Րաֆֆի՝   Հուշագրություններ

Այստեղի կաթոլիկ միսիոնարները լազարիստների կարգիցն են: Ես երկար խոսեցի նոցա մեծավորի, մոսիո Կլուզերի հետ: Տեր հայրը աշխատում էր հավատացնել ինձ պապի անսխալականությունը, Պետրոսի արքայության դռնապան լինելը և բացի ուղղափառ կաթոլիկներից ոչ ոքի այնտեղ մուտք չտալը...:

Լազարիստները Պարսկաստան մի քանի տասը տարիներով առաջ եկած են, քան թե բողոքական միսիոնարները: Բայց դոցա գործունեության արդյունքը համեմատաբար շատ չնչին է եղել, յուրյանց հետ մրցություն անող մեթոդիստներից: Լազարիստները միայն կարողացել են Ուրմիո նահանգում և Սալմաստա Խոսրովիա գյուղում կրոնափոխ առնել մինչև յոթ հարյուր գերդաստան ասորիներ, մինչդեռ բողոքականների ժողովուրդը (թեև դժվար է ճիշտ թվանշաններ դնել) հասնում է մի քանի հազար գերդաստանների:

Բայց հետաքրքրական են այն միջոցները, որոնք այստեղ գործ են դրել և դնում են կաթոլիկ միսիոնարները զանազան մարդիկ որսալու:

Եզվիտների դասը թողեց մարդկային պատմագրության մեջ մի կեղտոտ հիշատակ, թե որպիսի հնարներով նոքա Հնդկաստանում, Չինաստանում և Ավստբոալիայի կղզիներում որսում էին կռապաշտներին դեպի կաթոլիկություն: Լազարիստները յուրյանց Պարսկաստանում գործ դրած հնարներով ետ չեն մնում նոցանից: Ամեն երկրներում, ուր տիրում է մտավոր խավարը, ուր ժողովուրդը ստրկության մեջ է ապրում, ուր բռնակալը երկաթե գավազանով է տիրում, պապականության արբանյակները, յուրյանց մանգաղին միշտ առատ հունձք են գտանում:

Լազարիստները ծանոթանում են գյուղատեր խաների և կալվածատերերի հետ, գրավում են նոցա բարեկամությունը զանազան եվրոպական իրեղենների ընծաներով: Հետո սկսում են գյուղացիների մեջ ինտրիգաներ և խռովությունք սերմանել, կռիվներ հարուցանել, իրանց միջնորդ դառնալ, հետո մինին պատժել տալ գյուղատիրոջ ձեռքով, մյուսին պաշտպանել, եթե նա խոստանում էր կրոնքը փոխել: Կառավարությունը հարկ է պահանջում որևիցե գյուղից, շինականները պատրաստի փող չունեն, որ տան, կաթոլիկ միսիոնարը վճարում է տուրքը և առնում է կառավարության բարաթը (ստացականը). ամբողջ գյուղը դառնում է նոցա պարտական և հետևապես ստրուկ:

Մինը պարտքերի մեջ է ընկնում, եթե նա կրոնքը կփոխե, լազարիստները, կամ նոցա գլխավոր եպիսկոպոսը, միշտ պատրաստ են նորան թուղթ տալ, որ նա գնա կաթոլիկ երկրներում ժողովրդարարություն անե:

Եվրոպայի զանազան անկյուններում դուք կգտնեք ուրմեցի և խոսրովեցի ասորին, մի թուղթ ձեռքում բռնած, դռնե դուռն ընկած, ողորմություն էր խնդրում: Այսպիսի թղթերի մեջ սովորաբար գրված են լինում այդպիսի խոսքեր. «Այդ մարդը երևելի, մեծատոհմիկ և բարեպաշտ ուղղափառ էր, սուրբ կրոնքի պատճառավ անհավատների հալածանքին ենթարկվելով, նա զրկվեցավ յուր հարստությունից, և ծանր պարտքերի տակ ընկավ, այժմ մահմեդական պարտատերերն նորա երեխայքը հափշտակում են փողի փոխարեն և այլն»:

Մայրապետներից ոմանք յուրյանց ձևացնում են որպես բժիշկներ, թուրքի կանայքը երեխայք են բերում նոցա մոտ բժշկելու, մոլեռանդ կույսը միշտ պատրաստ է մոր ձեռքից առնել երեխան, և նորա ճակատը օրհնած ջրով օծել, որ նա ապագայում քրիստոնյա դառնա...

Պետք է ասած, որ Պարսկաստանումթողյալ Սպահանում դոմինիկյանների և մոսիո Բոռեի ձեռքով հայերից կրոնափոխ եղածներըլազարիստները դեռևս չեն կարողացել մի այլ տեղ յուրյանց մոլորությունները հայերի մեջ մտցնել:

Ինձ պատմեցին, թե կաթոլիկությունը Պարսկաստանի հայերի մեջ տարածելու համար, քանի տարի առաջ Վիեննայի Մխիթարյանների վանքի միաբանությունից այստեղ եկած էին երկու վարդապետներ: Բայց նոցա բոլոր ջանքն իզուր անցան և ոչինչ չկարողացան շինել: Ես շատ ծիծաղեցի, երբ լսեցի, որ այդ վարդապետներից մինը տալիս է մի խեղճ հայի մի քանի թուման փող, և նա փոխում է յուր դավանությունը, կաթոլիկ է դառնում: Քանի ամսից հետո հայը զղջանում է և կրկին յուր հայրենական եկեղեցվո գիրկն է դիմում: Վարդապետը պահանջում է նորանից տված փողերը: Հայը պատասխանում է. — Ես ստացա քեզանից այսքան արծաթ, և մի քանի ամիսներ կաթոլիկներու եկեղեցին գնացի: Դուք էլ մի այնքան ժամանակ Հայոց եկեղեցին եկեք, հետո ես կդարձնեմ ստացած արծաթը: Վարդապետը հրաժարվում է և կորցնում է փողը:

Եվ այդպիսով, լազարիստները, ամերիկացի միսիոնարների նման, չեն աշխատում յուրյանց վարդապետությունը տարածել ուսումնարանների, քարոզության և տպագրության միջոցներով: Այլ նոքա գործ են դնում այնպիսի հնարներ, որ վերևում հիշեցիմք:

Պարսիկների մասին նոքա շատ քիչ են մտածումմի գիրք միայն, որո իսկականը ես չկարողացա տեսանել, այլ նորա պարսկերեն կրիտիկան կարդացի. — Պատրի անունով մինից գրված է եղել երրորդության, Քրիստոսի և պապի մասին, և որպես կրիտիկայից երևում է, պետք է մի թույլ և անօգուտ բան եղած լինի:

Այսքանով առ այժմ բավականանալով լազարիստների մասին, մի քանի բան կավելացնեմ պարսիկների հարաբերությունների մասին հայերի և մահմեդականության չպատկանող այլ ազգերի հետ կրոնքի վերաբերությամբ: Պետք է ասած, որ Պարսկաստանի Բարձրագույն կառավարությունը գործ չէ գնում ոչինչ միջոցներ յուր հպատակ օտարազգիների մեջ մահմեդականություն տարածելու: Որովհետև յուր տերության մեջ զանազան ազգությունները և կրոնքները մի ամբողջ ձուլելու գաղափարը դեռ նորան անծանոթ է: Պատահում են դեպքեր, և այդ դեպքերը կրկնվում են հաճախ, որ պարսիկները և թուրքերը քրիստոնյաներից աղջիկներ են փախցնում, երեխայք խելքից հանելով թուրքացնում են, և այլ այդպիսի բռնաբարությունք են գործ դնում, բայց դոքա գործվում են մասնավոր անձինքներից, որոնց նպաստում է ոչ թե Բարձրագույն կառավարությունը, այլ մոլլաների մոլեռանդությունը:

Պարսկաստանի Բարձրագույն կառավարությունը դեռևս չունի ոչ մի հիմնարկություն կամ սահմանադրություն, որո նպատակը լիներ օտարազգիները դեպի մահմեդականություն որսալու կամ նոցա ազգային ինքնուրույնությունը ջնջելու: Նա մինչև անգամ յուրյան սխալված է համարում, որ թույլ տվեց օտարերկրյա միսիոնարներին յուր երկիրը մտնել, և աշխատում է, որ յուր հպատակ ազգերը պահպանեին յուրյանց կրոնքը և չմիանային կաթոլիկների կամ բողոքականների հետ:

Միրզա-Նաջաֆալի Սարփարաստի29 արտաքին գործող վեզիրին գրված նամակները, ավելի քաղաքական հայեցողական կետից, ցուցանում էին հայերի և ասորիների կրոնափոխ լինելու վնասակար հետևանքը Պարսկաստանի կառավարությանը. թե այդ ազգերը, յուրյանց հայրենական կրոնքը փոխելով, կաթոլիկներին և բողոքականներին խառնվելով առիթ էին տալիս կաթոլիկ և բողոքական տերությանց ներկայացուցիչներին միջամտություն առնել պարսից հպատակ քրիստոնյաներին վերաբերյալ խնդիրներում:

Վերոհիշյալ հանգամանքները աչքի առաջ ունելով, կառավարությունը Հայոց և Ասորոց հոգևոր առաջնորդներին շնորհել է զանազան իրավունքներ և արտոնություններ յուրյանց ժողովրդի գոյությունը յուրյանց ազգային հիման վերա անփոփոխ պահպանելու համար: Կառավարությունը ոչ միայն չէ արգելում հայերին ամեն տեղ համարձակ դպրոցներ բանալ և նորանց յուրյանց ցանկացածին պես ուղղություն տալ, այլ դեռևս ոչ մի օրենքով պարտավորեցրած չէ նորանց մինչև անգամ դպրոցներ բանալու մասին թույլտվություն խնդրել: Վերջինը թեև մասամբ վերաբերում է նորա անգիտակցությանը ուսումնարանի նշանակության մասին, այսուամենայնիվ, պետք է ասած, որ դա առավելապես նպաստում է հայերի մեջ դպրոցների և կրթության առաջ գնալուն: Ասածիս ապացույցը այն է, որ Շահը Դավրեժու ազգային ուսումնարանը տևողական հիմք ունենալու համար շնորհեց նորան տարեկան 200 թուման ստանալ արքունի գանձարանից:

Բայց ցավալին այն է, որ Պարսկաստանի հայոց հոգևոր կառավարությունը յուր գործունեությունը չէ կարողանում հարմարեցնել կառավարության նպատակներին, կրոնափոխությունը յուր ժողովրդի մեջ չտարածվելու համար: Այլ ընդհակառակը, դեպի յուր անձնական օգուտներն է գործ դնում յուրյան շնորհված իրավունքները, որոց մասին մանրամասնաբար կկարդաք իմ Դավրեժու նամակներում:

Նամակս վերջացնում եմ այդ խոսքերով, որ Պարսկաստանում մինչև այսօր միսիոնարների որոգայթներեն փոքրիշատե զերծ մնացած հայերը ոչ թե պաշտպանված են եղել յուրյանց եկեղեցականների հսկողությունից, այլ յուրյանց մոլեռանդ նախապաշարմունքներեն, որ նոքա ընկլիսի և ֆրանկի կրոնքներին դեռևս նայում են որպես կռապաշտության վերա: Իսկ այդ նախապաշարմունքը ժամանակավոր կլինի և անցողական, եթե հայ ժողովուրդը այստեղ չպահպանվի ավելի հիմնավոր ուժերով, այսինքն` ուսումնարանի և կրթության միջոցով: Եվ եթե դարման չտրվի նորա աղքատությանը, որո պատճառավ նա շատ անգամ ստիպված է լինում փողին վաճառել յուր միակ սրբությունըկրոնքը:

ՆԱՄԱԿ ԺԸ

Դու պահանջում ես քեզ գրել այստեղի հայերի սովորություններից: Ես կգրեմ քեզ, թե որպես կատարվում են այստեղ հարսանիքները: Հարսանիքները առհասարակ լինում են աշնան վերջանալուց հետո, մինչև մեծ պասի սկզբները, երբ գյուղացիք հանգստացած էին յուրյանց մշակություններից, երբ նոր գինիքը հասունացել էին:

Մի օրինավոր հարսանիք տևում է յոթն օր և յոթն գիշեր: Հարսանիքից մի քանի օր առաջ փեսայի հայրը, մի քանի բարեկամների հետ, գնում են հարսի հոր տունը քասը մաթ անեն, այսինքն՝ կտրական անեն, թե որքան բաշլըղ (գլխագին) պետք էր տված հարսի հորը նորա աղջկա մասին: Զուտ փողի հետ ստացվում է փեսայի հորից և նշանավոր քանակությամբ գինի, յուղ, բրինձ, հաց և այլ մսացու անասուններ:

Երեկոյան, որո առավոտը պիտի սկսվի հարսանիքը, փեսայի տան առջև մորթվում են մսացուն, դհոլ և զուռնա են ածում, աղջիկները պար են գալիս նորա չորս կողմով, և դրացիքը, այնտեղ հավաքվելով, խմում են մի-մի բաժակ գինի, բարեմաղթելով, որ աստված բարի սհաթի անե և այլն: Միսը գիշերով եփում են և ազատ տղերքը մաղում են հարսանիքի համար թխելու հացերի ալյուրը, որը նույնպես պատրաստվում է նույն գիշեր:

Հինայով ձեռքերը ներկելու սովորությունը հայերը առած պիտի լինեն պարսիկներից: Միսը մորթելու գիշերը մի ազապ աղջիկ, սկուտեղի մեջ, գլխի վրա դրած մի քանի քսակ հինա, մի խումբ այլ աղջիկների հետ դհոլ և զուռնա ածելով և պար գալով, գնում են հարսնացուի տունը: Այն գիշեր այնտեղ լինում է հարսանիք և պարահանդես, որո վերջն հարսնացուին առանձին պար են ածում, երկու լավաշ նորա գլխի վերա խաչաձև դնելով: Նորա պար գալը վերջանալեն հետո ազապ աղջիկները լավաշները բաժանում են յուրյանց մեջ, որ աստված նրանց էլ մասնակից անե այդ ուրախությանը և նրանց բախտն էլ բաց անե:

Այն գիշեր աղջիկները մնում են հարսնացուի մոտ, քնելու ժամանակ շաղախում են հինան, նախ և առաջ ներկում են հարսնացուի ձեռքերը, հետո յուրյանց ձեռքերը: Շատերը թաթախում են միմիայն յուրյանց ճկույթը, որպեսզի իրանք ևս մի օր մասնակից լինեն մի այդպիսի ուրախության:

Մյուս օրը, վաղ առավոտյան, փեսայի ազգականներից մի հասակավոր կին, ձեռքում բռնած մի մեծ փունջ ծաղիկ, մի տղամարդի հետ, որ կրում էր մի մեծ դդմասրվակ գինի, դհոլ զուռնա ածելով սկսում են պտտել տնից տուն: Նվիրակ կինը, ամեն մի աուն մտնելով, մատուցանում է գերդաստանի ծերունիին յուր փնջից մի ծաղիկ, և նորա հետ տղամարդը տալիս է մի բաժակ գինի, նոքա բարեմաղթում են, որ աստված նոցա որդուն էլ փոխ անե մի այդպիսի ուրախությունը և հրավիրում են նորան գալ հարսանիք:

Այդ կերպով մի քանի օրեր շարունակ ճաշի սեղանին հրավիրվում են տղամարդիկ, իսկ երեկոյան ընթրիքին՝ կանայքը: Իսկ պարհանդեսները և նվագածությունները կատարվում են գիշերներով:

Հարսանիքի տան դահլիճի մի անկյունում, հատակից բավականին բարձր կապած է թախտը, որո վերա նստած է լինում թագավորը (փեսան), խաչեղբոր ձեռքից բռնած: Նորա չորեքկողմը պատել են ազապները, նորա մինիստրները: Փեսան յուր վզին ձգած ունի կուրծքի վերայից խաչաձև փաթաթած կանաչ-կարմիր գույնով մի կերպաս, իսկ աջումը բռնած ունի բաց թուր: Նա յուր թախտից իշխում է հարսանիքի հանդեսի վերա:

Նույն դահլիճի կենտրոնումը կանգնած են սազանդարները (նվագածուքը): Նոքա ածում են: Դահլիճը լիքն է բազմությունով: Նոցա բոլորն էլ բռնել են գուանդ. դա մի տեսակ պար է, որ ամբողջ բազմությունը, հարյուրավոր անձերից, բռնելով միմյանց ձեռքից, կազմում են մի շղթա, որո օղակների մեջ տեղ-տեղ երևում են աղջիկներ բաց երեսներով, հարսներ և կանայք ծածկված երեսներով, և լուռումունջ, գայթե-գայթ, կողք-կողքի կաքավում են, զանազան ոլոր-մոլոր շարամանությունք կազմելով: Պարի ձևերը ունեն յուրյանց առանձին նվագածության եղանակները:

Պետք է հիշել, որ ոչ մի կին և ոչ մի աղջիկ չէ բռնում այնպիսի մի տղամարդի ձեռքից, որ նորա ազգակիցը չէր:

Գուանդների վերջը հոգնած բազմությունը նստոտում են հարսանիքի տան պատերի տակով: Տիրում է ընդհանուր լռություն: Տան դահլիճի կենտրոնում բացվում է ընդարձակ տարածություն:

Այդ որպես թե թատրոնական բեմի վերա, հայտնվում են սազանդարները, հագնված ծիծաղաշարժ կերպով, որք սկսում են ներկայացնել զանազան կատակերգական խաղեր: Այդպիսի խաղերը թեև տակավին յուրյանց տղայության մեջն են ապրում, բայց հիշեցնում են մեզ, թե բեմական արհեստը վաղուց է ծանոթ եղած հայերին:

Չորրորդ օրը փեսայի տանից ուղարկվում է հարսի տունը նանգուշտ, որ կնշանակե հաց և միս, որոց հետ և տանում են եղ, բրինչ, գինի և այլ ուտելիքներ: Այնուհետև բազմությունը հավաքվում է հարսանիքի տանը, և մի ճոխ հացկերույթեն հետո քահանան օրհնում է նորափեսայի հագուստը, զգեստավորում են նորան, և ապա բոլորը, բացի փեսայից, դհոլ-զուռնա ածելով, գնում են հարսնացուի տունը:

Այնտեղ մի թեթև կերուխումից հետո մեջ են բերում հարսնացուի հալավը, դրած մի սկուտեղի վերա, որո մեջ լեցրած էր զանազան մրգեղեններ և քաղցրավենիք: Քահանան օրհնում է հագուստը, հետո մրգեղենը և քաղցրավենիքը բաժանում են բազմությանը, որք ուտելով խնդրում են ամուսնացուների համար բախտ և քաղցրություն և շատերը տանում են յուրյանց տանը, տալիս են հասած աղջկան կամ տղային, որ նոքա ևս մի օր արժանի լինեն հարսանիքի ուրախությանը:

Օրհնած հալավը հագցնում է հարսնացուին մի կին, որ եղել էս նորա վարժուհին: Հետաքրքրության արժանի է այդ խորհրդական զգեստավորությունը, որ այլ խոսքով կարելի է ասել «աղջքիս ձեռնադրությունը կնամարդ լինելու», կին բառի բոլոր նշանակությամբ ասիական կյանքում: Վարժուհին կապում է նորա ականջները երկկողմանի խլության ակնջուկով, ասելով այդպիսի խոսքեր. — Քո ականջները թող խուլ լինեն ամեն չար բան լսելեն: Ապա կապում է նորա բերանը լռության յաշմաղով, ասելով. — Քո լեզուն թո՜ղ լուռ լինի չար բաներ խոսելուց: Հետո հագցնում է նորա գլխին ողջախոհության կալկուճը, դնում է նորա վերա փառաց գոտին30, ասելով. — Քո գլուխը թող միշտ խոնարհ լինի քո մեծավորների առջև: Վերջապես ձգում է նորա երեսին ամոթխածության քողը ասելով. — Քո դեմքը թո՜ղ չտեսնեն չար աչքեր: Եվ այնուհետև նորա երեսը մինչև մահ մնում է ծածկված ամեն աչքերից: Բոլոր հալավները հագցնելեն հետո, որոնց ամեն մինը առանձին ունեն մի առանձին խորհրդավոր գաղտնիք նորահարսի ապագաայի համար, նորա մեջքը պնդում են փեսայի հոր, հարսի սկեսարի, որպես նորա հանդերձյալ գերդաստանի նահապետի գոտիով: Թողություն խնդրելով յուր բոլոր ազգականներից, նորահարսը ընկնում է յուր հոր և մոր ոտքը, համբուրում է աղաչելով, որ նոքա յուրյանց կաթը, աղուհացը հալալ անեին նորան, երեք անգամ պտիտ է գալիս թոնրի, այդ նահապետական օջախի չորս կողմով, և արտասուքը աչքերում բաժանվում է ծնողական տնից...

Սույն միջոցին երաժիշտներր ածում են դառն եղանակ, որ ավելի նման է թաղման երաժշտական եղանակներին: Կարծես թե այդ արվեստական ձայները անլսելի կերպով գուշակում լինեին նորահարսի տխուր ապագան...

Իսկ փեսայի բարեկամները ուրախ են, նոքա, պար գալով հարսնացուի առաջև, հանդարտ քայլերով տանում են նորան: Տանիքներից վեր են ածում հարսի գլխին ծաղիկներ, մրգեղեններ և ով որ մոտիկ ազգական է, մանր արծաթի դահեկաններ:

Ճանապարհի կեսին փեսայի տնից ընդառաջ է գալիս մի կին գլխի վերա դրած մի ամանի մեջ կրակ, խունկով ծխած. այդ փեսայի սիրո անուշահոտության արտահայտությունն է: Այնուհետև երևան է լինում փեսան, շրջապատված յուր ազատներով: Նա խաչաձև ձգել է յուր վզից մետաքսյա կանաչ-կարմիր գույնով մի կերպաս, ցցել է յուր գդակի վերա գեղեցիկ փետուրներ, և աջումը բռնած ունի բաց սուրը: Նորա ձախ կողմից ձեռքեն բռնած, գալիս է խաչեղբայրը և տանում է ուրցը, դա թագավորի խաչաձև դրոշակն է, զարդարած խնձորներով, չամիչներով: Ամեն մի քայլում փեսային մատուցանում են մի բաժակ գինի, բարձր ձայնով գոռալով՝ անո՛ւշ, անո՛ւշ, անո՛ւշ...

