Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Միայն մի գյուղ չէ, պարոն բժշկապետ, — խոսեց նա դարձյալ զայրացած եղանակով, — մեր ամբողջ ծովեզերքի բնակիչները նույն հոգին և նույն սիրտն ունեն: Իհարկե, մենք այժմ այն չենք անում, ինչ որ առաջ անում էինք. մենք այժմ իզուր տեղը ոչ ոքին վնաս չենք տալիս: Եթե առաջ շատ անգամ բոլորովին անմեղ մարդկանց բռնում և մորթում էինք, այդ նրա համար էր, որ մեր թշնամիներին ցույց տանք, թե տեսե՛ք, եթե դուք չարություն կանեք, մենք էլ ընդունակ ենք նույնն անելու, լավն այն է, որ ո՛չ դուք անեք և ո՛չ մենք, այլ ապրենք միասին, որպես բարի դրացիներ: Եվ այդպես էլ եղավ. մեր ցույցերից հետո քրդերը բարեկամացան մեզ հետ, որովհետև նրանք գիտեն հարգել քաջությունը: Այժմ շատ դեպքերում, երբ նրանք կռիվ ունեն միմյանց հետ, մեր օգնությանն են դիմում:

Իսկ եթե ձե՞զ հարկավոր լինի նրանց օգնությունը:

Չեն խնայի:

Ես մտաբերեցի Թոխմախ-Արթինի առածը. «թուրքին ծեծի՛ր, հետը բարեկամացի՛ր» :

Ասլանը հարցրեց.

Ինձ շատ զարմացնում է այն, թե ի՞նչ հրաշքով կատարվեցավ ձեր կյանքում այդ մեծ փոփոխությունը, որ դուք ձեր վաղեմի ստրկությունից (որը այլ բառերով սովորել էիք հնազանդություն և համբերություն կոչել) հանկարծ դուրս եկաք և սկսեցիք անձնապաշտպանության դիմել: Ո՞վ մտցրեց ձեր մեջ այդ միտքը և այդ հոգին: Ո՞վ սովորեցրեց ձեզ ընտրել զենքը որպես գլխավոր միջոց և գրավական՝ թե՛ թշնամու և թե՛ բարեկամի հետ խաղաղություն պահպանելու:

Մենք այդ բոլոր փոփոխություններով պարտական ենք մեր սիրելի վարժապետին, — պատասխանեց ռեսը: — Նա բաց արեց թե՛ մեր աչքերը և թե՛ մեր կապված, կաշկանդված ձեռքերը: Նա մտցրեց մեր մեջ անձնապաշտպանության ոգին, սովորեցրեց բարեկամի հետ բարեկամ լինել, թշնամու հետ թշնամի, եթե չհաճի բարեկամանալ: Նա մեզ հետ քաջությամբ մասնակցում էր այն բոլոր գործերում, որ կատարվեցան վերջին տարիներում: Բայց ո՜րքան գործեր կատարվեցան այդ ժամանակներում... Ո՜րքան զոհեր տվեցինք մենք, մինչև կարողացանք փոքր ի շատե ապահովել մեր դրությունը... Աղետալի՜, շատ աղետալի՜ էին այդ ժամանակները... մենք միշտ արյունոտ ձեռքով էինք ուտում մեր հացը, եթե մի րոպե միջոց էինք գտնում ուտելու...

Վերջին խոսքերի ժամանակ ռեսի ձայնը դողդողաց, նրա այրական դեմքը ընդունեց խիստ տխուր արտահայտություն: Ասլանը իր հարցերով զարթեցրեց նրա մեջ անցած ժամանակների մոռացված հիշողությունները, որոնք որքան ցավալի էին, նույնքան և ուրախացուցիչ էին...

Ընթրիքը բավական երկար տևեց. նրանք սպասում էին «սիրելի» վարժապետին, որ գնացել էր մերձակա լեռան հովիվների մոտ և պիտի վերադառնար երեկոյան: Երբ տեսան, որ ուշացավ, քահանան օրհնեց սեղանը: Վերջին օրհնությունը լի էր մի շարք բարեմաղթություններով: Նա օրհնեց կերողներին, կերակրողներին, սեղանը պատրաստողներին, ոտքի վրա ծառայողներին, նրանց կենդանիներին և ննջեցյալներին: Նա օրհնեց և նրանց, որ ուտելու հաց չունեն, որ քաղցած են, և բարեմաղթում էր նրանց համար նախախնամողի ողորմածությունը: Նա օրհնեց բոլոր նեղյալներին և կարոտյալներին և ամենի համար լիություն ու անդորրություն էր խնդրում:

Երբ մեր սեղանը հավաքեցին, դրսում, սրահի մեջ, երկու առանձին սեղաններ պատրաստվեցան. մեկի շուրջը հավաքվեցան կանայք իրանց երեխաների հետ, իսկ մյուսի շուրջը հավաքվեցան ոտքի վրա ծառայող տղամարդիկ: Կանայք նստած էին մութի կողմում, իսկ տղամարդիկ` լույսի կողմում. կանայք լուռ էին, իսկ տղամարդիկ խոսում էին, ծիծաղում էին, հանաքներ էին անում, մի քանիսը մինչև անգամ սկսեցին երգել: Ես առաջին անգամն էի լսում լեռնցի հայի երգը, որ, իր սարերի մելամաղձոտ արձագանքի նման` կոտրատվում էր, կոտրատվում էր երկարաձիգ լե՜լե՜-ներով և ապա աստիճանաբար խլանում էր, և վերջին տխուր հնչյունները հանգչում էին երգողի սրտի խորքում:

Մեզ մոտ եղած հյուրերը քաշվեցան սենյակի պատերի տակը, վառեցին երկար չիբուխները, սկսեցին ծխել: Ճոխ ընթրիքից հետո հանգստություն էին վայելում: Խիստ օտարոտի էր նրանց նստելու ձևը այդ միջոցին. նրանք ավելի պառկած էին, քան նստած: Յուրաքանչյուրը ուսով պատին կռթնած, թևքի մի արմունկով հատակին հենված, ոտները կա՛մ մեկնել էր և կա՛մ ծնկները վեր բարձրացնելով` ոտներով մի տեսակ կամուրջ էր կազմել: Միայն ռեսը և քահանան ծալապատիկ նստած էին մեզ մոտ: Մյուսները կատարյալ ազատություն էին վայելում և իրանց նստվածքին ինչ ձև որ ուզում էին, տալիս էին: Անկարելի էր այդ միջոցին մոտենալ նրանց չիբուխներին և կրակ վառել. մի այսպիսի հանդգնության համար պատրաստ կլինեին արյուն թափել:

Մի քանի անգամ ևս հիշվեցավ «սիրելի» վարժապետի անունը. ամենքը զարմանում էին, թե ինչու այդքան ուշացավ նա, և ոմանք կասկածում էին` մի գուցե որևիցե վտանգ պատահած լիներ նրան:

Նրա հետ ի՞նչ կարող է պատահել, — նկատեց հյուրերից մեկը, — նա այնպիսի մարդ է, որ ծովը կմտնե և ցամաք դուրս կգա:

Տեսնելով, որ այդքան անհանգիստ են վարժապետի մասին, Ասլանը հարցրեց, արդյոք գո՞հ են նրանից:

Ի՞նչպես գոհ չլինել, պարոն բժշկապետ, — պատասխանեց քահանան, — նա ոչ միայն մեր երեխաների վարժապետն է, այլ մեր ամենի վարժապետն է: Մենք շատ բան սովորեցանք նրանից, այո՛, շատ բան... ոչ այնքանը միայն, որ մի քանի րոպե առաջ պատմեց ձեզ մեր հարգելի ռեսը:

Հայոց գյուղերում վարժապետը և շինական քահանան միշտ անհաշտ և հակառակ դիրքի մեջ են լինում միմյանց հետ, այժմ զարմանալի էր լսել քահանայից վարժապետի մասին գոհունակություն:

Ի՞նչ սովորեցաք նրանից, — հարցրեց Ասլանը հետաքրքրությամբ:

Շատ բան սովորեցանք, — կրկնեց քահանան համոզիչ եղանակով, — օրինակ, այսօր գիտե՞ք ինչի համար է նա գնացել սարը, մեր հովիվների մոտ. — այնտեղ պանիր են մակարդում, գնացել է տեսնելու, արդյոք իր պատվերների համեմա՞տ են մակարդում, թե ոչ: Նա սովորեցրեց մեզ բոլորիս նոր ձևով պանիր շինել: — Այդ պանիրը, որ հիմա կերաք, ի՞նչպես էր:

Շատ պատվական պանիր էր:

Այդ նրա սովորեցրած ձևովն է պատրաստված: Նա բժշկություն էլ է իմանում. երբ գյուղերում հիվանդներ են պատահում, նրան կանչում են, բոլորի մոտ գնում է, ոչ միայն հայերի, այլ մինչև անգամ քրդերի մոտ: Երբ փող են առաջարկում, նա վիրավորվում է:

Բժի՞շկ է:

Ո՛չ, այնպես, գրքեր կարդալով սովորել է, բայց մի լավ բժշկից ավելի է իմանում: Նա մեր երեխաների դասատվության համար էլ ոչինչ վարձ չէ ընդունում, ասում է` ինձ փող հարկավոր չէ, ինձ մի կտոր հաց տվեք ուտեմ և մի տեղ տվեք պառկեմ, այդքանն էլ բավական է: Մի խոսքով, զարմանալի անշահասեր մարդ է:

Ուրեմն գյուղացիք սիրո՞ւմ են նրան:

Իրանց հոգու պես: Նա մեր երկրագործական մշակությունների մասին ևս շատ օգտավետ խորհուրդներ է տալիս. ինչ որ նրա խորհրդի համեմատ ենք անում, տեսնում ենք, որ ավելի լավ է լինում, քան թե այն ձևով, որ մենք առաջ սովորել էինք մշակել: Անասունների հիվանդության դարմանն էլ է իմանում, անասունների ցեղը ազնվացնելու եղանակն էլ է իմանում: Տեսա՞ք մեր անասունները, ոչ մի տեղ մեր շրջակայքում մեր գյուղի անասունների նմանը չկա: Անդադար նոր և նոր գրքեր է բերել տալիս, կարդում է, ինքը սովորում է, և մեզ նոր բաներ է սովորեցնում:

Ի՞նչ լեզվով են լինում այդ գրքերը:

Չգիտեմ, այդքանը միայն գիտեմ, որ հայերեն չեն:

