Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Ես հրացանս քաշ տալով ուսիցս, պատրաստվեցա ճանապարհ ընկնել:

Դու ճանապարհն իմանում ե՞ս, — հարցրեց Մարոն:

Չեմ իմանում, բայց կգտնեմ:

Դժվար է: Ես քեզ կհասցնեմ մինչև «Ծակ-քարը», այնտեղից ուղիղ ճանապարհ կա մինչև Խանա-Սորի ձորը:

Հետո դու կարո՞ղ ես մենակ ետ դառնալ:

Ես գիշերն էլ չեմ վախենում, երբ սարերի վերա մենակ ման եմ գալիս, — պատասխանեց նա ժպտալով:

Բայց ինձ այն ասա՛, նրանք ձիո՞վ գնացին:

Չէ՛, ոտով:

Ես ինչո՞ւ չեմ գնում ոտով: Մըհե, ինձ պետք չէ:

Ձի՜ն պետք չէ՛... — կրկնեց վիթխարին, դժդոհությամբ իմ երեսին նայելով: — Էդ պետք էր առաջ փիքր անել և սատանայի տանջանք չտալ մարդուն...:

Նա գի՞ժ է, ի՞նչ է, — հարցրի Մարոյից, երբ ծառան հեռացավ:

Նա շատ լավ մարդ է, բայց կտրաքվի, թե մի բանի վրա չխոսա, երբ նրան դուր չէ գալիս:

Մի նեղ շավիղ, որ տանում էր դեպի Ծակ-քարը, ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների միջով, անդադար դեպի վեր բարձրանալով և դեպի վայր իջնելով: Մարոն հագած ուներ մի պարզ, խայտաճամուկ զգեստ, որը կարելի էր տեսնել քուրդ հովվուհիների հագին: Նրա սև գանգուրները գեղեցիկ կերպով ծածանվում էին բարակ քամուց, որ փչում էր ծովակից: Ամենահամարձակ այծյամն այնպես թեթև, այնպես հանդուգն չէր կարող թռչել այն քարաժայռերի միջով, որպես Մարոն: Լեռնային օդը և շտապ ճանապարհորդությունը ազդեցին մանուկ օրիորդի երեսի վրա, և նրա արևից այրված թուխ-թավիշյա թշերը ստացան մույգվարդագույն պայծառություն:

Ես բոլորովին հիացած էի այն կիսավայրենի լեռնաբնակի սիրուն և վայելուչ կազմվածքով, որ այնքան առաձգական էր և թեքուն: Ես երբեք երևակայել չեմ կարող այնպիսի գեղեցիկ աչքեր, մե՜ծ սևորակ աչքեր, հովանավորված խիտ թերթերունքով, այնպիսի գեղագրական հոնքեր, որոնք միանում էին խոտորնակի գծերով: Ո՜րքան ինքնավստահություն կար նրա համարձակ շարժվածքների մեջ. ո՜րքան կյանք կար այն բնության ազատ և հավատարիմ զավակի մեջ...: Ես իմ մտքում նրան համեմատում էի գեղեցիկ Սոնայի հետ, որի ամեն մի գծերից արտահայտվում էր ընտանեկան բռնությունից ճնշված և տանջված աղջկա երկչոտ-ամոթխածությունը... Մե՜ծ տարբերություն...:

Մի տեղ, ճանապարհի կողքին, կուտակված էր փոքրիկ բլուր, որ բաղկանում էր քարերի մանր կտորներից. հասնելով այնտեղ, Մարոն առեց գետնից մի քար և նետեց նույն բլուրի վրա: Ես հարցրի այս խորհրդական գործողության պատճառը: Նա պատասխանեց, թե այս բլուրին ասում են «սիրահարի գերեզման» և պատմեց մի հին ավանդություն, որպես թե, մի տղա և մի աղջիկ միմյանց շատ սիրելիս են եղել. հայրը չէ ուզեցել յուր աղջկան տղային տալ. նրանք միաբանվում են, և տղան մի գիշեր փախցնում է իր սիրուհին: Հայրն իմանում է, աղջկա ետնեն է ընկնում, և այս ձորի մեջ բռնելով առանց մի խոսք ասելու իր խենջարը խրում է նրա սիրտը և սպանում է: Տղան այս տեսնելով, չէ կարողանում համբերել իր կսկիծին, և մի ժայռի գլխից իրան վայր է գցում և մեռնում է: — Մարոն ցույց տվեց բարձր ժայռը, որի մոտ նույնպես կուտակված էին մանր քարերի կտորտանք: — Աղջկան թաղում են այնտեղ, ուր թափվել էր նրա արյունը, իսկ տղային այնտեղ, ուր ընկած էր նա ժայռից: Այն օրից նզովք էր դրվել, որ ամեն մի ճանապարհորդ, այնտեղից անցնելով, մի քար գցում է նրանց գերեզմանի վրա, ի նշան այն նախատինքին, որով այն աղջիկը մրոտեց իր հոր և մոր անունը:

Դու էլ այն աղջկան վա՞տ ես համարում, որ քարկոծում ես խեղճի գերեզմանը, — հարցրի ես:

Մեկ աղջիկ, որ ուրիշ տղայի ետնեն է ընկնում, այդ վատ չէ՞հարցրեց նա պինդ ձայնով:

Ապա ի՞նչ պետք է անե, երբ սիրում է տղային: Սիրելն ինչով է վատ:

Նա սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր ինձանից մի հիմար խոսք:

Աղջիկն ի՞նչպես կարող է սիրել տղային, երբ հերն ու մերը ատում են: Հա՛ թող սիրե, այդ ոչինչ, նրա կամքով խո չէ՞, որ օտարի տղայի ետևից թրև է գալիս: Ամոթ չէ՞:

Ես ուզեցի հերքել նրա ասածը, բայց նա իմ խոսքը կտրեց, և մի կծու խոժոռմունք գործելով յուր գեղեցիկ երեսի վրա, ասաց.

