Րաֆֆի՝   Հուշագրություններ

(Ես նրա հետ անխտիր դու-ով և դուք-ով էի խոսում, որպես և նա):

Ես նրան չեմ տեսել, միայն լսել եմ, որ կենում է մեզանից հեռու մի այլ գյուզում, — ասաց նա անկեղծությամբ:

Ինչպե՞ս կարելի է, որ դու քո փեսային չտեսած, ցանկացել ես նրա հետ պսակվիլ:

Հայրս ու մայրս տեսել են, նրանք հավնել են:

Հայրդ ու մայրդ այդ մասին իրավունք չունին. դու ինքդ պետք է տեսնեիր, դու ինքդ պետք է քեզ համար փեսա ընտրեիր:

Ամոթ չէ՞, — հարցրուց նա նազելի կերպով ժպտելով, որպես թե ես խոսում էի մի հիմար բան:

Մեր երկրում ամոթ չէ, բայց այստեղ՝ չեմ իմանում:

— «Ամեն երկրի մեռելը իր տեղը կթաղեն», — ասաց նա մեզմ ծիծաղով:

Այդ գեղեցիկ ծիծաղն ինձ ավելի սիրտ տվեց: Ես նկատեցի, որ օրիորդն բավական ընտելացել էր ինձ: Եվ ասեցի.

Այդ ուղիղ է, որ ամեն երկրի մեռելը պետք է յուր տեղը թաղել, եթե ուրիշ երկիր տանիս, նա կհոտի: Բայց դա չէ նշանակում, թե մի երկրում ինչ բան որ կա, մյուս երկրում չի պիտի լինի: Օրինակ, մեր երկրում աղջիկները գրել, կարդալ են սովորում, բայց այստեղ չեն սովորում:

Ի՞նչ պետք է աղջկան գրել կարդալը, — հարցրուց նա սառը կերպով: — Աղջկան՝ կարն ու ասեղը. տղային՝ գիրն ու գրիչը:

Ես այնքան զբաղված էի իմ Ռեբեկայով, որ ամենևին չէի նկատել, որ երկինքը ամպել է, անձրևը խոշոր կաթիլներով թափվում է, և կայծակը օձի նման գալարվում թուխ ամպերի մեջ: Հանկարծ օրիորդը, երեսը խաչակնքելով, քաշվեցավ դեպի տաղավարի մի անկյունը, երբ փոթորկի ահեղ բոմբյունը որոտաց մեր շրջակայքում:

Ինչո՞ւ խաչակնքեցիր երեսդ, — հարցրի ես, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից:

Նա պատասխանեց, թե կայծակը աստուծո հրեղեն սուրն է, որով կոտորում է դևերին: Իսկ դևերն մարդերին վնասելու համար աննկատելի կերպով պատսպարվում են նրա մոտ, և կայծակը երկուսին միասին սպանում է: Բայց խաչակնքելն հեռու է պահում մարդուն դևերի մոտենալուց:

Ես ասեցի, թե այդ կարծիքը մի սնահավատություն է և ավելի ոչինչ, թե կայծակը առաջ է գալիս բնական պատճառներից, և աշխատելով բացատրել նրան, երկար խոսեցի դրական և ժխտական էլեկտրականության վերա...

Արդյոք հասկացա՞վ նա...

Տես, — ասեցի ես, — եթե դու կարդալ սովորած լինեիր, այս բոլորը կհասկանայիր և կայծակից էլ չէիր վախենա:

Նա հեգնական կերպով ժպտեց և ոչինչ չպատասխանեց...:

Մրրիկն անցավ, ամպերը ցրվեցան, և արեգակը կրկին սկսեց թափել յուր պայծառ ճառագայթները: Ես վեր կացա, և շնորհակալ լինելով օրիորդից նրա հյուրասիրոլթյան համար, հեռացա տաղավարից: Ճանապարհին ես ինքս ծիծաղում էի իմ փիլիսոփայության վերա: Մի աղջիկ, որ կայծակը տեսնելով երեսը խաչակնքում է, նրան խոսում են դրական և ժխտական էլեկտրականության վերա: «Որքա՛ն անպատրաստ ենք մենք, մտածում էի ես, ինչպե՛ս ամեն բան գլխիցն ենք սկսում, փոխանակ հիմքից սկսելու…»:

ՆԱՄԱԿ Թ

Սիրելի ընկեր, դու գրում ես, թե ստացել ես իմ բոլոր նամակները: Դու գրում ես, թե նրանք շատ հետաքրքրական են քեզ, բավական ճիշտ տեղեկություններ տալով Պարսկաստանից, որի մասին մինչև այսօր խստիվ սակավ գրվել է:

Այս նամակովս ես կտամ քեզ մի քանի տեղեկություններ այս գավառի հնություններից, որոնց մեջ դու պիտի կարդաս պարսկահայոց թշվառ անցյալը:

Անցանելով Պարսկաստանի ամեն մի գավառը, ճանապարհորդը հանդիպում է բազմաթիվ բերդերի և ամրոցների, որոց ոմանք փլատակված են, իսկ շատերը դեռ մնում են ամբողջապես: Դրանք մնացել են այն ժամանակներից, երբ Պարսկաստանի յուրաքանչյուր գավառը կազմում էր միմյանցից անկախ առանձին խանություններ:

Խանությունները միշտ թշնամական հարաբերությանց մեջ լինելով, պատերազմը նրանց մեջ մնում էր անխզելի: Հաղթող կողմը կողոպտում էր հաղթվածի երկիրը, ավար էր առնում կայք և անասուններ, գերի էր տանում մարդիկ և կրակի էր մատնում նրանց բնակարանները: Իսկ հաղթվածներից շատ սակավ մասին էր հաջողվում իրանց կյանքը ազատել, պատսպարվելով բերդերում:

Միակ ազգը, որ այսպիսի դժբախտ դեպքերում զուրկ էր մնում բերդերի ապաստարանից, էր հայը, որովհետև բերդերը հազիվ էին կարողանում իրանց մեջ ամփոփել թուրքերին և պարսիկներին:

Երբ ես նայում եմ Զահրի, Կարնի-յարուղ, Փիրչավուշ և Հավատար բերդերի փլատակներին, հայի դժբախտ անցյալը պատկերանում է իմ առջև: Հանկարծ ժամանակը կես դար ետ է գնում, և ես տեսնում եմ Օսման-Ազա ասպատակը. նա յուր քուրդ ելուզակներով հեղեղի նման թափվում է այս գավառի վերա: Հուսեին-խանը, նույն ժամանակվա Խոյա և Սալմաստա իշխանը, չէ կարողանում դիմանալ քուրդերի արշավանքի առջև, և յուր թուրք և պարսիկ ժողովրդով ամրանում է բերդերում: Իսկ հայերն իրանց թույլ զորությամբ մնում են քուրդերի անգթությանը զոհ...

Օսմանի ելուզակներն ավար են առնում հայերի անասունները, կողոպտում են նրանց կայքը, և դառնում են, տանելով իրանց հետ մի ամբողջ քարավան բեռնավորած հայերի գլուխներով.

Որովհետև Օսմանը խոստացել էր յուր ելուզակներին յուրաքանչյուր կտրած կառափի համար ընծա տալ մի հատ ոսկի էշրաֆի: Բայց տեսնելով նրանց սարսափելի բազմությունը, նա ժխտում է յուր խոստմունքը, ու վճարում է էշրաֆիի տասներորդ մասը՝ մի արծաթի դահեկան.

Հետևյալ տարին Հուսեին-խանը, հավաքելով յուր ուժերը. հարձակվում է Օսմանի երկրի վերա, վերջինն հաղթվում է: Այնտեղ ևս պատահում է միևնույնը: Քուրդերն ամրանում են բերդերում, իսկ հայերը մնում են Հուսեին-խանի անգթությանը առարկա: Եվ պարսիկը վերադառնում է ոչ թե կտրած, կառափներով, այլ կենդանի գերիներով, որոնք բոլորը հայոց մանկահասակ աղջիկներ և տղաներ են լինում Հաղբակա և Վանա կողմերից: Եվ պարսիկ զինվորը մի գեղեցիկ հայ աղջիկը փոխում էր մի քանի բուռն քիշմիշի հետ...

Արշավանքները Պարսկաստանում ունեցել են և ունին իրանց սարսափելի հետևանքները: Թշնամին նվաճված ժողովրդի հետ այնպես է վարվում, որպես վատ գողերն այգու հետ, որոնք պտուղը կողոպտելեն հետո` արմատախիլ են անում ծառերը: Գերեվարությունը շատ անգամ ասպատակների համար մի անշահ ծանրություն լինելով, նրանք տանում են կտրած գլուխները, և իրանց բեռը ավելի թեթևացնելու համար տանում են գանգերի մաշկած մորթերը, որպեսզի ցույց տան իրանց մեծավորներին, թե որքա՜ն մորթել են, և նրա համեմատ պատիվ և պարգև ստանան:

Սալմաստա մեջ եղած բերդերից հետաքրքրական է Փիրչավուշը, որի փլատակների հետքերը մնացել են այժմ: Սարը, որի վերա շինված է եղել ամրոցը, ունի յուր զանազան բնական և արհեստական այրեր: Ինձ չհաջողվեցավ մտնել նրանց մեջ, որովհետև գիշերը վերա հասավ: Բայց որպես պատմում էր իմ ուղեցույցը, այրերն կազմում են լեռան մեջ մի ոլոր-մոլոր լաբյուրինթոս, որ շատ հավանական է, ծառայում էր վտանգի ժամանակ պահեստի համար:

Միևնույն սարի արևմտյան ճակատում, մի տաշած քարաժայռի վերա, որի մակերևույթն ունի մինչև հիսուն քառակուսի արշին լայնություն, դուրս են փորված մի քանի արձաններ նինվեական ոճով հսկայական մեծությամբ: Այս պատկերը ներկայացնում է մի հաղթություն: Երկու զինվորված ձիավորներ հալածում են երրորդին, իսկ չորրորդը, երևի զարկվելով, գետին է տապալված, Զենքերի ձևը հնադարյան է: Արձանագրություն չունի:

Ես որքան մտածեցի, չկարողացա այդ արձաններին տալ մի պատմական ճիշտ նշանակություն. որովհետև ոչինչ տառեր չեն երևում, բայց հավանական է, որ նրանք մնացած լինեին Սասանյանների ժամանակից, և որևիցե պատերազմի նկարագիրը լինեն: Արհեստի և ճարտարապետության այս երևելի գործը այժմ մեծ մասամբ եղծված է, բայց դարձյալ պահպանել է յուր մի քանի գեղեցիկ գծերը:

Փիրչավուշից 10 ժամու ճանապարհ դեպի արևելք գտնվում են Գոգարչին-Կալե (Աղավնու բերդ) կոչված ամրոցի փլատակները: Նա շինված է Ուրմիո լճակի միջից դուրս ցցված մի ապառաժի վերա, որ ձևացնում է մի փոքրիկ կղզի և բաժանվում է ցամաքից անձուկ նեղուցով: Գոգարչին-Կալեն շինված է թաթարներից և նշանավոր է յուր անառիկ դրությամբ: Մինչև այսօր ավանդությունը պահպանել է երևելի արյուն թափող Հուլավունի անունը, մինչև այսօր խոսվում է, թե այս մոնղոլական մեծ ավազակը հիշյալ ամրոցի մեջն էր պահում յուր գանձերը, որ նա կողոպտում է ըստ մեծի մասին Հայաստանից:

Հետազոտելով այդ բերդի շինվածքը, նույն ապառաժի վերա ես գտա ձկների, ոստրեների և զանազան ծովային զեռունների քարացած մարմիններ: Դրանք այնքան խիտ ածած են միմյանց վերա, մինչ հազարավոր քարացած ճճիներ բաղկացնում են մի ամբողջ մարմին:

Թաթարները, որպես բոլոր մոնղոլական ցեղերը, իրանց ամեն ինչ փչացնող և ոչնչացնող ներգործությամբ, չեն թողել այս կողմերում որևիցե նշանավոր հիշատակ արհեստի և աշխատության վերաբերյալ: Նրանք եղածը ջնջել են: Բայց ես երբեք չեմ մոռանա, որ մի անգամ ինձ մի թանգարանում ցույց տվին մի խոյաձև գերեզմանաքար, ասելով, թե Հայաստանից էր բերված: Թանգարանի գերմանացի կառավարիչը կամեցավ ինձանից տեղեկանալ, թե ի՞նչ նշանակություն ունեին այս խոյաձև քարերը, որ գտնվում են Հայաստանի գերեզմանատներում: Ես խիստ միամտությամբ պատասխանեցի, թե որովհետև Քրիստոս ուրիշ անունով կոչվում է «գառն աստուծո», գուցե դորա համար են դնում խոյաձև արձանները գերեզմանների վերա, որպես Քրիստոսի օրինակ: Գերմանացին ժպտելով պատասխանեց, — Ձեր ասածը ուղիղ կլիներ, եթե թաթարները միևնույնը չանեին, որոնք բնավ քրիստոնյա չեն:

Բայց ճանապարհորդելով այս կողմերում, ես հասկացա խոյաձև գերեզմանաքարերի գաղտնիքը: Դրանք մնացել են մոնղոլյան թաթարների տիրապետության ժամանակներից և նրանցից անցել են հայերի մեջ: Մինչև այսօր մոնղոլների հին գերեզմանատներն լի են խոյաձև արձաններով, և նրանց վերա միշտ երևում է վարված մի սուր: Ի՞նչ էր նշանակում այդ: Ղոչ (խոյ) բառը մոնղոլի լեզվում այլաբանորեն նույն նշանակությունը ունի, որպես քաջ բառը, ասել է «ղոչիգիթ» նույն է, որպես ասել՝ քաջ տղամարդ: Դա առաջ է եկել այն գաղափարից, որ խոյը (ղոչը) նրանց մեջ քաջության նշան է, և այս պատճառով մոնղոլը յուր քաջերի գերեզմանները զարդարում է այս նշանով, այսինքն՝ խոյաձև արձանով: — Ահա՜, ինչ որ մնացել է Տուղրելների և Ալփ-Ասլանների օրերից:

Ատրպատականը, որպես հայտնի է և մեր պատմությունից, մի ժամանակ արաբացոց գլխավոր ոստիկանի կուսակալությունն էր կազմում: Անիրավ Ապշինը և Յուսուֆը այստեղից էին փորում Բագրատունյաց նորահաստատ թագավորության հիմքերը: Բայց արաբացոց արշավանքներն որքան և՜ արյան, և՜ արտասուքի պատճառ են դարձել Հայաստանին, դարձյալ պետք է խոստովանել, որ նրանք չեն եղել այնպիսի բարբարոսներ, որպես մոնղոլները:

Այժմյան Պարսկաստանի հայկական գավառներում մինչև այսօր մնացել են արաբացոց տիրապետության հոյակապ հիշատակարանները. Սալմաստա մեջ, գնալով դեպի Քոհնա-Շահար (հին քաղաք), տասը վերստ հեռվից ճանապարհորդի աչքն հրապուրում են մոզաիկների փայլողությունը մի գեղեցիկ մինարեթի, որ, իբրև արաբացոց ճարտարության պարծանք, հպարտությամբ կանգնած է մի գեղեցիկ դաշտի մեջ: Պարսիկների ոխակալությունը դեպի սուննիների ամեն մի սրբությունը, մի բարի բախտով, խնայել է արհեստի այդ հրաշալի գործը, որ ժամանակով երևի ծառայում էր մուազինին23 այդ մինարեթի բարձր գագաթից հրավիրել աղոթասեր մուսուլմաններին դեպի աստուծո նամազը: Մինարեթի հարավային կողմի դռան ճակատին դեռ մնացած կիսաեղծ արձանագրությունը, կապտագույն գրակոնտիկոններով երևցնում է մի քանի շարք արաբական գեղեցիկ տառեր, որոնց մեջ կարդացվում է, թե այս մինարեթն պահում էր իր մեջ շիրիմը մի երևելի տիկնոջ (անունը եղծված է) և 700 տարվա հնություն ունի:

Հիշյալ մինարեթից երեք վերստ հեռու մի դաշտի ընդարձակ տարածությունը ծածկում է արաբացոց գերեզմանատունը: Այդ գերեզմանատան քարերն իրանց գեղեցիկ շինվածքով ցուցանում են, թե արաբացիք հարգում էին իրանց մեռելների հիշատակը, որը ընդհակառակն, պարսիկների գերեզմանատներն խիստ անշուք են: Դա ունի յուր առանձին պատճառները: Պարսիկների կրոնական մոլեռանդությունը, որ կենդանության ժամանակ շինել է նրանց դիրք զանազան ուխտագնացությունների՝ դեպի Մաշհադ, Մեքքա, Քարբալա և այլն, — և մահից հետո չէ թողնում նրանց հանգիստ մնալ իրանց գերեզմաններում: Որովհետև ամեն մի պարսկի (շիայի) ոսկորները հանվելով գերեզմանից, նա պետք է կատարե յուր ետմահվան ուխտագնացությունը դեպի Քարբալա (Բաղդատ) և այնտեղ պետք է թողվի աթաբաթի հողի մեջ, որ սրբված էր իմամների արյունով: Այս պատճառով պարսիկները հոգ չեն տանում գերեզմանատների շքեղությանը, այլ իրանց մեռելները առժամանակյա կերպով միայն դնում են դատարկ փոսերի մեջ և երեսը ծածկում են հողով: Մի կտոր սալ միայն, տնկած հողադամբարանի վերա, կրում է հանգուցյալի անունը և մի քանի խոսք Ղորանից:

Պարսիկների գերեզմանատներն լինում են քաղաքների մեջ, տարածված մեծ փողոցների եզերքում, որպեսզի անցուդարձ անողներն ննջեցելոց համար «հոգվոց» (Քաթհայ) կարդային: Եվ դու կտեսնես, որ յուրաքանչյուր անցորդը մի քանի րոպե կանգնում է, երեսը դարձնում է դեպի գերեզմանատունը, և լուռ կարդում է յուր աղոթքը: Այդ սովորությունը որքան լավ էր մեռելների հոգիներին, այնքան վնասակար է կենդանիներին, նայելով, թե ինչ ներգործություն ունի գերեզմանատունը օդի մաքրության վերա...

Քոհնա-Շահարի մոտ գտնված արաբական ընդարձակ գերեզմանատունը ցույց է տալիս, որ այն գեղեցիկ տաշված քարերի տակ պառկած մարդիկ որքա՜ն հառաջ էին գնացել արհեստի և ճարտարության մեջ: Այստեղ եղել են շատ մինարեթներ, որոց մեկը միայն կանգուն մնացած է, մյուսներն զոհ են գնացել ռամկի հալածասիրությանը: Պարսիկը չգիտե հարգել հնությունը և արհեստը. նա չէ սովորած ինքն հնարել, ինքն ստեղծագործել, այլ սովորած է պատրաստի նյութերից օգուտ քաղել: Մի կտոր քարի համար, մի քանի հատ աղյուսի համար նա անխղճորեն քանդում է գեղեցիկ մինարեթի հիմքը, ամենևին չմտածելով, թե որքա՜ն աշխատության և որքա՜ն ծախսերի էր արժել այն հիանալի գործը: Այսպիսի անգթություններին ես ուրիշ օրինակ չեմ կարող տալ, քան այն, որ կան բարբարոսներ, որպես սովորաբար ասում են՝ «Մի պատառ խորովածի համար ուրիշի կենդանի եզն են մորթում»:

Ահա՜ այդպես, սիրելի ընկեր, այս երկրները, — որ մի ժամանակ Հայաստանի գավառներ էին կազմում, տարուբերվելով զանազան պատմական հեղափոխությանց մեջ, ոտնակոխ լինելով երբեմն պարսիկների, երբեմն արաբների, երբեմն մոնղոլների արշավանքների ներքո, — պահում են մինչև այսօր հին թշվառությանց հիշատակարանները... պահում են արյունոտ հետքերը այն ազդերի, որոնք եկել և անցել են այս երկրների վրայով...:

Բայց երկիրը հայերին էր պատկանում. նրանցից ի՞նչ է մնացել: — Մնացել է ինքը հայը, մաշված, ջարդուփշուր եղած հայը: Որովհետև նրա հետ պարսիկը նույն կերպով է վարվել, որպես հսկա մինարեթի հետ, — մի քանի հատ աղյուսի համար հիմքը փորել է

ՆԱՄԱԿ ժ

Ես թողնում եմ Սալմաստը, սիրելի ընկեր, և ուղևորվում եմ դեպի արևմուտքը այս գավառի, դեպի սահմանակից Փոքր Հաղբակա կողմերը: Այնտեղ մեր պատմական Տմորիք կամ Կորդվաց լեռներում, խառն քուրդերի՝ այդ վիշապների (Աժդահակա) ծնունդների հետ, դեռ բնակվում են մնացորդներ հայոց հին ցեղերից, որոնք տակավին ապրում են նախնական կյանքով՝ խաշնարածությամբ: Ինձ ցանկալի է հետազոտել այդ նահապետական մարդերի կենցաղավարությունը:

Կեսօր էր: Մեր փոքրիկ քարավանը հանդարտ հառաջ էր գնում Երեցի-ձորի միջով:

Կարճահասակ քրդստանցի հայը, որ առաջնորդում էր ինձ որպես ուղեցույց, տաքացած կրոնական զգացմունքներով, շատախոսում էր, թե որպես կռապաշտների երեցը (մեծ քուրմը) այս ձորի մեջ հալածել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալին, և թե որպե՜ս աստուծո բանի քարոզիչը, անիծելով նրան, քար էր դարձրել և այլն:

Ահա՜ այն սարի գագաթան վերա, — մատով ցույց տվեց նա, — մինչև այսօր մնում է անհավատ երեցի քարացած մարմինը, և նրա անունով այս ձորը կոչվում է Երեցի-ձոր:

Եվ իրավ, նույն սարի գագաթան վերա ես նշմարեցի մի ահագին մարդաձև արձան, բայց իսկապես նա մի այլ բան չէր, եթե ոչ հասարակ քարե սյուն, — որի բնական գծագրությունը հեռվից նրան մարդու կերպարանք էր ընծայում:

Մինչ ես այն խորհրդածության մեջ էի, թե քանի կենդանի պահված են կրոնական ավանդությունները հայերի մեջ, տեսա իմ ուղեցույցը գդակը առեց, և երեսը խաչակնքելով, մոտեցավ մի ահագին քարաժայռի, որ ընկած էր ճանապարհի եզրում: Նա սկսավ յուր մեջքը քսել նույն քարաժայռին:

Այդ ի՞նչ ես անում, — հարց արի ես, մոտենալով նրան:

Այդ քարը սուրբ է, աղա, — պատասխանեց նա: — Մեջքս քսում եմ, որ պնդանա:

Ինչո՞վ դու կարծում ես, թե դա սուրբ է և քո մեջքը կպնդացնե, — կրկնեցի իմ հարցը:

Միթե չե՞ս գիտի, աղա, — պատասխանեց նա զարմանալով իմ անգիտության վերա, — երբ կռապաշտների երեցը հալածում էր սուրբ առաքյալին, նա յուր փախչելու միջոցում մեջքը տվեց այդ քարին, որ նրա ետքում պատսպարվի, և այս քարը բացվելով, նրան ընդունեց յուր գիրկը:

Եվ նա ցույց տվեց քարի մեջ այն բացված գոգավորությունը, որ ճանապարհորդների հաճախ քսվելուց բոլորովին կոկվել էր: Լսելով ուղեցույցի վերջին խոսքերը, մեր Մեսրոպը նույնպես իջավ ձիուց և սկսավ յուր հսկայական մեջքը ջերմեռանդությամբ քսել սուրբ քարին, թեև նրա մեջքը առանց դրան էլ ամուր էր:

Ես չուզեցի դիպչել նրանց սնահավատությանը և շարունակեցի իմ ճանապարհը: Բայց ուղեցույցս, տեսնելով, որ ես հետաքրքրվեցա նրա խոսքերով, ասաց.

Եթե մի փոքր առաջ գնանք, դուք Հողեբավեզ (գուցե հողե բավիղ) գյուղի մոտ կտեսնեք սուրբ Բարդուղիմեոսի մի այլ հրաքը. — դա մի ահագին վիշապի քարացած մարմին է, որին սուրբ առաքյալը սպանել է յուր գավազանով: Նա այնքան մեծ է, որ գյուղացիք տեղավորում են նրա բերանում իրանց անասունների ամբողջ ձմեռվա պաշարը:

Ես հարց արի Մեսրոպից, — արդյոք ուղի՞ղ էր ուղեցույցի ասածը: Նա պատասխանեց. — Այո՜, ես ուրիշ մարդից էլ եմ լսեր

Ես չգնացի այն գյուղը, որովհետև ճանապարհից դուրս էր:

Բայց քարացած վիշապը ոչ այլ ինչ պետք է լիներ, եթե ոչ մի այր, ահագին քարաժայռի մեջ, որի մուտքը վիշապի բերանի ձև ունենալու էր:

Մենք դուրս եկանք Երեցի-ձորից, երբ արևը սկսել էր խոնարհվիլ դեպի յուր գիշերային մուտքը: Նրա վերջալույսը բաց արավ մեր առջև Ասբեստանու դաշտերի գեղեցիկ և ընդարձակ պատկերները:

Գիշերը վերա հասավ: Մեր քարավանը շտապելով հառաջ էր գնում, բայց տակավին չէինք հասած որևիցե իջևանի:

Ուղեցույցը հայտնեց ավելի շտապեցնել գնացքը, ասելով, թե գիշերը այս կողմերում բացօթյա մնալով, վտանգ կարող էր պատահել քրդերից, որ պարապում են ավազակությունով:

Սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը դեռ շատ հեռու էր:

Երկինքը հետզհետե սկսավ մթնել, և աստղերր ծածկվեցան սև ամպերի տակ: Փայլակը երբեմնապես լուսավորում էր խավարի աղջամղջային թանձրությունը, և հեռվից լսելի էին լինում որոտման խուլ ձայներ:

Սկսավ փոքր առ փոքր անձրևել:

Մի քանի ժամ սարերի և դաշտերի միջով գնալուց հետո, կայծակի վերջին ճարճատման միջոցին, մեր ուղեցույցը կանգնեց, և սարսափելով հայտնեց, թե մոլորված էինք ուղիղ ճանապարհից: Այս խոսքը խիստ վատ տպավորություն ունեցավ ինձ վրա: Դեպի ո՞ր կողմը պետք էր գնալ. — ինքն ուղեցույցը չգիտեր:

Երբ մենք մտատանջության մեջ էինք, թե որպես պետք էր գտանել ուղիղ ճանապարհը, մին էլ հեռվից երևցան մի քանի հրեղեն կետեր, նրանք նմանում էին հովիվների գիշերային խարույկին, որ վառում են կաթ տաքացնելու համար:

Քաջ, — ասացի ես Մեսրոպին, — դե՜ շուտ թռի՜ր, հասի՜ր տե՜ս, ի՜նչ կրակներ են դրանք:

Զեյթունցին լեռների ծնունդ է, սարը նրա օրորոցն է սկսյալ մանկությունից, իսկ մութ նսեմաստվեր անտառները նրա օրորոցի վարագույրներն են: Գիշերային խավարի մեջ նա ման է գալիս ժայռերի գահավեժների վերա, որպես մինը լեռնային աստվածներից: Ամպերի որոտը, կայծակի ճարճատյունը, մրրիկի ֆշֆշոցը, ձորերի միջից խաղաղ հեղեղատների գոռգռոցր, որոնք նույն միջոցին ամեն մի արարածի վերա ահ ու սարսափ էին բերում, իսկ Մեսրոպի համար էին զվարճալի երևույթներ, որպես ծաղկազարդ դաշտերը՝ նորահաս կույսի համար:

Բարեբախտաբար անձրևը սկսեց դադարել, սև ամպերը հետզհետե նոսրանալով ցրվեցան, մեգապատ երկինքն յուր առաջին պայծառությունը ստացավ, և աստղերը, այդ երկնային հավերժ հարսունքը, իրանց քաղցրիկ ժպիտով դարձյալ սկսեցին հրապուրել մեզ, ամպերի թափանցիկ շղարշի հետևից իրանց դեմքը ցույց տալով:

Մենք իջանք ձիերից և բաց թողեցինք նրանց արածել անձրևով ցողած խոտերի մեջ, և անհամբերությամբ սպասում էինք Մեսրոպի դարձին:

Ես լուռ էի, և խորին ոդևորությամբ նստած մի քարի վերա, նայում էի լուսնի նազելով սահելուն երկնքի կաթնագույն տարածության մեջ: Ոչինչ չէր վրդովում նույն րոպեին իմ սրբազան հոգեզմայլությունը ...

Չգիտեմ, պատճառը չեմ կարող բացատրել, բայց լինում են րոպեներ, որ բոլորովին չոր ու ցամաք իրապանն դառնում է գաղափարական և մինչև անգամ ցնորամիտ երևակայող: Ես հիշեցի այն կտորը, որ շատ վաղ, դեռ իմ պատանեկությանս հասակում կարդացել էի մեր պատմության մեջ, թե պարսից Շապուհը, կամենալով փորձել մեր Արշակ թագավորին, դյութերի և քավդյայների խորհրդով բերել տվավ հայոց երկրի հողից և ջրից, և նրանով ծածկեց յուր խորանի հատակի մի մասը: Քանի որ Արշակը պարսից հողի վերա էր կանգնած, խոնարհվում էր և Շապուհի ոտքերին էր ընկնում, և ողորմություն էր աղերսում: Իսկ երբ Արշակին տանում էր հայոց հողի վերա, նա սկսում էր խստությամբ խոսել, և պարսից թագավորին, որի գերին էր ինքն, սպառնալիքներ կարդալ: — Ես սկսել էի հավատալ այս առասպելին, կարծես հայրենի հողը ինձ վերա միևնույն ազդեցությունն էր գործում

Պարսկաստանից դուրս գալով և բուն Հայաստանի հողի վերա ոտք կոխելով, ես, կարծես, փոխվեցա: Բայց մի՞թե Հայաստան էր այդ... նա Հայաստան էր, միայն իմ երևակայության մեջ...

Իմ մտախոհությունը շփոթեց ուղեցույցը, որ մոտենալով ինձ, ասաց.

Քանի օր առաջ այստեղ սպանել էին մի հայ երիտասարդ, նա այս կողմերում նշանավոր մի տղամարդ էր: Մի քուրդ գալիս է նրա տունը, գարի է պահանջում յուր ձիան համար, նա չի տալիս, և քուրդին խստությամբ պատասխանելով, հեռացնում է յուր դռնից: Քուրդը ոխ է պահում, և երիտասարդն այս կողմերով անցնելու ժամանակ քուրդը քարի հետևից հրացանը արձակում է և սպանում է նրան:

Եվ նա մնաց անպատի՞ժ, — հարցրի ես:

Ո՞վ պիտի պատժե, — ասաց նա սառն կերպով:

Լավ, քուրդն ի՞նչ իրավունքով էր գարին պահանջում:

Իրավունքը ո՞րն է, քուրդին ինչ որ պետք է, հայի տնից կտանի:

Եվ հայն էլ կտա:

Ի՞նչ կարող է անել: Եթե չտա, այն ժամանակ յուր գլուխն իրանը չէ:

Այնտեղ տիրում էր պարսիկը, իսկ այստեղ բարբարոս քուրդը, — ահա՜ մեր հայրենիքը...

Ես կտրեցի այս խոսակցությունը, որ ինձ համար շատ դառն էր, և հարցրի ուղեցույցեն.

Եթե Մեսրոպը մի լավ խաբար չբերե, մենք այս մոտ տեղերում կարո՞ղ էինք գտնել հայոց գյուղեր:

Նա պատասխանեց, — թե մերձակա տեղերում հայոց գյուղեր կարելի էր գտնել, միայն նրանք այժմ անբնակ են, որովհետև գյուղացիները, լինելով անասնապահ մարդիկ, տարվա այն եղանակում իրանց հոտերով չվում են դեպի ամառնային արոտները:

Ուղեցույցի հաղորդած տեղեկությունները շատ նպաստավոր չէին, և ես մտածում էի, թե որպե՜ս գիշերը բացօթյա պետք է անցուցանել այդ լեռների մեջ, ուր ամեն մի քարից արյան հոտ էր փչում...

