Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Կաթ, սեր, կարագով՝ կըկազմեմ սեղան,
Եվ ծաղիկներով կըզարդարեմ նորան,
Քեզ կըխմեցնեմ մեղրից օշարակ,
Կածեմ իմ սրինգով երգ քաղցրանվագ:

Թարմ շուշաններից՝ կարմիր, սպիտակ,
Քո գլխի համար կըհյուսեմ պսակ,
Ասրից իմ գործած փափուկ պատմուճան,
Տե՜ր, քեզ կընծայեմ մեր սիրո նշան:

Ինձնից կըհեռանաս, տե՜ր, դու գոհ սրտիվ,
Դու բարյավ մնաս, կասես, հեզ հովիվ.
Քեզ կառաջնորդեմ մինչ լերան կատար,
Եվ համբուրելով կըդնեմ ճանապարհ:

Այց արա՜ մի օր քո սուրբ Արարատ,
Այց արա՜, ով տեր, տե՜ր իմ գթառատ,
Զի սկզբանե դու հովիվներին
Էիր բարեկամ և պաշտպան վերին:

Մի՞թե Արարատա հովիվը նույնպես
Չունի՞ այնքան շնորհ, որպես քո Մովսես,
Մի՞թե Աբրահամ, Իսահակ և Հակոբ,
Միայն սիրելի եղան քեզի մոտ:

ՄՈՌԱՑՎԱԾ ՇԻՐԻՄ

(Նվեր Ա....-ի հիշատակին)

Դո՜ւ, փափկաթև անուշ հովիկ,
Ո՞ւր այդպես լուռ մըրմնջելով՝
Կը սավառնիս մեղմիկ-մեղմիկ,
Ծաղկանց ոգի ներշընչելով:

Դեպի թավուտքն նոճիների,
Որք մենավոր կծածկեն շիրիմ,
Նվիրել համբույր փոշիների,
Որ հայրենյաց էր մտերիմ:

Իսկ դու, սոխակ, բարի հրեշտակ,
Այդպես քաղցրիկ և հանդարտիկ,
Տերևախիտ այդ ծառի տակ`
Ո՞ւմ կնվիրես քո մեղեդիք:

Ես երգում եմ զոհի մաճյուն,
Որ կամփոփե այդ սուրբ դամբան,
Ի սեր ազգին թափեց արյուն,
Ճշմարտության էր նա պաշտպան:

Կանաչագեղ դուք վարդենիք,
Զերթ քույրիկներ ջերմ` կարոտով,
Մի՞թե եղբայր գըրկած ունիք,
Կը փայփայեք անուշ հոտով:

Այո՜, եղբայր: Այդ գերեզման,
Ուր կա ազգի մի նահատակ,
Նա ուներ կամք, սեր անսահման,
Պաշտելի է յուր հիշատակ:

Իսկ սիգաճեմ դշխոյդ երկնից,
Ո՞ւր նազելով այդպես հուշիկ,
Արծաթափայլ քո վարսերից
Կը թափես շողերդ անուշիկ:

Դեպ այդ ձորը Մասյաց լերին,
Ուր մի շիրիմ` կծածկեն սոսիք,
Հավերժ հարսունքն Արմավիրին
Նորա շուրջը կհյուսեն դափնիք:

Ո՞վ է դրած շիրմի միջին,
Դու խո՜ գիտես, ասա՜ լուսին,
Ես էլ գնամ տամ մի համբույր,
Տանեմ ծաղկունք վրան բարեբույր:

Երիտասարդ մի դրած է անդ,
Անխոնջ գործիչ հայրենիքին,
Որ յուր ջանքը և ջերմ եռանդ
Ողջ նվիրեց նորա փառքին:

Փլատակների հին մոխիրից
Կուզեր կանգնել հայությունը,
«Այբ ու բենի» մեջ էր գտնում
Նորա միակ փրկությունը:

Հայի արտասուք նա սրբում էր,
Ազատության էր միշտ պաշտպան,
Նա չուներ սուր, մարտնչում էր,
Նորա զենքն էրգրիչ ու բան:

Բռնակալի ձեռքն դավաճան,
Բարօրության միշտ անհամբեր,
Նորա կյանքին տվեց վախճան
Հասուց հարվածք յուր մահաբեր:

Այդ շիրիմն, որ Հայաստանի
Կրում է զոհն յուր միջում,
Այժմ մոռացված է հայերից,
Իմ արտասուքն է նորան թրջում:

ԲԱՆԱՍՏՆՂԾԻ ՎԻՃԱԿԸ

Այդ ախտաբորբոք ոգևորությամբ
Պատանի, ո՞ւր ես դու հափշտակված,
Արդյո՞ք դեպի երկինք քո միտք սրաթռիչ
Եթերս ճախրելու կոչում է աստված:

Հրեշտակաց հետ հրճվում ես դու,
Եվ մոռացել ես քո բոլոր շրջան,
Քո հոգեզրվարճ այդ ցնծությունը
Չունի բնավ վերջ ու ո՜չ յուր վախճան:

Այդ ոսկի ժամուց րոպեք սրբազան,
Այդ խորհրդական զբաղմունք հանդարտ,
Արհամարհանոք ծաղրում է խուժան,
«Չունի, ասում է, դա նախանձ կամ դարդ»:

Տե՜ս, որքան անհոգ, հիմար է այս մարդ,
Թեև նա չունի հաց և ապրուստ:
Արբըված է միայն յուր ցնորքներով,
Եվ թափառում է մերկ և անհագուստ:

Բայց գո՜հ է քո սիրտ աշխարհի փառքին,
Քեզ չէ՜ հրապուրում կյանքի ճոխություն.
Եվ ո՜չ հարստի մամոնի սերը
Դառնացնում է քո աղքատություն:

Դու նվիրված ես քո ազգի օգտին,
Եվ նորա շահուն, հաստատուն ուխտով,
Զոհել ես նրան քո կյանք և վաստակ,
Բոլոր գոյությամբ և քո չար բախտով:

Իսկ այդ սրբազան զոհաբերություն
Ինչո՞վ վարձատրեց ազգը քո պաշտոն,
Նա դրե՞ց արդյոք որևիցե գին
Քո անգին գոհար խոսքերուդ զգոն:

Ո՜չ... հայհոյեց քեզ այն ապերախտը,
Զլացավ հարգանք և ոսկու քսակ,
Քո անզուգական ճգանց փոխարեն
Կապեց ճակատիդ նա փշյա պսակ:

Արհամարհելով ռամկի չարություն,
Դու վրեժխնդիր չեղար, բանաստեղծ,
Քո քնար հնչե՜ց դարձյալ քաղցրաձայն,
Երգեցիր քո երգ անաչառ, անկեղծ:

Թըշվառ է, պոետ, քո կյանքը անգին,
Դու նմանում ես խեղճ թիթեռնակին,
Որ սիրահարված լուսով ճրագին,
Այրում է թևքեր, փչում է հոգին:

ՀԱՍՈՅԻ ԵՐԳԸ

Ահա ծագեց կարմիր արև,
Տաք և պայծառ է օրը,
Դե՜հ, քաշեցեք, սիրուն եզներ,
Հառաջ տարեք արորը:

Վարը վարենք, ակոս փորենք,
Խոր ակոսներ հողի մեջ,
Սերմը ցանենք, որ հունձ հնձենք,
Ցորյան դիզենք ակլի մեջ:

Կգա ձմեռմենք վախ չունինք. —
Ուրախ կանցնի մեր օրը,
Ուտելու միշտ պաշար ունինք,
Լի և կուշտ է մեր փորը:

Թող չասեն մեր դրացիքը,
Ծույլ են Հասոյի եզները:
Դե՜հ, քաշեցեք, սիրուն եզներ,
Շուտով վարենք արտերը:

ՀՈՂԱԳՈՐԾԻՆ

Դե՜, դու ժիր մշակ, լծե՜ քո արոր,
Հասավ գործելու քեզ փառավոր օր,
Ժա՜մ է քեզ հիմա արտը մշակել,
Բարեբեր սերմանց պտուղ ճաշակել:

Անցավ ձմեռըդառնաշունչ, խոնավ,
Բքաբեր մրրիկ չէ փչում բնավ.
Գարնան տաք օրեր, անուշիկ, պայծառ,
Ուրախ ճռվռով ավետե ծիծառ:

Սոխակը յուր վարդին տա նախկին բարև,
Քաղցր ժպտելով ծագում է արև,
Անաղոտ լուսով երկնից դիցուհին,
Փայլում է շողեր Հայոց աշխարհին:

Յուր անուշ հոտով բուրե մանիշակ,
Ի՛նչ հըրճվանք այժմ քեզ գործի, մշակ.
Դե՜, լծե՜, դու քո արոր և գութան,
Ցանել պտղավետ սերմունք գիտության:

Հայոց կոշտացած, անմշակ դաշտում,
Վարե՜ քո արտը ուրախ, անտրտում,
Խոր ակոս ձգե հողում արգավանդ,
Պատառե՜ նորա կուսական արգանդ:

Եվ արշալույսի ցողաբեր պահուն,
Երբ օրհնի աստված թռչունքը անհուն,
Երբ ծագե յուր լույս երկնքեն ֆերոս,
Եվ ծաղկունք խնկեն բուրմունք և ամբրոս:

Հնչեցո՜ւր, մշակ, անուշիկ քո երգ,
Եվ առա՜ջ վարե օրավար քո հերկ,
Քո ժիր, գործունյա եզներիդ ուժեղ
Կըտա զորություն մեր աստված шնեղ:

Ցանե՜, դու մշակ, բարեբեր սերմունք.
Օրհնե՜ քո տեր հունձիդ արդյունք.
Կըգա քեզ ամառ, ջերմին եղանակ,
Կըհասնի ցանքը քո այն ժամանակ:

ԲՐՈՒՏԻ ՇՈՒՆԸ

Աղմուկ ու շփոթ հանկարծ բարձրացավ,
Գոչյուն ու հաչյուն լըսվեց, սաստկացավ,
«Գա՛յլը, հա՜ գայլը»… աղաղակեցին,
Գյուղի շները վրա վազեցին:

Գայլը հենց լսեց, իսկույն ետ դարձավ,
Արագ քայլերով գյուղից հեռացավ:
Շները կատաղած՝ դեռ հաչում էին,
Հետևից ընկած՝ հալածում էին:

Հալածում էին՝ երկար ու երկար,
(Նրանց կրքերին՝ չափ, սահման չը կար)
Մինչև ամենքը իսպառ հոգնեցան,
Կես ճանապարհից մեկ-մեկ ետ դարձան:

Մեկը չը դարձավ: Նիհար, քոսոտած,
Բուրդն ու մազը՝ վրայից թափված,
Նեխած բերանը փչում էր փչում
Մի խիստ զզվելի գարշահոտություն:

Գա՜մփռ էր երբեմն, գա՜մփռ ահագին,
Կարծվում էր պետը՝ նա շանց-ոհմակին,
Իսկ այժմ քաղցից, հարաժամ քաղցից,
Ցամաքած փորը կպել էր մեջքին:

Գայլը կանգ առեց, խեթ կերպով նայեց.
Դու ո՞ւմ շունն ես, — նրան հարցրեց:
Բրուտի շունն եմ, — ասաց քոսոտը,
Եվ վստահությամբ առաջ դրեց ոտը:

Կըժեր, սափորներ՝ միշտ շինում է նա,
Յուր նման վարպետ աշխարհում չը կա,
Այդ ամաններով՝ ջուրը աղբյուրից
Բերեն գյուղացիք, այրըված ծարավից:

Տո՜, — գոչեց գայլը, — անպիտա՛ն քավթառ,
Ասա՜, դու ի՞նչ ոխ, ի՞նչ վրեժ ու պատճառ
Ունեիր այսպես՝ ինձ հալածելու,
Եվ մինչև այստեղ` հետևիցս գալու:

Այն մյուս շները, որ հալածեցին,
Այնքան ոռնացին, այնքան գոռացին,
Թերևս ունեին որևէ պատճառ,
Նրանց զայրույթը՝ վիշտ չէ ինձ համար:

Հափշտակել եմ մեկի գառնիկը,
Կամ փողոտել եմ՝ մյուսի հորթիկը,
Իսկ քո բրուտի խեցին ու սախսին
Խո ես չեմ կերել, գարշելի՛ չնչին:

Մռնչաց գայլը, զայրացած աչեր
Փայլատակեցին կրակ ու կայծեր,
Ձգեց ոտքերի տակը քոսոտին,
Վերջ տվեց իսկույն թըշվառի կյանքին:

ԴԻՈՍ ԵՎ ԷՇԵՐ

Մի օր էշերի՝ ամբողջ քարավան
Ղեպի Օլիմպոս ճանապարհ ընկան,
Եվ ստորոտից դիցական լերին
Այսպես զռալով ձայն արձակեցին.

