Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Քեռի Պետրոսի պատմությունը ինձ վրա սարսափելի տպավորություն գործեց. ես բոլոր մարմնով դողում էի, և մանավանդ ավելի եղավ իմ բարկությունը, երբ տերտերն` այս բոլորը լսելուց հետո` ասաց առածի ձևով.

— «Չարը միշտ չարով կսասանվի». — «Սրի հետ խաղացողը միշտ սրով կմեռնի», — և ավելացրուց. — Այսպիսի մարդիկ ոչ միայն իրանց անձի կորստյան պատճառ են դառնում, այլ ժողովրդին էլ արյան և կրակի մեջ են գցում:

Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, տեր Հայր, — ասաց քեռի Պետրոսը: — Մելիքը Պարսկաստան գալուց հետո, նա երկար ժամանակ իր գաղտնի նպատակներով կարողացավ թաքնված մնալ որսորդի անվան տակ, բայց երբ որ նկատեց, թե այնտեղ ևս պետք է մերկացվի ինքը, նա թողեց Սալմաստը և անցավ Հաղբակ: Ժողովուրդն այնտեղ ռամիկ էր և կիսավայրենի, իսկ մի այսպիսի ժողովուրդ պետք էր նրան: Նա շուտով կարողացավ գրավել ռամկին և բոլորի հավանությամբ նույն գավառի «Միր» ընտրվեցավ: Այնուհետև խռովությունը այս երկրից պակաս չէ: Հասպիստանու կռիվը իր հաջողությամբ խրախույս տվեց նրան. այժմ նա իր նպատակին մասամբ հասել է և կամենում է Հաղբակա5 լեռների վրա այն խաղը խաղալ, ինչ որ խաղում էր մի ժամանակ Սասնո մեջ:

Այսպիսի մարդիկը ժանտախտ են, ուր և գնում են, իրան հետ տանում են մահ և կոտորած, — ասաց տերտերը:

Եթե ծերունի որսորդի միտքն այն է, — պատասխանեցի ես, — որ հայը ազատված լինի օտարի լծից, որ նա իր տունը, իր երկիրը ինքը կառավարե, դրա մեջ ես մի վատ բան չեմ տեսնում: Եվ ես ինքս կլինեմ առաջինը, որ կնվիրեմ իմ արյունը նրա նպատակին :

Եվ դու ինքդ կլինես առաջին խելագարը... — լսելի եղավ մի նոր ձայն:

Ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չէի կարողացել նկատել, որ մի վարդապետ ներս էր մտած քեռի Պետրոսի վրանում և ականջ էր դնում մեր խոսակցությանը: Դա միևնույն աբեղան էր, որին ցերեկով տեսած էի «Կաթնաղբյուրի» ձորում: Նա եկավ նստեց: Քեռի Պետրոսի և տեր Թոդիկի ընդունելության ցույցերից երևաց, որ չափազանց հարգանք ունեին դեպի հայր սուրբը: Ճրագի լույսով ես ավելի լավ կարողացա զննել նրան: Նա մի մարդ էր ալեխառն մորուքով և նույնպես դեռ նոր ճերմակած երկայն մազերով: Հագուստը խիստ անշուք էր, այնպես հագնվում են միայն անապատական ճգնավորները: Ինչ որ նշանավոր էր նրա կերպարանքի մեջ, դոքա էին կենդանի և կրակոտ աչքերն, որոնք իրանց առույգությամբ մի հայտնի բացառություն էին կազմում նրա զառամյալ հասակի մեջ:

Նա, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու, սկսեց խոսել քեռի Պետրոսի և տերտերի հետ: Քանի րոպեից հետո ես ինձ բոլորովին ավելորդ զգացի նրանց հասարակության մեջ, մանավանդ երբ նշմարեցի, որ իմ ներկայությունը նրանց հաճո չէր. ուստի բարի գիշեր ասելով, հեռացա:

ԼԸ

ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐՈՆ

Դուրս վազեցի քեռի Պետրոսի վրանից: Ես երկար չէի կարողանում մոռանալ անապատական ճգնավորին: Այս աբեղան ինձ երևում էր որպես մի կախարդական անձնավորություն: Քանի ժամ առաջ ես տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում. նա անցավ այնտեղից որպես մի անրջային ուրվական, մեղմ կերպով եղանակելով մի արաբական երգ: Նրա ձայնը թփերի միջից դուրս կանչեց կախարդ Սուսանին: Նա գրկեց Հյուբբիին և անհետացավ բլուրների մեջ: Այժմ կրկին ես տեսա նրան երկու մեծ դավադիրների վրանում: Ի՞նչ գործ ուներ Սուսանի և Հյուբբիի բարեկամը Կարոյի և ծերունի որսորդի թշնամիների մոտ. — այդ ես հասկանալ չէի կարողանում:

Այդ մտածողության մեջ ես անցա ուխտավորների բանակը: Հասնելով մեր վրանը տեսա այնտեղ բոլորը քնած էին. արթուն էր միայն Մարոն. նա դևի պես նստած վրանի մուտքի մոտ, սպասում էր ինձ:

Ո՞րտեղ կորար դու, — հարցրուց նա, երբ տեսավ ինձ:

Ես ոչինչ չպատասխանեցի, և տեսնելով, որ վրանի մեջ կանայք քնած են, ներս չմտա, այլ նստեցի դրսում կանաչ խոտերի վրա: Բայց իմ լռությունը ավելի շարժեց Մարոյի բարկությունը:

Շատ հարկավոր է, — ասաց նա ինքն իրան խոսելով, — չի էլ ուզում պատասխան տալ, կարծես ինձ համար կարմիր հարս է դարձել, սպասում է, որ ես դրան «բերանբացուկ»6 պետք է տամ:

