Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Մենք, որ բոլորել ենք այս սեղանի շուրջը, դուրս ենք եկել նույնպիսի ընտանիքներից. մեր մեծ մասը հայր, մայր, տուն, ազգականներ չունի, — բոլո՜րը կորած են անհայտության մեջ: Ուրեմն, մեզ ավելի հասկանալի է, թե ի՛նչ է կրում այս երկրում մշակ մարդը, որովհետև մենք երեխայությունից փորձել ենք այն ամեն դառնությունները, որովհետև մեր ամեն մեկի սրտում դեռ մնացել են անբժշկելի այն վերքերը, որ ստացել ենք բռնության կոպիտ ձեռքից:

Ընտանիքը չկարողացավ մեզ, յուր որդիներին, այնպես դաստիարակել, այնպիսի մի ուղղություն տալ, որ ձգեինք մեր վզից աղայի լուծը, և ազատ մնայինք նրա հարստահարություններից: Նա չկարողացավ մեզ սովորեցնել կյանքի և ապրուստի հաստատ պայմանները, որ մեզ համար աշխատեինք, մեզ համար գործեինք, և մեր վաստակը օտարը չխլեր մեր ձեռքից: Ընտանիքը չկարողացավ այդ անել, որովհետև ինքը ստրկացած էր, և ավելի ցավալին այն է, որ ստրկությունը դարձել էր նրա մեջ բնավորություն: Նա չէ՛ր բողոքում բռնության դեմ: Նա մտածում էր` թե աստված հենց այսպես ստեղծել էր նրան, թե նա գոհ պետք է լինի իր վիճակից, որովհետև ճակատագրից մի տառ անգամ փոխել կարող չէ...

Դպրոցը, որի աշակերտներն ենք այստեղ կանգնածներս, ավելի հաստատեց մեր մեջ ստրկությունը. դպրոցը սպանեց մեր մեջ ինքնագործունեության ուժերը: Քահանա վարժապետը մտցրուց մեր մեջ կույր հնազանդություն, — խոնարհվել և հպատակել ամեն իշխանությունների, որքան ծանր և անտանելի լիներ նրանց մեզ վրա դրած լուծը: Որովհետև ինքը վարժապետը նույնպես էր վարվում մեզ հետ: Նա ասում էր մեզ` թե այս աշխարհի կյանքն ունայն և անցավոր է. որքան ցավալի լինի նա, որքան ճոխ լինի նա տանջանքներով, այնքան ավելի վարձատրություն կգտնե մարդ մյուս կյանքում, որ սպասում է մեզ գերեզմանը մտնելուց հետո...

Բայց գտնվեցավ մի ձեռք, որ խլեց և դուրս բերեց մեզ դպրոցի բարոյապես և մտավորապես փտեցնող մթնոլորտից: Նա կանգնեցրուց մեզ ուղիղ ճանապարհի վրա: Նա սովորեցրուց մեզ կյանքի այն պայմանները, որոնցմով կարող է մարդ հանգիստ և ապահով ապրել: Նա սովորեցրուց մեզ օգնել և մեզ նման անբախտներին, որ նրանց կյանքն էլ հանգիստ լիներ, որ նրանց ապրուստն էլ ապահոված լիներ: — Եվ մենք նվիրեցինք մեզ ժողովրդի բարօրության գործին...

Խմենք, եղբայրներ, այն մարդու կենացը, որ մտցրուց մեր մեջ այդ ոգին, խմենք այն գործի հաջողության համար, որը մեր սուրբ ուխտն է»:

Բաժակները զարկվեցան մեկ մեկու և խմեցին որսորդ Ավոյի կենացը, բոլորը միաձայն գոչելով` «կեցցե՜ բարի գործը»...

ԺԹ

ԵՐԱԶ

Դարձյալ նույն հին երգը, մտածում էի ես Կարոյի ճառը լսելու միջոցիննույն երգը, որ նա երազում էր տասն և երկու տարի առաջ գյուղացիների և նրանց աղքատության մասին:

Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի. այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն: Միթե կարելի՞ է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ: Եվ ինչո՞վ, ո՞րպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը. երբ կառավարության ֆիրմաներն ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների բռնության առաջն առնել: Ես գիտեի հարյուրավոր օրինակներ, որ ժողովրդի բարօրության մասին շնորհած արքունի ֆիրմաները մնում էին անգործադրելի. խաները և բեկերը Բարձրագույն Դռան հրովարտակը ստիպեցնում էին բերողին ծամել և կուլ տալ, կամ պատռելով և ծեծելով բերողին, այնպես ճանապարհ էին դնում նրան, ասելով` «գնա՛, թագավորիդ խաբար տա՛ր»: Եվ այսպիսի գազանները, որոնք ժողովրդի արյունն էին ծծում, առանց խոնարհվելու որևիցե իշխանության, մնում էին միշտ անպատիժ:

Այժմ Կարոն, ոգևորված մի մոլի եռանդով, յուր անձնազոհ ընկերների հետ, աշխատում էին հեղափոխել հին դրությունը, աշխատում էին փշրել ստրկության շղթաները, որոնք դարբնվել էին այնքան շատ դարերով: Եվ ինչո՞վ, ո՞րպես...

