Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Անցքը ճշմարիտ էր, հենց այդպես պատահել էր: Բայց Ասլանը, չգիտեմ ինչո՞ւ, հիշեցրեց այդ, որ փոքր-ինչ անքաղաքավարի երևաց: Որովհետև այնտեղ ներկա գտնվող Շարիֆ-բեկը ջալալիների ցեղապետն էր, որոնք գործել էին հիշյալ անկարգությունները: Ասլանը այնպես ձևացրեց, որ իբր թե չգիտե, և, երևի, նրան ավելի խոր խոցելու համար, ավելացրեց.

Ես այդ բոլոր տեղեկությունները հավաքել եմ, անպատճառ պետք է հաղորդեմ ուր որ հարկն է:

Վերջին խոսքերը ես բոլորովին անքաղաքագիտական համարեցի. ի՞նչ հարկ կար այդ ասելու և քուրդ բեկին գրգռելու իր դեմ. նա մի՞թե կթողներ, որ նրա թղթերը տեղ հասնեին, կուղարկեր իր մարդիկը, թե՛ թղթատարին և թե՛ թղթերի հեղինակին կոտորել կտար ճանապարհների վրա: Ասլանը մտածում էր մի տեսակ վրեժխնղիր լինել քրդին, որը բավական չէր, որ նրա մասին մատնության նամակ էր գրել փաշային, այլ ինքն ևս անձամբ եկել էր Վան փաշային օգնելու համար, որպեսզի գտնեն կասկածավոր անձը:

Ասլանի անակնկալ նկատողություններից հետո երեք հայ «երևելիները» շվարած կերպով միմյանց երեսին նայեցին, երևի խոսք էին որոնում քուրդ բեկին արդարացնելու համար: Առաջնորդը նույնպես մտատանջության մեջ ընկավ, իսկ փաշան չգիտեր, թե որպես պաշտպաներ իր հզոր աջակցին:

Բայց քուրդ բեկը, որպես քաջ ավազակ էր իր ասպատակությունների ժամանակ, նույնպես վարպետ կռվող էր երևում և խոսքի բանակռվի մեջ: Նա բավական սառն կերպով հարցրեց.

Պարոն բժշկապետ, դուք ո՞ր ճանապարհով անցաք: Լավ է, որ հիշյալ անկարգությունների միջոցին ձեզ որևիցե վտանգ չէ պատահել:

Փորձությունն սկսվեցավ, մտածեցի ես: Հարցը բավական խորամանկությամբ էր դրված. մեծ երկյուղով սպասում էի, թե Ասլանը որպես պետք է դուրս գար դրա միջից: Նա խիստ անփույթ կերպով պատասխանեց.

Ինձ հետ վտանգ պատահել չէր կարող, որովհետև, ես դեռ Արզրում գտնված ժամանակ, տեղային ֆրանսիական հյուպատոսը ինձ զգուշացրեց քրդերի այդ ժամանակվա հուզմունքի մասին և նահանգապետից մի բաց հրամանագիր առեց, որ ամեն տեղ ինձ պահապան ձիավորներ տան, որքան թվով և պահանջելու լինեի ես: Եվ ես ճանապարհներին միշտ խումբերով ձիավորներ ունեի ինձ հետ:

Այդ լավ եք արել, պարոն բժշկապետ, այդպիսի զգուշություններ միշտ պետք են, — ասաց քուրդը, որպես մի վրդովված որսորդ, որի գնդակը շեղվում է նպատակից, թեև նա իր վրդովմունքը ցույց չտվեց: — Դուք, երևի, Թիմարա կողմերո՞վ անցաք:

Ոչ: Ես Արզրումի քարավանի ճանապարհով ուղղակի եկա Բայազետ, այնտեղից անցա Մակու, որտեղ պատահել էին հիշյալ անկարգությունները, այնտեղից Խոյ, հետո Թավրիզ, հետո ՈՒրմիո ծովակի արևելյան ափերով գնացի Ուրմի, այնտեղից եկա Բաշ-Կալե, որտեղից Խոշաբա ձորով Վան հասա:

Քուրդը ավելի շվարեցավ: Ասլանի ցույց տված ուղևորության գիծը բոլորովին շեղվում էր այն տեղերից, որ կողմով անցել էր նրա որոնած կասկածավոր անձնավորությունը: Այսուամենայնիվ, նա վերջին փորձը ևս գործ դրեց, ասելով.

Եթե դուք Խոշաբա ձորը թողնեիք և բռնեիք Չոլ-Չիմանի ճանապարհը, անպատճառ կհանդիպեիք հայոց մի նշանավոր վանքի տոնախմբության, որ շատ հետաքրքիր կարող էր լինել մի եվրոպացի ճանապարհորդի համար:

Քուրդի խոսքը Ս. Տիրամոր վանքի մասին էր, որտեղ հայտնվել էր կասկածավոր անձնավորությունը: Ասլանը պատասխանեց.

Ես անցնելու միջոցին, որպես լսեցի, տոնախմբությունն արդեն վերջացած էր` ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց տները :

Քուրդը այլևս ոչինչ չգտավ իր խուլ քննությունը առաջ տանելու: Ոստիկանության պետը, Լաթիֆ-բեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր, դիմեց փաշային այդ խոսքերով.

Լավ կլիներ, որպես Արզրումի նահանգապետը նախապես հոգացել է, մենք ևս ապահովեինք պարոն բժշկապետի ճանապարհորդությունը մեր թղթերով: Մեր նահանգում նա մեր հյուրն է:

Հետո դարձավ դեպի Ասլանը, հարցրեց.

