Րաֆֆի՝   Կայծեր, մաս 2

Շնորհակալ եմ, ես էլ գիտեմ, որ ձեզ ոչինչ չի պակասի, երևում է, որ դուք շատ հարուստ եք, բայց ես փեշքեշներ ընդունելու սովորություն չունեմ:

Ասիական վաճառականների սովորությունն է այդ, երբ մի բան գնելու լինես, նախ կասե. «Տար, փող մի տուր, թող քեզ ընծա լինի»: Իսկ երբ փող առաջարկես, սարսափելի գներ կպահանջեն: Նույնպես վարվեցան և մեր հայ վաճառականները:

Չե՞ք հավատում, հարգելի բժշկապետ, — ասում էր մահտեսի Թորոսը, — եթե չեք հավատում, հարցրեք խնամի Մկոյից, նա իր աչքով տեսավ, որ մի ընկլիս այդ ցուլի գլխին հիսուն կարմիր ոսկի տվեց, բայց ես չտվեցի: Այդպես չէ՞, խնամի Մկո:

Հոգիս վկա, ճշմարիտ է ասում, — պատասխանեց խնամի Մկոն, ձեռքը տանելով դեպի կուրծքը և դնելով իր հոգու վրա:

Բայց որքան պետք էր հավատալ խնամի Մկոյի հոգուն, որը այդպիսի երդումների մեջ այնքան շատ էր գործածվել, որ բոլորովին մաշվել էր: Միայն ծիծաղելին այն էր, երբ Ասլանը վեր առեց մի քանի իրեղեններ, որոնք խնամի Մկոյին էին պատկանում, դա էլ իր կողմից վկա կանչեց մահտեսի Թորոսին, որ նա իր աչքով տեսել էր և իր ականջով լսել էր, որ մի ֆրանկ ահագին գումարներ էր առաջարկել, բայց նա չէր ընդունել:

Թող Երուսաղեմի սուրբ տաճարի մեջ իմ տեսած լույսը աչքերս կուրացնե, թող ես Քրիստոսի մեխ խփողներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, — պատասխանեց մահտեսի Թորոսը, — ֆրանկը ահագին գումարներ առաջարկեց, բայց նա չընդունեց:

Ես մի հասարակ բժիշկ եմ, ես մեծ գումարներ չունեմ, — ասաց Ասլանը, իր ընտրած իրեղենները նրանց հետ տալով:

Ինչո՞ւ եք նեղանում, հարգելի բժշկապետ, — ձայն տվեցին երեք կողմից, — խնդրում ենք, եթե կամենում եք, վեր առեք, ձեզանից ո՞վ է փող ուզում:

Ասլանը այս անգամ այլևս չկարողացավ զսպել իր անհամբերությունը և ասաց.

Չգիտեմ ի՛նչ անել ձեզ հետ, երբ կամենում եմ մի բան վեր առնել, ահագին փողեր եք պահանջում, իսկ երբ ցած եմ դնում, առաջարկում եք ձրի ընդունել:

Այժմ սկսեցին նրանք այլ լեզու բանեցնել, սկսեցին խեղճ ձևանալ, որ պարոն բժշկապետի կարեկցությունը դարձնեն իրանց վրա, ասելով. աղքատ ենք, ընտանիքի տեր ենք, «անօրենի» ձեռքում գերի ենք, մեր հույսը դրել ենք այդ իրեղենների վրա, այդ պատճառով ստիպված ենք այդպես էժան, շա՛տ էժան վաճառել: Նրանք մինչև անգամ ակնարկեցին, եթե գնող լիներ, ավելի մեծ ուրախությամբ պատրաստ կլինեին իրանց զավակները վաճառել և չզրկվել այնպիսի հազվագյուտ իրեղեններից, որոնց համար, եթե լավ «մուշտարի» պատահի, կարող են ահագին գումարներ ստանալ, միայն կարիքը և չքավորությունը ստիպում է նրանց վաճառել:

Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:

Այլևս ի՞նչ ունեք ասելու, — հարցրեց Ասլանը:

Ձեր ողջությունը... ի՜նչ պիտի ունենանք ասելու, — պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:

Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:

Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, — նկատեց Ասլանը ծիծաղելով:

է՜հ հարգելի բժշկապետ, — պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, — գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:

Չգիտեմ:

— «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»...

Այդ ես հասկանում եմ...

Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:

Բերեցեք:

Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:

Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, — ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, — շատ չա՜րն ես եղել...

Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.

Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:

Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:

Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.

Չե՞ք ճանաչում, մեր քաղաքի ամենահարուստ վաճառականներիցն են: Խոզն այնքան ճարպ չունի, որքան դրանք ոսկիներ ունեն:

Վերադառնալով սենյակը, Ասլանին սաստիկ վրդովված դրության մեջ գտա: «Ո՜րքան ցածություն... ո՜րքան ստորություն»... ասում էր նա և զայրացած կերպով անցուդարձ էր անում սենյակի մեջ:

Գիտե՞ս, այդ մարդիկը Վանի ամենահարուստ վաճառականներից էին, — ասացի նրան:

Ես տարակույս չունեմ, որ ճշմարիտ է: Ասացեք խնդրեմ, — դարձավ նա դեպի ինձ, — ի՞նչ գաղափար կկազմեի ես հայերի մասին, եթե իսկապես եվրոպացի լինեի: Ահա այդ գարշելի արարածներն են, որ խայտառակում են ամբողջ ազգը, ահա դրանց հանդիպելով եվրոպացին հայոց ամբողջ ժողովրդի վրա վատ կարծիք է կազմում:

Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց, ասելով.

Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք:

Ինչո՞ւ:

Բոլորը կեղծ է:

Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում:

Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի: Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը:

Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ:

Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ:

Ինչո՞ւ, այդ ի՛նչ խելք է:

Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ:

Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից:

Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և, որտեղ հարկն է, կմատնեին ինձ:

Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե՞ս նրանց:

Կընդունեմ և դարձյալ կգնեմ:

Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ:

Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ:

է

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Մենք պատրաստվեցանք գնալ հայոց առաջնորդի մոտ:

Սրբազանի մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ, — ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով, — նրան պետք է մի որևիցե ընծա տանել:

Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.

Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում

Բայց դու փաշային առանց ընծայի ներկայացար:

Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն:

Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը: Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք: Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը...

Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն:

Հոգևոր առաջնորդի բնակարանը, թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն:

Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը: Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու:

Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց տվեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ:

Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա:

Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով: Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում, նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասնում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի փափուկ մինդար, որ պատած էր սև թավիշով. նրա վրա նստած էր սրբազանը, նրա վրա նստացրեց նաև իր հյուրին: Հիսուն տարեկան հազիվ կլիներ սրբազանը, միջահասակ մարդ էր փառավոր սև մորուքով, որ դեռ նոր էր սկսել ճերմակել, և ծանր, լուրջ նայվածքով, որբ խիստ հարմարվում էր նրա աստիճանին: Գլուխը սովորաբար փոքր-ինչ կորացրած էր բռնում և տակից նայելու համեստությունն ուներ: Հագել էր երկար, ընդարձակ փարաջա սև ատլասից, որի մետաքսյա կարմիր աստառով պատած լայն թևքերը երևան էին հանում նրա գեղեցիկ թևնոցները, որ պատրաստված էին վարդագույն թավիշից և կապված էին արծաթյա կոճակներով: Աջ ձեռքում բռնած ուներ երկար «տեր-ողորմյա» դեղին սաթից, խոշոր հատիկներով, որի մի մասը փաթաթել էր բազուկի վրա: ճկույթի վրա փայլում էր եպիսկոպոսական ոսկի մատանին, ահագին վարդագույն քարով: Այդ պատկառելի անձնավորությունը միացնում էր իր մեջ կրոնավորի անձնավորությունը և իշխանավորի փառահեղությունը:

Ի՞նչ լեզվով կարող եմ ձեզ հետ խոսել, պարոն բժշկապետ, — հարցրեց սրբազանը, — ես դժբախտաբար եվրոպական ոչ մի լեզու չգիտեմ:

Ես արևելյան համարյա բոլոր լեզուներով խոսում եմ, բացի հայերենից, — պատասխանեց Ասլանը տաճկերեն լեզվով:

Այդ շատ լավ է, որ եվրոպացիք, երբ գալիս են դեպի մեր կողմերը, գիտեն տեղային լեզուներ. դա միջոց կտար նրանց ավելի լավ ծանոթանալ երկրի հետ: Բայց դուք, պարոն բժշկապետ, որպես ինձ ասեցին, եկած եք մեր քաղաքը գլխավորապես բևեռագիրները քննելու նպատակով. առանց հայերեն գիտնալու, իմ կարծիքով, դժվար կլիներ ձեզ որևիցե գաղափար կազմել մեր բևեռագրերի մասին:

Ձեր նկատողությունը բոլորովին ճիշտ է, սրբազան հայր, բայց ինձ անծանոթ է հայոց միայն կենդանի բարբարը, որով այժմ խոսում են, իսկ հին լեզուն ես բավականաչափ ուսումնասիրել եմ:

Ներեցեք, խնդրեմ, իմ անտեղի հետաքրքրությունը, ո՞րտեղ սովորեցիք այդ լեզուները:

Ես բավական ժամանակ եղել եմ Հնդկաստանում, այնտեղ սովորեցի պարսկերենը և հայոց հին լեզուն. հետո ապրում էի Եգիպտոսում, այնտեղ սովորեցի արաբերեն և տաճկերեն:

Դա մի մեծ հարստություն էայդքան լեզուներ գիտենալ, — ասաց սրբազանը մի առանձին բավականությամբ: — Դուք, պարոն բժրշկապետ, սովորած լինելով արևելյան լեզուներ, իհարկե, ընտելացած կլինեք և արևելյան սովորություններին:

Այդ դուք տեսնում եք, սրբազան հայր, — պատասխանեց Ասլանը ծիծաղելով, — տեսնում եք՝ ինչպես ծալապատիկ նստած եմ մինդարի վրա:

Սրբազանը նույնպես ծիծաղեց:

Մի մանկահասակ պատանի, լավ հագնված, բավական գրավիչ դեմքով, ներս մտավ, մի ձեռքում բռնած արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում՝ արծաթյա փոքրիկ մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Այդ բոլոր հրապուրիչ անոթները, անուշահոտ ըմպելիքով, չափազանց մաքրությունից փայլում էին: Պատանին ծանրությամբ մոտեցավ, ածեց սև հեղուկը, նախ տվեց հյուրին և ապա սրբազանին: Սուրճից հետո մի այլ պատանի ներս բերեց արծաթյա նարգիլեն: Այդ բոլորը, եթե կարելի է այդպես ասել, բավական փաշայական էր, բավական նման էր փաշայի տան հյուրասիրության ձևերին:

Հիմա ես բոլորովին համոզվեցա, պարոն բժշկապետ, — ասաց սրբազանը, — որ դուք բավական ընտելացած եք մեր սովորություններին:

Ես մինչև անգամ սիրում եմ արևելյան սովորությունները, — պատասխանեց Ասլանը, նկատելով, որ սրբազանի հարցմունքները քննական ձև են ստանում: — Երբ ես վերադառնում եմ իմ հայրենիքը, իմ ամենալավ ընծաները իմ ընտանիքին լինում են արևելյան գորգեր, շալեր, արևելյան կարասիք: Մի սենյակ իմ տան մեջ, ուր ես պարապում եմ, զարդարված է բոլորովին արևելյան ճաշակով: Արևելքը հրապուրիչ է, սրբազան հայր, նա անփառասեր կրոնավորների վրա անգամ ունենում է իր ազգեցությունը:

Ինչպես ինձ վրա, պարոն բժշկապետ, — պատասխանեց սրբազանը, հասկանալով իր խոսակցի խուլ ակնարկությունը: — Ես, պարոն բժշկապետ, հետևում եմ մեր նշանավոր պատրիարքներից մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորության եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:

Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.

Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:

Մինչև անգամ հարկավոր է, — ավելացրեց սրբազանը, — այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում...

Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, — խոսքը փոխեց Ասլանը:

Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր նմանը չունի: Նա բոլորովին հիացած է ձեզանով, պարոն բժշկապետ, նա ձեզ Լողմանի հետ է համեմատում. ձեր սակավաժամանակյա բժշկությունը թե՛ փաշայի վրա և թե՛ նրա որդու վրա մեծ օգուտ է բերել: Քանի օր նրա մոտ էի, միշտ ձեզ վրա էր խոսում, և միշտ այն էր հարցնում, թե ի՞նչով կարող է երախտամատույց լինել ձեզ:

Ես նրան մի մեծ ծառայություն չեմ արել, — պատասխանեց Ասլանը, — բայց պատրաստ կլինեի, եթե իմ ժամանակը ներեր, ավելի մեծ ծառայություններ անել, որովհետև նա արժանավոր մարդ է, և մանավանդ որ դուք այդքան գովում եք:

Ճշմարիտ է, արժանավոր մարդ է և գովության արժանի է, — կրկնեց սրբազանը:

Ուրեմն ժողովուրդը պետք է շատ գոհ լինի մի այդպիսի լավ կառավարչից:

Ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց...

Վերջին բառը արտասանելու միջոցին սրբազանի աչքը ընկավ իմ երեսին, և նա ընդհատեց իր խոսքը: Ասլանը, այդ նկատելով, ինձ նշան արեց, որ հեռանամ: Ես դուրս եկա նախասենյակը և նստեցի դռան մոտ: Նրանց խոսակցությունը պարզ լսելի էր և այնտեղ:

Դուք մի բան էիք ուզում ասել, սրբազան:

Այո, այն էի ուզում ասել, որ ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց մեր մեջ այժմ դուրս են եկել մի տեսակ խենթ ու խելառ նորելուկներ, որոնք, ամենահիմար ցնորքներով ոգևորված, ազատության հրապույրներով հուզմունքներ են հարուցանում ժողովրդի մեջ և միամիտներին մոլորեցնում են: Եվ այդ` երիտասարդություն կոչված, ցնորամիտ փոքրամասնությունն է, որ դժգոհ է տիրող կառավարությունից: Ցավալին այն է, որ նրանց դժգոհությունը արտահայտվում է այնպիսի ապօրինի և հանցավոր եղանակներով, որ, ոչինչ լավ արդյունք չունենալուց հետո, մեծամեծ վնասների և կորուստների պատճառ է դառնում:

Ո՛րպիսի վնասներ, — հարցրեց Ասլանը:

Այդքանն էլ մեծ վնաս և մեծ կորուստ պետք է համարել, պարոն բժշկապետ, որ մենք կորցնում ենք մեր բարեխնամ կառավարության աչքում մեր հավատարմությունը, որ ստացել ենք կարևոր, անձնանվեր ծառայությամբ: Մեր ժողովուրդը մի քանի խելագարների պատճառով կասկածավոր է դառնում կառավարության աչքում:

Մի՞թե կա հայերի մեջ այդ տեսակ երիտասարդություն, — հարցրեց Ասլանը զարմացած կերպով:

Դժբախտաբար կա, բայց դեռ նոր է ծնվում, դեռ նոր է կազմակերպվում: Բայց թե՛ ես, որ իմ սուրբ պարտավորությունն եմ համարում, և թե՛ փաշան, որ նույնքան նախանձախնդիր է այդ գործում, ամեն ջանք պետք է գործ դնենք, որպեսզի այդ չարիքը քանդենք հենց իր ծնունդի մեջ:

Ասլանը ոչինչ չպատասխանեց և ինձ ներս կանչեց:

Ասացեք խնդրեմ, սրբազան հայր, — խոսքը փոխեց նա, — ձեր վանքերում չե՞ն գտնվում հին բժշկարաններ, դա ինձ համար, որպես բժշկի, շատ հետաքրքիր է: Հայոց բժշկարանները, ըստ մեծի մասին թարգմանված լինելով արաբականից, այժմ արաբերենի մեջ շատերի բնագիրը կորած է. ես մեծ հույս ունեմ հայերեն թարգմանությունների մեջ գտնել այն կորած գրքերը:

Գրչագիր բժշկարաններ կարելի է գտնել մեր վանքերում, — պատասխանեց սրբազանը, — ինձ ևս շատ անգամ պատահել է տեսնել: Կարելի է գտնել նաև մասնավոր տներում:

Իհարկե, ձեզ պետք է հայտնի լինեն այն վանքերը, որոնց մեջ ավելի մեծ թվով գրչագրեր են պահպանվել:

Ինչպես չէ, բոլորը հայտնի են, օրինակ, Վարագա վանքը, ծովի մեջ գտնված երեք կղզիները, որոնց յուրաքանչյուրի մեջ մի-մի անապատ կա, և ուրիշ շատ վանքեր, որոնք գտնվում են իմ վիճակի մեջ:

Դուք ինձ շատ կպարտավորեիք, սրբազան հայր, եթե կշնորհեիք ինձ մի թուղթ, որ ձեր թեմի մեջ գտնված վանքերում, որտեղ կպատահեր ինձ լինել, ցույց տային ինձ գրչագիրները: Ես նրանց չէի շարժի իրանց տեղից, բայց եթե իմ նպատակներին հարմար բան գտնեի, կխնդրեի, որ արտագրեն ինձ համար:

Մեծ ուրախությամբ: Ես կհրամայեմ հենց այսօր պատրաստեն այդ թուղթը: Նրա մեջ նշանակված կլինեն բոլոր վանքերի անունները, որոնց մեջ գտնվում են գրչադիրները:

Շատ շնորհակալ եմ, ձեր թուղթը ինձ համար միևնույն ժամանակ մի տեսակ ուղեցույց կլինի:

Սրբազանը հրամայեց երկրորդ անգամ սուրճ տան և կանչեց իր քարտուղարին:

Մինչև դուք մի անգամ ևս նարգիլե կծխեք, թուղթը պատրաստ կլինի:

Քարտուղարը հարկավոր պատվերը ստանալուց հետո գլուխ տվեց և հեռացավ: Ասլանը դարձյալ շարունակեց խոսել բժշկության վրա:

Եվրոպան, արևելքից սովորելով բժշկությունը, սկսեց բոլորովին մոռանալ իր վարժապետին: Հառաջադեմ աշակերտը, իրավ է, կարող է ավելի զարգանալ և իր սովորածը ավելի կատարելագործել, բայց հին վարժապետի մոտ դարձյալ շատ բան մնում է: Ես, օրինակ, հիացած եմ հայոց ժողովրդական բժշկությամբ: Ճանապարհորդությանս ժամանակը ըստ մեծի մասին խույս էի տալիս քաղաքներից, անցնում էի հայոց գյուղերով, ժողովրդի բժշկության եղանակները ուսումնասիրելու համար: Ինձ հաջողվեց մի քանի նշանավոր գյուտեր անել, որ մեր բժշկության մեջ բոլորովին անծանոթ են:

Ասլանը սուտ չէր խոսում. նա, իրավ, հետաքրքրվում էր ժողովրդական բժշկությամբ և նրա գրքերով, բայց այդ չէր նրա ճանապարհորդության իսկական նպատակը: Հանգամանքներից օգուտ քաղելու զարմանալի ընդունակություն ուներ այդ մարդը, և ավելի զարմանալի էր նրա մեջ այն ճարպկությունը, որ իր ցանկացած նպատակը հենց իր հակառակորդի ձեռքով կատարել կտար: Օրինակ, նա պետք է գնար Վարագա վանքը, և ինձ լավ հայտնի էր, թե ինչ նպատակով: Նրա այցելությունը այդ վանքին` կարող էր մեծ կասկած հարուցանել սրբազանի սրտում, որովհետև, ինչպես հետո կտեսնենք, նա Վարագա վրա շատ վատ աչքով էր նայում: Այժմ Ասլանը այնպես պտտացրեց գործը, որ ինքը սրբազանը նրան թուղթ տվեց Վարագ գնալու, թեև ես հավատացած էի, որ Վարագա գրադարանը նրան շատ չէր հետաքրքրում:

Ես կցանկանայի տեսնել նաև մի տեսակ աղ, որ պատրաստվում է Վանում, — ասաց նա:

Այդ աղը պատրաստվում է Ավան գյուղում, — պատասխանեց սրբազանը, — այստեղից շատ հեռու չէ գյուղը, ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է: Պատրաստում են ծովի ջրից, «բորակ» է կոչվում, այստեղ գործ են ածում լվացքի մեջ, մաքրելու զարմանալի զորություն ունի:

Նա բորակ չէ, — ասաց Ասլանը, — անկասկած մի այլ բաղադրություն պետք է լինի: Եթե իմ կարծած աղից լինի, որի մեջ տարակույս չունեմ, կարելի է հուսալ, որ այդ աղը ժամանակով կդառնա վանեցոց հարստության գլխավոր աղբյուրներից մեկը:

Հարստություններ շատ կան մեր երկրում, պարոն բժշկապետ, — ասաց սրբազանը ցավակցական եղանակով, — մեր հանքերը լի են արծաթով, զառիկով, պղինձով, մենք ունենք նավթի աղբյուրներ, առատ քարածուխ ևս գտնվում է մեր լեռներում, ուրիշ ի՜նչեր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթե ձեզ նման ճանապարհորդներ հաճախ այցելեին մեր կողմերում և ուսումնասիրեին երկիրը, մենք բախտավոր կլինեինք:

Այդ իրավ է, — ասաց Ասլանը և, նայելով ժամացույցին, ավելացրեց, — ներեցեք, սրբազան հայր, ես բավական ժամանակ խլեցի ձեզանից: Ճանապարհորդները առհասարակ սաստիկ շատախոս են լինում, բայց ես չափը անցա: Ձեր հաղորդած տեղեկությունները այն աստիճան թանկագին էին ինձ համար և գրավիչ, որ ես չէի կարող օգուտ չքաղել:

Շատ ուրախ եմ, պարոն բժշկապետ, — ասաց սրբազանը մի առանձին բարեսրտությամբ, — դուք ինձ մեծ բավականություն կպատճառեիք, եթե, որքան ժամանակ այստեղ կմնայիք, շուտ-շուտ տեսնվեինք, գուց՛ե ես կարող կլինեի ուրիշ ծառայություններով ևս պիտանի լինել ձեզ:

Շատ շնորհակալ եմ, սրբազան հայր:

Այդ միջոցին սրբազանը վեր կացավ, մտավ կից սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ, ձեռքում բերելով մի օտարոտի բան, որը առաջարկեց Ասլանին, ասելով.

Դուք ինձ շատ հարգած կլինեիք, եթե հիշատակի համար այդ չնչին նվերը ընդունեիք ինձանից և դասեիք ձեր հավաքած հնությունների կարգում:

Դա փոքրիկ թիակի ձևով մի գործիք էր փղոսկրից շինված: Նրա կոթը զարդարված էր ամենանուրբ քանդակներով, իսկ գլուխը կնոջ քնքույշ ձեռքի նմանություն ուներ, որի ափի մեջ երևում էին խարտոցի ատամների պես փափուկ խազեր: Ասլանը ձեռքում բռնած երկար նայում էր նրա վրա, հետո, երեխայի պես ուրախանալով, ասաց.

Ես այն աստիճան սիրահարված եմ հնությունների վրա, սրբազան հայր, որ եթե դուք չտայիք այդ գեղեցիկ ընծան, ես պատրաստ կլինեի մինչև անգամ գողանալ ձեզանից:

Իսկ ես ձեր այդ փոքրիկ մեղքը կներեի, որպես հոգևորական, — պատասխանեց սրբազանը նույնպես ուրախանալով:

Ուղիղն ասած, ես էլ չկարողացա զսպել ինձ, սկսեցի ծիծաղել այդ հանաքների վրա:

Ձեր ընծան որքան հիանալի է, սրբազան հայր, — ասաց Ասլանը, — բայց խոստովանում եմ, որ նույնքան ես վատ հնագետ եմ նրանշանակությունը հասկանալու համար: Բացատրեցե՛ք, խնդրեմ, դա ի՞նչ բանի է ծառայում:

Դա մեր վանական աբեղաների հնարած մի գործիք է, կոչվում է «տիրուհի», հենց այդ անվան մեջ է նրա նշանակությունը, որովհետև կատարում է նույն ծառայությունը, ինչ որ տան տիրուհին կատարում է ընտանիքի մեջ: Հայոց ընտանիքներում դեռ պահպանվել է վաղեմի սովորությունը, որ տան տիրուհին քորում է իր սկեսուրի, սկեսրայրի և մինչև անգամ հարգելի հյուրերի մեջքը, մաժում է նրանց ոտները և հանգստացնում է նրանց քնելու ժամանակ: Որովհետև աբեղաները զրկված են տիրուհիներից, հնարել են մի այսպիսի գործիք իրանց մեչքը քորելու:

Շատ սուր կատակ է աբեղաների կողմից, — խոսեց Ասլանը ժպտելով: — Ասացեք խնդրեմ, ո՞ր դարու գործ է այդ «տիրուհին»:

Պետք է տասներկուերորդ դարու գործ լինի, որովհետև այն կաթողիկոսը, որին ընծայված է եղել այդ «տիրուհին», ապրում էր տասներկուերորդ դարում, դա Դավիթն էր, որ Աղթամարա կաթողիկոսության սկիզբը դրեց:

Ասլանը, փոքր ինչ դժվարություն ցույց տալով, կարդաց հետևյալ մակադրությունը:

«Ի վայելումն Դաւթի Աղթամարայ սրբազնասուրբ կաթողիկոսի»: «Ի Հնդիկս»: — Ուրեմն Հնդկաստանի գործ է, երևում է, հայերը վեռ տասներկուերորդ դարում Հնդկաստանում գաղթականություն են ունեցել:

Այդ չգիտեմ, — պատասխանեց սրբազանը:

Ասացեք խնդրեմ, այս տեսակ «տիրուհիներ» մինչև այսօր գո՞րծ են ածվում ձեր վանքներում:

Այո՛, գործ են ածվում, մանավանդ այն վանքերում, ուր բոլորովին փակված կյանք են վարում:

Հիանալի գեղարվեստ կա դրա մեջ, — ասաց Ասլանը իսկապես հրճվելով, — այդ «տիրուհին» կարող է Եվրոպայի ամենանշանավոր մուզեումներից մեկի զարդը լինել, բայց ես ինձ մոտ կպահեմ, իբրև, թանկագին հիշատակ: Ուրեմն թույլ տվեցեք, սրբազան հայր, իմ կողմից ևս ձեզ մոտ մի փոքրիկ հիշատակ թողնել:

Ասլանը նայեց իմ երեսին, ես մոտեցա և քթախոտի փղոսկրյա տուփը, որ պահված էր գեղեցիկ պատյանի մեջ, դրեցի նրա առջև: Նա վեր առեց և տվեց սրբազանին, որ շնորհակալությամբ ընդունելով, ասաց:

Որքան անգամ այդ տուփը ձեռքս առնելու լինեմ, ձեր անունը օրհնությամբ կհիշվի իմ բերանում, պարոն բժշկապետ:

Ասլանը այլևս երկար չնստեց, երբ քարտուղարը պատրաստած թուղթը ներս բերեց: Սրբազանը կնիքը դրեց և ստորագրեց թուղթը, հետո իր ձեռքով տվեց Ասլանին: Նա շնորհակալությամբ ընդունեց թուղթը և, «տիրուհին» առնելով, վեր կացավ: Երբ սրբազանի աջը սեղմելով կամենում էր հեռանալ, նա կանգնեցրեց, ասելով.

Կիրակի գիշեր ինձ մոտ հյուրեր կլինեն, որոնց թվում կլինի փաշան և մեր քաղաքի մի քանի նշանավոր անձինք: Խնդրեմ, դուք ևս հարգեք մեր սեղանը:

Մեծ ուրախությամբ, — ասաց Ասլանը, և մենք դուրս եկանք:

Բակի դռան մոտ տեսանք քարտուղարին, որ դարան մտած կատվի պես սպասում էր մեզ:

Դրան պետք է մի բան տալ, — ասեցի Ասլանին:

Գիտեմ, — ասաց նա և, կանչելով քարտուղարին, դրեց նրա ափի մեջ մի հատ ոսկի:

Քարտուղարը, ի նշան իր շնորհակալության, բռնեց Ասլանի ձիու ասպանդակը, որ նա հեծնե: Ասլանը մերժեց այդ ցած ծառայությունը, որ վայել չէր նրա աստիճանին:

Ճանապարհին ես ասեցի Ասլանին.

