Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Գեղեցի՜կ էր տեսարանը: Գեղասեր Տավրոսը, մոտենալով Մուշի դաշտավայրին, կարծես վախեցել էր չխանգարել նրա չքնաղությունը և, զգուշությամբ դեպի ետ քաշվելով, գոգավորվել էր, թողնելով այն լայնանիստ բլուրը միայն, քաղաքի շինվածքի համար: Այդ բլուրի դեպի վերը նայելիս, երևում էր քաղաքը իր մզկիթներով ու եկեղեցիներով: Բոլորովին գագաթի վրա կանգնած էր հին, կիսավեր ամրոցը: Բլուրի ստորոտից, հարթ տարածության վրա, անմիջապես սկսում էին ծխախոտի մշակության ընդարձակ արտորայքը, որոնք քաղաքացիների գլխավոր հարստությունն էին կազմում:

Չգիտեմ ինչո՞ւ ես տխուր էի այդ քաղաքին մոտենալու ժամանակ: Արդյոք նրա համար, որ Տարոնի մարդաշատ, մեծահարուստ քաղաքներից մնացել էր այդ մեկը միայն, և այն ևս ավելի մի մեծ ավանի տպավորություն էր գործում, քան թե քաղաքի: Չկար Կավ-Կավ կոչված ամրաշեն քաղաքը, իր անառիկ Ողական բերդով: Չկար Ձյունակերտ քաղաքը, որ Վախթանգ զորավարը նորոգելով, իր կնոջ անունով կոչեց Պորպես: Չկար Օձ քաղաքը, որի ահարկու բերդը շինեց Աշոտ Մսակերի որդի Դավիթ Բագրատունին: Չկար Վիշապ քաղաքը, որ Վաղարշակի օրերում հիմնեցին հնդկացի գաղթականները, որը այլ անունով կոչվում էր Տիրակատար քաղաք: Չկար և Մծուրք քաղաքը, որ հիմնեց Սանատրուկ արքան: Բոլո՜րը կորավ, բոլո՜րը անհետացավ, մնաց որբացած Մուշը միայն, որ այժմ մռայլ դեմքով նայում էր բարձրադիր բլուրի գագաթից և իմ մեջ զարթեցնում էր տխուր հիշողություններ: Բնության վսեմությունը, տեսարանների գեղեցկությունը, մասամբ Փարատում էին այդ հիշողությունները:

Երբ սկսեցինք բարձրանալ բլուրի զառիվերը, երբ բավական մոտեցանք քաղաքին, Արփիարը մեզ խորհուրդ տվեց չիջևանել պանդոկներում, այլ ընտրել մի հարմար կացարան: Բաղեշում հաջի-Իսաղի պանդոկում լավ խրատված լինելով, մենք հոժարությամբ ընդունեցինք Արփիարի առաջարկությունը:

Բայց ուրիշ ի՞նչ հարմար կացարան կարող էինք գտնել, — հարցրեց Ասլանը:

Քաղաքի եկեղեցիները ավելորդ սենյակներ ունեն պանդուխտների համար, կարելի է նրանցից մեկը ընտրել, — պատասխանեց Արփիարը:

Դուք կարծում եք, որ դրանք պանդոկներից լա՞վ կլինեն:

Եթե լավ չլինեն, վատ էլ չեն լինի: Միայն այն զանազանությունը կա, որ եկեղեցիների բակերում առանձնացած կլինենք, իսկ պանդոկներում կգտնենք մի խառնիճաղանջ բազմություն, որոնց մեջ շատ հաճելի չէր լինի մեզ երևնալ:

Ճանապարհը ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վեր: Դաշտերից վերադառնում էին մշակները, բահերը ուսի վրա դրած, այգիներից վերադառնում էին այգեպանները բարձած ավանակներով: Փոշին մարդ էր խեղդում: Ավելի անտանելի էին ավանակները: Երբեմն այդ կամակոր անասուններից մեկը կամ խրտչում էր և համառելով կանգ էր առնում, ճանապարհ էր կտրում, կամ կողքե-կողք շեղվելով, իր վրա բարձած խաղողի կթոցը զարկում էր մեր ոտներին:

Վերջապես, մտանք քաղաքի նեղ փողոցների մեջ: Անցնելու տեղ չկար: Մարդ և անասուն խառնվել էին միմյանց: Մենք, կարծես թե, սանդուղքներից էինք բարձրանում, որովհետև փողոցները բլուրի զառիվեր դիրքն ունեին: Հայոց թաղերը բաժանված էին մահմեդականների թաղերից: Այդ արդեն նշան էր, որ այդ տարբեր ազգերը հաշտ դրացիներ չեն եղել: Մենք դիմում էինք դեպի հայոց թաղը:

Երեկոյան ժամերգությունը դեռ նոր էր ավարտված, դեռ նոր ժամավորները դուրս էին գալիս, երբ մտանք հայոց եկեղեցիներից մեկի բակը: Մեզ տեսնելով, ժամավորները կանգ առին և խմբվեցան մեր շուրջը: Բավական ժամանակ տևեց, մինչև եկեղեցու երեցփոխանը հայտնվեցավ: Դա մի կարճահասակ մարդ էր, որի ընդարձակ, ալեխառն մորուքը ծածկում էր ամբողջ կուրծքը, հետո, երկու կողմից տարածվելով, հասնում էր ուսերին և ապա բարձրանում էր դեպի ականջները և վերջը անհետանում էր մի կեղտոտ, լրջագույն ֆեսի տակ: Նրա մորուքը հնդկահավի բացված պոչի տպավորություն էր գործում, որի միջնավայրում երևում էր մի փոքրիկ, ողորմելի երես, նեղ, անհանգիստ աչքերով:

Մեր հարցին, թե կա՞ն արդյոք սենյակներ գիշերելու համար, նա պատասխանեց` «տեսնեմ»... և անհայտացավ ժամավորների մեջ: Կարծես թե ինքը չգիտեր և նոր պետք է տեղեկանար, արդյոք սենյակներ կային, թե ոչ:

Երկար սպասելուց հետո, վերջապես տեսանք, որ մորուքը բակի մյուս ծայրում խոսում էր տերտերի հետ, որը, այդ գաղտնի խորհրդակցությունից հետո, բարեհաճեց մոտենալ մեզ: Եթե ճշմարիտ է ժողովրդական կարծիքը, թե ձրի հացը մարդուն գերցնում է, պարարտացնում է, այդ կետից նայելով, պետք էր ընդունել, որ տեր հոր վրա շատ բարերար ազդեցություն էր գործել: Նրա երկու ձեռքերի ծայրերը հազիվ հասնում էին միմյանց, և ահագին փորի վրա դարձնում էին «տեր¬ողորմյայի» սև հատիկները, որոնց մեջ տեր-հայրը, երևի, վայելչության համար, կարմիրներ ևս խառնել էր: Հակառակ իր երեցփոխանին, նա կրում էր խիստ թեթև մորուք, և ծնոտների բաց մնացած կաշին պարարտությունից փայլում էր մուգ-աղյուսի գույնով: Արյունով լի աչքերը, կարծես ուզում էին դուրս թռչել իրանց բույներից: Նա մոտենում էր մեզ դանդաղ քայլերով և միևնույն ժամանակ ծանր շունչ էր առնում: Մեր զարմանքը մեծ եղավ, երբ այդ ահագին մարմնի միջից լսվեցավ մի երեխայի հազիվ լսելի ձայն:

Բարեողջույն ձեր հրամանոցը... առակն անխոտելի է... կասեն` հազարից մեկ անգամ զատիկ կլինի... և այն օրն էլ ձյուն կգա... Մեր եկեղեցին, շատ տարի է, որ հյուր չէ ունեցել... այսօր հյուր եկավ, սենյակ չկա... Ապրի մեր ժողովուրդը... փառք աստծո, ի՞նչ էր պակաս... սենյակներ կային... բայց անցյալ տարի մեր մեղքից շատ անձրևներ եկան... կտուրները փլան... դեռ այնպես մնում են ու կմնան...

Պետք է շատ երկար սպասել, մինչև տեր հայրը, շունչ առնելով, փսփսալով, երբեմն դեպի մեզ և երբեմն դեպի իր ժամավորները նայելով, կվերջացներ իր երկար բացատրությունները: Բայց նրա խոսքը ընդհատեց մի մարդ, որ մոտեցավ մեզ և առաջարկեց իր հյուրասիրությունը, ասելով.

Նվաստիս տունը շատ հեռու չէ եկեղեցուց, եթե կբարեհաճեիք, ինձ մեծ պատիվ արած կլինեիք, եթե այդ գիշերը իմ ծածկի տակ կանցկացնեիք:

Մենք հոժարությամբ ընդունեցինք: Նա ընկավ մեր առջևը, սկսեց տանել դեպի իր տունը:

Մեր ետևից բարձրացավ խառնաձայն աղմուկ. լսվում էին այդպիսի հանդիմանական խոսքեր. «Ինչո՞ւ խաբեցիր... ինչո՞ւ սուտ խոսեցիր... ինչո՞ւ մեզ ամաչացրիր այդ օտարականների մոտ. սենյակներում գարի ես լցրել և ասում ես, թե փլած են...»:

Երևում էր, որ տերտերին գզգզում էին:

Ես մեր հյուրընկալին նկատեցի.

Ձեր տերտերը ժամասացությո՞ւնն էլ այդպես ձգձգում է, ինչպես սենյակների բացատրությունը:

Շատ բառեր կուլ է տալիս, — պատասխանեց նա ժպտալով, — եթե ամեն խոսք կարդալու լիներ, մենք բոլորովին կորած էինք:

Մենք մտանք մի բավական կոկիկ տուն, փոքրիկ պարտեզով: Մաքուր, արևելյան ճաշակով կահավորված մի սենյակ էր, ուր ներս տարավ մեզ մեր հյուրընկալը և խնդրեց նստել, ասելով.

Այնպես համարեցեք, որ ձեր տանն եք, ես իսկույն կպատվիրեմ, որ մեզ ուտելու մի բան տան:

Այստեղ, ինչպես այդ կողմերի բոլոր քաղաքներում, սովորություն ունեին կեսօրին` ճաշի ժամանակ` նախաճաշիկ ուտել, իսկ երեկոյան ընթրիքի ժամանակ` ճաշ ուտել: Որովհետև մարդիկ, ամբողջ օրը բազարում զբաղված լինելով, վերադառնում էին տուն երեկոյան միայն, ուր սպասում էր նրանց պատրաստի սեղանը:

Ընթրիքից հետո մեզ սուրճ տվեցին: Հայտնվեցավ, որ մեր հյուրընկալը քաղաքի ունևոր կալվածատերերից մեկն էր և ծխախոտի ընդարձակ մշակություն ուներ:

Արփիարը, մի կողմ քաշված, պառկել էր մինդարի վրա և լուռ ծխում էր: Փափուկ երիտասարդը հոգնած էր երևում: Մի ամբողջ օր ու գիշեր շարունակ ճանապարհ էր եկել, դա հեշտ չէր նրա համար: Ասլանը ինչ որ նամակ էր որոնում իր թղթապահի մեջ: Իսկ ես դեռ չէի մոռացել մորուքին, չէի մոռացել և հաստափոր տերտերին, այդ պատճառով հարցրի մեր հյուրընկալից, թե այն ի՞նչ աղմուկ էր, որ մեր հեռանալուց հետո բարձրացավ եկեղեցու բակում:

Արժե՞ միթե դրա վրա խոսել, — պատասխանեց նա` ուսերը արհամարհական կերպով շարժելով. — մեր տերտերները խո գիտեք ի՜նչ են...