Ինքը Կարոն խիստ ճիշտ նկատեց իր ճառի մեջ` թե «ստրկությունը դարձել է ժողովրդի մեջ բնավորություն»: Մի՞թե հեշտ է փոխել բնավորությունը, դարերով ամբոխի հոգու մեջ արմատացած բնավորությունը: Ի՞նչ օգուտ, երբ մի քանի եռանդոտ անձինք զարթել էին, հասկանում էին ժողովրդի չարն ու բարին, և աշխատում էին դարման տանել նրա խղճություններին, — երբ այդ մի քանի անձանց բոլոր ջանքերը կորչելու, ոչնչացնելու էր ընդհանուր անտարբերության մեջ: Նրանց բարբառը լինելու էր անապատում հնչող ձայն, և նրանց գործակցությունը, որպես մի համերաշխություն գերեզմանատան բնակիչների հետ, չէր հասնելու որևիցե օգտավետ վախճանի: Կարոն ինքը շատ լավ գիտեր այդ, որ ամբոխը գտնվում էր այն վիճակում, ինչ վիճակում լինում են խելագարները կամ հարբածները. նրանք ընկնում են ցեխերի մեջ և ամենևին չեն նկատում իրանց կեղտոտությունը. նրանք իրանց գլուխը պատերին են զարկում և ամենևին ցավ չեն զգում, թեև ճակատից արյուն էր հոսում. նրանք փողոցներում թավալված ժամանակ` ամեն անցնող երեխան ոտքով խփում է, թքում է նրանց վրա, բայց նրանք հանգիստ պառկած են և վիրավորանք չեն զգում: Կարոն գիտե՜ր այդ բոլորը: Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր նյութապես, ուտելու հաց չուներ և հագնելու հագուստ, բայց համբերում էր: Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր բարոյապես. շատ անգամ նրա կինը, աղջիկը, տղան զոհվում էին աղայի կրքերին, բայց նա համբերում էր...: Համբերում էր, որովհետև իր թշվառությունը, իր անպատվությունը չէր համարում կարգից դուրս բաներ, այլ մտածում էր` թե այլ կերպ լինել կարող չէր, թե ինքը հպատակ է, թե աղան ինչ որ ուզե, այն պետք է անե...:

Ե՛կ, դու փոխի՜ր դարևոր նախապաշարմունքը: Ի՞նչ կարող ես անել, երբ ամբոխը ինքը չէ բողոքում իր թշվառությունների համար, երբ ամեն անբախտություններ տանում է նա համբերությամբ, և, — որպես Կարոն հիշեց` իր ճառի մեջ, — տալիս է նրանց մի վերին և աստուծո նախասահմանությամբ կարգադրած օրենքի նշանակություն: Ի՞նչ պետք է անես...:

Միթե այսպե՞ս էին իմ դատողություններն այն ժամանակ, միթե այսպե՞ս էի մտածում ես...: Ո՜չ: Ես ինքս շատ հեռու չէի նույն նախապաշարմունքներից, որոնք տիրել էին ժողովրդին, որովհետև նրա հավատարիմ զավակն էի: Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես տասն և երկու տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցիորսորդ Ավոյիվարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք...:

Ընթրիքը թեև վերջացավ խիստ զվարճալի կերպով, բայց ես ամենևին ուրախ լինել չկարողացա, այդ պատճառով շատ գոհ եղա, երբ տղերքը շուտով պառկեցին քնելու: Բայց ես քնել չկարողացա, և դուրս գալով տաղավարից, երկար թափառում էի գիշերային մթության մեջ: Կարծես, հազար ու մեկ սատանաներ պտույտ էին գալիս իմ գլխում.երբեմն մտածում էի` գնամ Ասլանին ու Սագոյին խեղդեմ իրանց քնած տեղում: Հետո ինձ ու ինձ փոշմանում էի, ասելով` «չէ՞ որ նրանք մոռացան բոլորը, նրանք ներեցին ինձ»: Բայց ես կարո՞ղ էի ներել նրանց, որ այնպես անվայելուչ կերպով խոսում էին Մարոյի մասին...: Այսպիսի խառն մտածմունքներով լցված էր իմ հիմար գլուխը, երբ ես կրկին դարձա տաղավարի մոտ և պառկեցի նրանցից փոքր-ինչ հեռու խոտերի վրա:

Ետ ընկած լուսինը կամաց-կամաց վեր բարձրացավ սարի ետևից և լեռները լցվեցան արծաթի լուսով: Գեղեցիկ տեսարանը ամենևին չազդեց իմ վրա: Իմ գլուխը դեռ լիքն էր սև մտածմունքներով. իմ սիրտը դեռ անհանգիստ խռովության մեջ էր: Չգիտեմ, ինչո՞ւ այնպես վրդովված էի ես. չգիտեմ ի՞նչ էր, որ այնպես տանջում էր ինձ: Միայն այսքան եմ հիշում, որ շուտով իմ աչքերը լցվեցան ջերմ արտասուքով, ես սկսեցի լաց լինել, երկա՜ր լաց լինել...

