Րաֆֆի՝   Մինն այսպես, մյուսն այնպես

Մի քանի անգամ, սաստիկ զայրանալով և գլխին տալով խլեց նա «Մշակ» թերթը յուր աշկերտներից մեկի ձեռքից, որ պարոն Արուսյանի խանութից բերելով, սկսել էր կարդալ: Ամբողջ քարվանսարան ոչ մի լեզվով լրագիր չէր կարդում: Մի քանի հոգի ստանում էին մի ռուսաց թերթ, միայն հայտարարությունները կարդալու համար;

Նա մտքին դրեց վնասել այս Արուսյանին և մինչև անգամ բոլորովին ոչնչացնել նրան: Յուր նպատակին հասնելու համար ձեռք առեց կեղծ բարեկամությունը: Դա ԱղաՊարոնովի ամենավտանգավոր զենքերից մեկն էր: «Ումը կամենում ես վնասել, նախ հետը բարեկամացիր» — նրա համար կանոն էր դառել: Թեև պարոն Արուսյանը ամենևին չէր հավատում նրա բարեկամությանը, բայց, ի պատիվ դրացիության, արհամարհանք ևս չէր ցույց տալիս, միայն երբ ԱղաՊարոնովը զանազան շողոքորթություններով դիմում էր նրան, երիտասարդի գունաթափ շրթունքների վրա միշտ պատրաստ էր մի հեգնական ժպիտ, որ սաստիկ խոցոտում էր նրան:

ԱղաՊարոնովը հայտնի ուժ էր ամբողջ քարվանսարայում: Վաճառականներից մեծ մասը նրա փողովն էին առևտուր անում, այդ պատճառով, միշտ զայրանում էր, թե ինչո՞ւ պարոն Արուսյանը չէ դիմում նրան, որ գոնե պարտքերի միջոցով ստրկացնե նրան: Իսկ պարոն Արուսյանր թեև խիստ սահմանափակ կարողության տեր էր, բայց թե՛ Մոսկվայում և թե արտասահմանում բավական վարկ ուներ, բացի դրանից, նա յուր գործերը այնքան կանոնավոր կերպով էր տանում, որ երբեք ԱղաՊարոնովի կորստաբեր սնդուկին դիմելու կարոտություն չուներ:

Չնայելով այդ բոլորին, հասարակաց կարծիքը ԱղաՊարոնովի մասին շատ նպաստավոր էր: Նրան համարում էին ոչ միայն ճշմարիտ մարդ, այլ մինչև անգամ առաքինի մարդ: Նա գիտեր գրավել, գիտեր հաճոյանալ: Ամեն տարի, մեծ զատկի տոնին, սովորություն ուներ մի քանի հարյուր ռուբլի ընծայել այս կամ այն համքարին, որ գնան ՕրթաՃալա, մատաղ կտրեն ու իրանց համար քեֆ անեն: Երբեմն արհեստավորների աղքատ կամ որբ աղջիկները յուր փողով մարդու էր տալիս: Վաղուց խոստացել էր և շատ անգամ կրկնում էր, թե քաղաքի այնինչ թաղում, որ զուրկ էր եկեղեցուց, պետք է յուր փողով եկեղեցի կառուցանե: Բարեգործական դեպքերում բավական առատաձեռն էր: Երբ ներկայացնում էին նրան որևէ հանգանակության թերթ, միշտ պատրաստ էր մի քանի հարյուր ռուբլի ստորագրել, երբ մանավանդ գիտեր, որ լրագրներում պետք է հրատարակվի: Այդ պատճառով, երախտագետ համքարները և մանր խանութպանները պաշտում էին նրան և իրանց բարերարի լավությունները փոխարինելու համար` քաղաքային խորհրդի իրավասուներ ընտրելու ժամանակ՝ իրանց բոլոր քվեները նրան էին նվիրում, և ԱղաՊարոնովը ամեն անգամ ընտրվում էր մի քանի հարյուր սպիտակ քվեով:

Նա միշտ մտնում էր քաղաքային վարչության խորհրդի մեջ իրավասու ձայնավոր, բայց ուժեղ ձայնավոր: Թեև խոսելու շնորհք չուներ, ճառեր չէր կարդում, բայց երբ պետք էր այս կամ այն հարցի մասին ի նպաստ կամ աննպաստ ձայն տալ, նրա հետ աթոռներից բարձրանում էին ուրիշ շատ իրավասուներ, որ նրան էին սպասում, և իսկույն ձայնակից էին լինում: Դրանք այն վաճառականներն էին, որոնց համար միշտ բաց էր ԱղաՊարոնովի սնդուկը, երբ փողի կարոտություն ունեին:

Ամեն տեղ ընտրվում էր նա: Մի քանի որբերի (բայց անպատճառ մեծ ժառանգություն ստացած որբերի) խնամատար էր: Մի քանի հարուստ կտակների կտակակատար էր: Չէր մերժում, երբ զանազան առևտրական ծանր վեճերի մեջ միջնորդդատավոր էին ընտրում իրան: Մնում էր, որ Ներսիսյան դպրոցի հոգաբարձու ընտրվեր, կամ մի որևէ եկեղեցու գանձապետերեսփոխան և կամ Թիֆլիսի բարեգործական ընկերության խորհրդի անդամ, որ յուր փառքի զենիթին հասած լիներ: Դա շատ հեշտ էր, եթե ցանկանար միայն, բայց նա իրան միշտ հեռու էր պահում ազգային գործերից:

Թատրոն չէր սիրում, երաժշտություն կամ նվագահանդեսներ ատում էր, իսկ կլուբ հաճախում էր համարյա ամեն գիշեր: Երբ հայտնվում էր կլուբում ո՞վ ասեք, որ այնտեղից չէր բարձրանում և, մոտենալով, չէր սեղմում նրա ձեռքը, ա՛յն ձեռքը, որ հարյուրավորների տունն էր քանդել, որ հարյուրավոր ընտանիքներ թշվառացրել էր: Այնտեղ փայլում էր նա յուր ոսկու բոլոր պայծառությամբ: Ամեն ոք իրան երջանիկ էր համարում, երբ ԱղաՊարոնովր մերձենում էր նրա սեղանին, ամենուրեք պատրաստ էին նրա համար հաճոյական քաղցր խոսքեր: Բայց նա այդ մասին բավական համեստ էր, իսկույն կքաշվեր մի անկյունում և յուր նմանների հետ հերթը մի կոպեկով նարդի կխաղար:

Կլուբից վերադառնում էր տուն այնքան ուշ, որ ամբողջ ընտանիքը քնած էր լինում, իսկ առավոտյան տնից դուրս էր գալիս և խանութը գնում այնքան վաղ, որ նրանց դարձյալ քնած էր թողնում: Այդ էր պատճառը, որ նա յուր կնոջ և զավակների հետ խիստ հազիվ անգամ էր հանդիպում, և խիստ վատ հետևանքներ ուներ նրա ընտանեկան կյանքի վրա:

Արևը վաղուց արդեն մտել էր: Մի քանի լապտերներ միայն մնացել էին վառ, նրանք ևս մարեցան, և երեկոյան ծանր խավարը տիրեց վաճառականների մթին աշխարհը: Այդ միջոցին երկու դրացիները կողպեցին իրանց խանութները և միասին դուրս եկան քարվանսարայից:

Գնանք մի փոքր ման գանք, — առաջարկեց ԱղաՊարոնովը: — Զով գիշեր է:

Քարվանսարայի Կրեսոսի ուշադրությունը զարմացրեց պարոն Արուսյանին, որովհետև նա սովորություն չուներ փողոցներում իրանից ստորին անձանց հետ զբոսնելու և մանավանդ պարոն Արուսյանի հետ, որին սաստիկ ատում էր:

Ներեցեք, հարգելի Աերգեյ Եգորիչ, — ասաց երիտասարդը, — մեծ ուրախությամբ կգայի, բայց տանը փոքրինչ գործ ունեմ:

Օրհնած, միշտ գո՛րծ, միշտ գո՛րծ, պետք է երբեմն էլ հանգստության համար մտածել:

Բայց այնպիսի գործ է, որ հետաձգել չեմ կարող:

Դարձյալ «էն բաներեմեն կուլի»..., — նկատեց ԱղաՊարոնովը ծիծաղելով:

Կամ «էն բաներեմեն», կամ մի ուրիշ բան, հարգելի Սերգեյ Եգորիչ, — պատասխանեց պարոն Արուսյանը, նույնպես ծիծաղելով: — Ով ինչ որ սիրում է, նրան այն է դյուր գալիս, թեև շատ հասարակ բան լիներ:

Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը և բաժանվեցան: Պարոն Արուսյանը դիմեց դեպի յուր բնակարանը, իսկ ԱղաՊարոնովը յուր ծանր քայլերն ուղղեց դեպի Գալավինսկի պրոսպեկտը ծանոթներին հանդիպելու և նոր «խաբարներ» լսելու: Նրա համար տուն չկար, ընտանիք չկար: Խանութից տուն վերադառնում էր նա այն դեպքերում միայն, երբ հյուրեր ուներ, և հարկադրիչ պահանջը ստիպում էր նրան տանը գտնվել:

Բայց նրա նկատողությունը՝ պարոն Արուսյանի այնպես շտապով տուն գնալու մասին առանց խորհրդի չէր: Նա գիտեր, որ գիշերները զանազան երիտասարդներ հավաքվում են պարոն Արուսյանի մոտ, ժամանակ են անցկացնում և զանազան բաների վրա խոսում են, — իսկ թե ի՞նչ բաների վրա, թեև այդ մասին ճիշտ տեղեկություն չուներ, բայց, այնուամենայնիվ, նրան ոչ միայն զարմացնում էր, այլ խիստ ծիծաղելի էր թվում, որ մարդիկ նստում են, իզուր խոսում են այնպիսի հարցերի մասին, որոնցից նյութապես առանձին շահ չունին:

Պարոն Արուսյանը սեփական տուն չուներ. երկու սենյակ միայն վարձել էր նույն փողոցի վրա, ուր գտնվում էր ԱղաՊարոնովի եռահարկ տունը: Խանութով դրացի լինելով, յուր բնակարանով ևս շատ հեռու չէր նրանից:

Վերադառնալով յուր կացարանը, լամպան վառ գտավ, սեղանի վրա դրած էր մարած սամովարը, իսկ նրա մոտ՝ դատարկ թեյամանը մի քանի հոգնած բաժակների հետ, որոնք այնպիսի տխուր տպավորություն էին գործում, որ, կարծես, հենց նոր էին ազատվել խմողների ագահ շրթունքներից: Բաժակների մոտ ածած էին պանրի, հացի, երշիկի կտորտանքներ, որ լրացնում էին թեյի սեղանի անկարգությունը:

Փոքրիկ սենյակը սաստիկ ծխված էր. լամպայի աղոտ լույսը հազիվ թափանցում էր տիրող մառախուղի մեջ: Երիտասարդը զարմանալով աչք ածեց յուր շուրջը և ապա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, որ խեղդող օդը փոխվի:

Առավոտյան, խանութը գալու միջոցին, պատվիրել էր ծառային, որ երեկոյան սամովարը շուտ դնե, փոքրինչ ընթրիք պատրաստե, որովհետև գիշերը հյուրեր պիտի ունենա: Բայց մի՞թե նրանք եկել էին և, իրան չսպասե[ով, դարձյալ գնացել էին:

Նա ձեոքը տարավ դեպի զանգակի պարանը, մի քանի անգամ ձիգ տվեց: Խոհանոցից, աչքերը տրորելով և հորանջելով, հայտնվեցավ քնաթաթախ սպասավորը, որ, միևնույն ժամանակ, խոհարարի պաշտոն էր կատարում: Երիտասարդը նայեց նրա երեսին և ծիծաղելով հարցրեց.

