Րաֆֆի՝   Հուշագրություններ

Ես բոլորովին ձանձրացա, վերջապես պետք էր թողնել Խոյը: Առավոտյան ես գնացի իշխանի մոտ իմ վերջին մնայո բարյավն ասելու: Նա շատ սիրով ընդունեց ինձ յուր մենարանում և պատվեց մի բաժակ սուրճով:

Ես ձեզանից շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, — ասաց նա, — տիկինը և որդիս բոլորովին առողջ են:

Նա ինձ վարձատրեց մի քանի ընծաներով և հրամայեց քաղաքի մաքսապետին` չպահանջել իմ բեռներից մաքս:

Ես պատասխանեցի, թե մաքսը ես արդեն վճարել էի Արաքսից անցածին պես, այսինքն սահմանագլխի առաջին մաքսատնում: Իշխանն ասաց.

Պարսկաստանում մի ապրանք, որ տեղափոխվում է մի գավառից դեպի մյուսը, ամեն մի գավառում առանձին մաքս պետք է վճարե:

Ինչպե ՞ս կարելի է դա, — պատասխանեցի ես զարմանալով:

Այդպես է, — պատասխանեց նա, — ամեն մի քաղաք մեր երկրում ունի յուր սեփական մաքսատունը, որ առնում են մաքս, ոչ միայն արտասահմանից եկած ապրանքներից, այլև տեղային ապրանքներից ու բերքերից, որոնք փոխվում են մի քաղաքից դեպի մյուսը, կամ գյուղերից դեպի քաղաքը: Օրինակ, գյուղացի ջուլհակը, որ գործել էր մի քանի հատ կտավ, կամ գյուղացի պառավն, որ մանել էր մի քանի գրամ մանած, երբ տանում են բազարը վաճառելու, պետք է մաքս վճարեն: Կամ թե գյուղացին, երբ յուր երկրագործության բերքերը տանում է բազար վաճառելու, պետք է մաքս վճարե: Եվ եթե մի մարդ, նույն ապրանքները գնելով, տեղափոխում է մի ուրիշ քաղաք, դարձյալ պետք է վճարե: Ամեն վաճառք, որ մի ձեռքից անցնում է դեպի մյուսն, առանց մաքսի չէ մնում:

Ես հայտնեցի իշխանին, թե իմ բեռներումս վաճառքի նյութ չկա, այլ նրանք կրում են և իմ դեղարանը և բժշկությանս վերաբերյալ գործիքները:

Միևնույն է, — պատասխանեց նա, — ինչ որ գրաստների մեջքի վրա տեղափոխվում է, պետք է մաքս վճարել, եթե հող ևս լիներ:

Մի այսպիսի անկարգ օրենքը չափազանց կդժվարացնե վաճառականության առաջադիմությունը և արգելք կդնե նրա զարգացմանը, — ասեցի ես: — Ինչո՞ւ է դնում Շահը այսպիսի վնասարար կանոններ:

Իշխանը խնդաց:

Շահն այս բաներից տեղեկություն չունի, — ասաց նա, — նա չի դրել այս կանոնները, դրանք եղել են միշտ այդպես շատ հին ժամանակներից: Մի ժամանակ Պարսկաստանում տիրում էր մուլքի-թավայիֆ (феодализмավատականություն): Եվ մեր տերության ամեն մի գավառը ձևացնում էր զանազան միմյանցից անկախ խանություններ, որոնց մեջ ավատական խաներն էին իրանց գավառների ինքնակալ իշխաններ: Նրանք ստորադրված էին Շահին նրանով միայն, որ երբեմն վճարում էին մի մասնավոր հարկ, կամ պատերազմներում օգնում էին նրան: Իսկ շատ անգամ ապստամբվելով այս պարտավորություններն ևս չէին կատարում: Այն ժամանակներում լավ էր, շատ լավ էր իշխանների դրությունը: Նրանք կատարյալ աղաներ էին, բայց հիմա՞....: Եվ ամեն մի վաճառք, որ անցնում էր մի գավառից դեպի մյուսը, միևնույն էր, թե նա մտնում էր մի այլ տերություն, այն պատճառով մաքս էր վճարում: Թեև այժմ դարձյալ նույն ձևն պահպանվել է, բայց զանազանությունը նորանումն է, որ մենք մեր ստացածը պետք է ներկայացնենք Շահի գանձարանին: Դա եղավ այն ժամանակից, երբ Աղա-Մահմադ-խան ներքինին նվաճեց բոլոր ավատական իշխանությունները:

Որպես երևում էր, հին բռնակալն շատ հաճելի չէր գործերի մի այսպիսի փոփոխությունը. և երբ ես ասեցի. — Այժմ, երբ Շահը ազատ տիրում է բոլոր խանությունների վերա, թո ՜ղ աշխատե փոխել հին ձևերը:

Նա պատասխանեց.

Որքա՜ն միամիտ եք, պարոն բժշկապետ, Շահին ի՞նչ ձեռք կտա փոխել այն ձևերը, որոնց շնորհիվ ամեն տարի ահագին գումարներ մտնում են նրա գանձարանը...