Գիշերն ես անցուցի տենդային ջերմության մեջ: Առավոտյան լուսաբացի պահուն ինձ տիրեց մի թմրություն. այն ժամանակ ևս խառն երազները սկսեցին անհանգիստ անել: Ողորմա՜ծ աստված, ի՞նչեր չէին գնում և գալիս իմ աչքերի առջև, — սատանաներ, հրեշտակներ, դժոխք, արքայություն, — մի խոսքով, հարյուրավոր տխուր և ուրախալի պատմություններ, մինը մյուսից հետո կամ զվարճացնում էին ինձ և կամ սարսափեցնում...: Բայց երբ զարթեցա, բոլորը մոռացա, մի երազ միայն մնացել էր իմ մտքում, նրան հիշում եմ և այսօր:

Ինձ երևում էր, թե Սոլայի հեղեղատը հորդացել էր, որպես ամեն տարի, գարնան ժամանակ բարձրանում էին նրա ջրերը: Իսկ այժմ շատ էր բազմացել ջուրը, խիստ շատ: Կատաղած գետը գոռում էր, փրփրում էր, և հսկայական վիշապի նման սարսափելի պտույտներ էր գործում: Նրա պղտոր հորձանքները տանում էին իրանց հետ ամենը, ինչ որ հանդիպում էր: Ես տեսնում էի` թե ի՛նչպես ալիքների մեջ լող էին տալիս տնային կարասիք, տեսնում էի խեղդված մարդերի դիակներ, այլև երեխաները, կապած օրորոցների մեջ... Մտածում էի` ո՞րքան տներ պետք է քանդած լինի, ո՞րքան ընտանիքներ պետք է ոչնչացած լինի սարսափելի հեղեղատը... Անբախտ զոհերն երբեմն բարձրանում էին ալիքների հետ, երբեմն կորչում էին նրա պտույտների մեջ. երբեմն մոտենում էին գետի եզերքին. — ձեռքդ մեկնեի՛ր և ահա` կազատես, մտածում էի ես:

Ես տեսնում էի` Կարոյին, Ասլանին և Սագոյին, նրանք այնպես փոքրիկներ էին, որպես առաջ, երբ դեռ երեխա էին, երբ հեղեղատի ջուրը նստելու ժամանակը գնում էինք միասին նրա ափերից հավաքում էինք զանազան հնություններ, որոնց նա բերել էր իր հետ, քանդելով Քոհնա-շհարի ավերակները: Իսկ այն երազ չէր:

Իսկ այժմ տեսնում էի ընկերներիս նույն հասակում, որոնք ցույց էին տալիս խեղդվող մարդիկներին և ասում էին ինձ` «տե՛ս, Ֆարհատ, ի՜նչպես տարվում են այդ անբախտները հոսանքի հետ, գնանք, ազատենք նրանց»:

Երբ աչքս կրկին դարձրի դեպի գետը, ալիքների մեջ տեսա մի քանի ինձ ծանոթ երեսներՄարիամին, Մագթաղին, իմ հորը, իմ մորը, — իմ աչքերի առջև մթնեցավ, վազեցի դեպի ափը, որ օգնություն հասցնեմ: Հանկարծ գետի խարխուլ եզրը փուլ եկավ, ես գլորվեցա ցած...: Ինչպես մի թեթև փետուր ես տարվում էի պղտոր հոսանքի հետ... կատաղի ալիքները շատ անգամ խորասույզ էին անում ինձ դեպի հատակը, շատ անգամ դուրս հանում. կրկին տեսնում էի սիրելի պատկերները սարսափած և գունաթափ երեսներով...: Աշխատում էի ափին մոտենալ, հնարք չէր լինում, իմ թևքերի ուժը հետզհետե թուլանում էր, և ես խեղդվելու մոտ էի... Ես կանչում էի Կարոյին, Ասլանին և Սագոյին, որ նրանք ազատեն ինձ. բայց երբ աչքս դարձրի դեպի հոսանքի ընթացքը, տեսա, նրանք էլ տարուբերվում են ալիքների մեջ...:

Հանկարծ հայտնվեցան երկու կերպարանքներ, որոնք ձեռքները մեկնած, աշխատում էին ազատել ինձ, նրանցից մեկը տխուր էր դեմքով և աչքերումը արտասուք կար, մյուսը ուրախ և պայծառ էր երեսով և հրեղեն աչքեր ուներ: Ինձ երևաց, թե նրանք երկու հրեշտակներ էին, որոնք իջան երկնքից. իսկ հետո ճանաչեցի` մեկը Սոնան էր, մյուսը` Մարոն, հետո՜, երբ ես թաղվեցա ջրի տակ և մյուս անգամ դուրս չեկա...:

Երբ ես զարթեցա, Կարոն կանգնած էր իմ մոտ:

Դու հիվանդ ես, Ֆարհատ, — ասաց նա խռոված կերպով: — Քո երեսը մեռելի գույն է ստացել, դու այնպես սարսափելի բաներ էիր խոսում քնիդ մեջ...:

Ես պատասխանեցի, թե քունս անհանգիստ էր, և ես ոչ բոլորովին առողջ եմ զգում ինձ. գլուխս սաստիկ ցավում է, անդամներս ջարդվում են, որպես թե ամբողջ մարմինս սանդի մեջ ծեծած լինեին:

Կարոն հայտնեց ինձ, թե իրանք պետք է գնան Բարդուղիմեոս առաքելո վանքը «մի գործի» համար և կվերադառնան մյուս օրը երեկոյան, և խորհուրդ տվեց ինձ մնալ ծերունի որսորդի տանը, ավելացնելով, թե գիշերը տաղավարից դուրս բացօթյա քնելով, մրսած կլինեմ, պատվիրեց տաք բան խմել և քրտնել, որով շուտով կանցներ տկարությունը:

Երբ նրանք նստեցին ձիաները, կամենում էին հեռանալ, Սագոն մոտեցավ ինձ և խուլ ձայնով ասաց.

Գնա՛ տուն, բախտավոր, գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ...

Ի

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՈՂ

Արևը նոր սկսեց ծագել:

Հասոն տաղավարում չէր. տղերքը գնալուց հետո ես մենակ մնացի այնտեղ: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ: Գնամ տուն, հին բարեկամիս տունը, այնտեղ «Մարոն կբժշկե ինձ»: Չէ՛, չեմ գնա, Մարոն թող չտեսնե, որ իմ առողջությունը վատ է, նա փափուկ սիրտ ունի, նա լաց կլինի.... Չէ՛, գնամ մի փոքր ման գալու, գուցե վաղորդյան օդը կկազդուրեր ինձ:

Առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից, և արեգակի առաջին ճառագայթները խաղալով մարգարտյա կաթիլների հետ, արտափայլում էին ծիածանի գույներով: Օդը տոգորված փափուկ խոնավությամբ, հովացնում էր իմ բորբոքված երեսը: Հեռավոր լեռները դեռ պատած էին ճերմակ ու թափանցիկ մշուշով:

Իմ թուլացած անդամները բավականին զվարթացան վաղորդյան հովությունից, բայց տակավին սիրտս խռովության մեջ էր: Ես գնում էի լուռ և մտախոհ կերպով. ո՞ւր էի գնում, ինքս չէի իմանում, միայն մի բան ինձ քաշում էր հեռու մարդկային բնակությունից: Գիշերվա երազն ամենևին դուրս չէր գալիս իմ մտքից. նույն զարհուրելի տեսարանները ներկայացնում էին իմ երևակայության մեջ: Ի՞նչ էր նշանակում այն սարսափելի հեղեղատը: Ի՞նչ էր նշանակում պղտոր ալիքների այնպես փրփրելով, գոռալով կատաղի հոսանքը, որ տանում էր իր հետ այնքան անբախտ զոհեր, որոնց թվում գտնվում էին և այն անձինքը, որոնք այնքան մոտ և սիրելի էին իմ սրտին...: Վերջապես ի՞նչ էր նշանակում Սոնայի և Մարոյի իմ օգնությանը հասնելը. մի՞թե նրանց ձեռքումն էր իմ փրկությունը, մի՞թե նրանք կարողացան ազատել ինձ: — Ոչ, մինչև նրանց հասնելը ես արդեն ջրի խորքումն էի, այն սառը և թաց գերեզմանի մեջ թաղված...

Մի՞թե մեր կյանքը մի այսպիսի երազ չէր... մի՞թե մեզ ևս իր հետ չէր տանում աշխարհային հոսանքը իր կատաղի ալեկոծության մեջ...

Ես գնում էի մի հովտի միջով, ուր մշակված դաշտերը խոստանում էին առատ հունձք. մի տեղ դեռ նոր էին վարում հողը, մի տեղ ցանում էին, մյուս տեղ արածացնում էին ոչխարների հոտերը, մի խոսքով, որ կողմ և նայում էի, եփ էր գալիս աշխատություն, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ երևում էր կյանք և գործունեություն: Այո՛, «ծույլ չէ այդ ժողովուրդը...», հիշեցի Կարոյի խոսքերը, և մի այդպիսի ժողովուրդը անբա՜խտ է...

Հանկարծ իմ ականջին զարկեց մի երգի ձայն, նա խիստ քաղցր եղանակով հնչվում էր առավոտյան հովության մեջ, ես պարզ որոշում էի հետևյալ խոսքերը.

Ահա ծագեց կարմիր արև,
Տաք և պայծառ է օրը,
Դե՛, քաշեցե՛ք, սիրուն եզներ,
Հառա՜ջ տարե՛ք արորը:

Վարը վարենք, ակոս փորենք,
Խո՜ր ակոսներ հողի մեջ,
Սերմը ցանենք, որ հունձ հնձենք,
Ցորյան դիզենք կալի մեջ:

Կգա ձմեռմենք վախ չունենք. —
Ուրա՜խ կանցնի մեր օրը.
Ուտելու միշտ պաշար ունենք,
Լի և կուշտ է մեր փորը:

Դե՛, քաշեցեք, սիրուն եզներ,
Շուտով վարենք արտերը,
Թող չասեն մեր դրացիքը`
Ծույլ են Հասոյի եզները:

Երգողը Հասոն էր, որ ինչ-որ հեռու վարում էր իր արտը: Ես մոտեցա նրան և տեղային սովորության հարմար ասեցի.