Դարձյալ քնա՞ծ էիր, Հայրապետ:

Ապա ի՞նչ անեի, — պատասխանեց նա խռպոտ ձայնով: — նստեցի, այնքան նստեցի, մինչև քունս տարավ:

Այստեղ մարդիկ եղե՞լ են:

Հայրապետը քնեած աչքերը սկսեցին զարմացմամբ խուզարկել ծխված սենյակի շուրջը:

Եղել են, — պատասխանեց նա անփույթ կերպով: — Եկան, նստեցին, հրհռացին, բայց հիմա չկան:

Տեսնում եմ որ չկան: Ո՞վքեր էին:

Հայրապետը ձեռքը տարավ դեպի ճակատր, սկսեց սաստիկ շփել, որ հիշողությունը ամփոփե:

Մեկը այն երկար մազերով տղան էր, — ասաց նա մի նշանավոր գյուտ արածի նման:

Ո՞ր երկար մազերով տղան:

Այն, որ ձեռքին հաստ փայտ է ման ածում և, ման գալու ժամանակ, գլուխը գիժ մոզիի նման միշտ ժաժ է տալիս:

Պարոն Արուսյանը հասկացավ, թե ում մասին է խոսում:

Մյուսը ո՞վ էր, — հարցրեց նրանից:

Մյո՞ւսը, — մի աոանձին հեգնությամբ կրկնեց Հայրապետը, — մյուսը այն կաղն էր: Աջ ոտից խո չոլախ էր ու չոլախ, իսկ այս գիշեր սկսել էր ձախ ոտիցն էլ կաղալ. ասում էր՝ կոշիկս հուպ է տալիս:

Երրո՞րդը:

Երրորդը այն պատռտված վարժապետն էր, որ միշտ գալիս է, ասում է, դասեր չեմ գտնում, և քեզնից փող է վեր առնում: Ախար նրանց ո՞վ տուն կթողնե: Ով որ նայելու լինի, կվախենա, չլինի՞ թե նախասենյակից պալտո գողանա:

Չորրո՞րդը:

Նրան չճանաչեցի, առաջին անգամն էի տեսնում, նոր մարդ է: Մի ակնոցավոր տղա էր: Քթի տակից միշտ երգում էր, ո՞ւմ համար էր երգում, ինքն էլ չգիտեր:

Հայրապետի թե՛ արհամարհանքը և թե տհաճությունը այցելուների վերաբերությամբ այնքան սովորական էր, որ պարոն Արուսյանը առանձին ուշադրություն չդարձրեց, միայն կամեցավ յուր մշտական պատվերը այս անգամ ևս կրկնել, որ յուր բացակայության ժամանակ՝ ով որ գալու լինի՝ պետք է նրա անունը հարցնե, որ իրան ասն:

Այսպես չէ կարելի, Հայրապետ, — նկատեց նրան, — ինչո՞ւ անունները չես հարցնում:

Հարցնում եմ, որ միտքս չէ մնում, ի՞նչ անեմ, — պատասխանեց նա փոքրինչ զայրացած ձայնով, որ դժվար էր որոշել, արդյոք յուր մոռացկոտ մտքի վրա է բարկանում թե՞ պարոնի ծանր առաջարկության վրա:

Գրել խո իմանում ես, հարցրու և իսկույն գրիր, որ չմոռանաս:

Մատիտս կորցրել եմ:

Դու միշտ կորցնում ես քո մատիտը: Եկ, քեզ մի նոր մատիտ կտամ:

Երիտասարդը մոտեցավ գրասեղանին, որ նրան նոր մատիտ տա: Իսկ Հայրապետը մոտեցավ թեյի սեղանին և, նկատելով նրա վրա տիրող անկարգությանը, բոլորովին գժվեցավ: Սկսեց ինքն իրան տրտնջալ.

Հազար անգամ ասում եմ, երբ դու տանը չես, պետք չէ ոչ մի մարդու ներս թողնել: Նա ինձ չէ լսում: Ա՛յ, կգան ու այդպես կանեն: Սամովարը դատարկել են, հացը կերել են, շաքարը պրծացրել են և ստաքանները այսպես կեղտոտ թողել գնացել են: Արի ու նորից սամովար դիր, նորից ստաքանները լվա: Ես ո՛ւմ համար էի պատրաստել, ո՛վքեր եկան լափեցին...

Վնաս չունի, Հայրապետ, — աշխատում էր հանգստացնել նրան պարոն Արուսյանը: — Նրանք շատ լավ տղերք են, շատ լավ տղերք են, դու իզուր ես բարկանում նրանց վրա:

Հա՛, ուտելու, խմելու, փողի համար շատ լավ տղերք են..., — գլուխ շարժելով մրթմրթաց Հայրապետը և սկսեց սեղանի վրա թափված փշրանքները հավաքել:

Պարզամիտ Հայրապետի վրդովմունքը մի առանձին զվարճություն էր պատճառում պարոն Արուսյանին: Ժպտալով ասաց նրան.

