Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Ես զարմանում էի այդ եկեղեցականի դատողությունների վրա. նա բոլորովին հակառակն էր ասում, ինչ որ խոսում էին մյուս եկեղեցականները. նա չէր քարոզում աշխարհի ունայնությունը, նա չէր պախարակում կյանքի վայելչությունները, պնդելով, թե մարմինը զրկելով, մարդիկ ավելի մոտենում են երկնքին, ուր պետք է սպասել իսկական երջանկությունը:

Այո՛, — ավելացրեց Ասլանը, — ուսումը պետք է լինի միջոց կյանքի իրական պահանջները հայթայթելու համար: Ասացեք, խնդրեմ, Հայրիկ, ո՞րն է ձեր կարծիքով ժողովրդի այժմյան ամենաանհրաժեշտ պահանջը, կամ, այլ խոսքով, ինչո՞ւմն է նրա գլխավոր հիվանդությունը, որը շուտափույթ բժշկության կարոտ է:

Կարծես տխրության մի ամպ անցավ Հայրիկի պայծառ դեմքի վրա, և նրա գույնը մռայլվեցավ:

Մեր ժողովրդի հիվանդությունը, — ասաց նա, — այնքան բազմատեսակ է և բաղադրյալ, որ անկարելի է մի քանի խոսքով բացատրել, պարոն բժշկապետ: Բայց ձեզ, որպես բժշկի, ավելի հասկանալի պետք է լինի, երբ հիվանդությունները բաղադրյալ են, այդ դեպքում, գտնում են ամենագլխավորը, որ մահ է սպառնում հիվանդի կյանքին, և նրանից են սկսում բժշկությունը:

Այդ իրավ է: Բայց ո՞րն է գլխավոր հիվանդությունը:

Իմ կարծիքով գաղթականությունը:

Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա, բացատրելով այն միտքը, թե հային պետք է հնար տալ, որ կարողանա ապահովել իր ապրուստը հայրենի հողի վրա, և ստիպված չլինի օտար երկրներում հաց որոնել:

Ես հասկանում եմ, երբ եվրոպացին գաղթում է, — ասաց նա: — Նրա երկիրը այնքան նեղ է, մարդիկը այնքան բազմացել են, որ հողը չէ բավականանում: Իսկ մեզ մոտ հողը ընդարձակ է, բայց մարդիկ նրանից օգուտ քաղել չեն կարողանում:

Ուրեմն ինչի՞ց է հառաջ գալիս գաղթականությունը:

Շատ և շատ պատճառներից. նրանցից, որ երկրագործությունը դեռ իր նահապետական դրության մեջն է, նրանից, որ ժողովրդի արդյունաբերող մասը, մշակը, կողոպտվում է զանազան հարստահարողներից, նրանից, որ ճանապարհների հաղորդակցությունները վատ են, և երկրի բերքը չէ արտահանվում, նրանից, որ մենք չունենք ոչ մի ընկերություն, ոչ մի հիմնարկություն, որ նպաստեր երկրի տնտեսական դրությունը բարվոքելու... — Ո՞ր մեկը ասեմ:

Դուք կարծում եք, այժմյան հանգամանքների մեջ հնար կա՞ բարվոքելու...

Խոսակցությունը անցավ այն առարկայի վրա, թե արդյոք կարելի՞ է մի այնպիսի երկրում, ուր տիրող կառավարությունը, փոխանակ նպաստելու, ինքն է արգելք դնում ամեն հառաջադիմության, ուր մահմեդական ցեղերի կամայականությունը չափ և սահման չունի, ուր մարդու կյանքը, կայքը ամեն րոպե վտանգի ենթակա էր, մի այդպիսի երկրում կարո՞ղ է հայը անձնատուր լինի խաղաղ աշխատության և տնօրինել իր կյանքի բարին: Հայրիկը ասաց.

Մեր շրջապատող աննպաստ հանգամանքների մեջ, իրավ է, մեր ժողովուրդը չէ կարող իրան նվիրել խաղաղ աշխատության, և այդ պետք է գլխավոր պատճառներից մեկը համարել, որ շատերը դուրս են փախչում հայրենիքից, գնում են օտար երկրներում բախտ որոնելու: Բայց խո բոլոր հանցանքը չէ՞ կարելի դնել միայն չարագործի վրա, որ կողոպտում է, հափշտակում է ուրիշի աշխատության արդյունքը: Նույնքան հանցավոր պետք է համարել և նրան, որ թույլ է տալիս իրան կողոպտել: Ես հավատացած եմ, որ քուրդ ավւսզակը երբեք չի մոտենա հայի ոչխարների հոտին, եթե գիտենա, որ կհանդիպի տիրոջը` հրացանը ձեռին:

Ես էլ այդպես եմ կարծում, — ասաց Ասլանը: — Բայց ինչո՞ւ հոգևորականությունը, որ կարող էր ավելի ազդել, չէ քարոզում հայերին փոքր ի շատե անձնապաշտպանության սովորել: Արևելքում կրոնը և հոգևորականությունը միշտ դեր են խաղացել ամեն մի հասարակական շարժումների ժամանակ և պիտի խաղան:

Հայրիկի դեմքը դարձյալ մռայլվեցավ:

Ես իմ պաշտոնակիցներից ա՛յդ չեմ սպասում, — ասաց նա, — որ նրանք քարոզեին ժողովրդին անձնապաշտպանության սովորել. ես նրանցից շատ գոհ կլինեի, եթե ստրկության չսովորեցնեին: Նրանք ամեն հոգսեր կառավարության վրա են դնում: Կառավարության գործն է, ասում են, հսկել կարգի և ժողովրդի հանգստության վրա: Իսկ երբ ինքը` կառավարությունը, թույլ է, անկարգ է, այլևս ի՞նչպես կարող է կարգ պահպանել: Նրանք այդ չեն մտածում և միշտ սպասում են, որ մի օր ամեն բան ինքնիրան կլավանա...

