուրերի ծիծաղը, բացի Միրզա-Շաֆիից:

Ես էլ տեսել եմ այդ անիծվածների խաղերն, — ասաց խաներից մինր, — ճշմարիտ շատ ծիծաղելի է: Երբ առաջին անգամ գնացի Համադան որպես կուսակալ, երբ քաղաքին մոտեցանք, բոլոր ժողովուրդը ընդառաջ ելավ: Մուսուլմաններն ամեն մի տատը քայլափոխում մատաղ էին մորթում ձիուս ոտքերի տակ: Ջիհուդները պար էին գալիս: Նրանք հագել էին ծաղրական հագուստներ, գլխներին դրած էին երկայն, զանազան գույներով ներկված թղթե գդակներ: Այնպես թռչկոտում էին, չրրթիկ էին զարկում և պես-պես մասխարություններ էին անում: Իսկ ավելի ծիծաղելի էին հայերը: Նրանք դուրս էին բերել յուրյանց քահանաներին եկեղեցվո հագուստով և բոլոր պատկերներով ու խաչերով, որ այդ անօրենները գործ են ածում իրանց եկեղեցիներում: Ես չկարողացա իմ ծիծաղը պահել, երբ տեսնում էի պարսիկ լամուկները մոտենում էին պատկերներին, ու սկսում էին նրանց առջև յուրյանց բերանը ծռմռել ու զանազան ծաղրական խոսքեր ասել, և կամ քեշիշներից (տերտերներից) հարցնում էին. «քեշի՜շ, ին՞ չո ւ ես խաչի ետևում փայտ անցուցել»4:

Այդ շատ ծիծաղելի է, — ձայն տվեցին ամենքը հռհռալով և հայտնեցին, որ իրանցից շատերը ներկա եղած են այդպիսի հանդեսների:

Բայց օտար ազգերի կրոնական սրբությունները ծաղրածության առարկա շինել, այդ ո՜չ միայն խղճմտանքի ընդդեմ է, այլև աստծո, — մեջ մտավ Միրզա-Շաֆին:

Բայց իշխանը նրան փոխանակ ուղղակի պատասխանելու, ասաց.

Ավելի հաճելի կլինի մեզ, եթե այդ ունայն քարոզների տեղ դու երգես մի երգ:

Բոլորովին ուղիղ նկատեցիք, իշխան, — ավելացրեց խաներից մինը, — ուրեմն հրամայեցեք բերեն թառը, ես խնդրում եմ, որ Միրզա՜Շաֆին ածե ևս:

Սույն միջոցին իշխանի մանկլավիկները ներս բերեցին արծաթյա մատուցարանների վրա դրած նախաճաշելիքներ, որոնց ընթրիքից առաջ սովորություն ունեն պարսիկները ուտելու և նրանց մոտ դրվեցան զանազան ղորանից արգելված ըմպելիքները: Հյուրերը սկսեցին խմել և ուտել5: Իսկ Միրզա-Շաֆին հնչեցրուց թառը և հանպատրաստից երգեց այս երգը.

«Մթին անտառով պատած էր սարը,
«Այն սարի գլխին գմբեթի նման,
«Կապույտ երկինքը յուր լայն կամարը,
«Գրած էր այնպես պայծառ, անսահման:

«Այն սարի վրա ամրոց էր կանգնած,
«Թշնամի վըհուկ կախարդեց նրան.
«Ամրոցի միջում աղջիկ էր նստած,
«Նրան կապել էր գերության շղթան:

«Միայնակ, տխուր նազելի կույսը
«Փակված էր մթին յուր նեղ սենյակում,
«Կյանքից և բախտից կտրած էր հույսը,
«Սրտամաշ ցավերը կըրում էր հոգում:

«Ամրոցի մոտից մի աշուղ անցավ,
«Երգեց աշուղը յուր երգը անուշ,
«Վըհուկի այն չար թիլիսմը լուծվեցավ,
«Փշրեց յուր շղթան աղջիկը քնքուշ:

«Վազեց դեպի դուրս, աշուղին կանչեց,
«Ասաց — «Դու ես իմ սրտի ուզածը,
«Սեղմեց գրկի մեջ, երեսից պաչեց,
«Ասաց — «Ինձ փրկիչ ճամփեց աստվածը:

«Երբ որ լուսինը բլուրի ծայրից՝
«Շողում էր լույսը՝ ուրախ և պայծառ,
«Երբ որ աստղերը երկնի կամարից՝
«Պսպղին տալով՝ թափեին գոհար, —

«Ամրոցի միջից աշուղի նազելին,
«Ծածուկ դուրս դալով, մթին անտառում՝
«Լի ցնորքներով` սրտի սիրելին`
«Կանչում էր, կանչումնրան պըտրում

«Այն անտառի մեջ կար մի տաղավար,
«Կարծես, դերվիշի էր նա բնակարան,
«Թփերով պատած՝ ճյուղերը հյուսած
«Ցրտից, անձրևից պահում էր նրան:

«Այնտեղ աշուղը միայնակ՝ լռին
«Առանձնության մեջ երդում էր երգը,
«Նրան կենակից էին՝ Հաֆեզ, Սաադին
«Եվ մեծ թուսեցու հրաշալիք գիրքը6:

«Այն տաղավարում ամրոցի հուրին
Անցուցանում էր անուշ գիշերներ. —
«Ջեննաթը երբե՜ք յուր անմահներին
«Չէ՜ , չէ՛ շնորհում այնպիսի օրեր...

— «Թափում էր ցավը վշտահար սրտից ,
«Սրբում էր աչքից դառն արտասուքը,
«Որպես մի անմեղ՝ ազատված բանտից`
«Մոռանում էր յուր ողբն ու սուգը:

«Ամրոցի տերն էր բռնակալիշխան,
«Որ խլեց նրան հայրենի երկրից,
«Իսկ աղջկա հայրնէր ծերուկ մի խան,
«Որ շատ արտասուք քամեց աչերից:

«Իշխանը ուներ պաշտոն արքունի
«Եվ գեղեցկուհի կանայք բազմաթիվ,
«Նրա հարեմում ստրուկ, ներքինի
«Չունեին բնավ համար և հաշիվ:

«Նրա կանայքը փակված են ողջուն
«Երկաթով պատած՝ ամուր վանդակում,
«Բայց «ս ե ր ը» հզոր է քան բռնություն,
«Նա յուր վանդակը է միշտ խորտակում...»:

ԺԵ

Բագիմ-խանումը, դառնալով յուր սենյակը, զարդարվեցավ, օծվեցավ, կոկվեցավ և նախշուն թիթեռնիկի կերպարանք ստացավ: Նա յուր օթյակը լեցրած անուշահոտությամբ, սպասում էր յուր տիրոջ գալստյանը: Հանկարծ նրա ականշներին դիպավ մոգական հնչումները մի երգի:

Այդ «նրա» ձայնն է… — ասաց շփոթվելով տիկինը և մոտեցավ բաց լուսամուտին, որտեղից ներս թռան երգի վերջին տողերը.

«Եվ իսկ այս գիշեր ամրոցի հուրին
«Զվարճանում էր աշուղի գրկում
«Որ թռիչք տվեց սրտի դարդերին...
«Որ ձեզի համար այդ երդն է երգում... »:

— «Նա» ինձ է երգում…— մտածեց տիկինը լի քաղցրիկ վրդովմունքով և թեքվեցավ փենջարեի հենարանի վրա:

Գիտե՞ք, խանում, ով է երգում, — հարցրոլց Ֆերուզր, որ կանգնած հետազոտում էր յուր տիկնոջ երեսի փոփոխական գծերը:

Գիտեմ... — պատասխանեց տիկինը տխուր ձայնով:

— «Նա» նրա համար է երգում, որ դուք լսեք:

Տիկինր ոչինչ չպատասխանեց: Նա երկար ականջ էր դնում, բայց երգը լռել էր արդեն:

Իշխանը այս գիշեր ձեզ մոտ կլինի, — խոսեց աղախինը:

Գիտեմ:

Ի՞նչ պատրաստել:

Ինչ ուզում ես պատրաստի՜ր, Ֆերուզ, ինձանից մի՜ հարցրու, իմ գլուխն իմս չէ...

