Րաֆֆի՝   Հուշագրություններ

Հայր սուրբ, դու ծանո՞թ ես Եվրոպայի այժմյան հեղինակների հետ, և ունի՞ս տեղեկություն նոցա գործերեն, նոցա մտածություններեն, ստանո՞ւմ եք որևիցե նորատիպ գրվածք, օրագիրք, ամսատետրակներ:

Եթե վանքի բոլոր սենյակներու մեջ ալ դիզված ըլլան նե այդ անպիտան գրվածները, ես իմ Նարեկն ու Սաղմոսը չեմ թող տար և իզուր ժամանակ չեմ կորսունցներ անոնց վրա: Բայց համարյա թե միշտ պատահելուն պես թափառական տղամարդեր, որոնք կուգան կերթան, քեզի պես նույն սազերը կչալեն մեր ականջներուն: Անոնցմե լսած եմք ու սովրած այդ անունները:

Այդպե՞ս. ուրեմն, պատահում են երբեմն ուսումնական անձինք հեռավոր աշխարհներից. հայրենիքը տեսնելու համար դոքա գալիս են, ներկայանում են վանքերի վարդապետներին: Հայտնի բան է, նոցա խոսակցությունը ուսումնական նյութերի վերա կլինի. պատճառ ազգային առաջադիմության վերա խոսելն ու գրելը այժմուս ազգային գիտնավորների մեծ մասի համար դարձել է մի գլխավոր նյութ: Եվ ամեն մի կրթյալ անձն սուրբ պարտականություն է համարում յուր վերա, գրել ու մտածել և հրատարակել յուր կարծիքը համազգիների լուսավորության պատկանելի խնդիրների վերա:

Անօգուտ ջանք. այլապես կարելի չէ սահմանել այդ գործը: Հայոց ազգին մեջ ով որ սկսավ փոքր առ ինչ խնամք տանել նորա հառաջադիմությանը, շուտով արդեն կընդունի ապարեխտ հասարակության ձեռքեն մահադեղի բաժակը: Կարդա հայոց պատմության թերթերը, անտեղ կտեսնես այն հոյակապ անձանց ցավալի վախճանը:

Հայր սուրբ, այդ հայտնի բան է. այն մեծամեծ արդյունակատարությունքը, որք ազգային հաստատության համար էական սյուներ են, պահանջում են հոգաբարձուներից և շատ ու ծանր զրկանք, զոհաբերությունք, չարչարանք, երբեմն այո, և մահ. որպես եղած են այն մեծամեծ նահատակությունքը, պատերազմները, այն պատվական անձերի կորուստը: Ապա դուք ի՞նչ եք համարում քաջազնական առաքինություն ասած բանը: Դուք միայն հայում եք դեպի մեր ազգը: Կարդացեք Հունաց, Հռովմայեցոց և նոր Եվրոպական ազգերի պատմության թերթերը նոցա մեջ, իբրև պարզ հայելու մեջ, կտեսանեք քաջազնական առաքինության փայլուն վաստակները: Իսկ դա անպիտան մարդու և մեռած սրտի գործ է, որ մինը յուր անձնական խաղաղությունը չխառնակելու համար, հասարակաց օգտին անհոգ լինի:

Օրհնած, չեմ հանկընար ինչ կխոսիս. դու դեռ երիտասարդ ես. խելքդ խախուտ է. չես հասկցեր, թե աշխարհս ինչ բան է: Մարդը քանի խելք ունի, թող կենաց վերջին օրերը լա. ի՞նչ գործ ունի նա ընդհանուր ազգին հետ. նորա, ստեղծողը առանց մեզի ալ լավ գիտե հոգալ նորա պետքը: Քանի ծեր չես, ձեռք ու ոտքդ զորեղ են, աշխատիր վերջին օրերուդ համար ապրուստ ճարելու, սոված կմեռնիս: Աշխարհ է. շատ ապրել, ուշ մեռնել կա: Ան ժամանակ, որ ծերացար, աչքի լույսից ընկար, ալ ո՞վ է քու պատիվ գիտցողը, կամ եթե աղքատության մեջ դուն մեռար, ով պիտի հաց տա քու որբիկներուն. քու ազգը պատվել գիտե՞ մի երախտավոր մարդու ազգասիրական, ինչպես կըսես, արդյունակատարությունքը: է՛հ. փողի սիքային ղուրբան ըլլամ. և հոգվո է, և մարմնո: Վանա Գաբրիել առաջնորդը մեռավ, եթե այնչափ արծաթ թողած չըլլար, անպես հանդիսով նորան կթաղեի՞ն մի:

Ահա, այդ դժնդակ եսական միտքն է, որ պատճառ է տալիս ձեզ, երկրավոր հարստությանը գերի դառնալ. երբ մի վանք, կամ մի հոգևոր վիճակ ձեռք եք բերում, իսկույն աշխատում եք զանազան խաբեբա ճանապարհներով արծաթ հավաքել: Այն է, որ հայոց վարդապետը մեռանելուց հետո մի երևելի վաճառականից առավել մեծ արծաթ է թողնում (երանի թե շատերի արծաթը յուրյանց մահից առաջ հողի մեջ թաղված չմնար): Երանելի, դու աշխատիր, ազգի համար օգտավետ գործեր հառաջացնել. տեսանենք, հայը քո պատիվը կմոռանա՞: Նա ո՜չ թե քո ծերությունը կպահպանե, այլև մեռանելուցդ հետո, փոշի դարձած նշխարքդ պաշտելով անմահ կպահե քո հիշատակը: (՞՞) Նա գերեզմանիդ վերա սուրբ տաճար կանգնելով, զոհեր կմատուցանե սեղանիդ վերա(՞՞):

