Րաֆֆի՝   Հուշագրություններ

Նա սկսավ տաշտի մեջ լվանալ իմ ոտքերը յուր փափուկ ձեռքերով, որ ներկած էին հինայով, և նրա մատները զարդարած էին մատնիքներով, իսկ բազուկները՝ ապարանջաններով և գույնզգույն հուլունքներից շարած բազկակապով (ղոլբաղ): Եվ շարժվելու միջոցին նրա քողի տակից լսելի էին լինում, նույնպես հուլունքներով շարած, ոսկի և արծաթի դահեկաններով շղթայած, նրա պարանոցի և գլխի զարդարանքի զնգզնգալու ձայներն:

Նույն միջոցին ես մտածում էի այն բանի վերա, թե որքա՛ն հաճությամբ ընդունեց և Մեսիան Մագդաղենացի կնոջ մի այսպիսի հյուրասիրական պատիվը: — Դա մի սովորություն էր Իսրայելի մեջ, որ հյուրի ոտքերը լվանում էին և նրա գլուխը օծում էին յուղով: Բայց որտեղի՞ց մտավ հայերի մեջ:

Իմ լվացվելեն հետո նորահարսն լռությամբ գլուխ տվեց, և առնելով տաշտը, հեռացավ: Իսկ ես, արդարև, զգացի բավականին զվարթություն և կազդուրում իմ հոգնած անդամների մեջ: Կարծես թե այդ հանգստությունն ինձ նոր ախորժակ տվեց ուտելու:

Չուշացավ և ընթրիքն: Շուտով սեղանը սփռվեցավ, և կերակուրներն միանգամով մեջ բերվեցան: Ծերունի տանուտերն, մի ահագին դդմասրվակ լիքն գինի յուր մոտ դրած, ինձ հետ սեղան նստեց:

Նույն միջոցին ես տեսա, երկու բարձրահասակ տղամարդ, թեև արևից այրված դեմքով, բայց հսկայատիպ և զվարթերես, մոտեցան, խոնարհությամբ գլուխ իջուցին և, ձեռքերը սրտերին դրած, կանգնեցան մեր առջև:

Դրանք ովքե՞ր են, — հարցուցի ես:

Քո ծառայքը, — պատասխանեց ծերունին: Ես հասկացա, որ նրա որդիքն էին:

Հրամայեցեք, որ նրանք ևս մեզ հետ սեղան նստեն, — ասացի տանուտերին:

Ո՜չ, — պատասխանեց խորհրդական ձայնով ծերունին. — նրանք դեռևս երկար պետք է սպասավորեն, մինչև բարձի տեղ գտնեն ձեզ պես պատվավոր հյուրերի մոտ:

Ես տեղեկացա, որ ծերունու որդիքն այս մեծարանքր ցուցանում էին ոչ թե ինձ պատվելու համար, այլ նրանք միշտ համարձակություն չունեին նստելու իրանց հոր մոտ, որպես գերդաստանի պատրիարքի մոտ, որի հեղինակությունը հասնում էր մինչև անսխալականության: Կերակուրները, թեև պատրաստված էին ընդեղեններից, բանջարներից, բայց այնքան պարզ, համադամ և քաղցրաճաշակ էին, մինչև ես ոչ մի անգամ քեզ հետ, սիրելի ընկեր, այնպես ախորժակով չեմ կերել եվրոպական ամենապատվական հյուրանոցներից մեկում:

Ես ծալապատիկ նստած էի ասիական թանձր գորգի վերա և, ետ դնելով եվրոպական դանակն ու պատառաքաղը, ուտում էի ձեռքով, որպես ուտում էին մեր պապերը: Դու կասես, մեր պապերը մինչև անգամ Վաղարշակ Արշակունիի օրերում, այսինքն` Քրիստոսից 150 տարի առաջ, պատառաքաղ էին գործածում: Այո՜, գործ էին ածում միայն բարձր նախարարները` ազնվապետական դասը, բայց ես և դու ձգել ենք ազնվապետությունը:

Որքա՛ն քաղցր է կենակցությունը ռամկի հետ, ժողովրդի հարազատ որդու հետ: Եթե դու ուզում ես ճանաչել նրան, պետք է նրա խրճիթը մտնես, նրա հետ բաժակներ փոխես: Ես երևակայում էի, թե այնօր կատարյալ հայ էի և սեղան էի նստած կատարյաք հայի հետ, որի կյանքի ամեն մի գծերից արտափայլում էր հայության հատկանիշը:

Ծերունին շուտ-շուտ լեցնում էր ահագին գավաթը գինով, մատուցանում էր ինձ, և ես խմում էի ու խմում...:

Ես հարցրի տանուտերից, թե նա քանի որդի ունի:

Որդիների կողմից հարուստ եմ, — պատասխանեց նա, — երեքն տանն են, իսկ երկուսն պանդխտության մեջ:

Ինչո՞ւ համար են գնացած:

Փող աշխատելու:

Մի՞թե այստեղ չեն կարող աշխատել:

Այստեղ աշխատածը մեր ձեռքից խլում են... եթե որդիքս դրսից փող չբերեն, մենք չենք կարող ապրել:

Դեռ ես բախտավոր եմ այդ մասին, — ավելացրուց նա, մեր երկրի տների մեծ մասում տղամարդիկ չկան, բոլորը պանդխտության մեջ են:

Աղջիկ քանի՞ հատ ունիս:

Փառք աստծո մի հատ, այն ևս մարդի եմ տված:

Ես նկատեցի, այստեղ ևս աղջիկ զավակների ծնունդը ծնողներին դժգոհություն է պատճառում, չնայելով, որ հայրերը նրանց վերա ավելորդ ծախսեր չեն անում, այլ ընդհակառակն փեսայից փող են ստանում:

Պարզ լուսնկա գիշեր էր:

Տանտիրոջ հարսերը կից կտուրից, նստած իրանց քնաշորերի վրա, և թաքնված իրանց զավակների օրորոցների ետքում, երբեմն գաղտուկ նայում էին մեզ վերա: Որքա՛ն զվարճություն է զգում մարդ, երբ քողի տակից հանկարծ տեսնում է այն վարդագեղ դեմքերը... նրանց վառվռուն աչքերի երևույթն այնքան հրաշալի է և արագընթաց, որպես ասուպների սահումը պարզ երկնակամարի վերա:

Իմ զգացմունքներն բորբոքվեցան... ես ուրախ էի, որ շրջապատած եմ հայերով... հայերով, որոնց սիրտն այնքան պարզ է, որոնց միտքն այնքան բարի է, որոնց հավատքն այնպես ջերմ և մաքուր է...:

Եվրոպայում կանայք երբեք չէին գրավում իմ ուշադրությունը. Նրանք բոլոր իրանց արվեստական կեղծիքներով և պաճուճանքներով անցնում էին իմ մոտից, որպես մեռյալ ուրվականներ: Կարծես նրանք այնպիսի կերակուրներ էին, որ մարդ, հաճախ տեսնելով, և ստեպ ուտելով, վերջապես զզվում է...: Իսկ այժմ այդ ծածկյալ հավերժահարսունքը ինչո՞ւ այնպես զմայլեցնում էին ինձ: Ինչո՞ւ ես այնպես անկեղծ պարզությամբ նայում էի նրանց վերա: — Ես գտանվում էի, այո՜, նահապետական սրբարանի մեջ...:

Ես բավականին ոգևորված էի, և սկսեցի երգել Հայաստանհ այն գեղջկական երգերից մեկը, որ շատ անգամ քեզ հետ երգել ենք, սիրելի ընկեր, բայց երգել ենք օտար երկրում, օտար երկնքի տակ...:

Երևի, ծերունուն հաճելի եղավ իմ երգը: Խղճալին առաջին անգամ լսում էր մի երգ ժողովրդական բարբառով: Նրա խորշոմած աչքերն վառվեցան ուրախությունից: Եվ նա խիստ ախորժելի բացատրություն տալով յուր դեմքին, ասաց երգս վերջացնելեն հետո.

Ձայնդ անսպառ, աստված ավելի շնորհ տա:

Հայերն այս կողմերում իրանց լեզվով չունին ժողովրդական երգեր. նրանք երգում են թուրքերեն կամ պարսկերեն լեզվով, և հայ աշուղներն մինչև անգամ իրանց երգերը հորինում են նույն լեզուներով: Պատճառն տիրող ազգերի ազդեցությունն էր, բայց ծերունի տանուտերն բոլորովին այլապես էր մեկնում. նա ասում էր, թե հայոց լեզվով միայն կարելի է հոգևոր երգեր ասել, և դա տիրացուներին ու տերտերներին է պատկանում:

Բայց դու հասկանո՞ւմ ես, ինչ որ երգում են նրանք, — հարցրի ես:

Գրոց լեզուն ես ո՞րտեղից կարող եմ հասկանալ, — պատասխանեց նա:

Բայց իմ ասածը հասկացա՞ր:

Հասկացա:

Ո՞րն է լավ:

Տերտերի ասածը հոգու շահ ունի, բայց քո ասածը մարմնու, — պատասխանեց նա: — Բայց հոգին աստծունն է, մարմինը` սատանային:

Մինչև ո՞ր աստիճան խաբված է մեր միամիտ ժողովուրդը...:

Ծերունին, նկատելով, որ ինձ շատ դուր չեկավ յուր ասածը, թույլտվություն խնդրեց, որ յուր որդիներից մեկն երգե: Ես հաճությամբ ընդունեցի:

Փոքր որդին սկսեց երգել, բայց մեծը ձայն էր պահում: Նրա թուրքերեն բայաթին հնչվում էր ցավալի տխրությամբ: Ոչինչ արտահայտություն այնքան ճշտությամբ չէ թարգմանում սրտի հատկությունները, որպես երգը: Ա՛խ, սիրելի ընկեր, մի ստրկացած ազգի երգն նույնպես տխուր է, որպես նրա կյանքը...:

Երգի յուրաքանչյուր տան վերջին տողը ավարտվում էր այս խոսքերով. «Եթե դու ինձ չսիրես, գանգատս խանին կանեմ»: — Խանը տիրում է հայ մարդու կենսական բոլոր երևույթների վերա, մինչև անգամ նրա սիրո և հոգեկան զգացմունքների մեջ նա իշխում է

Ցավալի մտածմունքներ պաշարեցին ինձ... իմ զվարճություններն մի ակնթարթում ցնդեցան... և ես ընկղմվեցա դարձյալ դառն խորհրդածությանց մեջ:

Մեր ընթրիքն վերջացավ գոհության աղոթքով, որ կարդաց ծերունին, թեև նա գրագետ չէր: Նա աստծուն փառք տալեն վերջը, ինձանից ներողություն խնդրեց, ասելով, թե յուր սեղանը բոլորովին արժան չէր պատվելու ինձ նման հյուրին: Նա շուտով հեռացավ, մտածելով, թե ես հոգնած եմ, և թողեց ինձ հանգստանալ: Բայց որդիքն ոտքի վերա սպասում էին, մինչև ես քնեի, մտածելով, գուցե ես նրանց պատվիրելու մի բան ունենամ:

Ես խնդրեցի նրանցից մի փոքր խմելու ջուր դնել իմ մոտ և հեռանալ: Բայց զարմացա, փոխանակ ջրի դրեցին գինի: Ես հասկացա, այդ մի առանձին պատիվ էր հյուրին:

Թեև այն օր սաստիկ հոգնած էի, բայց քունը քանի ժամ էր չէր մոտենում իմ աչքերին: Ես մտածում էի: Բայց ինչե՞ր չէի մտածում ես...: Ես մտածում էի, մի այսպիսի ժողովուրդ, այդքան բարեսիրտ և բարեմիտ, ինչո՞ւ պիտի զուրկ մնա ուսումից և կրթությունից: Ես մտածում էի, թե մենք, դատարկ խոսքերով միայն գործ շինող, բայց իրապես ծույլ և անպիտան ուսումնականներս մի՞թե պարտական չենք ժողովրդին՝ լուսավորությունը նրանց մեջ չտարածելու համար: Ես մտածում էի, միթե աստված նրանց արյունը և դառն արտասուքը մեզանից՝ գիտուններիցս չէ՞ պահանջելու: Ի՞նչ է, որ նրանց թողնում է ստրկության մեջ, ի՞նչ է, որ նրանց ճնշվիլ է տալիս բռնակալ իշխանի լծի տակ, գործելու միմիայն օտարի շահերի համար: — Տգիտությունը: Բայց ո՞վ պետք է առաջնորդե նրանց կյանքի ուղիղ և լուսավոր ճանապարհի վերա: Մեր տանտերե՞րընրանք իրանք ուղղության կարոտ են…:

Ա՛խ, սիրելի ընկեր, շատ բաների վերա մտածում էի ես... բայց իմ բոլոր մտածություններն անրջային ցնորքներ էին...: Մենք նմանում ենք այն տուն շինողներին, որ միայն թղթի վերա մեռած մակարդակներ են գծում, և կարծում են, թե դորանով ամեն ինչ վերջացած է:

Գեղեցի՛կ գիշեր էր: Լուսինը փառահեղությամբ լուսավորում էր աստուծո արարածները: Ամառնային թարմ օդը շնչում էր ախորժելի փափկությամբ: Ես անքուն, իմ մահճի միջից լսում էի, թե որպե՜ս մերձակա կտուրների վերա նորահարսունք, о՛ր-օ՛ր երգելով, քնեցնում էին իրանց նորամանուկները, լսում էի, թե որպես պառավ մամիկները, հավաքած իրանց շուրջը հարցասեր թոռնիկներին, ցույց էին տալիս նրանց աստղազարդ երկինքը և պատմում էին զանազան առասպելներ համաստեղների մասին: Նրանք ցույց էին տալիս, թե ո՜րն է «Կոստանդիանոս թագավորի խաչը», — ո՜րն է «Յոթն եղբարց սեղանը» — ո՞րն է «Քարն ու կշիռը» — ո՞րն է «Բազումքը» և կամ ո՞րն է «Գութանը» և այլն:

Մամիկ, մամիկ, այն աստղն չէ՞ արդյոք գայլը, որ կերավ գութան վարողներին հաց տանող երեխային, — հարցնում է փոքրիկ թոռնիկը:

Հա՜, սիրեկան, այն պլպլացող աստղը գայլն է և նրա մոտ այն փոքրիկ աստղը հաց տանող երեխան է, — ասում է պառավը և հետո սպառնում է. — Նայի՜ր, Խաչո, որ մինակ դաշտը չգնաս, թե չէ, քեզ էլ կուտե գայլը:

Երեխան խոստանում է մինակ տանից դուրս չգալ և այնօրից ծնանում է նրա սրտի մեջ երկչոտություն և վախ գազաններից...:

Արորին այստեղ ասում են «ոսկի» և ոսկի արորը որպես հայերի, նույնպես և համարյա բոլոր արիական ցեղերի ավանդությանց մեջ ունի յուր միանման պատմությունը. նա համաստեղների կարգն է դասվում:

ՆԱՄԱԿ Զ

Ես այժմ Սալմաստումն եմ: Դա Ատրպատականի այն գավառն է, որ հայտնի է մեր պատմության մեջ անունով Զարևանդ կամ Զարեհավան, որ նշանակում է արևի ավան21: Եվ արդարև, կենդանի ավանդությունն մինչև այսօր պահել է այն հին զրույցը, թե այստեղ եղել է մի մեծ քաղաք, որ նվիրված էր արևին: Եվ մինչև այսօր Քոհնա-Շահարից (հին քաղաքից) սկսյալ մինչև Ահրևան՝ այսինքն Զարեհավան գյուղը երևում են հիշյալ լայնատարած քաղաքի հետքերը:

Ատրպատականը, կամ այլ կերպով, Ատրպայգյանը (կրակարան) որպես ցուցանում է այդ անվան բուն ստուգաբանությունր, եղել է խանձարուրն մոգական կրակի: Ատրպատականի զանազան գավառներում, առավելապես Սալմաստում, մինչև այսօր մնացել են իրանց նվիրական անմատչելիության մեջ ահագին մոխրաբլուրներ, որք, շատ հավանական է, ձևացել են ատրուշանների անհանգչելի կրակին դարերով զոհված վառելիքներից: Դրանք ցուցանում են, թե Զրադաշտի կրոնքը ավելի տարածված է եղել Զարեհավանում:

Եվ շատ պախարակելի չէ ոմանց կարծիքը, թե Սալմաստը կամ նրան կից Ուրմին եղել են Զրադաշտի հայրենիքն, որովհետև մինչև այսօր Սալմաստում մի գյուղ պահպանել է մեծ մոգի անունը, դա կոչվում է Զրադաշտ:

Սալմաստում ատրուշաններից ձևացած մոխրաբլուրներից նշանավոր են՝ Բութ-Ամեն (արձան հավատարմության), Փայա-ջիկի բլուրը, Դրիշկի բլուրը և Մահլամ գյուղի բլուրներն: Բայց շատերն կիսով չափ, կամ բոլորովին անհետացած են, որովհետև երկրագործները նրանց մոխիրը տանում են իրանց արտերը պարարտացնելու: Այստեղ անտառներ չլինելու համար գյուղացիք իրանց անասունների աթարը, փոխանակ հողերը պարարտացնելու, գործ են ածում վառելիքի համար, և միակ բանը, որ մնում էր նրանց արտերին ուժ և զորություն տալու, էր մոխիրը: Իսկ կրով կամ այլ արվեստական կերպով հողի պարարտացնելը դեռ անծանոթ է այստեղ:

Գիշերով հասած լինելով Սալմաստ, ես չկարողացա լավ դիտել նրա դիրքը, բայց առավոտյան, երբ զարթեցա քնից, նկատեցի, որ գտանվում եմ մի հիանալի հովտի մեջ: Այդ հովիտի երեք կողմերն բոլորակ ձևով պատած են լեռներով, իսկ արևելյան կողմում ծփում է Ուրմիո գեղեցիկ լճակը: Սոլայ կամ Հարազով գետը, ճյուղավորվելով բազմաթիվ փոքրիկ առվակներով, ոռոգում է հովիտի երեսը: Եվ գյուղերը, զարդարած այգիներով և ձեռատունկ ծառերով, միախառնվում են և ընծայում են հովիտին բոլորակ անտառի կերպարանք:

Առավոտյան ես զարթեցա արևածագեն խիստ վաղ: Տըկտըկ... տրկ... լսելի եղավ մի օտարոտի ձայն: Դա ժամատան կոչնակի ձայնն էր, որ մղդսին դռնից դուռն ման գալով, փայտե մուրճով թակում է գյուղացոց դռները և յուր հատուկ բարեպաշտական ձայնով եղանակում է. «Ա՜յ քրիստոնյայք, ժամ համեցե՜ք, և ձեր հոգու ճարը լացե՜ք»: Զանգակի քաղցրահնչյուն ձայնը լռած է մահմեդական Պարսկաստանում, սիրելի ընկեր, որովհետև քրիստոնյա եկեղեցվո նաղուսի ձայնը պղծում է մոլեռանդ մուսուլմանի լսելիքը...:

Կտուրը, որի վերա պատրաստած էր իմ անկողինը, այնքան բարձր էր, մինչև իմ առջև դրած էին գյուղի բոլոր տանիքները, և շուրջանակի կանաչին էր տալիս գեղեցկազարդ հեռակայքն: Ես վեր առի երկփողի դիտակը, որ դրած էր իմ մոտ, և սկսեցի նայել դեպի իմ չորեքկողմը: Ես տեսնում էի գյուղական ամբողջ կյանքը յուր հրաշալի անմեղությամբ: Նորապսակ, մանկահասակ հարսերը, ամենից առաջ զարթնելով, վեր են կենում անկողնից. նրանք գաղտուկ հագնվում են, մինչդեռ նրանց սկեսուրն և սկեսրայրն քնած էին, և վազում են դեպի տնային գործերը: Աղջիկներն հարսերից առաջ, սափորներր դրած ուսներին, գնացել են մերձակա աղբյուրից տան համար ջուր բերելու: Ամենից հետո զարթնում են պառավ մամիկները և ծերունի հայրիկները: Նրանք, մի ժամու չափ նստած իրանց քնաշորերի մեջ, հորանջում են, իրանց մարմինը քորում են և պատմում են մինը մյուսին, թե ով ինչ բարի կամ չար երազ էր տեսել: Բայց հենց որ լսվում է ժամատան կոչնակի ձայնը, նրանք վեր են կենում, լվացվում են և դիմում են դեպի եկեղեցին:

Մի քանի ժամ տևում է այդ տեսարանը: Ես նայում եմ... և ինձ երևում են հիանալի երեսներ թարմ, առողջ և անխարդախ գիծով: Ինձ պատկերանում է բիբլիական աշխարհը: Ես հիշում եմ Մարգարե թագավորին, որ մի այդպիսի կտուրից նայելով, սիրահարվեցավ գեղեցիկ Բերսաբեի վրա...

Արևը ծագեց: Ա՛խ, ի՜նչ սքանչելի կերպով նա վեր է բարձրանում Ուրմիո լճակից՝ ողջունելու գյուղացիների գործունեությունը:

Դաշտից վաղուց արդեն լսելի է լինում սայլավարի երգը, որ հունձքի արտերեն թափում է յուր աշխատության բերքը կալի մեջ: Անասունների նախիրը դուրս են քշում գյուղից: Կովերի և ոչխարների բառաչմունքն, ձիաների խրխինջն, ավանակների զռինչն, միախառնվելով, հնչեցնում են գյուղական անուշ մուզիկան...:

Հիանալի՛ կյանք:

Սալմաստը Ատրպատականի ամենից առավել հայաբնակ գավառն է, ուր կա այժմ մինչև հազար տուն հայ ժողովուրդ: Բայց 1827 թվականից առաջ հայոց գերդաստանների թիվն այստեղ հասնում էր մի քանի հազարի. նրանք գաղթեցին դեպի Ռուսաստան, թողնելով ամբողջ գյուղորայք դատարկ, որոնց մեջ հետո բնակվեցան թուրքեր: Այդ գյուղերում մինչև այսօր պահվում են հայերի եկեղեցիները և նրանց գերեզմանատները, մահմեդականների մոլեռանդությունը դեռ չէ կարողացել բոլորովին ոչնչացնել նրանց:

Ես վճռեցի մի քանի օր մնալ Սալմաստում տեղային հայ ժողովրդի կյանքը լավ ուսումնասիրելու համար: Եվ չկամենալով ավելի ծանրություն տալ իմ հյուրընկալին, մյուս օրը խնդրեցի, որ իմ կացարանը տեղափոխեն եկեղեցու գավիթում:

Ծերունին թեև դժվարությամբ, վերջապես համաձայնեցավ իմ առաջարկությանը: Եկեղեցվո գավիթում կային բավական մաքուր սենյակներ, որ հատկապես պատրաստված էին օտարականների համար. ես տեղափոխվեցա այնտեղ:

Ես այժմ առանձնացած լինելով, կարող էի լուծել սուրբ Աստվածածնա պասը, և այդ մասին Մեսրոպին ուղարկեցի մերձակա գյուղաքաղաքը, որ կոչվում էր Դիլիման, մի փոքր միս, յուղ, ձու և այլ զատիկվա ուտելիքներ գնելու:

Քանի ժամից հետո բազարից դարձավ Մեսրոպը, յուր գնած պաշարը բարձած ունենալով ավանակի վերա: Ես շատ բարկացա, տեսնելով, նա փոխանակ մի կտոր մսի, բերել էր մի ամբողջ քերթած ոչխար:

Ի՞նչ պետք էր մեզ, հիմար, այդքան միսը, — ասացի ես նրան:

Ապա ի՞նչ պիտոր ընեի, շներու դեմի՞ թալեի, — պատասխանեց նա տհաճությամբ:

Ես նկատեցի, Մեսրոպն նույնպես բարկացած է:

Նա սկսեց դժգոհությամբ ինքն իրան մրթմրթալ, թե ես ման էի ածում նրան «անօրենների» երկրում, ուր նա ամեն մի հանգամանքներում ստիպված էր հանդիպել անախորժությունների, ծեծ ուտել, հայհոյանք լսել: Թե այդ երկիրը Ջեյթունը չէ, ուր նա իրան վշտացնողին «շանսատակ» (շան հիշատակ) աներ, այստեղ նրա ձեռքերը կապված են: — Եվ այս բոլորի մեջ նա մեղավոր էր գտնում ինձ, ասելով, եթե նա չէ ցանկանում մեկին «շանսատակ» անել, այսինքն՝ սատկեցնել, շան հիշատակի արժանացնել, պատճառն այն էր, որ ինքն ստիպված կլիներ ինձ թողնել և փախչել, իսկ ես կմնայի առանց ծառայի:

Մեսրոպի խոսքերն բոլորովին անտեղի չէին, ես տեսա, նրա երեսը ջարդված էր և գլխիցը արյուն էր հոսել:

Էլ ի՞նչ արեցիր, — հարցրի ես, — դարձյալ սեիդի քսվեցա՞ր:

Մեսրոպը պատմեց, թե այդպիսի դեպք պատահած չէր, միայն երբ նա մսավաճառի մոտ գնաց, և կամենալով մատով ցույց տալ նրան յուր խնդրած մսի մասը, անզգուշությամբ մատն դիպավ մսին, և մսավաճառն սկսեց հայհոյել նրան, թե ինչո՞ւ պղծեց միսը, որ այլևս չէր կարող վաճառել որևիցե մահմեդականի, և սկսեց ստիպել Մեսրոպին, որ վճարե ամբողջ ոչխարի արժեքը և միսը ինքն տանե: Մեսրոպը ընդդիմանում է մսավաճառի մի այդպիսի պահանջմունքին, և թուրքերն հավաքվելով, ծեծում են նրան: Խղճալին ազատվում է նրանց ձեռքից, երբ վճարում է ամբողջ ոչխարի կրկնակի արժեքը:

Ինձ շատ խռովեց այդ անցքը, և չգիտեի, թե ի՞նչ պետք է անել: Վերջապես տվի Մեսրոպին մի փոքր սպեղանի, որ նա դնե յուր վերքի վերա, և ես վրդովված անցուդարձ էի անում սենյակիս մեջ: Հանկարծ ներս մտան մի քանի մարդիկ, նրանցից մինն էր իմ հյուրընկալ ծերունին, իսկ մյուսն, որ գլխին ուներ տափակ գդակ և հագած ուներ սև վերարկու, ընդառաջեց, «բարի ողջույն ասացիմացա, որ քահանա է: Դրանց հետ եկած էին՝ գյուղի ռեիսը (տանուտերը) և մի քանի հոգի աղսաղալներից, այսինքն՝ ժողովրդի սպիտակամորուքներից, որ հասարակության կառավարության մեջ պատվի և համարումի տեր մարդիկ էին: Բոլորն խոնարհությամբ գլուխ տվեցին, և մինչև ես հրաման չտվի, նրանք չնստեցին:

Ես շատ խղճահարվում էի, տեսնելով այս ողորմելի մարդկանց չափազանց խոնարհությունը. նրանց մեջ պակաս էր նահապետական ժողովրդի այն արձակ-համարձակ վարվողության ձևը, որ հառաջ է գալիս նրանց պարզ և միամիտ անփութությունից: Այսպիսի հարաբերություն կարելի է տեսնել անմեղ երեխաների մեջ միայն, որոնք բոլորն եղբայրներն են: Բայց հայերն այստեղ այնպես չեն, նրանց թե բնավորության և թե շարժմունքների մեջ նկատվում է ստորաքարշություն, ցած խոնարհություն, որ հառաջ է եկել դարևոր ստրկությունից: Բայց դա բնավորություն է դարձել: Եվ մարդ առաջին անգամ նրանց հետ խոսելիս, կարծում է, թե այդ ողորմելիքն չափից դուրս կեղծավոր և խաբեբաներ են, բայց այդպես չէ...:

Նրանց առաջին խոսքերն եղան բարովել իմ գալուստը, որ արտահայտում էին իրանց հատուկ ոճով և վերջացնում էին օրհնություններով: Ես կարճ շնորհակալություն արեցի, միայն տեսա, Մեսրոպն ներս բերեց, մի մեծ զամբյուղի մեջ դրած, զանազան տեսակ թաց մրգեղեններ, որպիսի են՝ խաղող, տանձ, խնձոր, դեղձ և այլն:

Ես հասկացա, որ դրանք իմ այցելուների ընծաներն են: Բարեսի՛րտ ժողովուրդ, նրանք երբեք չեն հայտնվում «մեծ» մարդու մոտ դատարկաձեռն: Սրանց խաներն վաղուց սովորեցրել են ժողովուրդը այս տեսակ զոհաբերությունների...:

Ես շնորհակալ եղա, ասելով, թե ինչո՞ւ պարտավորեցնում էին ինձ, թե ես ձրի բաներ ընդունելու սովորություն չունեի:

Նրանք պատասխանեցին. — «Դուք մեր թանկագին հյուրն եք, աստված ձեզ նման մարդիկ մեր ազգից պակաս չանե, բարով եք եկած, հազա՛ր բարով. մեր աչքի և մեր գլխի վերա տեղ ունիք, մենք և մեր որդիքն ձեր ծառաներն ենք, և մեր ունեցածը ձեզ մատաղ է»: — Մի ուրիշն ասաց. «Է՛հ, աղա, երանի՜ թե մեր ապրանքը դուք և ձեր նման աղաներն ուտեին, որ մեր արյունիցն են, թե չէ թուրքն գալիս է և տանում է, առաջն էլ չենք կարում կտրել, հենց կանգնած, աչքներս բաց-բաց մտիկ ենք անում: Գոնյա դուք կերեք, ձեզ հալալ է»:

Առատասիրտ գյուղացիների այսպիսի անմեղ խոսքերն զարմանալի ներգործություն ունեցան իմ վերա, և ես իմ մտքում ասեցի. «Բայց մենք, անպիտան գիտնականներս ինչո՞ւ չենք զոհում մեր ուսումը ձեր կրթության համար...»:

Ես ամաչեցա հայտնել նույն ավուր բազարի անցքը, որ պատահել էր Մեսրոպի հետ, որովհետև չէի կամենում նրանց մոլորության պատճառ տալ, թե պաս օրում իմ ծառան գնացել էր միս գնելու: Բայց նրանք արդեն լսել էին, և քահանան ասաց, երեսը խաչակնքելով.

Սուրբ Աստվածածինըծառա լինեմ նրա մեծ զորությանը, ամեն բանի մեջ երևցնում է յուր հրաշքը: Մեսրոպի անցքը սուրբ Աստվածածնի պատիժը համարելու է:

Ճշմարիտ է, — կրկնեցին մյուսներն:

Քահանայի այս մի քանի խոսքերը մեր քրիստոնեական դարերի ամբողջ պատմագրության կարճ բովանդակությունն էր...:

Թուրքերն խեղճ Մեսրոպի գլուխը ջարդել էին, նրան տուգանքի էին ենթարկել, ավելորդ փող էին առելքահանան այս բոլորի մեջ մեղավոր էր գտնում դարձյալ Մեսրոպին, որովհետև նա պաս օրում միս էր գնել, և սուրբը նրան պատժել էր...:

Քահանան սույն իսկ համոզման մեջ է մնում հայոց պատմության ամբողջ քրիստոնեական շրջանում: Հույներն, պարսիկներն, արաբացիներն, թաթարներն՝ բարբարոսական խումբերով գալիս են, մեր աշխարհը կրակով և արյունով ծածկում են, չեն խնայում ոչ ծերի, ոչ երեխայի է ու կնոջբոլորը ոչնչացնում են և Հայաստանի գերին և հարստությունը առնելով, ետ են դառնում: Այն ժամանակ հայտնվում է քահանաներկնքի և աստծո թարգմանըև ասում է ժողովրդին. «Այս բոլորն ձեր մեղքիցն է, որ աստված պատժեց ձեզ, ապաշխարեցեք, մինչև աստուծո պատուհասը անցնի»:

Ժողովուրդը հավատում էր և դիմում էր դեպի եկեղեցին...:

Բայց մի մարդ կ չկար, որ ասեր նրանց. «Այն բոլոր ցավերը, որ դուք կրում եք, ձեր թուլությունիցն է, դուք մեռած մարդիկ եք. ձեզանում սիրտ և հոգի չէ մնացել, որ ձեր սրով պաշտպանեք ձեր երկիրը և ձեր պատիվը »:

Ես ոչինչ չպատասխանեցի քահանային, ի՞նչ պետք է ասեի, ես մի րոպեում չէի կարող դուրս բերել նրան յուր դարևոր նախապաշարմունքից, միայն հարցրի.

