Րաֆֆի՝   Հուշագրություններ

Գոլանին Ջուանշիրի խաշնարած թափառական ցեղից մեկն է: Նա երկրի ցեցն է, որ լցնելով անտառները, գողանում է հայ գյուղացիների կովը, եզը, ոչխարը, ձին և այլն: Դա մի ավազակ ժողովոլրդ է, որ երկրի պատուհասն է դարձել: Ոչ օրենքը, ոչ իշխանության հսկողությունը չէ կարողանում զսպել այդ ավազակների վայրագությունը: Նա մի չնչին առիթով մարդ կսպանե, կվիրավորե, միայն թե մի բան լիներ հափշտակելու: Ցերեկները նա դարանամուտ է լինում անտառների խլության մեջ, որպես սարդը իր ոստայնում, սպասում է իր որսին: Հենց որ մի անասուն վրիպելով հսկողի տեսությունից մտավ անտառը, նա իսկույն իր դարանից դուրս կգա, կքշե ու կտանե: Իսկ գիշերները նա շրջապատում է հայոց գյուղերը, ինչպես մի աղվես, մի չախկալ, որ ժայռերի միջից իջնելով, մոտենում է քնած գյուղացու ախոռին հավեր գողանալու: Այդ պատճառով մեծ եղավ իմ երկյուղը, երբ իմ առաջնորդը հայտնեց, թե այստեղ պետք է պատրաստ լինել, մոտենում ենք գոլանիների բնակարաններին:

Ես մի զույգ գոմեշ էի առած հարյուր և քսան ռուբլով, — ասաց նա. — մինչև այսօր երեք անգամ գողացել են և բերել են գոմեշը ինձ վրա վաճառել:

Ինչպե՞ս:

Ո՞նց թե ինչպես, — պատասխանեց նա, զարմանալով, որ ես չհասկացա նրա ասածը: — Գոմեշը գողանում է, տանում է, և ինքը գողը գալիս է քեզ մոտ, ասում է, ես գիտեմ քո գոմեշը ով է տարել, եթե ինձ կտաս 2030 ռուբլի, ես կգնամ կբերեմ: Ի՞նչ պիտի անես, ճարահատյալ խոստանում ես տալ նրա պահանջած փողը , որ նա գնա բերե: Եվ իրավ, մյուս օրը բերում է և քեզ տալիս մյուս անգամ գողանալու և նոր փող ստանալու համար:

Ինչո՞ւ չեք մի անգամ վախեցնում այդ ավազակներին, որ էլ չհամարձակվեն ձեր ապրանքը գողանալ:

Ինչո՞վ վախեցնենք:

Դատաստանով, գանգատվեցեք, որ կառավարությունը պատժե նրանց:

Վկաների առջև գողը գողություն չի անի: Բայց մի մարդ էլ եթե հենց իր աչքով տեսած լինի, վկայություն չի տա, որովհետև կվախենա, գողը նրան անպատիժ չի թողնի. կամ դեզը կրակ կտա, կամ տանը նստած ժամանակ երդիկից հրացանի գնդակով կզարկե, կամ ծմակի մոտով անցնելիս, թփերի միջից կհարձակվի նրա վրա, իր խենջարը կխրե նրա փորը:

Այն ժամանակ դուք էլ նույնը արեցեք, ինչ որ նրանք են ձեզ հետ անում:

Մենք կանենք, մենք ավելի լավ կանենք, մեր մեջ այնպիսի տղերք կան, որ մեկը տասը քոլանիի ջուաբ կտա, բայց մեր մեջ հանցանքը չի թաքնվում. եթե մեկը մի հանցանք գործեց, նրա դրացիներից հարյուր մարդիկ կգտնվեն, որ կմատնեն, որ կգնան վկայություն կտան: Բայց քոլանին մեզ նման չէ. նրանց մեջ միաբանություն կա. նրանք բոլորն էլ գողեր են, իհարկե գողը գողին կպաշտպանե, որ իր գողությունն չհայտնվի:

Մի ուրիշ բան էլ կա, այդ անիրավները հայերի նման մի տեղում խմբված չեն, մեծ շեներ չունին, որ հեշտ լինի նրանց վրա հսկելը, ցրված են ամեն տեղ, հինգ-վեց ընտանիքով, ո՜ր մեկի վրա կարելի է հսկել:

Իմ առաջնորդի վերջին խոսքերը շատ հավանական էին. երկինքը այդ ավազակների հափշտակություններից ազատելու միակ ճարն այն է, իմ կարծիքով, այդ թափառական ժողովուրդը հավաքել էլ բոլորին բնակեցնել Մուղանի անապատներում: Իրանք խաշնարածներ են, և Մուղանի անապատները առատ սնունդ կտան նրանց անասուններին:

Այսպես խոսելով, մենք մտանք Թարթար գետի ձորը և նրա հակառակ ընթացքով կես ժամվա չափ առաջ գնալով, հասանք Մատաղիս գյուղը, որ գտնվում է Կարա-քորփի կոչված կամրջի մոտ, որ հին ժամանակներից շինված է Թարթար գետի վրա:

Մատաղիս գյուղում ես իջևանեցի տեղային տանուտերի տանը: Մատաղիս գյուղը, ժողովրդի ավանդության համեմատ, շինված է եղել Վաչագան թագավորի Մադա-գըզ աղջկա անունով: Արդյոք ունեցել է Վաչագանը այդ անունով մի աղջիկ, — ինձ հայտնի չէ:

Մյուս օրը, վաղ առավոտյան, տանուտերի որդիներից մեկը ինձ հետ առնելով, սկսեցի գնալ դեպի Եղիշե առաքելո վանքը: Մեր նախնիքը մի առանձին հանճար են ունեցել վանքերը կառուցանել այնպիսի խուլ, դժվարամատչելի տեղերում, որ համ ժամանակի ասպատակություններից ազատ պահեն, համ ուխտավորներին տանջեն, որ նրանց հոգիներին ապաշխարություն լինի:

Մատաղիս գյուղից մինչև Եղիշե առաքելո վանքը ընդամենը 45 վերստ հազիվ կլինի, բայց ես այդ հինգ վերստը անցա հինգ ժամվա մեջ, այն ևս ոտքով, որովհետև ձիով անհնարին է գնալ: Թեև մեզ հետ ձիաներ էինք վեր առած, բայց նրանց քարշ էինք տալիս մեր հետևից և ավելի մենք էինք նրանց տանում, քան թե նրանք էին մեզ տանում:

Ճանապարհ չկար. նեղ շավիղը, որ ոլորվում էր խիտ անտառի միջով, սարսափելի ելևէջներ ուներ: Մի մարդկային շունչ անգամ չէր երևում լեռների ամայության մեջ: Բարեբախտաբար իմ առաջնորդը այծյամի նման ճանաչում էր բոլոր անցքերը, եթե ոչ կարելի էր ամենայն հեշտությամբ մոլորվել:

Այս կողմերում քոլանիներ չե՞ն հանդիպում, հարցրի նրանից:

Ո՞ւմը պիտի կողոպտեն այստեղ քոլանիները, ոչ մարդ է լինում այդ ծմակներում և ոչ անասուն:

Այդ միջոցին ծառերի միջից մի բարձրավանդակի վրա երևացին մի խումբ սպիտակ շինվածքներ:

Դա Եղիշե առաքելո վանքն է, — ասաց իմ առաջնորդը:

Եվ իրավ, այդ վանքը մատուռների և տաճարների մի խումբ է, առանձին-առանձին շինված միմյանց մոտ և այնքան մոտ, որ մի մարդ հազիվ կարող է նրանց միջից անցնել: Բուն Եղիշե առաքելո անունով շինված տաճարի գավիթը միայն ողջ է մնացել, իսկ դարպասը կիսով չափ կործանված է: Երևում է, որ այդ ավերմունքը պատահել է մի քանի տարի առաջ և ոչ ավելի: Այդ տաճարի յուրաքանչյուր կողմում, կարգով շարված են երեք-երեք առանձին մատուռներ, որոնց մեջ թաղված են զանազան իշխանների և եպիսկոպոսների շիրիմներ73: Այդ մատուռներից մեկի մեջ գտնվում է Վաչագան թագավորի շիրիմը: Տապանաքարը տակնուվար է գրած, այնպես որ արձանագրությունը չէ երևում: Դա սև գույնով, ահագին քար է: Նույն մատուռի հանդեպ գտնվում է Մելիք Ադամի շիրիմը. ահագին տապանաքարի ճակատից դուրս է հանած մարմարյա տախտակը, որի վրա գրված է եղել տապանագիրը: Այժմ նրա տեղ մնացել է մի քառակուսի փոս տեղ միայն:

Միաբանության կացարանները և խուցերը և վանքի տնտեսության համար կառուցված բոլոր շինվածքները ողջ են մնացել, բայց ամայի: Իսկ այդ բոլոր սրբարանների մեջ ինձ հետաքրքրում էր տեսնել կացարանը այն քաջ աբեղայի, որ ամբողջ Սյունյաց աշխարհում Քոր-օղլուի նման անուն է թողել: Թե ծեր և թե մանուկ գիտեն նրա քաջագործությունների պատմությունը, մինչև այսօր ժողովրդի բերանում դեռ երգվում են այն երգերը, որ նվիրված էին այդ հսկա աբեղայի սխրագործություններին: Դա այդ վանքի միաբան Մեծշենցի Ավագ վարդապետն էր, որ թե հայ և թե թուրք ժողովրդի մեջ հայտնի է անունովս Դալի-Մահրասա74:

Դալի-Մահրասայի գերեզմանը գտնվում է Գանձակի սուրբ Հովհաննես մայր եկեղեցու զավթում:

Կացարանը, ուր բնակվում էր Դալի-Մահրասան, վանական աբեղայի խուցի նմանություն չունի, որտեղ Սաղմոս և եկեսցե է կարդացվում: Նրա կացարանը մի երեքհարկանի աշտարակ է, որ կառուցված է ապառաժի վրա և նայում է դեպի խորին, անտառապատ անդունդը, որ բացվում է նրա ստորոտում և որի միջով անցնում է Եղիշե առաքելո գետակը: Աշտարակի վերին հարկը կործանված է: Այնտեղ աճել է այժմ մի կանաչազարդ կաղնի ծառ, այնքան ամուր, այնքան անխորտակելի, որպես եղել է այդ աշտարակի մեջ բնակվող մարդը: Նա լեզգիների հոգեառ հրեշտակն էր, իսկ թուրքերի՝ սարսափը: Նրա որոտալից ձայնը լսելիս ամեն մարդ փախչում էր կռվի դաշտից: Մինչև այսօր երևում են աշտարակի պատերի մեջ բացված ծակերը, որտեղից նա դիտում էր իր շուրջը, որտեղից նա հրացաններ էր արձակում:

Չգիտեմ Էջմիածնի որ մոլեռանդ կաթողիկոսներից մեկը, լսելով, որ Դալի-Մահրասան շատ կոտորածներ և արյունահեղություններ է անում, նրան տանել տվավ Էջմիածին, ձգեց սառցատան մեջ, որ ապաշխարե:

Մի անգամ նա իր բանտի մեջ լսում է, որ վանքում ինչ-որ աղմուկ և խռովություն է տիրում. երբ հարցնում է պատճառը, նրան ասում են, որ Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանում են:

Ինձ կարո՞ղ ես տալ մի ձի և մի որևիցե զենք, — ասում է նա յուր բանտապետին:

Ի՞նչ կանես, — հարցնում է նրանից բանտապետը:

Ես ավարը ետ կդարձնեմ:

Այդ հայտնում են կաթողիկոսին, ապաշխարողը զինվորվում է, նստում է ձին, և մի քանի ժամից հետո խլում է ավարը ասպատակների ձեռքից:

Եղիշե առաքելո վանքը գտնվում է մի անմատչելի ձորի մեջ, որի չորս կողմից բարձրանում են սեպացած անտառապատ գագաթներ:

Այդ վանքը այժմ բոլորովին ամայի է, ոչ մի մարդ չէ բնակվում այնտեղ, թեև տարին մի անգամ ուխտավորների մեծ բազմություն է գալիս այնտեղ:

Պատմում էին, որ մի մղդսի մի քանի տարի առաջ Նուխվա կողմերից եկավ և այդ վանքում բնակություն հաստատեց միայնակ իր մի հատիկ ավանակի հետ: Նա արհեստով կաշեգործ էր, գործերը վատ գնացին, կամեցավ իր բախտը փորձել վանքի մեջ: Այստեղ հաջողվեցավ նրան, ուխտավորների մատաղների մորթիներից կաշի էր պատրաստում և դրանով փող էր շահում: Բայց այդ բախտը երկար չտևեց, որովհետև մի գիշեր թուրքերը սպանեցին նրան և ինչ որ ուներ կողոպտեցին:

Երևում է, որ Էջմիածինը այդ վանքի գոյության մասին ամենևին տեղեկություն չունի, Էջմիածնի անհոգությունից նա կորցրել է ահագին տարածությամբ հողեր, անտառներ, արոտատեղիներ, որ գտնվում են նրա շրջակայքում: Վերջին երկրաչափության ժամանակ, որ կատարվեցավ այս տարի, Շուշիի կոնսիստորիայի ներկայացուցչին հաջողվեցավ միայն 3500 դեսյատին տարածություն գրել տալ վանքի անունով, այն ևս վեճի ենթակա: Արդյոք կհաջողվի՞ առնել գոնե այդքանը, — դա ևս մի հարց է:

Դառն զգացմունքներով թողի այդ վանքը, իմ սրտում անիծելով այն անհոգությունը, որ եթե չեն հարգում մեր ազգային արհեստի պատմական հիշատակարանները, գոնե աշխատեն պահպանել այն հարստությունը, որ կապված է այդ հիշատակարանների հետ: Իմ խոսքը վանքային կալվածքների մասին է, որ ժամանակով կարող են միլիոններ շահել:

Թողնելով Եղիշե առաքելո վանքը, իմ առաջնորդը ինձ տարավ մի այնպիսի ճանապարհով, որտեղից սատանաները միայն կարող էին անց կենալ: «Դա որսորդների ճանապարհն է», — ասաց նա: Անտառը միանգամայն իր ամուլ դրության մեջ էր մնացած. դարևոր ծառերը, խորտակված, արմատախիլ եղած փոթորիկներից, ցած էին գլորվել և ամեն քայլում կտրում էին մեր անցքը: Բարձրացավ թեթև քամի:

Այդ վատ է, — ասաց իմ առաջնորդը:

Ինչո՞ւ:

Քամու ժամանակ շատ վատ է այդ ծմակներում, տեսար մի ահագին ծառ ցած գլորվեցավ, կամ վերևից մի ժայռ պոկ եկավ, և դու տակը մնացիր:

Անտառը այստեղ իր կուսական դրության մեջն էր և այս պատճառով ծառերը շատ խոշորացել էին: Մի ամբողջ ժամ տևեց մինչև դուրս եկանք Եղիշե առաքելո վանքի ձորից դեպի Դաստակիրի բարձրավանդակները, ուր գտնվում են նույն անունով գյուղի ավերակները: Գյուղից մնացել է կիստվեր եկեղեցին միայն, և գերեզմանատունը, որ պատած է անտառով: Ժողովրդի մեջ դեռ պահպանվել է հին ավանդությունը, թե այդ եկեղեցին շինել է Վաչագան թագավորի աղջիկը, որի գերեզմանը նրա մեջ է, և թե այդ գյուղը Վաչագան թագավորի աղջիկներից մեկի ամառանոցն էր, որի անունը Դաստագյուլ էր. և գյուղը նրա անունով կոչվեցավ Դաստագյուլ, և ժողովրդի բերանում աղճատվելով դարձավ Դաստակիր: Այժմ ամբողջ գյուղը և նրա շրջակայքը մի թուրք ավազակապետի ձեռքումն է, որը տարեկան 12 ռուբլի վճարելով տիրում է այդ ընդարձակ տարածությանը:

Դաստակիրից մինչև Տոնաշեն մեկ ժամու ճանապարհ է: Այստեղից ես իմ ձին պիտի փոխեի: Իջևանելով գյուղի նշանավոր անձինքներից մեկի տանը, լուր տվի տանուտերին, որ նոր ձի պատրաստե: Այստեղ դարձյալ լսեցի սովորական խոսակցությունները գողությունների և թուրքերի բարբարոսությունների մասին:

Տոնաշենից ճանապարհ ընկնելով, ես անցա Կաթղկասարի (կաթողիկոսաց սարի) մոտով, որ ձգվում է Թարթար գետի աջ ափի երկարությամբ: Այդ սարի վրա էր Աղվանից կաթողիկոսների ամառանոցը, մի վանքում, որ այժմ կործանված է: Այդ հոյակապ վանքի կործանումը ժողովրդական ավանդությունը Լենկ-Թեմուրին է վերաբերում, իբր թե նա վառոդով հօդս է պայթուցել նրան: Մինչև այսօր երևում է Թարթար գետի ափին վանքի պարիսպների ահագին փլատակները, որ իրավ, շատ հեռու են ընկած վանքի բուն տեղից: Այժմ վանքի տեղում կա մի մատուռ միայն:

Երեկոյան դեռ արևը մայր չմտած, հասա Չարդախլու հայաբնակ գյուղը: Օրը կյուրակի էր. գյուղացիները դադարել էին գործից: Մի կալատեղում զուռնա և նաղարա էին ածում, գյուղական աղջիկները հավաքված պար էին գալիս: Ես հետաքրքրվեցա տեսնել սյունեցի աղջկա պարը, հենց որ վեր եկա ձիուց տան ուտերի տանը, գնացի նրանց պարին նայելու: Ոչ մի տղամարդ չկար այնտեղ, բոլորը աղջիկներ էին, հենց որ ինձ տեսան, մի աղմկալի ճիչ բարձրացրին և բոլորը փախան: Չկամենալով խանգարել նրանց ուրախությունը, ես իսկույն հեռացա:

Չարդախլուն կոչվում է և Մղավուզ, նա նրա հին անունն է, այդ գյուղի մոտ գտնվում են քաղաքատեղի նշանավոր ավերակները:

Է

Մեծ-շեն կամ Ուլու-Կարա բեկ: — Քալբալի-բեկ: — Հին և նոր Մոխրաթաղը: —

Մելիք Ադամի պալատը: — Ինն մասանց մատուռը: — Կարապետ: — Մելիք Վանի: — Մարդակերտ: — Միրզա Ասրի. — Գյուլ-յաթաղ: — Մելիք Ալահվերդովների ամրոցըՋանյա-թաղ: — Ձիաների զավոդը: — Մեհմանայի հանքերը:

Երիցմանկանց վանքից շարունակելով իմ ճանապարհը, եկա Մեծ-շեն, որ թուրքերը կոչում են Ուլու-Կարաբեկ: Այդ գյուղը այժմ ունի մոտ հիսուն տուն հայ բնակիչներ, իսկ առաջ շատ բազմամարդ է եղել և իր բնակիչների քաջությամբ մեծ դեր է խաղացել Քարաբերդի մելիքների պատմության մեջ: Այդ գյուղացին էր Դալի-Մահրասան և նրա տոհմի ներկայացուցիչները մինչև այսօր հայտնի են իրանց քաջություններով: Այդ գյուղից էր Չոլաղան-յուզբաշին և այստեղացի էր Երիցմանկանց վանքի կառուցանող կաթողիկոսը:

Մեծ-շենը իր բարձր դիրքով մի գեղեցիկ ամառանոց է. ամառը այստեղ է անցկացնում ուեզդնի նաչալնիկը, հաշտարար դատարանը և այլ պաշտոնական անձինք:

Մեծ-շենից ես ճանապարհ ընկա դեպի Հին-Մոխրաթաղ, այդ գյուղի ավերակները և գերեզմանատունը այժմ ծածկված են թփերի ու անտառի տակ, իսկ նրանից ոչ այնքան հեռու շինված է նույն անունով նոր Մոխրաթաղ գյուղը, որ թուրքերը կոչում են Քեչիկ-ղարաբեկ: Այստեղ ինձ հետաքրքիր է տեսնել Մելիք Ադամի ապարանքը, որի մեջ բնակվում էր Չարաբերդի իշխանը և որը նրա շինել տվածն է: Այդ ապարանքը գտնվում է Ինն մասանց անապատի մոտ, մի փոքրիկ դաշտավայրի վրա, ուր դեռ մնում են հին այգու ծառերից շատերը, որ զարդարում էին նրա շրջակայքը: Ապարանքի շրջապարիսպը, սենյակներից և դահլիճներից շատերը դեռ ողջ են. այստեղ ու այնտեղ երևում են խորտակված սյուների և հոյակապ կամարների փշրանքներ: Դահլիճներից երկուսի ճակատին կարդացվում է արձանագրություն, որից երևում է այդ պալատի Մելիք Ադամից շինված լինելը: Այստեղ էր բնակվում այն մարդը, որ սարսափեցնում էր լեզգիներին ու թուրքերին, իսկ այժմ դատարկ է նա, երբեմն խաշնարած թարաքամաները լցնում են այնտեղ իրանց անասուններին:

Ինձ պատահեց տեսնել Մելիք Ադամի տոհմի միակ ներկայացուցչին, մի երիտասարդի, որ բնակվում է Մոխրաթաղ գյուդում և տեղային հարուստ կալվածատերերից մեկն է: Ես նրանից հարցրի, թե ինչու է այսպես անտեր ու անխնամ թողել իր նախահարց տունը, որը մի պատկառելի հնություն է: Իմ հարցին նա պատասխանեց, որ այնքան զբաղված է, որ այդ մասին մտածելու ժամանակ չունի: Եվ իրավ, երիտասարդից շատ ժամանակ էին խլում որսորդական շները, իր ձիաները, բազեն, որոնց վրա սիրահարված էր. իսկ իր նախնյաց հիշատակարանը պահպանելու ժամանակ չուներ:

Գոնե որպես կալվածք պահպանեցեք նրան, կարող է ձեզ օգուտ բերել:

Հա, — ասաց նա ձանձրանալով իմ թախանձելուց. — մի անգամ ուեզդնի նաչալնիկը ասաց, եթե մի քանի նորոգություններ անեք, մենք կվարձենք վիճակի բոլոր ծառայողներով ամառը այնտեղ անցկացնելու համար:

Իհարկե, դուք նորոգություններ չարեցիք:

Նա ոչինչ չպատասխանեց:

Ես ձեզ խորհուրդ կտայի, որ նրա դուռը քարով ամուր կերպով փակեիք, որ ոչ ոք ներս չմտներ մնացածը քանդելու համար. այդ ձեզ ծախք կարժե մի քանի ռուբլի միայն:

Ի՞նչ ծախք, երբ ուզենամ, ծառաներիս կհրամայեմ, որ գնան դուռը քարով փակեն, — ասաց նա և խոստացավ, որ կանե այդ, բայց ես այնքան վստահ չեմ իր խոստմունքը կատարելու մասին:

Իմ հարցին, արդյոք մնացե՞լ են նրա նախնիքներից որևիցե թղթեր, որ ծառայեին նրանց պատմությանը, նա պատասխանեց, թե ոչինչ չգիտե: Այդ իդիոտը մինչև անգամ նրանց անունները չգիտեր, միայն լսել էր, որ մեծ մարդիկ են եղել:

Մելիք Ադամի ապարանքին մոտ է Ինն մասանց անապատը, որ ուխտատեղի է: Այդ անապատը ավերակ էր. այժմ հայտնվել է մի վարդապետ, որ գյուղերից նվերներ հավաքելով սկսել է շինել անապատը: Այդ վարդապետի հսկողությանը հանձնված է մի քանի ուրիշ վանքեր ևս, որոնց թողել է անտեր, իսկ այստեղ նոր վանք է շինում: Շատ հասկանալի է, որ նորը շինել ավելի ձեռնտու է նրան, քան հները պահպանելը: Նորի համար առիթ ունի նվիրատվություններ հավաքելու, և թուրքի առածի համեմատ, «միշտ հավաքողը մատները կլիզե... »:

Ինն մասանց անապատից ճանապարհը տանում է ուղիղ դեպի Կսապատ ավանը: Դա հայոց մեծ գյուղերից մեկն է. նրա բնակիչները այնքան բազմացել են, որ մոտումը հիմնել են մի այլ գյուղ Մարտակերտ անունով: Կսապատ գյուղիցն էր նշանավոր Մելիք Վանին:

Մարտակերտ գյուղում ես տեսնվեցա Միրզա Ասրու հետ. այդ իննսունամյա ծերունին Ղարաբաղում պատահած անցքերի կենդանի արխիվն է: Նա գիտե հայերեն, ռուսերեն և պարսկերեն, ուսել է Շուշի քաղաքում մի ժամանակ եղած գերմանացի միսիոնարների մոտ. հետո Մեհտի-խանի մոտ գրագրի պաշտոն է կատարել և այնուհետև երկար ծառայել է Մելիք Վանիի մոտ որպես քարտուղար:

Ցավում եմ, որ այդ մարդուն ես պատահեցա նրա ծերության այն տարիներում, երբ ուղեղը դադարում է առողջ գործունեությունից և երևակայության մեջ մնում են անցյալի աղոտ և խառնաշփոթ տպավորությունները միայն... Այսուամենայնիվ նա ինձ պատմեց շատ բան, թեև կցկտուր ու անկապ կերպով: Նա ուներ մի քանի գրավոր աշխատություններ ևս, զանազան թերթերի վրա գրած, բայց երեխաները բոլորը պատառոտել էին:

Մարտակերտից ճանապարհ ընկնելով, երեկոյան հասա Գյուլ-յաթաղ գյուղը, իջևանցի բժիշկ Ա.-ի մոտ, որ ժամանակավոր կերպով բնակվում էր այդ գյուղում ամառը անցկացնելու համար: Ոչ ոք այդքան ճիշտ տեղեկություններ չէր կարող հաղորդել ինձ տեղային ժողովրդի դրության մասին, որպես մի մարդ, որ գավառական բժիշկ է և շատ առիթներ ունի անդադար այս գյուղից այն գյուղ գնալ հիվանդներին, վիրավորներին օգնելու համար:

Գյուլ-յաթաղ գյուղում, մի բարձրավանդակի վրա, գտնվում է Մելիք Ալահվերդյանների ամրոցը: Նա, ինչպես բոլոր հայ մելիքների հին ամրոցները, քառակուսի ձև ունի, շրջապատած է ամուր պարիսպներով և աշտարակներով: Մի մասը ավերակ է, ողջ մնացել են մի քանի կամարակապ սենյակներ միայն. որոնց մեջ բնակվում են այդ տոհմի աղքատ ներկայացուցիչները, որոնք ոչնչով չեն զանազանում հասարակ գյուղացիներից:

Այդ գյուղի մեջ կա մի հանք, որ մնացել է անգործադրելի:

Գյուլ-յաթաղ գյուղից մի քանի վերստ հեռավորության վրա գտնվում է Ջան-յաթաղ հայաբնակ գյուղը, որը այժմ նշանավոր է նրանով, որ այստեղ է գտնվում արքունի ձիաների զավոդը, որ կոչվում է Елисаветопольский конский завод: Այդ զավոդը հիմնվել է 1871 թվից ու տասն տարվա ընթացքում յուրաքանչյուր ամի միջին թվով 50 հազար ռուբլի ծախք է ունեցել:

Ղարաբաղը հայտնի է Հայաստանի մեջ որպես արդյունաբերող ընտիր նժույգների: Հիշյալ զավոդի նպատակն է պահպանել տեղային նժույգների ցեղը, հետզհետե ազնվացնել և թույլ չտալ, որ այլասերվեն: Այդ կետից նայելով, զավոդը մասնավոր շահատակության հիմնարկություն չէ, այլ նա պիտի նպաստե ամբողջ գավառի ձիաների ցեղի բարելավությանը: Դրա համար էլ սահմանված է, որ գյուղացիները իրավունք ունենան իրենց մատակները մի մասնավոր վճարով (50 կոպեկից մինչև 1 ռուբլի) զավոդի նժույգներից քաշել տալ, իրավունք ունենան իրանց մատակները հղանալու համար առժամանակ թողնել զավոդի նժույգների մեջ, վճարելով 3-ից մինչև 5 ռուբլի և վերջապես իրավունք ունենան մատակները պահել տալ զավոդի մեջ, ծնունդների կեսը իրանք վեր առնելով, իսկ կեսը զավոդի օգտին թողնելով: Բացի դրանցից, զավոդը պարտավոր է յուրաքանչյուր տարին նժույգների ընտիր տեսակներից երկու-երկու հատ ուղարկել գավառի զանազան կազմերում, ուեզդի նաչալնիկների միջոցով նախապես իմացում տալով գյուղացիներին, որ իրանց մատակները բերեն այնտեղ և քաշել տան:

Գյուլ-յաթաղ գյուդում ես մնացի մի քանի օր, հետո բժշկի եղբայր Ն. Ա. ինձ առաջնորդեց շարունակելու իմ ճանապարհորդությունը: Մեր առջևում ճանապարհները շատ երկյուղալի էին, նա չթողեց ինձ միայնակ լինել: Այդ երիտասարդը մի քաջ տղա էր և ճանապարհին արկածներ էր որոնում, որ ինձ ցույց տա, թե իսկապես ինքը կարող է ավազակների դեմ կռվել: Բայց ոչինչ չպատահեց: Ճանապարհը տարածվում էր խիտ անտառների միջով. գնում էինք, գնում առանց արեգակի ճառագայթներ տեսնելու: Վերջապես հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնվում են հայոց Մեհմանա գյուղի ավերակներից ¾ վերստ հեռավորության վրա: Երևում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է հայոց խիտ ազգաբնակություն, որպես ցույց են տալիս Սովուկ-Բուլաղ և Սամբաղ գյուղերի ավերակները, որոնք ծածկված են անտառի տակ: Ավերակ եկեղեցիների մեջ ահագին ծառեր են աճել:

Հանքերը բովագործում են հույներ, որոնք ընտանիքով բնակվում են անտառի խլության մեջ փոքրիկ փայտաշեն խրճիթներում. ինձ շատ բարի մարդիկ երևացին այդ գործավորները, մեկը համարյա ուժով մեզ տարավ իր խրճիթը և հյուրասիրեց թեյով: Նրա կինը ազդով հայ էր, բոլոր երեխաները խոսում էին հայերեն:

Հանքը պղնձի է, բովագործում են բոլորովին նահապետական ձևով, այսուամենայնիվ, մեկ պուդից ստացվում է 7 ֆունտ զուտ պղինձ: Պղնձի հանքին շատ մոտ գտնվում է մի արճիճի հանք, որ խառն է արծաթի հետ, բայց վարպետները այնքան անհմուտ են, որ չեն կարողանում արծաթը բաժանել արճիճից: Փորձը ցույց է տվել, որ մեկ պուդից ստացվում է 24 ֆունդ դուտ արճիճ: Հանքերը գտել են հիշյալ հույները, մի մասը վաճառել են մի շուշեցի վաճառականի և նրա փողով բովագործում են:

ԱԿՆԱՐԿՆԵՐ

ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

Մեզանից ո՞րի հետ չէ պատահել աշակերտության ժամանակ, երբ վարժապետը նկատել է մեր այս և այն անկարգությունը, ասելով. — Արշակ, անպիտան, ինչո՞ւ ես այդպես անում: Արշակը պատասխանել է. — Վարժապետ, աստված վկա, ես մենակ չէի, Արամն էլ էր անում...:

Արշակը Արամին մատնելու դիտավորությամբ չէ հայտնում նրա անկարգությունը, այլ կամենում է ցույց տալ, թե ինքը ընկեր ունի, ինքը միայն չէ անկարգը, — կամենում է դրանով արդարանալ...

