Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Շուշան-Խաթունը ուրախանում է և արձակելով իր պարանոցեն ծանրագին շղթան, զարդարած ոսկի դրամներով, ձգում է «ընկավորի» առջևը:

Մարգարե կինը դարձյալ ընկնում է մտավոր հափշտակության մեջ: Նրա բերանը սկսում է փրփրել. երեսի վրա երևում են զարհուրանքի նշաններ: Նա մրմնջում է, որպես թե խոսելով մի աներևույթ էակի հետ: Վարդապետը գործ է դնում խաչի ներգործությունը: Նա փոքր-ինչ ուշի գալով, ձայն է տալիս.

Մշեցի Գրիգոր աղային կանչեցեք:

Հայտնվում է Գրիգոր աղան:

«Ընկավորը» կարդում է պատգամը.

Անարժանի վարձն է դաժան... Սև հավեր, կարմիր կատունա թո՛ղ լինի ինձ վարձատու…: Քո սիրտն ի՞նչու չէ ցնծում... չցանած տեղից դու չես հնձում… : Ալաք... բալաքա՛ռչորս կողմը զառմեջն աբրեշում... Գնա բե՛ր... Ուրախացիր... :

Վարդապետը բացատրեց պատգամախոսի գուշակություններն այսպես.

— «Ուրախացի՜ր»… վերջն էլի լավ եկավ, վերջն ուրախություն է:

Եվ նույն րոպեում աբեղայի խորամանկ դեմքի վրա երևաց մի կեղծ ժպիտ: Նա շարունակեց.

— «Ալաք, բալաք» նշանակում է գույնզգույն կամ զոլզոլ, այսինքն` կերպաս, աբրեշումի կերպաս, եզերքը զառով զարդարած: Դա տաճարի վարագույրն է: «Աղան» պահանջում է ձեզանից, — աբեղան դարձավ դեպի մշեցի Գրիգորը: — Դուք սյսուհետև կուրախանաք, ձեր խնդիրքը կկատարվի: «Աղայի» տաճարի վարագույրը հնացել է:

Գուշակությունները մինը մյուսի ետևից շարունակվում էին: Զարմանալին այն էր, որ «աղան» իր պատգամախոսի բերանով կոչում էր ամեն երկրից եկած նշանավոր և հարուստ ուխտավորներին: Իսկ նրանք խորին երկյուղածությամբ լսում էին իրանց դատավճիռը:

Հետո գուշակողը ընկնում է բոլորովին ուշագնացության մեջ: Վարդապետները տանում են նրան, հավատացնելով, թե նույն դրության մեջ նա կմնա մի քարայրի մեջ մինչև վանքի գալոց տոնախմբության օրը :

Խե՜ղճ, — ասաց Մարոն, — ի՜նչպես պետք է մնա այնտեղ, բա չի՞ մեռնի: Ֆարհատ, ես կուզեի, որ «ընկավորը» մի բան էլ ինձ համար ասեր: Դու չե՞ս հավատում:

Հավատում եմ, — պատասխանեցի ես:

Իրավ որ, հավատում էի: Իսկ եթե Մարոն ա՛յժմ հարցներ ինձանից, նրան կասեի` այն ժամանակ, երբ մարդիկ կուռք էին պաշտում, Պյութիաս քրմուհին, իր եռոտանիի վրա կանգնած, այսպիսի պատգամներ էր կարդում: Դա ևս Հայաստանի հեթանոսական դարերից մնացած հին սովորություն է: Մենք անցանք եկեղեցական մարգարեությունից դեպի ժողսվրդական մարգարեությունը:

Հեռու, մի քարաժայռի վրա, նստած էր փոքրիկ աղջիկ: Նրա նիհար և բարակ երեսը, օծված ընկույզի յուղով, փայլում էր ջահի լուսով, որ վառվում էր նրա մոտ: Նա հագած ուներ մի տեսակ խայտաճամուկ և կախարդական զգեստ: Մանուկ օրիորդների բազմությունը շրջապատել էր նրան: Նա նույնպես գուշակում էր:

Մենք մոտեցանք:

Դա այն աղջիկն է, — ասաց Մարոն:

Հյուբբին: Այսպես կոչում են նրան:

Հյուբբին ճանաչեց թե ինձ և թե Մարոյին :

Եկեք, գուշակեմ ձեզ համար, — նա դարձավ դեպի մեզ ժպտելով: — Ձեզանից փող չեմ առնի:

Ե՞րբ եկար այստեղ: Ո՞ւր է քո մայրը, — սկսեցի ես շփոթեցնել նրան զանազան հարցերով:

Դեռ նա պատասխան չտված, հայտնվեցավ Սուսանը, կասկածավոր կերպով նայեց իմ երեսին, մռմռաց դեպի Հյուբբին մի քանի անհասկանալի խոսքեր: Փոքրիկ վհուկը վայր թռավ ժայռից, որի վրա նստած էր, և երկուսը միասին անհայտացան գիշերային խավարի մեջ :

Ինչո՞ւ նրանք փախան, երբ տեսան մեզ, — հարցրուց Մարոն :

Չեմ իմանում: Պառավ կախարդը միշտ զգուշանում է, որ Հյուբբին ինձ չհանդիպե, — պատասխանեցի ես:

Իստա՜կ սատանա է այդ աղջիկը, — ասաց Մարոն:

Նա հավատացնում էր, թե իր մայրը գողացել է նրան դևերի օրորոցից, — մեջ մտավ մի աղջիկ, որ կանգնած էր մեզ մոտ: — Դրուստ է ասում, եթե դևիկ չլինի, մի այնքան պստիկ երեխան կարո՞ղ է ամեն բան գիտենալ: Նա ասաց ինձ բոլորը, ինչ որ կար իմ սրտում, ինչ որ ես արել էի

Երբ հեռացանք բազմությունից, Մարոն ինձ ասաց.

