Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Չգիտեմ ի՞նչ սիրելու բան կար այդ անկապ, անմիտ երգի մեջ, որը երգում էին չափազանց անախորժ և անճոռնի եղանակով, — այդ, իհարկե, չբացատրեց ինձ երեցփոխանը, — բայց ինձ զարմացրեց նրա մի այլ նկատողությունը, երբ պատվելին հեռանալուց հետո ասաց.

Իր կշեռքով ոսկի արժե այդ մարդը: Այն օրից, որ ուսումնարան է բաց արել, մեր որդիքը շենք ու շնորհք են ստացել: Առաջ կապելու գժեր էին, հիմա գառնուկի նման խեղճացել են, ձայն չեն հանում, կարծես բերաններում լեզու չկա:

Ճշմարի՞տ եք ասում, — հարցրի ես:

Սուտ ասելու ի՞նչ շահ ունեմ, — պատասխանեց նա վիրավորվածի նման: — Հենց որ երեխան տանը մի ծպտուն է հանում, բավական է, որ մայրն ասե՝ վարժապետիդ կհայտնեմ, նա իսկույն սկսում է դողալ և լեզուն քաշել:

Դարձյա՜լ սարսափ, դարձյա՜լ երկյուղ: Ես մտաբերեցի իմ մորը և տեր Թոդիկի դպրոցը: Փաշայից, առաջնորդից պետք է վախենան, որ նրանց հնազանդ լինեն, որ վատ գործ չգործեն: Վարժապետից պետք է վախենան, որ բան սովորեն և իրանց լավ պահեն...

Մեր խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ: Մեր մոտովն անցավ մի այլ խումբ: Մի բավական լավ հագնված մարդու շրջապատել էին մի խումբ երիտասարդներ. առջևից գնում էին սազ և սանթուր ածողները, ամբողջ խումբը խառնաձայն երգում էր: Այդ սրիկաները, դեռ իրանց ուրախության սեղանը չկազմած, արդեն արբած էին: Արաղի շշերը իրանց հետ էին տանում և ճանապարհին խմելով էին գնում:

Իմ մոտ նստողները երեքն էլ ոտքի ելան և հեռվից ձայն տվին.

Բարո՜վ, Մինաս աղա, միշտ այդպիսի ուրախության մեջ լինես:

Մինաս աղան, որը այն լավ հագնված մարդն էր, գլխով շնորհակալություն հայտնեց, խումբը հեռացավ:

Ո՞վ է այղ Մինաս աղան, — հարցրի ես:

Թաղական խորհրդի անդամը, փոխանակ իմ հարցին ուղղակի պատասխանելու, ասաց.

Պոլսից նոր է եկել, շատ փող է բերել:

Եվ հիմա շռայլում է:

Ի՞նչ պետք է անե, օրհնած: Մարդս մի անգամ է աշխարհ եկել, մի անգամ էլ պետք է մեռնի, էլ մյոա անգամ աշխարհ հո չէ գալու: Ուրեմն, քանի կենդանի է, պետք է ուտե, խմե, զվարճանա, որովհետև իր դատածը գերեզման չէ տանելու:

Թաղական խորհրդի անդամի փիլիսոփայությանը պատասխանեց իմ մոտ նստող արհեստավորը:

Թող զահրումար ուտե, դրանից ավելի լավ է: Այդ անպիտանը տասն տարուց ավելի, ջրի տիկն ուսից քարշ գցած, բոբիկ ոտներով թափառում էր Պոլսի փողոցներում և բաժակներով ջուր էր ծախում: Ընտանիքը տանը ուտելու հաց չուներ: Հիմա մի քանի փարա է բերել և այդպես վատնում է: Մի քանի օրից հետո բերածը կհատնի, դարձյալ պարտք կանե, դարձյալ կգնա Պոլիս և կրկին ջրի տիկը քարշ կտա ուսից: Իսկ ընտանիքը այստեղ կթողնե քաղցած:

Պոլսի փողոցներում բաժակներով ջուր ծախողը մի՞թե այստեղ աղա է դառնում, — հարցրի ես զարմանալով:

Այո, պարոն, — պատասխանեց դարձյալ արհեստավորը: — Մեր քաղաքում ով որ գրպանում մի քանի ղուրուշ ունի, նա աղա է, չնայելով, թե այդ ղուրուշները նա ինչ ցածությամբ է վաստակել:

Անցավ մի այլ խումբ: Առողջամիտ արհեստավորը, ձեռքը մեկնելով դեպի մի վայելչակազմ երիտասարդ, ասաց.

Ահա մի ուրիշ աղա էլ. դա էլ նոր է եկել. Պոլսում քիսաջի էր, այսինքն բաղանիքներում ծառայող: Պետք է Պոլսի անբարոյական բաղանիքները տեսած լինել, պետք է նրանց գաղտնիքներին տեղյակ լինել, որ կարելի լինի հասկանալ, թե ո՞րքան ստոր և անամոթ ծառայություն է կատարում քիսաջին: Այստեղ մի լավ ընտանիքից աղջիկ են տալիս այդ քիսաջուն, այդ աղային: Շուտով հարսանիք պիտի անե: Պոլսից փողերը կծախսե, կրկին պարտքերի տակ կընկնի և, մի քանի ամսից հետո, խեղճ կնոջը անտեր թողնելով, կրկին կգնա Պոլիս, կրկին կմտնե բաղանիքը:

Հեռվից երևաց տեր Եղիշեն:

— «Ֆարմասոնը» գալիս է, — ասացին միմյանց երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը:

Ի՞նչ է «ֆարմասոն», — հարցրի ես:

