Րաֆֆի՝   Հուշագրություններ

Մի տղամարդ, էլբակիի որդիներից, տանում էր պարագլուխը. նա յուր ձեռին որպես դրոշակ փռփռացնում էր մի գույնզգույհ թաշկինակ, և նրան հետևում էր պարողների ամբողջ շղթայակապը: Պարելու հետ զուգընթաց նրանք հերթով երգում էին զանազան ջանիմաննեո: Այդ երգերի մեջ աղջիկներն և պատանիներն մրցում էին իրանց պարզ սրախոսություններով:

Ջանիմանը (իմ հոգի ասել է) մի տեսակ երգ է, որ յուր ձևերով շատ նման է այն երգերին, որոնք հայաստանում աղջիկներն երգում են վիճակի խաղերի ժամանակ, որոնք կոչվում են ջանգյուլում: Այս անունները առնված են այն խոսքերից, որ կրկնվում են երգի յուրաքանչյուր տան վերջում:

Ջանիմանը սկսում է պարագլուխը: Օհրինակ, նա առնում է. մի այսպիսի տեմա.

Ես տղա եմ մատղաշ,
Սև աչքերով ղալամղաշ,
Ի՛նչ անգութ ես, դու աղջիկ,
Ինձ անում ես սրտամաշ:
Նրան պատասխանում է մի աղջիկ...26
Ես աղջիկ եմ նազ կանեմ,
Էրված սրտեր մաղ կանեմ,
Ով որ չրգիտե սիրել,
Ես նրան տնազ կանեմ:

Այդպես շարունակվում են երգերը ամեն տողերի վերջում կրկնելով այդ քուրդերեն խոսքերը.

Ջանիման, ջանիման,
Ղիլբարե ման, ջանիման:

Հետևյալ ավուր կեսօրին մենք հասանք Հաղբակ, սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը: Միակ բանը, որ հետաքրքրեց ինձ, էր վանքի հնությունը, որ հասնում էր Լուսավորչի ժամանակներին» Պաշտելի՛ հնություն... միաբանների հնություն, ուսման և գիտության հնություն, մտքերի և կարծիքների հնություն... որք հասանում էին ծայրահեղ սնահավատության:

Այդ հնությունների միջից ես նախապատվեցի մի քանի քրքրված մագաղաթի գրչագիր մատյաններ, որոց համար մի քանի արծաթ տալով ծերունի վանահորը, ազատեցի վանքի անկյունների դարավոր փոշիների միջից:

ՆԱՄԱԿ ԺԱ

Մտնելով Հաղբակ27 իմ անցյալի նամակումս քեզ չհիշեցի, թե ես արդեն անցել էի Պարսկաստանի սահմանի գծեն: Որովհետև այդ երկիրը, որ քանի տարի առաջ տիրում էին, քուրդերը, այժմ պատկանում է Տաճկաստանին:

Բայց և այժմ այդ կողմերում քուրդերի թիվը սակավ չէ: Նոքա բաղկացած են զանազան ցեղերից, զանազան անուններով, որպիսի ենՇիկակ, Քարդար, Ռավանդ, Բիլբաստ, Հարքի և այլն: Այդ ցեղերը կառավարվում են յուրյանց ցեղապետներով և ներկայացնում են մարդկության առաջին ժողովուրդը, որ միայն ապրում էր անասնապահությամբ:

Նոքա չունին հաստատ բնակություն, չեն շինում տուներ, և լունին անշարժ կալվածք, այլ ապրում են տարաշրջիկ կյանքով:

Տարվա երեք եղանակներըգարունքը, ամառը և աշունը յուրյանց անասունների հետնոքա անցուցանում են լեռների արոտամարգերում, իսկ ձմեռը ապրում են բնակություն ունեցող ազգերի գյուղորայքում:

Վերջին հանգամանքը պատճառում է այս կողմերի հայերի գլխավոր նեղություններից մինը, երբ նոքա ստիպված են լինում ամեն ձմեռ յուրյանց փոքրիկ խրճիթներում տեղ տալ քուրդ ընտանիքների և նոցա անասուններին, որք ամենայն բարբարոսություն գործ են դնում սպառելու խեղճ գյուղացվոց ձմեռային պաշարը:

Քուրդերը կիսավայրենի ազգ են: Նոքա թեև սյունիտյան մահմեդական են, բայց չունեն ոչ գիր, ոչ գրականություն, այլ ապրում են ազգային ավանդություններով: Ավազակությունը, մարդասպանությունը, ոչ միայն մեղք է համարվում նոցա մեջ, այլ գերադասվում է որպես ազնիվ քաջագործություն: Մարդի արյունով յուր թուրը չներկած տղամարդը, և հափշտակության, կողոպուտի անընդունակը, համարվում է ծույլ և երկչոտ մարդ, որին ոչ մի աղջիկ չէր ցանկանալու յուրյան ամուսին ընտրել:

Առևանգած, այսինքն՝ բռնությամբ հափշտակված աղջիկը քուրդ տղամարդին վերաբերում է մի առանձին հերոսություն, մանավանդ իբր մի այդպիսի օրիորդը պատկանում էր այլ ցեղերին կամ օտար ազգերի: Այդպիսի բարբարոսական հերոսությանը զոհվում են ըստ մեծի մասին հայոց և ասորոց աղջիկները:

Արդարև, քուրդերը քաջ, հանդուգն և կրակոտ ազգ են: Քուրդը անկեղծ հյուրասիրությամբ պատվում է ամեն մարդու, որ ազգից և լիներ նա, երբ նա մտնում էր նորա չադրի մեջ, և մարդասիրաբար բաժանում է նորա հետ յուր աղուհացը: Իսկ եթե հյուրը հանդիպեր նորան չադրից հեռու, մի ձորի մեջ, նա պատրաստ էր կողոպտել, և մինչև անգամ սպանել նորան, եթե վերջինը գործ կդներ որևիցե ընդդիմադրություն պաշապանելու յուր կայքը:

Քուրդի ամեն մի ցեղերը ունին յուրյանց նահապետները, որին խոնարհվում են նոքա ամենայն սրբությամբ: Այդ նահապետը ընտրողական չէ, նա ծագում է նույն ցեղի ամենաազնիվ տոհմից, որ ժառանգաբար տիրում էր նորա վերա: Այդ նահապետը վճռում է ցեղի մեջ ծագած վեճերը, կռվի միջոցներում առաջնորդում է նորանց և ստանում է խաշնարածների ամեն մի գերդաստանից, ամեն տարի մի որոշյալ չափով յուղ, բուրդ, ոչխար: Այլև ցեղի ավազակները մասը պիտի հանեն նահապետին յուրյանց կողոպուտեն: Նայելով այդ ցեղերի և նոցա նավապետների վերա, ես հիշում եմ մեր հայկ նահապետը և տերությունների սկզբնական կազմակերպությունը:

Քուրդերը յուրյանց բնավորության և պարապմունքին հարմար բնակության տեղ են ընտրել Պարսկաստանի և Տաճկասաանի սահմանի գծի այս և այն կողմերը, սկսյալ Պայազետից մինչև Սուլեյմանի, մին ահագին տարածություն: Նոքա, Պարսկաստանից կողոպտելով վաճառականների ամբողջ քարավաններ, ավար հարկանելով ոչխարի և տավարների հոտեր, անցանում են սահմանից և պատսպարվում են Տաճկաստանում, և նույնը գործում են ընդհակառակն, այսինքն՝ Տաճկաստանից դեպի Պարսկաստան: Այդպիսի հարաբերությունները կրկնվում են ամեն տարի քանիցս անգամ, և երկու տերությանց սահմանապահ կառավարիչներն օգուտ քաղելով ավազակներից, ամենևին չեն արգելում նորանց:

Ալի-Աղայի, Օմար-Աղայի, Միրզա-Աղայի, այդ երևելի ցեղապետների ասպատակությունները հաստատուն փաստեր են ասածներիս:

Այդ կողմերի հայերը, մասամբ լեռնային երկրի բնակիչներ լինելով, և մշտապես պատերազմելով կյանքի գոյության համար, յուրյանց քաջությամբ և կենդանությամբ գերազանցվում են մինչև այսօր իմ տեսած հայերից Պարսկաստանում, որք տափակ երկրներում բնակվելով, բոլորովին ստրկացած են մահմեդական տարրի ճնշման ներքո:

Հայերը և հրեաները գյուղաքաղաքներում պարապվում են մանրավաճառությամբ և մի քանի արհեստներով, որպիսի են` ոսկերչություն, հյուսնություն, դերձակություն, իսկ գյուղորայքում՝ երկրագործությունով և անասնապահությամբ: Նոքա գիտեն յուրյանց անասունների բուրդից գործել հագուստի բոլոր պիտույքները, որոցմե պատրաստում են վերարկուներ (ապա), շալվարներ, քազախաներ, զանազան տեսակ օթոցներ, կապերտներ և այլն, որք վաճառքի նյութ ևս դառնում են: Այդ արհեստը կատարվում է ըստ մեծի մասին կանանց ձեռքով, որք և մանում են բուրդից թելեր և գործում են նորան:

Երկիրը սարոտ և լեռնային լինելով, նա չէ արդյունաբերում ուրիշ բերք, բացի ցորյան և գարի, միայն շատ հարմար է անասնապահության: Քուրդերը հասցնում են գեղեցիկ նժույգներ, որոնց մեջ նշանավոր է Մանաք և Հադուդ կոչված ցեղերը արաբական ազնիվ արյունից:

Հաղբակը ունի շատ գյուղորայք, և մի գյուղաքաղաք Բաշկալե (գլխտվոր բերդ) անունով, ուր հավաքում են նահանգից և շաբաթվա մին նշանավոր օրում տոնավաճառ է լինում: Վաճառականությունը դեռ չէ փոխել յուր հին նահապետական ձևը. այսինքն նա կատարվում է նյութերի միմյանց հետ փոխարինությամբ:

Վաճառականությունը կենտրոնացած է հայերի և հրեաների ձեռքում: Նոքա տալիս են քուրդերին կտավ, չթեր, աղ և զանազան հագուստի և ուտելիքների պիտույքներ և առնում են նոցանից հում բերքեր, որպիսիք են բուրդ, յուղ, պանիր, կխտոր, ոչխար և այլն:

Այս կողմերի գյուղորայքը բոլորովին զուրկ են ուսումնարանից, թեև նոցանից շատերը գտանվում են այնպիսի վանքերի մոտ, որոնց մեջ ապրում էին թվով շատ ծույլ և ազգի հացը ձրի ուտող միաբանություն: Գյուղաքաղաքներում միայն հանդիպում է մարդ խանութներում (եթե նորա տերը գիտեր կարդալ), երեխաների, որք նստած մի կանոն սաղմոս էին կարգում, կամ այբուբեն էին սերտում:

Մի այլ ազգ այդ կողմերում, բացի մեր հիշածները, են տաճիկները, դոքա ըստ մեծի մասին են կառավարության պաշտոնակալներ, աստիճանավորներ, զինվորներ: Մի քանի երկրներում, որպիսի են՝ Ուշնի, Թար-Գավառ, Մար-Գավառ, տերությունը չունենալով մարտկոցներ, զինվորներ հինգ, տասն հոգիներով բաժնված են լինում հայերի տներում կենալու համար և խղճալի հայ ընտանիքը՝ յուր բարոյական և նյութական գոյությունով՝ զոհվում է տաճիկ ասկերի (զինվորի) լրբություններին:

Ճանապարհորդելով այդ կողմերը, ամեն տեղ հանդիպում ես վանքերի, այդ վանքերը, կրոնական ուղղությունը և կղերի քարոզները, թե «աջ երեսիդ զարկեն ձախը դարձրու», ունեցան այն վնասակար հետևանքը, որ խլեցին հայից նորա քաջությունը, որք սառեցրին նորա երակներում վեհության արյունը, և նա եղավ ստրուկ...: Իսկ վայրենի քուրդը փոխանակ վանքերի, լեռների անմատչելի տեղերում շինեց յուրյան ամրոցներ և վտանգի միջոցներում նա կարողացավ յուր գլուխը զերծ պահել թշնամու սրից, և մնաց միշտ ազատ:

Արդարև հայերը այս կողմերում, որպես հիշեցինք մեր առաջին նամակում, պահպանել են փոքրիշատե յուրյանց քաջազնական հատկությունները, բայց հանապազ ենթարկվելով ավելի զորեղ ճնշմանը, նոցա դրությունը դարձյալ նախանձելի չէ:

Նոցա բնակությունները գյուղորայքում չեն որոշվում անասունների որջերից: Եվ ծայրահեղ աղքատությունը մաշում է նորանց:

Միակ պարծանքը նոցա հայրենի ժառանգության մնացել են հոյակապ եկեղեցիքը և վանքերը: Բայց ժամանակի հոսանքը, թշնամու բարբարոսական ձեռքը շատ տեղ թողել է նոցա կիսավեր փլատակները միայն:

Քուրդերը այս կողմերում մինչ այն աստիճան բռնացած են, որ Տաճկաստանի կառավարությունը շատ անգամ դժվարանում է պատժել նորանց յուրյանց անկարգությունների համար: Ասածիս ապացույց կբերեմ մի փաստ:

Գավառի կողմերում, մի գյուղում գտանվում էր հոյակապ հին վանք, որ պատկանում էր նեստորական ասորիներին: Վանքի շքեղ և պատկառելի կերպարանքը շարժում է տեղային Շեյխի (քուրդերի հոգևորական գլխավորի) չար նախանձը, որ մտադիր է լինում անհետացնել այդ քրիստոնեական սրբարանը:

Մոլեռանդ ժողովուրդը, որոնց համար Շեյխի խոսքը վեր էր աստուծո պատգամից, փութով կատարում են նորա հրամանը, բոլորովին հիմնահատակ անելով վանքը: Նոքա քանդում են և գերեզմանները վանքի բակում, որոց մեջ թաղված էին նեստորականների եպիսկոպոսներ: Ննջեցյալների դուրս բերված դագաղները դառնում են խաղալիք մոլենախանձ ամբոխի կատաղությանը: Այդ դագաղների մի քանիսի մեջ հայտնվում է սուրբ գրքի հատորներ, ասորոց հին լեզվով, մագաղաթի վերա գրված: Որք դրված են լինում հանգուցյալ եկեղեցականի սրտի վերա:

Այդ անցքը Բաղդադու, ազգավ ասորի, անգլիացվոց կոնսուլի միջնորդությամբ հաղորդվում է Պոլսո անգլիացվոց դեսպանատանը, և անմիջապես Բարձրագույն դռանը: Բայց կառավարությունը ի նկատի ունենալով չգրգռել քուրդերի ապստամբությունը, Շեյխը մնում է բոլորովին անպատիժ:

Այդ վիճակի մեջ են քրիստոնյայք քուրդերի և տաճիկների ձեռքում, սկսյալ Պարսկաստանի սահմանից մինչև Բաղդադ, առավելապես Վանա և Տարոնա նահանգում, Բաղեշի և Մշու կողմերում: Նոցա եկեղեցիների և ընտանիքի պղծությունը, կայքի հափշտակությունը, սպանությունը, մի սովորական երևույթ է, որք պատահում են հաճախ:

Դոցա մասին ես մանրամասնաբար կհաղորդեմ քեզ իմ Պարսկաստանի ուղևորությունը վերջանալեն հետո:

ՆԱՄԱԿ ԺԲ

Վերջացնելով իմ ճանապարհորդությունը Տաճկաստանի Քուրդեստանի կողմերումՀաղբակ, Թար-Գավառ, Մար-Գավառ և Ուշնի կոչված գավառներում, ես վճռեցի գնալ Ճոլամերիկ:

1861 ամի «Հյուսիսափայլ» ամսագրի մեջ կարդալով պարոն Հ. Մելիք-Հակոբյանի հետաքրքրական նամակը Ջոլամերիկի, նորա բնակիչների և Մար-Շիմոնի մասին, վաղուց մի խորին տպավորություն թողել էր իմ սրտում այդ կախարդական երկիրը տեսնելու:

Գտանվելով ավելի մոտ Ջոլամերիկի սահմաններին, ես վճռեցի իմ վաղեմի ցանկությունը կատարել, մանավանդ, երբ որ Բաշկալեում ինձ ասեցին, թե Մար-Շիմոնի տանում գտանվոլմ են հայերեն հին գրքեր ասորոց տառերով գրված:

Գնալուցս առաջ ինձ խորհուրդ տվեցին փոխել եվրոպական հագուստս: Այն աատճառավ, որ մի այդպիսի հագուստով ես կարող էի եվրոպացի համարվել, լրտես կարծվիլ, և իմ կյանքը վտանգի տակ ձգել: Ես համաձայնվեցա, երբ լսեցի, թե քանի տարի առաջ, այդպիսի կասկածելի պատճառով, մի եվրոպացի ճանապարհորդ այնտեղ սպանել էին:

Ես հագա վանեցի հայ վաճառականի շորեր ու գլխիս ունեի կարմիր ֆես՝ փաթաթած ապորոշով, լայն շալվար՝ միջին խրած իմ հալեբի զիբունի պիսակավոր դրոշակները, հաստ շալե գոտի, առջևից թեք խրած պղնձե, երկայն տաճկի թանաքաման. կարճլիկ կուրտիկ, մուսուլի կարմիր սաֆիանի ոտնամաններ:

Դու շատ կծիծաղեիր, սիրելի ընկեր, մի այդպիսի օտարոտի հագուստով ինձ տեսանելով, և իսկույն դնելով իմ երեսին մի դիմակ աղյուսի գունով, երկայն արծվի քթով, դուրս ցցված ծնոտքովքարշ կտայիր ինձ դեպի բալ-մասկարադ, ցույց տալու հայ վաճառականի տարազը:

Ես ճանապարհ ընկա, առնելով իմ հետ Մեսրոպին և երկու քրդստանցի զինվորված մարդիկ: Մենք գնում էինք երբեմն ոտքով, երբեմն ջորիների վերա նստած: Այդ տոկուն անասունները, կարծես սովորած էին դիմանալ անտանելի ճանապարհորդությանը դժվարին սարերի միջով, որոց ամուր սմբակնեբը շուտ չեն մաշվում սուր քարաժայռերի մեջ:

Մեր ճանապարհորդության երկրորդ օրր անցանք Նրհել գետը, դա Տիգրիսի գլխավոր ճյուղերից մինն է, երեսը պատած մշտականաչ նունուֆար ծաղիկներով, որոց հաստ արմատը ձգած է գետնի խորքումը:

Բոլոր մեր ճանապարհորդության միջոցումը ես տխուր էի: Ես անցանում էի մի երկրից, ուր ամեն մի սար, ամեն մի դաշտ, ամեն մի գետ, ամեն մի փլատակ հարուցանում էին իմ մտքի մեջ տխուր պատմական հիշատակներ

Երրորդ օրը մենք մտանք Ճոլամերիկ: Ես չեմ կարող նկարագրել քեզ մեր Մեսրոպի խորին հոգեզմայլությունը և նորա հրճվանքը: Քանի մենք գնում էինք սարերի միջով, քաջ զեյթունցին ավելի ու ավելի ոգևորվում էր: Լեռների սարսափելի դիրքը նորան մի առանձին ուրախություն էին բերում: Փոքրիկ շավիղները ապառաժների միջով, որոցմե մի փոքր շեղվելով պիտի գլորվես դեպի ահագին ձորի անդունդը, նորան ծաղկազարդ մարգեր էին թվում: Բնակիչների երևույթը, որք հրացանը ուսներին, վայրենի եղջերվի նման, թեթև ճարպկությամբ, ցատկում էին քարերի վերայով, հրապուրում էին նորա նախանձը, գրգռում էին նորա ջղերը: Քաջ զեյթունցին Ջոլամերիկի բնակության այդ վայրենի տեսարանների մեջ տեսանում էր յուր աշխարհի պատկերները...:

Երբ մենք հասանք Ղոճանիս գյուղին, նա ասաց ինձ խիստ զգալի կերպով. — մնանք այստեղ, աղա, այդ աշխարհը շատ աղվոր աշխարհ է...:

Ես հիշեցի Պետրոսի խոսքը, որ ասաց նա յուր վարդապետին սարի գլխումը:

Ղոճանիսը Ջոլամերիկի գյուղերից ամենագլխավորն է, որովհետև այնտեղ բնակվում է Մար-Շիմոնի, ասորոց պատրիարքի տունը:

Մենք հասանք այնտեղ, երբ արևը սկսել էր մտնել: Մեսրոպը մտավ գյուղը մեզ համար մի իջևան գտնելու:

Երեկոյան այն ժամն էր, երբ գյուղացի աղջիկները, մանկահասակ հարսները, խումբ-խումբ, կժերը ուսներին առած, դիմում էին աղբյուրից ջուր տանելու: Ես կանգնած էի այդ աղբյուրի մոտ և սպասում էի Մեսրոպին:

Աղջիկները շատ հետաքրքրությամբ նայում էին ինձ վերա: Ես զարմանում էի, թե ինչ բան ինձանում գրավում էր նոցա ուշադրությունը: Գուցե այդ պիտի լիներ իմ օտարոտի հագուստս:

Ես տեսնում էի, որ գեղեցիկ սեռը այստեղ դեռ ապրում էր յուր անմեղ պարզության մեջ: Հարեմային կյանքի ծածկապահությունը նորանց ծանոթ չէր տակավին: Նոքա բաց երեսներով, համարձակ, խոսում էին, ծիծաղում էին միմյանց հետ, չնայելով, որ նոցա մոտ կանգնած էր մի տղամարդ:

Ես շատ զարմացա, երբ մի օրիորդ մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց և երեխայի նման սկսավ խաղալ ժամացույցիս շղթայի հետ: Փայլուն մետաղը երևի հրապուրում էր այդ անմեզ գառնուկի ուշադրությունը: Ես չկամեցա զրկել նորան այդ զվարճությունից, այլև ցույց տվի ժամացույցս: Երբ լսեց նորա չկչկոցը, նորա հիացմունքին չափ չկար: Նա ձայն տվեց յուր ընկերուհիներին, և մի րոպեում բոլորն հավաքվեցան իմ չորս կողմով: Յուրյանց կյանքում առաջին անգամ նոքա տեսանում էին մի այդպիսի բան:

Աղջիկները ցրվեցան, երբ մեր մոտեն անցան մի քանի ձիավորներ: Նոցանից մինը, որ արշավում էր ամենից առաջ, երիտասարդ էր: Նա իր աջում ուներ երկայն եղեգնյա մզրախ (նիզակ) և ուսին անփույթ կերպով ձգած էր բաղչիսարայան հրացանը: Նորան հետևում էին երկու այլ ձիավորներ, նույնպես զենքերով: Եվ նոցա առջև վազ էին տալիս մի քանի որսորդական շներ և բարակներ: Երևում էր, ձիավորներր դառնում էին որսորդությունից:

Մի քանի ասորոց խոսքերով, որ գիտեի ես, հարցրի աղջիկներեն, թե ո՞վ էր այդ երիտասարդը:

Սուրբ հայրը, — պատասխանեց մի սևուկ, կրակոտ աչքերով, գանգրահեր օրիորդ:

Ես ոչինչ չհասկացա և կրկնեցի իմ հարցը.

