Րաֆֆի՝   Ջալալեդին

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին. նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար. հետո կրկին բաժանվեցան և առանձին-առանձին սկսեցին դիմել դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը, որ համարյա թե վանքի մոտումն էր:

Գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր, և մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ: Բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ. դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած էր մթության մեջ. միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռությունը:

Եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ, որտեղից լույս էր նշմարվում, նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան, — գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարակություն միայն. ո՛չ խաչեր, ո՛չ գրքեր, ո՛չ պատկերներ, ո՛չ ջահեր, ոչինչ չէր երևում. սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արյունով...:

Տաճարի մի կողմում կապած էին ձիաներ, որ խոտ էին ուտում. իսկ մյուս կողմում նստած էին մի խումբ քրդեր: Մեջտեղում վառվում էր մի ահագին խարույկ: Տաճարի մեջ գտնված փայտեղեններըաթոռները, գրակալները, դռներըհետզհետե ջարդում էին և ձգում խարույկի վրա, բոցերը սաստկացնելու համար: Կրակի մեջ դրած էին մի քանի շամփուրներ և պղնձե թասեր, որոնք այն աստիճան շիկացել էին, որ հազիվ որոշվում էին կարմրած ածուխներից:

Կրակից ոչ այնքան հեռու, թևքերը և ոտները չվաններով կապկապած մերկ սալահատակի վրա, ընկած էին մի քանի մարդիկ, և սարսափելի խռովության մեջ սպասում էին մի դառն ճգնաժամի: Եթե մի մարդ կցանկանար տեսնել գեհենի դատապարտյալների հուսահատական երեսները, — այդ թշվառների դեմքը նույն օրինակն էր կրում:

Նրանցից փոքր ինչ հեռու, խառնիխուռն կերպով, դիզված էին զանազան իրեղեններ, որ կացուցանում էին վանքի անոթեղենները և նրա նվիրական կարասիքը:

Քրդերից մեկը վեր կացավ և մոտեցավ կապվածներին այս խոսքերով.

Ասացե՛ք, անհավատներ, էլ ի՞նչ ունեք թաքցրած. ասացեք, մի պահեք, թե չեք ուզում շան նման սատկել: Տեսնում եք այն կարմրած շամփուրները. ձեզ համար են պատրաստված:

Աղա, քո ոտներին մատաղ լինե՜նք, — պատասխանեցին կապվածները ողորմելի ձայնով. — հենց էն էր, ինչ որ կար. էլ ուրիշ ոչ ինչ չէ մնացել. եթե մի բան պահած լինենք, թո՛ղ աստված մեր աչքերը քոռացնե, թո՛ղ մեր հոգին դժոխքի բաժին լինի:

Սո՛ւտ եք ասում, անիծված շներ, — գոռաց քուրդը,-այդ վանքում մի թագավորի հարստություն կար. ի՞նչ եղավ:

Աղա, քո ոտների հողը դառնանք, խղճա մեզ, մի՛ սպանիր... Թո՛ղ աստված մեզ փչացնե, եթե մեր լեզվից սուտ խոսք դուրս գա: Այս էր, ինչ որ մնացել էր. բոլորը տարան, ոչինչ չթողեցին...: Դուք լավ գիտեք, այս մի քանի օրում այս վանքը քանի՜ քանի՜ անգամ կողոպտվեցավ... ծով լիներ կցամաքեր, սար լիներ, կհալվեր...:

Խոսող քուրդը, որ իր խմբի գլխավորն էր երևում, դարձավ դեպի ընկերներից մեկը.

Այս գավուրները մինչև շամփուրների համը չտեսնեն, ուղիղը չեն ասելու: Բերեցե՛ք:

Քրդերից մի քանիսը մոտեցան կապվածներին և սկսեցին մերկացնել նրանց, իսկ մի քանիսն էլ կրակից դուրս բերեցին կարմրած շամփուրները:

Սկսեցե՛ք, — հրամայեց առաջին խոսողը. — միայն խաչի ձևով, դրանք շատ են սիրում խաչը:

Դահիճները սկսեցին կարմրած շամփուրներով խաչաձև դաղել կապվածների մերկ կուրծքը և նրանց մարմինի ուրիշ մասերը: Կրակի նման շիկացած երկաթը այրում էր և ջզջզալով խրվում էր կենդանի մսի մեջ... և մուխը ճենճային խանձահոտությամբ վեր էր բարձրանում: Մի փոքր սառած երկաթները կրկին կրակի մեջն էին դնում և վեր էին առնում նորերը: Դժոխային գործողությունը շարունակվում էր: Թշվառները հառաչում էին, մրմնջում էին, և ցավալի ձայներ էին հանում...:

Մի՛ անգամով մորթեցե՛ք, սպանեցե՛ք, ի սեր աստուծո. թո՛ղ շուտ մեռնենք, — գոռում էին նրանք:

Այսպես անդադար մրմնջում էին ողորմելիները, բայց գործողությունը դեռ շարունակվում էր, մինչև այլևս հասկանալի չէին լինում նրանց խոսքերը, միայն լսելի էին լինում խուլ հառաչանքներ...:

Բավական է, — հրամայեց խմբի գլխավորը և դարձավ դեպի կապվածներից մեկը, որին դեռ ձեռք չէին տվել:

Այս թշվառականը քահանա էր:

Քեզ պահեցինք վերջումը, որ քո տանջանքը ավելի փառավոր լինի, — ասաց քուրդը հեգնական եղանակով:

Տեսնում ես կրակի մեջ այն կարմրած պղնձե թասը. նա թագի շատ նմանություն ունի. նրանով պիտի պսակեմ քո գլուխը, որովհետև քահանա ես:

Քահանան, շարժված կրոնական զգացմունքով, պատասխանեց.

Իմ տերը փշյա պսակ կրեց, իսկ նրա ծառան սիրով կընդունի պղնձե թասը...: Բայց միտքդ բեր, աղա, որ վերևումը աստված կա, որն այս բոլորը տեսնում է, որ մեր ամենիս տերն է. նա անպատիժ չի թողնի այն մարդուն, որը թափում է անմեղ արյուն: Ինչո՞ւ ես իզուր տանջել տալիս մեզ: Իմ ընկերները սուտ չասացին, վանքումը ուրիշ ոչինչ չէ մնացել. ինչ որ կար, բոլորը տվեցինք ձեզ: Բոլոր գաղտնի պահարանները բաց արեցինք ձեր առջև: Եվ դուք այնքան անգութ եղաք, որ Բարդուղիմեոս առաքյալի սուրբ գերեզմանն էլ քանդեցիք, կարծելով թե այնտեղ գանձ կա թաքցրած: Ինչ որ կար տարավ Ջալալեդդինը, նրանցից հետո տասն անգամից ավելի քրդերը մտել են այս վանքը... դուք վերջինն եք...:

Սո՛ւտ ես խոսում, կեղծավոր շո՛ւն, — գոռաց գազանը. — բերե՛ք թասը:

Քրդերից մեկը ունելիքով դուրս հանեց կրակի միջից կարմրած թասը. քահանայի ալեզարդ գլուխը բաց արին, և պատրաստվում էին հրաշեկ արախչինը նրա գլխին դնել: Աստուծո սեղանի սպասավորը նահատակի համբերությամբ սպասում էր բարբարոսական գործողությանը: Նա անմռունչ էր և լուռ. միայն նրա շրթունքները շարժվում էին, և օրհասական տագնապի մեջ խուլ կերպով աղոթում էր...:

Հանկարծ որոտացին ատրճանակներ, և սուրբ տաճարը վառոդի ծխով լցվեցավ: Սարսափը տիրեց բոլորի վրա: Քրդերից մի քանիսը գլորվեցան, ընկան, իսկ մյուսներին բռնեցին զորեղ բազուկներով և սկսեցին կապկապել: Այս բոլորը կատարվեցավ մի քանի րոպեում և խորին լռության մեջ: Միայն քահանայի ձայնն էր լսելի լինում, որ ասում էր.

Ի սեր ասաուծո, է մի՛ սպանեք, թողեք, ինչ որ կամենում են թո՛ղ անեն մեզ հետ. դրանց ձեռք մի՛ դիպցնեք. կկոտորեն հայերին...:

Ողորմելի քահանան, թեև չգիտեր, թե ովքեր էին այն հանկարծահաս փրկիչները, բայց վախենում էր, որ հայոց վանքի տաճարում կատարվելով այսպիսի սպանություններ, տեղային քուրդերի վրեժխնդրությունը կհրավիրեին ամբողջ հայերի վրա, — թեև քրդի սրտում մի այսպիսի կասկած երբեք ծնվել չէր կարող, թե երկչոտ հայը կարող է մարդ սպանել...:

Նոր եկավորների երեսները բոլորովին կապած էին, միայն աչքերն էին երևում: Նրանք հագնված էին քրդի հագուստով և խոսում էին քրդի լեզվով: Թվով շատ չէին նրանք, բայց այնպես անակընկալ վրա տալով, կարողացան առաջիններից մի քանիսին սպանել և մնացածներին կապելով դուրս տանել: Ո՞ւր տարան, հայտնի չէր: Միայն քառորդ ժամից հետո երկուսը կրկին վերադարձան, և արձակելով քահանայի ու նրա կիսակենդան ընկերների կապանքները, ասեցին նրանց.