Կարծես միևնույն սովորությունը մենք ուսումնարանից բերել ենք մեզ հետ և կյանքի մեջ: Երբ մեզ նկատում են, թե դու այս և այն թերություններն ունես, — մենք իսկույն ցույց ենք տալիս մի ուրիշը, ասելով, տե՜ս, ահա՜ նա էլ միևնույն թերություններն ունի և դրանով արդարանում ենք...:

Կարծես միևնույն սովորությունը տարածվել է և մեր ամբողջ ազգի, ամբողջ դասակարգերի վրա: Դուք փորձեցեք մեր եկեղեցականներին ասել. — սրբազան հայրեր, ձեր վարմունքը չէ համապատասխանում ձեր կոչմանը, դուք Քրիստոսի աշակերտներ եք, պետք է նրա նման անարատ և անձնազոհ լինեք, պետք է ժողովրդին առաջնորդեք դեպի բարություն և բարոյական ուղղություն և այլն: Տեսար, մինը պաշտպան հանդիսացավ, և քո առջև դնելով կաթոլիկ կղերը, սկսեց նկարագրել նրանց անբարոյականությունները, ասելով. — Նայի՜ր, նրանք էլ միևնույնն են անում, ինչո՞ւ եք մեզադրում մեր եկեղեցականներին...:

Դուք փորձեցեք ասել, թե մեր վաճառականներն անազնիվ կերպով են վարում իրանց առևտուրը: Իսկույն ձեզ ցույց կտան հույներին և հրեաներին, ասելով. — Տեսեք, նրանք ավելի վատ են վարվում:

Մի խոսքով, ինչ որ մեր մեջ վատ է, անբարոյական է, անազնիվ է, վնասակար է, — ներելի է, որովհետև օտար ազգերի մեջ էլ գանում ենք միևնույն հատկությունները: Բայց արդյոք ուշադրություն դարձնում ենք օտար ազգերի ունեցած այն առավելությունների, այն լավ կողմերի վրա, որ մենք չունենք, որոնցից մենք, զուրկ ենք:

***

Մենք մեզ արդարացնում ենք և մի տեսակ մխիթարություն ենք զգում, երբ օտարների մեջ էլ գտնում ենք մեր պակասությունները:

Կույրը նույն մխիթարությունն է զգում, երբ տեսնում է մի ուրիշ կույրի. ուրախանում է, որ ինքը մենակ չէ: Չարագործի խիղճը մեղմանում է, եթե իրանից թշվառին է հանդիպում: Այդ առաջ է գալիս այն ցանկությունից, որ մարդ կամենում է ամեն ինչ խավար տեսնել, որ յուր սևությունը չերևա...:

ՃԱՆՃԸ

Ամեն մարդ գիտե, թե ի՜նչ ողորմելի բան է ճանճը. նա այնքան հիմար է, որ ինքն իրան խրվում է սարդի ոստայնի մեջ, և այնքան անզոր է, որ չէ կարողանում կտրատել յուր որոգայթի ամենաթույլ թելերը: Այնտեղ մնում է, և բզբզալով հույս ունի, թե կազատվի: Հանկարծ դուրս է գալիս սարդը, և բռնելով յուր որսի շլնքից, սկսում է արյունը ծծել... և մի քանի ժամից հետո տեսնում ես, բզբզոցը կտրվեցավ, և ողորմելի կենդանին քարշ ընկավ ոստայնի թելերից:

Չնայելով, որ ճանճն այս աստիճան ողորմելի է, այսուամենայնիվ մեր լեզվի մեջ վայելում է մի նշանավոր առած. «Ճանճը թեև ոչինչ է, բայց մարդկանց սիրտը պղտորում է»: Եվ, իրավ, տեսնում ես, որ անդորր քեզ համար նստած ես, նրա հետ գործ ունենալու ցանկություն չունես, բայց նա լրբաբար թռչում է` երեսիդ, աչքիդ, քթիդ, ականջիդ, մի լավ ծրտում է ու փախչում: Դու առջևդ կերակուր ես դրած, լավ ախորժակով ուտում ես, կամ պատրաստել ես ուրիշին ուտեցնելու համար. — հանկարծ նա բզզալով գալիս է ու մեջն է ընկնում, մուռտառում է և սիրտդ պղտորում...:

Ճանճը զարմանալի հատկություններ ունի. նա լիրբ է, անամոթ է և հանդուգն է: Հազար անգամ քշես, դարձյալ չի ամաչի, դարձյալ կգա և քթիդ ծայրին կնստի: Յուր շահերը որոնելու համար, յուր փորը կշտացնելու համար, ճանճը խտրություն չէ դնում ոչ մի առարկայի, — նա ամեն բանի վրա նստում է և ամեն բանից հյութ է ծծում: Նա ընտրողություն չունի. տեսար, մի քանի րոպե առաջ շաքարի քաղցրություն էր վայելում, իսկ այժմ աղբի վրա է նստած, և նրա հյութն է ծծում...:

Բայց ավելի զզվելի են գրականության ճանճերը, որոնք զոիլներ, կծողներ և վայրահաչներ են կոչվում, որոնք ամեն բանի մեջ խրվում են, և սիրտ են պղտորում...:

«Երկու չարյաց փոքրագույնն է ընտրելու». դա մի առած է, որ կրկնվում է ամեն մի հայ մարդու բերանում, որովհետև մեր բնավորության հատկանիշն է:

Ի՞նչ է նշանակում:

Ես կպատմեմ ձեզ մի անցք, և դուք գուցե կհասկանաք այդ առածի նշանակությունը:

Պարսկաստանում երկու եղբայրներ կային, որոնց երկուսն էլ գերիներ էին, և ամեն մեկը ծառայում էր առանձին աղայի մոտ. մի անգամ ինձ պատահեց լսել նրանց մեջ մի այսպիսի խոսակցություն.

Տանջվում եմ, եղբայր, տանջվում եմ, — ասաց երեցը. — ուզում եմ թողնել այդ անպիտան ծառայությունը և մի կտոր ազատ հացի համար մտածել:

Ինչո՞ւ, ի՞նչ կան, — հարցրուց կրտսեր եղբայրը:

Էլ ի՞նչ լինի, մի րոպե հանգստություն չունեմ, մաշվեցա, տրորվեցա աղայի ձեռքից, ու ոչ մի վարձատրություն չկա:

Ապա իմ ջանը քա՞ր է, — պատասխանեց կրտսեր եղբայրը. — դու փառք տուր աստծուն, որ դեռ կենդանի ես մնացել. քո աղան թեև շատ է չարչարում, բայց չէ սպանում, բայց ես էսօր-էգուց հոգիս տալու վրա եմ:

Միևնույն է, ինձ էլ կհասնի մեռնելու ժամը, — պատասխանեց երեցը:

Ոչ, քո վիճակն ավելի լավ է իմից. դու համբերիր, մի՜ հուսահատվիր, աստված ողորմած է:

Երկու եղբոր գանգատները լսեց մի մոլլա, և կանգնելով, խրատական կերպով ասաց կրտսեր եղբորը, որ բողոքում էր բռնության դեմ.

Որպես երևում է, դու գերի ես, բայց իրավունք չունեք գանգատվել վիճակիդ դեմ, քանի որ քո երեց եղբոր աղան ավելի բռնակալ է, քանի որ նա ավելի շատ է տանջում:

Մոլլայի խոսքը կիսատ թողեց մի երիտասարդ, որ բաբիների աղանդավորներից էր, և հանկարծ վրա հասնելով, բռնեց նրա օձիքից և ասաց.

Է՛յ, մոլլա, էդ ինչե՞ր ես խոսում, էնքան Ղորան ես կարդացել, որ խելքդ ցնդել է: Ի՞նչ է նշանակում, թե մեկի աղան շատ է տանջում, իսկ մյուսինը՝ փոքր, և այս պատճառով վերջինը պետք է լռե և չմտածե յուր հանգստության համար: Ստրկությունը դարձյալ կմնա ստրկություն, թե մեծ եղբոր և թե փոքր եղբոր վերաբերությամբ. բանը տանջանքի չափի մեջը չէ, այլ ստրկության գաղափարի մեջն է՝ թե՜ մեծ և թե փոքր չափով լիներ տանջվածը:

Երկու չարյաց փոքրագույնն է ընտրելու, — ասաց մոլլան և հեռացավ:

Դեռ հոդվածս չէի վերջացրել, մեկ էլ տեսնեմ բառերը մինը մյուսի հետևից մրոտվում են: Ի՞նչ էր պատճառը: Դու մի՜ ասիլ, մի ճանճ անզգուշությամբ ընկել էր գաղամարիս մեջ, և գրչիս սրածայր երկաթը խրվելով նրա սրտի մեջ, դուրս էր քաշել սև թանաքի միջից, և ես չնկատելով այդ, այնպես գրում էի:

Երբեմն ամենաչնչին առարկաները մարդու խորհրդածության նյութ են դառնում. ես էլ ակամայից սկսեցի նրա վրա մտածեի թե ի՞նչ բան է ճանճը:

«Ախար ի՞նչ գործ ունես թանաքամանիս մեջ, հիմար, ասում եմ ինձ ու ինձ, որ այնտեղ խեղդվես, և վերջը գրչիս ցցվելով, տողերս մուռտառես»:

ՊԱՐՍԿԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ75

Ա

ՈՒՍՈՒՄ Եվ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդելով Պարսկաստանի քաղաքները` ամեն մի մեչիտի բակին կից գտնում ես մադրասաներ (վարժարաններ): Եվ շատ մեչիտներ իրանք ծառայում են որպես մադրասաներ: Դու տեսնում ես մի կողմում, յուր թթված դեմքով, փոքրիկ խալիչայի վերա ծալապատիկ նստած է մոլլան, վարժապետը: Նրա առջև դրված է փոքրիկ գրքակալ, մի երկայն նախշուն թանաքաման իր եղեգնյա գրիչներով, և մոտին դրած են մի քանի դալար ճիպոտ, խեղճ աշակերտների համար:

Next page