Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Բայց մի բան չպետք է ուրանալ, որ օսմանցին գալուց հետո երկիրը բավական խաղաղացավ:

Ի՞նչպես խաղաղացավ. ավելի վատթարացավ: Առաջ մենք մեր երկրի տերն էինք և գիտեինք մեր տան բանը, ճանաչում էինք` ո՛վ է լավը, ո՛վ է վատը, և եթե մեկը մի չար գործ էր կատարում, իսկույն իմանում էինք, և հանցավորը իր արժանի պատիժն էր ստանում: Բայց հիմա գողը մնում է իր համար ազատ, և բոլորովին անմեղ մարդկանց տանում են, դնում ծակը, և այն էլ գիտե՞ք ինչի համար, որ փող առնեն, հետո բաց թողն են: Դատավորը երկու կողմից ևս շահվում է, նախ, գողի հետ ընկեր լինելով, բաժանում է նրա հետ կողոպուտը և նրան չի դիպչում, երկրորդ, անմեղ մարդկանց չարչարում է` նրանց կողոպտելու համար: Այստեղ արդարությո՞ւն կա: Երկրի համարյա բոլոր կառավարիչները ամեն գործերի մեջ այդպես են վարվում:

Նա կրկին լցրեց իր ծխաքարշը, սկսեց ծխել: Կարծես, դառն ծխի հետ աշխատում էր նա թափել իր սրտի մաղձը:

Լավ էր առաջ, — շարունակեց նա, — շատ լա՜վ... Մեր անասունները ազատ-համարձակ մեր սարերի վրա արածում էին. մեր վրանները, որտեղ ցանկանում էինք, այնտեղ էինք կազմում: Երկիրը դեպի ամեն կողմ բաց էր մեր առջև: Հիմա ամեն տեղի վրա սահման դրվեցավ. այստեղը, ասում են թագավորական է, այնտեղը, չգիտեմ ումն է պատկանում, և բոլորից վատթարն այն է, որ ամեն բանի վրա հարկ է դրվել. մի ամսական փոքրիկ գառն անգամ, աստծո խոտը արածելու համար, պետք է հարկ վճարե: Ո՞վ է տեսել մի այդպիսի բան:

Նա նայեց իր շուրջը, տեսնելու` արդյոք ուշադրությամբ լսում են իրան, թե ոչ: Այդ միջոցին նա ինձ ներկայանում էր որպես մի քարոզիչ, որը և՛ խոսում էր, և՛ դիտում էր իր ունկնդիրների դեմքի արտահայտությունները, թե ի՛նչ ազդեցություն է գործում նրանց վրա իր քարոզը:

Ամեն ինչ, որ լավ էր, բարի էր, խլեցին մեզանից, — առաջ տարավ նա, — փոխարենը տվեցին զեխություն, շռայլություն, անբարոյականություն միայն: Մենք ապրում էինք մեր նախահարց պարզ կյանքով, կերակրվում էինք մեր անասունների յուղով ու պանրով, խմում էինք մեր լեռների մաքուր ջուրը: Մեզ սովորացրին փլավ ուտել, շերբեթ ու ղահվե խմել, և որ ավելի չարն է` արաղ խմել: Մեր կանայք մեր անասունների բուրդից իրանց ձեռքով էին պատրաստում մեր հագուստը. թե՛ ազնվականի կինը և թե՛ գռեհկի կինը երբեք չէին խորշում թելից ու ասեղից. իլիկն ու ջահրեն երկուսի ձեռքում ևս ամբողջ օրը պտտվում էր: Հիմա մեր կանայք օսմանցու հարեմի ծույլ և փափուկ խաթուններ են դարձել, իսկ մեզ սովորեցրին մետաքս հագնել, կարմիր մահուդ հագնել, ոսկի թելերով զարդարել մեր հագուստը: Մեր կանայք այժմ սովորել են իրանց երեսները ներկել զանազան դեղերով, սովորել են աստծո շնորհած գեղեցկությունը կեղծել, խարդախել: Մեր տղամարդիկ չեն ամաչում կանանց նման իրանց մազերին գույն տալ հինայով և իրանց աչքերը սևացնել սուրմայով: Երբ որ զուգված, զարդարված մի երիտասարդ է անցնում, նստած գեղեցիկ նժույգի վրա, ինքը փայլում է ոսկու մեջ, ձին արծաթապատ ասպազենքով, զենքերը վառվում են թանկագին ակներով, ամեն կողմից մատով ցույց են տալիս նրան, ընկերն ընկերին ասում է. «Տե՜ս ի՜նչ քաջ երիտասարդ է»... Բայց ո՞ր կռվի մեջն է մտել այդ կնամարդը, վերք տվել ու վերք ստացել, այդ ոչ ոք չէ հարցնում: Առաջ մի երիտասարդ մինչև մի քանի տասնյակ մարդիկ սպանած չլիներ, մինչև իր մարմնի վրա մի քանի վերքեր ստացած չլիներ, նրան աղջիկ չէին տալ. և մեր աղջիկները անպատվություն կհամարեին երկչոտին ու անարիին իրանց փեսա ընտրել: Հիմա դրանց նայող չկա. հիմա երիտասարդի քսակն են շոշափում, որ տեսնեն` քանի ղուրուշ ունի: Ճշմարիտ քաջությունը կորել է, և նրան փոխարինել է օսմանցու թուլամորթությունը: Այժմ առաջվա քուրդը չէ մնացել, և եթե մարդիկ կան, այն ևս կարելի է գտնել հին սերունդի մեջ, նորը բոլորովին փչացած է: Մեր վաղեմի երիտասարդները իրանց մարմնի վրա կրած սպիները իրանց զարդն էին համարում և այդ նշաններով պարծենում էին: Բայց այժմյանները հոգի են տալիս օսմանլվի շքանշանի համար, և գժվածի նման վազ են տալիս պաշտոնների ու աստիճանների ետևից: Եվ օսմանցիք, օգուտ քաղելով մեր փառասերների այդ մոլորություններից, վատերին առաջ են քաշում, իսկ լավերին ետ են մղում...

Ոստանի ավերակների վրա, ծերունի քրդի բերանով խոսում էր նահապետական ժողովրդի խաբված ոգին: Մեկի ներկայացուցիչը բողոքում էր, մյուսի ներկայացուցիչը` Ասլանը, լռությամբ լսում էր...

Վերջինը հեգնությամբ հարցրեց.

Լավ է, որ դու չհրապուրվեցար օսմանլվի փայլուն շքանշաններով:

Ես ավելի պատվավոր համարեցի այսպես աղքատ, այսպես չքավոր ապրել այն գետնափոր խրճիթի մեջ, իմ քաջ նախահարց շիրիմների մոտ, քան թե իմ կուրծքը զարդարել օսմանլվի շքանշանով, որ ստանում են շողոքորթները, կեղծավորները, խաբեբաները միայն, վաճառելով իրանց խիղճն ու պատիվը: Ես այժմ ունեմ հինգ այծ և դրանով բախտավոր եմ: Այդ հինգ այծը փոխարինում է այն հարյուրավոր անասուններին, որ խլեց ինձանից օսմանցին: Այդ բոլորից հետո` գնալ և օսմանլվի ոտները լիզե՞լ, քա՜վ լիցի, քաղցածությունից կմեռնի ծերունի Օմար-Աղան և իրան չի ստորացնի...

Նա կրկին անգամ շնորհակալություն հայտնեց ստացած ծխախոտի համար, վերկացավ և, իր երկու ցուպերի վրա կաղալով, սկսեց ընթանալ դեպի իր խրճիթը:

Ահա՛ քրդական բռնապետության ճյուղակտուր եղած կոճղը... — ասաց Ասլանը, ծերունու ետևից նայելով: Հետո դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

Ես իսկապես հակառակ եմ ազնվականության գաղափարին, բայց կցանկանայի, որ հայերը ազնվականներ ունենային: Երբ ժողովուրդը զարգացած չէ, երբ նա դեռ մի ուրիշ գիտակցության չէ հասած, ազնվականությունը միշտ հարմար միջնորդ է դառնում նրա բողոքը արտահայտելու, երբ ինքը` ազնվականությունը, նույն ժողովրդի հետ ճնշված դրության մեջ է գտնվում և նրա տառապանքներին մասնակից է լինում: Նայեցե՛ք այդ ծերունի քրդին, այդ ոտքից և ձեռքից զրկված անդամալույծին, հազարավոր քրդեր չեն կարող այն մտածել, ինչ որ դա է մտածում, հազարավոր քրդեր չեն կարող այն զգալ, ինչ որ դա է զգում: Իր խրճիթի մարած օջախի նման մխում է նրա սիրտը, երբ իր ցեղի ազատությունը կորած է տեսնում: Երբ մենք ազնվականություն ունեինք, երբ տակավին բնաջինջ եղած չէին նախարարական տները, ամեն անգամ, երբ ժողովրդի կողմից բռնության դեմ բողոք էր հայտնվում, նրա նախաձեռնությունը տալիս էր նախարարությունը: Եվ մեր հայրենիքի թշնամիները` հույները, պարսիկները, արաբացիք, վերջը թաթարները, լավ հասկանալով ազնվականության նշանակությունը, սկսեցին հետզհետե ոչնչացնել նախարարական տները, որպեսզի կատարելապես տիրել կարողանան մեր հայրենիքին:

Ինձ համար այժմ շատ բան պարզ էր: Ծերունի քրդի պատմությունից ես լիակատար տեղեկություն ստացա Որսորդի անձնավորության մասին, գիտեի նրա փառավոր անցյալը, գիտեի նրա աղետավոր անկումը, գիտեի նրա խորհրդավոր ներկան: Ինձ համար պարզ էր և Ղարա-Մելիքների հեղհեղուկ պատմությունը. ես ճանաչում էի այդ ազնվական տոհմի վերջին ժառանգին` Կարոյին, ես գտնվում էի նրա հոր դժբախտ ամրոցի փլատակների մոտ, այն ամրոցի, որ սկսյալ Ռշտունի ախարարներից, քսանևմեկ դարերի ընթացքում, մի ձեռքից մյուս ձեռք անցնելով, վերջը հասել էր նրա հորը և որից դավաճանությամբ հափշտակել էին քրդերը: Կարոն նույնպես գիտեր այդ բոլորը, գիտեր իր ծագումը, գիտեր, թե ի՛նչ էին կորցրել իր հայրերը: Բայց ես հավատացած էի, որ նա նույն եռանդով կգործեր և նույն անձնվիրությամբ կաշխատեր սրբելու նեղյալների արտասուքը, եթե գիտենար, որ ինքը մի անհայտ գռեհկի որդի է: Երբ այդ միտքը հայտնեցի Ասլանին, երբ, Կարոյին օրինակ բերելով, ասացի, որ տոհմային ազնվականությունը միակ պայմանը չէ, որ մարդ ձգտում է դեպի ազատությունը, նա պատասխանեց.