Դեռ բավական գիշեր կա. մինչև արևի ծագելը դուք կարող եք մոտենալ Պարսկաստանի սահմանին. այնտեղ ապահով կլինեք: Այստեղ կան պատրաստի ձիաներ. բարձեցե՛ք, ինչ որ հավաքված է այստեղ, որ պետք է քրդերը տանեին. և դուք նստեցեք նրանց ձիաները, շուտով ճանապարհ ընկե՛ք:

Իմ ընկերների մեջ կյանք չէ մնացել, — ասաց քահանան:

Մեզանից երկուսը ձեզ հետ կգան, — պատասխանեցին անծանոթները:

Քահանան խոնարհվեցավ և կամենում էր գրկել նրանց ոտքերը:

Այդ հարկավոր չէ, — ասաց նրանցից մեկը, — պատրաստվեցեք շուտ հեռանալու այստեղից:

Ես չպետք է գիտենամ ո՞վ է ազատում մեզ, — հարցրեց քահանան:

Ո՛չ, դու չպետք է գիտենաս, — ասացին նրան:

Եվ ձեր ինչ ազգից լինե՞լը:

Այս էլ պետք չէ գիտենալ:

Մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ, կապեցին նրանց վրա: Հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ դրին:

Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց.

Գոնե թույլ տվեք, օրհնեմ ձեզ:

Այդ ևս հարկավոր չէ, — ասաց նրանցից մեկը. — միայն դու պատասխանիր, ինչ որ կհարցնեմ քեզ:

Հարցրե՛ք:

Այս վանքի գյուղումը ոչ ոք չէ՞ մնացել:

Մի հոգի էլ չկա:

Ի՞նչ եղան:

Մի մասը գաղթեց դեպի Պարսկաստան, մի մասը կոտորեցին, մի մասն էլ գերի տարան:

Դու ճանաչո՞ւմ էիր այս գյուղում ռես Հ... անունով մեկին, որ տանուտեր էր:

Ճանաչում եմ. ես ինքս Վանքի գյուղի քահանան եմ:

Գիտե՞ս ինչ եղավ նրա ընտանիքը:

Տանուտերին սպանեցին. որդիքը տանը չէին, ազատվեցան, բայց աղջկան տարան քրդերը:

Վերջին խոսքը կայծակի նման դիպավ անծանոթի սրտին. նա մի քանի րոպե շփոթության մեջ մնաց, հետո հարցրեց.

Եթե ասեիր ինձ՝ ո՛ւր տարան, կամ ի՛նչ ցեղից էին քրդերը, քեզանից շնորհակալ կլինեի:

Թե ուր տարան, այս ես ասել չեմ կարող. բայց տանողները շիշակների ցեղիցն էին, Չոլախ-Ահմեդի մարդիկը:

Բավական է, — վերջացրեց անծանոթը: — Հիմա կարող եք գնալ:

Քահանան իր ընկերների հետ հեռացան: Երկու հոգի անծանոթներից տարան նրանց ճանապարհ դնելու մինչև պարսից սահմանը: Վանքի տաճարի մեջ մնացին տասներկու հոգի անծանոթներից: Այն ժամանակ նրանցից մեկը բաց արեց իր կապած դեմքը, երևի, փոքր ինչ ազատ շունչ առնելու համար: Եվ դեռ վառվող խարույկի լույսով կարելի էր տեսնել Սարհատի մեռելի նման գունաթափված երեսը...:

Նա նստեց կրակի մոտ մի փոքր հանգստանալու համար իր ոգեկան խռովություններից: Նրա մյուս ընկերները կտրատում էին ահագին վայրենի խոզի մարմինը, անց էին կացնում իրանց հրացանների սումբաների վրա, և խորովում էին, որ ընթրիք պատրաստեն: Նրանք ուրախ էին. միայն Մըստոն իր կարեկցական աչքերը չէր հեռացնում իր տիրոջ երեսից, և կարծես աշխատում էր կարդալ այն սպանված դեմքի վրա ինչ որ ալեկոծում էր նույն ժամին նրա վշտահար սիրտը:

Անբախտ երիտասարդ, նա ուներ մի մխիթարություն միայն, նրանից ևս զրկվեցավ: Նա հույս ուներ այստեղ, այս վանքի մոտակայքում գտնել այն նազելի արարածին, որին պատկանում էր իր սիրտը, որին միայն սիրում էր իր համար ատելի աշխարհի մեջ: Բայց նա չկար, մի դառն վիճակով անհետացել էր նա...

