Րաֆֆի՝   Հուշագրություններ

Իմ բաժանվելու ժամանակ նոքա շատ դժվարությամբ ընդունեցին մի քանի հատ մաջիդիան, որ ես առաջարկեցի նորանց իբրև վճարը նոցա հյուրասիրության, «Դուք մեր աղ ու հացը անպատվում եք, պարոն», — ասաց առատասիրտ Շմուելը:

ՆԱՄԱԿ ԺԴ

Դուրս գալով Ջոլամերիկից, մի քանի օրվա ճանապարհորդությունից հետո, ես մտա Ուրմիա նահանգը, — Ատրպատականի մեջ առաջին գավառն է, որ նշանավոր է յուր բնակիչների բազմությամբ, բերքերի հարստությամբ և յուր գեղեցիկ դիրքով, որ կարող է համարձակ մրցություն անել հրաշալի Զվիցերիայի հետ, թեև նա չունե Ալպիի գեղանկար լեռները:

Արևի վերջալույսը ձգել էր Սըր-Դաղի վերա յուր ոսկեգույն շառավիղը, երբ ես հասա Նախիջևան-Թաֆա կոչված գյուղը: Ես հանդիպեցա մի երիտասարդի, որ դառնում էր այդիեն: Ես հարցրի, թե որտեղ կարելի էր իջևանել:

Իմ տունս փեշքաշ է ձեզ, աղա, թե արժան կհամարեք, — ասաց երիտասարդը:

Ես հետևեցի նորան, քանի րոպեից հետո հասանք նորա տունը: Որովհետև սաստիկ հոգնած էի, իսկույն քնեցա, առանց ընթրիքի:

Ես քնեցա, բայց որպիսի քաղցր երազներ հրապուրում էին իմ միտքը, եթե քեզ գրելու լինեմ, դու պիտի ասես, իմ ընկերը անձնատուր է եղած երևակայական ցնորքների... Մի սուր և ձգական ձայն հանկարծ վրդովեց իմ հանգստությունը, հավերու թառեն, որ շատ հեռու չէր իմ ննջարանեն, շինական կենդանի ժամացույցը թևքերը թափ տալով, երեք անգամ կանչեց՝ կուկրյուկու:

Ես զարթեցա: Դեռ կես-գիշերային ժամն էր:

Լսելի է լինում խշխշոց: Խավարի մեջ կայծակին է տալիս հրահանը: Եվ ահա տանուտիրոջ մանուկ հարսը, նոր վառած ճրագը լույսով, երևան է լինում խրճիթի կենտրոնում, որպես գիշերային վեստալկա:

Խրճիթի հավերժահարսը կարծում է, թե դեռ բոլորը քնած են, այդ պատճառով նա համարձակ բարձրացրել է երեսի քողը: Նորա դեմքը, թեև այրված արևից, սևացած մուխից ու ծուխից, այսուամենայնիվ բացատրում է քնքուշ գեղեցկությունքը արևելյան գծագրության: Նա զարթեցնում է յուր՝ ցերեկով ղաշտումը հոգնած տղամարդին, որ առանց ձանձրանալու վեր է կենում յուր աջ կողմից և շուտով հագնվում է: Կինը ջուր է ածում նորա ձեռքերի վերա, նա լվացվում է: Եվ յուր մեջքի գոտիով երեսը սրբելեն հետո, դեմքը դարձնում է դեպի արևելք, խաչակնքում է երեսը, կարդում է յուր սովորական աղոթքը:

Աստուծո փառաբանության պաշտոնը կատարելեն հետո, տղամարդը դառնում է դեպի յուր գործը: Նա ջուլհակ է: Հորի վերա կազմված է նորա կտավագործության արհեստի մեքենաները: Նա ոտները մեկնում է այդ հորի մեջ: Նստում է: Նորա մաքուքը սկսում է խաղալ հինած թելերի միջից, և դուֆայի դաշնակավոր ձայնը անընդհատ հնչեցնում է խրճիթի մելամաղձական լռությունը...:

Ջուլհակի կինը, յուր ամուսնի մտերիմ գործակիցը, տղամարդի գործարանի մոտ շարժում է յուր ճախարակը, վիլակը պտիտ է գալիս, և նորա համար թելով փաթաթած մասուրայք է պատրաստում:

Ջուլհակի ծերունի հայրը և պառավ մայրը դեռ քնած են: Բայց մի կյանքի հոգսերով ծանրացած մարդի աչքերին մի՞թե քունը մոտենում է...:

Երեք անգամ լսելի եղավ հազի ձայն: Այդ նշանը բավական էր հարսին իմացնելու, թե նորա սկեսրայրը զարթնում է: Նա շուտով թողնում է ճախարակը և դիմում է դեպի ծերունու անկողինը: Նորա շորերը ձգում է ուսին և հագցնում նորան, սոլերը շիտկում է, ծերունին վեր է կենում տեղից: Նորա համար վաղուց պատրաստել է ժիր հարսը գոլ ջուր լվացվելու:

Արուսյակը դեռ նոր փայլում է հանդիպակաց լեռան գագաթեն:

Ծերունին դուրս գալով յուր տան բակում, և ալեզարդ գլուխը բաց արած երկնքի աստղերի տակ, սկսում է աղոթել: Նորա աղոթքը երկար է և ջերմեռանդ: Ես լսում եմ բոլորը: Նա աղոթում է յուր զավակների համար: Նա աղոթում է յուր ընտանիքի ապրուստհ համար: Նա աղոթում է յուր ազգի համար: Ախ, ո՞ւմ համար չէ աղոթում նա...:

Ծերունու պառավ կինը նույնպես լվացված և հագնված է: Նորա հնազանդ հարսը լցուցել է յուր սպասավորության պարտավորությունը դեպի յուր սկեսուրը:

Պառավը մոտենում է յուր ջահրեին և նստում է նորա առաջև: Նա սկսում է պտտացնել նորա ճախարակը, բամբակե թելեր մանել, և կաժեր պատրաստել յուր որդվո կտավների համար: Իլիկի ճլվլուն ձայնը մի նոր կյանք է տալիս այդ վաստակավոր գերդաստանի գործունեությանը:

Եվ իմ աչքի առաջև ներկայանում էր կտավ գործելու արհեստը յուր նախկին տղայության մեջ, որ պահանջում էր գործողներից անհամեմատ շատ ֆիզիկական աշխատություն, իսկ արդյունքը՝ խիստ սակավ:

Իսկ ծերունին, գերդաստանի պատրիարքը, չնայելով նորա հասունացած տարիքին, նա ևս անգործ չէ մնում: Նա դիմում է դեպի յուր տավարներր, նոցա տակը սրբում է, կեր է տալիս, և յուր ցամաքած մատներով քորում է նոցա մարմինը, փայփայում է, և ամեն մինին յուր անունով կոչելով հանաքներ է զրուցում նոցա հետ, ծիծաղում է և զվարճանում է նոցա առողջության մասին:

Արշալույսը սկսավ պարզվել:

Ժամատան կոչնակները զարկեցին:

Ծերունին մոտենալով ինձ հայտնեց, թե ժամանակ էր եկեղեցին գնալու:

Ես ասացի, այս առավոտ ոչ բոլորովին առողջ զգում էի ինձ, դորա համար չէի կարոդ ժամ գնալ:

Ծերունին թողեց ինձ տանում, ինքը միայնակ դիմեց դեպի եկեղեցին:

Իսկ նորա որդին, դուրս գալով ջուլհակի հորեն, բահը ուսին դրած, գնաց դաշտը: Այդ ժիրը արդեն գործել էր մինչև քսան արշին կտավ:

Մանուկ աղջիկները սափորները առած գնացին ջուր բերելու. իսկ հարսը կթոցը առած՝ գնաց թոնրի համար վառելիք բերելու մարագեն:

Թոնրի մեջ, այդ նվիրական օջախի մեջ, պառավը ձգում է կրակը. քանի րոպեից հետո խրճիթը լցվում է աթարների խեղդող ծխով: Տիրում է ընդհանուր խավար, և մուխի ամպերի մեջ կորչում են խրճիթի բոլոր առարկայքը: Միայն աթարների բոցը, դուրս ոսելով թոնրից, ձգում է յուր շրջակայքում թույլ, կանաչագույն շառավիղ:

Ես սկսեցի հազալ: Որովհետև ամեն մի անսովոր մարդ իսկույն խեղդվելու էր այդ ծուխի օվկիանոսի մեջ: Բայց կարծես թե, այդ խրճիթի բնակիչքը սովորած լինեին այդ տարտարոսական վուլկանի անախորժ արտահոսությանը, թեև երբեմն պառավի ծանր և ձգական հազալու ձայնը ցուցանում էր, թե նորա մաշված կուրծքը չէր դիմանում մուխի ծծմբային կծու ազդեցությանը: Եվ սիրուն հարսը, երբեմն դուրս գալով բակում, թարմ օդ էր շնչում, և ճմբռում էր յուր արտասուքով լցված աչքերը: Ա՛խ, որքան այդպիսի գեղեցիկ աչքեր ցավագարվում են այդ ծուխերի մեջ... և որքա՛ն այդպիսի սիրուն դեմքեր մրոտվում են այդ խրճիթների մեջ...:

Ես չկարողացա երկար համբերել, իսկույն դուրս եկա խրճիթեն:

Թռչունները դեռ նոր սկսել էին եղանակել յուրյանց վաղորդյան տաղերգությունը: Առավոտյան հովասուն օդը ոգևորված էր ախորժելի թարմությամբ: Ես միայնակ զբոսնում էի ուռիների ծառաստանի մոտով, որք տնկած էին փոքրիկ առվակի եզերքին:

Նույն ժամուն ես մտածում էի, թե դեռ որքա՛ն կրթության կարոտություն ունի մեր ժողովրդի ստորին մասը, մինչև նորա կյանքի ձևերը կստանային որևիցե մարդավարի կերպարանք մինչև նոքա կորոշվեին անասունների հետ կենակցությունից...:

Ես դարձա իմ հյուրընկալի խրճիթը, երբ ծուխը մի բարի բախտով դուրս էր գնացել երդիկներից: Թոնրի բոցերը շիջել էին: Եվ պառավ տանտիկինը թխել էր նոր լավաշներ, և պատրաստել էր յուր հյուրի համար նախաճաշիկ:

Ծերունին նույնպես դարձել էր ժամից՝ յուր հետ բերելով մի քահանա: Մեք իսկույն սեղան նստեցիմք: Թեյի գործածությունը դեռ չէր մտած այս խրճիթներում: Միայն մեք ունեիմք նախաճաշելու ձվածեղ, յուղով եփած խավիծ և դոշաբով եփած հասիդա:

Ես կամեցա մի փոքր խոսեցնել գյուղական քահանային և այդ պատճառով հարց արի նորան.

