Րաֆֆի՝   Հուշագրություններ

Դեռ Տեր-Ղուկասովն մեզ մոտ չհասած, կազախներ եկան, լուր տվեցին, թե շուտ քոչեցեք (չվեցեք) և ձեր գլուխն ազատեցեք: Այդ ժամանկ մեզանից շատերը, մի քանի գյուղերի բնակիչներ, հավաքված էինք Ս. Հովհաննու վանքումը, որ բերդի պես պինդ է...

Եվ դրա համար էլ դուք փախա՞ք այնտեղից:

Այո, բայց մենակ այդ չէր: Այն ժամանակ մենք լսեցինք, թե շեյխ-Իբադուլլան և շեյխ-Ջալալեդդինը քսան հազար քրդերով և բաշիբոզուկներով եկել, Բայազետը քանդել են, երկու հարյուր հայ ընտանիք կոտորել են, հարյուր ընտանիք գերի են տարած, իսկ մնացած բայազետցիք փախել են Պարսկաստանի Մագու քաղաքը: Ուրիշ շատ բաներ լսեցինք...: Այլևս ապրելու հույս չմնաց, ասում էին, ռուսը գնալուց հետո ձեզ էլ բայազետցոց նման կկոտորեն: Դրա համար վճռեցինք ռուսի հետ միասին հեռանալ մեր երկրից:

Այս միջոցին իմ խոսակիցը կանգ առեց, մի քանի անգամ հոգվոց հանեց, չիբուխը վառեց և փոքր-ինչ ծխելուց հետո ոգի առավ, շարունակեց.

Այո՜, մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը: Բայց այս բանը այնքան հանկարծակի եղավ, որ պատրաստվելու ժամանակ չունեցանք: Մեր անասունների մեծ մասը դաշտումը մնաց. շատերն սայլեր չունենալով, իրանց ծանրությունները վեր առնեք չկարողացան: Մենք աշխատեցինք չթողնել, ինչ որ մեզ համար թանկագին էր, այսինքն մեր զավակները, իսկ մյուս բաների շատ չնայեցինք: Մենք թողեցինք թակույկներով լիքն ձեթ և պանիր. մենք շատ բան թողեցինք... ալաշկերտցու հարստությունը եթե ծովը լցնեիր, կցամաքեր... Բայց ինչ որ կարողացանք մեզ հետ վեր առնել, այն էլ բավական էր, որ այստեղ քաղցած չմնայինք, բայց այն ևս չմնաց, կորա ՛վ, գնա ՛ց

Ես հարցրի, թե գաղթականները գլխավորապես ո ՞ր տեղերից դուրս եկան:

Գաղթականները հավաքվեցան, — ասաց նա, — գլխավորապես Ալաշկերտի (Վաղարշապատի) վիճակից, Ղարաքիլիսայի վիճակից, Սուրբ Հովհաննու վանքի՝ այսինքն Ուչքիլիսայի (Բագրևանդի) վիճակից, Բայազետի Չուխուր կոչված վիճակից: Ընդամենը 30 գյուղի բնակիչներ հավաքվեցան միասին: Մեզ վերա դրած էին լեզգի և կազախ ձիավորներ, որ բերեն և ռուսաց սահմանից անցկացնեն: Իմ լեզուն չէ կարող նկարագրել այն սարսափելի ճանապարհորդությունը, որ մենք ունեցանք: Աստված իմ թշնամուն էլ ցույց չտա այն տանջանքը, որ մենք կրեցինք...:

Պատմեցեք, պատմեցեք, ասեցի ես, նկատելով, որ նա դժվարանում էր շարունակել:

Որպեսզի թշնամուն չհանդիպեինք, մեզ բերում էին զարտուղի ճանապարհներով. — այդ Ղուջախու և Խանի անիծյալ ճանապարհն է, որ անցնում է նեղ կիրճերի միջով, անդունդների վերայով և սարսափելի ելևէջներ ունի: Մեր սայլերի մեծ մասը մնաց կես ճանապարհի վերա, անցկացնել չկարողացանք: Նրանք մնացին բոլոր այն բաներով, որ բարձած էին: Ինչ որ մնում էր, այլևս նրա տերը չէինք: Այդ դեռ ոչինչ: Շատ անգամ ընկնում էր մի երեխա մոր գրկից, շատ անգամ մի կին, աղջիկ, տղա, հոգնածությունից թուլանում էին, ուշաթափ էին լինում, վեր էին ընկնում. — վեր առնելու ժամանակ չկար և կամ այն աստիճան խռովված էր բազմությունը, որ նկատող չէր լինում: Մայրը կորցնում էր որդին, այրը կորցնում էր յուր ամուսինը և ազապ տղամարդը՝ յուր նշանածը...