Այս խոսքերը մի այնպիսի հեգնական եղանակով արտասանեց Մարոն, որ անկարելի էր չծիծաղել: Բայց ես մտածեցի ծանր երևացնել ինձ, այս պատճառով երեսս շուռ տվի, որ նա չտեսնե իմ ծիծաղը:

Մարոն նստած էր վրանի դռանը ներսի կողմից. ես նրանից փոքր-ինչ հեռու էի:

Եթե դու կգաս ինձ մոտ, այն ժամանակ քեզ հետ կխոսեմ, — ասացի ես:

Շատ հարկավոր չէ, — պատասխանեց նա արհամարհանոք: — Ի՜նչ մեծ տղա է դարձել, պետք է նրա սպասին գնալ, ո՜նց չէ:

Ես նկատեցի, որ Մարոն բարկացած էր իմ վրա, պետք էր գիտենալ պատճառը. դրա համար ես մոտեցա և նստեցի նրա մոտ:

Դու այսօր շատ ես խոսացել, — ասաց նա այժմ ավելի ծանր կերպով. — լավ է, որ գնաս քնես, գիտեմ, հոգնած կլինես:

Ի՞նչ գիտես, — հարցրի զարմանալով:

Ես գիտեմ...: Բայց դու լավ ընկեր չես, Ֆարհատ, ամո՜թ քեզ համար, — փոխեց նա իր խոսքը: — Քեզ հետ ժամադիր եղող աղջիկը այնքան շտապեց, որ թողեց «Կաթնաղբյուրի» մոտ իր սանդրը. բայց դու այնքան անշնորհք գտնվեցար, որ չկարողացար նկատել: Ա՛ռ, քեզ եմ տալիս, տար, առավոտյան իրան տո՛ւր, գլուխդ գովի՛ր, ասա՛, ես գտա, թող երեսդ սպիտակի:

Այժմ ես հասկացա, թե ինչու էր Մարոն բարկացել իմ վրա: Նա տվեց ինձ մի սանդր. դա Սոնայի սանդրն էր, որ մոռացմամբ թողել էր «Կաթնաղբյուրի» մոտ լողանալու ժամանակ: Բայց ո՞րտեղից էր ընկել Մարոյի ձեռքը:

Ո՞վ տվեց քեզ այդ սանդրը, — հարցրի ես:

Ես ինքս գտա այնտեղ:

Դու մեզ տեսա՞ր:

Կույր չէի: որ չտեսնեի:

Բայց մենք ինչո՞ւ չտեսանք քեզ:

Ես շատ անգամ դևի պես աչքի չեմ երևում, — պատասխանեց նա ծիծաղելով:

Մարոյի խորամանկությունները ես վաղուց գիտեի. այդ պատճառով իսկույն չկարողացա հավատալ նրան և ասեցի.

Դու սուտ ես խոսում, այս սանդրը ուրիշ կերպով հասել է քո ձեռքը:

Չե՞ս հավատում ինձ, — պատասխանեց նա պինդ ձայնով: — Կուզե՞ս բոլորը կպատմեմ. նա աղբյուրի մեջ լողանում էր. դու հեռվից ապուշի պես նայում էիր. հանկարծ անցավ ձորի միջով ճգնավորը. նա երգում էր մի տխուր մեղեդի: Հետո հայտնվեցան Սուսանը և Հյուբբին, իսկ դուք բարձրացաք բլուրի վրա, նստեցիք նշենիների թփերի մեջ: Թե կուզես, կպատմեմ դուք ինչ խոսեցիք:

Հիմա հավատում եմ:

Մարոն մտածության գնաց և րոպեական լռությունից հետո խոսեց.

Խե՜ղճ Սոնա, ո՛րքան անբախտ է նա... իմ սիրտը չդիմացավ, երբ նա այնպես ցավալի կերպով խոսում էր իր մոր մահվան մասին և իր եղբոր կորստյան մասին: Իմ սիրտը չդիմացավ, և ես թաքնված թփերի մեջ, լաց էի լինում, Ֆարհատ:

Վերջին խոսքերի միջոցին ես նկատեցի Մարոյի աչքերում արտասուք:

Դու հիմա էլ լաց ես լինում, — ասացի նրան:

Նա ոչինչ չպատասխանեց: Բայց հանկարծ մի կատաղի ցնցում փոխեց նրա հեզ, ցավակցական դեմքը, և նա խոսեց լի սպառնալիքով:

Ֆարհատ, աստված վկա, ես նրա հորը շան պես կսատկացնեմ, թո՛ղ նա տերտեր լինի, մեղքից չեմ վախենա, գիտեմ, որ նա սատանա է:

Բայց նա Սոնայի հայրն է:

Ղորդ է, ես Սոնային շատ եմ սիրում, նա լավ աղջիկ է, եթե ես մի քույր ունենայի, նրանից ավելի չէի սիրի, բայց իմ հորը ավելի եմ սիրում...

Մարոյի կատաղության պատճառը հայտնի էր. բայց նրա վրդովմունքը ինձ ծիծաղելի էր թվում, և ես փորձելու համար հարցրի.

Տերտերն ինչո՞վ է մեղավոր:

Դու կարծում ես, ես չլսեցի՞, — պատասխանեց նա. — ես բոլորը իմանում եմ, թե ո՛րպիսի խոր (հոր) է ուզում տերտերը վարել իմ հոր, Կարոյի և նրա ընկերների համար: Նրանք ի՞նչ են արել, ինչո՞վ են մեղավոր:

Ես աշխատեցի հանգստացնել կատաղած Մարոյին, որից ամեն բան սպասելի էր:

Չէ՛, Մարո, այդ լավ չէ, ինչ որ դու մտքիդ դրել ես: Ճշմարիտ է, քո հոր դեմ դավադրություն կա, բայց մենք պետք է խոհեմ լինենք, մենք պետք է շտապենք շուտով վերադառնալ տուն և բոլորը հայտնել քո հորը:

Շտապել պետք չէ, նա մի օրից հետո բոլորը կիմանա, — պատասխանեց Մարոն անփույթ կերպով: — Բայց ես իմ ուխտածը պետք է կատարեմ...

