Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

ՉԱՓԱԾՈ

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՃՐԱԳ

Գիշերային լապտերը
Ամպերի մեջ լողում էր,
Մեղմիկ շնչող զեփյուռից
Ծառի տերևը դողում էր:

Գերեզմանական քնով թմրած՝
Նիրհում էր ողջ գյուղ,
Այդ գյուղիցը մի աղջիկ
Դեպդուրս վազեր աներկյուղ:

Դեպի մերձակա վանքը
Գերմարդկային այդ ոգին,
Որպես անմահ հավերժահարս,
Դիմեր ըշտապավ, մոլեգին:

Խորհրդական այդ ժամուն
Պայծառ փայլում էր լուսին,
Նա շողում էր թարմ, սիրուն
Դեմքը մատղահաս կուսին:

Նա վազում էր և վազում
Դեպի վանքը սրբանվեր,
Ուր խաչազարդ գմբեթներ
Ձգել էին լայն ստվեր:

Անդ միանձնաց կուսակրոն
Անմատչելի է կայարան,
Ուր հնչվում են ալելուք,
Սաղմոս, սուրբ Ավետարան:

Ի՞նչ է պտռում այդ աղջիկ
Գիշերային այդ ժամուն,
Յուր գանգրահեր ծամերը
Արձակ տված է քամուն:

Չիցե՞ մատղաշ այդ կուսան
Սրբարանի անկյունում`
Յուր զղջացած մեղքերը
Նա լացելու է գնում:

Չիցե՞ վանքի պարսպում
Հայր-սուրբերից սիրատար`
Նա ակնկալ մի ունի,
Որ սպասում է անդադար:

Բայց ի՞նչ պետք է իզուր տեղ
Լուծել խորհրդոյն այդ կնիք,
Աստված միայն է գիտում
Կուսական սրտին գաղտնիք:

Իսկ գեղեցիկն այն աղջիկ
Ըշտապելով շուտ քայլեց,
Երբ աշտարակի գլխից
Աղոտ ճրագ մի փայլեց:

Դեպխորհրդական լույսը
Դիմում էր նա կաթոգին,
Որպես թիթեռը հրճվելով
Դեպի բոցերը ճրագին:

ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ

(137-րդ Սաղմոս)

Բաբելացվոց գետերու մոտ
Մենք հայրենյաց կողբայինք սուգ,
Եվ Սիովնը միտ բերելով,
Կըթափեինք դառն արտասուք:

Պանդուխտ երկրի ուռիներեն,
Մեր քնարները՝ տխուր և մունջ,
Մենք կախեցինք, և զեփյուռեն
Հնչեն լարերն դառն մրմունջ:

Մեր գերիչքը կարեկցաբար
Ասում էին ստիպելով.
Մեզ Սիովնի երգեք երգեր,
Մի՜ վրդովեք մեզ ձեր լալով:

Տիրոջ երգն ինչպե՞ս երգենք
Օտար երկնի կամարի տակ,
Օտար երկրում ինչպե՞ս պատմենք
Մենք Սիովնի սուրբ հիշատակ:

Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ,
Եհովայի ո՜վ սուրբ տաճար,
Իմ աջ ձեռքս թող չորանա,
Երբ մոռանամ քո սերն անճառ:

Երբ չըհիշեմ քեզ մի րոպե,
Թո՜ղ իմ լեզուս փակչի qիմքիս,
Եվ հավիտյան թո՜ղ մունչ մնամ,
Երբ քեզ համար չըտամ հոգիս:

Երբ տե՜ր, Սալիմի կըխնդրես վրեժ,
Հիշե՜ Եդովմի անգութ զավակներ,
Որք ասում էին՝ — «Փլուցե՜ք դորան,
Փլուցե՜ք դորա հիմն ու հատակներ»:

Ո՜վ Բաբելոնի դստրիկ թշվառ,
Քանի դառնությանց մեզ եղար պատճառ
Երանի նորան, որ պատիժ արդար`
Քո չարիքներին փոխարեն կըտար:

Երանի նորան, որ քո զավակներ
Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա՝
Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով,
Կառներ, կըզարկեր քարերու վերա:

ԳԵՐԻՆ ԱՎԱՐԱՅՐԻ
(Վարդանանց պատերազմի ժամանակ)

Պարսից գետերի ափերի մոտով,
Գլուխս ծռած և տխուր սրտով,
Իմ բոլորտիքս զինվորներ պատած,
Ես թափառում եմ շղթայված ոտով:

Ես մի գերի եմ՝ անբախտ և թշվառ,
Ոչ ոք չէ լինում վշտիս մխիթար,
Միայն հնչումը ծանր շղթայի
Ինձ հիշեցնում է մտքեր չարաչար:

Ինձ հիշեցնում է Արաքս, Արարատ
Եվ Էջմիածին՝ մայր մեր գթառատ,
Ինձ հիշեցնում է քաղցրիկ Հայաստան
Եվ սեր հայրենյաց՝ սուրբ և անարատ:

Սիրտս էրվում է, լերդս խորովվում,
Աչքերես առուք գետի պես հոսվում,
Եվ արտասուքն ինձի խեղդում է,
Խեղդում, ուշաթափ գետին է ձգում:

Գերեվարներից մի գըթոտ զինվոր
Մի՜ լար, ասում է, ով քաջ և հզոր,
Միշտ չես մնալ դու գերի մեր երկրում,
Եվ ազատություն կրգա քեզ մի օր:

Բայց դու մեզ երգե քո հայրենիքի՝
Քո Արարատա կորուսած փառքի՝
Նորա վեհության՝ անուշիկ երգը,
Երգե կմխիթարվի քո սիրտն ու հոգի:

Ես Արարատա կորուսած փառքը,
Ես մայր Արաքսի դառն արտասուքը,
Գահեն որբացած ծերուկ Մասիսի`
Ինչպե՞ս ես երգեմ՝ ողբն ու սուգը:

Երբ արտասուքը թշվառ պանդխտի
Ցողում է հողն օտար աշխարհի,
Խոր սրտեն բխած նորա երգի ձայն
Հնչեցնում է օդն օտար երկնքի:

Բայց Հայաստանի գերին խեղճ, պանդուխտ,
Թո՜ղ ձեզի երգե յուր սրտի սուրբ ուխտ,
Որ նորա կենքի է միակ նպատակ,
Քանի ապրում է օտար երկնի տակ:

Ով իմ Հայաստան, սիրուն հայրենիք,
Հայկի և Արամա երկիր գեղեցիկ,
Թո՜ղ քաջքն Արտավազդա ինձ կորուսանեն,
Թե ես մոռանամ քո սերը քաղցրիկ:

Թո՜ղ իմ բազուկս չորանա իսպառ,
Թո՜ղ լեզուս լռվի, չըխոսի մի բառ,
Երբ պատերազմում, քո թշնամու դեմ,
Չըզոհեմ արյունս քո սիրո համար:

Թո՜ղ իմ աչքերը կուրանան շուտով,
Երբ քեզ ես նայեմ Վասակի սրտով,
Թո՜ղ իմ ականջներ իսպառ խըլանան,
Երբ չարիքդ լսեմ, մնամ ես անվրդով:

Երբ, տե՜ր, կըխնդրես վրեժն անբախտին,
Դու միտ բեր հային և հայի որդին,
Տե՜ս Ավարայրի լայն դաշտն ահարկու,
Հայի արյունով ներկված է գետին:

Թափի՜ր քո կրակ, քո կայծակ և հուր,
Լարե՜ քո աղեղ, նիզակ սայրիսուր,
Սասանա պարսկի որդիքն անիրավ,
Թող խոր դժոխաց լինեն կերակուր:

Երբ պատերազմի հնչեց ահեղ փող,
Սիրտս նախանձի կզգա մի սուրբ դող,
Կըփշրեմ շղթաս, ձեռքումս բաց սուր,
Կառնեմ իմ վրեժը, հետո կմտնեմ հող:

ՍՈՒՐԲ ՈՍԿԵՐՔ1

Անապատ, անշեն, դաշտ էր ընդհանուր,
Ուր թափառում եմ մտահույզ, տխուր,
Ուր ավերակաց տրտում տեսարան
Բերե անախորժ զգացմունք իմ վերան:

Ադամա որդվոց չէր լսվում աստ շունչ,
Այլ բուի ճչյուն, աղվիսաց մռունչ,
Միակ հիշատակ աստ հին մարդկության
Ներկայանում է ցուրտ դամբանարան:

Անգութ ժամանակ, — կռովն ծերունին,
Ստեղծագործության այդ հին թշնամին,
Մարդկանց մարմիններ փոշի դարձրել ողջ,
Մի կառափ միայն մնացել էր ամբողջ:

Անապատի մեջ, թեև դուզնաքյա,
Վաղամեռ մարդու այդ մնացորդը
Ինձ շատ գրավեց, վեր առա նորան,
Դրած նայում եմ, իմ ծնկի վերան:

Երանի՛ վերին գրոց սրբազան,
Լինեի դպիր, և տառք զանազան
Ես բացատրեի այդ լայն ճակատին,
Թե ո՞վ էր արդյոք մարդու այդ որդին:

Արդյո՞ք արքայի դա գլուխ թագազարդ,
Որ յուր գահույից մահվան սուր գեղարդ
Զարկեց, կործանեց, տարավ հողի տակ,
Կորավ նորա փառք, մարգարտյա պսակ:

Արդյո՞ք մի աղքատ, քրքրված մուրացիկ,
Որո կենաց թել սովո կտրեց ժանիք,
Եվ բարի մարդիկ նորա մեռած դին
Բերին թաղեցին մեջ այդ ցուրտ հողին:

Արդյո՞ք ծերունի մի սուրբ րաբուն,
Քարոզող փրկչի կտակ և անուն,
Վարվարաց ձեռքից խմավ դառն բաժակ,
Հիսուսի սիրուն եղավ նահատակ:

Ասա՜, ո՜վ վերին գողտրիկ Զվարթուն,
Որ պահպանում ես այդ փթած աճյուն,
Ո ՞ւմ կըպատկանի փշրած այդ կառափ,
Որ բերե գաղտնի ինձ վերա սարսափ:

Հանկարծ լսելի եղավ մի հնչյուն,
Որպես զեփյուռի հեզիկ շշնջյուն.
Եվ նորա միջից որոշ այդ ձայներ,
Ինձ զմայլանաց բերին հիացում:

«Դա էր քաջ Վարդանն՝ այն հայ տղամարդ,
Շավարշան դաշտում մարտնչեց յուր մարտ,
Կրոնի, հայրենյաց և ազգի համար
Նա թափեց արյուն, եղավ զոհ արդար:

Դա սպարապետ էր Հայոց զորքին,
Սիրող հայրենյաց, սիրող յուր ազգին,
Որ մինչև կենաց յուր վերջին վայրկյան
Եղավ յուր ազգին շահավետ անդամ:

Աներևույթ ձայն ազդեց իմ սրտին,
Ես սուրբ նշխարքը դրեցի գետին.
Եվ նորա առջև ծունկ իջա շուտով,
Երկրպագեցի երկյուղած սրտով:

Ինձ տիրեց սարսափ: Կոչեմ սաստկագին. —
Դա ազգասերի գլուխ է անգին,
Դա մեր հերոսի գանգն է քաջազեն,
Որ փրկեց կրոն զենտի կրակեն:

Քեզ, ո՜վ սուրբ ոսկերք, ես պիտի պաշտեմ,
Ոսկի, արծաթի սափորում կամփոփեմ,
Կըշինեմ մատուռ, տաճար, սուրբ սեղան,
Կըկանգնեմ քեզի մի անմահ արձան:

Առավոտյան շուտ ես քո առջևը,
Եվ երեկոյան ծնկներու վերա,
Կըլամ, կըվերուղղեմ աղոթք ջերմաջերմ,
Դու իմ բարեխոս, ես քեզ կաղերսեմ:

Երբ որ դավ դնե անգութ թշնամին,
Եվ պատժել պետք էր այն անզգամին,
Ես կըռվի դաշտում, սուրբ իմ ձեռքում, —
Կըխնդրեմ միայն քեզնից օգնություն:

Ծովի միջումն, երբ տանջե մրրիկ,
Ինձ տակով անեն լեռնացյալ ալիք,
Երբ կըսպառնա ինձ մահ և սարսափ
Անապատի մեջ մի Բետով-արաբ. —

Ամեն տեղ, ամեն փորձանքում
Քո անուն կըհիշեմ, քեզնից օգնություն,
Քեզնից փրկություն ես միշտ կըխնդրեմ,
Դու ես մեր Փրկիչ, ես քեզ կը պաշտեմ:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՔ

Հեռո՛ւ, հեռո՛ւ, ո՜վ սև մտքեր,
Ինչո՞ւ դուք ինձ տանջում եք,
Մի՜ քրքրեք իմ հին վերքեր,
Սիրտս հանգիստ թող տվեք:

Հեռո՛ւ, հեռո՛ւ, ո՜վ տխրադես
Հիշողությունք և կրքեր,
Ա՛խ, մի՜ բերեք իմ աչքիս դեմ
Անցյալ ավուրց փայլուն պատկեր:

Անցյալ ավո՛ւրցավո՛ւրց ոսկի,
Որք նորա հետ անցուցի,
Որուն իմ սիրտ, իմ կյանք, հոգի
Եվ իմ սուրբ սեր զոհեցի:

Բայց ինձ համար նա չքացավ
Անհայտության մութի մեջ,
Թողեց միայն ինձ դառն ցավ,
Մարած սրտումս՝ կայծ անշեջ:

Այդ սուրբ սիրո անշեջ կրակ
Պիտ վառ պահեմ իմ սրտում,
Մինչ մահ նորա սուրբ հիշատակ
Պիտ երազեմ իմ մտքում:

ՄՇԱԿ

(Պարսկաստանի և Տաճկաստանի հայերի կյանքից)

Թողեր եմ ու եկեր զավակներըս, այգիս,
Քանի որ ա՛խ կասեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՜ր ձայնիկդ ի հոգիս,
Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մբ չունի՞ս:

ՊԱՆԳՈՒԽՏԻ ԵՐԳ

Ա

Գալիս է գարուն, նոր կյանք է բերում.
Վարդ և շուշանը բացվում են, բուրում,
Թարմ և ծաղկազարդ փայլում է տերև,
Մանուկ զորությամբ ծագում է արև:
Շնչում է անտառ: Երգում է ծիծառ:
Վաղորդյան ցողը սփռում է գոհար,
Կանաչ հովիտը վառվում է պայծառ:
Զարթնեց բնություն կուսական խանդով:
Դեպգործ մեղուներ դիմեն եռանդով:
Վաղ առավոտյան ձայնը կոչնակին
Կանչում է դեպդաշտ անբախտ մշակին:
Բայց արշալույսի վարդագույն թշեր,
Ջարթած բնության հրաշալի պատկեր,
Չե՜ն, չե՜ն հրապուրում սիրտը վշտահար,
Սիրտը, որ մեռած էր ցավով հազար
Գլուխը ծռած, մշակը տրտում
Վարում է գութան արգավանդ դաշտում,
Եվ նորա երգը հնչում է արդեն,
Երգը հոգսերով ծանրացած սրտեն:
Ա՛խ, նա օտարի հողն է մաշկում,
Որո պտուղը նա չէ ճաշակում,
Հո՜ղ, որ նախահարց սրբված արյունով,
Այժմ ջրվում է որդու քրտինքով,
Այժմ ցողվում է դառն արտասուքով