Ո՞վ է սուրբ հայրը:

Մար-Շիմոնը, — պատասխանեց միևնույն օրիորդը:

Ես չկարողացա ինձ հավատացնել, որ Մար-Շիմոնը, ասորոց պատրիարքը, կհանդիպեր ինձ որպես մի երիտասարդ զինվորված, որ դառնում էր որսորդությունից: Ես երևակայում էի նորան մի ծերունի, յոթանասունամյա, սպիտակ մորուքով, շիջած աչքերով, նստած փափուկ օթոցի վերա, քթախոտի տուփը մոտին դրած, կարդում էր աղոթագիրք:

Մյուս ավուր առավոտը ես գնացի Մար-Շիմոնին տեսություն: Նորա տունը որոշվում էր գյուղի մյուս տներից յուր մեծությամբ միայն, իսկ նորա շինվածքը բոլորովին պարզ և անզարդ էր, որպես հասարակ գեղջուկի բնակարան:

Նահապետական սովորություններով դատարկաձեռն անպատշաճ էր հայտնվել մի մարդու մոտ, որ ներկայացնում էր մի ամբողջ ժողովրդի գլխավորը, այդ պատճառով ես տարա նորան որպես ընծա, մի գեղեցիկ, սև սաթե տերողորմյա:

Եթե ինձ հաջողվեր մտանել Դավիթ թագավորի տունը, անտարակույս նույնը կտեսնեի, ինչ որ տեսա ես Մար-Շիմոնի աղքատիկ տնակում:

Եվ արդարև, Մար-Շիմոնը էր ներկայացուցիչը նեստորական ասորիների և հոգևոր և մարմնավոր իշխանության: Նա էր նոցա պատրիարքը, եկեղեցական գլուխը, և միևնույն ժամանակ նոցա քաղաքական իշխանը: Նա խաչը ձեռքին քարոզում էր նորանց տիրոջ խոսքը և սուրը ձեռքին առաջնորդում էր նորանց պատերազմի դաշտում:

Մար-Շիմոնի տան այդ հատկությունները կարողացան ժամանակի խորին հնությունից միշտ վառ պահպանել Ջուլոների (ասորոց մի հին ցեղի) քաջազնական հոգին, և նոցա անկախությունը Ջոլամերիկի լեռներում:

Երբ ես ներկայացա նորան, նա շրջապատված էր յուր ցեղի մի քանի իշխաններով, որք զանազան կողմերից եկել էին յուրյանց ժողովրդյան դրությունը հայտնելու:

Նա ընդունեց ինձ խիստ սիրով և նստեցուց յուր մոտ: Պատրիարքի առաջին խոսքերը եղան բարովել իմ գալուստը և հարցնել իմ առողջությունը և ճանապարհորդությանս լավ կամ վատ անցուցանելը:

Քանի րոպեից հետո մատուցին մի փոքրիկ ֆինջան դառն խահվե և ապա մի երկար չիբուխ: Տեսնելով, որ բոլորն էլ ծխում էին, ես էլ սկսեցի ծխել:

Ես նկատում էի անկեղծ և ամենապարզ վարվեցողությունը իշխանների և Մար-Շիմոնի մեջ:

Նոցա հարաբերությունները էին կատարյալ ընտանեկան: Նոցա մեջ չէին երևում մեծավորի փառասիրությունը և ստորի, կեղծավորի ակնածությունը:

Մար-Շիմոնը խոսում էր արագ, կրակոտ և ազդու, որպես հատուկ էր նորա երիտասարդական հասակին և լեռնական բնավորությանը:

Եկեղեցականի կեղծ-պարկեշտական ցուցամոլությունը և երկյուղած-աստվածապաշտական մոլեռանդությունը բոլորովին աննշմարելի էին նորա դեմքի վերա: Նորա բոլոր կերպարանքը բացատրում էին վեհություն և ազնվություն:

Նա չէր որոշվում յուր ժողովրդից մինչև անգամ հագուստի ձևերով: Միևնույն շալե ապարոշը փաթաթած էր նորա գլխին, միևնույն հաստ գոտին կապած էր նորա մեջքը, միևնույն շալվարը, մի խոսքով, նա հագնված էր որպես մի հասարակ Ջուլո:

Նա հարցրավ, թե ինչ ազգից եմ ես:

Ես հայտնեցին թե հայ եմ:

Իմ հանգուցյալ հայրս շատ էր սիրում այդ ազգը, — ասաց նա: — Ես նույնպես սիրում եմ հայերին: Նոքա խելացի և ճարտար մարդիկ են: Բայց ափսոս, նոքա յուրյանց բոլոր ճարպկությունը գործ են ածում միայն արծաթ ժողովելու:

Ապա ի՞նչ պիտի անեին, — հարցրի ես:

Արծաթը չէ կարող ազատել մարդին, երբ թշնամին հարձակվում է նորա վերա բաց սրով: Նա խլում է արծաթը, այլև ստրկացնում է նորան: Հարկավոր է սրով պատասխանել սրին: Այդ բնական օրենք է: Իսկ հայը մինչ այն աստիճան ստորացրել է յուրյան, որ ամեն մի քուրդր կամենալով մի նախատական խոսք ասել երկչոտ մարդուն, ասում է. «Դու ֆլայ ես». — նշանակում է դու հայ ես:

Հայերի մի այդպիսի հատկությունը, — պատասխանեցի ես, — նոցա բազմադարյան պատմական կյանքի հետևանքն է: Հայերը, ճնշվելով, մաշվելով, ջարդվելով բարբարոս ազգերի բռնությանց ներքո, կորցրին յուրյանց քաջությունը:

Ընդհակառակն, բռնակալությունը բարբարոսների, — ասաց Մար-Շիմոնը, — գլխավոր դասերն են լինում մի ազգին, միշտ վառ պահել քաջազնական հոգին: Ամեն ժողովուրդ կորցնում է յուր քաջությունը, ծուլանում է, փափկանում է միայն խաղաղության մեջ:

Հայերը երբեք չեն եղել խաղաղ, ուրեմն ինչո՞ւ նոքա պիտի կորցրած լինեին յուրյանց քաջությունը, — հարցնում եմ ես:

Յուրյանց եկեղեցականների շնորհիվ, — պատասխանեց նա: — Նոքա մեռուցին յուրյանց ժողովուրդը միշտ քարոզելով նորան խոնարհություն, համբերություն, ճգնություն և այլն:

Ես ոչինչ չպատասխանեցի: Մար-Շիմոնի խոսքերի մեջ երևում էր խորին ճշմարտություն:

Մովսեսը և Դավիթը էին մարգարեներ, աստուծո բանի քարոզիչներ, — ավելացրուց նա, — իսկ միևնույն ժամանակ նոքա էին և պատերազմող մարդիկ: Եվ նոցա շնորհիվ Իսրաել քաջության հոգի ստացավ, և տիրեց ուխտյալ աշխարհին:

Բայց Քրիստո՞ս, — ընդմիջեցի նորա խոսքը:

Քրիստոս չսիրեց սուրբ, այդ պատճառով էլ նորան նահատակեցին խաչի վերա, — պատասխանեց նա, մի փոքր հեգնական ոճով:

Մեր խոսակցությունը ձգեց բավականին երկար: Ես նկատելով, որ ճաշի ժամանակ է, կամեցա գնալ իմ իջևանը:

Մար-Շիմոնը չթողեց գնալ, խնդրեց մնալ, յուր մոտ ճաշել: Շուտով մատուցին լվացվելու ձեռքի ջուր, և ճաշի սեղանը սփռվեցավ միևնույն սենյակում, ուր նստած էինք մենք: Այդ սենյակը էր պատրիարքի և դատարանը, նորա խորհրդարանը, նորա հյուրանոցը և սեղանատունը:

Ճաշը սկսվեցավ աղոթքով, որ կարդաց ինքը Մար-Շիմոնը:

Կերակուրները բոլորը միանգամ ներս բերվեցան, փայտյա սկուտեղների վերա դրված, պղնձե ամանների մեջ: Նոքա պատրաստված էին կաթնով, յուղով, բրնձով, ձավարով, ձվով և զանազան բանջարեղեններով: Մսեղեն ոչ մի բան չերևաց սեղանի վերա, որովհետև Մար-Շիմոնը յուր կյանքում միս չպիտի ճաշակե և նորա ժողովուրդը նույնպես սովորություն չունեին կենդանիք մորթելու ուտելու համար: Նոքա ուտում էին կամ որսի միս, և կամ մի ոչխարի միս, որին կամ գայլը պատառել էր, և կամ չափազանց ծերացել էր:

Ոգելից ըմպելիք նույնպես չերևաց սեղանի վերա: Միայն մեծ ամանների մեջ դրած էին սառը մածնաթան, որից ստեպ-ստեպ խմում էին ճաշողները:

Ինձ շատ դուր եկավ այդ պարզ նահապետական սեղանը: Եվ ես իմ կյանքում այնքան ախորժակով չէի ճաշել:

Ճաշը վերջացավ գոհության աղոթքով, որ կարդաց նույնպես Մար-Շիմոնը:

Մատուցին էլի դառն ղահվե և չիբուխ: Մենք սկսեցինք ծխեր: Մեր խոսակցությունը ճաշից հետո եղավ դարձյալ ազգային խնդիրների վերա: Մար-Շիմոնը հայտնում էր յուր խորին տհաճությունը, Ջոլամերիկի սահմանից դուրս գտնված ասորիների զանազան երկրներում կրոնափոխ լինելու համար:

Իմ հանգուցյալ հայրս, — ասաց նա, — շատ ընդդեմ էր օտարազգիների կաթոլիկությունը և բողոքականությունը մեր ժողովրդի մեջ մտցնելուն: Նա միշտ աշխատում էր, որ ասորիները հաստատ պահեին յուրյանց նախահարց կրոնական ավանդությունները (նեստորականությունը): Իսկ եթե կցանկանային նոքա փոխել յուրյանց կրոնքը, նա միշտ խրատում էր նրանց միանալ հայերի հետ:

Ի՞նչ նպատակ ուներ դորա մեջ ձեր հանգուցյալ հայրը, — հարց արի ես:

Նպատակը խիստ պարզ էրպատասխանեց Մար-Շիմոնը: — Հայերը մեզ հետ ունեցել են միշտ պատմական հին հարաբերություններ: Մենք խիստ մոտ ենք միմյանց թե երկրի սահմաններով և թե մեր ընդհանուր շահերով:

Մենք միանալով հայերի հետ կկազմեինք մի ուժ և զորություն, որով կարող էիմք ընդդիմանալ քուրդերի և տաճիկների բռնակալություններին: Իսկ ֆրանգները և ընկլիսները մեզանից խիստ հեռու են բնակվում. ասորին միանալով նոցա հետ յուր կրոնքով, ոչինչ չէր կարող շահել:

Ապա ինչո՞ւ չիրագործեց ձեր հանգուցյալ հայրը մի այդպիսի նպատակը, — հարց արի ես:

Նա երկար այդ մասին գրագրություն ուներ Թաբրիզում հայոց հոգևոր առաջնորդի հետ28, բայց հայոց առաջնորդը դավաճանեց նորա նպատակներին:

Վերջին խոսքերը Մար-Շիմոնը պատասխանեց այնպիսի մի կրքով, որ ես իսկույն նկատեցի նորա սրտում խորին վիրավորություն: Եվ չկամենալով քրքրել նորա հին վերքը, ասացի.