Աղախինը, նկատելով տիկնոջ վշտահար դեմքը, հեռացավ:

Բագիմ-խանումը հեռացավ լուսամուտից, մոտեցավ հայելուն, երկար նայում էր յուր վրա, կարծես սիրահարված լիներ իրանով: «Եթե այդպես տեսներ ինձ Շաֆին...», ասում էր նա ինքն իրան:

Նրա մտածությունները շփոթեց մի ձայն. — Բախտավոր, զարդարվի՜ր... ուրախացի՜ր... հիմա իշխանը կգա:

Տիկինը հետ նայեց, տեսավ հարեմներից մինը՝ գեղեցիկ Ջեյրան-խանումին:

Նախանձո՞ւմ ես, Ջեյրան, — դարձավ նա դեպի յուր այցելուհին ակամա ժպիտով:

Թո՜ղ իմ աչքը կույր լինի, եթե նախանձեմ , — պաաասխանեց եկվորը մոտենալով:

Բա ի՞նչ ես ասում:

Հանաք եմ անում, Բագիմ:

Նստի՜ր, հոգիս, նստի՜ր, մի քիչ խոսենք, ես այսօր շատ տխուր եմ...

Նրանք նստեցին միմյանց մոտ:

Դու պետք է ուրախ լինես, Բագիմ, այսօր «նրա» մոտ էիր, — պատասխանեց Ջեյրան-խանումը ծիծաղելով:

Է՛հ, «տարին մի անգամ բայրամ (զատիկ), այն ևս ախուվախով»... — պատասխանեց Բագիմ-խանումը ցավալի կերպով:

Բաս ես սև՜ պետք է հագնեմ, որ ամիսներով նրա երեսը չեմ տեսնում...

Դու էլ ինձ պես անբախտ ես... Ջեյրան:

Հա՜, անբախտ եմ, Բագիմ... — կրկնեց Ջեյրանը խորին կերպով հոգվոց հանելով:

Երկու տիկինների խոսքն յուրյանց գաղտնի սիրողների վրա էր: Նրանք միմյանցից ծածուկ ոչինչ չունեին:

Այդ ո՞ր սատանան փչեց իշխանի խելքին, որ կամեցել է այս գիշեր քեզ մոտ լինել, Բագիմ:

Չեմ գիտում: Դու քանի՞ ժամանակ է չես տեսել իշխանինՋեյրան:

Երեք ամիս:

Ամեն գիշեր ընկած է Ղարաչու աղջկա մոտ: Բագիմ-խանումի խոսքը մի բոշա հարեմի մասին էր, որին շատ էր սիրում իշխանը:

Նա գեղեցիկ է, նրա համար, — ասաց հեգնորեն Ջեյրան-խանումը:

Սատանան տանե նրա սև թշերը, — պատասխանեց Բագիմ-խանումը զզվանք ձևացնելով յուր դեմքի վրա: — Թե ես և դու Ջեյրան, նրա նման ածել, երգել, պարել իմանայինք, իշխանը մեզ էլ կսիրեր:

Մինակ այդ չէ պատճառը, հոգիս, — խոսեց Ջեյրանը, — Խուրշիդըայդպես էր բոշա հարեմի անունըորպես ամեն մութրուները, կատարյալ կախարդ է:

Ղո՞րդ:

Իմ հոր գերեզմանը վկա: Նա դյութել է իշխանի սերը:

Այն դևի ծնունդից ոչինչ բան պակաս չէ:

Իշխանը կարծում է, — հառաջ տարավ Ջեյրան-խանումը, թե Խուրշիդն ամեն հարեմներից ավելի է սիրում նրան: Բայց դու, Բագիմ, գիտե՞ս նրա բաները:

Չեմ գիտում:

Նա ուրիշին է սիրում:

Ու՞մ:

Չեմ գիտում: Բայց մի անգամ Խուրշիդը ծեծել էր յուր աղախնին՝ Հուսնիին, աղախինը պատմեց ինձ ամենը:

Ի՞նչ ասեց:

Ասեց իմ տիկնոջ ծնելու օրը հասավ: Նա հրամայեց ոչ ոքին յուր սենյակը չթողնել, այնտեղ էր միայն պառավ տատմերը: Խուրշիդն ազատվեցավ: Տղան ծնվեց սև ինչպես ածուխ, հաստ շրթունքներով և տափակ քթով: Տատմերը գիշերով վեր առեց երեխան, տարավ յուր հետ: Մյուս օրը բերավ մի այլ տղա սպիտակ որպես ձյուն: Այնուհետև հայտնեցին, թե խանումը ազատվեցավ ծնունդից...