Չգիտեմ ինչո՞ւ վերջին խոսքը արտասանելու ժամանակ նրա աչքերում երևաց արտասուք, նրա ձայնը դողաց և դեմքը գունատվեցավ:

Սարսափելի մութ գիշեր էր, երբ հասանք մի տեղ, ուր կարծես մեր առջև բացվեցավ մի անտակ ծով. գնացողը, մոտ եկողը կուլ գնաց... — Այդ Արուջացի ճահիճներն էին, որ հարյուրավոր մարդկանց գերեզման դարձան...:

Կարծես մի աներևույթ ձեռք քշում էր մեզ. քշում էր անդադար և շունչ առնելու ժամանակ չէր տալիս: Մենք գալիս էինք գիշեր և ցերեկ առանց հանգիստ առնելու: Հոգնածությունը մի կողմից, քաղցածությունը մյուս կողմից չարաչար տանջում էին մեզ, բայց ավելի անտանելի էր ծարավը: Ծարավը այնպիսի մի կատաղության էր հասցրել մեզ, որ երբ ճանապարհին կոտրվեցավ մի արաղի տակառ, այր, կին, երեխա, բոլորն վրա թափվեցան և սկսեցին ջրի պես խմել: Շատերը դրանից հիվանդանալով մեռան, որովհետև այնպիսի մարդիկ էին, որ իրանց կյանքում արաղի համը առած չէին:

Երբ հասանք Իգդիր, կարծեցինք, թե ազատված ենք: Այնտեղ երկյուղ չկար: Գիշեր էր, երբ հասանք: Մի քանի օրվա անընդհատ ճանապարհորդությունից ջարդված և թուլացած, հանգստանալ կամեցանք: Մենք գիշերեցինք մի լեռան զառիվայրի վերա: Այդ հանգստությունը քուն չէր, այլ մի տեսակ թմրություն կամ մեռելություն էր, որ տիրում է մարդուն անտանելի հոգնածությունից հետո: Ամբողջ գիշերը մենք անցուցինք անզգայության մեջ: Երբ առավոտյան աչքներս բաց արինք, ի՞նչ տեսանք, — մեր անասունների կեսը չէր մնացել, ութն հազարի չափ չորքոտանիք անհետացել էին...

Այստեղ ալաշկերտցին այլևս չկարողացավ շարունակել յուր պատմությունը, արտասուքը խեղդեց նրան:

***

Այս պատմությունից ընթերցողը կարող է փոքրիշատե հասկանալ, թե ինչու մի ահագին բազմություն, որ յուր հայրենիքում բարօրության մեջ էր ապրում և մինչև անգամ հարուստ էր, այսօր մերկ և աղքատ գյուղից գյուղ է թափառում, ողորմություն է խնդրում:

Առաջարկենք մի հարց. ի՞նչ պետք է արած, որ այդ սովից, մահից և հափշտակությունից մնացած բազմությունը պահպանվի և բոլորովին չոչնչանա: Գաղթականների թիվը սկզբում 3000 ընտանիք էր, իսկ այժմ նրա կեսը հազիվ է մնում: Այդ զգալի փոփոխությանը պատճառ են բերում, թե առաջին թվանշանների մեջ պետք է սխալմունք մտած լինի, իբր թե 3000-ի մի մասը հույներ են եղել, մի մասը եզիդիներ են եղել, մի մասը մի քանի անգամ հաշվի է անցել և այլն: Բայց հայտնի է, որ հույներ չկային և եզիդիների թիվը 100 ընտանիքից ավել չէ: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե անդադար մի գյուղից մյուսը անցնելով, միևնույն ընտանիքը մի քանի անգամ հաշվից անցել է և, այսպիսով, գումարը բազմապատկվել է. — այդ նույնպես հավանական չէ, որովհետև հաշիվը եղել է այն ժամանակ, երբ գաղթականներն ամփոփ դրություն ունեին և տակավին չէին ցրված զանազան կողմեր: — ուրեմն ինչո՞ւ պակասեց երեք հազարը:

Գաղթականների թվի այսպես զգալի կերպով փոքրանալուն ուրիշ պատճառ մեր կարծիքով չէ կարելի տալ, բացի նրանից, որ մի մասը չկարողանալով տանել տեղային կլիմանկոտորվեցավ, ամբողջ ընտանիքներ սպառվեցան, ոչնչացան: Ով որ նայելու լինի Գայանյան վանքի մոտ կազմված նոր գերեզմանատանը, կհամոզվի, որ գաղթականներից մեռածների թիվը փոքր չէ: Եվ որքա՞ն այսպիսի գերեզմանատներ լցված են նրանց ննջեցյալներով…: Շատերը ճանապարհին, դեռ չհասած ռուսաց սահմանը, ոչնչացան, դրանց թվում էր գլխավորապես թույլ և քնքուշ սեռը՝ կանայք, աղջիկներ, երեխայք, որոնք շատ անգամ սայլերի անիվների տակ ընկնելով ջարդվում էին: Մի երկրորդ պատճառ ևս գաղթականների թվի պակսելուն այն է, որ նրանց մի մասը, օգուտ քաղելով ներկա խռովություններից, փախան գնացին դեպի իրանց հայրենիքը: Այժմ մնացել է ոչ ավելի քան 1500 ընտանիք: Ի՞նչ պետք է արած, որ դրանք, գոնյա պահպանվեին, մինչև նրանց վիճակը մի կերպով որոշվեր:

Մենք գիտենք, որ Թիֆլիսում և Երևանում կազմվել են մասնաժողովներ գաղթականների վերա հոգ տանելու համար. մենք գիտենք, որ զանազան քաղաքներից լինում են մարդասիրական օժանդակություններ գաղթականներին օգնելու համար: Բայց մասնաժողովները տակավին մի նշանավոր գործ կատարած չեն: Նրանք դեռ փող են հավաքում, իսկ փողը ի՞նչ պետք է անեն, — հայտնի չէ: Մեզանում առհասարակ գործը խեղդվում է ձևամոլության մեջ: Դե՛ մարդ ուղարկենք, տեղեկություն հավաքենք, այստեղ գրենք, այնտեղ գրենք, հետո նրա հարմար կարգադրություն կանենք. — այս բոլորն այնքան ծանր ու բարակ բաներ են, որ հազիվ թե խեղճ գաղթականը սպասելու համբերություն կունենա: «Մինչև Շուշանը զարդարվի, պատարագը կարձակվի»: Մինչև մասնաժողովների անդամները իրանց պլանները գծեն, ողորմելի գաղթականը հոգին կտա...

Մեզ պատմեցին, թե Թիֆլիսի մասնաժողովը յուր կողմից մի պարոն էր ուղարկել գաղթականների վիճակը հետազոտելու և այդ պարոնը Ղազարապատում յուր ոտների տակ բնակվող երեք ալաշկերտցի ընտանիքներից մեկը միայն տեսնելու բարեհաճություն էր ունեցել, չնայելով, որ մի ամբողջ օր մնացել էր Էջմիածնում:

Ղամարլուի փոստային իջևանում պատահեցավ մի պարոն ևս, որն դիմեց ինձ ու ընկերիս տեղեկություններ հավաքելու: Մի բոլորովին ձանձրանալի պաշտոն է հանձնված ինձ, — ասաց նա, — ես պետք է գաղթականների բնակության համար տեղ որոշեմ: Եվ նա մեզ ցույց տվեց յուր պաշտոնական թղթերը, թեև պահանջող չկար: Այդ պարոնը չգիտեր մինչև անգամ, թե գաղթականներն ի՞նչ ազգից են և որտե՞ղ են բնակվում այժմ:

Երևանի մասնաժողովի անդամ պարոն Վ. Ե. ինձ ասաց, թե նոր Բայազետու և Ալեքսանդրապոլու կողմեր արքունական հողեր կան, որոնք զանազան անձինքների վարձով են տված այն պայմանով, որ եթե կառավարությանը հարկավոր լինին, պետք է ետ առնվին: Խոսվում է, թե հիշյալ հողերի վերա կարգադրելու են բնակեցնել գաղթականներին: Մեր կարծիքով, թե Երևանի, թե Նախիջևանի և թե Ալեքսանդրապոլու գավառներում այնպիսի ազատ հողեր չկան, որոնց վերա կարելի լիներ նոր բնակություններ հաստատել. կան միայն անապատներ, որոնք անպետք են: Ժողովուրդը ամեն տեղ գանգատվում է հողի և ջրի պակասության համար: Այս կողմերում տարվա մեջ պատահած կռիվների մեծ մասը հողի և ջրի վերա է:

Մեր կարծիքով, այժմ մտածել գաղթականներին բնակեցնելու հողի մասին՝ բոլորովին ավելորդ է, նախ, այն պատճառով, որ շատ հավանական չէ, որ նրանք պատերազմից հետո ցանկանան մնալ մեզ մոտ. երկրորդ, դիցուք թե հիմա տվեցինք նրանց հող. ի՞նչ պետք է անեն, ձմեռը արդեն սկսվել է, կարո՞ղ են իրանց համար տուն և տեղ շինել և ինչով շինել, երբ ոչ ուտելու հաց ունեն և ոչ կոպեկ փող:

Գաղթականների համար այժմ հարկավոր են պատրաստի բնակարաններ: Այդ ամենակարևոր խնդիրն է: Պետք է մտածել ձմեռվա բնակության համար, որ պատսպարվելու մի ապահով տեղ ունենային: Մինչև այսօր, քանի ցրտերը չէին սկսվել, նրանք ապրում էին թափառական կամ աստանդական վիճակի մեջ. մի քանի օր մնում էին մի հայի տան մեջ մինչև կամ տանուտերն էր ձանձրանում և կամ իրանք հյուրերը նեղվելով, հեռանում գնում էին մի ուրիշ տեղ նոր բարերար որոնելու: Դրանով է մեկնվում նրանց մի գյուղից մյուս գյուղ անդադար չվելը: Մինչև այսօր կարելի էր այս տեսակ կյանք վարել, որովհետև եթե գաղթականը գնում էր մի գյուղ և տեղ չէր գտնում, դարձյալ կարողանում էր յուր օրերը բացօթյա անցուցանել, բայց ձմեռը անհնար է այսպես ապրել: Ձմեռվա համար պետք է ապահով բնակարան: Բայց գլխավոր հարցը նորանում է, թե որտեղից պետք է ունենալ:

Վեհափառ կաթողիկոսի խնամատարությունիցն է կախված վիճակավոր առաջնորդների, հոգևոր իշխանության գործակալների և գյուղական քահանաների միջնորդոթյամբ այնպես կարգադրել, որ գաղթականներն այս ձմեռ ապահով պատսպարաններ ունենային գյուղացիների տներում: Փույթ չէ, եթե այդ պատսպարանը կլիներ գյուղացու խրճիթի մի անկյունը կամ նրա գոմը, բավական է միայն, որ մերկ և պանդուխտ ալաշկերտցին մի տաք տեղ կունենար բնակվելու:

Իսկ ինչ որ վերաբերում է նրանց ուտելիքին, հոգևոր իշխանությունը վեհափառի հրամանով վաղուց արդեն տնօրինել էր կալերի ժամանակ ամեն գյուղից ցորյան հավաքել և պահել առանձին ամբարներում գյուղական քահանայի և տանուտերի հսկողության ներքո: Այս կարդադրությունը շատ տեղերում հաջողված է, րովհետև գյուղացու համար մի մեծ ծանրություն չունի, երբ նա յուր կալից մի քանի կոտ ցորյան տալիս է. նա յուր բերքի առատությունից միշտ հոժարությամբ բաժին է հանում դերվիշներին և աղքատներին: Իսկ այդ մանր-մանր ստացված կոտերն հավաքվելով կարող են մեծ քանակություն կազմել, եթե օրինավոր կերպով խնամք տարվի և եթե անհավատարիմ ձեռք չդիպչի...

Կրկնում եմ, հոգևոր իշխանության ներգործությունը կարող է ավելի հիմնավոր և օգտավետ լինել: Բայց ցավալին այն է, որ թե Թիֆլիսի և թե Երևանի մասնաժողովները չուզեցին իրանց գործունեությունը միացնել Ս. Էջմիածնա հետ: Այսպիսով նրանք զրկվեցան մի զորեղ և ազդու ուժից: Հոգևոր հարդարմունքը մեծ նշանակություն ունի այն գործերում, որ կապ ունի ժողովրդի ջերմեռանդության և նրա զոհաբերության հետ: Արդարև, մասնաժողովները դիմեցին վեհափառին, իսկ այդ ավելի ձևի համար էր և որևիցե իսկական նշանակություն չուներ:

Ես ավելի մեծ նշանակություն չեմ տալիս այն քսան հազարին, որ հավաքվել է Թիֆլիսի մասնաժողովի գանձարանում. այդ գումարը եթե բաժանվելու լինի գաղթականների վերա, հազիվ թե յուրաքանչյուրին 50 կոպեկ կհասնի: Մի քանի օրվա ծախս է: Այլևս ավելի մեծ նշանակություն եմ տալիս այն կոտերով հավաքված ցորյանին, որ կարող է ահագին քանակություն կազմել, եթե օրինավոր կերպով շարունակվի: Հոգևոր իշխանությունը ամեն միջոցներ ունի գաղթականների վիճակը ապահովելու մասին: Մինչև այսօր տերտերների հորդորելով գյուղացիների տված հացը, հագուստը և կերակուրը, եթե հաշվելու լինենք, տասն անգամ ավելի մեծ արժեք ունի, քան այն արծաթը, որ հավաքվել է մասնավոր նվիրատվություններից: Ուրեմն, եթե գաղթականների կյանքը կարելի է պահպանել մինչև նրանց ապագան որոշվի, — այդ կարելի է անել դարձյալ մեր հայ գյուղացիներով. իսկ գլխավոր հորդորող, քաջալերող և ազդող գործիչը պետք է լինի մեր հոգևոր իշխանությունը:

***

Վաղարշապատից ես դուրս եկա, երբ բոլորովին մութն էր: Խորասուզված դառն մտածությունների մեջ, համարյա ինձ անլսելի էր մնում զանգակների ձայնը փոստայի կառքի: Խաղաղ և հանգիստ գիշեր էր: Հասնելով Հռիփսիմեի վանքի դիմացը, հանկարծ ձիերը խրտնելով ետ-ետ գնացին և կառքը փոքր էր մնում, որ շուռ գա, երբ խավարի միջից հայտնվեցավ մի կերպարանք: «Որդի՛ս, որդի՛ս, սիրուն որդիս տվե՜ք», — գոռում էր նա լալագին ձայնով:

Նա ուրվականի պես անցավ:

Մեր կառքը շարժվեցավ: Հեռվից դեռ լսելի էր լինում նույն ձայնը: «Որդի՛ս, որդի՛ս եմ ուզո՛ւմ... տվե՜ք իմ որդին»...

Այդ ո՞վ էր, — հարցրի կառավարից:

Մի ալաշկերտցի կին է, խեղճը խելագարված է, — պատասխանեց կառավարը. — ասում են ճանապարհին որդին կորցրել է և գիշերները թափառում է այդ անապատներում, որդին է պտռում: — Լավ էր, չմնաց կառքի տակը...