Քաջերի սրտում, կանանց վերաբերյալ, բացի սերից կա և մի ուրիշ զգացմունք, որին բավական անհամապատասխան բառերով կոչում ենք նախանձ, խանդ, ղեյրաթ. — դա այն զգացմունքն է, որ ցամաք խոսքերով բացատրել անկարելի է: — Դա կնոջ նվիրագործությունը հարգելու մի կիրք է, որի համար հելլենները ամբողջ տասը տարի կռվեցան Տրոյայի պարիսպների տակ:

Սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն, որ կորցրել էր իր սիրելի էակը, այլ առավել նրա համար, որ նա այժմ գտնվում էր անհարազատ և անմաքուր ձեռքերում...: Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նույն վիճակին էին ենթարկվել. նրանց համար ո՞վ էր հոգացողը: — Գուցե ծնողքը, անբախտ հայրն ու մայրը, եթե կենդանի էին թողել նրանց: Բայց հոգում է՞ր ազգը, հայ ժողովուրդը: Ոչ. դրա համար պետք է հելլենական նախանձախնդրություն ունենալ...:

Մտնելով վանքի տխուր կամարների ներքո, Սարհատի սրտում կրկին բաց եղան հին-հին վերքերը: Այս սրբարանը խիստ խորին հիշատակներով կացված էր նրա հոգու հետ: Այստեղ անցուցել էր նա իր մանկության ամենաթանկագին տարիները. այստեղ հանձնել էին նրան աղոթող աբեղաների հսկողության ներքո ուսանել՝ ինչ որ կրոնը և սուրբ գիրքը ներշնչում է մարդու մեջ, ինչ որ հանգցնում է վառ զգացմունքը, մեռցնում է հոգին, բթացնում է միտքը... Եվ միևնույն վանքի պարիսպների մոտ մի գեղեցիկ հրեշտակ ոգևորեց նրան սրբազան հափշտակությամբ. նա կրկին կենդանացրեց վանական ժանտախտից մեռած սիրտը, և փրկարար ձեռքով խավարից դուրս քաշեց նրան և ձգեց լույս աշխարհ... Իսկ այժմ չկար այն հրեշտակը...:

Մինչ թշվառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհությունների մեջ, նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան, որ հիշեցնում էր Հոմերոսի հերոսներին: Գինին ահագին գավաթներով պտտվում էր ձեռքից ձեռք, և խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից: Նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել Սարհատի ողբալի մտահուզությունը, և այս պատճառով չէին հրավիրում իրանց հետ սեղանակից լինելու: Բայց նա արթնացավ, երբ Դալի-Բաբան, բաժակը ձեռին կանգնած և, երեսը դեպի տաճարի բեմը դարձած, ճառում էր այս խորհրդավոր խոսքերը.

«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք. — եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք. — եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, — այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի...: Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար... — Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ...»:

Այսպես այս սարսափելի մարդը, որ մի ժամանակ քահանա էր, իսկ այժմ ավազակ, դուրս էր թափում իր սրտի դառնությունները գինու բաժակի վրա, որով ամեն մարդ ուրախ է լինում:

Երբ նա վերջացրուց, վեր կացավ մի ուրիշ ավազակ, որին կոչում էին Քիթաբ-Դալիսի (գրքից խելագարված), որ մի ժամանակ մանկավարժ էր, իսկ այժմ մտել էր Սարհատի արյունախում խումբի մեջ: Նա հետևելով Դալի-Բաբայի ոճին, այսպես սկսեց իր տոստը.

«Խմում եմ այս բաժակը առանց նվիրելու ձեզ, ով գիր և դպրություն, որովհետև դուք չտվեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կյանքը և իրական աշխարհը: Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով: Դուք չծանոթացրիք մեզ մարդկային պահանջների հետ և չտվեցիք այն, որ պետք էր ապրելու և հանգիստ ու բախտավոր ապրելու համար: Դուք ավելի զարգացրիք մեր մեջ սև նախապաշարմունքը և փակեցիք մեր աչքերը լույսը և ճշմարտությունը տեսնելու համար: Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մեջ մեռած է ամեն մարդկային բարձր և վսեմ զգացմունք: Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները և վարժեցրիք տանել բռնության ծանր ու անպատիվ լուծը: Ձե՜զ ենք պարտական, ով գիր և դպրություն, մեր այժմյան դժբախտություններով. — դուք չտվեցիք մեզ առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզ ճիշտ և իրական գիտությունից, զրկեցիք և կյանքից... Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքը ու հոգին...: Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կներշնչեն մեզ, որ կնորոգեն մեր սպառված ուժերը և կծանոթացնեն կյանքի իրական պետքերի հետ և կպատրաստեն մեզ մարդ շինել՝ մարդկային բոլոր կատարելություններով»:

Այսպես էր խոսում այն մարդը, որին կոչում էին «գրքից խելագարված», որին գրքերը հիմարության և տգիտության մեջ էին ձգել, իսկ այժմ զգաստացել էր:

Այս բոլորը լսում էր Սարհատը, տխո՜ւր համակրությամբ էր լսում նա, և այս խոսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տվին իր ցավը, որ այնպես սաստիկ տանջում էր նրան: Եվ նա թողեց այն նազելի անհատը, որի համար միայն մտածում էր, և սկսեց ընդհանուրի վրա խորհել: Սիրուհու մասնավոր սերը կորավ անբախտ և օգնության կարոտ ժողովրդի սիրո մեջ, որի դստերքը ու կանայք նույնպես գերության մեջ էին գտնվում: Եվ այս պատճառով նա խիստ սառնությամբ ընդունեց Մըստոյի խոսքե՛րը, որ նա մոտենալով նրան, լռությամբ ասաց.

Թո՛ղ իմ տերը չտանջե իր սիրտը. Մըստոն շան հոտառություն ունի. եթե ծովի խորքումն լինի «նա» կգտնե նրան, և եթե երկինքը բարձրացած լինի, ցած կբերե:

Սարհատը ոչինչ չպատասխանեց և տեսնել անգամ չկարողացավ, որ իր հավատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացավ վանքից...:

Ժ

Հուլիս ամիսը վերջանալու մոտ էր: Դժբախտ Բայազեդը քրդերից, բաշիբոզուկներից պաշարվելով, քանդվելով, կողոպտվելով, և իր թշվառ բնակիչները սրի բերնում ու գերության մեջ կորցնելուց հետո, — կրկին ռուսաց ձեռքն էր անցել: Սուլեյման-փաշան ետ էր մղվել: Ջալալեդդինի հրոսակը ցրված էր, և հարուստ ավարով ամեն մարդ իր տեղը դառնալու վրա էր: Հին Բագրևանդի ամբողջ գավառը և պատմական Վաղարշակերտը բոլորովին դատարկացել էին իրանց հայ բնակիչներից: Ալաշկերտցի գաղթականները Երևանի նահանգում մուրացկանություն էին անում և նրանց թողած ավերակները դեռ ծխում էին մոխիրի միջից...:

Երեկոյան վերջալույսը դեռ ճառագայթում էր սարերի գագաթների վրա:

Մի տղամարդ միայնակ և դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով և խուլ մելամաղձական ձայնով երգում էր մի տխուր մեղեդի: Նա գնում էր անվճռական ընթացքով, կարծես, ակամա ընտրել էր այն ուղին և բոլորովին վստահ չէր, թե նա կհասներ այն նպատակին, որին դիմում էր ամենայն անձնվիրությամբ: Հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն.

Ո՞վ ես. ետ քաշվի՛ր:

Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, և ետ նայելով, տեսավ, որ գալիս էր մի ձիավոր: Նա պատասխանեց.

Անցի՛ր:

Ձիավորը մոտեցավ, ողջունեց և ապա հարցրեց.

Բարի լինի. ո՞ւր այդպես:

Բարի է, փառք աստուծո, — պատասխանեց ճանապարհորդը: — Ես Ջաֆար-բեկի հովիվն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից. մեր մատակներից մեկը այս երեկո կորավ, պտռում եմ:

Հետո նա հարցրեց ձիավորին.

Դու ո՞ւր այդպես, աստված հաջողի, գնում ես:

Շեյխի բանակը, նամակ եմ տանում:

Ումի՞ց:

Սուլեյման-փաշայից: Բաները վատ են գնում Ղարսի մոտ: Փաշան կանչեց ու ասաց. — ո՞վ կլինի, որ այս նամակը երկու օրում հասցնի շեյխին, կստանա մի լավ փեշքաշ ու խալաթ: Ես մոտեցա, գլուխ տվեցի ու ասեցի. ձեր ոտքի հողը լինե՜մ. ես կհասցնեմ, իմ արաբացի նժույգը ծտի նման է թռչում: Նա ձեռքը քսեց մեջքիս. էֆերի՜մ ասաց և տվեց նամակը:

Հիմա ո՞րտեղ է շեյխը:

Ես հարցրի, ինձ ասացին, այստեղ մոտիկ Ղանլի-Դարայում (արյունոտ ձոր) է իջևանել, — պատասխանեց ձիավորը: — Ի՞նչպես է, որ դու չես իմանում:

Սարի հովիվը ո՞րտեղից կարա իմանալ այս բաները. տեսնում ես, ամեն օր գալիս են, գնում են, մարդ չի իմանում ի՛նչ խաբար է:

Կրակ ունե՞ս, — հարցրեց ձիավորը. — չախմախիս քարը կորել է, ամբողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դարձել:

Կգտնվի, — պատասխանեց առաջինը, և ծոցից դուրս բերելով հրահան ու աբեթ, սկսավ զարկել կայծքարին:

Ձիավորը կռացավ, մոտեցրեց չիբուխը, և նա վառած աբեթը դրեց ծխախոտի վրա: Նույն միջոցին նա առիթ ունեցավ լավ զննել ձիավորի դեմքը: Նա շնորհակալություն հայտնեց, և ծխելով քշեց իր ձին:

Տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը, նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած: Ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ, իր հետ քաշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ: Ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով, մինչև թամքը շուռ եկավ փորի տակը, և նա կանգնեց: Այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ, բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել: Նա գտավ նամակը, որի հասցեն դրած էր շեյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մեջ, հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, և սկսեց վազեցնել դեպի Ղանլի-Դարա, ուր գտնվում էր Ջալալեդդինի բանակը:

Նա հասավ շեյխի բանակը, երբ արևը մտել էր. բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը: Նամակը նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ, այնպես, որ նամակը կիսով չափ երևում էր: Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում, մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր, որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին:

Ի՞նչ մարդ ես, — հարցրեց նրանից բանակի պահնորդներից մեկը:

Սուրհանդակ, — պատասխանեց նամակաբերը և համարձակ քշեց իր ձին դեպի շեյխի վրանը:

Այդ մարդը Մըստոն էր:

ԺԱ

Բարդուղիմեոս առաքյալի վանքի սարսափելի անցքից հետո, գիշերը վանքում մնալով, իսկ առավոտյան դեռ արևը չծագած այնտեղից հեռանալու ժամանակ, Սարհատը նոր նկատեց, որ Մըստոն չկար: Նրա ընկերները կասկածանքի մեջ ընկան, մի՛ գուցե պատանի քուրդը մատներ նրանց: Նա այնքան խորամանկ էր և հանդուգն, որ ամեն բան սպասելի էր նրանից:

Ես Մըստոյի ազնվության վրա կասկածել չեմ կարող, — ասաց Սարհատը.-և ավելի այն պատճառով, որ նա քուրդ է:

Քուրդը կեղծ մարդ չէ. թե՛ թշնամության մեջ, թե՛ բարեկամության մեջ նա իր գույնը չի փոխում:

Բայց Մըստոն ամբողջ երեք օր չերևաց: Հետո հայտնվեցավ նա:

Գտա, — եղավ նրա առաջին խոսքը, փաթաթվելով Սարհատի վզին:

Ո՞ւմ գտար, — հարցրեց Սարհատը շփոթվելով:

Ասլիին. նրան, որին դու սիրում ես:

Սարհատը ուրախությունից մի տեսակ արբեցության մեջ ընկավ:

Մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, հետո նամակն առնելով, և ինքն սուրհանդակ ձևանալով, շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում Ասլիին գտնելը:

Դու հաստատ գիտե՞ս, որ նա շեյխի բանակում է, — հարցրեց Սարհատը վրդոված ձայնով:

Ինչպես չգիտեմ, աչքովս տեսա, հետը խոսեցի, — պատասխանեց Մըստոն ուրախ կերպով:

Նա ճանաչե՞ց քեզ:

Հենց որ տեսավ, իսկույն ուզում էր վազել ինձ մոտ, ես նշան արեցի, նա զգուշացավ:

Ինչպե՞ս կարողացար տեսնել նրան:

Մըստոն պատմեց, թե երբ նամակը տվեց շեյխին նա հրամայեց մի օր սպասել, մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի: Նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել: Այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին, որը կրոնով եզիդի է, որին առաջուց ճանաչել էր: Նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է, որ նրա համար չիբուխ է լցնում: Այդ մարդը Մըստոյին տարավ իր մոտ, և որպես իր կրոնակցին ու հայրենակցին, սկսեց հյուրասիրել: Մըստոն կարող էր նրան հավատալ, որպես իր վաղեմի բարեկամին և խնդրեց ցույց տալ իրան գերիները, և նրանց մեջ գտավ Ասլիին: Հետո նրան հայտնեց իր խորհուրդը, ասելով, թե եկել է գողանալու այն աղջկան, թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է: Մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա:

Սարհատը խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը, դժվարությամբ հավատալով իր ականջներին: Նա հարցրեց.