Բարի հաջողություն:

Նա ընդունեց իմ ողջույնը և շարունակեց իր գործը: Ես հարցրի` արդյոք նրա երգի պարունակությունը համապատասխանո՞ւմ էր իր դրությանը, նա ձմեռը հաց կունենա՞ր ուտելու, և իր անասունները կարո՞ղ էին կուշտ ապրել: Նա պատասխանեց, թե մենք միշտ երգում ենք այն, ինչ որ իսկապես չունենք կամ բնավ չենք ունեցել... և ավելացրեց` թե լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ. անգործությունը մեռելներին է պատկանում:

Այս արտը աղայի մուլք չէ, — ասաց նա:

Բա՛ ո՞ւմն է:

Նա ասաց, թե իր հայրը գնել էր այդ հողը մի քուրդ բեկի այրի կնոջից, որը փողի սաստիկ կարոտության մեջ լինելով, ստիպվեցավ վաճառել իր կալվածքը, և իբրև իրանց սեփականության, նա ազատ էր աղայական տուրքերից: Իմ կարծիքին, թե լավ կլիներ, որ ամեն գյուղացի իր սեփական հողն ունենար, Հասոն պատասխանեցլավ կլիներ, եթե թողնեին... և ավելացրուց, — թե գյուղացիք փող չունեն հող գնելու համար, և եթե գնեին ևս, աղաները նրանց հետ թշնամանում են, սկսում են նեղացնել, կամ ջուր չեն տալիս, կամ սովորացնում են իրանց մարդիկներին նրանց ցանքերը փչացնում են, կալը կամ հունձի դեզերը հրդեհում են, վերջապես, ամեն միջոցներ գործ են դնում, որ գյուղացին չվստահանա կալվածատեր լինելու, այլ միշտ մնա այն կարծիքի մեջ, թե ինքը առանց աղայի օգնության, առանց նորա հովանավորություն, որևիցե միջոցով ապրուստ ճարել կարող չէ:

Քո բարի աչքերով տեսնում ես, — շարունակեց նա, — հորես գոտկումս խրած եմ մի ջուխտ թափանչա. այնտեղ լծան վրա կապած է թվանքը. ինչո՞ւ համար են դրանք. ես այստեղ վար եմ վարում. ո՞ւմ հետ կռիվ ունեմ, բայց էլի հարկավոր են. թշնամին ամեն ժամ մեր վզի ետևեն կանգնած է: Մեկ էլ տեսար, երկու քրդի ձիավոր մզրախները ձեռներին, լո՜-լո՜ կանչելով, ձորի մեջեն դուրս եկան, եզները կարձակեն և կտանեն. աչքերդ բաց-բաց պետք է կանգնես և մտիկ տաս. շատ-շատ կսկսես քո գլուխը թակել, որ տարան սիրուն եզներդ, էգուց արորը վարող չես ունենա...: Բայց քանի սրանք իմ մոտ են, — նա ձեռքը դրեց ատրճանակների վրա, — ինքը սատանան չի կարա մոտենալ Հասոյի եզներին...

Միևնույնը կարող է պատահել և այն մշակների հետ, որոնք վարում են աղայի արտերը:

Չէ, աղաներն իրանք են թալանում իրանց բանվորներին, բայց թող չեն տալիս ուրիշները մոտենան իրանց խոնարհ ծառաներին: Ամեն գազան իր որսը պահպանում է մեկել գազաններից:

Այդ միևնույն է, թե իրանք և թե օտարները, երկու դեպքում ևս մշակը կողոպտվում է:

Միևնույնը չէ: Դու խո գիտես այն հավի առակը, որ ամեն օր մի-մի ոսկի հավկիթ էր ածում իր տիրոջ համար: Մշակը մի այնպիսի հավ է աղայի համար, աղան մեկ անգամից չէ սպանում հավին (մշակին), որ նրա փորից խազինա (գանձ) դուրս բերե. նա թողնում է, որ նա ապրե, որ ոսկի հավկիթը շարունակ ստանա: Բայց ավազակները նրա կյանքին չեն ափսոսում, ուզում են մեկ անգամից հարստանալ և սպանում են...