Ո՜վ ամպրոպային արքա շանթառաք,
Մենք իսպառ եղանք խաղք ու խայտառակ,
Այդ ի՞նչ պատիժ էր դու մեզ տրվեցիր,
Որ «էշ» անունով մեզ մկրտեցիր:

Բավական չէ՞, որ մենք ամբողջ օրը
Կրում ենք մարդկանց աղբն ու փըսորը,
Եվ մեր մեջքերը մշտական բեռնից
Ազատ չեն երբեք անբուժ վերքերից:

Բայց վերքն ու բեռը, փալանն ահագին,
Շատ վիշտ չեն բերում մեր դառն վիճակին.
Անտանելի է ա՜յն ցավը սաստիկ,
Երբ «էշ» անունն են տալիս մեզ մարդիկ:

Այդ նախատական անարգ անունից
Մեր բեկված սիրտը խոցվում է խորքից,
Եվ մեր ականջներ, միշտ այդ լսելով,
Երկար ու երկար ձգվում են փութով:

Տուր մեզ նոր անուն, ինչ էլ որ լինի,
Շուն, գայլ կամ աղվես, ձի, խոզ կամ ջորի,
Միայն «էշ» անունից դու մեզ ազատիր,
Մեր աղերսանքին, ո՜վ տեր, ունկն դի՜ր:

Դիցական սարի գլխից ամպամած
Հզոր Դիոսի ձայնը որոտաց.
Ո՞ր երկրից եք, կամ ո՞րտեղացի:
Պատասխանեցին. — «Տե՜ր, ……….ցի»:

Խնդաց Դիոսը, խինդն աստվածածին
Շարժեց Օլիմպի ամբողջ գագաթը:
Գնացե՜ք, — ասաց, — անվան փոխարեն
Լա՜վ է, որ փոխեք ձեր վատ խասիաթը:

Անվան պատճառով չէ, որ դուք եղաք
Մարդկանց աչքումը խաղք ու խայտառակ,
Այլ բարք ու վարքի անզուսպ կոպտություն
Խլեց ձեզանից պատիվ, բարություն:

ՀԱՅ ՊԱՆԴՈՒԽՏԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Շնորհավոր Նոր տարի,
Շնորհավոր և Նոր օր.
Տացե աստված միշտ բարի
Տեսնել այդպես տարիք նոր:

Ասաց ընկերս ցնծալով
Ներս մտնելով իմ սենյակ,
Երբ ես տխուր և լալով
Նստած էի միայնակ:

Ինձ համար չէ Նոր տարին
Ասացի, ես բարեկամ.
Միևնույն է թըշվառին
Թե անցյալը, թե ներկան:

Ինձ երեկը և այսօր
Նույն դժգույն է միշտ վիճակ,
Բախտիս անիվը անզոր
Չէ բերում դարձ հաջողակ:

Հեռու պանդուխտ երկրում,
Հեռու քաղցրիկ հայրենյաց
Վիշտ, տառապանք եմ կրում,
Մաշվում է ուժն իմ կենաց:

Իսկ իմ դստերք, ո՞վ գիտե,
Մորը հարցնում են այսօր, —
«Մայրիկ և ա՞յդ Նոր տարի
Պիտի վարեմք առանց հոր:

Իսկ պանդուխտը տխրամիտ,
Զուրկ գգվանքեն ընտանյաց,
Նա չէ տեսնում ոչ ժպիտ
Եվ ոչ լաց իր զավակաց:

Կինս գրում է նամակ, —
Մարդ, ինչո՞ւ դու ուշացար,
Չէ՞ մի տարի ժամանակ
Մեզ հազիվ դու խոստացար:

Դեռևս քանի՞ ամառ
Կը վարես օտար աշխարհում.
Քո զավակները թըշվառ
Այժմ էլ ո՞վ է պահում...

Իսկ պանդուխտը ի՞նչ սրտով
Դառնա դեպի իր ընտանին,
Երբ որ դատարկ մի սև փող
Չունի մեջ իր գրպանին:

ԿՈՒՅՍԻ ՎԻՇՏԸ

Քնած է լուսնյակը
երկնքի խորքում,
Քնած է թռչնիկը
իր փափուկ բնում,
Քնած է քամին,
տերև չէ շարժվում,
Քնած է գետը,
ձայնը չէ լսվում:
Մայրիկ, ինչի՞ ես
քնել չեմ կարում,
Ուզում եմ քնել,
աչքս չէ փակվում,
Մայրիկ, այս ի՞նչ է,
որ ինձ տանջում է,
Այս ի՞նչ կրակ է,
որ սիրտս այրում է...

ՊՈԵՄՆԵՐ

ԴԺՈԽՔԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՔ

(Դիցաբանական առասպել)

Վա՛յ ձե՜զ օրինականացդ, զի թափուցանէք
զփականս գիտութեան, դուք ոչ մտանէք՝
և որ մտանենն՝ արգելուք:
ՂՈՒԿԱՍ

Ա

Գեղեցկատեսիլ մեծ դաշտ էր սիրուն,
Կանաչ, ծաղկազարդ վառվում էր հեռուն,
Հովիտի միջով՝ լայն և անսահման,
Մի արծաթափայլ վիշապի նման,
Ոլոր ու մոլոր սողար Արաքսին.
Ալևոր գագաթ ծերուկ Մասիսին
Նայում էր բարձր, բարձր ամպերեն,
Ցայտում էր կրակ հպարտ աչերեն:
Այնտեղ վաղեմի կանգնած էր մեհյան,
Ուր Արամազդա դրած էր արձան.
Դարերի հոսանքն և թշնամին չար
Չրկործանեցին այդ սիրուն տաճար,
Դեռ ողջակեզը ծխար անդադար,
Սևուկ քուրմերի բազմաթիվ դասը
Վարեն կուռքերի պաշտոնն, սպասը: :
Այնտեղ դրած էր աթոռ սրբազան,
(Մեծ քրմապետի իշխեր գավազան).
Ուր կրոնասեր Հայկա որդիքը
Թափում են յուրյանց արծաթն, արդյունքը:
Այնտեղ Արարատա փշրված գահին
Մնում են բեկորք, հիշատակներ հին

