Րաֆֆի՝   Հուշագրություններ

Ոչինչ բան այնքան անտանելի չէ, որպես այդ միրզա Թաթոսները. նրանց հանդիպում է մարդ կլուբում, կանաչ սեղանի շուրջը նստած, նրանց կարելի է տեսնել դատարանների ստոր գրասեղանների մոտ նստած, ուր չեն պատասխանում խեղճ գյուղացի հայի հայերեն հարցվածին: Նրանց ավելի հաճախ պատահում է մարդ փոստայի իջևաններում, որպես վերակացու, ուր ժամերով, օրերով պահում են ճանապարհորդին մի բան պոկելու համար...: Միրզա Թաթոսը, ութն դեղին կոճակ կուրծքի վերա շարած, մի ավերված տիպ է, որ յուր նմանը չունի մարդկային հասարակության մեջ:

Զ

Պարսկաստանի հայ գաղթականները Երևանի նահանգում: — Նրանց աշխատասիրությունը և անփոփոխ բնավուրությունը. — Դավալու գյուղը և նրա բնակիչների քաջասրտությունը: — Խաշնարածության կարևորությունը Երևանի նահանգի հայերի մեջ: — Գյուղացի մահմեդականների կատաղությունը ներկա պատերազմի առիթով: — Սադարակը և պ. Կախանովի ջրանցքը: — Շարուրի գավառը և նրա բեղմնավորությունը: — Բաշ-Նորաշեն գյուղի իրավաբանական ֆակուլտետը: — Կրթության կարևորությունը մանմեդականների մեջ:

Երևանից դեպի Նախիջևան դուրս գալու ճանապարհը սկզբում քարքարոտ է. փոստային սայլակը դժվարությամբ և դղրդվելով անցնում է չեչաքարի բեկորների վերայով: Հետո հայոց Նորագավիթ և Աղ-Համզալի գյուղերից սկսյալ մինչև Յուվա գյուղը, ճանապարհի վերա աջ և ձախ դրված, սկսվում է մի շարք հայոց գյուղեր: Նրանց մեծ մասը ամբողջապես հայաբնակ են, իսկ մի քանիսը խառն են թուրքերի հետ: Բոլորովին ուրիշ տպավորություն են անում այս գյուղերը ճանապարհորդի վերա: Նրանց շրջակայքում մի քիչ տեղ չկա, որ մշակված չլիներ և ճանապարհը ձգվում է ծառազարդ այգիների և պարտեզների միջով:

Այս գյուղերի բնակիչները Պարսկաստանից եկած գաղթականներ են, որ տեղափոխվեցան գլխավորապես Խոյ, Սալամաստ և Ուրմի կոչված գավառներից: Ամբողջ կես դար է, որ այդ ժողովուրդը թողել է յուր հայրենիքը, բայց ամենևին չէ փոխվել է, — նույն բարբառը, նույն հագուստի ձևերը, նույն սովորությունները պահպաելվել են մինչև այսօր: Մինչև անգամ տների ձևը և հողագործության եղանակն ու գործիքներն նույնն է, ինչ որ ունեցել են Պարսկաստանում:

Այս տողերը գրողին բավական ծանոթ է նրանց հայրենիքը, մինչև անգամ գիտե, թե Պարսկաստանի ո՜ր գյուղերիցն են գաղթել: Ամբողջ կես դար մնացել են անշարժության մեջ: Ուրեմն ի՞նչ ավելացրին այստեղ գաղթելով: Եվ եթե նրանք երևում են այժմ մի գործունյա և աշխատասեր ժողովուրդ, — այդ ոգին բերել են իրանց հայրենիքից: Պարսիկը որքան և բարբարոսաբար վարվե, յուր հպատակների հետ, դարձյալ սովորեցնում է նրանց գործող լինել, որովհետև նրա մեջն է յուր օգուտը: Նա ամեն միջոցնե ձեռք է առնում հողի մշակության գործը առաջ քշելու:

Զարմանալին այն է, որ այս ժողովուրդը մինչև անգամ հոգով, ու սրտով չէ փոխվել: Շատ անգամ նկատում ես, մի պատի հովանու ներքո, մերկ գետնի վերա նստած են մի խումբ մարդիկ հանգստանում են օրվա աշխատությունից: Բավական է, որ ճանապարհորդի զանգակի ձայնը նրանց ականջին հասավ, և նկատեցին որ սայլակի վերա մի պատվավոր մարդ է անցնում, իսկույն ամբողջ խումբը ոտքի է կանգնում և խորին կերպով գլուխ է տալիս: Եվ դու երևակայում ես քեզ Պարսկաստանում, ուր ողորմելի հայը ամեն մի թուրքի առջև թեքվում է...: Մի այդպիսի փոքրոգությունը առաջ չէ գալիս նրանց մեջ նահապետական մեծարանքից, այլ դարևոր ստրկության հետևանք է: Այնտեղ նա խոնարհվում էր երկայն գդակների առջև, այստեղ խոնարհվում է, ում գլխին ֆուրաշկա է տեսնում: Այնտեղ սարվազից և ֆերրաշից դողում էր, այս-տեղ ամենակեղտոտ յասավուլը նրա աչքին հոգեկան հրեշտակ է երևում:

Պարսկաստանից եկած գաղթականների գյուղերը միշտ հանդիպում են ճանապարհի վերա, նրանց տեսնում ես և Շարուրի մեջ, Նախիջևանի գավառում, մինչև Ագուլիս: Ամեն տեղ միևնույն տպավորությունն են գործում: Փոքրիշատե փորձված աչքը, առանց հարցնելու, կարող է որոշել այս կողմերում հայաբնակ գյուղերը թուրքաբնակներից, վերջինները ըստ մեծի մասին ծառերից մերկ և շատ վատ մշակված, իսկ առաջինները ծառազարդ են և կանաչագեղ:

Ով որ փոքրիշատե ծանոթ է Պարսկաստանի հայերի գաղթականությանը, կհամոզվի, որ նրանք համեմատաբար ավելի բախտավոր գտնվեցան, քան թե ողորմելի ալաշկերտցիքը: Ահա ինչո՜ւ: Նրանք գաղթեցին այն ժամանակ, երբ ռուսները պատերազմը վերջացրել էին պարսիկների հետ և Թուրքմենչայի դաշնագրության համեմատ իրավունք ստացան ազատ կերպով թողնել հայրենիքը: Ուրեմն նրանք չփախան, նրանց չհալածեցին, այլ բավական ժամանակ ունեին իրանց կայքը վաճառելու և ճանապարհի պատրաստություն տեսնելու: Ռուսաց զորքը չհեռացավ Պարսկաստանից, մինչև նրանց դուրս գալը, թեև խաղաղությունը կապված էր երկու պետությունների մեջ: Նրանք ունեին ճանապարհի լավ պատրաստություն և կառավարությունը մասամբ վճարում էր ծախսը: Գալով Արաքսի այս կողմը ռուսաց հողի վերա, նրանք գտան պատրաստի բնակարաններ և հող մշակության համար: Որովհետև թուրքերից շատերն այն ժամանակ, չկամենալով ռուսաց իշխանության տակ ապրել, գնացել էին Պարսկաստան, և ամբողջ գյուղորայք մնացել էր դատարկ, իսկ շատերին ինքը կառավարությունը քշելով, նրանց բնակության տեղերը տվեց նորեկ հայերին: — Այս բոլոր հարմարությունները ունենալեն հետո, դարձյալ գաղթականների կեսը չմնաց. մեծ մասը, չկարողանալով տանել նոր երկրի կլիման, կոտորվեցան:

Իսկ ալաշկերտցի գաղթականների պատմությունը արդեն մեր ընթերցողին հայտնի է:

Թեև ես չունիմ և չեմ կարող տալ ճիշտ վիճակագրական թվանշաններ, բայց հիմնվելով, հարևանցի հետազոտությունների վերա, համոզված եմ, որ այս հիսուն տարվա ընթացքում Պարսկաստանում մնացած հայերի թիվը գաղթողներից անհամեմատ ավելի աճել է: Ես ի նկատի ունիմ այսպիսի փաստեր, օրինակ, մի գյուղ Պարսկաստանում ունեցել է 100 ընտանիք ժողովուրդ, նրա կեսը գաղթելով այս կողմը, մի նոր գյուղ է կազմել, այս նոր գյուղը մինչև այսօր կամ նույնն է մնացել և կամ նրա վերա ավելացել է խիստ աննշան բազմություն, իսկ Պարսկաստանում մնացածները համարյա կրկնապատկվել են:

Չնայելով, որ այս գաղթականները քրիստոնյա պետության հովանավորության տակ են ապրում և ազատված են մահմեդականների հալածանքից, այնուամենայնիվ, երբ հարցնում ես նրանց ծերունիներին, միշտ ա՛խ քաշելով են հիշում Պարսկաստանը: Հին Իսրաելի նման չեն մոռանում Եգիպտոսի բեղմնավորությունը, թեև այնտեղ գերիներ էին...

Յուվայից սկսյալ հայոց գյուղերը վերջանում են մինչև Ղավալու, այս տարածության վերա տեղ-տեղ տեսնվում են ողորմելի խրճիթներ, որոնք կացուցանում են թափառական քրդերի և թուրքերի ձմեռային բնակարաններ: Դավալուի մեջ գտնվում են մոտ քառասուն ընտանիք նոր գաղթականներ, դրանք բայազետցիք են, այն փախստականներից, որ գնացել էին Պարսկաստանի Մագու քաղաքը, իսկ այնտեղից տեղափոխվել են այստեղ: Որքան ինձ հայտնի եղավ, դավալվեցիք լավ խնամք էին տանում այս ողորմելիների վերա, որոնք բոլորը գոհություն էին հայտնում:

Դավալվեցիք Մագուից եկած հին գաղթականներն են և ամբողջ երևանյան նահանգի մեջ նշանավոր են իրանց քաջությամբ: Այստեղ մարդ գյուղացու տանը զենք է տեսնում և նրա գոտկից քարշ ընկած մի խենջար: Այդ նրանց տարբեր կենցաղավարության հետևանքն է, որով որոշվում են ուրիշ հայ գյուղացիներից: Դավալվեցին պարապում է երկրագործությամբ և միևնույն ժամանակ խաշնարածությամբ: Նրանք բնակվում են քրդերի հետ խառն և համարյա քրդի բնավորություն են ստացել, թեև վերջիններս կամ հայերի հովիվներ են և կամ նրանց տներում ծառաներ:

Ինչ որ հիշեցի յուր տեղում Երևանի թուրք ազգաբնակության կատաղության մասին դեպի քրիստոնյաները, ներկա պատերազմի պատճառով, իմ ճանապարհի վերա, ամեն տեղ նկատելի էր նույն սարսափելի երևույթը: Թուրքերն այն աստիճան կատաղած էին, որ ամեն րոպե պատրաստ էին իրանց մեջ գտնված հայերին կոտորել և նրանց ունեցածը հափշտակել: Միայն սպասում էին մինչև օսմանցիք փոքր-ինչ անցնին ռուսաց հողի վերա: Այդ բոլորը հայերը իմանում էին, և ճակատագրական համբերությամբ սպասում էին օրհասին...: Միայն Դավալուի մեջ ես տեսա, որ գյուղի փողոցները կտրած էին պատնեշներով, և հրացանը ձեռքին, պատրաստ էին հանդիպել թշնամուն: Սայլերը և երկրագործական անոթները փողոցների վերա մարտկոցների էին ծառայում: Մյուս հայ գյուղացիների մոտ զենքի նշույլ չէր երևում: Նրանք միայն աղոթում էին և երկնքից օգնություն էին խնդրում...

