Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Բայց երբ կրկին անգամ ներկայանում էր ինձ այն սրտաշարժ տեսարանը, որ մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ տաղավարի մեջ, երբ մտաբերում էի այն խոսքերը, որ այնքան խորին զգացմունքով արտասանեց Մուրադը, այդ միջոցին մթությունները հետզհետե փարատվում էին, և իմ առջև բացվում էր մի նոր, լուսափայլ հորիզոն: Ես տեսնում էի, որ գարշելի խաչագողն անգամ կարող է ուղղվել, կարող է մաքրվել էին կեղտերից և ծառայել մի բարի գործի: «Ո՜վքեր էինք մենք», ասում էր ոգելից Մուրադը: «Մենք մի հասարակություն էինք: Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյկան ախտերով»... Դրանք խորհրդավոր, շատ խորհրդավոր խոսքեր էին: Մի՞թե սալմաստեցին կամ սավրեցին է միայն խաչագողը: Խաչագող կարող է լինել և՛ մի քահանա և՛ մի արհեստավոր, և՛ մի վաճառական, և՛ մի վարժապետ, և՛ մի աստիճանավոր, մի խոսքով, ամեն մարդ, որ խաչագողի հատկություններ ունի: Խաչագող կարող է լինել և մի ամբողջ ազգ, որ բարոյապես փչացած է, որը խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունի, բայց իր ընդունակությունները գործ է դնում դեպի վատը, դեպի անազնիվը և դեպի անբարոյականը: «Հասավ ժամանակը մերկանալ հին մարդը և, իբրև նոր մարդ, նոր հոգով և նոր եռանդով գործել` դեպի ազնիվը և դեպի լավը»: Այդ խոսքերով վերջացրեց երիտասարդը իր փոքրիկ ճառը. «Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհետև գործ դրվին դեպի հասարակաց բարին»:

Երբ Մուրադը վերջացնելով իր գործը եկավ նստեց իմ մոտ, ես չհիշեցի, որ մի ժամանակ տեսել եմ նրան արաբական մինարեթում: Ես տարակույս չունեի, որ նա ճանաչում է ինձ: Բայց, երևի, մտածում էր, որ ես այժմ չէի կարող ճանաչել նրան իր նոր կերպարանափոխության մեջ, իր լազի հագուստով, որովհետև սկզբում, երբ առաջին անգամ տեսա նրան արաբական մինարեթում, նա զեյթունցու հագուստ ուներ և զեյթունցու բարբառով էր խոսում: Ինչպես էլ որ լիներ, ես անպատշաճ համարեցի մերկացնել այն, ինչ որ նա ինձանից ծածուկ էր պահում: Բայց հավատացած էի, որ նա ինձանից չէր թաքցնի իր հին հարաբերությունները քավոր Պետրոսի հետ, որոնց վերջին սրտաշարժ գրկախառնությանը և հոգեկան հուզմունքներին ես ականատես եղա:

Դուք այդ ծերունուն, երևի, վաղուց ճանաչո՞ւմ էիք, — հարցրի նրանից:

Ոչ միայն ճանաչում էի, այլ նա իմ դաստիարակն է եղել, — պատասխանեց երիտասարդը:

Այդ խաչագո՞ղը:

Այո՛, այդ խաչագողը:

Ի՞նչպես եղավ, որ դուք ընկաք նրա ձեռքը:

Դա շատ երկար պատմության է, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի վերջանա:

Պատմեցեք, խնդրեմ: Ես քավոր Պետրոսի մասին շատ բաներ էի լսել, բայց իրան չէի տեսել:

Երևի, իմ մասին ևս լսած կլինեիք:

Այո, որովհետև ձեր անունը անբաժան է նրա անունից:

Իրավ, անբաժան է... — կրկնեց նա տխուր ձայնով:

Նա պատմեց, թե ի՛նչպես պատանեկության հասակում ինքը դարբինի աշակերտ է եղել, պատմեց, թե ինչ փորձանք պատահեց իր վարպետին, որի պատճառով ինքն ևս, իբրև հանցավոր, կասկածի ենթարկվեցավ և ստիպվեցավ փախստական լինել, որ ոստիկանության ձեռքը չնկնի: Այդ միջոցին պատահեց իր նման փախստական պատանիների մի խմբի, որոնք թողել էին տեր Թոդիկի դպրոցը և ծածկվել էին Սավրայի անտառներում: Այդ պատանիները, ասաց նա, Կարոն, Ասլանը և Սագոն էին, որոնց մոտ մնաց մի քանի շաբաթ: Իրանց մոտ հայտնվում էր երբեմն մի ալևոր որսորդ, որին Ավո էին կոչում, և նա լավ-լավ խրատներ էր տալիս իր մոլորյալ սանիկներին: Բայց ինքը, Մուրադը, նրանց հասարակության քաղցրությունը երկար վայելել չկարողացավ, մի դիպվածով անջատվեցավ այդ խումբից և քավոր Պետրոսի ձեռքն ընկավ: Այդ վերջինը առեց նրան իր հոգաբարձության ներքո, տարավ օտար աշխարհներ և վարժեցրեց խաչագողության մեջ: Իսկ Կարոն, Ասլանը և Սագոն հետևեցին որսորդի խորհրդին, թեև, նույնպես օտար աշխարհներ գնացին, բայց իր նման չփչացան, այլ, կրթություն ստանալով, լավ մարդիկ դարձան:

Զարմանալի՜ պատմություն էր այդ. դա թափառաշրջիկ, բախտախնդիր ժողովրդի տխուր պատմությունն էր, որի մեջ այդ ժողովրդի յուրաքանչյուր անհատը կարող էր գտնել իր մռայլ պատկերը...

