Րաֆֆի՝   Հուշագրություններ

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Հաջորդ Վերջին

Երկար, քարացածի նման նայում էի այդ մահվան տեսարանի վրա: Արևը վաղուց մայր էր մտել, մութը պատել էր, և ես այդ չէի նկատել: Ես միշտ նայում էի խավարի մեջ: Եվ կարծես դարերը ետ-ետ էին գնում, և իմ աչքերի առջևից շարքերով անցնում էին ուրվականները այն անձինքների, որոնք մի ժամանակ բնակվել էին այստեղ, որոնք մի ժամանակ իշխում էին այդ հրաշալի անտառների, այդ հսկա լեռների վրա:

Ինձ սթափեցրեց հափշտակությունից իմ առաջնորդը.

Գնա՜նք, արդեն ուշ է, — ասաց նա: — Ճանապարհը երկար է. շուտով տեղ չենք հասնի:

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ Պ. ՄԵԼԻՔԶԱԴԵԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. Ֆոմինոյի շաբաթ: 2. Լազարե: 3. Հայտնության: 4. Մի հերոս: 5. Հայտարարություններ: 6. Մանրալուրք:

1

Ֆոմինոյի շաբաթը անցավ հաջողությամբ: Վաճառականները ազատվեցան երկար տարիներից յուրյանց խանութներում մնացած փտած ապրանքներեն: Մի վաճառք, որ այս բախտավոր շաբաթում մնաց անշարժ, դոքա էին պառավ աղջիկները:

Անգութ ճակատագիրը կարծես պատժում է նորանց... Ինչ պիտի արած այդ հնացած ապրանքների հետ: — Քանի օր է, մի գեղեցիկ միտք հրապուրում է իմ երևակայությունը. — ես վճռում եմ, թե ավելի լավ կլիներ աճուրդի (տորգի) դնել նորանց:

***

Ամպերը սարսափելի կերպով փքվում են: Բայց տակավին անձրև չկա: Հացը և մյուս ուտելիքները ժողովրդի աղքատ դասի համար դառնում են անմատչելի: Քանի օր առաջ կնիկները գործ դրեցին յուրյանց վերջին ճիգը և քուչեքում երգելով ման էին ածում լազարե: Այդ փորձը անցավ ապարդյուն: Ուրեմն ինչ պիտի արած երկնքի հետ հաշտվելու համար:

Անցյալ տարի Թեհրանի Մուշտայիդը նախագուշակեց Պարսկաստանի երաշտության պատճառը: Նա արգելեց հայերին ամպած օրերում տանից դուրս գալ, որովհետև անձրևային կաթիլները նոցա վերա ընկնելով պղծվում էին, և երկինքը գարշում էր ցողել յուր խոնավությունը:

Բայց ի՞նչ է Թիֆլիսում անձրև չգալու պատճառը: — Ինձ թվում է, Թեհրանու Մուշտայիդի մարգարեական հոգին ազդում է ինձանում մի նախագուշակություն. ես կարծում եմ, որ ամպերը մեր քաղաքի հորիզոնում, մի չար նախանձից գրգռվելով, խռովել են: Նոքա տեսանելով, որ աղջիկների յուբկեքը, շլեյֆները և նոցա ուռած զգեստա-դմակները ավելի շատ են փքվում, քան թե յուրյանք, չարանում են և անձրև չեն տալիս:

Մենք խորհուրդ կտայինք աղջիկներին գոնյա ամպամած օրերում տանից դուրս չգալ, եթե նոքա չկամեին սովից կոտորել աղքատներին...

***

Կարծում ենք հրաշքների դարը անցավ, այո՜, միայն լուսավոր երկրներում: Բայց տակավին Իսմայելի աշխարհ բնագավառում հայտնություններ լինում են: Մեքքայի քաղաքում արաբացի Շեյխ-Մուհամադ-Սադիկը Քաբայի տան մեջ աղոթելու ժամանակ, հանկարծ գերեզմանից հայտնվում է Մուհամմեդը յուր երկար մորուքով, և սպիտակ չալմայով: Մարգարեն ասում է Իսլամի կրոնավորին, որ յուր հետևողների մեջ սովի, ժանտախտի, խոլերայի պատճառը, այս քանի տարիներում եղան նոցա հանցանքները, և հրավիրում է նորանց զղջալ, ապաշխարել, մինչև կանցաներ աստուծո բարկությունը:

Շեյխը դուրս գալով մզկիթից, այդ հայտնությունը ահուդողով պատմում է արաբներին:

Մենք ցավում ենք, որ մարգարեն մոռացել է ասել մի բան, Պարսկաստանում Իսլամի հետևողների մեջ բացի մեղքը, սովի պատճառներից մինն էլ այն է, որ հարուստները, փոխանակ թույլ տալու արտասահմանից բերված ցորյանները ծախվին մեյդանում, իրանք թաքուն գնում են բերողներից, լեցնում են յուրյանց ամբարներում, որ կարողանան թանկ գնով վաճառել աղքատների վերա:

Թեև մարգարեն այդ մասին ոչինչ չէ հիշել, իմ կարծիքով, այդպիսի մուսուլմաններ, որք կենտրոնացնում են յուրյանց ձեռքում ժողովրդի ապրուստի սնունդը, իսպառ կզրկվին ճեննաթում յոթանասուն հուրի յուրյանց կին ստանալուց իբրև Իսլամի մոռմին (հավատացյալ):

***

Մի երիտասարդ, բերանը փրփրած, կատաղության արյունը աչքերում, դեպի «Մշակի» խմբագրատունն էր դիմում: Նա հանդիպեց ինձ բուլվարի վերա:

Ո՞ւր, պարոն Սնապարծ:

Հարցնում եմ նորանից:

Դեպի խմբագրատունը:

Պատասխանում է երիտասարդը շարունակելով ճանապարհը:

Это уж черезчур, черезчур...