Այդ թող մնա՛ , ինչ որ դու ուխտել ես: Բայց դու ինձ այն ասա՛, թե քո հայրն ո՞րտեղից կարող է իմանալ:

Ես նրա մոտ մարդ ուղարկեցի:

Ե՞րբ, ո՞ւմը:

Մըհեն կես ժամ առաջ այստեղ էր. նա այս կողմով անցնելով, եկել էր սուրբ աստվածածինը համբուրելու: Նրան ասել էին, թե մենք ևս ուխտավորների թվումն ենք. տեսա՝ ուրախուրախ գալիս է: Ո՞րտեղից էր գալիս, նա ինձ չասաց, բայց շատ ուրախ էր: Ես պատմեցի նրան իմ լսածները հորս մասին: Նա բարկացավ, և էլ չսպասեց, որ գնա սուրբ աստվածածինը համբուրե, իսկույն վեր առավ իր ահագին լախտը և շտապեց հորս մոտ:

Բայց նա իմանո՞ւմ էր, հայրդ որտեղ է:

Իմանում էր: Ասաց. «էդ ի՞նչ սատանայական բան է, ես մի օրից հետո բոլորը կպատմեմ որսորդին»: Թեև հայրս այժմ Շատախի մեջն է գտնվում, որ այստեղից մի քանի օրվա ճանապարհով հեռու է, բայց ես գիտեմ, որ Մըհեն քամուց ավելի արագ է գնում, նա էգուց չէ` մյուս օրը հորս մոտ կլինի:

Մըհեն չէր ասել Մարոյին, թե ո՛րտեղից է գալիս, բայց ես գիտեի, թե ուր էր գնացել նա և որտեղից էր վերադառնում: Նա եկել էր իր արյունոտ շրթունքով աստվածածինը համբուրելու...: Զարմանալի՜ է, կրոնական զգացմունքը գտնվում է և ամենակատաղի եղեռնագործի մեջ...: Բայց մի՞թե կարելի էր նրան եղեռնագործ համարել...

Մարոյի կարգադրությունները թեև բավականին հանգստացրին ինձ, բայց ես դարձյալ պնդեցի, թե մեզ պետք է շտապել շուտով տուն վերադառնալու: Նա դարձյալ ընդդիմացավ ինձ:

Ես չեմ գնա, մինչև ասածս չկատարեմ, ես այս գիշեր պատրաստվել էի, բայց...

Հեռվից լսելի եղավ մի մեղմ երգեցողության ձայն, նույնիսկ եղանակով, որ ես լսել էի այսօր «Կաթնաղբյուրի» ձորում: Մարոն լսելով ձայնը, փոխեց իր խոսքը:

Այդ «ճգնավորն» է, որ երգում է, — ասաց նա, — ի՞նչպես լավ երգում է, լսի՛ր, Ֆարհատ:

Եվ իրավ, գիշերային լռության մեջ երգը հիանալի էր: Մարոն երկար ականջ դնելուց հետո, հարցրուց.

Դու գիտե՞ս նա ով է, Ֆարհատ:

Ես նրան չեմ ճանաչում, այսօր առաջին անգամ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, և նա երգում էր միևնույն այս երգը: Իսկ հետո երևցավ նա իմ քեռի Պետրոսի վրանում:

Ո՜րքան միամիտ ես, Ֆարհատ:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ դու չկարողացար ճանաչել քո վաղեմի ընկերին:

Ո՞վ էր նա:

Ասլանը:

Չեմ հավատում, դու ինձ վրա ծիծաղում ես, Մարո:

Վեր կա՛ց, գնանք, նա մեզ կանչում է. ես հասկանում եմ նրա երգի միտքը, գնանք, մի՛ ուշացիր. նրան մեկ էլ կտեսնես ու կհավատաս:

Թեև այս խոսքերը Մարոն արտասանեց խիստ պինդ համոզմունքով, այսուամենայնիվ ես չէի կարողանում հավատացնել ինձ, թե մի զառամյալ անապատական աբեղա կարող էր Ասլանը լինել: Բայց Մարոն հաստատեց իր խոսքը մի ուրիշ փաստով, որ շատ հավանական էր: Նա հիշեցրուց ինձ այն նկատողությունը, որ արել էր նա, երբ առաջին անգամ տեսավ պառավ կախարդին և փոքրիկ Հյուբբիին, որ նստած ժայռի վրա, ուխտավորների համար գուշակում էր: Նա այն ժամանակ ասաց. «Կարոն կամ նրա ընկերներից մեկը պետք է այստեղ լինի». և ավելացրեց, թե «այն պառավն իսկույն հայտնվում է այնտեղ, ուր նրանք լինում են»: Եվ ես այնօր միթե չէ՞ի տեսել միևնույնը, երբ «Կաթնաղբյուրի» ձորում ծպտյալ աբեղան միացավ պառավ կախարդի հետ և համբուրեց Հյուբբիին:

Իմ տարակույսը փարատված էր. ես հոժարվեցա գնալ և գտնել «ճգնավորին», բայց մտածում էի մեր վրանը անտեր և առանց տղամարդի չթողնել: Երբ այդ մասին հայտնեցի Մարոյին, նա պատասխանեց.