Է՜հ, դատարկ բաներ մի՛ խոսի, գլուխս տանում ես...:

Նա վազեց առաջ:

Ճանապարհը Մարոյի համար սովորական լինելով, չէր զգում նրա երկարությունը: Ես համարյա թե հոգնեցա: Բարձրանալով բլուրի գագաթին, նա կանչեց.

Դիբո՜, Դիբո՜:

Նրա զիլ և ձգական ձայնը արծաթե հնչյուններով տարածվեցավ հեռու սարերի մեջ:

Հանդիպակած բլուրի ետևից հայտնվեցան մի քանի փոքրիկ կերպարանքներ, որոնք թռչկոտելով և ճիչ բարձրացնելով, վազեցին Մարոյի առաջ: Դրանք երեք կիսամերկ աղջիկներ էին, այնտեղ արածացնում էին Կ. գյուղի ուլերը և գառները: Մարոն բաժանեց նրանց հաց և պանիր, որ բերել էր իր հետ: Փոքրիկ հովվուհիքն ուրախությամբ ընդունեցին առատ նվերը բարերար ձեռքից և իսկույն սկսեցին ուտել:

Ես խոսեցրի մեկին, որին Մարոն կոչում էր Դիբո:

Ի՞նչ կանես, եթե գայլը քո գառներից մեկը գողանա:

Սորոն չի թողնի, — պատասխանեց փոքրիկ հովվուհին, խոժոռած աչքերով նայելով իմ երեսին:

Ո՞վ է Սորոն:

Նա փոխանակ պատասխանելու, երեսը շուռ տվեց, և մատները բերնին դնելով, շվացրուց: Ժայռերի ետևից հայտնվեցավ կապտագույն շուն, որ մազոտ պոչը թափ տալով, վազեց Դիբոյի մոտ և խորին մտերմությամբ սպասում էր նրա հրամանին:

Տեսնելով գազանին, ես ետ քաշվեցա:

Մի՛ վախիր, — քաջալերեց ինձ Դիբոն: — Սորոյին կասեմ` քեզ չկծե:

Ես ծիծաղեցա: Մարոն գրկեց Դիբոյին, համբուրեց նրա այրված թշերը:

Այստեղից մենք կբաժանվենք, — դարձա ես դեպի Մարոն:

Կուզե՞ս, քեզ կտանեմ մինչև Խանա-Սորի ձորը, — ասաց նա ուրախ դեմքով: — Վախենում եմ ճանապարհը կորցնես:

Ես պատասխանեցի, թե այդ խիստ դժվար կլիներ նրա համար, որովհետև արեգակն արդեն սկսել էր այրել, և խնդրեցի միայն ցույց տալ, թե ո՞ր կողմից պետք է գնալ: Նա այնպիսի ճշտությամբ նկարագրեց ճանապարհի ընթացքը, մինչ ես մտածում էի, թե աչքերս խփած կարող եմ գնալ: Երևում էր, այն լեռների բոլոր շավիղները, իրանց պտույտներով, իրանց ելևէջներով նրան ծանոթ էին: Նա գիտեր յուրաքանչյուր ժայռերը, աղբյուները, առվակները: Նա ճանաչում էր մինչև անգամ նշանավոր թուփերը:

Ես հեռացա: Մարոն երկար կանգնած «Ծակ-քարի» գլխին. հետազոտում էր իմ գնացքը, մինչև բլուրները թաքցրին իմ տեսությունից նազելի դեմքը:

ժԷ

ԵՐԿՈՒ ՈՐՍ ՄԻԱՍԻՆ

Արեգակն արդեն բարձրացել էր յուր կեսօրյա տեղը, նրա այրող ճառագայթները, հանդիպելով սարերի հովությանը, թուլանում էին, կորցնում էին իրանց կրակոտ զորությունը: Քա՜ղցր էր շնչել լեռնային օդը, տոգորված ծաղիկների անուշահոտությամբ: Անցնելով ամեն մի բլուրից, ամեն մի հովիտից, իմ առջև բացվում էր մի նոր տեսարան, այնքան հիանալի, այնքան հափշտակիչ, որպես մի գեղեցիկ պատկեր իր հրաշալի արհեստագործությամբ: Ուր և նայում ես, լեռնային երկրի կանաչ մակերևույթը ծածկված է բարձր և դալար խոտերով, նրանց միջից վառվում են ծաղիկների հազարավոր տեսակներն իրանց հրապուրիչ պայծառությամբ: Տեղ-տեղ խուլ մրմունջով վազում են վտակներ, ամոթխածաբար թաքնված խոտերի մեջ, երբեմն նրանք նազելով ցույց են տալիս իրանց արծաթափայլ երեսիկները, և կրկին ժպտելով ծածկվում են խիտ եղեգնաբույսերի մեջ: Փոքրիկ ջրային ծտերը միայն ուրախ-ուրախ սավառնում են նույն վտակների վրա, և անդադար վերուվայր թռչկոտելով, դիպցնում են իրանց կուրծքը բյուրեղային մակերևույթին, խլելով ալիքների միջից մի անբախտ միջատ, որ տարվում էր անխնա հոսանքի հետ...:

Աչքս ես դարձնում եմ դեպի Դուշմանա ձորը, և ահա՛ մերկ քարաժայռի գագաթին դեռ կանգնած են կիսակործան աշտարակները մի հին ամրոցի: Աշտարակներից մեկի ատամնավոր վերնապարիսպի գլխին միայնակ նստած է ահագին սև արծիվը և լուռ մտախոհությամբ նայում է դեպի խորին անդունդը, որ բացված է նրա առջև: Նա նստած է անշարժ և վեհափառ կերպով, և նրա սրատես աչքերը որոնում են ձորի մթին խորության մեջ ցանկալի որսը...

Եվ ակամա հիշում ես հին ավանդությունը` արդյոք նա չէ՞ր մի ժամանակ այդ ավերակների տիրապետող հսկան, որ չար կախարդի դյութելով արծվի կերպարանք ստացավ, որ ճնշում էր իր բռնության ներքո ամեն կենդանություն, որ ուր և գնում էր, իր ետևից թողնում էր անապատ և ամայություն...: Նույն աշտարակի բարձրությունից, ուր այժմ նստած էր արծիվը, ամեն առավոտ մի զոհ գլորվում էր դեպի խորին անդունդը... մի զո՜հ, որից նույն գիշեր խլել էր ամրոցի իշխանը նրա կուսական անմեղությունը...

Այսպես, հափշտակված երբեմն բնության գեղեցկություններով և երբեմն հին ավանդությունների հիշողությամբ, շարունակում էի իմ գնացքը: Իսկ բոլոր տպավորությունները հետզհետե անհայտանում էին, ես ընկնում էի իմ կախարդական ինքնամոռացության մեջ: Բայց մի բան մոռանալ կարող չէի, մի տպավորություն մնում էր իմ մտքում անջնջելի, — այն էր Մարոյի գեղեցիկ պատկերը:

Բայց մի՞թե նրա մեջ սիրտ կար, ջե՛րմ և սիրող սիրտ, մի՞թե նա զգում էր, թե ինչ բան է սերը...: Ոչ, նա այդ չէր զգում, նրա հոգու սրբարանի մեջ երբեք չէր վառվել այդ կրակը, եթե ոչ, նա այնպես անգութ կերպով չէր քարկոծի «սիրահարի գերեզմանը»...

Մարոն մի տեսակ ստրուկ էր, որպես Սոնան. նա ճնշված էր ծնողաց բռնակալության ներքո, իսկ Մարոն վաղեմի նախապաշարմունքների, բայց վերջինն ավելի սարսափելի կերպով խեղդում է ամեն մի հոգեկան թարմ և ընդաբույս զգացմունք...

«Հա՛, թող սիրե, լսվում էր նա, այդ ոչինչ... աղջկա կամքով խո չէ»:

Եվ իրավ, մի՞թե հայ աղջիկը կամք ունի. մի՞թե նա իր զգացմունքների տերն է:

Տարուբերվելով այսպիսի մտախոհությանց մեջ, ես բոլորովին մոռացել էի Մարոյի պատվերը ճանապարհի ուղղության մասին: Ես հասկացա, որ մոլորված եմ միայն այն ժամանակ, երբ իմ առջև բացվեցավ մի ահագին կիրճ, որից անցնել անհնարին էր: Ետ դառնալ եկած ճանապարհով չէի կարող, որովհետև ամենևին չէի հիշում, թե ո՞րպես հայտնվեցա այնտեղ, իսկ հառաջ գնալ անկարելի էր:

Ես բոլորովին շփոթվեցա:

Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի գիշերային մուտքը, երեկոյան ցուրտը հետզհետե դառնում էր անտանելի: Մի կողմից ես զգում էի հոգնածություն, մյուս կողմից, քաղցը նեղում էր ինձ: Ո՛րքան երկար պետք է թափառած լինեի ես, որ անցուցել էի այնքան ժամանակ. իսկ Մարոն ասում էր, թե կհասնեմ որսորդության տեղը ո՛չ հետո, քան կեսօրից երկու ժամ անցած: Իսկ այժմ երեկո էր: Արևի թեքված ճառագայթները լուսավորում էին սարերի գագաթները միայն, որոնց ստվերը գնալով` ընդարձակ և հսկայական տարածություն էր ստանում:

Ես հիշեցի, Մարոն ինձ ճանապարհ գցելու ժամանակ դրեց իմ որսորդական մաղախի մեջ մի շիշ, դուրս բերեցի, նա լիքն էր գինով: Մաղախիս մեջ գտա և լավաշում փաթաթած սառն միս: Իմ ճաշն արդեն պատրաստ էր: Նստելով փափուկ խոտերի վրա, ես հագեցրի իմ քաղցը, սպառված ուժերս կրկին վերադարձան, ես բոլորովին հանգստացա: Այժմ ի՞նչ պետք է անել, դեպի ո՞ր կողմ գնալկրկին զարթեցավ իմ մեջ անհանգստությունը:

Աչք ածելով իմ չորեք կողմը, ես հարմար համարեցի վեր ելնել մերձավոր սարի բարձրությունը և այնտեղից դիտել, թե դեպի ո՞ր կողմը կարելի էր գնալ: Այդ տևեց քառորդ ժամ: Բարձրավանդակից ես տեսա սարի մյուս կողմում դեպի աջ տարածվում էր մի նեղ տափարակ, որի վրա տեղ-տեղ նկատելի էին լինում սև և շարժուն կետեր, որոնց ամբողջ հավաքածուն նմանություն էր բերում արածող անասունների նախիրին: Այդ տեսարանը խիստ ուրախություն պատճառեց ինձ, ես մտածում էի` եթե նրանք հոտեր են, ուրեմն, կունենան իրանց մոտ և հովիվներ, որոնք ցույց կտան ինձ ճանապարհը գոնյա ետ դառնալ Կ. գյուղը: Այս նպատակով ես սկսեցի վայր իջնել դեպի տափարակը, և բավականին հառաջ գնալով, նկատեցի, որ իմ երևակայությունը խաբել էր ինձ, շարժուն կետերն անասուններ չէին. այլ թուփեր, որոնք տեղ-տեղ ծածկում էին անապատի անհարթ երեսը, որը հեռվից երևում էր որպես տափարակ:

Այժմ ի՞նչ պետք էր անել: Ես բոլորովին ընկա հուսահատության մեջ: Ես երկյուղ չունեի, որ գիշերը բացօթյա կմնամ լեռների մեջ, ես երկյուղ չունեի ոչ ցրտից և ոչ գազաններից: Ես միայն ամոթ էի կրում, իմ հպարտությունը տանջում էր ինձ: Ես ամոթ էի կրում Մարոյից, որ այնպես հիմարաբար վարվեցա նրա ուղեցուցության հետ: Ես ամոթ էի կրում ընկերներիցս, որոնք առաջին քայլից կնկատեին իմ թուլությունները և իմ անընդունակությունը...

Հանկարծ լսելի եղավ մի խուլ որոտմունք, որի արձագանքը կրկնվեցավ հեռավոր լեռների մեջ, նրան հետևեց երկրորդը և երրորդը: Այժմ պարզ որոշեցի, թե հրացանի ձայներ էին: Բայց ո՞վքեր էին նետողները: Ընկերներս չէին կարող լինել, որովհետև իմ գտնված տեղը շատ հեռու էր Խանա-Սորի ձորից: Ուրեմն, մտածում էի ես, կամ ուրիշ որսորդներ պետք է լինեն, կամ ավազակներ, որոնք թալանում էին ոչխարների հոտեր: Բայց ինձ համար միևնույն էր, ովքեր լինեին, ես միայն ուրախ էի, որ կհանդիպեմ մարդիկների:

Ես սկսեցի դիմել դեպի այն կողմը, ուր կից լսելի եղան ձայները, որքան մոտենում էի, այնքան պարզ լսելի էր լինում շների խառնաձայն աղաղակը: Այժմ անտարակույս էի, որ կհանդիպեմ որսորդների: Բայց մինչև նրանց մոտ հասնելը, պետք էր անցնել մեկ բլուրի վրայով: Դեռ նրա բարձրության կեսին չհասած, որոտաց մի կռնչյուն, և ես տեսա` ինձանից քսան քայլ հեռու վազում էր ահագին ղաբան (վարազ): Հրացանս ուսիցս վեր բերելը և նրան արձակելը երկու վայրկյանի գործ եղավ: Գնդակը թեև դիպավ յուր նպատակին, բայց հարվածը մահաբեր չեղավ. նա անցավ դարանի աջ ոտքի ազդրից: Հրեշավոր կենդանին, ամենևին չզգալով յուր վերքի ցավը, դարձավ դեպի ինձ: Հարձակմունքը այնքան շուտափույթ եղավ, որ նա ամենևին միջոց չտվեց կրկին լցնել հրացանը: Ճգնաժամը վճռական էր: Կատաղի գազանը, բարկացած, հրաբորբոք աչքերով արդեն մոտեցել էր ինձ...: Ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, որ ձեռքիս ունեի, իմ պաշտպանության միակ զենքը մնաց խենջարս, որ նույն ակնթարթում խրվեցավ ղաբանի կողքում: Նա արձակեց մի սարսափելի հառաչանք, բայց դարձյալ չկորցրուց իր զորությունը: Նա փորձ փորձեց գործ դնել իր դուրս ցցված ժանիքները, բայց հարվածն անցավ անհաջող, որովհետև ես կայծակի արագությամբ մի սաստիկ թռիչք գործեցի դեպի գազանի գավակը, և նույն րոպեում խենջարիս երկրորդ զարկը խիստ խորին կերպով անցավ նորա փորի մեջ: Նա դեռ սարսափելի ընդդիմադրության պատերազմում էր: Այդ մահու և կյանքի զարհուրելի տագնապի միջոցին, ինձանից ոչ այնքան հեռու, որոտաց մի հրացան. գնդակն անցավ ուղղակի որսի գլխի մեջ. վիթխարին մի քանի անզոր շարժումներ գործեց և գլորվեցավ գետին...

Ես ետ նայեցա, տեսնում եմ` Մարոն, հրացանը ձեռին, հեռու կանգնած, ժպտում էր...

Ո՛վ կարող էր պատմել իմ ուրախությունը: Ես բոլորովին թաթախված արյան մեջ, վազեցի նրա մոտ, և գրկելով իմ ազատիչը, պի՜նդ ճնշեցի քաջազնական կուրծքը իմ սրտի վրա...