Հետո Հայրիկը մեծ ցավակցությամբ սկսեց խոսել այն երկպառակության վրա, որի պատճառով ամբողջ տասնյակ տարիներ Վանա հայ հասարակությունը ալեկոծության մեջ էր գտնվում, և որը այնքան աղետավոր չարիքների առիթ եղավ: Ժողովուրդը երկու կուսակցության էր բաժանված. մեկի պարագլուխն էր տեղային հոգևոր առաջնորդը մի քանի հարուստ աղաների և դավաճան էֆենդիների հետ, որոնք կառավարության պաշտոնների մեջ էին գտնվում, իսկ մյուս կուսակցության պարագլուխը նորահաս երիտասարդության մի խումբ էր, որոնց թվին պատկանում էր և Հայրիկը: Մի կողմում ուժ, հարստություն և իշխանություն, մյուս կողմում` եռանդ, բարի ցանկություններ և տկարություն: Մեկը անկարգ կառավարության կողմն էր, իսկ մյուսը` նեղված, հարստահարված ժողովրդի: Մեկը պահանջում էր կուրություն և անպայման հնազանդություն, իսկ մյուսը բողոքում էր կատարվող անիրավությունների դեմ: Այդ բոլորը լսելուց հետո, ես այն ժամանակ միայն ավելի պարզ հասկացա, թե ի՞նչն էր գրգել հոգևոր առաջնորդին և նրա կուսակից էֆենդիներին դավադրություն գործ դնել Հայրիկի կյանքի դեմ: Եվ այդ բոլորը պատմում էր նա հանդարտ և հանգիստ կերպով, առանց վրդովվելու և առանց բարկության: Ատելության մի նշույլ անգամ չէր նկատվում նրա խաղաղ դեմքի վրա: Բայց նրա սառնասրտությունը առաջ էր գալիս ոչ թե անտարբերությունից, այլ նրա մեծահոգությունից և բարձր առաքինությունից, որով ներողամտությամբ էր վերաբերվում դեպի իր թշնամիների չարությունները: Բայց, միևնույն ժամանակ, չէր կարելի չնկատել նրա խոսքերի ու ձայնի մեջ մի ցավ, մի դառն և խորին ցավ, որ թաքնված էր նրա սրտում. թե ինչո՞ւ այդպես պետք է լիներ, թե այդ անհամաձայնությունը, այդ երկպառակությունները, այդ ներքին կռիվը ո՞րքան ջլատում էին նրանց ուժերը, որքան ժամանակ էին խլում նրանցից, երբ կարող էին ավելի օգտավետ, ավելի նպատակահարմար գործերով զբաղված լինել:

Ահա՛ այդպես է լինում, — շարունակեց նա, — երբ հոգևորականությունը չէ հասկանում, կամ չէ ցանկանում հասկանալ իր իսկական կոչումը, թե ինքը Քրիստոսի եկեղեցու, այսինքն հավատացյալ ժողովրդի սպասավորն է և նրանից ընտրված մի պաշտոնյա, թե իր բոլոր գործունեությունը պետք է նվիրված լինի նույն եկեղեցու սպասավորությանը և բարեկարգությանը, այդ դեպքում, նա շեղվում է ուղիղ ճանապարհից և ընկնում է մոլորությունների մեջ: Նա ծառայից դառնում է տեր, սկսում է իշխել և ծառայեցնել, իհարկե, ծառայեցնել իր շահերի համար: Այդ ժամանակ նա միանում է մարմնավոր իշխանության հետ, որ իրան նույնպես տեր է համարում և նրա կողմն է բռնում: Որքան և անկարգ լիներ այդ իշխանությունը, այնքան ավելի նպաստավոր է նրա համար: Ուրեմն, այլևս ինչո՞ւ ենք զարմանում, որ մեր քաղաքի հոգևոր առաջնորդը միացած է նահանգապետ փաշայի հետ, և ինքն էլ մի կողմից է կեղեքում խեղճ ժողովրդին...

Ես փաշայի հետ տեսնվեցա, — ասաց Ասլանը, — նա չափազանց խորամանկ մարդ երևաց ինձ:

Եվ խաբեբա մարդ, — ավելացրեց Հայրիկը: — Ինչպես ամեն թուրք պաշտոնակալ:

Երեկոյան պահուն, երբ օդը փոքր-ինչ զովացավ, Հայրիկը մեզ տարավ և երկար ման էր ածում իր վանքի շրջակայքում: Մեծ բավականությամբ ցույց էր տալիս նա այն բոլորը, ինչ որ արել էր և ինչ որ դիտավորություն ուներ անելու: Այդ եռանդոտ մարդը այն տպավորությունն էր գործում ինձ վրա, որպես մի լավ հողագործ, որին ծանոթ են իր ագարակի բոլոր բույսերը, բոլոր տունկերը, և որը գիտե նրանց բնավորությունը, ուսումնասիրել է նրանց կյանքը, և որը այնքան սիրում է նրանց, որպես մի քնքուշ տիկին սիրում է իր ձեռքով ցանած և իր ձեռքով հասցրած ծաղիկները: Նա ցույց էր տալիս այս և այն դաշտերը, ասելով.