Եթե չեմ սխալվում, դուք մի օրից հետո թողնելու եք մեր քաղաքը, ուրեմն թղթերը շուտով պետք է պատրաստել: Միայն հարկավոր կլիներ, որ դուք վաղը ձեր ձեռքում ունեցածները ուղարկեիք մեզ, որպեսզի մենք ևս նրանց համեմատ պատրաստեինք մերը:

Ասլանը իր խոսքերով բռնվեցավ, մտածեցի ես: Ոստիկանության պետը այդ քաղաքավարի ձևով նրանից պաշտոնական թղթեր էր պահանջում: Նա չէր բավականանում Ասլանի լոկ խոսքերով, թե նա Արզրումի նահանգապետից բաց հրամանագիր է ստացել իր ուղևորության համար, անցել է այս կամ այն ճանապարհով, և այլն: Փաշան հասկացավ ոստիկանության պետի միտքը, ինքն ևս խորամանկությամբ հաստատեց նրա ասածը.

Այո՛, այո՛, պարոն բժշկապետը մեր նահանգում մեր պատվելի հյուրն է: Մենք պետք է ամեն հնարներ գործ դնենք` դյուրացնելու նրա ուղևորությունը և ամեն վտանգից ապահովելու, թեև այդ մեր նահանգում պատահել չէ կարող:

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, վսեմաշուք տեր, — ասաց Ասլանը հեռվից գլուխ տալով: — Դուք այնքան բարի եք և այնքան ողորմած գտնվեցաք դեպի ինձ, որ ես մինչև անգամ պետք չունեցա Արզրումի նահանգապետի հանձնարարական նամակը առաջուց ներկայացնել ձեզ, տեսնելով, որ դուք, առանց հանձնարարականի ևս, ցույց եք տալիս ամեն պատրաստականություն օգնելու ինձ:

Փաշայի մսուտ երեսի վրա երևաց ապշության նման մի բան: Նա, ծածկելով իր խռովությունը և կեղծ ուրախություն ցույց տալով, բացագանչեց.

Մի՞թե: Ա՜խ, պարոն բժշկապետ, դուք չափազանց համեստ եք գտնվել, դուք զրկել եք ինձ իմ բարեկամի նամակից. Արզրումի նահանգապետը իմ ամենալավ բարեկամն է:

Այդ նամակը ես պահել էի, որ այստեղից մեկնելու միջոցին հանձնեմ ձեզ, — ասաց Ասլանը իր թղթապահի միջից մի փոքրիկ նամակ դուրս բերելով: — Բայց որովհետև խոսք եղավ, ես այս րոպեում կհանձնեմ ձեզ:

Խնդրեմ, խնդրեմ, — բացագանչեց փաշան և առեց նամակը:

Փաշան լսելի ձայնով կարդաց հետևյալ տողերը. —

«Այս նամակը Ձեզ ներկայացնող ֆրանսիացի երևելի բնագետ և բժշկապետ պարոն Քարլ Ռիսմանը իր ուսումնական հետազոտությունների համար անցնելու է Վան քաղաքով դեպի Բաղդադ, իսկ այնտեղից` Հնդկաստան: Հուսով եմ, որ, կատարելով իմ խնդիրքը, Դուք այնքան բարի կլինեք, ողորմած տեր, որ նրա ուղևորության համար կտնօրինեք բոլոր պարտ ու պատշաճ կարգադրությունները, որպեսզի գիտնական ճանապարհորդը դյուրություններ ունենա թե՛ իր նպատակին հասնելու և թե՛ իր ուղևորության ժամանակ հանգիստ ու ապահով լինելու: Որի համար կմնամ Ձեզ միշտ շնորհապարտ» և այլն:

Բարեկամս հենց իր ձեռքովն է գրել, — ասաց փաշան նամակը կարդալուց հետո: — Ես պատրաստ եմ ամեն կերպով դյուրացնել ձեր ուղևորությունը, պարոն բժշկապետ:

Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Ասլանը լավ դուրս պրծավ, մտածում էի ես: Այժմ նա դարձավ դեպի ոստիկանության պետը` նրա հետաքրքրությունը ևս գոհացնելու համար:

Դուք, պարոն Լաթիֆ-բեկ, լավ է, որ հիշեցրիք ինձ, որ ես հանձնեմ ձեզ իմ թղթերը, որպեսզի դուք ևս նրանց համեմատ պատրաստեք ձերը: Խնդրեմ, հենց այժմյանից ընդունեցեք, որովհետև ես էգուց այնքան զբաղված կլինեմ իմ պատրաստություններով, որ գուցե կմոռանամ:

Մեծ ուրախությամբ, — ասաց ոստիկանության պետը:

Ես հենց այդ նպատակով էի առել ինձ հետ: Ահա այդ իմ անցագիրն է, իսկ այդ այն բաց հրամանագիրն է, որ Արզրումի նահանգապետը շնորհել էր ինձ: Կարծեմ այդ երկուսը բավական է:

Բավական է, — ասաց փաշան: — Էգուց թե՛ ձեր թղթերը, և թե՛ մերը կեսօրից մի ժամ առաջ կհանձնվեն ձեզ:

Քուրդ բեկը սառած մնաց: Առաջնորդին ևս տիրեց ոչ սակավ ապշություն: Բայց իմ զարմացքը ավելի մեծ եղավ, թե ո՞րտեղից հայտնվեցան Ասլանի մոտ այդ թղթերը: Նա բոլորովին ուղիղ էր ասում, որ անցել էր իր նկարագրած ճանապարհների գծով. ուղիղ էր և այն, որ ամեն տեղ մեծ պատրաստականություն էին ցույց տվել նրան ընդունելու և շատ ձիավորներով ճանապարհ դնելու: Նա ծածկեց միայն Ս. Տիրամոր վանքը գնալը և լեռնային ճգնավորի կերպարանքի մեջ մտնելը: Մինչև այս տեղը նրա ասածների բոլորը ուղիղ էին:

Այո, Ասլանը լավ դուրս պրծավ: Բայց քուրդ բեկը մնաց դատապարտության ներքո. պետք էր մի կերպով արդարացնել նրան: Նա ջալալիների ցեղապետն էր. ջալալիները մոտ ժամանակներում ասպատակություններ էին արել. Ասլանը գիտեր այդ. Ասլանը ասաց, թե ինքը այդ մասին կհայտնե ուր որ հարկն է, ուրեմն ի՞նչպես թողնել այդ բոլորը առանց ուշադրության և չարդարացնել քրդին:

Երեք հայ երևելիներից մեկը, Շարման-բեկը, փաստաբանեց.

Պետք է ի նկատի ունենալ, պարոն բժշկապետ, որ ջալալիների վերջին անգամի ասպատակությունները Տաճկաստանի հայերին չեն վերաբերում, այլ` Պարսկաստանի հայերին:

Այդ ես գիտեմ, — նրա խոսքը կտրեց Ասլանը: — Բայց հայը ամեն տեղ հայ է, թե՛ Պարսկաստանում լիներ, թե՛ Տաճկաստանում: Երբ նա կողոպտվում է, ավազակը պետք է անպատճառ պատժվի: Այստեղ հարցը անկարգության մասին է և ոչ թե հպատակության կամ ազգության: Եթե կողոպտվածները հրեաներ կամ բոշաներ ևս լինեին, ես գուցե ավելի խստությամբ կբողոքեի:

Շարման-բեկի պաշտպանությունը խիստ թույլ գտնվեցավ. այժմ առաջնորդը սկսեց փաստաբանել.

Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, պարոն բժշկապետ, բայց պետք է տեղային սովորությունները և հանգամանքները ևս ի նկատի ունենալ: Պատահում է, շատ ասպատակություններ են անում, ոչխարներ, ձիեր և այլ անասուններ են ավարի առնում: Կորուստը վերադարձնելու համար ուրիշ հնար չէ մնում, քան թե հարձակում գործել և պարսից հպատակներից հափշտակել փոխարենը:

Այստեղ ինչո՞վ են մեղավոր խաղաղ հպատակները, — պատասխանեց Ասլանը, փոքր-ինչ զայրացած կերպով: — Այդ ավազակները թե՛ Պարսից կողմից և թե՛ Տաճկաց կողմից` բոլորը քրդեր են, թող միմյանց միս ուտեն, եթե տեղային կառավարությունները անկարող են զսպել նրանց գազանությունները: Բայց ինչո՞ւ նրանց միմյանց հետ ունեցած թշնամությունների պատճառով մեջտեղում պետք է ոտնակոխ լինի, կողոպտվի խեղճ գյուղացին, թշվառ երկրագործը, որ բացի մի քանի անասուններից ուրիշ ոչինչ չունի իր ապրուստը հոգալու համար:

Քուրդ բեկի թուխ դեմքի վրա երևացին քրտինքի կաթիլներ, որ սրբեց նա իր շապկի քառանկյունի ձևով քարշ ընկած թևքով: Սխալ կլիներ մտածել, թե ամոթից լինեին այդ կաթիլները: Այլ նրա սրտում բորբոքվում էր բարկության կրակը, թե ի՛նչպես մի գավուր համարձակվում է նրա երեսին անարգել նրան, իսկ ինքը չէ կարող ձեռքը տանել դեպի իր սուրը և պատժել եվրոպացի գավուրի հանդգնությունը: Բայց նա զսպեց իր կատաղությունը և բավական հանդարտ կերպով ասաց.

Դուք, պարոն բժշկապետ, այնքան վատ մի համարեք ջալալիներին, որոնց ցեղապետը լինելու պատիվն ունեմ ես: Եթե դուք լսած լինեիք այն օգնությունները, որ մենք մատուցանում ենք այս կողմերի քրիստոնյաներին, հավատացած եմ, որ ձեր կարծիքը կփոխեիք մեր մասին:

Մեծ ուրախությամբ, — պատասխանեց Ասլանը ժպտալով:

Ես անպատշաճ եմ համարում գովել ինքս ինձ: Թող հայր խալիֆան (առաջնորդը), որին հայտնի են մեր ծառայությունները, թող նա վկայություն տա:

Սրբազան հայրը սկսեց զանազան մանրամասնություններով պատմել, թե շատ հանգամանքներում քրդերը մեծ օգուտ են հասցնում երկրին և մանավանդ տեղային քրիստոնյաներին: Եվ մասնավորապես իր պաշտպանության ճառը ջալալիների վրա, իբրև փաստ, հիշեց և այն, թե մի քանի շաբաթ առաջ Ս. Տիրամոր վանքի տոնախմբությունն էր, և ինքը բեկը (այնտեղ ներկա գտնվողը) անձամբ գնացած էր այնտեղ ուխտավորների մեջ կարգ պահպանելու համար: Տոնախմբությունը վերջանալուց հետո դարձյալ բեկի մարդիկն էին, որ առաջնորդում էին ուխտավորներին դեպի իրանց երկրները, որպեսզի պահպանեն նրանց ճանապարհների վտանգներից:

Ես բոլորովին զարմացած մնացի: Կարծես, մի ներքին սև թել կապում էր այդ բոլոր մարդկանց սրտերը միմյանց հետ: Դրանք ամենահայտնի չարագործությունները բարի ձևի մեջ ամփոփելով վարպետությունն ունեին: Եթե ես և Ասլանը Ս. Տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ մեր աչքով տեսած չլինեինք, որ քուրդ բեկը եկել էր այնտեղ հափշտակելու տոնախմբությունից գոյացած եկամտի մի մասը, եթե մեզ հայտնի չլիներ, որ նրա մարդիկը մեծ վճարներ էին ստանում ուխտավորներից ճանապարհների վտանգներից պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ, նրանց անհայտ ընկերները, նույնիսկ պահապանների գիտությամբ, հարձակվում էին և կողոպտում էին նրանց, եթե այդ բոլորը մեզ հայտնի չլիներ, գուցե սրբազանի վկայությանը մեծ նշանակություն տայինք: Բայց Ասլանը լռեց, և հայտնի պատճառներից ստիպված, ոչինչ չպատասխանեց:

Հետաքրքիրն այն էր, թե ի՞նչն էր առիթ տալիս սրբազանին քրդի բարբարոսություններին պաշտպան հանդիսանալ: Նա բարեկամական մեծ կապեր ուներ համարյա բոլոր քուրդ ցեղապետների հետ: Այդ հարաբերությունները պահպանում էր իր ազդեցությունը բարձրացնելու համար: Իր ձեռքում ունենալով երկրի խոշոր գազաններին, նա այն աստիճան նշանակություն էր ստացել, որ ոչ միայն հասարակ մարդիկ, այլ մինչև անգամ փաշան նրանից ակնածում էր: Բայց մի՞թե այդ ազդեցությունը ավելի բարձր նպատակների համար չէր կարելի գործ դնել: Ասլանը մի անգամ ինձ ասում էր. «Այդ մարդը շատ պիտանի կարող էր լինել, եթե իր ուժերը դեպի չարը գործ չդներ»: Օրինակներ շատ էին պատահել, երբ քուրդ բեկերից մեկը որևիցե հանցանքի համար կալանավորվում էր, կամ աքսորվում էր, նա իր գրպանից մեծ գումարներ էր ծախսում և ազատում էր չարագործին: Ինչի՞ համար: Որպեսզի նրան իր ձեռքում մի լավ գործիք ունենա:

Կրկին խոսք եղավ Ասլանի մյուս օր ճանապարհ ընկնելու մասին և առաջնորդը, օգուտ քաղելով դրանից, փոխեց խոսակցության առարկան, ասելով.

Թեև մեր վսեմաշուք փաշան կտա ձեր հարկավորված թղթերը, և դուք, պարոն բժշկապետ, ամեն տեղ կգտնեք մեծ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը անվտանգ կացուցանելու համար, բայց այսուամենայնիվ, ես խորհուրդ կտայի ձեզ քարավանի հետ գնալ:

Ես այդպիսի նպատակ էլ ունեմ, — պատասխանեց Ասլանը, — ինձ ասացին, որ էգուց երեկոյան մի քարավան է դուրս գալու:

Այդ ո՞ւմ քարավաննն է, — հարցրեց փաշան:

Չգիտեմ, — պատասխանեց Ասլանը:

Թոխմախ-Արթինի քարավանն է, — մեջ մտավ ոստիկանապետը:

Հա, Թոխմախ-Արթինը շատ քաջ մարդ է, նրա քարավանը ամենաապահովն է ճանապարհորդության համար: Բայց չգիտեմ, պարոն բժշկապետ, դուք չէի՞ք ձանձրանա քարավանի հետ գնալով, որովհետև քարավանը սաստիկ դանդաղ է գնում, — հարցրեց փաշան:

Այդ իրավ էպատասխանեց Ասլանը, — բայց որքան էլ ցանկանայի, չէի կարող շտապով անցնել, որովհետև ինձ հետ տանում եմ բավական ծանրություններ, որոնք մի քանի բեռներ կլինեն, իմ շարժական դեղարանը, իմ գործիքները և այն բոլոր հնությունները, որ հավաքել եմ: Բացի դրանցից, ինձ հարկավոր է մի քանի նշանավոր տեղեր հետազոտել. քարավանի դանդաղ ընթացքը կնպաստեր ինձ` ցանկացած ժամանակ շեղվել ճանապարհից` այդ տեղերը տեսնելու համար:

Միայն, երբ քարավանից բաժանվելու լինեք, անպատճառ հարկավոր է, որ ձեզ հետ ձիավորներ վերառնեք, — խորհուրդ տվեց առաջորդը:

Այդ ես գիտեմ, սրբազան հայր, ես բավական փորձված եմ ասիական ճանապարհորդությունների մեջ: Թեև այս կողմերում չեմ եղել, բայց Միջին Ասիայում շատ եմ թափառել:

Վերջապես ընթրիքը տվեցին: Գորգերի վրա տարածվեցավ սեղանի գունավոր սփռոցը, և կերակուրները, որքան պատրաստված էին, պղնձյա բոլորակ սինիների վրա դասավորած, միանգամից ներս բերվեցան: Նրանք բազմատեսակ էին: Բազմատեսակ էին և քաղցր շերբեթները, զանազան համեմներով և զանազան գույներով: Ոգելից ըմպելիքները, գինի, արաղ, դրվեցան միայն առաջնորդի, Ասլանի և երեք հայ երևելիների մոտ: Մյուսները շերբեթ էին խմում: Չինեական գեղեցիկ ամանները մի առանձին ախորժակ էին բաց անում: Նախկին վիճաբանությունները դադարեցան, որովհետև այստեղ, ինչպես առհասարակ արևելքում, սեղանի վրա շատ չեն խոսում: Տիրում էր կատարյալ լռություն, որովհետև դանակ և պատառաքաղ չկար, որ աղմուկ բարձրացներ: Ամենքը մատներով էին ուտում: Խոսում էր միայն առաջնորդը: Նա գովում էր իր խոհարարին, թե նա Պոլսում այսինչ և այնինչ նշանավոր փաշաների տներումն է ծառայել և հազիվ թե ամբողջ Վանի մեջ նրա հատը կգտնվի: Վերջին խոսքը բավական վիրավորական լինելով փաշայի հարուստ խոհանոցի պատվին, նա էլ սկսեց գովաբանել իր խոհարարին, մի զարմանալի օրինակ բերելով նրա արհեստից, թե նա հավը այնպես է պատրաստում, որ բոլոր ոսկորտիքը միջից դուրս է հանում, իսկ հավը դարձյալ մնում է ամբողջ: Գուցե այդ վիճաբանությունը երկուսի մեջ երկար տևեր, եթե Սիմոն պատվելին իր երգեցիկ խումբի հետ ներս չմտներ: Նա այս գիշեր բավական զարդարված էր: Իր սովորության հակառակ, նա հագած ուներ մի բոլորովին նոր լվացված շապիկ: Սիմոն պատվելիի այդ նշանավոր շապկի պատմությունը ինձ համար ավելի հետաքրքրական լինելով, ես թողնում եմ առաջնորդի ճոխ սեղանի նկարագրությունը: Պետք չէ մոռանալ, որ պատվելին ուներ մի հատ շապիկ միայն և այդ լվացվում էր տարվա ընթացքում մի կամ երկու անգամ, այն ևս մեծ տոների ժամանակ, թեև լվացքը նրան ոչինչ չարժեր, որովհետև տալիս էր իր աշակերտներից մեկին, և նա իր մորը լվանալ էր տալիս: Բայց Սիմոն պատվելիի կարծիքով, երբ շապիկը հաճախ էր լվացվում, նա խիստ շուտով էր մաշվում: Արդյոք ա՞յդ էր, որ նրան առիթ էր տվել զանց առնել մաքրության գլխավոր պայմանը, թե նա առհասարակ մաքրասեր չէր, այդ դժվար է լուծել: Միայն նրա տնտեսագիտությունը այդ կետից պետք էր սխալ համարել. իրավ է, շապիկը հաճախ լվացվելով շուտով է մաշում, բայց, կեղտի մեջ մնալով, բոլորովին փտում է: Այդ էր պատճառը, որ Սիմոն պատվելիի շապիկը լվացվելուց հետո միշտ կարոտ էր կարկատանների: Երբ մոտենում էր մեծ տոնը, երբ անբախտ շապիկը տարվում էր աշակերտի մոր տունը, մինչև նրա վերադարձը, որ երբեմն երկար էր տևում, Սիմոն պատվելին իր կուրծքը սովորաբար ծածկում էր քթի գունավոր թաշկինակով, որի ճոթերը կապած էին լինում վզի ետևից, ծոծրակի վրա: Այդ տեսնում էին աշակերտները, տեսնում էին և աշակերտների ծնողները: Գուցե դրանից ծագեց այն հանգամանքը, որ Սիմոն պատվելիի շապկի լվացումը դպրոցի ժամանակագրության մեջ մի առանձին տեղ էր բռնում: Նրա աշակերտների լեզվում կազմվել էր մի այդպիսի սրախոսություն` ամեն մի վաղաժամանակյա դեպքի մասին ասել. «Այդ անցքը շատ հին է և այնքան հին, որ Սիմոն պատվելին իր շապիկը դեռ նոր էր լվանալ տվել»: Այժմ, կարծեմ, հասկանալի է, թե Սիմոն պատվելին որքան մեծ հարգանք ուներ դեպի առաջնորդի դահլիճը, որ ներկայացել էր այնտեղ լվացված շապիկով: Երեսը խնամքով ածիլած էր և երևի շտապելուց մի քանի տեղ ածելին կտրել էր: Կտրած տեղերի վրա բամբակ էր կպցրած: Սիմոն պատվելիի ածիլվելը նույնպես մի նորություն էր: Նա մորուք չէր սիրում, բայց և երեսը խիստ հազիվ անգամ էր ածիլում: Այդ էր պատճառը, որ ածիլվելուց հետո նրա դեմքը ստանում էր երկու գույն` մազերից ազատ տեղերը` մուգ-աղյուսագույն, իսկ մազերով պատած տեղերը` բաց-աղյուսագույն: Նայելով օրվա ժամանակին, եղանակին, նայելով թե նա խմած էր, թե զգաստ էր, Սիմոն պատվելիի դեմքը, հնդկահավի դեմքի նման, զանազան գույներ էր ստանում: Այս երեկո լերդագույն էր, որովհետև Այգեստանի փողոցում արաղի կաթսայի հետ խիստ մտերմական հարաբերություններ էր ունեցել: Իր հանրածանոթ մուգ-դեղնագույն սերթուկի փոխարեն հագած ուներ կինամոնի գույնով մի կարճ պալտո, որի վրա փաթաթել էր շալե հաստ գոտին: Ֆեսը նույնպես նոր էր, և փունջի ծայրը երևում էր գլխի փաթեթի տակից: Անփոփոխ մնացել էր միայն նրա երևելի վարտիքը, որը իր սովորական տեղից, այսինքն սրունքներից` մի թիզ բարձրության վրա էր կանգնած: Ոտքի թաթերից սկսած մինչև վարտիքի ծայրը, այդ ընդարձակ տարածությունը, մնացել էր մերկ, որովհետև Սիմոն պատվելին սովորություն չուներ ամառը գուլպա հագնելու: Մերկ սրունքները երևում էին: Բայց կեղտը այնպիսի թանձր խավ էր դրել նրանց վրա, որ այդքանն էլ բավական էր իբրև ծածկոց ծառայելու:

Ահա այդ գարշելի մարդն էր, որ հանդիսավոր կերպով ներս մտավ, լուռ գլուխ տվեց, կանգնեց պատի մոտ: Նրա աջ և ձախ կողմերում շարվեցավ երգեցիկ խումբը: Նայելով այդ անմեղ արարածների վրա, իմ սիրտը դողում էր: Ո՜րպիսի ճիվաղի ձեռքում էր հանձնված նրանց դաստիարակությունը... Տիրացուների նման նրանք հագած ունեին ժամի շապիկներ, և յուրաքանչյուրը ձեռքում բռնած ուներ փոքրիկ, կոթավոր զանգակներ, որ հայոց եկեղեցիներում, երգեցողության ժամանակ, ածում են երկաթյա ձողերով, և գործադրվում է իբրև նվագարան:

Փաշան բարեհաճեց հարցնել պատվելիի առողջությունը և, դառնալով դեպի Ասլանը, ասաց.

Դա մեր հայոց դպրոցի վարժապետն է, իմ առանձին խնամակալության ներքո եմ ընդունել նրա դպրոցը:

Առաջնորդը ավելացրեց.

Շատ իմաստուն մարդ է:

Ճանաչում եմ, — ասաց Ասլանը սառն կերպով:

Սիմոն պատվելին, ոգևորված իր երկու մեծ բարերարների գովասանքներից, նշան տվեց, աշակերտները միաձայն եղանակեցին առաջնորդի սիրելի երգը.

Կա՜հ-կա՜հ կկանչե` կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե` բուլբուլն վըր թփին...

Ընթրիքի բոլոր ժամանակը, որ տևեց բավական երկար, խեղճ աշակերտները, ոտքի վրա կանգնած, անլռելի ձայնով երգում էին: Նրանք սպառեցին հայոց հին տաղարաններից քաղած բոլոր հայտնի երգերը և մի քանիսը նորից կրկնեցին:

Ընթրիքից հետո, երբ մատուցին վերջին սուրճը և վերջին նարգիլեն, Ասլանը, ներողություն խնդրելով, հայտնեց` որովհետև առավոտյան ճանապարհի պատրաստություններ պիտի տեսնե, այդ պատճառով չէ կարող երկար մնալ և ինձ հրամայեց, որ ասեմ ծառաներին` մեր ձիաները պատրաստեն:

Հետո, կանգնելով, նա բռնեց նախ առաջնորդի ձեռքը և ապա փաշայի ձեռքը, հայտնեց իր խորին շնորհակալությունը նրանց հյուրասիրության մասին, ավելացնելով, թե կտանե իր հետ անմոռաց հիշատակներ այն բոլոր շնորհների համար, որ ցույց տվին նրան, նպաստելով և դյուրացնելով իր հետազոտությունները և խոստացավ, որ գուցե մի օր ինքը առիթ կունենա իր երախտագիտության զգացմունքները գործով արտահայտելու, և այլն:

Մենք ոչինչ չենք արել, պարոն բժշկապետ, — պատասխանեցին փաշան և առաջնորդը միաձայն, — ինչ որ արել ենք, այդ մեր պարտքն էր:

Ուրիշ զանազան ողջագուրանքներից հետո նա կրկին և կրկին անգամ սեղմեց սրբազանի ու փաշայի ձեռքը, հեռվից գլուխ տվեց ոստիկանության պետին, քուրդ բեկին և հայոց երեք երևելիներին և մնաք բարյավ ասելով, դուրս եկավ դահլիճից: Մինչև սանդուղքները փաշան և սրբազանը եկան նրա հետ: Այստեղ փաշան հայտնեց իր սրտի ցավը, որ այդպես շուտ զրկվեցավ իր թանկագին հյուրից, որի այցելությունը այնքան մեծ բավականություն պատճառեց իրան, և խոստացավ, որ առավոտյան ճանապարհի համար ամեն ինչ պատրաստ կլինի:

Այդ բոլոր ցույցերից հետո ես այլևս տարակույս չունեի, որ նրանց կասկածները Ասլանի վերաբերությամբ բոլորովին փարատվեցան, և նրանք հեռու էին այն մտքից, թե դոքտոր Ռիսմանի դիմակի ներքո թաքնված էր Ս. Տիրամոր վանքի լեռնային ճգնավորը:

Երբ դուրս եկանք առաջնորդարանից, փողոցում նորից լսելի եղավ սիրված երգը.

Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ...