Это нестерпимо...

Ասում էր նա ինքն իրան:

Տո՜, մի կանգնիր բան ունիմ ասելու:

Հետքից կոչում եմ ես:

Պ. Սնապարծը կանգնեց: Ես մոտեցա:

Ի՞նչ կա: Հարցնում եմ:

Ես գնում եմ նորա հետ կռվելու: — Ասաց նա:

Ո՞ւմ հետ:

Պարոն խմբագրի հետ:

Ինչո՞ւ համար:

Երիտասարդի աչքերը ավելի վառվեցան, և նա շարունակեց.

Ես չեմ կարող համբերել, ես չեմ կարող. «Մշակի» հարձակմունքը երիտասարդության վերա անցավ չափից, անցավ սահմանից

— «Մշակը» ձեր մասին անձնապես ոչինչ գրած չէ՜. պարո՜ն:

Միևնույնն է, — ասում է նա, — ես երիտասարդության ներկայացուցիչն եմ, այստեղ պատվի հարց է խաղում:

Այո՜, պատիվը պաշտպանելը մի սուրբ բան է, միայն «Մշակի» խոսքերը այն երիտասարդության համար է, որք չգիտեն գործել:

Это глупо! — բացականչեց մեր հերոսը: — «Մշակը» յուր գլխին զոռ է տալիս, մի՞թե մեր մեջ չկան գործող երիտասարդներ, մի՞թե գործողները չէին Աբովյանը, Նլբանդյանը, Կիրակոսը, Մարտիրոսը և այլն:

Ես չկարողացա երկար զսպել իմ ծիծաղը և հարցնում եմ.

Այո՜, նոքա գործողներ էին. բայց դո՞ւք, պարո՜ն:

Եսե՞ս

Լեզուն փաթաթելով կրկնեց մեր հերոսը:

Այո՜, դուք, պարո՜ն:

Ես ուսանող եմ, եթե չարգելեր հիվանդությունս, մագիստր կդառնայի:

Այդ բոլորը ուղիղ, բայց ի՞նչ եք շինում:

Ես ժամանակ չունիմ գործելու:

Ուրեմն ես կկրկնեմ ձեզ Կռիլովի սագերի առակից այն խոսքը, что вы годны только н жаркое...

***

Այս տարի տոթերի անակնկալ վերա հասնելու պատճառով ժողովրդի մեջ հայտնվել է փորի կապության հիվանդություն: Այդպիսիներին մի անվնաս լուծելիք գնելու համար հրավիրում ենք դիմել պարոն Զրախոսի մոտ00, տանը:

Պարոն Զրախոսի դեղահատները մի նոր գյուտ է բժշկական աշխարհում, որո գլխավոր բաղադրությունն է կոճապղպեղի հետ խառնած փտած բանախոսությունք «Մեղու Հայաստանիի» համարներում փաթաթած:

***

Տիկին Շնորհաբաշխը և տիկին Սրիկան պիտի վաճառին խիստ աժան գնով արդեն մոդայից ընկած յուրյանց կրինոլիները: Ամառանոց գնալու համար վրանի հարկավորություն ունեցողները թող դիմեն պարոն Պոխրոյի մոտ Կոլոլ թաղում:

***

Մեր քաղաքում հայտնվել է մի դալլաք (վարսավեր), ում գլուխը մազերից ծանրացած է, թող դիմե պարոն Վառոդյանցի մոտ:

***

Աղջիկների երեսները այս տարի փայլում են ավելի վարդի գունով, երևում է, որ բլեդնիության (գունատության) դարը անցավ: Կավիճի և պուդրի գները անհամեմատ կերպով իջել են: Յուրյանց դեմքը սպիտակացնելու համար այս նյութերը գնելու հարկավորություն ունեցող սև երեսներին հրավիրում ենք պարոն Ժանպոլի խանութը:

***

Մի օրիորդ ունե 5,000 ռուբլի արծաթ, որով կամենում է գնել յուր համար փեսա, միայն այդպիսի պայմանով, — որ նա երբեմն զվարճության համար իշի նոխտա պիտի դնե յուր ամուսինի գլխին, և յուր սրտի սիրածը նորա վզին նստացնելով պիտի պար ածե:

Ցանկացողները կարող են դիմել Մոցիքուլ Իվանեի մոտ Շան թաղում:

***

«Պառավ երիտասարդության» մի խումբի մեջ պարոն Դդմագլուխը հայտնեց մի նոր միտք, թե «Մշակիս խմբագրության աշխատակիցները, լինելով զանազան շրջաններից, զանազան գաղափարների տեր մարդիկ, համաձայն չեն յուրյանց հայացքներով, և այդպիսյավ «Մշակը» չէր կարող ունենալ եզակի ուղղություն, և նորա մահը կլիներ փութանակի: Այս կարծիքը ընդունվում է խորին համակրությամբ, չնայելով, որ ամեն օրգանական մարմին կազմակերպվում է ուրիշ-ուրիշ գործիչներից, իսկ այն մարմինը որ միակերպ է, նա մեռած է:

***

Պառնասի մեջ Մուզաների տեղ երգող մեծապատիվ Ավանակների համար Ապոլոնը հրատարակեց մի նոր օրենք, թե պետք է վերացնել նոցանից մտրակի զարկը: Ծույլերը այդ օրենքի մեջ բացառություն են կազմում:

***

Մի բարձր ուսում ստացածի համարում ունեցող տիկին հարցնում է «Մշակի» խմբագրի մասին, թե ինչով է պարապվում նա: Ասում են հայոց լրագիր է հրատարակում: Նա զզվանքով պատասխանում է՝ միթե հիմարություն չէ՞ր նորա նման կրթված երիտասարդին լրագիր հրատարակել:

Տիկնոջ կարծիքով լրագիր հրապարակողը պիտի լինի անկիրթ մարդ:

2

1. Շռայլության ժանտախտը: 2. Մուշտայիդ: 3. Մողնից ընկած լեզու: 4. Հայտարարություններ: 5. Մանրալուրք:

Պարոն Ծղալոբը սնանկացավ: Ասել է թե, յուր հարստությունից նյութականապես մեռավ մի մարդ:

Շեփորի բոթաբեր ձայնը հրավիրում է ժողովրդին աճրդով առնել այդ անբախտի կայքը:

Բայց որպիսի՛ զգացմունքով նայում է մեր հասարակությունը մի այդպիսի աննախանձելի երևույթի վրա:

Մինը, — որ ամեն մի դժբախտ դեպքի մեջ նկատում է աստուծո վրեժխնդիր մատը, երկյուղած սնահավատությամբ ասում է.

Աստված պատԺեց նրան յուր մեղքերի պատճառով:

Մյուսը, — որ ավելի նշանակություն է տալիս հալալ (սուրբ) աշխատանքին, ասում է, — հարամ (անմաքուր) փողի վերջը միշտ այդպես կլինի, և ավելացնում է յուր հայրենական առածը, թե «քամու բերածը քամին կտանի»:

Երրորդը, պարոն Չարանախանձը, — որ մտածում է բոլոր մարդկությունը յուր ոտքի տակը դնել, Նեբրովթի աշտարակը կազմել, և մինչև երկինք բարձրանալ, ասում է. — լա՜վ է, լա՜վ, թո՜ղ վեր ընկնի, թո՜ղ հողին հավասար լինի, նա շատ հպարտ, ինքնահավան, յուր ասածի մարդ էր, նա մեզ բանի տեղ չէր դնում, և ավելացնում է մի խոշոր հիշոց...:

Բայց ի՞նչ է ասում պարոն Խոհեմությունը:

Այն օրից, երբ պ. Ծղալոբն սկսավ յուր գիշերներն անցուցանել կլուբում խաղաթղթով, այն օրից, երբ նրա կինը բացավ յուր տանը մի լայն ասպարեզ վեչերների, դոմինո-լոտոյի, բեղիկների և պիկնիկների, այն օրից, երբ նրա դստերքն սկսան հաճախեք մոդնի մագազինները, այն օրից, երբ նրա որդին վերադարձավ Մոսկվայից բերելով ուսանողի դեպլոմի հետ և հերոսության տիտղոսը Աստղկա դաշտերում, — շռայլության ժանտախտը մտավ խեղճ Ծղալոբի գերդաստանի մեջ և վերջապես պատճառեց նրա հարստության կյանքի մահը:

***

Մուշտայի՛դ: Ի՛նչ գեղեցիկ հնչում է այդ բառը: Իսլամը տալիս է այդ անունը յուր դենի գլխավոր վարդապետներին:

Իսկ Թիֆլիսում այդ անունով կոչվում է մի հիանալի այգի:

Եթե թույլ կտար մեզ փոխաբերական բանախոսությունը, Մենք չենք սխալվիլ ասելով, որ այդ անունը մի խորհրդավոր մտքով հարմարված է այդ այգիին, — որովհետև նա ևս մի վարդապետարան է այս քաղաքի զանազան տեսակ զվարճությունների:

Մայիսի 22-րդ գիշերն է:

Թարմ և հովասուն գիշեր է:

Պ. Ո... լովը տալիս է դիմակահանդես:

Գույնզգույն լապտերներից, որոնք քարշ են ընկած ծառերի ճյուղերից, աստղազարդ երկինքը, ճրագներով լուսավորված և սաղարթախիտ ոստերով հյուսած դահլիճը, մուզիկայի անուշ ձայնը, մի առանձին կախարդական նշանակություն են տալիս այդ հանդիսին:

Հիանալի՛ հանդես...:

Եվայի դստերքն այստեղ բոլորը մի գույն, մի պատկեր ունեն: Ոմանց ամոթխածությունը, ոմանց լկտի անհամեստությունը, ոմանց պարկեշտությունը, ոմանց ազնվատոհմական մեծամտությունը դեպի հասարակ մարդիկը, ոմանց գեղեցիկ, ոմանց տգեղ պատկերները, բոլորը ծածկված են դիմակների տակ: Բոլորը միօրինակ ուրախ են, բոլորի լեզուներն ազատորեն արտահայտում են իրանց ախորժ կամ անախորժ, իրանց համեստ կամ անհամեստ զգացմունքները...:

Գեղեցի՛կ հավասարություն...