Ծո՜, քանի կենդանի եմ, հե՜շտ ապրիմ. մեռնելուց հետո մարմինս թող ինչ կամի լինի. դորա համար ի՜նչ հոգամ

Թուրքն անօրեն է, խոսքն՝ օրինավոր. «Ֆիրսանդի ֆութ էյլամա» (մի հաջող միջոց ձեռքեդ անց մի թող). ինչպես կտեսնեմ կոր, այդ նորահաս իմաստակները, ժամանակ կլինի, տասն պատարագ ընես, մեկ փարա չեն տար: Սուրբ Մեսրոպը միտք բերեք. սոված ման կուգար: Դա ան ազգն է, Լուսավորիչ Սեպուհ չգնար նե, Տրդատի հետ ի միասին կխմեին մահադեղը: Մեջքներուս իլիկը կոտրեցավ, ադ ազգի համար ծունր դնելով, աղոթք ընելով, դեռ շնորհակալ չեն. կուզեն վանքերն ալ մեր ձեռքեն հանել: Խեղճ ճգնավորը վանքն չեն. սարերու մաղարեքն ալ անոնց արժան չեն համարեր, փա՛ռք քեզի, տե՜ր, փառք քեզի՜. վերջներս ո՞րտեղ հասավ:

Օրենքը արծաթով տալ սիմոնականություն է. որպես ձրի ստացաք, նույնպես ձրի պիտի բաշխեք. շատ ժամանակ է տեսանում եմ, նաև մեր երկրում հարսի ու փեսայի մեջ չհասություն է դուրս բերվում: Բայց զարմանալի է, երբ մանեթի կանոնները քննում են, իսկույն չհասությունը վերանում է. մանեթն առավել օրինավոր գործ է կատարում, քան կանոնագիրքը: Մի երեխա է ծնվում, մի մարդ է մեռնում, պիտի այնքան ժամանակ անկնունք և անթաղ մնան, մինչև հատուցանեն աթոռահարկը, քահանայի Ժամուցը, երեցփոխանի տուրքը, և այլն: Կամ թե Հայաստանու եկեղեցու ավանդությանը հետևելով, երբ մի նորահաս տիրացու կամք ունի ընդունելու քահանայական լուծը, ձեռնադրող եպիսկոպոսը քննորեն հարցուփորձ պիտի առներ. առաջին, նորա գիտության վերա. երկրորդ, նորա անարատության վերա. երրորդ, թե ունի՞ վկայություն ժողովրդի բերանից յոլր առաքինի բարք ու վարքի և կրոնի սրբության մասին: Սորա հակառակ, եպիսկոպոսի առաջին հարցուխնդիրը լինում է, որքան արծաթ պիտի տար: «Այսքան, հայր սուրբ». «փոքր է, ո՜րդի, հավելցրեք»: Այս է ահա պատճառը, որ ազգի մեջ գտնվում են այնպիսի քահանայք, որք կարգավոր գոլով, հայր մեր ասել չեն իմանում: Իհարկե, մի բան, որ արծաթով ստացվի, նորանում ևս դժվարությո՞ւն կա: Ըստ մեծի մասին, այն մարդիկը, որք աշխարհական կյանքի մեջ չեն կարողանում ապրուստ ճարել, թե փոքր-ինչ սևը սպիտակից կջոկեն, քահանայությունը մի առանձին ապրուստի դուռն համարելով, մտանում են այդ ծանր լծի տակ:

Հայր սուրբը կրկին բարկացավ:

Անիծվի այդպիսի ժողովուրդը, միթե դա թուրքեն ալ վատթար է, որ յուր մոլլաներուն, սեիդներուն տալիս է խումսը (հինգերորդ մասը գույքի) և զաքիաթը (տասանորդը գույքի որպես կրոնական տուրք): Դա եահուդեն ալ վատ է, որ յուր ռաբբիներուն, խախամներուն տալիս է ֆիթրան. ապա մեք ձեզի հետ ինչպե՞ս վարվիմք, որ մեզնից շնորհակալ ըլլաք: Կըսեք, մեկ ղուրուշ չտամք. հոգիներդ թող դուս գա. և աղոթք ըրեք, և եկեղեցական կարգերը կատարեցեք, և ազգի որդիքը կրթեցեք. ո՛հ, այդ ինչ բան է, որ մեր գլխին կբերեք. մեզ բամբասանքի տակ եք ձգեր: Աստված ձեր դատաստանն ընե. աչ ի՞նչ ըսեմ. խղճմտանք չունիք, հույսներիդ կտրվեր է, ոչինչ բանի չեք հավատար, ո՜չ ժամը գիտեք, ո՜չ պատարագր. ո՜չ գիրքը: Լոկ բռներ եք վարժատան ու տպարանի պոչը ու կերթաք: Ո՛հ, բերանս բաց կընես, կուզես ինչ որ սրտիս մեջ կա, ըսեմ: Անցյալ տարիները, Թիֆլիզու, Երևանու, Ղարաբաղու կողմերը ժողովարարության գնացեր էի, անտեղ տեսա մի քանի Ռուսաստանում կրթված հայեր: Ա՛հ. սատանան առնու անպիսի հայը. ո՜չ լեզու գիտեն, ո՜չ պահքը, ո՜չ օրենքը. միայն կորած ու սրած պալենները (շլյապայի նման, Հայաստանի խեցեղեն անոթ) գլուխներին թեք դրած, ուռած-ուռած ման կուգան. ո՜չ իրենց հոր պատիվը գիտեն, ո՜չ կարգավորին: Կարեմ ասել, կամչնան ասելու, թե մեք հայ եմք, մի խոսքով, անոնցմե քաղաքավարություն չտեսա: Աստված հաստատ պահե մեր ժողովուրդը: Ինչ վատ բաներ կան, ձեզմե կգոյանան: Մեր ժողովուրդը սրբի պես կպաշտե մեզ. քիչ կմնա, մեր ոտքերնիս լվանա, ջուրը խմե: Տուներնին, որ կերթաս, փարվանայի պես գլուխներուս վերա պտուտ կուգան. կըսես, թե անոնց համար լույս եմք դարձած: Սեր է, կարագ է, մածուն է, մեղր է, սեղան կբերեն. քիչ կմնա, որ իրենց հոգիներնին հանեն, մեզի տան: Աստված իրենց կարողություն տա. ալ մի խեիրի բարաքաթ ըսես, անոնց մեջ կգտնվի. ձեզի մեջ ի՞նչ կա. սատկած էշ կփնտրեք, որ նալերնին հանեք:

Հայտնի բան է, օտար ազգերի վարժատներում կրթված ու դաստիարակվածը տեսածիդ նման կլինի: Մեր աշխատությունը ևս այն է, որ ազգը սեփական վարժատունք ունենա, ազգի որդիքը կրթվին, դաստիարակվին հայկական հոգով, լինին կատարյալ հայ: Մանուկների սիրտը կակուղ մոմի նման, ինչ կնիք զարկես նորա վերա, այն ևս կընդունե և կպատկերացնե յուր մեջ: Ոչինչ այնքան բնական չէ, ինչպես այդ: Ամենայն հայ, իբրև անդամ հայկական հասարակության, յուր կարողության չափ պարտական է խնամք տանել ազգային մարմնի շինությանը: Կարգավորք քահանայք, որպես կրոնի տնտեսք և սպասավորք, ևս առավել պարտական են հորդորել, քաջալերել, քարոզել խոսքով ու օրինակով: Հայրենիքը, ազգը պատկանում է հոգևորին և աշխարհականին միանգամայն: Գիտես, յուրաքանչյուր տարի քանի-քանի անձինք մեր ազգից հոգով օտարանում են, հեռանում են և պիտի հեռանան: Ըստ որում հայոց մանուկների համար մասնավոր դպրոցներ հազվագյուտ են: Կրոնի ուսումը մանկական հասակից նոցա սրտի մեջ չէ արմատացած: Երբ որ այլազգի դպրոցներում դաստիարակվում են, իհարկե, իհարկե, ասում եմ, պիտի այլազգի հոգի և սիրտ ստանան, ավելի սիրեն օտարինը, քան թե յուրյանցը, որ ողորմելիքը երբեք տեսած չեն և չեն տեսանում մի պայծառ կերպարանքի տակ: Չափահասների համար քարոզությունը մեր եկեղեցիքներում սովորություն չէ, որ գոնե հայոց քրիստոնյան հասակավոր տարիներում յուր կրոնից մի բան լսե: Եկեղեցական ընթերցվածներից, որ բոլորը գրոց լեզվով են, ռամիկ ժողովուրդը մի բան չէ հասկանում, և այդ ռամիկը համեմատելով գրագետներին այնպես է որպես 2.1000. ուրեմն նոցա համար են ավետարանը կարդացած, և թե Մուհամմեդի Ղուրանը: Երկուսից ևս մի բան չէ հասկանում ժողովուրդը: Բայց սորա ներհակ, երբ ճիզվիտը յուր աղոթագիրքը կամ ամերիկացի քարոզիչը յուր աստվածաշունչը վեր առած, մտնում են մի գյուղացի աղքատի խրճիթ, նորա կողմը ժողոված մանուկ ու չափահաս մարդիկ, կին և աղջիկ, և սկսում են յուրյանց պարզ, հետին ռամկին հասկանալի լեզով աղոթել նոցա հետ միասին. կամ պատմել նոցա տիրոջ պատվիրանները, Հիսուսի խոսքերը. — այն ժամանակ յոթանասուն տարիքով ծերունին ևս զարմացած, երկյուղած զգացմունքով լցված, ուշադրությամբ լսում է, հիանում է, և հոգոց հանելով ասում է. «Մեղա քեզ տեր, մեղա, ո՜հ. հենց իզուր տեղը մորուքներս սպիտակացավ, անխելք ծնվանք, անխելք մեծացանք, և անխելք պիտի մեռանինք: Ա՛հ, մեր հոգու ճարն ինչպե՞ս պիտի լինի: Այս ի՞նչ է ասում աղոթագիրքը, ի՞նչ է ասում ավետարանը: Ինչո՞ւ մեր քահանայքը այդպիսի խոսքեր մեզ չեն պատմած: Վա՛յ, մեք կկորչինք: Վարդապետներն ևս մեզ իմաց չեն արել: Կարելի է մեր գրքերի ու ավետարանի մեջ դոքա գրված չեն: Նոր բաներ ենք լսում, վա՛յ մեզ ու վա՛յ մեր հոգուն»:

Եկ դու, հա՜յր սուրբ, որքան խելք ունիս, բանեցրու, որքան զորեղ փաստեր ունիս, գործ դիր. միայն հասկացրու այն ալևորին, թե բոլոր ազգերի ավետարանը մին է, զանազանությունք չկան, բայց նորա գլխում բան մտցնել կարելի չէ, նա մի լոկ խոսքով քեզ կկապե. «Ապա եթե ավետարանը մին է, ուրեմն այդ խոսքերը մեր ավետարանում ևս պիտի գրված լինին. ապա ինչո՞ւ համար մինչև այժմ մեր սուրբ հայրերից լսած չեմք»: — Թեպետ Ավետարանը ամեն շաբաթ կիրակե մեր եկեղեցում կարդացվում է, և մեր ժամասեր ալևորր ամեն օր լսում է նորա ձայնը, բայց ինչ օգուտ, որ աղվեսի սառուց ուտելու նման, ատամները կրճտում են, փորը մի սննդական բան չէ գնում: Ահա այդ է պատճառը, որ ձեր ժողովրդի հավատը մեռած է:

Ի՞նչ կխոսիս, ի՞նչ. մեր ժողովրդի հավատը մեռած, այն սուրբ հավատը, այն, Քրիստոսի արյամբ, Լուսավորչի նահատակությամբ գնված հավատը մեռա՞ծ. անտանելի՛ հերետիկոսություն. խլվեցեք ականջներ, ասիկա չլսեմ:

Մի բարկանար, հայր սուրբ. մարդուս բարկությունը, ինչպես գրած կա, չէ գործում աստուծո արդարություն: Թող առժամանակ լռեն մեր նախնիքի մեծամարմին մատյանքը. մեք սկսենք խոսել նորանից, որպես տեսանում ենք հավատը ավետարանի մեջ, և ձեր ժողովրդի սրտի մեջ:

Հայոց կրոնը, որ յուր սուրբ հիմնադրեն մինչև ցայժմ հաստատ կմնա հայկյան որդիներու մեջ, հազարավոր թշնամիներու դեմ, յուր անհաղթելի ճակատը անդրդվելի պահելով, — մի այդպիսի կրոն կարելի՞ է մեռած համարել:

Հայր սուրբ, իմ խոսքս հայոց ընդհանուր կրոնի վերա չէր. ես նորա հետ գործ չունիմ. իմ խոսքս ձեր մասնավոր ժողովրդի կրոնի այժմյան վիճակի վերա է: Պատճառ, երբ որ քրիստոնեությունը քննում ես յուր բուն աղբյուրի, ավետարանի մեջ և դարձյալ նայում ես տեսանելու նորան ձեր ժողովրդի սրտի մեջ, քավ լիցի, թե ճանաչում եմ նորան: Այստեղ երևում է էականի լոկ ստվեր, մի կենդանական մեռյալ պատկեր: Այստեղ Քրիստոսը, ավետարանը ինձ երևում են հեթանոսական մեհյանների մեջ: Որովհետև այն գլխավոր շարժարանները, որք պտուտում են քրիստոնեության ճախարակը, հավատն ու գործն եմ ասում, — դոցա առաջինի շպարել է երեսը զանազան երանգներով և առել է յուր վերա սնապաշտության կնիքը, որ, կարծեմ, նույնիսկ Մեսիան չկարողանա ճանաչել. իսկ երկրորդը ամենևին չկա. եթե լիներ, պետք է դուրս փայլեր կյանքի հանդեսների մեջ ընկերասիրությամբ, ազգասիրությամբ, հայրենիքի շինությամբ:

Քրիստոնեական կրոնը պահանջում է երեք գլխավոր բան. հավատ, հույս և սեր: Ձեր ժողովուրդն ունի չափազանց հավատ, բայց ինչպիսինյութական: Ըստ որում պաշտում է նա եկեղեցական կարգերը մի առանձին ջերմեռանդությամբ, նայելով միայն նոցա արտաքին երևույթի վերա, բնավ չհասկանալով նոցա խորհուրդը: Գիտե. ծնելուց հետո նա մկրտված է, որ մաքրել է սկզբնական մեղքից. նորանից հետո, եթե նոր մեղք արած լինի, հաղորդությունը քավում է, ամուսնական կարգը նույնպես մեղքից ազատ է. մեռանելու ժամանակ թե մեղքեր լինին, այն ևս վերջին խոստովանությամբ և հաղորդությամբ սրբվում են. եթե մի փոքր մեղք դեռևս մնացած լինի, այն ևս երկնքումը քավում են նոքա այս աշխարհի պատարագովը և քահանաներին հոգեբաժին, աղքատներին հաց տալովվերջացավ, գնաց. արքայության դուռները քո առջև բաց են: Ծառա եմ մի այդպիսի շնորհի. ի՞նչ կամիս, արա: Հոգին դուրս գա թող, քահանան քո մեղքին ցավը լա. աջահամբույրը, ժամուցը, հիշոցը և այն բոլոր կատարած կարգերի հատուցումը, որ արել է, մի՞թե ձրի են: Սարսափելի անձնախաբերություն: Ահա ձեր ժողովուրդը հավատքիայդ զգալի նյութական իրողությունների վերաամրացնելով յուր հույսը, կրոնի երկրորդ մասը, մտածում է, թե դոցանով է յուր փրկությունը: Բայց կրոնի երրորդ մասը, սերը, որից հառաջանում է բարի գործ, և ամենայն ինչ, որ բարի է, որից բխում է մարդկային կյանքի երանությունը այս և հանդերձյալ աշխարհում, այդ սերը, որ հոգի է տալիս, կենդանացնում է հավատքի նյութական խորհուրդները, այդ պատվական մասը մեռած է, որ ավետարանական ուսման անկյունաքարն է, որ պարունակում է յուր մեջ օրենք ու մարգարեք, որ և մարդկային ազգի սրտի մեջ արմատացնելու համար աշխարհ եկավ Հիսուս Քրիստոս:

Ասենք թե քո ասածները ճշմարիտ են. ի՜նչ է դորա պատճառը, — ասաց վարդապետը:

Միտքդ բեր, որ մեր խոսակցության սկզբումը ասացի, տգիտությունը զրկում է մարդս աշխարհի և երկնքի փառքերից: Որովհետև ժողովուրդը միշտ երևելի իրողությունների վերա հաստատելով յուր հույսը, նորա մտքի աչքերը կույր են, աներևութի համար անփույթ է լինում: Այստեղ ևս պարտականությունը ձեզ է հասանում: Զորօրինակ, հմուտ բժիշկը հիվանդի ցավին հարմարվելով, դարման է մատուցանում. և թեպետ տված ճարը լիներ շատ զզվելի, բայց իբրև վերածնիչ առողջության, պիտի անշուշտ գործ դրվի: Արդյոք ինչի՞ց ընկավ ժողովուրդը այս սնապաշտության մեջ. — տգիտութենից: Ուրեմն նորա հոգաբարձուն աշխատելու է, որ տարածվի գիտությունը: Այդ է ահա պատճառը, որ լուսավոր անձինք գոռում են ամեն տեղից. լուսավորությո՛ւն, լուսավորությո՛ւն, վարժատո՛ւն, վարժատո՛ւն, քարոզություն աստուծո բանի և այլն և այլն: Մի շատ վնասակար նախապաշարումն է մտքի, ամենևին անպայմանաբար պաշտող լինել մի ազգային սովորության, որպես թե դա աստվածադիր սուրբ պատգամ էր: Բայց աստվածադիր պատգամները նույն ինքն աստված երբեմն փոխում է. երևի, նա ևս մարդկային որպիսությունը, ժամանակի պայմանների մեջ, ուշադիր է: Աշխարհի ստեղծագործութենից մինչև ցայժմ երեք տեսակ օրենքներ մի աստուծուց դրված տեսանում ենք. բնական, մովսիսական և քրիստոնեական. մինը մյուսից տարբեր: Այսուհետև հայը, յուր բազմադարյան հնությամբ չպարծենա, թե Լուսավորչի ժամանակից մինչև ցայժմ անփոփոխ է պահել յուր կրոնը, կամ թե ծաղր առնե մյուս ազգերին, իբր թե նոցա մեջ շատ փոփոխություններ եղած են: Արդյոք կհասկանա, թե դորանով քանի՞ ահագին ասպարեզներ ետ է մնացել լուսավորյալ ազգերից:

Կամեի առավել պարզաբանել ասածս, բայց չեմ կամենում լսել այն, հիվանդոտ ազգասիրությամբ կուրացած քննաբանների բամբասանքը, որք ստվերը գրկախառնում են փոխանակ սիրուհուն, որք Հայաստանը միմիայն աշխարհացուցի վերա տեսանելով հեռավոր սահմանների վերա, ամենևին չունի տեղեկություն նորա այժմյան վիճակի մասին.-Երբ դոքա կարդում են նոր բան, փոք-ինչ դիպչողական յուրյանց հայրենակիցների սրտին, իսկույն սկսում են հրեից նման աղմուկ բարձրացնել. «Դու եկել ես մեր օրենքը քանդելու». և այլն: Եվ սկսում են զանազան կողմերից գրիչ շարժել. «Դու մոլորված ես. դու հերետիկոս ես. դու տխմար ես», և մարդկային լեզվի մեջ եղած բոլոր նախատական բառերը թափել և սպառել մարդու գլխին: Ո՜հ. ինչ պետք է առնել այստեղ. կարծես թե մի նախասահմանյալ օրենք է, որ ճշմարտությունը դուրս երևելով, իսկույն քողարկվի և աղավաղվի բազմաթիվ թշնամիների ձեռքով, և ամենայն ճշմարտախոս ատելի ու զզվելի դառնա: Այդպես վեր կացավ մարգարեների, առաքյալների և շատ ճշմարտաքարոզ մարդերի ընդդեմ մի ամբոխ նախապաշարված մտքով: Այլևս ինչ պետք է արած, հրաշագործություն չգիտենք, որ մեզ հավատան. խոսքով կամ թե գրով երբ որ մի նոր բան հայտնվում է, իսկույն դրոշմում են մարդու ճակատին մոլորյալ անունը: Զարմանալի՛ բան. միևնույն է, եթե մի հիվանդ ամաչելով չհայտներ բժշկին յուր ցավը, որ գտանվում է մարմնի պատկառնլի մասնումը: Ի՛նչ է վախճանը. մա՛հ: Թո՜ղ հայը առժամանակ ես կաքավ թռչունի նման գլուխը ձյունի մեջ թաղե, իբր թե որսորդը չէ տեսնում նորան: Տխմար, դու հազար որ պակասությունները ծածկես, արդյոք դոքա եվրոպացու սրատես աչքից անհայտ կմնա՞ն: Թո՜ղ ձեր ասածը լինի, բայց ժամանակը ամենայն բան կհայտնե. մեք գործ չունիմք:

Մեր խոսակցության միջոցին երեք հայեր ոչինչ չէին խոսում. երևում էր, սկզբումը իմ լեզուս չէին հասկանում, բայց հետո խոսակցության ընթացքը մի անախորժ տպավորություն գործեց նոցա սրտի վերա. ուստի մինը սկսավ յուր խանգարված լեզվով այսպես խոսել:

Դու էսկնա կզրուցես, հավալա ձմեռվան բքու (սաստիկ ցրտի) մեր գոմերաց դռան առջև ցրտուց փետանայիր, թոբա (քավ լիցի թե) քեզ ներս տանեինք: Դու ի՞մալ մարդ ես, գորա՞ն (թուրք) ես, քո՞ւրդ ես, մեք չենք գիտի: Շադախու սուրբ Գևորգ (երդվում է), ակյար անխավատ էլ էսա խորաթաներ (զրույցներ) կանե: Աղեկ է, բերան չի քեթըրվե դեխ հետև: Մեր երկրուց մեկ մարդ ասանկ զրուցեր, սուրբ Էջմիածին կտապլոտեր (կգժվեր), էն վախտին է, օղորդ է, անզգամին ո՜չ աստված. ասանկ է: Աստված միտքից հաներ է քեզ, նա վալլա սատանան ձախ թևիդ վերա կու գրե:

Վարժատուն բանի տեղ կուգա մի, — ասաց մյուսը, — մեք կարդալ չեմք գիտի: Աստված չե՞նք ճանչնա: Համա բաբո, ինչ կանդար կարդացվոր տեսեր եմ, փա այ (բոլորն ևս) ծուռ են: Էլ մը աստված մեր վանքեր, մեր վարդապետներ խաստատ պահե. խլա (պատճառ), մեր խոգու ջրագ էնոնք են. մեր օրենքներ էնոնք կուկատարեն: Խազար որ կարդացվոր էլնես, կարա՞ս մեկ տղա մկրտել: Լաքին վարդըպետներ, ծառա եմ իրենց սուրբ աջին, մեզ համար ժամ կասեն, մեր մեռելներաց գերեզման կօխնեն:

Բիլա (առանց) էնոնց մեք կարա՞նք արքայություն երթալ: Պալի (այո) մեր խոգին էլ, մարմինն էլ էնոնց ձեռքն ի:

Համա մղտեսի խոխե, — կրկնեց առաջինը, — էսօր իմ ակընջներ խլվեր, ես էս մարդու խոսքեր չը լսի. էսա մարդ ինչ կը խոսի. վանքերաց շնոխք վրա մեզ չելնի, մենք ինչպե՞ս կապրինք. մեր խոգու չարեն ինչ կեղնի. էսա մարդ ֆոթկու սուրբ Գևորգ չի գիտի: Որ ծառա եմ իրեն սուրբ շնոխքին, հըմեն տարի ընոր տոնին մեկ վերու (վայրենի) ոչխար մատաղ կուքեր իրեն ոտքով: Հապա ո՜րտեղ մնաց վանքի սուրբ աքլորի եղելություն, որ զուր չի խոսի, ըխտավոր դուրս չելնե. հադյար (եթե) դուրս ելնե, բքեն կու խեղդե. յա չէ, մեր աթոռի (Աղթմարա) խրաշխք չի գիտի, որ սուրբ մեռոնը առանց կրակի կեփվի:

Հա՜, քյավոր Պիտո, — կրկնեց խոխեն, — մեր վանքերաց ո՜ր մեկ խրաշխք ասես, էսա մարդ խավատա: Շադխու սուրբ Գևորգ, որ խայ չեղներ, համա մեկ շաշխանամ (մեջը ութանկյունի հրացան) պիտի տե վեր ի նոր կողին. համա խայ ի, ղարիպ ի: Ապա մեր Նարեկացու խրաշխքագործությանը ի՞նչ պիտո ասե, որ փլած պատի ակի խատած ճետեր թխսմերով մաղի մեջ դրան, գերեզմանի վրեն տարան, սաղցան. բա, որտեղ կու մնա Լիմ անապատա Գեորգ ճգնավորի գործ, փիլոն կու թալեր վեր ծովուն, վրեն նստած կերթեր սարեր ճգնելու, որ էսա էնոր խրաշխքներաց մեկն ի: Համա ութը տարի չկա, մեր կույս Մարգրտի եղելություն, որ եկեղեցվոց մեջ աղոթքի ժամանակ լույս կաթեց վրեն3: Շատ ըխտավորներ զատ (հեռու) տեղերաց կուքին էնոր տես: Վանու անխավատ քաղքցիք մեր կույս Մարգրիտ տարան, կորուսին: Ի՞նչ մարդ կարա չխավտալ, դու սուրբ տեր սկանորդու և տիրամոր ընկնաներու խոսքերաց, սրբերաց միտքը կը պատմեն ըխտավորներաց4:

Ռամիկ պարոնների խոսքերը մեր վանահոր սրտին քաջալերություն տվեցին, ուստի նոր զորություն ստացած սկսավ խոսել այսպես.