Ջեյրա-խանումն այդ խոսքերը պատմելու միջոցին Բագիմ-Խանումի դեմքը փոփոխվում էր զարմացական ցնցումներով:

Ուրեմն Խուրշիդի այժմյան երեխան իրանը չէ՞, — հարցրուց նա ծիծաղելով:

Տատմերը գտել է նրան մի մեչիդի դռնից, ուր նրան ձգած են եղել:

Բայց իշխանը գիրկը առած սիրում է, համբուրում է երեխային, կարծելով թե յուրն է:

Եվ սիրում է մորը, որ այնպիսի գեղեցիկ որդի ծնեց...

Բագիմ-խանումն երկար պաշարված էր յուր լսածների զարմացումով:

Հիմա իմանում եմ, Ջեյրան, որ իշխանի սերը գրավելու համար գեղեցկություն պետք չէ: Պետք է այնպես «սատանա» լինել, որպես Խուրշիդը:

Ի՞նչ գեղեցկություն, — պատասխանեց մյուսը, — Զեյնաբ-խանումը մեր ամենիցս գեղեցիկ է: Ի՞նչու չէ սիրում նրան իշխանը: Նրա համար, որ նա «սատանայություն» չունի:

Խե՛ղճ Զեյնաբ, — խոսեց Բագիմ-խանումր ցավակցական ձայնով, — կարելի է սրտի դարդերիցը դևոտեցավ...

Դարդը քի՞չ բան է...: Ես մի օր չէի տեսնում նրան, որ աչքերն արտասուքով թաց չլինեին: Խեղճն ամբողջ օրը յուր սենյակից դուրս չէր գալիս, հենց ա՛խ էր քաշում ու լաց լինում..:

Հիմա մի քիչ լավ է, ասում են:

Ջինների ձայնը դեռ շատ անգամ լսվում է:

Ես ուզում էի այսօր նրա մոտ գնալ, վախեցա:

Չէ՜, Բագիմ, չէ կարելի նրա մոտ գնալ, — ասաց Ջեյրան-խանումը: — Կախարդն ամեն գիշեր գալիս է:

Շատ բաներ են պատմում կախարդի մասին:

Ի՞նչ բաներ:

Ասում են ամեն բան գիտե:

Լսելով վերջին խոսքերը, Ջեյրան-խանումի գլխում ծագեց մի նոր միտք: Եվ նա հարցրուց.

Սիրո «թիլիսմաններ» էլ կգիտենա: Այդպես չէ՞:

Ամեն բան գիտե:

Ե՜կ, Բագիմ, մի օր նրան մեզ մոտ կանչենք:

Ինչո՞ ւ համար:

Թո՜ղ մեզ համար «սիրո թիլիսմաններ» գրե:

Առանց այդ էլ սիրում են մեզ.. պատասխանեց Բագիմ»խանումը ժպտելով:

Իշխանը որ չէ սիրո՞ ւմ...

Ի՛նչ պետք է իշխանի սերը:

Նրա համար պետք է, որ բայրամ (զատիկ) է գալիս, ես ու դու նոր հագուստ չունենք:

Մուրդաշուրը7 տանե նրա առած հագուստը…— պատասխանեց Բագիմ՜խանումր արհամարհական կերպով:

Բայց ես կախարդին կանչել կտամ:

Կանչել տուր, որ նոր հագուստով գնաս սիրականիդ մոտը... դու նրա համար ես զարդարվում...

Երկու հարեմների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ նրանք տեսան հարեմխանայի բակը ներս մտավ իշխանը: Երկու փոքրիկ սպասավորներ իրանց լապտերներով լուսավորում էին նրա մուտքը: Ջեյրան-խանումը վազեց դեպի յուր սենյակը:

Չնայելով այն խորին ատելությանը, որ ուներ Բագիմ-խանումը դեպի յուր բռնակալը, այսուամենայնիվ, երբ նրա գալուստը տեսավ, ընդունեց խիստ ուրախ և հրապուրիչ կերպարանք: Թեև այդ ուրախությունը բոլորովին ակամա և հրապույրը ստիպողական էր, բայց դարձյալ գրավիչ և ախորժելի էր: նա դիմեց մինչև նախասենյակը, երբ ամուսինն ոտքը դրեց նրա շեմքի վրա, բռնեց նրա ձեռքից և գրկելով բերավ յուր օթյակը:

Այն խոսքերը, որոնցով տիկինն արտասանում էր յուր սերը և ուրախությունը, կարող է արտասանել մի կեղծավոր լեզու, որ երկար ժամանակ եղել է թարգման ճնշված, հաղթահարված և մինչև ստրկության հասած սրտի...