Քանի՞ օրումը կվերջացնես այս արտի վարելը, — հարցրի ես, կամենալով փոխել խոսակցությունը, որ խիստ տխուր տպավորություն գործեց իմ վրա, երբ մտածում էի, թե ինչով է ապահոված երկրագործը, որ միշտ իր զենքով պետք է պահպանե իր անասունները և իր մշակության բերքը ավազակների հարձակմունքներց: Բայց մի՞թե յուրաքանչյուր մշակ կարող է որսորդ Ավոյի որդին լինել և զենք բանեցնել... ի՞նչ կարող է լինել այն խեղճերի դրությունը, որոնք մի հասարակ դանակ ևս չունեն իրանց գրպանում:

Հասոն չլսեց իմ հարցմունքը, և ես մյուս անգամ կրկնեցի, թե քանի օրում նա կարող էր վարել իր արտը:

Եթե տերը հաջողություն կտա, ինչ մեծ բան է նրա վարելը: — Դեպի ա՛ջ, Մարալ, դու այսօր հենց թե խելքումդ չես, — այս ասելով նա բզեց կարմիր եզան կողքը: — Տե՛ս, «Գութանը» այնտեղ էր կանգնած, — նա իր վարոցով ցույց տվեց երկինքը, — իստակ այնտեղ, երբ ես լծեցի արորը. հիմա աստուծո օգնությունով, տեսնո՞ւմ ես որքան վարել եմ: Վաղվա գործը օրհնած է, թե չէ, երբ արևը բարձրացավ, այն ժամանակ ոչ թե մեղավոր մարդուն, այլ անբան անասուններին էլ մեղք է բանեցնելը, իստակ էրում է արևը, չես կարող շունչ քաշել: — Դեպի կորդ, Ջեյրան, ի՜նչ ես հոգիդ տալիս, — այս անգամին նա բզեց մոխրագույն եզան կողքը:

Կարծես նրա եզներըՄարալը և Ջեյրանըհասկանում էին իրանց տիրոջ նկատողությունները և այնպես խելացի կերպով տանում էին գործը: Բայց Հասոն տեսնելով` ես երկար զբաղեցնում եմ նրան իմ հարցուփորձով, ուզեց ինձ որպես ասում են` «իր գլխիցը ռադ անել» և այս մտքով ասաց.

Դու սիրո՞ւմ ես, Ֆարհատ, առավոտյան խիար (վարունգ) ուտելը, դա սրտի համար լավ է, գնա՛, այն խոտերի մեջ մի քանի հատ թաքցրել եմ, որ սառն մնան, կտրե ու կե՛ր, թե դանակ չունես, ես կտամ:

Ես շնորհակալություն արեցի, հայտնելով, թե սովորություն չունեմ անոթի որևիցե միրգ ուտել, և մնաք բարյավ ասելով, հեռացա աշխատասեր մշակից:

Կրկին զարթեցան իմ մեջ նոր և նոր մտածմունքներ, երբ ես հիշեցի Հասոյի խոսքը` «լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ, անգործությունը մեռելներին է պատկանում»: Ես այն ժամանակ չկարողացա հասկանալ, իսկ այժմ հասկանում եմ այս խոսքերի իմաստը: Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել, նա ուներ իր փառավոր ապագան: Իսկ անգործունեությունը, իրավ որ, մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է: Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ. նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը: Եվ այս` կյանքի և մահու կռվի մեջ` նա իրան պատրաստում է մի օրվա համար, երբ կտիրեն իրավունքը և արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից: Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել...

Այո՛, այս ճշմարտությունն անհասկանալի էր ինձ այն ժամանակ, ե՛ս, ե՛ս միայն էի անգործ արարածը այն ընդարձակ տարածության մեջ, ուր ամեն մարդ զբաղված էր իր աշխատանքով: Ո՞վ գցեց ինձ այն մոլորության մեջ, ո՞վ սպանեց իմ մեջ աշխատասիրության եռանդը: Ես մտաբերեցի հայր Թոդիկի վարդապետությունը, որ նա մեկնում էր իր աշակերտներին իր բուն բառացի իմաստով. «մարդը պետք է երկնքի թռչունների նման ապրե, որոնք ոչ վարում են, ոչ ցանում են և ոչ հնձում են, բայց միշտ կուշտ են, աստված հասցնում է նրանց կերակուրը»: Այդ խոսքերը նա իր գլխից չէր դուրս տալիս, դրանք գրքից առած խոսքեր էին: Հիմնվելով հիշյալ բնաբանի վրա, տեր-հայրը ընդարձակում էր այն միտքը, «թե պետք չէ հոգ տանել այս աշխարհի կյանքի համար, նա ունայն և անցավոր է, թե յուրաքանչյուր մարդու համար աստված նշանակել է նրա օրական պարենը (ապրուստը), մեկին շատ, մեկին քիչ. նույնը կհասցնե նա անընդհատ կերպով և չի թողնի իր արարածը քաղցած մնա: Մարդից, իրանից, ոչինչ կախված չէ, որքան և ջանք գործ դներ, դարձյալ նա չէ կարող մի մազաչափ ավելացնել, կամ պակասացնել ապրուստի այն չափից, որ նշանակել է նրա համար աստված»:

Քահանայի վարդապետությունը և Հասոյի խոսքը ծնուցին իմ մեջ երկու միմյանց հակառակ գաղափարներ. մեկը անհոգություն և հույս դնել աստուծո նախախնամության վրա. մյուսը` գործունեություն և հույս դնել իր աշխատող ձեռքերի վրա: Ո՞րն էր դրանցից ճշմարիտը. ես որոշել կարող չէի, միայն մտածում էի` թե քահանայի ասածը պետք է որ ուղիղ լինի, որովհետև տեսնում էի` մարդիկ այնքան աշխատում էին, կաշուց դուրս էին գալիս, դարձյալ մնում էին աղքատ: Երևի, ասում էի ես, նրանց ապրուստը այնպես քիչ է նշանակած, որ նրանք երբեք չեն կարող լինել ապահոված: Իսկ աղան կմնա միշտ աղա, որովհետև նա ոչ վարում է, ոչ ցանում է, ոչ հնձում է, և նրա սեղանը միշտ լի է և ճոխ...