Անհավատ մարդ է, — պատասխանեց երեցփոխանը: — Դա մեր թաղում աղջիկների դպրոց էր բաց արել, հավաքվեցանք, քանդեցինք:

Արհեստավորը ոչինչ չխոսեց: Տեր հայրը մոտեցավ և, ինձ տեսնելով, ամենևին ծանոթություն չտվեց, չնայելով, որ անցյալ գիշերը Ասլանի հետ նրա տանն էինք: Նա ողջունեց և նստեց մեզ մոտ: Երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը իսկույն վեր կացան և հեռացան, որպես ժանտախտից: Արհեստավորը մնաց: Տեր հայրը նրա առողջությունը հարցնելուց հետո դարձավ դեպի ինձ:

Դուք, երևի, օտար երկրից եք, պարոն:

Այո՛ , այն եվրոպացի բժշկի թարգմանն եմ, — պատասխանեցի ես: — Տանը ձանձրացա, եկա այստեղ մի փոքր զովանալու:

Լավ եք արել, որդի, մեր վանեցոց զվարճությունները կտեսնեք և նրանց կյանքի հետ կծանոթանաք:

Արհեստավորը իր ընդհատված նկատողությունները շարունակեց:

Պետք է Պոլսում տեսնել այդ մարդկանց և այնտեղ ծանոթանալ վանեցու կյանքի հետ: Տեսնո՞ւմ եք, այստեղ այսպես զուգված, զարդարված, անհոգ ման են գալիս, զվարճանում են, կարծես բախտից այլևս ոչինչ պահանջվելիք չունեն, ամեն բարիքներով լի են: Բայց Պոլսում կտեսնեք դրանց կեղտի մեջ կորած, պատառոտած հագուստներով, քաղցած, անգործ թափառում են, շատ անգամ մուրացկանություն են անում: Հենց որ մի պարապմունք կգտնեն և այնքան փող կվաստակեն, որ նրանով կարող լինեն ծովը անցնել և մի քանի ամիս իրանց տներում ապրել, տեսար, իսկույն մի ձեռք նոր հագուստ կգնեն և ճանապարհ կնկնեն: Տանը նրանք անձնատուր են լինում վերին աստիճանի շռայլության, բոլորովին մոռանալով, թե որքան դժվարությամբ են վաստակել բերած փողերը: Շատերը տարիներով Պոլսում ընկած են, որովհետև ծովը անցնելու փող չեն գտնում: Պետք է շնորհակալ լինել, որ այդ օրհնյալ ծովը մեծ ծառայություն է անում մեզ: Եթե նա մեջտեղում չլիներ, բոլոր վանեցիք Պոլսում կլինեին: Ցամաքը նրանք կարող են ոտքով անցնել, բայց ծովը անցնելու համար պետք է փող վճարել, իսկ այդ փողը գտնելը հեշտ չէ վանեցու համար: Նա պետք է ամեն ինչ գրավ դնե, որ իրան պետք եղած փողը տան:

Մի՞թե Պոլսում այդ շռայլությունները չեն անում, — նկատեց տեր հայրը: — Այնտեղ էլ այդպես են:

Այո՛, այդպես են: Շատերը մոռանում են հայրենական տուն, տեղ, ընտանիք և մինչև մահ մնում են այնտեղ: Այդ թշվառների կյանքը ավելի ցավակցության արժանի է: Օրերով, ամիսներով կաշխատեն, հենց որ մի քանի ղուրուշ ձեռք ձգեցին, բոլորը մի օրվա մեջ կվատնեն: Այդ օրերում անկարելի է նրանց տեսնել կամ նրանց հետ խոսել: Բոլոր անասնական կրքերը զարթած են լինում նրանց մեջ: Նրանք սթափվում են այդ մոլեկան դրությունից այն ժամանակ միայն, երբ ղահվեջին նրանց լավ կողոպտում է և իր անբարոյական հիմնարկությունից դուրս է անում, որ ավելորդ տեղ չբռնեն:

Ի՞նչ միջոցով են փող աշխատում, — հարցրի ես:

Ամենաստոր միջոցներով: Ես հասկանում եմ, երբ հսկա մշեցին կամ ուժեղ շատախցին գնում է Պոլիս: Նրանք ընտրում են տղամարդի վայել աշխատություններ: Խաներում, մաքսատներում, նավահանգստներում համա-լություն են անում և ահագին հակեր են տեղափոխում շոգենավերից, թուլումբաջի (հրդեհաշեջ) են դառնում և կրակի մեջ են մտնում. նավաստի են դառնում և ալիքների հետ են պատերազմում, մի խոսքով, ընտրում են այնպիսի պարապմունքներ, որի համար պետք էր մարմնի և սրտի ամրություն և ծայրահեղ անձնավստահություն: Բայց երբ թուլամորթ, կանացաբարո վանեցին է գնում Պոլիս, ընտրում է պարապմունքների ամենամեղկը: Դրանք ըստ մեծի մասին գնում են մանուկ հասակներում, բերբերների (սափրիչների) աշակերտ են դառնում, սրճատներում սպասավոր են դառնում կամ, որպես Մինաս և Կարապետ «աղաների» օրինակներով ցույց տվի, բաղանիքներում քիսաջի և փողոցներում բաժակներով ջուր ծախող են դառնում: Բայց ավելի փչացնում է վանեցիներին էյվազությունը: Գիտե՞ք ի՜նչ բան է էյվազությունը, մասնավոր տներում սպասավորություն և առավելապես հարուստ մահմեդականների կամ ծառայող փաշաների տներում: Պետք է մահմեդականների ընտանեկան կազմակերպության հետ ծանոթ լինել, որ հասկանալի լինի, թե որքան գարշելի ծառայություն է կատարում էյվազը: Այնտեղ սովորում է թեքվել, ստորանալ, ընտելանում է հարեմական կյանքի բոլոր մեղկությունների հետ, այնտեղ սպանում է իր այրականությունը: Եվ դուք կտեսնեք, որ նույն փառավոր հագնված, վայելչադեմ էյվազը, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ, հետո, իր ծերության հասակում, պատառոտած հագուստով, մի կթոց ուսի վրա առած, թափառում է փողոցներում, տներից աղբ է հավաքում և, մի քանի փարայի վարձատրությամբ, տանում է ծովն է ածում: Երկու դեպքում ևս նա ստորանում է, թեքվում է, թեքվում է աղբի ծանրության ներքո...