Բ

Փոքրիկ խուցի մեջ կային երկու մարդ.
Աղքատ էր խուցը՝ նեղ, խոնավ, անզարդ,
Կարծես թե վաղուց տխրության ոգին
Թափել էր այնտեղ մաղձը դառնագին:
Որպես հարազատ մի զույգ սատանա,
Օթոցի վերա նստած են նոքա,
Սև-սև հագուստով, սև բաշլիկ գլխին,
Եվ «տեր ողորմյան» ձգում են ձեռին:
Նոցանից մինն էր մաշված ծերուկ,
Ալևոր գլխով, սպիտակ մորուք,
Գունատված դեմքը խոժոռ էր, տխուր,
Նեղ աչքերումը վառվում էր չար հուր,
Նորա խորշոմած, ճաղատ ճակատին
Դրած էր կնիքը խորամանկ Նեռին:
Իսկ այն մյուսը՝ միջակ տարիքով,
Թխագույն երես, սև էր մորուքով,
Սարսափելի էր դեմքը նենգավոր,
Փայլում են աչքերը՝ կրակոտ, անսովոր,
Եվ դժոխային բոլոր կերպարանք
Բացատրում էր մահ և զարհուրանք:

Գ

«Ուրեմն այդպես... հայրիկ սրբազան,
Անցավ մեր դարը... փշրվեց գավազան....»
Ասաց, որ ուներ խճըճված սև մորուք,
Թուխ աչքերիցը գլորեց արտասուք:
Անցա՛վ... — կրկնեց մաշված ծերունին,
Բայց հուսահատվիլ պետք չէ բնավին:
Գիտե՞ս թե ի՞նչ է գլխավոր պատճառ
Մեր դժբախտության, դեպքերին այդ չար. —
Երբ որ վարժատունայդ պիղծ, անպիտան
Շինվածքը` — մտավ մեր սուրբ Հայաստան,
Մեհյանը կորցրուց յուր հարգ սրբազան:
Ընկավ կրոնքը: Իսկ աշխարհական
Ուսում, գիտություն, լուսավորություն՝
Քանդեցին մեր տուն, բոլոր զորություն:
Ամբոխի աչքերն երբ որ բացվեցան,
Հոգևոր հայրերն ատվիլ սկսան:
Հայը գերված էր մեզ, որպես ստրուկ,
Երբ հիմար էր նա, ինչպես մի մանուկ,
Մեր կանոններին էր միշտ հնազանդ,
Մեզ որպես դյուցազն պաշտեր ջերմեռանդ:
Իսկ երբ ուսման հետ նա եղավ ծանոթ,
Մեզի համարեց անպիտան անոթ,
Եվ մեր ծեսերին տվեց նա անուն՝
Հեթանոսական կռապաշտություն:

Դ

Մի՞թե սառնասիրտ նախատինք այդքան
Մենք պետք է տանենք մինչև գերեզման.
Կոչեց մյուսն, աչքերը վառվեց
Եվ սրտի թունդեն դեմքը փոփոխվեց:
«Ամեն հնարներ պետք է դնել գործ,
Խավարի տիրելուն անել կրկին փորձ,
Կրկին վերածել կույր հիմարություն,
Ջնջել ուսումն և լուսավորություն:
Եվ կրոնական ուռկանով նախկին
Որսալ հայերի խելքն ու հոգին,
Մինչ մեհենական խորհրդոց վաճառ
Կրկին սկսե յուր հին տուրևառ,
Եվ հայը հոժար յուր լուման վերջին
Կըգցե հայնժամ մեր թասի միջին,
Երբ նա աչքի դեմ կառնե հաստատուն,
Թե առանց մեզի չունի փրկություն
Մեհյանիցը դուրս՝ չկա մեզ ապրուստ,
Մենք այլ գործերով չենք լինի հարուստ:
Եթե հեռանանք մենք այդ կյանքեն,
Նույն է, որպես ձուկն զրկվում է ջրեն:
Աշխարհի գործերն են մեզ անծանոթ,
Պարապմունքն անգամ՝ ստո՛ր է, ամո՛թ,
Թեև արհեստներ շատ կան օգտավետ,
Մենք բոլորիցն էլ զրկված ենք հավետ,
Զի այդ անիծված խուցերի խորշում,
Տոնացույց, ախտարք եղան մեր ուսում:

Ե

Այդպես նա խոսեց, իսկ այն ժամանակ
Նորա աչքերում վառվում էր կրակ.
Բայց ալևորը հանգիստ, անվրդով,
Լսում էր նորան խիստ սառն սրտով.
Հինավուրց հասակ խորամանկ ծերին
Ծանոթ էր կյանքի բոլոր փորձերին:
Քեզ հետ համաձայն եմ, ազնիվ եղբայր,
Պատասխանեց նա քաղցր, մեղմաբար.
Լսի՜ր, այժմ քեզ կլինեմ խոստովան
Սրտիս գաղտնիքը, եթե դու հավան
Լինես խորհրդիս և հաշտվես ինձ հետ,
Կհայտնեմ ես քեզ գործ մի օգտավետ:
Ասա՜, ինձ հայրի՜կ:
Լսի՜ր, իմ ջանիկ:
Խոր տարտարոսի արքան Պլուտոն
Ինձ Աքերոնի հանձնեց պաշտոն.
Եվ ես Ստիքսի նավակը կապալով
Արդեն վարձեցի, դորանից էլ լավ
Գործ մի փառավոր, բարձր անսահման`
Մահկանացու մի չունի ինձ նման...
Եվ ինչ օգուտ կա այդ գործի միջեն.
Լսի՜ր, քեզ պատմեմ մի ըստ միոջեն. —
Քեզ շատ ծանոթ է դիրք Տարտարոսին
Յոթն անգամ պատած գետովն Ստիքսին.
Ուր յուր նավակով անխոնջ Աքիրոն
Կրում է հոգիքը դեպի Պլուտոն:
Մի-մի հատ լումա ամեն մի հոգին
Տալիս է նավորդին յուր անցնելու գին6.
Եթե պետք լիներ հաշվել ողջ օգուտ,
Թե ամբողջ տարին ի՞նչ է եկամուտ,
Մենք չունենք մի թիվ պարզելու համար
Այդ մեծաքանակ ահագին գումար.
Բավական է միայն հասկանալ այսքան,
Որքա ՛ն հոգիներ դժոխքը կերթան...
Բայց այստեղում կա մի հարց գլխավոր,
Որ քեզ պարզելու է շատ հարկավոր
Աքիրյան նավի մուտքը տարեկան
Կըբազմապատկվի չորիցս՝ անգամ,
Միայն պիտո էր գործ դնել հնար
Մեղավորների թիվն ավելնար...
Հայնժամ մի նավակ էլ չէ բավական
Կրել հոգիների ամբողջ քարավան:
Զի որքան ավելի լինեն մեղավորք,
Այնքան ավելի դժոխքը կերթան,
Այնքան ավելի մեզ օգուտ կըտան...
Ի՞նչ հնարներով մեղքը տարածել,
Մեղավորների թիվը բազմացնել:
Տարածել մեղքն է խիստ դյուրին,
Զի մենք կունենանք խումբը դևերին,
Սատանաների անհամար դասը
Մեր հրամանին կառնե սպասը:
Չարության սերմեր կըցանենք աշխարհ,
Սեր, եղբայրություն կըջնջենք իսպառ,
Կըխափանենք բոլոր` դպրոց, վարժատուն.
Կարգելենք ուսում, լուսավորություն:
Եվ դու կըտեսնես բյուր բյուրուք
Հայնժամ գեհենի կըգան այցելուք: —
Ավարտեց խոսքը դժոխքի որդին,
Նա հրճվանք ազդեց ընկերի սրտին,
Որ գրկեց նորան, ձեռքը համբուրեց,
Գեղեցի՛կ խորհուրդ... — մեկեն նա կոչեց.
Ես քեզ օգնելու եմ միշտ պատրաստ,
Ոչ իբրև ընկեր, այլ ծառա նվաստ,
Տարածենք խավար... կեցցե՛ Պլուտոն,
Սիրով հանձն կառնեմ ես նորա պաշտոն...
Մի քանի րոպե հազիվ էր անցել,
Հանկարծ ներս մտավ սևուկ Սադայել,
Բերեց երկու թուղթ, մինը՝ վարձու պայման,
Մյուսն էր դժոխքի արքայի հրաման:
Եվ երկու պսակ այն ծառի ոստեն,
Որ խեղճ Ադամին քըշեց դրախտեն,
Որո պատճառավ մեղքն ու մահը
Տիրեցին թշվառ մեր այդ աշխարհը...
Նա պսակները կապեց յուր ձեռքով
Նոցա դավաճան, խավար ճակատին,
Երկուքն էլ իսկույն փառավոր կառքով`
Նստան` սլացան խորքն անդնդին...

ԱՐԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄԸ

(Առասպել)

Եվ զյուռութսն (Շամիրամայ) ի ծով,
Եվ բան ի նմանէ` ուլունք Շամիրամայ
Ի ծով: Այլ թէ ախորժես առասպէլ
և Շամիրամ քար` առաջին քան զՆիոբէ:
ԽՈՐԵՆԱՑԻ

Ա

Մութ գիշեր էր: Ոչ մի աստղիկ
Չէր երևում երկնքեն,
Եվ լուսինը՝ սգվորի պես`
Գունատված էր յուր դեմքեն:
Իսկ կայծակը հրեղեն սրով
Կտրատում էր ամպերը,
Եվ որոտը՝ գոռգռալով՝
Դղրդում էր լեռները:
Մրրիկը կատաղաբար
Մռնչում էր սոսկալի,
Ահ ու զարզանդ վեր էր բերում
Տարտարոսից լիուլի:
Հազարամյա ծերցած կաղնին
Խլում էր նա արմատեն,
Գազաններն յուրյանց որջում
Սարսափել էին արդեն:
Հեռու դաշտում, ծովակի մոտ7
Տեղ-տեղ վառվում էր կրակ,
Զինվորական վրաններում՝
Աղոտ փայլում էր ճրագ:
Բաբելական հաղթող զորքի
Զետեղված էր անդ բանակ,
Գիշերապահ զինվորներով
Պատած էր յուր շրջանակ:
Այն դաշտումը շատ դիադեզ
Ընկած էին դիակներ,
Քաղդեացի, հայ զինվորներ,
Ասորի և պարսիկներ:
Եվ այն տեղում անթիվ զենքեր՝
Տեգ և վահան, աղեղ, նետ,
Այն քաջերի դիակի մոտ,
Ընկած էին նոցա հետ:
Այն դաշտը ներկայացնում էր
Զարհուրելի տեսարան,
Մինը ձեռքով բռնած ուներ
Կրած վերքին լայն բերան,
Ողորմելի նա յուր ձայնով
Մորմոքում էր՝ ախուվախ,
Եվ յուր վերջին հանգստության
Նա կոչում էր անգութ մահ:
Մինն, արդեն հանգստացած
Խորին քնով օրհասին,
Յուր ընկերին գիրկն ածած,
Ննջել էին միասին...