Մեր հյուրընկալը երևաց և բավական ծանր, լրջահայաց մարդ: Ասլանը խոսում էր նրա հետ քաղաքի մասին, հարցնում էր, թե որքան բնակիչ ունի, որքանը մահմեդական է, որքանը հայեր են, քանի եկեղեցի ունեն, քանի դպրոց ունեն: Նա բոլոր հարցերին բավական ճիշտ տեղեկություններ էր տալիս:

Մահմեդականների հետ ձեր հարաբերությունները ի՞նչպես են:

Ի՜նչպես պետք է լինի, — պատասխանեց նա տխուր ձայնով. — կողոպտում են, չենք բողոքում, հայհոյում են, ձայն չենք հանում, թքում են մեր երեսին, համբերում ենք, և այդպես կառավարվում ենք միմյանց հետ: Եվ ասում են, թե հայն ու տաճիկը լավ են «յոլա գնում»...

Այդ միջոցին Արփիարը գլուխը վեր բարձրացրեց իր պառկած տեղից և, դառնալով դեպի տան տերը, ասաց.

Ձեր հայտնած թվանշանները ինձ համար շատ հետաքրքիր են. մոտավորապես քանի՞ տուն են հաշվում այդ քաղաքում:

Մոտավորապես 2,500 տուն, որոնցից հազար տունը հայեր են, մնացածը` քուրդ և տաճիկ:

Ո՞րքան գյուղ կա Մուշի ամբողջ դաշտում:

Հայաբնակ գյուղերը 100 կարելի է հաշվել, իսկ մի 8 կամ 10 գյուղ քրդաբնակ են:

Հայաբնակ գյուղերի յուրաքանչյուրը միջին թվով քանի՞ տուն կունենա:

Յուրաքանչյուրը միջին թվով կունենա 70 տան:

Ուրեմն 100 գյուղը 7.000 տուն: Իսկ յուրաքանչյուր տունը ո՞րքան հոգի կարելի է հաշվել:

Յուրաքանչյուր տունը 10 հոգի կարելի է հաշվել:

Դա շատ չի՞ լինի:

Ոչ, շատ չի լինի, որովհետև մեր գյուղերում այնպիսի ընտանիքներ կան, որ 20, 30 կամ ավելի անդամներից են բաղկացած:

Այսուամենայնիվ 10 հոգի մեծ թիվ է: Ընդունենք այդպես և կստանանք հետևյալ թվանշանները: Ամբողջ Մուշի դաշտի մեջ 100 հայաբնակ գյուղ, 7.000 տուն և 70.000 բնակիչ: Եվ եթե դրա վրա ավելացնենք քաղաքի 1.000 տան բնակիչները, ընդամենը կլինի 80,000 բնակիչ:

Բայց դուք այն հարցրեք, — նկատեց մեր հյուրընկալը, — թե այդքան բնակիչներից ո՞րքանն է իր հայրենի հողի վրա բնակվում: Կարելի է ասել, որ կես մասը պանդխտության մեջ է ապրում:

Պանդխտության մեջ ի՞նչ են շինում:

Համալություն են անում:

Անբա՜խտ Տարոն, — բացականչեց վշտացած երիտասարդը տխուր ձայնով, — քո գյուղացին առաջ գնում էր օտար երկրում կայսր էր դառնում, իսկ հիմա գնում է համալ է դառնում...

Մեր հյուրընկալի բարի աչքերը զարմանքից լայնացան: Զարմացա և ես:

Ինչո՞ւ եք զարմանում, — դարձավ նա դեպի մեզ, — հունաց երեվելի Վասիլ կայսրը, որ Կ.Պոլսում գահ նստավ 867 թվին, Տարոնի Թիլ ավանիցն էր: Նրա թոռ Կոստանդին Պերփեռուժեն կայսրը նույնպես նշանավոր եղավ, որպես իր պապը, և գրեց նրա պատմությունը, որ լի է բազմաթիվ մեծագործություններով: Հայաստանը շատ կայսրներ ու մեծ զորապետներ է տվել թե՛ Հռոմին և թե՛ Բյուզանդիային, ուր նրա որդիները այժմ գնում են, համալություն են անում:

Ճրագի լույսը լուսավորում էր նրա գունաթափ դեմքը, որի վրա հայտնվեցավ մի թեթև կարմրություն: Նա հանեց ծոցի գրպանից մի փոքրիկ գրքույկ, ինչպես բողոքականի քարոզիչը ամեն դեպքում դուրս է բերում ծոցի ավետարանը: Նրա ձեռքերը զգալի կերպով դողում էին: Երևում էր, որ մեր հյուրընկալի հաղորդած թվանշանները ավելի գրգռեցին նրա տխուր զգացմունքները: Մենք ամենքս նայում էինք նրա երեսին: Նա թերթում էր փոքրիկ գրքույկը և մատիտով մի պատառ թղթի վրա նշանակում էր իր դիտողությունները: Երբ վերջացրեց, գլուխը վեր բարձրացրեց, ասելով.

