Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Հիմա հասկացա՞ք, թե որտեղից Կարապետ հայր սուրբին և նրա համախոհներին կարող էր հայտնի լինել գաղտնիքը, — հարցրեց Ասլանը, երբ վերջացրեց իր պատմությունը:

Ես հալվեցա ամոթից: Գլխավորապես իմ և Մարոյի հիմարությունիցն էր առաջ եկել այդ բոլորը: Իսկապես մենք էինք մեր անզգուշությամբ մատնել Ասլանին: Նա նկատեց իմ շփոթությունը և դառնալով դեպի ինձ` ասաց.

Դու ուրախ կաց, բոլորը կանցնի

Բայց տիկնոջը ավելի հետաքրքրում էր այն, թե ո՞րտեղից և ի՞նչ եղանակով հասել էին Ասլանին այդ տեղեկությունները:

Ես մի օր առաջ նամակ ստացա, — ասաց Ասլանը:

Ես իսկույն հիշեցի պառավ Սուսանի մի օր առաջ հայտնվիլը Այգեստանի փողոցներում և Հյուբբիի կախարդական գավազանի մեջ թաքցրած խորհրդավոր թուղթը:

Ուրեմն դու ինձանից առաջ գիտեիր, որ մատնված ես, — ասաց տիկինը, — ուրեմն ես մի մեծ ծառայություն չարեցի քեզ, ցույց տալով փաշայի ստացած նամակը:

Դու ինձ շատ պարտավորեցրիր, — պատասխանեց Ասլանը:

Տիկինը ժպտաց:

Բայց ինձ զարմացնում է, — հարցրեց նա, — թե ի՞նչպես կարող էին քո նամակագրին հայտնի լինել այդ բոլոր մանրամասնությունները, որպես պատմեցիր, — թե՛ Ֆարհատի և Մարոյի գիշերային խոսակցությունը իրանց վրանի հանդեպ, թե՛ Խաթունի լսելը և նրա խոստովանությունը տեր Թոդիկին, թե՛ այդ քահանայի և նրա համախոհների արած մատնությունը քուրդ բեկին, և այլն:

Այդ բոլորը հայտնել էր իմ նամակագրին Մարոն, — պատասխանեց Ասլանը: — Երբ տեր Թոդիկը իր մոտ խորհուրդ է կազմում` Կարապետ հայր սուրբի, տանուտեր Պետրոսի և քուրդ բեկի հետ, նրանց բոլոր խոսակցությունը լսում է քահանայի դուստրը, Սոնան, որը մի պատվական աղջիկ է: Նա շտապում է և շուտով իմացում է տալիս Մարոյին, իսկ Մարոն` իմ թղթակցին: — Տեսնո՞ւմ ես, տիկին, դարձյալ կանայք են շինում բանը:

Իսկ պառավ Խաթունի խոստովանությունը քահանայի՞ն:

Նա ինքն է պատմում Մարոյին, երբ Մարոն հարցնում է նրանից: Ինձ գրել էին, թե խեղճ պառավը միշտ լաց է լինում, որ իր խոստովանությունը այդպիսի վատ հետևանք ունեցավ:

Մարո՜ և Սոնա, — կրկնեց տիկինը մի առանձին ոգևորությամբ, — երկու նորընծա օրիորդներ, որ պատրաստվում են ծառայել բարի գործին: Ա՜խ, որքան ցանկանում եմ գոնե մի անգամ տեսնել նրանց:

Երկուսն էլ շատ սիրուն և հարուստ ձիրքերով աղջիկներ են, — ասաց Ասլանը: — ժամանակով նրանցից լավ բան կդուրս գա

Ա՜խ, ո՛րքան քաղցր էր ինձ լսել այսպիսի գովասանքներ թե՛ Մարոյի և թե՛ Սոնայի մասին, երկուսն էլ անմոռանալի հիշատակներով կապված էին իմ սրտի հետ

Խոսակցությունը կրկին դարձավ մատնության վրա: Տիկինը հարցրեց.

Ես զարմանում եմ, թե ինչի՞ց են հառաջ գալիս այդ մատնությունները:

Տեր հայրը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր, պատասխանեց.

Եթե դու կարդացած լինեիր մեր ազգի պատմությունը, չէիր զարմանա, սիրելի քույր: Տխո՜ւր է մեր անցյալը, և մեր ներկա կյանքը անցյալի շարունակությունն է: Ես շատ տեղեր եմ ման եկել, շատ երկրներ եմ տեսել, բայց ոչ մի ազգ չեմ տեսել, որ հայի նման լինի: Մի ազգ, որի հետ կարելի է համեմատել հային են հրեաները: Բայց հրեան ևս շատ բաների մեջ բարձր է հայից: Մի ժողովրդի ճնշված, ստրկացած, հալածված գրությունը ավելի սեղմում է նրանց և ավելի ամրապնդում է նրանց մեջ միության կապերը: Եվ հրեաները այդ միությունը ունեն, բայց հայերը չունեն: Ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ, թե ինչո՞ւ նույն շարժառիթները, այսինքն հալածանքը և ճնշումն, հառաջ չեն բերել հայերի մեջ այն միությունը, որ կա հրեաների մեջ, քանի որ այդ երկու ազգերի դրությունը շատ նման է միմյանց: Տեսնում ես, Աղվանիստանի, Բելուջիստանի կամ Բուխարայի խորքերում մի քանի տուն հրեաներ, նրանք դարերով ապրում են այնտեղ և օր ըստ օրե աճում են, բազմանում են, որովհետև շատ սերտ կերպով միացած են միմյանց հետ: Բայց հայ գաղթականները, մինը մյուսին ոչնչացնելով, վերջապես սպառվում են: Որտեղ երկու տուն հայեր կան, նրանց մեջ չորս կուսակցություն կա: Անմիաբանությունը վաղեմի ժամանակներից մեր ազգի կյանքի մեջ այն ուտող, մաշող ցեցն է եղել, որ ժառանգաբար անցել է մեզ, և որ սպառել է ազգային մարմինը: Մեր պատմության մեջ կարող եք տեսնել հազարավոր օրինակներ, մանավանդ այն դարերում, երբ պարսիկները, հույները, արաբացիները, սելջուկները և մոնգոլական զանազան ցեղեր կրակով և արյունով ոչնչացնում էին Հայաստանը: Նրանց առաջնորդները միշտ եղել են իրանք հայերը, և միշտ հայերից միացած են եղել թշնամու հետ: Այժմ հասկացա՞ր, սիրելի քույր, թե ինչի՞ց են հառաջ գալիս այս մատնությունները, որ քեզ այսպես խռովեցնում են:

Բայց մի՞թե օտարի լուծը ավելի քաղցր է, — հարցրեց տիկինը վշտացած ձայնով:

Այո՛, հայը սիրում է օտարի լուծը: Մեր պապերը չէի՞ն, որ դիմեցին պարսից Վռամ արքային և նրանից խնդրում էին, որ հայ թագավորը վեր առնե և նրա տեղը պարսից մարզպան դնե, և այսպիսով կործանեցին Արշակունյաց հզոր պետությունը: Դարձյալ մեր պապերը չէի՞ն, որ Անիի բանալիները ուղարկեցին հունաց կայսրին և իրանց ձեռքով Բագրատունյաց թագավորության հիմքը փորեցին: Եվ մեր Վասպուրականը, որ մի ժամանակ հայոց առանձին թագավորություն էր, Արծրունի Սենեքերիմ թագավորն իր հաճությամբ հանձնեց հույներին և Սեբաստիայում սկսեց խաղաղ կյանք վարել: Եվ այդ բոլորը գործողը ո՞վքեր էին, ժողովրդի իշխանները և նրա հոգևոր գլուխը` կաթողիկոսը: Այժմ շատ զարմանալի չէ, որ մի անպիտան վարդապետ և մի քանի շահամոլ իշխաններ դավ են դնում մի քանի երիտասարդների դեմ, որոնց նպատակը շատ բարի է և համեստ, որոնք, բացի ժողովրդի հանգստությունը, ուրիշ բանի չեն ձգտում:

Բոլորովին ուղիղ է, — պատասխանեց տիկինը, — ես մեր պատմությունը չեմ կարդացել, բայց իմ աչքով տեսել եմ, թե ինչպես շատ անգամ հայերն իրանք եկել են իմ ամուսնու մոտ և միմյանց վրա մատնություններ են արել: Շատ անգամ նույնը նկատել եմ և փաշայի տան մեջ: Թուրքերի մեջ արդեն առած է դարձել ասել` թե «գավուրների գլուխները չեն միանա», որ կնշանակե, թե հայերի մեջ միաբանության չէ կարող կազմվել: Ցավալի է մի այսպիսի կարծիքը, և ավելի ցավալի է, որ նա ուղիղ է

Տեր հայրը մի առանձին ուշադրությամբ լսում էր քրոջ խոսքերը և կարծես ուրախանում էր նրա դատողությունների վրա:

Ես շատ հետաքրքիր եմ եղել ուսումնասիրել մեր ժողովրդի բնավորությունը, — ասաց նա, — բայց մինչև այսօր շատ բաներ մնացել են ինձ անհասկանալի: Օրինակ, հայը ոխերիմ է, մատնիչ է, վրեժխնդիր է այն անարգանքի դեմ, որ նա կրում է մի այլ հայից: Բայց եթե նույն անարգանքը նա ստանում է տաճիկից, քուրդից, մի խոսքով` օտարից, նա ամենայն խոնարհությամբ համբերում է: Դա, իմ կարծիքով, հառաջ չէ՛ գալիս այն հանգամանքներից, թե հայը տաճկի և քուրդի առջև թույլ է և չէ կարող նրանցից պատիվ պահանջել: Այլ ավելի հառաջ է գալիս այն օտարամոլ նախապաշարմունքից, որ հայը տաճկի և քուրդի մեջ մի առանձին իրավունք է ճանաչում` իր հետ ամեն կերպ վարվելու: Եվ այսպես, ոչ միայն պատվի զգացմունքը, այլ հայի բոլոր պահանջումները` օտարի և իր ազզակցի վերաբերությամբ` միատեսակ չեն:

Տեր հոր խոսելու միջոցին ես նկատեցի նրա քրոջ երեսի վրա խիստ տխուր արտահայտություններ:

Ես կբերեմ մի ուրիշ օրինակ, — հառաջ տարավ նա, — հայ ծառայողը իր պարտավորությանց մեջ խարդախ է, երբ նա հայի մոտ է ծառայում: Բայց երբ նա ծառայում է թուրքի մոտ, իր պաշտոնը կատարում է ամենայն հավատարմությամբ: Նա հավատարիմ է մնում ոչ միայն արդար աշխատությունների մեջ, այլ որքան ցած, որքան խղճի և ազնվության ընդդեմ ևս լինեին իր տիրոջ պահանջները, բոլորը նա ճշտությամբ կատարում է: Կ. Պոլսի համարյա բոլոր նշանավոր մահմեդական տների սպասավորները հայեր են. նրանք մինչև անգամ խառն են լինում հարեմական գաղտնիքների մեջ, և խաթունների հավատարիմ խորհրդապահներն են դառնում: Փաշաների գանձապետները հայեր են, և նրանց կաշառակերության խիստ վարպետ հայթայթողներն են լինում: Թողնենք մասնավորը, անցնենք ընդհանուրին. մի գյուղ, որ բնակեցրած է ամբողջապես հայերով, ավելի բարձր գին ունի, քան թե նույն տարածությամբ և նույն բազմամարդությամբ մի ուրիշ գյուղ, որ մահմեդականներով էր բնակեցրած: Ինչո՞ւ: Որովհետև հայը հլու և արդյունավոր հպատակ է: Նա հլու է, երբ տերն օտարազգի է, բայց ես գիտեմ գյուղացիներ, որ վատ են վարվում իրանց տիրոջ հետ, որովհետև նա հայ էր: Դա ինչի՞ց է:

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, պատասխանեց.

Պատճառը շատ պարզ է: Մեր ներկան, դուք ինքներդ ասացիք, որ մեր անցյալի շարունակությունն է: Այդ տխուր երևույթների պատճառները պետք է որոնենք մեր տխուր պատմության մեջ...

Համարյա առավոտյան լուսաբացի մոտ էր, երբ մենք դուրս եկանք տեր հոր տնից և գնացինք մեր բնակարանը, վարպետ Փանոսի տունը: Դուրս գալու միջոցին Ասլանը խորին շնորհակալությամբ բռնեց տիկնոջ ձեռքը և ասաց.

Մենք, հույս ունեմ, դարձյալ կտեսնվենք:

Անպատճառ, — ասաց տիկինը:

Ո՞րտեղ:

Ես կգամ քեզ մոտ:

Դա անհարմար չէ՞ր լինի:

Ամենևին:

ԺԷ

ՊԱՆԴՈՒԽՏ ՎԱՆԵՑԻՆ

Օրը շաբաթ էր, այն սպասված օրը, որի գիշերը ես ու Ասլանը հրավիրված էինք սրբազան առաջնորդի մոտ: Ասլանը զբաղված էր ինչ-որ պատրաստություններով, իսկ ես, անգործությունիցս ձանձրացած, չգիտեի ինչ անել: Առաջնորդի հրավերքը ինձ խիստ հրապուրում էր, բայց մինչև երեկո սպասե՞լ, այդ շատ և շատ ծանր էր ինձ համար: Դուրս եկա փողոցը, նստեցի մի հաստաբուն ուռենիի հովանու ներքո, հոսող առվակի ափի մոտ: Այդ ուռիները ամառնային տոթերի Ժամանակ խիստ զով պատսպարան են բնակիչների համար, մանավանդ նրանց, որոնք իրանց բակերում պարտեզներ չունեն: Ուռենիի ներքո միայնակ նստելը նույնպես ձանձրացրեց ինձ: Վերկացա և սկսեցի փողոցի երկարությամբ գնալ դեպի Այգեստանի զանազան կողմերը:

Զարմանալի ինքնուրույնություն է ներկայացնում այստեղ կյանքը: Տարվա այդ եղանակում մարդիկ համարյա ապրում են և գործում փողոցի վրա: Ահա հյուսնը իր տան դռան հանդեպ արոր է շինում: Նրա փոքրիկ երեխաները մեծ փութով հավաքում են տաշեղները և մրջնի նման կրում են դեպի տուն վառելիքի համար: Մի խումբ մարդիկ, մերկ գետնի վրա նստած, նայում են, թե ինչպես է բանում հյուսնը: Մեկը աշխատում է, շատերը անգործ մտիկ են անում նրա վրա: Փոքր-ինչ հեռու, հարթ գետնի վրա, ածուխով ինչ-որ աղյուսակներ են գծել. քառանկյունիների վրա շարած են փոքրիկ գույնզգույն խիճեր. երկու մարդիկ այդ խիճերով «գայլ ու ոչխար» կոչված խաղն են խաղում, մի քանիսը նայում են նրանց խաղի վրա: Ահա այնտեղ, փողոցի մի անկյունում, մի ծառի տակ, նույնպես գետնի վրա, թափառական ոսկերիչը սարքել է իր շարժական քուրան և փուքսերը: Բազմաթիվ կանայք ու աղջիկներ շրջապատել են հայ արհեստավորին: Մեկը ինչ-որ զարդ է շինել տալիս, իսկ մյուսները մեծ կարոտությամբ նայում են: Փոքր-ինչ հեռու, նույնպես մի ծառի տակ, մանրավաճառ չարչին բաց է արել իր խայտաճամուկ վաճառքները: Նա ևս գլխավորապես գործ ունի կանանց հետ, որոնք տալիս են իրանց ձեռագործները և փոխարենը գնում են զանազան իրեղեններ: Նա չէ մերժում, երբ տան երեխան գողանում է իրանց հավերից մեկը, բերում է նրա մոտ և մի պատառ մաստաք է առնում: Առևտուրը կատարյալ նահապետական է. մի նյութ փոխվում է ուրիշ նյութի հետ: Անցնելով այդ բոլորից, փողոցի երկարությամբ ես շարունակում էի գնալ: Կանանցից շատերը, չդիմանալով ներսի տոթին, դուրս էին բերել իրանց մանուկների օրորոցները, դրել էին ուռենիների ներքո, հոսող առվակի ափի մոտ, և իրանք նստած օրորոցների մոտ, ոտքով օրորում էին և ձեռքով կար էին կարում: Դրանցից երբեմն լսվում էին երգի խուլ ձայներ, որ նման էին թախծալի հառաչանքների: Դրանցից շատերն այն դժբախտ մայրերն էին, որոնց ամուսինները մաշվում են պանդխտության մեջ: Մի քանի դռների հանդեպ, ծառերի տակ, պառկեցրել էին հիվանդներ, որոնց գլուխը և կուրծքը պատած էին ուռենու տերևներով, զովացնելու համար: Հիվանդների մոտ նստած էին դեռահաս աղջիկներ և դալար, սաղարթախիտ ոստերով զով էին տալիս նրանց երեսներին և քշում էին ճանճերին: Տարվա եղանակը ազդել էր և Սիմոն պատվելիի վրա, նա ևս իր շարժական դպրոցը դուրս էր բերել փողոցը և աշակերտներին շարքերով նստացրել էր ծառերի տակ, մերկ գետնի վրա: Փոքրիկ ուսանողները ավելի նայում էին փողոցի անցուդարձ անողների վրա, քան մի բան էին սովորում: Բայց Սիմոն պատվելիի հոգեառ ճիպոտը ստիպում էր նրանց` աչքերը չհեռացնել գրքից: Այսօր նա զբաղված էր ինչ-որ նախապատրաստությամբ. մի խումբ աշակերտների երգել էր տալիս, իսկ ինքը, նրանց մոտ կանգնած, հանգով շարժում էր ձեռքի ճիպոտը և իր անախորժ ձայնով ուղղում էր եղանակը: Փողոցի անցուդարձ անողներից շատերը, այնտեղ կանգնած, լսում էին: Ես էլ հետաքրքրվեցա և կանգնեցի նրանց մոտ: Պատվելին ճանաչեց ինձ, և մի առանձին պարծենկոտությամբ, դառնալով դեպի ինձ, ասաց.

Տեսնո՞ւմ ես, ինչպես բլբուլի նման երգում են:

Ես ոչինչ չպատասխանեցի: Նա դարձավ դեպի խմբված մարդիկը.

Վանեցիք իմ հարգը չեն հասկանում. մինչև այսօր ո՞վ էր տեսել այսպիսի դպրոց: Այնտեղ, Վարագում էլ դպրոց կա, բայց սատանայական բաներ են սովորեցնում և ձեր որդիներին հավատքից հանում են: Այստեղ մի ուրիշ դպրոց էլ բացվեցավ. աղջիկներին էին սովորեցնում. տեսա՞ծ բան է, աղջիկը ո՛ւր, կարդալը ո՛ւր: Աստված հաջողեց, որ շուտով փակվեցավ, թե չէ, ձեր աղջիկները գլխներին ֆես կդնեին և ձեզ կասեին` մենք տղամարդ ենք, իսկ դուք մեր կնիկները, գնացեք թոնիր վառեք, հաց թխեք, կերակուր եփեք, որ մենք ուտենք: — Այդպես չէ՞, ուղիղ չե՞մ ասում:

Շատերը բաժանեցին պատվելիի կարծիքը: Նրա խոսքը տեր Եղիշեի դժբախտ օրիորդական դպրոցի մասին էր, որի կյանքը այնքան կարճատև եղավ: Պատվելին շարունակեց.

Ախար նա ինքն ի՞նչ էր իմանում, որ ինչ սովորեցներ: Մի անգամ մի բան հարցրի, Զաքարիայի նման պապանձվեցավ, չկարողացավ պատասխան տալ: Ասացի` դե գնա, տերտեր, այսուհետև ինձ ճանաչիր:

Ունկնդիրներից ոմանք սկսեցին թախանձել պատվելիին, թե ի՞նչ էր հարցրել: Նա նրանց հետաքրքրությունը երկար տանջելուց հետո վերջապես ասաց.

Հարցրի, թե այն ո՞ւմ էշի ծնոտն էր, որով Սամսոնը երեք հարյուր մարդ կոտորեց:

Այդ շատ դժվար հարց է, — լսելի եղավ ամեն կողմից: — Դուք մեզ չե՞ք ասի:

Ինչպե՞ս կասեմ: Պոլսում մի կարմիր ոսկի եմ տվել մի վարժապետի, որ այդ ինձ սովորեցրել է, և որքան այդպիսի բաներ գիտեմ, որ Սողոմոն իմաստունն էլ չէ իմացել: Եթե ես լավ վարժապետ չլինեի, սրբազան առաջնորդը, նորին վսեմությունը, փաշան, ինձ այնքան պատիվ չէին տա: Տեսնո՞ւմ եք այդ աշակերտներին, որ հիմա երգում էին, այս գիշեր պետք է տանեմ առաջնորդարանը, որ այնտեղ երգեն: Սրբազանը խնջույք ունի, փաշան էլ այնտեղ կլինի:

Բոլորը զարմացան: Բայց նրա զզվելի պարծենկոտությունը ինձ բոլորովին վրդովեցրեց, ես հեռացա: Նա դեռ շարունակում էր խոսել բազմության հետ:

Պատվելիի շարժական դպրոցից մի քանի քայլ հեռու, իր տան դռան հանդեպ, արաղի կաթսան սարքած, այգետերը արաղ էր քաշում: Այդ կաթսաները պատկանում են առանձին մարդիկների, որոնք վարձով են տալիս և ստանում են քաշած արաղի մի մասը: Մեծ այգետերերը միայն ունեն սեփական կաթսաներ: Սիմոն պատվելին երբեմն մոտենում էր այդ կաթսային և, արաղը տաք-տաք իր կոկորդը ածելով, ասում էր. — «հիմա ավելի թունդ է»: Կարծես նա մի չափ լիներ, որով այգետերը անդադար փորձում էր արաղի թնդության աստիճանը:

Իմ բռնած փողոցով ավելի ու ավելի առաջ գնալով, ես աննկատելի կերպով դուրս եկա բնակություններից և հայտնվեցա մի արհեստական լճակի մոտ, որի մեջ հավաքվում է աղբյուրների ջուրը և հերթով բաժանվում է այգիները ոռոգելու: Ամբողջ լճակը, մի հսկայական կաթսայի նման, եփ էր գալիս, փրփրում էր: Բազմաթիվ գլուխներ հայտնվում էին և դարձյալ սկում ջրի տակ: Գյուղացի մանկտին լողանում էր: Մի քանիսը նրանցից, հոգնած, թուլացած, իրանց մարմինը կիսով չափ թաղել էին ափերի խոնավ և սառն ավազների մեջ, որ արեգակը չայրե: Տղա և աղջիկ լողանում էին միասին: Դրանք այն պարզ, միամիտ, նահապետական ժողովրդի զավակներն էին, որ միմյանցից չէին ամաչում: Երբ ես մոտեցա, կարծես մի հորդ անձրև տեղաց իմ վրա: Չարաճճիները սկսեցին ամեն կողմից ջուր սրսկել, մեկը բերանով, մյուսը ափերով, երրորդը ջրի երեսին լողացող ձմերուկի կեղևներով: Ես իսկույն հեռացա, բայց կույր հավի նման, ոտքից ցգլուխ թրջված: Այնպես չէի ուզում տուն վերադառնալ, որ վարպետ Փանոսի աշակերտներին իմ վրա չծիծաղեցնեմ: Նստեցի մի ծառի տակ, որ հագուտս փոքր-ինչ չորանա:

Իմ շուրջը տարածվում էին մշակված դաշտեր. բոստանների մեջ հասունացած սեխը, խարբուզակը աչք էին շլացնում. արտերն արդեն շատ տեղերում քաղված էին և ահագին դեզերով կիտած. գյուղացի երկրագործը մեծ փութով բարձում էր ծանր խուրձերը իր սայլակի վրա, կապում էր կաշյա հաստ ճոպաններով և կրում էր դեպի կալը կալսելու համար: Նրա երգը նույնքան մելամաղձոտ էր, որքան նրա սայլակի տխուր ճռնչոցը: Երկուսն էլ կարծես հառաչանքներ էին արձակում...

Մյուս կողմից լսելի էր լինում զբոսնող քաղաքացու ուրախ-անհոգ երգը:

Կեսօրից բավական անցել էր: Ծովից փչում էր սառն քամի և զովացնում էր տոթից տոչորված բուսականությունը: Ծառերի թառամած տերևները զվարթանում էին, խոտերի կորացած ծղոտները վեր էին բարձրացնում իրանց նվաղած գլուխները, ծաղիկները սկսում էին ժպտալ: Շրջակայքը ավելի և ավելի կենդանանում էր. զբոսնող բազմությունը զվարճանում էր ամեն կողմում: Դա օրվա այն ժամն էր, երբ վանեցիք կողպում են իրանց խանութները, խումբ-խումբ դիմում են դեպի դաշտերը, դեպի այգիները և դեպի առվակների եզերքը հովանավորող ծառերը: Ոմանք միրգ են ուտում: Շատ տեղերում բացօթյա խարույկները վառվում են, կրակը շիկանում է, խորովածի շամփուրները մխում են, օդը լցվում է ճենճերային անուշահոտությամբ: Կանաչ խոտերի վրա փռվում են սպիտակ լավաշները, և այդ պարզ սեղանի շուրջը բոլորում է երիտասարդ խումբը, գինու կամ արաղի բաժակները շրջան են առնում, օդի մեռելային լռությունը աղմկում է ուրախաձայն աղաղակներով: Ինձանից փոքր-ինչ հեռու, խոտերի վրա, նստած էին մի քանի մարդիկ: Տեսնելով, որ ես մենակ եմ նստած և օտարական եմ, ինձ կանչեցին իրանց մոտ: Նրանք եկել էին բոստաններում սեխ և խարբուզակ ուտելու: Վանեցիք սիրում են ամեն պտուղ իր տեղումն ուտել:

Բոստանների մեջ երևում էին փոքրիկ աշտարակաձև շինվածքներ. դրանք բոստանչիների գիշերային պատսպարաններն էին: Նրանք միշտ գործ ունեին գողերի հետ և նրանց պետք էր մի ամրություն: Աշտարակի մոտ մխում էր փոքրիկ վառարանը և նրա վրա դրած էր խեցեղեն սև պտույկը: Նրա մեջ եփվում էր բոստանչու ընթրիքը: Ա՜խ, որքան քաղցր հիշողություններ էր զարթեցնում իմ մեջ այդ փոքրիկ վառարանը, այդ խեցեղեն պտույկը: Շատ անգամ էր պատահել ինձ` բարի բոստանչու հետ միասին բաժանել նրա համեստ ընթրիքը. շատ անգամ գնել էի ես նույն տեսակ խեցեղեն պտույկ և խնդրել էի մորս, որ պատրաստե ինձ համար նույն կերակուրը, բայց երբեք այն համը և այն ճաշակը չէր ունեցել:

Բոստանչին, հեռվից նկատելով մեզ, առանց մեր խնդրելու, բերեց մի քանի հատ լավ սեխեր և խարբուզակներ, և գլուխ տալով, դրեց մեր առջև: Ես տվեցի նրան մի քանի ղուրուշ, որը մեծ դժվարությամբ ընդունեց: Նրա հեռանալուց հետո, իմ մոտ նստողներից մեկն ասաց.

Իզուր տվեցիք, նրանք սովորություն չունեն փող վեր առնել. մենք, որ նրա բոստանի մոտ նստած ենք, նրա հյուրն ենք:

Նա խո մեզ չէ հրավիրել, — պատասխանեցի ես:

Միևնույն է, այստեղի սովորությունն այդպես է:

Մյուսը ասաց.

Երբ պետք էր վաղ վճարել, այդ մեր պարտքն էր տալ, որովհետև մենք հրավիրեցինք ձեզ մեզ մոտ:

Երրորդը նկատեց.

Դուք չափազանց շատ տվեցիք, պարոն, բերածը մի քանի փարահազիվ կարժե. այդ պտուղները մեր երկրում խիստ չնչին գին ունեն:

Ես նրան ընծայեցի, — եղավ իմ պատասխանը:

Նրանք զարմացած նայեցին իմ վրա, թեև իմ ընծայածը նույնպես չնչին բան էր:

Իմ խոսակիցները երեք հոգի էին, որոնցից մեկը մի եկեղեցու երեցփոխան էր, երկրորդը թաղական խորհրդի անդամ էր, իսկ երրորդը` մի արհեստավոր: Երբ ես գնացի նրանց մոտ նստեցի, նրանց խոսակցության առարկան մի անցք էր, որ այնօր կատարվել էր առաջնորդարանում: Մի գյուղացի կին չէր կամենում իր ամուսնու հետ ապրել և շատ անգամ փախչում էր ծնողների տունը: Գյուղացին գնում էր, ծեծելով բերում էր, բայց ամեն անգամ նույնն էր պատահում. կինը նրա մոտ մնալ չէր ուզում (պատճառները չպատմեցին ինձ): Վերջապես, գյուղացին, անճար մնալով, գալիս է քաղաք, դիմում է առաջնորդարան և գանգատվում է: Առաջնորդը բերել է տալիս թե՛ կնոջը և թե՛ ամոանուն: Դատը վերջանում է այդ կերպով. կնոջը դնում են ամուսնու շալակը, կապում են, հետո ծառաներին հրամայում են` դալար վարոցներով հիսուն զարկ տալ կնոջը: Երբ ծեծը վերջանում է, ամուսնուն հրամայում են, որ, կնոջն այնպես շալակն առած, տանե և հասցնե իր տունը: Ինձ ասացին, որ մինչև տուն հասցնելը, որը բավական հեռու էր քաղաքից, խեղճ կինը գտնվում էր բոլորովին ուշաթափ դրության մեջ, սաստիկ գանահարությունից:

Աստված վկա, լավ դատաստան է, — ասացի ես հեգնաբար, — ծեծը անհնազանդ կնոջ պատիժը, իսկ ծեծված կնոջը իր կռնակն առած տուն տանելը` անշնորհք ամուսնու պատիժը, որ չէ կարողացել կնոջը զսպել:

Նրանք իմ խոսքերը ճշմարտի տեղ ընդունելով պատասխանեցին.

Իհարկե, չավ դատաստան է: Ո՞վ է տեսել, որ կինը բերան բաց անե իր մարդու դեմ, մեկին երկու, երեք պատասխան տա, կամ փախչե իր հոր տունը: Եթե քո էշը ախոռից փախչե, ի՞նչ կանես: Իհարկե, կգնաս, ծեծելով կբերես և իր մսուրքի վրա կկանգնեցնես: Փառավորվի՜ մեր առաջնորդը, նա այդպիսի անզգամների պատիժը լավ գիտե:

Ուրեմն լավ առաջնորդ է, — ասացի ես:

Եկեղեցու երեցփոխանը, որ մի հաստափոր և հաստագլուխ մարդ էր, և խոսելու ժամանակ աջ կողմի աչքը միշտ խփում էր, պատասխանեց.

