Րաֆֆի՝   Մինն այսպես, մյուսն այնպես

Երկու բարերարների խորհրդածության առարկա եղող Մակար Մակարիչի գործի նպաստավոր կամ աննպաստ վերջանալու հնարը, իրավ որ, կախված էր միմիայն ԱղաՊարոնովից: Որովհետև Մակար Մակարիչը նույն քարվանսարայում խանութ ուներ, որտեղ թագավորում էր ԱղաՊարոնովը: Եվ պարտատերների մեծ մասը նույն քարվանսարայի խանութպաններն էին, որոնք եթե չասենք ԱղաՊարոնովի ստրուկները, բայց անտարակույս, նրա հլու հպատակներն էին: Նրա մի խոսքը կարող էր գործը դեպի ամեն կողմ դարձնել:

Բայց ես նրա ձեռքը ոչ մի թուղթ չեմ տա, — ասաց ԱղաՊարոնովը վեր կենալով:

Եվ հարկավոր էլ չէ, որ տաս, — պատասխանեց Յակուլ Յակուլիչը փորձված մարդու եղանակով: — Նա քեզ բոլորովին հավատում է: Դու կստանաս նրանից վեքսիլներ, որքան գումարի հարմար կհամարես, և հաշվի ժամանակ կտանես մյուս պարտատերների ընդհանուր պահանջների թվում: Իսկ վերջը՝ քո անելիքը քո կողմից կախված կլինի:

Նրանք դեռ կանգնած խոսում էին: Այդ միջոցին այգու գիշերապահ պահապաններից մեկը անցավ նրանց մոտով և զգուշացնելով ասաց.

Պարոններ, մի՛ նստեք այստեղ, նստարանը նոր է ներկված:

Երկուսն էլ ձեռքները տարան դեպի իրանց հագուստը և այժմ միայն զգացին, որ թաթախված են ձիթաներկի ապականության մեջ:

Դու հիմա ո՞ւր պիտի գնաս, — հարցրեց ԱղաՊարոնովը, երբ այգուց կրկին դուրս եկան բուլվարի վրա:

Պիտի գնամ Մակար Մակարիչի մոտ, — պատասխանեց Յակուլ Յակուլիչը շտապելով: — Նա ինձ սպասելիս կլինի: Ես խոստացել եմ, որ այս գիշեր անպատճառ մի վերջնական լուր տանեմ նրան: — Նա շատ կուրախանա, երբ կլսե քո բարերարությունը, Սերգեյ Եգորիչ: Իսկ դու ո՞ւր ես գնալու: Կլո՞ւբը:

Այս հագուստով ի՞նչպես գնամ կլուբը: Պետք է գնամ տուն: Այսօր խանութում այնքան շատ գործ ունեի, որ գլուխս համարյա յուր տեղումը չէ: Ինձ հարկավոր է այս գիշեր մի փոքր վաղ քնել և հանգստանալ:

Նրանք բաժանվեցան: Սերգեյ Եդորիչը ուրախ էր, որ յուր զբոսանքը ապարդյուն չանցավ: Իսկ Յակուլ Յակուլիչը նույնպես ուրախ էր, որ կարողացավ համոզել «ճշմարտասեր» մարդուն մի անճշմարիտ խարդավանքի մեջ մտնել:

Յակուլ Յակուլիչը այն տեսակ մարդիկներից էր, որ բոլորովին անգործ են, բայց միևնույն ժամանակ, բոլորից շատ զբաղված: Նա ուրիշի գործը իրան գործ կշիներ և նրանով կմխիթարվեր: Սնանկացած կապալառու էր նա: Մի ժամանակ կառավարության համար զանազան շենքեր էր կառուցում, իսկ այժմ մարդկանց համար` գործեր: Առհասարակ սիրում էր վաճառականների մեջ վեճեր պատահած ժամանակ միջնորդ հաշտարար լինել: Թեև վաճառականները նրա բարեխղճության վրա շատ վստահություն չունեին, բայց, այնուամենայնիվ, նրա փորձից և հմտություններից օգուտ էին քաղում: Նրան համարում էին կասկածավոր մարդ, բայց պիտանի մարդ: ԱղաՊարոնովների տան լավ բարեկամն էր նա: Ոչ մի հանդիսավոր ընթրիք կամ ճաշ չէր անցնի, եթե Յակուլ Յակուլիչը ներկա չգտնվեր: Նա այդ տան ամենահարկավոր կարասիներից մեկն էր, յուր հատուկ տեղն ուներ: Կարոտության դեպքերում Սերգեյ Եգորիչի քսակը միշտ բաց էր նրա համար, մանավանդ երբ պահանջը չէր անցնի տասը կամ քսան ռոլբլուց:

Երբ երկու բարեկամները բաժանվեցան միմյանցից, փողոցները բավական դատարկվել էին, և բուլվարների վրա զբոսնող հասարակությունը բոլորովին նոսրացել էր: Ման էին գալիս այնպիսի անձնավորություններ, որոնց համար գիշերային խավարը ավելի նպաստավոր հրապուրանքներ էր պատճառում: Փոշին նստել էր, և գիշերային մաքուր օդը խիստ սրտապարար ազդեցություն էր գործում: Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, նա բնության սիրահարներից չէր: նրան ուրախացնում էր միայն այն, որ փողոցները բավական դատարկվել էին:

Ժամացույցը «Ըշտաբի» բարձրությունից զարկեց գիշերայինժամի տասն և երկուսը: Նրա ձայնը զայրացրեց Սերգեյ Եգորիչին: «Դեռ վաղ է»... մտածեց նա և, դուրս գալով Գալավինսկի պրոսպեկտից, փոխանակ ուղղակի յուր տուն գնալու, շուռ եկավ դեպի մի այլ փողոց: Յակուլ Յակուլիչից ազատվելուց հետո, նա ամենայն շրջահայեցողությամբ խույս էր տալիս, մի գուցե այլ ծանոթների հանդիպի: Նա հանդարտ գնում էր, ինքն իրան սքանչանում էր: Դա նրա կյանքի այն հազվագյուտ րոպեներիցն էր, որ աշխարհային հոգսերը չէին զբաղեցնում ոսկու և արծաթի ժանգով մրճոտած ուղեղը: Նրա չորացած, բթացած սիրտը լցված էր մի զգացմունքով, որ թե՛ բերկրություն և թե՛ բավականություն էր պատճառում նրան: Նա գնում էր դանդաղ քայլերով և երբեմն կանգ էր առնում, երբ նկատում էր, որ անցուդարձ չկա և իրան չեն տեսնում: Յուր խորհրդավոր արշավանքը կատարում էր նա, կարծես ժամանակը սպառելու համար, որ գիշերից մի քանի ժամ ևս անցնի, և փողոցները բոլորովին դատարկվին: Այդ էր պատճառը, որ դեգերում էր ավելի խուլ և հետ ընկած փողոցներում, ուր ցերեկով անգամ եթե տեսնելու լինեին նրան, շատ պիտի զարմանային:

Նրա աոջևում, բավական հեռավորության վրա, գնում էին երկու գիշերային այլ շրջմոլիկներ: Երբ մոտենում էին փողոցի լապտերներին, լուսավորության մեջ բաժանվում էին, իսկ երբ հեռանում էին լապտերներից, մթության մեջ դարձյալ միանում էին: Կասկածավոր երևույթը գրավեց Սերգեյ Եգորիչի ուշադրությունը, և նա փոքրինչ ուժ տվեց յուր քայլերին: Երբ բավական մոտեցավ, նկատեց, որ մեկը կին էր, մյուսը մի մանկահասակ երիտասարդ: Վերջինը ձեռքի վրա տանում էր տիկնոջ վերարկուն, իսկ ձեռքում բռնած ուներ նրա հովանին: Նա ավելի ծառայի տպավորություն էր գործում, քան թե ընկերի, մանավանդ երբ լապտերներին հասնելու ժամանակ բաժանվում էր յուր տիկնոջից և սկսում էր ամենայն խոնարհությամբ հետևել նրան, թեև մթության մեջ միանում էր` որպես ընկեր և հավասար: Այսպիսի տեղերում երբեմն նրանք կանգ էին առնում և երկար խոսում էին: Կառքերի կամ անցորդների մոտենալը ստիպում էր նրանց դուրս գալ դարանից և շարունակել իրանց հետաքրքիր ընթացքը:

Ծառայի սպիտակ մահուդի չերքեսկան, կապտագույն մորթուց կարված փոքրիկ գլխարկը, ոսկեզօծ քամարը և արծաթապատ խենչարը բավական ծանոթ երևացին Սերգեյ Եգորիչին: Դա նրանց սպասավորը՝ Փրիդոնն էր: Միևնույն րոպեում, կարծես կրակով այրեցին Սերգեյ Եգորիչի գլուխը, երբ ճանաչեց, որ մյուսը իր կինն էր: Ո՞ւր էին գնում, ի՞նչ գործ ունեին այդ խուլ փողոցներում, — նա դժվարանում էր հասկանալ: Նրանք կա՛մ գնում էին մի տեղ,կամ վերադառնում էին մի տեղից: Երկու դեպքում ևս՝ այդ անսպասելի հանդիպումը Սերգեյ Եգորիչի համար խիստ տարակուսական էր: Այդ կողմերում ոչ բարեկամներ ունեին և ոչ ծանոթներ, որ հրավիրած լինեին կնոջը: Ուրեմն ի՞նչ էին շինում այստեղ, այն ևս գիշերային բոլորովին անագան պահուն: Զանազան կասկածներ սկսեցին տանջել նրան:

Ինքը անցավ դեպի փողոցի ավելի մթին կողմը, սկսեց հեռվից հեռու հետևել նրանց: Մի անգամ նկատեց, որ տիկինը կռթնեցավ յուր սպասավորի թևքի վրա, և այնպես երկար գնում էին, բաժանվեցան միայն այն ժամանակ, երբ լսեցին մերձեցող կառքի ձայնր: Գուցե կինը հոգնել էր, գուցե նրան մի փորձանք էր պատահել, մտածում էր Սերգեյ Եգորիչը և կամենում էր բոլորովին մոտենալ, բայց չէր համարձակվում: Չէր համարձակվում նրա համար, մի՛ գուցե յուր հանդիպումը երևան հաներ մի շատ անախորժ գաղտնիք, որ արդեն սարսափեցնում էր նրան:

Թափառական զույգը, զանազան հետ ընկած փողոցներով մի մեծ պտույտ տալուց հետո, նոր մտավ այն փողոցը, ուր գտնվում էր ԱղաՊարոնովների տունը: Սերգեյ Եգորիչը այդ ժամանակ միայն կանգ առեց և հեռվից այնքան նայեց, մինչև դռները բացվեցան և նրանք ներս մտան:

Նա տուն չգնաց, իսկույն հետ դարձավ: Մոտեցավ մի լապտերի, նայեց ժամացույցին: Ժամը երկուսն էր արդեն: Ճանապարհին նրան պատահեց յուր խոհարարը, որ սովորություն ուներ շաբաթ գիշերները ընտանյաց մոտ գնալու:

Ո՞ւր ես գնում, — հարցրեց նրանից:

Տուն, պարոն, — պատասխանեց խոհարարը, գլխարկը առնելով և այնպես բաց գլխով կանգնելով:

Ի՞նչու այդքան ուշ:

Աղջիկպարոնը հրամայել էր, որ սպասեմ, մինչև ինքը կվերադառնա:

Ո՞ւր էր գնացել աղջիկպարոնը: Վերադարձա՞վ:

Վերադարձավ: Գնացել էր Նատոյենց տուն:

Լավ: Հիմա դու կարող ես գնալ:

Խոհարարը գլխարկը ձեռին հեռացավ, երբ բավական անցավ, ծածկեց և ապա շարունակեց յուր ճանապարհը:

«Գնացե՜լ էր Նատոյենց տուն...», մտածում էր Սերգեյ Եգորիչը, կրկնելով խոհարարի խոսքը: Չէ՞ որ Նատոյենց տունը հենց նույն փողոցումն էր, ուր գտնվում էր և իրանց տունը: Եթե կինը հրավիրած էր այնտեղ, դուրս գալուց հետո բավական էր մի քանի քայլ փոխել, և կհասներ իրանց տանը: Այլևս ի՞նչ գործ ուներ հեռավոր և անհայտ փողոցներում: — Այդ միտքը սկսեց նորից տանջել Սերգեյ Եգորիչին:

Մեր ծանոթ քարվանսարան, որի մեջ գտնվում էր ԱղաՊարոնովի խանութը, բաղկացած էր մի քանի հարկերից: Բոլորովին ներքին հարկը ներկայացնում էր նրա ստորերկրյա ներքնատունը, որ մի առանձին ծածկամտությամբ ընկղմված էր գետնի խորքում, կարծես յուր կասկածավոր բովանդակությունը դրսի աշխարհից թաքցնելու համար: Օրվա լույսը անզոր էր թափանցելու նրա բազմաթիվ մթին նկուղներում, որոնց մեջ՝ առանց ճրագների առաջնորդության՝ անհնար էր մտներ: Զանազան ոլորմոլոր նրբանցքներ, ծածկված սևացած կամարներով, տանում էին դեպի այդ ստորերկրյա լաբիրինթոսի զանազան կողմերը, ուր թագավորում էր մշտական մռայլը՝ մշտական փտության հետ: Դա նման էր այն գետնափոր դամբարաններին, ուր մի ժամանակ պահվում էին մարդկանց կմախքները կամ զմռսած դիակները: Իսկ այժմ դիակների փոխարեն պահվում էին այնտեղ վերին հարկերում գործող վաճառականների մթերքները: — Մի ամբարանոց, ուր դարձյալ ամբարված էր խավարի իշխանության խավար հարստությունը: Ներքնատան մի մասը բռնել էր մի ասիական հյուրանոց: Մի առանձին տարակուսանք էր հարուցանում, թե ի՞նչու այդ տարօրինակ հյուրանոցը խույս էր տվել լույս աշխարհից և ապաստան էր գտել գետնի խորքում: Նա ոչ մի ընդհանուր սեղանատուն չուներ: Ամբողջ հյուրանոցը բաղկացած էր մանր, միմյանցից անջատված օթյակներից, ուր հաճախորդները առանձնանում էին, և դռները կողպելով, այնպես էին ճաշում: Օդի և լույսի շարժում չկար այնտեղ: Կար միայն մի մռայլ հասարակություն, որ ուրվականների նման խլրտում էին մթին խորշերում:

Ցերեկով մարդիկ ամաչում էին մտնել այնտեղ. հաճախում էին միայն գիշերով: Հաճախորդների թվում կարելի էր գտնել ամեն տեսակ հասարակություն, որոնց խելքին փչում էր գոնե մի անգամ ասիական հյուրանոցում ասիական «քեֆ» անել: Կերակուրները ասիական էին, սպասավորները ասիական էին. — ասիական էր և սոխի ու սխտորի անախորժ հոտը, որ փոքրինչ մեղմանում էր թամբաքուի կծու մուխից, որը լցրել էր բոլոր մուտքերն ու անց քերը:

Այդ հյուրանոցի գլխավոր հարմարությունը նրանումն էր, որ հաճախորդները միմյանց չէին տեսնում, որովհետև ամենի համար գաղտնի մուտքեր կային, ամենի համար առանձին օթյակներ կային: Այդ էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր, թե ով ո՞ւմ հետ է «քեփ» անում: Այստեղ պահպանվում էր մի տեսակ հարեմական դրություն, մի տեսակ կարգ, որ բոլորի համար նպաստավոր էր:

Կարծես մի ներքին ավանդություն, մի աներևույթ հարաբերություն կար այդ հյուրանոցի և վերին հարկերում գտնվող խանութների մեջ: Ամբողջ օրր յուր արշինով զբաղված վաճառականը մի առանձին բավականություն էր զգում, երբ գիշերը ներքևում ազատություն էր տալիս յուր կամքին և կրքերին: Վերևում՝ ցերեկը անց էին կացնում փող որսալով, իսկ ներքևում՝ գիշերը անց էին կացնում սեր և հաճույք որսալով: Վերևում դժոխք, ներքևումՍոդոմ...