Երևի, նրանք կշարունակեն դեռևս նստել, — հարցրի ես:

Նրանք ամբողջ գիշեր կլուսացնեն, — պատասխանեց Ասլանը:

ԺԹ

ՆՎԵՐ

Հետևյալ օրը, առավոտյան, ամեն ինչ պատրաստ էր: Մնում էր միայն փաշայի խոստացած թղթերը ստանալ և ճանապարհ ընկնել: Ասլանը կապկապում էր իր չեմոդանը:

Մի՞թե այդքան կարևորություն ունեն այդ թղթերը, որ արժեր նրանց սպասել, — հարցրի ես:

Մի առանձին կարևորություն չունեն, — պատասխանեց նա, — փաշայի երկչոտ զափթիաները չեն կարող մեզ ավազակներից ազատել, բայց մի ուրիշ կողմից մենք պետք ունենք այդ թղթերի մեջ...

Ես հասկացա Ասլանի միտքը. ես գիշերը առաջնորդարանում արդեն ականատես էի եղած, թե ինչ ազդեցություն ունեցան Արզրումի փաշայի թղթերը ամեն կասկածները փարատելու համար:

Կեսօրին մոտ էր, երբ հայտնվեցավ փաշայի քարտուղարը: Դա միևնույն երիտասարդն էր, որ մեզ առաջնորդում էր քաղաքի հնությունները հետազոտելու: Նա բերել էր իր հետ ոչ միայն փաշայի խոստացած թղթերը, այլև մի թանկագին նվեր նրանից: Դա մի գեղեցիկ արաբական նժույգ էր իր բոլոր փառավոր ասպազենքով. գլուխը և պարանոցը զարդարած էր մետաքսյա սև փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ. թամբի ծածկոցը պատրաստած էր վագրի մորթից, որի եզերքը զարդարած էր ոսկեթել ծոպերով. երկու սևամորթ ստրուկներ, կարմիր մահուդի զգեստներով և գույնզգույն չալմաներով, աջ և ձախ կողմից բռնել էին աշխույժ նժույգի սանձը, որը, կարծես, ինքն էլ էր զգում իր գերազանցությունը և, բակը մտնելուն պես, սկսեց խրխնջալ և մի առանձին հպարտությամբ առջևի սմբակները դոփել գետնին:

Ասլանը, հասկանալով բանի էությունը, սանդուղքներից ցած իջավ, դիմավորեց թե քարտուղարին և թե նորին վսեմության ուղարկած նժույգին: Քարտուղարը, սեղմելով Ասլանի ձեռքը, ասաց ճառական եղանակով.

Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, պարոն բժշկապետ, որ ինձ վիճակվեցավ թարգման լինել իմ տիրոջ` նորին վսեմության փաշայի` առ ձեզ ունեցած հարգանքի և սիրալիր զգացմունքների: Իմ տերը, բարեմաղթելով ձեզ բարի ճանապարհ և անդորրություն, իրան շատ երջանիկ կհամարե, եթե դուք կհարգեք նրան, ընդունելով այդ նվերը, որ նորին վսեմության ախոռատան ընտրյալներիցն է:

Ասլանը նույնպիսի փքած խոսքերով հայտնեց իր շնորհակալությունը և, բռնելով քարտուղարի ձեռքից, սանդուղքներով տարավ վերև, իր սենյակը: Երբ նստեցին, քարտուղարը ծոցից հանեց թղթերը և, առանձին-առանձին տալով Ասլանին, ասաց.

Այդ ձեր անցագիրն է, որ մենք ևս վավերացրինք, այդ նորին վսեմության փաշայի նամակն է Մուշի գայմագամին գրած, այդ մի բաց հրաման է, որ ամեն տեղ կառավարության պաշտոնակալները մատուցանեն ձեզ պարտ ու պատշաճ ընդունելություն և ցույց տան ձեզ ամեն տեսակ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը դյուրացնելու:

Շնորհակալ եմ, — ասաց Ասլանը, ընդունելով թղթերը: — Նորին վսեմությունը չափազանց ողորմած է գտնվել դեպի ինձ:

Իսկույն սուրճ և նարգիլե ներս բերեցին: Քարտուղարը անլռելի կերպով խոսում էր, արդյոք գո՞հ մնաց պարոն բժշկապետը իր այցելություններից Վան քաղաքում, արդյոք նա ի՞նչ տպավորություններ կտանե իր հետ, հետո հայտնեց իր խորին փափագը, թե որքան կցանկանար գոնե մի անգամ Եվրոպայում լինել, տեսնել ֆրանկների երկիրը, ասում են, այնտեղ կանայք բաց երեսներով են ման գալիս, ազատ, համարձակ ամենի հետ խոսում են, գիշերները հավաքվում են, տղամարդիկ և աղջիկները միասին պար են գալիս և այլն, այդ բոլորը այնքան հրապուրում էր երիտասարդ քարտուղարին, որ նա բոլորովին մոռացավ, թե մեզանից ժամանակ է խլում, թե մենք ճանապարհորդ ենք:

Նրա շատախոսությանը վերջ տվեց Ասլանը, դնելով նրա առջև հարյուր ոսկի, փաթաթած թղթի մեջ:

Թեև ձեր ծառայությունը ավելի մեծ գնահատության արժանի է, — ասաց նա, — բայց կխնդրեմ, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը իմ կողմից:

Խնայեցեք ինձ, պարոն բժշկապետ, — ասաց քարտուղարը հրաժարվելով, — դուք այդ երկրորդ անգամն է, որ ինձ ամաչեցնում եք. ես հավիտյան չեմ մոռանա այն գեղեցիկ ժամացույցը, որ դուք ընծայեցիք ինձ բերդի հնությունները տեսնելու ժամանակ. ամբողջ քաղաքում իրանմանը չկա, ամեն մարդ, ով որ տեսնում է, հիանում է:

Քարտուղարը, հազար ու մեկ շողոքորթություններից հետո, վերջապես ընդունեց ոսկիները և, զգալով, որ երկար նստեց, վեր կացավ և, բարի ճանապարհ մաղթելով, դուրս եկավ սենյակից: Ասլանը նրան տարավ մինչև բակի դուռը: Այստեղ կանգնած էին երկու սևամորթ ստրուկները, որոնք փաշայի ախոռատան ծառաներիցն էին: Նրանք ևս ստացան Ասլանից մի-մի ոսկի և, մինչև գետին խոնարհվելով, մի քանի անգամ գլուխ տվին:

Ինձ այնքան չէր զարմացնում փաշայի գեղեցիկ նվերը, որքան այն միտքը, թե ո՞րտեղից և ի՞նչ գումարից Ասլանը առատորեն շաղ էր տալիս այդ ոսկիները: Երբ վերադարձանք մեր սենյակը, ես նրան հեգնորեն նկատեցի:

Փաշայի ընծան շատ էժան չնստեց:

Ընդհակառակն, բավական էժան նստեց, — պատասխանեց նա ծիծաղելով:

Հետո նա բացատրեց, թե արևելքում ընծաները, լինեին նրանք սուլթանից, շահից կամ նրանց բարձր պաշտոնակալներից, մի տեսակ արդյունքի աղբյուրներ են: Օրինակ, թագավորը սովորաբար տարին մի անգամ խալաթներ է ուղարկում իր նահանգապետներին կամ զանազան նշանավոր աստիճանավորներին: Այդ խալաթները լինում են` կա՛մ մի վերարկու, կա՛մ մուշտակ, կա՛մ թանկագին շալեր և կա՛մ այլ հագուստներ: Նրանք ավելի բարձր նշանակություն ունեն, երբ առնված են արքայական անձից, այսինքն` երբ թագավորը նրանց մի անգամ հագել էր: Խալաթները բերում են թագավորի արքունիքի սպասավորները, ըստ մեծի մասին նրա սենեկապետները: Նահանգապետը իր բոլոր աստիճանավորներով և քաղաքացիների խառն բազմությամբ ընդառաջ է գնում ընդունելու արքայական ընծան: Եվ որովհետև այդ տեսակ ընծաներ ստացվում են համարյա ամեն տարի, այդ պատճառով նահանգական մեծ քաղաքների մոտ, մի քանի մղոն հեռավորությամբ, դեպի մայրաքաղաքը տանող ճանապարհի վրա, շինված են առանձին պալատներ, որ կոչվում են խալաթ-փուշան, որ նշանակում է խալաթ հագնելու տեղ: Այդ պալատների մեջն է կատարվում ընդունելության մեծ հանդեսը. բոլոր բազմությունը լիանում է անուշահոտ շերբեթներով և քաղցրավենիքով: Հետո նահանգապետը հագնում է խալաթը և, բազմության առջևն ընկած, մտնում է քաղաքը: Ամեն կողմից ողջունում են նրան, ամեն կողմից օրհնում են ողորմած թագավորին: Բերողը ստանում է նահանգապետից մեծ գումար, և այգ գումարը ծանրանում է գյուղացիների վրա, որպես մի բացառիկ, արտակարգ հարկ, որ կոչվում է խալաթ-փուլի, այսինքն խալաթի փող:

Տեսնո՞ւմ ես, — ավելացրեց նա, — թագավորը իր հին հագուստները ուղարկում է նահանգապետներին, նահանգապեաները փառք են վայելում, իսկ ծախքերը խեղճ գյուղացին է տուժում...

Հետո Ասլանը բացատրեց և այն, թե ո՛րքան նշանակություն ունեն մեծ մարդկանց հագուստները: Գանահարությունը սովորական պատիժներից մեկն է արևելքում: Երբ մի երևելի պաշտոնակալին պետք էր գանահարության ենթարկել, փոխանակ նրա անձը գանելու, տանում են նրա վերարկուն և հրապարակի վրա ծեծում են:

Երևի, եթե այդ վերարկուն թագավորից ստացված լիներ, չէին համարձակվի այնպես վարվել նրա հետ:

Անտարակույս: Բայց և այն պետք է ի նկատի ունենալ, որ եթե նահանգապետը մի տարի խալաթ չստացավ, նա կկորցնե իր բոլոր նշանակությունը. այդ արդեն նշան կլինի թագավորի դեպի նա ունեցած սառնությանը, և ժողովուրդը այլևս նրանից չի վախենա: Դու տեսար գիշերը այստեղի փաշային. չնայելով առաջնորդարանի սաստիկ տոթին, նա մեծ բավականությամբ հագած ուներ այն թանձր մուշտակը, որը այս տարի սուլթանից է ստացել:

Ասլանը բացատրեց ինձ, թե որքան ուրիշ շահեր ևս կապված են խալաթների բաշխման հետ: Խալաթ բերողները, ըստ մեծի մասին, լինում են արքունիքի սպասավորները և սենեկապետները: Այդ մարդիկը ամենևին ռոճիկ չեն ստանում: Բավական էր նրանց մի այսպիսի ծառայություն կատարել, մեկի համար խալաթ տանել, և նրանց մի քանի տարվա ռոճիկը կարելի էր միանգամից ստացված համարել:

Ինչպես փաշայի քարտուղարինը, — ընդմիջեցի ես:

Այո՛, նա ևս ռոճիկ չունի, կամ թե ունի, անպատճառ շատ չնչին բան կլինի: Նրա եկամուտները բխում են գլխավորապես այդ տեսակ հանձնարարություններ կատարելուց, երբ փաշայից մեկի համար ընծա է տանում:

Next page