Սուրբ աստվածածինը իր ուխտավորներին կպահե, գնա՛ նք :

Ես չհամոզվեցա: ԲՆա խնդրեց ինձ փոքր-ինչ դրսում սպասել, իսկ ինքը մտավ վրանի ներսը: Մինչև նրա դուրս գալը, ես գտա վանքի գյուղացիներից մեկին, և նրան մի քանի ղուրուշ տալով, պատվիրեցի հսկել վրանին մինչև մեր վերադարձը:

Քանի րոպեից հետո դուրս եկավ Մարոն. ես հազիվ կարողացա ճանաչել նրան. նա փաթաթված էր մի լայն վանա աբայի (վերարկվի) մեջ և գլխին քրդի ձևով ապարոշ էր կապել:

Դա ո՞վ է, — հարցրուց նա, տեսնելով գյուղացուն:

Ես պատվիրեցի նրան հսկել վրանին մինչև մեր վերադարձը:

Խաթունը արթուն է: Լավ, գնանք :

Երբ փոքր-ինչ հեռացանք, նա ասաց.

Դու չես իմանում, Ֆարհատ, նա ինքը կգողանա: Այստեղ բոլորն էլ ավազակներ են:

Վանքի սպասավորն երկյուղած կլինի, — պատասխանեցի ես:

Չէ՛, այդպես չէ, ես իմ աչքով տեսա, ինչպես մի վարդապետ գողացավ և գրպանը դրեց իմ գցած գանձանակը : Նրանք մեզ խաբում են, Ֆարհատ, նրանք այն չեն, որպես դրսից երևում են... հայրս շատ է պատմել ինձ նրանց գործերի մասին...

Քո վերարկվի տակից զենքի ձայն է լսվում, Մարո:

Հայրս պատվիրել է ինձ, երբ գիշերով հեռու տեղ ես գնում, պետք է միշտ զենք ունենաս:

Ճանապարհին ես Մարոյից հարցրի, թե ո՞րպես նա կարողացավ ճանաչել ծպտյալ «ճգնավորին»:

Սկզբում ես չկարողացա ճանաչել, երբ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, — պատասխանեց նա: — Թշվառականը մի այնպիսի մորուք և ծամեր էր շինել, որ ինքը սատանան չէր կարող հնարել, երբ կամենում է ծերի կերպարանք ընդունել: Երեսը ներկել էր և պառավի գույն էր տվել, մինչև անգամ խորշումներ կային: Բայց աչքերը մնացել էին անփոփոխ: Ո՞վ չէ կարող ճանաչել Ասլանի գեղեցիկ աչքերը, եթե մի անգամ տեսել է նրան:

Բայց ո՞ր դևը բերեց քեզ այնտեղ, «Կաթնաղբյուրի» ձորում:

Մարոն բոլորովին անկեղծաբար խոստովանեց, թե նա հենց այնօր տիրամոր տաճարի մեջ նկատել էր, երբ Սոնան մոտեցավ և շշնջաց իմ ականջիս, նշանակելով տեսություն «Կաթնաղբյուրի» ձորում. թե այն շշունջը ծնուցել էր նրա սրտում կասկած և նախանձ... և ինքը չկարողացավ համբերել, եկավ այնտեղ...

Եվ քո կասկածանքը փարատվեցա՞վ, — հարցրի ես, երբ նա վերջացրուց իր խոսքը:

Դեռ ոչ բոլորովին...: Բայց ինձ համար միևնույն է...: Սոնան լավ աղջիկ է... ես սիրում եմ նրան... դու էլ պետք է սիրես...

Այս խոսքերը Մարոն արտասանեց կտրատելով, կարծես, նրա լեզուն այրում էին: Բայց նա մեղավոր չէր, նախանձը տիրում է բոլոր կենդանիների սրտին, որոնց մեջ զգացմունք կա:

Հեռվից այժմ ավելի պարզ լսելի եղավ «ճգնավորի» եոգի ձայնը :

Այս կողմով գնանք, — ասաց Մարոն, նրան կգտնենք այն լեռների մեջ:

ԼԹ

ԾԱԾԿԱՄԻՏ ԱՍԼԱՆԸ ԲԱՅՎՈՒՄ Է

Մենք գտանք «ճգնավորին» վանքից բավականին հեռու, լեռների մեջ, որ մոտ էին ծովեզրին: Նա նստած էր մի քարանձավի մեջ, որի մուտքը նայում էր դեպի Լիմ անապատը: Լուսավորված լուսնի արծաթափայլ շողքերով, այդ փոքրիկ կղզին երևում էր ծովակի մեջ մի մռայլ բծի նման: Քարանձավը, որի մեջ գտանք «ճգնավորին», մի հին միայնակյացի բնակարան էր, որի հատակի վրա դեռ մնացած փոսիկների մասին տակավին կային կենդանի ավանդություններ, թե նրանք առաջ էին եկել իր անձը աստծուն նվիրած մարդու ստեպ ծնրադրությունից: Այնտեղ ճրագ չկար, բայց մի անկյունում վառվում Էին մի քանի կտոր փայտեր, ոչ թե տաքացնելու համար, այլ լույսի համար:

Մի կողմում խորին քնի մեջ պառկած էր պառավ կախարդը: «Ճգնավորն» արթուն էր. նա իր փառահեղ մորուքով նստած, մտածում էր: Նրա ծնկների վրա գլուխը դրած, ննջել էր փոքրիկ Հյուբբին: — Հրաշալի՜ մի տեսարան էր այդ:

Երբ մենք ներս մտանք, «ճգնավորը» խիստ զգուշությամբ փոքրիկ վհուկի գլուխը դրեց իր վերարկվի վրա, որ նրա անուշ քունը չխանգարե, և վեր կացավ: Նա գրկեց առաջ ինձ և համբուրեց, հետո գրկեց և Մարոյին: Մարոն չընդդիմացավ նրան, որովհետև և մի աղջիկ չէր կարող մերժել այն անմեղ շրթունքը, որ այնպես եղբայրաբար մերձեցան սիրելի օրիորդի շրթունքին:

Այնուհետև «ճգնավորը» ոտքից մինչև գլուխ զննելով ծպտյալ և զինվորված Մարոյին, ասաց.

