Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Զով գիշերը նպաստել էր քարավանին բավական ճանապարհ կտրել: Մեր ձիաների սրարշավ ընթացքով մենք հազիվ կարողացանք հասնել նրան այն ժամանակ, երբ նա արդեն հասել էր Անգղ գետի ափի մոտ և այնտեղ, կանաչազարդ մարզադաշտի վրա, պատրաստվում էր իջևանել:

Քարավանապետի ծառաները շտապով ցած էին բերում ջորիների կռնակից բեռները և կարգով դարսում էին միմյանց վրա: Նրանց շարքերը բարձր ամբարտակների ձև էին ստանում: Հետո, երբ բոլոր գրաստների բեռները ցած էին դրած, վեր առին նրանց համետները, քորոցներով քորեցին, թիմարեցին, քրտինքը ցամաքեցրին և ապա, հրացաններով զինված, տարան ջորիները իջևանից հեռու մերձակա տեղերում արածացնելու: Ճանապարհորդները, յուրաքանչյուրը իր ընկերի հետ, խուբ-խումբ տեղավորվեցան գետի ափերի մոտ, իրանց շուրջը հավաքելով իրանց իրեղենները: Կապերտները և գորգերը տարածեցին փափուկ խոտերի վրա, անկողինները բաց արին, մութաքաները դրեցին և մի առանձին բավականությամբ նստեցին: Ոմանք գետի ափի մոտ լվացման ծեսն էին կատարում, որ հետո նամազ անեն: Ոմանք այդ ծեսը կատարել, վերջացրել էին և, բաց երկնքի ներքո, կանաչ խոտերի վրա չոքած, նամազ էին անում: Ոմանք նամազը վերջացրել էին իրանց տեղերում նստած, «տերողորմյայի» հատիկները դարձնելով, նրանց թվի համեմատ, լռությամբ ավելորդ աղոթքներ էին կարդում, մինչև ծառաները ընթրիք կպատրաստեին: Մահմեդականը ճիշտ է իր կրոնական պահանջների մեջ և ճանապարհորդության ժամանակ: Այդ ի նկատի առնելով, քարավանի պետը, թեև քրիստոնյա էր, բայց ճանապարհորդության ընթացքը այնպես էր հարմարեցրել, որ նրանց միջոց տա իրանց պարտավորությունները իրանց ժամանակին կատարելու, և այդ շատ հաճոյական էր մահմեդականներին, որոնք միշտ քարավանի մեծամասնությունն էին կազմում:

Ծալովի երկար լապտերները, որ քարշ էին ընկած երկաթյա ցցերից, լուաավորում էին ճանապարհորդների ընթրիքի սեղանը և նրանց ուրախ դեմքերը, որոնց վրա հոգնություն ամենևին չէր նշմարվում: Արդեն զանազան տեղերում խարույկներ էին վառվում, մեծ և փոքր կաթսաները եփ էին գալիս, և փլավի, յուղի, տապակած մսի հոտը բուրում էր օդի մեջ՝ ախորժակ բաց անող անուշահոտությամբ:

Ոմանք ընթրիքը վերջացրել էին և, թիկն տված բարձերին, թեք էին ընկած և խորին գոհունակությամբ ծխում էին նարգիլե: Սևամորթ ստրուկը կրակի վրա պատրաստում էր փրփրացող ղահվեն: Այդ բոլորը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես թե այդ ամբողջ քարավանը ուխտավորների մի մեծ բանակ լիներ, որ խմբված է լինում մի վանքի շուրջը, և ամենքը վառված են լինում կրոնական ջերմեռանդությամբ, ամենքի սրտերը փափկանում են, և ամենքի մեջ զարթնում է ընդհանուր կարեկցական ոգին, մինը մյուսին օգնելու, մինը մյուսին բարիք գործելու: Այստեղ ևս ես նկատում էի մի տեսակ միություն, մի տեսակ եղբայրություն, մի տեսակ հավասարություն բոլորի մեջ: Ավելի ունևորները հրավիրում էին իրանց սեղանի մոտ աղքատ ուղեկիցներին: Նրանք խղճի դեմ էին համարում միայնակ վայելել այն բարիքը, երբ մի ուրիշը հեռվից կարոտությամբ նայում է: Քարավանը միացրել էր բոլորին և տարբեր, այլասեռ տարրերից կազմել էր մի մեծ ընտանիք:

Քարավանի մեջ կազմվեցան և կանանոցներ: Կանայք առանձին մի կողմն էին մեկուսացած և նրանց հասարակությունը բաժանված էր տղամարդերից: Քարավանի պետը սկզբից այդ մասին հոգացել էր և կարգի էր դրել հարեմի բոլոր պարտ ու պատշաճ պահանջները: Նա միմյանց վրա դարսած հակերից կազմել էր մի շրջապատ, որի մեջ զետեղված էին կանայք և ամենևին չէին երևում: Հարուստները իրանց հետ վրաններ ունեին, որոնք այնպես էին պատրաստված, որ թե տղամարդերի համար և թե կանանց համար առանձին բաժիններ կային:

Քարավանի մեջ կային երգիչներ, մոլլաներ, դերվիշներ, մի աշուղ և ցիգաններ, որոնք գնում էին զանազան քաղաքներ: Այստեղ, քարավանի սովորությամբ, նրանք, առանց որևիցե նյութական ակնկալության, զվարճացնում էին իրանց ուղեկիցներին: Յուրաքանչյուրը գտել էր իր սիրող հասարակությունը: Մի տեղ կրոնասեր, ծանրաբարո Էֆենդին լսում էր մոլլայի զրույցները նախկին խալիֆաների և իմամների հրաշքների ու գործերի մասին: Մի տեղ դերվիշը, արևելքի փիլիսոփան, նստած իրանից անբաժան ընծու մորթիի վրա, զբաղեցնում էր իր ունկնդիրներին զանազան իմաստասիրական հարցերով: Մի տեղ աշուղը դեռ նոր էր սկսել մի վեպ, ոգևորված պատմում էր և պիտի շարունակեր պատմել ամեն իջևաններում, մինչև կվերջացներ: Ավելի երիտասարդները, քարավանի բանակից դուրս առանձնացած, լսում էին ցիգանների երգը ու նրանց նվագածությունները: Իսկ հեռու, ամենից հեռու, լսելի էր լինում արածացող ջորիների զանգակների հնչյունը և նրանց վրա հսկող ծառաների երգը: Բայց մոտից, շատ մոտից, երգում էր Անգղ գետը իր մեղմ, քաղցրաձայն խոխոջմունքով: Գիշերային լռության մեջ այդ բոլորը, միախառնվելով, կազմում էին խիստ ախորժ, սրտաշարժ ներդաշնակություն:

Ինքը, Արթինը, ոտքի վրա, անդադար պտտվում էր քարավանի մեջ, յուրաքանչյուրի առողջությունը հարցնում էր, յուրաքանչյուրի դրության մասին տեղեկացնում էր, արդյոք նրան պետք չէ՞ր մի որևիցե բան և, յուրաքանչյուրին մի հաճոյական խոսք ասելով, հեռանում էր: Ամեն կողմից նրան հրավիրում էին, բայց նա շնորհակալությամբ հրաժարվում էր, ասելով, որ կատարելու դեռ շատ գործեր ունի:

Ես և Ասլանը, գետի ափի մոտ նստած, հեռվից լսում և դիտում էինք` ինչ որ կատարվում էր: Այդ միջոցին մոտեցավ մեզ Արթինը և իր սովորական զվարճախոսությամբ ասաց.

Պարոն բժշկապետ, եթե չեք կամենում քաղցած մնալ, շնորհ բերեք իմ վրանը, ինչպես երևում է, դուք ուտելու ոչինչ չեք վերառել ձեզ հետ:

Եվ իրավ, մենք այդ մասին ամենևին չէինք մտածել, կարծելով, թե քարավանը բնակությունների մեջ կիջևանե և այնտեղ ամեն ինչ կարելի կլինի գտնել. թեև այդ կողմերի գյուղերում, բացի գարիի ալյուրից պատրաստած հացից և ձվաներից, ուտելու ուրիշ ոչինչ բան չէ կարելի գտնել:

Ասլանը կարծես Արթինի հրավերքին էր սպասում, շնորհակալություն հայտնելով, հետևեց նրան:

Ջորեպանի սպիտակ վրանը այնքան ընդարձակ էր, որ նրա մեջ կարող էին տեղավորվել մի քանի ընտանիքներ: Նա զուրկ չէր և շքեղությունից: Երևում էր, որ այդ «անապատի մարդը», ինչպես ինքն իրան կոչելու սովորություն ուներ Արթինը, սիրում էր փոքրիկ վայելչություններ: Երբ կատակի համար այդ մասին նկատեցի, նա պատասխանեց.

Օրհնած, երեսուն տարի է, որ տան ծածկի տակ չեմ մտել, իմ անասունների հետ միշտ ձորերում, լեռներում, անապատների մեջ եմ կյանք վարել և իմ մխիթարությունը միայն այդ վրանի մեջ եմ գտել:

Արթինը դժբախտ էր և որպես ամուսին. կնոջը անհավատարմության համար արձակեց, իսկ նրանից ծնած միակ որդին մեռավ ծաղիկ հիվանդությունից: Այնուհետև նա վճռեց չամուսնանալ, միշտ ատելով կանանց, թե «նրանք մի դառն պատիժ են տղամարդի համար», և իր բոլոր սերը դարձրեց իր ջորիների վրա:

Բայց պետք է գիտենաք, — ասաց նա, շարունակելով իր առաջին խոսակցությունը, — որ այդ վրանը ոչ այնքան ինձ համար է, որքան իմ ուղևորների համար: Տոթի և անձրևի ժամանակ շատերը այստեղ պատսպարան են գտնում:

Ինչպես մենք, — ընդմիջեցի ես: — Եվ դուք ամենին կերակրո՞ւմ եք:

Պատահում է, երբ աղքատ են լինում և ուտելու ոչինչ չեն ունենում: Շատ անգամ ես հիվանդներ եմ ունենում, նրանց խնամք է հարկավոր, հանգստություն է հարկավոր, մինչև տեղ հասցնեմ, այսպիսիների համար իմ վրանը միշտ պատրաստ է:

Ընթրիքից հետո Ասլանը հարցրեց.