Բայց ժողովրդի դյուրությանն էլ նայելու է:

Ժողովուրդն սովորած է բոլոր ձևերին ենթարկվել, ինչ որ հորինում է իշխանի կամքը: Մեզանում ժողովուրդը շատ հլու է: — Դու խոսում ես միայն մաքսի վերա, բայց ավատական ժամանակների բոլոր կարգադրություններն մինչև այսօր այնպես անփոփոխ մնացել են ամեն գավառներում: Օրինակի համար, դուք կտեսնեք, ոչ միայն ամեն մի քաղաքում, այլ յուրաքանչյուր գյուղում, զանազան ծանրությամբ քար և կշիռ, զանազան երկարությամբ գազ և արշին, և զանազան մեծությամբ քոռ ու սոմար: Դրանք մնացել են նույն դրության մեջ, որպես եղել են առաջ, երբ այդ գյուղերն կամ քաղաքներն էին կալվածքներ որևիցե խանի կամ բեկի: Բացի դոցանից, հողի մշակության պայմաններն գյուղացիների հետ, նրանց զանազան տուրքերն և հարկերն ամեն տեղ միատեսակ չեն, նրանք բոլորը անփոփոխ մնալով, կրում են ավատական ժամանակների ձևերը:

Դրանք մեծ արգելքներ են երկրի տնտեսության բարենորոգմանը, և մանավանդ վաճառականության ծաղկելուն, — կրկնեցի ես: — Ամբողջ տարիների ուսում պետք է սովորելու այս բոլոր զանազանությունները...

Զանազանություններ դուք տեսնելու եք մեր երկրում շատ, առավելապես քրիստոնյաների և մահմեդականների մեջ. օրինակ, հայերից ստացվում է գլխահարկ, բայց մահմեդականներն ազատ են այս տուրքից:

Վերջին խոսքն ինձ շատ զգալի եղավ, երբ լսեցի, թե հայերն իրանց գլուխները պարանոցի վերա պահպանելու համար հարկ են վճարում...

Դա անիրավություն է, խտրություն դնել մի տերության մեջ ազգության և կրոնի, — պատասխանեցի ես:

Իշխանը նկատելով, որ ես վշտացա, պատասխանեց.

Դեռ հայերն բախտավոր են մեր երկրում, նրանց դրությունը ավելի լավ է հրեաներից. այդ թշվառականներից շատ տեղերում առնում են սախղալ-խարշի, այսինքն մորուքի հարկ, որ նրանք իրավունք ունենային մորուք թողնելու իրանց կրոնի համեմատ և չմեղանչելու Մովսեսի օրենքի դեմ:

Դա կատարյալ անիրավություն է, — պատասխանեցի ես և վեր կացա:

Դուք հիմա պատրաստվում եք գնա՞լ, — հարցուց նա:

Հիմա, այս րոպեիս:

Եվ չե՞ք էլ ցանկանում վերջին անգամ տեսնվիլ ձեր հիվանդների հետ և տալ մի քանի առողջապահական խրատներ:

Դա ցանկալի է: — Հրամայեցեք ինձ առաջնորդեն նրանց մոտ:

Իշխանի ձայն տալովն հայտնվեցավ ներքինիներից մեկն, նրան հրամայեց, որ ինձ տանե հարեմը: Կանանոցում բոլոր տիկինների օթյակները որոշված է լինում: Նրանք իրանց աղախիններով, ներքինիներով և փոքրիկ սպասավորներով առանձին-առանձին բնակվում են իրանց հատուկ կացարաններում, որոնք բաժանվում են միջնապարիսպներով: Ինձ հայտնի էր իմ հիվանդի կացարանի մուտքը, և պահապաններն այնքան ծանոթ էին, որ պետք չէր մի առանձին հրահանգ իշխանի կողմից, որ ինձ ներս թողնեին. այսուամենայնիվ, իշխանը տվեց ներքինիին ընդունելության պարտուպատշաճ պատվերները:

Երբ ես ներս մտա, եթովպացի Ֆիզան դարձյալ եկավ և դևի նման այնտեղ պպզեց: Ներքինին հեռացավ: Տիկինը ես գտա իմ կարծեցածից ավելի լավ դրության մեջ: Նրա առողջությունը բոլորովին ուղղվել էր: Երբ ես սկսեցի տալ նրան մի քանի պատվերներ, թե որպես պետք է գործածե իմ մոտ յուր թողած դեղորայքը, եթե մյուս անգամ հարկավորվեն նրանք, նա խիստ նազելի կերպով ինձ ասաց.

Շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, դուք ինձ ազատեցիք մահից, ես միշտ կաղոթեմ ձեզ համար: Բայց այս դեղորայքն, կարծեմ, ինձ ավելի պետք չեն գալու, ես կարոտ եմ մի ուրիշ բանի...:

Ես բոլոր սրտով պատրաստ եմ ձեզ պիտանի լինել: Հրամայեցեք, ի՞նչ բանի:

Ձեր բարի խորհրդին: Ես հուսով եմ, — ավելացրուց նա, — որ դուք այնքան ազնիվ մարդ եք, որ կարեկից կլինեք մի անբախտ կնոջ:

Տիկին, դուք կարող եք ձեր սիրտը ամենայն վստահությամբ բաց անել իմ առջև, եթե ես արժանի եմ դորան:

Նա սկսեց պատմել այն, որ մեծ մասամբ ինձ հայտնի էր, և ես լսած էի ծերունի դռնապանից: Նրա բոլոր խոսքերը վերաբերում էին յուր թշվառ անցյալին և այն ցավալի պատճառներին, որ առիթ տվեցին նրան ընկնել մահմեդական իշխանի հարեմի մեջ: Եվ նա վերջացրեց յուր պատմությունը այս խոսքերով.