Աշխարհի բանը այդպես է, Հայրապետ, այսօր ես ունիմ, նրանց կտամ, ո՞վ է, իմանում, մի օր էլ ես չեմ ունենա, նրանք ինձ կտան:

Նրանք երբեք փողի տեր չեն դառնա:

Ինչո՞ւ, Հայրապետ: Նրանք ավելի ընդունակ, ավելի խելացի մարդիկ են, քան թե մեր փողատերերից շատերը: Բայց եթե մի դժբախտություն ունեն, այդ այն է, որ վերին աստիճանի ազնիվ մարդիկ են: Ազնվությունը և ոսկին բավական դժվար է հաշտեցնել միմյանց հետ: Դա ամբողջ աշխարհի դժբախտությունն է... — Առ այդ մատիտը:

Հայրապետը մոտեցավ մատիտը առնելու, դարձյալ մնալով իր համոզմունքի մեջ: Այդ միջոցին նրա աչքին ընկավ պապիրոսների կապոցը, որ այն երեկո էր գնել և դեռ չէր բացված: Սկսեց նորից մրթմրթալ.

Մի հատ էլ չեն թողել, բոլորը ծխել են... Ասում եմ, թե ինչո՞ւ է սենյակը այսպես մխով լցված: Ծխածը ծխել են, մնացածն էլ իրանց հետ են տարել...

Նոր կորուստը այն աստիճան զայրացրեց Հայրապետին, որ յուր պարոնի թուլությունները պատժելոո համար հրաժարվեցավ մինչև անգամ մատիտը ընդունել նրա ձեռքից, և այնուհետև չմոռանալու համար, նրա այցելուների անունները գրել:

Պարոն Արուսյանը հույս ուներ, որ խաղաղությամբ կվերջացնե բարեսիրտ Հայրապետի հետ, բայց պապիրոսների հարցը բոլորովին գժվացրեց նրան: Թե' պապիրոսները ) թե՛ թեյը և թե ճաշելիքներր պատրաստել էր նա՝ այն երեկո սպասվող հյուրերի համար, իսկ այժմ, ընդհակառակն, բոլորովին ինքնակոչ հյուրեր եկել, ամենը սպառել էին: Այդ անկարգությունից հետո ի՞նչպես ասել նրան, որ նորից սամովար դնե, որ նորից ընթրիք պատրաստեք: Պարոն Արուսյանը թողեց, որ նա փոքրինչ հանգստանա, մանավանդ երբ տեսավ, որ Հայրապետը մարած սամովարը վեր առեց և տրտնջալով դուրս գնաց սենյակից:

Հայրապետը բնիկ ՀինՆախիջևանի գյուղերիցն էր, մի ցամաք, թխադեմ երիտասարդ, որ քսան տարեկանից ավելի կլիներ, բայց իրանց երկրի երեխաների նման՝ դեռ կարմիր շապիկ էր հագնում: Երկար ժամանակ ծառայում էր նա, բայց տակավին դժվար էր որոշել, թե պարոն Արուսյանի փոքրիկ տնտեսության մեջ ո՞րը ավելի ձայն կամ հեղինակություն ուներ: Երբեմն նա բռնանում էր յուր պարոնի թե՛ քսակի և թե ճաշակի վրա: Օրինակ, պարոն Արուսյանը պատվիրում է նրան, որ մի սուկի առնե և գիշերվա համար խորոված պատրաստե: Բայց նա, ընդհակառակն, պատրաստում է ոչխարի մսից տապակ, մտածելով, որ դա ավելի էժան է և համեղ, իսկ սուկին թանկ է: Նրա հավատարմությունը օրինակելի էր, իսկ խնայողությունը ժլատության էր հասնում: Խոհարարի և սպասավորի իրավունքներից անցնելով, երբեմն նա յուր պարոնի վերաբերությամբ նաև դայակի իրավունքներ էր գործ դնում: Պատահում էր, որ պարոն Արուսյանը գիշերը ուշ էր վերադարձել, կամ երկար էր նստել և առավոտյան ուշ էր վեր կենում: Այդ դեպքերում Հայրապետի տհաճությունը չափ չուներ: Առանց քաշվելու կմտներ նրա քնարանը և, կողքը բզելով, կզարթեցներ, որ խանութ գնա, ինպես մայրերը ծույլ երեխաներին զարթեցնելով, վարժատուն են ուղարկում, որ դասից հետ չընկնեն: Նա չափազանց զգաստ էր յուր գործին: Բայց միակ դժբախտությունը նրանումն էր, որ եթե երկու բան միասին պատվիրեիր, ամենակարևորագույնը անպատճառ կմոռանար և միշտ կմեղադրեր պարոն Արուսյանին, թե ինչո՞ւ ամեն բան յուր ժամանակին չէ ասում: Հաշիվներ չգիտեր: Ստացած փողի մնացորդը կդներ պարոն Արուսյանի սեղանի վրա, ասելով, «այդքան մնաց»: Եվ պարոն Արուսյանը իրավունք չուներ որևէ նկատողություն անել:

Սենյակի մուխը դուրս գալուց հետո այժմ միայն նկատելի եղավ նրա ներքին կարգն ու սարքը: Կոկիկ սենյակը ավելի մի աշխատասեր, լրջամիտ ուսանողի կացարանի էր նմանում, քան թե վաճառականի բնակարանի: Պարզ, մաքուր կահկարասին բոլորովին համապատասխանում էր այն անշքությանը, որ տիրապետում էր այնտեղ: Յուրաքանչյուր առարկայի մեջ նկատվում էր ճաշակ և հարմարություն: Պահարանում կարգով շարված էին զանազան գրքեր, զանազան լեզուներով: Լայն գրասեղանը ծանրաբեռնված էր այլևայլ ուսումնական պարագայքով: Նրա հանդեպ՝ պատից քաշ էր ընկած սենյակի միակ զարդը, մի տխուր պատկեր, որ ներկայացնում էր ավերակների ընդարձակ տարածություն: Մի մանկահասակ կին, սգավոր դեմքով, նստած էր փլատակների վրա և ձեռքը մեկնած, մի աո մի ցույց էր տալիս յուր փոքրիկ զավակին կործանված քաղաքները, հզոր պալատների բեկորները, և պատմում էր նրանց անցյալի պատմությունը:

Հայրապետի հեռանալուց հետո՝ պարոն Արուսյանը կրկին մոտեցավ գրասեղանին, նստեց, և ծոցի գրպանից հանելով մի փոքրիկ տետրակ, սկսեց կարդալ: Նա ուշադրությամբ կարգում էր և միևնույն ժամանակ մատիտով ուղղում էր զանազան տեղերը: Այս արարմունքի մեջ խորասուզված էր, երբ սենյակի դռները հեզիկ կերպով բացվեցան, և կաշյա թղթապահը թևքի տակին, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ: Նրա սևլիկ դեմքը ավելի մռայլ արտահայտություն էր ստացել մուգծխագույն խոշոր ակնոցներից, որոնց տակին թաքնված էին նույնպես խոշոր, բայց թախծալի աչքերը: Նա լուռ մոտեցավ, թղթապահը դրեց պարոն Արուսյանի գրասեղանի վրա ու ձեռքը մեկնեց զբաղված երիտասարդին:

Ա՜խ, դո՞ւ ես, Սաթենիկ, — ասաց նա տետրակը մի կողմ գնելով: — Կներես, օրիորդ, որ երեկ ես բոլորովին մոռացա ասել, որ այս երեկո հազիվ թե կարող կլինեմ պարապել քեզ հետ:

Ոչինչ, — ասաց օրիորդը մի այնպիսի խուլ ձայնով, որ որովայնախոսի նման, կարծես կուրծքի խորքիցն էր լսվում: — Ես իսկույն կգնամ, չեմ խանգարի քեզ:

Նա զգուշությամբ գրասեղանի վրայից առեց յուր թղթապահը և պատրաստվում էր հեռանալ:

Երիտասարդը նայեց ժամացույցին, ասելով.

Նստի՛ր, դեռ ևս կարող ենք մի փոքր խոսել:

Օրիորդը կրկին թղթապահը դրեց գրասեղանի վրա և նստեց նրա մի կողմում:

Այժմ ինչպե՞ս է առողջությունդ, — հարցրեց երիտասարդը:

Դարձյալ նույնպես... ոչինչ փոփոխություն չի եղել..., — պատասխանեց նա նվաղած ձայնով:

Դու պետք է թողնես դասերդ, Սաթենիկ, անպատճառ պետք է թողնես: Այդ անտանելի դասերը բոլորովին մաշեցին քեզ: Բժիշկը պատվիրում է, որ շատ չխոսես, շատ ման չգաս, իսկ դու՝ քո դասերի պատճառով՝ ստիպված ես ամեն օր մի քանի անգամ քաղաքի մի ծայրից մյուսը գնալ:

Ի՞նչպես թողնեմ... — ասաց նա մի այնպիսի տխուր եղանակով, որով հասկանալի էին բոլոր դառն պատճառները:

Պարոն Արուսյանին հայտնի էին պատճառները, և նա այդ մասին երկար չթախանձեց: Նա ավարտել էր հայոց օրիորդական դպրոցներից մեկում, հետո մտել էր ռուսաց իգական գիմնազիա, այնտեղ ևս յուր ուսումը վերջացրել էր: Այժմ մի քանի տներում դասեր էր տալիս, որպեսզի կարողանա թե՛ ինքը ապրել և թե' կերակրել պառավ մորը և հիվանդ քրոջը, որ այրի էր: Ամեն երեկո, երբ պետք էր մի փոքր հանգստանալ, գալիս էր պարոն Արուսյանի մոտ հաշվապահություն սովորելու, որովհետե նրան խոստացել էին մի գործարանի գրասենյակում տեղ տալ: Այդ բոլորը կատարում էր նա և ստիպված էր կատարել յուր մաշված կուրծքով, ուր բարակացավը սկսել էր փութով զարգանալ:

Պարոն Արուսյանին սաստիկ տանջում էր դժբախտ օրիորդի դրությունը, և նա շատ անգամ մտածել էր որևէ կերպով թեթևացնել նրա հոգսերը, բայց միշտ հանդիպել էր նրա համառ անձնասիրությանը, որ նպատակ էր դրել իր աշխատանքով ապրել և ոչ ոքի օժանդակությանը ձեռք չմեկներ: Նա պարոն Արուսյանի այցելուներից միակն էր, որի առջև ամենայն հոժարությամբ դռները բաց էր անում Հայրապետը:

Ի՞նչպես է գնում քո թարգմանությունը, — հարցրեց երիտասարդը:

Խիստ դանդաղ... և սիրտ չկա շարունակելու...., — ասաց նա մի առանձին դժգոհությամբ: — Եվ ո՞ւմ համար թարգմանեմ: Ինքս միջոցներ չունեմ տպագրել տալու: Տանում եմ մեր խմբագիրների մոտ, կարծես, մի առանձին շնորհ են անում, որ ուրիշի աշխատոթյունը առնում են և ձրի տպում: Բայց միշտ քարոզում են, թև ամեն աշխատանք պետք է վարձատրվի, շատ հասկանալի է, որ իրանց սեփական աշխատանքը միայն և ոչ ուրիշներինը: Տանում եմ հայոց գրքերի տպագրության ընկերությանը, մեծ խոստումներով ձեռագիրը առնում են, հետո, ամիսներից, գուցե տարիներից հետո, երբ հարցնում ես, թե ի՞նչ եղավ, զարմանալով պատասխանում են. «մի՞թե մի այսպիսի ձեռագիր հանձնել ես մեզ»: Արի գտիր: Կիրակոսը ասում է Մարկոսի մոտ կլինի, իսկ Մարկոսը ասում է Պետրոսի մոտ կլինի: Մեկը մյուսից խաբար չունի:

Գլուխը խոնարհեցնելով լռեց նա, և մի քանի րոպեից հետո, յուր տխուր դեմքը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.