Վերջին խոսքերը արտասանեց արհեստավորը սարսափելի դառնությամբ: Նա շարունակեց.

Նայեցեք այդ բազմությանը, որ մեր շուրջը զբոսնում են և այդպես անձնատուր են եղած անհոգ զվարճությունների, դրանք պարտքերի մեջ խեղդված մարդիկ են: Դրանց մեջ մեկը չեք գտնի, որ իր կյանքում տասնյակ անգամներով Պոլիս գնացած չլիներ և այնտեղ տարիներով մնացած չլիներ: Այդ ծուլությունը, այդ անհոգությունը, այդ շռայլությունը դրանք բերել են Պոլսից:

Ես մտաբերեցի Ասլանի խոսքերը, որ մի օր ասում էր ինձ. «Պոլիսը փչացրել է դրանց, ա՜խ, ո՛րքան ժամանակ, ո՛րքան աշխատություն է հարկավոր մի այդպիսի հասարակություն ուղղելու համար»...

Երբ արհեստավորը վերջացրեց իր հետաքրքիր նկարագիրը վանեցոց պանդխտության մասին տեր հայրը ասաց.

Ցավալին այն է, որ այդ ախտը քաղաքից հետզհետե ավելի և ավելի տարածվում է և աշխատասեր գյուղացիների մեջ: Նրանք էլ վարակվել են: Նրանք էլ թողնում են իրանց վարը, ցանքը, գնում են Պոլիս: Եվ այդպես մեր ամենալավ ուժերը մաշվում են, ոչնչանում են պանդխտության մեջ:

Արևը մտնելու մոտ էր: Ես շտապում էի տուն վերադառնալ, գիտեի, որ Ասլանը սպասելիս կլիներ ինձ: Ես վերկացա, տեր հայրը նույնպես եկավ ինձ հետ: Բայց արհեստավորը, մնաք-բարյավ ասելով, բաժանվեցավ մեզանից: Ճանապարհին հարցրի տեր հորից.

Ո՞վ է այդ մարդը:

Հասարակ դարբին է, — պատասխանեց տեր հայրը:

Բայց ի՞նչ լավ խոսում է:

Նա բավական զարգացած մարդ է:

Ես սաստիկ համակրեցի նրան:

Տեր հայրը իր շուրջը նայելով, որպեսզի ոչ ոք չլսե, հազիվ լսելի ձայնով ասաց.

Նա «մերոնցից» է...

Ասլանը ճանաչո՞ւմ է նրան:

Ճանաչում է:

Իսկ նա՞ Ասլանին:

Չէ ճանաչում:

Արևը մտավ: Երեկոյան զովը ավելի ախորժելի դարձավ: Զբոսնող բազմությունը հետզհետե ստվարանում էր, և ամեն կողմից լսելի էին լինում երգի, ուրախության ձայներ: Ես դարձյալ մտաբերեցի Ասլանի խոսքերը, թե «այդ ժողովուրդը ծիծաղում է արտասուքի միջից»...

ԺԸ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան մութը պատել էր արդեն, երբ ես և Ասլանը ձի նստելով դիմեցինք դեպի առաջնորդարանը: Ճանապարհին հարցրի Ասլանից.

Ի՞նչ ես կարծում, առաջնորդին հայտնի՞ կլինի մատնությունը:

Անտարակույս, — պատասխանեց նա: — Անկարելի է, որ փաշան այդ մասին նրա հետ խորհուրդ արած չլինի:

Ուրեմն տիկնոջ զգուշացնելը իզուր չէր:

Բոլորովին իզուր էր:

Ինչո՞ւ: Առաջնորդը մեծ հոժարությամբ իր սեղանի վրա կալանավորել կտա քեզ, եթե ստուգե, որ դու ես նկարագրված անձը:

Նա այդ կանե, բայց ստուգելը դժվար է:

Տեսնելով Ասլանի անձնավստահությունը, ես լռեցի: Նա ինձ պատվիրեց.

Դու այստեղի սովորության համեմատ կկանգնես դռան մոտ, ներսի կողմից. աշխատիր ոչ մի բառ չփախցնել քո լսողությունից, ինչ որ կխոսվի այնտեղ:

Մի խումբ ծառաներ կանգնած էին առաջնորդարանի դռանը` հյուրերին ընդունելու և նրանց ձիաները բռնելու համար: Մեզ ևս ամեն քաղաքավարությամբ ներս տարան: Մենք սպասում էինք հանդիպել մի համեստ ընթրիքի, որպիսին վայել էր մի կրոնավորի, բայց գտանք ընդհակառակը: Դահլիճներից մեկը փառավոր կերպով զարդարված էր. լուսավորությունը աչք էր շլացնում. ես առաջին անգամն էի տեսնում այսպիսի ճոխություն: Դահլիճի պատվավոր ճակատում, թանկագին թավիշյա օթոցի վրա, որ տարածել էին պարսկական գեղեցիկ գորգի երեսին, բազմած էր նորին սրբազնությունը: Նրա աջ կողմը բռնել էր փաշան, իսկ ձախ կողմը` մի նշանավոր քուրդ բեկ: Նա այն գիշեր հագած ուներ ծիրանեգույն փարաջա, իսկ կուրծքի վրա շողշողում էր ալմաստներով զարդարված օսմանյան շքանշանը: Ինձ հայտնի էր, ես Պարսկաստանում շատ անգամ էի տեսել, երբ երկրի կառավարիչը մարդիկ է մորթել տալիս, նա այնօր սովորաբար հագնում է արունագույն զգեստ: Այդ ինձ մտածել տվեց, թե նորին սրբազնությունը գուցե նրա համար է հագել ծիրանագույն փարաջան, որովհետև առաջնորդարանում այնօր կատարվել էր գյուղացի կնոջ նշանավոր դատաստանը: Բայց այդ պետք էր մի պատահական հակադիպություն համարել:

Նա ընդունում էր իր հյուրերին առանց տեղից շարժվելու, միայն ձեռքը մեկնում էր համբուրել տալու համար: Բայց երբ Ասլանը ներս մտավ, նա կիսով չափ տեղից բարձրացավ և, փոխանակ աջը համբուրել տալու, բռնեց Ասլանի ձեռքը, բարեկամաբար սեղմեց և փաշաի մոտ նստելու տեղ ցույց տվեց: Աթոռներ չկային, բոլորը նստած էին գորգերի վրա: Ես կանգնած մնացի դռան ձախ կողմում, իսկ աջ կողմը բռնած էր փաշայի թիկնապահը: Երկուսս էլ զինված էինք, երկուսս էլ ձեռքներս դրած ունեինք մեր սրերի վրա: Դա մի առանձին պատիվ է, երբ թիկնապահը կանգնում է նույն սենյակում, որտեղ ընդունված է նրա տերը: Հասարակ անձանց թիկնապահները կամ նրանց ծառաները սպասում են նախասենյակում, որպես քուրդ բեկի ծառան:

Սովորական ողջագուրանքից հետո, որի միջոցին յուրաքանչյուրը անդադար ձեռքը խոնարհեցնում էր և հետո դնում ճակատին ի նշան խորին հարգանաց, փաշան մի առանձին ժպիտով, որ խիստ կոշտ էր թվում նրա կոշտ դեմքի վրա, դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով:

Ես դիտավորություն ունեի անձամբ ձեզ մոտ գալ, պարոն բժշկապետ, իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեր հրաշալի բժշկության մասին: Ես այժմ կատարելապես առողջ եմ:

Դուք ինձ ամաչացնում եք, վսեմաշուք տեր, մի՞թե իմ չնչին ծառայությունը այդքան մեծ արժեք ուներ, — պատասխանեց Ասլանը:

Ավելի և ավելի մեծ արժեք ուներ, — կրկնեց նա գլուխը շարժելով: — Հավատացնում եմ ձեզ, պարոն բժշկապետ, եթե ես չգիտենայի, որ Մուհամմեդը մարգարեների վերջինն է և կատարածը, թե նրանից հետո այլ մարգարե չէ գալու, անշուշտ պիտի համարեի ձեզ աստծո մարգարեներից մեկը, որ, աշխարհ գալով, հրաշքներ է գործում:

Փաշայի այդ երկդիմի շողոքորթությանը Ասլանը պատասխանեց.

Հրաշքների դարը անցել է, վսեմաշուք տեր, այժմ գիտության և արհեստի դարումն ենք ապրում, որոնք ավելի մեծ գործեր են կատարում, քան գերբնական հրաշքները:

Փաշան դարձյալ իր ասածն էր պնդում:

Հրաշքների դարը ինձ համար չէ անցել, պարոն բժշկապետ, ես հավատավոր մարդ եմ: Ստամբոլում ամբողջ հինգ տարի տանջվեցա, հասկանո՞ւմ եք, ամբողջ հինգ տարի. սուլթանի ամենանշանավոր բժիշկները աշխատում էին իմ վրա, բայց ոչինչ օգուտ չտեսա. իսկ ձեր մի քանի դեղերով բոլորովին փրկվեցա ես:

Ասլանը ինձ հետո ասաց, թե այդ մարդը ամենևին հիվանդություն չուներ, թե իր տված մի քանի դեղերը միայն նրա երևակայությունը գոհացնելու համար էին գործ դրված: Բայց ավելի հավանականն այն էր, որ խորամանկ փաշան իր հիվանդությունը իբրև մի պատրվակ էր ընտրել՝ բժշկին մի քանի օր ավելի Վանում պահելու համար, որպեսզի իր նրա վերաբերությամբ ունեցած կասկածները ստուգե: Թե այսպես, թե այնպես, այդ տեսակ բացարձակ շողոքորթություններ արևելքում ոչ միայն սովորության, այլև քաղաքավարության կարգն են անցել, և Ասլանը, հետևելով տեղային սովորությանը, դարձավ դեպի առաջնորդը այդ խոսքերով.

