Րաֆֆի՝   Ջալալեդին

Արշալույսը այժմ սկսել էր ավելի պայծառ բոցավառվել և արևի կարմիր-ծիրանագույն շառավիղները դեռ նոր ցոլանում էին ձյունի պես սպիտակ ամպերի վրա, տալով նրանց քրքումի գույն: Բայց ձորերի մեջ տակավին լույս չկար: Երիտասարդը դեռ շարունակում էր իր ճանապարհը զարտուղի շավիղներով: Սարի այծը միայն կարող էր անցնել այն սարսափելի ելևէջները, այն նեղ կիրճերը և այն ժայռոտ գահավեժները, որոնց միջով գնում էր նա: Նա դիմում էր ուղղակի դեպի Երեսան գյուղը: Վերջապես հասավ այնտեղ: Կրակը և սուրը ոչնչացրել էր թե՛ մարդ և թե՛ բնակություն: Այստեղ նա երկար շրջում էր ընկած դիակների մեջ, և կարծես մի բան որոնում էր նրանց մեջ: Հետո նա կանգ առեց մի ծխացող խրճիթի առջև, խորին լռությամբ նայում էր նրա վրա: Այս տնակի մեջ անցել էր նրա մանկությունը, այստեղ էին բնակվում նրա ծնողքը, քույրերը և եղբայրները, որոնք այժմ չկային...: Այս ցավալի տեսարանը քամեց նրա աչքերից մի քանի կաթիլ արտասուք, որոնք գլորվեցան գունաթափ երեսի վրա:

Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն: Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից, — երիտասարդինը այդ տեսակիցն էր: Այդ տեսակ արտասուքը նման է երկնքի արտասուքին, որ խառն է լինում մրրիկի որոտման և կայծակների հետ...

Նա նկատեց այրվող խրճիթի մոտ մի քանի իրեղեններ, որոնց, գուցե ավարառուն անձեռնհաս լինելով, թողել էր այնտեղ: Իրեղենները բոլորը ծանոթ էին նրան: Ահա այն գորգի վրա շատ անգամ նստում էր իր ծերունի հայրը...: Ահա այն վերմակի տակ շատ անգամ քնել էր ինքը...: Ահա այն տաշտի մեջ խմոր էր հունցում իր մայրը...: Ահա այն մեծ թասը, որի մեջ իր քույրը կթում էր ոչխարները...: Մի խոսքով նրանց ամեն մեկը զարթեցնում էր իր մեջ հին-հին հիշատակներ: Նա մոտեցավ և սկսեց մին-մին վեր առնել և ձգել խրճիթի այրվող կրակի մեջ, կարծես, նրա բոցերը սաստկացնելու մտքով:

Նույն միջոցին վրա հասան երկու զինվորված քուրդ ձիավորներ, որոնք իրանց ետևից քարշ տալով բերում էին մի քանի ուրիշ ձիաներ:

Ինչո՞ւ ես այրում, — ասաց նրանցից մեկը, — մենք եկել ենք տանելու. առաջ գրաստներ չունեինք, հիմա բերել ենք:

Էլի կտանեք, — պատասխանեց երիտասարդը սառն կերպով, — դեռ շատ է մնացել: Իջե՛ք ցած:

Քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել:

Մի՛ մոտենաք, ես պետք է այրեմ դրանց, — գոռաց երիտասարդը:

Ի՞նչու:

Ձեզ էլ դրանց հետ կայրեմ, եթե թույլ չտաք:

Դո՞ւ:

Ես:

Նույն րոպեում երիտասարդի ծանր սուրը իջավ քրդերից մեկի գլխին, իսկ մյուսի կուրծքի մեջ որոտաց նրա ատրճանակը: Երկուսն էլ ընկան: Երիտասարդը խլեց դիակները և ձգեց կրակի մեջ: Այնուհետև նա բռնեց նրանց ձիերից մեկը, որն ավելի լավն էր, նստեց և սկսեց քշել:

Հայտնի չէ, թե ի՞նչու, երբ նա մի փոքր հեռացավ, կրկին ցած իջավ ձիուց, նրան արձակեց և ինքն դարձյալ սկսեց ոտով գնալ: Երևի այդ այն պատճառով էր, որ ձիով չէր կարող անցնել այնտեղի նեղ և դժվարին ճանապարհներով, որ ընտրել էր իր համար:

Բավական հեռանալով իր հայրենական գյուղից, մի լեռնադաշտի վրա նրա ուշադրությունը գրավեց մի մթին կետ, որ ազատ կերպով նշմարվում էր նոր բարձրացող արեգակի ճառագայթների միջով: Նա շատ հեռու էր: Որքան մոտենում էր երիտասարդը, այնքան հիշյալ առարկան աճում և ավելի մեծ ծավալ էր ստանում: Կարծես նա կախ էր ընկած օդի մեջ և բավական բարձր էր երկրի մակերևույթից: Նա ծռեց իր ուղին դեպի այն կողմը: Երբ փոքր ինչ ևս մոտեցավ, նրանց թիվը բազմացավ, որոնք այժմ նման էին այն խրտվիլակներին, որ ցցում են երկայն ձողերի գլխին և տնկում են հասունացած արտերի կամ սեխանոցների մոտ, որ թռչունները, խոզերը և արջերը չփչացնեն նրանց:

Բայց հիշյալ խրտվիլակներից ո՛չ թռչունները և ո՛չ գազանները չէին վախենում: Նա տեսնում էր, թե որպես գիշակեր ագռավները, անգղները և մինչև անգամ երկչոտ կաչաղակը ուրախ-ուրախ թռիչքներ էին գործում, ճախրում էին, պտույտներ էին անում, իջնում էին նրանց վրա և կրկին բարձրանում էին օդի մեջ: Այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում: Երևում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը:

Տեսարանը պարզվեցավ, երբ նա բոլորովին մոտ գնաց. երկայն ձողերի գլխին շամփրած մարմինները մարդկային դիակներ էին, որոնց կենդանի բարձրացրել էր այնտեղ բարբարոս ձեռքը, իսկ այժմ մեռած էին: Նրանք թվով երեք էին, որոնց մի կողմ թեքված գլուխներից սարսափած ճանապարհորդը ճանաչեց երկու քահանայի և մի վարդապետի երեսները: Եղեռնագործության ամենասոսկալի օրինակն է այդ, որ ստեղծել է մահմեդականի անգթության հանճարը, — կենդանի մարդիկ ղազուխի զարկելու... Ձողերի շուրջը ածած էին կոտորած դիակներ, որոնք գազանների գիշատելուց ավելի այլանդակվելով սարսափ էին ձգում նայողի վրա:

Հանկարծ երիտասարդը լսեց մի խուլ մրմունջ, որ նման էր այն դառն հառաչանքին, որ արձակում է մարդ մահվան տագնապի մեջ տանջված րոպեներում: Նա շտապեց դեպի ձայնը: Գետնի վրա նշմարվում էին արյան կաթիլների հետքեր, որոնք հազիվ տեսանելի շավիղի նման տանում էին դեպի այն կողմը: Տասը քայլ հազիվ փոխել էր նա, հանկարծ ծնկները թուլացան, գետնին փռվեցավ և գրկեց մի ալեզարդ ծերունի: Մի քանի րոպե մեռնողը և կենդանին մնացին անմռունչ:

Մեռնողը ավելի շուտ ոգի առավ, քան թե կենդանին, և առաջինը խոսեց իր թույլ, դողդոջուն ձայնով. «Հիմա, տե՛ր, ա՛ռ հոգիս, որովհետև մեռնում եմ որդուս գրկի մեջ»:

Երիտասարդը դեռ անշարժ էր:

Ծերունին ավելացրեց.

«Տասը տարի կորած որդիս այժմ կփակե հոր աչքերը»:

Երիտասարդի գլուխը դեռ այնպես ընկած էր ծերունի հոր կուրծքի վրա: Հայրը իր թույլ ձեռքով բարձրացրեց այն սիրելի գլուխը և ասաց.

«Սարհա՜տ, աննման Սարհա՜տ, թող օրհնեմ քեզ, հետո մեռնեմ»:

Բայց առաջ դու լսի՛ր որդուդ անեծքը և հետո մեռիր, — ասաց երիտասարդը զայրացած ձայնով: — Այո՛, տասը տարի կորած որդիդ այժմ պետք է փակե հոր աչքերը, որին գտնում է արյան մեջ շաղախված: Բայց ո՞վ եղավ որդուդ կորչելու պատճառը, եթե ոչ ինքը հայրը: Ես անառակ որդի չէի, ես փչացնող և արբեցող չէի, ես միայն սիրում էի զենքեր, սիրում էի ձի, սիրում էի որսալ: Իմ զվարճությունները համեստ էին: Իսկ այդ բոլորը ատում էիր դու: Ինձ դու ձգեցիր վանքը և կամենում էիր ինձանից ճգնավոր, աղոթող պատրաստել: Այնտեղից ես փախա: Այնուհետև խոփն ու բահը, գերանդին ու մանգաղը, այդ բաները առաջարկեցիր ինձ: Ես ընդունեցի, բայց առանց հրացանս թողնելու, որովհետև տեսնում էի, որ քուրդը հափշտակում էր մեր վարուցանքը. մի բանով պետք է պահպանել նրան: Բայց դու ինձ խրատում էիր բարի լինել և բարությամբ պատասխանել չարին. դու ինձ ասում էիր. «Մենք հայեր ենք, մեր գլուխը պետք է միշտ ցած ծռած լինի, մեր լեզուն միշտ մունջ պետք է լինի և մեր ձեռքը պետք չէ, որ բարձրանա օտարի գլխի վրա...»: Դրանք էին քո քարոզները: Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, ավելի շատ են ծեծում, քանի որ լեզուս մունջ եմ պահում, ավելի շատ են հայհոյում, — ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած չեղածս խլում տանում են, և ես մնում եմ աղքատ ու քաղցած: Բայց դու ամեն ինչ աստուծո վրա էիր ձգում, և պատվիրում էիր ինձ համբերել... Ես սկսեցի չհավատալ աստուծուն, երբ տեսնում էի, որ նրա աչքերի առջև ամեն տեսակ չարագործություններ կատարվում են, և նա միշտ մնում է անտարբեր: Իսկ քո բարկության չափն անցավ. դու արտաքսեցիր հոր տնից անառակ որդու, որ իր պապերի սովորություններով չէր գնում, որ ատում էր ստրկական խոնարհությունը, որ չէր սիրում իր հալածողի ոտները լիզել...

Բայց դու ո՞ւր գնացիր նրանից հետո և ի՞նչ էիր շինում, — հարցրեց վշտացած հայրը:

Ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ: Բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա, որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել... Եվ ինչո՞ւ չկոտորեի, ինչո՞ւ չհափշտակեի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նույնն են գործում, ավելի բախտավոր են, ավելի հարգելի են: Եվ որ ընդհակառակն, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ ավազակ չեն, նրանք թշվառ են, և ո՛չ իրանց ընտանիքի, և ո՛չ իրանց կայքի, և ո՛չ իրանց գլուխների տերը չեն...:

Երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց.

Տեսնում ես, հա՛յր, դու էլ բարի մարդ էիր, գառան պես խոնարհ էիր դու, բայց քո բարությունը քեզ չօգնեց: Եվ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերի գլխին, և այդ դիակները, որ ընկած են նրա շուրջը, բոլորն էլ բարի մարդիկ էին. ես ճանաչում եմ նրանց: Բայց չարի առջև ընկան, բարությունը չօգնեց նրանց...: Չարի հետ պետք է չար լինել, բարիի հետ բարի. այս է պահանջում անարդար մարդկությունը...:

Մի՛ տանջիր ինձ, որդի. թո՛ղ հանգիստ մեռնի անբախտ հայրդ, — ասաց ծերունին նվազած ձայնով: — Քո լեզուն ավելի խոր է խոցում իմ վերքը, քան քուրդի նիզակը...:

Ո՛չ, դու հանգիստ մեռնել չե՜ս կարող: Նա չէ կարող հանգիստ մեռնել, որ հանգիստ չէ ապրել: Հանգստությունը մեզ համար չէ, ո՛չ մեր խրճիթներում և ո՛չ գերեզմանի խորքում...:

Դու գնացի՞ր, տեսա՞ր մեր խրճիթը, — հարցրեց հայրը:

Տեսա, այրվում էր նա:

Իսկ մա՞յրդ... քույրե՞րդ... եղբա՞յրդ...:

Ոչ ոք չկար. գյուղումը միայն դիակներ գտա:

Եվ չշտապեցի՜ր մի օր առաջ ձեռք հասցնել անօգնական հորը և ազատել նրա ընտանիքը:

Ես դրա վրա չէի մտածում, թեև գիտեի, որ այս երկիրը այս օրերում կրակի և սրի կերակուր պիտի դառնա: Եվ ի՜նչ կարող էի անել ես. մի ձեռքը բյուրավոր ձեռքերի դեմ ոչինչ անել չէ կարող: Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքովն է սրում թշնամու սուրը: Ավելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկության շղթաները... նրանց դարբնեցին մեր պապերը և կաշկանդեցին զավակներին...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք... որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել...:

Այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին, այսպես նզովում էր նա պապերի սուրբ հիշատակը, մի այնպիսի րոպեում, երբ ծերունին մարելու վրա էր: Այսպես մի չար դևի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ և կյանք էր տվել:

Բավական է, — խոսեց ծերունին մեծ դժվարությամբ: — Դու եկար մեր գլխին անեծքնե՞ր թափելու:

Ո՛չ, ես դրա համար չեկա: Մեր հայրերը այդ պատվին էլ արժան չեն: Ինձ քաշեց դեպի հայրենիքը մի սիրտ, որը սիրում էր ինձ: Ես եկա նրան ազատելու: Հորից, մորից և ազգականներից անարգված որդուն սիրում էր նա: Նա սիրում էր ավազակին, որից դժողքը սարսափում է. նա սիրում էր եղեռնագործին, որին հրեշտակները և սատանաները ատում են: Ես եկա նրան փրկելու...:

Ծերունու գլուխը կրկին թեքվեցավ որդու բազուկների վրա, և նա վերջին խոսքերը չլսեց: «Դու անիծեցիր, բայց ես օրհնում եմ քեզ»... — ասաց նա և աչքերը փակվեցան: Բայց շրթունքները դեռ շարժվում էին. և նա մրմնջում էր աղոթքի նման մի բան, որ վերջացրուց այս խոսքերով. «Աստված, ների՜ր որդուս»...:

Այդ նրա վերջին խոսքն եղավ:

Երիտասարդը երկար բաց չէր թողնում հոր անշնչացած մարմինը իր գրկից. երկար նրա աչքերից արտասուքը թափվում էր ծերունու ձյունի պես սպիտակ, բայց արյունով ներկված ալիքների վրա: .Այդ երկրորդ արտասուքն էր, որ թափում էր նա սիրելի հայրենյաց հողի վրա ոտք կոխելեն հետո:

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին, նա վեր առավ մարմինը և այնպես արյունաթաթախ դրեց մի փոսի մեջ. հետո իր դաշույնի ծայրով փորեց հողը, ծածկեց նրան: Եվ ապա մոտավոր լեռան ժայռերի բեկորներից բերեց մի քանի կտորներ և դրեց գերեզմանի վրա, ասելով. — Հանգստացի՜ր, ո՛վ բարի մարդ, և թող այս գերեզմանը մոտ լինի այդ զոհարանին, ուր մորթվեցան մեր հայրենիքի երևելիները: Այս սպանդանոցը կլինի մի հավիտենական խրատ ապագա սերնդին, որոնց հիշել կտա իրանց թշվառ անցյալը... որոնց մտածել կտա հիմնել ներկան ավելի հաստատուն պայմանների վրա... և այն ժամանակ գուցե պապերի արյունը որդիների փրկության ճանապարհը կբա՛ցանե...:

Ե

Ամփոփելով հոր մարմինը իր անշուք գերեզմանի մեջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը: Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածությունների մեջ: Կորցնելով հայր, մայր, եղբայր և քույրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել և նրան, որին սիրում էր: Այս պատճառով շտապում էր նա: Բայց դեռ բավական ճանապարհ կար, մինչև կհասներ այն գյուղը, ուր բնակվում էր նա:

Նա գնում էր այնպիսի անանցանելի շավիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների և թփերի մեջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ և ուղևորի աչքից անհայտ մնալ: Եվ այս պատճառով մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, հետո պարզ լսելի եղավ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ»: Ո՞վ կարող էր լինել դա: Նույն շրջակայքում հազիվ թե մի մարդ կարող էր ճանաչել նրան, թեև նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան հանձնարարություններով ուղարկել էր դեպի զանազան կողմեր: Մտածեց, գուցե նրանցից մեկը լինի և մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց: Նրան պատասխանեցին բավական մոտավոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երևաց: «Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող», — մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով: Նույն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա:

Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային, — ասաց նա քրդերեն լեզվով:

Ճանաչեցի, Մըստո, — պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան:

Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից. նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը: Մի կլորիկ պատանի էր Մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած: Նա զինվորված էր թեթև կերպով. ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ: Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրան շատ հարկավոր էին:

Ա՜խ, որքա՜ն հիմար եմ ես, Սարհատ, — ասաց Մըստոն իր սովորական ծիծաղով. — քիչ էր մնում, որ չճանաչեի քեզ. հենց որ տեսա, մտա թփի ետևը, հրացանս ուղղեցի... հենց տրխկացնելու վրա էի, մեկ էլ աչքիս ընկավ ճակատիդ սպին. ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի... Ա՜խ, ինչպե՜ս փոխվել ես դու, սատանան չի ճանաչի:

Մըստոն կրկին փաթաթվեցավ և կրկին սկսեց համբուրել իր տերին:

Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստո, — հարցրեց երիտասարդը:

Պա՛: Ուզում էի նիզակդ խլել. իմը կոտրվեցավ: Առանց նիզակի քուրդին ամոթ է ման գալ:

Ե՞րբ կոտրվեցավ:

Կռիվ ունեցա քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին: Բոլորը տարան անհավատները, մի հատ էլ չթողեցին: Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապույտ քուռակը. մի տեսնեի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել. ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կգա, կնստի, տարան անհավատները... այնքան ոչխարներից մեկն էլ չթողեցին:

Մե՞ր ոչխարները:

Ձերը. բա ո՞ւմը. Մըստոն խո ոչխար չունի: Ոտքիս էլ գնդակ դիպավ: Բայց ես էլ մի քանիսին գլորեցի...

Հիմա ո՞ւր էիր գնում այսպես կաղլիկ ոտով:

Գնում էի այս կողմը... բան կար...

Ի՞նչ կար:

Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ... անիծվի՜ն քրդերը... աղայինս...

Մըստոն չկարողացավ իր խոսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով և սկսեց երեխայի նման հեկեկալ:

Սպանեցի՞ն... իմանում եմ, — ասաց երիտասարդը: — Գնում էիր ի՞նչ անես:

Թաղեմ: Խո այսպես չէի թողնելու: Իմ աղան լավ աղա էր:

Ես թաղեցի, — պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով: — Դու էն ասա՛, Մըստո, թե մի բան գիտես մորս, քույրերիս և եղբորս մասին:

Մըստոն ամեն բան գիտե. գիժ չէ՞, որ չգիտենա: Գլխի՞ցը պատմեմ:

Ո՛չ, կարճ կապի՛ր: Ի՛նչ կհարցնեմ, էն ասա:

Լավ, հարցրու:

Ե՞րբ եկան քրդերը:

Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին: Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա. մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա: Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է: Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, աղա, դա լավ չէ, դա շա՛տ վատ է: Լացն ու աղաղակը բարձրացավ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին և ներս մտան: «Տո՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խո կնիկ չեք, մարդ եք, թե որ թուր ու թվանք չունեք, քարով, փայտով, կացինով խփեք ու դուրս արեք էդ շներին»: Բայց ով էր իմ ձենը լսողը: Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թե՛ ապրանք, թե՛ կին և թե՛ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառավների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, հետո կրակ տվեցին, այրեցին: Իսկ տղամարդերին կոտորում էին:

Ոչ ոք չազատվեցա՞վ:

Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտեին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել: Բայց շատերը չէին հավատում, թե քրդերը այնպես կանեին. նրա համար, որ գայմադամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան: Խաբում էր անիծածը:

Մեր տան հետ ի՞նչ պատահեց:

Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց. — Մըստո, տունը պահիր, մինչև ես կդառնամ : Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի: Բայց, ի՛նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի: Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին դիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի: Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն: Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մորդ, եղբորդ և երկու քույրերիդ. բայց այնքան հիմար էի, որ չմտածեցի, թե տանը օրորոցի մեջ տղա մնաց: «Երեխա՛ս, երեխա՛ս», գոռաց մայրդ և վազեց դեպի տուն: Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դեպի ո՜ր կողմը դառնամ: Եթե աղջիկներին թողնեի, քրդերը կտանեին, լավ է, ասացի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, հետո դառնամ դեպի մայրը: Եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ: Երբ հասա, տեսա, տունը վառվում էր բոցերի մեջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, և ոչ էլ բոցերին մտիկ տվեց, մտավ կրակի մեջ. այն րոպեում փուլ եկավ կտուրը, և նա էլ դուրս չեկավ...:

Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը. նա գունաթափվել էր մարմարիոնի պես, և բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ: Արտասուք նրա աչքերում չէր երևում:

Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալա, — հարցրեց նա դողդոջուն ձայնով:

Երբ լսեցին, թե Շեյխը հրամայել է գավուրներին կոտորել, ամենի վրա երկյուղ ընկավ, չէին իմանում, թե ինչ անեն, ո՜ր կողմը փախչեն, որ ազատվեն: Այն ժամանակ հայրդ հավաքեց գյուղերի տանուտերներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալա, որ մուդուրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինվոր) ուղարկեն երկիրը պահպանելու: Մուդուրն ու գայմագամը առաջ խոստացել էին, թե ասկար կուղարկեն, հետո այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչև քուրդը եկավ, իր բանը տեսավ...: Հետո գնացողներն տեսնելով, որ գայմագամը խաբում է, հույսը կտրած ետ էին դարձել: Բայց քուրդերը իմանալով, որ գայմագամի մոտ էին գնացել, ճանապարհին բռնել էին և այնպես էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար...

Հիմա ո՞րտեղ են քույրերս, եղբայրս, — հարցրեց երիտասարդը, երկչոտ վստահությամբ, — մի՛ գուցե նրանց էլ մի փորձանք պատահած լինի:

Նրանք հիմա լավ տեղում են. ես տարա նրանց մեր էլի (ցեղի) մեջ, մեր չադրումն են կենում կնոջս մոտ: Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխա էլ ունեմ, մի սիրուն երեխա: Հայրդ (աստված նրա հոգին լույսի բաժին անե) ինձ պսակեց, մի լավ աղջիկ բերեց, և հարյուր ոչխար էլ տվեց, ասում էր. «Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր»: Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի, — չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ:

Երիտասարդի սիրտը չդիմացավ այս խոսքերին, նա գրկեց Մըստոյին, և ճակատիցը համբուրեց, ասելով.

Դարձյալ դու իմ եղբայրը կլինես, բարի Մըստո, ես քեզանից չեմ բաժանվի: Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս և քույրերս ձեր չադրում ապահով կմնան:

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտությամբ պատասխանեց.

Շեյխ Ջալալեդդինը իր բոլոր ավազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող: Դու ինքդ լավ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրությունը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հյուրն է համարվում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արյունը կթափի և իր հյուրին թշնամու ձեռքը չի տա:

Հանկարծ նա խոսքը կտրեց և սկսեց ուշադրությամբ ականջ դնել:

Լսում ե՞ս, — հարցրեց նա, — այդ ձայները:

Ի՞նչ ձայներ, — հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում:

Երգում են...: Այսպես երգում է քուրդը, երբ թալան և գերիներ է տանում:

Ուրեմն գնանք, — ասաց երիտասարդը:

Գնանք, — կրկնեց պատանին:

Երկուքն էլ դիմեցին դեպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները:

Զ

Կես ժամից հետո նրանք գտնվում էին մի լեռան բարձրավադակի վրա, որտեղից նկատեցին ձորի մեջ մի ընթացող քարավան, որը հեռավորության պատճառով թեև պարզ չէր նշմարվում, բայց նրա օտարոտի երևույթը խիստ կասկածավոր ձև էր տալիս նրան:

Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք, — ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի:

Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ, — ասաց Սարհատը խորհրդավոր ձայնով:

Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպես իմ հինգ մատը: Գնա՛նք:

Մըստոյի ընտրած ճանապարհը, թեև շատ դժվարին էր և անդադար սարսափելի ելևէջներով էր գնում, բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարավանը, և անտեսանելի կերպով թաքչելով թփերի մեջ, սկսեցին հեռվից դիտել նրան: Սարհատը մի հարևանցի հայացք ձգելով քարավանի վրա, տեսավ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին ավար և գերիներ: Նա դարձավ դեպի իր ընկերը այս խոսքերով.