Դու ինչո՞վ ես զբաղված այս երեկո:

Ահա դրանով, — ասաց պարոն Արուսյանը, տալով նրան նույն տետրակը, որ մինչ օրիորդի գալը ուղղում էր: — Այս երեկո հավաքվելու են ինձ մոտ մի քանի գործակատարներ՝ կարդալու համար:

Օրիորդը սկսեց թերթել տետրակը, ասելով.

Դու, որքան հիշում եմ, մի ժամանակ այդ մասին խոսում էիր:

Այժմ աշխատում ենք խոսքը գործ դարձնել: Ես կարծում եմ, որ մի այդպիսի ձեռնարկություն փոքրիշատե կթեթևացներ մեր գործակատարների աննախանձելի դրությունը:

Օրիորդը դեռ լռությամբ թերթում էր տետրակը: Դա մի համառոտ ծրագիր էր, որով պարոն Արուսյանը ցանկանում էր խնայողական դրամարկղ հիմնել նույն քարվանսարայի գործակատարների համար, ուր ինքը խանութ ուներ:

Իմ կարծիքով, — նկատեց օրիորդը, — նյութականը այնքան չէ ճնշում մեր գործակատարներին, նրանք եթե փոքր են ստանում, բայց շատ գողանում են: Ավելի նպատակահարմար կլիներ մտածել մի այնպիսի հիմնարկության մասին, որ բարոյապես կրթեր նրանց, որ մտավոր սնունդ տար նրանց: Ովքե՞ր են մեր գործակատարները: — Ըստ մեծի մասին ոչ մի տեղ ուսում չառած, խանութպանների մոտ աշկերտությամբ առաջացած և նրանց բոլոր խարդախությունները սովորած մարդիկ են: Փող միշտ կգտնեն նրանք: Մի բան, որ պակասում է նրանց, այդ է` բարոյական կրթությունը:

Բոլորովին ճիշտ է քո նկատողությունը, օրիորդ, — պատասխանեց պարոն Արուսյանը: — Բայց հարցը նրանումն է, թե ինչո՞ւ համար են գողանում մեր գործակատարները: Գողանում են, որովհետև փոքր են ստանում և շատ են ծախսում: Խնայողական դրմարկղը կնտելացներ նրանց չափավորության և, բացի դրանից, մի փրկարար ապաստան կլիներ, որ գոնե այն օրերում, երբ վաճառականները արտաքսում են նրանց, երբ զրկում են թե՛ ռոճիկից և թե՛ գողությունից, — որ գոնե այդ դեպքերում քաղցած չմնային:

Այդ կնշանակե խրախուսել նրանց մեջ անբարոյականությունը, — ասաց օրիորդը, — և այժմ միայն նրա տխուր դեմքի վրա երևաց մի թեթև ժպիտ: — Քաղցածությունը գուցե ավելի խրատական կլիներ նրանց համար, քան թե դրամարկղի ապաստարանը:

Ինչո՞ւ ես դու այդպես ծուռն կերպով բացատրում իմ խոսքերը, Սաթենիկ, — պատասխանեց երիտասարդը փոքրինչ տաքացած ձայնով: — Ո՞վ է հակառակում, թե պետք է նրանց մտավոր սնունդ տալ, բարոյապես կրթել: Որքա՞ն անգամ քեզ հետ խորհել եմ այդ մասին, որքա՞ն անգամ մտածել եմ կիրակնօրյա դպրոցների մասին, գործակատարների համար ընդհանուր գրադարանի մասին և ուրիշ այլևայլ միջոցների մասին: Մի՞թե նույնիսկ այդ նպատակով չհիմնվեցավ վաճառականաց կլուբը: Բայց ի՞նչ արած, որ մեզ մոտ ամեն մի օգտակար հիմնարկություն հազիվ հասնում էր իր նպատակին: Վաճառականաց կլուբը դարձավ խաղաթղթի և անմիտ պարահանդեսների ասպարեզ, որ զարդացրեց միայն շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում: Աղքատ վաճառականի կինը, աղջիկը, որ մի ձեռք շնորհքով հագուստ ունեին և ամբողջ տարին խնամքով պահում էին և միայն տոն օրերում հանելով տանից դուրս էին գալիս, — իսկ այժմ, ընդհակառակն, ամեն շաբաթ կլուբի պարահանդեսներին ու երեկույթներին մասնակցելու համար խեղդում են իրենց ողորմելի ամուսիններին, որ միշտ նոր ու նոր հագուստներ կարել տան, այլևս չեմ խոսում մյուս ծախսերի մասին:

Օրիորդը դեռ շարունակում էր լուռ թերթել տետրակը:

Մտածվում է, և ես այդ մասին աշխատում եմ, որ գործակատարների համար ևս մի կլուբ հիմնվի: Դա գոնե մասամբ կազատեր նրանց «Մուշտայիդիցյ» և Միխայլովսկի փողոցի այգիներից: Գործակատարը երիտասարդ է, կյանքը եռ է գալիս նրա մեջ, շտապում է վայելել նրան: Երբ ուրիշ ավելի վայելուչ միջոցներ չկան, նա ընկնում է անբարոյականության մեջ:

Օրիորդը գլուխը վեր բարձրացրեց, հարցնելով.