Բավական քաղաքավարի մարդ երևաց ինձ սրբազանը:

Եվ հիմար մարդ չէ:

Ը

ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ

Առաջնորդարանից դուրս գալուց հետո մենք այլևս չվերադարձանք Այգեստան, որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ, ծովային աղերի պատրաստությունը տեսնելու համար: Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և առաջնորդի ամենևին կարոտություն չկա:

Մինչև կես օր դեռ բավական ժամանակ կար: Մենք դուրս եկանք Իսքալե-Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը: Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե-Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ: Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում է և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք: Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը: Խիստ հաճախ պատահում էինք խումբերով ուղևորների, որոնք զարմացած կերպով նայում էին եվրոպացու վրա և, գլուխ տալով, անցնում էին: Ճանապարհի եզերքին շատ անգամ տեսնում էինք մենավոր մարդիկ, որ, անշարժ նստած գետնի վրա, անխորհուրդ կերպով նայում էին անցուդարձ անողների վրա: Նրանց մոտ ուրիշ ոչինչ չկար, բացի անբաժան չիբուխից, որ դրած էր նրանց կշտին: Այդ անգործ, ծույլ, աննպատակ մարդիկը ժամերով այդպես անշարժ կնստեն և կնայեն, ինչի՞ համար, իրանք ևս չգիտեն: Եվրոպացու երևույթը խռովում էր և նրանց հանգստությունը. նրանք ևս ոտքի էին կանգնում, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և երբ մենք անցնում էինք, դարձյալ նստում էին ու նայում:

Մեզ պատահեց քուրդի քարավան: Դա հիշեցնում էր հովիվ ժողովրդի այն խորին, նախնական դրությունը, երբ բոլոր չորքոտանիներից ընտանիացրել էր նա կովին ու եզին միայն: Քարավանի ամբողջ գրաստները եզներ էին: Քուրդը նրանց վրա բարձել էր այն մթերքները, որ գնել էր քաղաքից. նրանց վրա նստացրել էր և իր կնոջը, մի երեխա գրկումը, մեկն էլ ետևում, մոր մեջքին կպած: Քարավանը դիմում էր դեպի նավահանգիստը: Առանց սանձի, առանց համետի, հլու և հնազանդ անասունները, դանդաղկոտ քայլերով, տանում էին իրանց ծանրությունները: Մտրակի կարոտ չէին նրանք, նրանց կառավարում էր տիրոջ ձայնը: Ճանապարհի ամբողջ լայնությունը, երկար տարածության վրա, լցված էր այդ խառնիճաղանջ բազմությամբ: Քայց երբ մենք մոտեցանք, քարավանը իսկույն երկու մասն բաժանվեցավ, մեզ ճանապարհ տվին, մենք մեջտեղից անցանք: Եվրոպացուն հանդիպելը գռեհիկ քուրդի մեջ անգամ մեծարանք էր ազդում:

Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա: Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը:

Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում. դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին: Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին: Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է: Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը, մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա:

Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց.

Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել: Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ փշրանքները այն հսկայական ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 հազար արհեստավորներ: Բայց Խորենացու նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է: Եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր: Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է: Նա ասում է. այդ քարերը մի աղջիկ է շարել միմյանց վրա: Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը:

Ծովը մեր առջևն էր: Միջօրեի պայծառ արեգակի լուսավորության ներքո սքանչելի տեսարան էր ներկայացնում նա: Նրա բարձր նկարչական եզերքը, պատած թուփերով և կանաչազարդ խոտերով, կամաց-կամաց ցած էին իջնում, միախառնվում էին ջրերի պարզ-կապուտակության հետ և, կազմելով մի հրաշալի պատկեր, կարծես ձգտում էին մրցել երկնքի ֆերուզայի գույն հստակության հետ: Սիփանը, ծովը շրջապատող լեռներից ամենաբարձրը, երևում էր իր վեհափառ գագաթով: «Վարդապետիկների» (կյո՜ւ-կյո՜ւների) ուրախ երամը, սուր վեղարները գլխներին, աղմկում էին օդի խաղաղությունը իրանց զիլ ձայներով: Ջրերի խորքերից, կիսալուսնաձև թևիկներով, թռչում էին նրանք դեպի ափերը: Այդ ուրախ, մշտազվարճ թռչունները կարծես այն աբեղաների ոգիները լինեին, որոնք, ձանձրացած իրանց մռայլ խուցերի տխրությունից, թողել էին Կտուց անապատի կղզին և սլանում էին դեպի աշխարհ, դեպի կյանքը, դեպի մարդկություն...

Next page