Մարոն պատմեց, թե բաժանվելով ինձանից, նա իսկույն չդարձավ դեպի գյուղը, այլ բարձրանալով «Ծակ-քարի» գլխին, այնտեղից հետազոտում էր իմ ուղևորությունը: Նա տեսավ, դեռ ճանապարհի կեսը չհասած, ես խոտորվեցա ուղիղ շավիղից, որ տանում էր դեպի Խանա-Սորի ձորը: Նա իսկույն վազեց իմ ետևից, միգուցե ես բոլորովին մոլորվեի լեռների մեջ: Մի քանի ժամ նա կորցրեց ինձ իր տեսությունից, և երկար որոնելով, կարողացավ գտնել այնտեղ, ուր հայտնվեցավ ղաբանը: Նա շատ անգամ կանչեց ինձ, զգուշացրեց, բայց ես տաքացած լինելով պատերազմի խռովության մեջ, չկարողացա լսել նրա ձայնը: Եվ իմ առաջին անհաջող նետումից հետո, երբ ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, նա օգուտ քաղեց այդ դեպքից, իսկույն լեցրուց հրացանը նույն պատրոնով, իսկ հետևանքը` արդեն հայտնի էր:

Այս խոսակցության միջոցին մենք չէինք նկատում, որ չորս հոգի կանգնած բլուրի գագաթին, դիտում էին այն տեսարանը, որ հանդիսացավ քանի րոպե առաջ: Նրանք մոտեցան մեզ. մեկը որսորդ Ավոն էր, մյուս երեքը` իմ ընկերներն էին: Ծերունին առեց յուր գրկի մեջ ինձ և իր դուստրը, համբուրելով ասաց.

Դուք երկուսդ էլ արժանի եք որսորդ Ավոյի որդիք կոչվելու...

ԺԸ

ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԽՆՁՈՐԸ

Լեռների մերկ գագաթները պատեց երեկոյան ստվերը, իսկ ձորերի մեջ լույսը հետզհետե աղոտ գույն էր ստանում, միայն ոսկեգույն ամպերը, որոնք ահագին բեկորներով գլորվում էին օդի բարձրության մեջ, դեռ արտափայլում էին հանգչող արեգակի վերջին ճառագայթների ծիրանի շառավիղներով:

Գեղեցի՜կ երեկո էր, լեռնային երեկոների այն ժամը, երբ քա՜ղցր հնչում են հովիվների երգերը, երբ ախո՜րժ է լսել արոտից դարձող ոչխարների խառնաձայն բառաչմունքը և ձիերի երամակների ուրախ խրխինջը, որոնք կայտռելով վազում են դեպի իրանց գիշերային օթևանը: Նույն ժամուն թեթև քամին նազելով քսքսվում է քո երեսին և բարակ մելոդական հնչումներով մրմնջում է` «շնչի՛ր լի կուրծքով անուշահոտությունը, որ ես խլել եմ հազարավոր ծաղիկներից»:

Բայց ինձ զգալի չէին այս ձայները, ես չէի լսում ոչ զեփյուռի մեղեդին և ոչ հովվի երգը, ինձ գրավել էր միայն Մարոն, միշտ նրան էի տեսնում և նրա ձայնը լսում, թեև նա ամենևին չէր խոսում:

Մեր վերադարձը դեպի Կ. գյուղը տևեց բավականին երկար, որովհետև այժմ բոլորովին այլ ճանապարհով էինք գնում: Մութը վաղուց պատել էր, և ամառային գիշերի աստղերը վառվում էին հիանալի փայլողությամբ:

Խոսակցության առարկան նույն ավուր որսորդությունն էր. ծերունի Ավոն հանաքներով ծաղրում էր Ասլանի և Սագոյի անճշտությունը, որոնց երկուսի նետումները ղաբանը սպանելու համար անցել էին իզուր: Սագոն աշխատում էր յուրյան արդարացնել զանազան պատճառներով. իսկ Ասլանը ոչինչ չէր պատասխանում, նա ընկած էր, որպես երևում էր, խիստ տխուր մտատանջության մեջ: Սովորականից ուրախ էր Կարոն. նա խորին եղբայրական բարեսրտությամբ ձեռքը դրեց իմ ուսին, ասելով.

Դու առանց սրտի չես, Ֆարհատ, քեզանից մի բան կդուրս գա...

Մարոն գնում էր մեզանից առաջ յուր հոր հետ: Նա բոլորովին լուռ էր. կարծես, նրա հպարտությանը ընդդեմ էր լսել այն գովեստները, որոնք թափում էին նրա վրա. և կամ նա չէր ուզում հիշեցնել, թե որպիսի դժվար դրությունից ազատեց ինձ. նա աշխատում էր, որ այդ դեպքի վրա խոսացվի որքան կարելի է սակավ:

Ես բավականին ետ մնացի իմ ուղեկիցներից, խոսում էի Կարոյի հետ: Սագոն մոտեցավ մեզ, և առանց որևիցե առիթի մեր կողմից, որպես ինքն իրան խոսելով ասաց.