Իմ որդիք, աստված ձեր հավատն օրհնե: Այսուամենայնիվ, մի հույս, մի հավատ, ձեր մեղը կա, սիրելիք, ադոնք ամենայն հավատքե ավարա (զուրկ) են. որպես կարելի է չհավատալ. օր մի խոտախին մեկը հաց կտանե գութանի մշակներաց. ճանապարհին սոված լինելով, հացերը կուտե. մեզրի (թաշկինակի) մեջ քակորներ կլեցնե, սուրբ Նարեկացին պատահելով կխաչակնքե, քակորներ հաց կդառնան: Կամ մի օր երեք կարգավոր լսելով Նարեկացու անունը, կուգան, որ տեսնեն նորա հրաշքները: Սուրբ Նարեկացին ինքն կուգա անոնց մոտ: Ուրբաթ էր, օրը պահոց, կհրամայե, երեք աղավնի ի սեղան բերան, աստեղ ան վարդապետները ժպտացին, սուրբ Նարեկացին կհրամայե ուտելու, անոնք կհրաժարվեին, ան ժամանակը հրամայեց անոնց կենդանացնելու աղավնիքը: Անոնք չկրցան, բայց սուրբ Նարեկացին խաչակնքելով, աղավնիքը թռան ու գնացին:

Այն կողմից գլուխը շարժելով, ռես Ակոն կրկնեց. ա՜խ, ա՜խ, ա՜խ. թե որ մեր վանքերաց քեթր աչքենք, հավալա մեր աչքի լույս կխավրի. էն դադար հրաշք, որ անոնց մեջ կտեսնանք. Փութկի սուրբ Գեորգա տավար, ոչխար, առանց մուշտակի, առանց չոպանի սարերաց մեջ կպտտեն. ո՜չ գող կտանե, ո՜չ գիլեր կուտեն. աստված մեր վանքեր հաստատ պահե. աստված վարդապետներ մեր գլխեն պակաս չանե. մենք կարդալ չենք ուզեր. համա մենք աստուծո համար սոպպան կգործենք5: Դևը որ Հոգվոց վանքին կհնազանդի, մենք ի ՞նչ ենք, որ թըպահ չեղնենք6: Աստված մարդո կտոր մը հաց տա այս աշխարհիս մեջ, և իր արքայությունեն չզրկե. ծո, մեր տղայք կարդալ ի՞նչ կընեն, զաթի մեր աղբյուրի շնորհքեն մեր երկրի մարդիկ քիչ մը խելքից քեթր են7:

Կարդալ որ իմանան, անկից հետքը ջլիս կխենթանան: Բաբո՜, մենք մեր ճժերից բեզար չենք: Մեր տիրացու Պ. կարդացվոր է, հա, աստված անոր տունը ավերե. ոչ խոգու է, ոչ մարմնու. ամա դժոխքը էնղադար դև ու ստանա չիկա, որղադար էսա մարդ յուր գլխին ժողված, գիշեր ու ցորեկ չարաց հետ խաբար կուտա (կխոսի): Իշտա աս ալ քո կարդացվորի գործը: Մստոյենց տիրացու Ն. խո յուր խոր ու մոր մալ դովլաթը կրակի մեջ էրիցեց. ի՞նչ է. ես ոսկի պիտ որ շինեմ. մըկա կտոր մի ճաթի կարոտ է:

Տիրացու Հակոբ, — երեսը դեպի ինձ դարձուցանելով, ասաց Պիտոն, — բաբո՜, դու դեռ տղա ես, կարգավորի ղադր (արժանավորություն) գիտելը աղեկ բան մըն է. ինչու որ կարգավորի մեկ բերան ջուր ի, մեկալը սուր ի: Անի քաղաքը մեկ կարգավորի անեծքով խարաբա եղավ. հապա դուք ի մալ չեք վախնար կարգավորի դեմ գեշ զուրցելուց: Կարդա՞լ կըսեք մի. փուճ բան մըն է. ոչ արքայություն կտանե, ոչ դժոխք: Թե կուզես խոքուդ ճար ըլնի, ծում պահիր, հինգ Նավակատյաց միս մի ուտեր, ղադիմ մասն առ: Տարին քանի մը խետ մատաղ արա, մեռելներաց գերեզմանը օխնել տուր, վանքերաց ուխտը մի բաթըլի (ուխտազանց մի լիներ): Տերտերներաց ժամուցը ու քո մեռելներաց խոքու բաժինը մի կտրեր: Էսա, էսկնա բաներ գործե, որ արքայություն գնաս, թե շատ աղեկ կուզես, Երուսաղեմ մըն ալ գնա, լույս տեսնաս, մուղդուսի էլնես, թե չէ, կարդացիր Վեցհազարյակը, Սողոմոնի թղթերը, Եփրեմվերդին, Պղնձե քաղաքը ջրի նման իմացիր, դոքա քո խոգուն ճար կանեն:

Ծո որդիք. դուք անպես կկարծեք, որ տիրացու Պ. միայն չարաց հետ կխոսի, հավատացեք, ադոնց երկրում, ամենքն ալ գլխավոր կախարդներ են8: Անցյալ տարի Վենետկու մի վարդապետ եկավ այստեղ (երևի Հ. Ներսեսը) ան խելառի մեկը: Հին աղավաղյալ մագաղաթի վերա գրված գրչագիրներ, որ մենք ոչինչ բանի տեղ չենք դներ, նա սրբոց մասունքի նման կհավաքեր: Նա կպատմեր, թե Եվրոպա աշխարհում շատ ամիսներու ճանապարհ հեռավոր տեղերու հետ մի քանի րոպեում կխոսին. կամ թե սայլերը առանց տավարի ինքն իրեն կերթան. ուրիշ շատ զարմանալի բաներ կզուրցեր, որք կատարյալ կախարդություն են:

Մի խորին լռություն տիրեց սրտիս. Տեր-Աբրահամյանցի նամակը միտքս ընկավ9: Վարդապետները գնացին «Եկեսցե» ասելու: Կրկին միայնակություն: Ծովի ալիքների ձայնը սկսավ լսելի լինեի. մի վսեմ զգացողություն թագավորեց սրտիս վերա: Ահա քեզ այգ զգացողության բանաստեղծաբար արտահայաությունքը.

Ամեն տեղ տիրած խորին լռություն.
Կարծես թե մեռած լինի բնություն:
Նստած սգավոր, պանդուխտ միայնակ,
Ո՛հ, քե՜զ եմ տեսնում, ով փայլուն լուսնյակ:

Աշխարհի սկըզբից դու մինչ ի վախճան,
Երկնակամարով առնում ես շրջան.
Ո՛հ, դու տեսե լ ես հայ ազգ բարեփառ,
Արդյոք տեսնո՞ւմ ես նորա ցավ անճար:

Արդյոք դո՞ւ ևս խղճալուս նման,
Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան,
Թափում ես աչքից աղի կաթիլներ,
Եվ սրտիդ միջում ցցվում են նետեր:

Քա՜ր է քո սիրտը, և խիղճրդ մեռած.
Քանի՞ արյուններ, քանի՞ կոտորած
Տեսար, լռեցիր և դարձյալ պայծառ,
Հայ երկրի վերա կապում ես կամար:

Ձա՜յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցե՜ք, զեփյուռք. ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա՜.
Մի՞թե միշտ այսպես կըմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կըլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն և հայի որդին:

Արդյո՜ք գալու է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:

Դժվա՜ր այդ՝ միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրու հայության հոգին,
Ծագի՜ր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակք նոքա բանական,
Կճանաչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան:

Հանկա՜րծ ծովակի երեսին մի լույս.
Ջրից դուրս եկավ նազելի մի կույս.
Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր,
Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր:
Արդյոք Հուրի՞ էր, հրեշտակ աննշան, —
Ոչ, հայ մուզաների տիպ համանման:
Հայոց ճակատագիրը կարդա, ով մուզա,
Ներկա և գալոց գուշակիր, ասա՜:
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ).

Ավետիք տամ քե՜զ, նժդեհ պատանի.
Սրբի ՜ր աչքերից արտասուքդ աղի:
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ. —
Երբ տիրոջ կամքը, ազատ ու արդար
կըթագավորեկրկին ոսկեդար:

Հայոց մուզայքը կը զարթնուն կրկին.
Հայոց Պարնասը կը ծաղկի վերստին,
Եվ Ապողոնյան կառքը լուսարար
Կըբոլորե հայոց թուխ երկնակամար:

Մենք ևս քո պես, — երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, — սգավոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի:
Սրբեցե ՜ք քնարի լարերը ժանգոտ.
Ելե ՜ք Հայաստան երգով եռանդոտ.
Զարթեցրեք հայոց աշխույժքը մեռած,
Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
Օրը կըբացվի, — ահա ՜ Արուսյակ՝
Ձեզ հայտնի նշան, ասում է աստված:
Կրկին մթնացավ: Չքացավ պատկերը:
Երկար ժամանակ դյութական ձայնը
Լըսվում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավետ:

Ախորժելի՛ լուր, ավետիք քաղցրիկ.
Որպիսի՛ հըրճվանք. Մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնուլ վերստին...:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Տպելով մեր Պարսկաստանի ճանապարհորդությունը, հարկավոր ենք համարում հայտնել, որ նրա միայն 24 նամակները հրատսրակվեցան «Մշակի» 1872 և 1873 թվականի համարներում, այն ևս այնքան համառոտ կերպով, որ կարելի է բոլորն մի կարճ քաղվածք համարել իսկականից: Իսկ այժմ նպատակ ունենք ի լույս ընծայել մեր ամբողջ հանապարհորդությունը, որ կազմված է 50 նամակներից:

ՐԱՖՖԻ

1876

ՆԱՄԱԿ Ա

Սիրելի ընկեր, Ս. Ք.

Դու ստացել ես իմ նամակները Զվիցերիայից և Իտալիայից, ես երկար նկարագրել եմ քեզ այդ կախարդական աշխարհների հիանալի բնությունը: Դեռ իմ նամակների մեջ կարդացել ես կլասիկական Հունաստանի և ծերունի Եգիպտոսի հրաշալի հնությունների մասին: Ես նկարագրել եմ քեզ աղմկալի Ստամբուլի և սուլթանի ճոխ ու շռայլ հարեմատունը, այն փափուկ բանտը, ուր թափվում է այնքան սեր և արտասուք…: Դու երկար ծիծաղել ես իմ վերա, նկատելով, թե որպիսի ջերմեռանդությամբ ես նկարագրել եմ սուրբ Երուսաղեմը և բիբլիական Պաղեստինի ուխտյալ երկիրը: Դարձյալ իմ Թիֆլիսի նամակների մեջ դու տեսել ես նկարագիրքը հայկական Կովկասի և նորա լեռնաբնակ ցեղերի կենսագրությունքը, այլև ես բավականաչափ տեղեկություն տվել եմ քեզ նրանց սիրուն կնիկների մասին:

Բայց այսօր թողնում եմ սուրբ Էջմիածինը, Անին և Արարատը, և Շահթախտից անցնելով Արաքսը, տանում եմ ինձ հետ սրտիս տխուր և ցավալի զգացմունքները: Եվ ահա իմ առջև դրած են Մագվա քարուտ և այրված դաշտերըՊարսկաստանն է այդ:

Պարսկաստա՛ն. ի՜նչ հեշտ արտասանելի մի բառ... բայց նա շնչում է ասիական բռնակալության բոլոր զարհուրանքով...:

Next page