ՈՒրախալի էր լսել այդ բոլորը քահանայի բերանից: Որքա՜ն սխալ պետք է համարել այն կարծիքը, որ կազմվել է մեր գյուղացիների մասին, թե նրանք մոլեռանդ են, նախապաշարված են ուսման դեմ, կամ մինչև անգամ թշնամի են ուսման և հալածում են ուսուցիչներին: Ովքե՞ր են այդ հալածյալները, ովքե՞ր են գնում գյուղերը, ովքե՞ր են մտնում ժողովրդի մեջ: Ոչ մի օրինավոր կերպով պատրաստված մարդ, որ գյուղացուն պիտանի լիներ, և ոչ մի բարոյական մարդ, որ գյուղացու աչքում բարի օրինակ դառնար: Քաղաքի ուսյալների մրուրը թափվում է գյուղերի մեջ: Քաղաքի անպիտանը` գյուղում իրան պիտանի է համարում և հանձն է առնում գյուղացու կրթության գործը: Նա իր անբարոյական բարք ու վարքով զզվանք է հարուցանում ոչ միաքն դեպի իր անձը, այլ դեպի ուսումը, որ նա տալիս է: Անձնավորության մուրը քսվում է և գործի վրա: Գյուղացին սկսում է խիստ լոգիկապես դատել. «Եթե ուսումը այդ է, եթե ուսում առած մարդը այդպես կլինի, լավ է, որ որդիքս չփչացնեմ»... Ցույց տվեցե՛ք նրան բարի օրինակ, ցույց տվեցեք ուսման շոշափելի օգուտները և կտեսնեք, նա կսկսե սիրել թե՛ ուսումը, և թե՛ ուսում տվողին: Ես ուրախ էի, որ այդպիսի մի անգնահատելի անձն մեր խոսակցության առարկան էր:

Ռեսը բոլորովին այլ կետից սկսեց գնահատել վարժապետի արժանապատվությունները, ասելով.

Նա որքան շատ ուսում ունի, որքան շատ բան գիտե, միևնույն ժամանակ, շատ քաջ մարդ է: Նա իմանում է լավ հրացան արձակել և մեր երեխաներին ևս սովորեցնում է նշան խփել: Նա իմանում է ծովում լավ լող տալ և մեր երեխաներին ևս սովորեցնում է ջրի հետ այնպես խաղալ, ինչպես ցամաքում: Ուրիշ ինչե՜ր չէ սովորեցնում նա. վազել, լայն փոսերի վրայից թռչել, սարերում պատի նման հարթ ժայռերից վեր բարձրանալ, քարի կամ երկաթի ծանր կտորներ ձեռքի վրա շարժել, գերանների կամ պարանների վրա ճախարակի նման զանազան պտույտներ գործել, թռիչքներ անել և այլն: Դրանք շատ հարկավոր բաներ են, մանավանդ մեր լեռների մեջ և մեր դրության մեջ: Մենք հրեշտակների հետ չենք ապրում. մենք գազանների հետ ենք ապրում. պետք է մարդ վազել գիտենա, երբ պատահում է փախչել և արագաշարժ ոտներ ունենա, երբ կամենում է բռնել:

Միայն սպարտական կյանքով ապրող մի հասարակության ներկայացուցիչը կարող էր ռեսի նման գնահատել մարմնամարզության առողջարար, կենդանացուցիչ և հոգին, միտքն ու մարմինը կազդուրիչ նշանակությունը, կարող էր հասկանալ և նրա նշանակությունը կյանքի պատահարների դեմ մաքառելու մեջ:

Թե՛ ռեսի, թե՛ քահանայի հայացքների մեջ և թե առհասարակ նրանց դատողության բոլոր ձևերի մեջ` խիստ ակներև կերպով երևում էր իրանց սիրած վարժապետի ազդեցությունը: Այդ մարդիկը բոլորովին այլապես էին վերաբերվում կյանքին և նրա պահանջներին, քան թե` որքան պատահել էր ինձ լսել հայ շինականի դատողությունը:

Զարմանալին այն էր, որ մեզ մոտ գտնված մյուս գյուղացիներն ևս բաժանում էին ռեսի հայացքները: Կյանքի անհրաժեշտությունները կարծես, ամենի համար պարզ էր: Յուրաքանչյուրը ցանկանում էր իր զավակին այնպես պատրաստված տեսնել, որ նա աշխարհի մարդ լիներ և նրա հարվածների տակ չընկճվեր, չխորտակվեր:

Սրահում լսելի եղավ ուրախաձայն աղաղակ.

Բարո՜վ, Աբգար ախպար, բարո՜վ...

Եկավ վարժապետը, — ասաց ռեսը նույնպես ուրախանալով:

Մեր ամենքի աչքերը դարձան դեպի դռները: Ծիծաղելով ներս մտավ մի բարձրահասակ, հաղթանդամ, ուրախադեմ երիտասարդ, անփույթ կերպով անցավ սենյակի միջով, ձեռքի երկար նիզակը դրեց մի անկյունում և ապա մոտեցավ մեզ: Իր հագուստով չէր որոշվում նա մյուս լեռնաբնակներից, նույնպես կուրծքը կիսաբաց, բազուկները հոլանի, թաղիքյա երկաթագամ տրեխները հագին, գլխի քոլոզը փաթաթած գույնըզգույն թաշկինակներով, և նրանց տակից արձակ թողած երկայն մազերը ծածանվում էին մերկ պարանոցի վրա: Որքա՜ն աշխատել էր նա նմանվել այն հասարակությանը, որի հետ գործ ուներ:

Նա նայեց մեզ վրա, և նրան տիրեց մի տեսակ շփոթություն... Ոչ սակավ շփոթվեցանք և մենք... Բայց իսկույն զսպելով իրան, ձեռքը մեկնեց նա Ասլանին, ասելով.