Ես այժմ դիմում եմ ձեզ, ոչ իբրև բժշկի, այլ մի բարի մարդու, խորհուրդ տվեք ինձ, ինչպե՞ս պետք է ազատվել այս դժոխքից: Ես կին եմ, մի թույլ և անփորձ էակ. իմ աշխարհի սահմանն եղել են այս սենյակի չորս պատերն, ես մի ուրիշ աշխարհ չեմ ճանաչում, ես չգիտեմ, թե որտե՞ղ կարող եմ գտնել իմ ազատությունը:

Ձեզ պետք է մի պաշտպան, տիկին, և դուք արդեն ունեք այդ:

Ես ոչ ոք չունիմ, — պատասխանեց նա ցավալի ձայնով: — Իմ բարեկամներս բոլորն սրից անցան, ես մենակ եմ մնացել, և մահը, մինչև անգամ մահը չէ ուզում ինձ մոտ գալ:

Նրա աչքերը լցվեցան արտասուքով, և նա նմանվում էր նույն րոպեում տխրության աստվածուհուն:

Կրկնում եմ, տիկին, դուք ունեք մի պաշտպան, որ ուխտել է ազատել ձեզ, և դուք կարող եք բոլորովին մխիթարված լինել:

Ազատե՞լ ինձ... Արդյոք կարելի՞ է... Այստեղ հազարավոր աչքեր հսկում են իմ վերա:

Դուք հավատացեք, տիկին, որ իմ ասածը ուղիղ է:

Խնդրեմ չտանջել ինձ: Ասացեք, ո՞վ է նա:

Այն մարդը, որի ձեռքումն են այս ապարանքի բոլոր բանալիները:

Մի ուրախության նշույլ փայլեց տիկնոջ հուսահատ դեմքի վերա, և նա րոպեական մտածությունից հետո ասաց. ճանաչում եմ, նա բարի մարդ է: Բայց դուք որտեղի՞ց գիտեք այդ:

Նա ինքն ասաց ինձ:

Բայց ես կարո՞ղ եմ վստահանալ:

Որպես ձեր հոր վերա: Նա մի հին զինվոր է, զինվորի բոլոր ազնիվ հատկություններով նա կկատարե, ինչ որ խոստանում է:

Ես նկատեցի՝ մեր խոսակցությունը բավական երկարեց և կարող էր կասկածանքի տեղիք տալ. ուստի վեր կացա:

Դուք շտապում եք, պարոն բժշկապետ:

Ես եկա ձեզ իմ վերջին մնայք բարյավն ասելու, ես մի ժամից հետո պետք է ճանապարհ ընկնեմ:

Շատ ցավում եմ, որ այսպես կարճ եղավ մեր տեսությունը: Գնացեք, աստված թո՜ղ ձեզ հետ լինի. դուք կտանեք ձեզ հետ իմ օրհնությունը. ես երբեք չի պիտի մոռանամ ձեզ: Եթե ունեցել եմ ես մի քանի մխիթարական րոպեներ այս տխուր կացարանի մեջ, դրանք եղել են ձեր այցելության ժամերն:

Ես հայտնեցի իմ շնորհակալությունը նրա ազնիվ համակրության համար և կամենում էի դուրս գալ:

Մի խնդիր ևս, — ձայն տվեց նա: — Գուցե դուք ունեք մի քույր, որ շատ սիրելի է ձեզ, ընդունեցեք ինձանից մի ընծա նրան տանելու համար:

Եվ նա դուրս հանեց փոքրիկ արկղի միջից գոհարներով զարդարված մի կուրծքի աստղ, և կամենում էր ինձ տալ: Ես մերժեցի, ասելով.

Դժբախտաբար քույր չունիմ, եթե ոչ, սիրով կկատարեի ձեր բարի ցանկությունը:

Միևնույն է, ես ուզում եմ մի փոքրիկ հիշատակ թողնել ձեզ մոտ:

Ես կտանիմ ինձ հետ ձեր բարեսրտությունը: Այդ բավական է:

Ես կրկին և կրկին նրա ձեռքր սեղմելով, բաժանվեցա:

Դուրս գալով հարեմից, ինձ զբաղեցրել էր մի մտածություն, ես գտնում էի մի խոշոր հակասություն իմ մինչև այնօր ունեցաձ կարծիքի մեջ: Հարեմական կինը համարում էի մի տխմար էակ զուրկ ամեն զգացմունքից, ավելի լավ է ասելմի պաճուճյալ խրձիկ, որին հարեմի մեծ երեխան, այսինքն նրա իշխանն գործ է ածում որպես խաղալիք յուր զվարճության համար: Բայց իմ հիվանդը զուրկ չէր զգացմունքից, նրա մեջ կար խելք, դատողություն. նա զուրկ չէր հոգու և սրտի գեղեցիկ հատկություններիցնա բողոքում էր ստրկության դեմ, նա խնդրում էր ազատություն: Այս բողոքը հառաջ չէր եկել նրա մեջ կրոնական մոլեռանդությունից, որ, որպես քրիստոնյա, անտանելի լիներ նրան կյանքը մահմեդական շրջանում: Նա բողոքում էր, որովհետև ստրուկ էր: — Ստրկությունն ազատության մայրն է...

Վերադառնալով իմ կացարանը, տեսա, Մեսրոպն ամեն ինչ պատրաստել էր, և իշխանի կողմից եկել էին մի քանի ձիավոր մարդիկ մեզ ճանապարհ գցելու համար: Նրանց թվում կար և ծերունի դռնապանապետը: Նա դիմեց ինձ այս խոսքերով.