Ուրեմն դուք ձեր պատանեկության հասակից ծանո՞թ եք եղել Ասլանի ու նրա ընկերների հետ, — հարցրի ես, երբ նա վերջացրեց իր պատմությունը:

Այո՛, իմ պատանեկության հասակից, — պատասխանեց նա: — Բայց, որպես պատմեցի ձեզ, մենք անջատվեցանք միմյանցից, մեր ճանապարհները բաժանվեցան, որսորդ Ավոն առաջնորդեց նրանց դեպի լավը, իսկ քավոր Պետրոսը առաջնորդեց ինձ դեպի վատը: Երկար թափառումներից հետո դարձյալ մեր ճանապարհների ծայրերը միացան միմյանց և դարձյալ մենք ձեռք մեկնեցինք միմյանց...

Բայց ի՞նչպես եղավ, որ դուք ուղղվեցաք և ետ դարձաք վատ ճանապարհից:

Ես անցա այն բոլոր մթին, ոլորմոլոր շավիղները, որոնց մեջ պտտվում է խաչագողը. ես անցա այն բոլոր շրջանները, որոնց մեջ լայնանում է, զարգանում է խաչագողի ընդունակությունը. հետո բռնվեցա իմ հանցանքների մեջ և աքսորվեցա: Այնտեղ, իմ հեռավոր աքսորավայրում, ես ծանոթացա մի լավ մարդու հետ, որ նույնպես աքսորված էր: Այդ մարդը իմ վրա խիստ բարերար ազդեցություն ունեցավ և ուղղեց ինձ:

Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչպես էր նրա անունը:

Նա մի շատ խորհրդավոր անձնավորություն էր. ես մինչև այսօր էլ չգիտեմ նրա իսկական անունը. բայց բոլոր դատապարտյալները նրան կոչում էին «Համր», որովհետև խիստ սակավ էր խոսում:

Գիտե՞ք հիմա որտեղ է նա:

Չգիտեմ...

Այժմ ես բոլորովին համոզվեցա, որ խաչագողը, լավ մարդկանց ազդեցության ներքո, լավ հասարակության մեջ, կարող է կրթվել և լավ մարդ դառնալ: Բայց ես դեռ կասկած ունեի քավոր Պետրոսի մասին, երբ հարցրի, Մուրադը պատասխանեց ինձ.

Նա չափազանց բարի մարդ է, նրան մինչև անգամ կարելի է առաքինի կոչել: Միայն նրա անցյալ մեղքերը այն աստիճան ծանրացած են նրա սրտի վրա, որ ամեն հույս նրա մեջ մեռել է: Նա չէ կարողանում հավատացնել իրան, որ աստծո անսահման գթությունը ներումն է շնորհում ամեն մի զղջացողին և, այդ պատճառով, թշվառ ալևորը գտնվում է խղճի մշտական տանջանքի մեջ:

Այդ միջոցին մոտեցավ մեզ Մուրադի մյուս ընկերը, որը գնացել էր հեռավոր դեզերից ձիաների համար խոտ բերելու: Ես խնդրեցի Մուրադից, որ ծանոթացնե իր ընկերի հետ:

Դուք, կարծեմ ծանոթ եք, — ասաց նա խորհրդավոր ձայնով: — Դուք մի անգամ տեսել եք նրան արաբական մինարեթում... Հիշո՞ւմ եք:

Հիշում եմ... և ձեզ... — ավելացրի ես:

Այո՛, և ինձ... — խոստովանեցավ նա: — Ես և նա միասին էինք...

Նրան կոչում են Ջալլադ, այդպես չէ՞:

Այդպես է:

Այժմ մեր մեջ ոչինչ տարակուսանք չմնաց. մենք ճանաչում ենք միմյանց. մենք հին ընկերներ և բարեկամներ էինք:

Տաղավարից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ պատվիրեց ձիաները պատրաստել: Առավոտը դեռ նոր էր բացվում, երբ ճանապարհ ընկանք: Ալևոր «գուշակողը» տվեց մեզ իր օրհնությունը և բարեմաղթեց «հաջողություն»: Այդ բարեմաղթությունը լսում էի ամեն անգամ, երբ բաժանվում էինք մեր բարեկամներից: Շեյխի բանակում դեռ քնած էին. ոչինչ շարժում չէր երևում: Միայն անքուն գիշերապահները հեռվից ձայն էին տալիս միմյանց:

ԻԳ

ՈՍՏԱՆ

Այսուհետև երկյուղալի տեղերով պետք է անցնենք, — զգուշացրեց Մուրադը, խորհուրդ տալով, որ մեր զենքերը պատրաստ պահենք:

Նա առաջ ընկավ, իսկ նրա ընկերը, Ջալլադը, գալիս էր մեր ետևից: Ես ու Ասլանը պատսպարված էինք երկուսի մեջտեղում: Լսելով Մուրադի խոսքերը, ես իսկույն հիշեցի նապաստակին, չէ՞ որ պետք է մի բան պատահի, մտածում էի ես և անպատճառ` վատ բան:

Ճանապարհը սարսափելի էր: Անցնում էինք Արտոսի ոլորապտույտ ձորերով, նեղ փապարներով և մթին կիրճերով: Մարդ կարող էր բոլորովին կորչել, անհետանալ այդ խորին անդունդների մեջ: Բայց մեր առաջնորդին այնքան ծանոթ էին բոլոր անցքերը, բոլոր շավիղները, որքան ծանոթ էին նրան իր ձեռքի հինգ մատները: Արտոսը և Կապուտ Կողը, իրանց ոլոր-մոլոր շղթաներով հյուսվելով միմյանց հետ, կազմում են Ռշտունյաց գավառի լեռնային ցանցը: Այդ հսկայական ցանցը մի մեծ ծուղակ է, որ, կարծես, այդ քմահաճ լեռները պատրաստել են մարդիկ որսալու համար: Մենք խարխափում էինք այդ ծուղակի մեջ:

Երբեմն հանդիպում էին մթին անտառներ: Երբեմն հանդիպում էին ուղևորների խումբեր, որ գնում էին մերձակա արոտատեղիները, իրանց անասունների մոտ: Նայելով այդ անտառներին, նայելով այդ մարդիկներին, ինձ թվում էր, որ այդ վայրենի, լեռնային երկրում ամեն ինչ նույնպես խոշոր էր, նույնպես խիստ էր, որպես շրջակա բնությունը: Վաղեմի դյուցազունների փոխարեն ապրում էր մի խոշոր ժողովուրդ: Վաղեմի հսկա անտառների փոխարեն` ամեհի ծառատունկ: Բայց անցյալ փառքն ու մեծությունը մաշել, տրորել էր ժամանակը... Միայն իր վեհության մեջ մնացել էր անխորտակելի Արտոսը:

Անհամբերությունը խեղդում էր ինձ, մտածում էի, ե՞րբ պետք է դուրս գանք այդ մթին վիհերից ու վիրապներից: Գոնե լույս լիներ: Հորիզոնը ամեն կողմից փակված էր բարձր լեռներով: Հեռուն չէր երևում: Նայում էի դեպի երկինք, ձյունագույն ամպերը լողում էին օդի մեջ: Նրանց մի կողմը ոսկու գույն էր ստացել: Երևի, արևը ծագել էր: Բայց մեր գտնված ձորերի մեջ դեռ տիրում էր գիշերային խավարը: Բոլորովին պայծառ օրերում անգամ` այդ ձորերի մեջ լույսը պակաս է լինում: Իսկ այն գիշեր անձրև էր եկել, և վաղորդյան մառախուղը լցրել էր ձորերը:

Չարագուշակ նապաստակի հանդիպումը այս անգամ ևս մնաց առանց որևիցե չար հետևանքի: Մենք անցանք բոլոր վտանգավոր տեղերը առանց փորձանքի, միայն սաստիկ ջարդված, սաստիկ հոգնած: Բայց իմ հոգնածությունը բոլորովին փարատվեցավ, երբ բարձրացանք մի սարավանդի վրա, երբ կրկին մեր առջև բացվեցավ կապուտակ ծովը, և երբ Ասլանը, ձեռքը մեկնելով դեպի մի հին քաղաքի ավերակները, ասաց.

Ահա՛ Ոստանը:

Ոստա՞ն... այդ անունը ծանոթ էր ինձ երեխայությունից: Գրքերի մեջ նրա մասին ոչինչ չէի կարդացել: Բայց շատ անգամ լսել էի, որ մայրերը ձեռքի վրա օրորում են, վեր-վեր են թռցնում իրանց փոքրիկ մանուկներին, երգելով մի երգ, որի մեջ զանազան խոստմունքներ են անում երեխային, թե երբ նա կմեծանա, ինչ կբերեն նրա համար, խոստանում են արծաթապատ զենքեր, ոսկենկար հագուստներ, հրեղեն ձի և այլն, և մայրական ջերմ բաղձանքներով լի երգի յուրաքանչյուր տունը վերջանում է հետևյալ հարց ու պատասխանով.

«Դո՞ր բերեմ, դո՞ր բերեմ,
Ի Վանա, Ոստանա բերեմ»:

(Որտեղից կբերեմ, ո՞րտեղից կբերեմ, խոստացած առարկան, Վանից, Ոստանից կբերեմ):

Այդ երգը գոյություն է ունեցել Ոստանի փառավոր անցյալի հետ, այդ երգը լսելով, ես միշտ երևակայում էի Ոստանը մի մեծ վաճառաշահ քաղաք, որ լի էր աշխարհի բոլոր բարիքներով: Բայց երբ հասանք, երբ իմ առջև ներկայացավ ավերակների մի տխուր տեսարան, ես բոլորովին հիասթափ եղա իմ մանկական փայլուն երազներից: Ոստանում ոչինչ չէր մնացել: Մի քանի ողորմելի խրճիթներ միայն երևում էին ձորի մեջ, որոնց մեջ բնակվում էին նույնքան ողորմելի քրդեր:

Ի՞նչ նպատակով բերեց մեզ այստեղ Ասլանը, մտածում էի ես, մի՞թե միշտ պետք է ավերակներ տեսնենք, մի՞թե այդ երկրում չկար մի բան, որ փոքր ի շատե մխիթարական լիներ:

Սարավանդի բոլորովին սպառվածքի վրա, որի ստորոտում ծփում էր ծովը, մենք ցած իջանք ձիերից: Այդ գագաթը իր բարձր դիրքով իշխում էր բոլոր շրջակայքի վրա: Այստեղ էին թափված հին ամրոցի բեկորները, որոնց քարակույտը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես դարերի կործանիչ սասանմունքից հետո այժմ մի հսկայական քարեղեն կմախք իր վիթխարի գլուխը վեր էր բարձրացրել, տեսնելու, թե ի՞նչ էր կատարվել իր չորեք կողմում...