Օթյակների թվում կար մի առանձնացած և մեկուսացած սենյակ, որի դռները բոլոր այցելուների համար միշտ փակ էին: Այն տեղ յուրաքանչյուր շաբաթ գիշեր հայտնվում էր մի պարոն, որ բանալին յուր հետ ուներ: Մյուս բանալին պահվում էր հյուրանոցի տիրոջ մոտ: Պատրաստ սեղանը ամեն շաբաթ գիշեր սպասում էր յուր սովորական հյուրին, որ գալիս էր, մի որևէ հյուր ևս յուր հետ բերելով: Պատահում էր, որ նա ամենևին չէր գալիս, բայց սեղանը նշանակած ժամին պետք է անպատճառ պատրաստ լիներ:

Այս գիշեր նույնպես պատրաստ էր:

Այդ ամեն փափկություններով քնքուշացրած հանգստարանը սպասավորների լեզվում հայտնի էր անունովս «կարմիր սենյակս»: Եվ իրավ, կարմիր գույնը նրա սարք ու կարգի մեջ մեծ տեղ էր բռնում: Նա բ ոլորովին լուսամուտներ չուներ, բացի միակ դռնից, այնուամենայնիվ, չորեքկողմից պատած էր կարմրագույն կեղծ թավշի թանձր վարագույրներով, որ լայն ծալքերով առաստտղից իջել էին մինչև հատակը: Այդ շռայլությունը ոչ այնքան զարդարանքի համար էր, որքան արգելք դնելու համար սպասավորների խորամանկ հետաքրքրությանը, որոնք սովորություն ունին պատերի կամ դռների մեջ աննկատելի ծակեր բաց անել գաղտագողի կերպով նայելու համար, թե ի՛նչ է գործվում ներսում: Մի կողմում դրված էր ասիական թախտ, որ ծածկված էր գեղեցիկ գորգով: Նախշուն մութաքաներն ու բարձերը իրանց պատշաճավոր տեղն էին բոնում թախտի վրա: Հատակը պատած էր նույնպես նախշուն կապերտներով: Վարագույրների միջից երևում էին զանազան պատկերներ՝ նկարված վառ գույներով, որ ներկայացնում էին մերկ կանայք խիստ հրապուրիչ դիրքերով ու ձևերով: Նրանց թվում սխալմամբ ընկել էր նապոլեոն 1ի պատկերը: Արհեստական ծաղիկներով պսակած փոքրիկ հայելին զարդարում էր փոքրիկ սենյակի ճակատը: Տեղտեղ պատերի վրա նշմարվում էին մատիտով գրած արձանագրություններ: Չնայելով ծառաների մեծ ջանքերին, որ գործ էին դրված նրանց եղծելու համար, դարձյալ կիսով չափ կարդացվում էին: Այդ արձանագրությունները նույն անհամեստ բովանդակությունն ունեին, որոնց նմանը կարելի է տեսնել «Մուշտալիդի» խուլ ճեմելիքներում դրված նստարանների վրա, կամ բուսաբանական այգու մենավոր հովանոցներում: Պատի ժամացույցից քաշ ընկած ճոճանակը անհանգիստ կերպով շարժվում էր դեպի աջ և դեպի ձախ, և յուր մելամաղձական ձայնով ընդհատում էր տիրող լռությունը: Նրա հետ շարժվում էին սև խափշիկի սպառնական բիբերը, որ Յագոյի աչքերով դիտում էր, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը:

Օթյակում սպասում էր մի մանկահասակ կին: Մի քանի անգամ մոտեցավ նա սեղանի վրա դրած ընտիր ճաշակելիքներին, մի քանի անգամ փորձեց գույնզգույն հոտավետ օղիները, որ մի առանձին հրապուրանքով ախորժակ էին հրավիրում, վերջը ձանձրացավ, և, մերձենալով պարսկական թախտին, ընկողմանեցավ նրա վրա»: Գեղեցիկ և վճիտ երկնքի նման կապուտակ աչքերը, որպես մի ախտաբորբոք կիրք և աշխույժ, թափառում էին օթյակի շուրջը: Նայում էր դեպի հայելին, նայում էր պատկերների վրա: Նրա ուշադրությունը գրավեց պատկերներից մեկը, որ ներկայացնում էր ո՛վ գիտե սուլթանի կանանոցի զարդը: Փափուկ, մետաքսային օթոցի վրա հանգչում էր արևելքի գեղեցկուհին: Նա արթուն էր, դեռ չէր քնած: Հոլանի թևքը նեցուկ էր տվել սիրուն դեմքին, իսկ մտահույզ աչքերով խորասուզված էր յուր քաղցր հափշտակության մեջ: Գլխի հարուստ գիսակները արձակ ծուփերով սքողում էին հրաշալի կուրծքի մի մասը միայն. մյուս մասը երևում էր որպես մի անդիմադրելի հրապուրանք, որի առջև ամենայն ջերմեռանդությամբ ծունր կխոնարհեցներ յուրաքանչյուր մահկանացու: Մի ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհարի կոթը, որ մոռացված, ընկած էր կիսամերկ ազդրի վրա, և յուր փայլուն, գույնզգույն հյուսվածքով ծածկում էր մարմնի այն հրապուրիչ մասը, որը ծածկելու համար Եվան թզենու տերև գործ ածեց: Սենյակը, որի մեջ հանգչում էր նա, դատարկ էր, ուրիշ ոչ ոք չկար: Նրա դատարկությունը լցրել էին արևելքի անհուն ճոխությունները իրանց սքանչելի զարդարանքներով: Մի կողմում դրած էր արծաթյա լվանալիքը, որ ամենայն հոժարությամբ սպասում էր մինչև յուր տիկինը քնե, արթնանա և ապա լվացվի յուր անուշահոտությամբ: Մի կողմում դեռ մխում էր գոհարազարդ նարգիլեն, որ յուր երկար, օձապտույտ ծխաքարշով դրած էր նրա մոտ: Մի անկյունում մեղմ ապակիներով նույնպես ծխում էր գեղեցիկ բուրվառը, և որպես սիրո և բորբոքման անշեղ տոչորումն, յուր կնդրկային բուրմունքը տարածում էր դեպի գեղեցիկ սենյակի դատարկությունը: Նույն բուրվառի նման ծխում էր և հարեմի գեղեցկուհու սիրտը: Տխուր էր նա և անհանգիստ: Կարծես մեկի մասին մտածում էր, սպասում էր...