Կամ Կարոն, կամ նրա ընկերներից մեկն այստեղ պետք է լինի:

Դու ինչի՞ց ես իմանում:

Այդ կախարդ կինը և փոքրիկ վհուկը միշտ հետևում են նրանց: Որտեղ որ Կարոն լինում է, դրանք այնտեղ իսկույն հայտվում են:

Ես չեմ հասկանում, Կարոն և իր ընկերներն ի՞նչ գործ ունեն այդ բոշաների հետ:

Ես էլ չեմ հասկանում, — պատասխանեց Մարոն: — Բայց մի բան ասեմ քեզ, Ֆարհատ, այն փոքրիկ վհուկը, որին կոչում են Հյուբբի, հայերեն խոսում է և խոսում է ինչպես մի հայ:

Բոշաներն ամեն լեզվով խոսում են:

Դա նրանց նման չէ: Մի անգամ ես ասեցի` Հյուբբի, ե՛կ մեր տանը մնա՛, ես քեզ կպահեմ, ինձ քույր կշինեմ: Նա ինձ ասաց, «չէ, ես մորս մոտ պիտի գնամ, մայրս ինձ շատ է սիրում» : Այս խոսքերը նա ասաց հայերեն լեզվով, բայց պառավը հենց որ լսեց, բարկացավ, շուտով հեռացրուց Հյուբբիին:

Նա մի կորած մայր է պտռում, Մարո, բայց ո՞րտեղ է, հայտնի չէ, խեղճը միշտ հիշում է նրան:

Այդ ես էլ իմանում եմ, — պատասխանեց Մարոն:

Դառնալով դեպի մեր վրանը, մենք անցանք «փորձության ձորերի» միջով: Այնտեղ էր «վիճակի ժայռը»: Նա կոչվում էր «վիճակի ժայռ» այն պատճառով, որ նրա վրա ուխտավորները փորձում են իրանց բախտը: Նրանցից յոլրաքանչյուրը մոտենում է ժայռին, առնում է գետնից քարի փոքրիկ կտոր և կպցնում է ժայռին: Եթե քարի կտորը մնա նրա վրա կպած, նշանակում է, որ նրա ուխտը ընդունելի է եզած: Իսկ եթե պոկ գալով, քարը վայր ընկավ, վիճակափորձը տխուր դեմքով հեռանում է խորհրդական ժայռից:

Սարոն մոտեցավ փորձելու իր բախտը, բայց այնքան բազմություն թափված էր այնտեղ, որ չկարողացավ տեղ գտնել: Մենք թողեցինք այդ մի ուրիշ ժամանակի:

ԼԳ

ԲՈՂՈՔ ՎԱՆԱԿԱՆ ՍՐ՛ՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գիշերից բավական անցել էր, երբ դարձանք մեր վրանը: Պառավ Խաթունը անքուն պահապանի նման հսկում էր: Մարգարիտը քնած էր, փոքրիկ Սալբիին սեղմած ունենալով իր գրկում: Քնի մեջ նա մոռացել էր իր քողը, երեսը մնացել էր բաց: Պառավը տեսնելով իմ ներս մտնելը, նրա երեսը ծածկեց: Մարոն սկսեց ծիծաղել, որ ոչ սակավ բարկություն պատճառեց պառավի մեջ:

Դու ոչ ահն ես իմանում, ոչ ամոթը, Մարո, միայն աստված գիտե թե քո վերջն ինչ կլինի... — ասաց նա ծանր կերպով:

Մարոն ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

Մարոն թեև խոստացավ, թե կաշխատե, որ ճանապարհին Մարգարիտին խոսացնե ինձ հետ, կամ նրան իր երեսը բաց անել կտա ինձ մոտ, բայց հնար չեղավ. Մարգարիտը մնաց ինձ համար միշտ լուռ և վարագուրյալ կուռք:

Առավոտը պետք է լուսացներ տիրոջ կյուրակենտոնի մատաղ կտրելու օրը: Ահա այդ պատճառով, կեսգիշերից սկսած, ամեն մի ուխտավորի վրանի առջև, գետնում փորած հնոցի մեջ, վառվում էր կրակ, և նրա վրա դրած կաթսայի մեջ եփ էր գալիս մատաղի խաշլաման: Շոգին կաթսաների արտաշնչությունից լցրել էր օդը ախորժ-բարեպաշտական հոտով: Մի քանի տեղերում դեռ նոր էին մորթում զոհերը: Վանքի մղդսիները փութաջան եռանդով պտտում էին ուխտավորների բանակի մեջ, կատարելու նրանց պահանջները: Մղդսիներն էին վաճառում մատաղացու ոչխարները և մատուցանում էին ուխտավորներին ինչ որ նրանց պետք էր: Եվ դրանց մեջն էր վանքի սպասավորների օգուտը: Ամեն մի կտրած մատաղի ազդրը մղդսիների սեփականությունն էր, իսկ մորթը պատկանում էր վանքին: Եվ վարդապետների թիվը մղդսիներից պակաս չէր, որոնք հավաքում էին մորթերը:

Պառավ Խաթունը վաղուց գնել էր մեր մատաղացու ոչխարը, մի սպիտակ, անարատ խոյ:

Ի՞նչ եղավ, ուշացավ վարդապետը, — ասում էր անդադար պառավը: — Չեկավ, որ աղը օրհնե :

Ի՞նչ պետք է օրհնած աղը, — հարցրի ես:

Կարծես, հայքրիստոնյայի տղա չլինի, — պատասխանեց պառավը կծու կերպով. — այսքանն էլ չէ իմանում, բայց հինգ տարի վարժատուն է գնացել, գիրք է կարդացել

Մարոն ասաց` թե օրհնած աղը նրա համար է, որ ուտացնում են մատաղին նախքան նրան զոհելը:

Վերջապես հայտնվեցավ վարդապետը: Նա այնքան զբաղված էր, որ հազիվ ժամանակ ունեցավ առնել իր ափի մեջ մի քիչ աղի փշրանք, որը մոտեցրուց իր բերանին, անլսելի ձայնով փնթփնթաց նրա վրա մի քանի խոսքերիհարկե աղոթք պետք է լիներև ապա տվեց աղը պառավ Խաթունին: Պառավը առեց աղը, վարդապետի աջը համբուրելով, և միևնույն ժամանակ կոխեց նրա ափի մեջ մի բան: Վարդապետը շնորհակալություն հայտնեց, օրհնեց և հեռացավ, ասելով՝ «ընդունելի մատաղ լինի, սուրբ աստվածածնի օրհնությունը ձեզանից անպակաս լինի» և այլն:

Աղն ուտացրինք ոչխարին, խեղճ անասունը այնպես ախորժանոք կերավ, ամենևին չմտածելով, թե այնուհետև որպիսի դառն վիճակ էր սպասում նրան:

Թեև ես երկար թափառեցի ուխտավորների բանակի մեջ, բայց տակավին իմ նպատակին հասած չէի. սալմաստեցիներից ոչ մեկին չտեսա: Վանքի մղդսին հայտնեց` թե նրանց քարավանը իջեվանել է բլուրի մյուս կողմում, որովհետև սալմաստեցիք, ուխտավորների վերջինները լինելով, վանքի մոտակայքում տեղ չգտան: Երբ ես տվեցի նրան երկու ղուրուշնոցը, նա հանձն առավ տանել ինձ և ցույց տալ նրանց տեղը:

Եվ իրավ, յուրաքանչյուր երկրի ուխտավորների քարավանը իջևանել էր մի առանձին տեղում: Ամբողջ կես ժամ մենք անց էինք կենում այն ընդարձակ և խուռն բանակի միջով, դեռ վերջ չկար: Բայց մղդսի Թորոսըայսպես էր իմ առաջնորդի անունըդեռ գոհ չէր վանքի այն տարվա «հունձքով»` նա գտնում էր ուխտավորների թիվը շատ պակաս, անցյալի հետ համեմատելով:

Վատացա՜ն ժամանակները, աղա, — ասում էր նա խորին կերպով հոգվոց հանելով: — Առաջ լա՛վ էին տարիները. կտեսնեիր, այստեղ սար, ձոր, դաշտ, ասեղ գցելու տեղ չկար, ամենը բռնած կլիներ ուխտավորներով: Հիմա նրա կեսը, կեսի կեսը չկար էլ ինչո՞վ պետք է ապրես: Տասներկու գլուխ քուլֆաթ կա իմ տանը, ամենից պստիկը հինգ տարեկան է: Հաց կուզեն, հալավ կուզեն, ո՞րտեղից բերես: Ինչ էլ որ ուխտավորներից ձեռքդ է գալջս, մեծ բաժինը մեր հայր սուրբերը խլում են. թե չտաս, վանքի գյուղից դուրս կանեն: Ի՞նչ պետք է անես նրանից հետո

Մի քանի րոպե տխուր լռությունից հետո մղդսին շարունակեց .

Իմ տղերքը իմ բախտից բոլորն էլ մարմնով ողջ դուրս եկան, գոնյա մեկն էլ «խեղճ» չեղավ, որ հոր դարդին դարման աներ...

Ես սարսափեցա, լսելով հոր մի այսպիսի անգութ ցանկությունը, որով կամենում էր, որ իր զավակներից մեկը «խեղճ» լիներ, այսինքն սուրբ աստվածածնի հրետավոր ախտավորներից մեկը լիներ, մարմնով այլանդակված, որ կարողանար «հոր դարդին դարման անել»...

Դու կուզեի՞ր, որ մեկը «խեղճ» լիներ, — կտրեցի ես մղդսու խոսքը:

Ի՞նչպես չուզես, աղա: «Խեղճին» ամեն անգամ զանազան երկրներ պտտացնելիս, կտար ինձ ավելի քան հինգ հարյուր ղուրուշն. դա բավական էր իմ տանը մի տարվա համար: Հիմա ի՞նչ բանի են պետք մեկելները, որ ողջ են, որ ձեռք և ոտք ունեն: Նրանցից խեր (օգուտ) չկա

Ի՞նչու ես դու ցանկանում, որ «խեղճը» անպատճառ քո որդիներից մեկը լիներ. այս վանքում խո շա՞տ կա, որին ուզենաս կարող ես տանել ման ածել և փող հավաքել:

Կարող եմ: Բայց դու կարծում ես, որ մեր հայր սուրբերն իրանց հոր հոգու համար կտա՞ն ինձ «խեղճին» ման ածելու: Չէ՛,եղբայր: Դրա համար նրանք կվերառնեն ավելի` քան թե ես կհավաքեի: Ինձ կմնար իմ չարչարանքը: Օրինակ քեզ, մղդսի Հակոն այս տարի տարավ «խեղճերից» մեկին Վանա երկրում ման ածելու. նա բերեց հազար ղուրուշից ավելի. բայց հարյուր ղուրուշ չմնաց իր ձեռքում: Բայց երբ «խեղճն» իմ մսից և արյունից կլինի, այն ժամանակ վարդապետները չեն կարող պարպել իմ քսակը...