Պարոն բժշկապետ, մարդն որքան ծերանում է, խելքն էլ յուր հետ պակասում է. ես այնքան հիմար էի, որ մինչև այսօր չմտածեցի ձեզ՝ հայտնել իմ սարսափելի հիվանդությունը, այժմ ստիպված եմ ձեզ նեղություն տալ, երբ դուք ճանապարհի վերա եք:

Ես հասկացա նրա միտքը և պատասխանեցի.

Ես պատրաստ եմ մի քանի րոպե զոհել ձեզ համար:

Քայց հիվանդությունս կարոտ է առանձին տեսության:

Ես կհրամայեմ մեզ մենակ թողնեն:

Այս լսելով, սենյակում գտնված մարդիկ դուրս գնացին, մենք մնացինք մենակ: Ծերունին մոտեցավ ինձ, և ձեռքը կուրծքի վերա դնելով, ասաց.

Հիվանդությունս այստեղ է...

Ես արդեն գիտեմ... և տիկնոջը հայտնեցի ձեր նպատակը:

Հայտնեցի՞ք, և նա ընդունե՞ց:

Ես նրան համոզեցի, որ ամենայն վստահությամբ կարող է հետևել ձեր խորհրդին:

Ուրեմն ես կարո ՞ղ եմ շուտով սկսել գործը:

Պետք չէ շտապել, մինչև ես այս երկրից մի փոքր հեռանամ:

Հասկանում եմ...

Բայց մտածեցեք, որ ձեր ձեռնարկությունը շատ հանդուգն է, չիցե թե տիկնոջ կյանքը վտանգի մեջ գցեք:

Դուք դեռ չեք ճանաչում ծերունի դռնապանին, նա մի ժամանակ առյուծի ձագը կորսար յուր բունիցը առանց մայրի իմանալու...

Այս խոսքերի հետ ծերունին մերկացրուց յուր կուրծքը և ցույց տալով այնտեղ մի խոր սպի, ասաց.

Նայեցեք այս նշանին, դա ունի յուր հին պատմությունը... Այս ցամաք կեղևի տակ, — նա դարձյալ ցույց տվեց կուրծքը, դեռ պահպանվել է այն սիրտը, որ թշվառի վերա ցավել գիտեր, և այս մաշված բազուկներն դեռ բոլորովին չեն թուլացել մի անբախտի օգնելուց:

Նույն միջոցին ներս մտավ Մեսրոպը և հայտնեց, թե ձիերն արդեն պատրաստ են, և բեռներն բեռնած են: Ես վեր կացա:

Ցանկանում եմ ձեզ հաջողություն, բարի ծերունի:

Իսկ ես ձեզ բարի ճանապարհ, պարոն բժշկապետ:

Մենք ճանապարհ ընկանք: Իշխանի մարդիկն մեզ քաղաքից դուրս հանեցին, նրանց պատվիրած էր մինչև հառաջիկա իջևանը մեզ հետ լինել: Բայց ես տեղեկանալով, որ ճանապարհն երկյուղալի չէ, նրանց ետ դարձրի:

Բայց ինձ զարմացնում էր ծերունի դռնապանը, ո՞վ էր նա, և ի՞նչ դիպվածքով ընկել էր այստեղ: Մեսրոպն սուր հոտառություն ուներ, ավելի, քան որսորդական բարակը. նա հասկացել էր, թե ինչ նպատակ ուներ իմ գաղտնի խոսակցությունը դռնապանի հետ, և մոտեցավ ինձ այս հարցով.

Դռնապանի «հիվանդությունը» բժշկեցի՞ք...

Բժշկեցի: Բայց ասա ինձ, Մեսրոպ, դու էլ շատ մասլահաթներ ունեցար դռնապանի հետ, ի՞նչ մարդ է նա:

Մեսրոպի պատմությունից երևաց, որ Պարսկաստանում դեռ պահպանված է եղել այն հին սովորությունը, որ գործ էր դնում պարսից արքան Արշակունյաց պետությունը կործանելեն հետո, այսինքն՝ Մարզպանների դարում: — Այն սովորությունը, որով պարսից արքան կանչում էր հայոց նախարարներին իրանց զորքերի հետ և նրանց ուղարկում էր շատ հեռու, տերության վտանգավոր տեղերում թշնամու հետ պատերազմելու: — Դա մի միջոց էր, որ այն ժամանակ Տիզբոնի խորամանկ արքունիքն գործ էր դնում սպառելու հայոց ազնվապետությունը և նրա պատերազմող տղամարդիկը:

Այս կարգը, որ մի ժամանակ Տիզբոնի արքունիքը պահպանում էր յուր նենգավոր քաղաքական նպատակները կատարելու համար, թեև հնանալով, փոխեց յուր իսկական, խորհուրդը, բայց ոչ բոլորովին դադարեցավ: Պատահում էր, որ մի գավառի իշխանն յուր ստորադրյալ մահմեդական ժողովրդից զինվորներ հավաքելով, պետք է գնար Պարսկաստանի խորքերում, մասնակցելու շահի որևիցե արշավանքին. նա միևնույն ժամանակ կազմում էր յուր ձեռքի տակ գտնված հայերից մի առանձին գունդ: Հայոց զինվորներն իրանց հավատարմությամբ միշտ ավելի վարկ են ունեցել պարսից բանակների մեջ. այս պատճառով բանակի գլխավոր հրամանատարը շատ անգամ պահել է նրանց յուր մոտ որպես թիկնապահներ, և միշտ նրանցով շրջապատել է յուր վրանը: Բայց երբ որ զինվորներն պահնորդության պաշտոնով կենում էին որևիցե քաղաքում, միշտ հայերին էր հանձնվում տերության նշանավոր պաշտոնակալների տան պահպանությունը: Ծերունի դռնապանը հասարակ գնդապետ էր, երբ վերջացնելով հաջող պատերազմը թուրքմանների հետ, նրանց զորքը վերադարձավ Խորասան՝ Մեշհետ քաղաքում ձմեռելու: Գնդապետին հանձնված էր քաղաքի կուսակալի տան պահնորդությունը: Նա յուր խումբով ամբողջ ձմեռն մնաց այնտեղ: Պարսկաստանում պահապան զինվորներն օրեկան հերթակալներ չեն, այլ նրանք չեն փոխվում ամիսներով և մինչև անգամ ամբողջ տարի մնում են միևնույն տեղում: Այսպեսով նրանք մինչ այն աստիճան ընտանենում են իրանց պահպանած տան հետ, որ սկսում են շատ մերձ հարաբերություններ ունենաք հարեմի հետ: Այս մտերմությունն հայերի վերաբերությամբ ավելի անկասկած է լինում, որովհետև հայի բնության պարզությունը պարսկին լավ ծանոթ է:

Բայց սերը աչառություն չէ անում: Մանկահասակ գնդապետն, որպես չափազանց հանդուգն և համարձակ մի զինվոր, միևնույն ժամանակ ուներ յուր բոլոր արժանավորությունները, որ ամեն կին նրան մի անգամ տեսնելով, չէր կարող չհամակրել: Նա ունեցել է բավականին գեղեցիկ մանկություն:

Բայց գնդապետի հայկական պարզամտությունը հասնում էր մինչև այն մոլեռանդության, որ նրա համար անսուրբ էր ամեն ինչ, ինչ որ մահմեդական էր, մինչև անգամ պարսիկ կնոջ սերը: Այս պատճառով նա միշտ իրան հեռու էր պահում հարեմական տարփածուների սեթևեթանքից, և միշտ խնդրում էր, որ յուր զորապետն փոխեր յուր պահնորդության տեղը, ուր այնքան հաճելի չէր գնդապետին:

Նույն օրերում կատարվում էր կուսակալի դստեր հարսանիքի հանդեսը: Գնդապետն նրա ապարանքում դեռ պահնորդ էր: Փեսա ընտրված էր Մեշհեդի սրբազանի գլխավոր վանահայրն. դա Պարսկաստանի մեջ նույն նշանակությունն ուներ, որպես Տալայ-Լաման Տիբեթում: Նա մի ծերունի մոլլա էր, այնքան հարուստ, որքան հարուստ կարող էր լինել վանահայրն ընդհանուր Պարսկաստանի մի ուխտատեղիի, ուր թափվում են բոլոր շիաների գանձերը:

Նույն միջոցին գնդապետի զորապետն նորան յուր մոտ է կանչում և ասում է այս խոսքերը. «Օհան, կուսակալի դստեր հարսանիքն է, այդ դու գիտես. բայց քեզ հայտնի՞ է, որ քո զորապետն սիրում է նրան»: — «Ես քո սրտի մեջ չեմ նստած, որ գիտենամ», սառը կերպով պատասխանում է գնդապետը: «Այդ իրավ է, ես այդ մասին մինչև այսօր քեզ ոչինչ չեմ ասած, բայց, Օհան, եթե նրան տանեն, քո զորապետը կմեռնի հուսահատությունից»: — «Ես ի՞նչ կարող եմ անել», — հարցնում է գնդապետը: «Դու կարող ես անել երկու բան, պատասխանում է զորապետը, մին՝ որ օրիորդին կարող ես ազատել ծերուկ մոլլայի գրկից, մյուս՝ որ կարող ես բախտավորել քո զորապետին»: — «Ի՞նչ հնարքով», հարցնում է բոլորովին շփոթված Օհանը: — «Լսի՜ր, ես կասեմ քեզ, էգուց գիշեր պետք է տանեն հարսին, այս գիշեր դու նրան պետք է այնպես թռցնես յուր տեղից, որպես ծիտը յուր բույնից»: — «Հետո ինձ ինչ կանեն, գիտե՞ս»: — «Քեզ ոչինչ չեն կարող անել»:

Գնդապետը երկար ընդդիմանալուց հետո, վերջապես հանձն է առնում կատարել զորապետի կամքը: Նրա ձեռնարկությունն թեև կապված էր սարսափելի վտանգների հետ, բայց նա յուր հանդուգն վստահությամբ արհամարհում է բոլորը: Կուսակալի տան բոլոր ծակամուտներն հայտնի էին նրան, նա նույն գիշերում հայտնվում է հարսնացու օրիորդի սենյակում: Նա արթուն է լինում, նա ամենևին չէ զարհուրում, երբ տեսնում է գնդապետին: «Դու ինչո՞ւ մտար այստեղ», — հարցնում է օրիորդը: — «Եկա քեզ տանելու», պատասխանում է գնդապետը: — «Աստված իմ ձայնը լսեց, ասում է աղջիկը, ուրեմն գնանք»: Օրիորդը վեր է կենում և առանց երկար ու բարակ խոսելու կամենում է հետևել նրան: Այս վարմունքը զարմացնում է գնդապետին, և նա հարցնում է պատճառը: — «Դեռ դու չեկած, ասում է օրիորդը, ես աղոթք էին անում, խնդրում էի աստուծուց, որ ինձ չգցե այն ծերուկ մոլլայի ձեռքը. Որոշեցի մինչև տասն անգամ շուռ տալ իմ տերողորմյայի հատիկները, և մինչև վերջացնելն սպասել, կամ աստված կուղարկեր յուր հրեշտակը ինձ ազատելու, կամ եթե ոչ, ես վճռել էի ինձ խեղդել: Բայց աստված կատարեց իմ խնդիրքը»:

Գնդապետի սիրտն սկսում է իրան տանջել, նա չէ կամենում, օրիորդի հուսահատական դրությունից օգուտ քաղելով, նրան մեկ գերությունից ազատել և նրա կամքին ընդդեմ մի ուրիշ գերության մեջ գցել: Այս պատճառով պատմում է նրան, թե ինքն ինչ նպատակով օրիորդի սենյակը մտավ: Օրիորդը հայտնում է, թե ինքը ոչ մի զորապետի մոտ գնալու ցանկություն չունի, թող թե լիներ նա Շահի որդին, և խնդրում է իրան հանգիստ թողնել կատարելու յուր վերջին վճիռը, այսինքն՝ անձնասպան լինելու: «Բայց եթե ես քեզ բռնությամբ տանի՞մ», — հարցնում է գնդապետը: — «Այն ժամանակ դու կտանես իմ դիակը միայն: Տեսնո՞ւմ ես այդ դանակը»: Օրիորդը հանում է յուր ծոցից մի դանակ և պատրաստվում է խրել յուր կուրծքը: Գնդապետը խլում է դանակը սրա ձեռքից, ասելով. «Ես կտանեմ քեզ այնտեղ, ուր դու ինքդ ցանկանում ես»:

Մյուս օրը գնդապետը և օրիորդը կուսակալի ապարանքից անհետանում են: Բոլոր քաղաքն խռովության մեջ է ընկնում: Դեպի ամեն կողմ մարդիկ են ուղարկում որոնելու փախստականներին: Բայց գտնել անհնար է լինում: Միայն մի շաբաթից հետո քաղաքից շատ հեռու գտնվում են մի կնոջ և մի տղամարդի հոշոտված մարմիններ, որոնց գլուխներն անհայտ էին, և օրիորդին պատկանող մի քանի իրեղեններ նրանց մոտ գտնելով, կարծում են, թե սպանվածն նա պետք է լինի: Դորանով խռովությունը դադարում է: Բայց դա մի խաբեական հնար էր, որով գնդապետն կամեցել էր ծածկել յուր փախուստի հետքերը:

Մի ամսից հետո, Շեբազ քաղաքում, մի պարսիկ Ահմեդ անունով և մի գյուղացի աղջիկ Ֆաթմա անունով, մի մոլլայի մոտ գրել տվեցին իրանց ամուսնության թուղթը. նրանցից մեկը գնդապետ Օհանն էր, մյուսն իշխանուհի ԶոհրանՄեշհետի կուսակալի դուստրը…:

ՆԱՄԱԿ Ե

Ես դուրս եկա Խոյ քաղաքից:

Առաջին անգամ ճանապարհորդը Պարսկաստանում տեսնում է մի ուղիղ և հարթ-հավասար ճանապարհ, որ հովանավորված էր երկու կողմից ուռենի ծառերով: Այս ուղին բավական երկար է, և ձգվում է սկսյալ քաղաքադռնից մինչև այն մեծ և գեղեցիկ կամուրջը, որ շինված է Ղոթուր գետի վերա:

Անցնելով կամուրջը, կարմիր սարի գագաթան վերա երևում էր մի փոքր մատուռ, նույն սարի կարմիր քարերից շինված: Նրա տխուր և տրտում կերպարանքն գրավեց իմ ուշադրությունը: Ես մտածում էի, թե մահմեդականների մզկիթն լինելու էր այն: Բայց տեսնելով, որ իմ ուղեցույց հայը, գդակը առած, սկսավ ջերմեռանդությամբ նայել դեպի մատուռը և խաչակնքել յուր երեսը, հասկացա, որ մատուռը պատկանում էր քրիստոնյաներին:

Ի՞նչ մատուռ է այդ, — հարց արի ես ուղեցույցես, որ դեռ չէր դադարել աղոթքի նման մի բան կարդալուց:

Սուրբ Վարդանն է, աղա, սուրբ Վարդանը, ծառա եմ նրա մեծ զորությանը, — պատասխանեց նա ջերմեռանդությամբ:

Եվ ուղեցույցս սկսավ պատմել, թե սուրբ Վարդանը, այստեղ պատերազմելով անհավատների հետ, նահատակվել էր և նրա անունով շինված էր այս մատուռը: Եվ նա շատ զրույցներ ասաց սուրբ Վարդանի մասին: Բայց նա, որպես երևում էր, գրագետ մարդ չէր, և նրա խոսքերն չէին նմանվում գրքից սերտած պատմության. — նրանք կենդանի ավանդություններ էին, որոնցմով մեր կրոնական հերոսի սուրբ հիշատակը դեռ անմոռաց մնացել էր տեղային հայերի սրտերի մեջ:

Մատուռից կես մղոն անցնելով, հասանք Դուղլաղ, այստեղ կան մի քանի մերկ բլուրներ, որ տալիս են պատվական աղ:

Նայի՜ր, աղա, — ցույց տվեց իմ ուղեցույցը մի քանի մեծ քարաժայռեր, որոնք թավալված էին աղահանքի ստորոտում: — Տեսնո՞ւմ ես այդ քարաժայռերը, — հարցրուց նա, — սուրբ Վարդանը հալածել է անհավատների գլխավորին մինչև դրանց մոտ, փախստականը յուր անձը ազատելու համար պատսպարվել է այդ քարաժայռերի ետքումը, բայց սուրբն Վարդան յուր նետերով ծակռտել է քարերը և սպանել է նրան:

Ես ձիս քշեցի և մոտեցա, որ տեսնեմ այն քարաժայռերը: Եվ իրավ, նրանց վերա կային անհամար ծակտիք, հայտնի բան է, առաջ էին եկել քարի բնական կազմությունից: Բայց շատ հետաքրքրական եղավ, երբ տեսա, մի քանի թուրքի կանայք լողանում էին աղբյուրի ջրով, որ բխում էր նույն քարերից փոքր-ինչ հեռու: Նրանք ինձ տեսնելով, փախան, թաքնվեցան քարերի հետևում, բայց մի պառավ մնաց, որ պահում էր նրանց հագուստը:

Ինչո՞ւ դրանք լողանում էին այս ջրով, — հարց արի պառավից, կարծելով, թե աղբյուրի ջուրն ուներ որևիցե բժշկական հատկություն:

Օջախ (նվիրական տեղ) է, սահաբ (տեր) օջախ է, — պատասխանեց պառավը ամոթխածությամբ յուր երեսը ծածկելով. — փարատում է բոլոր ցավերը, երբ մարդիկ լողանում են նրա ջրով, — ավելացրուց նա:

Ի՞նչ ասել կամիս, — հարց արի ես, ամենևին չհասկանալով պառավի խոսքերը:

Ղազանֆարը, այն մեծ փահլավանը (հսկան) այստեղ սպանել է մեր պապերին, — ասաց նա հոգվոց հանելով: — Տեսնո՞ւմ ես այս աղբյուրը, դրա ջուրը բխում է նրանց արյան կաթիլներից...:

Ուղեցույցս պատմեց, թե մահմեդականներն այս աղբյուրը և այն ծակծկված ժայռերի տեղը համարում են օջախ, այսինքն՝ մի նվիրական սրբավայր, և ամեն ուրբաթ երեկո, հեռավոր տեղերից գալով, վառում են ճրագներ և ծխում են ուզառլիկ (դա մի տեսակ բույսի սերմ է, որ խունկի փոխարեն գործ են ածում մահմեդականներն, թեև ամենևին անուշահոտ չէ): Ես մոտ գնացի, տեսա, արդարև, հարյուրավոր խեցեղեն ճրագներ, սևացած ձեթի և մուխի մեջ, շարված էին քարերի վերա:

Բայց զարմացա, թե ի՞նչ հարաբերությամբ ավանդությունն հիշեցնում է այստեղ Ղազանֆար անունը և ինչ պատճառով նա շնորհված է մեր հսկա նահատակին:

Ղազանֆար նշանակում է առյուծ հաղթական, կամ իբրև ճիշտ հայոց բառ՝ գազաններին հարկանող (գազանահար), որովհետև մեր հոն պարսկերենի մեջ միշտ ֆեի է փոխվում, որպես ֆարման հրաման, ֆրուշթա՝ հրեշտակ, ֆամ` համ: Ղազանֆարը, կամ գազանահարը եղել է պարսից և հայոց Հերքուլեսը, հետո այս անունը որպես տիտղոս սեփականել են և հետագա հերոսներին, որպես մահմեդականությունը շնորհեց նորան Աբութալեբի որդի Ալիին յուր քաջագործությանց համար:

Ավանդություններն, անցնելով մի ազգից դեպի մյուսը, կերպարանափոխվում են, բայց նրանց իսկությունը մնում է միևնույնը: Ուստի շատ զարմանալի չէ, որ պատմական ղազանֆար անունը մի ժամանակ հեթանոս պարսիկներն շնորհեցին մեր Վարդանին, իսկ այժմ մահմեդական պարսիկներն շնորհում են իրանց Ալիին, որովհետև մահմեդականությունը սովորություն ունի բոլոր նշանավոր անձանց անունները դնել իսլամի շրջանակի մեջ: Որպես Ղորանի Աղեքսանդր Մակեդոնացին (Սկանդար Ղուլկարնեյն), Պղատոնը (Աֆլաթուն), Արիստոտելը (Ալասթու) և Սաբայի թագուհին, մինչև անգամ Քրիստոսը ու Հովհաննես Մկրտիչը, — բոլորն մահմեդականներ են:

Ես նայեցա, շատ հավանական է մտածել, թե Վարդանանց պատերազմը կամ Սրբույն Վարդանա նահատակության տեղը եղել է վերոհիշյալ մատուռի մոտակայքում, այսինքն՝ Ղոթուր գետի ափերի մոտ, որ կարծվում է պատմական Տղմուտը: Թեպետ հայերից շատերի կարծիքն այն է, թե պատերազմը եղել է Մագվա դաշտերում, բայց այդ կարծիքը տարակուսական է երևում, որովհետև այնտեղ ոչ մի ընդարձակ դաշտ չէ հիշեցնում մեզ Ավարայրին և ոչ մի գետ՝ Տղմուտը: Բայց ինձ երևում է, թե գլխավոր պատերազմը եղել է Դուզլաղի հարավային կողմում, այն նվիրական աղբյուրների մոտ, և այն ըստ ավանդության նետերով ծակոտյալ ժայռերի մոտակայքում, որտեղից փոքր-ինչ հեռու Ղոթուր գետը, յուր պղտոր ջրով, լիլային և ցեխոտ հատակով, ձևացնում է մի հեղեղատ, որին այլ անուն անհարմար էր տալ, քան անունս Տղմուտ: Եվ ընդարձակ դաշտը, այնպես ցամաք և անապատ, հիշեցնում է ողբալի Ավարայրը...:

Խոյ քաղաքից ես դուրս եկա կեսօրից հետո: Նույն ավուր գիշերի տասն ժամին հասա Սալամաստ գավառը: Փայաջուկ անունով մի գյուղում իշևանեցի ես: Այդ գյուղի բնակիչներն, հարյուր և քսան տան չափ, բոլորն հայ էին: Արևելքում, մի հայաբնակ գյուղում, օտարականի իջևանն է՝ կամ քոխվայի (տանուտերի) տունը կամ քահանայի տունը և կամ ժամատան գավիթը: Բայց ես իջևանեցի եկեղեցու երեցփոխանի տանը: Մեր գրաստները տեղավորեցին, բեռները ներս տարան: Եվ որովհետև ամառ էր, գյուղացիներն քնում էին կտուրների վերա, ինձ համար ևս իրանց մոտ տեղ պատրաստեցին:

Մեսրոպը շուտով կրակ վառեց, թեյ պատրաստեց, և խմելով տաք ըմպելին, ես բավական հանգստացա, բայց սաստիկ սոված էի: Մեսրոպին հրամայեցի, ինչ որ պետք էր գնե տանտերից և ընթրիքի հոգածություն անե: Քանի րոպեից հետո նա դարձավ տանտիրոջ հետ, որն մի ծերունի, մորուքավոր և բավական փառահեղ կերպարանքով մարդ էր: Նա շատ քաղաքավարությամբ գլուխ տվեց և կանգնեցավ իմ առջև:

Աղա, — ասաց նա, — դուք աստուծո հյուրն եք, թե դուք, թե ձեր գրաստները և թե ձեր ծառաներն այստեղ արծաթով ոչինչ գնելիք չունիք, մենք միասին կբաժանենք, ինչ որ ծառայիդ պարգևել է աստված:

Այս խոսքերը նա արտասանեց այնպիսի մի զգալի կերպով, մինչ ես երևակայում էի, թե ինձ հետ խոսում էր հայր Աբրահամը, և ես չկամեցա վշտացնել նահապետական ծերունու հյուրասիրական զգացմունքը, և պատասխանեցի, թո՜ղ կամքն լինի:

Իմ հյուրընկալն շնորհակալությամբ հեռացավ:

Շաբաթական պաս էր:

Ես տեղեկացա Մեսրոպից, թե ընթրիքի համար պատրաստում էին պասվա կերակուրներ: Ես պատվիրեցի նրան, որ ինձ համար խաշել տար մի քանի հատ ձու և տապակեին մի հատ վառյակ: Մեսրոպը ինձ ասաց հեգնական կերպով.

Չլինի՞ թե այստեղ էլ ուզում ես ուրանալ քո հայությունը:

Ինչպե՞ս, — հարց արեցի ես:

Նա պատասխանեց, թե ես այս առաջարկությունը արդեն արեցի, բայց տանուտերն ասաց, մի՞թե քո աղան հայ չէ, և կարելի՞ է լուծել սուրբ աստվածածնա պասը:

Ես չկամեցա մոլորության պատճառ տալ իմ ջերմեռանդ հյուրընկալին և խոնարհվեցա կրոնքի պահանջմունքին... Բայց շտապում էի, արդյոք ե՞րբ պիտի տան ընթրիքը:

Մին էլ տեսա մի կնամարդ լռությամբ մոտեցավ, իմ առջև դրեց մի մեծ պղնձե տաշտ և ձեռքումը բռնած ուներ նույնպես պղնձե մեծ իբրիղ: Նա սկսավ իբրիղից լեցնել տաշտի մեջ սառն ջուր:

Այս կնամարդն գլխին ծածկած ուներ կարմիր աբրեշումե քող, որ առջևից իջել էր մինչև արծաթե քամարը, երեսը բոլորովին անտեսանելի կացուցանելով, և հագուստը ոտքից ցգլուխ բոլորն խայտաճամուկ և բավականին նոր ու մաքուր էր:

Դա տանտիրոջ մանկահասակ հարսն էր:

Ես հարցուցի, թե ի՞նչ էր կամենում նա:

Նորահարսն ոչինչ չպատասխանեց, միայն շարժեց գլխով և ձեռքով ցույց տվեց տաշտը:

Ես հասկացա, որ այս երկրի կանայքն սովորություն չունին օտար տղամարդերի հետ խոսելու, բայց ի՞նչ բանի համար էր տաշտը, այդ հասկանալ չկարողացա: Մեսրոպն հայտնեց, թե նա կամենում է, որ ես լվանայի ոտքերս, երեսս և ձեռներս և սրբեի ինձանից ճանապարհի փոշին:

Այդ ես ինքս կարող եմ անել, ինչո՞ւ է նա նեղություն քաղում, — ասացի ես:

Այդ երկրի կարգն այդպես է, — պատասխանեց Մեսրոպը, — եթե թող չտաս, քեզանից կնեղանան:

Այդ նահապետական սովորությունը զմայլելուց ինձ, և ես սիրով ընդունեցի մանուկ նորահարսի հրավերը:

Next page