Չգիտեմ, որպես շնորհակալ լինեմ ձեզանից, սրբազան հայր, ձեր հանձնարարական թուղթը ինձ շատ և շատ օգնեց, ես համարյա մեծ մասամբ հասա նպատակիս:

Այդ մեր պարտավորությունն է, պարոն բժշկապետ, մեր կարյաց չափ բավականություն տալ մեր կողմերը եկած ճանապարհորդների հետաքրքրությանը, օգնել նրանց երկիրը, ժողովուրդը ուսումնասիրելու, և աշխատել` ամեն կերպով դյուրություններ մատուցանել նրանց` իրանց նպատակներին հասնելու: Բայց, ցավում եմ, շատ ցավում եմ, որ ես չկարողացա նախատեսել Կտուց անապատը գնալու վտանգը: Մեր ծովը փոքրիկ է, բայց բավական կատաղի է: Միայն ուրախ եմ, շատ ուրախ, որ ձեզ հաջողվել է քաջությամբ ազատվել:

Առաջնորդը հիշեցնում էր մեր Կտուց անապատը գնալու ժամանակ կրած ալեկոծությունը: Երևում էր, որ նրան արդեն հայտնի էին մեզ հետ պատահած անցքերը: Նա ավելացրեց.

Դուք, պարոն բժշկապետ, տեսնում եմ, որպես լավ բժիշկ եք, նույնպես և լավ նավավար ու ճարպիկ լողորդ եք: Ես մեծ հիացմամբ լսեցի ձեր կատարած քաջությունը ալեկոծության ժամանակ:

Ասլանը պատասխանեց.

Մեր երկրում, սրբազան հայր, վաղուց արդեն կրթության և դաստիարակության կարգն է անցել, սկսյալ մանկությունից, պատրաստել մարդուն այնպես, որ նա կյանքի մեջ ընդունակ լինի ամեն վտանգների հետ պատերազմելու: Երբ ծովի հետ գործ ունես, պետք է կանխապես սովորած լինես, թե ինչպես պետք է վարվել նրա ալիքների հետ...

Այդ բոլոր խոսակցությունը, որպես նկատում էի, մի տեսակ խուլ հակաճառություն էր զանազան նուրբ ակնարկություններով և զանազան երկդիմի ասացվածքներով: Ասլանի նույն տեսակ պատասխանները ստիպեցին սրբազանին փոխել իր խոսակցության ձևը:

Դուք և Վարագ այցելեցիք, այնպես չէ՞, պարոն բժշկապետ, — հարցրեց նա, — ի՞նչպես գտաք այդ վանքը և այնտեղի նոր հիմնարկությունները. տեսնվեցա՞ք արդյոք Հայրիկի հետ:

Տեսնվեցա և շատ բավական մնացի, — ասաց Ասլանը: — Նրա վանքը մի գեղեցիկ օրինակ պետք է համարել, որ եթե կղերը կմասնակցե ժողովրդի դաստիարակության գործին, ահա այդ ձևով պետք է մասնակցե:

Այդ իմ փափագելի ցանկությունն է, պարոն բժշկապետ: Իմ ջանքերը դեռ բոլորովին չեն սպառվել Վարագի վրա: Ես աշխատում եմ և պիտի շարունակեմ աշխատել, եթե միջոցները ինձ թույլ տան, իմ վիճակի մեջ գտնված բոլոր վանքերին նույն ձևը տալ: Մեր վանքերը, ժամանակների դժբախտ հանգամանքներից, այժմ շատ և շատ թշվառ դրության մեջ են: Իմ բոլոր ջանքը այն է` բարձրացնել նրանց իրանց անկյալ դրությունից:

Պետք է վերին աստիճանի ցած կեղծավորություն համարել, որ Հայրիկի և նրա վանքի ամենամեծ թշնամին այդպես էր խոսում: Նա, որ ամեն գաղտնի և հայտնի միջոցներ գործ էր դնում ոչնչացնելու Վարագա բոլոր հիմնարկությունները, այժմ նրա փառքը և նախաձեռնությունը իրան էր վերաբերում: Բայց սրբազանը այդ մասին կարճ կտրեց, խոսքը փոխելով.

Ես ձեզանով և ձեր ճանապարհորդության արկածներով այնքան գրավվեցա, որ բոլորովին մոռացա իմ հյուրերին ծանոթացնել ձեզ: — Ահա դա, — նա ցույց տվեց այնտեղ նստած քուրդ բեկին, — քրդերի մի մեծ և քաջ ցեղի գլխավորն է, Շարիֆ-բեկը:

Շատ ուրախ եմ ծանոթանալ, — ասաց Ասլանը ձեռքը մեկնելով քուրդ բեկին:

Ամենապատվական մարդ է և իմ ամենալավ բարեկամը, — առաջ տարավ առաջնորդը: — Դրա շնորհիվ մեր և Պարսկաստանի սահմանագլուխները կատարյալ ապահովություն և հանգստության են վայելում: Տեղային քրիստոնյա բնակիչների բարեխնամ պաշտպանն է և հովանավորողը:

Ես իսկույն ճանաչեցի քուրդ բեկին, երևի Ասլանը ինձանից առաջ ճանաչել էր: Դա նույն անձնավորությունն էր, որին տեսանք սուրբ Տիրամոր վանքում, որտեղ եկել էր նա ուխտավորներից գոյացած արդյունքը բաժանելու Կարապետ հայր սուրբի հետ: Դա նույն անձնավորությունն էր, որի` Ասլանի մասին գրած մատնության նամակը անցյալ գիշեր կարդացինք տեր Եղիշեի տանը: Այժմ, ինչպես երևում էր, անձամբ եկել էր խորհրդակցել փաշայի հետ, կամ, գուցե այդ նպատակով կանչված էր նրանից:

Դա մեր քաղաքի ոստիկանության պետն է, Լաթիֆ-բեկը, — առաջ տարավ առաջնորդը: — Ամենապատվական մարդ և դրա շնորհիվ մեր քաղաքը կատարյալ հանգստություն է վայելում:

Ասլանը ձեռքը մեկնեց և դեպի այդ «ամենապատվական» մարդը, որ տեր Եղիշեի քրոջ` տիկին Թելլիի ամուսինն էր, և որին հանձնված էր որոնել մատնված Ասլանին: Նա բոլոր ժամանակ իր թավ, խոժոռ հոնքերի տակից լուռ նայում էր Ասլանի վրա: Թե՛ քուրդ բեկը և թե՛ ոստիկանության պետը` երկուսն էլ զենքերով էին նստած: Նայելով վերջինի վրա, ես մտածում էի, որ այնպիսի բարի և ազնիվ կինը, որպիսին էր Թելլի-խաթունը, մի կատարյալ զոհ պետք էր համարել այդ տեսակ գազանի ձեռքում:

Բացի քուրդ բեկից և ոստիկանության պետից, մյուս հյուրերի թիվը շատ փոքր էր. նրանք երեք հոգի էին միայն, ազգով հայ: Առաջինի վրա ցույց տալով, առաջնորդը ասաց.

Դա մեր հայ հասարակության առաջնակարգ անձինքներից մեկն է, Շարման-բեկը: Բոլոր արքունական շինվածքների կառուցման կապալառությունը դրա ձեռքումն է, որ ապացույց է իր մեծ հավատարմության: Շատ ժամանակ չէ, որ արժանացավ օգոստափառ սուլթանի շնորհած շքանշանին:

Եվ իրավ, նրա կուրծքի վրա փայլում էր մի շքանշան: Շարման-բեկի անունը լսելով, ես իսկույն հիշեցի վարպետ Փանոսի մի հետաքրքիր պատմությունը արքունի զինվորանոցների կառուցման մասին: Այդ Շարման-բեկն էր, որ շինությունների բոլոր ծախքը հայ հասարակության տուժել տալով, միևնույն ժամանակ, նույն ծախքը ամբողջապես ստացավ կառավարության գանձարանից և բաժանեց փաշայի կամ այլ պաշտոնական անձանց հետ: Այդ պատմությունը ես պիտի կրկնեմ, որ դու լավ մտաբերես, ընթերցող:

Վանի շրջակայքում, կամ Պարսկաստանի սահմանի գծի վրա, տաճկաց սահմանապահ զինվորները, զորանոցներ չունենալով, սովորաբար միշտ բաժանված էին լինում հայերի տներում օթևանելու համար: Յուրաքանչյուր ընտանիք պարտավորված էր պահել մի քանի հոգի այդ հյուրերից: Ինքնակոչ հյուրը դառնում էր, միևնույն ժամանակ ընտանիքի տերը և նրա գլխավորը: Տան հարսը, աղջիկը, կինը ծառայում էին նրան, որպես աղախիններ, տան տղամարդը հոգ էր տանում նրա ձիուն որպես ծառա: Թուլամորթ, որկրամոլ տաճիկ զինվորը չափազանց նուրբ ճաշակ է ստանում և խիստ պահանջող է լինում, երբ հայի տանը ձրի կերակրվում է: Իսկ երբ նրա պահանջները իր ցանկության համեմատ չեն կատարվում, այն ժամանակ էլ նրա մտրակը սարսափելի գործ է տեսնում: Գերդաստանի պատիվն անգամ զոհվում է նրա մոլի կրքերին: Երևակայեցեք մի գյուղական պարզ, նահապետական ընտանիք, որ բոլորը մի հարկի տակ են ապրում, և նրանց մեջ խառն է անբարոյական տաճիկ զինվորը: Հայը ամեն հարստահարության սովոր է համբերել, բայց երբ դիպչում են նրա ընտանեկան պատվին, նա այդ ժամանակ կորցնում է իր համբերությունը: Այդ էր, որ գրգռեց հասարակությանը` բողոքել բարձր կառավարության, որ զինվորները հեռացվեն իրանց տներից: Կառավարությունը ի նկատի առեց նրանց բողոքը և հրամայեց ամեն տեղ իր ծախքով զորանոցներ կառուցանել: Արքունի շինվածքների կապալառվի, Շարման-բեկի համար մի մեծ գործ բացվեցավ: Նա դիմեց միամիտ գյուղացիներին, ասելով. «եթե ցանկանում եք, որ զինվորները ձեր տներից հեռանան, պետք է զորանոցները ձեր ծախքով շինել տաք, որովհետև այդպես է հրամայված»: Խեղճ գյուղացիները հոժարվում են ամեն ինչ զոհել, գեթ ազատվեն անտանելի հյուրերից: Ով որ փող ուներ, փող էր տալիս, ով որ փող չուներ, ինքն էր աշխատում իր անասունների հետ, քար, փայտ և կիր կրելով: Այդպիսով զորանոցները կառուցվում են: Այդ մեծ ծառայությունը վարձատրվում է այն մեծ շքանշանով, որ Շարման-բեկը կրում էր կուրծքի վրա, թեև զորանոցների ծախքը մի կողմից խեղճ հասարակությունն էր տուժում, մյուս կողմից` արքունի գանձարանը:

Շատ բարեպաշտ և ազգասեր անձն է, պարոն բժշկապետ, — ավելացրեց առաջնորդը: — Եթե գիտենայիք որքան բարիքներ է գործել դա մեր հասարակությանը: Շատ ժամանակ չէ, որ իր ծախքով նորոգել տվեց մի վանքի խարխուլ տաճարը:

Վերջին խոսքը ճշմարիտ էր: Բայց ժողովուրդը կողոպտել և տաճարներ կառուցանել, այդ հազիվ թե կարելի էր բարեպաշտություն համարել: Ասլանը ոչինչ չպատասխանեց: Բայց Շարման-բեկը, լսելով սրբազանի գովասանքը, ինքնաբավական կերպով իր տեղում շարժվեցավ, նրա աղյուսի գույնով անշարժ դեմքի վրա երևաց ժպիտի նման մի բան, և ձեռքը տարավ դեպի կուրծքը, կարծես տեսնելու համար՝ արդյոք շքանշանը իր տեղո՞ւմն է:

Առաջնորդը շարունակեց ծանոթացնել մյուսներին.

