Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.

Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. — «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»... Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ... խա՜... խա՜... խա՜... — Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի...

Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.

Խմի՛ր:

Այսքանը չեմ կարող խմել, — պատասխանեցի ես հրաժարվելով:

Խմի՛ր, կսովորես... — ասաց նա ժպտելով:

Ես դարձյալ հրաժարվեցա:

Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի. — մեջ մտավ Սագոն, — բայց հիմա՞...

Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են... — վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր:

Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը. այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի:

Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր:

Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ: Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի, — ես չկարողացա գիտենալ. միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը: Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն:

Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ: Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով:

Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով: Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության: Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր: Սագոն չէր դադարում անընդհատ շատա-խոսելուց. նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել: Կարոն հանդարտ էր, որպես միշտ. բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշոր գծագրություն էր ստացել, ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից: Երկու երիտասարդները, կարծես, չէին խոսում, այլ արձակում էին մի տեսակ վայրենի հնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին: Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեն:

Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ի՞նչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը հաղթեց բոլորին: Այժմ խոսակցությունը սկսեց մեղմանալ և կրկին բոլորը հանգստացան: Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա: Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով...

Թ

ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:

Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, — ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունըհմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:

Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:

Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:

Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:

Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:

Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:

Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»... Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից...

Մի անգամ Կարոն ասաց մեզ.

Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:

Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:

Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք:

Ինչո՞վ, — հարցրեց մեկը:

Առաջ մեր մուշտիներով, — ասաց Կարոն, — իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով:

Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք` ես, Ասլանը և Սագոն:

Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի: Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով: Այսպես սկսեցինք առաջ գնալ: Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ «հիմարությունը»...

Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը: — Դա կռվի հրավերքն էր:

Տղերք, — ասաց Կարոն, — չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք...

Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:

Թողեք, որ անցնենք, — ասաց Կարոն:

Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, — ասաց նրանցից մեկը:

Ոչինչ չեք ստանա, — պատասխանեց Կարոն:

Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները...

Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:

Սպանեցե՛ք... — ձայն տվեցին միմյանց:

Սկսեցե՛ք... — ասաց մեզ Կարոն:

Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտվածձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես... Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. — ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:

Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել:

Դուք էլ քարերով... — ձայն տվեց Կարոն:

Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:

Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է:

Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»: Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը: Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցի կռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ.

«Գետինը մտնես... գրողը տանե քեզ... չար սատանա... պատանդ կարեմ... անիծված... նաշդ տեսնեմ»... և այլ այսպիսի խոսքեր:

Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի: Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից: Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան: Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել... Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար... մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը...

Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար: Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել: Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբ խումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել:

Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ, և համարյա բոլորին պաշտելի դարձավ: Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև:

Տեսա՞ք, — ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո. — «շանը մինչև չծեծես, չի բարեկամանա»...

Այդ բոլորը «անկարգությունների խմորը» (տեր Թոդիկի լեզվով) Կարոն էր: Վարժապետը վաղուց արտաքսած կլիներ այդ խռովարարին իր հիմնարկությունից, եթե մի քանի պատճառներ արգել չլինեին: Որպես վերևում ասեցի, Կարոյի տատը հմուտ էր ժողովրդական բժշկության մեջ. իր արհեստով նա վայելում էր քաղաքի ոչ միայն հայ հասարակության հարգանքը, այլև մահմեդականների մեջ մեծ պատիվ ուներ: Նրա պատվի համար Կարոյին ներում էին: Բացի դրանից, Զումրուդը իր բժշկական հնարներով ոչ սակավ օգնում էր միշտ հիվանդ տերտերակնոջը և ամենևին վարձատրություն չէր պահանջում:

Մի դեպքի պատճառով ինքը Կարոն հեռացավ տեր Թոդիկի դպրոցից:

Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆա-Թաթոս: Այդ Գոլիաթը կլիներ երեսուն տարեկան, այսինքն` հասակովը տասն և հինգ տարի մեծ Կարոյից: Նա վախենում էր կարիճից, վախենում էր ամեն տեսակ պողոճներից և մինչև անգամ ճանճերից: Միակ արարածները, որոնցից չէր վախենում Խալֆա-Թաթոսը, էին աշակերտները: Երեխայությունից այդ տիտանը ձրի ծառայում էր, սպասավորություն էր անում տեր Թոդիկի մոտ, որպեսզի նրա շնորքից, նրա գիտությունից մի մասն ստանա, որ ինքն էլ կարողանա քահանայական փիլոնը գցել ուսին և վարժապետական աստիճանին արժանանալ: Բայց խղճալին իր կյանքում մի անգամ միայն կարողացել էր եկեղեցում «Լույս զվարթ» երգել և այն օրից միշտ պարծանքով էր հիշում այդ փառքը: Աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն», այն պատճառով, որ ամեն օր, ճաշից հետո, յուրաքանչյուր աշակերտի սեղանից ավելցած փշրանքը Խալֆա-Թաթոսի կերակուրն էր: Բայց այնքան բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականանում կշտացնելու շատակեր Խալֆայի անհագ որկորը, որ պատմական Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել: Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճ աշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր, կամ իզուր չպատժեր նրանց:

Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից: Կարոն սաստիկ ատում էր նրան. օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին: Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ: Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց...

Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու. այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը: Մենք քարե արձանների նման նստած էինք: Խալֆան երկար ճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում: Տիրում էր գերեզմանական լռություն. ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում: Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.

Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա:

Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը:

Չոքի՛ր, — գոռաց խալֆան, ցույց տալով անկյունը:

Ես պատրաստվեցա կատարել հրամանը:

Դու չե՜ս չոքի, Ֆարհատ, — ասաց Կարոն:

Ինչո՛ւ, — հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով:

Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի, — պատասխանեց Կարոն:

Ուրեմն, երկուսդ չոքեցեք, — ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով:

Ոչ ես կչոքեմ, ոչ` նա, — պատասխանեց Կարոն վրդովված ձայնով:

Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով. — դրանք նրա կատաղության նշաններն էին: Չգիտեմ, վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանի պտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին... Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ...Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա Կարոն ասաց.

Տե՛ս, ես այստեղ կչոքեմ...

Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց:

Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ...

Ժ

ԶԵՆՔԵՐ

Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական կյանք: Շատերը նրան համարում էին ցնորված: Լինում էր, շատ անգամ Կարոյի տատը, բոլորովին հուսահատ, բոլորովին շվարած, մութ գիշերային պահուն, գալիս էր ինձ մոտ. — «Ֆարհատ, էլի չէ երևում նա»... ասում էր խեղճ պառավը և թափում էր աչքերից ջերմ արտասուքը:

Ես գնում էի որոնելու նրան: Ո՞րտեղ ասես չէի պտռում, և գտնում էի շատ անգամ պառկած բարձր, սարսափելի քարաժայռի վրա, և կամ լուռ մտախոհության մեջ, նստած հեղեղատի ափի մոտ, հափշտակված էր լինում, աստված գիտե, ո՛րպիսի ցնորքներով...

Ի՞նչ էր նրա դարդը, ի՞նչ էր, որ դուրս էր հալածում անբախտ պատանուն մարդկային բնակությունից: — Ես չգիտեի, միայն նկատում էի, որ նա տանջվում էր ներքին, հոգեկան անհանգստությամբ, և կարծես, իր վշտերը մոռացության տալու համար փախչում էր դեպի սարերը, դաշտերը, անտառները, — առանձնություն և ամայություն էր որոնում:

Ես նրանից չէի հարցնում պատճառը, որովհետև գիտեի նրա բնավորությունը, մի բան որ նա ինքը հայտնել չէր ուզում, եթե հարցնեիր, իսկույն կսկսեր բարկանալ: Ես հարցրի Ասլանից: Նա Ասլանին ինձանից ավելի խելացի էր համարում և շատ բաների մեջ նրա հետ խորհուրդ էր անում: Բայց Ասլանի հաղորդած տեղեկությունները այնքան մթին էին, որ կարոտ էին առանձին բացատրության:

Ես էլ չգիտեմ, — ասաց Ասլանը, — թե ինչ սատանա է մտել նրա սրտի մեջ. սիրահարված լինել նա չէր կարող, որովհետև այդ հասակում սերը ջահիլ տղին չէ գժվացնում:

Հետո նա պատմեց, թե սուրբ Հովհաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այն օրից) Կարոն էլ ուխտավորների թվումն էր: Այնտեղ հավաքվել էին Սալմաստա ամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս: Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր: Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրանց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ: Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց. ըմբիշների մեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր. մուշտեկռիվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից. վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազ էր, մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ: Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսորդ Ավոյի ուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ ճաշ ուտելու: Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ, կասկածավոր մարդիկ: Կարոն նրանց մեջ չափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս: Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին սուրբ Հովհաննես ուխտ էին գնացած: — Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը և ավելացրեց.

Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ:

Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ, — հարցրի ես:

Դպրոցը թողնելուց հետո, — պատասխանեց Ասլանը, — և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին:

Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ի՛նչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել: Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունից ճանաչում էի նրան. նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ: Նրանից անկարելի էր մի բան հասկանալ: Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքին չար ճանապարհի վրա չէր տանի:

Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը, երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի: Որսորդը տալիս էր մեզ վառոդ, որպես երեխաներ, խաղ անելու համար. մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ. այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ: Երբեմն իր հրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել: — «Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզ հարկավոր կլինի հրացանը»... Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի:

Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները. վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ: Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինված հրացան զենքեր. ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից: Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմ թվանքի խողովակն արդեն պատրաստ էր. հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով: Մինչև այսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա հրացանը երբ պայթեց, նա թողեց երեսիս վրա այդ նշանը: Մայրս սաստիկ բարկացավ, երբ պատահեց ինձ այդ վերքը: — «Գրո՜ղը տանե քեզ, — ասաց նա, — դու վերջը վառոդով պիտի մեռնես»... և արգելեց զենքերի հետ խաղալ: Այդ պատճառով, երբ իմ քեռի Մինասը ընծայեց ինձ մի փոքրիկ հրացան, ես մորս երկյուղից մեր տունը չբերեցի, այլ ծածուկ պահում էի Կարոյենց տանը, և գնում էի այնտեղ, միասին բանեցնում էինք:

Ես չեմ կարող ճշտությամբ բացատրել, արդյոք ինչի՞ց էր, որ ես սիրում էի զենքեր. արդյոք նրա համար, որ քեռիներիս արհեստանոցում միշտ զենքեր էի տեսնում. արդյոք նրա համար, որ որսորդը միշտ հրապուրում էր ինձ իր վառոդով և հրացանով, թե նրա համար, որ իմ ընկեր Կարոն նույնպես սիրում էր զենքեր: — Ոչ այս և ոչ մյուսը, այլ ես կարծում եմ, որ ամեն երեխայի բնության մեջ կա այդ սերը, նախքան մարդ լինելը նա ձգտում է զինվոր լինել. և եթե վերջը հանգչում է նրա մեջ այդ զգացմունքը, դրա պատճառն է կյանքը և տարապայման կրթությունը...

Երբ վարժապետս աոաջին անգամ տվեց իմ ձեռքը փետուրե գրիչը իմ մեջ ծագեց մի ծիծաղելի միտք . — « Ի՞նչ լավ կլիներ, որ այդ գրիչը փոքր-ինչ հաստ ու պինդ լիներ, ես նրանից հրացան կշինեի, կոթ էլ չէր ուզենա»... Իմ մտածությունը թեև երեխայական էր, բայց համեմատությանը սխալ չէր, որովհետև փետուրե գրիչն էլ հրացանի խողովակի ձև ունի: Իսկ փայտից խենջար, թուր, սուր, աղեղն, նետ, նիզակ և այլ զենքեր շինելու մեջ ես կատարյալ վարպետ էի. այդ էր պատճառը, որ որսորդն աշխատում էր համոզել մորս, որ նա հանձներ ինձ քեռիներիս արհեստանոցը, զենք շինել սովորեի: Բայց մայրս չէր համաձայնվում. նա մինչև անգամ մեղք էր համարում սովորելը այն արհեստի, որ պատրաստում է մարդիկ կոտորելու գործիքներ: Տեր Թոդիկն էլ միևնույնն էր կրկնում:

Բայց Կարոն ինձանից ավելի ազատ և ավելի բախտավոր էր, նա ոչ մայր ուներ, ոչ հայր և ոչ էլ վարժապետ. ոչ ոք նրան չէր արգելում հետևել բնության ձայնին. տատը չէր ճնշում նրան, և որսորդի ազդեցության ներքո նա դարձավ բոլորովին ուրիշ տղա, քան թե էին նրա բոլոր ընկերները: Այն օրից, որ թողեց դպրոցը, ես ինքս մեծ փոփոխություն էի տեսնում նրա մեջ: Ես լսում էի նրանից ինձ համար շատ անհասկանալի խոսքեր. մի անգամ ասաց նա.

Ֆարհատ, մեր գյուղացիները շատ աղքատ են, կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու:

Դու ի՞նչ գիտես, — հարցրի ես:

Որսորդի հետ երեկ ման եկանք մի քանի գյուղեր. նա ինձ ներս տարավ գյուղացիների խրճիթները. ես տեսա սարսափելի չքավորություն:

Ի՞նչ է պատճառը:

Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են: Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են: Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որ գյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն:

Ես ոչինչ չպատասխանեցի. նա շարունակեց.

Ֆարհատ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած, ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու: Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է, եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլ ո՞վ կկերակրե նրա երեխաները: Ֆարհատ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել...

Ահա այսպես, միշտ գյուղացիներ, միշտ գյուղացիների մասին էր խոսում նա: Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է. նրան ի՞նչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունեն կամ նրանց տանջում են: Լավ չէ՞, ասում էի, որ իր փորի համար մտածե. ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում:

Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ: Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորօղլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնց պատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ, — կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները: Հանկարծ բոլորը մոռացավ նա, սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել: Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը: — Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին:

ԺԱ

ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Մի անգամ Կարոն ինձ ասաց. — Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:

Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեց նրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:

Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.

Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:

Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, — բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան: Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում: Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ: Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ:

Հաջորդ էջ