Րաֆֆի՝   Հուշագրություններ

Ահա՜ այնտեղ ավանակի բեռան վրա կապած են մի քանի հավեր: Մյուս բեռան վրա պպզել է մի կապիկ և հեգնական ժպիտը երեսին, նայում է իր շուրջը:

Գլխավոր մթերքը, որ բարձած է ավանակների վրա, են պատրաստի կամ անպատրաստ մաղեր, որ այդ ցեղի արհեստագործության գլխավոր արդյունքն է: Նրանք հավաքում են տներից ձիու ագիներ և նրանցից մաղեր են պատրաստում:

Մեր սայլակը կանգնեցրին մի քանի կնիկներ, որոնք մոտեցան զանազան հարցերով: Այդ կնիկների ձեռքի թաթերի, բազուկների, կուրծքի և երեսի վրա երևում էին մուգ-կապույտ գույնով զանազան նկարներ, որ դրոշմված էին մարմնի կաշու վրա ( )48 և այդ ավելացնում էր նրանց վայրենի գեղեցկության վրա մի առանձին հրապուրանք:

Մեկը մեկնեց ինձ սև, փայլուն քարածուխից շինած մի բան, ասելով. — Գնիր, պարոն, դա կբախտավորե քեզ:

Այդ ի՛նչ է, — հարցրի ես ընդունելով բախտավորեցուցիչ առարկան, որը տափակ քառանկյունի ձև ուներ, և մակերևույթի վրա փորված էին զանազան երևակայական նշանագրեր:

Թաիլիսման է, — պատասխանեց նա խորամանկ ժպիտով, ուղիղ աչքերիս մեջ նայելով, ավելացրեց. — քեզ մի վտանգ է սպառնում, կամենո՞ւմ ես, քեզ համար «ֆալ բաց անեմ» (գուշակեմ):

Մտածելով, որ մի քանի կոպեկներով կարող եմ ազատվել գնչուհու թախանձելուց, քսան կոպեկով ազատվեցա նորանից:

Մեր սայլակը շարժվեցավ և տասն րոպե արագ քշելուց հետո հազիվ դուրս եկանք փոշեղեն մառախուղի միջից, որ ղարաչիների քարավանը թողել էր ճանապարհի վրա:

Կարծես այդ կողմերում բոլոր ժողովուրդը դեռ չէ դուրս եկել այն նախնական դրությունից, որի մեջ դեռ ապրում են ղարաչիները:

Ճանապարհի վրա անդադար տեսնում էի ահագին, ծանր սայլերի խումբեր, որ ճռնչալով ձգում էին մի զույգ գոմեշներ, իսկ նրանց առջև լծած մի զույգ եզներ: Ծիծաղելի բան է տեսնել վիթխարի գոմեշին խամուտների մեջ: Խե՛ղճ անասուն, ինչ աշխատության մեջ ասես նրան չեն գործ ածում: Նրանով վար են վարում, սայլ են կրում, Գանձակից մինչև Թիֆլիս գինու ահագին տիկեր կրելով, նրա վրա մինչև անգամ հեծնում են: Ծանրաշարժ գոմեշին կատարել են տալիս բոլոր այն գործերը, ինչ որ բնությունը տնօրինել է ձիու համար: Միևնույն վիճակին դատապարտված է և եզը: Երան ոչ միայն լծում են, այլ նրա վրա բեռն են կրում, նրա վրա նստում են:

Մենք անցնում էինք դատարկ անապատների միջով: Դեպի աջ մինչև Կուր գետի եզերքը, դեպի ձախ մինչև49 լեռները. այդ ընդարձակ հարթ տարածության վրա, բացի ճանապարհորդներից, ուրիշ ոչ մի մարդկային արարած չէր երևում: Կարծես ժանտախտը, խոլերան կամ մի այլ մահաբեր ախտ, միանգամայն մեռցրած լիներ բոլոր շնչավորներին: Բայց մեր շուրջը երևում էին մարդու աշխատության նշաններ: Ցորենի, գարու արտերը հնձած էին. խուրձերի տեղերը բլրակների նման երևում էին արտերի մեջ: Խոտը նույնպես հնձված էր. կորյակի ցանքերը դեռ կանաչ էին, չէին հասել: Կնշանակե այդ կողմերում բնակություն կա, մարդիկ են ապրում: Բայց որտե՜ղ են նրանք, ինչո՞ւ չեն երևում:

Ղազախի, Շամշադինի, Շամքորի ամբողջ վիճակները մինչև Գանձակ այդ տպավորությունն են գործում: Այդ երեք վիճակների ընդարձակ, արգավանդ դաշտերը, տարվա երեք եղանակներում, — գարնանը, ամառը և աշունը, — ներկայացնում են կատարյալ դատարկություն: Թարաքամա բնակիչները իրանց անասունների հետ գաղթում են դեպի հեռավոր լեռները, յայլաղ: Նրանց ձմեռանոցները մնում են բոլորովին ամայի: Ոչ մի շուն, ոչ մի կատու անգամ չեք տեսնի այնտեղ: Ես հետաքրքրվեցա մտնել այդ ձմեռոցների (ղշլաղ) մեկի մեջ, որ մեր ճանապարհին մոտ էր: Այստեղ ու այնտեղ երևում էին գետնափոր խորշեր, որոնց մեջ բնակվում է այդ թափառաշրջիկ ժողովուրդը, երբ ձյունը պատում է երկիրը: Գազանների որջերը միայն կարող էին դրանց հետ համեմատվել: Մարդը չի կարող այսպիսի մթին և խոնավ խորշերում բնակվել: Այնտեղ կարող է բնակվել միայն թարաքաման, որ իր բնավորությամբ շատ չէ տարբերվում գազաններից: Զարմանալի է, որ ռուսաց տիրապետությունից հետո մոտ մեկ դար ոչինչ չկարողացավ փոխել այդ կիսավայրենիների կյանքից:

Եթե ընդունենք այն հիմնական օրենքը, որ պետքը, կարիքը և առհասարակ կյանքի պահանջները ժողովուրդների քաղաքակրթության առաջին վարժապետներն են դառնում, — շատ հեշտ կարելի է բացատրել թարաքում աների իրանց հարևան ազգերից հետամնացության պատճառները: Պտղաբեր և արգավանդ երկիրը նրանցից մեծ աշխատություն և մեծ հմտություն չէ պահանջում: Գարնան սկիզբներում մի կերպով փորփորում են հողը, սերմը ցանում են և այդպես թողնում, գնում են դեպի սարերը: Բնությունը ինքնահորդոր կերպով բուսցնում է նրանց ցանքը, անձրևը ոռոգում է, արտերը աճում են: Նրանք կրկին այցելության են գալիս իրանց արտերին այն ժամանակ միայն, երբ հունձքը հասած էր: Հնձում են, դիզում են և դեզերը թողնելով դաշտերի մեջ, կրկին գնում են դեպի լեռները: Վերադառնում են աշնան վերջերում միայն, շատ անգամ իրանց հունձքի դեզերը գտնում են ձյունի տակ ծածկված: Այն ժամանակ միայն սկսում են կալսել, ծեծել և ցորյակը բաժանել հասկերից: Երբեմն դեզերը աշնան անձրևներից փտած են լինում, երբեմն մի թշնամի ձեռք, նրանց բոլորովին անպետք և անպաշտպան գտնելով, կրակ է տալիս և հրդեհում է:

Ամբողջ Ղազախը, Շամշադինը, Շամքորը այդ կյանքով է ապրում: Այդ երեք վիճակները, մինը մյուսին կից, տարածվում են Կուր գետի աջ կողմը և ներկայացնում են ընդարձակ տափարակներ, մինչև Գանձակ հասնելը: Դաշտերը տեղ-տեղ ծածկված են թփերով, տեղ-տեղ ճահիճներով ու ճոխ խոտերով, տեղ-տեղ այրված, ավազոտ անապատներ են երևում, իսկ շատ տեղերում պարարտ վարելահողեր, որ խիստ արդյունավոր հունձք են տալիս:

Ամառային տոթը անտանելի է այդ կողմերում: Տենդը թագավորում է ամեն տեղ, գուցե, դա առաջ է գալիս այն բազմաթիվ ճահիճներից, որ Կուր գետը կազմում է իր ընթացքում: Բայց Շամքորի բրնձի մշակության դաշտերը լրացնում են այն, ինչ որ պակաս են թողնում ճահիճները: Շամքորը իր դիրքով շատ նման է Երևանյան նահանգի Շարուրին: Նրա մոտով հոսում է Երասխը, Շամքորի մոտով հոսում է Կուր գետը: Շարուրի դաշտերի վրա Արփա գետը, բազմաթիվ առվակների բաժանվելով, ոռոգում է բրնձի մշակությունները: Իսկ Շամքորի դաշտերի վրա Շամքոր գետը նույնպես բազմաթիվ ճյուղերի բաժանվելով, նույն սնունդն է տալիս բրնձի դաշտերին: Թե այնտեղ, թե այստեղ տենդը, մոծակը, զանազան տեսակ թունավոր մժեղներ թագավորում են ամբողջ ամառը: Գուցե այդ պայմանները ստեղծեցին բնակիչների համար կենցաղավարության այն եղանակը, որ նրանք տարվա տաք եղանակներում գաղթում են դեպի հովասուն լեռները և այդ նպաստում է նրանց առողջությանը:

Ղազախի, Շամշադինի և Շամքորի վիճակներում, Կուր գետի ընթացքին մերձավոր տափարակների վրա, ոչ մի հայոց գյուղ չպատահեց ինձ տեսնել: Այդ տեղերում բնակվում են միայն թարաքամաներ: Հայոց գյուղերը ընկած են դեպի հիշյալ վիճակների լեռնածին (՞) կողմերը, սարերի ստորոտներում, բարձրավանդակների վրա, կամ ձորերի մեջ: Այդ երևույթը պետք է վերաբերել այն պատմական հանգամանքներին, որ հայերը ժամանակի անխաղաղ դրությունից պաշտպանվելու համար ընտրել են ավելի ամուր, անմատչելի տեղեր, — իսկ այժմ նրանց դրությունը ավազակաբարո թարաքամաների հետ, նույնպես չէր կարող շատ ապահով լինել: Ավազակությունը թարաքամաների համար նույնքան սուրբ բան է, որքան իրանց կրոնի սահմանած նամազը ու դաստամազը...