Միթե հայերն այստեղ չե՞ն կարող ձեռք դիպցնել մահմեդականների մորթած մսին:

Ոչ միայն մսին, — ասաց նա, — այլ ամեն թաց բանի, որ վաճառում են մահմեդականներն, դիպչել չենք կարող:

Ողորմելի՛ դրություն...:

Բայց քրիստոնյան, — հարցրի ես, — դիպելով մահմեդականի թաց վաճառքին, ասենք թե, պղծում է այն մասը միայն, որր նա շոշափել էր. այլևս ի՞նչ հարկ կար ամբողջ մթերքի արժեքը նրան տուժել տալ:

Քահանան, որպես երևում էր, շատ հիմար մարդ չէր, նա պատասխանեց.

Մի անգամ ես միևնույն հարցը առաջարկեցի մի մոլլայի, նա պատասխանեց. «Երբ որ մի մուկն ընկնում է մի կարաս լիքն բաքմեզի, միթե չէ՞ պղծում նրա ամբողջ բովանդակությունը»:

Բայց բաքմեզը հեղուկ է, պղծությունը նրա մեջ կարող է թափանցել, իսկ միսը թանձր մարմին է, — կտրեցի ես քահանայի խոսքը:

Քահանան տվեց մի պատասխան, որ շատ հետաքրքրական էր:

Իրավ է ձեր խոսքը, աղա, — ասաց նա, — բայց մահմեդականների կանոններն մաքրության և անմաքրության մասին այնքան խիստ են, որ շատ անգամ հասնում են ծիծաղելի առասպելաբանության: Օրինակի համար, գինին նրանց օրենքով պիղծ է, բայց գինու համար կա մի այսպիսի հադիս. «Եթե մի ջրհորի մեջ լեցնես մի կաթիլ գինի, և այն ջրհորի ափին բուսնի խոտ, եթե այն խոտը ուտե մի ոչխար, այն ոչխարը պղծում է ամբողջ հոտը, որի մեջ գտանվում է նա: Եվ այն հոտի ամեն մի ոչխարի միսը ուտելու համար անմաքուր է»:

Ես չկարողացա ծիծաղս զսպել, մի այսպիսի հիմար վարդապետությունը լսելով, և ասացի իմ խոսակցին.

Այդ կանոնի հիման վրա բոլոր մահմեդականներն ազատ չեն մնալու պիղծ լինելուց, որովհետև, եթե ոչխարն մի կաթիլ գինու արտաշնչությամբ բուսած խոտը ուտելով պղծում է ամբողջ հոտը, ուրեմն և մեկ մահմեդական, ինքը գինի խմելով, կարող է պղծել մուսուլմանների ամբողջ հասարակությունը և այդպես, մինը մյուսից վարակվելով, կպղծվեր նրանց բոլոր ազգը:

Քահանան և նրա ընկերներն ծիծաղեցին, ասելով.

Մահմեդականներն իրանց մոլլաների կապիկներն են, որպես ածում են, նրանք այնպես պար են գալիս:

Բայց իմ ծերունի հյուրընկալն ավելացրուց.

Աղա, «կույրն որպես նայում է աստծուն, աստված էլ նույն աչքով նայում է կույրին»: Իրավ է, մահմեդականներն պիղծ են համարում մեզ, և գարշում են մեզանից, բայց մենք էլ նույն աչքով նայում ենք նրանց վերա: Մենք զարմանում ենք, թե դուք ինչպե՞ս ուղարկել էիք Մեսրոպին գնելու թուրքի մորթած միսը, չէ որ նրանք փչում են ոչխարը քերթելեն առաջ, և նրանց վաճառած մսի մեջ թուրքի շունչ է մտած: Մեղք չէ ուտել մի այդպիսի պղծությունը: Բայց մենք, առավելապես մեր կանայքը, միշտ հեռու ենք մնում մահմեդականների վաճառած ուտելիքներեն:

Ես չուզեցի ասել պարզամիտ ծերունուն, թե մարդիկ միօրինակ ստեղծվածներ են, թե նրանց մեջ ամենևին խտրություն չկա, թե մահմեդականը, թե կռապաշտը և թե քրիստոնյան, բոլորն եղբայրներ են: Ես չկամեցա ասել, թեև իսլամի հալածասեր ոգին ճնշում է այլակրոնների իրավունքը, բայց քրիստոնեությունն ունի յուր մեջ կատարյալ ազատություն: Ես չուզեցի այսպիսի խոսքերով խռովել ծերունու նախապաշարմունքը, մտածելով, թե մի տգետ ազգի մեջ, որպես հայերն են Պարսկաստանում, երբ չկա առողջ մտածողություն, երբ ազգային ինքնուրույնությունն պահպանվում է միմիայն ավանդություններով և ժողովրդական ծեսերովայսպիսի խտրություններն մեծ նշանակություն ունին ազգային գոյությունը պահպանելու համար: Որպես հրեից սամարացոց հետ չխառնվելն երկար ժամանակ կարողացավ պահպանել այս երկու ցեղերի ազգային առանձնությունները: Եվ հայերը, եթե կարողացել են Պարսկաստանում մինչև այսօր պահպանվել իրանց ազգային կյանքով, և եթե նրանք կուլ չեն գնացել մահմեդականների մեջդրանց պատճառը եղել է կրոնքի տարբերությունը և քրիստոնեության ու մահմեդականության ընդդիմադրությունը:

Այս պատճառով ես բոլորովին սխալ եմ համարում այն կարծիքը, թե մեր ազգը և եկեղեցին պահպանել են մեր եկեղեցականներն: Սո՛ւտ է այս: Հայոց եկեղեցականներն միսիոնարի հոգի չունին, ոչ միայն օտար ազգերի վերաբերությամբ, այլև նույնիսկ իրանց ժողովրդի վերաբերությամբ: Գոնյա պատմությունը մեզ որևիցե օրինակ ցույց չէ տալիս այդ մասին: Եվ եթե մաղելու լինիքս մեր 16 դարու ամբողջ հայ եկեղեցականները, նրանցից վայր կընկնին մի քանի Մեսրոպներ, Ներսեսներ, Եղիշեներ և Խորենացիներ միայն: — Բայց դրանք բացառություններ են...:

ՆԱՄԱԿ Է

Մյուս օրը ես կամեցա տեսնվիլ տեղային դատավորի հետ, որի վերա ես ունեի հանձնարարական նամակ Խոյի Շահզադայից: Վաղ առավոտյան ձի նստեցի, և Մեսրոպին ինձ հետ առնելով, դիմեցի Դիլիման գյուղաքաղաքը, ուր կենում էր նա: Դա մի իշխան էր Խոյի գավառապետի ազգականներից, որին հանձնված էր Սալմաստա կառավարությունը:

Հասնելով Դիլիման, ես լսեցի, թե այնօր իշխանը մահվան պիտի դատապարտեր մի քանի ավազակներ: Ես հետաքրքրվեցա տեսնել ասիական դատավորի պատիժը: Բայց ստուգելով, թե հանցավորներն պիտի պատժվին մի քանի ժամից հետո, ես որոշեցի նախ իշխունին տեսության գնալ:

Ինձ ցույց տվեցին ապարանքը, ուր կենում էր նա: Նրա դուռը լիքն էր ֆերրաշներով, սարվազներով և խառնիճաղանջ բազմությամբ: Ես ներկայացա նախ էշիկազասիբաշիին, այսինքն դռնապանների գլխավորին և խնդրեցի, թե ցանկանում էի իշխանին տեսնել:

Հրաշալի՛ Եվրոպա, քո լոկ հագուստն անգամ գրավում է ասիացու ուշադրությունը և նրա հարգանքը: Նա քաղաքավարությամբ խնդրեց մի փոքր սպասել յուր սենյակում, մինչև իմ մասին կծանուցաներ իշխանին:

Ես բարվոք համարեցի տեսնվելուց առաջ ներկայացնել նամակը, մտածելով, թե Խոյի Շահզադան շատ բարեսրտությամբ գրած կլինի յուր հանձնարարականը իմ մասին: Այս պատճառով թղթի փաթոթը22 տվեցի դռնապանների գլխավորին, տարավ յուր հետ:

Քառորդ ժամից հետո նա դարձավ և հայտնեց, թե իշխանը բարեհաճեցավ ընդունիլ ինձ, — բայց, ավելացրուց դռնապանապետը, դուք պետք է նեղություն կրեք հանել ձեր կոշիկները և հագնել ասիական հողաթափներ:

Ինչո ՞ւ, — հարցրի ես զարմանալով:

Կոշիկներով գնալ անպատշաճ է, տեր, — պատասխանեց նա, — դուք հողաթափներով շնորհ կտանեք մինչև դահլիճի դուռը, այնտեղ նախասենյակում կթողնեք ձեր հողաթափները և հետո գուլբեքով ոտք կկոխեք իշխանի գորգերի վրա:

Լավ, ինչի ՞ նման կլիներ դա:

Այսպես է մեր երկրի սովորությունը, — պատասխանեց նա, ապշած իմ վրա նայելով, թե մինչև որ աստիճան անքաղաքավարի էի ես, որ այս հասարակ բանն էլ չգիտեի:

Ես խոնարհվեցա տեղային սովորությանը:

Ասիայում քաղաքավարության կանոնները ըստ մեծի մասին հակառակ են եվրոպականին: Օրինակի համար, Եվրոպայում վերարկուները և ձեռքի գավազանը թողնում են նախասենյակում, բայց այստեղ առանց վերարկուի անպատշաճ է մի օրինավոր մարդու ներկայանալ, և ձեռքի փայտը պետք է յուր հետ ներս տանել: Եվրոպայում գլխարկը հանում են, բայց այստեղ գլուխը բաց անելը մեծավորի մոտ անպատվություն է, իսկ աղոթելու ժամանակ՝ մեղք: Եվրոպայում կանանց եթե կոշիկների վերի մասներն անգամ տեսնվին, ամոթ է, բայց այստեղ կանանց մերկ սրունքներն մինչև ծնկներն բաց են...

Ես հարցրի դռնապանների գլխավորից և մյուս ծեսերի մասին, թե որպես պետք էր ներկայանալ: Նա ասաց, թե մտնելով բակը, պետք է ուղղակի դիմել փենջարայի (լուսամուտի) հանդեպ և այնտեղից երկրպագություն տալ, իշխանը ներսից կտեսնի և ինքն հրաման կտա յուր մոտ գնալու: — Միայն մի՜ մոռացեք նախասենյակում թողնել ձեր հողաթափները:

Այս բոլորը ես մասամբ սովորած էի, բայց մինչև իշխանի դահլիճը մտնելը՝ ես երևակայում էի այն սարսափելի տանջանքը, որ պետք է կրեի, ուղտի նման չոքած նստելով նրա գորգերի վրա: Այս դրության դառը համր ես արդեն առած էի, ամբողջ ժամերով նստելով Խոյի շահզադեի մոտ:

Մտնելով իշխանի դահլիճը, ես կրկնեցի իմ երկրպագությունը, բայց զարմացա, տեսնելով այնտեղ մի եվրոպական աթոռ: Իշխանը մի փոքր շարժում գործեց առանց նստած տեղից վերկենալու և քաղաքավարությամբ հրավիրեց նստել աթոռի վերա: Իսկույն հասկացա, որ այդ մի առանձին շնորհ էր դեպ ինձ:

Next page