Մուզիկան հնչեց:

Պարահանդեսն սկսվեցավ:

Դիմակավորները շարժվեցան:

Պարախաղացություն, ընդհանուր խառնակություն մրրկածուփ ալեկոծության մեջ, պարողը և յուր պար-ընկերուհին, գրկած միմյաց, կաքավում են, երերում են, պտտվում են, քչփչում են... քսքսվում են...: Բայց ցավալին այն է, որ իրանք ևս չգիտեն, թե ո՜վ ո՜ւմ հետ գործ ունե:

Գիշերային երկրորդ ժամն է:

Պարահանդեսը վերջացավ:

Դիմակավորուհիքը մեծ մասամբ հեռացան: Բայց տակավին մնացածների թիվը փոքր չէ: Նրանք ցրվեցան այգիում: Լապտերները հետզհետե սկսան հանգչիլ: Այգիի մեջ տիրեց ընդհանուր խավարը:

Աստղկա դստերքը, ծածկված իրանց սև դոմինոների մեջ, գիշերային ուրվականների նման, թափառում են այգիի մթության մեջ: Նվիրական ծառերի տակից լսելի են լինում հեշտախտական քչփչոցը, գաղտնի սեթևեթները դիմակավորուհիների իրանց պարընկերների հետ...:

Խորհրդակա՛ն ժամ... երբ ամեն մի տարփածուն հասնում է յուր ըղձին...:

Թո՜ղ գնան մեր աղջիկները, մեր կանայքը, մեր քույրերը դիմակահանդես: Թո՜ղ գնան նրանք այդ հասարակական վարդապետարանի պարահանդեսները: Նրանք այնտեղ շատ բան կարող են սովորել...: Ուրեմն քաջալերենք մեզ այդպիսի հույսերով, թե մենք լուսավորվում ենք... մենք առա՛ջ ենք գնում...:

***

Մի ծխական օրիորդաց վարժարանի քննությանը ներկա էի:

Քննությունը կրոնից էր:

Ինձ վրա խիստ անախորժ տպավորություն գործեց մանուկ աղջիկների բավական լավ վարժությունն այդ առարկայի մեջ:

Մի թերություն, որ նկատելի էր նրանց պատասխանների մեջ, այն էր, որ աշակերտուհիք, թեև պատասխանում էին առաջարկած հարցերին բավական հասկանալի լեզվով, այսուամենայնիվ նշմարելի էր նրանց խոսքերի մեջ բառ առ բառ սերտողության նշաններ:

Այդ հետևանքն է դասատվության այն անօգուտ եղանակի, երբ ուսուցիչն ստիպում է աշակերտներին կուրորեն հպատակել միայն դասագրքերի մեջ գրվածներին, առանց յուր կողմից մեկնելու և բացատրելու նրանց միտքը:

Այդ եղանակով դասատվությունը չէր կարող երեխային մտավոր սնունդ մատակարարել, առավելապես այն պատճառով, որ օրինավոր կերպով հորինված մանկավարժական դասագրքեր մեզանում չկան:

Բայց հմուտ կրոնուսույցը կարող էր եղածների մեջ փոփոխություններ անել, և մանուկների ընդունակությանը և նրանց հասկացողությանը հարմարացնել:

Այսուամենայնիվ այդպիսի ծխական օրիորդաց ուսումնարանների օգուտներն անուրանալի են: Նրանք կարող են պատրաստել մեզ համար խելացի և բարեկիրթ մայրեր: Գլխավոր արժանավորությունը Գ...յան ծխական ուսումնարանի այն է, որ մանուկ աղջիկները սովորում են բավական մաքուր և հստակ կերպով խոսել իրանց մայրենի բարբառով: Այդ իրողությունն ինձ վրա թողեց խորին տպավորություն:

Արդարև, շատերին մինչև անգամ ծիծաղելի պիտի թվի, երբ մենք հրճվում ենք, տեսնելով հայոց մանուկին, որ այդպես քաղցր կերպով ճլվլում էր յուր մայրենի լեզվով:

Բայց մի այդպիսի երևույթ այնքան հազվագյուտ է մեր քաղաքում, որ մենք չէինք կարող սառն աչքով նայել մի փոքրիկ հայ աղջկա վրա, երբ նա յուր մայրենի, յուր ազգային լեզվով կարողանում է արտահայտել յուր մտքերը:

Բայց ցավալին այն է, որ տակավին ծնողները չեն հասկացել այդպիսի ծխական ուսումնարանների օգտավետությունը: Ասածիս ապացույց ես առաջ կբերեմ հիշատակարանիս մեջ երկու տիկինների խոսակցությունը, որոնցից մինը, տ. Սոֆիոն, յուր Կեկելին դուրս տանելով հայոց մի ծխական ուսումնարանից, հանձնեց մադամ N-ի պանսիոնը:

Ինչո՞ւ դուրս տարար աղջկադ, — հարցնում է նրանից տ. Օսանը:

Քա՜, Օսան ջան, վունց չը դուրս տանեի, դիփ հայեվար էին սորվեցնում, — պատասխանում է տ. Սոֆիոն դժգոհելով:

Մաշ հայեվար չի պիտի՞ սորվի աղջիկը, — հարցնում է տ. Օսանը զարմացական ոճով:

Տ. Սոֆիոն արհամարհական ծիծաղն երեսին պատասխանում է.