Ահա՛ այնտեղ սկսել են տորոնի մշակությունը, այդ առաջին փորձն է մեր կողմերում, որը մեծ արդյունք է խոստանում, ահա՛ այնտեղ թթենիներ են տնկած, դիտավորություն ունենք շերամապահությունը փորձել:

Խոսում էր գետնախնձորի մշակության մասին, ասելով.

Գիտե՞ք, պարոն բժշկապետ, մի քանի տարի առաջ գետնախնձորը այստեղ բոլորովին անծանոթ էր. մեր վանքը առաջինը եղավ, որ սկսեց մշակել և մինչև այսօր մեծ դժվարություններ է կրում գյուղերում տարածելու: Մեր տերտերները դեռևս չեն լուծել այն հարցը, թե արդյոք գետնախնձորը կարելի՞ է ուտել պահոց օրերում:

Ասլանը ժպտաց:

Շատերը ինձ մեղադրում են, — շարունակեց նա, — թե ինչո՞ւ վանքում ես հիմնեցի երկրագործական դպրոց, թե մի այդպիսի հիմնարկություն բոլորովին հակառակ է վանքի նշանակությանը և այլն: Ասեցեք խնդրեմ, պարոն բժշկապետ, ո՞վ արդյոք, ավելի քան վանականը, պետք է ծանոթ լինի երկրի ու նրա մշակության գործի հետ: Վանքը լոկ աղոթատեղի չէ, նա ունի ընդարձակ տնտեսություն, որը, կանոնավոր կերպով կառավարելու համար, պետք է երկրագործական մեծ հմտություններ ունենալ: Կարդացեք մեր վանքերի պատերի վրա քանդակած արձանագրությունները և դուք կտեսնեք, որ, սկսյալ մեր հին թագավորներից, իշխաններից և իշխանուհիներից, մինչև մեր ժամանակների բարեպաշտները, ընծայել են մեր վանքերին ամբողջ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, այգիներ և այլն, այնպես որ, վանքերը մեր կողմերում, և առհասարակ Հայաստանի մեջ, ամենահարուստ կալվածատերերն են: — Վանականները ի՞նչպես կարող են կառավարել այդ կալվածները, եթե ծանոթ չեն գյուղատնտեսության հետ: Ամենաբարեխիղճ կապալառուն անգամ կարող է խաբել նրանց: Բացի դրանից, իրանց անընդունակությամբ միշտ կարող են վատնել կալվածները, ինչպես շատ վանքերինը վատնված է:

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, հարցրեց.

Դուք որևիցե վտանգ չե՞ք նախատեսում, Հայրիկ, երբ վանականները իրանց կալվածական հարստության հետ կստանան և՛ կրթություն, և՛ ուսում:

Ի՞նչ վտանգ կարելի է սպասել կրթությունից, — հարցրեց Հայրիկը ոչ սակավ զարմանալով:

Այն վտանգը, որ կոչվում է կղերականություն: Մինչև այսօր ձեր վանականները անզոր և անվնաս էին, որովհետև անկիրթ էին, բայց, կրթվելով, նրանք ուժ կստանան, կաշխատեն իշխել ժողովրդի վրա և հարստահարել նրան:

Այդ հազիվ կարող է պատահել մեր մեջ, — պատասխանեց Հայրիկը: -«Կղերականությունը» հակառակ է մեր եկեղեցու ոգուն, որը կատարյալ ժողովրդական բնավորություն ունի: Եվ եթե վանականները կրթվելով կարող են բռնանալ ժողովրդի վրա և հարստահարել նրան, չէ՞ որ, որքան կրթվեն վանականները, նույն չափով և գուցե ավելի կկրթվի ժողովուրդը, և այսպիսով ուժերի հավասարակշռություն կպահպանվի, և մեկը մյուսին չէ կարող ճնշել: Հոգևորականությունը այն ժամանակ միայն սկսում է վտանգավոր դառնալ, երբ իր զարգացած աստիճանով շատ բարձր է լինում ժողովրդից:

Ասլանը չկամեցավ այդ հարցի մասին երկար խոսել, որովհետև շատ վիճելի էր: Արեգակը արդեն սկսել էր խոնարհվել դեպի իր մուտքը: Հայրիկը չէր շտապում վերադառնալ զրոսանքից և, ինչպես երևում էր, նա դիտավորություն ուներ այն գիշեր պահել մեզ վանքում: Բայց Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, ասելով, որ քաղաքում հարկավոր գործ ունի և չէ կարող մնալ: Երբ վերադարձանք վանքը, Ասլանը ինձ պատվիրեց, որ իսկույն ձիաները պատրաստել տամ: Ես գնացի դեպի ախոռատունը, իսկ նրան թողեցի Հայրիկի հետ միայնակ:

ԺԶ

ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Արևը մտել էր, և երեկոյան մութը բավական թանձրացել էր, երբ մենք, մեր ձիաները հեծնելով, մեծ գոհունակությամբ մնաք բարյավ ասեցինք Հայրիկին և, դուրս գալով վանքից, սկսեցինք իջնել Վարագա լեռան զառիվայրը: Ճանապարհը Հայրիկի շնորհիվ հարթած էր, և մենք մեծ դժվարություն չէինք կրում իջնելու ժամանակ: Մեզ ուղեկցում էր մի քահանա, որին կոչում էին տեր Եղիշե: Թե ի՞նչ գործ ուներ նա վանքում կամ ինչո՞ւ եկավ նա մեզ հետ և կամ ի՞նչ էր խոսում նա ճանապարհին Ասլանի հետ, այդ ես չգիտեմ, որովհետև նրանք հիսուն քայլով ինձանից առաջ էին գնում, իսկ ես իմ ձիու դանդաղ ընթացքով գնում էի նրանց ետևից: Միայն այդ մարդու անցյալ և ներկա կյանքը բովանդակում էր իր մեջ մի քանի այնպիսի գծեր, որ անկարելի էր չհետաքրքրվել նրանով: Նա ոչ մի տեղում կանոնավոր ուսում չէր ստացել. սկսյալ իր պատանեկության հասակից, նա եղել էր այն ըղձախնդիր ուսումնասերներից մեկը, որ, հին դարերի փիլիսոփաների նման, երկար թափառել էր զանազան երկներում գիտություն մուրալու նպատակով: Նա դիմել էր այս և այն նշանավոր քերականին, ճարտասանին, տրամաբանին, աստվածաբանին, նա մտել էր նաև անապատական աբեղաների միաբանության մեջ, բայց ոչ մի տեղում իր ուսումնասիրությանը չէր կարողացել հագուրդ տալ: Նա մտել էր մինչև անգամ մի եզվիտական դպրոց և շուտով թողել էր: Նա կենակցություն էր ունեցել Դամասկոսի շեյխերի և Լիբանանի ռաբբիների հետ: Նրա մոլաշրջիկ կյանքը և ամեն տեղ իր որոնածը չգտնելը` ծնեցրին նրա մեջ մի տեսակ թերահավատություն դեպի ամեն ինչ: Եվ այլ կերպ լինել կարող չէր: Նրան չհաջողվեցավ հասնել այն աղբյուրներին, որտեղից մաքուր ու պարզ բխում է ճշմարտությունը: Նրա ժամանակում կանոնավոր դպրոցներ չկային, այլ կային միայն անհատներ, որոնք իրանց չքավոր գիտությանը այնքան մեծ նշանակություն էին տալիս և այնքան թանկ գնով էին վաճառում, որպես մի քուրմ իր սրբությանը: Դրանց մոտ պետք էր շատ տարիներ սպասավորել և նրանց բոլոր հաճույքը կատարել, մինչև նրանք արժանի կհամարեին մի փոքր մասն տալ իրանց գիտությունից:

Բայց տեր Եղիշեն առողջ դատողության տեր մարդ էր: Երկարամյա փորձերը, ամեն տեսակ անձանց հետ շփվիլը` առաջ էին բերել նրա մեջ բոլորովին ինքնուրույն համոզմունքներ, և նրա բոլոր գաղափարները, թեև ըստ մեծի մասին անճիշտ, բայց իր սեփական մտածության արդյունք էին: Վերադառնալով իր հայրենիքը, Վան, նա հանդիպեց Հայրիկին, որի հետ իսկույն բարեկամացավ և որի ազդեցության ներքո բոլորովին ուրիշ ուղղություն ստացավ: Այստեղ նա վճռեց իրան նվիրել մանուկների կրթության գործին և, մտածելով, որ իբրև կրոնավոր, ավելի հեշտ կլինի իրան գործել ժողովրդի մեջ, ձեռնադրվեցավ քահանա: Որպես քահանա, նա հրաժարվեցավ ծուխից, հրաժարվեցավ և այն արդյունքներից, որ յուրաքանչյուր քահանա ստանում է իր ծուխից: Այդ արեց նա այն մտքով, որ փոքր-ինչ անկախ դիրք ստանա և, մանավանդ, որ ընդհարումներ չունենա մյուս եկեղեցականների հետ, որը անխուսափելի է դառնում, երբ մեջտեղում շահերի խնդիր կա: Նա բավականացավ մի փոքրիկ օրիորդական դպրոցով, որ պահում էր իր տան մեջ: Այս առաջին օրիորդական դպրոցն էր, որ բացվեցավ Վանա մեջ, բայց որպես առաջինը և որպես մի նոր և անսովոր հիմնարկություն, նրա կյանքը կարճատև եղավ: Սկզբում նույնիսկ քահանաները եղան, որ գրգռեցին հասարակության տգիտությունը նրա դեմ, ցույց տալով ուսումը աղջկանց համար` մի անբարոյականացնող ձեռնարկություն: Քաղաքի սրբազան առաջնորդը, որ կարող էր խաղաղացնել հասարակության հուզմունքը, ինքը ավելի բորբոքեց, և դպրոցը երեք տարի գոյություն ունենալուց հետո փակվեցավ: Այդ անցքը խիստ դառն կերպով ազդեց տեր հոր սրտին, երբ իր գործունեության հենց առաջին քայլում հանդիպեց այդ տեսակ անհաջողության: Բայց նա համբերող և երկայնամիտ մարդ էր, նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ:

Գիշեր էր, երբ մենք հասանք Այգեստան: Տեր հայրը հրավիրեց մեզ իր տունը ընթրիք ուտելու: Ասլանը, որ սովորություն չուներ այդ տեսակ հրավերքներ ընդունել, սիրով հանձն առեց նրա առաջարկությունը: Ընթրիքն անցավ բավականին զվարճալի կերպով. տեր հայրը պատմում էր զանազան արկածներ իր ճանապարհորդություններից, պատմում էր, թե ինչ էր տեսել և ինչ էր արել զանազան երկրներում, խոսում էր Հայրիկի մասին, նրա աշխատությունների մասին, խոսում էր տեղային քահանաների տգիտության մասին, և նրա խոսակցությունները այնքան հետաքրքիր էին, որ բոլորը ես մեծ ուրախությամբ լսում էի:

Դուք կարծում եք տիկինը կարո՞ղ է գալ, — հարցրեց Ասլանը քահանայից, ընթրիքի սեղանը հավաքելուց հետո:

Կարող է, և անպատճառ այս գիշեր այստեղ կլինի, — պատասխանեց քահանան վստահությամբ:

Բավական դժվար կլինի նրա համարի՞նչպես կարող է… — կրկնեց Ասլանը թերահավատությամբ...

