Րաֆֆի՝   Ջալալեդին

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին

Այս կնիկներից ամեն մեկը նույնքան մեր ցավակցության արժանի է, որքան Ասլին, — պատասխանեց Սարհատը:

Ազնիվ երիտասարդը մոռացավ իր անձնական սերը, նրան գրավում էր այժմ կնիկների վիրավորված և անարգված պատիվը:

Պետք է հանկարծ վրա տալ, — ասաց Դալի-Բաբան, — և աշխատել առաջ ջահերը խորտակել. խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը:

Երկինքն էլ մեր բախտից ամպում է, ահա լուսինը այլևս չէ երևում, — նկատեց Քիթաբ-Դալիսին:

Կռվեցեք սրերով միայն, — խորհուրդ տվեց Սարհատը, — հրացան գործիքներով աղմուկ կբարձրացնեք, բանակը շատ հեռու չէ այստեղից. թող ձայնը այնտեղ չհասնի:

Քրդերի մոտ էլ չկային հրացան գործիքներ. նրանք, որպես իրանց տանը, վեր էին առել թրեր և դաշույններ միայն, և այնպես հեռացել էին բանակից, ամեն մինը իր հետ բերելով իր զոհը:

Այդ միջոցում Մըստոյի դրությունը անտանելի էր. նա տեսավ, որ Սարհատը բոլորովին մոռացավ Ասլիին, բոլորովին թողեց այն նպատակը, որի համար եկել էր: Նա տեսավ, որ այժմ իր սիրելի տերը ձեռնարկում էր մի այնպիսի հանդուգն և վտանգավոր գործի, որից հազիվ կարող էր ողջ դուրս գալ: Ի՞նչ անել. մնալ նրա մոտ, նրա հետ միասին կռվել և նրա հետ մեռնել. — այդ շատ էր ցանկանում բարի Մըստոն: Բայց մյուս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտնվում էր շեյխի բազմաթիվ գերի հարեմականների մեջ, — և այդ թշվառը նույնպես օգնության կարոտ էր, նույնպես պետք էր ազատել նրան: Դեպի ո՞րը դիմել: Մի կողմում կանգնած էր իր մանկության ընկերը, մյուս կողմումնրա սիրուհին: Նա ընտրեց վերջինը, և առանց հայտնելու Սարհատին միայնակ դիմեց դեպի շեյխի բանակը:

Նրա գնալուց հետո անակնկալ հարձակումը կատարվեցավ կայծակի արագությամբ: Ջահերը իսկույն խորտակվեցան: Ձորի մեջ տիրեց ընդհանուր խավարը խորին զարհուրանքի հետ: Սարսափելի կոտորածը սկսվեցավ:

Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիվը, մանավանդ նեղ տեղում, այն ևս գիշերային խավարի մեջ: Մի այնպիսի օրհասական կռվում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ: — Կենդանի մարդը մահ զգեցած, կռվում է մահ գործելու համար:

Մի քանի ժամ կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ: Ընդհանուր խռովության մեջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում: Հուսահատական դա՜ռն աղաղակները խառնվել էին զենքերի շաչյունի հետ: Թե՛ սպանողը և թե՛ սպանվածը շաղախված էին տաք արյունի մեջ: Դիակները ոտքերի տակ ավելի ու ավելի խորտակվում էին:

Ձորը կրկին լուսավորվեց: Լուսինը դուրս եկավ մոխրագույն ամպերի ետևից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի: Նույն միջոցում հանդիսացավ մի սրտաշարժ տեսարան: Մերկ կանանց խումբը բավական էր, որ հասկացավ, թե կռիվը իրանց ազատության համար է. — նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնվեցան կռվի մեջ: Սարսափելի բան է կնոջ մոլեգնությունը, երբ առաջ է գալիս անձնական վրեժխնդրությունից: Այսպիսի րոպեներում կինը մոռանում է իր կնությունը. նա դառնում է մահվան հրեշտակ և սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մեջ, որը անարգաբար ոտքի տակ տվեց իր պատիվը: Այն կանայք, որ մի քանի ժամ առաջ, բռնության կոպիտ ձեռքից ստիպված, հանձն էին առել ցած պաշտոն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատության ձայնը, — խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զենքերը և սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին: Պատվի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դևերի հետ...

Լուսինը կրկին մտավ ամպերի տակ, և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը: Տեսարանը ծածկվեցավ մթության մեջ...:

Վանա ծովակի արևմտյան ափերի մոտ, Սիփան լեռան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մոտ, երևում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցույց էր տալիս, թե այդ ողորմելի հովիվները չեն պատկանում քրդերի բախտավոր որևիցե ցեղին: — Դրանք, հայերից ավելի հալածված, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովությունների ժամանակ քաշվել էին այն լեռնային խուլ առանձնության մեջ իրանց կյանքը և փոքրաթիվ անասունները պահպանելու համար:

Հիշյալ վրաններից մեկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից, Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո, կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ, մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով: Նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը երևում էր, ծանր կերպով վիրավորված էր նա: -Հիվանդը Սարհատն էր: Նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով, — դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստոյին հաջողվել էր գողանալ: Հիվանդի աջ և ձախ կողմերում, որպես տխրության երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, և նույնպես լաց էին լինում. — դրանք նրա քույրերն էին: Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը: Իսկ դրսում, վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը Մըստոն: Մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էրդա Մըստոյի կինն էր:

Հիվանդը գտնվում էր հոգեվարքի ճգնաժամի մեջ...:

Ղանլի-Դարայի կռվի մեջ Սարհատի ընկերներից ազատվեցան երեք վիրավորվածներ միայն. մյուսները բոլորը ընկան: Ընկան և այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարության բարոյական մահը սրբեցին իրանց արյամբ...:

Վիրավոր առյուծը վերջին անգամ բաց արեց աչքերը, նայեց Ասլիի վրա, նայեց քույրերի և եղբոր վրա, և փակեց նրանց...: Մի «ա՜խ» եղավ նրա վերջին խոսքը...:

«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, և իմ վրա ես թողնում վրեժխնդիր լինել քո մահվան համարՄըստոն կկատարե այդ»... — ասաց նա հառաչելով և գրկեց մեռնողի գլուխը:

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին