Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Ի՞նչի համար:

Նրա համար, որ եթե ձին տանելու լինեն, շղթան կձգվի և տերը կզարթնե:

Բայց գողը կարող է այնպես զգուշությամբ կոտրել ձիու ոտնակապը, որ ձեր որդին ոչինչ չի զգա:

Այդ դժվար է, շատ դժվար է:

Մի՞թե դեռևս գողություններ են լինում:

Լավ ձիու գողությունը` տակավին հին սովորությամբ՝ մեր կողմերում հանցանք չէ համարվում, այլ համարվում է մի տեսակ քաջություն, ճարպկություն, և ամոթը վերաբերում է ոչ այնքան գողին, որքան ձիու տիրոջը, որ գողանալ է տալիս: Այդ խայտառակությունից ազատ մնալու համար որդիս իր ոտը կապել է ձիու ոտին:

Չնայելով մեր այն օրվա դժվարին ճանապարհորդությանը, չնայելով իմ սաստիկ հոգնածությանը և չնայելով, որ գիշերի կեսից անցել էր, բայց ես քնելու և հանգստանալու կարիք չէի զգում: Պատրաստ էի ամբողջ գիշերը անցկացնել մինչև անգամ ամենադատարկ խոսակցություններով, միայն թե կարելի լիներ սպանել ժամանակը, մինչև կլուսանար, մինչև կտեսնեի նրան... Բայց տեր հայրը իմ հանգստանալու մասին էր մտածում: Իմ անկողինը արդեն պատրաստ էր. հանվեցա, մտա տեղերիս մեջ: Բարձերի մոտ դրած էր երկու անոթ, մեկը լի ջրով, մյուսը լի գինով, որ եթե գիշերը ծարավեի, որից որ կամենայի` նրանով ծարավս կոտրեի: Իմ կշտին անկողին մտավ տեր հայրը: Նա էլ ինձ նման երկար անքուն մնաց: Բայց նրա անքնության պատճառը բոլորովին այլ էր. նա անկողնի մեջ աղոթում էր. ամբողջ «եկեսցեն» պետք է վերջացներ, հետո քներ:

Ես մտքով հափշտակված էի դեպի դպրոցը և դեպի նրան կից երկու սենյակները: Այնտեղ ևս երկու անձինք անպատճառ անքուն կլինեին, Ասլանը և վարժապետը: Նրանք կնստեին, նրանք կխոսեին մինչև լույս: Ա՜խ, որքան ախորժելի կլիներ ինձ լսել նրանց խոսակցությունը, նայել նրանց վրա և հիանալ: Նա դիտմամբ ընտրեց Ասլանին. նա կամեցավ առանձնանալ նրա հետ: Ինչո՞ւ ինձ ևս իր հետ չտարավ: Մի՞թե տակավին նա ինձ անարժան էր համարում իրանց հասարակությանը: Մի՞թե դեռևս այնքան անփորձ էի, որ չէի կարող մասնակցել նրանց խորհուրդներին: Ինչ էլ որ լիներ նրա կարծիքը իմ մասին, այնուամենայնիվ, ես ռեսի տանը պարզ նկատում էի, որ նա տակավին սիրում էր ինձ: Ո՜րքան կարոտով նայում էր իմ վրա, ո՜րքան դժվարությամբ զսպում էր իրան, մի գուցե դեմքի մի անզգույշ ցնցումը մատներ իրան... Ո՞վ կմտածեր հանդիպել նրան այդ լեռնային խլության մեջ: Ինչո՞ւ Ասլանը առաջուց ոչինչ չասաց ինձ, ինչո՞ւ չնախապատրաստեց այդ ուրախալի տեսակցության համար: Գուցե ես այնքան անխոհեմ լինեի, գուցե իմ զգացմունքները զսպել չկարողանայի, և երբ նիզակը ձեռին` վեհանձնաբար ներս մտավ նա ռեսի սենյակը, ես նետվեի նրա գիրկը և սեղմեի կուրծքիս վրա թանկագին բարեկամիս: Ես խո դրանով շատ բան կփչացնեի... ես խո կմերկացնեի նրան...

Ո՜րքան փոխվել էր նա, ո՜րքան այլակերպվել էր... Ես հազիվ կարողացա ճանաչել: Փոխվել էր ամեն ինչ, որ արտաքին էր, հագուստը, մազերը, սանրվածքի ձևը, մինչև անգամ ձայնը, բարբառը: Անվափոխ պահպանվել էր նրա մեջ նախկին ջերմ, սիրող սիրտը, որի մեջ ամեն մի թշվառի համար անսահման գութ, անսահման կարեկցություն կար: Ո՜րքան զորեղ և կախարդիչ էր նրա ազդեցությունը գյուղացիների վրա, ո՜րքան հարգանքով էին վերաբերվում դեպի նա: Նա ինձ վրա այն տպավորությունն էր գործում, ինչ տպավորություն գործում է գազանների ահարկու զսպողը. ամեհի առյուծը լիզում է նրա ձեռքերը, կատաղի վագրը թավալվում է նրա ոտների տակ... Ո՜րքան ուժ և կամքի զորություն կար նրա մեջ, որ կարողացել էր մեղմացնել, հեզացնել և մինչև անգամ ազնվացնել այդ մարդակերպ գազանների բնավորությունը... Նա այժմ իր սիրած մթնոլորտի մեջն էր. այստեղ կար լեռ, անտառ, ծով և կենդանի աշխուժով լի ժողովուրդ: Նրա երազների ցնորքն էր` մի այդպիսի ժողովրդի մեջ լինել, մի այդպիսի աշխարհում գործել: Հմուտ բրուտը իր ձեռքի տակ ուներ խիստ ընտիր կավ, նրան ինչ ձև որ կամենար` կտար:

Նրանից շատ հեռու չէին Ոստանի ավերակները, որտեղ մի ժամանակ կանգնած էր նրա հոր հոյակապ ամրոցը, որտեղ կատարվել էին այնքան սոսկալի արկածներ... Նրանից շատ հեռու չէր Ռազմիրան գյուղը, որտեղ դրած էին նրա նախահարց պատկառելի շիրիմները: Հայրը այդ երկրի տերն ու իշխանն էր: Որդին դարձել էր նրա աշխատասեր մշակը, նրա բնակիչների դաստիարակը: Ո՞րպիսի խաղ անագորույն բախտի, որպիսի մեծ փոփոխություն...

Բայց ես համոզված էի, որ նախահարց մոռացված շիրիմները և հայրական ամրոցի տխուր փլատակները այնքան ցավ չէին կարող ազդել նրա զգայուն սրտին, որքան վերջին գյուղացու խարխուլ խրճիթի թշվառությունը, որ տառապյալ մայրը, սովատանջ երեխաների լացն ու տրտունջը հանգստացնելու համար միայն պարզ ջրով լցրած պտույկը դնում է օջախի վրա, շերեփով խառնում է, որպես թե կերակուր է պատրաստում երեխաների համար:

Ա՜խ, որքան երկար էր այդ գիշերը: Տեր հայրը դեռ չէր վերջացրել իր «եկեսցեն». նրա շրթունքները դեռ լուռ շշնջում էին: Ե՞րբ պիտի քներ նա: Այնտեղ պլպլում էր մի այլ անքուն արարած` ճրագը: Ես պատրաստ էի մի շունչի հարվածով սպանել նրան: Թո՛ղ մութ լիներ, թո՛ղ ամեն ինչ ծածկվեր խավարի մեջ: Ես կվերկենայի, կհագնվեի ու կգնայի... Ի՞նչ կմտածեին տանեցիք, եթե նկատեին: Ինչ կուզե թո՛ղ մտածեին, բայց ես կգնայի... Գուցե կմոլորվեի, կկորչեի խրճիթների լաբիրինթոսի մեջ, գուցե գայլանման շները պատառ-պատառ կանեին ինձ, բայց կգնայի... Կգնայի դեպի դպրոցը և նրան կից երկու սենյակները...

Գոնե շուտ լուսանար: Տեր հոր աղոթքի շշունջը այլևս չէր լսվում. նա քնեց: Խրճիթում արթուն ոչ ոք չմնաց: Ես ուրախացա: Պետք էր միայն ճրագը հանգցնել: Բայց ահա աքաղաղը սկսեց կանչել: Նրա ձայնից զարթեց օրորոցի մեջ քնած մանուկը և զարթեցրեց քնած մորը: Մի հսկող ևս ավելացավ: Ի՞նչ պետք էր արած: Մայրը ծիծը դրեց երեխայի բերանը և, գլուխը դնելով օրորոցի դաստակի վրա, նստած տեղում դարձյալ քնեց: Այդ լավ եղավ: Ամբողջ օրը աշխատած գեղջկուհու անդամները կարոտ էին հանգստության: Բայց երեխան այդ չգիտեր: Նա կրկին սկսեց լաց լինել, կրկին զարթեցրեց մորը: Երևի, ծիծը դուրս պրծավ նրա բերանից: Ես պատրաստ էի խեղդել նրան, որ ձայնը կտրե: Մայրը դարձյալ ծիծը դրեց բերանը, դարձյալ գլուխը դրեց օրորոցի դաստակի վրա, իսկույն քունը տարավ: Այդ ուրախացրեց ինձ: Բայց ահա մի նոր անհաջողություն: Կրկին լսելի եղավ շղթայի շաչյունը: Այս անգամ ձին ձիգ տվեց շղթան: Երևի նա շարժեց ոտները: Տերը զարթեց, գլուխը վեր բարձրացրեց և ականջները լարեց դեպի ախոռատան պատը: Ոչինչ չկար, ձին հանդարտվեց: Տերը կրկին գլուխը դրեց բարձի վրա: Ի՛նչ երջանիկ մարդիկ են դրանք, գոնե կարող են քնել, քնե՜լ, որ մարդու գլխավոր մխիթարություններից մեկն է: Ինձ համար չէր այդ մխիթարությունը: Գոնե շուտ լուսանար: Մտածեցի զբաղեցնել ինձ, որ ժամանակը անցնի: Տասն անգամ համբարեցի առաստաղի գերանները, տասն անգամ համբարեցի գերանների վրա շարած փարդուկները: Այդ ևս, վերջապես, ձանձրացրեց ինձ: Աչք ածեցի դեպի խրճիթի շուրջը: Նայում էի, թե ինչ բան ինչ տեղ է դրած: Իր տեղումն էր ավելը, իր տեղումն էր անթրոցը, իր տեղումն էր լվացքի տաշտը: Թառի վրա թառած էր աքաղաղը, իր հարեմը շուրջը հավաքած: Մարիներից մեկը կամաց անցավ աքաղաղի ետևվից և, խորամանկությամբ մի կողմ հրելով նրա կշտին կանգնած առաջին մարիին, ինքը բռնեց նրա տեղը: Այդ հաճոյամոլությունը գրգռեց առաջինի խանդը, նա սկսեց տրտնջալ: Աքաղաղը, կարգ պահպանելու համար, կտցահարեց նորեկի գլխին, և, նրան իր հափշտակած տեղից հեռացնելով, դարձյալ առաջինին կանգնեցրեց իր կշտին: Առաջինը գեղեցիկ էր, իսկ վերջինը` տգեղ... թռչունները ևս զուրկ չեն գեղասեր ճաշակից: Այդ կարգադրությունից հետո աքաղաղի երկրորդ ձայնը աղմկեց փոքրիկ խրճիթի լռությունը: Նրա ձայնից այժմ զարթնեց պառավ երեց կինը: Դա էր պակաս: Նա քնած էր առանց հանվելու: Վերկացավ, խարխափելով մոտեցավ օջախին: Այնտեղ, կրակի վրա, ինչ-որ եփ էր գալիս, թըժթըժում էր: Պտույկի խուփը բարձրացրեց և նայեց` արդյոք ջուրը քաշել չէ՞ր: Նրա մեջ անպատճառ կամ հարիսա, կամ խաշ և կամ քեշկեկ պիտի լիներ, որ ամբողջ գիշերը ստիպված է եփվել, որ վաղ-առավոտյան պատրաստ լինի ուտելու համար: Այդ երեք սննդարար կերակուրները ուտվում են արեգակից առաջ, որ ամբողջ օրը կարելի լինի մարսել: Վերջացնելով իր գործը օջախի մոտ, երբ պառավը մի ինչ-որ բան որոնում էր խրճիթի մեջ, նրա աչքին ընկավ օրորոցի դաստակի վրա քնած հարսը: Նա մոտեցավ և, ոտքով բոթելով նրան մրթմրթաց. «Դու մի օր այդ երեխային կխեղդես. քանի անգամ ասել եմ քեզ, որ ծիծ տալու ժամանակ քնելու չէ»: Նկատողությունը ծանր էր: Հարսը ուղղեց իր դիրքը և, տեսնելով, որ երեխան վաղուց արդեն քնած էր, օրորոցի քողը ցած թողեց, իր տեղում նստած մնաց: Պառավը այլևս չմտավ իր անկողինը, խրճիթի դուռը կամաց բաց արավ, դուրս եկավ սրահը, նայեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերի ո՛ր ժամն է: Աստղերը նրա ժամացույցն էին: Նա վերադարձավ և, թել մանելու ճախարակը իր ետևից քարշ տալով, կրկին դուրս եկավ սրահը: Այնտեղ մնաց, և մի քանի րոպեից հետո լսելի եղավ ճախարակի բարակ ճլվլոցը: Այժմ ամեն հույս կորած էր. նա կերբերոսի նման դուռը բռնեց: Ես այլևս չէի կարող դուրս գալ: Պառավը այնտեղ կմնար և մինչև լույս կմաներ: Սկեսուրը վեր կենալուց հետո հարսին արդեն անպատշաճ էր քնել. դա էլ վեր առեց իր կարը, նստեց սյունի մոտ, ճրագի հանդեպ: Սկեսուրը մանում էր, հարսը կարում էր: Իսկ ինձ տանջում էր մի կողմից անքնությունը, մյուս կողմից նրան տեսնելու, նրա հետ խոսելու սաստիկ փափագը: Գոնե շուտ լուսանար. ո՜րքան երկար էր այդ գիշերը: Ես կրկին սկսեցի համբարել առաստաղի գերանները: Առաստաղից ցած իջա, սկսեցի համբարել խրճիթի սյուները: Այդ ևս վերջացավ. սկեցի համբարել, թե դեռ քանի հոգի քնած են մնացել: Իմ աչքերը կանգ առին գեղեցիկ պատկերի վրա: Ես տեսնում էի այժմ նրա կիսամերկ թիկունքը միայն. երեսը շուռ էր տված դեպի հակառակ կողմը: Նայում էի, երկար նայում էի այդ լիքը թիկունքի վրա, որ սքանչելի կերպով լուսավորված էր ճրագի լուսով: Երկու ուրիշ աչքեր ևս դարձան դեպի այդ կողմը և ուշադրությամբ նայեցին: Դրանք հարսի աչքերն էին: Նա ցած դրեց կարը, մոտեցավ և ձեռքով բզեց օրիորդի կողքը: Նա զարթնեց: «Այդ ի՜նչպես ես քնած», — լսելի եղավ հարսի հանդիմանությունը: Օրիորդը ոչինչ չպատասխանեց, որովհետև նա չգիտեր, թե ինչպես էր քնած: Նա վերառեց իր մոտ դրած կարմիր շապիկը և շտապով հագավ: Գեղեցիկ թիկունքը անհետացավ իմ աչքից: «Ես քեզ չասեցի՞, որ ինձ շուտ զարթեցնես», — ասաց օրիորդը: «Հիմա էլ ուշ չէ», — պատասխանեց հարսը, կրկին գնալով և իր տեղը նստելով: Օրիորդը հագնվեցավ և դուրս եկավ սրահը: Խրճիթի կիսաբաց դռնից ես տեսնում էի, թե ինչպես լվացվեցավ նա, թե ինչպես շապիկի լայն դրոշակով սրբեց երեսը, և թե ինչպես մատներով սանրեց, ուղղեց գլխի մազերը: Իր պչրանքը վերջացնելուց հետո, նա վեր առեց հարթ կտրած մի կոճղ, աթոռի նման դրեց տակին և նստեց իր ոստայնի առջև: ճարտար մատները սկսեցին արագությամբ խաղալ գույնզգույն թելերի հետ: Ես հիացած նայում էի. սրահում վառվող ճրագը լուսավորում էր նրա աշխատությունը: Նա մի գեղեցիկ գորգ էր հյուսում, մի ամբողջ տարի սկսել էր և մոտ ժամանակում վերջացնելու վրա էր: Ո՜րպիսի մեծ եռանդով աշխատում էր նա, ո՜րքան ոգևորությամբ շարժվում էին նրա ճարպիկ մատերը: Կարծես յուրաքանչյուր նկարը, յուրաքանչյուր գույնը տպավորում էին նրա սրտի մեջ նույնպիսի գեղեցիկ նկարներ ապագայի, ջե՜րմ փափագով սպասվող ապագայի մասին... Նա գործում էր և մեղմ ձայնով երգում էր: Նա նշանված էր. նա այդ գորգը իր օժիտի համար էր պատրաստում: Այնտեղ, հարսանիքի ժամանակ, փեսայի տանը, բաց կանեին այդ գորգը և բոլոր գյուղացիք կզարմանային նորահարսի շնորհքի և ճարտարության վրա: Աքաղաղը երրորդ անգամ սկսեց խոսել: Այս անգամ զարթնեց տեր հոր որդին` օրիորդի հայրը: Նա շղթան բաց արեց ոտից և, հենց իր անկողնի մեջ, նստած տեղում, հագնվեցավ: Երբ վեր կացավ, նա մի փոքր ջուր քսեց երեսին, որպես թե լվացվեցավ: Հետո կանեփի երկար ձողը մոմի նման վառելով, ձեռին բռնած, դիմեց դեպի ախոռատունը` իր նժույգին և մյուս անասուններին նայելու: Նրա կինը, որ ճրագի առջև կար էր կարում, ամենևին իր տեղից չշարժվեցավ ամուսնու վեր կենալու ժամանակ: Կարծես նրան չէր ճանաչում: Գյուղացու ընտանեկան կարգերին անծանոթ մեկը, նրանց միմյանց կռված կհամարեր: Բայց ինձ հայտնի էր, որ կինը իր ամուսնուն ոչ մի ծառայություն չէ ցույց տալիս, երբ նրա հայրը կամ մայրը ներկա էին: Նրանք գաղտնի են վայելում թե իրանց սերը և թե փոխադարձ հարգանքը: Սրահում հայրը տեսավ իր աղջկան, որ նստած գործում էր: Մոտեցավ, ձեռքը գգվանքով քսեց նրա մազերին և անցավ: Լսելի եղավ եկեղեցու կոչնակի ձայնը: Կարծես մի մարդ խթեց տեր հոր կողքին, նա իսկույն զարթնեց: Նրա երեք անգամ հազալու ձայնը արդեն նշան էր իր զարթնելուն: Հարսը շուտով տեղից վեր կացավ, մոտեցավ, սկսեց օգնել նրան հագնվելու: Աչքերի բացվելու հետ, բացվեցավ և տեր հոր բերանը, սկսեց ինչ-որ սաղմոս մրթմրթալ: Մրթմրթում էր նա հագնվելու ժամանակ, մրթմրթում էր նա լվացվելու ժամանակ, մրթմրթում էր նա երեսը սրբելու ժամանակ, և այդ անվերջ սաղմոսը շարունակվեցավ, մինչև մորուքը և գլխի մազերը սանրեց: Հարսը ամենայն կամակատարությամբ ցույց էր տալիս իր ծառայությունները: Այժմ համարյա ընտանիքի մեծ մասը ոտքի վրա էր: Մնացել էին մի քանի երեխաներ, որոնք բոլորը մի վերմակի տակ քնած էին: Դրանք էլ սատանայի նման դուրս վազեցին իրանց անկողնից և, միայն կարճ շապիկները հագներին, պպզեցին օջախի շուրջը: Խիստ ծիծաղելի էր տեսնել, թե ո՜րպիսի ախորժակով ականջ էին դնում մեծ պտույկի մեջ եփվող կերակուրի ձայնին: Նրանք առանց գիտենալու, թե ի՛նչ է եփվում, արդեն սկսեցին միմյանց հետ վիճել: Մեկը ասում էր` հավի ջնաղը իմն է, կարծելով, թե հարիսա է, մյուսը ասում էր ոչխարի ճանը իմն է, կարծելով, թե խաշ է. երրորդը ծաղրում էր նրանց, թե ոչ ջնաղ կա և ոչ ճան. որովհետև եփվողը քեշկեկ է: Երեխաների վեճը դեռ շարունակվում էր, երբ տեր հայրը առեց գավազանը, պատրաստվում էր դուրս գալ: Այդ միջոցին ես ձայն տվեցի.

Ես էլ կգամ:

Ո՞ւր:

Եկեղեցի:

Օրհնյալ լինիս, գնանք միասին:

Նա մի փոքր համբերեց, մինչև ես պատրաստվեցա:

Դուրս գալով սրահը, ես վերջին անգամ նայեցի օրիորդի գեղեցիկ գորգի վրա, վերջին անգամ նայեցի և նրա գեղեցիկ երեսին: Նա կարմրեց, ինչպես այն վարդագույն ծաղիկը, որ այդ րոպեում կազմում էր գորգի վրա:

Աղոթարանը (արևելքը) դեռ չէր լուսավորվել. գիշերային խավարը դեռ ամեն ինչ ծածկել էր իր սև թևքերի տակ: Գյուղի մեջ տիրում էր խորին լռություն. միայն հեռվից լսելի էր լինում նիրհող ծովի խուլ շնչառությունը: Մենք անցնում էինք ոլոր-մոլոր փողոցներով, ավելի ճիշտ կլիներ ասել, կտուրների վրայով: Տեր հայրը դեռ շարունակում էր մրթմրթալ իր անվերջ սաղմոսը: Տեղ-տեղ խրճիթների դռների առջև դուրս էին բերել եզները, լծում էին արորը, որ տանեն արտերը հերկելու: Տեղ-տեղ հանդիպում էինք մշակների, որ, մանգաղները թևքի տակ դրած, դիմում էին դեպի դաշտը: Գործը և աշխատասեր գործավորը զարթել էին միասին:

Եկեղեցու դռանը մենք գտանք մի խումբ ծերունիներ, որոնք նստած էին գերեզմանաքարերի վրա, ջերմեռանդությամբ սպասում էին, մինչև դռները բաց անեն:

Ես պետք է գնամ պարոն բժշկապետի մոտ, — ասացի տեր հորը, — հետո կգամ ժամ:

Գնացեք, որդի, — ասաց նա, ցույց տալով վարժապետի սենյակները:

Լուսամուտների թանձր վարագույրները ցած էին թողած. ես կարծեցի, քնած կլինեն, բայց ներսից աղոտ լույս էր երևում: Ես մոտեցա նախասենյակի դռանը, սկսեցի բախել: Ավելի սատիկ, քան դռան տախտակները, բաբախում էր իմ սիրտը: Ի՜նչպես պետք է հանդիպեի նրան, ինչե՜ր պետք է ասեի նրան: Ճանապարհին, տեր հոր հետ գալու ժամանակ իմ գլխում արդեն պատրաստել էի մի ամբողջ ճառ, բոլորը պետք է կարդայի նրան, որ տեսներ, որ ես այլևս առաջվա տգետ Ֆարհատը չեմ, որ ես բավական զարգացել եմ: Այդ կուրախացներ նրան: Դուռը բացվեցավ, ես դողդողալով ներս մտա, որպես դասը լավ չսերտած աշակերտը մտնում է դասատունը: Նախասենյակում նա գրկեց ինձ: Ես մի բառ անգամ չգտա նրան ասելու, բոլորը, ինչ որ կազմվել էր իմ գլխում, շփոթվեցավ, մոռացվեցավ սրտիս սաստիկ հուզմունքից: Ես միայն փաթաթվեցա նրա պարանոցին:

Երբ մտանք սենյակը, Ասլանը լուռ նստած էր գրասեղանի մոտ, որի վրա վառվում էին երկու մոմեր և լուսավորում էին այնտեղ թափված թղթերը: Երևում էր, որ դրանք ևս, ինձ նման, ամբողջ գիշերը չէին քնել: Ես պատմեցի, թե ինչպես անցկացրի իմ գիշերը:

Այդ ես երևակայում եմ, — ասաց վարժապետը ծիծաղելով, — տեր հայրը իր աղոթքներով հանգստություն չէր տա քեզ: Նա թեև մոլեռանդ է, բայց շատ լավ մարդ է:

Նա բռնեց իմ ձեռքից, նստեցրեց իր մոտ, մի փոքրիկ հայկական թախտի վրա, որ ծածկված էր գեղեցիկ գորգով, որը տեղային ձեռագործության արդյունք էր: Նայում էր իմ երեսին, նայում էր իմ հասակին և երկար իմ ձեռքը բաց չէր թողնում իր ափի միջից: Կարծես նոր էր տեսնում ինձ, և աշխատում էր միանգամից լրացնել երկար ժամանակների կարոտությունը:

Ես ամենևին չէի սպասում, որ այդ գյուղում կտեսնեմ քեզ, — ընդհատեցի ես մեր մեջ տիրող լռությունը:

Իսկ ես սպասում էի, — պատասխանեց նա, ձեռքը դնելով իմ ուսի վրա:

Ուրեմն դու գիտեի՞ր, որ մենք գալու ենք այստեղ:

Ինչպես չգիտեի... Ասա՛, — խոսքը փոխեց նա, — հավանո՞ւմ ես այդ գյուղը:

Շատ գեղեցիկ տեղ է, հիանալի տեսարաններ ունի:

Եվ լավ բնակիչներ, — ավելացրեց նա:

Ասլանը մեզանից հեռու, գրասեղանի մոտ, պարապում էր: Նրան չխանգարելու համար մենք կամաց էինք խոսում: Նա ինչ-որ թվաբանական հաշիվներ էր անում և խորասուզված էր խնդրի լուծման մեջ: Վերջը մատիտը մի կողմ դրեց, ինքն իրան ասելով, — է ՜հ, սատանան տանե... չէ դուրս գալիս...

Վարժապետը թողեց ինձ, մոտեցավ գրասեղանին և, մատը թղթի վրա դնելով, ասաց,

Այդ թվանշանները պետք է միացնել մյուսների հետ...

Այդ ես փորձել եմ...

Բայց դու մի սխալ ես արել... ահա այստեղ...

Ասլանը կրկին վեր առեց մատիտը:

Վարժապետը կրկին վերադարձավ ինձ մոտ:

Հիմա պատմիր, — ասաց նա, այժմ իսկապես վարժապետի եղանակով, — ո՞ր երկրներում եղար, ի՞նչ մարդկանց հետ տեսնվեցար, ի՞նչ տպավորություններ գործեցին քո վրա տեսածներդ:

Կարծեմ դու այդ բոլորը գիտես, թե որտեղերում եղել եմ և ի՛նչ մարդկանց հետ տեսնվել եմ, — պատասխանեցի ես ժպտալով:

Այո՛, գիտեմ, բոլորը գիտեմ...

Էլ ո՞ւր ես հարցնում:

Ինձ հետաքրքրում են քո տպավորությունները և քո կարծիքները:

Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդական տպավորությունները, պատմեցի, թե որպիսի մտքեր էին զարթեցնում իմ մեջ հայրենի աշխարհի ավերակները, պատմեցի և իմ կրած հոգեկան տանջանքները ժողովրդի թշվառության մասին: Նա ուշադրությամբ լսում էր, իսկ ես նրա դեմքի վրա նշմարում էի ճշմարիտ վարժապետի ուրախությունը, երբ սիրած աշակերտի մեջ մի փոքրիկ հառաջադիմություն է նկատում: Նա դարձյալ գրկեց ինձ, ասելով.

Քո մեջ միտք կա, Ֆարհատ: Դու բավական զարգացել ես:

Այդ մարդուն եմ պարտական: — Ես ցույց տվի Ասլանի վրա:

Նա գրասեղանի վրայից գլուխը բարձրացրեց և գոհունակությամբ ժպտաց, չգիտեմ, իմ հայտնած շնորհակալության համար, թե նրա համար, որ դժվարին խնդիրը լուծվեցավ: Վերջինը պետք է հավանական լիներ, որովհետև նա մատիտը դարձյալ ցած դրեց և ինքն իրան ասաց. «Հիմա դուրս եկավ»...

Որպես հետո իմացա, Ասլանը հաշվում էր, թե ո՞րքան ծախք է հարկավոր, եթե մինչև Դատվանի նավահանգիստը սայլակի հարթ ճանապարհ շինվի, և ո՞րքան ժամանակ է հարկավոր մի այդպիսի ճանապարհ պատրաստելու համար:

Ես տեր հոր նկարագրություններից առաջուց այնքան շատ տեղեկություններ էի ստացել վարժապետի դպրոցի, սենյակների, կացության, սովորությունների և առհասարակ նրա կյանքի մասին, որ այժմ ինձ մնում էր միայն ստուգել, թե որքան ճշմարիտ էին նրանք: Մի հայացք բավական էր բոլորը ստուգելու համար: Ամեն ինչ ակներև էր: Բայց նրա դպրոցը, կացարանը, նրա տարօրինաւկ սովորությունները և նրա ամբողջ գործունեությունը, որ տեր հոր զարմացք էին պատճառում և մինչև անգամ օտարոտի էին թվում, ընդհակառակն, ինձ վրա բոլորովին այլ տպավորություն էին գործում: Ես այդ բոլորի մեջ տեսնում էի իմ անձնազոհ միսիոնարի առաքելություն՝ անկիրթ ժողովրդի մեջ: Այդ առաքելությունը` իր ինքնուրույն ձևերով` ամենևին միակողմանի նպատակ չուներ. նա այնքան բազմակողմանի էր, որքան բազմակողմանի էին ժողովրդի պետքերը, որի կրթությանը, որի բարօրությանը նվիրել էր անխոնջ գործիչը իր անձը և իր գործունեությունը:

Բայց ինձ զբաղեցնում էր մի միտք. այն բոլորը, որ ես տեսա, որ ես լսեցի, այն բոլորը, որ կատարվել էր այստեղ, չէր կարող փոքր ժամանակի աշխատության արդյունք լինել: Այն օրից, որ ես վերջին անգամ բաժանվեցա նրանից Որսորդի տանը, շատ ժամանակ չէր անցել: Մի՞թե այդքան կարճ միջոցում կարելի էր այդքան շատ գործ կատարել: Անտարակույս, նա շատ վաղուց հարաբերություններ ուներ այդ գյուղացիների հետ: Ռեսի տան խոսակցություններից երևաց, որ նա գլխավորապես ձմեռն է պարապում երեխաների հետ, իսկ տարվա մյուս եղանակներում ազատ է: Այդ ազատ ժամանակներում նա կամ պարապում է գյուղացիների հետ, կամ գնում է իր հայրենիքը բարեկամներին տեսնելու: Ո՞վքեր էին նրա բարեկամները, որտեղ էր նրա հայրենիքը, — այդ ես լավ գիտեի... Երևի, հենց այդ արձակուրդների ժամանակ նա գալիս էր մեզ մոտ, և ես առիթ էի ունենում տեսնելու նրան: Իսկ երբ բաժանվում էր մեզանից, կամ վերադառնում էր այդ գյուղը, սկսում էր իր աշխատանքը կամ ուրիշ տեղերում ճանապարհորդություններ էր անում: Անկասկած, այդ պետք է լիներ պատճառը, որ նա երբեմն հայտնվում էր մեզ մոտ և դարձյալ շուտով անհայտանում էր...