Այն, որ չհաջողվեց ձեր հորը կատարելու, գուցե ձեզ կհաջողվեր, դուք փորձեցեք երկրորդ փորձը:

Արդեն ուշ է, — պատասխանեց նա խորին հոգվոց հանելով: — Մեր ազգը Պարսկաստանում արդեն զոհ է դարձել կաթոլիկներին և բողոքականներին: Եվ Մուսուլի ու Բաղդադի կողմերում բնակվող մեր Քիտլանի ցեղը նույնպես կորած է մեզ համար, պապականների որոգայթի մեջ ընկնելով:

Ինչո՞ւ եք հուսահատվում դուք, — կրկնեցի ես:

Ես երբեք չեմ հուսահատվում: Ես իմ հույսը դրած եմ իմ Ջուլո ցեղի վերա: Նոքա ավելի սրտոտ են, քան անապատի առյուծները: Ես նոցա հետ միասին կապավինեմք ճոլամերցի լեռներին, նոքա հավատարիմ են, քան թե հայեր, կամ մի այլ ազգ, — պատասխանեց Մար-Շիմոնը վեհանձնությամբ:

Մի քանի րոպե ևս խոսելեն հետո ես հեռացա՝ անձնատուր եղած տխուր մտածությունների...:

ՆԱՄԱԿ ԺԳ

Մար-Շիմոնի աթոռը ժառանգական է, եպիսկոպոսապետը ընտրվում է միշտ միևնույն տունից: Նոցա բոլորն էլ կոչվում են Մար-Շիմոններ և սկսյալ առաջին սուրբ Սիմոնի օրից պահպանում են այդ անունը:

Եպիսկոպոսապետի ընտրությունը լինում է յուր մոր արգանդից: Նորան ծնելու ուխտված կինը, մինչև յուր որովայնի պտուղը աշխարհ ածելը, միս չէ ուտում: Ծնունդը աշխարհ գալեն հետո, իհարկե, եթե նա արու էր, համարվում է ժառանգը սուրբ աթոռի: Պատրիարքի մահից հետո ժառանգը բռնում է նորա տեղը, որքան և հասակով մանուկ լիներ նա: Որպես այդ վերջին Մար-Շիմոնը աթոռ է նստել, որպես լսեցի, յուր տասն և ութ տարեկան հասակում:

Մար-Շիմոնը ունի լիակատար իշխանություն յուր ժողովրդի վերա: Նա է նշանակում նորանց կառավարող իշխանները: Նա վճռում է նոցա մեջ ծագած գլխավոր վեճերը: Նա ստանում է ամեն մի ծուխից մասնավոր նվերք:

Վերջին արյունահեղ պատերազմից հետո, Բադիրխան-բեկի հետ այժմյան պատրիարքի հոր ժամանակով, թեև Ջոլամերիկը բոլորովին չընկճվեցավ, բայց ստիպվեցավ ամեն տարի մի որոշյալ տուրք վճարել Տաճկաստանի կառավարությանը: Այս տուրքը ինքը Մար-Շիմոնը հավաքել է տալիս յուր ժողովրդից և ուղարկում է Վանա փաշային, ամենևին թույլ չտալով օսմանցի պաշտոնակալներին ոտք կոխել յուր երկրի վերա:

Ջոլամերիկը խիստ լեռնային լինելով, նա շատ անպետք է երկրագործության համար: Բայց նա ունի անասնապահության բոլոր հարմարությունները: Եվ վերջինը ապահովում է բնակիչների ապրուստի պիտույքները: Ջուլոյի հագուստը ոտքից ցգլուխ, մինչև անգամ նորա ոտնամանները, բաղկացած են շալից, մազից և բուրդից: Տնային քնաշորեր, օթոցներ և այլն, նույնպես այդ նյութերից են պատրաստվում: Այդ բոլորը արվեստադործվում է կանանց ձեռքով: Թեև նոքա պատրաստվում են շատ կոպիտ կերպով, միայն ունեն այն ամրությունը, որ կարող էին երկար դիմանալ:

Տղամարդիկը աշխատության մեջ ավելի ծույլ են: Նոքա սիրոմ են թեք ընկնել միմյանց մոտ, ծխել և շատախոսել: Նոցա կանայքը ասում են. — «մեք ստեղծված եմք գործելու, իսկ տղամարդը պիտի պահպանե յուր զորությունը թշնամու դեմ կռվելու»:

Թեև Ջուլոն ամեն տարի յուր բահով բրում է մի փոքր տարաձություն ժայռերից ազատ հող մի սարի կողքում, ցանում է այնտեղ յուր սերմը, և թողելով աստուծո կամքին, դառնում է տուն: Եթե եղանակը անցնում էր անձրևային, նորա հունձքը հաջողվում է: Կանայքը ձեռքով արմատախիլ են անում փոքրիկ արտը, խուրձեր են կապում և շալակած բերում են տուն: Տան դռան առջև նոքա ձեռքով ծեծում են յուրյանց աղքատիկ կալը և մաքրում են ցորյանը: Այդպիսի անտանելի դժվարություններով ստացած հողի բերքը, իհարկե, բոլորովին չէ ապահովում նոցա ուտելիքը, այդ պատճառով ցորյան նոքա ըստ մեծի մասին ստանում են արտասահմանից, փոխելով նորան յուրյանց երկրի բերքերի հետ, որպիսի են՝ բուրդ, մորթիք, գարմիանու քիշմիշ, թուզ, մեղր և կխտոր:

Ջուլոների կյանքի պատկերները, նոցա ապրուստի ձևերը շատ նման են քուրդերին: Միայն որքան քուրդերը ավազակ են և հափշտակող, այնքան դոքա ազնիվ են և պարզամիտ: Ջուլոն բնավորությամբ խիստ հանդուգն է, դյուրագրգիռ և բարկացկոտ: Նա, երբ ստիպվեցավ մերկացնել յուր խենջարը, առանց հակառակորդին զարկելու յուր պատեհում չէ դնում: Այդ պատճառով մարդասպանությունը այստեղ մի սովորական դեպք է:

Ջուլոների դեմքի գծագրությունը, ամենայն ճշտությամբ պահպանել է յուր սիրեական տիպը:

Նոցա նրբակազմ, բարձրահասակ կանայքը ինձ հիշեցնում են միշտ Շամիրամին, այն համեմատությամբ միայն, որքան նինվեցի թագուհին վավաշոտ էր, դոքա այնքան ողջախոհ և անմեղ են:

Ամբողջ Ջոլամերիկում ես չտեսա ոչ մի ուսումնարան, միայն հանդիպեցի մի քանի ռաբիների, որք յուրյանց տներում պատրաստում էին տիրացուներ և քահանայացուներ:

Կրոնական սերբ մնացել է այստեղ յուր նախկին ջերմության մեջ: Ջուլոն, թեև ոչինչ գիտակցություն չունի Նեստորի վարդապետությունից, այսուամենայնիվ նա յուրյան կոչում է նեստորական: Նոցա եկեղեցական ծիսակատարությունը խիստ պարզ է: Ժամասացությունը կատարվում է ասորոց հին, ժողովրդին անհասկանալի լեզվով: Երաժշտության եղանակները շատ նման են մերինին:

Ժամատան տաճարը չէ զարդարված պատկերներով, որով նա յուր արտաքին ձևով շատ նման է բողոքական եկեղեցիների ժամատներին: Իսկ տաճարների շինվածքը մեր հին վանքերի շինվածքի ձևերը ունին:

Մի ամբողջ շաբաթ ես ճանապարհորդեցի Ջոլամերիկը: Իմ դուրս գալու միջոցին ես վերջին անգամ գնացի Մար-Շիմոնին տեսություն, առավել այն մտքով, որ տեսանեի իմ լսած հայոց լեզվով և ասորոց տառերով գրքերը: Նա խիստ ցավելով ասաց ինձ.

Այո՜, մեք ունեիմք այդպիսի գրքեր, բայց Բադիր-խան-բեկը, երբ կողոպտեց մեր տունը, նա բոլոր գրքերը այրեց:

Ոչինչ չմնա՞ց, — հարց արի ես:

Ոչ, միայն այնուհետև մի քանի հատոր զանազան գրքեր հավաքվել են մեր տանում: Եթե ձեզ ցանկալի էր նորանց տեսնել, ես բոլորը ցույց կտամ ձեզ:

Նա տարավ ինձ յուր գրքատունը: Տպագրված ոչինչ չտեսա այնտեղ, բոլոր գրքերը էին մագաղաթյա գրչագրեր, դարավոր ժամանակներից մնացած: Նոցա մեծ մասը սուրբ գրքի հատորներ էին, մեկնություններ էին, ժամագրքեր էին և եկեղեցական պատմություն: Կային և ասորոց պատմական գրքեր, և մի քանի հին թարգմանություններ հունաց իմաստասերներից: Բանաստեղծական գրքեր չտեսա, բացի եկեղեցական շարականներից և հոգևոր տաղերգություններից:

Ես չեմ կարող լիակատար տեղեկություն տալ քեզ Մար-Շիմոնի գրքատան մասին, որովհետև ես այնքան ծանոթ չեմ ասորոց լեզվի հետ, միայն կասեմ, մեզ հայերիս, շատ հարկավոր է սովորել այդ լեզուն, եթե կկամենայիմք մեր ազգային և եկեղեցական պատմության վերա կատարյալ լույս ձգել:

Երբ ես հրաժարական ողջույնը տվեցի Մար-Շիմոնին, նա ասաց ինձ յուր վերջին խոսքը.

Գնա՜, հայ երիտասարդ, տերին հանձնում եմ քեզ, գնա՜, երբ տեսնես ձեր պատրիարքին, ասա, մեր երկուսիս վիճակը մի է, թո՜ղ մեր նպատակները ևս լինին մի, ձեռք տամք մեկմեկու և ազատեմք մեր ազգերը անօրենների հաղթահարությունից...:

Այդ խոսքերը թեև ծանր ազդեցություն ունեցան իմ վերա, բայց ես ոչինչ չպատասխանեցի, ի նկատի ունենալով մեր եկեղեցականների մեռելային անհոգությունը...:

Ես նորա ձեռքը համբուրեցի և շնորհակալությամբ հեռացա: Նա ինձ տվավ որպես հիշատակ մի գրչագիր ավետարան, որո հնությունը հասանում է ավելի քան հազար երկու հարյուր տարի:

Վերջացնելով իմ նամակը, ես չեմ կարող մի քանի խոսք չգրել քեզ իմ հյուրընկալ Շմուելի մասին, որո տանում իջևանել էի ես: Նա շատ ազնիվ մարդ էր: Գիշերները նա պատմում էր ինձ զվաճալի հեքիաթներ յուրյանց ազգի կյանքից: Նորա կինը էր զարմնալի բարեսիրտ, նա լվանում էր իմ գլուխս և ամեն առավոտ տալիս էր նախաճաշիկ մեղրով և կարագով:

Next page