Րաֆֆի՝   Հուշագրություններ

Դերվիշներից շատերը պատկանում են զանազան այլ աղանդների, ինչպես են` դահրի, սուֆի բաբի, ուրաֆա, և այլն, որոնց մասին առաջին նամակումս գրած եմ քեզ: Այլև կան նրանց մեջ շատ խաբեբաներ, որոնք պարապում են կախարդությունով, աստղերի հմայությունով և թովչությունով:

Դերվիշները չեն սիրում մոլլաները, համարելով նրանց անհավատներ, որովհետև նրանք չեն կատարում շարիաթի կանոնները: Բայց ժողովրդի բարձր դասը, ազնվականները, պատվում են նրանց, և սիրում են լսել նրանց իմաստությունը:

Դերվիշները, այդ իմաստության թափառական միսիոնարները, կարող են օգտավետ լինել Պարսկաստանի մեջ նոր մտքեր տարածելու, թեև նրանք մի որոշակի ուղղություն չունեն, այլ յուրաքանչյուրն ունի յուր առանձին համոզմունքները և կարծիքները, այսուամենայնիվ նրանց մեջ կա ազատ մտածողություն:

ՆՈՏԱՐ

Պարսկաստանը չունի կառավարության կողմից նշանակված ո՜չ մակլերներ և ո՜չ նոտարներ: Այդ պաշտոնները կատարում են զանազան մոլլաներ կամ միրզաներ (գրագիրներ), որոնք նստած բազարներում, մի կտոր հասարակ թուղթ և թանաքաման առաջներին դրած, սպասում են իրանց մոտ հաճախողներին:

Մի մարդ մյուսից պարտք է վեր առել և հարկավոր է նրան մուրհակ տալ. կամ մինը մյուսից անշարժ կայք է գնած, հարկավոր է նրան կալվածագիր տալ. կամ մինը մինի հետ պայման, դաշնադրություն ունե, կամ մինը բարևագիր պիտի գրե յուր բարեկամին. բոլորը գնում են մոլլայի կամ միրզայի մոտ: Նա գրում է նրանց թղթերը, ինքը կնքում է, և այլ երեք հոգի վկաների կնքել է տալիս, այդքանը բավական է թղթի հաստատության համար:

Միրզան կամ մոլլան, ով որ կուզե թող լինի, բարոյական, թե անբարոյական մարդ, այդ պաշտոնը կատարելու համար, մի առանձին երաշխավորություն կամ արտոնություն չէ պահանջվում նրանից, բավական է միայն, որ նա գիտե գրել և կարդալ:

Ամեն տեսակ թղթի վրա գրում է նա՝ սպիտակ, դեղին և այլն: Պարսկաստանը դեռ դրոշմավոր թուղթ չունի:

Ամեն մի վկայական չէ վատթարանում պարտավորված կողմերի կամ վկաների ստորագրությամբ, այլ նրանց և գրող մոլլայի լոկ կնիքների դրոշմվելով:

Այդպիսի կնիքներ կարելի է գնել բազարից, ուր՝ քանդակագործների մոտ զանազան մարդկանց անուններով, հարյուրներով պատրաստի ծախվում են:

Այնպես որ կեղծ վկաներով մուրհակ շինելն ամենայն կերպով հնարավոր է լինում: Բավական է մի միրզային մի քանի շահի տալ գրելու միայն մի վկայական, այնուհետև նրան վավերացնելու համար կնիքները հեշտ է գնել բազարից:

ՇԱՌԻԱԹ

Շառիաթն է քաղաքական և կրոնական օրենքը, որով կառավարվում են Իսլամին հետևող ազգերը: Նա յուր գոյությունն ստացավ Մուհամմեդից:

Շառիաթի օրենսդրական շրջանն այնքան նեղ եղավ, որքան սակավ էր այն ազգի (արբացոց) կյանքի պիտույքները, որի համար գրվեցավ նա, և որքան տկար էր նրա հեղինակի ուժը և քաղաքական զորությունը նրա գրելու ժամանակ:

Մուհամմեդը տվավ արաբներին շառիաթի հրահանգները ոչ իբրև հասարակ օրենսդրական կանոններ, այլ որպես սրբազան հայտնություն (աշար), երկնքից նրան իջած Գաբրիել հրեշտակի ձեռքով: Այդ հավաքված աշարները կոչվեցավ Ղորան:

Ղորանի աշարները հարմարեցրած են առօրյա անցքերին և դեպքերին, որ պատահում են մարգարեի հետ: Այդ պատճառով նրանց մեջ ոչ միայն չկա օրենքների ընդհանուր համակարգություն, այլ շատ տեղ նշմարվում են ամբողջ հոդվածների հակասություններ: Որովհետև փոխվելով դեպքերը, փոխվելով հանգամանքները, Մուհամմեդն ստիպված էր փոխել յուր խոսքը:

Ղորանի ընդհանուր պարունակությունը շատ բազմագունի է: Նա գրված է բանաստեղծորեն, գեղեցիկ և քաղցր խոսքերով: Նրա ոճը հատկանիշ է արաբացոց վառ երևակայությանը և նրա շրջապատող բնության ջերմությանը: Բայց եթե վեր առնեինք նրա միջից առասպելախառն պատմությունները (որոնք շատ հավանական է, թե մարգարեն հավաքած պիտի լինի բերանացի ավանդություններից), իբրև օրենք մնում են սակավ բաներ միայն:

Այդ օրենքներից շատերը, որպիսիք են՝ թլպատությունը, ծոմապահությունը, զոհաբերությունները, լվացմամբ մաքրությունը, ամուսնության կանոնները, փոխարինությունը՝ մի վնասը մյուսի դեմ, բաժանումը ժառանգության շարժական և անշարժ կայքերի և այլն, — դրանք էին Մովսիսական օրենքներ, որոնք ավանդությամբ մնացել էին արաբների մեջ, և որոնց Մուհամմեդը ձևակերպեց յուր նպատակների համեմատ:

Մի քանի օրենքներ, որոնք հնարեց ինքը Մուհամմեդը, որպիսիք են՝ ջահաթ, այսինքն միահամուռ պատերազմ ընդդեմ անջահաթների, և զառաթ, այսինքն կողոպուտ և նրա բաժանման կանոնները զորքերի մեջ, — դրանք էին նրա մարգարեական և աշխարհակալական նպատակների շարժառիթները: Առաջինը՝ ջահաթը, կրոնական ջերմեռանդությամբ ոգևորում էր նրա հավատացյալներին դեպի պատերազմ Իսլամը չընդունողների դեմ և թրի զորությամբ տարածում էր մարգարեի կրոնքը և իշխանությունը հաղթված ազգերի վրա: Երկրորդը՝ զառաթը, բորբոքում էր նրա զինվորների նյութական ընչասիրությունը և առիթ էր տալիս պատերազմելու:

Մի քանի օրենքներ վերաբերում էին մարգարեի անձնականությանը, նրա ընտանիքին և նրա սերունդի ապագային: Օրինակի համար, նա վերստին հաստատեց Քաբայի տան ուխտագնացությունը, որի պաշտոնը և բանալիքները իբրև հայրենական ժառանգություն՝ մնում էր Կորաշների, — յուր տոհմայինների ձեռքում: Նա հաստատեց խումսը, իբրև ապրուստի ապահովություն յուր զավակների, յուր ապագա սերնդի: Նա տվավ այեի նիջաբը՝ կանանց ծածկապահության օրենքը, յուր կասկածավոր կրքերից գրգռված, որ յուր գեղեցիկ հարեմները անմատչելի լինեին ժողովրդին, և օրենքով արգելեց՝ ամեն մարդու, մինչև անգամ յուր մահից հետո նրանց հետ ամուսնանալու իրավունքն ունենալուց:

Ես ավելորդ եմ համարում մանրամասն քննադատել Ղորանի ամբողջ վարդապետությունը, միայն կասեմ, որ նա մի խառն ժողովածու է բիբլիական պատմությունների և կրոնական ու քաղաքական օրենքների:

Բուն հոգին կրոնական օրենքների պայմանավորվում է արտաքին ծիսակատարություններով և արարողություններով: Նրանք չեն ազդում մարդու խղճի և սրտի վրա, նրանք չեն հանգստացնում մարդու միտքը, այլ թողում են նրան` անորոշ և անտարբեր դրության մեջ:

Մուհամմեդը հայտնում է մի այսպիսի միտք, թե աստված սկզբանե ստեղծել է մարդկանց՝ ոմանց անհավատ լինելու և ոմանց հավատացյալ, ոմանց դժոխքը տանելու և ոմանց դրախտը, այլ խոսքով` նա քարոզում է ճակատագրի նախասահմանությունը:

Այդ միտքն ավելի պարզեցին Ղորանի մեկնիչները, ասելով` տիեզերքի ստեղծվելուց առաջ աստված ստեղծեց աշխարհ գալու ամբողջ մարդկության հոգիների տարրը (զարրա): Այդ ժամանակը կոչվում է ալամզարր, այսինքն տարրերի ժամանակ: Նա առաջարկեց այդ տարերքին հավատքը դեպի աստված, հավատքը, դեպի գալոց աշխարհի ճշմարիտ կրոնքըմայեն. ոմանք ընդունեցին, ոմանք ուրացան: Այդ պատճառով աստված ստեղծում է մարդկանց իրանց սկզբնական ընտրողությանը համեմատ՝ ոմանց հավատացյալ և բարի, իսկ ոմանց անհավատ և չար:

Եվ մարդ աշխարհ գալով` չգիտե, թե ինքը ո՜ր դասին է պատկանում՝ հավատացյալներին, թե՞ անհավատներին. նա չգիտե, թե յուր հոգու տարրը ի՜նչ է ընտրել, արդյո՞ք նա բարին է ընտրել, թե չարը, դժոխքին է պատկանում, թե դրախտին. նա մնում է մինչև յուր մահը անորոշ երկմտության մեջ:

Եվ այդպես Ղորանը մարդու ազատ անձնիշխանությանը այս աշխարհում ոչինչ չէ թողնում. մարդը դառնում է մի կրոնավորական էակ, որ պիտի խոնարհի սկզբնական նախասահմանությանը: Ահա՜ գլխավոր պատճառը, որ Իսլամի հետևողները մնում են զուրկ ինքնուրույն մտածելուց և ամենայն անհատական զարգացումից:

Իսկ քաղաքական օրենքները շատ թերի են, նրանք չեն համապատասխանում կյանքի բազմատեսակ պայմաններին, նրանք չեն լրացնում մարդկության պիտույքները, նրա պահանջմունքները: Այսուամենայնիվ Ղորանի օրենքները մնացին նաև նախասկիզբն Իսլամի իրավաբանության: Մարգարեի հաջորդ խալիֆաները՝ Օմարը, Օսմանը, Աբուբեքիրը, Ալին, հիմնվեցան նույն օրենքների վրա, համարելով նրանց աստուծո վերջին խոսքը, որով պիտի կառավարվեր մարդկությունը և որ անփոփոխ պիտի մնար մինչև դարերի վերջը: Թեև Ղորանն ունի յուր մեջ, որպես ասացինք, խիստ սակավ օրենքներ, միայն մարգարեից հետո, նրա հաջորդները և Ղորանի մեկնիչները սկսեցին տալ նրա խոսքերին զանազան բացատրություններ, և այդ բացատրություններից հետզհետե ձևակերպվեցան զանազան կանոններ, այնքան խառն և հակասական միմյանց, որքան շատ եղան այդ մեկնիչների թիվը զանազան դարերում: Եվ այդպիսով կազմակերպվեցավ շառիաթը:

Շառիաթի նախկին ավանդապահները և նրա գործադրողները եղան Մարգարեի հաջորդները, այսինքն՝ նրա խալիֆաները, որոնք էին ներկայացուցիչներն Իսլամի թե՜ հոգևոր և թե՜ մարմնավոր իշխանության:

Տաճկաստանում օսմանցիների և Պարսկաստանում Սաֆավիների թագավորները խլեցին խալիֆաներից նրանց աշխարհական իշխանությունը և թողեցին նրանց միայն հոգևոր կառավարությունը և շառիաթի գործադրությունը:

Խալիֆաներից անցավ այդ արտոնությունը Իսլամի մոլլաներին: Որովհետև իմ խոսքը Պարսկաստանի վրա պիտի լինի, ուրեմն կգրեմ մի քանի տեղեկություններ Շիաների մոլլաների մասին:

Շիաների հոգևոր դասը բաղկանում է հետևյալ դասերից` Մուշտայիդ, ազամ, այսինքն՝ մեծ մուշտայիդ. դա է բարձրագույն գլուխը նրանց գինի, և որպես ընդհանուր պատրիարքը` նա նստում է Բաղդադի Քալբալա կոչված վանքում, որ և կենդրոն է շիաների կրոնական աշխարհի, ուր դրած են նահատակված իմամների գերեզմանները:

Բացի նրանցից, Պարսկաստանի քաղաքները ունեն իրանց առանձին Մուշտայիդները, որպես գլխավոր Մուշտայիդի տեղապահներ: Դրանք կոչվում են քիշնամաչներ, այսինքն՝ այնպիսի մոլլաներ, որոնք մեչիտներում հրապարակական աղոթքի ժամանակ կարդում էին նամազը, և ժողովուրդը հետևում էր նրանց օրինակին:

Մնացորդ կարգերն են Շեյխ-Ուլ-Իսլամ, Ղադի. դրանք են շառիաթի գլխավոր ավանդապահները, որոնք և կոչվում են Հաքիմջառ, որ նշանակում է դատավոր: Ղազի և Շեյխ-Ուլ Իսլամ լինելու արտոնությունը տալիս է կառավարությունը:

Ստորին կարգերն են՝ հասարակ մոլլաներ, որոնք պարապում են վարժապետությամբ և ունին ուսումնարաններ: Թալբաները համապատասխանում են քրիստոնյաների տիրացուներին:

Ամբողջ հոգևորական դասը, մի խոսքով՝ կոչվում է ուլամա (իմաստուններ) ախունդ կամ հասարակաբար մոլլա:

Մոլլա լինելու բարձր աստիճաններն ստանալու համար՝ որպես են՝ Մուշտայիդ, Շեյխ-Ուլ-Իսլամ, Ղազի, — հարկավոր է դիմել Բաղդադ` գլխավոր Մուշտայիդին: Այնտեղ, Քալբալայի տան մեջ կա հոգևոր բարձր ուսումնարան, Իսլամի աստվածաբանությունը և շառիաթի օրենսգիտությունը սովորելու: Ուսանողը մնում է այնտեղ յոթն, ութը տարի, սովորում է արաբական լեզուն, լսում է դասեր հիշյալ առարկաներից, և ուսումն ավարտեուց հետո ստանում է գլխավոր Մուշտայիդից վկայական յուր գիտության մասին:

Ոչինչ կրոնական ծեսեր չեն կատարվում ուսանողին մոլլա լինելու որևիցե կարգում ձեռնադրվելու. բավական է միայն, որ նա ունենա գիտնական արժանավորություն, և յուր վարձով գրավե գլխավոր Մուշտայիդի համակրությունը: Նորընծա մոլլան ավարտելով յուր ուսումը, գլխին փաթաթելով ճերմակ կտավե նվիրական ամմամոն, ծածկելով սև շալը մաչիտի վերարկուի (ապայի) մեջ, երկայն, սպիտակ արաբական հագուստով, մեջքը պնդած հաստ գոտիով, բարեպաշտական տերողորմյան ձեռքում, մի խոսքով, յուր արտաքին կերպարանքը ձևակերպելով ջերմեռանդ և բարի հոգևորականի ամենայն կեղծավորությամբ, — վերադառնում է հայրենիք և բաց է անում յուր համար շառիաթխանա (դատաստանատուն):

Շառիաթխանան կառավարչական մի առանձին պաշտոնական տեղ չէ: Ամեն մի հաքիմ-շառ յուր դասատան սենյակը որոշում է յուր համար, որպես շառիաթխանա:

Ես կնկարագրեմ այդ շառիաթխանաներից մեկը, որին ես այցելություն արեցի Թեհրանում: Հաքիմ-շառը ամենահարուստ կալվածատերն էր, նա ուներ գյուղորայք, ահագին հարստություն: Ես ներս մտա նրա շառիաթխանան. դա մի սենյակ էր խիստ աղքատիկ կերպարանքով, թղթած լուսամուտներով և մերկ հատակով: Ինքը՝ Հաքիմ-շառը, խիստ հասարակ հագուստով՝ նստած էր փսիաթի վրա: Նա ներկայացնում էր ինձ Իսլամի մարգարեն կամ նրա խալիֆաները, որոնք իրանց ահագին մեծության մեջ ցուցանում էին` պարզ, անփառասեր և չափավոր կյանք:

Երեկոյան ժամն էր, Հաքիմ-շառը ինձ հրավիրեց յուր ներսի տունը թեյ խմելու: Ես զարմացա, տեսնելով ահագին զանազանություն ներսի և դրսի տան մեջ: Այդ անմատչելի բնակարանը, որ նվիրական էր նրա հարեմներին, վառվում էր ամենայն շքեղությամբ:

Ես այնտեղ մտնելու բախտն ունեցա նրանով, որ Հաքիմ-շառի երեխան հիվանդ էր, ինձ հրավիրեցին որպես բժիշկ:

Բակը զարդարած էր գեղեցիկ պարտեզով և հազվագյուտ ծաղիկներով. նրա մեջտեղում փողփողում էր մարմարիոն շատրվանը. ջուրը դեպի վեր էր ցողվում արծաթյա հոսանքով: Սենյակները վառվում էին գույնզգույն ապակեզարդ լուսամուտներով, ամենուրեք տիրում էր ճոխություն, փայլում էին շալեր, թանկագին խալիներ, մետաքս, ոսկի, արծաթ, չինական կարասիք:

Ես կամեցա օգուտ քաղել Իսլամի դատավորի ներկայացուցչից, խոսելով շառիաթի վրա, և հայտնեցի իմ կարծիքը նրա մասին, ասելով. — Ամեն մի օրենսդրություն, թող նա տված իսկ լիներ որևիցե մարգարեի ձեռքով, ժամանակների ընթացքից հետո հնանում է, անպիտանանում է և դառնում է ժողովրդի կյանքի պայմաններին անգոհացուցիչ: Այդպես է Մուհամմեդի շառիաթը: Համարյա տասն ու երեք դարեր անցնում են նրա գրվելու ժամանակից: Իսլամի քաղաքական և բարոյական կյանքն այժմ բոլորովին այլ պայմանների մեջ է, բայց շառիաթը դեռ մնում է նույնը:

Մոլլան պատասխանեց. — Շառիաթը որևիցե աշխարհական մարդու սահմանադրություն չէ, որ ենթարկվի այս և այն փոփոխություններին. նա աստուծո խոսքն է և պիտի մնա որպես հավիտենական օրենք:

Ի՞նչ օգուտ մի այդպիսի օրենքից, երբ նա չէ համապատասխանում հասարակության կյանքի պայմաններին, — հարցրի ես:

Թո՜ղ ժողովուրդն ինքը յուր կյանքը հարմարեցնե շառիաթի կանոններին, և ոչ թե շառիաթը հպատակվի ժողովրդի կյանքի պահանջմունքներին, — պատասխանեց մոլլան:

Այստեղ է գլխավոր սխալը, դուք կարծում եք, թե մարդկային կյանքը պիտի հարմարվի օրենքի պահանջներին, և ո՜չ օրենքը կյանքի պայմաններին: Ես հիմա ցույց կտամ ձեզ ընդհանուր վնասը մի այդպիսի ուղղության: Այն ազգերը, որ դարերով կառավարվում են միօրինակ օրենքով, նրանք մնում են միօրինակ անշարժության մեջ: Գիտությունը, կրթությունը, լուսավորությունը մնում է նրանց անմատչելի: Սույն դրության մեջն են այժմ Իսլամին հետևող ազգերը:

Վերջին խոսքերը կարծես բարկացրին մոլլային, և նա ասաց.

Այն բանը, որ դուք կոչում եք գիտություն, կրթություն, լուսավորություն, դա ծայրահեղ մոլություն է, որ տանում է մարդուն դեպի դժոխքը և շինում է նրան սատանայի հպատակ: Լուսավորությունը բովանդակվում է միմիայն Ղորանի մեջ, և նրա լույսով պիտի կառավարվի ամբողջ մարդկությունը:

Ես հարցրի. — Գիտե՞ք այդպիսի սխալ կարծիքները որքա՜ն ետ թողեցին ձեր ժողովուրդը լուսավոր ազգերի առաջադիմությունից և նրանց բարօրությունից:

Մեր բարօրությունը, մեր փառքը մարգարեի ճեննաթումը պիտի վայելենք. այս աշխարքը ոչինչ բան է, — պատասխանեց մոլլան խորին համոզմունքով:

Ազանի ծանր և ձգական ձայնն ընդհատեց մեր խոսակցությունը, մոլլան պատրաստվեցավ յուր նամազը կատարելու: Ես հեռացա նրանից:

ՋՐԱԲԵՐԴ

Մի հատված իմ ճանապարհորդությունից Ղարաբադում

Մռայլ է: Առջևից օձի նման ոլորվում է մի հազիվ նշմարվող շավիղ, որ տանում է անտառապատ լեռների կողքերով, իսկ վերևից՝ տարածվում է հսկայական ծառերի կանաչազարդ կամարը: Արեգակի ճառագայթները չեն անցնում այդ կամարի սաղարթախիտ հյուսվածքից. ճյուղերը, ոստերը, տերևները սիրալիր կերպով գրկել են միմյանց:

Տեղ-տեղ կանաչազարդ կամարը տատանվում է և ճյուղերի ճեղքերից տեսնվում է կապտագույն երկնքի մի փոքրիկ մասը միայն: Այդ ճեղքերից ոսկյա ժապավենների նման ներս են ցոլանում արեգակի բարակ շողքերը, և անտառի մեջ տիրող մռայլը փոքր-ինչ պարզվում է, լուսավորվում է:

Օդը խեղդվում է: Վերևից հուլիսյան արեգակը կրակ է թափում: Բայց այդ կրակը, այդ տապը, այդ բոցը չէ թափանցում մինչև անտառի խորքը: Ոստերի տերևների խիտ հյուսվածքը ընդդիմադրում է նրանց: Ձորերի խոնավ զովությունը, մեղմացած վերևից ներգործող ջերմությամբ, խիստ ախորժ հրապուրանքով շփվում է ուղևորի երեսին, և նա լի ախորժակով շնչում է եղևնիներից բուրող բալասանը:

Շավիղը նեղ է: Նա անթիվ ելևէջներ ունի: Երբեմն բարձրանում է գագաթների վրա, երբեմն իջնում է մթին ձորերի և նեղ փապարների մեջ: Սայլակի անիվները, աշխարհի սկզբից մուտք չեն գործել այդ կուսական անտառների մեջ: Մարդը միշտ սարսափել է իր համար ճանապարհ հարթելու: Լեռնային գահավեժները սոսկալի են: Ուղևորի ձին անգամ չէ հանդգնում ոտք կոխել նրանց վրա. մի սխալ քայլ, մի թեթև սայթաքում, և ահա նա գլորվեցավ դեպի անդունդը...