Հանկարծ հեռվից լսելի եղավ ձիան խրխինջ:

Այդ Մեսրոպի ձիան ձայնն է, — ասացի ես:

Եվ իրավ, քանի րոպեից հետո հայտնվեցավ քաջը: Նրա ձին պատած էր սպիտակ փրփուրով, բայց դեմքի ուրախ արտահայտությունը ցույց էր տալիս, թե նա պիտի ավետեր մեզ մի բարի լուր: Եվ արդարև, մենք շատ ուրախացանք, երբ նա հայտնեց, թե հեռվից երևացող հրեղեն կետերը հայ հովիվների չադրներում վառվող խարույկներ են, և հրավիրեց մեզ գնալ այնտեղ գիշերելու:

Մեսրոպի հրավերը բավական հաճություն պատճառեց և մենք, հեծնելով ձիաները, շուտով հասանք չադրներին: Նրանք թվով շատ էին, մի հովիտի մեջ համարյա զետեղված էին ամբողջ քսանի չափ գյուղերի բնակչաց վրաններ:

Մենք ընդունվեցանք խաշնարածների գլխավորի չադրումը, որին կոչում էին էլ-բակի. դա մի տիտղոս է, որ տալիս են հովիվների հասարակության պետին: Նրա չադրն որոշվում էր մյուս բոլորից թե յուր մեծությամբ և թե շքեղությամբ: Նա բաժանված էր չորս մասի, որի միջինը ծառայում էր որպես հյուրանոց, ետնակողմինը՝ որպես կանանոց, իսկ հյուրանոցի աջ և ձախ թևքերի մասներում` մեկի մեջ լինում էին ծառաները, մյուսի մեջ՝ արդեն թամքած և պատրաստ կանգնած էին էլ-բակիի նստելու ձիաները: Կարծես այդ խելացի անասունները անհամբերությամբ սպասում էին, որ վտանգի միջոցին նրանց տերը թռչի նրանց վերա և դուրս սլանա դեպի կռվի դաշտը:

Վրանի ներքին կերպարանքը արտահայտում էր խաշնարած ցեղի քաջազնական բնավորությունը: Նրա սյուներից քարշ էին ընկած էլ-բակիի զենքերընրա թուրը, վահանը, ատրճանակները, հրացանը և այլն: Վրանի առջև ցցված էր նրա դամասկական եղեգնյա նիզակը, որ յուր փետրազարդ գլխով փողփողում էր մեշմիկ հովից:

Բայց այն գիշեր, որպես երևում էր, էլ-բակիի վրանում հանդիսանում էր մի արտաքո կարգի երևույթ, կարծես թե նրանք տոնախմբում էին մի ուրախալի անցք, և այդ պատճառով այնտեղ հավաքված էին խաշնարածների բոլոր նշանավոր տղամարդիկն:

Ինքն էլ-բակին մի հսկայատիպ և հաղթանդամ տղամարդ էր, ավելի փառավոր կերպով հագնված, քան մյուսները: Նա քաղցրությամբ ընդունում էր հյուրերին, և մեզ հրավիրեց նստել յուր մոտ բոլորից բարձր, այսպիսի նահապետական խոսքերով.

Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի և իմ գլխի վերատեղ ունիք, իմ որդիքը ձեզ ծառա, իմ հոտերը ձեզ մատաղ, և այլն:

Ես շնորհակալություն հայտնեցի նրա բարեսրտության համար, միայն հետաքրքրությունը տանջում էր ինձ գիտենալ այն ուրախության պատճառը, մինչև ինքն էլ-բակին ասաց.

Ողորմած աստվածը այսօր երկու բանով բախտավորեցրեց, յուր ծառային, մինը` պարգևելով իմ ավագ որդուն մի արու զավակ, մյուսը ուղարկելով ինձ ձեզ պես բարի հյուրեր:

Ես հասկացա տոնախմբության պատճառը: Եվ պատասխանեցի իմ փոխադարձ գոհունակությունը նույնպես արևելյան պերճախոսությամբ.

Ուրախ եմ, որ բարի աստվածը բացի նրանից, որ ազատեց մեզ Ասբեստանի դաշտերում մոլորվելուց, այլև պարգևեց մեզ առաքինական հյուրասիրությունը իմ համազգի խաշնարածների գլխավորիս, որի տեսությունը ոչ միայն ցանկալի էր ինձ, այլև խիստ բախտավորեցուցիչ: Գո՜հ եմ աստծուց, որ իմ «ոտը բարով եղավ»24, և ես պիտի մասնակից լինեմ մի ուրախության, որով զվարճանում է այժմ ձեր ցեղը:

Մեր խոսակցության միջոցին ես նկատեցի, մի քանի գեղեցիկ դեմքեր գաղտուկ փայլեցան կանանոցի ետ քաշված վարագույրի ճեղքից: Ես իսկույն մտաբերեցի Սառային, որ վրանի ետքից ժպտում էր Աբրահամի երկնաքաղաքացի հյուրերի խոսակցության ժամանակ: Եվ արդարև, նույն անցքը պատահեց և ինձ, երբ ես բարեմաղթում էի, որ բարի աստվածը մի զավակ ևս պարգևեր իրան էլ-բակիին, նա շատ ուրախացավ և հրամայեց մեզ համար մորթել մի քանի գառներ, թեև նրա հասակը զավակ ծնելուց անցած պիտի լիներ: Բայց այս լեռների մարդիկը շուտ չեն ծերանում:

Եվ ավելորդ եմ համարում մանրամասնաբար նկարագրել մեր ընթրիքը, մեծ կերուխումը այդ նահապետական վրանի մեջ. նրանք առհասարակ նշանավորվում էին հյուրասիրության պարզ և անկեղծ առատասիրությամբ:

Բայց ինձ ավելի հետաքրքրական էր խաշնարածների զգեստը. նրանք Պարսկաստանի հայերի նման չէին հագնված, որոնց զգեստի ձևերն բոլորովին պարսկականի նման են, այլ հագնված հին քուրդերի նման: Բոլորովին սխալ կլիներ մտածել, թե այս ձևը մտել էր հայերի մեջ քուրդերից, բայց հավանական է, թե վերջինները հայերից առած լինեին, որովհետև ասիական Տաճկաստանում ամեն տեղ հայերն շատ փոքր տարբերությամբ միևնույն ձևով են հագնվում, մինչև անգամ այն երկրներում, ուր քուրդեր չկան և չեն եղել:

Մեր պատմությունը լուռ է, թե ինչպես էին հագնվում մեր նախնիքը: Բայց ես կարծում եմ, թե մեր Հայկն այնպես էր հագնված և մի այնպիսի վրանի մեջ էր ապրում, որպես մեր հյուրնկալ էլ-բակին, որովհետև նա էլ հովիվ էր և մի խաշնարած ցեղի գլխավոր՝ էլ-բակի:

Հայերի կյանքն այս կողմերում համարյա նույն է, ինչ որ էր Հայկի և Արամի ժամանակ. նրանք շատ քիչ են փոխվել: Եվ որպեսզի դու համոզվիս իմ խոսքերի մեջ, ես կնկարագրեմ քեզ մի քանի խաղեր, որ կատարեցին խաշնարածներն ընթրիքից հետո25:

Գեղեցի՛կ է լեռնային առավոտը, և ավելի գեղեցի՛կ անձրևային գիշերից հետո: Հուլունքների նման կաթիլներով ցողված խոտերն կարծես շողշողում են գույնզգույն գոհարներով. և ծաղիկների շնչով տոգորված զեփյուռը բերում է հեռավոր լեռներից բուսականների թարմ և փափուկ ամբարհոտությունը: Թռչունների մեղեդին այստեղ ավելի ախորժ, ավելի զվարթ է հնչում, և կարծես ժայռերն էլ զգում են նրա քաղցրությունը, և իրանց կողմից արձագանք են տալիս, որ կրկնվի, չանհետանա բնության երգչի օրհներգությունը տիեզերքի անսահման տարածության մեջ:

Առավոտյան խաղերի ձևը փոխվեցավ:

Կյուրակեն՝ տերի հանգստյան օրը միջոց էր տվել բոլոր խաշնարածներին ուրախակից լինել իրանց գլխավորի ընտանեկան զվարճությանը: Այր, կին, աղջիկ, երեխա, — բոլորը հավաքվել էին դեպի վրանի շուրջը:

Զուռնան և դահոլը հնչեցին Քորօղլի եղանակով: Խաղերն սկսվեցան:

Կանաչ դաշտի վերա, վրանների հանդեպ հանդիսանում էին զանազան տեսակ խաղեր: Նրանցից մինր կոչվում էր էշիրաթի խաղ, որ նշանակում է ասպետական խաղ: Դա մի տեսակ միջնադարյան զինակռիվ (տուրնիր) էր, որի մեջ քաջերն աշխատում էին ցույց տալ իրանց հաջողակությունը և ճարպկությունը զենք բանեցնելու մեջ: Զինակռիվը կատարվում էր զանազան գործիքներով: Օրինակ, երկու տղամարդիկ զինամարտում էին մերկացուցած թրերով, նրանցից ամեն մեկը պաշտպանում էր յուր անձը ահագին երկաթագամ վահաններով, որ ունեին նույն ձևը, ինչ որ հոմերոսի հերոսներն էին կրում: Մի տեղ զինամարտում էին երկայն նիզակներով, նույնպես պատսպարվելով մեծ վահաններով: Մի տեղ կռվում էին հաստ լախտերով, մի այլ տեղ` ատրճանակներով և այլն, — բայց զարմանալի ճարպկությամբ և առանց վնասելու մինը մյուսին: Հաղթությունը պսակված էր համարվում, երթ հակառակորդին չէր հաջողվում համապատասխանել այնպիսի զարկով, որպիսին ինքն կրեց յուր խաղընկերից. կամ երբ նա չէր կարողանում մերժել իրանից զարկը վահանով: Հաղթողներին էլ-բակին տալիս էր պարգևներ:

Այդ տեսարանը ծնեց իմ մտքում օլիմպիական հերոսների հիշատակը: Եվ արդարև, մինչդեռ մեր ժողովրդի բարձր դասերում համարյա անհետացած են ազգային հատկություններ, նրա ստորին, մանավանդ լեռնաբնակ մասն դեռ պահպանում է յուր մեջ հինավուրց քաջազնական կյանքի առանձնահատկությունները:

Բայց ինձ ավելի հետաքրքրեց պատանիների և մանավանդ մանկահասակ աղջիկների պարախաղը, որ նրանք կոչում էին գոնդ կամ գուենդ: Դա մի տեսակ խաղ է, երբ երկու սեռի նորահաս զավակները, միմյանց ձեռքից բռնած, կազմում են մի տեսակ շղթայակապ՝ զանազան բոլորակ, կիսաբոլորակ և պես-պես ոլոր-մոլոր շարամասնություններով: Նրանք կաքավում են կշտե-կուշտ գայթելով, և ամբողջ շղթան յուր մանվածներով պտուլտվում է մի կենտրոնի շուրջը: Պարի եղանակը որոշվում է ձեռների և ոտների զանազան ձևով շարժմունքներով:

Հաջորդ էջ