Ի՞նչպես են ճանապարհները:

Ճանապարհները միշտ վատ են, — ասաց նա, — ե՞րբ է եղել մի ժամանակ, որ ճանապարհները լավ լինեին: Ահա հենց այստեղ, ինչպես տեսնում եք, բնակություններից շատ հեռու չենք: Անգղ գյուղը կես ժամի ճանապարհով միայն հեռու է մեզանից, բայց դարձյալ ամենավտանգավոր տեղերից մեկն է: Եթե դուրս գաք, կտեսնեք, որ ամեն մի ժայռի ետևում, ամեն մի փոսի մեջ, ամեն մի թուփի տակ մի-մի ավազակ է թաքնված: Մի քանի րոպե առաջ բռնեցին մեկին, և ի՞նչ եք կարծում, կին էր, քրդի կին:

Դա շատ հետաքրքիր է:

Այդ անիրավները ավելի վտանգավոր են, քան թե իրանց ամուսինները. մութի մեջ, գետնի վրայից սողալով, մոտենում են քարավանին, ինչպես աղվեսը մոտենում է հավաբունին, հետո սատանայի նման կուչ են գալիս մի հակի տակ, սուր դանակով կտրում են հակը և մեջի եղածը տանում են: Անկարելի է տեսնել նրանց:

Իսկ դուք ի՞նչ արեցիք ձեր բռնած գողին, — հարցրի ես:

Ի՞նչ պետք է անեի, մազերից փոքր-ինչ ձիգ տվի, հետո բաց թողեցի:

Իսկ եթե տղամա՞րդ լիներ:

Ուրիշ կերպ կվարվեի:

Չե՞ք վախենում:

Ինչի՞ց պետք է վախենամ. նրանց մարմինը խո երկաթից չէ, իմը` մսից. նրանք էլ ինձ նման մարդիկ են:

Բայց գազան մարդիկ են:

Վախլուկ գազաններ, հավատացեք, շատ վախլուկ: Բոլորովին սխալ է, որ ասում են, թե քուրդը քաջություն ունի: Նա քաջ է, երբ անզեն, անպաշտպան մարդկանց վրա է հարձակվում: Իսկ երբ փոքր-ինչ ընդդիմադրություն է տեսնում, իսկույն երեսը դարձնում է ու փախչում: Բոլոր վայրենիները այդպես են. ես տեսել եմ նրանց, շատերի հետ գործ եմ ունեցել: Ի՞նչ քաջություն կարող է լինել բարբարոսի մեջ, որ առաջնորդվում է միայն հափշտակասիրության գաղափարով:

Բոլորովին ճիշտ է, — ընդմիջեց Ասլանը, որ լուռ լսում էր: — Բարձր քաջությունը անձնազոհություն է պահանջում, իսկ անձնազոհությունը առանց բարձր իդեալների չէ կարող լինել:

Նա դարձյալ լռեց և կարծես այլևս չէր լսում մեզ: Ես հարցրի.

Ուրեմն ձեզնից վախենո՞ւմ են:

Ասած է` «թուրքին ծեծիր, հետը բարեկամացի՛ր», — պատասխանեց Արթինը: — Ախար այդ առածը խո այսօր չէ կազմվել. դա հարյուրավոր, գուցե հազարավոր տարիների փորձերի վերջին խոսքն է: Եվ ես ինքս փորձել եմ այդ: Այդ գառան խորովածը, որ հիմա կերանք, գիտե՞ք ով էր ուղարկել, մի քուրդ ավազակապետ, որի ոչխարները արածում են մեզանից փոքր-ինչ հեռու ձորի մեջ: Իմանալով, որ իմ քարավանը իջևանել է իր չադրաների մերձակայքում, իր որդու ձեռքով ուղարկել էր երկու գառ և պատվիրել էր հարցնել իմ առողջությունը:

Իսկ դուք գառների փոխարեն ի՞նչ ուղարկեցիք նրան:

Իմ ողջույնը և մի թոփ Շամի ալաջա նրա կանանց հագուստի համար:

Երևի այդ քուրդը մի ժամանակ գործ է ունեցել ձեզ հետ:

Այո՛, մի անգամ սաստիկ ջարդվեցավ, և այնուհետև բարեկամացանք: — Ինձ ներեցեք, — ասաց նա վեր կենալով, — ես երկար նստեցի և շատ խոսեցի: Ես պետք է տեսնեմ, թե ի՞նչ են շինում տղերքը, իսկ դուք կարող եք այստեղ հանգստանալ: Ձեզ համար ամեն ինչ պատրաստել են:

Առավոտյան հարկավոր են երկու լավ ձիավորներ, — ասաց Ասլանը: — Ես պետք է քարավանից առաջ ընկնեմ, մի քանի տեղեր տեսնելու համար:

Ես կտամ քեզ իմ մարդիկներից երկու այնպիսի ձիավորներ, որոնց մեկը հարյուրի պատասխան կտա, — խոստացավ նա և, բարի գիշեր ասելով, հեռացավ:

Ասլանը այս գիշեր սովորականից վաղ քնեց. Վանի մեջ կատարած ծանր աշխատություններից հետո այդ առաջին գիշերն էր, որ նա հանգստանում էր: Տեր աստված, ի՞նչ էր նրա դրությունը, մի տենդային դրություն, մի սաստիկ լարված մեքենայի դրություն, որ հանգիստ և դադարում չունի:

Ես դեռ պառկած էի իմ անկողնի մեջ, քունս չէր տանում. իմ աչքերի առջև դեռ նկարված էր Թոխմախ-Արթինի թավամազ դեմքը իր մռայլ կերպարանքով և սև, վառվռուն աչքերով: Այդ մարդը պարծենկոտ չէր. ինչ որ խոսում էր նա, ինչ որ պատմում էր, բոլորը ճշմարիտ էր: Նա, իրավ, քաջ մարդ էր: Ես հետո առիթ ունեցա շատ բաներ լսել նրա մասին, որոնց բոլորի մեջ փայլում էր նրա անհամեմատ արիությունը: Քարավանի պետը չէ կարող երկչոտ լինել, երբ միշտ վտանգների հետ կռիվ ունի: Բայց նա ավելի քան արիասիրտ էր: Նա ընդունակ էր մի ամբողջ զորագունդ կառավարելու: Նա զուրկ չէր և մարդասիրական զգացմունքներից. ամեն դեպքում ես նկատում էի նրա ունեցած մեծ հակումը դեպի բարին և դեպի լավը: Այդ պարապմունքի մեջ, որպիսին նա ուներ, պահպանել այնպիսի մաքուր բնավորություն, դա ինձ զարմացնում էր: Բեռնակիր ձիապանները, ջորեպանները, անդադար գործ ունենալով անասունների հետ, այնքան կոպտանում են, որ մի աստիճան միայն բարձր են լինում անասուններից: Բայց նա ջորեպանությունից համարյա մի արհեստ էր շինել և այնքան կատարելագործել էր, որ ես մեծ զարմանքով էի տեսնում այն կարգը, այն կանոնները, որ տիրում էին նրա քարավանի մեջ:

Լապտերները հետզհետե մարում էին, ուղևորների շարժողությունը դադարում էր, և քարավանի մեջ տիրում էր խորին լռություն: Միայն գետի մելամաղձոտ ձայնն էր լսվում և այն ձայնի մեջ կարծես ես կարդում էի քառասունհինգ դար առաջ այստեղ կատարված անցքերի պատմությունը...

ԻԱ

ՀԱՅԿԱ ԲԵՐԴԸ

Դեռ արեգակը չէր ծագել, դեռ նոր զարթած թռչունները սկսել էին իրանց առավոտյան ճլվլոցը, երբ ես աչքերս բաց արի, տեսա` վրանի մուտքի առջև սպասում էին մեր թամքած ձիաները: Ասլանը ինձանից վաղ էր վեր կացել, պատրաստվել էր, ինձ ևս ասաց, որ շուտով հագնվիմ: Արթինը վրանում չէր: Ջորիները վաղուց արդեն բերել էին արոտից, համետում էին, գարի էին տալիս, որ, դեռ լույսը չծագած, ճանապարհ ընկնեն:

Քարավանը այդ րոպեում ներկայացնում էր մի վանք, որ կանխում էր հանդիպել տվնջյան լուսատվին: Ամեն կողմից լսելի էին լինում աղոթքի և հոգևոր երգերի ձայն: Ես միշտ ախորժանոք էի լսում, երբ մահմեդականը Ղորանից այաթներ էր կարդում. նրա ընթերցանության մրմունջը ինձ հիշեցնում էր ջերմ, հրաբորբոք Արաբիայի անապատները և այդ անապատների կրակի միջից հայտնված կրակոտ մարգարեին: Ո՜րքան մեծ զորություն ունի գիրքը: Մի գիրք, մի լավ երգված գիրք, իր բարձր բանաստեղծությամբ, իր հրաշալի լեզվով, կարողացել էր երկրագնդի մի նշանավոր մասը կապել մի կրոնի հետ: Ես նախանձով էի նայում այդ մահմեդականների վրա: Քարավանի մեջ կային և հայեր, բայց նրանք չէին աղոթում: Հայը աղոթում է միայն այն ժամանակ, երբ տերտերը նույնպես աղոթում է: Եկեղեցու պատերից դուրս` նա աստծուն չէ մտաբերում:

Շտապելուց ես մոռացա մինչև անգամ կոճակներս կցել: Ասլանը խոստացել էր այն օրը ցույց տալ ինձ մեր Հայկ Նահապետի բերդը: Իմ սիրտը տրոփում էր անհամբերությունից, թե երբ պետք է տեսնեի Հայաստանի առաջին ամրոցը, որ մնացել էր այն օրից, երբ հայության սկիզբը դրվեցավ:

Երբ ձի նստեցինք, ճանապարհ ընկանք, Արթինի խոստացած երկու ձիավորները, բոլորովին զինված, մեր առջևով գնում էին, թե որպես առաջնորդ և թե որպես զինակից: Նրանք սկզբից մեզ զգուշացրին, թե վտանգավոր տեղերից պետք է անցնենք: Ես կատարյալ զինավառության մեջ էի, Ասլանը նույնպես ուներ իր հետ մի զույգ ատրճանակ: Չգիտեմ ինչո՞ւ սաստիկ փափագում էի ես, որ ավազակների հանդիպեինք: Այնքան խոսվել էր դրանց մասին, այնքան բաներ էի լսել, բայց երբեք ավազակ չէի տեսել:

Գիշերով եկած լինելով, ես դեռ բոլորովին չէի դիտել Հայոց-Ձորը: Երբ լույսը ծագեց, երբ արևի առաջին ճառագայթները սկսեցին ոսկեզօծել լեռների մառախլապատ կատարները, այդ ժամանակ միայն հանդիպեցավ իմ առջև գեղեցիկ հովիտը իր շքեղ տեսարաններով: Ես հիացած էի, և իմ հիացմունքը մեծանում էր այն չափով, որքան բնության գեղեցկությունները միախառնվում էին անցյալի, ամենահին անցյալի հիշատակների հետ: Ի՜նչեր չէր տեսել այդ հովիտը, ի՜նչ սխրագործությունների վկա չէր եղել նա: Այստեղ մեր Հայկ Նահապետը պատերազմեց Բելի բռնակալության դեմ և խորտակեց ամբարտավան հսկայի զորությունը: Այստեղ, Հազկերտի կրոնական հալածանքների ժամանակ, հայ կինը մահակը ձեռին, հայ շինականը զինված իր մանգաղով, առաջին բողոքը բարձրացրին խղճի բռնաբարության դեմ և, հարձակվելով պարսից մոգերի վրա, ջարդեցին նրանց, և կրակ տալով նոր հիմնված բոլոր ատրուշաններին և մոխիրը ածելով ծովի մեջ, մաքրեցին իրանց հայրենիքը այդ պղծությունից: Ասլանը ինձ ցույց տվեց հին Մոխրաբերդը ծովի մոտ, որ այժմ մի գյուղ էր. այստեղից ածեցին ծովի ալիքների մեջ հրդեհված ատրուշանների և որմզդական մշտավառ կրակի մոխիրը և այդ պատճառով կոչվեցավ Մոխրաբերդ:

Հայոց-Ձորում դրվեցավ քրիստոնեության սկիզբը` մեր Աբգար թագավորի օրով: Ասլանը այդ մասին շատ բաներ էր պատմել ինձ, ինչ որ գրված էր գրքերի մեջ: Բայց ես սիրում էի ժողովրդի պատմածը, կենդանի ժողովրդի պատմածը, որ նա ավանդաբար լսել էր իր նախորդներից: Ես կդնեմ այստեղ այդ ավանդությունը, ավելի այն պատճառով, որ նրանով բացատրվում է Անգղ գետի անվան ծագումը: Այսպես է պատմում ժողովուրդը:

Այն խոստման համեմատ, որ փրկիչը արել էր մեր Աբգար թագավորին, նրա համբառնալուց հետո, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալներին վիճակվեցավ գալ Հայաստանը լուսավորելու: Բարդուղիմեոս առաքյալը եկավ Աղբակա կողմերը, իսկ Թադեոս առաքյալը` Հայոց-Ձորը, բերելով իր հետ աստվածամուխ գեղարդը, Ս. Աստվածածնի քողը և անուշահոտ յուղի շիշը, որով փրկչի գլուխը օծեցին: Նա սկսեց քարոզել և իր բերած սրբություններով հրաշքներ գործել: Անգղ գետի ափի մոտ, ճիշտ այնտեղում, ուր այժմ Սուրբ Աստվածածնի վանքն է կանգնած, կար մի մեհյան: (Այստեղից փոքր-ինչ հեռու իջևանել էր մեր քարավանը: ) Աստվածամայրը երազում երևում է փրկչի առաքյալին և ասում է, որ այդ մեհյանի տեղում իր համար մի տաճար կանգնեցնե: Առաքյալը մի հրաշքով կործանում է մեհյանն ու կուռքերը և սկսում է տաճարը կառուցանել: Այդ ժամանակ սկսվում է մի խուլ, աներևույթ կռիվ առաքյալի և կուռքերի մեջ: Ինչ որ առաքյալը ցերեկով շինել էր տալիս, դևերը գիշերով քանդում էին և քարերը ձգում էին Անգղ գետի մեջ: Այդ քարերի կուտակությունից կազմվեցավ այս բարձրությունը, որի վրայից գետը ջրվեժի նման ցած է թափվում և կոչվում է Սաչան: Հետո առաքյալը, Աստվածամոր խորհրդով, իր հետ բերած հրաշագործ յուղով օծում է մի խաչքար և կանգնեցնում է շինվելիք տաճարի տեղում: Այնուհետև դևերը այլևս չէին համարձակվում մոտենալ շինվածքին, բացի դրանից, նրանք սև ագռավների կերպարանք էին ստանում և աչքի էին երևում: Բայց որովհետև նրանք օդի մեջ աղմուկ էին բարձրացնում և վերևից անհանգստացնում էին բանվորներին, այդ պատճառով անգղների կերպարանքով հայտնվում են աստծո հրեշտակները և սկսում են պատերազմել ագռավների հետ: Անգղները հաղթում են, բոլոր ագռավներին կոտորում են և նրանց դիակները նետում են գետի մեջ, միևնույն տեղում, ուր նրանք ձգել էին տաճարի քարերը: Ի հիշատակ այդ հաղթության, գետը կոչվեցավ Անգղա գետ, իսկ գյուղը, որտեղ կառուցվեցավ Ս. Աստվածամոր տաճարը, կոչվեցավ Անգղ գյուղ: Առաքյալի հրաշագործ յուղով օծած խաչքարը մինչև այսօր էլ մնում է տաճարի մեջ, և նույն քարից անընդհատ կերպով ծորում է հրաշագործ ձեթ, որը ուխտավորները ստանում են իրանց հետ և գործ են դնում զանազան ախտերի բժշկության համար: Պատմում էին, թե առաջ այդ ձեթը այնքան շատ և առատությամբ էր բխում, որ բավականացնում էր վանքի բոլոր կանթեղների լուսավորությունը: Բայց մի վարդապետի ագահության պատճառով ձեթը նվազեցավ, երբ նա սկսեց վաճառել:

Մենք երկար չէինք բաժանվում Անգղ գետից, գնում էինք նրա հակառակ ուղղությամբ: Ձկնորսները, նրա ընթացքի ուղղությամբ, շտապում էին դեպի այն տեղը, ուր գետը թափվում է ծովը: Այստեղ սարքել էին նրանք իրանց ձկնորսության սապաթները, որ ամեն առավոտ դուրս էին բերում լի անուշահամ տառեխներով:

Անգղ գետի վերին մասը կոչվում է Խոշ-աբ` քանի որ Խոշաբ կամ Անձևացյաց կոչված գավառի միջովն է հոսում: Իսկ երբ մտնում է Հայոց-Ձորը, նա իր ամբողջ երկարությամբ բաժանում է այդ հովիտը երկու մասերի` հյուսիսային և հարավային: Իսկ Շամիրամի առուն, հյուսիսից գալով, կտրում է Անգղին և, արհեստական կամուրջի վրայից անցնելով, գնում է դեպի Արտամեդ, իսկ այնտեղից` Վան: Այդ վերջինը ավելի օգուտ է տալիս Հայոց-Ձորին, քան թե առատաջուր Անգղը: Իր հոսման ընթացքում Շամիրամի առուն ոռոգում է շատ գյուղերի անդաստանները, արտորայքը: Երբեմն ագուգայների ու խողովակների միջով, երբեմն բաց առվակով հոսում է նա, իսկ երբ խրամատների, փոսերի վրայով պետք է անցնի, այսպիսի տեղերում նրա համար բարձր ամբարտակներ են կառուցված, որոնց վրայով, կարծես օդի միջից, թռչում է ջուրը, առանց նեղություն կրելու, առանց շեղվելու իր ճանապարհից: Այդ բոլորը այնքան ճարտար կերպով է կառուցված, այնքան մեծագործ է, որ եթե հռչակավոր նինվեացի թագուհու գործը չհամարենք, անշուշտ մեր Արտաշես Երկրորդի գործը համարելու է, որ արհեստական ջրանցքով այդ գետը տարավ Արտամեդի բուրաստանները զարդարելու և կոչեց այն ավանը Զարդ: Եվ իրավ, նա մի ժամանակ Վասպուրականի զարդն էր:

Արևը բարձրացավ: Այժմ շրջակայքը ավելի պայծառությամբ էին երևում: Ասլանը խորասուզված էր, ո՛վ գիտե, ինչ մտածություների մեջ, և ամենևին չէր խոսում: Ես հիացած էի շրջակա տեսարաններով, որոնք և՛ ուրախություն էին ազդում ինձ, և՛ տրտմություն: Ո՜րքան խիտ ազգաբնակություն է եղել այստեղ, ո՜րքան երջանիկ ապրելիս են եղել այստեղ մարդիկ: Իսկ ա՞յժմ: Այժմ ավերակ, բոլորովին անմարդաբնակ գյուղերի թիվը ավելի շատ էր, քան թե շեն գյուղերը: Ամենուրեք հանդիպում էինք կիսակործան եկեղեցիների, ամայի վանքերի և լայնատարած գերեզմանատների, որոնց շուրջը մի ժամանակ մարդիկ են բնակվել: Իսկ այժմ այդ նվիրական վայրերը ծառայում էին որպես որջ վայրենի գազանների, կամ նրանցից չտարբերվող քուրդ ավազակների: Կարծես մի կործանիչ ձեռք անցել էր այդ հովիտով և բոլորը` ինչ որ լավ էր, ինչ որ բարի էր` ոչնչացրել էր:

Մեր նախնիքը ծույլ մարդիկ չեն եղել, — ասաց Ասլանը, — նրանք հոգ են տարել երկրի շինության համար, և դրա ապացույցը կարող է լինել այդ հսկայական ջրանցքը, որ անց են կացրել այդ հովտի միջով: Բայց այն օրից, որ տիրեց թուրքը, ամեն աշխատություն, ամեն կենդանություն մեռավ:

Իսկ այդ շեն գյուղորայքը հայաբնա՞կ են:

Հայաբնակ են, բայց յուրաքանչյուրի մեջ կգտնեք մի քանի տուն քուրդ բնակիչներ: Այդ մի քանի տունը ամբողջ գյուղի ցեցը պետք է համարել:

Նա դարձյալ լռեց:

Ճանապարհը հարթ էր. բնությունը և մարդու ոտն էր հարթել: Անգղ գետի հորդությունից տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ, որոնց միջից դեղին, փայլուն ջրածաղիկը զավիկի նման փողփողում էր արևի ճառագայթներից: Տեղ-տեղ գոյացել էին շամբուտներ: Կրիաները, որ դուրս էին եկել ցամաքը` արևի տաքությունը վայելելու, մեր ձիաների ոտնաձայնը լսելով, խմբովին ներս էին սահում և թաքչում էին եղեգների մեջ: Ձյունի նման սպիտակ արագիլը իր երկար, կարմիր կտցով և նույնպես երկար, կարմիր ոտներով հանդարտ շրջում էր ճահճի մեջ և իր սիրած որսն էր որոնում: Մենք համարյա թե նրա մոտովն անցանք: Ծանրաբարո թռչունը ամենևին չվրդովվեցավ, ուշիմ կերպով նայեց մեզ վրա և կրկին շարունակեց իր որսորդությունը: Ուրուրը վերևում շրջաններ էր գործում օդի մեջ լայն թևերը բաց արած, որոնց երբեմն թեթև կերպով շարժում էր, կարծես թիավարելիս լիներ օդը: Ահա նա նետի նման սլացավ դեպի ցած, մի քանի վայրկյան անհետացավ եղեգների մեջ և կրկին վեր բարձրացավ, մագիլների մեջ բռնած ունենալով մի ինչ-որ բան: Նա տարավ իր ավարը: Արեգակը ավելի և ավելի այրում էր: Եթե ծովի կողմից փչող մեղմ քամին չլիներ, տոթը կարող էր խեղդել: Ամեն ինչ անշարժ էր, ամեն ինչ լուռ էր: Միայն լսելի էր լինում անհանգիստ արտույտի ճռնչող երգը: Միջօրեի տապի ժամանակ, երբ բոլոր թռչունները թուլացած, շնչասպառ, մի զով տեղ են որոնում հանգստանալու, նա այդ պահուն ավելի ոգևորվում է, տաքանում է, սկսում է երգել: Բայց ո՞րտեղ էր թաքնված այդ հողագույն թռչունը: Որտեղ էլ որ լիներ, մենք նրան չէինք կարող նշմարել: Հնձած արտերի մոխրագույն ծղոտները, տոթի ազդեցությունից ցամաքած և դալկացած մացառների տերևները` ամենևին չեն որոշվում նրա փետուրների գույնից: Խելացի թռչունը ընտրում է այսպիսի տեղեր: Նրա գույնը միախառնվում է իր թաքստի տեղի գունավորության հետ, և նա անտեսանելի է դառնում թշնամու աչքից: Գոնե դրա խելքն ունենային այստեղի հայերը...

Մենք անցանք մարգադաշտերից, անցանք ճահիճներից, անցանք հնձած արտորայքից: Այժմ մեր ճանապարհի աջ և ձախ կողմերում բարձրանում էին ժայռոտ բլուրներ: Կանաչ բուսականության մի նշույլ անգամ չէր մնացել նրանց վրա. ամեն ինչ այրել էր տոթը: Միայն օշինդրը բուրում էր իր սուր, կծու հոտով:

Ահա, ճանապարհը խաչաձև կտրելով, անցավ չարագուշակ նապաստակը: Նա պպզեց մի քարի վրա և, ականջները ցցած, հեռվից նայում էր մեզ վրա: Երբ մոտեցանք, անհայտացավ մացառների մեջ: Գոնե մի աղվես անցներ, դա կուրախացներ ինձ, դա արդեն նշան կլիներ, որ մեր ճանապարհորդությունը, ինչ նպատակով էլ և լիներ, բարեհաջող վախճան կունենար: Բայց նապաստակը չար է գուշակում: Այդ նախապաշարմունքը, սկսյալ մանկությունից, իմ մեջ այն աստիճան արմատացած էր, որ ես սկսեցի կասկածել, որ անպատճառ մի որևիցե անհաջողության կհանդիպենք: Այդ մասին, իհարկե, ամաչեցի Ասլանին մի բան ասել, վախենալով նրա հանդիմանությունից:

Մենք անցանք մի հայոց գյուղի մոտով: Գետնափոր խրճիթները հազիվ բարձրանում էին գետնի մակերևույթից: Տափակ կտուրների վրա կալ էին կալսում: Որպես ծանրություն, երեխաներին խմբով ածել էին կամնասայլի վրա, մի զույգ եզներ քաշում էին և պտտեցնում էին դեռ չմանրացած հարդի վրա: Մայրը, հեծանոցը ձեռին, խառնում էր հարդը: Ջառջառի սուր ատամները, որ կազմված էին կայծքարի կտորներից, կտրատում էին հարդի խոշոր մասները: Տղամարդիկ չէին երևում: Նրանց մի մասը դաշտերում ուրիշ աշխատանքով էին զբաղված, իսկ շատերը գնացել էին օտար երկրներ, պանդխտության մեջ էին ապրում: Մի քանի ծերունիներ նստած էին կալի մոտ, դիզած խուրձերի հովանիի ներքո, ծխում էին: Մեզ տեսնելով, ամենքը կանգնեցին և խորին կերպով գլուխ տվին: Մեր առաջնորդներից մեկը մոտեցավ նրանց և կրակ խնդրեց, որ իր չիբուխը վառե: Մենք անցանք: Երբ նա կրկին եկավ և հասավ մեզ, ես հարցրի.

Ի՞նչ էին խոսում այդ ծերունիները:

Հարցնում էին, թե ո՞վ է այդ մարդը:

Դուք ի՞նչ ասացիք:

Ասացի` եվրոպացի ճանապարհորդ է:

Նրանք ի՞նչ ասացին:

Հարցնում էին, թե ինչ նպատակով է ճանապարհորդում:

Էլ ուրիշ ոչինչ չհարցրի՞ն:

Հարցրին, թե ո՞ւր է գնում: Ես ասացի` գնում է Հայկա բերդը տեսնելու: Նրանք երանի տվեցին եվրոպացու աչքերին, որ կտեսնե Հայկա բերդը:

Մի՞թե նրանք չեն տեսել:

Չեն տեսել. այդքան մոտիկ են ապրում և չեն տեսել:

Դա շատ զարմանալի է:

Զարմանալու ոչինչ չկա. ես ավելի զարմանալին կասեմ ձեզ. ինձ պատահել է տեսնել գյուղացիներ, որոնք մի քանի մղոնով միայն հեռու էին ապրում մի վանքից, երբ օտար երկրներից եկած ուխտավորների քարավանը նրանց գյուղի մոտով անցնում է, նրանք խորին բաղձանքով ասում են ուխտավորներին. «Երանի՜ ձեր աչքերին, որ կգնաք, կտեսնեք մեր վանքը»...