Ահա այդպես լավ է. այդ սիրում եմ ես:

Մենք նստեցինք:

Այժմ ես կխլեմ իմ դիմակը, — ասաց նա, — բարեկամներիս մոտ պետք չէ ինձ թաքնված մնալ:

Նա առեց իր կեղծամը, մորուքը և մեր առջև ներկայացավ Ասլանը իր բնական կերպարանքով:

Ես մի քանի խոսքերով հայտնեցի մեր գալու նպատակը. այնուհետև պատմեցի այն բոլորը, ինչ որ լսել էի Սոնայից «Կաթնաղբյուր» ձորում, այլև հաղորդեցի նրան` ինչ որ ասել էին ինձ քեռի Պետրոսը և տերտերն իրանց վրանում: Այնուհետև ավելացրի, թե որպիսի դավադրություն է պատրաստվում ծերունի որսորդի և նրա բարեկամների դեմ: Իսկ Մարոն իր կողմից հայտնեց իր արած կարգադրությունները, թե Մըհեի ձեռքով նա արդեն բոլորը իմացում տված է իր հորը:

Շնորհակալ եմ ձեր հոգածության մասին, — ասաց նա տխուր կերպով: — Բայց այդ բոլորը ես արդեն գիտեի: Իմ աբեղայական կերպարանքը առիթ տվեց ինձ մտնել դավադիրների ժողովների մեջ որպես խորհրդակից: Բայց նրանց ճիգը անզոր է...

Որպես երևում էր, Ասլանը շատ տխուր էր, և մեր այցելությունն այնքան հաճելի չէր նրան: Գուցե նա չէր ցանկանում, որ իր կերպարանափոխությունը մերկացվեր մեր մոտ, գուցե նա մեզ այնքան անփորձ էր համարում, որ չէր կարող հավատալ մեզ իր գաղտնիքները, որ նա պետք է ծառայեցներ մեզ բոլորովին անհայտ նպատակների:

Առժամանակ մտածելուց հետո, նա խոսեց.

Ես չեմ զարմանում գործերի այսպես լինելու մասին, այլ ցավում եմ, որովհետև ամեն ժամանակ, երբ հայի համար որևիցե դավաճանություն է պատրաստվում, նրա մեջ խառն է լինում դարձյալ նույնիսկ հայի մատնիչ ձեռքը: Դա մի պատմական եղեռնագործություն է, որ սկսյալ ամենահին դարերից, խիստ հաճախ կրկնվել է մեր ազգի կյանքում: Դա հայի վա՜տ հատկություններից մեկն է...

Ես առաջին անգամ տեսնում էի Ասլանին երկար խոսելիս. նա առհասարակ լուռ և ծածկամիտ երիտասարդ էր: Բայց նրա խոսելու ձևը շատ տարբեր էր Կարոյից: Կարոն ժողովրդի որդի էր. նրա խոսքերն անտաշ էին և պարզ, բայց նրանց մեջ ուժ և զորություն կար, նրանք ազդում էին ավելի մարդու սրտի վրա: Ասլանը ժողովրդի կրթված որդին էր, նրա խոսքերը կոկված էին և գեղեցիկ, ազդում էին ավելի մարդու մտքի վրա:

Նա շարունակեց.

Թե ի՞նչ հետևանք կունենա մեր ձեռնարկությունը, մենք այժմեն նախագուշակել չենք կարող, միայն վստահ ենք նրա հաջողության մեջ, որովհետև մենք հետևում ենք բնության ընդհանուր օրենքներին : Թե բնության մեջ և թե մարդկային կյանքում ոչինչ բան առանց պատճառի չէ կատարվում: Մենք տեսնում ենք, ամեն մի ճնշված և սահմանափակված զորություն որքան ավելի սեղմվում է, այնքան ավելի զարգանում է նրա մեջ ընդդիմահարության ուժը: Այնուհետև նա պիտի պայթի, նա պիտի խորտակե իրան սահմանափակող պատվարը և իր բնական ազատ ծավալականությանը պիտի հետևի: ժողովուրդը, ամբոխը նույնպես մի զորություն է: Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին: Նա վերջապես պիտի խլրտի, պիտի խորտակե իր շղթաները և պիտի թոթափե բռնակալի լուծը: Րոպեն հասել է... այս դրության մեջն է այժմ մեր ժողովուրդը:

Քեռի պետրոսները, տեր թոդիկները, — շարունակեց նա, — ժողովրդի անհարազատ որդիքն են. նրանք կտրված են ընդհանրությունից, որովհետև իրանց եսական շահերին են ծառայում: Նրանց թիվը փոքր չէ, և ավելի ցավալին այն է, որ նրանք ժողովրդի առաջնորդող մասն են կազմում: Ահա այստեղ է մեր դժբախտությունը:

Ի՞նչ առանձին շահեր պետք է ունենան, — հարցրի ես:

Քեռի Պետրոսը մի երևելի քուրդ իշխանի տան «շահբանդան» է. նա մատակարարում է բոլոր պիտույքները, ինչ որ կհարկավորվի նրա տունը: Նա այնպիսի ընդարձակ իրավունքներ ունի իշխանի տնտեսության մեջ, որ առանց նրա հաճությունը ստանալու, առանց նրանից հարցնելու, կատարում է բոլոր խնդիրները, բոլոր ապսպրանքները` ինչ որ տանեցիք պահանջում են իրանից: Սկսած ուտելեղեններից, հագուստից, մինչև ամենամանր բաները նա է տալիս: Վաճառականությունից անտեղյակ քրդի հետ ցանկալի է այսպիսի առևտուր ունենալ: «Շահբանդան» ինքն է գնահատում, ինքն է գրում իր տետրակների մեջ իր տվածը, և տարեգլխին հայտնում է մի ահագին գումարի պահանջ : Միամիտ քուրդն ընդունում է, բայց նա փող չունի, որ պարտքը հատուցանե, բացի դրանից, նա զուտ արծաթով պարտք վճարելու սովորություն չունի: Նա իր ստացած նյութը փոխարինում է ուրիշ նյութով: Այս վերջինը նա ունի: Բավական է միայն, որ իշխանը բարեհաճեր մի արշավանք գործել դեպի երկրի որևիցե կողմը, և ահա նա վերադառնում է ոչխարների, ձիերի, կովերի, գորգերի ու կապերտների ահագին ավարով: Մի մարդ պետք է, մի վաճառականության գլուխ ունեցող մարդ, որ այս մթերքը տանե և մի հեռու երկրում արծաթի հետ փոխե: Եվ ահա քեռի Պետրոսը պատրաստ է. նա ամեն տեղ ունե իր գործակալները գողացած ապրանքը «սաղացնելու» համար: Նա իշխանից արծաթի պահանջ ունի և փոխարենը ստանում է այդ ավարը: Իսկ գողացած ապրանքը միշտ էժան է լինում...

Քեռի պետրոսները, — շարունակեց նա, — մի տեսակ ավազակներ են, միայն վաճառականի կերպարանքով: Ամեն մի քուրդ իշխան ունի դրանցից մի-մի հատ: Քեռի պետրոսներին ցանկալի է, որ իրանց իշխանը միշտ հաստատուն մնար իր անսահման իշխանության մեջ, թեև նրանք գիտեն, որ իրանց ստացած մթերքը հափշտակված է հազարավոր թշվառ հայերից: Բայց փույթ չէ նրանց հայի արտասուքը, բավական է, որ իրանք շահվում են...

Ասլանը խոսում էր մեղմ և անվրդով կերպով, որպես թե շատ հասարակ առարկայի վրա լիներ նրա խոսքը: Բայց նա խոսում էր առանց լռելու, որովհետև նրա սիրտը լցված էր: Այդ ժամանակ ես չէի կարողանում առանց սարսափելու նայել Մարոյի երեսին. նրա շրթունքները դողում էին, գույնը ստեպ ստեպ փոփոխվում էր, և երեսի բոլոր արտասանության մեջ երևում էր խիստ կատաղի բարկությունը:

Պետք է ոչնչացնել այս բոլոր քեռի պետրոսներին, — ասաց նա երկար լռությունից հետո:

Դա մի առանձին օգուտ չի բերի, — պատասխանեց Ասլանը իր սովորական սառնությամբ: — Ոչնչացնելով մի հասարակության միջից ավազակներին, մենք դրանով ավազակությունը ոչնչացրած չենք լինի: Դա ասիական կոշտ միջոց է չարությունը բառնալու համար: Մարդկային կյանքի մեջ ոչ մի երևույթ` առանց նույն հասարակությանը հատուկ պատճառների` երևան չէ գալիս: Վեր առնենք մի ավազակ, մի մարդասպան, մի ստրուկ և քննենք նրանց կյանքի պատմությունը, կտեսնենք, որ նրանց կյանքն այնպիսի պայմանների մեջ է դրված եղել, որ ավազակը պետք է ավազակ լիներ, մարդասպանը` մարդասպան և ստրուկը` ստրուկ: Փոխի՛ր իրանց կյանքի պայմանները, և դու կտեսնես, որ նրանք օրինավոր մարդիկ կդառնան: Եվ այսպես, մենք միայն պիտի ցավենք, որ մեր մեջ հայտնվում են անպիտան մարդիկ, բայց դատապարտել նրանց չենք կարող, որովհետև մեր հասարակությունը իր փտած կազմակերպությամբ ինքն է ծնել այն մարդիկներին: Եվ եթե մենք ցանկանում ենք, որ չարագործությունը բառնանք, պետք է աշխատենք նախ ուղղել հասարակության վատ կազմակերպությունը, և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն:

Ես ձեր ասածները չեմ հասկանում, — պատասխանեց Մարոն, — թե ինչու մարդիկ այսպես կամ այնպես են լինում: Ես գիտեմ միայն, որ պետք է օձի գլուխը ջարդել, երբ տեսնում ես, որ նա պատրաստվել է քեզ խայթելու: Ես երդվել եմ սատկեցնել քեռի Պետրոսին նրա համար, որ նա իմ հոր թշնամին է, և այս դիտավորությունը արդեն հայտնել էի Ֆարհատին:

Քո նպատակը շատ մասնավոր է, — ասաց Ասլանը, — սրանով շատ չես օգնի «ընդհանուր գործին»: Եթե այստեղ լիներ մեր ընկեր Կարոն, նա գուցե կհամաձայնվեր քեզ հետ, բայց ես համարում եմ այդ մանուկ սրտի բորբոքում և ավելի ոչինչ:

Առժամանակյա մտածությունից հետո նա դարձյալ խոսեց.