Այժմ հասկանալի էր ինձ մղդսու ցանկությունը. նա կամենում էր շահվել իր «խեղճից», որպես իրան պատկանող սեփականությունից, և չէր ուզում վարձել վարդապետներից իր համար անօգտավետ պայմաններով: Թողյալ այդ, ես մղդսի Թորոսի խոսքերի մեջ նկատում էի ոչ միայն բողոք դեպի վանական աբեղաների հարստահարությունը այլ մի դառն ատելություն դեպի նրանց սրբազան անձնավորությունը, որը չպետ`ք է լիներ առանց իրական պատճառների:

Երևում է, վարդապետները քեզ հետ այնքան լավ չե՞ն, մղդսի Թորոս :

Վարդապետնե՜ր... — կրկնեց նա խորհրդական ձայնով: — Ի՞նչ կասես, եղբայր, դրանք մարդիկ չեն, իստակ սև սատանաներ են... Դրանք այն մղդսուն հաց կտան, որ նրանց ամեն ասածին պատասխանե` «հա՛»: Բայց մղդսի Թորոսը մեկ դրուստ մարդ է, նա չէ կարող վատ բանին «հա՛» ասել...

Առհասարակ ես նկատում էի, որ մարդիկ այն ժամանակ միայն ջերմեռանդ են դեպի վանքերը և վանական աբեղաները, երբ նրանցից հեռու են: Որի ընդհակառակն, ես տեսնում էի, ոո վանքերին մերձավոր ժողովուրդը չափազանց զզված էր նրանցից: Ի՞նչ էր դրա պատճառը, ես չգիտեի. միայն երևում էր նրանց մեջ մինչև անգամ թերահավատություն այն սրբազան տեղերի մասին, որոնք նվիրական էին ամեն մի հայի համար: Շատ անգամ մի գործարանի կառավարչի վատությանը ծնուցանում է հաճախորդների մեջ ատելություն դեպի նույնիսկ գործարանի հիմնարկությունը : Արդյոք այս օրինակը չէ՞ր վերաբերում և մեր աբեղաներին և մեր վանքերին:

Ես երեխայությունից ունեի փոքրիկ խորամտնկություն, սատանայի պես մտնել մարդու դամարում, և որպես ասում են, նրա ուղեղը թափ տալ: Լսելով մղդսի Թորոսի վերջին խոսքերը, թե վարդապետները այն ժամանակ միայն վարձատրում են վանքի սպասավորներին, երբ նրանց կամքին հլու ծառաներ են դառնում, որոնք նրանց յուրաքանչյուր խոսքին, որքան և վատ լիներ նա, կպատասխանեն` «այո՛», — ես սկսեցի ավելի հետաքրքիր լինել, թե ի՞նչ էր պատճառ ավել մղդսու դժգոհությանը: Նա թեև խիստ դժվարությամբ, այսուամենայնիվ պատմեց.

Մենք երկու եղբայրներ էինք. իմ պստիկ եղբայրը պսակվեց, մի ամիս չանցավ, մեռավ : Նրա հարսը մնաց տանը այրի: Մեկ օր մեր Կարապետ հայր սուրբն ինձ կանչեց իր մոտ, ասաց` «Մղդսի Թորոս, քո եղբոր կնիկը ի՞նչ կանե տանը»: Ես պատասխանեցի, — հայր սուրբ, ծառա եմ աջիդ, ի՞նչ պետք է անե, իմ երեխեքին շորեր կկարե, կկարկտե, թոնիր կվառե, հա՛, այդպես տան բաներ կանե: Իմ կնիկը հիվանդ է, իմ երեխեքը նա կպահե: Վարդապետն ասաց. «Այդ բաներից քեզ ի՞նչ խեր, դու քո եղբոր կնիկն ուղարկիր, թող գա վանքի ոչխարները կթե, այս գործից քեզ համար շատ շահմունք կլինի. եղից, պանրից, բուրդից իր համար «քալաֆուր» կանե: Քեզ էլ սուրբ սքանչելագործի մասունքը կտամ, կերթաս Թաբրիզու կողմերը, կպտտես»: Ես ուրախացա, այն ժամանակ մի քանի հարյուր ղուրուշ պարտք ունեի, մտածեցի, հա՛, աստված ողորմաց, պարտքերս կտամ: Մեկ էլ միտք արի` լա՛վ, իմ եղբոր կնիկը մեկ ամսվա ջահել հարս է, հալա իր մեռելի սևի մեջն է, ես ի՞նչպես թողնեմ, որ նա գնա վանքի ոչխարները կթե: Կասես թե, սատանան ինձ խելքից հանեց, ասեցի` ի՞նչ կա, մեր մղդսիների շատերի կնիկներն, հարսները վանքին ծառայություն կանեն, միաբանների համար հաց կթխեն, նրանց շորերը կլվան, կկարկատեն, վանքի պանիրը կմակարդեն, յուղ կհանեն, բուրդը կմանեն, ի՞նչ գլուխդ ցավեցնեմվանքի համար տանտիկնություն կանեն: Ու այն կնիկների տղամարդիկն ավելի պատիվ ունեն հայր-սուրբերի մոտ. լավ ուտում են, լավ խմում են, լավ հագնում են: Ինչո՞ւ մղդսի Թորոսը նրանցից պակաս մնա: Ես Կարապետ հայր-սուրբի հրամանը կատարեցի. իմ եղբոր կնիկը գնաց վանքի ոչխարները կթելու, ես էլ առա սուրբ սքանչելագործի մասունքը, գնացի դեպի Թաբրիզու երկիրը: Իմ ժողովարարությունը քաշեց ավելի քան կես տարի: Երբ դարձա տուն, տեսնեմ հարսը չկա : — Ո՞ւր է մեր հարսը, հարցնում եմ իմ կնկանից : Նա պատմեց, թե՝ «հարսն ամեն օր կգանգատվեր, չէր ուզի վանքը գնալ, հայր սուրբը մարդ կուղարկեր, կտաներ: Հայր սուրբը կասեր` «քեզ մղդսի Թորոսն է տվել, որ վանքի ոչխարները կթես, դու քո խզմաթ պետք է կատարես, մինչև նրա գալը»: Մեկ օր տեսանք` հարսը չկա, արևը մտավ, գիշերն անցավ, նա տուն չեկավ: Առավոտյան գնացինք սարը պտռեցինք, ձորը պտռեցինք, չկա ու չկա: Ո՞րտեղ կորավ, աստվա՜ծ: Գնացինք ծովի ափը. այնտեղ տեսանք հարսի մարմինը ծովի ղալղաները գցել էին դուրս. նա խեղդված էրՄորեն ոչ այնքան հեռու ընկած էր մի նորածին տղա, որին դաշտի գազանները պատռեր էին»...