Այո, այդ հեշտ կլիներ, եթե ամեն մարդ Կարոյի սիրտը և զարգացումը կունենար:

Բայց ո՞րտեղից ստացավ նա այդ զարգացումը, ես այդ մասին ոչինչ չգիտեի: Չգիտեի նաև նրա մյուս ընկերների` Ասլանի և Սագոյի, կրթության գաղտնիքը: Այդ երիտասարդները իմ աշակերտակիցներն էին, առանց մի բան սովորելու, թողեցին տեր Թոդիկի դպրոցը և անհայտացան, բայց տարիներից հետո հայտնվեցան, բոլորովին փոխված, բոլորովին այլ մարդ դարձած: Մինչև այսօր մի առիթ չէր ներկայացել, որ հարցնեի Ասլանից, թե ի՞նչ հրաշք էր այդ: Երբ այժմ խնդրեցի նրանից պատմել, նա պատասխանեց.

Ես մի օր բոլորը կպատմեմ քեզ, բայց դեռ ժամանակը չէ...

Ոստանա հովիտը մի երկայնաձև ձորադաշտ է, որ սեղմված է Արտոս լեռան գրկում: Ամեն տեղ սփռված են պատմական հին հիշատակարաններ: Իշխանական բերդերի, ամրոցների փշրանքներն են մնացել: Պահպանվել են միայն սրբության տաճարները: Կրոնասեր ժողովուրդը առաջինը զոհեց՝ երկրորդը չկորցնելու համար:

Մենք երկար չմնացինք Ոստանա բերդի ավերակների մոտ: Երբ ձիաները բավական հանգստացած էին, երբ մենք ևս բավական կազդուրված էինք ճանապարհի հոգնածությունից, Ասլանը շտապեցրեց, թե պետք է ուղի ընկնել: Ես վերջին անգամ հայացք ձգեցի ավերակների վրա, վերջին անգամ նայեցի դեպի ծովը: Ինձ թվում էր, թե հենց այդ րոպեում, նրա պարզ հայելիի մեջ, ես տեսնում էի այն գույնզգույն ցոլացմունքները, որ արտափայլում էին, անդրադարձնելով Գագիկի շքեղ դահլիճների գույնզգույն ապակիների շողքերը և նրա օդաբեր հովանոցների ոսկեզօծ նկարները: Ինձ թվում էր, որ ալիքների մեղմ մեղեդիի մեջ ես լսում էի արձագանքը մի քաղցր նվագածության, որով Ռշտունյաց գուսանները զվարճացնում էին Վասպուրականի հզոր իշխանի ուրախության ժամերը: Սահում են դարեր, անցնում են ժամանակներ: Տեսարանը փոխվում է: Վարդագույն ապակիների վարդագույն շողքերի փոխարեն հոսում են արյան վարդագույն վտակներ: Այլևս ոսկեզօծ նկարների փայլը չէ, որ վառվում է արևի ճառագայթների առջև, այդ հրդեհի բոցն է, որ լափում է փառքի և իշխանության բոլոր վայելչությունները: Լաց ու կոծ է լսվում... աղմուկը սաստկանում է... կրակի լուսավորության առջև նշմարվում է դաշույնների փայլը... մարդիկ անորոշ ուրվականների նման խլրտում են... ոմանք ընկնում են, ոմանք կանգնում են... դահլիճների կործանվող կամարները ծածկում են դիակները... Կրակն ու կոտորածը ոչնչացնում է Ղարա-Մելիքների հիշատակը... բայց մի կին, մի երեխա կուրծքին սեղմած, դուրս է սողում կրակի միջից և թաքչում է մերձակա անտառում... Հետո թանձր ծուխը ցած է թողնում իր սև վարագույրը, և եղերական տեսարանը անհետանում է մթության մեջ...

Դու շատ զգայուն սիրտ ունես, — ասաց Ասլանը, երբ նշմարեց իմ արտասուքը: — Նստիր ձիդ, գնանք, հեռանանք, դեռ այդպիսի ավերակներ շատ կտեսնես...

Երբ ճանապարհ ընկանք, հեռվից տեսանք այդ կրակի ու կոտորածի հեղինակներից մեկին` ծերունի Օմար-Աղային: Նա դեռ նստած էր իր խրճիթի կտուրի վրա և արևի ջերմ ճառագայթներով տաքացնում էր սառած մարմինը: Նա էլ նկատեց մեզ և, հեռվից գլուխն ու ձեռները շարժելով, բարի ճանապարհ մաղթեց:

Այնօր մենք անցանք Ոստանա ամբողջ հովիտը: Ուր և գնում էինք, մեզ հանդիպում էին ամայի վանքեր, ամայի եկեղեցիներ և մենավոր մատուռներ: Լեռները, ձորերը, անտառների խուլ, անմարդաբնակ խորքերը լի էին այդ սրբավայրերով: Ի՞նչ էր որոնում նրանց մեջ Ասլանը, ես չգիտեմ, միայն ինձ հայտնի էր, որ նա վանքերի շատ սիրահար չէր: Իլի գյուղում մենք տեսանք աստվածածնի «Քառասուն խորան» կոչված վանքը: Գագիկ Արծրունին հիմնեց այդ մեծաշեն վանքը իր քառասուն հոյակապ տաճարներով: Նրանցից միայն մի քանիսն էին մնացել. մյուսները կործանվել էին: Այստեղ դիմում էին հայոց ապաշխարողները և իրանց մեղքերի քավության համար «քառասունք» էին կատարում, այսինքն՝ քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ մի-մի պատարագ էին մատուցանել տալիս, իհարկե, լավ վճարելով վարդապետներին: Բայց ես հավատացած էի, որ եթե այդ վանքի քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ ամեն օր քառասուն անգամ պատարագ մատուցանեին, հազիվ կարող էին քավել նրա հիմնողին այն մեծ մեղքից, որ նա կատարեց, ապստամբվելով Բագրատունիների դեմ և Վասպուրականում իր համար մի նոր, հակաթոռ թագավորություն հիմնելով: Դրանով անհնազանդ Արծրունին, արաբացոց տագնապի ժամանակ, երբ Հայաստանը ավելի մեծ զորության պետք ուներ, Բագրատունիների ուժը ջլատեց, իսկ իր հիմնած թագավորությունը միայն մեկ դար կյանք ունեցավ...

Ոստանա հովտի մեջ, Արտոսի կողքի վրա, կանգնած է մի այլ վանք և իր գեղեցկադիր, բարձրահայաց դիրքով գրավում է ճանապարհորդի ուշադրությունը: Նա «Քառասուն-խորանի» նման մեծաշեն, փարթամ և փառահեղ չէ, նա համեստ է և փոքրիկ: Բայց ամեն մի հայ չէ կարող` առանց նրա փոշիները համբուրելու` անցնել նրա մոտից, երբ գիտենա, թե ում գերեզմանն է դրած նրա անշուք տաճարում: Նրան կոչում են Չաղար (Չարահան) Ս. Նշանի վանք, որ շինված է Ս. Աստվածածնի անունով: Մեծ ջերմեռանդությամբ մենք մտանք այդ վանքը և համբույր մատուցեցինք մի մոռացված գերեզմանի: Նրա մեջ հանգչում էր Ավարայրի հերոսների երգիչը` Եղիշեն:

Ոստանա լեռնահովտի մեջ կա մի այլ սրբավայր, որը նույնքան սիրելի է ամեն մի հայի սրտին, որպես վերոհիշյալ վանքը: Ծովեզերքից կես մղոն հեռավորությամբ, կանաչազարդ, հարթ դաշտի մեջտեղում, բարձրանում է մի գեղեցիկ բլուր: Բարդի և ուռենի ծառերը իրանց վարսավոր ճյուղերի ներքո հովանավորում են շինականների խրճիթները, որ գտնվում են այդ բլուրի վրա: Դա Նարեկ (Նոր-եկք) գյուղն է: Նա փոքրիկ է, բայց ամեն հայի համար նվիրական է, որովհետև ծննդավայրն է մի պաշտելի մարդու: Գյուղի մեջտեղում, բլուրի ուղիղ գագաթի վրա, կանգնած է մի հոյակապ վանք: Բավական հեռավորությունից երևում է այդ վանքը, և նրան տեսնելիս ճանապարհորդի սիրտը սկսում է բաբախել: Խորին, սրբազան ջերմեռանդությամբ խաչակնքում է նա իր դեմքը և ծունր է խոնարհեցնում: Այդ վանքի մեջ դրած է հայոց ոգելից սաղմոսերգուի` ս. Գրիգոր Նարեկացու մարմարյա գերեզմանը:

Այդ դաշտը և նրա շրջակայքը լի են այն բոլոր նվիրական տեղերով, որ կապված են Նարեկացու հիշատակի հետ: Խարզիթ գյուղի մոտ, ծովափնյա ճանապարհի եզրում, մեզ ցույց տվին մի գոգավորված ժայռ: Այդ գոգավորությունը մարդու մարմնի նմանություն ուներ: Նրա մասին պատմում էին, թե Նարեկացին այստեղ հովիվ եղած ժամանակը` մի անգամ ավազակները հարձակվեցան նրա վրա. նա փախավ և դիմեց դեպի հիշյալ ժայռը, նրա մոտ պատսպարան գտնելու համար: ժայռը բաց արեց իր քարեղեն գիրկը և ընդունեց սրբին:

Բայց բոլորից հետաքրքիր են այն քարանձավները, որոնք մի ժամանսկ Նարեկացու ճգնարանն են եղել: Նարեկ գյուղից մի ժամ հեռավորությամբ, ծովեզրի մոտ, բարձրանում է մի այլ քարաժայռ: Նրա մեջ կան մի քանի մեծ և փոքր բնական այրեր: Բացի այդ բնական այրերից, նույն բարձրադիր ապառաժի մեջ փորված են թվով ինն սենյակներ: Այդ վիմափոր սենյակները անհիշելի ժամանակների գործ է: Նրանք երկու հարկերի են բաժանված, որոնցից հինգը ներքին հարկն է կազմում, իսկ չորսը` վերին հարկը: Հայոց հին սորամուտների (տրոգլոդիտների) այդ քարեղեն բնակարանը այնքան անմատչելի, այնքան բարձր է գետնի մակերևույթից, որ Նարեկացու նման հրաշագործ անձը միայն կարող էր մուտք գործել այդտեղ: Գլխավոր դուռը բացվում է ներքնահարկի առաջին սենյակի մեջ, և հետո մեջեմեջ դռներով տանում է դեպի մյուս սենյակները և հանում է մինչև վերին հարկը: Յուրաքանչյուր սենյակ պատուհանաձև լուսամուտ ունի, որ նայում է դեպի ծովը: Վերնահարկի սենյակներից մեկը ձևացնում է մի փոքրիկ մատուռ, քարեղեն սեղանով: Այստեղ էր բնակվում Նարեկացին, այստեղ էր գրում իր սքանչելի գիրքը: Այստեղից տեսավ նա ս. Աստվածամորը, աստվածորդի մանուկը գրկում, որի տեսությանը այնքան մեծ տենչանքով փափագում էր նա: Փոքրիկ Առ-Տեր կղզու վրա կանգնած էր նրա տենչալին, և ամբողջ ծովը վառվում էր հրեղեն ճառագայթներով: Իր քարայրից ցած իջավ Նարեկացին, մոտեցավ ծովեզրին և, որպես ցամաքի վրա, նա ջրի վրայով ընթանալով, ոտքով անցավ ծովը և հասավ կղզուն: Աստվածամայրը տվեց երանելի սուրբի գիրքը աստվածորդի մանուկին, ասելով. «Առ տեր», այսինքն` առ քո տիրոջը: Եվ այն օրից այդ փոքրիկ կղզին կոչվեցավ ԱռՏեր:

Հին Ռշտունիքը այժմ երկու գավառների է բաժանված` Գավաշ և Կարճկան, երկուսն էլ կոչվում են իրանց համանուն ավանների անունով, որոնց մեջ գավառապետներ են նստած: Սկսյալ Հայոց-Ձորից, որը Գավառի հյուսիս-արևելյան սահմանն է, հիշյալ երկու գավառները` Վանա ծովակի հարավային եզերքով՝ տարածվում են մինչև Մոգաց և Բզնունյաց աշխարհները: Ճանապարհը նույնպես ոլորվում է ծովակի եզերքով, երբեմն բոլորովին մոտենում է, երբեմն փոքր-ինչ հեռանում է, բայց երբեք ծովեզերքից չէ բաժանվում: Նա այնքան նեղ է, այնքան դժվարին ելևէջներ ունի և այնքան սարսափելի են նրա անցքերը, որ իզուր չստացավ իր Կապան անունը: Հայոց երկրի բազմաթիվ կապանների թվում՝ Ռշտունյաց կապանը դժվարանցանելիներից մեկը պետք է համարել: Ամեն մի քայլում բավական են մի քանի հրացանավորներ, որ փակեն մի ամբողջ քարավանի անցքը և, վանդակի մեջ բռնված թռչունի նման, չթողնեն, որ տեղից շարժվի: Ճանապարհը պտտվում է նեղ ձորերի միջով, որոնց երկու կողմերից ևս բարձրանում են անհնարին ապառաժներ: Եվ այդ սատանայական լաբյուրինթոսը քարավանի միակ ուղին է, որ տանում է դեպի Բաղեշ և Մուշ: Մարդ խեղդվում է անձկության մեջ: Իսկ երբ դուրս ենք գալիս նեղ կիրճերից և Մուշի ընդարձակ դաշտին ենք հասնում, այն ժամանակ միայն հորիզոնը բացվում է մեր առջև, սկսում ենք ազատ շունչ առնել:

Ռշտունիք, այդ ռաշիդների (քաջերի) աշխարհը, սնուցել է իր խիստ և վայրենի բնության համեմատ` մի ինքնուրույն ժողովուրդ: Նրա բնակիչները` իր մթին անտառների և ահարկու լեռների նման` կոշտ, կոպիտ և անխորտակելի են: Հսկա բնությունը ծնել է և հսկա ժողովուրդ: Այստեղ միայն կարելի է տեսնել սահմանակից Հայոց-Ձորի վաղեմի տիտանների վիթխարի սերունդը, որ իր քաջությամբ բնավ ետ չի մնում դրացի սասունցիներից: Չէ կարելի տեսնել և չհիանալ այդ առողջ, կենդանի, մշտազվարթ ժողովրդով: Նա երբեք չէ թառամում, որպես իր ծմակների մշտականաչ կիպարիսը: Նա երբեք չէ ծերանում, որպես իր թավուտների դարևոր եղևնին: Հզոր կուրծքը մերկ, զորավոր բազուկները հոլանի, գլխին թաղիքյա կոնաձև քոլոզը դրած, և նրա վրա գույնզգույն թաշկինակներ փաթաթած, որոնց ծայրերը` ոսկեգույն մազերի երկայն գիսակների հետ` թափվում են լայն թիկունքի վրա, հագին մի կարճ քազախա (կուրտիկ) հագած, որի ամրությունը, երկաթյա զրահի նման, կարող է դիմանալ ամենասուր դաշույնի առջև, ներքին հագուստը մազեղեն զոլ-զոլ շալվարի մեջ հավաքած, դուք կտեսնեք Ռշտունյաց լեռների այդ զավակին, երկար նիզակը ձեռին, թեթև վագրի նման, անցնում է մի ապառաժից դեպի մյուսը: Նրա նիզակը, որ երկու ծայրերում ևս սուր երկաթներ ունի, ծառայում է և՛ իբրև զենք, և՛ իբրև նեցուկ, որ, գետնի մեջ ցցելով, հենվում է նրա վրա և ոստումներ է գործում սարսափելի վիհերի վրայից: Այդ բոլորը այնքան արագ է կատարվում. որ դու կարծում ես, թե նա թռչունի նման թևքեր ունի և օդի մեջ սլանում է: Նրա թաղիքյա փափուկ տրեխների տակերը ամբողջապես գամած են սրածայր բևեռներով, որ չսահի, որ չսայթաքեն ժայռերի վրա ման գալու ժամանակ: Գոտիի մեջ խրած ունի մի կեռ խենջար, որի կոթը դերձանով կապած է պատյանին. այդ կապանքը նրա համար է, որ մինչև արձակելը` նրա բարկությունը անցնի, իսկ երբ մերկացրեց սուրը` գործողությունը արդեն վճռված է, մինչև արյան մեջ չզովացնե, իր տեղը չի դնի: Թշնամու հետ անգութ է, իբրև գազան, բարեկամի հետ բարի է, իբրև հրեշտակը: Իր հովիտների բարձրահասակ սոսիների նման գեղեցիկ է նա. Երբ նայում է քո երեսին, դու զմայլվում ես: Նրա կապուտակ աչքերը այնքան լուսափայլ, այնքան ընդարձակ և այնքան խորն են, որպես այն կապուտակ ծովը, որ ծփում է նրա աշխարհի մոտ: նրա այրական դեմքը այնքան արձակ և այնքան պայծառ է, որպես Ռշտունյաց պարզ երկինքը: Ռշտունյաց պարզ երկնքի նման, այդ խաղաղ դեմքը հանկարծ մռայլվում է, մթնում է, շանթեր է արձակում, երբ խաղաղ եղանակը փոխվում է, և տեղի է ունենում վերահաս փոթորիկը... Այդ միջոցին նա չէ խոսում, այլ որոտում է, և այդ որոտման ձայնի մեջ դու լսում ես նախկին հայի ուժեղ բարբառը իր բոլոր կոշտ ու անտաշ ձևերով: Բայց այդ կոշտ հնչյունները քո հոգուն այնքան ազդու են, քո սրտին այնքան կախարդիչ են, որ, որքան էլ և ընկած լինեիր դու հոգով, հանկարծ ներշնչվում ես մի անբացատրելի ոգևորությամբ... Եվ երբ դու տեսնում ես, թե ինչպես նա իր միակ զենքով` նիզակով, կռվում է մթին ծմակից դուրս պրծած ամեհի վարազի հետ, իսկույն հին առասպելը կենդանանում է քո մտքում, և դու հիշում ես «վիշապաքաղ» Վահագնին, հայոց անպարտելի Հերքուլեսին, հիշում ես, և սքանչանում ես նրա արժանի ժառանգների քաջության վրա, որոնք, գազանների հետ բնակվելով, սովորեցին գազանների հետ մարտնչել...

ԻԴ

ՄԻ ԳՅՈՒՂ ՌՇՏՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Օրը երեկոյանում էր: Նախորդ գիշերը, «Գուշակողի» տաղավարի մոտ, բոլորովին անքուն էինք մնացել, իսկ այսօր անդադար ճանապարհորդում էինք: Մեր ձիաները հոգնածությունից դժվարությամբ էին շարժվում. մենք ևս հանգստանալու սաստիկ պետք էինք զգում:

Իմ ձին ընկնելու վրա է, — ասացի Մուրադին, որ իմ կողքով գնում էր:

Մինչև հիմա նրանք էին մեզ տանում, շուտով կսկսենք մենք նրանց տանել, — պատասխանեց նա ծիծաղելով:

Ես նրա կատակը չհասկացա, բայց երբ մի փոքր առաջ գնացինք, նա դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

Ցած իջե՛ք, այսուհետև անկարելի է ձիով գնալ, եթե ոչ, մենք և թե՛ մեր ձիաները կգլորվենք անդունդի մեջ և կկորչենք:

Մենք հնազանդվեցանք մեր առաջնորդի խորհրդին: Եվ իրավ, մի նեղ շավիղ իջնում էր դեպի անդնդային ձորը, և նրա խորքից կրկին բարձրանալով, ոլորվում էր լեռան առապարներով, հետո կորչում էր անտառի մթության մեջ: Այդ ընդարձակ վիհից պետք է անցնեինք մենք, որի հատակը նայելիս` մարդու գլուխը պտտվում էր, աչքերը սևանում էին:

Մեզանից յուրաքանչյուրը, իր ձիու սանձից բռնած, խարխափելով իջնում էր դեպի ձորը: Ձին նրա ետևից` ամբողջ մարմնով դողղողալով, գլուխը ցած խոնարհեցրած, փռնչալով դեպի ամեն կողմն էր նայում, թե ոտը ո՛ր քարի վրա դնե, որ ցած չգլորվի: Մի քանի ժամ այսպես մաքառում էինք ժայռերի, մացառների և միմյանց մեջ հյուսված թուփերի հետ, մինչև ձորի խորքից դուրս եկանք մի բարձր սարավանդի վրա: Մեր առջև բացվեցավ մի սքանչելի հորիզոն:

Հազար անգամ ավելի տաժանական տանջանքներ ես պատրաստ կլինեի հանձն առնել, եթե առաջուց գիտենայի, թե դեպի ո՛ւր է տանում մեզ այն ոլորապտույտ շավիղը, որ ընտրեցինք մենք, խոտորվելով երթևեկաթյան մեծ ճանապարհից: Մեր դուրս ըկած սարավանդը, կարծես, մի բարձր դիտանոց լիներ, որտեղից երևում էին գեղեցիկ տեսարաններ: Ստորոտում ծփում էր լայնածավալ ծովակը, որի եզերքը, կանաչազարդ շրջանակի նման, պատած էին շքեղ բուսականությամբ: Մեղմ հովիկը շնչում էր մետաքսանման փափուկ խոտերի վրա, և երեկոյան ճառագայթներից լուսավորված փայլուն ծղոտները հանդարտ կերպով տատանվում էին, ծածանվում էին և իրանց բաց-կանաչագույն ալիքներով միախառնվում էին ծովակի արծաթյա ալիքների հետ, որ զգուշությամբ զարկվում էին եզերքին, կարծես վախենալով, մի գուցե խանգարեն ծաղիկների խորհրդավոր խաղաղությունը:

Վերևում, լեռան լանջաց վրա, սփռված էին ոչխարների հոտերը, իսկ ներքևում, հարթ մարգագետնի վրա, որը ծովի ափերով, կանաչագույն լայն ժապավենի նման, ձգվում էր հեռու և հեռու, արածում էին ձիաների երամակները և արջառների նախիրները: Մի փոքրիկ գետակ շտապելով դուրս էր վազում ձորի միջից և, մի բան որոնողի նման, մի քանի պտույտներ գործելով արոտամարգերի վրա, քմահաճ երեխայի պես կարկաչում էր, տրտնջում էր, պատահած քարերի կուրծքին էր խփում, պատահած թուփերի արմատներն էր քանդում և, բավական աղմուկ բարձրացնելուց հետո, մի առանձին գոհունակությամբ մտնում էր ծովը, այնտեղ ձայնը կտրում էր, կարծես մի մեծ գործ էր կատարել: Նրա պարզ, թափանցիկ հատակի գույնզգույն խիճերը ժպտում էին, ծիծաղում էին նրա միամիտ չարության վրա: Տեղ-տեղ երևում էին փոքրիկ լճակներ: Ինձ թվում էր, որ այդ ապստամբները, որևիցե դժգոհության պատճառով, բաժանվել էին ծովից և նրա ափերի մոտ իրանց համար անկախ, փոքրիկ ավազաններ էին հիմնել: Բայց գոնե միանային նրանք, այն ժամանակ դարձյալ մի միտք կունենար: Այդ դրության մեջ, բավական էր արևի մի քանի օրվա տապն ու կրակը, որ լափեր, ցամաքացներ նրանց ունեցած ջուրը: Եղեգնաբույսերը այնքան առատությամբ աճել, բազմացել էին նրանց եզերքի վրա, որ փոքր էր մնում բոլորովին ճնշեին, բոլորովին խեղդեին այդ լճակները իրանց խտության մեջ: Նրանք ծծում էին բոլոր կենսական հյութը, նրանք արգելում էին մաքուր օդի անցուդարձը, և այդ պատճառով, այդ ողորմելի լճակները, անշարժության մեջ մնալով, ճահիճների ձև էին ստացել:

Չնայելով, որ ամառվա սաստիկ տոթերի ժամանակն էր, բայց այստեղ գարունը կարծես դեռ նոր էր սկսվում: Կեռասի ահագին ծառերը, որ վայրենի դրության մեջ աճելով, ձգվել էին մինչև երկինքը, դեռ նոր էին հասցնում իրանց վարդագույն պտուղները: Ընկուզենիները, որոնք իրանց բարձր լայնատարած ճյուղավորությամբ լցրել էին ձորերի խորքերը, այդ հսկա ընկուզենիները դեռ պտուղ չէին ցույց տալիս: Վայրենի կակաչը, պուտը, ամանկոտրուկը, գարնան այդ առաջին ավետաբերները, դեռ նոր էին իրանց կարմիր գլխիկները բարձրացրել խոտերի ճոխ խտության միջից: Կարմիր կակաչների նման պտտվում էին կարմիր հարսներ ու աղջիկներ: Նրանց «լե՜-լե՜ի» ձայնը, միախառնվելով թռչունների երեկոյան երգեցողության հետ, մի առանձին կենդանություն էին տալիս շրջակայքին: Նրանք զանազան բանջարներ էին քաղում, այն բանջարները, որ մեր կողմերում վաղուց արդեն քաղել ու չորացրել էին ձմեռվա համար:

Մեր հանդեպ` սարի կուրծքի վրա` կպած էր մի գյուղ, որ իր գեղեցկադիր բարձրությունից նայում էր դեպի ծովը: Այդ գյուղը, կարծես, կտրված լիներ Ռշտունյաց աշխարհից, ապրում էր իր լռիկ, մնջիկ առանձնության մեջ, հրճվում էր ծովի ալիքներով, շնչում էր իր լեռների թարմ, հովասուն օդը և վայելում էր իր շրջակայքի բարիքները, որ այնքան շռայլությամբ պարգևել էր առատաձեռն բնությունը: Մենք դիմում էինք դեպի այդ գյուղը:

Արևը մտնելու վրա էր: Նրա պայծառ ճառագայթները մի առանձին փայլ էին ստանում, շողշողալով ծառերի լայն, հյութալի տերևների վրա: Ինձ թվում էր, որ ամբողջ շրջակայքը ծփում էր, թրթռում էր մի սքանչելի ոսկեզօծության մեջ: Ոսկեզօծ էին երևում կարմիր հարսներն ու աղջիկները, որ պտտվում էին մարգերի մեջ, ոսկեզօծ էին երևում ձիերն ու կովերը, որ ներքևում արածում էին արոտների մեջ, ոսկեզօծ էին երևում այծերն ու ոչխարները, որ վերևում թռչկոտում էին մի ժայռից դեպի մյուսը, ոսկեզօծ էին երևում շինականները, որ, երկար գերանդիները ուսներին դրած, վերադառնում էին խոտհունձից. ոսկեզօծ էր երևում գյուղական փոքրիկ եկեղեցու գմբեթը, որ իշխում էր մյուս շենքերի վրա, ոսկեզօծ էր երևում և ծիրանի ծովը, որ ծավալվում էր հեռու ու հեռու և ապա միախառնվում էր նույնպես ոսկեզօծ երկնքի հետ: Ես առաջին անգամն էի տեսնում, թե որպիսի՜ հրաշալի պատկեր է նկարում արևի երեկոյան վերջալույսը, երբ նա իր արարչագործ վրձինի տակ ունի ընդարձակ ջուր, պարզ երկինք, կանաչազարդ դաշտավայր և գեղեցիկ լեռներ` ալիքավոր, գեղագրական բարձրություններով:

Արևը մտավ, և կախարդական պատկերը սկսեց փոքր առ փոքր անհետանալ մեր աչքերից: Մի քանի պատառ ձյունագույն ամպեր միայն պահպանել էին իրանց վրա սքանչելի ոսկեզօծությունը` այն ևս եղծվեցավ, և մոխրագույն մռայլը տիրեց ամեն տեղ:

Ես նայեցի Ասլանի երեսին. նրա դեմքը նույնպես մռայլված էր: Ի՞նչ էր մտածում նա` ես չգիտեմ: Բայց ես մտածում էի, ինչո՞ւ այդ բոլորը, որ այդքան գեղեցիկ է, որ այդքան հիանալի է, ուր ամեն արարած այդքան ուրախ է, այդքան զվարթ է, ուր ամեն ինչ ժպտում է, ծիծաղում է, միայն մա՛րդը` բոլորի տերն ու իշխանը, չէ կարող վայելել մշտատև ուրախություն, չէ կարող կատարելապես երջանիկ լինել:

Երբ հասանք գյուղը, Մուրադը խնդրեց ցույց տալ ռեսի (տանուտերի) տունը: Մի քանի երեխաներ, մրցելով միմյանց հետ, թե որը շուտով կկատարե այդ ծառայությունը, առաջ վազեցին:

Մենք գտանք ռեսին. Դավիթ մարգարե-թագավորի նման, նստած էր իր տան կտուրի վրա: Նրա մոտ էր և շինական քահանան. Մի խումբ այլ մարդիկ ևս շրջապատել էին նրանց. ալևորները նստած էին, երիտասարդները հարգանքով կանգնած էին ոտքի վրա: Խոսում էին շինական զանազան հարցերի մասին: Ինչպես երևում էր, այդ կտուրը ռեսի բացօթյա դատարանն էր, որտեղ քահանայի և գյուղի ալևորների խորհրդով վճռվում էին զանազան վեճեր: Դատը կատարվում էր հրապարակավ: Մասնակցում էին և հասարակության ներկայացուցիչները: Երկու ծայրեր շոշափում էին միմյանց` պարզ նահապետական դատավարության և կատարելագործված ռամկապետական դատավարության ծայրերը:

Երբ մեզ տեսան, խոսակցությունը դադարեցրին: Ռեսը ոտքի ելավ և, ողջունելով մեզ, խնդրեց նստել: Բայց երբ նկատեց, որ մենք անշարժ մնացինք, կարծես մի բան մտաբերելով, դարձավ դեպի իր մոտ եղողներից մեկը, ասելով.

Ինչպես երևում է, այդ մարդիկ մեզ նման գետնի վրա նստելու սովոր չեն, գնա ասա, որ մի շոր բերեն, ձգեն այստեղ:

Եվ իրավ, նրանք մերկ կտուրի վրա էին նստած, բայց այդ կտուրը, ռեսի ժրաջան հարսների շնորհիվ, այնքան մաքուր էր, որ փոշու մի հյուլե անգամ անկարելի էր գտնել այնտեղ:

Շուտով մի խումբ կանայք մեզ մոտ վազեցին. մեկը շտապով սկսեց ջրով սրսկել կտուրը, մյուսը ավելում էր, երրորդը տարածում էր ծանր օթոցները, իսկ չորրորդը երևի, նոր էր մտածում, թե ինքը ինչո՞ւ համար եկավ և կանգնած, շփոթված նայում էր իր շուրջը: Հետո նա էլ իր համար գործ գտավ, լուռ մոտեցավ Ասլանին, ձեռքով հասկացրեց, որ թույլ տա կոշիկները հանել:

Նեղություն մի կրեք, — հրաժարվեցավ Ասլանը, — իմ կոշիկները դժվարությամբ են հանվում:

Պատասխանը կարծես վիրավորեց կնոջ ինքնասիրությունը, մի հեգնական ժպիտ երևաց նրա կարմիր թշերի վրա և, առանց Ասլանի թույլտվությանը սպասելու, բռնեց նրա երկարավիզ կոշիկներից և ուժեղ ձեռքով այնպես դուրս քաշեց, փոքր էր մնում, որ ոտքն էլ հետը տանե:

Այն գեղեցիկ օթոցները, որ տարածեցին, իրավ, շատ մեղք կլիներ` նրանց վրա ճանապարհի փոշեպատ կոշիկներով նստել, բացի դրանից, այդ մի անքաղաքավարություն էր, որ տեղացիների աչքում շատ խորթ պիտի երևար:

Next page