Ստիպված ես գնալ ոտքով: Քո առաջնորդը, այդ ահարկու ապառաժների, այդ մթին ծմակների հարազատ որդին՝ կտանե քեզ: Նրան ծանոթ են բոլոր անցքերը, բոլոր շառավիղները, որտեղ միայն վայրենի այծերը համարձակվում են ոտք կոխել:

Տիրում է լռություն: Անտառի մեջ մի տերև անգամ չէ շարժվում: Միջօրեի տոթը բոլոր արարածներին հալածել է դեպի ծմակների խորքը, դեպի քարանձավների մթությունը: Թռչունները անգամ չեն երևում: Ամեն ինչ նիրհում է, ամեն ինչ հանգստանում է խորին խաղաղական բերկրության մեջ:

Ինչ-որ մի բան խշխշում է, կարծես ուղևորի ականջներին դիպչում է թփերի մեղմ սոսափյունը: Նայում ես քո շուրջը: Եվ ահա բեղմնավոր շլորենու ճյուղերից քարշ է ընկած մի էակ: Ծառերի խտությունը թույլ չէ տալիս պարզ նշմարել նրան: Երևում է մի կարմիր շապիկ միայն, որ իջել էր մինչև մերկ սրունքները: Հետաքրքրությունը վառվում է: Նայում ես, նայում ես, այժմ նկատվում են կնոջ ծամերի երկայն հյուսեր, որ ծածանվում են ճյուղերի հետ: Այդ ի՞նչ է, որտեղի՞ց հայտնվեցավ այդ անտառային ֆեան: Ի՞նչ գործ ունի նա այդ վայրենի ամայության մեջ, ուր վագրերն անգամ սարսափում են երկյուղից:

Դա մի շինական հայ աղջիկ է, որ հեռավոր գյուղից եկել է անտառային պտուղներ քաղելու: Նա քաղում է կարմիր, հասունացած շլորները և խնամքով լցնում է զամբյուղի մեջ, որ քարշ է ընկած նրա թևքից: Նա մենակ է: Փոքր-ինչ հեռու, գլուխը առջևի թաթերի վրա դրած, պառկել է նրա մտերիմ ընկերը, — մի ահագին շուն: Փորձի՜ր մոտենալ մենավոր աղջկան, այդ գազանը կը պատառոտե քեզ:

Աղջիկը ետ նայեց: Ուղևորը կասկածավոր երևեցավ նրան: Զարմանալի արագությամբ ցած ցատկեց նա շլորենուց և մի ակնթարթում անհայտացավ անտառի մթության մեջ: Այլևս՝ ինքը սատանան չէ կարող գտնել նրան: Նա չի վախենա. նա երկյուղ չունի. նա ամեն տեղ կգնա: Նա ծնվել է և սնվել այն մամռապատ ծառերի հետ, նրա օրորոցը եղել է այն վայրենի ապառաժները:

Մի քանի քայլ ևս, և ուղևորը նկատում է այդ անտառային կույսերի երկրորդը, երրորդը... Դրանք չեն փախչում. դրանք ճանաչեցին, որ դու նույնպես հայ ես, որպես իրանք: Նայում են քեզ վրա և խորամանկ հեգնությամբ ժպտում են: Ինչո՞ւ, ի՞նչն է շարժում այդ միամիտ շինական աղջիկների ծիծաղը:

Նրանք նկատեցին քո դողդոջուն քայլերը, նրանք տեսան, թե ինչպես դու երկչոտ կերպով մագլցում ես ժայռերից և կրիայի նման առաջ ես սողում: Այդ բավական է, որ հրավիրեր երիտասարդի վրա լեռնային աղջկա ծիծաղը: Կարծես մարդ լսում է նրանց ուրախ հանաքները: «Ա՛յ փափկամորթ, սովորե՜լ ես կառքերի վրա թեք ընկնել, կամ թավիշապատ դիվանների վրա ծուլանալ. դե՜, փորձի՜ր մեր սարերի վրա ման գալ, այն ժամանակ կասենք, որ դու էլ տղամարդ ես...»:

Ուղևորը թողնում է բնության այդ հարազատ զավակներին, և իրավ, կրիայի նման սկսում է առաջ շարժվել:

Շուտով, — շտապեցնում է քեզ առաջնորդը, — եթե այսպես գնալու լինենք, մինչև արևի մտնելը տեղ չենք հասնի:

Առաջնորդի ծաղրածությանը ևս առարկա չդառնալու համար, ուղևորը ստիպված է փոքր-ինչ թեթև շարժվել: Հոգնածությունը վերջապես բոլորովին անտանելի է դառնում: Առաջնորդը նկատում է այդ, և մի առանձին քաղաքավարությամբ միջոց է տալիս հանգստանալու:

Ծխեցեք, պարոն:

Նստում ես ծառերի հովանավոր ստվերի ներքո, սկսում ես ծխել: Քրտինքը հեղեղի նման թափվում է քո ճակատից: Ամեն ինչ թաց է, շապիկ, ժիլետ և ամառային ժակետ: Անկարելի է այդ դրության մեջ երկար նստել: Հագուստը կորցնում է իր ջերմությունը և մրսողությունը անխուսափելի է դառնում: Պետք է դարձյալ շարժում գործել, պետք է առաջ գնալ...