Ե

Հայ գաղթականները Երևանում և նրանց բողոքը: — Գաղթականների մեջ սայլապաններ, արհեստավորներ, վաճառականներ և դրամատերեր: — Երևանի և Թիֆլիսի մասնաժողովների նշանակությունը գաղթականների հոգատարության մեջ: — Երևանի սեմինարիան և պ. Բեկնազարյանցը: — Օրիորդաց դպրոցը: — Երևանը որպես թուրքաբնակ քաղաք և նրա աղետավոր գիշերը: — Վաճառականություն: — Հասարակաց այգին և միրզա Թաթոսները:

Վաղարշապատից ես վերադարձա Երևան: Այստեղ գաղթականների թիվը շատ փոքր է. պետք է ասած, որ երևանցիք բավական անկարեկից են գտնվել դեպի իրանց թշվառ ազգայինները: Գյուղացիք համեմատաբար ավելի զգացմունքի տեր են երևում, քան թե այստեղի քաղաքացիքը: Նրանք կարող էին իբրև ծառա կամ աղախին իրենց տներում պահել գաղթականներից այն բազմաթիվ պատանիներին և աղջիկներին, որոնք բոլորովին անտեր են մնացած իրենց ծնողքը կորցնելու պատճառով:

Առհասարակ ես գաղթականներից լսում էի այսպիսի գանգատներ. «Մենք աշխատանքի սովորած մարդիկ ենք, գործից մենք չենք փախչում, թող մեզ բանեցնեն և հասարակ մշակների պես վարձատրեն: Մուրացկանությունը մեզ անտանելի է, ձրի հացը մենք մարսել չենք կարողանում»: Իրավ է, որ հայերի այս գաղթականությունը, բացի մեծամեծ վնասներից, ունեցավ և այն ամենագլխավոր վնասը, որ մի ամբողջ հասարակություն բարոյապես մահացավ, սովորելով մուրացկանության:

Գաղթականները եկան այն ժամանակ, երբ դեռ նոր էր սկսվել հունձքը: Այս միջոցում հազարավոր հայեր, ասորիներ և թուրքեր Պարսկաստանից գալիս են և տարածվում են Երևանի նահանգից սկսյալ մինչև Թիֆլիս, հունձ են հնձում և ժամանակավորապես մնալով, բավական փող են վաստակում: Մի՞թե գաղթականները նույնը չէին կարող անել, քանի որ այս գործի մեջ լավ վարժված էին: Հունձքից հետո սկսվեցավ այգեքաղը: Գյուղացիք այն ժամանակ ևս նրանց գործ չտվեցին, որովհետև հոժարվում էին խեղճ ալաշկերտցուն բանեցնել միայն այն պայմանով, եթե նրանք կբավականանային մի փոր հացով, առանց վարձ ստանալու. թեև տեղական սովորության համեմատ մշակը օրական 4050 կոպեկ փող է ստանում և հացն էլ նորանից է ստանում, որի համար աշխատում է: Ինձ պատահեց տեսնել մի քանի ալաշկերտցիք, որոնք թուրք գյուղում էին բանում: — Ինչո՞ւ հայերի գյուղերում չեք բանում, — հարցրի ես: — Հայերը փարա չեն ի տա, աղա, — պատասխանեցին նրանք:

Ինձ պատահեց նաև հարցնել մի հայ գյուղացու, թե ինչո՞ւ նրանք գործ չեն տալիս գաղթականներին: — Հպարտ և ծույլ մարդիկ են, աղա, — պատասխանեց նա. — սովորել են ձրի առնել և ձրի ուտել: Եվ իբրև փաստ նա ցույց տվեց մի ընտանիք, որ յուր տանը ընդունած էր: — Տե՜ս, ավնլացրուց նա, — ամբողջ օրը քաղցած պառկում են, բայց չեն ուզում մի բան շինել:

Ես հետաքրքրվեցա տեսնել այդ ընտանիքը: Գերդաստանի հայրը մի հասակն առած մարդ էր. յուր ցնցոտիների վերա նա հագած ուներ բավական նոր մահուդե վերարկումիակ մնացորդը նորա կորցրած փառքի: Նորա խոսքերից և ձևերից երևում էր, թե այդ պատկառելի մարդը ստոր աշխատանքի սովորած չէր, և գուցե մի ժամանակ ունեցել էր յուր ձեռքի տակ շատ բանվորներ, իսկ այժմ յուր աղքատության մեջ դարձյալ վեհ էր: «Փեշով ոսկի կցրվեի, — ասաց նա արտասվալի աչքերով. — բայց այժմ մի պատառ հացի համար պետք է վիզս ծռեմ... լավ է, որ քաղցած մեռնեմ»...

Գաղթականների մեջ շատ կան այսպիսի աղքատացած մեծատուններ, և դրանք են, որ տեղացի ժողովրդի մեջ ծույլի նշանակություն են ստացել: Շատ բնական է, որ մի մարդ, որ քանի օր առաջ հարուստ էր, այսօր աղքատանալով, իսկույն իրան չի խոնարհացնի ստոր աշխատանքների. այսպիսիներին պետք է հարգել, նրանք անհաջող արկածների զոհեր են...