Բ

Իսկ կռիվի ահեղ դաշտում
Թափառում էր Շամիրամ,
Հետն առած յուր նաժիշտներ
Մանուկ կուսանց ողջ երամ
Նա տխուր էր... սգվորի պես,
Լաց էր լինում լուռ, մնջիկ,
Եվ առջևից աղոտ լապտեր
Քարշ էր տալիս մի աղջիկ:
Դիակների մեջը մտած,
Նա հուսահատ շրջում էր,
Եվ արյունը նորա ոտքերն
Կարմիր գունով թրջում էր:
Պտռում էր նա՝ մորմոքելով՝
Մինին ահեղ ալն դաշտում,
Որին սիրում էր թագուհին,
Որպես աստված էր պաշտում:
Հանկարծ վազեց մոլեգնաբար
Եվ նա գրկեց մի դիակ,
Հրաշագեղ էր այն քաջը,
Մանկահասակ պատանյակ:
Ներկված էր նա արյան մեջ,
Որպես կարմիր մի ծաղիկ,
Եվ մրահոն նորա աչեր
Դեռ ժպտեին քաղցրիկ:
Նա ձախ ձեռքով կրեր վահան,
Աջումը՝ տեգ ահագին,
Եվ պողվատից թանձր զրահ
Զգեցել էր յուր հագին:
Գլխին ուներ փետրազարդ
Արքայական սաղավարտ,
Հսկայատիպ էր այն քաջը
Հզոր, ահեղ տղամարդ:
Չէր հասարակ նա մի զինվոր,
Կամ մի արի զորապետ,
Ոչ նախարար պատերազմող,
Ոչ թիկնապահ, ոչ ասպետ:
Արծվանիշ շքանշան
Կրեր նորա պարանոց,
Գոհարեղեն նորա քամար
Մթումը փայլեր որպես բոց:
Նորա դեմքն և կերպարանք,
Այնքան վսեմ, վեհաբար,
Արքայազարմ մի իշխանի
Բերեր հզոր ինչ տիպար:
Նա վավաշոտ Շամիրամի
Էր ցանկության ցնորքը,
Որո համար նա կոտորեց
Այնքան զինվորն ու զորքը:
Բայց անբախտի վառված իղձը
Մնաց նորա սրտումը,
Զի այն քաջը մահվան քնով
Ընկավ կռվի դաշտումը:

Գ

Իսկ թագուհին այն տարփավոր
Դիակից չէր հեռանում,
Առած նորան յուր գրկի մեջ
Մրմնջում էր, մեռանում...
Համբուրում էր նորա թշեր,
Համբուրում էր աչք և ունք,
Արնով ներկված գանգուրներին
Հպեցնում էր յուր շրթունք:
Եվ երբեմն մորմոքելով
Ճնշում էր պինդ յուր կուրծքին,
Լվանում էր նա արտասուքով
Արյունը նորա վերքեն:
Երկար այնպես մոլեգնաբար
Գրկած ուներ նորա դին,
Եվ վարդագեղ նորա արյամբ
Մարել կամեր հուր սրտին:
Մինչ վերջապես տվեց հրաման
Նաժիշտների նա խմբին,
Տանել շուտով դեպ յուր վրան
Ցանկալի գյուտն այն անգին:
Եվ աղջիկները մատղերամ`
Հավերժահարսունք գիշերային
Յուրյանց փափուկ կուրծքի վերան
Առին դիակը բոսորային
Շուտ հասուցին Շամիրամա
Ոսկեթելով գործած վրան,
Խունկ, կնդրուկ և ծաղիկներ՝
Շատ ցանեցին նորա վերան:
Իսկ թագուհին արեց հրաման
Ողջ նաժիշտներին հեռանալ,
Ոչ ոքին յուր մոտ չըթողուլ,
Յուր պատվերը չըմոռանալ:

Դ

Նա կախարդ էր, ուներ հուռութք
Եվ հուլունքներ դյութական,
Քաղդեացի քավդեայներից
Ուսավ արհեստը մոգական:
Նա վհուկ էր՝ սերտ բարեկամ
Աներևույթ դիվաց զարմին`
Եվ ախտարքին յուր զորությամբ
Շուտ կախարդեց քաջի մարմին:
Եվ շնորհիվ նորա հմայքին
Ահա իջան Հարալեզ դիք,
Ոսկիամորն Անահիտի
Էին դստերք և որդիք:
Եվ Հարալեզք սկսեցին
Լիզել վերքը դիակին,
Բժշկվեցան իսկույն նոքա,
Շունչ ստացավ քաջի հոգին:
Եվ շատ չանցավ, շուտ ջերմացավ
Այն սառուցյալ, մեռած դիակ,
Կարծես նորա երակներում
Կենդանության վառվեց կրակ:
Եվ ի՛նչ հրաշք, հզո՜ր աստված,
Նա բաց արեց աչքերը,
Որպես անուշ քնեն զարթնած,
Կանգնեցավ ոտքի վերա:
Ուրախացավ խիստ Շամիրամ,
Ցնծությանը չըկար չափ,
Ո՞վ կարող էր հայնժամ զսպել
Նորա սիրո թունդ և թափ...
«Փա՜ռք ձեզ, աստվա՜ծք, հանգստացավ
Այժմ իմ սիրտն, իմ հոգին,
Զի ես արդեն կարեմ կոչվիլ
Այս րոպեից Արայի կին:
Ասա՜, ասա՜, իմ նազելի,
Այժմ ինձի դու կըսիրե՞ս,
Մինչ ե՞րբ, անգութ, դու քո սիրով
Իմ սրտիկը պիտի այրես:
Ես քո կինն եմ այսուհետև,
Դու կատարե իմ ջերմ փափագ,
Քեզ կըբաշխեմ ես իմ երկիր,
Արքայական իմ գահն ու թագ:
Քեզ կըբաշխեմ Բաբելոնի
Օդակառույց իմ դրախտը,
Դու կատարե՜ իմ խնդիրքը,
Ինձ շնորհե անվերջ բախտը»:

Ե

Այդ խոսքերով նա մոտեցավ
Արդեն ապշած մեր Հայկազին`
Եվ տարփավոր յուր թևքերը
Կամեր փաթթել նորա վզին:
Իսկ քաջազուն վեհ հերոսը
Այդ խոսքերից խիստ զարմացավ,
Եվ կատաղի բարկությունն
Աչքերումը բորբոքվեցավ:
Եվ նա գոռաց սև ամպի պես,
Կորչե՜ հեռու, լկտի դու կին,
Ի՞նչ չար բախտով ես քո այստեղ
Գարշելի դեմքը տեսա կրկին:
Իմ մանկական պսակն անարատ
Ես քո սիրով որպե՞ս պղծեմ,
Նինվեացի ես տրփուհիդ
Անարգությամբ իմ գիրկ ածեմ:
Գնա՜, կորե՜, չե՛ս ինձ պիտո,
Եվ ինձանից դու հեռացի՛ր,
Այդ ցնորամիտ բաղձանքներովդ
Դու ինձ համար մի՜ մտածիր:
Հայաստնի դուստրներից
Ես ունեմ թագուհի արդեն,
Որ սիրասուն ածեց զավակ
Ինձ կուսական յուր արգանդեն»:
Սպառնալից այդ խոսքերը
Շամիրամին չազդեցին,
Սիրաբորբոք նորա սրտեն
Վառված իղձը չըզատեցին:
Բաբելական աստվածուհիք
Յուր օգնության նա կանչեց,
Խունկ և զոհեր շա՜տ խոստացավ,
Շա՜տ խնդրեց և աղաչեց.
Որ դիցական արբեցությամբ
Գինովցնեն այն քաջ հերոս,
Թափեն նորա երակներում
Սիրո հեղուկ՝ նեկտար, ամբրոս:
Գուցե դյութված աներևույթ
Հրապույրներով նորա հոգին,
Հակամայից նա կատարե
Վառված իղձն յուր փափագին:
Բաբելական աստվածուհիք
Յուրյանց ճիգը դրին ի գործ,
Սիրո ախտով կախարդելու
Նորա սիրտն՝ արին մեծ փորձ:

Զ

Հայր աստուծո, մեծն Արամազդ,
Արարատա գագաթեն
Այդ հանդեսը կռվի դաշտում
Վաղուց դիտում էր արդեն:
Նորա շուրջը Հայոց երկրի
Բոլորել էին ողջ դիք`
Հայկ, Անահիտ և Աստղիկ,
Հապետոսթե, յուր որդիք:
Խիստ բարկությամբ զննում էր
Նա այն դաշտը արյունոտ,
Ուսկից անթիվ կոտորածի
Դեռ փչում էր մահվան հոտ:
Հանկարծ նորա աչքին դիպավ
Շամիրամա մեծ վրան,
Բաքոսական այն հանդեսը
Զարմացք բերեց խիստ նորան:
Նա տեսնում է ախտաբորբոք
Նինվեացի թագուհին,
Որ աշխատում էր կախարդել
Ողջամիտ հայ դյուցազնին:
«Արմենակ», կոչեց Արամազդը,
Վառվեց աչքերը կապուտակ,
Թռի՜ր, գնա՜ և շուտ հասի՜ր.
Քաղդեացվոց դու բանակ,
Եվ ազատի՜ր Շամիրամից
Իմ գեղեցիկ, քաջ Արան,
Եվ մի՜ թող տուր, որ թագուհին
Յուր սիրով խաբե նորան»:

Է

Արմենակը կատաղաբար
Առեց լախտը ահագին,
Մի րոպեումը նա հասավ
Բաբելացվոց բանակին:
Շուտ նա մտավ Շամիրամա
Գեղեցկազարդ մեծ վրան,
Ուր կախարդիչ սիրո ցնորքով
Դեռ նոր արբված էր Արան:
Եվ Շամիրամը պատրաստվում էր
Սրտի կամքը կատարել,
Արմենակի երևույթը
Նորան ստիպեց դադարել:
Ձեռքը ձգեց նա Արային,
Բռնեց նորա գիսակեն,
Հափշտակած շուտ դուրս հանեց
Քաղդեացվոց բանակեն,
Եվ հողմերու թևքի վերա
Տարավ նորան Արարատ,
Շամիրամա չարեն մնաց
Նա միշտ մաքուր, անարատ:
Այնտեղ հայոց աստվածներին
Գիրկ է ածում քաջ Արան,
Քաղցրահնչյուն նվագներով
Ողջունում էին նորան:
Զի նա պահեց միշտ սրբությամբ
Մաքուր ողջախոհություն,
Եվ չաղարտեց յուր պատիվը՝
Դիցական անմահություն:
Այնտեղ յուրյան ընկերացավ
Եվ Նվարդն յուր սիրուն`
Թագն ու պսակը Հայաստանի
Շքեղագեղ կույսերուն:
Մինչ յոթն օր, յոթն գիշեր
Տոն կատարեն հայոց դիք,
Անուշ քնար հնչվում էր,
Երգում էին դիցուհիք:

Ը

Բարկությունը Շամիրամա՝
Սարսափելի, անպայման,
Հանկարեակր թանկ կորստից,
Ո՜չ չափ ուներ, ո՜չ սահման:
Նա դուրս թռավ յուր վրանեն,
Որպես առյուծ կատաղած,
Մռնչում էր վազվըզելով,
Որպես խելքից ցնորված:
Վազեց, վազեց այն դաշտումը,
Սար և ձոր էր թափառում,
«Արա՜, Արա՜» կոչելուցը
Նա բնավ չէր դադարում:
Ցնորվա՛ծ էր այն խղճալին...
Նա վազում էր դեպի ծով,
Եվ խորության նորա միջին
Մտնել կուզեր անվրդով:
Եվ նա ձգեց ծովի միջում
Յուր հուռութքն ոսկեգույն,
Ալեկոծվեց անհուն ծովը
Եվ լեղի դարձավ իսկույն:
Եվ մարեցան նույն րոպեին
Նորա կրքերը կատաղի,
Եվ Շամիրամ ձևակերպվեց
Անշարժ արձան մի աղի:
Երբ մարմնից բաժանվեցավ
Տարփավոր նորա հոգին,
Նույն րոպեում նա ստացավ
Կերպարանքն աղունակին:
Մինչև այսօր կոկորդային
Բարբառով ասորական
Դեռ կանչում է աղունակը՝
«Վա՛յ, Արա, իմ սիրական...»:
Մինչև այսօր աղունակը
Բորբոքվում է, մրմնջում,
Զի վավաշոտ Շամիրամա
Հոգին կրե յուր միջում:

ԱՆԻ

(տեսիլք)

Ա

Ես քնած էի անհանգիստ քնով,
Երբ երազների գողտրիկ դիցուհին
Յուր կախարդական, օդեղեն կառքով`
Տարավ անծանոթ ինձ կողմն աշխարհին:

Այնտեղ արևն այնպես անսովոր
Ճառագայթում էր թուխ-թուխ ամպերեն,
Աղոտ էր լույսը, ջերմությունն անզոր,
Կարծես տխրություն թափում էր վերեն:

Ուր ծաղիկներն էլ չէին ժպտում,
Եվ մանիշակն այնպես լուռ, տրտում,
Յուր մարգարտացող, կապուտ աչերեն՝
Վշտալի կերպով արտսուք էր ցայտում:

Գերեզմաններով պատած էր դաշտը,
Ուր ողբանվեր, ճապուկ ուռենին,
Գլուխը ծռած (խորին էր վիշտը...)
Տարածում էր յուր սառը հովանին:

Ուռենու ոստին նստած սոխակը,
Որպես սգավոր ոգի գերբնական,
Մրմնջում էր յուր թույլ, մեղմիկ երգը,
Երգը ցավալի և դամբանական:

Այնտեղ մարդկային տեսա էակներ, —
Գունաթափ դեմքով, որպես դիակներ,
Մեջքները ծռած, գլխները թեքած,
Կարծես սև բախտի էին զավակներ:

Գիշերաշրջիկ ուրվականի պես
Դանդաղ քայլերով շարժվում են նոքա,
(Այդ մեռելային էր մի ճիշտ հանդես)
Նոցա երեսին բնավ կյանք չըկա:

Իսկ բռնակալի մահացու ձեռքը
Դրոշմել էր նոցա դժբախտ ճակատին՝
Դառն ստրկության խորին կընիքը,
Քամե՛լ էր արյունը վշտահար սրտին...

Բ

Գիշեր էր լռին: Տվնջյան լապտերը
Վաղուց ծածկված էր թուխ ամպերու տակ,
Իսկ կիսալուսնի գունատ պատկերը
Մինակ լողում էր երկնքում հստակ:

Կախարդվա՛ծ քաղաք... մեծ, լայնատարած,
Ավերակ էր նա և անմարդաբնակ.
Կարծես վրեժխնդիր բարկացավ աստված
Եվ թափեց այնտեղ կայծակ և կրակ:

Փլատակաների մեջ՝ սփռված անհուն՝
Թափառում էի տխուր, միայնակ,
Խոր գիշերային լռության պահուն,
Հին-հին դարերի հիշեի ժամանակ:

Մի ընկած ազգի հզոր գավազան
Իշխում էր այնտեղ: Բայց ո՞ւր է այժմ:
Փըշրե՛ց նորան թշնամին գազան,
Մնացին բեկորքն այն հին փառքերի...

Յուր բնակիչները գնացին գերի,
Դեպի հեռավոր երկրներ անցան,
Կորցրին ազգային բոլոր սրբությունք,
Օտարներու մեջ եղան ցիրուցան:

Ուր որ աստուծո կանգնած էր սրբարան,
Ուր բնակվում էին երկնքի որդիք,
Ուր կարդացվում էր սուրբ Ավետարան,
Վերհնչում էին քաղցրիկ մեղեդիք:

Այժմ չէր լսվում էլ շունչ մարդկային,
Յուր խռպոտ ձայնով կռնչում էր բուն,
Կամ մռնչելով` սոված բորենին
Քարշում էր որսը, բերում դեպ յուր բույն:

Ուր որ հոյակապ էին արքունիք,
Երգում էր գուսան, փրփրեին գինիք,
Ուր ասպետները քաղեին համբույր,
Եվ պարում էին սիրուն կնանիք:

Այժմ օձերը, կրիան, մողես,
Փորել են այնտեղ յուրյանց խոր որջեր,
Կամ թռչկոտելով կայտռում է աղվես,
Կամ մռչնում են գայլեր և արջեր:

Ուր որ կանգնած էր տաճար սրբազան,
Նոր սյուները, շինված գեղեցիկ,
Միշտ տոն օրերին ծաղկովք զանազան
Զարդարում էին հարսն ու աղջիկ:

Այժմ մամռապատ ընկած են գետին,
Փուշն ու տատասկը նորանց խեղդեցին,
Վայրի բաղեղը գերության շղթան
Փաթըթել է նոցա վեհ պարանոցին:

Գ

Տխո՜ւր, մտախոհ, թիկն էի տված
Մի ընկած սյունի թեքված խոյակին,
Ա՛խ, որքա՜ն ցավեր տանջեին, աստված,
Այն րոպեում իմ սիրտն ու հոգին...

Եվ արտասուքը հեղեղի նման՝
Տաք կաթիլներով թափվո՛ւմ էր գետին,
Հինավուրց փառքի թրջում էր փոշին,
Մարում էր բոցը բորբոքված սրտին:

Մութ, կիսակործան տաճարի հետքից
Շարժվեց մի ստվեր, որպես ուրվական,
Սարսափի նման ինձ սոսկում ազդեց.
Այն երևույթն էր խիստ գերբնական:

Նա մոտեցավ ինձ մեղմիկ քայլերով,
Ձեռին բռնած էր փոքրիկ մի լապտեր,
Եվ լապտերիկի մռայլոտ լուսով
Փայլում էր նորա գունաթափ պատկեր:

Տխուր էր դեմքը, նիհար, վշտահար,
Շիջած էր բոցը պայծառ աչքերուն,
Բայց դարձյալ քանի՛ վսեմ գեղեցկություն
Կար այն դեմքի մեջ՝ այնպես մեղմ, սիրուն:

Ավերակների էր նա միակ Ոգին,
Եվ սևազգեստն, որ ուներ հագին,
Հուր ալիքավոր թուխ-թուխ ծալքերով,
Թափվում էր շիտակ, բարձր հասակին:

«Հերի՜ք, այցելու, ասաց այն ոգին,
Ինչո՞ւ լացում ես այդպես վշտագին,
Իմ էլ արտասվաց առատ կաթիլներ
Ծծեցին բեկորքն այդ մեծ քաղաքին:

Բայց հանգստացի՜ր, իմ խոսքը լսե՜,
Կորուստը մի՞թե լացով հետ կըգա,
Շենքը կըքանդվի, կարգն այդպես է,
Աշխարհս ավերման է միշտ ենթակա:

Տե՜ս, այդ քաղաքն է՝ գեղեցիկ Անի,
Թագն ու պսակը սուրբ Հայաստանի.
Դորանով մի օր կըպարծենար Շիրակ,
Բայց այժմ նա լացում է նորա ավերակ:

Հաջորդ էջ