Փեսան առաջ ընկած, և նորա հետևից հարսը գալով, հասնում են մինչև հարսանիքի տան դռանը: Այստեղ կանգնում են նոքա: Երաժիշտների ձայնը լռում է: Բազմության ամեն մինը ընծայում են արծաթ փեսային: Մի մարդ ստանում է արծաթը բարձր ձայնով կանչելով, թե ո՜վ որքան տվեց:

Այդ սովորությունը կատարվելեն հետո, փեսան ներս է մտնում: Դռան շեմքի վերա դրած են մի քանի ամաններ, նա ոտքը կոխելով ջարդում է, և անցանում է... դորանով նա կոտրում է յուր կենակցի կամակորությունը, որ այնուհետև դառնում էր նորան հպատակ... և ստրուկ:

Նույն ավուր կես-գիշերին կատարվում է պսակը համարյա գաղտնի կերպով, որ կախարդները և վհուկները կապումներ չանեին: Գոցա առաջն առնելու համար, պսակի միջոցին բաց են թողում հարսի ու փեսայի կոճակները, մի-մի կողպած կողպեք դնում են նոցա գրպաններում և կատարում են զանազան թիլիսմանական հնարներ...:

Նույն գիշերը հարսը մտնում է յուր փեսայի առագաստը: Իսկ առավոտյան մոտ ազգականները պիտի տեսնեն նորա ողջախոհության նշանը: Եվ մի փոքրիկ նախաճաշիկից հետո վերջանում է հարսանիքը:

Այդ նկարագրությունը հարսանիքի ես տեսել եմ Ատրպատականի գյուղերում, ուր այնպես սրբությամբ պահպանում են մեր նախնյաց սովորությունները և ավանդությունները: Բայց քաղաքներում սովորությանց այդպիսի ձևերը օրըստօրե փոխվելու վերա են, և ամբոխը կորցնում է յուր ժողովրդական առանձնահատկությունները:

ՆԱՄԱԿ ԺԹ

Վերջին նամակն է, որ գրում եմ քեզ Ուրմիո նահանգից: Ես երկար թափառեցի այստեղ: Պատրաստվում եմ առավոտյան դուրս ելանել:

Պարսկաստանում ժողովրդի վիճակագրական թվանշաններ չլինելու համար, ես դժվարանում եմ այստեղի բնակչաց թվի մասին ճիշտ տեղեկություններ տալ: Միայն որքան ստույգ է, չգիտեմ, ինձ ասացին, թե ամբողջ Ուրմիո գավառը բաղկանում է 700 գյուղերից: Դոցա ամեն մինի բնակիչները միջին թվով 60 տուն հաշվելով, և ամեն մի տան գերդաստանի անդամների թիվը 5 հոգի համարելով, կնշանակե, թե այդ գավառը ունի մինչև 175.000 հոգի բնակիչ: Դոցա մեծ մասը թուրքեր են օվշար կոչված ցեղից, նոցանից փոքր թվով են ասորիները, հետո հայերը, այնուհետև հրեայք, ղարաչիներ, քուրդեր, որք տեղային ազգաբնակությանց ավելի փոքր մասն են կազմում: Իսկ Ուրմի քաղաքը յուր արվարձաններով ունի մինչև 30 հազար հոգի բնակիչ:

Ուրմիո նահանգը խիստ պտղատու հող ունի, նա ոռոգվում է Նազլու-չայ, Շահար-չայ, Բարանտուզ-չայ, և այլ մանր գետերով, որք բաժանված են գյուղերի մեջ: Երկրագործությունը պահպանել է յուր բոլոր նահապետական ձևերը: Գլխավոր բերքերն են՝ բամբակ, ծխախոտ, ցորյան, բրինձ, քիշմիշ, կտավատ, գերչակ, որո յուղն գործ է դրվում որպես լուսավորության նյութ:

Այգեգործությունը ավելի ծաղկյալ դրության մեջ է այստեղ: Արևելյան բոլոր ազնիվ պտուղները, ծիրան, խնձոր, շլոր, տանձ, սերգևիլ, կեռաս, դեղձ, յուրյանց զանազան տեսակներով, հասունանում են հաջողությամբ: Ուրմիո խաղողը այնքան բազմատեսակ և ազնիվ է, որո չորացած քիշմիշը և սաբզան ոչ միայն բավականանում է բնիկներին, այլև առատ վաճառքի նյութ է դառնում առավելապես դեպի Ռուսաստան: Գարնան սկզբից մինչև աշնան վերջերը, բնակիչների բազմությունը երկու սեռից ևս, աշխատում են այգիներում, աշխատում են, որքան պիտի աշխատե մի կյանքի և ապրուստի հոգսերովը ծանրացած մարդ: Բայց նոցա այդ աշխատության պտուղը տանում է վաշխառու դրամատերը, որից գյուղացին փող էր փոխ առել խանին, բեկին, և կալվածատերի տուրքը վճարելու...