Մեր ճանապարհի ընթացքում, մինչև Գանձակ, անցանք չորս նշանավոր գետերից, — Ալգետ, Խրամ, Աղստաֆա և Շամքոր: Առաջին երեքը կամուրջներ ունին, իսկ վերջինը՝ Շամքորը, կամուրջ չունի50: Այդ ժամանակից այդ գետը կամուրջ չունի, չնայելով, որ գարնան ժամանակ հորդանում է, ծածկում է իր ափերը և անկարելի է անցնել, թեև միակ անցքն է, որ տանում է դեպի Գանձակ, Շուշի, Նուխի (՞), Շամախի (՞) և այլ քաղաքները: Երևում է, որ հին ժամանակի մարդիկը, դրդված բարեգործության զգացմունքից, ավելի եռանդ ունեին գետերի վրա կամուրջներ շինելու, քան թե այժմյանները, որ նույնը պիտի անեին հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով:

Աղստաֆայի կայարանից սկսյալ, դեպի Գանձակ տանող ճանապարհի խճուղին վերջանում է: Խճուղին ձգվում է դեպի Երևանի կողմերը: Թեև խճուղուց մենք մի առանձին բարիք չէինք տեսել, այնուամենայնիվ, խիստ ծանր տպավորություն էր գործում, երբ ընկանք մերկ ճանապարհի վրա: Բարեբախտաբար մի քանի օր առաջ շատ անձրև էր եկել և ճանապարհը պնդացել էր, և կարելի էր առանց առատ փոշի կուլ տալու առաջ գնալ:

Կարաերի կայարանից մինչև Կոշկար գետը, և այստեղից մինչև Գանձակ անցնում էինք մերկ, ավազուտ տափարակների միջով: Ես անդադար հարցնում էի ընկերիս, չէ՞ երևում Գանձակը: Վերջապես նա ցույց տվեց ինձ մի կանաչազարդ տարածություն, որ հեռվից երևում էր, որպես փոքրիկ օազիս, մերկ անապատների մեջ: Գանձակն էր, իր գեղեցիկ այգիներով:

Բ

Գանձակի առաջին տպավորությունը, փողոցները, տները, չինարիները: — «Եվրոպա» հյուրանոցը: — Ջավադը և իլ-յարասի. — «Մշակի» աշխատակիցը գավառական քաղաքում: Մեյդանը, Շան-աբասի մեջիտը, հին ամրոցը Ջավադ-խանի պալատը: — Վաճառանոցները: — Կլուբը: — Գանձակեցիների գլխավոր արդյունաբերությունը: — Գանձակի վիճակը նոր շինվող երկաթուղու վերաբերությամբ:

Ի՞նչ տպավորություն կգործե մի պարսիկ. իր քոշերով, երկար արխալուղով, շալե գոտիով, որ գլխին դրած ունի եվրոպական շլյապա և մերկ պարանոցի վրա կապել է մետաքսյա սև փողպատ, — նույն տպավորությունը գործեց ինձ, վրա կիսապարսկական Գանձակը: Նեղ, ծուռումուռ փողոցներից և ոչ մեկը քարած չէր: Թանձր փոշին, աղբը, ամեն տեսակ ապականություն ծածկել էր հատակը: Տներից մեկը, քարից կամ աղյուսից շինած, դուրս էր նայում դեպի փողոցը բացված լուսամուտներով, իսկ նրա կշտին մի այլ տուն պատերով, ցածրիկ, որ դեպի փողոցը լուսամուտներ չուներ: Բարձր, հոյակապ տան մոտ, անդադար հանդիպում է կամ մի խրճիթ, կամ քանդված ավերակներ: Մեկը փողոցի լարից դուրս է ընկած, մյուսը ներս է գնացած: Ինչ որ գեղեցիկ է, դրանք են դարևոր, հսկա չինարիները, որ իրանց զով հովանու տակ պատսպարում են շինվածքները, և թույլ չեն տալիս նրանց բոլորովին շնչասպառ լինել փոշուց և տոթից: Չինարիները, որոնցից շատերը մեկ ու կես սաժեն տրամագիծ ունին, Գանձակի զարդն են. նրանք մնացել են պարսից տիրապետության ժամանակներից, և մի բարի բախտով ոչնչացրած չեն եղել: Այդ չինարիները պահպանում են Գանձակի առողջությունը, որ շատ նախանձելի վիճակի մեջ չէ: Առհասարակ շատ փոքր թվով կարելի է տեսնել տներ, որ պարտեզներ չունենային: Գեղեցիկ նռնենիները, թզենիները և վարսավոր միմոզաները իրանց մետաքսյա ծաղիկներով դուրս են,նայում բակերի ցածրիկ պատերի հետևից:

Մտնելով քաղաքը, պատվիրեցինք սայլավարին, որ մեզ մի լավ հյուրանոց տանե:

Ո՞րն եք կամենում, — հարցրեց սայլավարը, — այստեղ հյուրանոցներ շատ կան՝ «Եվրոպա», «Ամերիկա», «Կավկազ», «Թիֆլիս» և այլն:

Դրանցից որն որ լավ է, այնտեղ տար, — ասեցինք նրան:

— «Եվրոպան», — պատասխանեց սայլավարը և քշեց դեպի այն կողմը:

Հասնելով հիշյալ հյուրանոցը, պահանջեցինք մեզ համար մի կացարան: Մեզ հայտնեցին, թե վերի հարկի սենյակները արժեն օրական 32 ռուբլի, իսկ ներքի հարկինները օրական 1 ռուբլի: Մենք ընտրեցինք վերջիններից մի սենյակ: Ավելորդ է նկարագրել այդ կացարանի սարք ու կարգը. միայն այսքանը կասեմ, ինչ որ մենք առնում ենք Եվրոպայից նրան այլանդակելու և իր փչացած ձևի մեջ ցույց տալու համար, — այդ կացարանը կարող էր ամենաճիշտ տիպարը լինել այդ տեսակ աղավաղության:

Երկար սպասում էինք, որ սպասավորներից մեկը հայտնվի և մեզ լվացվելու ջուր տա, որ փոշին և կեղտը մաքրենք մեր մարմնից: Մի պատանի արխալուղը հագին կանգնած էր պատշգամբի վրա: Վերջապես հյուրանոցի պահողը հրամայեց նրան, որ կատարե մեր սպասավորությունը: — Թող գնամ նրան, որ կատարե մեր սպասավորությունը: — Թող գնամ շորերս հագնեմ… — ասաց սպասավորը և անհետացավ: Մեկ ժամից հետո հայտնվեցավ նա արդեն շորերը փոխած: Եվրոպական հյուրանոցի սպասավորը պետք է եվրոպական հագուստով հայտնվի հաճախորդների մոտ, և այդ մտքով Ջավադը կատարել էր ինչ որ պահանջում է պարտքը և պատշաճը:

Սկզբում պահանջեցինք ջուր լվացվելու համար, հետո սամովար: Նուխեցու հատուկ ճարպկությամբ Ջավադը երկու հանձնարարություններն ևս իսկույն կատարեց: Սամովարը սեղանի վրա դնելուց հետո, նա այդ միջոցին իմ ուշադրությունը գրավեց մի բոլորակ վերք, որ երևում էր նրա աջ ձեռքի թաթի երեսի վրա:

Այ տղա, այդ ի՞նչ բան է, — հարցրի նրանից:

Իլ-յարասի է, աղա, — պատասխանեց նա և շարունակեց իր գործը: Ինձ այնքան չդրդեց զզվանքը, որ մի այսպիսի վիրավոր ձեռքով մաքրում էր նա բաժակները, որքան այն սարսափը, որ կարող էինք վարակվել: Սպասավորի ձեռքի վերքը տեղական մի վերք էր, որ ամեն մի գանձակեցի պետք է անպատճառ ունենա: Նա կոչվում է իլ-յարասի նրա համար, որ մի ամբողջ տարի տևում է մինչև առողջանալը51:

Բժշկությունը այդպես է բացատրում, որ այդ վերքը մի սունկ է, որ հայտնվում է մարմնի մեջ. բայց գանձակեցիք այսպես են բացատրում, որ դա առաջ է գալիս չինարիների տերևներից, որոնք թափվելով փողոցներից անցնող վտակների մեջ, փտում են, և այդ ջրերի գործածությունից վարակվում է ժողովուրդը: Օտարքաղաքացիք ևս բնակվելով Գանձակում, ստանում են նույն վերքը: Մի կամ երկու ամսվա բնակությունը բավական է վարակվելու համար: Ջավադը ստացել էր այդ վերքը յուր Գանձակ գալուց երկու ամսից հետո:

Իսկ որքան հավանական է, որ դա առաջ է գալիս չինարի ծառերից, այդ պետք է բացատրե գիտությունը, ես այսքանը կասեմ, որ ուրիշ մի քանի երկրներում ևս գոյանում են նույն օրինակ վերքեր, որտեղ չինարի ծառերը չկան, օրինակ, Բաղդադում այդ վերքը վերաբերում են արմավենիներին (խուրմայի) կամ հաճախ արմավ ուտելուն:

Թողնելով այդ դատողությունները, ես դարձյալ վերադառնում եմ դեպի Ջավադը: Չնայելով, որ մի վտանգավոր սպասավորի հետ գործ ունեինք, նա ամեն տեղ հայտնվում էր: Նա էր ջուր տալիս լվացվելու և սեղանատանը կերակուրները պետք էր նրա ձեռքից ընդունել: Նա հյուրանոցի միակ խաս սպասավորն էր, բոլորը նրան ճանաչում էին, և իր կամակատարությամբ միշտ պատրաստ էր ամենի պատվերները կատարելու:

Այդ հյուրանոցի մեջ իջևանելու գիշերվա առավոտը զարթնելով, զգում էի բերանիս մեջ սաստիկ դառնություն: Ես կարծում էի, թե գիշերը ծխելուցն է: Ես սովորություն ունիմ գիշերը մի քանի անգամ զարթնել ու ծխել: Բայց այն գիշերը, ընդհակառակն, ճանապարհի հոգնածությունից այնպես թմրած էի, որ ամենևին չէր զարթնել: Իսկ այդ ի՞նչ դառնություն էր: Ես դարձա իմ ուղեկցին երբ նկատեցի նա էլ գլուխը վեր բարձրացրեց բարձից:

Ընկեր, բերանդ ի՞նչ դրության մեջ է:

Սաստիկ դառն է, — պատասխանեց նա և մի այնպիսի խոժոռ շարժեց իր սևուկ դեմքի վրա, կարծես լեղի էր կերել և բերանը կծկծում էր:

Իսկույն հասկացա, որ այստեղ մի բան կա, որ երկուսիս էլ բերանը միևնույն վիճակին է ենթարկվել:

Կես ժամից հե տո մեզ մոտ եկավ մի պարոն, նրան պատմեցինք մեր բերանների դրությունը:

Այստեղի ջրիցն է, — ասաց նա, — զգուշացեք այստեղ ջուր խմելուց:

Այդ ջուրը, որից խմում է Գանձակի մեծ մասը, քարհեզի ջուր է, որ հեռու տեղից բերվելով, գետնի տակով անցնում է թուրքերի թաղից, և տեղ-տեղ բացվում է թուրքերի տների մեջ: Թուրքերը այդ ջրի հետ ինչ օյին ասես խաղում են, ամեն անմաքրություն նրա մեջ լվանում են, նրանով նամազ են անում, հավատացած լինելով, որ ջուրը չի պղծվի: Այդ հերիք չէ, նա բավական երկար տարածության վրա անցնում է թուրքերի գերեզմանատան տակով և բերում է իր հետ փտությունների լուծված մասները: Խմելու միջոցին մարդ զգում է մի տեսակ թանձրություն, և մի տեսակ մածուցիկ տպավորություն է գործում բերանի մեջ, կարծես մածուն լինի: Այստեղից հասկանալի է այն հիվանդությունները, որոնց անընդհատ ենթարկվում են գանձակեցիք, մանավանդ ամառվա ժամանակ: Այդ քաղաքում փոքրիշատե տանելի է գետի ջուրը, բայց ամառը գետը բոլորովին ցամաքած է լինում, և գտնված ջուրն էլ վերևից զանազան առվակներով վեր են առնում ցանքերը կամ այգիները ջրելու համար:

Գետի ջրին գալով, ես չեմ կարող մի քանի խոսք չասել այդ մասին: Գանձակում երեք օր մնալով, ես անդադար լսում էի գանգատներ, կռիվներ, դժգոհություններ ջրի պակասության մասին: Գանձակը շինված է նույն անունով գետի վրա, որ քաղաքը երկու մասն է բաժանում. մի մասում բնակվում են հայերը, մյուսում` թուրքերը: Գարնան սկզբում գետը սաստիկ հորդանում է և ծածկում է իր եզերքը, իսկ ամառը այնտեղ մի կաթիլ ջուր չէ կարելի տեսնել, գետը ցամաքում է: Եղած ջուրը, ինչպես վերևում ասացի, զանազան առվակներով վեր են առնում այգիները և ցանքերը ջրելու համար: Այդ ջուրը այնքան անբավական է, որ համարյա ամեն օր կռիվեր են լինում նրա բաշխման համար: Գանձակեցիք հավատացնում էին, որ ջուրը առաջ խիստ շատ էր լինում. իսկ այժմ «մարդկանց մեղքի համար» սակավացել է:

Գանձակի գետի ջրի սակավանալը ուրիշ պատճառի չէ կարելի վերաբերել, բացի նրանից, որ անտառները սաստիկ անխնա կերպով ոչնչանում են: Այն լեռները, որոնց մեջ գտնվում են գետի աղբյուրները, առաջ պատած են եղել խիստ անտառներով, իսկ այժմ կամ բոլորովին մերկացել են, կամ մեծ ծառերի փոխարեն թփեր են տեսնվում:

Ջրի հարցը Գանձակի կյանքի հարցն է. եթե այդ մասին պետք եղած հոգածություններ չկատարվեն (որոնց մեջ գլխավոր տեղը պետք է բռնե անտառների պահպանությունը ), այդ քաղաքը մի ժամանակ սովամահ կլինի:

Գանձակի գլխավոր արդյունաբերությունն է խաղողը և գինին, որ մեծ քանակությամբ արդյունահանվում է, տարվելով գլխավորապես Թիֆլիս: Շատ փոքր է այն գանձակեցիների թիվը, որ մի, երկու կամ երեք այգի չունենար: Տերերից ամեն մեկը յուրաքանչյուր տարի մի քանի հազար ռուբլու գինի է վաճառում: Ի՞նչ կլինի ժողովրդի վիճակը, եթե արդյունքների այդ աղբյուրը ցամաքի: Գինի պատրաստում են հայերը միայն, մահմեդականներին, որովհետև կրոնքով մեղք է համարվում աստուծո պարգևած բարիքներից մեկը, խաղողը, պղծել և նրանից գինի պատրաստել, այդ սնահավատությունից52 դրդված, իրանք գինի չեն պատրաստում և իրանց խաղողը վաճառում են հայերին, կամ իրանց այգիները նրանց վարձով են տալիս:

Գանձակի մյուս արդյունահանությունն է ալյուրը: Այդ արդյունահանությանը շատ նպաստում է պ. Հախվերդյանի շոգեշարժ աղորիքը: Պարոնի մարդիկը գնում են մեծ քանակությամբ ցորյան, և աղալով ուղարկում են Թիֆլիս, կամ ուրիշ տեղեր: Այդ, իհարկե, շատ օգնում է շրջակա գյուղացիներին, որոնց ձեռքումն է ցորյանի արդյունաբերությունը: Եթե այդ աղորիքը չլիներ, գյուղացին ստիպված էր ինքն հասարակ ջրաղացի մեջ աղալ տալ ցորյանը և ալյուրը ուրիշ տեղ տանել: Բայց պ. Հախվերդյանի աղորիքը հեշտացնում են գյուղացու գործը, որովհետև նրան միջոց է տալիս իր բերքը իր տան մեջ վաճառելու, առանց օտար երկիր տանելու:

Երբ գանձակեցիք լսեցին, թե ԲաքուԹիֆլիսյան երկաթուղին պիտի անցնի իրանց քաղաքի մոտով, նրանց ուրախությանը չափ չկար: Բայց երևում է, որ Գանձակին ևս սահմանված էր նույն վիճակը, որին ենթարկվեցավ Քութայիսը: Երկաթուղու գիծը անցավ Գանձակից 5 վերստ հեռավորության վրայով: Գանձակեցիք բողոք հայտնեցին, հայտնելով, որ գիծը մոտեցնեն քաղաքին: Նրանց բողոքը մինչև Ս. Պետերբուրգ հասավ և մնաց անհետևանք:

Բավական հետաքրքիր բան է լրագրի աշխատակցի հայտնվելը գավառական փոքրիկ քաղաքում, որպես էր Գանձակը: Բոլորը դիտում են, թե նա որտե՞ղ գնաց, ո՞ւմ հետ տեսնվեցավ, ի՞նչ խոսեց և այլն: Ամենից առաջ նրա մոտ այցելում են տեղային վարժապետները և քահանաները: (Դրանց վրա լրագրության մեջ շատ է խոսվում):

Ճշմարիտն ասած, ես մի առանձին ցանկություն չունեի մարդկանց հետ ծանոթանալու, միայն աշխատում էի մի քանի նշանավոր տեղեր տեսնել և շուտով թողնել քաղաքը, որովհետև ամեն րոպե վախենում էի հիվանդանալուց:

Առավոտյան մի քանի այցելուներից ազատվելով, շտապեցի դուրս գալ հյուրանոցի խեղդված սենյակից, բազարը տեսնելու համար: Այստեղ իմ ուշադրությունը գրավեց մեյդանը (հրապարակը): Դա մնացել է պարսից տիրապետության ժամանակներից, մի քառակուսի, փոքր-ինչ երկայնաձև ահագին հրապարակ է, շրջապատած դարևոր չինարի ծառերով: Այդ ծառերը իրանց ընդարձակ ստվերի տակ հովանավորում են խանութները, որ գտնվում են հրապարակի շուրջը: Երևում է, ծառերի վերաբերությամբ պարսիկները թե լավ ճաշակ և թե խնամք են ունեցել:

Այդ հրապարակի մոտն է քաղաքի նշանավոր մեջիտը: Նրա գլխավոր դռան աջ և ձախ կողմերում բարձրանում են երկու բարձր մինարեթներ: Բացի դրանցից, դռան երկու կողմում կան երկու սաքուներ, որոնց վրա նստած են մոլլաները: Այդ տեսնելով, ես իսկույն հիշեցի Պարսկաստանը: Այդ մոլլաները զանազան գործեր են կատարում. նրանք աղոթքի թղթեր են վաճառում, տպված երկար, ժապավենաձև թղթի վրա, նրանք կնիքներ են վարում, նրանք անգրագետ մարդկանց համար նամակներ են գրում իրանց բարեկամներին ուղարկելու համար. նրանք միևնույն ժամանակ նոտարիուսներ են, գրում են զանազան տեսակ դաշնրագեր, պարտամուրհակներ և այլն, չնայելով, որ քաղաքում պաշտոնական նոտարիուս կա: Նրանց մոտ վաճառվում են «տեր ողորմյաներ», վաճառվում են Քարբալայի53 սուրբ հողից շինված փոքրիկ մոհրներ, որոնց վրա մահմեդականները նամազ ժամանակ խոնարհվում են, համբուրում են, երևակայելով, թե Քարբալայի սուրբ երկիրն են համբուրում, որտեղ թափվել է իրանց իմամների արյունը: Միևնույն մոլլաները վաճառում են զանազան տեսակ գրքեր, կախարդություններ են անում և իրանց հաճախորդների համար զանազան թիլիսմանական թղթեր են գրում: Դրանց կշտին մի քանի երեխաներ, գետնի մեջ փորած փոսիկների մեջ ածուխ էին ածել, մի կարդոնի կտորով հովհարում էին և թարմ սիմինդր էին խորովում վաճառելու համար: Ահա այդ բոլորը, ինչ որ տեսա, հիշեցրին ինձ Պարսկաստանը... Ես դիմեցի դռան մոլլաներից մեկին, խնդրելով կարելի՞ է արդյոք մեջիտը տեսնել: Նա զարմացած աչքերով չափեց ինձ ոտքից ցգլուխ, նայեց գլխարկիս, նայեց կապույտ ակնոցներիս, և ապա բավական դժգոհությամբ պատասխանեց. — Կարելի է:

Ես մտածեցի գրավաճառ, կախարդ, նոտարիուս, կնիքներ փորող մոլլայի բերանին փոքր-ինչ յուղ քսել, նրան մի քանի աբասի շահ տալ, և հարցրի արդյոք ունի՞ այս և այն գրքերը: Իմ պահանջածը Ղարաբաղի խաների պատմությունն էր, մեկը հեղինակություն Միրզա-Ջամալի, մյուսը հեղինակություն Միրզա Ադիգօղլուի: Այդ աշխատություններից և ոչ մեկը չգտնվեցավ մոլլայի մոտ, նրա խոսքերից երևաց, որ այդ պատմությունները դեռ տպված չեն, այլ ձեռագիրները գտնվում են հեղինակների ժառանգների մոտ:

Դռնից ներս մտանք մեջիտի բակը, որ քառակուսի ձև ուներ: Չորս կողմում պարսկական ճաշակով շինված էին փոքրիկ և մեծ խուցեր, որոնց մեջ մոլլաները նստած, բարձր ձայնով ղորան էին կարդում: Խուցերից մի քանիսը հատկացրած էին երեխայոց դպրոցի (մադրասե) իսկ մի քանիսը չափահասների ուսման համար (թաքիա): Ես հետաքրքրվեցա տեսնել երեխաների դպրոցը: Թեև հուլիս ամիսն էր, տոթը խեղդում էր, բայց նրանց չէին արձակել: Մի սենյակում լցված էին 4050-ի չափ հասակի երեխաներ, 5 տարեկանից մինչև 20 տարեկան: Նրանք խառնափնթոր կերպով ծալապատիկ նստել էին միմյանց մոտ, ամեն մինը իր տնից բերած օթոցի վրա: Նայելով ծնողների կարողությանը, այդ օթոցները ունեին իրանց լավ կամ վատ հատկությունները: Այնտեղ կարելի էր տեսնել մի քրքրված փսիաթ կտորից սկսյալ մինչև թանկագին խալիչա: Բոլոր աշակերտները, գրքերը իրանց առջև հատակի վրա դրած, անդադար օրորվելով, բարձր ձայնով կարդում էին: Երևակայեցեք, թե ինչ աղմուկ և բաբելոն կլինի, երբ 4050 աշակերտ միանգամից ձայն է բարձրացնում: Շատերը կարդում էին, շատերը ոչինչ չէի կարդում, միայն աղաղակում էին, ոմանք ձայն էին հանում, միայն բերանները բաց էին անում և շրթունքները շարժում էին: Այդ ընդհանուր աղմուկի մեջ դժվար էր որոշել, թե ո՜րն էր կարդացողը և ո՜րը չկարդացողը:

Վարժապետ-մոլլան նստած էր մի անկյունում և գիրք էր կազմում: Նա զբաղված էր իր գործով: Աշակերտները դրանից օգուտ քաղելով երբեմն միմյանց բոթում էին, կմշտում էին, կամ միմյանց մազերից քաշում էի: Բողոքներ էին բարձրանում: Մոլլան կանչում էր իր մոտ անհանգստին, իր կշտին դրած ճիպոտը վեր էր առնում, մի քանի զարկ տալիս էր նրա ափերի մեջ, ականջներիցը քաշում էր, հետո թող էր տալիս, որ գնա իր տեղը նստի: Հետո նա կրկին սկսում էր իր կազմարարությունը: Այդ բոլորը կատարվում էր մեր աչքի առջև: Որովհետև սենյակի փենջարեները բացվում էին դեպի բակը, մենք դրսից նայում էինք:

Պարսկական մանկավարժության եղանակները ինձ վաղուց արդեն ծանոթ լինելով, ես չուզեցի երկար նայել այդ տանջանքի և բթամտության հիմնարկության վրա, միայն զարմանում էի, որ մոտ մի ամբողջ դար ռուսաց տիրապետությունը ոչինչ չէր փոխել դրանց վաղեմի քաղաքակրթությունից: Դարձյալ մնացել էին միևնույն հետադեմ, խավար թուրքերը, ինչ որ էին Ջավադ-խանի ժամանակ: Ես խնդրեցի ինձ առաջնորդող մոլլային, որ ցույց տա մեջիտը: Դա մի հսկա շինվածք էր ընդարձակ բակի կենտրոնում, հովանավորած գեղեցիկ չինարիներով: Մեչիտի դուռը բաց էր: Մոլլան ակնարկեց եթե կամենում էի ներս մտնել, պետք էր հանել կոշիկները: Այդ առաջարկությունը բավական դժվար լինելով, ես բավականացա միայն դռնից նայել: Այստեղից ամբողջ ներսը երևում էր: Արևելյան ճարտարապետության այդ հոյակապ գործը, ճշմարիտ որ հիանալի էր: Ամբողջ շինվածքը, առանց սյուների, կանգնած էր միայն ահագին կամարների վրա, որ նրա առաստաղին գմբեթի ձև էին տալիս: Հատակը ծածկված էր գորգերով, պատերի ստորին մասները զարդարած էին զանազան նկարներով: Մի կողմում դրած է բարձր ամբիոնն, որի սանդուղքներով մոլլան բարձրանում է և քարոը է կարդում: Ուրիշ ոչինչ չկար այնտեղ, առհասարակ դեպի ամեն կողմ, ուր և նայում էր մարդ, մի տեսակ պարզություն, հեռու էր քրիստոնեական կամ հեթանոսական տաճարների զարդարանքներից: Երկու հոգի այնտեղ նստած ղեյլան էին ծխում, մի քանիսն էք ճաշում էին: Երևում էր, որ մահմեդականները աստուծո տան շինվածքին այն սրբազնությունը չեն հատկացնում, որպես այլ կրոնքների հետևողները:

Ես դարձա դեպի ինձ առաջնորդող մոլլան, հարցնելով, թե ո՞ր թվականից է շինված այդ մեչիտը: Նա ինձ ոչինչ ասել չկարողացավ, միայն հայտնեց, որ Շահ-Ապաս մեծի շինածն է: Որովհետև այս կողմերում ամեն մի հոյակապ շինված ընծայում են Շահ-Ապասին, թեև նրանից դարերով առաջ շինված լիներ, այդ պատճառով մոլլայի ասածը շատ հավանական չէ կարելի համարել54:

Մեչիտը տեսնելուց հետո, ես կամենում էի տեսնել Ջավաղ-խանի պալատը, որ վերջինն էր Գանձակի տիրապետող խաներից: Որովհետև քաղաքի դրսումն էր գտնվում, հարկավոր էր կառքով գնալ: Քառորդ ժամվա մեջ ես հասա այնտեղ, Պալատի դուռը և դռան կողմի մի քանի շինվածքների ավերակներն էին մնացել միայն: Կառքով ներս մտանք: Երևում էր, որ այստեղ դտնվում էր խանի ամառային ամարաթը: Որովհետև այստեղ մի ընդարձակ այգի է եղել, շրջապատի պարիսպների մոտ շարքով տնկած ահագին չինարիները դեռ մնում էին: Մեջտեղում կար մի քառանկյունի լճակ, նորա շուրջը զարդարող մարմարյա քարերը բոլորը քանդել և տարել էին, ջուրը դեռ մնում էր և անշարժությունից կանաչել, պատած էր մամուռով: Այդ գեղեցիկ լճակը, որի հստակության մեջ ամառային տոթի ժամանակ լեղանում էին, զովանում էին հարեմները, այժմ մի հոտած ճահճի էր նմանում: Լճակի երկու կողմերում երևում էին երկու բարձ քոշքերի ավերակներ. քարերը, աղյուսները տարել էին, մնացել էին երկու հողակույտ միայն: Այդ քոշքերից հարեմները նայում էին լճակի հայելու մեջ55: Դռան հանդեպ, այգու մյուս ճակատում երևում էին հարեմխանայի ավերակները: Այնտեղ, ուր պահվում էին երկրի կնիկներից ամենագեղեցիկները, այժմ մողեսներ, օձեր ու չղջիկներ էին բնակվում: Հին փառքից, հին վայելչությունից ոչինչ չէր մնացել: Ամեն ինչ տրորվել, ոչնչացել էր հավիտենական անեծքի և դատապարտության տակ: Որքա՞ն հայ աղջիկներ զոհել էին այստեղ իրանց ողջախոհությունը, որքա՞ն հայ կնիկներ վատնել էին այստեղ իրանց պատիվը:

Պատմում են, որ Ջավադ-խանին հայտնեցին մի գեղեցիկ աղջկա մասին, որ նոր էին պսակում և հարսանիքի հանդեսը դեռ չէր վերջացել: Նա ուղարկում է իր նոքարներին աղջկա ծնողների մոտ. պահանջում է, որ նորապսակ աղջիկը իր փեսայի առագաստը մտնելուց առաջ ուղարկեն իր մոտ: Ծնողները երկյուղից կատարում են բռնավորի կամքը. նորահարսին տանում են խանի ամարաթը: Խանը տեսնելով գեղեցկուհուն, կամենում է նրա հետ փոքր-ինչ սիրախոսություններ անել: Բայց նորահարսը, գլուխը դեպի ցած խոնարհած, մնում է լուռ կանգնած նրա առջև, և բերանը չէ բաց անում. «Դեպի վեր նայիր, ասում է խանը, տես ո՜վ է քեզ մոտ կանգնած»: Նորահարսը զգացմունքով պատասխանում է. «Դու էլ դեպի վեր նայիր, տես ո՞վ է այնտեղ կանգնած»... Նա ցույց է տալիս բռնակալին արդարադատ երկինքը և նրա աչքերը լցվում են արտասուքով:

Ասում են, որ այդ բողոքը այն աստիճան ազդում է խանի սրտին, որ առանց նրան դիպչելու, հետ է ուղարկում ծնողների տունը և այն օրից երդվում է հայ կնիկներ չբռնաբարել: Առհասարակ Ջավադ-խանը բավական սեր է ունեցել դեպի հայերը, նա հաճախում էր հայոց եկեղեցին և ծննդյան տոնին փող էր ընծայում, որ խաչը իր անունով ջրից հանեն: Մինչև այսօր Գանձակի սուրբ Հովհաննես եկեղեցու սյուներից մեկի վրա դեռ մնում է հին արձանագրությունը «խանի սյուն»: Այդ սյունի մոտ սովորաբար կանգնում էր խանը, երբ հայոց եկեղեցի էր գալիս: Նրա դեպի հայերը ունեցած համակրության գլխավոր պատճառն այն էր, որ հայերից միշտ հավատարմություն էր տեսել և հայոց մելիքները միշտ օգնում էին նրան վտանգի ժամանակ: Մյուս օրվա առավոտը ես կամեցա տեսնել Գանձակի հին բերդը: Այդ բերդը, որ ինն ամիս պահեց իր ամուր պարիսպների տակ ռուսաց զորքերին, այժմ բոլորովին ավերակ է: Նա բաժանված է մի քանի մասների: Մի մասնում, զանազան բաժինների մեջ, շինված էր խանի ամարաթը, կանանոցը, դիվանատունը, բաղանիքները և կեցության այլ հարմարությունները: Մի մասնում շինված էին բազմաթիվ կացարաններ, որոնց մեջ լցնվում էր քաղաքի կամ շրջակա գյուղերի ժողովուրդը պաշարման ժամանակ: Ցույց էին տալիս այն մասը, որ հայերին էր հատկացրած, և այն մասը ուր թուրքերն էին բնակվում: Բերդի շրջապարսպի մի քանի մասները և ամուր աշտարակներից մի քանիսը դեռ ողջ են: Երկաթե ահագին դռները ես տեսա թավալված հողակույտերի մեջ: Պատմում էին, որ այդ բերդը մի քանի տարի առաջ բոլորովին քայքայված չէր: Բայց այն օրից, երբ տեղային կառավարությունը սկսեց աճուրդով մաս-մաս վաճառել շինվածքների նյութը, քաղաքացիք գնելով, սկսեցին քանդել քարերն ու աղյուսները, տարան իրանց համար նոր բնակություններ կառուցանելու:

Հաջորդ էջ