Հիմնվելով վերոհիշյալ մտախոհությունների վրա, Կարոյի և իր ընկերների նպատակը ինձ երևում էր բոլորովին երևակայական, և ես խիստ ափսոսում էի, որ նրանք ընկած էին այնպիսի անելանելի մոլորության մեջ...

Ես միայն չէի, որ այսպես էի մտածում, բոլոր ժողովուրդը այսպես էր մտածում, որովհետև նրանք նույնպիսի տեր թոդիկների աշակերտներ էին, որպես ես:

Եվ Կարոն աշխատում էր մի այսպիսի նախապաշարված ժողովրդի բարօրության համար...

ԻԱ

ՆԱԽԱԳՈւՇԱԿՈւԹՅՈւՆ

Արեգակն սկսել էր արդեն այրել. կեսօրվա տոթից դժվարանում էր մարդի շնչառությունը: Բաժանվելով Հասոյից, ես գնում էի մի նեղ շավիղով, որ տանում էր դեպի փոքրիկ վտակը ձորի մեջ. այնտեղ արծաթափայլ ջրի կանաչ ափերը հովանավորում էին մի խումբ ծառեր, որոնք տարածել էին իրանց ստվերը մետաքսի պես փափուկ խոտերի վրա: Ես շտապեցի այնտեղ փոքր-ինչ ազատ շունչ քաշել: Ծառերը նվիրական էին մի փոքրիկ մատուռի, որի կիսավեր փլատակները դեռ վայելում էին իրանց սրբազնական հարգանքը բարեպաշտ ժողովրդից: Մատուռի մի քանի ողջ մնացած կամարները, որոնք ազատվել էին ժամանակի մաշող ձեռքից, թաքնվել էին, միմյանց հետ խիտ փաթաթված թուփերի և մացառների մեջ, իսկ նվիրական ծառերը բարձր տարածելով իրանց ազատ ճյուղերը, գրկել էին իրանց ծոցում այն հինավուրց սրբարանը:

Ծառերից մի քանիսի ճյուղերի վրա փաթաթված էին գույնզգույն թելեր և շորերի կտորտանքներ: Տատս վաղուց մեկնել էր ինձ այսպիսի ծառերի նշանակությունը. նա ասում էր` «երբ սուրբ ծառի ճյուղին մարդ կապում է իր հագուստից մի կտոր, իր բոլոր ցավերը անցնում են այն ծառի վրա»: Իմ սիրտն էլ լի էր ցավերով... ես էլ տանջվում էի տխուր և հոգեմաշ զգացմունքներով... չթեթևացնե՞լ արդյոք այս անախորժ բեռը...: Ես դուրս քաշեցի իմ արխալուղի կալվածքից մի թել և դողդոջուն ձեռքերով կապեցի նվիրական ծառի ճյուղին:

Այս բավական չէ՛, — լսելի եղավ մի ձայն:

Ես սոսկացի. տեսնում եմ` նույն ծառի բունի ետև կծկվել է մի կին: Սատանան իր բոլոր հրեշավոր այլանդակությամբ չէր կարող այնքան զարհուրելի լինել, որպես այն մռայլոտ կերպարանքը:

Թե ուզում ես լավը, Սուսանը կտա քեզ մի թիլիսման, այն ժամանակ ամենը կերթա` ինչպես եղն ու մեղր...

Ա՜խ, Սուսան, դո՞ւն ես, — կրկնեցի ես ուրախանալով: — Այստեղ ի՞նչ ես շինում, ո՜րքան վախեցա ես, Սուսան, ասա՛, տեսա՞ր «նրան», թե չէ՛ ...:

Դուն Կարոն չես, — պատասխանեց բոշան, ամենևին չշարժվելով իր տեղից: — Դուն Սուսանին էլ չես կարող խաբել...

Բոշան դեռ չէր մոռացել իմ խորամանկությունը, որ գործ դրի նրա հետ արաբական մինարեթի մոտ. բայց ես կամենալով փոքր-ինչ մեղմել իմ նրա վրա թողած վատ տպավորությունը, պատասխանեցի.