Դու հավատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը:

Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խոսք տվեց, կատարում է իր խոսքը, — պատասխանեց Մըստոն մի առանձին հպարտությամբ:

Հետո նա ավելացրուց, թե մի գաղտնիք, որ իրան առաջուց հայտնի էր այն մարդու վերաբերությամբ, ավելի առիթ է տալիս հավատալ նրա խոստմունքին: Այդ մարդու եղբորը, — ասաց Մըստոն, — մի քանի տարի առաջ սպանել տվեց շեյխը. հիմա նա մտել է շեյխի մոտ որպես սպասավոր, որ կարողանա իր եղբոր վրեժը առնել: Շեյխը չէ ճանաչում, թե նա սպանվածի եղբայրն է կամ կրոնով եզիդի է:

Այսպիսի մարդուն հավատալու է, — համոզվեցավ վերջապես Սարհատը: — Բայց նա ինչպե՞ս կարող է նրան դուրս բերել բանակից:

Նա կհագցնի Ասլիին տղամարդի շորեր, և Ասլին ինքը դուրս կգա բանակից: Մըստոն քիչ խելք չունի, ամեն բան կարգադրել է, ինչ որ պետք է: Մենք այս գիշեր պետք է պատրաստ լինենք բանակից փոքր-ինչ հեռու մի ձորի մեջ, այնտեղ մի հին տանձենի կա, նրա մոտ: Ասլին կգա այնտեղ և մեզ կգտնի:

Գերիների թիվը շա՞տ է, — հարցրեց Սարհատը մի փոքր մտածելուց հետո:

Հարյուրի չափ կնիկներ ու աղջիկներ ինքր շեյխը ընտրել է իր համար. մի քանի վրաններ լիքն են, որ կազմված են իր վրանի մոտ:

Մյուս քրդերը նո՞ւյնպես ունեն:

Մարդ չկա, որ մի քանի հատ բերած չլինի, շատերին վաճառում են. ուշնեցի հրեաները գնում են, որ տանեն կրկին հայերի վրա ծախեն: Շատ էժան է, մի աղջիկը մի արծաթ մեջիդիայով (1 ռուբլի 20 կոպեկ) կարելի է առնել:

Սարհատի մի փոքր պայծառացած դեմքը կրկին մթնեց, կրկին տիրեցին նրա սրտին դա՜ռն ցավերը...

Այս խոսակցությունները Մըստոյի և իր տիրոջ մեջ անց էին կենում առանձին, հեռացած մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ բխում էր լեռնային ապառաժի ճեղքից: Նույն ժամուն նրա ընկերները պառկած էին ավելի հեռու, խոտերի վրա, գիշերային արշավանքից հանգստանալու համար: Սարհատը մոտեցավ նրանց, զարթեցրեց և հաղորդելով Մըստոյի բերած լուրերը, հայտնեց, թե ինքը պետք է գնա դեպի Ջալալեդդինի բանակը:

Մենք քեզանից չենք բաժանվի, — պատասխանեցին ընկերները:

Ժ՛

Ղանլի-Դարան, որ նշանակում է արյունոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մեջ գործված բազմաթիվ արյունահեղությանց պատճառով: Այդ ավազակաց որջը վկա է եղել հազարավոր սարսափելի եղեռնագործությունների. այնտեղից ոչ մի քարավան և ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն ավազակները առանձնանում են հափշտակություններից հետո: Այնտեղ էր դրել և շեյխը իր բանակը Բայազեդի դժբախտ անցքից հետո, երբ նա հեռացավ պատերազմի դաշտից:

Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որին տեղացիք կոչում են Նըհել. դա բաժանում է Աղբակա գավառը Ջոլամերիկից: Գետի ափի մոտ, մի կանաչազարդ տափարակի վրա, մի գիշեր հարյուրավոր տեղերում վառվում էին փոքրիկ խարույկներ, որոնց շուրջը նստոտել էին զինվորված քրդեր, խոսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, և երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ դրած էին խարույկների վրա, կամ դարձնում էին մսի մեծ-մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրա խորովելու համար: Ամեն տեղ երևում էր ուրախություն, որ արտահայտվում էր կատաղի զվարճություններով: Վրանների մեջ ճրագներ չէին երևում, ամբողջ բանակը լուսավորված էր խարույկների լույսով: Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալեդդինի փառավոր վրանն էր:

Բանակից հեռու, մի նեղ ձորի մեջ, որ գոգավորվելով բաժանվում էր Ղանլի-Դարայից, թմբուկի ձայն էր լսվում, և քրդի զուռնան հնչում էր «ջանիմանի» եղանակով: Նույն ժամուն մի խումբ ձիավորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նվագածությունը:

Այստեղ մի բան կա, — ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով:

Ես էլ այսպես եմ կարծում, — պատասխանեց մի ուրիշը:

Գնանք, տեսնենք:

Գնանք:

Ձիավորները դարձրին իրանց ձիերի գլուխները դեպի այն կողմը: Նեղ շավիղը, որ տանում էր այն կողմը, տեղ-տեղ կորչում էր մացառների և մինը մյուսի հետ հյուսված պատատուկ թփերի մեջ: Ձիով անհնար էր անցնել: Նրանք ցած իջան ձիերից, տվեցին մեկին պահելու, և մյուսները առաջ գնացին: Մի քանի րոպեից հետո նրանք գտնվում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրա, որտեղից բացվեցավ նրանց առջև մի այսպիսի տեսարան. —

Մի սարսափելի պարահանդես էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ: Մի կողմում թմբուկները և զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձևով, որ մեզանում կոչվում է եալլի, իսկ քրդերը կոչում են գուանդ: Պարում էին կանայք: Նրանք բազմաթիվ էին, և մինը մյուսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտվելով, ձևացնում էին մի մեծ բոլորակ: Բոլորակի մեջտեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրա վառվում էին ջահեր: Նավթի մեջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին և իրանց ծիրանի շառավիղներով լուսավորում էին պարող կանանց գունաթափված երեսները: Ջահերի մոտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարդիկ և դժոխային ոգևորությամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրա, որ անդադար շրջում էր նրանց շուրջը:

Երևում էր, որ այդ ողորմելի արարածները ակամա և ստիպմամբ հանձն էին առել այդ խայտառակ պարահանդեսը: Ամոթը, անպատվությունը նրանց այն աստիճան մոլեգնության մեջ էին ձգել, որ իրանց կատաղությունը խելագարության էր հասնում: Նրանց աչքերում վառվում էին բարկության բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ և գունաթափ երեսների վրա երևում էին սոսկալի ցնցումներ: Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցավին, և ուշաթափ լինելով, ցած էին գլորվում: — Իսկ այդ բոլորը, որ մարդկային խղճի վրա կարող էր ազդել գութ, որ կարող էր ամեն մի սիրտ, որքան և քարացած լիներ նա, մեղմացնել և լցնել նրան առաքինական զգացմունքներով դեպի տկար և գեղեցիկ սեռը, — ընդհակառակն, ավելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը և ավելի գրգռում էր նրանց անասնական ոգևորությունը:

Պարը շարունակվում էր իր բոլոր դժոխային խաղարկությամբ: Մերկ կանանց շարքը անդադար պտտվում էր թմբուկների եղանակով: Տղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին և գոչում էին, և հերոսներից ամեն մեկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հավանած կնոջ վրա, և իսկույն սրտերի հակառակ մի զույգըմի հրեշտակ և մի դևառանձնանում էր մերձակա թփերի մեջ:

Մարդկային անգթությունների մեջ չկա մի ավելի սարսափելի բան, քան թե այն, երբ անմեղ ողջախոհությունը զոհվում է կատաղի բռնաբարության: Այսպիսի անգթության մեջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները և անասունները ավելի բարոյական են իրանց էգերի վերաբերությամբ:

Մինչ գիշերային մթության մեջ, ջահերի լուսավորության հանդեպ կատարվում էին այդ անամոթ զվարճությունները, բլուրի գագաթից անհայտ մարդերի մի խումբ խորին զզվանքով դիտում էր բոլորը: Ընթերցողը արդեն գուշակեց, թե ովքեր էին դրանք:

Պետք է վրա տալ, — ասաց Սարհատը:

Շատ են անիծածները, — ասաց Դալի-Բաբան:

Միևնույն է, եթե մեզ պետք էր մի օր մեռնել, լավ է, որ այստեղ լիներ, — պատասխանեց Սարհատը:

Բայց դու կկորցնես Ասլիին, որի համար եկել ես, — ասաց Դալի-Բաբան:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last