Նա իր բանը գիտե... նա այդ տեսակ գործերի համար բավական խելք ունի... — ասաց քահանան:

Ասլանը մեծ անհամբերությամբ սպասում էր մի տիկնոջ, այդ տիկինը տեր հոր քույրն էր: Տեր հայրը իր հայրենիքից բացակա գտնված ժամանակ, նրա տանը պատահել էր երկու անփոխարինելի կորուստ. մայրը վախճանվել էր, իսկ միակ քույրը, անտեր մնալով, բռնությամբ հափշտակվել էր և մի տաճկի ամուսին էր դարձել: Այդ հափշտակությունը, որովհետև երկրի սովորական դեպքերից մեկն էր, անցել էր խիստ ներողամտությամբ հայ հասարակության կողմից. իսկ տեր հայրը, որ անչափ սիրում էր իր քրոջը, որպես երևում էր, չէր կարող մոռանալ այդ դժբախտությունը: Մահմեդականությունը շատ պայմաններ ունի, ոչ միայն օտարազգիներին ամենայն դրությամբ որսալու, այլև նրանց թե՛ կրոնապես և թե՛ ազգայնապես իր հետ միացնելու: Այդ էր, որ ավելի ցավեցնում էր տեր հորը: Մի հայ աղջիկ կամ տղա, կամավ, թե ակամա, երբ մահմեդականի հետ է ամուսնանում, այնուհետև կտրվում են նրա բոլոր հարաբերությունները իր ազգակիցների հետ և այլևս իրան հայ կոչել չէ կարող: Մի հայի պատահելիս` նա իրավունք չունի հայերեն խոսել. նա զրկվում է մինչև անգամ իր ծնողների տունը գնալուց. և «հայ» անունը նրա բերանում այնուհետև փոխվում է «գավուր» անունով, որից պետք է խորշիլ, որին պետք է պիղծ համարել: Բայց տեր հոր քույրը այդ մասին մի գեղեցիկ բացառություն էր կազմում. նա մնացել էր հավատարիմ թե՛ իր ազգին և թե՛ կրոնին, թեև ամենայն զգուշությամբ մահմեդականներից թաքցնում էր իր զգացմունքները: Նա սիրում էր իր եղբորը և երբեմն գաղտնի կերպով գալիս էր նրա տունը, ուրախանամ էր նրա երեխաներով և փառք էր տալիս աստծուն, որ իր հոր տան օջախը իսպառ մարած չէր:

Թելլի-խաթունը, այդպես էին կոչում այժմ նրան, քաղաքի ոստիկանության գլխավորի կինն էր: Նրա ամուսինը կոչվում էր Լաթիֆ-բեկ: Դա այն չարագործների տեսակիցն էր, որոնց ոստիկանի պաշտոնը բավական ընդարձակ հարմարություններ է ընծայում` իրանց անբարոյական ցանկությունները կատարելու: Գողերի գաղտնի ընկեր էր նա, ավազակների պաշտպան, սպանությունների մասնակից, մի խոսքով, հազիվ թե քաղաքում մի որևիցե անիրավություն գործվեր, և նրա մատը խառն չլիներ: Բայց միևնույն ժամանակ նահանգապետ փաշայի սիրելին էր նա:

Իսկ տիկինը այնքան բարոյական ուժ ուներ, որ իր քաղցր բնավորությամբ, խելքով ու շնորհքով, եթե ոչ բոլորովին կարողացել էր զսպել այդ գազանին, բայց շատ անգամ հաջողվում էր նրան` մեղմացնել իր ամուսնու բարբարոսությունները: Նա միևնույն ժամանակ սիրելի էր իր ամոանուն: «Ի՞նչ անեմսովորել եմեթե այն հացը, որ ուտում եմ, հառամ չլինի, չեմ կարող մարսել», — այդ էր լինում ոստիկանի պատասխանը, երբ տիկինը խրատում էր նրան: Նրա տան մեջ շատ անգամ կատարվում էին եղեռնական խորհուրդներ մեկին սպանելու, մյուսին կողոպտելու, երրորդի տանը կրակ տալու և այդ տեսակ խորհուրդներ ըստ մեծի մասին վերաբերում էին քրիստոնյաներին: Եթե տիկինը չէր կարողանում խափանել չարությունը, այն ժամանակ նա, իրան բոլորովին անհայտության մեջ պահելով, զգուշացնում էր, որտեղ որ հարկն էր, և չարիքի առաջն առնում էր: Այդպես, երբ որ նա հայտնի կերպով անկարող էր ներգործել, դիմում էր գաղտնի միջոցների:

Նա թշվառ էր, նա անբախտ ամուսին էր: Բռնությամբ հափշտակեցին նրան հայրենի տնակից, բռնությամբ ստիպեցին նրան ուրանալ իր կրոնը, իր ազգը, նա սովորեց ատել բռնությունը, և նրա վշտացած սրտում զարգացավ մի խուլ բողոք դեպի ամեն չարություն: Իր թշվառության գիտակցությունը ծնեց նրա մեջ կարեկցություն և դեպի օտարի թշվառությունը: Մասնավոր, անձնական զգացմունքը ընդարձակ կերպարանք ստացավ և տարածվեցավ իր ազգայինների վրա, որոնք միևնույն տառապանքների մեջն էին: Այն եղեռնական տեսարանները, որոնք շատ անգամ հանդիսանում էին նրա տան մեջ, այն անիրավությունները, որոնք համարյա ամեն օր կատարվում էին իր շուրջը, ավելի և ավելի բորբոքում էին նրա դառն ատելությունը դեպի այն ազգը և դեպի այն կառավարությունը, որ այդ բոլորը մեքենայում էր: «Ես վաղուց կթողնեի այդ տունը, ես շուտով կհեռանայի այդ գազանների որջից, — երբեմն ասում էր նա իր եղբորը, — բայց համբերեցի և մնացի, որ որքան կարող եմ, օգնեմ թշվառներին»… Նա իրան զոհել էր, ուրիշ զոհեր պաշտպանելու համար: Այդ էր միայն մխիթարում նրան:

Ես հետո ավելի մոտ ծանոթություն ունեցա այդ տիկնոջ հետ, այն ժամանակ միայն նկատեցի, որ նրա աշխատությունները` դարման տանելու իր ազգայինների թշվառություններին` չէին սահմանափակվում միայն այսպիսի մասնավոր օգնություններով, նրա նպատակները շատ ընդարձակ էին, նա ուներ բավականին հիմնավոր գաղափարներ` տիրող չարիքը բառնալու համար: Այդ գաղափարները զարգացել էին նրա մեջ մասամբ իր անբախտ և ճնշյալ դրությունից, իսկ առավելապես եղբոր ազդեցությունից: Նրա հարաբերությունները Ասլանի հետ, որպես երևում էր, նոր չէր: Այդ ես նկատեցի իսկույն, երբ նա եղբոր հետ ներս մտավ մեր սենյակը: Նա մոտեցավ և մի տարապայման համարձակությամբ, որ խիստ օտարոտի էր հարեմի կնոջ համար, նստեց Ասլանի մոտ և, նրա աջը առնելով իր ձեռքերի մեջ, ժպտալով ասաց.

Ախ, որքան ցանկանում էի քեզ տեսնելո՞ւր էիր, ի՞նչ ես այդքան թափառում այդ վանքերում...

Վանքերն էլ պետք է տեսնել, — ասաց Ասլանը նույնպես ժպտալով, — մեր ժողովուրդը դեռ չէ ազատվել վանքերից

Բայց քո դեմ որոգայթներ են լարվում, գիտե՞ս:

Գիտեմև հենց դրա համար ուզում էի տեսնել քեզ:

Դու մատնված ես

Այդ ես վաղուց սպասում էի:

Տիկինը տվեց Ասլանին մի նամակ, որի կարդալու միջոցին դեմքը բոլորովին այլայլվեցավ, հետո իր սովորական սառնասրտությամբ հարցրեց.

Այդ նամակը ի՞նչպես ընկավ քո ձեռքը:

Տիկինը պատմեց, թե մի քանի օր առաջ փաշայի քարտուղարը բերեց իր ամուսնի մոտ այդ նամակը և հանձնեց նրան, փաշայի կողմից պատվիրելով, որ ամեն հնարներ պետք է գործ դնել, որպեսզի գտնվի նամակի մեջ նկարագրված անձը: Իսկ տիկինը գաղտնի լսում էր նրանց խոսակցությունը և իսկույն հասկացավ, թե գործն ումն էր վերաբերում և ամուսնու բացակայության ժամանակ նրա թղթերի միջից վեր առեց նամակը:

Նամակը գրած էր տաճկերեն լեզվով, նրա բովանդակությունը մոտավորապես այս էր, թե սուրբ տիրամոր տոնախմբության ժամանակ հայտնվեցավ մի աբեղա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր ուխտավորների մեջ: Հետո կեղծ ճգնավորը, վանեցի վաճառականի ձևի մեջ մտած, գնաց եզիդիների ցեղապետի վրանը, նրա մոտ մնաց մի ամբողջ օր (եզիդիների ցեղապետը հայտնի թշնամի է կառավարության): Այնտեղից դուրս գալուց հետո նա անհայտացավ, բայց նամակագիրը շատ հավանական էր համարում, որ անպատճառ Վան եկած պետք է լինի: «Խաբեբան դավադիրների մի մեծ խմբի գլխավոր անդամներից մեկն է, որոնք ամեն տեղ խռովություն են սերմանում: Այդ անիրավները չափազանց հանդուգն և ճարպիկ մարդիկ են, որոնց անձնանվիրությունը իրանց գաղափարին` հասնում է վերին աստիճանի մոլեռանդության և, այդ պատճառով, ավելի վտանգավոր են: Եթե Վան եկած լինի, նա անպատճառ մի որևիցե նոր կերպարանքի մեջ մտած պետք է լինի»: Հետո ավելացրած էր:

«Իմ այս տեղեկություններով ես գլխավորապես պարտական եմ սուրբ Տիրամոր վանքի վանահայր Կարապետ վարդապետին, որը մեր հավատարիմն է և անձամբ ձերդ վսեմության ծանոթ: Դա միևնույն անձնավորությունն է, որին անցյալ տարի դուք պատվեցիք, պարգևելով մի թանկագին մուշտակ: Նա ինքը մի բարեբախտ դիպվածով կարողացել էր երևան հանել գաղտնիքը, երբ խաբեբան արդեն այստեղից հեռացել էր: Ես անմիջապես մարդիկ ուղարկեցի նրան կալանավորելու, բայց իմ մարդիկ դժբախտաբար նրա հետքը կորցրել էին»:

Նամակը ուղղված էր Վանի նահանգապետ փաշային և ստորագրած էր միևնույն քուրդ Շարիֆ-բեկի անունով, որին մենք տեսանք սուրբ Տիրամոր վանքի տաճարում, ուր եկած էր նա իր բաժին գանձանակադրամը ստանալու: Բեկի ստորագրության ներքև դրոշմված էին Կարապետ հայր սուրբի, տեր Թոդիկի և իմ քեռի Պետրոսի կնիքները այսպիսի մակագրությամբ.

«Մենք հաստատ գիտենք և վկայում ենք, որ բոլորը, ինչ որ գրել է բեկը, ճշմարիտ է և ուղիղ»:

Մեկը վարդապետ, մյուսը քահանա, իսկ երրորդը ժողովրդի ներկայացուցիչ, իրավ, լա՜վ զույգեր են… — ասաց Ասլանը ծիծաղելով և նամակը մի կողմ դնելով:

Հետո նա դարձավ դեպի տիկինը այս խոսքերով.

Դու ինձ ասում ես, նազելի տիկին, թե ինչո՞ւ եմ ես թափառում վանքերում: Ախար ես աշխատում եմ, եթե նրանցից մի բարիք գտնել չեմ կարող, գոնե նրանց չարը մեզանից հեռացնեմ: — Տեսնո՞ւմ ես, ովքեր են մեր մատնիչները...

Կարծես տխրության մի ամպ անցավ տիկնոջ համակրական դեմքի վրա:

Դու այդ նամակը գողացել ես, պետք է տանես դարձյալ իր տեղը դնես, — խոսքը փոխեց Ասլանը:

Կարծեմ աստված իմ այդ գողությունը մեղք չի համարի, — ասաց տիկինը ժպտալով:

Ես էլ կարծում եմ, որ մեղք չի համարի, բայց քո ամուսինը կասկածանքի մեջ կընկնի, երբ կտեսնե, որ նամակը իր տեղումը չէ: Դու այն ասա՛, հիշո՞ւմ ես, թե ուրիշ ի՞նչ խոսեց փաշայի քարտուղարը, երբ նամակը հանձնեց քո ամուսնուն:

Բոլորը հիշում եմ:

Ո՞ւմ վրա կասկած ունեին:

Քո վրա: Իմ ամուսինը ասաց քարտուղարին. «Այդ եվրոպացի բժիշկը իմ աչքում մի բարի պտուղ չի երևում»… Իսկ քարտուղարը պատասխանեց, թե բժիշկը հայոց առաջնորդի մոտ հյուր է կանչված, փաշան նույնպես հրավիրված է, այնտեղ պետք է փորձել նրան: — Իրա՞վ դու հրավիրված ես առաջնորդի մոտ:

Այո՛:

Ես խորհուրդ կտայի չգնալ, փորձանքի մեջ կընկնես:

Հենց դրա համար, որ նրանք պետք է ինձ «փորձեն», հարկավոր է գնալ:

Իմ ամուսինը նույնպես այնտեղ կլինի: Նա շատ վտանգավոր մարդ է:

— «Աղվեսը հավանոցի մեջ առյուծ կդառնա»: — Նա վտանգավոր է, այո՛, բայց այստեղի ողորմելի հայերի համար:

Այնուամենայնիվ, զգուշանալ պետք է:

Դու առաջ միշտ քաջալերում էիր ինձ, տիկին, իսկ այժմ վհատեցնում ես: «Ծովը մտնողը թրջվելուց չի վախենա»: Ես այդ տեսակ փորձանքներ շատ եմ տեսել: Խրախուսեցեք, ոգի և շունչ տվեցեք մեզ, տիկին: Մարդկային հասարակության մեջ բարի գործերը ավելի հաջողությամբ կկատարվեն, երբ գործիչների թվում կմասնակցեն և կանայք: Մեսիան առաջինն եղավ, որ հասկացավ այդ կարևորությունը, և նրա մարիամները և մարթաները, քրիստոնեության սկզբում, ավելի գործ կատարեցին, քան թե պողոսները: Հինգերորդ դարու հայ կանայք վառեցին այն կրակը, որ բորբոքեց Ավարայրի դաշտի հերոսների սրտերը: Եվ այժմյան հայի կյանքում գործերը այն ժամանակ միայն շատ լավ առաջ կգնան, երբ կինը և տղամարդը կբաժանեն աշխատանքը: Դուք այն առաքինի կանանցից մեկն եք, որ պետք է օրինակ տար ձեր քույրերին: Հանգամանքները ձգեցին ձեզ բոլորովին օտար շրջանում. դուք ընկաք թշնամի բանակի մեջ: Մի ուրիշը ձեր տեղը կարող էր բոլորովին կորած լինել: Բայց դուք ապացուցեցիք, որ մարդ կարող է պիտանի լինել իր ազգին, որտեղ և լիներ նա: Մի ժամանակ հայ տիկինները զարդարում էին պարսից թագավորների և մինչև անգամ մոնղոլների խաների կանանոցները: Եվ այդ տիկինները ավելի օգուտ էին բերում իրանց հայրենիքին, քան ժամանակի թուլասիրտ հայ իշխանները: Նրանք շատ անգամ հեռացնում էին իրանց արյունարբու ամուսինների գազանային բարբարոսությունները խղճուկ Հայաստանից, կամ նրանց շնորհիվ Հայաստանը վայելում էր այս և այն իրավունքները: Դուք, տիկին, նրանցից մեկն եք:

Տիկնոջ գեղեցիկ աչքերի մեջ փայլեց ամոթխածության կրակը: Ասլանի խոսքերը բավական փաղաքշական երևացին նրան: Նա ոչինչ չպատասխանեց, բայց եղբայրը, որ բոլոր ժամանակ լուռ էր, հարցրեց.