Ոստան կոչվում էին այն քաղաքները, որոնց մեջ կա՛մ թագավորի արքունիք կար, կա՛մ բարձր դիվան, ինչպես ոստանիկ կոչվում էին արքունիքում ծառայող ազնվականները: Այդ անունը ծագել է ասթան բառից, որ նշանակում է դուռն կամ շեմք:

Ոստանը Ռշտունյաց հզոր նախարարության մայրաքաղաքն էր: Բայց իր անմատչելի դիրքի պատճառով, որ մի կողմից պատսպարված էր ծովով, իսկ մյուս կողմից լեռներով` Ոստանը, միևնույն ժամանակ, ծառայում էր և որպես ամուր բերդ:

Ռշտունյաց լեռնային աշխարհը մի ժամանակ սնուցանում էր իր մեջ իր ժայռերի նման ամուր և անխորտակելի մի ժողովուրդ: Նրա նախարարները Հայաստանի հարավային սահմանապահ զորքերի սպարապետի պաշտոնն էին վարում: Այդ պաշտոնը միայն Ռշտունյաց նախարարների արտոնությունն էր:

Ռշտունյաց աշխարհը տվել է մեզ երևելի հերոսներ, որոնք հայոց հին պատմության մեջ փայլուն անուն են թողել: Այստեղից էր Բարզափրան սպարապետը, որ Տիգրան երկրորդի օրերում մի արշավանք գործեց դեպի Պաղեստին և, հռոմեայեցոց հետ պատերազմելով, ջարդեց, հալածեց նրանց, հետո տիրեց Երուսաղեմին: Այնտեղ Անտիգոնոսին թագավոր կարգեց Հյուրկանոս քահանայապետի և, միևնույն ժամանակ, արքայի փոխարեն: Այդ ձեռնտվության համար Բարզափրանը ստացավ Անտիգոնոսից, իբրև ընծա, հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի: Իսկ Հյուրկանոս քահանայապետին հրեից բազմաթիվ գերիների հետ բերեց Հայաստան, բնակեցրեց Վան քաղաքում:

Այստեղից էր Մանաճիհր (Մանուչահր) քաջ նահապետը, որ Տրդատի և նրա որդի Խոսրովի ժամանակ հարավային զորքերի սպարապետ էր: Այդ նահապետի օրերում ավելի սաստկացել էր այն խուլ կռիվը, որ սկսվեցավ Լուսավորիչի ժամանակից և տևեց մինչև նրա վերջեն ժառանգի` Սահակ Պարթևի օրերը: Դա նոր հաստատվող քահանայապետական և նախարարական իշխանության կռիվն էր: Դա հոգևոր իշխանության կռիվն էր, մի կողմից և մարմնավոր իշխանության կռիվն էր, մյուս կողմից: Հոգևոր իշխանությունը, հոգևոր ագահությամբ, աշխատում էր իրավունքներ, արտոնություններ, կալվածքներ ձեռք բերել, և սահմանափակել թե՛ թագավորի, թե՛ նրա նախարարների իշխանությունը: Այստեղից ծագեց կռիվը: Նրա սկիզբը դրեց Լուսավորիչը: Եվ այդ կռվի մեջ զոհ գնացին` թե՛ ինքը Լուսավորիչը և թե՛ նրա բոլոր ժառանգները` Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Ներսես Մեծը և Սահակը: Իմ խոսքը Մանաճիհր Ռշտունու մասին էր: Դա մի արշավանք է գործում դեպի Ասորեստան և սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վիճակից բազմաթիվ գերիներ է բերում, նրա ութն սարկավագների հետ Ծերունի հայրապետը անձամբ գալիս է Մանաճիհրի մոտ, խնդրելու, որ արձակե գերիներին: Բայց խստասիրտ Մանաճիհրը, փոխանակ նրա աղաչանքը լսելու, նրան ավելի վշտացնելու համար հրամայում է գերիներից ութն հարյուր հոգի` հայրապետի ութն սարկավագների հետ` նետել ծովը: Ասլանը ինձ ցույց տվեց այն տեղը, ուր կատարվել էր այդ եղեռնագործությունը: Դա Ոստանից ոչ այնքան հեռու մի ապառաժ հրվանդան էր, որի բարձրության վրա գտնվում էր Մանաճիհրի Մանակերտ անունով բերդը: Այդ բարձրությունից թափեցին ծովը խեղճ գերիներին:

Այստեղից էր Թեոդորոս Ռշտունին` յոթներորդ դարու հերոսը, որը արաբացոց անընդհատ արշավանքների ժամանակ կայծակի նման Հայաստանի մի կողմից դեպի մյուսն էր թռչում, և հայոց արյան ծարավի արաբացոց հրոսակներին ջարդում էր, և երբեմն իր սուրը նենգավոր հունաց դեմ էր դարձնում:

Այստեղից էր հիշյալ Թեոդորոս Իշխանի որդի Վարդ Պատրիկը` հունաց ոխերիմ թշնամին, որը հունաց զորքերի Գայլ գետի շարժական կամուրջից անցնելու ժամանակ կտրեց կամոջրջի ծայրը, ամենքը հոսվեցան դեպի գետի մեջ, և մնացածներին կոտորել տվեց: Հույները այն աստիճան բարկացած էին այդ քաջի դեմ, որ կենդանության ժամանակ, չկարողանալով վնասել նրան, մեռնելուց հետո որոնում էին հանգուցյալի գերեզմանը, որպեսզի ոսկորներից վրեժխնդիր լինեն: Բայց Հայոց-Ձորի երախտագետ ժողովուրդը, զգուշանալով հունաց չարությունից, Խորգոմ գյուղում, ծովի ափի մոտ, մի եկեղեցի կառուցին և քաջի մարմինը նրանում հանգուցին: Այդ եկեղեցին ծածկեցին հողով, և կազմվեցավ մի բարձր բլուր, որի վրա կառուցեցին մի այլ եկեղեցի: Ոստանից փոքր-ինչ հեռու, Մահռաշտ բարձրադիր և զվարճալի գյուղում, մինչև այսօր նկատվում են Վարդ Պատրիկի շքեղ ապարանքների ավերակները: Այդ ծովեզրյա գյուղը քաջի ամառանոցն էր, իսկ Աղթամար կղզում գտնվում էր նրա հոր բերդը, որ հետո ժառանգեց որդին:

Գագիկ Արծրունին ավելի գեղեցկացրեց Ոստանը, նորոգելով և ամրացնելով հին բերդը և իր համար փառավոր պալատներ կառուցանելով: Այդ բոլորը մի առանձին հիացմունքով նկարագրում է Վասպուրականի ոգելից պատմագիրը` Թոմա Արծրունին: Իմ նկարագրությունը շատ անգույն կլիներ նրա գեղարվեստական գրչի առջև: Ես թողնում եմ այդ, միայն մի բան չէ կարելի չհիշեցնել, որ Ոստանը, Ռշտունյաց գավառի ամուր բերդ լինելուց հետո էր միևնույն ժամանակ նրա վաճառաշահ քաղաքը: Նա մի կողմից մոտ էր Դատվանի նավահանգստին, մյուս կողմից, այն մեծ քարավանի ճանապարհին, որ տանում է Վանից դեպի Մուշ և Բաղեշ: Այդ էր պատճառը, որ Ոստանի հովիտը մի ժամանակ ուներ մինչև հարյուր հազար հայ բնակիչ: Բայց տասնևհինգերորդ դարում Սկանդերբեկը, որ, Հայաստանի մի մասին տիրելով, իրան կոչեց Շահ-արմեն (թագավոր հայոց) այդ բարբարոսը, Վան քաղաքը ավերակ դարձնելուց հետո, Ոստանն էլ բոլորովին անմարդաբնակ դարձրեց: Նա կործանեց հին բերդը, կործանեց բոլոր ամրությունները, նա կործանեց Գագիկի կառուցած պալատների մնացորդները:

Այժմ Ոստանի փառքից, նրա հազարավոր հայ բնակիչներից, մնացել էին մի քանի քրդական խրճիթներ միայն: Այդ գետնափոր խրճիթների երդիկներից մուխ էր բարձրանում: Շների ձայնից մի խումբ երեխաներ, կանայք և աղջիկներ դուրս սողացին նեղ դռներից և կտուրների վրայից սկսեցին նայել մեզ վրա: Մեկը բաժանվեցավ նրանցից և, հենված երկու թևքերի տակին առած երկու ցուպերի վրա, սկսեց կաղալով մոտենալ մեզ: Երբ հասավ, նա մի երկբայական հայացք ձգեց մեզ վրա, մի քանի րոպե կանգ առեց և ապա լուռ նստեց: Քուրդը առհասարակ քաղաքավարի է լինում, երբ հանդիպում է օտար մարդու, բայց նա մինչև անգամ չողջունեց մեզ: Երևի նա տատանվում էր, թե ինչ ձևով ողջունե, որ չվիրավորե մեզ, որովհետև մահմեդականը զանազան ձևերով ողջույններ ունի իր լեզվում, նայելով մարդու աստիճանին, ազգությանը, կրոնին և այլն: Նրան անհայտ էր, թե մենք ինչ մարդիկ ենք, այդ պատճառով բարվոք համարեց լուռ մնալ:

Սկզբում մենք նրան մուրացկանի տեղ ընդունեցինք, և նրա հնոտի հագուստը վկայում էր այդ: Բայց այդ հնոտիքի մեջ նշմարվում էր մի աչքի զարկող հպարտություն: Շալե գոտիի մեջ, կուրծքի վրա, խրած ուներ մի փոքրիկ խենջար, որի աբենոսյա սև կիթը զարդարած էր արծաթով և գունավոր քարերով: Այդ զենքը արդեն նշան էր նրա ազնվական ծագման:

Գետնափոր խրճիթից հայտնված ազնվականը, վերջապես, խզեց իր լռությունը, հարցնելով.

Ծխախոտ ունե՞ք:

Ունենք, — պատասխանեց Մուրադը, որ լավ քրդերեն գիտեր:

Հեռվից տեսա ձեզ, եկա մի փոքր ծխախոտ խնդրելու:

Մուրադը տվեց նրան բավականաչափ ծխախոտ, որը մեծ շնորհակալությամբ ընդունեց: Նա իսկույն վառեց ծխաքարշը, սկսեց ծխել: Երևում էր, որ երկար ժամանակ չէր ծխել:

Նա, դարձյալ հենված իր թևքերի տակ առած ցուպերի վրա, սկսեց կաղալով դիմել նույն խրճիթը, որտեղից դուրս էր եկել: Բայց քառորդ ժամ չանցած, նա կրկին վերադարձավ իր հետ ունենալով մի այլ մարդ: Այդ վերջինը դրեց մեր առջև մի մաղ լի նոր թխած հացերով, որոնց մոտ դրած էր պանիր, որ մակարդված էր զանազան անուշահամ բույսերով և սեր, որ երկու մատի հաստությամբ լավաշի ձև ուներ: Հպարտ ազնվականը չկամեցավ պարտավոր մնալ մեզ և բերեց մեզ համար մի լավ նախաճաշիկ: Մենք սկսեցինք ուտել.