Դու խո գիտես, որ ես Կարոյի ընկերն եմ, նրա լավ ընկերը, Կարոն ինքն ասաց քեզ: Մոռացել ես, Սուսան:

Սուսանը չէ մոռացել, նա այդ գիտե:

Եվ խիստ մերձ նստեցի խորհրդական կնոջ մոտ, որ այն նվիրական ծառերի հովանու տակ ինձ երևում էր որպես գերբնական արարածներից մեկը, որոնք միշտ կերպարանափոխ են լինում: Եվ իրավ, Սուսանը այսօր այն չէր, որ տեսել էի առաջին անգամ արաբական ավերակներում. նա ինձ այժմ չէր երևում այն չոր ու ցամաք, այլանդակված պառավը, որի վրա չէր կարելի նայել առանց զարհուրանքի: Այլ ընդհակառակն, այսօր նրա աղոտ կերպարանքի մեջ ես նշմարում էի հետքերը վաղօրոք թառամած գեղեցկության: Նրա մաշված երեսը դեռ պահպանել էր իր ազդու, համակրական արտահայտությունը, և սևորակ աչքերը նայում էին խորին տխրությամբ, որպես հայելիներ, որոնց մեջ արտափայլում էին կոտրած և վշտահար սրտի բոլոր տանջանքները:

Դու այն օրից հետո տեսե՞լ ես Կարոյին, Սուսան, — հարցրի ես, մտերմաբար նրա երեսին նայելով:

Այսօր դեռ մարդիկը ճաշ չէին կերած, Սուսանը տեսավ Կարոյին:

Բայց «նրա», այն աղջկա մասին, որ ամրոցումն է... ի՞նչ խաբար տվիր Կարոյին:

Այդ մի՛ հարցրու. Սուսանը չի ասի քեզ:

Դու գիտես, որ Կարոն ինձանից ծածուկ ոչինչ չունի:

Թո՛ղ նա ասե քեզ:

Ես տեսա, անկարելի էր այդ գաղտնիքը դուրս քաշել ծածկամիտ կնոջից, թողեցի հարցուփորձը: Նույն ժամուն Սուսանը իր նուրբ, շագանակի կեղևի գույն ունեցող շրթունքներից դուրս հնչեց մի օտարոտի ձայն, որ ավելի նման էր թռչունների ճլվլոցին, և իսկույն ոչ այնքան հեռու գտնված թուփերի միջից լսելի եղավ նույնպիսի ձայն: Րոպե չէր անցել, երբ այնտեղից դուրս վազեց փոքրիկ երեխա, որ գալով Սուսանի մոտ, կպավ նրա կուրծքին, և իր արևից այրված մերկ թևքերով գրկելով նրա պարանոցը, սկսավ համբուրել նրան:

Այս տեսարանը խիստ հոգեշարժ էր և իմ սնահավատության վրա ազդեց մի դյութական զորությամբ. ես մտածում էի` փոքրիկ երեխան չէ՞ արդյոք այն ոգիներից մինը, որի միջնորդությամբ Սուսանը կատարում է իր կախարդական արարողությունները: Իմ կարծիքին ավելի ուժ էր տալիս այն դյութական հագուստը, որ խիստ սազ էր գալիս նրա վայելուչ կազմվածքին, որի յուրաքանչյուր գծերից երևում էր վայրենի գեղեցկությունը իր պարզ և անկեղծ հրապուրանքով: Դա նույն երեխան էր, որ մի անգամ ևս երևցել էր ինձ արաբական ավերակներում, երբ առաջին անգամ տեսա Սուսանին:

Երբ նա տեսավ ինձ, թողեց Սուսանին և ժպտալով վազեց իմ մոտ, կարծես, ես նրա վաղեմի ծանոթը լինեի:

Գնի՛ր, պարոն, այս թիլիսմանը, Հյուբբին իր ձեռքովն է շինել, — ասաց ինձ:

Նա կրկին ժպտեց և սև փայլուն աչքերով սկսեց նայել իմ երեսին, տալով ինձ սաթից շինած մի տափակ-քառանկյունի բան: Այն մի հմաեակ էր նախշած զանազան նշանագրերով, որի նմանը շատ անգամ տեսել էի կանանց պարանոցեն քաշ ընկած: Ես տվեցի իմ մոտ գտնված միակ արծաթի դրամը և գնեցի փոքրիկ կախարդից թիլիսմանը: Նա գլուխ տվեց և կրկին վազեց Սուսանի մոտ:

Հյուբբի, երգի՛ր մի բան պարոնի համար, նա քեզ ավելի փող տվեց, քան թե կարժեր քո թիլիսմանը, — ասաց նրան պառավը:

Փոքրիկ աղջիկը, առանց քաշվելու, խիստ համարձակ կերպով եղանակեց մի թեթև երգ ինձ բոլորովին անհասկանալի լեզվով. միայն նրա ձայնը իր թարմ և քաղցր հնչյուններով բավականին ախորժ տպավորություն գործեց իմ վրա: Վերջացնելով իր երգը, նա կրկին վազեց իմ մոտ:

Տո՛ւր ձեռքդ, թող Հյուբբին գուշակե քեզ համար, — ասաց նա իմ աջը բռնելով իր փոքրիկ ձեռքերով:

Ես թույլ տվեցի: Նա նստեց ինձ մոտ: Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ, թե որպիսի խորհրդական ծանրությամբ փոքրիկ մարգարեուհին սկսեց իր գուշակությունները, իմ աջ ափի գծերի մեջ կարդալով իմ ճակատագիրը: Նրա խոսքերը թեև անկապ էին, որպես քրմուհու առեղծվածներ, բայց զուրկ չէին իմաստից. ես կարող եմ կազմակերպել այսպես.

Next page