Դու կարծում ես, որ գործակատարների կլուբը նույնպես պարահանդեսների և խաղաթղթի ասպարեզ չի՞ դառնա:

Գուցե կդառնա, նայելով, թե որպիսի ուղղություն կտրվի նրան: Բայց երկու չարյաց փոքրագույնը: Երբ գործակատարը գիշերը ոչ մի տեղ չունի ժամանակ անցկացնելու, հաճախում է այնպիսի տեղեր, ուր ստիպված է ծախսել և շատ ծախսեր Եվ որովհետև իր չնչին ռոճիկը անկարող էր այդ ծախսերին դիմանալ, նա սկսում է գողանալ: Ես ճանաչում եմ գործակատարներ, որ ամիսը 25 ռուբլի ռոճիկ ունեն, բայց 25 ռուբլի վճարում են միայն երկու սենյակի վարձը, ուր ապրում է նրանց սիրուհին: Մյուս ծախքերը լրացնելու համար, իհարկե, պետք է խարդախությունների դիմեն:

Դրսում, սանդուղքների վրա, լսվեցան ոտնաձայներ: Օրիորդը վեր կացավ, և ձեռքը մեկնելով, ասաց.

Երևի քո հյուրերը գալիս են, ես այժմ կգնամ:

Ինչո՞ւ ես շտապում, — նրա ձեռքը բաց չթողնելով թախանձում էր երիտասարդը: — Եթե քեզ հետաքրքրում է, կխնդրեի, որ դու ևս մասնակցեիր մեր փոքրիկ ժողովին, տարակույս չունիմ, որ մենք օգուտ կքաղենք և քո կարծիքներից:

Մեծ ուրախությամբ կմնայի, բայց ես պետք է բժշկի մոտ գնամ: Քրոջս հիվանդությունը դարձյալ սաստկացել է:

Նա առեց թղթապահը և հուշիկ քայլերով դուրս եկավ սենյակից: Պարոն Արուսյանը բացականչեց.

Խե՜ղճ աղչիկ, ինքը հիվանդ, պիտի հոգ տանե և հիվանդ քրոջ մասին, պիտի կերակրե աղքատ ընտանիքը... Ցավալի զոհ դառն հանգամանքների...

Սանդուղքներից լսվող ոտնաձայնը պարոն Արուսյանի սպասած հյուրերինը չէր: Բարձրանում էր մի անձն միայն, բայց այնքան շտապով, որ սաստիկ աղմուկ էր հանում: Հանկարծ փոքրիկ սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին, շնչասպառ ներս ընկավ նա: Դա նույնպես մի օրիորդ էր, բայց բոլորովին հակապատկերը մտահույզ, մելամաղձոտ Սաթենիկի: Ահագին սև գլխարկը, որի ձևը այլանդակության էր հասնում, և ձեռքի նույնպես ահագին հովանին, որ միևնույն ժամանակ գավազանի տեղ էր ծառայում, բավական էին արտահայտելու մի արտակարգ բնավորություն, որ գիտեր արհամարհել հասարակաց գեղասեր ճաշակը: Նա իրավ գեղեցիկ չէր, բայց մարդկանց պատժելու համար, կարծես, դիտմամբ ավելի տգեղացրել էր իրան: Հեգնական ծիծաղը երեսին, շտապով մոտեցավ նա և, անփույթ կերպով ձեռք տալով, ասաց.

Կներես, պարոն Արուսյան, ես մի րոպեով միայն մտա քեզ մոտ. պարոն Սիրաքը արդեն վերջացրել է իր նոր վեպը. վճռեցինք,որ հավաքվինք քեզ մոտ, կարդանք: Համաձա՞յն ես:

Ովքե՞ր կլինին, — հարցրեց պարոն Արուսյանը:

Օրիորդը մի առ մի թվեց անունները:

Մեծ ուրախություն կպատճառեք ինձ, — ասաց երիտասարդը: — Եվ դա շատ նպատակահարմար կլիներ: Այժմ վաճառականների հարցը հերթի վրա է: Կարծես պարոն Սիրաքի վերջին աշխատությունը նրանց կյանքիցն է առնված:

Այո՛, պարոն Արուսյան, մի կատարյալ լուսանկար է, դու անպատճառ կհավանես: Այժմ ցտեսություն:

Նա վազեց դեպի դռները, բայց մի բան մտաբերելով, կրկին ետ դարձավ,հարցնելով.

Ե՞րբ պետք է հավաքվել, պետք է նշանակել օրը, որ մյուսներին ևս իմացում տամ:

Ավելի հարմար է առաջիկա շաբաթ երեկոյին:

Իհարկե, ճաշելիքներ, գինի, մրգեղեններ և ամեն ինչ ըստ կարգին պատրաստել կտաս: Մեր հասարակությունը այդ մասին գիտես սաստիկ խստապահանջ է: Ցտեսություն:

Պարոն Արուսյանը բռնեց նրա ձեռքից, ստիպելով.