Դու ո՞ր ցեղից ես, քրիվա՛, — հարցրեց Մուրադը:

(Չգիտեմ ինչո՞ւ հայերը սովորություն ունեն քրդերին դիմել Քրիվա բառով, որը նշանակում է կնքավոր):

Վռըշիկների, — պատասխանեց քուրդը մի առանձին բավականությամբ:

Վռըշիկների՞, — կրկնեց Մուրադը մի մեծ գյուտ արածի նման, — դու գիտե՞ս, քրիվտ, որ քո նախնիքը հայեր են եղել:

Ես այդ չգիտեմ, — պատասխանեց քուրդը վիրավորված եղանակով, — ես այդքանը միայն գիտեմ, որ իմ նախնիքը այդ բերդի տերերն էին:

Հենց այդ բերդի տերերը հայեր էին:

Քուրդը դարձյալ չհամոզվեցավ և ցույց տվեց մեզնից հեռու մի քանի փառավոր մահարձաններ, որ ծածկված էին մատռաձև գմբեթների ներքո, և ավելացրեց.

Դրանք իմ նախնյաց շիրիմներն են:

Այդ շիրիմներից շատ առաջ էին քո հայ նախնիքը, — ասաց Մուրադը, պնդելով իր խոսքը: — Նրանք կոչվում էին Ռշտունիք և այդ երկիրը կոչվում էր Ռշտունյաց աշխարհ: Այդ Ռշտունյաց նախարարներից առաջ եկավ վռըշիկների քրդական ցեղը, ինչպես մեր Մամգունյան նախարարներից առաջ եկավ քրդերի մամկանի ցեղը: Եվ ուրիշ շատ քրդական ցեղեր կան, որոնք հայոց ծագումից են:

Կարելի է, — պատասխանեց քուրդը կիսահամոզական եղանակով: — Մենք առաջ մի հոր որդի էինք և եղբայրներ էինք, բայց սատանան մեջ մտավ, երկպառակություն ձգեց, խառնեց նրանց լեզուները, և միմյանց չհասկանալով, բաժանվեցան:

Դու հայր Ադամի և Նոյի ժամանակների բանն ես խոսում, — ընդհատեց Մուրադը:

Ես գիտեմ և մոտ ժամանակների գործը, ինչ որ իմ աչքով եմ տեսել, ինչ որ իմ ականջով եմ լսել, — խոսեց քուրդը, ցույց տալով իր հմտությունը: — Այդ բերդը, ճշմարիտ է, մի ժամանակ պատկանում էր հայ իշխանների. այստեղ տիրում էր Ղարա-Մելիքների տոհմը: Նրանք շատ բարեկամ էին մեզ հետ. մի մորից ծնված եղբայրները այնքան սիրով չէին լինի, ինչպես մենք էինք: Մենք միասին էինք գնում թշնամու դեմ պատերազմելու, մենք միասին էինք բաժանում թշնամուց բերած ավարը: Բայց սատանան լցրեց իմ հոր եղբոր սիրտը չար խորհուրդներով, նա խաբեությամբ Մելիքին իր մոտ հյուր կանչեց և ընթրիքի ժամանակ հրամայեց սպանել: Հետո եկավ Մելիքի ամբողջ ընտանիքը սրից անցկացրեց և տիրեց այդ բերդին:

Կարծես ես լսում էի մի ծանոթ պատմություն. անհամբերությամբ ընդհատեցի քրդի խոսքը, հարցնելով.

Ի՞նչպես էր կոչվում ձեր հոր եղբայրը:

Խան-Մահմուդ:

Իսկ այն Մելի՞քը, որին խաբեությամբ սպանել տվեց ձեր հոր եղբայրը:

Միր-Մարտո: Նա իմ լավ բարեկամս էր. նրա յոթը որդիներից ամենակրտսերին, Կարոյին, ես եմ եկեղեցի տարել մկրտության ժամանակ: Բայց բոլորին կոտորեցին, ոչ մեկը չմնաց...

Կարոյի անունը տալու ժամանակ ես նայեցի Ասլանի երեսին: Նա աչքով արեց, որ լռեմ: Քուրդը շարունակեց.

Այո՛, նա իմ լավ բարեկամս էր. շատ անգամ միմյանց հետ «հաց ենք կտրել». շատ անգամ միմյանց հետ որսի ենք գնացել: Նա աննման մարդ էր: Նրա պես քաջ, նրա պես մեծահոգի չկար ոչ միայն հայ ազնվականների մեջ, այլ բոլոր քուրդ բեկերի մեջ:

Երևի, ազնիվ քուրդը շատ կուրախանար, եթե ասեի, որ նրա լավ բարեկամի որդին, իր կնքել տված Կարոն, ազատվել էր սարսափելի կոտորածից և այժմ կենդանի էր: Ես այդ կոտորածի պատմությունը լսել էի շատ առաջ, Կարոյի տատ Զումրուդից, երբ նա մահվան անկողնի մեջ պատմում էր անբախտ որդու հոր ցավալի արկածը:

Բայց աստված պատժեց իմ հոր եղբորը, — առաջ տարավ քուրդը, — իր բարեկամի և դաշնակցի հետ այդպես վատությամբ վարվելուց հետո և խաբեությամբ այդ բերդին տիրելուց հետո երկար վայելել չկարողացավ...