Այս գյուղի վարժապետը` Աբգար Ոստանիկ:

Բժշկապետ Քարլ Ռիսման, — ներկայացրեց իրան Ասլանը, հետո ծանոթացրեց մեզանից ամեն մեկին:

Նա նստեց քահանայի մոտ և, դառնալով դեպի ռեսը, ասաց.

Լավ հյուրեր եք ունեցել: Ցավում եմ, որ չհասա ընթրիքին:

Շատ սպասեցինք ձեզ, Աբգար ախպար, — պատասխանեց ռեսը, — ինչո՞ւ այդքան ուշացաք:

Գիտեք, էլի՜... Երբ ես հովիվների մոտ եմ գնում, ամեն բան մոռանում եմ... նրանք էլ ինձ համար մի գառն էին մորթել, — պատասխանեց նա, աշխատելով սառնասիրտ ձևանալ, թեև նրա ձայնը զգալի կերպով կոտրատվում էր սրտի հուզմունքից...

Նա դարձավ դեպի Ասլանը.

Ներեցեք, պարոն բժշկապետ, իմ անտեղի հարցասիրությանը, դուք ի՞նչ դեպքով անցաք մեր լեռների այդ խորքերը: Մենք խիստ հազիվ անգամ ենք պատահում այստեղ եվրոպացիների:

Ասլանը պատասխանեց, որ զանազան ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում. նրան հետաքրքրում է այդ կողմերի հնությունները, բացի դրանից, ցանկություն ունի ծանոթանալ այդ երկրի լեռնաբնակների կյանքի ու սովորությունների հետ, և շատ շնորհակալ կլիներ, եթե պարոն վարժապետը կարելույն չափ օգներ իրան:

Մեծ ուրախությամբ, — պատասխանեց վարժապետը, — ես բավական ուսումնասիրել եմ թե այդ երկիրը և թե նրա բնակիչներին: Ես պատրաստ եմ իմ նկատողությունների տետրակը ամբողջապես ձեզ ընծայել, դուք կարող եք նրանից օգուտ քաղել:

Շատ շնորհակալ կլինեմ, — պատասխանեց Ասլանը, — ի՞նչ լեզվով է գրված:

Հայերեն:

Այդ ոչինչ, ես թարգմանել կտամ: Բայց ինձ համար ավելի թանկագին կարող էին լինել ձեր բերանացի տեղեկությունները:

Այդ մասին կխոսենք, շատ կխոսենք, ես, որքան կարող եմ, բավականաթյուն կտամ ձեր հարցասիրությանը: Դուք դեռ երկար կմնաք մեզ մոտ, պարոն բժշկապետ, մեր գյուղացիների ձեռքում երբ մի օտար հյուր է ընկնում, շուտով բաց չեն թողնում:

Շնորհակալ եմ: Բայց շատ ցավում եմ, որ երկար մնալ չեմ կարող. ես առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ:

Այստեղից ո՞ւր պիտի գնաք:

Աղթամարա վանքը, այնտեղի քանդակները տեսնելու համար:

Հիանալի քանդակներ են, արժե տեսնել:

Վարժապետը խոստացավ, որ հենց այդ գիշեր կտա պարոն բժշկապետին նրա ցանկացած տեղեկությունները, քանի որ նա այդպես շտապում է:

Գյուղացիները, ինչպես երևում էր, իրանց վարժապետի վերաբերությամբ մի փոքրիկ փառասիրություն ունեին. նրանք ուրախանում էին, որ իրանց վարժապետը այնքան հմտություններ ունի, որ եվրոպացին անգամ կարոտում է նրա տեղեկություններին: Բայց նրանք մի այլ բան ևս սպասում էին վարժապետից, որ նա կսկսե եվրոպացու հետ մի ուսումնական վիճաբանություն և իր գիտությամբ բոլորովին կշվարեցնե և կկաշկանդե նրան: Այդ հաղթությունը ամբողջ գյուղին պատիվ կբերե: Այդ դեպքում, գյուղացին նայում է իր վարժապետի կամ իր քահանայի վրա, որպես իր գյուղի քաջամարտիկ գոմեշի վրա. երբ նա կռվի մեջ հաղթում է հարևան գյուղի գոմեշին, ամբողջ գյուղը տոն է կատարում: Բայց այդ վարժապետը խիստ համեստ էր. նա վիճաբանությունների մեջ չմտավ և չէր էլ ձգտում իրան ուսումնական ներկայացնելու: Նրա խոսակցությունն այնքան պարզ էր, այնքան ռամկական էր, որ կարծես երեխայությունից ծնվել, սնվել էր այդ լեռնականների մեջ: Բայց նույն ռամկական պարզության մեջ երևում էր մտքի և դատողության ուժ: Նա գյուղացիների փառասիրությանը բավականություն տվեց նրանով միայն, որ հետո սկսեց եվրոպացի բժշկապետի հետ նրա երկրի լեզվով խոսել: Թեև նրանցից ոչ ոք չհասկացավ, թե ինչ խոսեց. բայց ամենքն էլ շատ ուրախացան, որ նա օտար լեզուներ ևս իմանում է: Նրանք միշտ սովորություն ունեին` մյուս գյուղացիների մոտ իրանց վարժապետի մասին չափազանցություններ անելով պարծենալ, թե «մեր վարժապետը տասն լեզու է իմանում»:

Ո՞րտեղացի էր նա, ո՞րտեղից էր եկել, — ոչ ոք չգիտեր: Նրանք այդքանը միայն գիտեին, որ առաջին անգամ, երբ հայտնվեցավ, նա եվրոպական հագուստ ուներ: Հետո ամեն ինչ փոխեց, մինչև անգամ լեզուն ևս փոխեց, սկսեց նմանվել գյուղացիներին:

Շա՞տ ժամանակ է, պարոն Ոստանիկ, որ այստեղ եք, — հարցրեց Ասլանը:

Մի քանի տարի կլինի, — պատասխանեց նա:

Եվ այդքան ժամանակ ձեր հայրենիքը չե՞ք գնացել:

Երբեմն, ամառային արձակուրդների ժամանակ, գյուղացիները ինձ թույլ են տալիս գնալ՝ ազգականներիս տեսնելու: Տարվա մեջ երեք ամիս բոլորովին ազատ եմ ես: Մանավանդ, որ ուսումը այստեղ գլխավորապես ձմեռն է լինում, որովհետև տարվա մյուս եղանակներում երեխաները օգնում են իրանց ծնողներին նրանց տնտեսական աշխատությունների մեջ: Այդ ես թույլ եմ տալիս գլխավորապես այն նպատակով, որ իմ աշակերտները գործնականապես վարժվեն երկրագործական մշակություների մեջ:

Ձեր բացակայության ժամանակ ո՞ւմն եք հանձնում ձեր պաշտոնը:

Ես մի օգնական ևս ունեմ, որը իմ հասցրած աշակերտներիցն է:

Գիշերից բավական անցել էր: Ժամանակ էր հյուրերին հեռանալ: Գյուղացին զարթնում է արևից առաջ, հանգստանում է արևի հետ: Նա սովոր չէ անքնության մեջ վատնել գիշերային հանգստությունը:

Թեև ռեսի ճոխ և ընդարձակ տունը` թվով մեզանից մի քանի անգամ ավելի հյուրերի համար` թե՛ քնելու տեղ և թե՛ մաքուր անկողիններ ուներ, բայց, շինական սովորության համեմատ, մեզ հետ սեղանակից եղող գյուղացիները պետք է մեզ իրանց մեջ բաժանեին, որպեսզի տան տիրոջ համար ծանրություն չլիներ: Բավական երկար տևեց վիճաբանությունը մեր ընտրության մասին. յուրաքանչյուրը ցանկանում էր իր տունը տանել մեզանից ամեն մեկին, թեև մեր թիվը այնքան փոքր էր, որ ամենքին բավականություն չէր կարող տալ: Մտածում էին վիճակ ձգել: Այդ միջոցին վարժապետը մեջ մտավ, ասելով.

Բարեկամներ, մեր բախտից մեր հյուրերը այնքան փոքր են թվով, որ ամենքիս բաժին չի հասնի. պարոն բժշկապետին ես կվեր առնեմ, իսկ մյուսներին թող տեր հայրը բաժանե, ինչպես որ կկամենա:

Մենք թվով չորս հոգի էինք` ես, Ասլանը, Մուրադը և Ջալլադը: Ամենքը համաձայնվեցան, որ Ասլանին, այսինքն պարոն բժշկապետին, վարժապետը տանե իր մոտ, որովհետև նրա լեզուն իմանում է, բացի դրանից, եվրոպական ձևով կահավորված սենյակ ունի: Ինձ վեր առեց տեր հայրը, Մուրադը մնաց ռեսի տանը, իսկ Ջալլադին տարավ մի այլ գյուղացի, որը տեղային եկեղեցու երեսփոխանն էր:

ԻԵ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԸ

Երբ գյուղացին հարևանի մոտ հյուր է կանչված, և նրա տանեցիք գիտեն, որ այնտեղ օտար տեղից եկած հյուրեր կան, իրանք ևս պատրաստություն են տեսնում, մտածելով, կարելի է իրանց տղամարդը նրանցից մեկին բերե իր հետ: Երևի այդ էր պատճառը, որ երբ մտանք տեր հոր խրճիթը, այնտեղ գտանք մի պատրաստի սեղան: Նա հրավիրեց նստել սեղանի մոտ: Ռեսի ճոխ ընթրիքից հետո, այժմ ո՞վ ախորժակ ուներ ուտելու: Բայց ուզես, չուզես, պետք է մի քանի պատառ ուտես, եթե ոչ, տան տիկնոջը սաստիկ վիրավորած կլինես:

Տեր հոր խրճիթը թեև ռեսի տան մեծությունն ու վայելչությունը չուներ, բայց բավականին կոկիկ և սիրուն էր. ամեն տեղ երևում էր կարգ, ամեն տեղ երևում էր մաքրություն: Բոլոր տանեցիք քնած էին միևնույն հարկի տակ, ուր մտանք մենք: Միայն երեցկինը և նրա հարսը սպասում էին մեզ: Սյունի վրա դրած միակ ճրագը աղոտ լույս էր սփռում փոքրիկ սենյակում, և մեր շուրջը լսվում էր քնած ընտանիքի խաղաղ շնչառությունը:

Տեր հայրը իր լեզվի բոլոր ճարտարությունը գործ էր դնում, որ զբաղեցնե ինձ: Բայց ոչ նրա համեստ սեղանը, ոչ նրա պարզ, սրտից բխած հայրական խոսակցությունը, և ոչ երեցկնոջ միամիտ գուրգուրանքը, ոչինչ չէր գրավում ինձ: Ինձ չէր գրավում և մի գեղեցիկ դեմք, որ քնի մեջ, մոռանալով գեղջկուհու ամաչկոտությունը, վերմակը կիսով չափ մի կողմ էր ձգել և երևան էր հանել մի հրաշալի կուրծք: Այո, ոչինչ չէր գրավում ինձ: Իմ բոլոր ուշքը, միտքը գրավել էր երիտասարդ վարժապետը: Նրա մասին էի մտածում, նրա այրական սիրելի պատկերն էր իմ աչքի առջև:

Երբ տեր հայրը սկսեց նրա մասին խոսել, ես մեծ ուրախությամբ լսում էի:

Եկեղեցու բակումն է բնակվում, — ասաց նա, — այնտեղ, դպրոցին կից, իրա համար երկու սենյակ է շինել տված: Այդ սենյակները մեր խրճիթների նման գետնափոր չեն, դուք, իհարկե, առավոտյան կտեսնեք, թե որքան հարմարություններով են շինված: Նա միշտ խորհուրդ է տալիս, հորդորում է գյուղացիներին, որ դուրս գան գետնի տակից և այն ձևով բնակարաններ շինեն: Ասում է, որ գետնափոր խրճիթը շատ վնասակար է առողջության, այնտեղ չէ թափանցում ո՛չ արևի լույսը և ո՛չ օդի մաքրությունը:

Գյուղացիք հետևո՞ւմ են նրա խորհուրդներին, — հարցրի ես:

Շատերը հետևում են, ով որ նոր տուն է շինել տալիս, այնպես է շինում, որպես նա ցույց է տալիս: Նա մեզ բացատրում է, թե տան ձևը ոչ միայն մեծ նշանակություն ունի մարդու առողջության վերաբերությամբ, այլ սաստիկ ազդում է նրա բնավորության, մտքի և հոգեկան տրամադրության վրա: Եթե հայ գյուղացին, ասում է նա, այդքան ծածկամիտ, նենգավոր և միևնույն ժամանակ` այդքան մռայլոտ է, եթե նա կորցրել է երգելու և ուրախ լինելու ընդունակությունը, գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ապրում է գետնի տակ, խուլ մթության մեջ:

Ձեր գյուղացիք նույնպես գետնի տակ են ապրում, — նկատեցի ես, — բայց բավական ուրախ են, բավական պարզ սիրտ և լուսավոր միտք ունեն:

Այդ նկատողությունը ես էլ մի անգամ արեցի նրան: Նա պատասխանեց. դրսի կյանքը` ազատ և արձակ օդի մեջ` մեղմացնում է գետնափորի ազդեցությունը: Դուք, ասաց, տարվա մեծ մասը անց եք կացնում դաշտերում, լեռների վրա և ձեր վրաններով՝ ձեր անասունների հետ` բնակվում եք ձեր արոտատեղիներում: Ազատ բնությունը ներշնչում է ձեր մեջ ազատ սիրտ և ազատ հոգի: Ձեր գետնափոր խրճիթները ձեզ համար ժամանակավոր ձմեռանոցներ են միայն:

Անհամբերությունը ինձ այնքան տանջում էր, որ, չսպասելով մինչև առավոտ, որ գնայի և անձամբ տեսնեի բոլորը, ես ցանկանում էի վարժապետի սենյակների, նրա նիստ ու կացի և առհասարակ նրա կենցաղավարության մասին կանխապես տեղեկություն ստանալ քահանայից: Ցանկանում էի խոսել, մինչև լույս խոսել իմ սրտին շատ մոտ երիտասարդի մասին և բնավ չքնել:

Լա՞վ են սարքված նրա սենյակները:

Շատ լավ են սարքված. ամեն պատրաստություններ ունի նա. մահճակալ, անկողին, աթոռներ, գրասեղան և զանազան կարասիք: Պատերը զարդարած են պատկերներով. պատուհանները լի են գրքերով: Բայց մահճակալ ունի, նրա վրա չի պառկում, մահիճ ունի, գործ չէ ածում: Պառկում է մերկ հատակի վրա, առանց անկողնի: Զարմանալին այն է, որ շատ անգամ կողքերի տակին մանր խիճեր է ածում, որ ավելի ցավեցնե: Երբ հարցնում ես, վարժապետ, ինչո՞ւ ես մարմինդ տանջում, նա քեզ պատասխանում է. «Ես այդ տանջանքով մարմինս ամրացնում եմ. դիցուք թե, այնպես պատահի, որ ստիպված լինեմ մի քանի գիշեր սարերի մեջ մնալ. այնտեղ ով կտա ինձ մահիճ ու մահճակալ. պետք է նախապես սովորել առանց անկողնի, մերկ քարերի վրա պառկելը»:

Ապա ինչո՞ւ համար է պատրաստել իր մահիճն ու մահճակալը, քանի որ գործ չէ ածում:

Հյուրերի համար:

Հյուրեր ունենո՞ւմ է:

Երբեմն բոլորովին անծանոթ մարդիկ հայտնվում են նրա մոտ, մի օր, երկու օր մնում են և դարձյալ անհայտանում են: — Դուք մահճակալի վրա ինչո՞ւ եք զարմանում, որդի, — խոսքը փոխեց տեր հայրը, — իր սենյակներում գեղեցիկ վառարաններ ունի, բայց երբեք կրակի երես չեն տեսնում: Դուք չգիտեք, մեր կողմերում ձմեռը որքան սաստիկ է լինում. մարդու թուքը բերանի մեջ սառչում է: Բայց նա իր անվառ սենյակի լուսամուտները բաց թողած, այնպես է քնում: Շատ անգամ մի քանի օրով քաղցած է մնում, ոչ ուտում է և ոչ խմում, միայն ծխում է: Բայց երբեք իր ուժերը չէ կորցնում: Իսկ երբ սկսում է ուտել, հինգ մարդու չափ ուտում է: Նա հում միս էլ է ուտում, և ոչխարի արյունը այնպես է խմում, ինչպես ոչխարի կաթը: Սկզբում այդ բաները գյուղացիների աչքում խիստ օտարոտի էին թվում, բայց հետո ընտելացան: Միս, ասում է նա, ամեն տեղ կարող եմ գտնել, կամ մի թռչուն կորսամ, կամ մի վայրենի ոչխար կգնդակահարեմ, բայց եփելու համար կրակ ամեն տեղ դժվար է գտնել, այդ պատճառով պետք է սովորել` առանց եփելու ևս ուտել միսը:

Բայց ինչո՞ւ նա օրերով քաղցած է մնում:

Առաջ ես այնպես էի կարծում, որ հոգու համար է անում. մեր հին ճգնավորների նման ծոմ է պահում: Մի անգամ հարցրի, նա բոլորովին այլ կերպ բացատրեց իր ծոմապահության պատճառը: Տեր հայր, ասաց նա, կարող է պատահել, որ ես ստիպված կլինեմ մի որևէ լեռան խորքերում պատսպարված լինել, որտեղ ոչ բնակություն կա և ոչ հաց, կարող է պատահել, որ հանգա-մանքների պատճառով ես ստիպված կլինեմ մի քանի օր այնտեղ քաղցած մնալ, չէ՞ որ այժմյանից պետք է սովորեցնեմ ինձ համբերել քաղցածության: Եվ այդպես նա միշտ երևակայում է մի անապատական լեռնային կյանք, հեռու մարդկային բնակությունից, ամայության մեջ, խուլ, մթին քարանձավներում, և մի այդպիսի կյանքի համար վաղօրոք աշխատում է պատրաստվել: Բայց ինչո՞ւ համար, ոչ ոք չգիտե:

Այդպիսի մի տարօրինակ մարդ է նա, — շարունակեց տեր հայրը, — եթե մոտենաք նրա բնակարանին, այնտեղ կտեսնեք զանազան մեծությամբ, զանազան ծանրությամբ քարեր: Համարյա ամեն օր, որոշյալ ժամերում, նա այդ քարերը բարձրացնում է և ձեռքով զանազան շարժումներ է գործում: «Ուժս փորձում եմ, — ասում է նա, — որ տեսնեմ, եթե մի օր պետք լինի այսպիսի քարեր միմյանց վրա դարսել, արդյոք կարո՞ղ կլինեմ»: «Քարերով տո՞ւն պիտի շինեք»: «Ոչ, մի ուրիշ բան»... Եվ այսպես, փոքրը ցած է դնում և ավելի մեծն է վեր առնում, և անդադար շարում է միմյանց վրա: Չափազանց հոգ է տանում թե իր մարմինը ամրացնելու և թե իր ուժի վրա: Մեր գյուղում հազիվ մի տղամարդ կգտնվի, որ նրա չափ ուժեղ լինի: Եթե մեկը նրանից ուժեղ ևս լինի, բայց նա այնպիսի սատանայական ֆանդեր գիտե, որ ձեռք ընկած մարդին կկաշկանդե և հավի նման իր ոտների տակը կդնե: Այդպիսի դեպքեր շատ են պատահել: Նրանցից օրինակ առնելով, մեր երեխաները ևս սկսել են հետևել նրան: «Առողջ և զորավոր մարմնի մեջ է բնակվում զորեղ հոգին», — ասում է նա, — «պետք է աշխատել զորացնել մարմինը»:

Ես խորին ուշադրությամբ լսում էի: Տեր հայրը շարունակեց.

Ես երբեք չեմ տեսել մի այդպիսի անհանգիստ մարդ, ոչ մի րոպե դադարում չունի: Երբ դասերը կվերջացնե, ոտքի վրա մի բան կուտե և իսկույն վազ կտա դեպի դաշտ: Այնտեղ հնձավորի հետ հունձ կանե, որ ցույց տա, թե ինչպես պետք է հնձել, այնտեղ հերկավարի հետ կհերկե, որ ցույց տա, թե ինչպես պետք է հերկել, և շատ անգամ, բահը առած, բանջարանոցներում առուներ կփորե: Բանջարների մշակությունը մեր գյուղում բոլորովին անծանոթ էր, նա օրինակ տվեց մեզ, իր դպրոցի մոտ մշակելով մի գեղեցիկ պարտեզ: Երբ նրան ասում ես. վարժապետ, այդպես չէ կարելի, մի փոքր հանգստացիր: Նա սովորաբար պատասխանում է. «Հանգստությունը մեզ համար չէ, մենք շատ ետ ենք մնացել և այդ պատճառով շատ բան ունենք սովորելու և անելու... Մեզ պետք է շտապել»...