Կարո՞ղ ես, Մըստո, մի կերպով մտնել այս քարավանի մեջ և իմանալ, թե գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում և այս գիշեր ո՞րտեղ կիջևանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են:

Բոլորը կարող եմ գիտենալ:

Ի՞նչպես կմտնես նրանց մեջ:

Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի. կգնամ, բարև կտամ, քեֆները կհարցնեմ, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ...:

Լա՛վ, գնա՛, չուշանա՛ս:

Մըստոն սատանայի նման աներևութացավ: Իսկ Սարհատը այժմ սկսեց ավելի հետաքրքրությամբ նայել քարավանին: Ի՞նչ էր տեսածը: Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ: Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ: Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ: Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին: Տերը իր անասունի վրա նստած գերի էր գնում: Քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ. ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն...:

Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխը պտտվեցավ, և քարավանը անցավ:

Նրան այնպես էր թվում, որ աշխարհս փոխվել է, Նեռը հայտնվել է, և մարդը, աստուծո պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արյունը ծծում է, նրանց միսը ուտում է: Նա շատ էր ցանկանում ինքն էլ նույն գազաններից մեկը լինել, և դրա համար այրական սիրտ և բավական քաջություն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի:

Հուսահատությունը շատ անգամ ակամա կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածությունների մեջ: Սարհատը բնությամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել: Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ և այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հավի նման մորթում են, տունը ավերակ են դարձնում, կայքը հափշտակում են, որդիքը գերի են տանում, — և այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու: Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու: «Եթե կարիքը, — ասում էր նա, — մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»: Այսպես մտածելով, Սարհատը այն եզրակացության էր հասնում, թե այն ժողովուրդը ինքն էր մեղավոր, որ կյանքի պահանջները չէր հասկացել և չէր մտածում թե ինքը երկրի վրա է բնակվում, մարդիկների հետ գործ ունի և ոչ թե հրեշտակների հետ...

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր և շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կյանքում ոչ մի լավ մարդու չէր հանդիպել, և այդ պատճառով նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար: Բոլոր մարդերին նա ավազակներ էր համարում, այն զանազանությամբ միայն, որ մեկը կոպիտ սրով է հափշտակում. մյուսը՝ խելքով, երրորդը՝ արհեստով, չորրորդը՝ մարդասիրության և քաղաքակրթության անունով և այլն:

Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն և արտասանության ձևերն ուներ, «Ավազակությունը, — ասում էր նա, — մարդկանց մեջ զանազան գույներով և շատ անգամ գեղեցիկ ծրարներով է հայտնվում. դու պատառիր արտաքին կեղևը, և կտեսնես միջուկը ավազակություն է, և ավելի ոչինչ»:

Սարհատը ինքն էլ ավազակ էր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ. նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության, որի միջից նա հայտնվում է: Ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ: Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ, — մեկը՝ վերջին ստրկության հասած հայը, մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը, — եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք, — բայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը...:

Բայց զարմանալին այն էր, թե ինչո՞ւ այնքան փոքր էր սարհատների թիվը. նրա ամբողջ հրոսակը կազմված էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր «ավազակների առաքելություն»: — Այս հարցը բացատրելու համար պետք է երկար ու բարակ քննությունների մեջ մտնենք. մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստոն կրկին հայտնվեցավ, տեսնենք, նա ինչ է ասում:

Ամեն բան իմացա, — ասաց նա:

Մեկ-մեկ ասա՛, ինչ որ կհարցնեմ, — խոսեց Սարհատը:

Ձիավորները քանի՞ հոգի էին:

Համբարեցի, հիսունից ավել չեն:

Ո՞ր ցեղից են:

Հարտոշի են10:

Գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում:

Շատախու կողմերից11:

Ո՞ւր պիտի տանեն:

Դեպի Սոմայի12:

Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջևանելու:

Հասպիստանի հովիտների մեջ, Խանա-Սորի մոտ:

Սարհատը թողեց իր հարցուփորձը և սկսեց մատներով լուռ մի բան հաշվել. հետո նա կրկին դարձավ դեպի պատանին.

Ի՞նչ ես կարծում, Մըստո, դրանք ե՞րբ կհասնեն Սախկալ-Թութան13 կիրճին:

Մըստոն րոպեական մտածությունից հետո, պատասխանեց.

Սախկալ-Թութան կիրճին կհասնեն, երբ արևը մտնելու մոտ կլինի:

Ես էլ այսպես եմ կարծում, — ասաց Սարհատը:

Հիմա լսի՛ր, Մըստո, — ավելացրեց նա. — ի՞նչքան ժամանակում կհասնես մինչև Բիժինկերտ գյուղը: Ճանաչո՞ւմ ես:

Մըստոն նայեց արևին և պատասխանեց.

Ուղիղ կեսօրին այնտեղ կլինեմ:

Շատ լավ, — շարունակեց Սարհատը, — դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ:

Տեսել եմ, երկուսն է, մեկը քանդված է: Ո՞րն ես ասում:

Հաջորդ էջ