Գաղթականներից նրանք, որոնք իրանց հետ սայլեր ունեն բերած, որոնք կարողացել են իրանց եզները ազատել ճանապարհի հափշտակությունից, կարողանում են նաև իրենց ընտանիքը պահել ազատ աշխատանքով: Նրանք զանազան մթերք են տեղափոխում դեպի Ալեքսանդրապոլու և դեպի Բայազետի կողմերը: Բայց դժբախտաբար, դրանց թիվը շատ փոքր է, որովհետև շատերն չեն կարողացել իրանց բեռնակիր անասունները հասցնել մի ապահով տեղ...

Գաղթականների մեջ արհեստավորներ նույնպես փոքր են թվով: Նրանց մեջ կան, արդարև, այնպիսի արհեստավորներ, որոնք գյուղացիներին պետք են, օրինակ, սայլ, արոր, գութան շինողներ, բրուտներ, դարբիններ և այլն: Այսպիսիքը հազիվ կարող են գործ գտնել, որովհետև Երևանի նահանգում համարյա գյուղ չկա, որ յուր հյուսնը, ատաղձագործը և դարբինը չունենա: Գյուղացիք իրանց ծանոթ արհեստավորը թողած՝ օտարին գործ չեն հավատալ: Թողյալ այդ, գաղթականների մեջ գտնված արհեստավորները գործիքներ ևս չունեն:

Այդ մարդիկը, որպես լավ երկրագործներ և անասնապահներ, հենց որ հեռացան մայր հողից, այնուհետև ապրուստի միջոցները դժվարանում են նրանց համար: Նրանք սովորել են գործ ունենալ երկրի հետ և ամեն ինչ նրանից պահանջել: Այդ պարապմունքի մեջ մեծ ընդունակություն ունին: Վաճառականներ եղել են նրանց մեջ խիստ աննշան թվով: Նրանց բոլոր հարստությունը բաղկացած է եղել ընտանի անասուններից և երկրագործական բերքերից, որոնց առևտուրի մեջ է պտուտվել նրանց վաճառականությունը: Նրանց մեջ եղել են և դրամատերեր: Բայց որովհետև գյուղացի դրամատերը, մանավանդ այն երկրում, ուր կայքի ապահովություն չկա, սովորաբար յուր արծաթը հողի տակ թաքցրած է պահում, այս պատճառով գաղթականների ոմանց հարստությունը մնացել է հողի մեջ ծածկված իրանց հայրենի երկրում: Այս շատ հավանական է, որովհետև եթե նրանք այս սովորությունը ևս չունենային, այսուամենայնիվ, պատերազմի վտանգի ժամանակ գյուղացիք իրանց թանկագին իրեղենները թաքցնում են հողի մեջ, որպես իգդիրցոց համար պատմում էին, որ թեև ռուսաց հպատակներ են, բայց Բայազետի աղետավոր անցքից հետո, իրանց հարստությունը խորելով գետնի մեջ, փախան դեպի Արագածի ստորոտներում գտնված հայոց գյուղորայքը, որպիսի են Աշտարակ, Օշական և այլն:

Բայց պետք է այն ևս նկատել, որ գաղթականներից կան և այնպիսի բախտավորներ, որոնք կարողացել են իրանց արծաթը բերել իրանց հետ. թեև դրանց թիվը շատ փոքր է, բայց շատերի համար խոսվում է, թե դիտմամբ աղքատ են ձևանում, որպեսզի գաղթականներին բաժանվելիք օժանդակությունից մասն ստանան: Բայց ինձ բոլորովին անհուսալի է երևում այս կարծիքը:

Միայն այդքանը պետք է ի նկատի ունենալ, որ գաղթականների մեծ մասը բոլորովին զուրկ են ապրուստի միջոցներից, իսկ ոմանք կարող են իրանց գյուխը պահել: Այսպիսիներին որոշելու համար և իսպառ կարոտյալները ճանաչելու համար՝ դիմելու է նրանց տանուտերերին, քահանաներին և իշխաններին, որոնց ավելի հայտնի է իրանց ժողովրդի յուրաքանչյուրի վիճակը, և նրանց խորհրդով բաշխումներ անելու է: Այս իրողության վերա Թիֆլիսի և Երևանի մասնաժողովների ուշադրությունը դարձնելով, հարկավոր եմ համարում ավելացնել, որ Երևանի մասնաժողովին ավելի հարմար է հոգալ գաղթականների վիճակի վերա, այն կողմից, որ նա ավելի մոտ լինելով, կարող է միշտ ճիշտ կերպով ուսումնասիրել նրանց դրությունը և դարման տանել կարևոր պետքերին, մինչդեռ Թիֆլիսի մասնաժողովը ստիպված է ամեն անգամ մեծ ծախսեր անել, մարդ ուղարկել և գուցե սխալ տեղեկություններ հավաքել...