Ինչո՞ւ ես այսպես շտապում, մի փոքր նստիր, հանգստացիր, երևում է, որ շատ հոգնած ես:

Այո՛, հոգնած եմ, — ասաց նա, աշխատելով ձեռքը ազատել: — Այնքան ման եմ եկել, որ ոտներս շան նման հաչում են:

Օրիորդ Սաթենիկին տեսա՞ր:

Այդ երկու օրիորդները թեև մի առանձին ատելություն չունեին, բայց համբերել ևս չէին կարող միմյանց:

Տեսա, — ասաց նա երեսը խոժոռելով, — սանդուղքներից թոնթորալով ցած էր իջնում: Երևի քո մասից էր դուրս գալիս: Բարևեցի, ձայն չհանեց: Կամ այնպիսի ձայն հանեց, որ ես չլսեցի: Այդ աղջիկը օրըստօրե այնքան փոքրանում է, որ վերջը բոլորովին կհալվի: Ցտեսություն:

Լավ, ո՞ւր պիտի գնաս, որ այդպես շտապում ես:

Պարոն Վախթանգյանի մոտ:

Դա մի երիտասարդ նկարիչ էր, որ փայլուն ապագա էր խոստանում:

Իսկ այնտեղի՞ց:

Պարոն Սելիմի մոտ:

Դա մի երիտասարդ նվագադիրերաժիշտ էր, որ սկսել էր հայկական եղանակները եվրոպական ձայնագրության վերածել:

Հետո՞:

Օրիորդ Անահիտի մոտ:

Դա մի պոլսեցի դերասանուհի էր, որ հրաշալի աչքեր ուներ, բայց անախորժ ձայն:

Իսկ այնտեղի՞ց:

Այսպես, եթե բոլորը հարցնելու լինիս, այնքան ժամանակ կխլես ինձանից, որ ես չեմ կարող և ոչ մեկին տեսնել: Ցտեսություն:

Կարող ես: Մի փոքր նստիր, ես ուրիշ բան պիտի հարցնեմ, մի բան միայն:

Օրիորդը մոտեցավ պարոն Արուսյանի գրասեղանին, առեց այնտեղի վերջին մնացած պապիրոսը, վառեց և ձգվեցավ դիվանի վրա: Նա կրկին սկսեց հառաչել, թե «ոտները շան նման հաչում են»:

Երևի, շատ ես թափառել:

Ա՜խ, ո՛րտեղ ասես չեմ եղել:

Օրինակ, ո՞րտեղ:

Դու դարձյալ սկսեցիր քո հարցուփորձը, — ընդմիջեց օրիորդը, տեղից վեր կենալով: — Դու խոստացար միայն մի բան հարցնել: Ցտեսություն:

Լավ, նստիր, ուրիշ բան չեմ հարցնի:

Նա կրկին ձգվեցավ դիվանի վրա, սկսեց ծխել:

Նրա տոհմանունը Վահրամյան էր, իսկ անունը Վարդուհի, բայց ծանոթները կոչում էին օրիորդ «Ցտեսություն»: Այդ մականունը ստացել էր նա իր չափազանց շրջմոլիկ սովորության պատճառով, որ նրա մեջ համարյա մի առանձին ախտ էր դարձել: Ամեն օր, գործով թե անգործ, պետք է անպատճառ յուր բոլոր ծանոթների մոտ մտներ և, ոտքի վրա մի քանի խոսք խոսելով, և վերջը «ցտեսություն» ասելով շտապով հեռանար: Նրա մեջ տևղական ոչինչ չկար, բացի յուր բարի սիրտը: Ամեն ինչ սկսել էր և այնպես կիսատ թողել: Յուր բախտը և ընդունակությունները զանազան ձեռնարկությունների մեջ վարձելուց հետո, այժմ սկսել էր մանկաբարձություն սովորել, որմի կտոր հաց գտնե: Եղել էր արտասահմանում, եղել էր Շվեյցարիայում, շատ խոսացել էր, բայց ոչինչ չէր սովորել: Սիրահար էր գեղարվեստի և գեղարվեստով պարապողների ե նրանց համար ամեն հանձնարարություն պատրաստ էր կատարել: Պարոն Արուսյանի հետ նրա հարաբերությունը կատարյալ բարեկամական էր: Երիտասարդը սաստիկ հարգում էր այդ եռանդոտ, բայց անբախտ աղջկան: Նա, օրիորդ Սաթենիկի նման, չէր մերժի ծանոթների օգնությունը երբ դրամի պետք ուներ, իսկ եթե նրանց մեջ կարոտություն նկատեր, յուր վերջին լուման կտար: Բոլորովին գռեհիկ և խստաբարո ծնողների զավակ էր, յուր ամբողջ կյանքում նրանցից որևէ մխիթարություն չէր տեսել: Ծնողները հալածում էին նրան, որովհետև իրանց նման չէր:

Սամովարը ձեռին, կրկին հայտնվեցավ Հայրապետը և, խեթ կերպով նայելով դեպի օրիորդը, դրեց սեղանի վրա:

Այ՛, խելացի բան, տեսա՞ր, սիրելի Հայրապետ, — ծիծաղելով ասաց նրան օրիորդը: — Օրհնած, մի փոքր վաղ բերեիր, դnւ չէի՞ր իմանում, որ քո պարոնը հյուր ունի:

Հենց դո՜ւ էիր պակաս, — պատասխանեց ծառան յուր խռպոտ ձայնով: — Ես յուր ժամանակին սամովարը դրել էի, բայց «քաղցածնեբ» քեզանից առաջ եկան ու դատարկեցին:

Օրիորդը գիտեր, թե «քաղցածներ» բառը սովորաբար ի՛նչ տեսակ այցելուների համար գործ էր դնում Հայրապետը:

Հայրապետին մի՛ խոսացրեք, — մեջ մտավ պարոն Արուսյանը, — նա այս երեկո սաստիկ բարկացած է:

Հաջորդ էջ