Զարմանալի՛ է այդ բախտ ասած բանը, ասում են, նա մի հրեշավոր կնիկ է, երկու երես ունի, մինը առջևից, մյուսը ետևից: Առջևի երեսը թարմ և գեղեցիկ է` միշտ ժպտող աչքերով, նրանցով նայում է իր սիրելիներին միայն: Ետևի երեսը հնացած է, լի խորշոմներով, որպես մի զզվելի պառավի դեմք. մի հատիկ աչք միայն ունի մռայլոտ ճակատի վրա, այն ևս կույր...: Նա մի՜շտ դարձնում է դեպի ինձ այդ չարանենգ դեմքը իր սարսափելի խորշոմներով, և ես միշտ լսում եմ նրա ցամաք և գունաթափ շրթունքների միջից այդ խոսքերը` «Դու ինձանից ոչ մի բարիք մի՛ սպասիր»...

Նա րոպեական լռությունից հետո շարունակեց, իսկ այժմ ավելի խռովյալ ձայնով.

Ասում են` մեր ժամանակներում հրաշքներ չեն լինում, հրաշք չէ՛, բա ի՞նչ զահրումար է, միանգամիցերկու որս...

Այժմ հասկացա, որ կիսախելագար Սագոյի խոսքերը կծու ակնարկություններ էին դեպի ինձ և դեպի Մարոն:

Ի՞նչ ես ուզում ասել, — հարցրի ես:

Նա պատասխանեց ավելի վրդովված կերպով.

Հա՛, երկու որս, մինը ղաբանը, մյուսը` Մարոյի սիրտը...

Նա արտասանեց այս խոսքերը այնպիսի մի հանգով, որ իսկույն գրգռեց իմ բարկությունը: Նա առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց.

Ախար Մարոն էլ փոքր ղաբան չէ... նրան որսալը` ահա այդ է քաջությունը:

Եթե դու կշարունակես այսպիսի հիմարություններ դուրս տալ, դու կդառնաս երրորդ որսը... — ասեցի ես և արդեն մերկացուցած խենջարը իմ ձեռքումն էր:

Մի՞թե արժե կռվել այն վայրենի կատվի համար, — մեջ մտավ Ասլանը, որ նույն րոպեին մոտեցավ մեզ:

Աա՛, երևի քե՞զ էլ է ճանկռոտել... — դարձա ես դեպի Ասլանը ավելի բարկությամբ:

Նա ոչինչ չպատասխանեց:

Պետք է կատվի հետ կատու լինել և նրա ճանկերից ազատ մնալ... — պատասխանեց Սագոն բոլորովին վրդովված կերպով:

Եթե ոչ, շան հետ մնում է նա միշտ անհաշտ...:

Ամո՜թ է, տղերք, — ձայն տվեց Կարոն և կայծակի արագրությամբ խլեց իմ ձեռքից խենջարը:

Ասլանը ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ոչ ձեռքը տարավ դեպի իր սուրը, նրա մի այսպիսի արհամարհանքը ավելի վիրավորեց ինձ: Իսկ Սագոն, հեռու կանգնած, ծիծաղում էր: Նա բռնեց Ասլանի ձեռքից, և մի կողմ քաշելով, ասաց.

Գնանք, չարժե երեխայի հետ գործ ունենալ...:

Ես և Կարոն մնացինք մենակ: Ծերունի որսորդը, յուր դստեր հետ, մեզանից շատ առաջ լինելով, չհասկացավ, թե ի՛նչ անցավ մեր մեջ:

Կարոն սկսեց խոսել, թե իմ վրդովմունքը բոլորովին անտեղի էր. ես իզուր վիրավորեցի իմ ամենալավ ընկերներին, որոնք այնքան սիրում էին ինձ, որքան ինքը Կարոն: Նա ասաց, որ ես ոչ միայն Ասլանին հաղթել կարող չէի, այլ նույնիսկ փոքրիկ Սագոն այնպես ճարպիկ էր կռվի մեջ, որ անպատճառ ինձ կսպաներ, միայն նրանք խնայեցին ինձ: Եվ երկար խրատներ կարդալուց հետո, նա ավելացրուց, թե Սագոն մեղ չուներ, որովհետև մի քանի տարի է, որ նա սիրահարված է Մարոյի վրա, թեև օրիորդը չէ համակրում նրան:

Ահա՛, այսքանը հասկացա ես Կարոյի խոսքերից, որոնց մեծ մասն իմ նույն րոպեի խռրվության մեջ բոլորվին անըմբռնելի էին: Ես ամբողջ մարմնով դեռ դողում էի, իմ լեզուն, կարծես, կապված էր, ես ոչինչ պատասխանել չկարողացա:

Դու դեռ ջահել ես, Ֆահրատ, քեզ ես չեմ մեղադրում, — ավելացրեց նա: — Քո ընկերները լավ մարդիկ են, նրանք դարձյալ կսիրեն քեզ և կներեն:

Դառնալով դեպի Կ. գյուղը, մեր ճանապարհն ընկավ այն կողմից, ուր գտնվում էր ծերունի որսորդի որդեգրի` Հասոյի ագարակը: Գիշերից բավական անցել էր, երբ հասանք այնտեղ: Տղերքը վճռեցին գիշերել Հասոյի ագարակում: Այնտեղ ծերունի որսորդի որդին շինել էր ճյուղերից հյուսած մի տաղավար, որ խիստ հարմար օթևան էր գարնան գիշերների համար:

Մնացեք այստեղ ու քեփ արեք, — ասաց ծերուհին: Հետո ավելացրեց.