Ի՜նչ մեծ տարբերություն... այդ սարսափելի՜ է:

Ասլանը այնպիսի հիացմունքով նայում էր նրա վրա, ինչպես մի մեծ եղբայր, որ ուրախանում է կրտսերի առաջադիմությամբ:

Երիտասարդը դարձավ դեպի մեր հյուրընկալը:

Մեր հին պատմաբաններից մեկը, Զենոբ Գլակը, թողել է մեզ մի քանի հետաքրքիր թվանշաններ, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքան մեծ բազմամարդություն է ունեցել Տարոնը առաջ և որքան փոքրացել է նրա բնակիչների թիվը այժմ: Պետք է գիտենաք, որ Զենոբ Գլակը Լուսավորչի ժամանակակից էր և նրա նշանավոր եպիսկոպոսներից մեկը, որին Լուսավորիչը Տարոնի Ս. Կարապետ վանքի առաջին վանահայր կարգեց: Եվ որովհետև Զենոբ Գլակը գործակից եղավ Լուսավորչին այդ վանքի կառուցանելու ժամանակ, այդ պատճառով վանքը կոչվեցավ և Գլակա վանք: Այդ վանքը այսօր էլ կա և ոչ միայն Տարոնի, այլ ամբողջ Հայաստանի ամենանշանավոր վանքերից մեկն է: Էջմիածնից հետո նրան կարելի է դնել: Գուցե ձեզ հայտնի է, որ Ս. Կարապետի վանքը առաջ մի կռատուն էր, հնդկացի գաղթականներից ամենահին ժամանակներում հիմնված: Լուսավորիչը այդ կռատունը քանդեց և նրա տեղում Ս. Կարապետի վանքը հիմնեց: Այդ բոլորը ասում եմ ձեզ, որ այդ վանքի մասին փոքր-ինչ պատմական գաղափար ունենաք, բայց բանը դրանում չէ: Ս. Կարապետի վանքը, դեռ կռատուն եղած ժամանակ, ուներ իր շրջակայքում տասնևերկու գյուղեր, իբրև վանական սեփականություն: Երբ կռատունը քրիստոնեական տաճարի փոխվեցավ, Լուսավորիչը նույն գյուղերը դարձյալ թողեց, որպես նույն վանքի ժառանգություն: Դժբախտաբար Զենոբը իր գրքի մեջ հիշյալ տասներկու գյուղերից միայն յոթնի անուններն է հիշում, բայց այդքանը ևս շատ բան է ապացուցանում այն ժամանակի վիճակագրության համար: Ես կկարդամ ձեզ նրանց անունները, թե յուրաքանչյուրը քանի երդ, այսինքն ծուխ ուներ, և որքա՛ն զորք կարող էր դուրս բերել պատերազմի ժամանակ:

Նա սկսեց փոքրիկ թղթի պատառի վրա կարդալ յոթն գյուղերի անունները, որ դուրս էր բերել Զենոբի գրքից:

1. Կուառս ուներ 3.012 երդ կամ ծուխ, 1.500 հեծյալ, 2.200 հետևակ զորք: 2. Մեղդի` 2.080 երդ, 800 հեծյալ, 1.030 հետևակ: 3. Խորտում` 900 երդ, 400 հետևակ: 4. Խորնի` մեր Մովսես Խորենացու ծննդավայրը 1.906 երդ, 700 հեծյալ, 1.008 հետևակ: 5. Կեղք` 1.600 երդ, 800 հեծյալ, 600 հետևակ: 6. Պարեխ` 1.680 երդ, 1.030 հեծյալ, 600 հետևակ: 7. Բազում` 3.200 երդ, 1.040 հեծյալ, 8.040 աղեղնավոր, 600 տեգավոր, 280 պարսավոր:

Ուրեմն 7 գյուղը ունեցել է 14.378 երդ կամ ծուխ: Եթե յուրաքանչյուր ծուխը հաշվելու լինենք 10 հոգի, ինչպես հաշվեցինք Մուշի գյուղորայքի այժմյան ծուխերը, կստանանք 143.780 հոգի: Կնշանակե` հին Տարոնի միայն յոթն գյուղը ունեցել է 63.780 բնակիչ ավելի, քան թե ունի այժմյան ամբողջ Տարոնը իր բոլոր գյուղերով և Մուշ քաղաքով: Դա սարսափելի՜ տարբերություն է, — կրկնեց նա, — դա մինչև անգամ անհավատալի է թվում: Բայց ես բոլորովին հավատում եմ Զենոբի թվանշաններին, նա չափազանց ճշմարտասեր մարդ էր: Բայց ո՜րքան ուրիշ շատ գյուղեր, ավաններ և քաղաքներ կային այն ժամանակ Տարոնում...

Նա լռեց, թախծալի մռայլը կրկին պատեց նրա պայծառ դեմքը:

Հիշյալ յոթն քրմական ավանագյուղերը ունեին 20.708 հետևակ և հեծելազոր զինվորներ: Բավական մեծ ուժ է մի մեհյանի համար: Մի կռվի մեջ միայն քուրմերը դուրս բերեցին Լուսավորչի դեմ 6.946 զինված մարդիկ: Եվ այդ էր պատճառը, որ առանց արյունահեղության չկատարվեցավ կրոնական մեծ հեղափոխությունը Տարոնում:

Մեր հյուրընկալը խորին ուշադրությամբ լսում էր ոգելից երիտասարդի խոսքերը: Ինձ համար ևս շատ հետաքրքիր էին նրա հաղորդած նոր տեղեկությունները Տարոնի մասին, թեև շատ բան առաջուց ինձ պատմել էր նույնպես և Ասլանը:

Ասլանը այդ միջոցին գտավ այն նամակը, որ որոնում էր և, դառնալով դեպի մեր հյուրընկալը, հարցրեց.

Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն, — նա կարդաց նամակի հասցեն:

Մեր հյուրընկալի լուրջ դեմքի վրա խաղաց մի թեթև ժպիտ և, նամակը նրա ձեռքից առնելով, ասաց.

Այդ մարդը ես եմ: Անշուշտ Վանում հանձնած կլինեն ձեզ այդ նամակը:

Այո՛, մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսի նամակն է:

Մեր հյուրընկալը նամակը մոտեցրեց ճրագին, կարդաց և, վերջացնելուց հետո, ասաց.