Գիտե՞ք, դուք այս առավոտ խանգարեցիք ինձ եկեղեցի գնալ, — բավական լուրջ կերպով ասաց նա, դառնալով դեպի Ասլանը և դեպի ինձ: — Ես ամեն երեկո և ամեն առավոտ եկեղեցուց երբեք ետ չեմ մնում:

Դարձյալ կարող ես գնալ, — պատասխանեց Ասլանը հեգնական եղանակով:

Այժմ ուշ է, ժամասացությունը վերջացել է, ժամավորները ահա դուրս են գալիս:

Նա մոտեցավ, բարձրացրեց լուսամուտի վարագույրը, նայեց դեպի եկեղեցու բակը: ժամասացությունը վերջացել էր այն ժամանակ, երբ արեգակը դեռ չէր ծագել: Նրա այժմյան ժամասիրությունը զարմացրեց ինձ, ավելի այն պատճառով, որ ինձ վաղուց հայտնի էին նրա կրոնական հայացքները:

Երևի, վանքերի մոտ ապրելով, դու սովորեցիր ժամասեր լինել, — նկատեցի ես ծիծաղելով:

Այո՛... — պատասխանեց նա դրական կերպով գլուխը շարժելով: — Բայց ի՞նչ մի առանձին օգուտ կա գայթակղության պատճառ տալ ջերմեռանդ գյուղացուն: Երբ վարժապետը ժամ չէ գնում, երբ վարժապետը պաս չէ պահում, նա ոչինչ ազդեցություն չէ կարող ունենալ գյուղացու վրա:

Ուրեմն դու պա՞ս էլ ես պահում:

Ոչ միայն պաս եմ պահում, այլ օրերով ծոմ էլ եմ պահում:

Նրա ծոմ պահելու նպատակը ես գիտեի, տեր հայրը բացատրել էր ինձ: Բայց երբ Ասլանը լսեց վերջին խոսքը, ասաց.

Այդ բոլորը շատ լավ է, այո՛, պետք չէ գյուղացուն գայթակղության պատճառ տալ, բայց մի առանձին օգուտ էլ չունի` քաջալերել ռամկի ավելորդապաշտությունները: Ինչ որ ավելորդ է, ինչ որ հին է, պետք է ոչնչանա:

Թո՛ղ ոչնչանա, — պատասխանեց նա, Ասլանի նկատողությունը վաղաժամանակ համարելով: — Բայց ինչո՞ւ շտապել կտրելու հին տերևը, քանի որ, նորը դուրս գալուց հետո, նա ինքն իրան կթառամի և ցած կթափվի:

Նրա համար պետք է շտապել, որ հինը կտրելով, նորը ավելի շուտ է աճում:

Նրանց վիճաբանությունը ընդհատվեցավ: Լսելի եղավ դռան ձայնը:

Անպատճառ տեր հայրը կլինի, — ասաց վարժապետը: — Նա սովորություն ունի ամեն առավոտ, ժամից դուրս գալուց հետո իմ սենյակը մտնել և սուրճ խմել:

Նա գնաց դուռը բաց անելու: Այդ միջոցին Ասլանը հավաքեց գրասեղանի վրա թափված թղթերը և կողպեց արկղիկի մեջ: Եվ իրավ, ներս մտավ տեր հայրը, ռեսին իր հետ բերելով: «Բարի ողջույն» և «ողորմյա աստված» ասելով, նրանք նստեցին վարժապետի մահճակալի վրա: Հարցնում էին, թե ի՞նչպես անցկացրեց պարոն բժշկապետը գիշերը, արդյոք հանգի՞ստ էր, լա՞վ քնեց, թե անհանգիստ եղավ: Ասլանը հայտնեց իր շնորհակալությունը: Հետո սկսեցին խոսել այն բանի վրա, թե եկեղեցում այս առավոտ` այսինչ տիրացուն` այնինչ շարականը շատ լավ երգեց, թե նրա ձայնը օրըստօրե ախորժելի է դառնում և, ընդհակառակն, մյուս տիրացվի ձայնը փչանում է, երևի, շատ խմելուցն է, և վերջ ի վերջո այն եզրակացությանը հասան, որ նրան պետք է արգելել, որ չխմե:

Վարժապետը ոչ ծառա ուներ և ոչ` աղախին. նա ինքն էր մաքրում իր սենյակները, ինքն էր պատրաստում իր կերակուրը, ինքն ևս սկսեց թե իր հյուրերի և թե մեզ համար սուրճ պատրաստել: Ծառա չպահելը բացատրում էին նրա չափազանց համեստ և անփափկասեր կացությամբ: Գուցե գլխավոր պատճառն այն էր, որ նա չէր ցանկանում իր մոտ երկրորդ աչքեր ունենալ: Նրան երբեմն օգնում էր եկեղեցու ծերունի ժամկոչը, որ երկու ականջներից ևս խուլ էր, և աչքերը վատ էին տեսնում: Այս առավոտ նա չհայտնվեցավ, որովհետև եկեղեցում իր գործը դեռ չէր վերջացրել: Միևնույն սենյակի վառարանի մեջ կրակ կար: Այնտեղ վաղուց արդեն եփ էր գալիս սուրճը. մի այլ ամանում տաքացրած էր կաթը: Երբ նա լիքը բաժակները դրեց մեր առջև, հետո բաց արեց իր սենյակի պահարաններից մեկը, այնտեղից դուրս բերեց սպիտակ հաց, սեր և կարագ նախաճաշիկի համար: Սերը և կարագը ընծայել էին նրան հովիվները, որոնց մոտ էր գնացել նախընթաց օրը, բայց տեր հայրը արգելեց այդ վերջինները սեղանի վրա դնել, ասելով.