Մտնելով յուր հարեմի սենյակը, իշխանն յուր սովորական հպարտությամբ գնաց, նստեց յուր համար հատուկ պատրաստած փափուկ օթոցի վրա և մեջքը տվեց թանկագին բարձերին: Կինը նստեց նրա մոտ և նազելով թեքվեց դեպի նա, յուր հինայով ներկած ձեռքը դրեց ամուսնի ափի մեջ:

Ի՞նչպես է քո առողջությունը, — հարցրուց իշխանը, ծանրությամբ:

Ձեր շնորհը աղախնիդ համար կյանք է, ձեր ամեն մի ժպիտը նրան հավիտյան անմահություն կբաշխե, — պատասխանեց կինն ասիական գեղեցկախոսությամբ:

Այդ պատճառով էլ ես քեզ մոտ եկա:

Ձեր գալուստն այնքան բերկրալի է, որպես ամառնային անձրևն յուր մարգարիտները սփռում է ծարաված երկրի վրա...8

Մի՞թե դու այդքան սիրում ես ինձ:

Թո՜ղ վկա լինեն երկնքի հրեշտակները, որ ոչ մի ծաղիկ յուր գեղեցկությամբ իմ աչքը չէ գրավում, երբ «սիրականիս» դեմքը չէ այն, և ոչ մի թռչուն յուր երգերով ինձ չէ ուրախացնում, երբ «սիրականիս» ձայնը չէ այն:

Գուցե Բագիմ-խանումի խոսքը մի այլ «սիրականի» մասին էր, բայց իշխանը, բոլորովին իրան վերաբերելով, ասաց.

Միթե սերն այդքան քաղցր է քեզ համար:

Ավելի քան «կենդանության ջուրը»:

Սույն միջոցին իշխանը թևքը փաթաթեց տիկնոջ պարանոցով և նրա շրթունքը սեղմվեցան յուր գեղեցիկ հարեմի թշի վրա:

Դու ավելի անուշահոտ ես, քան թե ջեննաթի վարդերը, — կոչեց իշխանն յուր հրապուրանքի քաղցրության մեջ:

Վարդն ավելի զվարթանում է, երբ վաղորդյան ցողը փայլում է նրա թերթերի վրա... — այդ քո սերն է, թանկագին ամուսին, — պատասխանեց տիկինը:

Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո Բագիմ-խանումը վեր կացավ, յուր ձեռքով պատրաստեց մի ղեյլան և մատուց ամուսնուն: Ղեյլանի ծխաքարշը բոլորը զարդարած էր գույնզգույն ծաղիկներով:

Իշխանը սկսեց ծխել: Ֆերուզը ներս մտավ և վայր թողեց օթյակի վարագույրները: Քանի րոպեից հետո խավարը ծածկեց յուր պարկեշտ թևքերի տակ հարեմական իշխանի բոլոր սիրակցությունը...

Բայց Ջեյրան-խանումը, դուրս գալով Բագիմ-խանումի սենյակից, նրան հանդիպեց Խուրշիդ-խանումը, որի մասին կես ժամ առաջ խոսում էին երկու տիկինները: Խուրշիդը, կատաղած առյուծի նման, միայնակ ման էր գալիս հարեմխանայի բակում ը:

Ջեյրան, Ջեյրան, — կանչեց նա հեռվից:

Ջեյրանը կանգնեց: Նա մոտ եկավ:

Իմամ-Հուսեյնի գերեզմանին երդում լինի, — ասաց նա բարկացկոտ ձայնով, — եթե առավոտյան ես Բագիմի ծամերը մեկ-մեկ դուրս չքաշեմ...