Վա՛յ մե, գանա իմ Կեկելը կռոյի աղջիկ է՞, վուր հայեվար սորվի՛ ու հայեվար խոսի:

Գանա ո՜վ վուր հայեվար է խոսում, նա կռո է՞, — հարցնում է տ. Օսանը:

Մաշ ի՞նչ է. ա՜ն կռո է, ա՜ն զոկ է, ա՜ն ղարաբարցի է, ա՜ն թե չէ շան-ճրագ է:

Տ. Օսանի դեմքի վրա արտահայտվեցավ համոզմունքի նման մի երևույթ, և նա կրկնեց յուր հարցը.

Հիմի մադամ Nի մոտ ի՞նչ պիտի սորվի Կեկելդ:

Ի՞նչ պիտի սորվի՞, — կրկնեց տ. Սոֆիոն. — գանա չի՞ս գիտի ինչ պիտի սորվի. — նա կսորվի լավ ֆրանցուզնակ, լավ ռսնակ. կսորվի լավ տանցովատ, կսորվի լավ պիանոյի ածելը, ու էլի ուրիշ շատ բանիր կսորվի...:

Մաշ հայեվարը՞, — հարցրեց տ. Օսանը, ուղիղ տ. Սոֆիոյի երեսին նայելով:

Տ. Սոֆիոն խորին կերպով ծիծաղեց յուր խոսակցի պարզամտության վրա և ասաց.

Գանա դու չիս գիտի՞, վուր հայեվարը հիմի մոդա չէ...:

***

Մի փաստաբան, կամենալով օգուտ բերել աղքատ դատախազներին, որոնց չքավորությունը հնար չէ տալիս նրանց գործ սկսել դատաստանատներում, — ընդունում է գործեր բոլորովին ձրի, առանց կանխիկ վարձատրություն պահանջելու յուր պաշտպանյալի խնդրից: Միայն նա հակառակորդից գործ հանձնող պարոնների օգտին տարած արծաթն այլևս չպիտի դարձնե նրանց:

***

Պոլսից եկած մի երիտասարդ Աղեքսանդրյան այգում պտտելու միջոցին հարցնում է յուր ընկերից.

Ախպա՜ր, աս ի՞նչ երկիր է, այստեղ հայերի աղջիկներ չես կարող ճանաչեր:

Ինչո՞ւ, — հարցնում է մեր քաղաքացի երիտասարդը:

Անոր համար, որ ամենևին հայերեն չեն խոսեր:

Այդքանը բավական է նրանց ճանաչելու, որ հայոց աղջիկներ են, — պատասխանում է երիտասարդը:

***

Լսեցի, որ պառավ օրիորդների ներկայացուցիչներից մինը զինվորվել է` գրել իմ առաջին հիշատակարանի դեմ մի սարսափելի հոդված: Ընկերներիցս մինը խորհուրդ տվավ Խոջանց վանքը գնալ և նահատակի գերեզմանի վրա մի կուժ կոտրել, որ վախս անցնի:

***

«Մշակի» խմբագրությունն ստացավ մի կրիտիկա պարոն Հ. Մ...ի «Ընտանիքի կերբերոսներ» հոդվածի դեմ, որի մեջ պ. կրիտիկոսը շատ հետաքրքրվում էր գիտենալ, արդյո՞ք պարոն Հ. Մ. կերբերոս է, թե կերբերոսուհի. այսինքն արու է, թե էգ: Մենք հրավիրում ենք պարոնին Թելեթի ճանապարհի վրա «Երկու-հոգիս» կոչված քարափը գնալ. այնտեղ մի գոգավոր այր կա, ուր հղի կանայքը, կամենալով գիտենալ իրանց արգանդի պտուղների արու կամ էգ լինելը, մտնելով այրի մեջ, կոչում են. — «տղա է՞, թե աղջիկ»: Անդրադարձ արձագանքը գուշակում է նրանց որովայնի ծնունդների որ սեռի պատկանելը:

Պարոն կրիտիկոսը կարող էր օգուտ քաղել այդ քարափից յուր հետաքրքրությունը լցուցանելու համար:

***

Ա. Արտավազդա շղթայքը: Բ. Մամոնի կուռքը: Գ. Կախարդական կուժը: Դ. Նահատակի գերեզմանը: Ե. Քարոզ:

Ա

Բարով, եղբայր:

Աստուծո բարին քեզ:

Ցանկանում եմ ծանոթանալ:

Քո խոնարհ ծառա Չաքուջ:

Ինչո՞վ եք պարապում:

Թափառում եմ

Ա, ես արդեն կարդում եմ քո ճակատին Կայենի դատակնիքը:

Պետք է հնազանդվել ճակատագրին... — վերջացրուց Չաքուջը խորին տխրությամբ և ապա հարցրեց յուր խոսակցից.