Մղդսին ձեռքը տարավ դեպի երեսը, ինձ երևաց, որ նա սրբրեց աչքերի արտասուքը, և ապա ձեռքը մեկնեց դեպի բլուրի ստորոտը, ասելով.

Այստեղ են սալմաստեցի ուխտավորները:

Ես բաժանվեցա, ինձ հետ տանելով նրա պատմության տխուր տպավորությունը...

ԼԴ

ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ սալմաստեցի ուխտավորների թվում գտա իմ մորը և քույրերիս: Նրանք եկել էին իմ քեռի Պետրոսի հետ, որը իր ընտանիքով նույնպես ուխտ էր եկած: Մորս վրանը կազմված էր քեռուս վրանին կից: Իմ հայրենակիցներից մեկը ինձ այնտեղ տարավ:

Մինչև այնօր երբեք չէր պատահել ինձ այնպես ջերմ կերպով զգալ մայրական սերը և քրոջ սրտի գորովական քնքշություննը, որպես այն րոպեում, երբ ես գտա իմ մորը և քույրերիս: Սկզբում նրանք մնացին բոլորովին ապշած, խոսք չէին գտնում խոսելու, և իրանց կարոտությունը հայտնում էին համբույրներով, գրկախառնությամբ և արտասուքով: Ես էլ չկարողացա պահել իմ սրտի զեղմունքը, և իմ աչքերում հայտնվեցավ արտասուք:

Փա՜ռք քեզ, աստված, չմեռա և կրկին տեսա որդուս... քեզ մատաղ, բալաս... Ի՛նչպես դու թողեցիր մեզ, իմ աչքի լույս... ես ո՞վ ունեմ բացի քեզանից, Ֆարհատ ջան, դու որ չլինես, ինձ թող տանեն ողջ-ողջ գերեզմանը դնեն... Ի՞նչ էի արել քեզ, Ֆարհատ ջան, ինչո՞ւ հեռացար մեզանից...

Այսպես մրմնջում էր մայրս, մերթ ուրախանալով և մերթ լալով, իսկ քույրերս, Մարիամը և Մագթաղը չէին ուզում ինձ բաց թողնել իրանց գրկից:

Մայրս եկած էր ուխտ, որպես հիշեցի, իմ քեռի Պետրոսի ընտանիքի հետ: Այդ մարդն իմ հոգևոր հայրն էր, միևնույն ժամանակ մեր թաղի տանուտերը: Քեռի Պետրոսը Սալմաստի մեջ համարվում էր շատ փորձված, խոհեմ և խելացի մարդ. նա նշանավոր էր իր երկար ճանապարհորդություններով զանազան երկրներում:

Ո՞ւմ հետ ես եկել, Ֆարհատ, — – հարցրուց մայրս: — Դու ի՞նչ գիտեիր, որ մենք այստեղ ենք:

Ես պատասխանեցի, թե եկած եմ որսորդ Ավոյի ընտանիքի հետ, հայտնեցի` թե ովքեր են նրանցից եկածները: Մարիամը և Մագթաղը շատ ուրախացան, երբ լսեցին, թե Մարոն էլ ուխտավորների թվումն է:

Ֆարհատ ջան, տար մեզ տեսնենք Մարոյին, — ասաց Մարիամը:

Դու խո կթողնե՞ս, մայրիկ, գնանք Մարոյին տեսնենք, — ավելցրուց Մագթաղը:

Ես առաջարկեցի և մորս գալ ծերունի որսորդի ընտանիքի վրանը և նրանց հետ միասին լինել մինչև տոնախմբության վերջը: Մայրս պատասխանեց, թե անհարմար կլիներ քեռի Պետրոսի ընտանիքից բաժանվել, գուցե կվիրավորվեին նրանք: Բայց երեխեքը, որ ցանկանում էին Մարոյին տեսնել, կարող էին գնալ, միայն պետք է գիշերը չմնան նրանց մոտ, այլ շուտով վերադառնան. իսկ ինքը առավոտյան պատարագից հետո կգա Խաթունին և Հասոյի նշանածին տեսնելու: Եվ ավելցրուց, թե ինքը միշտ գոհ է եղել ծերունի որսորդից, և համարում է որսորդին շատ բարի մարդ. և նա փոքրինչ հանգիստ էր իմ մասին նրանով միայն, որ գիտեր, թե ես գտնվում եմ որսորդի տանը:

Դու ո՞րտեղից գիտեիր, մայրիկ:

Ինքը որսորդը մարդ էր ուղարկել ինձ մոտ, քո մասին իմացում տալու:

Եվ դու գիտե՞ս, թե ինչպես հայտնվեցա ես այնտեղ:

Կարոն քեզ տարավ: Ես բոլորը գիտեմ

Վերջին խոսքը արտասանելու միջոցին մորս ձայնը դողաց: Չգիտեմ ինչո՞ւ Կարոյի անունը նրան վրդովմունք պատճառեց:

Կարոն շատ լավ տղա է, մայրիկ:

Լավ է, բայց... Թող մնա, ես հետո կխոսեմ նրա մասին

Հայտնվեցա՜վ փախստականը, — լսելի եղավ քեռի Պետրոսի որոտացող ձայնը, որ նույն միջոցին ներս մտավ մորս վրանը, ուր նստած էինք մենք:

Ես կանգնեցա, և պահպանելով այն ժամանակի քաղաքավարության ձևը, համբուրեցի քեռուս ձեռքը: Նա համբուրեց իմ ճակատը և նստեցրուց իր մոտ:

Քեռի Պետրոսը գտնվում էր իր հոգու խիստ ուրախ տրամադրության մեջ. ինձ երևաց, որ նա փոքր-ինչ հարբած էր: Նա տարել էր իր գերդաստանը ման ածելու և դառնում էր զբոսանքից: Նա դարձավ դեպի ինձ այսպիսի անկապ խոսքերով.

Ի՞նչ ես շինում դու, լա՞վ ես, ի՞նչ է անում հին աղվեսըմարդիկ այստեղ հոգու համար են գործում, իսկ «նա» այնտեղ եզիդիների իշխանի մոտ, աստված ոչ գիտե, ի՜նչ սատանայական որոգայթներ է լարումև իր «ճտերին» երկրի զանազան կողմերն է ուղարկում... Ինչի՞ համար, ի՞նչ դուրս կգա այս հիմարություններից... Եվ դու, քամի փչող ընկեր, լա՜վ տեղն ընկար, ինչպես մուկը մկնորսակի մեջ...

Ինձ պարզ հասկանալի էր, թե քեռի Պետրոսի հեգնական ակնարկություններն ումն էին վերաբերում: Նա խոսում էր որսորդ Ավոյի և նրա հյուրերի` իմ ընկերների մասին: Բայց ո՞րտեղից գիտեր նա, թե որսորդը կամ նրա խոսքով` «հին աղվեսը» գնացել էր եզիդիների իշխանի մոտ. այդ մի գաղտնիք էր, որ ես նույնպես չէի կարող իմանալ, եթե Կարոյի նամակն իմ ձեռքը չընկներ: Եվ ո՞րտեղից հայտնի էր նրան, թե ծերունի որսորդի «ճտերը», այսինքն` Կարոն իր ընկերների հետ, գնացել էին զանազան կողմեր: Եվ ի՞նչ կասկածավոր մի բան կար նրանց վարմունքի մեջ, որը, որպես երևում էր, ընդդեմ էր քեռի Պետրոսի համակրությանը: Այս հարցերն ինձ համար բոլորովին հանելուկներ էին: Այնուամենայնիվ, ինձ խիստ անհաճո երևեցավ քեռի Պետրոսի արհամարհական խոսքերն այն մարդկանց մասին, որոնց ես շատ պատվում էի: Ես ուզեցի, որպես ասում են` նրա բերնի համը տալ, բայց այն միջոցին ներս մտավ վանքի աբեղաներից մեկը: Դա Կարապետ հայր սուրբն էր, այն վարդապետը, որ այնպես անխիղճ կերպով անբախտացրել էր մղդսի Թորոսի հարսին, և երկու թշվառ զոհերի մահվան պատճառ էր դարձել...

Մարիամը և Մագթաղը վաղուց ինձ աչքով լուռ նշաններ էին անում, որ շուտ վերջացնեմ քեռի Պետրոսի հետ: Նրանք շատ ուրախացան, որ աբեղայի հայտնվելն ընդհատեց մեր խոսակցությունը, և ես դուրս եկա վրանից:

Դու էլի կգա՞ս մեր մոտ, Ֆարհատ, — հարցրուց քեռի Պետրոսը:

Իհարկե, — պատասխանեցի ես:

Լավ, գնա:

Աբեղան և քեռի Պետրոսը նստեցան միմյանց շատ մոտ և մեզ բոլորովին անլսելի ձայնով խոսում էին:

Մայրս նույնպես վրանից դուրս եկավ ինձ հետ: Նա ասաց, թե շատ կցանկանար, որ ես նրա մոտ մնայի, բայց որովհետև ծերունի որսորդի ընտանիքը եկած են առանց տղամարդի, չէ ուզում ինձ բաժանել նրանցից, միայն ցանկանում է, որ ես գոնյա ցերեկներն անցուցանեմ նրա մոտ, իսկ գիշերները Մարոյի և Մարգարիտի մոտ մնամ, չիցե թե նրանց մի վտանգ պատահի որովհետև ուխտավորների մեջ շատ անկարգություններ էին լինում:

Բայց թող քույրերս այս գիշեր մնան ինձ մոտ, — խընդրեցի մորիցս:

Հա՛, մայրիկ, մենք կմնանք Մարոյի մոտ, — ասաց Մարիամը:

Լավ, մնացեք, — ասաց մայրս, — և կրկին ինձ համբուրելով, ճանապարհ դրեց:

Երբ փոքր-ինչ հեռացանք սալմաստեցի ուխտավորների իջեվանից, ես քույրերիցս հարցրի, թե մեր քաղաքացիներից ո՞վքեր են եկած:

ԲՆրանք հայտնեցին մի քանի անուններ, իսկ Մարիամը ավելացրուց.

Գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան էլ եկել է մեզ հետ. նրա հայրն էլ, եղբայրն էլ եկել են: Հիմա ի՞նչ կասի, երբ որ տերտերը քեզ կտեսնե:

Ինչ պետք է ասի, — պատասխանեց Մագթաղը ծիծաղելով: — Կբռնե ականջներիցը ձիգ կտա ու կասե` Ֆարհատ, ինչո՞ւ փախար վարժարանից:

Նա չէ կարող, հիմա ես նրա ականջներից ձիգ կտամ, — պատասխանեցի ես:

Վա՜յ, մեղք չէ՞, ախար նա տերտեր է :

Ֆարհատը հանաք է անում, — խոսեց Մարիամը:

Սոնան գիտե՞, որ այստեղ եմ, — հարցրի ես:

Նա չէ իմանում, նա այսօր առավոտյան ինձ ասում էր` «էրնե՜կ Ֆարհատն այստեղ լիներ» — Նա շատ ուզում էր քեզ տեսնել: Ինչո՞ւ էր ուզում, Ֆարհատ, — հարցրուց Մարիամը:

Չեմ իմանում... Բայց ո՞րտեղ են վեր եկել նրանք:

-Չտեսա՞ր դու, նրանց չադրը կպած էր մերին: Նրանք էլ քեզ չտեսան, չեմ իմանում, ուր էին գնացել, այնտեղ չէին, — ասաց Մարիամը:

Քույրերս պատմեցին մեր քաղաքից մի քանի նորություններ, որոնց թվում հայտնեցին և վարժապետիս կնոջ` ողորմելի Գյուլ-Ջհանի մահը: Ես մի կողմից ուրախացա, որ խեղճ կինը ազատվեցավ իր տանջանքներից, որով չարչարվում էր նա այնքան շատ տարիներ, խիստ հազիվ բաժանվելով հիվանդության մահճից: Բայց ինձ վրա խիստ տխուր տպավորություն գործեց, երբ Մագթաղը ասաց, թե մեր քաղաքում այնպես լուր էր տարածվել, իբր թե տերտերակնոջ մահվան պատճառն եղել է տեր հոր սաստիկ ծեծը, որին արժանացրել էր քահանան իր կնոջը նրա մահվանջց մի քանի օր առաջ: Ես առանց երկբայության հավատացի, մտաբերելով, թե ո՞րպես բարբարոսաբար ծեծում էր նա ինձ և իմ ընկերներին: Եվ մի այսպիսի մարդը, որպես վարժապետ և քահանա, առաջնորդում էր մի ամբողջ քաղաքի ուխտավորներին դեպի աստուծո մոր տաճարի երկրպագությունը...

Որպես իմացա քույրերիցս, տեր Թոդիկը, բացի Սոնայից, բերել էր իր հետ և իր որդի Ստեփանին: Խեղճ տղայի խեչացնորությունը, վերջին օրերում ավելի սաստկացած լինելով, հայրը բերել էր նրան սուրբ աստվածածնի վանքը այն մտքով, որ թողնե Ստեփանին մնալու վանքի «խեղճերի» մեջ, այնտեղ բժշկվելու համար: Նա այժմ համարում էր Ստեփանի խելացնորությունը տիրամոր պատիժներից մեկը: Որքան ճիշտ էր այդ կարծիքը, ես չգիտեի, բայց ես գիտեի մի բան, թև ո՛րպես Ստեփանի հայրը չարաչար կերպով վարվում էր նրա հետ, ո՜րպես նրա երեխայության ժամանակ, իբրև պատիժ, կախ էր տվել խեղճ տղային ջրի հորի մեջ, նա մնացել էր այնտեղ կես ժամ, և այնուհետև Ստեփանի խելքը տեղը չեկավ. նա միշտ ցնորվում էր, երբ ջուր կամ հոր էր տեսնում….: Այս ես գիտեի...

Ես շատ ուրախ էի, որ գնալով մորս մոտ, քեռի Պետրոսի վրանը, չհանդիպեցա վարժապետիս: Ինձ խիստ անտանելի էր մյուս անգամ տեսնել այն մարդու երեսը, որը այնքան դառն ցավերի պատճառ էր եղել ինձ:

Հասնելով մեր վրանը, գտանք պառավ Խաթունին և Մարգարիտին քնած. Մարոն արթուն նստած սպասում էր ինձ:

Ես չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, որով Մարոն հանդիպեց իր երեխայության երկու ընկերուհիներին, նրանց միմյանց հետ փաթաթվելը, նրանց պարզ ու անմեղ սրտերի արտահեղությունը, նրանց անկեղծ շրթունքների մրմունջը բարձր է գրչի զորությունից. այդ միայն պետք է տեսնել և զգալ:

Հայկական աղջկա սրտի մեջ կա մի բան, կատարյալ հրեշտակային, որ մնում է միշտ անհասկանալի հասարակ մահկանացուների համար: Նա այնպես մաքուր և սրբազան է, որպես մի անարատ աստվածություն. նա արտափայլում է իր ջերմ լուսով, նա բուրում է իր անուշ հոտավետությամբ, բայց նա միշտ մնում է անշոշափելի

ԼԵ

ՔՈԻՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՛Ն ՍՐ՛ԱՐԱՆԻ ՄԵՋ

Աստուծո լույսը բացվեցավ: Օրը կյուրակի էր: Առավոտյան մայրս եկավ մեզ մոտ, մենք բոլորս միասին գնացինք վանքը ժամ: Մեր վրանումը մնաց միայն պառավ Խաթունը, մատաղն եփելու համար:

Ուխտավորների բանակը գտնվում էր իր ջերմեռանդ բարեպաշտական վրդովմունքի մեջ: Ամեն տեղ երևում էր շարժողություն, ամեն տեղ եփ էր գալիս բորբոքված հավատքը, իր բոլոր աստվածային կարողությամբ: Բազմությունը շտապում էր դեպի վանքը պատարագ տեսնելու և սուրբ տիրամոր գերեզմանը համբուրելու: Այն խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն երկրի հայեր, ամենատեսակ գլխարկներով, սկսած օսմանլվի ֆեսից, քրդի ապարոշից, մինչև պարսկի երկայն, մորթե գդակները: Կանայքը նույնպես զանազանվում էին տեսակ-տեսակ հագուստներով. ամեն երկրի կինը ընդունել էր տիրող ազգի կանանց զգեստի ձևերը:

Հայը միշտ սիրում է նմանել: Նա չէ պահպանում իր ինքնուրույն, հատկանիշ առանձնությունները:

Ուխտավորների մեջ լեզուները մինչև անգամ բաժանված էին բարբառներով. մեկի խոսակցությունը մյուսին համարյա անհասկանալի էր: Ցավալին այն էր, որ շատերը խոսում էին այն ազգի լեզվով, որի լծի տակ ապրում էին, բոլորովին մոռանալով մայրենի խոսքը: Ինձ երևում էր, իբր թե այն բազմազան ամբոխի մեջ ազգային ամբողջությունը իսպառ քայքայվել էր, և քանդվել էին նրա մեջ միավորիչ հոդերը...

Բայց մի կապ, որ դեռ պահպանվել էր, մի կապ, որ միավորում էր այն խորտակված ամբողջության զանազան կտորտանքը, մի կապ, որին չէր կարողացել խզել բռնակալի սուրը, դա էր` կրոնքը և եկեղեցին:

Բայց կարո՞ղ էր պահպանվել այս կապը միշտ անխզելի, իր աստավծային ամուր հաստատության մեջ, երբ նրա հոգատարներն էին` Կարապետ հայր սուրբի նման աբեղաներ և տեր Թոդիկի նման քահանաներ...

Եվ այժմ դառն մտածմունքներ պաշարում են ինձ, երբ ծագում է իմ գլխում այդ հարցը

Սուրբ տիրամոր տոնախմբությունը մի կատարյալ տոնավաճառ էր, ուր գլխավորապես երկու դաս վաճառականներ հանդես էին հանել իրանց մթերքը և կարծես, աննկատելի կերպով միմյանց հետ մրցություն էին անում:

Վաճառականների մի դասը բաղկացած էր վանեցի առևտրականներից , իսկ մյուսը` վանքի աբեղաներից:

Վանեցին դարսել էր հրապարակի վրա զանազան տեսակ մանրուքներ, կանանց հասարակ զարդեր, գույնզգույն փարչաներ, մի խոսքով, այնպիսի խայտաճամուկ ապրանքներ, որոնք կարող էին հրապուրել գնողներին, և մինչև անգամ ամենախնայող ժլատի քսակից դուրս քաշելով մի քանի ղուրուշներ: Ծախողը կանգնած էր իր մթերքների մոտ և բարձրաձայն գովաբանում էր իր վաճառքի լավ հատկությունները:

Անցնելով վանեցիներից, գալիս է աբեղա-վաճառականների կարգը, և քո առջև բացվում է մի ահագին հիմնարկություն՝ վանքը: Դա բովանդակում է իր մեջ մի հանդիսարան...

Մտնում ես վանքի գավիթը : Այստեղ, վանքի դռան երկու կողմերից սկսած, մինը մյուսի մոտ զուգահեռաբար նստած են «խեղճերը»: Նրանց երկու կարգ շարավածքի միջով բացվում է մի քուչա, որ տանում է դեպի վանքի դուռը: Նույն քուչայով անցնում են ուխտավորները: «Խեղճերի» այլանդակված կերպարանքները բերում են անցորդի վրա զարհուրանք, միևնույն ժամանակ լցնելով նրա սիրտը մի պատկառելի երկյուղածությամբ դեպի մեծ աստվածուհու վեհությունը, որ ցույց էր տվել իր նշանները այն թշվառների վրա:

Երբ մենք անցնում էինք «խեղճերի» միջով, մի պատանի, մաշված և գունաթափ երեսով, գեղեցիկ երկնագույն աչքերով, և շեկ-մետաքսանման մազերով, վեր թռավ տեղից և գրկեց ինձ, ասելով.

Ֆարհատ, ես վախում եմ դրանցից...

Պատանին ցույց տվեց «խեղճերին», որոնց կարգում նստացրել էին և իրան:

Ես ճանաչեցի. նա տեր Թոդիկի որդին` Ստեփանն էր:

Հաջորդ էջ