Քանի՞ տարի է, որ դուք քահանա եք:

Գալոց նավասարդին կլրանա տասը տարին, — պատասխանեց նա:

Գո՞հ ես քո կարգեն:

Ճշմարիտն ասած, ո՜չ այնքան:

Ինչո՞ւ:

Որովհետև մեք չունիմք այժմ այնքան արդյունք, որպես առաջ:

Ի՞նչ պատճառավ:

Այն պատճառավ, որ քահանան առաջ ստանում էր վարձ կնունքի, պսակի, թաղման, և մյուս այլ և այլ եկեղեցական խորհուրդների մասին, բայց այժմ...:

Այժմ դոքա չե՞ն լինում:

Լինում են... միայն այս աղբյուրներից գոյացած արդյունքը ստանում է վիճակավոր առաջնորդը, մեզ մնում են խիստ փոքր վաստակներ միայն շահել մեր եկեղեցին...:

Ուրեմն ձեր կարգը չէ՞ բերում ձեզ ավելի օգուտ:

Ոչ այնքան... դուք կհամաձայնիք իմ հետ, եթե գիտենաք, որքան թանկ է նստել ինձ այդ կարգը... Գ... եպիսկոպոսը քսանական դեղին թուման (60 ռուբլի) ստացավ իմ օրհնելու գինը. մի այդքան զգալի գումարը լրացնելու համար ես վաճառեցի իմ զույգ եզները տասն թումանով, և իմ արորը դադարեց գործելուց: Եվ մնացորդը պարտք արեցի մի թուրքից, և մինչև այսօր իմ ջուխտակ որդիքս պանդխտության մեջ մաշվում են յուրյանց հայրը այդ ծանր պարտքեն ազատելու համար, բայց դեռ նորա տարեկան տոկոսը չեմք կարողացել վճարել

Այդ խոսքերը ինձ վերա խիստ անախորժ ներգործություն ունեցան, մտաբերելով սիմոնականության վատթարությունը. միայն ես ցանկացա տեղեկանալ քահանայի ուսման մինչև որ աստիճան լինելը: Բայց ցավալի է խոստովանել, խեղճ քահանան յուր մաշտոցը և ժամագիրքը օրինավոր կերպով կարդալ ևս չգիտեր...:

Արեգակը բավականին բարձրացել էր հորիզոնի վերա, ես դուրս եկա Նախիջևան-Թափա գյուղից և ուղևորվեցա դեպի Որմի քաղաքը:

Իմ ճանապարհը ձգվում էր խաղողաբեր այգիների և հունձքի արտերի եզերքով: Մշակների մանգաղը փայլում էր հասունացած սրայների մեջ: Ես անցա մի արտի մոտեն, ուր մի ալևոր յուր զավակների հետ հնձում էին: Նորա կինը և աղջկերքը կապում էին խուրձերը: Ես կանգնեցա արտի մարզի վերա և ախորժանոք նայում էի նորանց: Ալևոր հնձավորը յուր մանգաղը ձգեց մի խուրձից բարձրացուց և մոտենալով ինձ, դրեց իմ առաջև ասելով. — քեզ փեշքեշ, աղա:

Այդ նորա երկրագործության բերքի երախայրիքն էր, որ մշակը այնպես առատասրտությամբ նվիրում էր յուր արտի այցելուին:

Աստված օրհնե քո հունձքը, — ասացի ես:

Մշակը շնորհակալ եղավ և սրբեց ճակատի քրտինքը: Մանավանդ, երբ բաշխեցի նորան մի քանի սև վաղ:

Որպե՞ս է այս տարվա հունձքը, — հարցուցի նրան:

Համեմատելով իմ դրացի երկրագործների բերքին, փառք աստուծո, իմ հունձքը ավելի պտղաբեր է, — պատասխանեց ալևորը գոհունակությամբ:

Երևի քո արտի հողը ավելի պարարտ է:

Ոչ, — պատասխանեց երկրագործը:

Ուրեմն դու բարվոք մշակել ես նորան:

Այդ ևս չէ պատճառը, — կրկնեց նա:

Ապա ի՞նչ:

Հունձքի պտղաբերությունը աստուծո ողորմությունիցն է. ադամորդին ոչինչ չէ կարող շինել առանց աստուծո կամքի: Նոքա, որ արդարությամբ վարում և ցանում են, աստված միշտ օրհնում է նոցա աշխատությունը: Ամբողջ քառասուն տարի ես վարում եմ այդ արտը, երբեք իմ արորի խոփը չէ ավերել նորա մարդը չարության մտքով, որ դրացիիս հողեն խառնեմ իմի հետ: Երբեք ես իմ սերմը առանց քահանային օրհնել տալու չեմ ձգել իմ ակոսների մեջ: Երբեք ես իմ խուրձերեն թափված հասկերը թույլ չեմ տվել իմ զավակներին հավաքելու, այլ միշտ թողել եմ նորանց աստուծո աղքատներին: Ահա այդ է պատճառը, որ աստված օրհնում է իմ վար ու վաստակը:

Աստված օրհնե քո հավատքը, — պատասխանեցի ես նահապետական ծերունիին:

Ես հեռացա, մտածելով, որ Վերին տեսության մատը միշտ խառն է մեր ժողովրդի ամեն մի շարժմունքների մեջ, և կրոնքի ազդեցությունը դրոշմել է նոցա գործունեության վերա յուր կնիքը, իսկ եկեղեցականի ներգործությունը տիրում է նորա կյանքի ամեն մի երևույթների վերա: Այդ միջոցում մտածում էի, եթե մեր գյուղական եկեղեցականք չէին լինիլ իմ այն օրվա տեսածի նման, — քսան թումանով յուր կարգը գնած շնորհավաճառ եպիսկոպոսեն, այլ կլինեին կրթյալ, գործնական մարդիկ, իրողական արհեստագետք, նոքաորքան օգուտներ կարող էին մատակարարել յուրյանց ժողովրդին... նոքա կուսուցանեին գեղջուկին, թե բացի նորանից, որ պետք էր հուսալ վերին նախախնամության օգնությանը, պտղաբեր հունձք ունենալու համար, անհրաժեշտ հարկավոր էր և մշակել, պարարտացնել հողը:

ՆԱՄԱԿ ԺԵ

Հետևյալ ավուր առավոտյան, դուրս գալով Նախիջևան-Թափեից, ես ուղևորվեցա դեպի Ուրմի քաղաքը: Մեր ճանապարհը ձգվում էր խաղողաբեր այգիների, բամբակի արտերի և բրնձի դաշտերի միջով: Ես չէի տեսանում անմշակ թողուցած հող, երևում էր, որ երկրագործությունը շատ ծաղկած էր այդ գավառում, թեև յուր նահապետական դրության մեջ:

Ես տեսանում էի, այր, կին, երեխա, ծեր և երիտասարդ, բոլորը գործում էին: Մի բան միայն զարմացնում էր ինձ, որ Պարսկաստանում հայ կանայք, հետևելով մահմեդականների սովորությանը, ման էին գալիս ծածկված երեսներով, իսկ այստեղ ընդհակառակն, ես տեսանում էի նորանց բոլորովին արձակ, համարձակ վարվում էին տղամարդերի հետ: Այդ սովորությունը մտած պիտի լինի տեղային հայերի մեջ ասորիներից, որոց կանայքը բավականին ազատ են ընտանեկան ստրկությունից:

Կեսօրին ես հասա Ուրմի քաղաքը: Նա շրջապատված էր, որպես պարսից շատ քաղաքները, պարիսպներով, աշտարակներով, և դրսից բավականին խորն րնկած խրամով, որ ջրով լեցնում են պատերազմի միջոցին: Նանա-Մեյրամ (մայր Մայրամ) կոչված հայաբնակ թաղում իջևանեցի մի ասորու տան:

Պարսկաստանում հյուրանոցներ չկան, մի քաղաք մտանելով ստիպված ես կամ կեղտոտ քարվանսարաներում իջևանել և կամ մասնավոր տներում: Մահմեդական ընտանիքը քրիստոնյային տեղ չի տալ յուր տանում. մնում են քրիստոնյայք և հրեաները, որք ամենայն սիրով ընդունում են օտարականին յուրյանց բնակարաններում:

Մի փոքր հանգստանալուց հետո, ճանապարհի փոշին ինձանից սրբելուց հետո, երեկոյան պահուն, ես այցելություն գործեցի ամերիկացի Պորտ Ընկերության միսիոնարների տանը, որ կենում էին այդ թաղում մի հոյակապ, եվրոպական ճաշակով շինվածքի մեջ:

Մտանելով նոցա բակում, Պարսկաստանում առաջին անգամ հնչեց իմ ականջներին պիանոյի ձայն, այդ ձայնր կախարդապես հարույց իմ սրտում վաղեմի զգացմունքները, ես երևակայում էի, թե գտանվում եմ Եվրոպայում:

Մստեր Պերկին անունով ծերունի քարոզիչը, աստվածաբանության վարդապետը ընդունեց ինձ յուր մոտ: Նա մի բարձրահասակ մարդ էր սպիտակ մորուքով, ազնիվ և պատկառելի դեմքով: Եվ շատ վարժ խոսում էր թուրքերեն, ասորոց և եբրայեցոց լեզու:

Մի քանի սովորական զրույցներեն հետո, որ մարդիկ գործ են ածում տեսության առաջին րոպեներում, ես հարց արի միսիոնարեն, թե որպես էր առաջ գնում նոցա գործը Պարսկաստանում:

Տիրոջ գործը ամեն երկրներում առաջ է գնում հաջող կերպով, առավելապես Պարսկաստանը կարող է նորա պտղաբեր հողը դառնալ, — պատասխանեց քարոզիչը, ինքնաբավական վստահությամբ:

Ո՞ր ազգերի մեջ գործում եք դուք, — հարց արի ես:

Առավելապես ասորիների մեջ, իսկ մասնավորապես հայերի և հրեաների մեջ, — պատասխանեց նա:

Հայերը և ասորիները արդեն քրիստոնյաներ են, — ասացի ես. — ինչո՞ւ չգործել աարսիկների և թուրքերի մեջ:

Միայն քրիստոնյա կոչումը ունենալով չէ նշանակում ճշմարիտ քրիստոնյա լինել: Մեք աշխատում եմք պատրաստել հայերին և ասորիներին, որպեսզի նոցա ձեռքով կարողանանք ներգործել ասիական մյուս ազգերի վերա:

Դուք ավելի խստությամբ եք դատում հայերի և ասորիների վերա, նորանց քրիստոնյաներ չհամարելով:

Դուք երևի չհասկացաք ինձ, պարոն, — ասաց քարոզիչը մեզմությամբ: — Այո, նոքա կոչվում են քրիստոնյաներ, բայց թե որքան կատարում էին նոքա քրիստոնյայի պարտավորությունքը, եթե թույլ կտայիք, ես պատմեմ ձեզ մի քանի խոսք նոցա անցյալից:

Մեծավ ուրախությամբ, լսում եմ:

Մեք եկամք այստեղ 30 տարի առաջ, և գտամք հայերին և առավելապես ասորիներին ամենաթշվառ դրության մեջ: Նոքա չունեին ո՜չ տպագրված գրքեր և ո՜չ ուսյալ եկեղեցականներ: Նոցա նախնյաց հոյակապ գրականությունից այս և այն քահանայի տանում գտանվում էին միայն սուրբ գրքի հատորներ մագաղաթի վերա գրված, հին անհասկանալի լեզվով, այն ևս ո՜չ թե կարդալու համար, այլ փաթաթած թաշկինակներում, դրած էին նոցա տան մի անկյունում, որպես սրբություն, ճրագ էին վառում նոցա առջև, և մերձանում էին նորանց մարդիկ, երբ մինին հարկավոր էր երդում տալ նոցա վերա, կամ որևիցե հիվանդի գլխին դնել բժշկելու նպատակավ: Եկեղեցական դասը յուր տգիտությամբ ետ չէր մնում խավար ժողովրդից, որոնք կոչում էին յուրյանց գրիգորյան, և նեստորական քիրստոնյաներ, բայց ոչինչ գիտակցություն չունեին յուրյանց դավանության վարդապետությունից: Կրոնքը նոցա մեջ պայմանավորվում էր մի քանի արտաքին ծեսերով և ավանդություններով միայն:

Ես նկատեցի, քարոզչի խոսքերը բոլորովին հեռու չէին ճշմարտությունից, որովհետև ես ինքս շատ տեղերում ականատես էի եղել հայերին և ասորիներին դեռևս նույն դրության մեջ:

Իսկ ա՞յժմ, — հարց արի ես:

Հայերը նույն դրության մեջն են որպես առաջ, — պատասխանեց քարոզիչը: — Որովհետև մենք դեռ նոր ենք սկսել գործել նոցա մեջ: Մեր ժողովրդի մեծ մասը բաղկացած է ասորիներից, դուք նոցա ամեն մինի տանում կգտանեք բազմաթիվ տպագրած հատորներ Աստվածաշնչի և զանազան կրոնական գրքերի, նոր և կենդանի լեզվով: Նրա ամեն մինը գիտե գրել կարդալ և ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունքը ճանաչել:

Ի՞նչ օգուտներ կարող է ունենալ մի այդպիսի ստկրացած ազգի համար, որպես ասորիներն են, լոկ կրոնական կրթությունը, — հարց արի ես:

Մեք ունիմք երկու մեծ վարժարաններ, մինը՝ այս քաղաքում մեր տան մեջ, աղջիկների համար, մյուսը Սիր-դարի կոչված ամառանոցում, տղաների համար: Այդ վարժարաններում, բացի կրոնքը, աշակերտները և աշակերտուհիք ուսանում են և զանազան այլ առարկաներ ու արհեստներ, որպիսի են ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, բնական պատմություն, ֆիզիկա, քիմիա և այլն: Մի խոսքով, այդ երկու վարժարաններում մեք պատրաստում եմք քարոզիչներ, վարժապետներ և վարժապետուհիք, ուսուցչություն անելու գյուղորայքի երկսեռ տարրական վարժարաններում, որոնցից զուրկ չէ ոչ մի գյուղ, ուր մեք ունեիմք փոքրիշատե ժողովուրդ:

Մտանելով Ուրմիո գավառում, — ասացի ես, — ամեն տեղ նկատել եմ, ձեր ժողովուրդը թեև մտավորապես և բարոյապես բավականին զարգացած են, բայց այդ չոր ու ցամաք կրթությունը նոցա նյութական կյանքի և ապրուստի ապահովությանը ոչինչ չէ նպաստում: Ասորին տակավին նույն ստրկական դրության մեջն է, որպես առաջ, նա որպես մի անբան անասուն գործում է միմիայն կալվածատեր խաների սրտին: Եվ այդ ստկրությունը զգալի չէր, այժմ անտանելի է դարձել, երբ նա հասկացել է, թե ինչ նշանակություն ունի մարդկայնությունը, ազատությունը և իրավունքը:

Ի՞նչ կարող էիմք անել մեք նոցա նյութականը ապահովելու համար, — հարցուց քարոզիչը:

Դուք կարող էիք նոցա որդիներին սովորեցնել ուսման հետ և զանազան արհեստներ, — պատասխանեցի ես:

Մի այդպիսի միտք ունեցավ մեր ընկերներից մինը` մստեր Ստաքինը. նա Ուրմիի Անզալի կոչված մասնում, որ պարունակում է յուր մեջ շատ ընդարձակ տարածություն խիստ բերրի հողի, Գովլան անունով գյուղում շինեց մի ամրոց, ուր միտք ուներ հիմնել բազմարվեստյան ուսումնարան, ուր աշակերտները պիտի սովորեին ուսման հետ և զանազան արհեստներ, որպիսի են հյուսնություն և այլն. այլև գյուղատնտեսություն և երկրագործություն: Վերջինիս մասին գործնական փորձեր անելու համար, նա Շահից ստացավ ընդարձակ դաշտեր, և բերել տվավ Ամերիկայից զանազան երկրագործական անոթներ, և ինքը ուղևորվեցավ դեպի Ամերիկա, վարդապետներ բերելու այդ արհեստները սովորեցնելու համար: Բայց դժբախտաբար մահը վախճան տվեց այդ բոլոր նպատակներին:

Շատ ցավում եմ, մի այդպիսի օգտավետ ձեռնարկությունը չէ հաջողվել: Միայն ձեր առաքելությունը կարող է իրագործել նույն նպատակները, որ ձեր հանգուցյալ ընկերը յուր հետ գերեզման տարավ:

Այո, մեք ևս արհեստագիտություն սովորելու նպատակավ մի քանի պատանիք ուղարկել եմք Մալթա կղզին, որ նոքա դառնալով յուրյանց հայրենակիցների մեջ տարածեին նորան: Բայց գիտնական երկրագործությունը մի քանի պատճառներով այստեղ չէ կարող հաջողվել:

Որպիսի՞ պատճառներով, — հարց արի ես:

Առաջին պատճառն այն է, որ գյուղացիք այստեղ հող չունեն, այլ ամբողջ երկիրը պատկանում է կալվածատեր խաներին, երկրորդ, գիտնական երկրագործությունը այստեղ շատ ծախս է պահանջում, մինչդեռ հողի բերքը ավելի գին չունի:

Իսկ արհեստները այդպես չեն, — կտրեցի ես քարոզչի խոսքը. — պարսիկները արդեն սկսել են, ոչ յուրյանց գլուխը, այլ արտաքին բաները, որպիսիք են, տան կահ-կարասիքը, հագուստը, զենքերը, շինության ձևերը, փոքր առ փոքր նմանացնել եվրոպացիներին, այդ բաները եվրոպական նմանությամբ արվեստագործող մարդը կարող է ապահովել յուր ապրուստը:

Այդ ուղիղ է, — պատասխանեց քարոզիչը և մտածության գնաց:

Ոչ միայն ուղիղ է, այլ վերին աստիճանի ճշմարտություն: Իմ ճանապարհորդությանս մեջ, Ռուսաստանում, Տաճկաստանում, միշտ ես տեսել եմ ուրմեցի ասորին, հարյուրավոր անձինքներից խումբեր կազմած, դիմում են դեպի պանդխտություն, այդ բախտախնդիրները մաշվում են, փտում են օտար երկրներում, շատ քչերին նոցանից հաջողվում է դառնալ յուրյանց հայրենիքը, երևում է, այդ մարդիկը յուրյանց երկրում ապրուստ ճարելու հնարներ չունեն:

Այստեղ միայն հացի խնդիրը չէ, պարոն, որ ստիպեցնում է նորանց դեպի օտար աշխարհներ դիմել, դուք չգիտեք, թե քանի ծանր պարտավորություններ դրած են նոցա վերա կառավարունից և գյուղատեր աղաներից, որոնց լրացնելու համար նոքա ստիպված են թողուլ յուրյանց հայրենիքը և օտար աշխարհներում արծաթ վաստակել:

Մեր խոսակցությունը շատ երկար ձգեց, քարոզիչը խոստացավ մանրամասնաբար պատմել ինձ այդ երկրի գյուղացիների դրությունը, որ ես էլ հետևապես կհաղորդեմ ձեզ:

ՆԱՄԱԿ ԺԶ

Մի քանի օրից հետո ես կրկին գնացի միսիոնարների տունը, ուր բնակվում էին հինգ ամերիկացի մեթոգիստների ընտանիքներ: Իմ գլխավոր նպատակն էր տեսնել նոցա հիմնարկությունները, որ տեղավորված էին նոցա տան մեջ: Մի երիտասարդ միսիոնար, մստեր Լաբերի անունով, բարեհաճեցավ ցուցանել ինձ բոլորը:

Նախ և առաջ մեք մտանք տպարանը, ուր գործում էր մի հատ արագատիպ մամուլ միայն: Գրքեր տպվում էին միայն ասորոց լեզվով, որոց տառերի ձևը և գեղեցկությունը գերազանցվում էին մի ժամանակ Լոնտրայում նույն լեզվով տպված Աստվածաշունչի գրատպությունից: Բացի Աստվածաշնչից և զանազան կրոնական ու աստվածաբանական պարունակություն ունեցող գրքերից, այդ տպարանում տպվում է ասորոց լեզվավ մի պարբերական թերթ «Զարիրըդ-բարա» անունով, որ նշանակում է Լուսո արշալույս և ունի կատարյալ կրոնական ուղղություն:

Ինձ վերա շատ ախորժ տպավորություն ունեցավ, երբ մստեր Լաբերին հայտնեց, թե նոցա մամուլը գործում է առանց ցենզորի քննադատության:

Ուրեմն գրատպությունը Պարսկաստանում վայելում է կատարյալ ազատություն:

Այդ ոչ թե ազատությունիցն է, — ժպտելով պատասխանեց միսիոնարը, — այլ կառավարության անգիտակցությունից, որ տակավին ծանոթ չէ նորան մամուլի և ցենզորի նշանակությունը:

Ուրեմն դուք կարող եք օգուտ քաղել դորանից:

Միսիոնարը դարձյալ ժպտեցավ և ոչինչ չպատասխանեց:

Տպարանից մեք մտամք նոցա գրքատունը: Թեև այնտեղ ամբարված էր բազմաթիվ հատորներ զանազան նորատիպ կրոնական և արհեստական գրքերի, բայց մի բան միայն առավելապես ուրախացուց ինձ, որ միսիոնարները յուրյանց ուշադրությունից չէին թողել հավաքել այնտեղ ժամանակի կորստեն զերծ մնացած ասորերեն մագաղաթյա գրչագրները, որոնց ուսումնասիրությունը կարող է լույս ձգել գիտության վերա արևելքի վերաբերությամբ:

Յուրյանց տան մեջ միսիոնարներն ունեին և ապտեկա: Մի երիտասարդ ընկլիս բժիշկ այնտեղ կանգնած նայում էր հիվանդներին և դեղ էր տալիս:

Մեր բժիշկը, — ասաց մստեր Լաբերին, — նայում է հիվանդներին և այցելություն է գործում նոցա մոտ առանց վարձատրությանն. դեղերն ստացվում են մեր ապտեկից նույնպես ձրի: Այդ հանգամանքում մեք խտրություն չեմք դնում ազգերի և կրոնքների մեջ:

Այդ մի մարդասիրական գործ է, — պատասխանեցի ես. — մանավանդ մի այդպիսի երկրում, ուր չկան եվրոպացի բժիշկներ:

Միսիոնարների տանում կար մի հյուրանոց: Մստեր Լաբերին հրավիրեց ինձ և այն տեսնելու:

Այդ հյուրանոցում կերակրվում են, — ասաց նա, — մեր ժողովրդից և օտարներից այնպիսի մարդիկ, որք զանազան տեղերից քաղաք գալով, ուրիշ տեղ չունին օթևանելու: Այստեղ մեք հաց եմք տալիս և աղքատներին: Հյուրանոցի ծախսը մեր առաքելությունը յուր վերա է առնում:

Այնուհետև մեք մտամք օրիորդաց գիշերօթիկ ուսումնարանը: Նա կառավարվում էր երկու ամերիկացի վարժուհիների վերատեսչության տակ, որոց մինը կոչվում էր միս Րայիս, մյուսը՝ միսիս Րեյ:

Ուսումնարանում դասատվության գլխավոր լեզուն ասորոց էր: Վարժուհիքը շատ լավ գիտում էին այդ լեզուն: Ես զարմացա, թե ինչու չէին սովորեցնում անգլերեն:

Մեք մեր լեզուն չեմք սովորեցնում ոչ մի ուսումնարանում, որ հիմնել եմք Պարսկաստանում, — ասաց մստեր Լաբերին:

Ինչո՞ւ, — հարց արի ես:

Մեր նպատակն այն է, որ ամեն ազգ, որոց մեջ մեք լուսավորությունք, խղճի, ազատություն ու կրոնքի ճշմարտություն եմք տարածում, կրթվին յուրյանց մայրենի լեզվով, և պահպանեն յուրյանց ազգային ինքնուրույնությունը:

Մի այդպիսի նպատակը ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ, երբ նոր քարոզված կրոնքի հերձվածը նորան բաժանում է յուրյանց հայրենական եկեղեցուց և հետևաբար ազգայնությունից:

Մեք նոր կրոնք չեմք քարոզում, մեր քարոզած կրոնքը Ավետարանն է և քրիստոնեությունը: Ասածիս ապացույց է այն, որ մեք մինչև այսօր թույլ չեմք տվել մեր հետևորդներին կրիլ յուրյանց վերա մի նոր կրոնական անուն:

Ապա ի՞նչ են պրոտեստանտ, մեթոդիստ կամ բողոքական անունները:

Մեր Ժողովրդից շատ հիմարներ յուրյանց ընկլիսներ էին կոչում: Յուրյանց պրոտեստանտ կոչելն էլ հետևանք է մի այդպիսի հիմարության: Եթե ոչ, մեք երբեք չեմք մտցնում նոցա մեջ այդպիսի մտքեր: Մեք քարոզում ենք մնալ քրիստոնյա. և ազգությամբ պատկանել այն ցեղին, որից ծնված էին նոքա:

Ես չեմ կարող որոշակի ասել, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը, միայն դարձա դեպի վարժուհիքը, նոցանից մի քանի տեղեկություններ քաղել ուսումնարանի մասին:

Այդ ուսումնարանում մտանում էին օրիորդներ, որք գյուղերի ծխական վարժարաններում արդեն ուսել էին արհեստների և գիտությունների տարրական մասը: Այստեղ նոքա ավելի կատարելագործվում են ուսման մեջ, և նոցանից շատերը պատրաստվում են գյուղերում վարժապետուհիք լինելու: Պետք է ասած, որ այդ ուսումնարանում առանձին ուշադրություն է դարձվում կրոնքի և ձեռագործության վերա: Աշակերտուհիքը և տանտիկնության մեջ ընդունակ լինելու մտքով, նշանակված է նոցանից ամեն մինը որոշյալ օրերում վերակացու լինել խոհանոցին և սովորել կերակուրներ պատրաստելու ձևերը:

Ավարտելով այդ ուսումնարանում՝ օրիորդները մեծ մասամբ ամուսնանում են այն աշակերտների հետ, որ ավարտել էին Սիր-դաղիի գլխավոր ուսումնարանում, որք յուրյանց նվիրում են կամ քարոզչական և կամ ուսուցչական գործին:

Այդ տան մեջ էր և նոցա գլխավոր եկեղեցին, ուր նոքա քարոզներ էին կարդում և աղոթում էին:

Նույն ավուր կեսօրից հետո ես գնացի Սիր-դաղի (Գաղտնյաց սար): Այստեղ Սիր անունով մի գյուղ նստած է նույն սարի բարձրավանդակի վերա: Գյուղը ունի Ուրմի քաղաքից կես մղոն հեռավորություն: Առաջին անգամ ես տեսա մի հարթ հավասար ճանապարհ, որ ուղղել էին մեսիոնարները այդ գյուղից քաղաքը յուրյանց կառքերով անցուդարձ անելու համար:

Սիր գյուղը յուր դիրքով, գեղանկար շրջակայքով, պատկերացնում էր հիանալի տեսարան: Այստեղ, յուրյանց համար հատուկ շինել տված ամրոցում, բնակվում էին չորս միսիոնարների ընտանիք: Նույն ամրոցի մեջ և տեղավորված էր նոցա արական գլխավոր ուսումնարանը: Մստեր Կակրին անունով միսիոնարը ընդունեց ինձ յուր մոտ, նա ցույց տվավ ինձ ուսումնարանը: Ես շատ հավանեցի նոցա ֆիզիկական և քիմիական կաբինետները: Այդ ուսումնարանը պատրաստում էր վարդապետներ և քարոզիչներ, որք մտել էին այնտեղ զանազան տեղերի տարրական վարժարաններից:

Ես գիշերեցի մստեր Կարկինի մոտ: Ընթրիքից հետո նորա երկու մատաղահաս դստերքը ամբողջ ժամերով ածում էին և երգում էին պիանոյի վերա:

Այդ գիշերը երկար կմնա իմ հիշողության մեջ անմոռանալի:

Մյուս ավուր առավոտը իմ հյուրրնկալ միսիոնարը առավ ինձ յուր կառքի մեջ, մեք դարձամք քաղաք:

Այժմ կգրեմ քեզ մի քանի տեղեկությունք միսիոնարների գործի մասին, ինչ որ վերաբերում էր հայերին և պարսիկներին:

Վերոհիշյալ երկու ուսումնարանների մեջ, այսինքն՝ քաղաքի օրիորդաց և Սիր-դաղիի արական ուսումնարաններում, ես շատ փոքր թվով տեսա հայ աշակերտուհիք և աշակերտներ: Նոցա համար որպես վարժապետ հրավիրված էր Տաճկաստանի Մուշ քաղաքից մի երիտասարդ, որ ավարտել էր տեղային, Ամերիկայի միսիոնարների հայերի համար հիմնած ուսումնարանում: Այնտեղ նոքա ունին ընդարձակ առաքելություն և առանձին եկեղեցի հայերից:

Բայց պետք է ասած, որ Պարսկաստանի զանազան քաղաքներում և գյուղորայքում, միսիոնարները հայերի մեջ արդեն մտցրել են յուրյանց դպրոցները և քարոզիչները: Ես ավելորդ եմ համարում մանրամասնաբար նոցա դրությունը նկարագրել, միայն կասեմ, որ Պարսկաստանի հայերը ասորիների պես շուտով կենթարկվին ամերիկացի միսիոնարների ազդեցության տակ: Այդ մարդիկը բոլորովին նվիրված են յուրյանց գործին, աշխատում են, ուսուցանում են, քարոզում են, ձրիաբար զանազան տեսակ գրքեր և Պոլսո «Ավետաբեր» լրագիրն են տարածում հայերի մեջ, բայց հայ ժողովուրդը դեռ քնած է յուր անհոգ անտարբերության մեջ...:

Պարսիկների խստասրտությունը մինչև այսօր թույլ չէ տվել քրիստոնեությանը համարձակ մուտք ունենալ նոցա մեջ: Այդ պատճառով միսիոնարներն դեռևս նոցա մասին մի նշանավոր գործ կատարած չեն: Միայն Պարսկաստանում աննկատելի կերպով տարածվում են զանազան գրքեր: Ես ավելորդ եմ համարում դոցա մասին գրել քեզ:

Աստվածաշնչի թարգմանությունը կարելի է գտանել շատ պարսիկների և թուրքերի տներում: Բացի դորանից մի քանի գրքեր մեծ խռովություն բարձրացրին, որպես մի ժամանակ Տաճկաստանում, նույնպես այժմ Պարսկաստանում: Դոցա թվումն է Միզան-ուլ-հակկ կոչված գիրքը, որ նշանակում է կշիռ ճշմարտության: Միզան-ուլ-հակկի հորինողն է գերմանացի երևելի աստվածաբան դոկտոր Պըֆանտան: Այդ գրքի ոճը և պարունակությունը ցուցանում են հեղինակի խորին գիտությունը պարսից և արաբական լեզուների և նոցա գրականության մեջ:

Միզան-ուլ-հակկը կրիտիկաբար քննում է Ղորանը, ապացուցանում է նորա սուրբ գիրք չլինելը և հերքում է Մուհամմեդի ինքնակոչ մարգարեությունը: Նույն գրքի մեջ հեղինակը խոսում է պարսիկների այլ կրոնական գրքերի մասին (Հադիսների) և ցուցանում է նոցա վնասակար ազդեցությունը մարդկային լուսավորության և առաջադիմության վերա: Նույն գրքի մեջ հեղինակը խոսում է քրիստոնեության ճշմարտության վերա, Մեսիայի վարդապետության վերա, և նոցա օգտավետ ազդեցությունը մարդի խիղճը և հոգին սրբելու, և մարդկային ազատ զարգացմանը նպաստելու:

Դոկտոր Պըֆանտան ունի և այլ հեղինակություններ պարսից լեզվով, որոց կարգումն են՝ 1. Թարիգուլ-հայյաթ (ճանապարհ կենաց), որ ցուցանում է մարդու հոգվո փրկության ճանապարհը Քրիստոսի միջոցով: Միևնույն ժամանակ խոսելով մահմեդականության վնասակար ուղղության մասին: 2. Սաճարուլ-հայյաթ (ծառն կենաց): 3. Մըֆթարուլ-իսրար (գաղտնիքներ բացատրող): Վերջին երկու գրքերը դարձյալ ունեն կրոնական նշանակություն, մահմեդականության և քրիստոնեության վերաբերությամբ:

Մի այլ գիրք Ղըսասուլ-ամբիա անունով, որ նշանակում է մարգարեից պատմություն, է հեղինակություն ամերիկացի միսիոնար մստեր Մերիքի, նույնպես պարունակում է յուր մեջ մարգարեից նախագուշակություններն Մեսիայի մասին և քրիստոնեության ճշմարտությունը:

Վերոհիշյալ գրքերն և զանազան տետրակները բազմաթիվ հատորներով տարածված են Պարսկաստանում, և նոցա համակրողների թիվը սակավ չէ, թեև նոքա դեռևս երկյուղից մնում են անհայտության մեջ:

Հետևյալ նամակով քեզ կգրեմ տեղվույս կաթոլիկ միսիոնարների մասին:

ՆԱՄԱԿ ժԷ

Ես խոստացել էի քեզ գրել Ուրմիի կաթոլիկ միսիոնարների մասին, այդ պատճառով քանի օրից հետո ստիպվեցա քաղաքիս Ֆաթալի-խանգոլ կոչված թաղը գնալ: Այստեղ նոքա բնակվում են մի տան մեջ, ուր տեղավորված է և նոցա փոքրիկ վարժարանը և եկեղեցին: Նոցա բնակարանի հանդեպ, առանձին տան մեջ կենում են մի քանի հոգի իտալացի և ֆրանսիացի մայրապետներ, որք ունեն օրիորդաց փոքրիկ վարժարան: Ես տեսա վերոհիշյալ թե՜ արական և թե՜ իգական վարժարանները, նոցա մասին այդքանը միայն կարող եմ գրել քեզ, որ աշակերտները և աշակերտուհիքը սովորում են միայն հասարակ ընթերցանություն, քրիստոնեական վարդապետություն և աղոթքներ, մի քանի չափահաս աշակերտներ ուսանում էին լատիներեն և ֆրանսերեն: Դոքա պատրաստվում էին քահանայացաք լինելու:

Հաջորդ էջ