Եթե օձը մի հատ լիներ, որպես դու ասացիր, պետք էր նրա գլուխը ջարդել, այսպիսով մենք ազատված կլինեինք գոնե մի չարագործից, բայց դժբախտաբար նրանց թիվը շատ է: Ես եղել եմ Ասիական Տաճկաստանում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, մի խոսքով ամեն տեղ, ուր կան հայեր: Ես բավականաչափ ուսումնասիրած եմ մեր ազգի թե ներկա և թե անցյալ կյանքը: Ես տեսել եմ, որ սկսած ամենաստոր քուրդ իշխանի դռնից, սկսած նահանգական կուսակալ փաշաների դռնից, մինչև վեզիրների դռները, մինչև սուլթանի բարձրագույն դուռը, բոլորը բռնված են քեռի պետրոսներով: Եվ որքան մեծ անձի մոտ է նրանց ծառայությունը, այնքան մեծ է և նրանց վնասակարությունը: Նրանք բոլորն էլ շատ նման են միմյանց. բոլորն էլ ավազակներ են. զանազանությունը միայն գողության տեսակի մեջն է:

Բայց գողը այնքան վնասակար չէ, երբ մեկի ոչխարը, մյուսի ավանակը գողանում է. իմ ասածները այնպիսի գողեր են, որ նրանց վնասը հասնում է մեր ամբողջ ժողովրդին: Նրանք խիստ հարմար գործիքներ են մեր բռնակալների ձեռքում: Նրանք ճնշում են, ոչնչացնում են ամեն զորություն, որ գործ է դրվում թշվառ ստրուկին հանգստություն պարգևելու համար: Եվ այդ գողերը, այդ ավազակները, որպես ասեցի, մեր հասարակության առաջնորդող անձինքն են...

Թողնենք մանր քեռի պետրոսներին, անցնենք դեպի խոշորները: Սուլթանի դռան համարյա ամբողջ տնտեսական և գանձային կառավարությունը հայ սառաֆների ձեռքումն է: Նրանք կրում են ավելի բարձր տիտղոսներ, — կոչվում են ամիրաններ: Տեսեք ի՛նչ է ամիրա սեղանավորի (սառաֆի) պաշտոնը. կառավարությունը տալիս է գավառների հարկահանությունը` միևնույն ժամանակ նրանց դատավորությունը փաշաներին կապալով: Բայց նա փաշայի վրա վստահություն չունի, թե նա իր ժամանակին կներկայացնե նշանակած տուրքը: Փաշան պետք է մի երաշխավոր տա: Ամիրա սեղանավորը միշտ պատրաստ է այս երաշխավորությունը իր վրա ընդունելու, որովհետև նրա մեջ մեծ շահեր ունի, որովհետև փաշայի կապալառության վաստակի մի մասն էլ ինքն պիտի վայելե: Բայց որտեղի՞ց է գոյանում վաստակը: — Բյուրավոր թշվառ հարստահարվածների քրտինքից: Փաշան սարսափելի անգթություններով հավաքում է իրան հանձնված վիճակից տերության հարկը և ուղարկում է երաշխավոր սեղանավորին, իսկ սեղանավորն իր կողմից պետք է արծաթը ներկայացնե տերության գանձարանը: Բայց նա զուտ արծաթ չէ տալիս, այլ փողի փոխարեն ետ է դարձնում գանձարանին թղթեր (փուսուլաներ), որոնց ինքը նույնպես փողի տեղ ընդունել էր գանձարանից: Այսպիսով նա «սաղացնում է» իր ձեռքի թղթերը:

Բայց ո՞րտեղից ընկան նրա ձեռքը այդ թղթերը, — հարցրի ես, լավ չհասկանալով Ասլանի վերջին խոսքերը:

Սեղանավոր ամիրան, — պատասխանեց նա, — զանազան առևտրական հարաբերություններ ունի բարձրագույն դռան հետ. կամ նա ընդունել է զորքը կերակրելու և հագուստ մատակարարելու պարտավորությունը և կամ նա իր ձեռքում ունի, օրինակ, հարեմի տնտեսությունը: Աշխարհի ամենապատվական գոհարներով զարդարում է նա սուլթանի բազմաթիվ կնիկներին, և աշխարհի ամենաթանկագին փարչաները մատակարարում է նրանց հագուստի և պաճուճանքի համար: Այս բոլորի փոխարեն նա չէ ստանում, որպես ասում են «նաղդ փող» — նրան տալիս են թղթեր միայն: Ահա նույն թղթերն է, որ նա կրկին ետ է դարձնում գանձարանին իր երաշխավորության պարտավորությունը կատարելու ժամանակ:

Հիմա դուք տեսա՞ք, — շարունակեց նա, — որ ամիրա սեղանավորը, բարձրագույն դռան տնտեսը, զորքի և հարկերի կապալառուն նույնպիսի ավազակներ են, որպես քուրդ իշխանի «շահբանդան» — որպես քեռի Պետրոսը: Բայց նույն «ամիրաներն» են մեր «ազգապետները», նրանք են դարձնում մեր ազգի կառավարության սանձը դեպի ամեն կողմ, որ կողմը որ իրենց հաճելի է...: Այժմ ի՞նչ հույս կարող ենք ունենալ նրանցից, — մեր արյունը ծծողներից, մեր աշխատության վաստակը մեր ձեռքից խլողներից...: Նրանց համար միշտ ձեռնտու է մի անկարգ և բռնակալ կառավարություն, որի պղտորության մեջ կարողանում են որսալ իրանց շահերը: Հայի արտասուքը և թափած արյունը նրանց չէ ազդում. նրանք իրանց քսակը հարստացնելու համար են միայն մտածում...

Եվ այսպես, մեր ժողովրդի դրամատերերը, այսինքն` այն անձինքը, որոնց ձեռքում կա նյութական կարողություն, փոխանակ օգնելու, որ մշակը և գյուղացին հաց և հանգստություն ունենան. ավելի իրանք են մաշում նրանց կենսական զորությունը, ավելի իրանք են ամրացնում նրանց ստրկության շղթաները: Թեև նրանց գործողությունները կատարվում են անուղղակի կերպով, բայց միևնույն է` լինել ավազակ, կամ ավազակի ձեռքում գործիք: Բայց ազգը, միամիտ և տգետ ազգը պարծենում է իր «ամիրաների» փառքով, խոնարհվում է նրանց առջև, և խորին հարգությամբ մատուցանում է իր խոնարհ երկրպագությունը...