Դա մահտեսի Թորոսն է, մի քանի անգամ Երուսաղեմ ուխտ է գնացել. մեր քաղաքի հարուստ և նշանավոր վաճառականներից մեկն է, միևնույն ժամանակ մեր մայր եկեղեցու երեցփոխանն է: Մեծ ծառայություններ է արել եկեղեցուն, շատ ապրի, չափազանց բարեպաշտ և ազգասեր մի անձն է:

Ասլանը մինչև անգամ չնայեց նրա վրա. ես երեսս մի կողմ շուռ տվի, որ ծիծաղս չտեսնեն: Գիտե՞ք ով էր այդ «հարուստ», «չափազանց բարեպաշտ և ազգասեր վաճառականը»: Դա միևնույն խաբեբան էր, որ Այգեստանում հայտնվեցավ մեզ մոտ, վարպետ Փանոսի տանը և, իբրև թանկագին հնություններ, կեղծ դրամներ վաճառեց Ասլանին: Այն ժամանակ նա, մի հրեա մանրավաճառի նման, հագած ուներ հին ցնցոտիներ, որ կարեկցություն գրավե դեպի իր ողորմելի վիճակը: Իսկ այժմ, չնայելով որ ամառն էր, հագած ուներ մի թանկագին մուշտակ աղվեսի ոսկեգույն մորթիից, և մեջքին փաթաթած ուներ թանձր գոտի պարսկական շալից: Ասլանը նրան չամաչացնելու համար այնպես ձևացրեց, իբր թե չէ ճանաչում նրան: Եվ իրավ, այժմ հազիվ կարելի էր ճանաչել նրան. գլխին դրած ուներ ֆես, որի վրա փաթաթել էր յազմա կոչված թաշկինակ. կնճիռներով պատած երեսը խնամքով ածիլած էր, իսկ քիթը, որ ուղտի համետի ձև ուներ, ինձ երևում էր այժմ ավելի երկարացած և բոլորովին ծածկել էր վերին շրթունքը: Առաջնորդի` նրա մասին շռայլած գովասանքների այն մասը միայն ճշմարիտ էր, որ, իրավ, նա շատ հարուստ մարդ էր և փաշայի սեղանավորն էր: Հարկավորված ժամանակ փաշային ծանր տոկոսներով փող էր տալիս, իսկ փոխարենը ընդունում էր գյուղերից ստացվելիք տուրքը: Իսկ ինքը ո՛րքան և ի՛նչպես էր ստանում գյուղացիներից, այդ կախված էր իր խղճից, եթե կար նրա մեջ խիղճ:

Երրորդ անձը, որին ծանոթացրեց սրբազանը, մի կծկված ծերունի էր, փոքրիկ սապատը դուրս էր ցցվել մեջքի վրա: Նա ևս մի քանի անգամ Երուսաղեմ էր գնացել, նա ևս չափազանց «բարեպաշտ և ազգասեր» մարդ էր: Նրան կոչում էին մահտեսի Հարո: Եթե ես եզվիտ տեսած չլինեի, բավական էր այդ մարդու դեմքը հետազոտել, նրա խոսակցությունը լսել և եզվիտի մասին կատարյալ գաղափար կազմել: Նա քաղաքի գլխավոր ոսկերիչն էր և գոհարավաճառը: Փաշայի կանանոցի զարդերը նա էր մատակարարում և նրա դռան հետ սերտ հարաբերություն ուներ: Չգիտեմ ինչո՞ւ սրբազանը մոռացավ նրա մասին «չափազանց բարեպաշտ և ազգասեր» ածականները և միայն ասաց, թե շատ «երևելի» մարդ է: Այդ ինձ չէր զարմացնում, որովհետև գոհարավաճառ և ոսկերիչ հայերը շատ անգամ սուլթանների և շահերի արքունիքում երևելի են դարձել, ստեպ գործ ունենալով ազդեցություն ունեցող ներքինիների և կանանոցի հետ:

Դրանք երեքն էլ քաղաքիս դատաստանական մեջլիսում բազմոց ունեն, — վերջացրեց սրբազանը:

Սրբազանի վերջացնելուց հետո փաշան սկսեց զբաղեցնել Ասլանին: Նա զանազան սրախոսություններով անդադար դառնում էր դեպի Ասլանը, հանաքներ էր անում, ծիծաղում էր, թեև նրա սրախոսությունների մեջ ծիծաղելու ոչինչ չկար:

Ես հույս ունեմ, որ մեր քաղաքի հնությունները բավական գրաված պետք է լինեն ձեզ, պարոն բժշկապետ, — հարցրեց նա:

Հնությունները, այո՛ , գրավեցին, — պատասխանեց Ասլանը: — Բայց ինչ-որ նոր է այստեղ, շատ տխուր տպավորություն է գործում:

Փաշան կամ չհասկացավ Ասլանի ակնարկությունը, կամ զանցառության տվեց: Նրա փոխարեն պատասխանեց սրբազանը.