Բամբակը կացուցանում է գլխավոր արդյունաբերությունը տեղային ժողովրդի: Գյուղացու ձմեռային օրերի պարապմունքը նվիրված է այդ նյութի արվեստագործությանը: Ուրախալի է նայել գյուղացուն այդպիսի րոպեներում, երբ ամբողջ գերդաստանը, հավաքված թոնրի, այդ նահապետական օջախի չորս կողմով, երեխաներից սկսած մինչև տան պատկառելի ալևորը գործում են, աշխատում են: Փոքրիկ երեխայքը, մանկահասակ աղջիկները ձեռքով բամբակի կոզակներն են մաքրում կեղևներից, հարսները չիրչիր31 են քաշում և բամբակի կորիզներն են բաժանում. տան ծերունին գզում է բամբակը, պառավները թել են մանում, իսկ երիտասարդները կտավ են գործում: Ամբողջ գերդաստանը շարժողության մեջ է: Իսկ նոցա անքուն գիշերների արվեստագործության արդյունաբերությունը դառնում է հարստահարող վաճառականի շահասիրությանը առարկա...

Պարսկաստանում գյուղացին ոչ մի տեղ այնքան նվիրված չէ յուրյան գործին և աշխատությանը, որպես այստեղ, և ոչ մի տեղ գյուղացու դրությունը այնքան վատթար չէր, որպես այստեղ: Նոքա ապրում են դառն աղքատության մեջ: Որովհետև գյուղացու մշակած հողը պատկանում է զանազան կալվածատերերին, և նոցա արդյունաբերության հյութը ծծում են դոքա: Գյուղի աղան (տերը) այստեղ է ամենայն ինչ: Գյուղացին համարյա թե նորա ստրուկն է, նա անգթությամբ գործ է դնում նորան յուր հողերի մշակության համար: Մահմեդականության չպատկանող ազգերի դրությունը ցավալի դեր է խաղում այդպիսի հանգամանքներում: Դոցա թվում կարելի է հաշվել հայերին, ասորիներին և հրեաներին: Վերջինները բնակվում են միայն քաղաքի մեջ, բազարին մոտ մի առանձին թաղում: Այստեղ է քաղաքի բոլոր կեղտոտության կացարանն:

Այստեղ են մսավաճառների սպանդանոցները, այստեղ են ատաղձագործների, դաբաղների գործարանները: Այնտեղ ածվում են քաղաքի անմաքրությունքը: Այդ կեղտոտ և հոտած թաղից առաջին անգամ հանդիսանում է խոլեռան, անմաքրության սերտ բարեկամը, երբ ցանկանում էր նա քաղաքի մյուս բնակիչներին այցելություն գործել:

Այսուամենայնիվ, երբ մարդասեր ճանապարհորդը խորին ցավակցությամբ նայում է այդ հաղթահարված ազգի վիճակին, նոցա բոլորովին ոտնահար եղած դրությունը, հուդայի դստերքը ծագում էն նորա սրտին մի նշույլ ուրախության, յուրյանց դեմքերի բիբլիական գեղեցկությամբ:

Չնայելով զանազան հալածանքներին, հրեաները կարողացել են պահպանել յուրյանց ազգային առանձնությունքը, յուրյանց մայրենի լեզուն, կրոնքը և ժողովրդական ծեսերը ու սովորությունքը:

Հրեաները պարապվում են այստեղ ոսկերչությամբ և մանր առուտուրներով: Մինչդեռ քաղաքի թուրք բնակիչները ազատ են զանազան հարկատվությունից և քաղաքացի են համարվում, հրեաները և քրիստոնյայք քաղաքի մեջ բացառություն են կազմում, լինելով հպատակ մի քանի խաների, որք ստանում են նոցանից առանձին տուրք: Այդ ծագել է նորանից, որ հիշյալ ազգերը թուրքերի հալածանքներեն յուրյանց գոյությունը պահպանելու համար սկզբում տվել են քաղաքումը նշանակություն ունեցող խաներին արծաթ յուրյանց պահպանելու համար, այդ դարձել է սովորություն և վերջապես պարտավորություն: Որպես Սալմաստի Քյոհնա-շըհարում հրեաները վճարում են սեիդներին առանձին տուրք, որ նորանց պահպանեն թուրքերի կողոպուտներեն:

Քաղաքի հայ և ասորի բնակիչներր պարապվում են հյուսնությունով և շատերը՝ գինեվաճառությամբ: Իսկ մեծ մասը քրիստոնյաների, որք բնակվում են գյուղորայքում, ենթարկված են այն պայմաններին, որ վերևում հիշեցինք շինականների և կալվածատերերի հարաբերությանց մասին:

Շատ անգամ այդ հաղթահարված ազգերի ճիչը և բողոքը հասել են մինչև Պարսկաստանի Բարձ. դուռը: Ավելի օտարազգի միսիոնարների, և եվրոպական պետությունների ներկայացուցիչների միջամտությամբ, Նորին մեծությունը՝ Շահը, նշանակեց քրիստոնյաների և հրեաների վերա հսկելու և նորանց զանազան հալածանքներեն պահպանելու համար առանձին պաշտոնակալներ, որք կոչվում էին սարփարաստ, որ նշանակում է գլխապահ: Դոքա կան Պարսկաստանում, համարյա ամեն տեղ, ուր որ կան հիշյալ ազգերը: Իսկ սարփարաստները ինքյանք թուրքեր և պարսիկներ լինելով, շուտով յուրյանց պաշտպանելու ազգերի հալածիչների հետ քույր-եղբայրներ են դառնում և իրանք էլ մի կողմից սկսում են կեղեքել խեղճ ժողովուրդը32:

Բացի նորանից, որ գյուղացին պիտի լցուցանե կալվածատիրոջ պահանջմունքները նորա հողերի վարձատրությունների մասին, որը մշակում է նա, նորան ավելի զգալի են հարկերը, որ նա պիտի վճարե կառավարությանը (մալիաթ դիվան): Թեև այդ հարկերը համեմատելով եվրոպական շինականների տուրքերին, յուրյանց քանակությամբ այնքան ծանր չեն, բայց մշակների արդյունաբերության անշահավետության պատճառավ, նոքա դառնում են անտանելի:

Թողյալ այն, որ մշակը յուր արդյունաբերության մեծ մասր հողատիրոջը պիտի տա, թողյալ այն, որ նորան մնացած մասը, նորա արյան և քրտինքի պտուղը, երկրի չափազանց էժանության պատճառով ավելի գին չէ բերում, թողյալ այն, որ յուր աղքատիկ վաճառքեն ստացած փոքրիկ գումարը խլում է նորա ձեռքեն հարստահարող վաշխառուն, — գյուղացին յուրյան դարձյալ բախտավոր է համարում, եթե կտային նորան մի կտորիկ հող մշակելու: Նոցա մեծ մասը դորանից ևս զուրկ են մնում, և ստիպված են օրական վարձով աշխատելու մեծ կալվածատերերի մշակությանց դաշտերում, և նոցա օրական վարձի գինը չէ ավելանում 15 կոպեկից:

Իմ Պարսկաստանում մինչև այսօր ճանապարհորդության միջոցում, վերոհիշյալ հանգամանքները ամեն տեղ միակերպ եմ տեսել: Մի այդպիսի դրության հետևանքն այն է լինում, որ ժողովուրդը, չկարողանալով յուր հայրենի երկրում յուր գոյությունը պահպանել, սկսում է գաղթել դեպի պանդխտություն:

Մի այդպիսի վիճակին առավելապես ենթարկված են քրիստոնյայք, այսինքն հայերը և ասորիները:

Տաճկաստանի ծովեզրյա քաղաքներում, Պոլսում, Տրապիզոնում, Աղեքսանդրիայում, և այլն նավահանգստները, պանդոկները, հրապարակները լիքն են պարսկաստանցի հայ մշակներով, որոց դրությունը ավելի տարբերություն չունի բեռնակիր անասունների վիճակից: Նոքա նույնպես փալանը (համետը) յուրյանց ուսի վերա առած ծանր բեռներ են կրում և անասունների գործ են կատարում:

Եվրոպիո ամեն մին անկյուններում, մանավանդ Ռուսաստանում, դու կտեսնես պարսկաստանցի հային և ասորուն, խղճահար դեմքով մի պարոնի լուսամուտի դեմ կանգնած, մայա գրեկ (ես հույն եմ) ասելով ողորմություն է խնդրում:

Ամեն տարի Պարսկաստանի զանազան գավառներից հազարավոր այդպիսի մշակներ, յուրյանց ընտանիքը ձգելով անտերունչ և հետին աղքատության մեջ, պանդխտության գավազանը առած, խումբ-խումբ դիմում են դեպի օտար երկրներ բախտ որոնելու: Նոցանից շատ սակավներին միայն հաջողվում է լիքը քսակով և ողջությամբ յուրյանց հայրենիքը դառնալ, իսկ մեծ մասը մաշվում են և կորչում են օտարության մեջ: Պարսկաստանում ես տեսել եմ ամբողջ գերեզմանատներ այնպիսի անբախտների, ուր ծնողքը, սիրելի ամուսինը, մեռելոց օրերում, նստած գերեզմանի մոտ, լաց էին լինում, ոչ յուրյանց ննջեցյալի ոսկերքր, որք չէին դրած այն քարե հիշատակարանի ներքո, այլ նորա գդակը, նորա ձեռքի գավազանը, կամ նորա հողաթափները, որ ննջեցելո ընկերը բերեց հեռու աշխարհից իբրև միակ հիշատակ նորա կյանքի, և նորա ազգականները խնամքով թաղեցին հողի տակ...:

Մի այդպիսի թափառական կյանքը մեր ազգայինների, ոչ միայն զրկում է ամբողջ ընտանիքներ օրական հացից, երբ նոցա ապրուստի հոգաբարձուն կորչում էր օտարության մեջ, այլ առավելապես արգելում է ազգի աճելության և բազմանալու պայմաններին: Տղամարդիկը կյանքի և ապրուստի ծանր պիտույքների պատճառով չեն կարողանում ամուսնանալ: Նոքա օտարության մեջ են անցուցանում յուրյանց ժամանակը: Իսկ թեև նոցանից շատերին վիճակվում է ամուսնության բախտը ունենալ, նոքա նույնպես ստիպված են յուրյանց սիրելի ամուսինը դեռ հարսանյաց քողը երեսին ձգել տանում և հեռանալ դեպի պանդխտություն: Ամբողջ քանի մի տասնյակ տարիներ խղճալի հարսր սպասում է և սպասում է... նորա ամուսնից ոչինչ լուր չկանոցա ամուսնության մի հատիկ պտուղը, որ թողեց մոր արգանդում հայրը, աշխարհ է գալիս, զարգանում է, հասակ է առնում և գնում է որոնել յուր հայրը: Նա գտանում է նորան կամ մեռած և կամ խեղանդամ նըստած մի եկեղեցվո դռան մոտ ողորմություն էր խնդրում...

Ինձ ասացին, թե այդպիսի անբախտ ամուսինների հասարակությունը, որոնց տղամարդիկը օտարության մեջ էին ապրում, քանիցս անգամ խնդիրներ մատուցին Պարսկաստանի հոգևոր առաջնորդներին, որ վեհափառ Կաթողիկոսից բերել տայր նոցա համար մի առանձին արտոնության կոնդակ, երբ նոքա յուրյանց ամուսիններից մինչև յոթն տարի ծախս անելու արծաթ և նամակ չստանային, իրավունք ունենային ուրիշ տղամարդու գնալու: Բայց նորին սրբազնությունները հերքեցին դոցա խնդիրքը, նկատելով, որ այդ համաձայն չէր հայաստանյայց սուրբ եկեղեցվո կանոնադրություններին...