Միայն ձե՞ր գյուղով զբաղված է նա:

Ոչ միայն մեր գյուղով, այլ մեր շրջակայքի բոլոր գյուղերը գնում է նա: Ձիուց ավելի արագ է ուղեգնացության ժամանակ և երբեք ձի չէ նստում, այլ սովորություն ունի միշտ ոտքով շրջել: Ամեն գյուղում ճանաչում են նրան, ամեն տեղ հարգում են, և ամենքը աշխատում են նրա խորհուրդներից օգուտ քաղել: Մինչև անգամ քուրդ գյուղացիների համար նա չէ խնայում իր աշխատությունները: Երբ նրանից հարցնում են, թե դրանց հետ ի՞նչ գործ ունես, դրանք խո մեզանից չեն, նա պատասխանում է. «Դրանք մեր հարևաններն են, եթե դրանք քաղցած մնան, մեր հացը կխլեն մեր ձեռքից: Եթե ցանկանում ենք, որ քուրդը գողություն չանե, պետք է աշխատենք սովորեցնել նրան, որ իր վաստակով ապրուստ հայթայթե»: Նա քրդերի ուսման մասին էլ է հոգ տանում: Նրա դպրոցում մի քանի քուրդ երեխաներ կան, և նրանց ավելի շատ է սիրում, քան թե մեր երեխաներին: Մի անգամ այդ երեխաներից մեկը հիվանդացավ. նա կատարյալ գժվածի նման էր այդ միջոցում. ամբողջ գիշերներ նստում էր նրա անկողնի մոտ, խորին տխրությամբ նայում էր նրա վրա, կարծես շնչառության ամեն մի վայրկյանը համբարելիս լիներ: Այնքան հոգ տարավ, մինչև առողջացրեց:

Քրդերը նույնպես սիրո՞ւմ են նրան:

Ոչ միայն սիրում են, այլև սաստիկ հարգում են: Չէ՞ որ սերը սերից առաջ կգա: Քուրդն էլ մարդ է, զգացմունք ունի, խո գազան չէ: Եթե գազան ևս լինի, սե՛րը, անկեղծ սերը, նրան մարդ կդարձնի: Երբ դու գազանին սկսում ես սիրել, փայփայել, երբ սկսում ես նրա քաղցած փորը կերակրել, նա փոքր առ փոքր մոռանում է իր գազանությունը, մտերմանում է քեզ հետ և սկսում է սիրել քեզ: Դրա համար մեր տեր Հիսուս Քրիստոսը ասում էր` «սիրեցեք միմյանց»: Շատ անգամ նա ինձ ասում է. «Այդ ձեր գործն է, տեր հայր, տարածել սերը. դուք չպիտի զբաղվեք միայն մկրտություն, պսակ, թաղում կատարելով»: ճշմարիտ է, բոլորովին ճշմարիտ է, այդ մեր գործն է սիրո տարածելը: Բայց մենք ոչինչ չսովորեցինք. մենք քահանա դարձանք. առանց քահանայի սրբազան պաշտոնի արժանավորությունները ունենալու: Եվ մեզանից չպահանջեցին այդ արժանապատվությունները: Մեզանից պահանջեցին միայն վարձը, որով ամեն մի տգետ քահանա է դառնում: Երբեմն նա ինձ գրքեր է տալիս, կարդում եմ. իմ աչքերը նոր են բացվում, և ես նոր եմ հասկանում, թե որքան անպատրաստ եմ եղել: Ի՜նչեր չէր կարող անել քահանան, մանավանդ շինական քահանան: Այն բոլոր գործերը, որ նա է կատարում, հենց քահանայի գործն է: Մի՞թե քահանան չէր կարող կրթել գյուղացի մանուկներին. մի՞թե քահանան չէր կարող ծանոթացնել գյուղացուն երկրագործական նոր ձևերի հետ. մի՞թե քահանան չէր կարող այցելել հիվանդներին և նրանց ցավերին դարման տանել: Մի՞թե առաքյալները նույնպես հիվանդների մոտ չէին գնում և բժշկություն չէին անում: Ո՞րքան գործեր կան, որ կարող էր կատարել լավ պատրաստված քահանան: Բայց մենք ոչինչ չսովորեցինք և քահանայի ծանր պաշտոնը հանձն առինք:

Լսելի եղավ մի խուլ շաչյուն, շառաչյուն: Տեր հոր խոսակցությունը ընդհատվեցավ: Ես սոսկացի:

Այդ շղթայի ձայնն է, — հանգստացրեց ինձ տեր հայրը, ժպտալով:

Ի՞նչ շղթա:

Նայեցե՛ք:

Ես նայեցի դեպի տեր հոր ցույց տված կողմը: Այնտեղ պառկած էր նրա որդին և, մի տարօրինակ դատապարտյալի նման, նրա ոտքերից մեկը կապած էր բավական հաստ շղթայի ծայրին, որի մյուս ծայրը անց էր կացրած պատի միջով. ո՞ւր էր տարած, չէր երևում: Քնի մեջ նա շարժեց ոտը և շղթայի շաչյունը աղմուկ բարձրացրեց:

Այդ ի՞նչ բան է, — հարցրի զարմանալով:

Տեր հայրը բացատրեց այդ խորհրդավոր ոտնակապի նշանակությունը: Պատի մյուս կողմում, ասաց նա, ախոռատունն է, որտեղ կապված է նրա որդու նժույգը. շղթայի մյուս ծայրը պատի միջով տարած է ախոռատունը և կցած է ձիու երկաթյա ոտնակապի հետ, որ ամրացրած է նույնպես երկաթյա փականքներով:

Next page