Իմ հին ոսկորներն էլ չեն դիմանում գիշերվա ցրտին, ես կերթամ տուն ձեզ համար գինի ու հաց կուղարկեմ, խորովածի համար միս ունեք. իմ կենացն էլ կխմեք, խոսք չկա: Հասո, լավ պատվիր հյուրերիդ: Գնանք, Մարո:

Նրանք դեռ չէին բաժանվել մեզանից, երբ Մարոն մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով շշնջաց իմ ականջին:

Դու կմրսես, Ֆարհատ, այստեղ ցուրտ է լինում. ես տանից քեզ համար քնելու շորեր կուղարկեմ:

Գիշերային մթության մեջ ոչ ոք չնկատեց մեր խոսակցությունը, ես շնորհակալություն արեցի օրիորդին նրա բարեսրտության համար, և հայտնեցի` թե ես փոքր-ինչ սովորած եմ առանց ծածկոցի ևս քնել, որովհետև մեր տանում երբեք անկողին չեմ ունեցել, իմ վերմակը եղել է հորս մաշված վերարկուն, իսկ դոշակս` սառն հասիրը:

Դու ղոչաղ տղա ես, Ֆարհատ, դու չես մրսի, — ասաց նա ուրախ ձայնով, և իր ձեռքով մի թեթև զարկ տալով իմ ուսին, փախավ ինձանից, երբ երկրորդ անգամ խավարի միջից լսելի եղավ ծերունի որսորդի ձայնը.

Ո՞ւր ես, Մարո, գնա՛նք, բալաս:

Հասոն իսկույն վառեց ահագին խարույկ տաղավարի առջև, չոր փայտերը բորբոքվեցան, և լույսը տարածվեցավ հեռու մեր շրջակայքում: Այն ժամանակ միայն կարողացա լավ տեսնել վաղեմի ընկերիսՀասոյիվերանորոգված կերպարանքը, որը վարժատան կյանքից հետո այնքան շատ փոփոխությունների էր ենթարկվել: Մաշված և ուժից ընկած «էշի փալանը», — որպես կոչում էին նրանայժմ առողջ և խիստ ժիր տղա էր դարձել: Ահա՛ ի՞նչ է նշանակում տերտերի այբ-բենը և երկրագործությունը... առաջինը մաշեց տրորեց նրա մանկությունը, առանց որևիցե մտավոր սնունդ տալու նրա գլխին... իսկ վերջինը վերանորոգեց նրա սպառված ուժերը և լեցրուց ծերունի հոր տունը հացով...:

Իսկ այս կոշտ-կոպիտ մշակի մեջ չէին երևում ոչ հոր բարեսրտությունը և ոչ քրոջ աշխուժությունը: Հասոն, եթե կարելի է այսպես կոչել, խստասիրտ և մռայլոտ արարածներից մեկն էր: Բոլոր ժամանակը նա մի քանի անգամ միայն խոսեց ինձ հետ, և նրա խոսքերը խիստ կարճ և անգույն էին: Սագոն խիստ ճշտությամբ նկատեց` թե «Հասոն քաղցրախոս է միայն իր եզների հետ, որոնք նրա արորը քաշում են»: Այսուամենայնիվ, ես միշտ համակրությամբ էի վարվում նրա հետ, որովհետև նա Մարոյի եղբայրն էր...

Գյուղը շատ հեռու չէր ագարակից, մենք շուտով ստացանք ծերունի որսորդի խոստացած պաշարը` առատ գինի և հաց: Ղաբանի մսից պատրաստված խորովածները արդեն եփված էին, իսկույն կազմվեցավ ընթրեքի սեղանը: Տղերքը չափազանց սոված լինելով, նստեցին ուտելու. ես հրաժարվեցա սեղանից, հայտնելով, թե ախորժակ չունիմ և ինձ ոչ այնքան առողջ եմ զգում: Եվ իրավ, գլուխս սաստիկ ցավում էր, և ճանապարհի անախորժ անցքից հետո ես գտնվում էի մի տենդային գրգռման մեջ, որ գնալով, ավելի և ավելի վրդովում էր ինձ, քանի մտաբերում էի իմ անպատշաճ վարմունքը Ասլանի և Սագոյի հետ: Իսկ նրանք, կարծես թե, մոռացել էին բոլորը, և ոչ մի կերպով, և ոչ մի թեթև ակնարկությամբ անգամ չէին հիշեցնում անցածը, այլ ընդհակառակն, պատմում էին Հասոյին` իմ և Մարոյի կռիվը ղաբանի հետ և գովասանում էին մեր քաջասրտությունը: Իսկ նրանց մի այսպիսի ներողամտությունը ավելի ծանր էր ինձ համար. ինձ բոլորովին վիրավորական էր թվում վշտացնել մեկին, և առանց փոխադարձ բավականություն տալու, վայելել նրա ներողամտությունը: Այդ մի տեսակ ողորմություն էր, իսկ ողորմություն խնդրել ես չէի ուզում:

Ընթրիքի սեղանը կազմվել էր տաղավարի մեջ, տղերքը հավաքվել էին այնտեղ. ես պառկել էի տաղավարից դուրս խոտերի վրա, մի քանի քայլով միայն հեռու նրանցից, այնպես որ, նրանց խոսակցությունը լսելի էր ինձ:

Ճշմարի՞տ, հիվանդ է նա, — հարցրուց Հասոն:

Չէ՛, նա ուրիշ փորացավ ունի... — պատասխանեց Սագոն և մոտեցավ ինձ, գինով լիքը երկու բաժակներ ձեռին, և երգելով մի գեղեցիկ երգ: Տաղավարի միջից միաձայն հնչեցին ամբողջ խորով նրա շարունակությունը:

Գիշերային լռության պահուն, երկրագործի մենավոր տաղավարի մեջ, մանկահասակ պատանիների ջերմ և անկեղծ սրտերից դուրս բխած հնչյունները այնքան հոգեշարժ և ոգևորիչ էին, որ ներգործեցին իմ վրա ընկերասիրության բոլոր սուրբ և կենսագործող զորությամբ: Իմ սիրտը լցվեց մի սրբազան խաղաղությամբ, և դադարեց մրրիկը, որ այնպես սաստիկ կերպով խռովում էր ինձ: Ես չկարողացա պահել իմ արտասուքը, և ընդունելով Սագոյի ձեռքից բաժակը, միասին մոտեցանք խմբին: Նրանք նույնպես մի-մի բաժակ ձեռքերին, կանգնած, բոլորել էին սեղանի շուրջը: Կարոն խիստ հանդարտ և ծանր եղանակով կարդաց մի փոքրիկ ճառ: Բայց նրա խոսքերը, որոնք այնպես ազդու և զորեղ կերպով դուրս էին հոսում, մինչ այն աստիճան ներգործեցին իմ վրա, որ ես մինչև այսօր չեմ մոռացել, թեև այն օրից անցել է հիսուն տարի, այո՛, հիսուն տարի, դա քիչ չէ...

«Սիրելի՛ ընկերներ, մենք այն ազգի որդիքն ենք, որ զրկվելով հայրենական հողից, ցրված է աշխարհի զանազան անկյուններում: Մենք մի այնպիսի ժողովրդի ծնունդ ենք, որ ապրում է մի երկրում, ուր նրա խրճիթի օջախը շատ քիչ անգամ տաքանում է կրակով, որովհետև նա վառելիք չունի, որի տան մեջ լույս չկա արևը մտնելեն հետո, որովհետև նրա ճրագի յուղը վաղուց սպառվել է, որի որդիքը գիշերը քաղցած են քնում, որովհետև նա տանը հաց չունի: Արևն այրում է նրա զավակների մարմինը, ցուրտը սառեցնում է, անձրևը թրջում է, որովհետև նրանց հագուստներն այնքան քրքրված են, որ չեն կարողանում պահպանել անբախտներին եղանակների խստությունից:

Իսկ այդ ժողովուրդը ծույլ չէ. նա անդադար աշխատում է: Նա աշխատում է ավելի, քան թե կներեր մարդի ուժը: Նրա կինը, նրա աղջիկը, նրա փոքրիկ երեխաներն անգամ գործակից են լինում գերդաստանի հոր աշխատությանը: Դուք տեսել եք կանայք, որոնք հնձում են արտերը, և իրանց հունձը, իրանք շալակած, բերում են կալը ծեծելու համար: Դուք տեսել եք աղջիկներ, որոնք մեծ եռանդով մաքրում են մշակության ցանքերը ավելորդ խոտաբույսերից: Դուք տեսել եք երեխաներ, որոնք արորի լծերի վրա նստած, քշում են եզները և օգնում են հոր գործին:

Այո՛, այդ ժողովուրդը ծույլ չէ, նա աշխատում է, նա ամբողջ տարին հանգստություն չունի, բայց դարձյալ ապրում է աղքատության մեջ, դա՜ռն, ցավալի աղքատության մեջ...

Ի՞նչ է պատճառը:

Հողը, որի վրա նա ապրում է, թեև մի ժամանակ իր նախնիքներին էր պատկանում, բայց այժմ դարձել է օտար աղաների սեփականությունը: Նա մշակում է օտարի հողը: Իսկ աղայի պայմանները մշակի հետ այնքան ծանր են և անշահավետ, որ նրա երկրագործության բերքը և նրա վաստակը մեծ մասամբ վայելում է կալվածատերը. մշակի համար մնում է այնքան, որով չէ կարողանում յուր կենսական ամենաանհրաժեշտ պիտույքներին անգամ բավականություն տալ:

Գյուղացու կեցության մյուս պայմաններն ևս դրա նման են. Նրա խրճիթը դրվում է աղայի հողի վրա, նրա համար հարկ է վճարում: Նրա անասուններն արածում են աղայի արոտներում, նրանց համար հարկ է վճարում: Ինքը գյուղացին, նրա ընտանիքը ապրում են աղայի հողի վրա, այնտեղ ման են գալիս, նրա ջուրն են խմում, և իրանց գլուխներն պահպանելու համար հարկ են վճարում: Մի խոսքով, գյուղացին, բացի իր աշխատող ձեռքերից, ուրիշ ոչինչ չունի, նրան շրջապատող ամբողջ բնությունը պատկանում է աղային, և նրա մեջ գործելու համար նա պետք է զոհե իր աշխատության ամենամեծ մասը:

Ահա՛, այդ է պատճառը, սիրելի ընկերներ, որ մեր ժողովուրդը, հայրենի հողի վրա սնունդ չգտնելով, գաղթում է, անդադար գաղթում է և օտար երկրներում բախտ է որոնում: Բայց դառնո՞ւմ են գաղթականները: – Ո՛չ: Դուք գիտեք, քանի՛ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց տղամարդերի, քանի՛ հազարավոր օջախների կրակը հանգել է, որովհետև տղամարդիկը մեռել են պանդխտության մեջ...

Հաջորդ էջ