Երբ շատ անգամ խոսվում է տաճկահայոց թշվառությանց մասին, թե ինչո՞ւ նրանք չեն ընդդիմանում քրդերին, այլ թույլ են տալիս իրանց կոդոպտել, — միշտ լսում ենք այսպիսի պատասխան. — «Ի՞նչ անեն ողորմելիքը, երբ նրանց թույլ չէ տված զենք կրել և իրանց պաշտպանել»: Ես չեմ հասկանում, ե՞րբ և ո՞վ արգելեց հայերին զենք կրել: Մի՞թե Վասպուրականի մեջ ասորիները (ջուլոների) նրանց դրացիները չեն, ինչո՞ւ նրանց ձեռքից չեն խլում զենքը և ասորաց քուրդը վախենում է այնքան, որքան հայը՝ քուրդից:

Մեզանում մի տեսակ հայրենասերներ կան, որ սովորություն ունին հայի բոլոր թերությունները թաքցնել իրանց փտած ազգասիրության մեջ: Ինչ որ հայկական է, նրանց համար լավ է. թող այդ ստրկություն, փոքրոգություն և ստորաքարշություն լիներ: Որպես մի տեսակ հիմար հայեր ներում են իրանց զավակների մոլություններին, բայց նույնը ուրիշների մեջ ներել չեն կարում: Հայրական սիրո մեջ նրանք թաքցնում են որդու ամեն տեսակ թերությունները:

Բայց մեր պատվելի հնախույզը ուրիշ տեսակ է մեկնում վերոհիշյալ երևույթը, դա ունի յուր պատմական պատճառները, — ասում է նա: Բայց ես ասում եմ, մարդը ինքն է յուր համար լավ կամ վատ պատմություն պատրաստում, եթե նրա պատմությունը սև ներկերով է գրված, դարձյալ ինքն է մեղավոր և ուրիշ ոչ ոք: Ես չեմ մեղադրում նրան, որ կողոպտում է և մորթում է, այլ նրան, որ թույլ է տալիս իրան կողոպտել և մորթել:

Թողնենք այդ փիլիսոփայությունները: Դիցուք թե Տաճկաստանում այնպես է. իսկ այստեղ ո՞վ է արգելել հային զենք և սիրտ ունենալ, որ ամեն րոպե և ամեն օր նրանց մեջ պետք ունի, քանի որ ոչ միայն այժմյան պատերազմական խռովությանց մեջ, այլև խաղաղ ժամանակներում այս կողմերում հայի թե կյանքը և թե կայքը միշտ վտանգի մեջ է մահմեդականների բարբարոսությունից: Իրավ է, կառավարության զենքը և օրենքը հարստահարված հպատակի պաշտպանն է. բայց մի՞թե միշտ պետք է ծանրաբեռնել կառավարությունը անտեղի հոգսերով: Պարսիկները մի լավ առած ունեն, թե՝ «Ապրանքդ լավ պահի՜ր, որ դրացուդ գողության մեջ չմեղադրես»:

Դավալուի մեջ ես ստիպված եղա մի ամբողջ օր մնալ, որովհետև պատմեցին, թե Սադարակի դաշտերում, որտեղից անցնելու էր մեր ճանապարհը, մի խումբ քրդեր 4050 հոգով կողոպտում են անցորդներին. հետո հայտնվեցավ, որ տեղացի թուրքեր էին, որոնք քրդի հագուստով ավազակների խումբ էին կազմել, որպեսզի կարծիք տանեն, թե արտասահմանից են եկած: Այսուամենայնիվ, արտասահմանի քրդերին հեշտ էր անցնել այս կողմերը, որովհետև Արաքսը երեք վերստ հեռավորություն ունի այստեղից, իսկ դեպի մյուս ափի վերա՝ Արարատի ստորոտներում արդեն դրած էին խաշնարած քրդերի չադրներ, որոնք հեշտությամբ կարող էին անցնել Արաքսը, քանի որ գետի եզերքում գտնված պոստերից կազակներին հեռացրել են և նրանց տեղը թուրք ձիավորներ են դրել: «Հավաբունը աղվեսի հսկողությանն են հանձնել» մի այսպիսի վտանգավոր միջոցում...

Դավալուից մինչև Սադարակ (Դահնա) այլևս հայոց գյուղեր չկան, այլ տարածվում է մի ընդարձակ անապատ, որի միջով անցնում է Կախանովի ջրանցքը, որն երբեմն մոտենում է փոստային ճանապարհին և կտրում է նրան: Պատմում էին, թե այդ ջրանցքը այն օգուտը չտվեց տեղացիներին, որքան սպասվում էր. և դրա պատճառը մեկնում են ջրի տիրոջ շահասիրական վարմունքի մեջ մշակողների հետ, այնպես որ, յուր հաշիվը իմացող հողագործը չէր հոժարվի նրա հետ գործ ունենալ: Երկրորդ, Սադարակը սարսափելի մի տեղ է ամառվա ժամանակ, օդը լցվում է մի տեսակ մանր և հազիվ տեսանելի մժեղներով, որոնք խայթելով մարդու մարմնի բաց տեղերը, իրանց թունավոր ազդեցությամբ կրակի պես այրում են. — նրանք արգելում են մինչև անգամ շնչառությունը, լցվում են մարդու բերանը, աչքերը, ականջները և ամեն տեղ: Ամեն մարդ փախչում է այդ սարսափելի միջատներից, որոնք խայթելով կարող են գժվացնել: Բարեբախտություն է ճամփորդի համար, եթե այստեղից անցնելու ժամանակ քամի լինի, այսպիսի եղանակում նրանք չեն երևում: Այս բոլորից հետո Կախանովը մինչև այսօր մի բնակություն, մի պատսպարան չէ շինել տված յուր հողագործների համար այդ անապատում, ուր ավազակները մժեղներից թվով պակաս չեն: Իմ անցնելու ժամանակ նոր սկսել էին շինել ճանապարհի կողքին թուրքի քարվանսարայի նման մի բան, չգիտեմ ինչ նպատակով:

Խոսելով Կախանովի ջրանցքի վերա, չեմ կարող չնկատել մեր հայ դրամատերերի անտարբերությունը, որոնց ոչ մեկը չէ մտածում կամ առանձին, և կամ ընկերություններ կազմելով, Արաքսից նոր ջրանցքներ բաց անել, և նրա ափերի վերա ընկած անապատ տարածությունները մշակել տալ: Հայերին ավելի կհաջողվի այս տեսակ ձեռնարկությունը, որովհետև տեղական հանգամանքներին ծանոթ են:

Սադարակը, որ այլ անունով կոչվում է Դահնա, իսկապես մի նեղ կիրճի անուն է, որից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը: Այս կիրճը բոլորովին արժանի է յուր կոչմանը47: Երկու լեռնային շղթաների ծայրերը, բոլորակաձև միմյանց մոտենալով, այստեղ կազմում են մի դուռն կամ մի նեղ անցք, ուր միշտ կարելի է ողբալ անզգույշ ճանապարհորդին: Այս պատճառավ Սադարակը շատ անգամ եղել է սարսափելի եղեռնագործությանց վկա:

Սադարակի կիրճից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը՝ մեր պատմական Շարայի ժառանգությունը: Արփա-չայը բաժանվելով հարյուրավոր առվակների, ոռոգում է այս կանաչազարդ հովիտը, որ մշակված է ըստ մեծի մասին բրնձի դաշտերով: Ջրի առատությունը նպաստում է այս հացաբույսի բեղմնավորությանը, որովհետև բրինձը աճում է միշտ ջրով լիքը ածուների մեջ: Այսպիսով Շարուրը ներկայացնում է ճահիճների մի ընդարձակ տարածություն, որոնց մեջ մշուշը խմորվելով և գոլորշիանալով, մի կողմից ապականում է օդը, մյուս կողմից՝ գոյացնում է անհամար թունավոր միջատներ: Այս պատճառով Շարուրը մոծակների և տենդի հայրենիքն է: Այստեղի ամառը անտանելի է: Այսուամենայնիվ, Շարուրը երևան յան նահանգի ամենաբարեբեր մասն է համարվում: Բայց ի՞նչ օգուտ, որպես ռամկորեն ասում են՝ «Մեղրը շան տկի մեջ» — մի այսպիսի երկիրը մեծ մասամբ բնակեցրած է թուրքերով, կիսավայրենի և բարբարոս թուրքերով, որոնց գործունեության մեջ և ավազակությունը առաջին տեղն է բռնում:

Շարուրի մեջ հայոց գյուղերը համեմատաբար սակավ են թվով և բնակիչները նույնպես Պարսկաստանից եկած գաղթականներ են: Պետք է մտածել, եթե այս գաղթականությունը չլիներ, ամբողջ Արարատը և Նախիջևանի գավառը կմնար թուրքերի սեփականություն: Ուրեմն Ներսես Երրորդի ջանքը՝ յուր որդիներից թափուր Հայաստանը կրկին զետեղել հայոց ազգաբնակությամբ, ունեցել է յուր բարի նպատակները:

Շարուրի բրնձի մշակությունը եթե ծույլ թուրքերի ձեռքում լիներ, կարող էր բավականություն տալ ամբողջ Կովկասին, իսկ բամբակի արդյունաբերությունը յուր քանակությամբ ցած չէ մնում բրնձից: Բրնձի ճահճային դաշտերը ցամաքելուց հետո, փտած արմատներից գոյանում է խիստ արգավանդ սևահող, որի վերա ցանվելով բամբակը, առատ արդյունք է տալիս: Արփա-չայը Շարուրի Նեղոսն է, որ գարնան սկզբներում հորդանալով, թողնում է դաշտերի վերա պարարտ լիլային ծալքեր, որոնք նպաստում են մշակության բեղմնավորությանը, փոստայի ճանապարհը ուղիղ անցնում է Արփա-չայի վերայով, մինչև այսօր գետը կամուրջ չուներ և ամեն տարի բազմաթիվ ձիեր և մարդիկ զոհ էին լինում հորդացած ջրի հեղեղներին, բայց վերջապես շինվեցավ մի կամուրջ, որ տակավին գործածական չէ, ճանապարհը այն կողմից դեռ պատրաստ չլինելու պտճառով:

Շարուրի գլխավոր գյուղն է Բաշ-Նորաշենը, անունը հայերեն, իսկ ինքը թուրքաբնակ է և ամբողջ Շարուր-Դարալագյազ գավառի կենտրոնն է համարվում: Այստեղ փոստայի իջևանում ես տեսա երկու թուրք պատանիներ, մինը 20, իսկ մյուսը մոտ 14 տարեկան: Նրանք նստած հասարակաց գրասեղանի մոտ, մեկը տետրակ էր խազում, իսկ մյուսը ռուսաց մեծ տառերով գրում էր խազած թերթի վերա: Իսկույն երևաց, որ աշակերտներ էին: Լա՛վ բան է փոստայի իջևանում դպրոցը:

Ո՞վ է սովորեցնում, — հարցրի աշակերտներից մեկին:

Իսմաթրիթելը, — պատասխանեց նա յուր ազգային արտասանությամբ:

Երևաց, որ իջևանի վերակացուն էր վարժապետը, որ միևնույն ժամանակ նամակատան մեծավորի պաշտոն էր կատարում. — մի հին ծառայող հայ և այնպիսի ծառայողներից, որ այսպիսի տեղերում քոշով են ման գալիս, միայն կուրծքի վերա դեղին կոճակներ ունեն:

Նամակատան սենյակը կից էր իջևանին. վարժապետը այն ժամին զբաղված էր փոստը ուղևորելով, ուրեմն ես միջոց ունեի նրա աշակերտների հետ մի փոքր խոսել:

Ի՞նչ եք սովորում:

Հայրս ասաց, որ փռաշենիա (խնդիր) գրել սովորենք, — պատասխանեց հասակավոր ուսանողը:

Եվ դուք սովորո՛ւմ եք այդ բանը:

Իսմաթրիթելն ասաց մի քանի ամսվա մեջ կսովորացնեմ: Երկու աշակերտներն էլ մի բառ չգիտեին ռուսերեն և մի քանի ամսվա մեջ պետք է իրավաբան դառնային, գուցե այնպես, որպես իրանց վարժապետն էր: Երկուսն էլ հարուստ բեկերի որդիներ էին: Զարմանալի բան է կարիքը: Ոչինչ չէր կարող ստիպել մոլեռանդ բեկին, որ նա թույլ տար յուր որդուն այն գլուխը, որ սովորել է դորանի սուրբ տառերին երկրպագել, և խոնարհեցնել մի օտար տառի առջև, որ կրոնքով նրա համար պիղծ է: Բայց նոր րեֆորման ստիպեց բեկին սրբապիղծ լինել: Նա զգաց որդու մեջ փռաշենիա գրելու և սթաթյաներ սովորելու կարևորությունը, որպեսզի ինքը կարոտություն չունենա մի հայ փաստաբանի, որ կողոպտում է նրան, որպես ինքը կողոպտում է անպաշտպան ճանապարհորդին, — մեկը գրչով, մյուսը՝ սրով:

Շատ իրավացի է նկատել Շարուրի գեղեցիկ նկարող պ. Քաջբերունին յուր «Փորձի» մեջ տպված «ճանապարհորդական նկատողությունների» մեջ, թե այդ ժողովուրդը ամենևին կրթության հույս չէ տալիս: Բայց պատճառը պետք է որոնել մի գլխավոր մանկավարժական կետի մեջ: Մեր խոսքը միայն Շարուրի մասին չէ: Ամբողջ երևանյան նահանգի թուրքերը և մի խոսքով, ռուսաց այն բոլոր երկրներում, որ ժամանակով Պարսկաստանի մի մասն էին կազմում, ուսման և կրթության վերաբերությամբ մահմեդականները դեռ պահպանել են այն, ինչ որ առաջ էր, այսինքն՝ պարսից տիրապետության ժամանակ:

Ինչպե՞ս էր պարսից տիրապետության ժամանակ:

Պարսից քաղաքականությունը պահանջում էր, որ մահմեդական դպրոցներում սովորեն երկու լեզու՝ պարսկերեն և արաբերեն, առաջինը որպես պետական լեզու, երկրորդը որպես կրոնական: Այս կանոնին ենթարկվում էին բոլոր մահմեդականները, ինչ ազգից և ինչ ցեղից որ լինեին: Նույն կանոնը պահպանվել է և մինչև այսօր այս կողմերում: Չնայելով, որ ամբողջ Կովկասի մահմեդականները, բացի Դաղստանի լեռնաբնակներից, մոնգոլական ցեղից առաջ եկած թուրքեր կամ թաթառներ են և նրանց խոսեցած լեզուն թուրքերի մի բարբառ է, բայց վաղեմի սովորությամբ թուրքերի մեդրեսեներում (դպրոցներում ) ոչինչ չեն սովորում մայրենի լեզվով, ամբողջ դպրությունը ավանդվում է պարսկերեն և արաբերեն լեզուներով: Թուրքերեն ոչ մի դասագիրք չունեն. Ղորանը, Գյուլիսթանը և Թարիխնատերը նրանց բոլոր կուրսն է, չնայելով որ գյուղացի մոլլան բոլորովին չէ հասկանում այս լեզուն: Նախ, մահմեդականների գյուղերում դպրոցներ չկան և եթե մի մեջիտի անկյունում մի մոլլա հավաքել է յուր մոտ մի քանի երեխաներ և նրանց դաս է տալիս, դասատվության լեզուն կամ պարսկերեն է և կամ արաբերեն, և դասագրքերը նույն լեզուներով են: Բոլորովին անբնական և հակամանկավարժական է, երբ մի երեխա յուր ուսումը սկսում է օտար և յուրյան անհասկանալի լեզուներով: Մինչև անգամ քաղաքներում, օրինակ, Երևանում և Նախիջևանում պահպանել է նույն եղանակը, թուրքերի բոլոր դպրությունը պարսկերեն լեզվով է. 56, մինչև յոթն տարի տանջվում են երեխաները, հազիվ թե կարողանում են նույն լեզվով նամակներ գրել, այնպես, որպես մեզանում առաջ գրաբար նամակներ գրում էին, բայց խոսել չէին կարողանում: Պարսկերեն նամակ գրող թուրքը պարսկերեն խոսել չէ կարողդրա համար առանձին վարժություն պետք է:

«Աքինչի» լրագիրը չկարողացավ հաջոդություն գտնել, որքան հուսացվում էր, որովհետև նա սկսավ թուրքերեն լեզվով հրատարակվիլ նախքան մահմեդական դպրոցներում թուրքերենի դպրությունը մտնելը:

Պարսկաստանի ամբողջ Ատրպատական նահանգը թեև բնակեցրած է թուրքերով և ոչ պարսիկներով, այսուամենայնիվ, դպրոցների լեզուն պարսկերեն է. արաբերենը նրանք սովորում են այնքան, որ ղորանը կարողանան կարդալ, բայց ոչ հասկանալ: Շատ անգամ ինձ պատահել է խոսել այնտեղի թուրքերի հետ, թե ինչո՞ւ իրանց մայրենի լեզվով չեն գրում ու չեն կարդում. — այդ հարցը նրանց բլորովին ծիծաղելի է երևել: Սովորությունը օրենք է դարձել նրանց մեջ, թեև անգիտակցաբար մտել է նրանց մեջ այդ օրենքը: Երբ ամերիկացի միսիոնարները հիմնվեցին Թավրիզում, — դպրոց և թուրքերեն լեզվով դասագրքեր հորինելով, սկսեցին մայրենի լեզվով դպրությունը տարածել թուրքերի մեջ, — այդ եղանակը նրանց շատ խորթ երևաց և շատերը հանձն չառան իրանց որդիքը հանձնել մի դպրոցում, ուր նրանք պարսկերեն չպիտի սովորեն: Բայց ամերիկացիք չփոխեցին իրանց սկզբունքը:

Ինչո՞ւ ենք զարմանում այն բանի վերա, թե ուսման վերաբերությամբ այս կողմերի մահմեդականների մեջ տակավին պահպանվել է պարսկական ազդեցությունը, քանի որ ժողովրդի տնտեսական կյանքի մեջ նույնն է տեսնվում: Մինչև այսօր գյուղացիների հարաբերություններն ու նրանց փոխադարձ պարտավորությունները թե կառավարության և թե կալվածատերերի հետ դարձյալ նույնն է, ինչ որ խաների տիրապետության ժամանակ: Հարկերը և մշակության արդյունքի տասնորդներն ոչինչ փոփոխություն չեն կրել, դեռևս պահպանել են հին ձևերը: Ինչ պայմաններով որ վարվում էր մի խան, մի բեկ յուր գյուղացու հետ և ինչ արդյունք որ ստանում էր նրանից հիսուն տարի առաջնույնը ստանում է և այսօր: Ես ձեռքի տակ չունեմ մանրամասն թվանշաններ, թե զանազան բերքերից որքան մասն է վճարում գյուղացին կալվածատիրոջը և որովհետև նրանց պայմանները այլևայլ գյուղերում փոփոխվում են, այս պատճառով դժվար է այժմ ճիշտ հաշիվ տալ, միայն խոստանում եմ մի անգամ ևս խոսել այս առարկայի վերա, երբ կհավաքեմ բոլոր մանրամասնությունները:

Բայց ինչ որ վերաբերում է այս կողմերի մահմեդականների մեջ ուսումը և կրթությունը տարածելուն, այս գործը հաջողված կարելի է համարել այն ժամանակ, երբ նրանց գյուղերում կբացվեն վարժարաններ և այն վարժարաններում կմտցվի մայրենի լեզվի դպրությունը, բայց ոչ թե պարսկական տառերով, որոնց լոկ ընթերցանությունն մի քանի տարիներ է խլում, այլ երբ թուրքերի համար կհնարվին նոր տառեր և այն տառերով դասագրքեր կպատրաստվեն: Իմ կարծիքով, հայոց տառերը շատ հարմար են թուրքերեն լեզվի արտաբերության համար, որովհետև նրանց բոլոր հնչյունները կարելի է ձևակերպել մեր տառերով:

Մեր՝ հայերիս օգուտը պահանջում է, որ այս կողմերի մահմեդականների մեջ տարածվի ուսումը, որովհետև բացի քաղաքակրթությունից ուրիշ ոչինչ միջոց չէ կարող խզել նրանցից յուրյանց սովորական բարբարոսությունը և ավազակությունը:

ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՂՎԱՆԻՑ ԵՎ ՍՅՈՒՆՅԱՑ

ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՄ

Հրաժեշտ Թիֆլիսին: — Անվճար ճանապարհորդություն: — Նոր շինված խճուղին և ձիաների խելքը: — Ղարաչիների թաբուն: — Գոմեշների, եզների և կովերի վիճակը: — Թարաքամաների ձմեռանոցները: — Հայերի խելքը: — Ղազախը, Շամշադինը և Շամքորը: — Գանձակը հեռվից:

1881 թ. հուլիս 25-ին թողի Թիֆլիսը, ճանապարհի սայլակը, որ բերել էին ինձ համար պոստի կայարանից, այնքան նեղ, այնքան փոքրիկ էր, որ կարծես ձվի պես կիսած կճեպից էր շինված: Ասում են, կապալառուները այդ վարպետությունը բանեցնում են, որ ճանապարհորդները շատ ծանրություններ չկարողանան վեր առնել իրանց հետ: Ճշմարիտն ասած, թե իմ և թե ընկերիս ծանրությունները մեծ չէին: Նա ուներ մի թեթև մաֆրաշ, իսկ ես մի փոքրիկ չեմոդան: Մաֆրաշը դրեցինք մեր տակին, իսկ չեմոդանը մեր ոտների առաջ: Նստեցինք, սայլակը շարժվեցավ: Հետո ես իմ կողմից, ընկերս յուր կողմից, սկսեցինք միմյանց քաղաքավարությամբ հարցնել ձեր տեղը ինչպե՞ս է, հանգի՞ստ եք: Բայց մեզանից ոչ մեկը չէր ուզում սկզբում խոստովանվել, որ նստած է համարյա մի փշի վրա, մի փոքր անզգույշ շարժում, — ահա կգլորվի ցածՎերջը ընկերս ասաց ինձ: — Երբ այդ պոստայի կապալառուները իրենց զեղծումների համար կդատապարտվեին տաժանակիր աշխատանքի աքսորվել, ես եթե դատավոր լինեի, կվճռեի նրանց նստացնել իրանց շինել տված սայլակների վրա և մի քանի տարի ման ածել խճուղու (շոսեի) ճանապարհով...

Սալահլուի փոստայի կայարանում պատահեց մեզ ականատես լինել մի սկանդալի: Դռան առջև ինքնաբավական վեհությամբ կանգնած էր կայարանի հսկողը (смотритель). նրա մոտ կանգնած էին մի քանի քած շներ (քած շներ կարելի է տեսնել ամեն կայարաններում: Նրանք հսկողների (смотритель-ների) անբաժան ընկերուհիներն են, գրելու ժամանակ պտտվում են նրա գրասեղանի շուրջը, քնելու ժամանակ պառկած են նրա մահճակալի մոտ, իսկ դուրս գալու ժամանակ նրանից չեն հեռանում): Հսկողի առջև, վզները ծռած, կանգնել էին երկու պարսկաստանցի ասորիներ: Դրանց կեսը թուրքերեն, կեսը հայերեն, կեսը ռուսերեն ասում էին . — «Աստված է վկա մենք տվել ենք... մեզանից առել են փողը... մեզ ասեցին, որ ձեզանից փող էլ չի պահանջվի»...

Սմոտրիտելը երբեմն հռհռում էր խեղճ ճանապարհորդների միմատության վրա, երբեմն բարկանում էր, երբեմն հայհոյում էր, վերջապես բարեհաճեց ասել. — Մեզ խաբել են

Բանից ի՞նչ դուրս եկավ: Երկու ասորիները Թիֆլիսում գնում են ճանապարհաթուղթ (подорожная) առնելու: Գանձապահության (казначейство) արտիստ-գրագրներից մեկը, նկատելով, որ դրանք անփորձ մարդիկ են, հանձն է առնում նրանց ճանապարհաթուղթ տալ, իհրակե, գանձարանից առնելով: Նա ստանում է ասորիներից, սկսյալ Թիֆլիսից մինչև Կարս, ամբողջ ճանապարհավճարը (прогон), հավատացնելով նրանց, թե այլևս նրանցից փող չի պահանջվի, ամեն տեղ ձիաներ կտան և այդ թղթով կարող են ցանկացած քաղաքը գնալ, առանց մի կոպեկ վճարելու:

Ասորիները դժվարանում էին հավատալ, որ գրագիրը կարող էր այսպես խաբել նրանց: Երբ նրանց հասկացրին, թե յուրաքանչյուր կայարանում պետք է նորից փող վճարեն ձիաներ ստանալու համար, նրանք ստիպվեցան ոտքով վերադառնալ Թիֆլիս և որոնել իրանց կողոպտող արտիստին:

Ասորիների վիճակը մեզ այնքան չէ հետաքրքրում, որքան մեր սեփական դրությունը: Սալահլուի կայարանում մտածեցինք մի կերպ անել, որ գոնե այս անգամ կարողանանք փոքր-ինչ հանգիստ նստել սայլակի վրա: Ընկերիս մաֆրաշը էլի առաջվա նման դրեցինք մեր տակին, իսկ իմ չեմոդանը կապել տվինք սայլակի հետևը:

Կարծես բախտը վճռել էր դեռևս երկար հալածել մեզ: Կես ճանապարհին ետ են նայում, տեսնում են, որ չեմոդանը չկա: Սայլավարը այնքան վատ էր կապել, որ ճանապարհին ցած էր ընկել: Անպիտանը իր մեղքը քավելու համար իսկույն բաց արեց ձիաներից մեկը, նստեց և վազեցրուց, որ գտնե չեմոդանը: Այդ միջոցին իմ գլխում ծագեց մի միտք, եթե այդ ավազակը չեմոդանը կգտնե, մի փոսի մեջ կծածկե, հետո կվերադառնա ինձ լուր կբերե, թե չգտա, անցորդները տարել են, — ես ի՞նչ կարող եմ ասել նրան:

Այդ ենթադրությունը շատ հավանական էր, թեև սայլապանը իմ չեմոդանը գողանալով, շատ խեր չէր տանի, նրա մեջ կային՝ Ջալալյանցի ճանապարհորդությունը, Թաղիադյանի ճանապարհորդությունը, Կաղանկատվացու Աղվանից պատմությունը, Օրբելյանի Սյունյաց պատմությունը, Ինջիջյանի հնախոսությունները, հին Հայաստանի քարտեզը, մի քանի կտոր ուրիշ քարտեզներ նոր Հայաստանի մասին, «Մշակի» վերջին համարները, որ Թիֆլիսում ժամանակ չէի ունեցել կարդալու, թուղթ, մատիտ, մի խոսքով՝ բոլորը մի սայլավարի համար անպետք բաներ:

Բայց հենց որ ձին մի քանի քայլ վազեցրի, ես մոռացա Ինջիջյանի հնախոսությունն էլ, հին Հայաստանն էլ, նոր Հայաստանն էլ... ով որ յուր կյանքում գոնե մի անգամ նստել է տկլոր ձիու վրա, կհասկանա իմ դրությունը: Ավելացնենք դրան, որ ձին սաստիկ նիհար էր, մեջքի ողնաշարը լեռնային շղթայի նման դուրս էր ցրցված: (Այդ պետք է վերաբերել փոստայի ստարոստաների առողջապահական հմտությանը, որ նրանք իրենց խնամակալությանը հանձնված ձիաներին շատ գարի չեն ուտացնում, զգուշանալով, մի գուցե նրանց ստամքոսը փչացնեն): Ինչ էլ որ լինի, իմ դրությունը անտանելի էր: Ես նստած էի, ինչպես որ ասեցի, ձիու տկլոր մեջքի վրա: Հենց որ նա տրտնկում էր, ես այնպես էի կարծում, որ ողնաշարի սուր, դուրս ցցված ոսկորները իմ նստատեղը կտրատում էին:

Ծիծաղելի բան է, որ մարդ ամենասարսափելի տագնապի մեջ երբեմն փիլիսոփա է դառնում: Այդ միջոցին մի բան գրավեց իմ ուշադրությունը, ես մոռացա իմ ցավը, սկսեցի դրա վրա մտածել: Ձին քշում էի խճուղու վրայով, բայց նա սատանայի նման կանգնում էր, ճանապարհից դուրս էր գալիս, և աշխատում էր կողքերովը գնալ: Այստեղ ի՞նչ խորամանկություն կարող էր լինել: Հետո իմացա, որ ձին չէր ցանկանում իր սմբակները ջարդել խճուղու անհարթ մակերևույթի վրա, և ավելի բարվոք էր համարում կողքերովը գնալը, ուր գետինը իր բռի դրության մեջ համեմատաբար ավելի վւաւիուկ էր և հավասար: «Այդ խելացի անասունը, ասացի ինձ ու ինձ, ավելի լավ է հասկանում խճուդու անպիտանությունը, քան այն բազմաթիվ ռևիզորները, որոնք գալիս են, տեսնում են և զեկուցում են տալիս, թե «ամեն ինչ լավ է...»:

Սայլավարը գտավ չեմոդանը: Եվ հեռվից ինձ տեսնելով, որ արդեն մոտենում եմ, իհարկե շատ էլ որ ցանկանար, չէր կարող թաքցնել նրան, միայն ուրախությամբ ձայն տվեց, «աղա, նավոթկան շատ պիտի տաս...»:

Ձիաները կրկին կապեցին սայլակին, նա շարժվեցավ:

Սայլավարը իր խելքով պակաս չէր երևում իր ձիաներից: Նա էլ թողնելով խճուղին, քշում էր կողքերի ճանապարհներով, որոնք զանազան ուղղությամբ երբեմն հեռանում էին, երբեմն մոտենում էին խճուդուն: Մերկ գետինը քանդելով անիվների ծանրության տակ, հողը փշրվելով, մանրվելով, փոշիացել էր, և մի քանի թիզ թանձրությամբ ծածկել էր ճանապարհը: Անիվները խրվելով, ակոսներ բաց անելով, անցնում էին, բարձրացնելով ահագին փոշեղեն ամպ, որի մեջ խիստ հեշտությամբ կարելի էր կուրանալ, իսկ դժվարությամբ շունչ քաշել:

Ես կարծեցի, թե սայլակավարներին պատվիրված է խճուղու հետ խնայողությամբ վարվել, նրա վրայով չքշել, որպեսզի չմաշվի: Այս պատճառով հարցրի սայլավարից. — Ինչո՞ւ չեք քշում խճուղու վրայով:

Այնտեղից, աղա, մենք քշում ենք միայն անձրևային օրերում, երբ այստեղ ցեխ է լինում, — նա ցույց տվեց իր գնացած թանձր փոշիով ծածկված ճանապարհը, որի անձրևային օրերի ցեխը կարելի էր երևակայել, թե ինչ կլինի:

Ինձ շատ է պատահել տեսնել ասիական գնչուների թաբուններ, բայց Կովկասում առաջին անգամ ես տեսա նրանց: Մեր մոտով անցավ ղարաչիների մի ամբողջ քարավան: Խիստ հետաքրքիր էր նայել բնության այդ ազատ զավակների վրա, որոց համար ոչ հայրենիք կա և ոչ տուն: Քարավանը շարժվում էր արագ, խառնափնթոր բազմությամբ, անասունների համարյա ամեն տեսակները կարելի էր գտնել այնտեղ: Տեսնում ես, բարձած ավանակի խուրջինի մի հակից երևում է մի նորածին քուռակի գլուխը, որը դեռ շատ թույլ լինելով, չէր կարողացել հետևել յուր մորը: Խուրջինի մյուս հակից երևում են երկու փոքրիկ երեխաների գլուխներ: Բարձած ավանակը վազում է քարավանի հետ, տնկտնկում է, և երեխաների գլուխները ավանակի շարժվելուց ներդաշնակաբար զարկվում են միմյանց: նրանք հանգիստ են, կարծես ցավ չեն զգում: Մինը, երևի, քնած է, գլուխը թեքված է դեպի ցած և օրորվում է ավանակի քայլերի հետ:

Կնիկները բաց կուրծքով, մերկ սրունքներով և բոբլիկ ոտներով վազում են քարավանի հետ: Դրանք էլ ավանակների նման բարձած են. մեկը շալակին կապել է իր երեխան, իսկ մյուս ծծկերին գրկած ունի: Տղան այնպես պինդ կպել է մոր կուրծքին, և ծծում է, կարծես տզրուկ լինի:

Հաջորդ էջ