Րաֆֆի՝   Հուշագրություններ

Նրա առաջին խոսքերն խիստ փաղաքշական էին, նա շատ քաղցրությամբ արտահայտեց յուր ուրախությունը, տեսնելով մի եվրոպացի հյուր յուր երկրում (նա կարծում էր, թե ես ինգլիս եմ): Ես խիստ կարճ հայտնեցի իմ շնորհակալությունը նրա բարեսրտության համար, որովհետև պետք է առանձին վարժված լինել եղծավորության մեջ պարսից սեթևեթին պատասխանելու համար:

Իմ ազգականս, Խոյի մեծ իշխանը, շատ գոհություն է հայանում ձեր մասին յուր նամակի մեջ, — ասաց նա կրկին նամակը յուր ձեռքը առնելով, — և հանձնում է ինձ հոգ տանել, որ ձեր ուղևորությունը իմ կառավարության տակ եղող երկրում լինի հանգիստ և ապահով. կաշխատեմ նորին վսեմության հանձնարարությունը կատարել ամենայն ճշտությամբ:

Մեծ շնորհ արած կլինի ինձ ձերդ մեծությունն, — պատասխանեցի ես:

Այնուհետև նա սկսավ հարցնել, թե որպե՞ս տեսնում էի ես նրանց երկիրը, հավանելի էր ինձ, թե ոչ:

Ես պատասխանեցի, թե երկիրը բնությունից պարգևած է ռչ պակաս հարստությամբ. եթե արհեստը և կրթությունն օրինավոր կերպով կմշակեն նորան, բնակիչները կարող էին լինել բախտավոր. բայց քանի որ տիրում է մտավոր խավարը, նրանք կմնան այնպես թշվառներ, որպես են այժմ:

Իշխանը պատասխանեց.

Մտաբերելով Պարսկաստանի անցյալը, որ շատ հեռու չէ գնացած, այժմ պետք է փառք տալ աստծուն, որովհետև ժողովրդի վիճակը շատ բարվոքված է: Բայց առաջ մեր երկիրը ներկայացնում էր ավազակների մի տխուր արշավարան:

Բոլորովին ուղիղ է ձեր ասածս, — պատասխանեցի ես, — պետք է գոհ լինել ներկա կառավարությունից: Այսուամենայնիվ, ավազակների թիվը դեռ բոլորովին նվազած չէ:

Ի՞նչ պետք է արած, — ասաց իշխանը հուսահատական ձայնով, — որքան կարողանում ենք, կոտորում ենք, բայց նրանց արմատը իսպառ կտրել չենք կարողանում: Այսօր ևս մի քանիսը մորթելու ենք:

Արդարև, հանցանքները այստեղ շատ խստությամբ են պատժվում, քան թե ուրիշ երկրներում, և մահվան պատիժն յուր սարսափելի ծայրին է հասած: Բայց մի գիտություն, որ մեզանում կոչվում է վիճակագրություն, արդեն ապացուցել է, թե կոտորելով հանցավորները, չէ կարելի անհետացնել հանցանքը:

Ապա ի՞նչ պետք է անել, — հարցրուց իշխանը զարմանալով:

Պետք է որոնել հանցանքների պատճառը, այլ խոսքով, այն աղբյուրը, որտեղից նրանք հառաջ են գալիս և նրա ճարն անել: Օրինակ, մեկը աղքատությունից ստիպված գողություն է անում, պետք է աշխատել, որ ժողովրդից աղքատությունը վերառվի, և նրա ապրուստն ապահովելու հնարներ տնօրինել: Մեկ ուրիշը այլ հանցանք է գործում անբարոյականությունից կամ անկրթությունից, և եթե նա լավ դաստիարակություն ստացած լիներ, չէր անի:

Իշխանը սկսեց ծիծաղել:

Դուք ասում եք, եթե ժողովրդի ապրուստը ապահովված լինի, նա գողություն չի անի: Բայց ես մեր երկրում շատ հարուստներ կարող եմ ցույց տալ, որոնք իրանց ձեռքի տակ ավազակների խումբեր են պահում: Կամ ասում եք, թե կրթությունը հեռու կպահե մարդուն չարագործությունից, բայց մեզանում շատ կարդացվորներն ավելի անիրավներ են, սրիկան յուր սրովն է մարդ սպանում, իսկ նրանք՝ իրանց գրիչով:

Երիտասարդ իշխանը թեև սխալ կարծիքների տեր էր, բայց նա դատել գիտեր: Ես չուզեցի երկար խոսել, թե կրթությունը որքան ընդարձակ նշանակություն ունի, և թե ճշմարիտ կրթությունը ի՜նչ բանի մեջ է կայանում:

Դահլիճը, որի մեջ նստած էր իշխանը, խիստ լայն լուսամուտներով նայում էր դեպի ընդարձակ բակը, ուր դահլիճեն քանի քայլ հեռավորությամբ ծփում էր մեծ շատրվանը, և բոլոր բակը զարդարած է գեղեցիկ պարտեզով:

Իշխանը անգործ չէր: Նա ինձ հետ վիճում էր, ծխում էր յուր փառավոր ղեյլանը, սուրճ էր խմում, և միևնույն ժամանակ նայում էր յուր դատաստանական գործերին: Ես տեսնում էի, ամեն մի գանգատավոր, որ գալիս էր յուր խնդիրը մատուցանելու, բակի դռնից մտնելեն առաջ հանում էր յուր հողաթափները, և այնպես մերկ ոտներով մոտենում ու կանգնում էր լուսամուտի հանդեպ, և մինչև այնտեղ մերձենալն անդադար երկրպագություններ էր տալիս: Ես մտաբերեցի այն ձայնը, որ մորենու միջից կոչեց Մովսեսին... «Լո՜յծ զկօշիկս քո»: Պարսից իշխաններն իրանց նույն գերագույն էակի տեղն են դնում...:

Դատերն առանց երկար քննության վճռվում էին իշխանի մի լոկ խոսքով: Դատախազների բախտից և նրանց կաշառներիցն էր կախված, թհ ո՜ր աստիճանի իրավացի կամ անիրավ կլիներ վճիռը:

Իշխանը ինձ մի ժամից ավել պահեց յուր մոտ: Այնուհետև նա սկսեց խոսել Եվրոպայի վերա: Նա ինձ առաջարկում էր շատ հետաքրքրական և մինչև անգամ ծիծաղելի հարցմունքներ: Օրինակ, — քանի՞ կին ունի, հարցնում էր նա, ֆրանգների թագավորը:

Երբ ես պատասխանեցի՝ թե, — մին, նա զարմացավ:

Ապա ինչպե՞ս թագավոր է նա, — երբ ունի մի կին, մեր Շահը ունի հարյուրավորներ:

Հասարակ մարդիկ քանի՞սն են պահում, — հարցրուց նա:

Դարձյալ մեկը, — պատասխանեցի ես:

Ուրեմն թագավորի և յուր հպատակի մեջ ի՞նչ զանազանություն կա:

Այդ մասին ոչ մի զանազանություն:

Իշխանը կարծում էր, որպես կարող է թագավորն յուր ախոռատանը լեցնել բազմաթիվ գեղեցիկ ձիաներով, նույնպես և յուր հարեմը կարող է հարստացնել աշխարհի գեղեցկուհիներով:

Կամ թե հարցնում էր.

Մե՞ծ եկամուտներ ունին այնտեղ դատավորներն. նրանք ամեն օր որսի գնո՞ւմ են, լավ բարակներ և բազեներ պահո՞ւմ են:

Ես ասեցի, թե նրանք ազատ ժամեր չունին այսպիսի զվարճությունների համար:

Ապա ի՞նչ են շինում:

Նրանք մտածում են և գործում են ժողովրդի համար:

Իրանց ի՞նչ օգուտ, — հարցրուց նա ժպտելով:

Պարսից լեզվում նյութական արդյունք շահել և կառավարության որևիցե գործ կատարել՝ երկուսն էլ միևնույն նշանակությունն ունին: Պարսից ոչ մի քաղաքական պաշտոնակալ առանձին ռոճիկ չէ ստանում յուր ծառայության համար: Եվ եթե կամենում է նա վարձատրություն պահանջել, ասում է. «Ինձ մի գործ տվեք»: Նրա միջից ամեն ինչ դուրս է գալիս...

Ես աշխատեցի բացատրել դատավորի նշանակությունը և նրա պարտավորությունները, ավելացնելով, թե նա, որ արդարության համար է գործում և նրա իրականացնելու մասին է մտածում, պետք է հեռու լինի անձնական շահերից. որովհետև իրավունքը պաշտպանել և մի զրկվածի պահանջներին բավականություն տալ, ավելի մեծ զվարճություն է, քան թե որսորդությունը անտառների մեջ:

Իշխանը գլուխը շարժեց և ոչինչ չպատասխանեց:

Այնուհետև ես, առանց իշխանի անձնասիրությունը վիրավորելու, սկսեցի խոսել, թե իրերի այս տեսակ լինելն Պարսկաստանում կրթության պակասությունիցն է, միայն լուսավորությունը կարող էր փոխել նորան: Ես ցույց տվի, թե ուսումը և արհեստն ի՜նչ օգուտներ են բերում մարդկությանը, և թե առանց դրանց մարդկությունը ոչինչով չի զանազանվի վայրենի անասուններից: Այնուհետև, իբրև պտուղ լուսավորության և արհեստի, օրինակ բերեցի երկաթուղիները, շոգենավերը, հեռագիրները և շոգեշարժ մեքենաներով գործարանները, որոնցից զուրկ է Պարսկաստանը:

Իշխանը խիստ սառնությամբ պատասխանեց, թե դրանք բոլորն սատանայական բաներ են, որոնց համար նախ և առաջ պետք էր մարդուն յուր հոգին ծախել սատանային, մինչև նա կհաղորդեր մարդուն այդ գիտությունների գաղտնիքը:

Իշխանի խոսքերը թեև գոհացուցիչ չէին, բտյց նա որպես արևելքցի չմոռացավ յուր հյուրասիրական պարտքը, լուր մոտ սուրճ և շերբեթ խմեցնելով, ղեյլան ծխել տալով, և խնդրելով, որ ստեպ հաճախեմ նրա մոտ քանի այստեղ եմ, այլև չմոռանամ ամեն մի ձախորդ դեպքում դիմել դեպի նա և այլն: Ես մտաբերեցի հայտնել Մեսրոպի անցքը, բայց դարձյալ չկամեցա, մտածելով, թե հիմար մսավաճառը կարող է մեծ տուգանքի ենթարկվիլ:

Իշխանը այնօր ոտքից գլուխ կարմիր էր հագնված արյունի գույնով: Դա նրա համար էր, որ արյուն պիտի թափել տար: Եվ ես շտապեցի տեսնել ավազակների մահվան պատիժը: Հանդեսը պիտի կատարվեր գյուղաքաղաքի հրապարակում:

Ես հասա այն ժամանակ, դահիճն նույնպես կարմիր հագնված, սրում էր յուր դանակը: Հրապարակը լիքն էր հանդիսականներով: Նրանք տեղ տվեցին ինձ խիստ մոտ կանգնել պատժարանին: Մի քանի րոպե տևեց վեճը փուչախ-փուլիի (դանակի փողի) համար. դա դահճի վարձատրությունն էր, որ պիտի ստանար խղճալի զոհերի ազգականներից: Այնուհետև սկսվեցավ գործողությունը:

Մահապարտներն երեք հոգի էին, որոնցից երկուսն քուրդ էին, իսկ երրորդը` թուրք: Առաջինին ոչխարի նման գետին տարածեցին, և դահիճը մատները անցուցանելով նրա պնչածակերից, մորթեց, բոլորովին դուրս կտրելով գլուխը: Մի քանի հեծկլտոց, մի քանի դառն հառաչանքներ, — և ահա վերջացավ գործը: Այնուհետև նա կտրեց երկրորդի աջ ձեռքի դաստակը և ծայրատ բազուկը անմիջապես թաթախեցին եռացած յուղի մեջ արյան հոսումը դադարեցնելու համար: Իսկ երրորդի պատիժը սարսափելի էր: Երկու փայտյա ցիցերից ոտներեն նա քարշ էր ընկած գլուխն դեպի ցած: Դահիճը անհնարին սառնասրտությամբ յուր ահագին խենջարի հարվածներով սկսավ կես կիսել կենդանի մարմինը: Մինչև կուրծքը հասնելը խղճալին դեռ հառաչում էր: Ես զարհուրեցա և չկարողացա այլևս նայել:

Ուսանողությանս ժամանակ, սիրելի ընկեր, ես էլ շատ անգամ դահճի սառնասրտությամբ անդամահատել եմ մեռած մարդերի դիակներ: Բայց կենդանի արյան հոսումը սարսափ է բերում:

Ինձ ասացին, երբ մահապարտը հայ է, նրան չեն մորթում, այլև խեղդում են կախաղանի վերա: Որովհետև մահմեդական դահիճը նույնպես մեղք է համարում յուր դանակը պղծել հայի արյունով...

Դահիճը յուր պաշտոնը վերջացնելեն հետո, մի ձեռքում բռնած կտրած կառափը, մյուսում կտրած թաթը, սկսավ ման ածել խանութների առջև և յուր համար փող հավաքել: Բայց կեսն կիսած մարմնի յուրաքանչյուր կտորը տարան քարշ տալու գյուղաքաղաքի երկու գլխավոր դռներից երթևեկներին ցույց տալու համար:

Պատիժների հեղինակը Պարսկաստանը համարելու է. հեթանոս հռոմը նրա ընդունակ աշակերտն եղավ, բայց ինկվիզիցիան կատարելագործեց:

Պարսկաստանում պատիժների տեսակներն այնքան բազմաթիվ են, որ մի ամբողջ գիրք կարելի էր գրել նրանց մասին, բայց ես գրում եմ քեզ այնքան միայն, որքան կարողացա տեսնել իմ ճանապարհորդության միջոցներում:

Թեթև գողությունները պատժվում են ձեռների կամ ոտների թաթերը կտրելով: Բայց եթե գողությունը շատ փոքրիկ էր, հանցավորի քթիցը կալմուխի ուղտի նման թել են անցկացնում, և դահիճը ման է ածում հրապարակներում, և կամ ականջները մեխում են մի սյան վերա և այնպես կանգնեցնում են հրապարակում: Բայց շատ անգամ բոլորովին կտրում են քիթը և ականջները: Գլխատումը կամ գլուխը երկաթե ահագին մուրճով ջարդելը և կամ թնդանոթի խողովակի բերնեն կապելով կրակ տալը, — դրանք մեծ հանցանքների համար են: Դրանց թվումն է մահապարտին կենդանի թաղելը, կամ մինչև կեսը խորել գետնի մեջ, կրով ծեփել և այնպես թողնել, որ սովածությունից մեռնի: Քարկոծությունը կրոնական հանցավորների համար է, և մահապարտի դատակնիքը տալիս է մեծ մուշտեիդը, բայց դահճի պաշտոնը կատարում է ամբոխը: Բայց եթե հանցանքը թեթև էր, այսինքն՝ փոքրիկ հայհոյություն էր խոսակցել մեկը որևիցե սրբության դեմ, կտրում են նրա լեզուն:

Արևելքում որովհետև պատիվը աճում է մարդու հասակի հետ, և որքան ծերանում է մարդ, այնքան հարգելի է դառնում: Այս պատճառով մորուքը, մանավանդ ճերմակ մորուքը, ծերունու պատկառելության նշանն է: Պարսից լեզվում սպիտակ-մորուքությունը նույն նշանակությունն ունի, որպես մեր լեզվում բառս երիցություն: Կամենալով պատժել մի պատվավոր ծերունու, կտրում են նրա մորուքը, և նրա հետ զրկվում է նա հարգանքից:

Երկդիմի պատիժները, այսինքն՝ հանցավորն կամ կենդանի կմնա, կամ կմեռնի, — լինում են գանահարությամբ: Այս գործողությունը կատարվում են հանցավորի ոտների և մեջքի վերա, և հարվածների թիվը հասնում է մինչև հազարների:

Կանանց համար անդամահատության չկա, ոչ նրանց գլուխն են կտրում և ոչ մարմնի ուրիշ մասերը: Առհասարակ պատիժներն նրանց վերաբերությամբ խիստ չեն: Այդ, իմ կարծիքով, նրանից է հառաջ եկել, որ կինը մարդ չէ համարվում: Չափազանց եղեռնագործ կնոջը ցած են գլորում մի բարձր աշտարակի գլխից, երբ պետք էր սպանել նրան: Իսկ եթե հանցանքը թեթև էր, գցում են մի տոպրակի մեջ և գանակոծում են, այս հանգամանքում ևս պարսիկը ցանկանում է պահպանել կնոջ հարեմական անտեսանելությունը: Բայց կնիկներին պատժելը վերաբերում է կրոնի հոգևոր պետին և ոչ մարմնավոր իշխանության:

Շատ ծիծաղելի է պոռնիկ կանանց պատիժը: Հանցավորի երեսը մրոտում են, գլուխը բացում են և նստեցնում են ավանակի վերա, բայց հակառակ կողմով, այսինքն` քամակը դեպի անասունի գլուխը դարձրած, իսկ երեսը դեպի գավակը: Ավանակի ագին սանձի տեղ տալիս են հանցավորի ձեռնում, և այնպես թմբուկներ ածելով, ման են ածում հրապարակներում:

Պարսկաստանում հասարակ մարդկանց չեն աքսորում և ոչ աքսորի մի հատկացյալ տեղ կա: Աքսորվում են միայն քաղաքական մեծ հանցավորներն, մանավանդ, երբ նրանք թագավորի արենակիցներ էին: Այսպիսիների աչքերը փորում են և ուղարկում են ըստ մեծի մասին Արդաբիլի ամրոցը, բնակվիլ այն հռչակավոր մեչիդի մեջ, ուր դրած են Սաֆավիա թագավորների շիրիմները: Բայց եթե հանցավորն ձգտում էր գահին, նրան ներքինացնում են` ժառանգներից զրկելու համար, և կամ խմեցնում են այն նշանավոր թույնը, որ յուր հաճախ գործածության պատճառով կոչվում է «Ղաջարի ապուր»:

Մի փոքր խոսենք բանտերի վերա:

Պարսկաստանում առանձին բանտեր չկան: Բանտն այնտեղ է լինում, ուր բնակվում է դատավորը: Եվ որովհետև ամեն մի կառավարչական անձն իրավունք ունի պատժելու և բանտարկելու, այս պատճառով յուրաքանչյուրն ունի յուր տան մեջ մի բանտ: Դրա համար որոշվում են ներքնատան ստորերկրյա, մթին և խոնավ գետնափորները: Այնտեղ լի է ամեն տեսակ ապականություններով: Կալանավորը, նայելով հանցանքի աստիճանին, պահվում է զանազան ձևերով: Ըստ մեծի մասին պահում են շղթաների մեջ, կապանքի մի ծայրը պարանոցեն կցելով, իսկ մյուս ծայրը քարի վերա ամրացնելով: Բացի դրանից կալանավորի ոտները դնում են կոճղերի մեջ և այնպես սաստիկ պրկում են, որ շարժվիլ չէ կարող:

Ավելի սարսափելի են բանտային տանջանքները: — Կալանավորի կուրծքը շիկացրած շամփուրներով այրել կամ գլխին նույնպես շիկացած պղնձե թաս դնել. — դրանք ծանր հանցավորների համար են: Բայց եղունգների տակին և մատների միջոցներում, գրչի պես սրած եղեգների կտորներ անցուցանելն սովորական է: Կան և ուրիշ տեսակ տանջանքներ, որոնք կոչվում են բանտային խաղեր, օրինակ, կալանավորի ամորձիքից ծանր քարեր քարշ տալ և ստիպեցնել,. որ նա վազ տա. սովորականից շատ ջուր խմեցնել կալանավորին և ջրի արտադրության խողովակը թելով պինդ կապել և այնպես օրերով պահել, մեկ ձեռնից կամ մեկ ոտնից քարշ տալ և ժամերով պահել. ոտների և ձեռների ծալքերում քար դնել և պինդ կապել. կալանավորին գցել փոքրիկ սենյակում և զանազան խեղդող նյութերով ծուխ տալ:

Կան և այնպիսի տանջանքներ, որոնց սովորելու համար ինքն սատանան պետք է շատ տարիներ աշակերտե պարսիկ բանտապետի մոտ: Ես չեմ գրում, մի՜ գուցե վիրավորիմ քո խիղճը, սիրելի ընկեր: Բայց այսքանը պետք է գիտենալ, որ այս բոլոր բարբարոսությունները կատարում է բանտապետը, ոչ թե հանցավորին խրատելու, կամ նորան դեպի ապաշխարություն ածելու համար, այլ նրանից արծաթ դուրս քաշելու համար: Որովհետև կալանավորի ազգականները, լսելով նրա կրած չարչարանքները, աշխատում են կաշառել բանտապետին, որ նրան հանգիստ թողնե: Իսկ բանտապետը բաժանում է ստացածը յուր մեծավորի հետ, որին պատկանում էր բանտը: Եվ այսպես, ողորմելի մահապարտը մինչև յուր դատապարտության հրապարակը դուրս գալը, մինչև յուր վերջին պատիժը ստանալը, զրկվում է նաև կայքից, նրա բոլոր ունեցածն մտնում էր բանտապետի և նրա մեծավորի քսակը...:

Ինձ պատմում էր մի կալանավոր, որ նոր էր ազատված բանտից, թե Ֆրան բանտապետը որոշյալ ժամանակով կապալով էր տալիս մի ֆերրաշի, այսինքն՝ ֆերրաշը, վճարելով բանտապետին մի որոշյալ գումար, իրավունք էր ստանում ինքն տանջելու կալանավորին և նրանից գոյացած արծաթը ինքն ստանալու:

Վերջացնելով հանցավորների մասին, հարկավոր եմ համարում հայտնել, որ մահվան պատիժները չեն կարող տալ նրանք, որ իշխանական ծագումից չեն, որովհետև կյանքը թագավորին և նրա սերունդին է պատկանում: Բայց լինում են և բացառություններ:

Կեսավուր տոթը սաստիկ այրում էր, երբ ձիս նստելով, Մեսրոպի հետ դարձանք դեպի Փեաջիկ, ուր էր իմ կացարանը: Ճանապարհին ես սաստիկ ծարավեցա: Գյուղի մոտ հոսում էր Ալոյան հովասուն աղբյուրը, ես մոտեցա զովացնելու իմ ծարավը: Մի գեղեցիկ օրիորդ, մի ձեռքում բռնած սափորը, մյուսում փոքրիկ կուժը, ջուր էր լեցնում յուր ամանի մեջ: Նա տեսնելով, որ ես կամենում էի խմել, լեցրուց կուժը և խիստ պարկեշտությամբ մոտեցրուց ինձ: Ես ոտքից ցգլուխ չափեցի սիրուն օրիորդը: Նա հագնված էր խիստ պարզ ձևով, որպես հագնվում են գյուղական աղջիկներն: Նրա երեսը չէր քողածածկված, որովհետև այստեղ աղջիկները, քանի չեն ամուսնացած, ման են գալիս բաց երեսով: Դա մի արտոնություն է, որ նա վայելում է յուր կուսական հասակում: Նա մինչև անգամ կարող է համարձակ խոսել օտարի հետ:

Գյուղական գեղեցկուհին զուրկ չէր և այն պաճուճանքից, որ հատուկ էր նրա մանուկ հասակին: Նրա գլխի փոքրիկ արախչինը զարդարած էր հուլունքներով և արծաթի դահեկաններով. ականջներին ուներ օղեր և պարանոցին՝ օղամանյակ: Ես շատ զարմացա, տեսնելով, որ օրիորդի քթից նույնպես օղ էր անցուցած: Ո՞ր ժամանակից մնացել էր հայերի մեջ այդ վայրենական սովորությունը:

Ո՞ւմ աղջիկն ես, — հարց արի նրանից:

Օրիորդն ոչինչ չպատասխանեց և կարմրեցավ:

Կարծես թե ես խոսում էի գեղեցիկ Ռեբեկայի հետ, որ մի այսպիսի աղբյուրի մոտ ջուր խմեցրուց Աբրահամի երեց ծառային և նրա ուղտերին: Հիանալի՛ աղջիկ, նա շնչում էր հայկական քնքուշ սեռի բոլոր անմեղությամբ և ամոթխածությամբ:

Կարդալ գիտե՞ս, — հարց արի նրանից:

Մի հեգնական ժպիտ խաղաց նրա վարդագեղ թշերի վերա, և նա խիստ սուր կերպով պատասխանեց.

Ես տիրացու չեմ, որ կարդալ գիտենամ:

Ապա ինչո՞վ ես պարապում դու:

Ես մեր տան բանն եմ անում, երբ գործ չունիմ, գնում եմ վարպետիս մոտ, սովորում եմ կար կարել:

Ես հեռացա մանուկ օրիորդից, մտածելով, թե մինչև ո՞ր աստիճան արմատացել է մեր ժողովրդի մեջ այս նախապաշարմունքը, թե կարդալը միմիայն տիրացուների և տերտերների սեփականությունն է:

ՆԱՄԱԿ Ը

Նախորդ նամակումս ես քեզ գրած էի Ալոյան աղբյուրի մոտ ինձ հանդիպող գյուղացի օրիորդի մասին, որ այնպես կախարդաբար թողեց սրտումս ինձ դեռևս անհասկանալի մի զգացմունք: Ես դեռ չգիտեմ այս օրիորդի անունը, բայց որովհետև ես նմանեցրի նրան Բաթվելի դստեր՝ Իսահակա հարսնացուի հետ, այդ պատճառով պիտի կոչեմ նրան Ռեբեկա: — Չէ կարելի, որ ես չգրեմ քեզ մի քանի խոսք իմ Ռեբեկայի մասին: Նա հայ գեղջուկ աղջիկ է, նա անկեղծ կատարելատիպն է մեր հին օրիորդության:

Գեղեցիկ է իմ Ռեբեկան: Նա ունի նոճիի նման բարձր և ուղղաձիգ հասակ. նրա վարդագեղ թշերը, այնպես թարմ և անխարդախ, շնչում են մանկության բոլոր չքնաղությամբ: Նրա սևորակ աչքերն կարծես թե վառվում են մի դյուցական հրով, նրանց մեջ նայելիս, դու տեսնում ես անմեղությունը յուր աստվածային սրբությամբ: Նրա կամարաձև երկար ձգված հոնքերը և սաթի նման սև, թավ գիսակն հիանալի տեսք ունին: Իմ Ռեբեկան ներկայացնում է վայրենի գեղեցկությունը յուր պարզ և անպաճույճ վսեմության մեջ:

Այս տողերը կարդալու ժամանակ դու պիտի մտածես, և ճանապարհորդության մեջ սիրո ցնորքները դարձյալ հիմարացնում են ինձ: Ինչ կամիս, դու մտածիր, ես չեմ կարող չգրել իմ Ռեբեկայի մասին:

«Ես տիրացու չեմ, որ կարդալ գիտենամ», — ասաց նա: Ո՜չ, ես կհանեմ քո անմեղ գլխից այս մոլորությունր, խե՛ղճ աղջիկ, կարդալը քեզ ավելի պետք է, քան տիրացուի և տերտերի համար. դու պետք է կրթես նոր սերունդը, դու պետք է հարթես մեր լուսավոր ապագայի ուղին: Դու պիտի կարդալ սովորես, այն ժամանակ դու այսպես աղքատ և խեղճ չես լինի, և քո որդիքն ուրախ և հանգիստ կանցուցանեն իրանց օրերը:

Այսպես մտածում էի ես, և շատ անգամ գնում էի այն նվիրական աղբյուրի մոտ, գուցե մյուս անգամ կհանդիպեմ նրան: Բայց նա չկար...

Հուլիս ամիսն էր:

Գյուղում չէր երևում ոչ մի մարդ: Բոլոր շինականները՝ կին, տղամարդ, մանկտի և մինչև անգամ չորքոտանի անասուններնգործում էին մշակության դաշտերում: Միակ անգործ արարածն այդ գյուղի մեջ մնացել էի ես և շները, որոնք իրանց տխուր ձայնով երբեմն հնչեցնում էին օդի խորին լռությունը, և աքաղաղները, որոնց սուր և ձգական ձայնը ինձ հիշեցնում էր, թե այդ դատարկացած գյուղն բոլորովին թափուր չէ շնչավորներից:

Ես դուրս եկա իմ մելամաղձական օթևանից և դիմեցի դեպի դաշտը, տեսնել և հրճվել մշակների գործունեությամբ, և ավելի պարզ ասած, գուցե հանդիպել Ռեբեկային:

Ամառային թարմ և փափուկ առավոտներից մեկն էր:

Հեռավոր սարերի վերա, մրջեմի նման սփռված, ես տեսնում էի, արածում էին ոչխարների հոտեր: Առավոտյան զեփյուռը ծաղիկների անուշահոտության հետ բերում էր հովվի սրնգի մելոդիական հնչումները: Այդ ձայնին այնքան ծանոթ են ոչխարներր, որ շատ սիրով հավաքվում են հովվի բոլորտիքը, երբ նա ածում է: Այնտեղ կանաչազարդ արոտամարգերի մեջ կազմված են հովիվների վրանները, աղջիկներն բուրդ են մանում, կանայք գորգեր են գործում, տղամարդը ոչխարները մազակտուր է անում: Եվ դու տեսնում ես սկզբնական մարդը իր նահապետական գործունեության մեջ, և հովվական կյանքը մոգական ազդեցությամբ հիշեցնում է քեզ՝ «այդպես էին ապրում մեր պապերը»:

Մի տեղ հասունացած հունձքի արտերն զմայլեցնում են նայողի սիրտը: Հողմը հանդարտ շնչում է այդ մարդկային սնունդը ապահովացնող բուսականների վերա: Ծանրացած հասկերն ծածանում են, խշխշում են և ոսկու փայլողությամբ ալեկոծվում են անդաստանի շիկագույն տարածության մեջ:

Մի տեղ հնձավորի մանգաղը փայլում է, և քաղված խոզանի երեսը ծածկվում է խուրձերի բազմությամբ, ժրաջան մշակներն մի կողմից դիզում են խուրձերը, մյուս կողմից՝ բառնալով սայլերի վերա, հավաքում են կալի մեջ:

Կալերը տարածված են գյուղի մոտ կանաչ դաշտի վերա: Նրանց միջով հոսում է մի առվակ, այնքան պարզ, որ հատակի գույնզգույն խիճերն սիրուն հուլունքների նման փայլում են, կարծես ծիծաղում են նայելիս: Կալերի մեջ կամնասայլն ճռնչալով պտույտվում է և մանրում է որայները. նրան ձգում են մի զույգ եզներ: Մի ծերունի, հեբուսացի Ուռնայի նման, նստած կամնասայլի վերա վարում է եզները և յուր երգի դողդողջուն ձայնով թեթևացնում է նրանց աշխատությունը:

Արևելքում անասունները սիրում են երգ և երաժշտություն: Հողագործը երգելով է վարում յուր գութանը. երբ նա դադարեց երգելուց, անասունները կանգնում են, որպես կանգնում է Բեդվինի ուղտը, երբ նա էլ չէ երգում: Սայլավորը երգելով է քշում անասունները, և մինչև անգամ որմնադիրը երգելով է շարում աղյուսները: Նայելով այս աշխատավորներին, մարդ մտածում է, թե որքա՞ն ուրախ և գոհունակ է անցնում դրանց կյանքը... Արդյոք այդպե՞ս է...:

Ես դեռ կալերից չեմ դուրս եկել: Ինձ գրավում է մի մանկահասակ աղջիկ, որ նստած կալի դիզած խուրձերի հովանու տակ, հասկերի ձողերից հյուսում է փոքրիկ զամբյուղիկներ: Նա հյուսում է լի ապագա հույսերով, նա հյուսում է յուր զամբյուղիկները, որ հարսնաբաժինք տանե փեսայի տանը: Նրա, կրտսեր քույրը առվակի ալիքների մեջ թրջում է, կակղացնում է չորացած ցողերը և սիրով օգնում է ավագ քրոջը:

Կեսօր է:

Հովիվներն քշում են հոտերը գյուղին ավելի մերձակա մի տափարակի վերա,.դա բերատեղն է: Եվ ահա գեղջուկ կանայքը, կժերը գլուխների վերա դրած, խումբ-խումբ շտապում են այնտեղ: Եվ ոչխարներն ախորժանոք թափում են իրանց ստինքների ծանրությունները, և ամանները լցվում են փրփրադեզ կաթով:

Տոթը գնալով լինում է անտանելի և հեղձուցիչ: Թռչունները, սողունները, միջատներըայդ երկնքի ու երկրի ազատ որդիքըթաքնվում են իրանց բույներում մի փոքր զովանալու, մի փոքր հանգստանալու համար: Բայց հայ մշակը ազատ չէ, նրա համար հանգստություն չկա, նա պիտի գործե... Արեգակը յուր հրեղեն ճառագայթներով այրում է հերկող մաճկալի գլուխը, բայց նա դեռ վարում է յուր արորը, որովհետև նա ստիպված է գործել և մի՛շտ գործել...:

Կարծես թե դու կարդում ես այս թշվառների ճակատին Կայենի դատակնիքը: Նրանք ծույլ չեն. գործում են, տանջվում են, մաշվում են, վաստակում են... բայց ո՞ւմ, համար. — աղայի և կալվածատիրոջ համար: Այդ մարդիկ մի այլ բան չեն, բայց միայն դժբախտ մեքենաներ, որ ծառայում են օտարի շահերուն...:

Տեսնելով այդ, սիրելի ընկեր, այն քաղցր տպավորությունները, որ գործում են նայողի վերա մշակ մարդու աշխատության գեղեցիկ պատկերներըիսկույն չքանում են, և նույն րոպեում առաջ է գալիս մեր սրտի մեջ մի դառն զգացմունք, երբ մտածում ենք, թե այդ մարդիկ ստրուկներ են

Այսպիսի ցավալի մտածությանց մեջ ընկղմված, ես շարունակում էի իմ զբոսանքը, հանկարծ իմ միտքս է գալիս Ռեբեկան: Տխրության սև ամպերն կարծես թե հետզհետե ցրվում են, ես մոռանում եմ իմ շրջակայքր, և իմ երևակայությունը հրապուրող առարկան սկսում է կրկին ցնորել ինձ...

«Ես տիրացու չեմ, որ կարդալ գիտենամ»... — դարձյալ հիշում եմ այս խոսքը, մի խոսք, որի մեջ դրած է հայի դժբախտության բոլոր սկզբունքը...

Ես սկսում եմ որոնել «նորան»:

Ես վճռեցի դիմել դեպի այգեստանի կողմերը: Ինձ լսելի էին լինում հա՛յհո՛ւյ... այդեպանների ագաղակները: Նրանք զարկում էին իրանց ճոճանակները, նրանք ճռճռացնում էին իրանց ճռիկները, որպեսզի հալածեն ծառերից պտուղներին վնասող թռչունները: Բայց անամոթ սարյակները և չար ճնճղուկներն ավելի ուշադրություն չեն դարձնում այգեպանների հարայ-հրոցին, և որկրամոլությամբ թռչում են մի ծառից դեպի մյուսը: Բարկացած այգեպանը արձակում է հրացանը, օդի խաղաղ լռությունը դողդողում է, և թռչունները խմբովին թռչում են մի այգիից դեպի մյուսը:

Ես միայնակ գնում էի այգիների միջով և այս տեսարանները ոչ ավելի գրավում էին ինձ: Հանկարծ մի քաղցր երգի ձայն հրապուրում է իմ լսելիքը: Այս քերովբեի ձայնը լսելի էր լինում մի փոքրիկ տաղավարից, հյուսված էր ուռիների դալար ճյուղերով նարվենդի ծառի անթափանցիկ հովանվո տակ:

Ես մոտենում եմ:

Հրաշալի՛ դեպք: Այդ կախարդական հովանոցի մեջ միայնակ նստած էր Ռեբեկան: Նա նույն րոպեում ասեղնագործում էր և երգում էր:

Տեսնելով ինձ, նա լռեց:

Գեղեցիկ օրիորդ, — ասեցի ես, — կարելի՞ է մի քանի րոպե զովանալ քո տաղավարի մեջ:

Ես այստեղ մենակ եմ, — ասաց նա երկչոտ ձայնով. — սպասեցեք, մինչև ես կկանչեմ իմ եղբորր, նա հեռու չէ, ահա այնտեղ գործում է բոստաններում:

«Ինձանից փախչո՛ւմ է վայրենի եղջերուն», — մտածեցի ես, նշմարելով նրա երեսի վերա կասկածանքի արտահայտությունք:

Նա դուրս գնաց հովանոցեն կոչելու իր եղբորը, խնդրելով ինձ, մտնել տաղավարում: Բայց քանի րոպեից հետո նա վերադարձավ միայնակ:

Դուք չգտա՞ք ձեր եղբորը, — հարց արի ես:

Ո՜չ, նա երևի տուն է գնացել, — պատասխանեց ամոթխածությամբ աչքերը դեպի ցած ձգելով:

Ես չգիտեի ի՜նչ ձևով խոսել նրա հետ: Եվրոպական աղջիկների հետ սովորած պերճախոս լեզուն գոլանում է, երբ հանդիպում է հայ աղջկա անմեղ սառնասրտությանը:

Ես այժմ ձեր հյուրն եմ, — ասեցի, — կարծեմ դուք այնքան բարի աղջիկ եք, որ կներեք ինձ մի քանի րոպե այստեղ հանգստանալ, մինչև տոթն անցնի:

Իմ աչքի վերա տեղ ունիք, — պատասխանեց նա ասիական քաղաքավարությամբ:

Ռամկի լեզուն ունի յուր առանձին սեթևեթը. նրա տրամախոհությունը բոլորովին տարբեր է մեզանից: Պետք է ուսումնասիրել և լավ ուսումնասիրել այդ լեզուն և այնպես խոսել նրա հետ: Բայց հայ աղջկա տաղավարի մեջ ես զգում էի իմ թուլությունը, ե՜ս, որ խոսել և համոզել գիտեի: Իմ ցնորքը, — թե ես կարող եմ նրա գլխից դուրս քարշել այն նախապաշարմունքը, թե կարդալը միայն տիրացուների սեփականություն չէ, — այժմ ինձ անգամ անհավատալի էր դառնում...

Մեսիան սովորած էր ժողովրդական բոլոր ավանդությունները, բոլոր առարկաները և առածները. և նրա լեռան վերա խոսեցած երկար քարոզը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ առածների մի շարք: Բայց այս եղանակով նա ավելի լավ էր հասկացնում. որովհետև ռամիկը յուրյան ծանոթ մի պարզ առածից ավելի բան է հասկանում, քան վսեմ և իմաստալից ճառերից: Իսկ այդ լեզուն անծանոթ է մեզ, ցնորամիտ պերճախոսներիս...

Ես նստեցի: Օրիորդը գնաց այգին և քանի րոպեից հետո նա դարձավ, զամբյուղի մեջ բերելով հասուն մրգեղեններ, որ ծածկած էին ծաղիկներով, նա դրեց իմ առջև, ասելով.

Թեև ձեզ արժանի չեն, բայց պետք է գոհ լինել աստուծո տվածից:

Ես շնորհակալություն հայտնեցի, խնդրելով նրան նստել, որովհետև նա ոտքի վերա կամենում էր սպասավորել ինձ:

Բարեսի՛րտ դուստր նահապետական ժողովրդի. նա միայն յուր սպասավորությամբ կամենում էր ցուցանել յուր քնքուշ հյուրասիրության զգացմունքը:

Երկար թախանձելուց հետո, նա հոժարվեցավ նստել, բայց ինձանից հեռու, տաղավարի դռանը: Նա դրեց ծնկների վերա յուր կարը, սկսեց գործել:

Այդ ի՞նչ եք կարում:

Ինձ համար հագուստներ, — պատասխանեց նա: Ես նայելով կարին, կրկնեցի.

Այսպիսի հագուստներ չեն հագնում աղջիկները:

Չեն հագնում, բայց..:

Ինչ էր նշանակում այդ «բայցը», մտածեցի ես:

Բայց ի՞նչ:

Չեմ ասի: Դու չե՞ս իմանում, — ասաց նա միամիտ ձայնով:

Ես ձեր երկրից չեմ, որտեղի՞ց պետք է իմանամ: Ասա՜, ե՞րբ են հագնում այսպիսի հագուստներ:

Երբ որ դառնում են հարսներ, — պատասխանեց նա դժվաբությամբ, և ես նկատեցի նրա թշերը ներկվեցան վարդագույն ամոթխածությամբ:

Հա՜, հիմա իմացա: Ուրեմն դուք նշանվա՞ծ եք, և այժմից պատրաստում եք հարսանիքի հագուստներ:

Նա լռեց, կարծես դժվարանում էր պատասխանել այդ խոսքերին:

Ինչո՞ւ չեք խոսում. դուք նշանվա՞ծ եք:

Նա խիստ համեստությամբ ասաց.

Դուք խո տեսնում եք իմ արախչինի վերա ոսկե դահեկաններ և իմ մատնում մատանի:

Նա ավելի շառագունեցավ: Արդարև, ես տեսնում էի, նրա գլխին դրած արախչինի վերա, ճակատի կողմից կարած, մի շարք ոսկի դահեկաններ և մատին մի հատ մատանի: Դրանք նրա փեսայի նշանդրեքն էին:

Դրամները գործածել որպես կանացի զարդարանք, ես տեսնում էի Հայաստանի ամեն կողմերում, ոչ միայն հայ կանանց վերա, այլև քուրդերի և հրեաների կանանց վերա: Եվ զարմանալին այն է, որ հայ կանանց պաճուճանքները շատ նման են հրեուհիներին: Տեսնելով մի հայ կին, կարծես թե կարդում ես Եզեկինլի հետևյալ տողերը. «Եվ քեզ զարդարելով զարդարեցի, և ձեռքերներիդ վերա մանյակ դրի, և պարանոցիդ վերա ապարանջաններ դրի: Եվ քո քթիդ՝ օղակ, ականջներիդ՝ գնդեր, ու գլուխդ պարծանաց պսակ դրի, և դուն ոսկիով ու արծաթով զարդարվեցար»: Այս բոլոր զարդերն ունին հայ կանայք, բայց քթի օղը և արծաթե պսակը, որ կոչվում է գոտի, այստեղի կանանց միայն հատուկ են:

Բայց իմ Ռեբեկան շատ հարուստ չէր. նա համեստ կերպով զարդարված էր, և նույն պարզության մեջ ավելի դուրեկան էր:

Քո փեսայացուն այս գյուղացի՞ է, — հարց արի ես:

Next page