Եթե դուք տեսնեիք մեր քաղաքը տասն տարի առաջ, պարոն բժշկապետ, նա բոլորովին ավերակ էր: Այժմ բավական շենք ու շնորհք է ստացել: Բնակիչները կատարյալ հանգստություն են վայելում, ավերակները հետզհետե նորոգվում են: Այդ ամենով մենք պարտական ենք մեր վսեմաշուք փաշային, որի կառավարությունը բերեց իր հետ բարօրություն և կյանք:

Բոլորովին ճշմարիտ է, աստված երկար կյանք տա մեր վսեմաշուք փաշա Էֆենդիին, — ասացին երեք հայ երևելիները միաձայն:

Ինձ շատ հաճելի է լսել այդ բոլորը, — պատասխանեց Ասլանը, — անշուշտ վսեմաշուք Էֆենդին իմ ուղևորության հիշատակարանի մեջ իր արժանավոր տեղը կբռնե:

Ի՞նչպես պետք էր հասկանալ այդ «արժանավորը», փաշան, իհարկե, դեպի լավը բացատրելով, մի առանձին քնքշությամբ, որ բնավ չէր պատշաճում նրա խիստ դեմքին, սեղմեց Ասլանի ձեռքը, ասելով.

Շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, ձեր բարի ուշադրության համար: Հարկավ, ձեր ուղևորության հիշատակարանը մի օր տպագրությամբ լո՞ւյս կտեսնի:

Անպատճառ, գուցե մի քանի լեզուներով ևս կթարգմանվի:

Երեք հայ երևելիներից մեկը, մահտեսի Հարոն, որ ավելի մոտ էր նստած Ասլանին, կռացավ դեպի նրա ականջը, իբր թե մի ծածուկ բան է ասում, բայց այնքան լսելի ձայնով խոսեց, որ ամենքը իմացան:

Ամենայն հարգանաց արժանի է այդ մարդը, — նա իր նեղ, խորամանկ աչքերը, որոնք բոլորովին զրկված էին թերթերունքներից և շրջապատված էին միայն կարմիր, թանձր կոպերով, դարձրեց դեպի փաշան: — Ես ութսուն տարեկան մարդ եմ, պարոն բժշկապետ, ես շատ բան եմ տեսել: Առաջ խիստ վատ էին ժամանակները. իսկ հիմա գայլն ու գառը միասին են ապրում, մարդիկ իրանց դռները գիշեր ու ցերեկ բաց են թողնում, փակելու պետք չունեն, որովհետև էլ գողեր չկան: Կարող ես գլխիդ ոսկի դնել և աներկյուղ ուր որ ուզում ես գնալ: Ամեն տեղ ապահովություն է տիրում: Թե՛ աղքատի խրճիթից, թե՛ հարուստի տնից միայն աղոթք ու գոհություն է լսվում: Ոչինչ դժգոհություն չկա:

Միշտ միևնույն զզվելի շողոքորթությունները, միշտ միևնույն անվերջ կեղծավորությունները չափ չունեին: Եվ այդ շողոքորթությունների մեջ պետք էր որոնել երկրի գլխավոր թշվառությունը: Ես այժմ կատարելապես հասկանում էի այն ճառի ճշմարտությունը, որ Ասլանը կարդաց ինձ և Մարոյին Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, թե որպիսի վնասակար դեր են խաղում ժողովրդի ներկայացուցիչները նրա անբախտ վիճակի մեջ: Այն ժամանակ ես լսում էի միայն խոսքեր, թե ի՞նչ է անում կղերը, կառավարության պաշտոնյան, դրամատերը, և դրանց նմանները, իսկ այժմ տեսնում էի նրանց կենդանի տիպարները: Դիցուք թե, Ասլանը լիներ մի կոնսուլ, մի պաշտոնական անձ, որ ուղարկված էր երկրի դրությունը քննելու: Նա խո չէր մտնի գյուղացու խրճիթը, նա խո չէր դիմի սոված քաղաքացուն: Նա ամեն տեղ կհանդիպեր այդ տեսակ շողոքորթների և ի՞նչ գաղափար կարող էր կազմել երկրի դրության մասին: Իհարկե, լավ: Նույնիսկ երկրի բարձր կառավարության առջև` այդ մարդիկը վնասակար դեր են խաղում: Երբ հարստահարվածների բողոքը հասնում է մինչև Բարձրագույն Դուռը, երբ գանգատվում են փաշային, մուդուրի, գայմագամի կամ այս և այն անիրավ զեղծումների մասին, տեսար, ահա հավաքվեցան շողոքորթները և, հակառակ բողոքագրին, մի շնորհակալության հանրագիր կազմեցին և ուղարկեցին Պոլիս: Ամեն բան քանդվում է: Հարստահարվածների ձայնը խեղդվում է, որովհետև շողոքորթներին ավելի են հավատում, որովհետև նրանք են ժողովրդի ներկայացուցիչները, նրա «երևելիները»: Դրանց շահերը կապած են երկրի կեղեքիչների շահերի հետ, շատ հասկանալի է, որ նրանց անիրավությունները կպաշտպանեն:

Ասլանը, երևի, չկարողացավ իրան զսպել, ասաց.

Անկարգություններ, այսուամենայնիվ, պատահում են: Իմ անցնելու միջոցին, Պարսկաստանի սահմանագծի վրա, սարսափելի բարբարոսություններ էին կատարվել: Քրդերի ջալալի կոչված ցեղը անցել էր սահմանը և պարսից հողի վրա այրել էր տասնից ավելի հայոց գյուղորայք: Նրանց անասունները ավարի էին առնված, հովիվներին կոտորել էին: Այդ ավազակությունները այն աստիճան երկյուղ էին տարածել շրջակայքում, որ քարավանների երթևեկությունը բոլորովին դադարած էր. հունձերը մնացել էին անխնամ, երկրագործները չէին համարձակվում դաշտ դուրս գալ:

Next page