Իզուր ախորժակներդ մի փչացրեք, ես եկել եմ ձեզ հրավիրելու մեր տունը:

Երևի երեցկինը մի լավ բան պատրաստած կլինի նախաճաշիկի համար, — ժպտալով հարցրեց վարժապետը:

Եթե լավ չլինի, վատ էլ չի լինի, — պատասխանեց քահանան նույնպես ժպտալով:

Անպատճառ լավը կլինի. ես հրաժարվում եմ իմ ունեցածը սեղանի վրա դնել. թող մնա. այսօր իմ ճաշը դրանցով արդեն կարելի է պատրաստ համարել:

Ո՜րքան փոխվել էր նա, ո՜րքան մեղմացել էր նրա բնավորությունը, ո՜րքան քաղցրությամբ էր վարվում այդ մարդկանց հետ: Ես միշտ համարում էի նրան խստասիրտ, անհամբեր, կամակոր և բռնասեր մի անձնավորություն: Բայց այժմ ներկայանում էր նա որպես գյուղացու սրտի, հոգու, զգացմունքների մարմնացած մի արտահայտություն, որ, նրանից ծագելով, գիտեր նրան սիրելի լինել:

Սուրճից հետո մենք ամենքս դիմեցինք տեր հոր տունը: Արևը նոր էր սկսել ծագել. նրա արշալույսը ավելի գեղեցիկ էր, քան երեկոյան վերջալույսը: Փոշիանման նուրբ մառախուղը վեր էր բարձրանում ցողազարդ բուսականության վրայից, և ամբողջ շրջակայքը եփ էր գալիս, գոլորշիանում էր: Աղջիկները, ջրի սափորները ուսներին, վերադառնում էին մերձկա աղբյուրից: Վաղորդյան թեթև ցուրտը տվել էր նրանց թշերին թեթև կարմրություն: Ծերունիները, նստած կտուրների վրա, տաքանում էին առաջին ճառագայթներով և նայում էին դեպի ծովը, որ այդ րոպեում մի արծաթյա մեծ ափսեի նմանություն էր ստացել: Ուշացած, ետ ընկած երիտասարդները շտապում էին լծել արորը կամ գութանը: Հնձավորի մանգաղի փայլը շողշողում էր հեռվից: Տավարների նախիրը, ձիաների երամակը վաղուց էին դուրս քշել, իսկ ոչխարների հոտերը դեռ նոր քաղում էին թարմ ծաղիկները կանաչ խոտերի հետ: Գեղեցի՜կ էր գյուղական առավոտը, խաղաղ, երջանիկ գյուղացու առավոտը, որի քրտինքը վաղորդյան ցողի հետ ոռոգում էր դաշտերը, որի վաստակը չէր հարստահարվում, որի զավակները ամբողջ տարի ուտելու հաց ունեին և տաք բնակարան:

Որ կողմից և անց էինք կենում, կտուրների վրա նստած մարդիկ խմբով ոտքի էին կանգնում և գլուխ էին տալիս: Այդ պատիվը վերաբերում էր, իհարկե, գլխավորապես տեր հորը, ռեսին և վարժապետին, որոնք գյուղացիներից հավասար հարգանք էին վայելում: Խրճիթների երդիկներից ծուխը թանձր սյուներով վեր էր բարձրանում և միախառնվում էր բարակ, թափանցիկ մառախուղի հետ: Թոնիրները վառվում էին:

Երբ մտանք տեր հոր տան բակը, նրա որդին իր նժույգը, ախոռատնից դուրս բերելով, այնտեղ կապել էր և իր ձեռքով թիմարում էր: Մենք ամենքս կանգնեցինք, նայում էինք սիրուն նժույգի վրա: Վարժապետը մտածեց նրա հետ մի կատակ խաղալ.

Ի՞նչ ես այդքան փայփայում, — ասաց նրան, — մի գիշեր կգողանան այդ ձին:

Ո՞վ կարող է գողանալ, — ինքնահավան կերպով պատասխանեց նա և շարունակեց իր գործը:

Օրինակ, ես:

Չես կարող:

Կարող եմ:

Տեր հայրը պատմեց այն բոլոր զգուշությունները, որ որդին գիշերը գործ է դնում իր ձիու պահպանության համար, հիշեց և շղթայի մասին, թե ինչպես նա կապում է ոտին:

Շղթան շատ հեշտությամբ կարելի է կտրել, — սառնությամբ ասաց վարժապետը, — այդ չի փրկի ձիուն:

Հեշտությա՞մբ, — ձայն տվեց տեր հոր որդին, սաստիկ վրդովվելով, — ապա փորձեցե՛ք:

Վերջին խոսքերի հետ նա ներս վազեց ախոռատունը և, դուրս բերելով այնտեղից ծանր շղթան, ձգեց վարժապետի առջև: Նա ամբողջ մարմնով դողում էր բարկությունից: Վարժապետը արհամարհանքով ժպտում էր: Այդ ավելի սաստկացրեց նրա վրդովմունքը:

Ո՞ր ծայրն ես կապում ձիու ոտին, — հարցրեց վարժապետը:

Նա ցույց տվեց:

Այդ ծայրը կապիր ձիու ոտին, ինչպես միշտ կապում ես, իսկ մյուս ծայրը՝ քո ոտին:

Նա կատարեց պատվերը:

Մենք անհամբերությամբ նայում էինք, թե ինչով կվերջանա այդ վեճը: Վարժապետը դուրս հանեց գրպանից դանակի նման մի ծալովի սղոց և, բռնելով շղթայի մեջտեղից, սկսեց սղոցել: Երբ շղթան կիսով չափ կտրվեցավ, նա մնացած մասը հուպ տվեց և ձեռքով կոտրեց: Ամենքը զարմացան, ոչ այնքան երկաթ կտրող սղոցի վրա, որ առաջին անգամն էին տեսնում, որքան վարժապետի ուժի վրա, որ կոտրեց երկաթը:

Հաջորդ էջ