Վանա երկիրը մինչև այսօր այդպիսի առաջնորդ չէ տեսել. փաշայի հետ փաշա է, խանի հետ խան է, բեկի հետ բեկ է, մի խոսքով, այնպիսի սալթանաթ ունի, որ սուլթանն էլ չունի: Ամեն անգամ, երբ փաշայի դուռն է գնում, կարծես մի մեծ սարդար լինի, մի խումբ ձիավոր ետևից, մի խումբ ձիավոր առջևից, փողոցներում տեղ չէ մնում, որ անցնեն: Թուրքերը նայում են և զարմացած ասում են միմյանց. «տեսնում եք, ի՞նչ ջալալ ունի հայերի խալիֆան»: Երբ հասնում են փաշայի դուռը, ծառաները խումբով առաջն են դուրս գալիս, մեկը ձիու սանձն է բռնում, մյուսը ասպանդակն է բռնում, ձեռքերի վրա ձիուց վայր են բերում, և այնպես առոք-փառոք ներս են տանում: Փաշան ոտքի է կանգնում, ձեռքը բռնում է և նստացնում է նրան իրանից վերև: — Ո՞վ է տեսել այդպիսի փառք, այդպիսի պատիվ:

Այդ բոլորը շատ գեղեցիկ կլիներ, — ասացի ես, — եթե առաջնորդը իր վայելած պատվից օգուտ քաղեր և դեպի իր ժողովրդի բարին գործ դներ: Բայց նրա համար ասում են...

Ի՞նչ են ասում, — պինդ ձայնով հարցրեց երեցփոխանը:

Ես ոչինչ չպատասխանեցի: Թաղական խորհրդի անդամը, որ բոլոր ժամանակը լուռ էր, խոսեց.

Մեզ համար այդքանն էլ բավական է, պարոն, որ նա մեծ պատիվ է վայելում. նրա պատիվը մեր պատիվն է, նրա փառքը մեր փառքն է: Թող նա ոչինչ էլ չանե ժողովրդի համար, բայց մենք նրա անունով պարծենում ենք թուրքերի առջև:

Ասում են, որ նա թուրքերին ավելի շատ է սիրում, քան թե հայերին:

Այդպես էլ պետք է, — մեջ մտավ երեցփոխանը, — հարկավոր է, որ նրանց «խաթրն» էլ առնե, նրանց էլ հաճոյանա:

Իսկ Հայրիկը ի՞նչ տեսակ մարդ է:

Նա մի դերվիշ մարդ է, — պատասխանեց երիտասարդը, — նրանից ոչ ոք չի վախենում:

Իսկ առաջնորդից վախենո՞ւմ են:

Իհարկե, վախենում են:

Երեցփոխանը «իհարկե» բառը շատ էր գործ ածում, և նրա հետ աջ կողմի աչքը միշտ խորհրդավոր կերպով խփում էր խոսելու ժամանակ: Ես պատասխանեցի.

Առաջնորդից, այո՛, վախենում են, բայց Հայրիկին սիրում են:

Ո՞վ է սիրում, — ասաց նա վրդովված ձայնով, — ցույց տվեցեք մի հայ էֆենդի, մի հայ բեկ, վերջապես, մի փոքր ի շատե նշանակություն ունեցող մարդ, որ նրան սիրելիս լիներ: ժողովրդի գլխավորները դրանք են: Նրան սիրում են գռեհիկ գյուղացիները կամ քաղաքի աղքատ-ուղքատ արհեստավորները, որոնց տները մտնում է և բոլորի քեֆը հարցնում է: Նրան ի՞նչ կվայելե այդ տեսակ մարդկանց դուռը բաց անել:

Նա մի մեծ վանքի վանահայր է, պետք է իր հավասար մարդկանց հետ նիստուկաց անե:

Հենց Հիսուս Քրիստոսն էլ մեզ նման աղքատ արհեստավորների դուռն էր բաց անում և իրան միշտ բեկերից, էֆենդիներից հեռու էր պահում, — պատասխանեց այնտեղ նստած արհեստավորը, որին, ինչպես երևում էր, զայրացրին երեցփոխանի վերջին խոսքերը:

Բայց նրանից ո՞վ էր վախենում, — հարցրեց երեցփոխանը, ինքն ևս բարկանալով և այս անգամ սխալմամբ ձախ կողմի աչքը խփելով: — Եթե նա մեծ մարդկանց հետ նիստ ու կաց աներ, նրանից էլ կվախենային:

Ես չկարողացա համբերել և կտրեցի նրա խոսքը.

Այստեղ ի՞նչ վախենալու կամ չվախենալու հարկավորություն կա: Հայրիկը հոգևոր հայր է, մի՞թե հորից պետք է վախենան որդիքը:

Իհարկե, պետք է վախենան: Եթե քո որդիքը քեզանից չվախենան, կարո՞ղ ես նրանց կարգի ու կանոնի մեջ պահել:

Ինչպես ընտանեկան կյանքի մեջ բռնակալ հայրը երկաթի գավազանով էր իշխում, նույն կառավարության ձևը դրանք սիրում էին տեսնել և հասարակական կյանքի մեջ: Այդ էր պատճառը, որ երեցփոխանը իր բերած օրինակը` հոր և որդիների հարաբերության վերաբերությամբ` բավական հաջող գտնելով, և դեպի ինձ դառնալով, ավելացրեց.

Դուք չեք ճանաչում, թե ինչ տեսակ մարդ է Հայրիկը, պարոն, լսեցեք, այդ տեսակ մարդից ո՞վ կվախենա, կամ ո՞վ բանի տեղ կդնի: Երբ պատահում է նրան փաշայի դուռը գնալ, միշտ մենակ է գնում, առանց ծառաների, առանց սպասավորների, և միշտ ոտով: Շատերը նրան չեն ճանաչում և փողոցներից անցնելու ժամանակ` ընդհարվում են նրան: Փաշայի ծառաներից ոչ ոք նրա առջև ոտքի չէ կանգնում, իսկ փաշան խիստ սառն է ընդունում:

Նրա համար, որ նա միշտ փաշայի կամքին հակառակ է գնում, — ընդմիջեց արհեստավորը:

Փաշայի անունը անդադար հիշվելով, ես ստիպվեցա հարցնել.