Ինչո՞ւ: Գժվե՞լ ես, — հարցրուց Ջեյրանը զարմանալով:

Նա համարձակվո՞ւմ է իմ հերթը խլել:

Ի՞նչ հերթ:

Իշխանն այս գիշեր ինձ մոտ պիտի լինե՞ր, թե նրա մոտ:

Թող քեզ մոտ լիներ, — պատասխանեց Ջեյրանը սառնությամբ: — Բագիմը խո զոռով յուր մոտ չէ՜ տարել:

Խուրշիդն ավելի կատաղեցավ:

Զոռով չէ՜, բա ի՞նչ է: Նա չէ՞ր իմանում, որ հերթն իմն է:

Նա ինչո՞վ իմանար: Նա էյլմ-ղեյբի9 չգիտե, — հեգնորեն ասաց Ջեյրանը:

Ես նրան կհասկացնեմ, թող առավոտը լուսանա...: Ես այն թուրքմենի քածին ցույց կտամ...

Գնա՜, գնա՜, դու կռիվ ես պտրում, — ասաց Ջեյրանը հանդիմանական կերպով: — Եթե նա թուրքմեն է, դու էլ մութրուֆ (ցիգան) ես... մի շատ ազնիվ ցեղից չես...

Բոշա հարեմի աչքերը վառվեցան բարկության կրակով: — Դո՜ւ, անզգամ, պաշտպանո՞ւմ ես այն անառակին, — կոչեց նա հարձակվելով Ջեյրանի վրա:

Անզգամն էլ, անառակն էլ դու ես...:

Ե՞ս... — ճչաց Խուրշիդը և երկու ձեռքով ձիգ ընկավ Ջեյրանի ծամերից...

Վա՛յ... վա՛յ... — ձայն արձակեց Ջեյրանը և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Խուրշիդի ծամերից:

Երկար նրանք մեկ-մեկու քարշ էին տալիս, միմյանց աչքն ու երեսը ծվատում էին, երբ վրա հասավ ներքինապետը:

Ամոթ է... խանումներ, այդ ի՞նչ խաբար է... — ասաց նա նրանց բաժանելով:

Թող դրան խեղդեմ... — ասում էր Խուրշիդը, աշխատելով Հեյդարի ձեռքից դուրս պրծնել:

Բայց Ջեյրանն այլևս ուշադրություն չդարձրեց և խույս տվեց կովի դաշտիցը:

ԺԷ

Մինչ ամրոցում անց էին կենում նախընթաց դեպքերը, Զեյնաբ-խանումը և Քերիմ-բեկը, Սալոմեի տան մեջ, նստած միմյանց մոտ, իրենց սրտի գեղազվարճ բերկրության մեջ, ճաշակում էին սիրո քաղցրությունները...

Սալոմեն նրանց մոտ չէր, նա մյուս սենյակում յուր ամուսնու հիվանդ ընկերի վերքերին սպեղանիք էր դնում:

Լսի՜ր, Ալմաստ, — հառաջ տարավ Քերիմ-բեկը ընդհատված խոսակցությունը, — մեր գերությունից հետո մեր հայրենիքում պատահել են մեծամեծ փոփոխություններ: Վրաստանը վաղուց միացել է Ռուսաստանի հետ: Այժմ վրացիք թագավորություն չունեն: Հիմա մեր Թիֆլիսը ռուսաց քաղաք է: Ռուսներն ուզում են տիրել բոլոր Կավկազին, այժմ այնտեղ պատերազմ կա:

Պատերա՛զմ... — կրկնեց սարսափելով Ալմաստը: — – Էլի կոտորո՛ւմ են...: Այդ դու ո՞րտեղից գիտես, Մեխակ:

Այսօր վազ առավոտյան Նաիբ-ուլ-Սալթանեի սուրհանդակը Թավրիզից այստեղ հասավ: Նա եկել էր չորս օրում և բոլոր Պարսկաստանի համար բերել էր տխուր լուրեր: Ռուսները հաղթում են և տիրում են պարսից խանություններին: Բոլոր հայերն ոտքի են կանգնած, ուզում են ազատվիլ պարսից լծից:

Դեռ գտնվելով պատերազմական սարսափելի տպավորությունների տակ, Ալմաստը, լսելով այդ խոսքերը, բոլոր մարմնով դողում էր: Նա հարցրուց անհամբերությամբ.

Ռուսներն ո՞վքեր են: Ա՛խ, ով գիտե նրանք էլ Մահմեդ-խանի նման թալանում են... գերի են տանում...

Չէ՜, Ալմաստ, — հանգստացրուց նրան Քերիմ՜բեկը, — ռուսները մեզ նման քրիստոնյաներ են, նրանք գերի չեն առնում և պարսիկների նման չեն թալանում...