Թիֆլիսի մասնաժողովը, կազմված լինելով կենտրոնում, կարող է ծառայել այն նպատակին, որ փող հավաքե, նվերներ ստանա, հագուստներ պատրաստե և այլն, իսկ դրանց բաշխման և գործադրության տնտեսությունը Երևանի մասնաժողովի վերա թողելու է: Ես առիթ ունեցա Երևանում տեսնվիլ տեղային մասնաժողովի անդամ պ. Վ. Ե.-յանի հետ. նա բավական լավ ուսւմնասիրած էր գաղթականների դրությունը և նրանց անհրաժեշտ պետքերը: Ես թույլտվություն չունիմ պարոնի կողմից հրատարակել մեր ունեցած մասնավոր խոսակցությունը, միայն այսքան կասեմ, որպես ինքը պարոնը, նույնպես յուր պաշտոնակիցները, այնքան ծանոթ են մեր ամենիս, և այնքան արժանահավատ անձինք են, որ կարելի է ամեն կերպով վստահանալ նրանց բարեմտությանը: Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկը, որպես բնիկներ, ավելի լավ գիտեն իրանց երկրի հանգամանքները և ավելի հարմարություն ունին նվիրատուների ընծաները իրանց նպատակին հասցնելու:

Երևանում երեք օր մնալով, ես միջոց ունեցա տեսնել տեղացի օրիորդաց և տղայոց դպրոցները: Վերջինը ես տեսել էի մի քանի տարի առաջ ևս, բայց ամենաթշվառ վիճակի մեջ: Իսկ այժմ պ. Բեկնազարյանցի տեսչության օրով բավական բարեկարգվել է նա և ավելի հառաջադիմության հույս է տալիս, մանավանդ երբ պ. Բեկնազարյանցը ունեցավ պ. Աղայանցի նման մի լավ պաշտոնակից: Ես ներկա գտնվեցա պ. Բեկնազարյանցի տարրական ֆիզիկայի և պ. Աղայանցի հայ պատմության դասերին, — երկուսն էլ գոհացուցիչ գտա:

Երևանի դպրոցի, յուր թշվառ անցյալի հետ համեմատելով, այժմյան բարեկարգությունը թեև գլխավորապես պարտական է պարոն տեսչի ջանքերին, բայց պետք է այն ևս նկատել, որ այժմյան հոգաբարձությունը չէ, որ ինչ որ էր մի քանի տարի առաջ: Հոգաբարձուք այժմ ընտրված են բարենպատակ և ուսյալ անձինքներից, որոնք կարողացել են Երևանի նման անտարբեր և անուսումնասեր հասարակության մեջ դպրոցի վիճակը բավական բարձրացնել: Երևանցին կամ ամենևին ուսման վերա չէ մտածում և կամ մտածում է այն բանի վերա, որ յուր որդին փոքրիշատե ռուսերեն սովորի, բավական է, որ նա որևիցե դատարանում ամենաստոր գրագրի տեղ կբռնե: Նա փառավորվում է դրանով, որ յուր որդին ծառայող է, թեև նա մի խոհարարի վարձ չէ ստանում, բայց նրան միրզա Թաթոս են կանչում: Երևանցին հայոց լեզվի և հայոց դպրոցի վերա արհամարհանքով է նայում, բայց չգիտե ողորմելին, որ յուր որդին մայրենի լեզվի դպրությունը սովորելեն հետո, ավելի լավ կսովորե օտարինը:

Օրիորդաց դպրոցում ես գտնվեցա կրոնասույց տեր հոր դասի ժամանակ: Նա ինձ ասաց, թե առաջին դասն է, որ սկսել է կրոնից: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր այդ առաջին դասը, որ պատվելի հայրը տալիս էր փոքրիկ աղջիկներին: — Նա բացատրում էր, թև ինչ է Սուրբ Երրորդությունը, բացատրում էր խնձորի համի, հոտի գույնի վերա...: Ես հավատացած եմ, որ խեղճ աղջիկներն այնքան էին հասկանում տեր հոր խոսքերը, որքան հասկանում էին այն անզգա տախտակներն, որոնց վերա նստած էին: — Կրոնի դասատվությունը հարկավոր է մեր դպրոցներում և շա՛տ հարկավոր, բայց ոչ թե այն բաները, որոց մեջ մինչև անգամ բարձր աստվածաբանությունն խարխափելով է պտտվում: Իմ կարծիքով, այնպիսի փոքրիկների հետ ավելի օգտավետ կլիներ պարապել Սուրբ Գրքի այն տեղերից, որ նրանց վերա բարոյական ազդեցություն ունենային:

Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը շէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...

Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակչում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...:

Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտորի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնումբայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...

Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:

Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն:

Առավոտյան, ով որ միջոցներ ուներ, ֆուրգոններ, ֆայտոններ, փոստայի սայլեր վարձելով սկսան փախչել դեպի զանազան կողմեր, իրանց անկարող եղբայրներին թողնելով բախտի և ճակատագրի կամքին: Տագնապը ավելի սաստկացավ, երբ հրամայվեցավ կանայքը հավաքել բերդում: Թուրքերի երեսի վերա խաղում էր մի արհամարհական ժպիտ, իսկ հայերը մեռելի գույն էին ստացել: Բարեբախտաբար մի քանի օրից հետո քաղաքը մուտք գործեցին ութն թնդանոթներ մի գունդ զինվորների հետ: Ժողովուրդը փոքր-ինչ հանգստացավ: Հայերը կրկին բաց արին իրանց խանութները և շուտով մոռացան անցյալը...

Երևանի վաճառականությունը կայանում է գլխավորապես երկու արդյունաբերության մեջբամբակի և քիշմիշի առևտրում: Բամբակի մշակությունը Երևանի նահանգի նշանավոր հարստությունն է կացուցանում, որը բավական մեծ քանակությամբ հավաքվում է քաղաքը և այստեղից տարվում է դեպի Թիֆլիս, Մոսկվա և ուրիշ տեղեր: Գնողները կամ արտահայտողները լինում են ըստ մեծի մասին ագուլեցի հայ վաճառականներ, որոնք աշնան սկզբից գալով այստեղ, մնում են ամբողջ ձմեռը և բամբակ են հավաքում:

Տեղացիների մեջ նշանավոր դրամատերեր չկան, ասպարեզը մնացել է զոկերին: Եվ երևանցի նախանձոտ հայը, փոխանակ գործով նրանց հետ մրցություն անելու, սկսում է տեսակ-տեսակ ինտրիգաներ հնարել:

Վերջին ժամանակներում Երևանի բամբակի տեսակը բավական ազնվացավ, երբ սկսան Ամերիկայի սերմ ցանել. այս բանին պատճառ եղավ տաճկաստանցի հայ վաճառական Սեյլան-օղլին, որ հիմնեց Երևանի մոտ բամբակ մաքրելու մի գործարան: Իսկ այժմ Ամերիկայի բամբակի միայն անունն է մնացել, որովհետև օտարերկրյա սերմը, ենթարկվելով տեղային կլիմայի և հողի ազդեցությանը, հետզհետե փոխվել է, բերքը տեղական հատկություն է ստացել: Իսկ ցանողներն այնքան տխմար են, որ չեն մտածում նոր սերմ բերել տալ, չնայելով, որ օգուտը տեսել են. — Ամերիկայի մաքուր սերմից արդյունաբերված բամբակը յուրաքանչյուր փթում միշտ մի քանի ռուբլի բարձր արժեք ունի, քան տեղայինը:

Քիշմիշը Երևանի արդյունաբերություն չէ, այլ ստացվում է Պարսկաստանի Ուրմի քաղաքից և երևանցիք գնելով, արաղ են քաշում: Արաղը քաշում են խաղողի չեչից, ողկույզների քաղցուն գինու համար քաշելուց հետո: Այստեղ պատրաստվում է այլև թթի արաղ: Երևանցիք այս տարի շատ վաստակեցին արաղից պատերազմի պատճառով:

Երևանում կան նաև փոքրիկ մանրավաճառներ տեղացի հայերից, որոնք Թիֆլիսից, կամ ուղղակի Մոսկվայից ապրանքներ են ստանում, կան և այնպիսիները, որոնք Նիժնայի տոնավաճառի հետ հարաբերություն ունեն: Այսպիսիներին կոչում են կուպեցներ: Կան նաև հին բազազ կոչված խանութպաններ, որոնք վաճառում են ասիական ապրանքներ: Գլխավոր վաճառականությունը հայերի ձեռքումն է: Բայց մրգավաճառներն և զանազան նպարավաճառներն դեռ հին պարսկական սովորությամբ մահմեդականներ են. քրիստոնյան այս տեսակ մթերք չէ ծախում:

Երևանում ուշադրության արժանի հնություն ոչինչ չէ մնացել, խաների հին բերդը համարյա ավերակ է դարձել, այն բերդը, որ հազարավոր եղեռնագործությանց վկա է եղել, այժմ ներկայացնում է մի տխուր տեսարան: Ողջ մնացել է միայն Սարդարի այգին, որի մեջ տակավին պահպանվել է մի գեղեցիկ բարձր մինարեթ, պարսկական շռայլ ճաշակով զարդարված:

Երևանը մտածել է ունենալ և յուր հասարակական զվարճության տեղերը: Պոլիցիայի հանդեպ, կա մի փոքրիկ այգի, որի չորեքկողմից անցնում են փողոցներ, և փոշին այնպես սաստիկ հոսանքով լցվում է այգու մեջ, որ խեղճ ծառերը անդադար հառաչում են. «ի սե՛ր աստուծո մեզ դուրս տարե՛ք այստեղից. մենք խեղդվում ենք»: Այս այդու փոշիով պատած ծառաստանի տակ, օրվա ամեն ժամերում, կարելի է գտնել մեր վերոհիշյալ միրզա Թաթոսներին, որոնք իրանց ծուռ ու սխալ ռուսերենը կոտրատելով այնքան հպարտանում են, որքան սուլթանը Մահմեդի կանաչ դրոշակով:

Հաջորդ էջ