Այդ նամակը, ինչպես երևում է, ուշացրել եք: Բայց ես դրանից առաջ մի այլ նամակ ևս ստացել եմ խոջա Թորոսից, համարյա միևնույն այդ բովանդակությամբ:

Ուրեմն դուք ճանաչեցի՞ք մեզ եկեղեցու բակում:

Ճանաչեցի: Ես ձեզ սպասում էի:

Ուրեմն պատրաստե՞լ եք, ինչ-որ գրել են ձեզ:

Ամեն ինչ պատրաստ է:

Շատ շնորհակալ եմ, — ասաց Ասլանը, ձեռքը մեկնելով նրան: — Ես առավոտյան պետք է գնամ Աստղաբերդը տեսնելու: Այնտեղից կգնամ Առաքելոց վանքը: Հետո կվերադառնամ ձեզ մոտ և այստեղից ճանապարհ կընկնեմ...

Մինչև ձեր վերադարձը ամեն ինչ պատրաստ կգտնեք ճանապարհի համար, — կրկնեց մեր հյուրընկալը:

ԼԱ

ԱՍՏՂԱ՛ԵՐԴ

Մյուս օրը, վաղ-առավոտյան, ես և Ասլանը, մեր հյուրընկալի ծառաներից մեկին մեզ հետ առնելով, ճանապարհ ընկանք դեպի Աստղաբերդ: Արփիարը ինչ-որ գործերի համար մնաց նրա տանը:

Չգիտեմ ինչո՞ւ, ես միշտ ուրախություն էի զգում, երբ Ասլանը տանում էր ինձ մի հին ամրոց կամ բերդ ցույց տալու: Նրանց ավերակները միշտ իմ վրա ազդու տպավորություն էին թողնում: Արդյոք նրա՞ համար, որ նրանց մեջ ես տեսնում էի անցյալ փառքի և զորության խորտակված հիշատակները, թե՞ նրա համար, որ նրանց մեջ ետևում էր ժողովրդի իշխանների կյանքը, սովորությունները և նրանց հարաբերությունները` թե յուրայնոց և թե օտարների հետ:

Այդ բերդի անունն անգամ ինձ համար հրապուրիչ էր. Աստղաբե՜րդ գեղեցիկ անուն է: Ասլանը ասում էր, Աստղկա-բերդ անվան փոփոխությունը պետք է լինի:

Ճանապարհը ոլորվում էր հարթ դաշտավայրի միջով: Ես և Ասլանը նստած էինք ձիաների վրա, իսկ մեր առջևից ոտքով գնում էր մեր առաջնորդը:

Ես այժմ միայն առիթ ունեցա Ասլանի հետ խոսել Արփիարի մասին: Այդ երիտասարդը ինձ խելքից հանել էր: Բայց դեռ չգիտեր` ո՞վ էր նա, ո՞րտեղից հայտնվեցավ, ի՞նչ նպատակով էր եկել Մուշ և այլն: Ասլանը ինձ շատ բան չասաց նրա մասին, բայց որքան էլ ասաց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը գոհացնելու համար: Ես տեղեկացա, որ նա բնիկ տրապիզոնցի էր, սովորել էր Վենետիկի Մխիթարյանների վանքում, ուսումնասիրել էր պատմություն, գլխավորապես հայոց պատմություն և հայոց լեզու, գիտեր և մի քանի հին ու նոր լեզուներ: Բայց ինչ որ ավելի զարմացրեց ինձ, նա կրոնով հայ-կաթոլիկ էր, և այնպես դառնացած կերպով խոսում էր հայ-կաթոլիկների մասին.

«Ահա՛ մի երկրորդ Ջալլադ, — մտածում էի ես, — նա կրոնով հայ բողոքական, բողոքում էր հայր-բողոքակաների հակաազգային հակումների դեմ, իսկ դա կրոնով հայ կաթոլիկ, բողոքում էր հայ կաթոլիկների հակաազգային հակումների դեմ: Բայց Ջալլադը քահանա էր, չլինի՞ թե դա ևս մի նորընծա աբեղա լիներ»:

Ո՛չ, — ասաց Ասլանը, — սկզբում թեև ուխտած է եղել կրոնավորական կարգը մտնել, բայց հետո թողել է:

Նա կմնա՞ այստեղ:

Կմնա:

Ի՞նչ պիտի շինե:

Պիտի գործե այստեղի հայ-կաթոլիկների մեջ:

Նա Վենետիկի վանքի կողմի՞ց է ուղարկված:

Ո՛չ, նա ազատ մարդ է, կգործե իր սեփական միջոցներով: Նա հորից բավական ժառանգություն է ստացել:

Եզվիտները չե՞ն հալածի նրան:

Կհալածեն: Բայց եթե հալածանքից մարդիկ վախենալու լինեին, պետք է ոչինչ չշինեին: Իսկ նա բավական քաջություն ունի իր գործի համար:

Քաղաքից մոտավորապես երկու ժամ ճանապարհի տևողությամբ գնում էինք դեպի արևելք, անցնելով մշակված դաշտերի և գեղեցիկ, կանաչազարդ հովիտների միջով: Հեռվից երևաց Աստղաբերդը: Նա կանգնած էր Տավրոսի թևքերից մեկի վրա և, կարծես, զայրացած դեմքով նայում էր դեպի իր առջևը դրված խորին ձորերը ու լայնածավալ հովիտները: Իմ սիրտը սկսեց դողալ: Մենք մոտենամ էինք հայոց դիցուհու ամրոցին: Այստեղ էր հյուրասիրում Տարոնի աստվածուհին մեր անպարտելի հսկաներից մեկին` Վահագնին: Այստեղ, գեղեցիկ աստվածուհու գրկի մեջ, հանգիստ էր առնում հսկան` իր ահռելի կռիվներից հետո վիշապների հետ: Սերը, գգվանքը, հեշտությունը ամոքում էին վաստակած քաջի խոնջությունը:

Երբ հասանք լեռան ստորոտին, մեր առաջնորդը ներքևում պահեց ձիաները, իսկ ես և Ասլանը սկսեցինք վեր բարձրանալ: Ամրոցի վիթխարի աշտարակներից մի քանիսը, բարձր պարիսպների մեծ մասը, դեռ կանգուն էին մնացել: Ներսի շինությունները փլատակների մի տխուր տեսարան էին ներկայացնում: Երևում էին զանազան վիմափոր սենյակներ, քարանձավներ, որոնք կիսով չափ կամ բոլորովին հողով լցված էին: Պարզ երևում էր, որ ոչ թե ժամանակը պարբերաբար մաշել, տրորել էր այդ գեղեցիկ ամրոցը, այլ նա միանգամից մի սոսկալի կործանման զոհ էր դարձել: Տեղ-տեղ հողի և քարակույտի տակից դուրս էին նայում այրված, ածուխ դարձած գերանների ծայրերը: Ակներև էր, որ մի ժամանակ կրակը այստեղ սարսափելի գործ էր կատարել:

Ասլանը նստեց մի քարի վրա, ուր մամուռը սփռել էր իր թավիշյա կանաչագույն գորգը: Նա հրավիրեց ինձ նստել իր մոտ: Վաղորդյան արեգակը լուսավորում էր նրա մտախոհ դեմքը: Ես երբեք չէի տեսել նրան այնպես ընկղմված մտածությունների մեջ: Մի քանի րոպե լուռ նայում էր նա փշոտ դժնիկի վրա, որ բուսել էր մի սյունի խորտակված պատվանդանի ճեղքից և իր մանր տերևներով ծածկում էր նրա հրաշալի քանդակները: Հետո դարձավ դեպի ինձ այդ խոսքերով:

Ես բերեցի քեզ, Ֆարհատ, այստեղ ոչ թե ամրոցը ցույց տալու համար, այլ բոլորովին այլ նպատակով: Մենք ամրոցներ, բերդեր, ավերակներ շատ տեսանք մեր ճանապարհորդության ժամանակ: Այնքանն էլ բավական էր քեզ` քո հայրենիքի մասին գաղափար տալու: Բայց ես քեզ բերեցի այստեղ, որ հենց կատարված տեղի վրա պատմեմ քեզ այն, ինչ որ մինչև այսօր ծածուկ է պահվել քեզանից, ինչ որ գուցե շատ անգամ զբաղեցրել է քո հարցասիրությունը: Այդ պետք է գիտենաս դու, որովհետև մենք շուտով բաժանվելու ենք միմյանցից...

Վերջին խոսքը նետի պես ծակեց իմ սիրտը: Ես ամբողջ մարմնով սոսկացի: Բաժանվել այն մարդից, որին այնքան սիրել էի, որին այնքան հարգում էի, որը այնքան մեծ ազդեցություն էր գործել թե իմ բնավորության և թե իմ զարգացման վրա, այդ անտանելի էր: Նա ժամանակ չտվեց ինձ մի բան ասելու և շարունակեց.

Ես թողնում եմ այդ բերդի հին պատմական ավանդությունները, թողնում եմ և դրա վրա պատմված ժողովրդական զրույցները, այդքանը միայն կասեմ, որ այդ բերդը պատկանում էր Տարոնի հայ իշխաններին, հետո կործանվեցավ Մահմեդի քեռորդի Աբդուռահիմից, երբ նա արշավեց դեպի Հայաստան: Այնուհետև ի՞նչ վիճակների է ենթարկվել, ինձ հայտնի չէ, միայն վերջին ժամանակներում նորոգեց այդ բերդը և բնակվում էր դրա մեջ քո և մեր ամենի բարերարը` որսորդ Ավոն:

Լսելով Որսորդի անունը, ինձ զսպել չկարողացա: Ես նստած էի այն ազնիվ, առաքինի մարդու ավերակների վրա:

Այդ նրա՞ ամրոցն է, — բացականչեցի ես, — այստե՞ղ կատարվեցավ այն սարսափելի կոտորածը, որով բնաջինջ եղավ նրա տունը, այստե՞ղ հայերի դավաճանությամբ ընկավ նա թշնամու սրերի տակ, այդ բոլորը տեսնում եմ, տեսնում եմ և հրդեհի հետքերը... բոլո՜րը տեսնում եմ...

Այո՛, այստեղ... — կրկնեց Ասլանը նույնպես զգացված ձայնով: — Բայց Որսորդի բնակության տեղերը նույնքան փոփոխական են եղել, որքան փոփոխվել է նրա անողորմ բախտը: Մի ժամանակ բնակվում էր նա Սասունի լեռների մեջ, մի ժամանակ` Մոգաց երկրում, իսկ վերջը` այստեղ: Ամեն տեղ շուտ հաջողվում էր նրան, բայց և ամեն տեղ աղետալի արկածներ պակաս չէին լինում նրանից: Կարծես այդ մարդը ծնված էր իր ամբողջ կյանքում ծանր պատահարների հետ պատերազմելու համար... Դու գիտես, Ֆարհատ, թե ի՜նչ անցյալ է ունեցել նա, դու գիտես, թե ո՛վ է նա և ո՛րպիսի տխուր հանգամանքներից ստիպված ընկավ նա Պարսկաստան: Կրկնել քեզ այդ ամենը ավելորդ է: Դու գիտես և այն, թե Պարսկաստանում որպիսի աղքատ կյանք էր վարում Աստղաբերդի տերն ու իշխանը, պահելով իրան բոլորովին անհայտության մեջ, մի հասարակ որսորդի անվան տակ: Բայց մի բան չգիտես դու, և այդ է, որ ա՛յժմ ես պետք է պատմեմ քեզ:

Ես բոլոր ուշադրությունս լարեցի. նա շարունակեց.