Նրանք մեր խաչը և պատկերները պաշտո՞ ւմ են:

Պաշտում են:

Ալմաստը մի փոքր սիրտ առավ, հանգստացավ:

Ամբողջ Թեհրանն այսօր խռովության մեջ է, — շարունակեց Քերիմ-բեկը, շահը հրամայել է բոլոր զորապետներին հավաքել յուրյանց ղոշունը: Մեծ Մուշտեիդն առավոտյան դուրս եկավ մեչիդից քաղաքի հրապարակը, քարոզեց ջըհաթ10 անել իրանց կրոնակիցներին օգնելու համար:

Այդ լավ չեղավ մեզ համար... — ասաց Ալմաստը հուսահատ կերպով:

Դու չես հասկանում, Ալմաստ, շատ լավ էլավ:

Ի՞նչպես:

Որպես քո ամուսին իշխանը, նույնպես իմ տերըՍեր-Ասքերը` երկուսն էլ մեծ զորապետներ են, նրանց հրամայված է գնալ պատերազմ: Մենք երկուսս էլ ազատված կլինենք:

Ո՞րպես:

Այնպես որ, եթե մենք թողնենք այդ քաղաքը և հեռանանք այստեղից, էլ նրանք չեն կարող մեր ետևից ընկնել:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ նրանք զբաղված կլինեն յուրյանց պատերազմական գործերով: Նրանք այստեղ չեն լինի:

Ալմաստի հուսահատ դեմքը զվարթացավ ուրախության լուսով, և նա հարցրուց անհամբերությամբ.

Բա՜, ինչո՞ ւ ենք ուշանում:

Գնանք, Ալմաստ, չուշանանք, ամեն մի րոպեն թանկ է մեզ համար, — խոսեց

Քերիմ-բեկն ոգևորված կերպով: — Գնա՜նք, մեր վրեժն առնենք այն ազգից, որոնք թափեցին մեր հոր, մեր մոր ու մեր ազգականների արյունը...

Եվ այդքան տանջեցին մեզ... — հարեց Ալմաստը:

Սույն միջոցին երիտասարդի դեմքն ընդունեց խիստ վշտահար արտահայտություն, և նա, խորին կերպով հոգոց հանելով, ասաց.

Այո՜, տանջեցին... իմ սիրեկան: Արդեն տասն տարի է այս քաղաքումս ես լսում եմ պարսիկը հայի հավատքը հայհոյելիս և լռում եմ...: Ես տեսնում եմ պարսիկը հայի գլխին ծեծելիս, աչքերս խփում եմ և անց եմ կենում...: Սիրտս կրակ է կտրում, աչքերիցս արտասուքը վազում է... բայց ոչինչ չեմ կարողանում անել... որովհետև այստեղ թե լեզուս և թե ձեռքս՝ երկուսն էլ կապված են...

Ալմաստը լսում էր վերջին խոսքերը բոլորովին համակրությամբ: — Ինձ հետ էլ միշտ միևնույնն է պատահել, Մեխակ ջան, — տիկինն ընդմիջեց նրա խոսքը, — թեև ես մինչև այսօր ձևացրել եմ ինձ որպես ճշմարիտ մահմեդական, բայց դարձյալ երբ իշխանը կբարկանար ինձ վրա, իսկույն կսկսեր խաչին հայհոյել:

Այդպես են վարվում այդ բարբարոսները հայերի հետ, — պատասխանեց Քերիմ-բեկը կրկին ախ քաշելով: — Անցյալ օր հայերի թաղովն անցա, մի քանի պարսիկներ ցերեկով մտել էին մի գինեվաճառ հայի տուն՝ խմելու համար: Այնտեղ միայն գտնում են մի մանկահասակ հարս, որը, պարսիկներին տեսնելով, փախչում է դրացու տունը: Գազանները, տեսնելով մի ութը տարեկան աղջիկ, որ քնած է լինում սենյակումը, անմեղ կուսին անգթությամբ բռնաբարում են... և նա սրտապատառ է լինում ու մեռնում է: Ես տեսա նրա անբախտ հորը, որ դստեր անպատված դիակը դրել էր մեծ վեզիրի դռանը և արդարություն էր խնդրում: Պարսիկները անցնում էին, նայում էին անմեղ զոհի վրա և ծիծաղում էին...

Հաջորդ էջ