Ահա՛ եղբայր, այդպիսի թշվառ դրությանը ենթարկված են մեր ազգայիններս Պարսկաստանում:

Գաղթականությունը և պանդխտությունը օրըստօրե մաշում է և ոչնչացնում է նորանց: Ցավելով սրտի կրկնում եմ, որ թափառական կյանքը ազգերի անհետացնում է նոցա գոյությունը...

ՆԱՄԱԿ Ի

Հոկտեմբեր ամիսը հասնում էր յուր վախճանին: Օրերը անցնում էին խոնավ և անձրևաբեր: Ցուրտը գնալով դառնում էր զգալի, երբ ես թողեցի Ուրմի քաղաքը:

Չնայելով եղանակի անախորժ ազդեցությանը, ես մի բանով միայն գոհ էի ցրտից, որ ազատվեցա մոծակների թունավոր խայթոցեն, որք, չալթիկների (բրնձի դաշտերի) հոտած ջրերի որդունքներեն գոյանալով, անհանգիստ էին անում իմ քունը: Ես սովորեցա բնիկներից նոցա խայթոցեն ազատվելու համար քնել ամեն կողմից փակված փոքրիկ վրանիկի մեջ, որին տեղացիք կոչում են միլչաքդան: Բացի նորանից, որ բրնձի դաշտերը գոյացնում են այդ անհրավեր հյուրերին, նոքա, ճահիճների նման բռնելով ամբողջ նահանգի մեծ մասը, յուրյանը հոտած ջրերի արտաշնչությամբ, ամառային եղանակներում տաքցոցը և տենդը անում են մի անհրաժեշտ երևույթ բնակիչների մեջ:

Ես դուրս եկա քաղաքից երեկոյան պահուն, և ստիպված էի մնալ մի թուրքաբնակ գյուղում: Ճանապարհին սաստիկ թրջվեցա անձրևից, և խնդրեցի ինձ տանող չարվադարին գտանել մի տաք իջևան գիշերելու: Նա մոտեցավ մի տան և սկսավ զարկել դուռը:

Դուրս եկավ տանուտերը:

Ի՞նչ ազգից է պարոնը, — հարցրավ նա իմ մասին:

Հայ է, — պատասխանեց չարվադարը:

Լսելով այդ անունը, մի անախորժ զգացմունք արտահայտվեցավ տանուտիրոջ խոժոռ դեմքի վերա, որ պարզ երևաց յուր ձեռքում բռնած ճրագի լուսով:

Եվ նա ցույց տվեց մեզ յուր չորքոտանիների փարախը: Ես մտա այնտեղ, այդ կեղտոտ բնակարանի աղտոտությունը անասուններին անգամ անտանելի էր:

Դու քո բոլոր հյուրերին այստե՞ղ ընդունում ես, — հարցրի ես:

Ոչ, ես ունիմ և այլ սենյակներ ճանապարհորդների համար, — պատասխանեց թուրքը յուր խռպոտ ձայնով:

Այստեղ ինձ անհարմար է գիշերել, տուր մեզ քո սենյակներից մինը, որ ավելի մաքուր է, ինձ հարկավոր է կրակ վառել և չորացնել հագուստս, դու տեսնում ես, բոլորովին թրջված եմ:

Տանուտերը դժվարանում էր պատասխանել:

Ինչո՞ւ չեք խոսում, — կրկնեցի ես:

Գավուրներին մենք չենք կարող թողուլ թրջված մեր սենյակները մտանել, — ասաց նա սառն կերպով:

Մեր Մեսրոպը լսելով գավուր (անհավատ) բառը, ձեռքը տարավ սրին, բայց ես արգելեցի նորան ուշադրություն չդարձնել մահմեդականի խոսքին, որ կրոնական մոլեռանդությունից կուրացած, չէր հոժարվում քրիստոնյայի ոտքերով պղծել յուր սենյակի օթոցները: Եվ հարցրի, թե այդ գյուղում կայի՞ն քրիստոնյա կամ օտարազգի բնակիչներ: Նա պատասխանեց, թե բացի թուրքերից միայն ղարաչիներ բնակվում են այդ գյուղում:

Ես հրամայեցի իմ չարվադարին ինձ տանել մի ղարաչու տուն: Դոքա ցիգանների մի ցեղ են, որք թափառում են Ասիայում և ամեն ազգի հետ անխտիր հաղորդակցություն ունին և խոսում են աղճատված պարսկերենի խառնուրդից մի առանձին լեզվով:

Ես ներս մտա մի աղքատիկ խրճիթ, ուր հավաքված էր ցիգան գերդաստանի բոլոր անդամները, — մի ալևոր դարևոր հասակով. նորա պառավ կինը. նոցա բարձրահասակ, գորշ գույնով և ջլուտ կազմվածքով որդիքը. նոցա նրբահասակ, թուխ և վառվռուն աչքերով կանայքը, նոցա վայրենի գեղեցկությամբ սիրուն դստերքը և մի քանի կիսամերկ երեխայք: Դոցա թվում մի անկյունում շղթայած պպզել էին երկու կապիկներ և չարանենգ աչքերով նայում էին տանեցոց վերա, և թոնրի շրթան մոտ յուր առջևի թաթերի վրա գլուխը դրած պառկել էր մի ահագին գամփռ:

Next page