Դու, իհարկե, հիշում ես, Ֆարհատ, որ ես, Կարոն և Սագոն` երեքս միասին, թողեցինք տեր Թոդիկի դպրոցը և անհայտացանք: Անցան տարիներ, մեր հայրենիքում ոչ ոք տեղեկություն չուներ մեր մասին: Ամենքը մեզ կորած էին համարում: Բայց թե ո՞րտեղ էինք այդ ժամանակ, ի՞նչ էինք շինում, այդ դու չգիտես, ահա ա՛յդ է, որ պետք է պատմեմ քեզ, որովհետև դրա հետ կապ ունի այդ ամրոցի տիրոջ, Որսորդի առաքինության մի այլ կողմը, որ քեզ հայտնի չէ:

Նա մի քանի րոպե լուռ կացավ իր հիշողությունները ամփոփելու համար:

Այո՛... հենց նույն օրերում, երբ մենք թողեցինք տեր Թոդիկի դպրոցը, Սալմաստով անցավ մի ամերիկացի ճանապարհորդ, մի ծերունի գիտնական, որ զանազան ուսումնական նպատակներով ուղևորություններ էր անում Պարսկաստանում: Հիվանդության պատճառով նա մի քանի շաբաթ մնաց Սալմաստում: Մի դիպվածով նա ծանոթացավ Որսորդի հետ: Որսորդը լսելով, որ ծերունի ճանապարհորդը հետաքրքրվում է նաև հնություններով, ցույց տվեց նրան մի թուր, որ Բաղդադի հին խալիֆներից մեկի անունն էր կրում իր վրա: Ամերիկացին բավական նշանավոր գումար առաջարկեց այդ հազվագյուտ զենքը գնելու համար: Որսորդը մերժեց նրա արծաթը, հայտնելով, թե ինքը մեծ հաճությամբ կընծայե նրան այդ զենքը, եթե նա կընդունե կատարել իր մի խնդիրքը: Այդ խնդիրքը կայանում էր նրանում, որ ամերիկացին հանձն առներ ինձ, Կարոյին և Սագոյին տանել իր հայրենիքը և այնտեղ տալ մի որևէ դպրոցում ուսում առնելու: Ճանապարհի ծախքը և բոլոր ծախքերը` մինչև մեր ուսման ավարտելը` իր վրա էր առնում Որսորդը:

Փող նա ո՞րտեղուց ուներ, — ընդհատեցի ես Ասլանի պատմությունը:

Ուներ: Այդ բերդի կործանման միջոցին նրա գանձը մնաց ծածկված իր տեղում, թշնամու ձեռքը չընկավ: Տարիներից հետո, երբ նրա մասին ամեն ինչ մոռացվեցավ, երբ նրան ամենքը սպանված էին համարում, նա ուղարկեց Մըհեին այստեղ և, իր գանձը դուրս բերելով, փոխադրեց Պարսկաստան: Այդ թող մնա, նա փող ուներ... Ծերունի ամերիկացին սիրով ընդունեց Որսորդի առաջարկությունը, որովհետև նրա համար խավար, եվրոպական լուսավորությունից զուրկ Ասիայից երեխաներ տանել և ուսում տալ, այդ մի շատ մեծ բավականություն էր: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքերը, որ նա մեզ ընդունելու միջոցին ասաց Որսորդին. «Ես այդ սիրուն պատանիներին կտանեմ ինձ հետ, և դրանք ավելի մեծ հետաքրքրություն կպատճառեն իմ հայրենակիցներին, քան թե Ասիայից տարած իմ բոլոր հազվագյուտ իրեղենները»: Որսորդը համբուրեց մեզ, օրհնեց և ճանապարհ դրեց:

Իմ սիրտը դողում էր բարի նախանձից. ինչո՞ւ ինձ էլ չուղարկեց սրանց հետ, ինչո՞ւ ես էլ չգնացի լույսի և արհեստի աշխարհը, ինչո՞ւ ինձ թողեց բթանալու տեր Թոդիկի դպրոցում: Ասլանը շարունակեց.