Ես պատիվ չունեցա ճանաչել քեզ:

Քո խանորհ ծառա Սնդան:

Տուր ինձ ձեռքդ, եղբայր ենք մենք, — ուրախությամբ բացականչեց Չաքուջը և բռնեց յուր խոսակցի ձեռքը:

Ես պատրաստ եմ քեզ ծառայելու, — պատասխանեց Սնդանը:

Ես էլ այդ էի պտրում:

Ի՞նչ կա:

Դու արդեն հասկացար, ես Չաքուջ եմ, իսկ դու Սնդան, երկու համապատասխանող ընկերներ: Ավագ ուրբաթի գիշերն ինձ անհրաժեշտ պետք է իմ մուրճով մի քանի զարկ տալ քեզ վրա:

Ի՞նչ նպատակ ունիս, — հարցրեց Սնդանը, զարմանալով մի այդպիսի առաջարկության մասին:

Որ նորոգվին Արտավազդա շղթայքը:

Դու նրա դեմ ո՞խ ունես:

Ոչ, միայն եթե նա կտրեր յուր շղթայքը և իջներ Մասիսից, ուր նրան հափշտակեցին քաջերը, այն ժամանակ... արդեն...:

Սնդանը տխրության թախիծը դրոշմված երեսին կտրեց Չաքուջի խոսքը.

Զուր ջանք, եղբայր, առանց քո Մուրճին էլ Արտավազդա շղթայքը նորոգվում են...:

Որպե՞ս:

Սնդանը սարսափելով արտասանեց ճակատագրական խոսքը.

Մենք կաշկանդվա՛ծ ենք...:

Բ

Այլևս ի՞նչ բանով ես պարապում, — հարցրեց Սնդանը:

Դու արդեն կարդացիր իմ ճակատագիրը, — պատասխանեց Չաքուջը:

Հա՜, ներեցե՜ք, ես մոռացա, դու թափառում ես:

Այո՜:

Ուրեմն ես համարձակ կարող եմ կոչել քեզ՝ կամ Կայեն, կամ թափառական հրեա:

Ո՜չ, եղբայր, հրեա բառը անախորժ է իմ ականջին, միայն համաձայն եմ առաջին կոչման հետ, որովհետև դորանով բացատրվում է իմ վիճակը:

Սնդանը մի փոքր մտածելուց հետո, ասաց.

Եղբայր, երբ դու ընդունեցիր Կայեն անունը, այժմ ես կարող եմ ասել քո դժբախտության պատճառը:

Որպե՞ս:

Իսրաելի Եհովան չընդունեց քո ողջակեզը:

Այո՜:

Եվ դրա պատճառով դատապարտվեցար:

Այո՜:

Քեզ վիճակվեցավ ապրուստի խիստ դառն հոգսը:

Այո՜:

Դու եղար ամենաթշվառականը արարածների մեջ:

Այո՜:

Սնդանը տվեց յուր դեմքին մի փոքր խորհրդական կերպարանք, և ապա ասաց.

Կարծեմ դու կընդունես քո բարեկամից (եթե շնորհ ունեմ այդպես կոչվել( մի բարի խորհուրդ:

Որպիսի՞, — հարցրեց Չաքուջը ուրախանալով:

Մի բարի խորհուրդ քո վիճակը բախտավորելու մասին:

Ես լսում եմ:

Ուրացի՜ր Եհովան:

Հետո՞:

Երկրպագե Մամոնի կուռքին և նվիրե նրան քո ողջակեզը:

Հետո՞:

Խնկե քո բուրվառը հարուստների առաջին, դրանք այդ կուռքի քուրմերն են:

Չաքուջը բացասական կերպով պատասխանեց.

Թեև այդ վարդապետությունն այժմ մեր շատերից ընդունված մի դեն է, միայն ներեցե՜ք, ես նպատակ չունեմ կրոնափոխ լինելու...:

Ուրեմն թափառե ծակ կոշիկներով և մաշված հագուստով: Սնդանը կնքեց յուր խոսքը:

Գ

Ես մի նոր պարապմունք եմ գտել, — ասաց Չաքուջը:

Որպիսի՞, — հարցրեց Սնդանը:

Ծառայում եմ մի մշակի:

Նա ի՞նչ է շինում:

Նա ինչ է շինո՞ւմ. նա մշակում է...

Ի՞նչ ես ուզում ասել:

Նա մշակում է մեր հասարակության մտավորական և իմացական դաշտը:

Էլի չասկացա:

Նա լրագիր է:

Այժմ հասկացա:

Սնդանը հեգնական ծիծաղը երեսին ասաց.

Է՛, եղբայր, այդ ծառայությունդ դարձյալ չէ՜ բախտավորելու քեզ:

Ինչո՞ւ, — հարցրեց Չաքուջը:

Որովհետև մեր ժողովուրդը միշտ պատրաստ է սպանել լրագիրը, կոտրելով նրա հետքից կախարդական կուժը. նույն վիճակն է սպասում և քո մշակին:

Ի՞նչ կախարդական կուժ:

Որպեսզի հասկանաս, ես հարկավոր եմ համարում պատմել քեզ մի անցք:

Ես լսում եմ:

Սնդանը շարունակեց.