Ի՞նչպես, — հարցրեց Մուրադը:

Նա միացավ այնուհետև Ջեզիրեին տիրող անգութ Բեդիր-խան-բեկի հետ, և երկուսը միասին սկսեցին անխնա կերպով ասպատակել, ավերակ դարձնել Վանի, Մուշի, մինչև Դիարբեքիրի նահանգները, և ամեն տեղ, որտեղ հայ կար, սրից անցկացնել: Այդ լսելով Ստամբուլի հայոց խալիֆան (Մատթեոս պատրիարքը) բողոքեց սուլթանին, և սուլթանը բազմաթիվ զորքերով ուղարկեց Օսման փաշային` պատժելու ապստամբներին: Օսման փաշան եկավ, նա ոչինչ անել չէր կարող, եթե հայերը չօգնեին նրան:

Հայերը ինչո՞վ օգնեցին, — հարցրեց Մուրադը:

Ստամբուլի հայոց խալիֆան թուղթ էր գրել Վանի, Մուշի, Դիարբեքիրի և մյուս նահանգների հայոց բոլոր հոգևոր առաջնորդներին, որ իրանց ժողովրդի հետ օգնեն սուլթանի զորքերին: Այդ ժամանակ հայտնվեցավ Մելիք-Միսաքը և հայոց կամավոր զորքերի գլուխն անցավ: Քաջությամբ պատերազմելով թե՛ Բեգիր-խան բեկի և թե՛ իմ հոր եղբոր` Խան-Մահմուդի հետ, նա երկուսին էլ հաղթեց, երկուսին էլ ձերբակալեց և հետո հանձնեց Օսման փաշայի ձեռքը: Երկուսին էլ իրանց ընտանիքների հետ տարան Ստամբուլ, այնտեղ բանտարկեցին. հետո Բեդիր-խան-բեկին աքսորեցին Կրետե կղզին, իսկ իմ հոր եղբորը` Խան-Մահմուգին, իր ընտանիքի հետ աքսորեցին Սիլիստրե: Եվ այսպես Մելիք-Միսաքը առեց իր վրեժը:

Վերջին խոսքերը արտասանեց ծերունի քուրդը մի առանձին դառնությամբ: Մենք ամենքս միմյանց երեսին նայեցինք. մենք դարձյալ լսում էինք մի ծանոթ անուն, բայց ինձ գոնե անծանոթ պատմություն:

Այդ կռիվների մեջ, — ավելացրեց նա, — ես ստացա այն վերքերը, որ բոլորովին անդամալուծեցին ինձ և այն օրից այս երկու փայտերի վրա եմ ման գալիս: Հետո եկավ օսմանցին, այդ բերդը քարուքանդ արեց և մեր տոհմի բոլոր նշանավոր քաջերին մաշեց բանտերի մեջ: Ինձ խնայեցին, որպես արդեն անպետք և կիսամեռ մարդու...

Խան-Մահմուդին և Բեդիր-խան-բեկին նվաճելուց և նրանց աքսորելուց հետո, իրավ է, քրդական բռնապետությանը վերջ տրվեցավ արևելյան Հայաստանում և մանավանդ Տարոնի և Վասպուրականի նահանգներում, և օսմանցոց իշխանությունը այդ ժամանակից ավելի հաստատվեցավ այդ կողմերում: Բայց ինձ ուրախացնում էր այդ պատմության այն մասը, որ հիշյալ երկու գազանների անկումը կատարվել էր մի հայ հերոսի ձեռքով, այն հայի, որ մեր ամենի դաստիարակը և սիրելին էր: Դա էր Պարսկաստանում հասարակ որսորդի անվան տակ ծածկված խորհրդավոր մարդը` Ավոն, որի իսկական անունը Մելիք-Միսաք էր, որը բոլորից թաքցրած ուներ, թե՛ իր գործերը, թե՛ իր անցյալ մեծությունը և թե՛ իր ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելը:

Ես չեմ մոռացել, ընթերցող, բայց դու ևս հիշո՞ւմ ես այն ցավալի պատմությունը, որ Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, իր վրանում, իմ քեռի Պետրոսը պատմում էր Որսորդի կյանքից: Նա ասում էր, որ Որսորդը հասարակ մարդ չէ, թե նա Սասունի և Մոգաց երկրի զորավոր մելիքն է եղել, թե այնտեղ ունեցել է իր սեփական բերդը, պատմում էր, թե ինչպես հայ տանուտերերը, միացած իրանց հոգևոր առաջնորդի հետ, դավաճանում են նրան, մատնելով մի «քուրդ իշխանի» ձեռքը, պատմում էր, որ դավադրության ժամանակ նշանակվում է Զատկի ավագ շաբաթ գիշերը, և երբ Մելիքը իր ընտանիքով բոլորել էր ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ թշնամիներով: Նրա ամրոցը հրդեհում են, ընտանիքը կոտորում են, այդ միջոցին կրակի և արյան միջից հափշտակում է հավատարիմ Մըհեն իր վիրավորված տիրոջը և, իր հզոր ուսերի վրա բարձած, տեղափոխում է նրան Պարսկաստան, ուր ապրում էր նա անհայտության մեջ, Որսորդի անվան ներքո: Իմ քեռի Պետրոսը ծպտյալ Որսորդի պատմությունը հասցրեց մինչև այստեղը, էլ ուրիշ ոչինչ չասաց: Բայց այժմ ծերունի քրդի պատմությունից երևաց, որ նա կրկին հայտնվել է իր իսկական Մելիք-Միսաք անունով և, հայոց կամավոր զորքերի գլուխն անցած, կռվել է երկու քուրդ բռնապետների հետ, երկուսին էլ հաղթել է և, կալանավորելով, հանձնել է Օսման փաշայի ձեռքը և իր «վրեժը» առել է: Ի՞նչ վրեժ: Երբ այդ մասին հարցրի, ծերունի քուրդը պատասխանեց.