Այդ պարոնին, որ տարավ մեզ, կոչում էին մստեր Ֆիշեր. նա ազգով անգլիացի էր և Նյու-Յորքի մի գիտնական ընկերության անդամ: Ամիսներ անցան, մինչև մենք անցանք Պարսկաստանը, Ավղանստանը, Հնդկաստանը և այնտեղից ծովային ճանապարհով հասանք Ամերիկա: Ավելորդ է ասել, թե ո՛րպիսի հայրական խնամք էր տանում մեզ վրա բարեսիրտ ծերունին այդ երկար, տաժանական ճանապարհորդության միջոցին, այդքանը միայն կասեմ, երբ հասանք Նյու-Յորք, մենք ամենքս շատ առողջ էինք: Իրավ, մեծ հետաքրքրություն շարժեցինք մենք այդ ամերիկական բազմամարդ քաղաքում մեր հագուստներով, մեր տիպերով, մեր սովորություններով: Գիտնական ճանապարհորդը իր հավաքած իրեղենների թվում դրեց և մեզ: Նա կազմել էր մի շարք դասախոսություններ իր ճանապարհորդությունների մասին, և նրա առաջին դասախոսության առարկան ներկայացնում էինք մենք: Դահլիճը լցված էր ունկնդիրների բազմությամբ, և դասախոսի ամբիոնի մի կողմում նստած էինք ես և Կարոն, իսկ մյուս կողմում` Սագոն և մի հնդկացի հայ տղա, որ նա վեր էր առել Ջավա կղզուց: Մեզ վրա նայում էին որպես մի անհայտ երկրից բերված վայրենիների վրա: Պերճախոս ճանապարհորդը խոսում էր և ձեռքով ցույց էր տալիս մեզ վրա: Նախ ընդհանուր գծերով նկարագրեց Ասիայի մտավոր խավարը, անկրթությունը և ժողովրդի թշվառությունը ուսման պակասության պատճառով: Հետո, մասնավորելով իր նկատողությունները, խոսեց հայոց ազգի վրա, թե ի՞նչ պատմական անցյալ է ունեցել նա, ի՛նչ նշանակություն է ունեցել Հռոմի և Բյուզանդիայի կայսրների ժամանակ, ինչ դեր է խաղացել խաչակրաց արշավանքերի ժամանակ, ո՛րքան պատերազմել է մահմեդականների դեմ և ինչ հասարակական պետք ունի ներկայումս: Իր դատողությունները առաջ տանելով, գիտնական դասախոսը այն եզրակացության հասավ, թե հայերը ընդունակ են լինելու մի հաջողակ միջնորդ` լուսավոր աշխարհների կրթությունը Ասիայում տարածելու: «Մենք մոտեցանք Ասիային մեր միսիոնարներով ու ավետարանով, — ասաց նա, — և դրանով ավելի զայրացրինք նրանց, որովհետև կրոնական ավանդապահությունը, դարերի ընթացքում, խիստ խորին արմատներ է ձգել նրանց մեջ: Մենք դիպանք նրանց հոգու և զգացմունքների ամենափափուկ լարերին և դրանով զզվանք հարուցինք նրանց մեջ` թե դեպի մեզ, և թե դեպի այն լույսը, որ տարածել էինք ուզում: Մենք մեր միսիոնարների ձեռքով կատարեցինք մի վատ ծառայություն՝ ուրիշի տան մեջ երկպառակություն ձգեցինք: Փորձենք ձեռք մեկնել Ասիային ճշմարիտ գիտության և լուսավորության առաքյալներով, այն ժամանակ, ես հավատացած եմ, որ նրանք կսիրեն մեզ: Թո՛ղ տանք կրոնի գործը իրանց: Ասիան, կրոնքների հեղինակը, գիտե իր համար նոր կրոնքներ ստեղծել, եթե այդ պետք է նրան»: Նա վերջացրեց իր դասախոսությունը այդ խոսքերով. «Ասիան տվեց մեզ գիտության նախագիտելիքները և ինքը ծերացավ անշարժության մեջ: Մենք նրա հառաջադեմ աշակերտներն ենք: Երախտագիտությունը պահանջում է, որ մենք տոկոսներով վերադարձնենք մեր ծերունի վարժապետին մեր ստացածը, որպեսզի նա դարձյալ մանկանա նոր աշխույժով և նոր կյանքով: Եվ ես այդ նպատակով բերեցի խորին Ասիայից այդ մանուկներին, որ այժմ զարդարում են իմ ամբիոնի շուրջը»... Խուռն ծափահարություն թնդացրեց ընդարձակ դահլիճը: Այդ միջոցին հանդիսականներից չորս հոգի մոտեցան դասախոսին, սեղմեցին նրա ձեռքը, առաջարկելով, թե իրանցից յուրաքանչյուրը կցանկանար մեզանից մեկին որդեգրել և իր հաշվով ուսում տալ: Ինձ վեր առեց մի այրի կին: Կարոյին վեր առեց մի կալվածատեր. Սագոյին վեր առեք մի գործարանատեր, իսկ Ռափայելին, այդպես էր հնդկացի պատանիի անունը, վերառեց մի արհեստավոր:

Մենք բաժանվեցանք, բայց կիրակի և տոն օրերին տեսնվում էինք միմյանց հետ: Իմ բարերարուհին հայտնվեցավ մի շատ բարեպաշտ և առաքինի կին: Նա ամուսնից բավական մեծ ժառանգություն էր ստացել, և այդ ժառանգությունը պետք է մնար նրա երկու աղջիկներին, որոնցից մեկը տասնևվեց տարեկան էր, իսկ մյուսը տասնևութ տարեկան: Նրա աղջիկները մոր քնքուշ սիրտն էին կրում: Բարեպաշտ կինը ամեն հնար գործ էր դնում, որ ես հայրենիքի կարոտություն չզգամ, որ միշտ ուրախ լինեմ: Նրա գութը ավելի եղավ դեպի ինձ, երբ իմացավ, որ ես մի որբ տղա եմ, երեխայությունից զրկված եմ եղել իմ ծնողներից: Մի օր ամբողջ քաղաքը որոնել էր նա և վերջապես գտել էր մի զմյուռնացի հայ ընտանիք: Այդ ընտանիքի հետ ծանոթացավ նա, խնդրում էր միշտ իր տունը հաճախել, միայն ինձ հաճեցնելու համար, որպեսզի ես հայեր տեսնեմ և ինձ միայնակ չզգամ: Համարյա ամեն կիրակի Կարոն, Սագոն, Ռափայելը և այդ հայ ընտանիքը բոլորում էին նրա սեղանի շուրջը, և նա ուրախությունից չգիտեր, թե որպես գոհացներ իր հյուրերին: Նա խնդրում էր մեզ հայերեն խոսել և ինքը մեծ բավականությամբ լսում էր, ասելով, թե մեր լեզվի մեջ գտնում է շատ ախորժելի հնչյուններ: Նա սիրում էր լսել և հայոց երգեր, և շատ անգամ մեզ երգել էր տալիս հայ պանդուխտի երգը.

Հաջորդ էջ