Գնում ես, գնում ես, միևնույն լռության, միևնույն անշարժության միջով: Հանկարծ նիրհող անտառի խորհրդավոր հանգստությունը աղմկվում է և, կարծես, լսում ես մի խուլ, ստորերկրյա որոտման ծանր դղրդոցը: Որքան առաջ ես գնում, շրջապատող լեռները սկսում են հետզհետե որոտալ:

Նայում ես դեպի երկինքը, տեսնում ես նույն մանիշակագույն կապուտակությունը իր նուրբ ժպիտով, նույն լուսավոր արեգակը իր պայծառ ճառագայթներով: Ամպի մի փոքրիկ պատառ անգամ չէ երևում:

Բայց որտեղի՞ց է լսվում այդ խուլ, սարսափեցնող որոտի ձայնը: Մտածում ես, անդունդի մեջ կատարվում է մի սոսկալի խռովություն. կատաղի տարրերը մարտնչում են միմյանց հետ:

Ժայռերը, ապառաժները մռնչում են: Խաղաղ մթնոլորտը սկսում է երկյուղածությամբ դողդողալ: Եվ ուղևորի վրա տիրում է մի սրբազան սարսուռ. նա խոնարհվում է, ծունր է իջնում բնության վեհության առջև...

Դա Թարթար գետի ձայնն է լսվում. — հանգստացնում է քեզ առաջնորդը:

Շո՞ւտ կհասնենք:

Այդ սարի մյուս կողմումն է:

Անցնում ես սարը, անցնում ես սարի մյուս կողմը: Քո առջև բացվում է մթին անդունդ: Նայում ես, նայում ես անդունդի խորության մեջ, աչքերդ սևանում են, գլուխդ պտտվում է, ոչինչ չես տեսնում: Հետո երևում են քեզ ծառերի հավասար կատարներ, որոնք կարծես մկրատով թարթած լինեին: Այդ ծառերը աստիճանաբար ցած են իջնում, ցած են իջնում և լցնում են կանաչապատ ձորի ամբողջ խորությունը: Ուրիշ ոչինչ չէ երևում:

Ահա Թարթարը, — ցույց է տալիս առաջնորդը, ձեռքը մեկնելով դեպի ձորի խորությունը:

Բայց Թարթարը չէ երևում: Նա կտրել, անցել է ժայռերի ամրությունը. նա տաշել է միապաղաղ ապառաժների զանգվածը. նա հազարավոր քայլերով ցած է իջել դեպի երկրի սիրտը. նա դարերով գործել է այստեղ, մինչև քարերի միջով բաց է արել իր համար մի նեղ և անձուկ ճանապարհ: Այդ ճանապարհի մեջ խեղդված, ճնշված, մի հսկա վիշապի նման գալարվում է նա, պտույտներ է գործում, որոտում է, մռնչում է, և կատաղի կերպով աղմուկ է բարձրացնում, զայրանում է, թե ինչու չէ կարողանում ավելի լայնացնել իր ուղին: Իսկ վիթխարի լեռները երկու կողմից ավելի և ավելի սեղմում են նրան, և նա բարկացած, ավելի աղաղակ է բարձրացնում:

Թարթարը հայոց մեծ գետերի ամենակրտսեր եղբայրն է: Նա փոքրիկ է, բայց ահարկու է: Բնությունից վիճակված է եղել նրան կատարել մի ամենադժվարին դեր: Նա չէ վազում ընդարձակ, հարթ-հավասար և լայնատարած դաշտերի միջով, որ, որքան ցանկանար, այնքան լայնացներ իր ափերը, և, խաղալով, խայտալով, ուրախ հոսանքով շարունակեր իր ընթացքը: Ճակատագիրը Թարթարին սեղմեց Ղարաբաղի լեռնային ձորերի մեջ. նա հազարավոր տարիներով պիտի կռվեր անզգա քարերի և անսիրտ ապառաժների հետ, — և այդ էր, որ զայրացնում էր նրան, այդ էր, որի դեմ բողոքում էր նա իր աղմկալի ձայնով:

Այդ ճնշված, նեղված դրության մեջ ևս Թարթարը պահպանել էր իր վեհությունը: Բնության խստությունը չէր կարողացել հուսահատացնել նրան. նա միշտ կռվել էր և շարունակում էր կռվել իր հոսանքին արգելք դնող խոչընդոտների դեմ:

Երբեմն լեռնային գագաթից պոկվում է, ցած է գլորվում մի ահագին քարաժայռ: Նա կտրում է գետի ճանապարհը: Ջրերի ընթացքը կանգ է առնում: Այդ միջոցին կատաղած Թարթարը ուռչում է, ուռչում է, և հետզհետե աճելով, հավաքում է իր ուժերը: Մի զա՜րկ, զա՜րկ ևսև ահա ահագին քարաժայռը, որ կտրել էր նրա հոսանքի առաջը, հետ մղվեցավ, կատաղի ալիքները մի թեթև տաշեղի նման տանում են նրան, տանում են, և զարկելով ափերի ապառաժներին, խորտակում են, փշրում են: Գետը դարձյալ ընդունում է իր բնական հոսանքը:

Դուք կամենում էիք տեսնել Ջրաբերդը, — հիշեցնում է ինձ առաջնորդը, — շատ հեռու չենք բերդից:

Տարեք ինձ այնտեղ:

Ջրաբե՛րդ, այդ անունը լսելիս իմ սիրտը բաբախում էր և ուրախությունից և տրտմությունից: Ես պիտի տեսնեի այն բերդը, որ շատ անգամ պահել, պահպանել էր մեր հայրերին պարսիկների, թաթարների, արաբների և կովկասյան լեռնաբնակների հարձակմունքներից:

Մենք պիտի իջնեինք Թարթարի ձորը: Բերդը տեսնելու համար պետք էր անցնել գետը:

Բնությունը լավ հասկանալով այդ գետի անհաշտ բնավորությունը, գիտենալով, որ նա այնքան չար է, որ չէ կարող համբերել արհեստական կամուրջների, գտել էր մի հնարք. — երկու ժայռեր, երկու ահագին սյուների նման, ափերի հակառակ կողմերից մոտեցել էր միմյանց: Նրանք այնքան մոտ են, որ մտածում ես, թե կարող ես մեկ ժայռից թռչել մյուսի վրա: Այդ երկու ժայռերի վրա դրած է մի շարժական կամուրջ, որի տակով անցնում է Թարթարը: Ես անցա կամուրջը: Այժմ գտնվում էի գետաձորի հատակի վրա: Չորեք կողմից բարձրանում են անտառապատ լեռներ: Նայում ես դեպի վեր, երկնքի մի նեղ շերտն ես միայն տեսնում: Նայում ես դեպի ցած, և մտածում ես, որ ահա գտնվում ես անդունդի շրթունքների մոտ, որը իր ահագին բերանը բաց արած, պատրաստվում է կլանել քեզ:

Այդ անդունդի, այդ սոսկալի խորության միջից, հսկայական շաքարի գլխի նման բարձրանում է մի մերկ, սեպաձև քարաժայռ: Նայում ես նրա վրա և սքանչանում ես, թե ո՜րքան խելացի է բնությունը, թե ո՜րքան նախատեսել գիտե նա չար մարդիկների չար բնավորությունը, որ կանխապես ստեղծագործել է մի այսպիսի հրաշք, որ մարդիկ կռիվների ժամանակ պատսպարվեն նրա վրա, պաշտպանվեն թշնամու բարբարոսությունների դեմ:

Դա Ջրաբերդն է, — ասում է առաջնորդը, ցույց տալով վիթխարի քարաժայռը:

Նրա լայնանիստ գագաթի վրա գտնվում են բերդի ավերակները: Իսկ ներքևից նա սրածայր է երևում, մի ահագին սեպի նման: Բայց ինչո՞ւ է կոչվում նա Ջրաբերդ:

Բերդը արժանի է այդ կոչմանը: Եվ իրավ, նա երեք կողմից պատած է ջրով: Մի կողմից որոտում է կատաղի Թարթարը, մյուս կողմից, Թըրղի գետը գալով, կտրում է առաջինին, և կազմում է մի սուր եռանկյունի: Այդ եռանկյունիի միջից բարձրանում է սեպաձև քարաժայռը, և նրա գագաթի վրա է դրած Ջրաբերդը, որի ստորոտները ողողվում են այդ երկու գետերով:

Բերդի գլխավոր դռան հսկա կամարներն են միայն մնացել: Այդ դռնից ներս մտնելով, մի օձապտույտ ճանապարհ, ապառաժների կուրծքը քերելով, դեպի վեր է բարձրանում: Ճանապարհի հին սանդուղքները այժմ ծածկված են փլատակների բեկորների տակ: Այդ բեկորների միջից բուսել են, աճել են ծառեր, թուփեր, որոնց ճյուղերից բռնելով, պետք է կամաց-կամաց վեր բարձրանալ: Ձեռքից պոկվեցավ ճյուղը, և դու մի քանի րոպեից հետո կգտնվես Թարթարի որոտացող կոհակների մեջ, որ ներքևում հոսում է:

Իմ առաջնորդը խորհուրդ չէր տալիս գնալ մինչև բերդի գագաթը, զգուշացնելով, թե այնտեղ կարող էինք գազանների հանդիպել: Բայց ինչ էլ որ լիներ, ես վճռել էի տեսնել բոլոր ավերակները:

Մի քանի ամբողջ ժամեր անցան, որ քարերը, ծառերը, թուփերը, մացառները բռնելով մենք դեպի վեր էինք բարձրանում: Ամենադժվարինն այն էր, որ տեղ-տեղ այդ վայրենի բուսականությունը այնպես խիտ հյուսված էր լինում մինը մյուսի հետ, որ անկարելի է անցնել: Իմ առաջնորդը խենջարով կտրատում էր ճյուղերը, և ինձ համար ճանապարհ էր բաց անում: Վերջը անկարելի եղավ շարունակել. հոգնածությունը մի կողմից, սաստիկ ծարավը մյուս կողմից, բոլորովին թուլացրին ինձ: Ես նստեցա հանգստանալու: Իմ առաջնորդը շուտով դարման գտավ իմ ծարավը հագեցնելու համար: Նա քաղեց հասունացած շլորներ և տվեց ինձ ուտելու: Թթվաշ պտուղները բավական զովացրին իմ սիրտը: Այդ շլորենիները բուսել էին այն ավերակների միջից, որոնք մի ժամանակ շեն էին, որոնց մեջ մի ժամանակ մարդիկ էին բնակվում:

Վերջապես մենք գտնվում էինք սեպաձև ապառաժի գագաթի վրա: Բերդի շինվածքներից ամբողջ ոչինչ չէ մնացել. երևում են կիսակործան աշտարակներ, երևում են կիսավեր պարիսպներ, երևում են զանազան սրահներ, սենյակներ, որոնց բոլորի ծածքերը ցած են թափվել: Այն հզորները, որ մի ժամանակ այդ ամրություններից սարսափ էին տարածում թշնամու վրա, այժմ չկան: Նրանց փոխարեն երկչոտ բուն թագավորում է ավերակների վրա, և կռնչում է իր չարագուշակ ձայնով:

Տեսնո՞ւմ եք այդ անցքը, — ցույց տվեց իմ առաջնորդը, — պաշարման ժամանակ այստեղից ջուր էին բարձրացնում բերդի մեջ:

Այդ գաղտնի անցքը ցույց է տալիս, թե ո՜ր աստիճան զարգացած էր հայ մարդու արհեստը, և ո՜ր աստիճան հմուտ էր նա ռազմագիտական հնարների մեջ: Բերդի բարձրությունից ծակել էին ապառաժը և բաց էին արել մի անցք, որ տանում էր մինչև բերդի ստորոտը, մինչև Թարթար գետի ափը: Այդ անցքը թունելի նմանություն ուներ, և բազմաթիվ քարե սանդուղքներով իջնում էր ցած: Սանդուղքները փորված էին բնական ապառաժի վրա: Իմ առաջնորդը բացատրում էր, թե որպես այդ անցքը միջով ջուր էին գողանում գետից, և այդ պատճառով էլ անցքր կոչվում է ջրագող: Քարե սանդուղքների յուրաքանչյուրի վրա կանգնած էր լինում մի-մի մարդ, վերջինը գտնվում էր գետի ափի մոտ: Նա ընդունում էր իր մոտ կանգնողից դատարկ ամանը և փոխարենը տալիս էր նրան ջրով լեցրածը, և այսպես ամանները ձեռքից ձեռք անցնելով, վերևից ստացվում էր դատարկը, իսկ ներքևից տրվում էր լիքը, և մի քանի րոպեի մեջ լցվում էր ջրի ահագին ավազանը, որ գտնվում էր բերդի մեջ, անցքի մուտքի մոտ:

Մի այսպիսի գաղտնի անցք ևս բերդից տանում էր դեպի ցամաքը, և ծայրը կորչում էր անտառի մեջ: Դա փախուստի ճանապարհ էր:

Արեգակը սկսել էր թեքվել դեպի իր գիշերային կայարանը: Իմ առաջնորդը շտապեցնում էր շուտով ցած իջնել: Ես տխուր մտածություններով հեռացա այդ սքանչելի ավերակներից, որոնք իրանց կործանման մեջ ևս դեռ պահպանել էին վաղեմի մեծությունը:

Դուք ցանկանո՞ւմ էիք տեսնել և «քաղաքատեղի» ավերակները, — հարցրեց իմ առաջնորդը:

Անպատճառ:

Բայց ուշ է, մինչև այնտեղ կհասնենք, կմթնի:

Վնաս չունի:

Չնայելով իմ առաջնորդի ենթադրությանը, մենք հասանք այնտեղ, երբ արեգակի վերջին ճառագայթները դեռ փայլում էին մի շարք սպիտակ շինվածքների վրա, որոնք գտնվում էին լեռնային բարձրավանդակի վրա: Ճանապարհը, որ տանում էր այնտեղ, այնքան դժվարին չէր: Մենք շուտով հասանք շինվածքներին, որոնք ամբողջապես կառուցված էին սպիտակ մարմարիոնի նման փայլուն, գեղեցիկ տաշված քարերից: Դրանք ամրոցներ էին: Դրանց մեջ բնակվում էին այն իշխանները, որոնց պատկանում էր Ջրաբերդը:

Բլուրը, որի վրա շինված էին այդ ամրոցները, կիսալուսնի ձև ուներ: Կիսալուսնի երկու եղջյուրների վրա երևում էին երկու աշտարակներ: Երևի դրանք ծառայելիս են եղել որպես պահականոցներ, որովհետև գտնվում էին երկու անցքերի մուտքի մոտ, որոնք միակ ճանապարհներն էին դեպի ամրոցը գնալու: Մի քանի զինված մարդիկ այդ աշտարակների մեջ բավական էին, որ թույլ չտային ոչ ոքի մուտք գործել դեպի ամրոցները, որոնք գտնվում էին կիսալուսնի մեջտեղում:

Այդ փառավոր պալատների երեսը դարձրած է դեպի առջևում բացվող խորին ձորը, որը ծածկված է անտառախիտ ծառերով: Ժամանակի կործանիչ ձեռքը դեռ շատ բան չէ ոչնչացրել այստեղ:

Ամրոցը չափազանց բաղադրյալ մի շինվածք է. ունի բազմաթիվ սենյակներ, շքեղ դահլիճներ, ընդարձակ սրահներ, երկայն կորիդորներ, բոլորի դռները բացված են միմյանց մեջ: Լուսամուտները լայն են, և դռները մեծ: Ամբողջ շինվածքը կառուցված է գեղեցիկ կերպով տաշված քարերից, և հայ մարդու ճարտարապետական տաղանդը փայլում է նրանց մեջ իր բոլոր ձիրքերով:

Մարդու սիրտը սկսում է դողդողալ, երբ նայում է այդ փառավոր շինվածքների վրա: Այն հիանալի դահլիճներում, ուր մի ժամանակ տիկինները նազ-նազում էին, ուր աղախինների բազմությունը կամակատարությամբ պտտվում էր նրանց շուրջը, ուր կյանքը եռ էր գալիս երջանկության բոլոր բավականությամբ, — այժմ ապրում էին վայրենի գազանները: Ահագին ծառեր աճել էին կիսավեր սենյակների միջից, և իշխանների բոլոր փառքը ծածկված էր թփերի, մացառների և պատատուկների հյուսվածքի տակ: Մամուռը ամեն տեղ դրել էր հնության կործանիչ դրոշմը:

Next page