Բայց ի՞նչպես է լինում, որ այսպիսի վատ մարդիկ մեծամեծ պաշտոնների են հասնում, — հարցրի ես:

— «Հայը հավատարիմ է, ասում է թուրքը, նա լավ ծառայել գիտե»... Այո՛, հավատարիմ է նա և նրա հավատարմությունը հնար է տալիս վայելել կառավարության վստահությունը: Բայց հավատարմություն բառը բռնակալի լեզվում ունի բոլորովին այլ նշանակություն, — նույնիսկ նշանակությունը, որպես ավազակապետը իր ձեռքի տակ եղող սրիկաներին իր հավատարիմ պաշտոնյաներ է կոչում:

Հայ դրամատերերի այս տեսակ «հավատարմությունը» մի կողմից առիթ տվեց նրանց իրանց գործունեությունը նվիրել կառավարության պիտույքներին, մյուս կողմից, զրկեց նրանց մի ավելի հաստատուն և ընդարձակ ասպարեզից, այն է` արդար և խղճմտանքով վաճառականությունը: — Այս ասպարեզը մնաց հույներին: — «Հույնը անհավատարիմ է», ասում է թուրքը, և նրա վրա վստահություն չունի, նրան գործ չէ հանձնում: Դա իրավ է: Որովհետև հույնը այնքան մեծամիտ է, որ նա չէր կարող հայի պես իրան այնքան ստորացնել, որ կարող լիներ հաշտվել իր ատելի թշնամու հետ, — իր երկիրը տիրողի և իր ազգակիցներին ստրկացնողի հետ: Այս պատճառով հույն դրամատերերը չուզեցին ամիրաներ, սառաֆներ և տերության կապալառուներ դառնալ. նրանք ձեռք առին ազատ վաճառականությունը, սկսեցին երկրի արդյունաբերությունը դուրս հանել և դրսից ներս բերել: Եվ ահա այսօրվա օրում Տաճկաստանի ընդարձակ վաճառականությունը նրանց ձեռքումն է:

Բայց հայերը բոլորովին զուրկ չեն վաճառականությունից, — կտրեցի ես Ասլանի խոսքը:

Այն քո տեսածը վաճառականություն չէ, — պատասխանեց նա, — այն մի տեսակ վաշխառություն է, որով պարապվում են հրեաները: Վեր առնենք, օրինակ, Վանա նահանգը, որը ձեզ փոքր ի շատե ծանոթ է, քննելով այստեղի վաճառականների գործունեությունը, դուք կտեսնեք միևնույնը, ինչ որ անում են մայրաքաղաքներում մեր խոշոր դրամատերերը: Զանազանությունը միայն նրանումն է, որ դրանք մանր հարստահարողներ են, այլ խոսքով, փոքրիկ ավազակներ են, իսկ նրանքմեծ: Մեր գյուղացիները միշտ փողի կարոտություն ունեն հարկեր վճարելու համար և այլ կենսական պահանջների համար: Փողը նրանք ստանում են վաճառականից, իհարկե, ծանր տոկոսներ վճարելով: Գյուղացիները նույնպես պարտքով գնում են վաճառականից իրանց տան, հագուստի և այլ հարկավորությանց վերաբերյալ իրեղենները: Գալիս է պարտքը վճարելու ժամանակը. գյուղացին փող չունի որ տա, վաճառականը հափշտակում է նրա բոլոր երկրագործական արդյունքը կես գնով: Այսպիսի ավազակները կցանկանա՞ն, որ գյուղացու վիճակը բարվոքվի, կցանկանա՞ն, որ նա փողի կարոտություն չունենա: Ավելացնենք դրա վրա քրդի, թուրքի, տերության հարկահանների հարստահարությունները. — խե՜ղճ գյուղացին ինչո՞վ կարող է այս բոլորին բավականություն տալ: Նրա երկրագործությունը դեռ իր նահապետական ձևի մեջն է, ավելի արդյունք չէ տալիս: Նա արհեստ չգիտե, որ իր ձեռքի արդյունաբերությունը մշակված կերպով վաճառահանե դեպի օտար երկրներ: Այլևս ինչո՞վ կարող է նա իր ընտանիքը պահել, երբ իր աշխատության այն փոքրիկ վաստակն ևս ձեռքիցը խլում են: Ահա այստեղից է ծագում այն տխուր երևույթը, որ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա իր ապրուստը ճարելու հնարներ չունի: Նրա աշխատության արդյունքը նրա ձեռքից խլում են. նա մնում է միշտ աղքատ և միշտ առանց հացի, և այդ պատճառով ստիպված է թողնել հայրենի հողը և օտար երկրներում բախտ որոնել: Եվ քանի՜ հազար թշվառ ընտանիքներ այժմ մնացել են առանց տղամարդների. միայն Կոստանդնուպոլսում այժմ 40 հազար հայ պանդուխտներ կան, և նրանց մեծ մասը վանեցիներ են: Ի՞նչ անե խեղճ գյուղացին, որ չգաղթե: Թողյալ այն, որ նրան կողոպտում է թուրքը, քուրդը և տերության պաշտոնյան, — նույնիսկ իր արյունակիցը, իր կրոնակից հայը նրա կյանքի զորությունը ծծում է, նրան խեղճության և թշվառության մեջ է գցում: Տաճկաստանի բոլոր քաղաքները լցված են հայ մշակներով կամ հայ համալներով. — բայց դրանք մեր երկրի գլխավոր ուժերն են, որ մաշվում են և ոչնչանում են պանդխտության մեջ:

Հաջորդ էջ