Բեդիր-խան-բեկը նույն դավաճանությամբ վարվեցավ իր բարեկամ Մելիք-Միսաքի հետ, որպես իր հոր եղբայր Խան-Մահմուդը` Միր-Մարտոյի հետ: Երկուսն էլ խաբեությամբ ոչնչացրին իրանց լավ դաշնակիցներին և տիրեցին նրանց բերդերին: Մելիք-Միսաքը Սասունի և Մոգաց երկրի իշխանն էր և լավ բարեկամ Բեդիր-խան-բեկի հետ: Բայց այդ վերջինը այնքան ցած, այնքան վատ գտնվեցավ, որ մի գիշեր անակնկալ կերպով հարձակվեցավ նրա տան վրա և բոլորին սրից անցկացրեց: Մելիքին նույնպես սպանված էին համարում, բայց տարիներից հետո կարծես գերեզմանից վերադարձավ նա և իր վրեժը առեց...

Երկու հայ իշխաններ, մեկը` Ոստանի տերը, մյուսը` Սասունի տերը, միևնույն ճակատագրական հարվածքի տակ խորտակվել էին, երկուսն էլ ստոր դավաճանության զոհ էին դարձել: Ասլանը, երևի, գիտեր այդ բոլորը. նա ոչինչ չէր խոսում, միայն լռությամբ լսում էր ծերունի քրդի խոստովանությունը, որը, դառն փորձերից խրատված, խոսում էր մեզ դառն ճշմարտություններ...

Տեսնո՞ւմ ես, քրիվա, — վերջապես խոսեց Ասլանը, — դուք ձեր բարեկամներին ու դաշնակիցներին այդպես վատությամբ ոչնչացնելով` ինքներդ միայնակ ու անզոր մնացիք և դուք էլ ոչնչացաք: Դուք խաբեությամբ տիրեցիք ձեր բարեկամների ամրոցներին, բայց ձեր ձեռքումն էլ չմնացին նրանք, եկավ օսմանցին և խլեց ձեզանից: Եթե դուք հաշտ մնայիք, դրանցից և ոչ մեկը չէր պատահի:

Ասլանը ծերունի քրդի, այդ անբախտացած ազնվականի, սրտիցն էր խոսում: Նրա վշտահար դեմքն ավելի մռայլվեցավ, ավելի թախծալի կերպարանք ստացավ:

Ճշմարի՜տ է, շատ ճշմարի՜տ, — պատասխանեց նա տխուր ձայնով: — Մենք մեր ձեռքով մեր տունը քանդեցինք... Բայց ո՞վ կռվացրեց մեզ, ո՞վ բարեկամների ու դաշնակիցների մեջ երկպառակություն սերմանեց: Նույնիսկ օսմանցին: Ես բոլորը չպատմեցի ձեզ, պարոն, թե ինչպես օսմանցի գործակատարները գաղտնի կերպով գրգռում էին մեզ հայերի դեմ... Բայց մենք այնքան միամիտ եղանք, որ չհասկացանք, որ դրանով մեր կործանումն են նախապատրաստում...

Հիմա նույնը չե՞ն անում, հիմա ձեզ չե՞ն գրգռում հայերի դեմ...

Գրգռում են, և ավելի վատ կերպով... բայց մեր հիմար ազնվականները չեն հասկանում: Չեն հասկանում և մեր հոգևորականները: Օրինակի համար, կարելի է լսած լինեք, որ մեզանից ոչ այնքան հեռու, Արտոսի ստորոտներում, կենում է մեծ շեյխը: Նա աստծո սուրբ մարդն է, ես շատ մեղք արած կլինեմ, եթե այդ մասին ամենափոքր կասկած ունենամ, բայց կրքոտ մարդ է: Գիտե՞ք, ո՜րքան անգամ նրան գրգռել են հայերի դեմ... Ո՜րքան անգամ նա ոչնչացրել է հայոց ամբողջ գավառներ... Եվ բոլոր քրդերը լսում են նրա ձայնը և խոնարհվում են նրա հրամանին: Բավական է նրան` մի առավոտ վերկենալ ու ասել, թե մարգարեն երազում հրամայեց բոլոր գավուրներին կոտորել: Իսկույն քրդերը կառնեն իրանց զենքերը և կհետևեն նրան: Եթե «Գուշակողը» չլիներ, նա շատ վատ բաներ կաներ...

Ո՞վ է այդ «Գուշակողը», — հարցրեց Ասլանը, որպես թե չէ ճանաչում:

Ասում են` Արաբիայի կողմերիցն է, մարգարեի հայրենիքից: Բոլորովին սուրբ մարդ է. ամեն բան գիտե. ինչ-որ հարցնեք, նա կասե ձեզ: Մինչև անգամ շեյխը, որ մեծ իմաստություն ունի, շատ բաներ նրանից է հարցնում:

Ուրեմն, դուք գոհ չե՞ք օսմանցիներից:

Ի՞նչ ունենք գոհ լինելու: Նրանք եկան, մեր տան մեջ երկպառակություն ձգեցին. մեզ թշնամացրին ոչ միայն մեր դրացի հայերի հետ, այլ թշնամացրին քուրդը քրդի հետ: Այժմ չեք գտնի մի ցեղ, որ մի այլ ցեղի հետ հաշտ լինի: Եղբայրը եղբոր միսն է ուտում: Բայց այդպես չէր առաջ. սեր կար, միաբանություն կար, ամեն մարդ իր չափը ճանաչում էր, փոքրը գիտեր մեծի պատիվը, իսկ մեծը գիտեր փոքրին հոգ տանել: Այժմ ամեն բան փոխվել է: Այն մարդը, որ երեկ իմ ախոռատան մեջ ծառա էր, իմ ձիաների աղբն էր մաքրում, այսօր իրան մուդիր, գայմագամ, փաշա է կոչում, և ես պետք է գնամ նրան գլուխ վեր բերեմ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ես այդ գլուխը գերեզման տանեի, քան թե անպատվեի. ..

Next page