Սպասում էր և նա, որ այժմ գտնվում էր «կարմիր սենյակում»: Միայնակությունը ձանձրացրեց նրան: «Անգործությունից» չգիտեր ի՛նչ անել: Միակ արարածը, որ զբաղեցնում էր նրան, այն լի փափկությամբ պատկերն էր, որի վրա նայում էր: Հարեմի կնոջ հրապուրիչ դիրքը, պառկելու հեշտախտական ձևը դյուր եկավ նրան, մտածեց նմանվիր նայեց գլխին: Ի՞նչպես և ի՞նչով հորինել այն գույնզգույն ապարոշը, որ զարդարում էր նրա սիրուն գլուխը: Նա յուր մազերն ևս արձակեց որպես նա արձակած ուներ, կուրծքը բաց արեց և ոսկեփայլ գիսակները սփռեց մերկ լանջաց և ուսերի վրա: Այդ բավական նմանեցրեց, բայց ափսո՜ս, յուր մազերն ևս այնպես սև և այնպես գանգրահեր չէին, որպես նրանը: Մնում էր ապարոշը: Վեր առեց սեղանի վրա դրած սպիտակ անձեռոցիկներից մեկը, փորձեց, հարմար չգտավ: Հետո վեր առեց յուր մետաքսյա շալը: Փաթաթեց գլխին: Դա շատ հարմար էր և մինչև անգամ սիրուն: Թիկն տվեց թախտի վրա դրած մութաքաներին, ձեռքը դրեց ծնոտին և ընդունեց նույն դիրքը, որ նա բռնած ուներ: Նայեց հայելու մեջ, որ քաշ էր ընկած հանդիպակաց պատի վրա: Մի աննմանություն գտավ: Նրա ոտները, սրունքները, մինչև ծնկներից բավական վերև, բոլորովին մերկ էին, իսկ իրանը ծածկված շրջազգեստի երկար ծալքերի ներքո: Բոլոր հաճույքը հենց այն մերկության մեջն էր: Ինքն ևս կոշիկները հանեց, գուլպաները մի կողմ ձգեց և, շրջազգեստը վեր քաշելով, յուր մարմարիոնի նման ճերմակ ոտներին նույն գրավիչ ձևը տվեց: Կրկին նայեց հայելու մեջ: Մի թերություն ևս գտավ: Նա ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհար, որ յուր լայն բացվածքով սքողում էր ծնկներից վերևի մասի մերկությունը: Ինքը ևս վեր առեց յուր հովհարը, բաց արեց և նույն կերպով ձգեց յուր հոլանի ազդրի վրա: Այժմ բավական նման էր: Նայում էր հայելու մեջ և ինքն իրանով հիանում էր:

Գեղեցիկ լամպան, որ ծածկված էր վարդագույն լուսարգելով, սփռում էր յուր վարդագույն շառավիղները նրա հարուստ մարմնի վրա, և բենգալյան կրակի նման՝ երևան էր հանում մի կենդանի պատկեր, որ խիստ հազիվ անգամ ի ցույց է դրվում թատրոնների բեմի վրա: Նույն վարդագույն լույսը, ցոլանալով «կարմիր սենյակի» կարմիր վարագույրների վրա, ամբողջ շրջակայքը վառում էր վարդագույն լուսավորությամբ:

Դրսի դռան բանալին զգուշությամբ շարժվեցավ: Լսեց նա և, պահպանելով իր ծիծաղելի դիրքը, իրան ձևացրեց իբրե քնած: Ներս մտավ Սերգեյ Եգորիչ ԱղաՊարոնովըԹիֆկիսի պատվավոր քաղաքացին և պատվավոր վաճառականը:

Նա դուռը կրկին կողպեց յուր ետևից և, մի ըղձալի ակնարկ ածելով «կարմիր սենյակի» շուրջը, ապա կամաց մոտեցավ պարսկական թախտի վրա կեղծ քնով ընկողմանած կնոջը: Նայեց, և նրա կարճ խուզած շրթունքները շարժվեցան ինքնաբավական ժպիտով: Մի քանի րոպե այնպես կանգնած, խորին հոգեզմայլությամբ նայում էր և մի թեթև շշունջ անգամ չէր հանում, մի գուցե նրան զարթեցնե և իրան զրկե այն հաճելի տեսարանից: Լամպայի վարդագույն լուսավորության մեջ՝ ավելի սքանչելի կերպով երևան էին գալիս հարուստ մարմնի հրապուրիչ գծերը: Կիսամերկ կուրծքը թեթև կերպով բարձրանում էր և մեղմ շնչառությունը թափանցում էր Սերգեյ Եգորիչի մինչև հոգու մեջ: Նա դեռ շարունակում էր նայել: Բայց երկար դիմանալ չկարողացավ, խոնարհվեցավ և կամաց համբուրեց մերկ ոտքի ծայրը: Հետո անցավ դեպի գլխի կողմը: Ձեռքը տարավ դեպի սիրուն կուրծքը, կամենում էր շոշափել, բայց վախենալով, կրկին հետ քաշեց: Դժվար է նկարագրել այդ պառավ տարփածուի տարօրինակ շարժումները, նրա ախտաբորբոք դեմքը, թե ո՛րպիսի ծիծաղելի արտահայտություն էր ստացել: Նա անդադար կռանում էր, կրկին պարզվում էր և հոտ քաշելով պտույտ էր գալիս պարսկական թախտի շուրջը: Այդ րոպեում նմանում էր նա մի կատվի, որ խորին հրճվանքով պտտվում է թակարդի մեջ ընկած մկան շուրջը, որ երեխաները զվարճության համար դնում են նրա առջև: Սերգեյ Եգորիչըր նույնպես անդադար թաթը մեկնում էր և կրկին հետ էր քաշում: Խորամանկ կինը դեռ պահպանում էր իր դիրքը: Նա կամենում էր փորձել Սերգեյ Եգորիչի սիրո աստիճանը և յուր մեջ ծիծաղել նրա հիմարություններով: Նա սկսեց կամաց շոշափել շառագունած երեսը: Կոշտ մատների խտտանքը իբր թե արթնացրին նրան, քնաթաթախ գլուխը վեր բարձրացրեց, ինչոր մրմնջաց և կրկին դրեց բարձի վրա: Սերգեյ Եգորիչը զգուշությամբ անցավ ոտների կողմը և աչքերը զլած սպասում էր, մինչև դարձյալ քնե: Մերկ մարմնի վրա նայելը, այն ևս գեղեցիկ կնոջ փափուկ մարմնի վրա, մի առանձին զվարճություն էր պատճառում ցամաքած սրտին: Նա կրկին իր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց ոտներին:

Թո՛ղ, մայրիկ... թո՛ղ, մի քիչ էլ քնեմ..., — լսելի եղավ պատրվակյալ քնողի քնքուշ ձայնը:

«Նա կարծում է, որ իրանց տանն է, — մտածեց Սերգեյ Եգորիչը, — և պառավ մայրը հանգստություն չէ տալիս իրան»:

Սերգեյ Եգորիչի ծնկները արդեն սկսել էին դողդողալ: Աթոռը մոտ քաշեց, նստեց պարսկական թախտի մոտ: Անհամբերությունը դարձյալ սկսեց խռովել նրան: Ջեռքը մեկնեց, կամենում էր բարձրացնել հովհարը, որ սքողում էր նրա մարմնի ավելի հրապուրիչ մասը: Ձեռքը դողղողաց և իր ծանրությամբ ընկավ հովհարի վրա: Անզգուշությունը իբրև թե արթնացրեց քնած կնոջը: Աչքերը բաց սյրեց և, տեսնելով Սերգեյ Եդորիչին, պառկած տեղից վեր թռավ, փաթաթվեց նրա պարանոցին: Սերգեյ Եգորիչր գրկեց նրան և, նստեցնելով յուր մոտ, թախտի վրա, սկսեց ամենայն սիրով փայփայել գեղեցիկ գլուխը:

Նա կամեցավ հագնել: Բայց Սերգեյ Եգորիչը արգելեց, ասելով.

Ինչո՞ւ զարթնեցար, մի քիչ էլ քնեիր, այնպես լա՜վ էր. շա՛տ լավ:

Մի՞թե, — ծիծաղելով հարցրեց կինը: — Ի՞նչ անեի, երկար սպասեցի, մինչև բոլորովին ձանձրացա: Չգիտեի՝ ինչո՞վ զբաղվել: Սկսեցի հիմարություններ անել: Մտածեցի նմանվել այն պատկերին (նա ձեռքը տարավ դեպի պատկերը): Այնպես պառկեցի, քունս տարավ:

Նա կամեցավ գլխի ապարոշը արձակել, Սերգեյ Եգորիչը դարձյալ արգելեց, ասելով.

Ոչ, ոչ, այսպես թող մնա, այսպես ավելի գեղեցիկ ես երևում ինձ:

Ասիական հյուրանոցում պետք է ասիական կերպարանք ստանալ, — նկատեց կինը, զիջանելով նրա խնդիրքին:

Սերգեյ Եդորիչին խիստ դյուր եկավ նրա զիջումը, մտածեց իսկույն ուրախացնել նրան: Գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տալով հարցրեց.

Դե իմացիր, ի՞նչ կա դրա մեջ:

Մատանի է:

Ոչ,

ժամացույց է:

Ոչ,

Քորոց է:

Ոչ,

Ապարանջան է:

Իմացար, — ասաց Սերգեյ Եգորիչը և բաց արավ տուփը: — Դրանք նույն ապարանջաններն են, որ դու տեսել էիր մի հայ վաշխառուի մոտ: Գրավ էին դրված: Տերը չկարողանալով փողը վճարել, թույլ էր տվել, որ ծախե:

Ո՞րքանով գնեցիր:

Շատ աժան: Հինգ հարյուր ռուբլիով:

Ուրախացած կինը խլեց նրա ձեռքից թանկագին ընծաները և իսկույն հագավ բազուկների վրա:

Ո՜րքան բարի ես դու, Սերգեյ Եգորիչ, — ասում էր նա, հիացմամբ նայելով խոշոր ադամանդների վրա:

Քեզ համար ես ոչինչ չեմ խնայի, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը: — Այդ ապարանջանները Վարանցովի ժամանակներում կրում էր մի վրացի իշխանուհի, երբ պալատում բալի էր հրավիրվում: Իսկ այժմ պետք է կրես դու:

Թանկագի՜ն Սերգեյ Եգորիչ, աննմա՜ն Սերգեյ Եգորիչ, — կրկնում էր հիացած կինը:

Փոքրիկ սենյակում օդը լամպայի ջերմությունից սաստիկ բորբոքման մեջ էր: Բորբոքման մեջ էր և Սերգեյ Եգորիչը: Նա վեր կացավ, սերթուկը հանեց, մի կողմ դրեց, ժիլետի կոճակները արձակեց, շապկի թեքերը վեր քաշեց և այնպես մոտեցավ սեղանին, հրավիրելով, որ օրիորդն ևս նստե, մի բան ուտեն:

Ինչո՞ւ այդքան ուշացար, Սերգեյ Եգորիչ, — հարցրեց օրիորդը, մոտենալով սեղանին: — Որքան սպասեցի ես, որքան տխրեցի ես, մի խոսքով, փոքր էր մնում, որ լաց լինեի:

Ճշմարի՞տ ես ասում, Սոֆի, — հարցրեց Սերգեյ Եգորիչը առանձին ուրախությամբ նայելով նրա երեսին: — Մի՞թե այդքան կարոտել էիր ինձ: Ոչ, սուտ ես ասում, Սոֆի: Եթե մի փոքր ևս ուշանայի, երևի կգնայիր, չէիր սպասի ինձ:

Չէի գնա, Սերգեյ Եգորիչ, աստված է վկա, չէի գնա, Կսպասեի, մինչև լույս կսպասեի քեզ:

Սերգեյ Եգորիչը մատով կամաց զարկեց նրա քթի ծայրին` ասելով.

Շա՜տ լավ աղջիկ ես, Սոֆի:

Ախորժակը բաց անելու համար՝ մինը մյուսի հետևից խմեց նա երկու րյումկա օղի, իսկ օրիորդին առաջարկեց քաղցր և հոտավետ ըմպելիքներ, որոնց մի քանի տեսակը դրած էր սեղանի վրա: Ճաշելիքները նույնպես բազմատեսակ էին: Սերգեյ Եգորիչը ընտրում էր անուշ պատառները և իր ձեռքով դնում էր նրա պնակի մեջ:

Սոֆիա Իվանովնանայսպես էին կոչում նրանարդեն իր հասակի երեսուն տարեկանին հասած, մի պառավ օրիորդ էր, ազգով ռուս: Հայրը մեռավ բարակացավից, իսկ մայրը աղքատության կսկիծից: Յուր կյանքի դեռ նոր ծաղկած ժամանակը նա մնաց բոլորովին որբ և անխնամ, երբ դեռ նոր էր ավարտել ուսումը մի օրիորդական դպրոցում. Անփորձ աղջիկը չգիտեր ի՞նչ անել, որ քաղցած չմնա: Միակ եղբայրր նրան չէր օգնում, զբաղված էր թղթախաղով: Հոր ծանոթներից մեկը, մի վաճառական, վեր առեց նրան յուր տանը, որպես դաստիարակ յուր փոքրիկ որդիների: Իբրև վաճառական (որովհետև փող և հաց էր տալիս), աշխատեց նա օգուտ քաղել և օրիորդի միամտությունից: Օրիորդը թողեց այդ տունը, բայց այն ժամանակ, երբ արդեն դժբախտացած էր: Այնուհետև նա ընկավ ձեռքից ձեռք, մինչև հասավ Սերգեյ Եգորիչ ԱղաՊարոնովին:

Երկուսն էլ ուտում էին, երկուսն էլ խմում էին: Բացի Կախեթու գինուց, դրած էին և եվրոպական գինիներ: Բայց Սերգեյ Եգորիչը որքան խմում էր, փոխանակ ուրախանալու, այնքան ավելի տխրում էր: Նա չէր կարողանում մոռանալ յուր կնոջը և նրա գիշերային արշավանքը սպասավորների հետ: Որքան մտածում էր, այնքան ավելի դժվարանում էր լուծել յուր համար բոլորովին անբացատրելի գաղտնիքը: Կնոջ մասին կասկած չուներ նա, բայց չէր էլ կարողանում փարատել յուր տարակուսանքը, թե ինչո՞ւ էր գիշերով թափառում նա այն խուլ և դատարկ փողոցներում, ուր ցերեկով անգամ օրինավոր մարդիկ ամաչում են մուտք գործել:

Օրիորդը նկատեց Սերգեյ Եգորիչի թախծությունը, մտածեց զվարճացնել նրան: Բայց զվարճացնել կարելի էր միայն գինիով: Սրտի և զգացմունքների քաղցրության համար բոլորովին բթացած էր նա:

Ի՞նչպես են կոչում այն մարդուն, — հարցրեց նաոր սեղանի վրա կառավարում է:

Դոլուբաշի:

Դալիբաշի, — կրկնեց օրիորդը չմոռանալու համար:

Դոլուբաշի, — ուղղեց Սերգեյ Եգորիլը:

Օրիորդը դարձյալ կրկնեց նույն արտասանությամբ:

Միևնույն է՝ «դոլուբաշի» թե «դալիբաշի», — նկատեց Սերգեյ Եգորիչը ժպտալով: — Երկուսն էլ միևնույն պաշտոնն են կատարում:

Օրիորդը չհասկացավ Սերգեյ Եգորիչի արտասանությունը:

Բայց այն պայմանով, — ասաց նա, — որ «կենացները» մեր օթյակի սահմանից դուրս չպիտի անցնեն:

Ի՞նչպես, — հարցրեց Սերգեյ Եգորիչը:

Կամենում եմ ասել, որ այս օթյակը մի գեղեցիկ աշխարհ է, սիրո և զվարճության աշխարհ: Ունի յուր բախտավոր և անբախտ արարածները, ունի յուր երևելի և աներևույթ ոգիները, որ թևատարած հովանավորում են այցելուներին: Կխմենք նրանց կենացը: Ես սկսում եմ առաջինից: Նայիր դեպի այն պատկերը:

Սերգեյ Եգորիչը նայեց դեպի այն կողմը:

Տեսնու՞մ ես, անտառ է: Ծառերը դեռ պատած են վաղորդյան մշուշով: Արևի առաջին ճառագայթները ոսկեջրել են մի կողմը միայն: Մյուս կողմը դեռ ընկղմված է անսահման մթության մեջ: Անտառի միջից աղմկելով վազում է լեռնային գետակը, արծաթափայլ ալիքները շողշողալով ժպտում են երկնային ճառագայթների առջև: Մի խումբ գեղուհիներ լողանում են սառն ալիքների մեջ: Ջուրը փրփրում է, ջուրը փոթորկվում է նրանց ուրախ խաղերից: Դրանք անտառային հավերժահարսունք են, ծառերի և ծաղիկների ոգիներն են: Մի քանիսը, այնպես կիսամերկ, գետից դուրս գալով, նրա ափերից ծաղիկներ ու կանաչներ են փնջում իրանց գլուխը պսակելու համար: Մի քանիսը փունջերը ձգել են ջրի երեսին, ջուրը տանում է, և նրանք լողալով շտապում են, որ բռնեն: Մի քանիսը քաշ են ընկած գետի եզերքը հովանավորող ծառերի ոստերից, պտուղներ են քաղում: Նայի՛ր, ինչպես սքանչելի կերպով նկարված է այն մարմինը, որ ձեռքերը մեկնել է դեպի վայրենի շլորենու ոստը: Նայի՛ր ուսերին, նայի՛ր սրունքներին: Յուրաքանչյուր անդամը, յուրաքանչյուր մասը մերկ մարմնի, բովանդակում է յուր մեջ անսպառ երանություն: Աչքդ դարձրու դեպի այն կողմ, ուր թուփերի մթության միջից հազիվ նշմարվում է մի գանգրահեր գլուխ: Նա ընկած է կուրծքի վրա և ագահ աչքերով նայում է դեպի լողացող գեղուհիները: Աչքերը վառվում են և հեշտախտությունից բորբոքված շրթունքները ուռչում են: Նայի՛ր նրա երեսին, որքան ուրախություն կա այդ մանուկ դեմքի վրա: Դա մի սիրախնդիր պատանի է, անտառի որսորդ պատանիներից մեկը: Խմե՛նք նրա կենացը:

Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը:

Նայիր դեպի մյուս պատկերը, — շարունակեց օրիորդը: — Դրանից ես առի այն օրինակը, այն պառկելու ձևը, որին հանդիպեցար դու իմ քնած միջոցին: Դա, ո՞վ գիտե, ո՛ր շահի, ո՛ր սուլթանի կանանոցի զարդն է: Բայց տեսնո՞ւմ ես ո՜րքան տխուր է, որքա՜ն թախծալի է: Կարծես բանտարկված լինի յուր անհուն հարստության մեջ: Կարծես այն բոլոր գեղեցիկ պճրանքները նրան խեղդելու համար լինին հորինված. այո՛, նա մի անբախտ զոհ է, մի թշվառ գերի է յուր ոսկով ու մետաքսով զարդարած շրջապատի մեջ: Տեսնո՞ւմ ես, մեկին սպասում է, ինչպես ես սպասում էի քեզ: Դու եկար, ես ուրախացա: Բայց ո՞վ թույլ կտա նրա սիրո և քաղցր երազների առարկային ոտք դնել կանանոցի անմատչելի շեմքի վրա: Խմե՛նք այդ անբախտի կենացը:

Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը:

Նայի՛ր դեպի այն պատկերը: Եգիպտոսի արևակեզ անապատների միջով, յուր սպիտակ նժույգի վրա նստած, անցնում է մի հերոս: Նրա ետևից գնում են նրա լեգեոնները: Հեռվից երևում են փարավոնների հսկա բուրգերը և մի քանի ֆենիքսյան արմավենիներ, որ իրանց երկար ու մերկ բուներով և փնջաձև կատարներով ցցված են անապատի դատարկության մեջ...

Դա ո՞ւմ պատկերն է, — ընդհատեց Սերգեյ Եգորիչը:

Նապոլեոն առաջինի: Բայց գիտե՞ս ով էր Նապոլեոնը:

Մեր բանկի դիրեկտորն է, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը:

Օրիորդը սկսեց ծիծաղել:

Այդ թողնենք, — ասաց օրիորդը: — Նապոլեոնը մի պատերազմասեր մարդ էր. ես չեմ սիրում խմել այդպիսի անձանց կենացը, որ միշտ արյունով են ողողում իրանց փառքը: Ահա նրա պատկերի մոտ քաշ է ընկած միայլ պատկեր: Տիկինը պատրաստվել է դուրս գալու: Գեղեցիկ, սենեկային ծառան մի ձեռքով տալիս է նրան հովանին, իսկ մյուս ձեռքի մատով շոշափում է յուր տիկնոջ սիրուն այտերը: Լուսամուտից գաղտագողի կերպով նայում է աղջիկ, ու ձեռքով համբույրներ է ուղարկում յուր մոր տարփածուին: Նրան տեսնում է ծառան և ամենայն բավականությամբ ժպտում է: Խմե՜նք այդ բախտավորի կենացը:

Ես չեմ խմի, — ասաց Սերզեյ Եգորիչը հրաժարվելով:

Ինչո՞ւ, — հարցրեց օրիորդը:

Հաջորդ էջ