Մի քանի օր առաջ անցնում էինք Հավլաբարի թաղով, մի տանից դուրս էին տանում ննջեցյալ, ես տեսա դրացի տան լուսամտից ձգեցին մեռելի հետքից մոխիրով լցված մի կուժ, նա կոտրվեցավ և ահագին փոշի բարձրացրեց: Փոշին լցվեցավ գնացող կենդանի մարդկանց աչքերը և նրանց հագուստը կեղտոտեց:

Միևնույն վիճակին են ենթարկվում, — ասաց Չաքուջը, — հավիտենական քնով թմրած լրագրներից հետո լույս տեսած կենդանի լրագրերը: Նրանք երկար ժամանակ չեն կարողանում սրբել իրանցից առաջ մեռածների հետքից ձգած մոխրի փոշին:

Երբ հարցրի մի այդպիսի օտարոտի գործողության պատճառը, — շարունակեց Սնդանը, — ինձ ասացին, թե ջադուկ պառավներն այդպես են անում, որ մեռելը կրկին չվերադառնա80:

Ես էլ խորին հաճությամբ կցանկանայի մեր արդեն մեռած լրագրների հետքից կոտրել այդ կախարդական կուժը, որպեսզի նրանք չվերադառնային:

Ինչո՞ւ, — հարցրեց Սնդանը:

Որովհետև նրանք իրանց կենդանության ժամանակ շրջում էին որպես մեռյալ ուրվականներ…:

Բայց եթե մտածեին նույնը գործ դնել մշակի վրա, ինչ որ դու մտածում ես հանգուցյալ լրագրների մասին:

Այսինքն սպանե՞լ նրան, և կոտրե՞լ հետքից կախարդական կուժը, — հարցրեց Չաքուջը:

Այո, — պատասխանեց Սնդանը:

Մշակի բանվորները կախարդներ են, նրանք կտան նրան խմելու անմահական ջուր, և մահը երբեք չի ներգործիլ նրան:

Սնդանը ծափահարեց գոչելով.

Կեցցե՜ մշակը...:

Դ

Ես դարձյալ պիտի կոչեմ քեզ քո առաջին անունով, — ասաց Սնդանը:

Այսինքն Չաքո՞ւջ:

Այո՜:

Ինչո՞ւ փոխեցիր միտքդ, — հարցրեց Չաքուջը:

Ես նպատակ ունեմ:

Որպիսի՞:

Երբ դու չես պատկանում Մամունի դենին, ես կամենում եմ առաջարկել մի բարի գործ:

Զո՜րօրինակ:

Քո մուրճով ջարդել մինի գլուխը:

Այսինքն՝ դու կամենում ես բարի գործ անունով ինձ դավակի՞ց առնել քեզ հետ:

Ուղիղ այդպես: Բարի նպատակն արդարացնում է գործը, թեև նա լինում է չարության կերպով:

Չաքուջը րոպեական մտածությունից հետո հարցրեց.

Ո՞վ է նա:

Մամոնի կուռքի քուրմերից մինը, — պատասխանեց Սնդանը:

Ինչպե՞ս է կոչվում:

Պարոն Կողոպտիչ:

Ճանաչում եմ... — ասաց Չաքուջը և լռեց:

Ինչո՞ւ չես խոսում, — հարցրեց Սնդանը:

Երկյուղալի է այդպիսի մարդու հետ գործ ունենալը:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ թեև նա ծածկված է քուրմի վերարկուով, բայց կատարյալ ավազակ է, նա կարող է ինձ սպանել տալ:

Ուրեմն վախո՞ւմ ես:

Այո՜:

Ես քո վախին ճար ունեմ:

Կախարդ պառավի մո՞տ պիտի տանես:

Ո՜չ:

Վախի հուլո՞ւնք պիտի կապես վզիցս:

Ո՜չ:

Հմայող մղդսիին սրտոտության փիրի՞կ պիտի գրել տաս ինձ համար:

Ո՜չ:

Ապա ի՞նչ պիտի անես, ասա, համբերությունս հատավ: Երբ դու վախենաս, Խոջանց վանքը կտանեմ քեզ, նահատակի գերեզմանի վրա մենք կլցնենք մի սափորով ջուր և կըվեր առնենք մեզ հետ, այդ ջրով նույն գերեզմանի վրա դու կլվացվես, հետո սափորը գերեզմանի քարին զարկելով կկոտրենք, և դու կթողնես այնտեղ քո վախը81:

Հիանալի՛ միտք, — գոչեց Չաքուջը, — այժմ ես պատրաստ եմ զարկել պարոն Կողոպտիչի գլխին իմ մուրճի հարվածները:

Ե

Այժմ գնանք, — ասաց Սնդանը:

Ո՞ւր, — հարցրեց Չաքուչը:

Եկեղեցի:

Լավ հոգեսեր մարդ ես եղել:

Օրհնա՛ծ, մի՞թե չես գիտում, մեծ պաս է, ապաշխարության օրեր են, պետք է ժամ գնալ, աղոթել, խոստովանել և մեղքերը քավել: Մարդ յուր տան պղնձները, քիչ ասեմ, տարենը մի անգամ տալիս է կլեկագործին սրբելու: Տերտերները որ կան, մեր հոգվո կլեկագործներն են, մի՞թե մեր սրտի ամանը չպիտի տանք նրանց սրբելու... Հիշի՜ր, որ այս տարի մեղք գործեցիր, և մի նորի համար արդեն պատրաստվում ես...:

Դու պարոն Կողոպտիչի մասի՞ն ես խոսում:

Այո՜:

Ուրեմն գնանք, — ասաց Չաքուջը և սկսավ Բայրոնի քայլերով շարունակել յուր ճանապարհը:

Բայց մի հարց, — ասաց նա:

Ասա՜:

Քարոզներ տալի՞ս են:

Ինչպես չէ:

Այդ լա՜վ է:

Անցյալ օր մի քահանա մի շատ հիանալի քարոզ տվեց: Նրա քարոզը թե՜ յուր ճարտասանական ձևերով, թե՜ յուր տրամաբանական խորհրդածությամբ և թե՜ յուր բարձր ու վսեմ վարդապետությամբ ինձ վրա մինչ այն աստիճան ազդեցություն գործեց, որ ես բոլորն անգիր սովորեցա և կարող եմ ամբողջապես քեզ հաղորդել:

Ասա՜, խնդրեմ:

Պատվելի տեր հայրը քարոզն սկսեց մի բազմախորհուրդ հառաջաբանով:

Սիրելի ժողովուրդ, — ասաց նա:

Էսօր ես շատ բեզրած իմ, էնդուր վուր շատ գործ իմ կատարի: Մագրամ, տեր ամենակալ աստվածը ինձ էն ղադամի շնուրք է տվի, վուր էլի կանգնած իմ ձիր առջիվը, ուզում իմ մե քարոզ տա, վուր դուք փիքր չանիք, թե ես քարուզ տալը չիմ իմանում:

Առաջ ուզում իմ ասի ձիզ, թե ինչեմեն է, վուր ես էսօր շատ բեզրած իմ. ա՛յ, ասիմ թե ինչեմեն.

Առուտյան շուտ վիր իմ կացի, էն անիծած միր նուր բիճը խամ տղա է, ջեր իմ ադաթը չի իմանում, տեհնում իմ սամովարը հազիր չէ, ջիգրու ինծանիրս մոտ էլան, մի քիչ քոթկեցի, մե քանի ուշուց տըվի, էլ ի՞նչ անեի, ժամի վուխտն անց էր կենում, առանց չայ խմելու տանից դուրս էկա: Ժամն էլ, տեհնում իք, քանի սհաթ է վուր չալիշ իմ գալի, խան ժամն իմ ասում, խան Ավետրան կարդում, սրան խոստովնեցնում, նրան հաղորդում, վո՞ւր մեկն ասիմ: Էս տարի էլ խոմ մարդիկ էնքան միղք ին գուրծի, վուր ասելով չէ պռծնում, դե՜ նստե նհալու վրեն, ծանր ու բարակ լսե նրանց...:

Հառաջաբանը վերջացնելուց հետո տեր հայրն սկսեց քարոզը:

Սիրելի ժողովուրդ, — կրկնոց նա ոգևորված ոճով:

Ինչ վուր մինք խոսում ինք, գիփ էլ Ավետրանի կուղքին գրած ին, կարգս է վկա, վուր գրած ին, սուտ չիմ ասում: Չի՞ք հավատումչիք հավատո՞ւմ, էս նիմուտիս բերիմ ձիզ Ավետրանը նշանց տամ:

Քարոզիչը դարձավ դեպի բեմը, որ Ավետարանը բերե և նրա կողքին գրածները ժողովրդին ցույց տա: Բայց ժողովուրդը չկամեցավ ավելի նեղություն տալ նրան, որովհետև տեր հայրն այն օր շատ գործ էր կատարած և բեզարած (հոգնած)...:

Չաքուջը երգիծական ծիծաղը երեսին կտրեց յուր բարեկամի խոսքը, ասելով.

Բայց ինձ ցանկալի էր գիտենալ, բճին (փոքրավորի), սամովարն ուշացնելու համար, ուշունց տալն էլ Ավետարանի կողքին գրա՞ծ է, թե ոչ:

Այդ հարկավոր է նույն տերտերից հարցնել, — պատասխանեց Սնդանը:

Ուրեմն գնանք ժամ:

Բայց մինչև եկեղեցին հասնելը ես կամենում եմ հայտնել քեզ մի գաղտնիք, — ասաց Սնդանը:

Ի՞նչ գաղտնիք, — հետաքրքրվելով հարցրեց Չաքուջը:

Պարո՜ն, դու լրտեսում ես ուրիշի գաղտնիքը, միայն չգիտես, քեզ համար ի՞նչ որոգայթներ են լարում:

Որպե՞ս, — զարհուրելով գոչեց Չաքուջը:

Մի քանի օրից դու դատաստանի պիտի կանչվիս իբրև քրեական հանցավոր:

Ո՞վ է դատախազը:

Գերաոչնչականները:

Ուրեմն ինձ չէ կարելի այժմ գնալ եկեղեցի, գնամ մի փաստաբան վարձելու, — ասաց Չաքուջը և բաժանվեցավ յուր ընկերից:

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Հաջորդ Վերջին