Րաֆֆի՝   Հուշագրություններ

Էրքեջից դուրս գալով, շարունակեցի իմ ճանապարհը դեպի Կարաչինար, կամ Աղջաղալա (Սպիտակ բերդ): Դեպի ձախ կողմի լեռները, որ շարունակություն են Մռավ լեռան, պատած էին անտառներով. իսկ դեպի ձախ բարձրավանդակները փոքր առ փոքր իջնում են լեռները, ավելի տափարակ ձև են ստանում, անտառներ չկան, միայն պատած են ճոխ խոտաբույսերով և մշակած արտերով: Երեկոյան ես հասա Ղարաչինար, Մելիք Բեգլարովների տունը:

Դ

Գյուլիստանի կամ Իգիրմիգորդի մահալը: Մելիք Բեգլարովների ու Մելիք Յուսուփովների պատմական անցյալը66: Մելիք Բեգլարովների գյուղական տնտեսությունը: — Գյուղական տնտեսությունը առհասարակ Գանձակի գավառում: — Կալվածական վեճեր: — Հին մելիքների սերունդի այժմյան ազնվապետական նշանակությունը: — Ազնվապետությունը առհասարակ Գանձակի և Ղարաբաղի գավառներում:

Գյուլիստանի մահալը կոչվում է Թալիշի մահալ, նա կոչվում է և Իգիրմիդորդ (24), որովհետև բաղկացած է քսան և չորս գյուղերից: Նրա սահմաններն են՝ հյուսիսից Քյուրակ գետը, հարավից Թարթար գետը, արևելքից այժմյան փոստի ճանապարհը, իսկ արևմուտքից Մռավ սարը: Այդ մահալը նախքան ռուսաց տիրապետությունը էր Ղարաբաղի հինգ դաշնակցական մելիքությունների (խամսայի) մասներից մեկը: Այստեղ իշխում էին Թալիշի հայ մելիքները, և ամբողջ մահալը նրանց սեփականությունն էր, թե երկիրը և թե իշխանությունը անցնում էր սերունդից սերունդ:

Դիտավորություն ունենալով առանձին գրքով հրատարակել Ղարաբաղի մելիքների պատմությունը, որոնց թվում և կլինի Գյուլիստանի մելիքների պատմությունը, այժմ այսքանը միայն կասեմ, որ Գյուլիստանի մահալի այժմյան տիրապետողները միակ են Ղարաբաղի բոլոր մելիքներից, որ կարողացել են ամբողջապես պահպանել իրանց հայրական ժառանգությունը: Հին Գյուլիստանը իր սահմաններով այժմ որպես կալվածք և սեփականություն գտնվում է այդ երկրի նախկին տիրապետողների ժառանգների ձեռքում, որ բաժանված են երկու ճյուղերի, մեկը՝ Մելիք Բեգլարովները, մյուսը՝ Մելիք Յուսուփովները:

Մելիք Բեգլարովների տոհմի ձեռքում կա մինչև 70 հազար դեսյատին հող, իր դաշտերով, լեռներով, անտառներով և արոտամարգերով: Այդ տարածության վրա կա 15 գյուղ, չհաշվելով ձմեռոցները: Մելիք Յուսուփովների ձեռքում կա 20 հազար դեսյատին հող, երեք գյուղերով:

Գալով Կարաչինար, կամ Աղջակալա67 գյուղը, ես իջա Մելիք Բեգլարովների տանը: Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել մի հայ մեծ կալվածատիրոջ տնտեսությունը:

Կալվածատիրոջ տունը համարյա մի ամրոց է. նրա մոտով խոր ձորի միջով անցնում է Գորան գետը: Ահագին դարվազայից ներս մտնելով, ձեր առջև բացվում է մի ընդարձակ բակ: Նրա մի կողմում շինված են ցորենի և այլ բերքերի պահելու համար ամբարներ, մյուս կողմում՝ գինի պահելու մառաններ և զանազան ծածկոցներ երկրագործական անոթներ պահելու համար. մի կողմում ձիաների ախոռատունն է. մի կողմում կալվածատիրոջ բնակարանն է զանազան վայելուչ սենյակներով: Սենյակների մի երեսը նայում է դեպի բակը, իսկ մյուս երեսը՝ դեպի գեղեցիկ պարտեզը: Տունը ունի բոլոր հարմարությունները կանոնավոր գյուղատնտեսության համար:

Կանոնավոր գյուղատնտեսություն ասելով չպետք է հասկանալ եվրոպական գյուղատնտեսություն, այլ մեր տեսած, մեր ունեցած գյուղական տնտեսություններից ամենակատարյալը:

Մելիք Բեգլարովները առաջինը եղան Գանձակի գավառի կալվածատերերի մեջ, որ բերել տվեցին եվրոպական գութան և հնձելու մեքենա: Այդ փորձից հայտնվում է, որ եվրոպական երկրագործական մեքենաները չեն կարող մի առանձին օգուտ տալ, եթե հարմարած չլինեն մեր երկրի տեղական պայմաններին: Ահա ինչ պատճառով:

Այս կողմերում հողի պարարտությունը բուսցնում է շատ բարձրահասակ հունձք, գյուղացիք հնձում են հասկերը միայն մի երկու կամ ավելի թզաչափ ձողի հետ. իսկ ձողի մնացած մասը մեկ արշինի չափ մնում է գետնի վրա: Այդ նրա համար է, որ կարճ հնձելով, ավելի հեշտությամբ է ծեծվում, բացի դրանից, ձողի վերին մասը ավելի նուրբ լինելով, հարդը ավելի փափուկ և ավելի նուրբ է լինում, անասունները ախորժակով են ուտում:

Եվրոպական հնձելու մեքենան չէ համապատասխանում այդ պայմաններին: Նա բոլորովին տակիցն է հնձում, այսպիսի հունձքի խուրձերը համ երկար են լինում, համ դժվարությամբ են կալսվում, համ հարդը կոշտ է լինում, անասունները չեն ուտում: Շատ հասկանալի է, որ հնձելու մեքենաները պատրաստվում են այն երկրների համար, ուր հարդը չեն ուտացնում անասուններին:

Գութանի անհարմարությունը նրանում է, որ նա թեև համեմատաբար սակավ զույգ անասուններ է պահանջում բանեցնելու համար, բայց այնքան խոր ակոսներ չէ ձգում, որպես մեր գութանները: Իսկ խոր ակոսները հարկավոր է մեր երկրի հողի համար, մանավանդ արան տեղերի ջրային ցանքերի համար: Եթե ակոսը խոր չէ, ցանքը շուտով է ծարավում, և եթե շուտով ջուր չեն հասցնում՝ այրվում է: Մինչդեռ խոր ակոսը կարող է խոնավություն պահպանել և ցանքը շուտ չէ ծարավում: Այդ ավելի նպաստավոր է, որովհետև ջուրը այս կողմերում սակավ է:

Կան և տեխնիկական անհարմարություններ, հանկարծ մեքենայի մեկ վինտը կամ մի ուրիշ տեղը կոտրվում է, ամբողջ մեքենան դադարում է, ո՞վ պիտի շինի, մի կալվածատեր չէ կարող մի երկու մեքենայի համար մի մեխանիկ պահեք յուր մոտ: Մինչև գրեն, մինչև Եվրոպայից բերել տան կոտրված մասը, ժամանակներ կանցկենա. բայց մշակության գործը չէ սպասում, նա պետք է յուր ժամանակին կատարվի:

Այդ բոլոր անհարմարությունները կվերջանան այն ժամանակ միայն, երբ երկրագործական անոթները թեև եվրոպական սիստեմով, բայց մեր երկրի պահանջներին հարմարեցրած, մեզ մոտ կպատրաստվին և վնասված ժամանակ դյուրին կլինի նրանց նորոգել տալ: Այդ կարող է լինել այն ժամանակ միայն, երբ մի քանի կալվածատեր, կամ մի քանի գյուղերի հասարակությունը միանալով, ընդհանուր ծախքով բերել կտան մեխանիկներ և բաց անել կտան անոթներ պատրաստելու գործարաններ:

Ավելորդ չեմ համարում համառոտ կերպով մի քանի տեղեկություններ տալ այդ կողմերի երկրագործության վրա: Ժամանակի վերաբերությամբ ցանքը լինում է երկու տեսակ, գարունցան և աշունցան, այսինքն՝ մեկը գարնանն են ցանում, մյուսը՝ աշնանը: Գարնան ցանքի սերմը պետք է գարնան ցանքից ստացած հունձքից լինի, իսկ աշնան ցանքի սերմը պետք է աշնան ցանքից ստացած հունձքից լինի: Գարնան ցանքերը անվում են ըստ մեծի մասին սարոտ և ցուրտ տեղերում, ուր չեն ջրում, ջրվում է անձրևով և ցողով: Իսկ աշնան ցանքը անվում են ըստ մեծի մասին օրան տեղերում, ուր պետք է ջրել:

Մի քանի խոսք էլ կալվածական իրավունքների մասին: Գանձակի գավառում կան երեք տեսակ հողեր. 1 աղալարների հողերը, որ 47 թվի հողային պալաժենիայի զորությամբ, տրվեցավ աղալարներին վայելելու համար, նրանց իրավունք տալով ստանալ գյուղացիներից բերքի տասն մսանից մեկ մասը. 2. Կալվածատերերի հողերը, դրանք հողի սեփականատերեր են, կամ ժառանգությամբ ստացած, կամ փողով գնած, իրավունք ունին կապել գյուղացիների հետ ամեն տեսակ պայմաններ, որ իրանց շահավետ է, կամ տասանորդ ստանալու, կամ տասնից երկու մասը և կամ տասնից երեք մասը և այլն: Երրորդ տեսակը արքունի հողերն են, որոնց մշակող գյուղացիները վճարում են հարկ միայն, բայց բերքից մաս չեն վճարում:

(Որքան ես տեղեկացա, Մելիք Բեգլարովները իրանց բոլոր գյուղացիներից ստանում են տասանորդ միայն):

Արքունի հողերի վրա բնակվող գյուղացիների վիճակը ավելի թեթև լինելով, գյուղացիները ոչ միայն ցանկանում են, այլ աշխատում էլ են, որ հողերը կառավարության ձեռքը անցնեն: Կառավարության և կալվածատերերի մեջ եղած վեճերի ժամանակ գյուղացիները աշխատում են պաշտպանել կառավարության շահերը: Մի քանի գյուղերում, օրինակ, Գյուլիստան գյուղում, իրանք գյուղացիները խնդիրք են տվել, թե գյուղը կառավարությանն է պատկանում և ոչ Մելիք Բեգլարովներին:

Գյուղացիների այդ ջանքը առաջ է գալիս և այն հանգամանքից, որ այս կողմերում ևս սահմանվել են հողային հաշտարար միջնորդներ, որոնք գնահատում են հողը և գյուղացիներին իրավունք են տալիս մի որոշ գնով գնելու կալվածատերերից: Այժմ գյուղացիները, կամ այնքան հասկացողություն չունենալով, որ կալվածատերերից գնեն և իրանք կալվածատեր դառնան, և մի կողմից էլ ցանկանալով ազատվել կալվածատերից, աշխատում են վկայություններ տալ, որ գյուղը թագավորական է:

Առհասարակ կալվածական վեճերը, թե կառավարության և կալվածատերերի մեջ, թե կալվածատերերի և գյուղացիների մեջ, — այս կողմերում շատ զարգացած է:

Կալվածատերերի միմյանց հետ ունեցած վեճերի ժամանակ, երբ մի կողմը թուրք է, իսկ մյուս կողմը հայ, ասում էին, որ ըստ մեծի մասին թուրքերն են տանում գործը: Պատճառները՝ 1. թուրքերի ընդունակությունը հաճոյանալու պաշտոնատարներին. 2. մահմեդական օրենքի ոգին վկայության մեջ, մահմեդականի շահերը պաշտպանելու համար:

Մելիք Բեգլարովները բացի երկրագործությունից պահում են ձիաների զավոդ: Ղարաբաղի հռչակված ձիաների ցեղը վերջին ժամանակներում բոլորովին այլասերվել էր: Հայտնի է, որ Ղարաբաղի ձիաների ցեղը մի խառնուրդ էր տեղական և պարսկական (արաբական) ձիաների: Նախքան ռուսաց տիրապետությունը Ղարաբաղի խաները Պարսկաստանի հետ հարաբերություններ ունենալով, այստեղից կամ բերել էին տալիս կամ ընծա էին ստանում ազնիվ նժույգներ և իրանց ձիաների ցեղը միշտ նորոգում էին: Բայց ռուսների տիրելուց հետո նրանց հարաբերությունները Պարսկաստանի հետ կտրվեցավ, և ձիաների սերմը չնորոգվելով, այլասերվեցան: Այժմ Մելիք Բեգլարովները կազմելով մի թաբուն երկրի ընտիր մատակներից, Թեհրանից ստացել են երկու պարսկական նժույգներ, մեկը ուղարկել է Սադրազամը, մյուսը՝ Շահի փեսա մի խան: Տարակույս չկա, որ այդ հոգածություններով Մելիք Բեգլարովները կարող են վերանորոգել Ղարաբաղի ձիաների ցեղը, որ հռչակված էր մեր կողմերում:

Ե

Գյուլիստան գյուղը: — Ամենափրկչի անապատը: — Գյուլիստանի բերդը: — Մռավ լեռը: — Թոռուտ կամ Յուղակեր: — Հոռեկ և Թալիշի մելիքների պալատը: — Թալիշ գյուղը:

Օգոստոսի 4-ին գուրս եկա Կարաչինարից: Անցնելով Գորանի գետը, մի վերստ առաջ գալով, հասա Խարխափուտ կոչված հայաբնակ գյուղը, որ զարդարված էր գեղեցիկ այգիներով: Այդ գյուղը գտնվում է նույն անունով ձորի բերանում, որի միջով ճանապարհը խարխափելով տանում է դեպի Գյուլիստան գյուղը: Այդ ձորը ձգվում է անտառոտ երկու լեռնային գոտիների միջով, որ բարձրանում են ճանապարհի աջ և ձախ կողմից: Ձորի միջով վազում է մի վտակ, որ գնալով խառնվում է Գորանի գետակին: Ճանապարհին պատահեց ինձ տեսնել Մելիք Բեգլարի այգու տեղը: Հնձանի տեղը, դարավոր թթենիները, ընկուզենիները, տանձենիները և այլ պտղատու ծառեր, ծերացած, վայրենացած, դեռ մնում են: Այդ այգին ունի մի ռոմանական նշանակություն, երևելի մելիքի կյանքից, որովհետև այդ այգու մեջ էր պահում նա յուր Բալա անունով խասային:

Շարունակելով ճանապարհը նույն ձորի միջով և կես ժամի չափ առաջ գնալով, անտառը վերջանում է, և ճանապարհը ընկնում է հարթ բարձրավանդակների վրա, որ զուրկ են անտառից: Այստեղ կան արոտատեղիներ և մշակած դաշտեր: Խաչի գատուկից անցնելով, ճանապարհը հետզհետե ցածանում է դեպի մի խոր ձոր, որի մեջ գտնվում է Գյուլիստան գյուղը:

Գյուլիստան գյուղը, որի անունով կոչվում է Գյուլիստանի մահալը, գտնվում է կարծես մի խոր կաթսայի մեջ, որի չորս կողմից բարձրանում են անտառապատ լեռներ, որպիսի են Գոգթափա, Կարմիր-խաչ լեռը, Ղազուն տուրմաշ և Մռավի շարունակությունը կազմող սարերը:

Գյուլիստան գյուղը հայաբնակ է, գտնվում է Ինջա կոչված գետակի մոտ: Ունի մի եկեղեցի, որ շատ հին չէ: Հին եկեղեցին ավերակ է, այժմ նույն գյուղացիները, որ նրա մեջ մկրտվել են, նրա սերունդը հազար անգամ համբուրել են, նրա մեջ պահում են իրանց ոչխարները: Զարմանալի մարդիկ են այդ գյուղացիները, նրանց մեջ կա և ծայրահեղ մոլեռանդություն և ծայրահեղ անկրոնություն, իսկ հաստատ ոչինչ չկա նրանց մեջ:

Գյուլիստանի եկեղեցում գտնվում է մե հռչակավոր գրչագիր ավետարան, որ պաշտվում է ամբողջ գավառի ժողովրդից: Սկսյալ Գանձակից և ամեն կողմերից քաշում է նա յուր մոտ ուխտավորների բազմություն, և նրան վերաբերում են բազմաթիվ հրաշագործությունները:

Գյուլիստանում իջևանած լինելով գյուղի քահանայի տանը, ես խնդրեցի, որ ինձ տանե եկեղեցին և ցույց տա հիշյալ ավետարանը: Նա մեծ ուրախությամբ կատարեց իմ խնդիրքը, կարծելով, թե ես էլ ուխտավոր եմ: Մտանք եկեղեցին, նա իսկույն ծածկվեցավ շուրջառով և մի արկղի միջից դուրս հանեց մի ահագին կապոց և դրեց գրքակալի վրա: Այդ կապոցը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ գույնզգույն թաշկինակներ մինը մյուսի վրա փաթաթած: Քահանան շարունակելով շարականը, մեկ-մեկ բաց էր անում թաշկինակները, որոնցից շատերը մետաքսից էին: Վերջապես, այդ բոլոր փաթեթների միջից հայտնվեցավ ավետարանը: Ես մոտեցա և համբուրեցի նրա կազմը: Հետո կամեցա բաց անել, որ նայեմ: Քահանան արգելեց, կիսաքաղաքավարի կերպով հասկացնելով, որ ինքը միայն կարող էր նրան բաց անել, իսկ մի աշխարհական մարդու մատները չպիտի շոշափեին այդ սրբությունը: Ես չհակառակվեցա, ասելով, որ նա բաց անե. ես միայն հեռվից կնայեմ: Քահանան յուր ձեռքով, որ շատ էլ մաքուր չէր, բաց արեց սուրբ գիրքը: Դա մի հասարակ գրչագիր ավետարան էր, հաստ թղթի վրա գրված, ոչ Գետաշենի ավետարանի գեղեցկությունն ուներ և ոչ նրա գրչության արհեստը: Պատկերները շատ տգեղ էին, այնուամենայնիվ ժողովրդի մեջ ավելի համարում և համբավ ստացած էր, քան թե Գետաշենի ավետարանը: Իմ որոնածը էր նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել, այն ևս չգտա, որովհետև վերջին թերթերը քրքրված և պակաս էին:

Մյուս օրը վաղ առավոտյան ես ցանկացա տեսնել երկու հնություներ, որ Գյուլիստանի գյուղից շատ հեռու չեն: Դրանցից մեկն էր ս. Ամենափրկչի անապատը, իսկ մյուսը՝ Գյուլիստանի բերդը: Իմ հյուրընկալ քահանան, թեև մոտ յոթանասուն տարեկան մարդ էր, յուր ձեռքով ձին թամքելով, մի ձի էլ ինձ համար պատրաստելով, հրացանը ձգեց ուսին, ծտի նման թռավ նրա վրա և իմ առջևը ընկնելով, սկսեց առաջնորդել ինձ:

Առավոտյան զով ժամանակն էր: Մենք գնում էինք ձորի միջով, որտեղից անցնում է արծաթի նման սպիտակ Աղ-սու կոչված գետակը: Այդ գետակի վրա պետք է գտնեինք Ամենափրկչի անապատը: Նա Գյուլիստանից մի և կես ժամու չափ հեռավորություն ուներ, այդ պատճառով ես չէի շտապում, հետաքրքրվեցա իմ տերտերիցս մի քանի տեղեկություններ հավաքել:

Տեր հայր, այս անտառում պտղատու ծաոռեր կա՞ն:

Նա գլուխը բացասական կերպով շարժում է, պատասխանելով, — օրհնած, ոչինչ չկա:

Մի փոքր անցնում ենք, տեսնում եմ հոնի, զկեռի, կաղինի, տանձենու և այլ պտղատու ծառեր:

Տեր հայր, դու ասում էիր, որ պտղատու ծառեր չկան, այդ ի՞նչ է. տես, հոնի, զկեռի:

Ո՞նց չկան, կան, հաճար կա:

Հաճարն էլ ես նոր լսեցի: — Հաճարը ի՞նչ են անում:

Խոզերին են ուտացնում:

Այդ խոսակցության միջոցին տերտերը ինձ հեռվից ցույց տվեց Ամենափրկչի անապատը: Նա մանր առարկաների վրա, որպես էին պտուղները, ուշադրություն չէր դարձնում, խոշոր բաները ավելի շուտ էր տեսնում:

Ամենափրկչի անապատը, ինչպես ասացի, գտնվում էր Աղ-սու գետակի մոտ, ոչ այնքան հեռու Մռավ լեռից, մի անտառապատ ձորակի մեջ: Անապատի տաճարի շինվածքը կանգնած է չորս բոլորակ սյուների վրա, որ շինված են խամկուր քարից: Այդ տաճարը այժմ ամայի է. խաշնարած թուրքերը անասուններ են լցնում նրա մեջ. անասունների աղբը թանձրացած էր հատակի վրա: Տաճարից ոչ այնքան հեռու կա մի այլ շինվածք, ուր ապրում էր մի ժամանակ այնտեղի միաբանությունը: Դա էլ նույնպես անասնանոց է դարձել: Թե տաճարի և թե միաբանության բնակարանի բոլոր շինությունները դեռ մնացել են ամբողջ. կտուրների վրա բուսել են մացառներ և աճել են ահագին ծառեր: Անապատից մի քսան քայլ հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ ուխտատեղի է. այստեղ դեռ թուրքերի անասունները մուտք չեն գործել, որովհետև դուռ ունի: Զարմանալի անհոգություն, թե ժողովրդի և թե մեր հոգևոր կառավարության կողմից. ահագին ծախքեր անելով, նախնիքը թողել են այդ սրբավայրերը: Այժմ նրանց որդիքը գոնե դռները քարով ամուր կպցնեին, բաց չթողնեին, որ թուրքերի անասնանոց դառնար: Անապատի ջրաղացի ավերակները դեռ մնում են:

Այդ անապատի գ ավթում թաղված կան զանազան անձանց գերեզմաններ, որոնց թվում է Աբրահամ յուզբաշու գերեզմանը (որ գնաց Պետրոս Մեծի մոտ):

Ես շտապում էի տեսնել Գյուլիստանի բերդը, որի մեջ ամրացած, հայոց մելիքները մինչև վերջին ժամանակները սարսափեցնում էին մահմեդականներին: Ամենափրկչի անապատից մի նեղ ճանապարհ անտառների միջով ուղիղ տանում է դեպի բերդը: Նա շատ հեռու չեր, ընդամենը պետք է գնալ մի երեք վերստ, որը հեռվից տեսա, իմ սիրտը սկսեց բաբախել: Ես տեսնում էի այն բերդերից մեկը, որի մեջ իմ վեպի68 հերոսները գործել էին:

Այդ բերդի տեղը բնության հրաշալիքներից մեկն է: Մի ահագին սեպացած քարաժայռ բարձրանում է խոր ձորի միջից և այդ քարաժայռի գլխին շինված է բերդը: Որպես խրամատ ծառայում է նրան խոր անդունդը, որի միջով հոսող գետակը պտույտներ է գործում և այդ քարաժայռի երեք կողմից ոլորվելով, նրան թերակղզու ձև է տալիս: Մի կողմից միայն բարձր քարաժայռի ստորոտը միանում է ցամաքի հետ:

Մռավ լեռը այստեղից ընդամենը մի երկու վերստ ճանապարհ է, բայց ես նրա գագաթը բարձրանալու բախտ չունեցա: Չնայելով իմ բոլոր թախանձանքին, ինձ առաջնորդող քահանան չկամեցավ ինձ հետ գալ, անդադար կրկնելով, թե մեզ կսպանեն: Եվ ոչ մի Գյուլիստանցի չցանկացավ ինձ հետ ուղեկցել, միևնույնը կրկնելով: Բանից դուրս եկավ, որ այդ բոլոր երկյուղը խաշնարած թուրքերիցն է, որ այդ լեռան ստորոտներում ցրված են: Զարմանալի բան է, Աֆրիկայում ճանապարհորդը ավելի ապահով է իրան զգում, քան թե այստեղ:

Բայց որքան ես տեղեկացա ականատեսներից, թեև Մռավը հեռվից խիստ սրածայր է երևում, բայց նրա գագաթը բոլորովին տափարակ է, և բավական տարածություն ունի: Նրա գագաթի վրա կան երկու գերեզմաններ, որ հայոց ուխտատեղի է: Այդ գերեզմանները պատկանում են ճգնավորների, որոնք բնակվում էին այդ լեռան գագաթի վրա: Մինչև այսօր ցույց են տալիս նրանց ճգնարանները, որոնք ուրիշ բան չեն, եթե ոչ երեք ահագին քարեր միմյանց մոտ դրած և մի քար ևս դրած նրանց վրա որպես ծածկոց: Միջում մի մարդ միայն կարող է բնակվիլ: Այդ ահագին քարերի այսպես միմյանց վրա դրվիլը միայն հսկաների գործ կարող է համարվել:

Գյուլիստանից դուրս գալով, բարձրացանք Թոռուտ69 կոչված անտառապատ լեռների վրա: Այդ լեռները արժանի են իրանց անվանը, որովհետև, օդի մեջ, կարծես մի տեսակ նուրբ անձրև աննկատելի կերպով թորում է: Երկու ժամից հետո հասանք Թոռուտ գյուղը, որ կոչվում է նաև Յուղակեր: Այստեղ բնակվում են ոչ ավելի քան 15 հայ ընտանիք, որ գաղթական են Շուշվա կողմերից: Այդ գյուղը առաջ հայոց բազմամարդ գյուղերից մեկն է եղել, հետո ավերակ է դարձել, այժմ նորից այնտեղ բնակություն են հաստատել:

Հիշյալ գյուղում փոքր-ինչ հանգստանալով, երբ նկատեցի տեղային անպիտան տանուտերը ձին ուշացնում է, ստիպվեցա այդ գյուղի մոտ իջևանած քոլանիներից մի ձի վարձել և շարունակել իմ ճանապարհը:

Թոռուտից դուրս գալով դարձյալ անտառների միջով շարունակելով մեր ճանապարհը, մեկ ժամ առաջ գնալուց հետո, իմ առաջնորդ քոլանին դարձյալ ընդհատեց տիրող լռությունը, ասելով՝ «Հիմա կտեսնենք այն տունը, որ ասում էինք»:

Իմ սիրտը թնդաց ուրախությունից, ես պիտի տեսնեի Գյուլիստանի հին մելիքների պալատները: Ճանապարհը սկսեց ցած իջնել, դեռ ոչինչ չէր երևում անտառի ծառերը արգելում էին հեռվից մի բան տեսնել: Երբ բոլորովին մոտեցանք, երևաց սպիտակ պալատը:

Պալատը շինված է ամբողջապես սպիտակ քարերից: Նա բաժանվում է երկու շինվածքների, մինը մյուսի հանդեպ, մեջտեղից ճանապարհ է անցնում: Հոռեկի բլուրի ստորոտում գտնվում է բուն պալատը: Ամբողջությունը քառակուսի ձև ունի. շրջապատի չորս անկյունները ամրացրած են չորս աշտարակներով: Գլխավոր դռնից ներս մտնելով բակը, դեպի աջ կողմը բոլորովին ողջ կանգնած են մի կարգ ընդարձակ սենյակներ. նրանց թիվը ութն է: Սենյակների առաստաղը կամարակապ է և գմբեթաձև: Գմբեթի գագաթից բոլորաձև երդիկ է բացված, որտեղից լույս է թափվում: Սենյակները ուրիշ լուսամուտներ չունին: Դրանց ձևը սյունեցու տան կատարելագործված ձևն է: Այդ մի կարգ սենյակների առջևը կա երկայն պատշգամբ, որ ծածկված է կամարներով, որոնք ամրանում են ութր հաստ սյուների վրա: Սյուները քառակուսի են, շինված քարից, որպես ամբողջ շինվածքը:

Պալատի այդ կարգի սենյակները հարմարեցրած են բնակիչների բոլոր պահանջներին, բոլորի մեջ կան բուխարիներ. կա առանձին խոհանոց, նրա մոտ ստորերկրյա մառան, զանազան պահեստի տեղեր և այլն: Սենյակների դռները եկեղեցու դռների ձև ունին, քարե կշտանոցներով: Այդ կարգի սենյակները բոլորը մի հարկանի են և պահպանել են իրանց ամբողջությունը: Քարն ու կիրը, — այդ է նրանց բաղադրությունը. փայտի մի կտոր անգամ չկա նրանց շինվածքի մեջ:

Այդ մի կարգ սենյակների հանդեպ կառուցված է պալատի մյուս մասը, որ բաժանվում է առաջինից երկայնաձև, քառակուսի բակով: Դա բաղկանում է մի ընդարձակ սրահից, որի երեսը բաց է և որը ծառայելիս է եղել ամառվա բնակության համար: Ըստ մեծի մասին այս տեսակ սրահներ ունենում են իշխանները, որոնք աարսից սովորության համեմատ, այնտեղ նստելով, դատավորություն են անում: Ժողովուրդը թակում, բաց օդի մեջ կանգնած է լինում, իշխանը սրահում նստած լսում է նրանց խոսքը և վճիռներ է տալիս: Սրահի երկու կողմերում կան գեղեցիկ սենյակներ, որոնք երեքհարկանի են եղել: Վերին հարկը քանդված է:

Այդ պալատի հանդեպ, ճանապարհի մյուս կողմում, կա մի այլ առանձին շինվածք, որը յուր ընդարձակությամբ ավելի մեծ է, քան առաջինը: Որպես երևում է դա ծառայելիս է եղել հիշյալ պալատում բնակվող իշխանի ծառաների, հյուրերի և պահապանների բնակության համար: Այստեղ կա ախոռատուն, ստորերկրյա ներքնատներ, որոնք բանտի համար են եղել և այլ զանազան ծածկոցներ: Այդ շինվածքի ամբողջությունը նույնպես քառակուսի ձև ունի. անկյունները ամրացած են ահագին աշտարակներով: Բայց մի քանի շինվածքներ միայն այստեղ պահպանել են իրանց ամբողջությունը. մնացածը քայքայված է, անտառը մասամբ պատել է, սենյակների միջից ծառեր են բուսել:

Այդ մասնում մի դահլիճի դռան կամարի վրա կարդացվում է հետևյալ արձանագրությունը. «Հիշատակ է Օհան բարուն70 տերին Մելիք Թամրազ թ. ՌՃՀԶ» (1176):

Հիշյալ երկու շինվածքներից փոքր-ինչ հեռու, մի աղբյուրի մոտ, գտնվում են բաղանիքները, որոնց առաստաղի գմբեթները քանդված են, իսկ մնացածը ողջ է:

Առհասարակ հնության այդ գեղեցիկ հիշատակարանները, որ կառուցված են քարով և կրով միայն, ոչ այնքան տրորվում են ժամանակից, որքան ժողովրդի բարբարոս ձեռքերից: Թալիշեցի հայերը դրանց մոտ ունին կիր այրելու քուրաներ. քանդում են պալատների քարերը և քուրաների մեջ այրելով, կիր են պատրաստում: Թեև շրջակա լեռները կազմված են կրային քարերից, բայց ծույլ գյուղացու համար ավելի հեշտ է քանդել պալատի արդեն պատրաստի քարերը:

Տեղացիք այդ պալատները ընծայում են մելիք Թամրազին և նրա եղբայր Աբով յուզբաշուն: Բայց այդ շինվածքների գոյությունը պետք է ավելի հին համարել, քան հիշյալ երկու իշխանների ժամանակները71: Դրանք, անտարակույս, Աղվանից վաղեմի իշխանների կամ թագավորների ամառանոցներ են:

Բարտավ քաղաքի Աղվանից իշխանները սովորություն ունեին ամառը այդ կողմերի անտառապատ լեռների վրա անցկացնել, որովհետև ամառվա տոթը Բարտավի մեջ անտանելի է լինում:

Հիշյալ պալատներից բարձրանում է դեպի Հոռեկ գյուղը, որ գտնվում է անտառապատ սարի լանջքի վրա: Հոռեկը հին Թառիջն է, որ հիմնեց ուտիացոց աշխարհից գաղթական Թառիջ իշխանը, որ Գյուլիստանի կամ Թարիջի (Թալիշի) մահալին տիրող իշխանների նախապապն է: Այդ գյուղի մեջ այժմ բնակություն չկա, շինվածքները բոլորը կորած են անտառի տակ: Որովհետև, երբ բնակիչները գաղթեցին Վրաստան, այդ գյուղը ավերակ դարձավ, այնտեղից վերադառնալով 4 վերստ հեռավորության վրա հիմնեցին նոր Թարիջ կամ Թալիշ գյուղը:

Հոռեկում կամ հին Թալիշում այժմ շեն է մնացել միայն մի եկեղեցի, որ ուխտատեղի է: Դա շինված է ՉԻԸ (728) թվին, 602 տարվա հնություն ունի: Եկեղեցին բաղկացած է երկու մասնից՝ գավթից և տաճարից: Եկեղեցու շուրջը, անտառի մեջ, պատած մացառներով, ցրված են Թալիշի մահալի վաղեմի տիրապետողների մամռապատ շիրիմները: Ինձ հաջողվեց մացառների միջին գտնել մի քանի մելիքների, յուզբաշիների և բեկերի գերեզմաններ, որոնք մեծ դեր են խաղացել այդ երկրի պատմության մեջ: Թալիշի մելիքների այժմյան ներկայացուցիչների՝ Մելիք Բեգլարովների տոհմային գերեզմանատունը նույնպես այստեղ է: Հոռեկի եկեղեցին ուխտատեղի է, գտնվում է մի հիանալի անտառապատ սարի լանջքի վրա, որի բարձրությունից երևում է Կուր գետը, Թարթար գետը և Ջուանշիրի մահալի հարթ տափարակները:

Արևը մայր է մտել, երեկոյան մութը բավական թանձրացել էր, ես տատասկների մեջ տակավին որոնում էի նոր գերեզմաններ: Այն տապանաքարերը, որոնք բաց էին մնացած, դժվարությամբ էին կարդացվում, ժամանակը մաշել էր արձանագրությունները: Իսկ նրանք, որ պատած էին մամուռով, կամ ծածկված էին հողով, պահպանվել էին: Շատ տեղ առանձին պատրաստություններ էին հարկավոր տապանաքարերը բաց անելու համար, պետք էր բահ՝ հողը փորելու, պետք էր տապար` թուփերը կամ ծառերը կտրատելու, որոնք խիտ կերպով աճել էին նրանց շուրջը: Թեև վերջին դեպքում ինձ օգնում էր իմ առաջնորդ քոլանին, իր խենջարով կտրատելով թփերը, բայց այդ մի մարդու գործ չէր:

Երբ խավարը բոլորովին պատեց, պատանի քոլանին ասաց ինձ.

Աղա, դուք չե՞ք վախենում:

Ինչի՞ց:

Այդ լեռների վրա մի սոխի համար մարդու գլուխը կկտրեն: Երկու օր չկա, — ավելացրեց նա, — ահա այնտեղ մի մարդ սպանեցին. նա ցույց տվեց դեպի Թալիշ տանող ճանապարհը:

Ոչ այնքան պատանի քոլանիի զգուշացնող խոսքերը, որքան գիշերային մութը ստիպեց ինձ թողնել հայոց վաղեմի հերոսների հանգստարանը. ես նստեցի ձին, և իմ ուղեկիցը առաջնորդեց ինձ դեպի Թալիշ գյուղը, որ այստեղից երկու ժամվա հեռավորության վրա էր գտնվում:

Բոլորովին մութն էր, երբ ես հասա Թալիշ գյուղը և իջևանեցի տեղային յուզբաշու տանը: Այդ գյուղը որպես վերևում հիշեցի, հիմնել են հին թալիշեցիք, երբ նրանք վերադարձան գաղթականությունից: Հնության արժանավոր մի բան չգտա այստեղ: Գյուղը դեռ նոր է, ոչ եկեղեցի ունին, ոչ գերեզմանատուն. իրանց ննջեցյալները թաղում են հին Թալիշում, Հոռեկի եկեղեցու շրջակայքում:

Մյուս օրը ինձ ասացին, որ այստեղ մի մարդու տանը մի սուրբ գիրք կա, որով բժշկություններ են լինում: Իսկույն հասկացաք որ Ավետարան կլինի: Ինձ այնքան չէր հետաքրքրում գրքի հրաշագործությունը, որքան այն միտքը, թե կարելի է նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել, այդ պատճառով ինձ հետ առնելով գյուղի երիտասարդ քահանային, գնացինք այդ գիրքը տեսնելու: Նա գտնվում էր մի հասարակ գյուղացու մոտ և այդ գրքի պատճառով գյուղացին իր տունը ուխտատեղի էր շինել: Ամեն կողմից թափվում էին այնտեղ հիվանդներ և զանազան ցավագարներ, որոնցից, իհարկե, գյուղացին շահվում էր:

Ինձ ևս ուխտավոր համարելով, տանտերը մեծ ուրախությամբ ընդունեց: Իսկույն առաջարկեց նա մոմեր գնել, որ յուր մոտ պատրաստի պահում էր:

Գիրքը դրած էր մի մութ, խոնավ խորանում, որի դուռը բացվում էր տան մեջ: Այստեղ այնքան մութն էր, որ չնայելով մենք մեր գնած մոմերը վառեցինք, բայց դարձյալ դժվար էր կարդալ հին գրչագիրը, որի տառերը ժամանակի հնությունից մուգ-դեղին գույն էին ստացել: Ես խնդրեցի, որ գիրքը դուրս տանեն, տան տերը ընդդիմացավ, ասելով, որ «աղան» կբարկանա, եթե տեղից շարժեն նրան: Ով էր այդ «աղան» ես հասկանալ չկարողացա: Միայն, եթե «աղա» համարում էր նա Հիսուս Քրիստոսին, կարծեմ ավելի պիտի բարկանար տանտիրոջ վրա, որ յուր հեղինակությունը՝ սուրբ Ավետարանը, բանտարկել էր մի մթին խորանում և անմատչելի էր դարձրել հասարակությանը, — այն Հիսուս Քրիստոսը, որ ասում էր, թե ճրագը չեն գնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, որ լույս տա ամենին:

Այս քարոզները թեև ես կարդացի տանտիրոջը, բայց նրա ականջը չմտավ, նա թույլ չտվեց սուրբ ավետարանը յուր մթին խորշից դուրս հանել, որ կարողանայի հետազոտել նրան, թեև երիտասարդ քահանան ևս աշխատում էր համոզել նրան, որ դրանում ոչինչ մեղք բան չկա: Ես կարողացա կարդալ նրա թվականը միայն. 821 տարվա հնություն ունի, գրված է հայոց ՇԹ (509) թվականին, բավական հաստ մագաղաթի վրա, խոշոր և գեղեցիկ երկաթագրերով: Այդ պատճառով գիրքը բավական հաստ ծավալ է ստացել, թեև նա բովանդակում է իր մեջ չորս ավետարանիչները միայն72:

Կրոնը և սնահավատությունը ավելի քան ութն հարյուր տարի պահպանեցին մեր նախնյաց գրչի այդ սուրբ հիշատակարանը: Բայց այն գրքերը, որ նրանց հանճարի ծնունդն էին, ոչնչացան: Գյուղացիների խրճիթներում, եկեղեցիների, վանքերի պահարաններում ես չէի տեսնում և ոչ մեկը նրանցից: Այդ ավետարանը, ինչպես և Գետաշեն գյուղի ավետարանը, գերի ընկած է լինում այլ ազգիների ձեռքում, բարեպաշտ անձինք փող են տալիս և ազատում են նրանց, գրել տալով վերջին թերթերի վրա իրանց ամբողջ ազգատոհմի անունները, որ ապագա սերունդը «աստված ողորմի» ասե նրանց հոգուն: Բայց ինձ չպատահեց տեսնել և ոչ մի Խորենացի և ոչ մի Եղիշե, որ թափված լիներ բարբարոսի ձեռքից, որ ունենար այսպիսի հիշատակարան: Դրանք անհետացան, ոչ գյուղացու խրճիթը և ոչ եկեղեցին չպահպանկցին նրանց:

Զ

Թարթար գետը, Գյուլիստանի և Չարաբ. սահ. — Գոլանիներ: — Մատաղիս գյուղ: — Եղիշե առաքելո վանքը: — Դաստակերտ գյուղի ավերակները: — Տոնաշեն գյուղ: — Կաթղկասար: — Չարդախլու կամ Մղավուզ: — Քաղաքատեղի: — Չարաբերդ: — Երից մանկանց վանքը: — Տոնի ապերը և Տեր-Սարգիսը: — Սուրբ Գորոս մատուռը: Չալադան յուզբաշու բերդի ավերակները:

Թալիշ գյուղից սկսած դեպի արևելք բնությունը բոլորովին փոխվում է. բարձր անտառապատ լեռները հետզհետե փոքրանում են, վերջը մերկ, փոքրիկ բլուրների ձև են ստանում: Հսկա ծառերի փոխարեն լեռնադաշտերը ծածկված են թփերով: Վերջապես ճանապարհորդի առջև բացվում է մի լայնածավալ, հարթ տարածություն, որի միջև հեռվից անցնում է Կուր գետը, սեղմված իր կանաչազարդ ափերի մեջ, և կատաղի Թարթարը, որ անձուկ ձորերի միջից դուրս գալուց հետո, հենց որ անցնում է լայնարձակ դաշտերի վրա, ճյուղավորվում է, բազմաթիվ գետակներ է կազմում:

Ճանապարհը գնում էր Խանագահի տափարակների վրայով. դեպի աջ կողմը վերջանում էին Թալիշի մահալի լեռների ծայրերը, իսկ դեպի ձախ տարածվում էր ընդարձակ, ցամաք անապատը: Մի ժամու չափ առաջ գնալուց հետո, մտանք մի գեղեցիկ ձոր, որ զարդարած էր նռնենի և թզենի ծառերով, որոնք աճել էին վայրենի գրության մեջ: Այստեղ բնությունը դարձյալ կենդանացավ: Այդ ձորը տանում է դեպի Թարթար գետը, որի ափերի վրա, խլուրդների բունի նման, ցրված են գոլանիների ձմեռանոցները: Դրանք ոչ թե մարդկանց բնակություններ, այլ գազանների որջեր են: Դրանց մեջ բնակվում է մի վայրենի ժողովուրդ, որ ոչ երկրագործություն ունի և ոչ արհեստ, այլ տարվա տաք եղանակներում տարածվում է Մռավ լեռան բարձրավանդակների վրա, այնտեղ արածացնում է իր անասունները, և միայն սաստիկ ցուրտը և ձյունը կարողանում են նրան ետ մղել իր գետնափոր որջի մեջ, որտեղից նա սարսափ է տարածում դեպի իր շրջակայքը:

Next page