Այդ խոսակցության միջոցին մեր առաջնորդի մյուս ընկերն էլ մոտեցավ մեզ: Ես այժմ միայն սկսեցի ուշադրությամբ քննել նրանց դեմքերը: Այդ դեմքերը ինձ շատ ծանոթ էին երևում: Ինձ թվում էր, թե մի տեղում պետք է տեսած լինեի նրանց: Բայց ե՞րբ և ի՞նչ տեղում, մտաբերել չէի կարողանում: Այդ տարակուսանքը երկար տանջում էր ինձ: Մի՞թե կարելի էր մոռանալ այդ տեսակ մարդկանց: Երկուսն էլ բարեկազմ երիտասարդներ էին, կարծես մի զույգ Այաքսներ լինեին: Ես անիծում էի իմ բթամտությունը: Եթե տեսել էի, անպատճառ պետք է ուրիշ հագուստով, ուրիշ կերպարանքով տեսած լինեի, և ոչ որպես այժմ, լազի հագուստով, ինչպես հագնված էին Արթինի բոլոր ծառաները:

Ես տատանվում էի անստուգության մեջ: Մտածում էի հարցնել: Մի՞թե նրանք կասեին, թե ովքեր են, կամ մենք մի ժամանակ տեսնվել ենք: Եթե ասելու լինեին, հենց առաջին անգամից կասեին: Բայց նրանք ոչինչ կերպով չէին ցույց տալիս, որ ինձ ճանաչում են, կամ որևիցե ժամանակ հանդիպել ենք միմյանց: Իմ հիշողության մեջ այդքանը միայն պարզ էր, որ այդ երկուսին միասին, միաժամանակ մի տեղում էի տեսել: Եվ այդ շատ զարմացնում էր ինձ. ես թողեցի, որ հանգամանքները պարզեն այդ մթությունը, այժմ դարձա դեպի մյուս ընկերը, հարցնելով.

Դեռ երկա՞ր ճանապարհ է մնում մինչև Հայկա բերդը:

Եթե այդպես արագ գնալու լինենք, կեսօրից փոքր-ինչ անցած կհասնենք, — պատասխանեց նա:

Իմ հետաքրքրությունն այնքան անզուսպ էր դարձել, որ ցանկանում էի նախքան բերդը տեսնելը նրա մասին տեղեկություններ ստանալ:

Դուք տեսե՞լ եք Հայկա բերդը, — հարցրի նրանից:

Տեսել եմ:

Երևի շատ ամուր բերդ է, բարձր աշտարակներ և ահագին պարիսպներ ունի:

Անտարակույս, մի ժամանակ ունեցել է: Բայց մինչև այժմ ի՞նչպես կմնային այդ ամրությունները: Գիտե՞ք, երբ էր Հայկը:

Նա սկսեց ժպտալ իմ միամտության վրա: Ջորեպանի կոպիտ ծառան Հայկի մասին ևս տեղեկություն ուներ: Այդ ավելի գրգռեց իմ կասկածը: Ես դարձյալ ընկա առաջին մտածությունների մեջ, որ այդ անձինքը ծանոթ էին ինձ:

Հայոց-Ձորը, մեր Հայկ նահապետի բնագավառը, լի է բազմաթիվ հիշատակներով, որ հիշեցնում են մեր Դյուցազնի պատերազմը Բաբելոնի հսկայի հետ: Ասլանը ինձ բացատրեց, թե որպես այժմյան հիշատակարաններով և ժողովրդի մեջ պահպանված առասպելներով ստուգվում է պատմությունը:

Հայրենագիտությունը, — ասաց նա, — գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայի որդին: Ով որ չէ ճանաչում իր հայրենիքը, չէ կարող ճշմարտապես սիրել նրան:

Հետո նա ցույց տվեց այն տեղերը, որոնք նվիրական էին դարձել Հայկի և Բելի հիշատակներով: Նա ցույց տվեց այն բլուրը, որի վրա տապալվեցավ մեր հսկայի հզոր բազկից նետահար եղած Բելը, որ և մինչև այսօր նրա դրած անունով կոչվում է Գերեզմանք, որովհետև այնտեղ ընկան Բելի քաջերից շատերը, և այն բլուրը, որի վրա պաշտպանված էին նրանք, եղավ նրանց գերեզմանը: Նա ցույց տվեց ճակատամարտի տեղը, ուր առաջին անգամ հանդիպեցան միմյանց երկու հսկաները: Այդ տեղը կոչվեցավ Հայք, որ այժմ, ժողովրդի լեզվում աղճատվելով, ասվում է Խեք: Նա ինձ ցույց տվեց, թե դեպի ո՛ր կողմն է ընկնում Բելուն, որը Բելի անունն է կրում: Նա հեռվից ինձ ցույց տվեց Աստվածաշենը, մեր Դյուցազնի և նահապետի հիմնած առաջին ավանը, որ մինչև այսօր մնացել էր շեն, որ մինչև այսօր պահպանել էր իր անունը: Աստվածաշենի բնակիչը միշտ պարծանքով է հիշում, որ դա մեր նախահոր` Հայկ դյուցազնի, անունն է կրում, որովհետև հսկաների հայրը, որ աստվածների հետ էր պատերազմում, ինքն ևս պաշտվում էր իբրև աստված: Այդ ավանի մոտ էր և նրա ամրոցը, ուր մենք գնում էինք:

Հաջորդ էջ