Փաշան ի՞նչ տեսակ մարդ է:

Թաղական խորհրդի անդամը, որպես ավելի պաշտոնական մարդ, պատասխանեց.

Աստված նրան երկար կյանք տա, երբեք նրա նման լավ փաշա չենք ունեցել: Այն օրից, որ եկել է, գիտե՞ք, ո՛րքան մարդիկների կախել է տվել, ո՛րքանի ձեռքը, ականջը, քիթը կտրել է տվել, ո՛րքանի տունը տեղը այրել է տվել և ունեցածը գրավել է: Թրի ծայրից արյուն է կաթում: Բոլորը սարսափում են, բոլորը դողում են նրանից:

Դարձյա՜լ սարսափ, դարձյա՜լ երկյուղ: Զարմանալի էակներ են մարդիկ, նրանք սիրում են տեսնել ուժ, մինչև անգամ կոպիտ, անգութ, բարբարոսական ուժ, որի առջև խոնարհվեին, որին պաշտեին: Ես հավատացած եմ, որ թե՛ թաղական խորհրդի անդամի և թե՛ եկեղեցու երեցփոխանի հայացքները բոլորովին անկեղծ էին: Նրանք այդպես համոզված էին, թե այլ կերպ լինել կարող չէր, թե մարդիկ պետք է վախենան իրանց իշխանավորից, որ նրան հնազանդվին, լիներ նա մի հոգևոր առաջնորդ կամ մի երկրի կառավարիչ: Մինչև անգամ աշխատվոր արհեստավորը, որ մի շատ համակրական մարդ էր երևում, լռեց, ոչինչ չպատասխանեց թաղական խորհրդի անդամի վերջին խոսքերին: Չգիտեմ, գուցե նա զգուշացավ փաշայի դեմ որևիցե աննպաստ կարծիք հայտնել: Այսուամենայնիվ, ես ավելի հավատացի, որ նրանք խորին համոզմունքից էին խոսում, երբ հարցրի.

Փաշան մարդկանց խեղդել է տալիս, փաշան մարդկանց տները այրել է տալիս և ունեցածը հափշտակում է, — դրա համար էլ լա՞վ փաշա է:

Ի՞նչ ասել կուզե, — պատասխանեց այժմ երեցփոխանը: — Եթե այդպես չանե, նրանից ո՞վ կվախենա, ամենքը գազան կդառնան և միմյանց միսը կուտեն:

Միևնույն է, — ասացի ես: — Եթե նա ուրիշ գազանների թիվը փոքրացնում է, բայց նրանց կերածը ինքն է ուտում:

Նա ինձ պատասխանեց.

Լավ է` հարյուր մանր գազանների տեղ մի մեծ գազան կերակրել:

Եվ նրա փշրանքներից ևս ուտել...

Երեցփոխանը ուղիղ նայեց աչքերիս մեջ: Չգիտեմ, զարմանում էր նա, թե բարկանում, ի՛նչպես համարձակվեցա մի այդպիսի նկատողություն անել: Համոզված լինելով, որ դրանք ուժի առջև խոնարհվող մարդիկ են, մտածեցի ինձ ևս ցույց տալ, ասելով.

Այս գիշեր կտեսնեմ թե՛ ձեր փաշային և թե՛ ձեր առաջնորդին:

Ներեցեք համարձակությանս, դուք ո՞վ եք, — հարցրեց թաղական խորհրդի անդամը, իսկ երեցփոխանը շվարած մնաց:

Ես ձեր քաղաքում գտնվող եվրոպացի բժշկի թարգմանն եմ: Այս գիշեր թե՛ ես և թե՛ իմ պարոնը հրավիրված ենք առաջնորդի մոտ ընթրիքի: Փաշան էլ այնտեղ կլինի:

Նրանք սկսեցին մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի ինձ: Մեր վիճաբանությունը ընդհատվեցավ, որովհետև մեր մոտով անցավ Սիմոն պատվելին, իր երգեցիկ խմբի հետ: Նա մյուս աշակերտներին արձակել էր, իր հետ միայն վեր էր առել երգիչներին: Դաշտային կրկնություններ էր անում: Այն գիշեր իր երգիչների հետ պատվելին հրավիրված էր առաջնորդի մոտ, այդ պետք էր հասկացնել ամբողջ քաղաքին: Իսկ այստեղ կար քաղաքից բավական մեծ բազմություն:

Մեր մոտով անցնելու միջոցին նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և դիմելով երեցփոխանին` ասաց.

— «Այնտեղի» համար եմ պատրաստում...

Շատ ապրես, Սիմոն պատվելի, — պատասխանեց երեցփոխանը: — Ձայնդ անսպառ լինի:

Պատվելին նշան տվեց, աշակերտները եղանակեցին.

Կա՜հ-կա՜հ կկանչե կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե բուլբուլն վըր թփին.
Կաքավի ձայնեն` եկավ վարուժանն,
Բուլբուլի ձայնեն` եկավ սիրականն:
Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ:

Ի՜նչ գեղեցիկ երգ է, ի՜նչպես լավ երգում են, — նկատեց երեցփոխանը: — Առաջնորդը շատ է սիրում այդ երգը:

Next page