Ինձ շատ զարմացնում է մի բան, թե ո՞րպես Կարապետ հայր սուրբին կամ նրա համախոհներին կարող էր հայտնի լինել գաղտնիքը:

Շատ հասարակ կերպով, — պատասխանեց Ասլանը և պատմեց անցյալ դեպքերից մեկը, որը հատկապես ինձ համար` թե՛ շատ հետաքրքրական էր և թե՛ շատ ամոթալի

Դու հիշո՞ւմ ես, ընթերցող, տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ, այն խաղաղ խորհրդավոր գիշերը, երբ ես և գեղեցիկ Մարոն, նստած նրանց վրանի մուտքի հանդեպ, քաղցր խոսակցության մեջ էինք: Ուխտավորների ընդարձակ բանակի մեջ տիրում էր խորին լռություն: Հանկարծ հեռվից լսելի եղավ երգեցեղության մի հիանալի ձայն: «Այդ ճգնավորի ձայնն է», ասաց Մարոն: Ես «ճգնավորին» ցերեկով տեսել էի Կաթնաղբյուրի ձորում, իսկ նույն գիշերը, փոքր-ինչ առաջ, ես տեսա նրան իմ քեռի Պետրոսի վրանում, նրա և տեր Թոդիկի հետ խոսելիս: Ի՞նչ խորհուրդ ունեին, ես չգիտեմ, որովհետև ես շուտով թողի և հեռացա նրանց մոտից: Երբ Մարոն ասաց ինձ` «ճգնավորի ձայնն է», ես հետաքրքրվեցա այդ խորհրդավոր ճգնավորով, և ավելի մեծ եղավ իմ զարմանքը, երբ Մարոն հայտնեց ինձ, որ նա Ասլանն է: Հետո մենք սկսեցինք երկար խոսել ծպտյալ Ասլանի վրա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր վանքի շրջակայքում և ուխտավորների բանակի մեջ: Բայց մենք այնքան անզգույշ էինք, որ ամենևին չէինք մտածում, որ վրանի միջից երկու սուր ականջներ լսում էին մեր խոսակցությունը: Դա պառավ Խաթունն էր, որին քնած էինք կարծում: Դու հիշո՞ւմ ես, ընթերցող, այն սոսկալի սպառնալիքները, որ զայրացած Մարոն կարդում էր իմ քեռի Պետրոսի, տեր Թոդիկի և նրանց համախոհների մասին: Դու և այն մոռացած չես լինի, որ հետո ես և Մարոն գիշերով գնացինք ծպտյալ ճգնավորի` Ասլանի մոտ, գտանք նրան ծովեզերքում մի այրի մեջ և մինչև առավոտ մնացինք այնտեղ: Այդ բոլորը լցնում են պառավ Խաթունի միամիտ գլուխը զանազան կասկածներով, որը, առանց դրանց ևս, իմ և Մարոյի հարաբերությունների վրա միշտ ծուռն աչքով էր նայում: Խաթունը մոլեռանդ է, դա այն հավատավոր կանանցից մեկն է, որ կարծում են թե ամեն բան պետք է ասել տերտերին: Իսկ այդ դեպքում, նա ավելի պատճառներ ուներ հայտնելու տեր Թոդիկին բոլորը, ինչ որ լսել էր նա մեր այն գիշերվա խոսակցությունից: Ասում եմ, պատճառներ ուներ, որովհետև Մարոյի անխոհեմ սպառնալիքները վերաբերում էին ըստ մեծի մասին տեր Թոդիկին, և հավատավոր պառավը պարտք էր համարել զգուշացնել քահանային: Տեր Թոդիկը, ինչպես հայտնի է, այն տեսակ անձինքներից է, որ «սև ջրից սեր կքաղեն», այսինքն, ամենաչնչին բանից օգուտ քաղել գիտե: Իսկ պառավը հայտնել էր նրան շատ բան: Նա թափ էր տվել պառավի միամիտ գվխից բոլորը, ինչ որ հայտնի էր որսորդի տան և նրա այցելուների մասին: Այնուհետև տեր Թոդիկը, ոչ այնքան անձնապաշտպանության զգացմունքից դրդված, որքան վրեժխնդրության ախտով կատաղած, վճռում է պատժել Ասլանին, մանավանդ, որ Ասլանի և նրա ընկերների գործունեությունը ամենևին համակրելի չէր թե՛ տեր հորը և թե՛ նրա համախոհներին: Նա անմիջապես հայտնում է իմ քեռի Պետրոսին և Կարապետ հայր սուրբին իր ստացած տեղեկությունները, հետո իմացում են տալիս Շարիֆ-բեկին, որ այդ ժամանակ գտնվում էր Ս. Տիրամոր վանքում, և չորսը միասին գրում են նահանգապետ փաշային այն նամակը, որ քանի րոպե առաջ Ասլանը կարդաց մեզ:

Next page