Բ

Գալիս է ամառ, կրակոտ եղանակ,
Անխոնջ վաստակի, պտղի ժամանակ:
Յուր աստվածեղեն ջերմության հոգին
Կենսատու շնչով ծավալն արփին:
Հասել է ծիրան, տանձը մեղրածոր,
Աղջկա թշի պես վառվում է խնձոր,
Սաթանման-դեղին կախված է ողկույզ,
Մանկտին գրավում է շլոր և թուզ.
Սեխով, ձմերկով լիքն է բոստան,
Ոսկյա հոսանքով ծփի անդաստան,
Եվ արտորայքի ծանրացած հասկեր՝
Խիստ հիանալի նկարեն պատկեր:
Հետ երից անգամ երգը խոսնակին
Զարթնում է իսկույն հնձվորի հոգին:
Փայլում է մանգաղ: Գործում է մշակ:
Բարձած սայլակի ճռինչն անուշակ
Հնչվում է հեռու, հեռու դաշտերեն,
Բերում դեպի կալ հունձքը արտերեն:
Կալսում է յուր կալ, մաքրում է ցորյան, —
Պտուղը յուր ձեռքի, քրտինքի, արյան.
Եվ այդ բոլորը նա զոհ է բերում
Կալվածատիրոջ, լեցնում ամբարում,
Անիծելով բախտ, գնում է յուր տուն,
Լացում է սև օր, քաղցած գերդաստան:

Գ

Գալիս է աշուն: Թափվում է տերև,
Սոխակն յուր վարդին տա վերջին բարև,
Եվ տարափոխիկ արագիլ, կռունկ՝
Գաղթեն դեպի տաք երկրներ խորունկ:
Ուժգին, ցրտաբեր փչում է հյուսիս,
Սև-սև թուխպերով պատվում է Մասիս:
Մահվան դեղնությամբ ծածկվում են դաշտեր:
Զվարճասեր սրտից չեն ցրվում վշտեր:
Լիքն է հունդերով մրջիմին ամբար,
Թեև չըցանեց, չըկալսեց յուր կալ,
Եվ յուր մոմեղեն խցումը շար ի շար
Մեղուն կազմել է ձմեռվա պաշար:
Իսկ յուր արտերով մեր խեղճ գյուղացին
Մնում է կարոտ պատառ մի հացին.
Տխուր, հուսահատ, գլուխը ծռած,
Նստած է տան մեջ, ձեռքերը փակած:
«Անցուցի՜ր ամառ, անցուցի՜ր գարուն, —
Ասում է կինը. անցա՜վ և աշուն,
Դռանը կանգնած է ցրտաբեր ձմեռ,
Որդիքս կիսամերկ, որդիքս կիսամեռ՝
Ես ինչո՞վ պահեմ, ասա ինձ, այրի՜կ»:
— «Աստված ողորմած է, սպասի՜ր, կնիկ».
Ասաց մշակը և լռեց իսկույն,
Ծածկեց ցավերը վշտալից հոգուն...

Դ

Գալիս է ձմեռ, — ալևոր ծերուկ,
Խոժոռած դեմքով, սպիտակ մորուք,
Չըկա մի ժպիտ նորա աչքերում,
Դառնաշունչ ձայնով սարսափ է բերում,
Սառած է արյուն ողջ երակներում,
Սիրո ջերմություն չըկա նորա սրտում:
Մահաբեր ձեռքով ձյունեղեն պաստառ
Տարածում է նա: Սար, դաշտ և անտառ,
Ողջ ծածկվում են սպիտակ պատանով...
Լռում է թռչնիկ. մեռնում է ծաղիկ.
Սառցապատ գետակ մնչում է լռիկ:
Կտուրի վերա նստեց ագռավ,
Ծերի գալստյան համբավը բերավ,
Կռկռաց, կռկռաց և չարագուշակ
Ձայնով գուշակեց գյուղացու վիճակ:
Բայց մեր գյուղացին էլ դուրս չէ երթում,
Փակված է մթին նա յուր խրճիթում:
Նորա անոթի որդիքը կիսամերկ
Սառը թոնրի մոտ նստած են տրտում,
Խաղալ չեն գնում դրսումը՝ ցրտում,
Զի չըկա հագուստ խեղճերի հագին:
Գործում է թեև դազգահ ջուլհակին,
Գործում է կտավ և մանում է կին,
Բայց նոցա գործվածք պիտգնան վաճառ
Վճարել խանի տուրքը անվճար:

Ե

Իսկ մեր մշակի պարտքի մուրհակին
Լրացան տարիք կրկին և կրկին.
Այն անիծյա՛լ պարտք... պարտքը պարսկին,
Որով նա գնեց եզները ջուխտակ,
Եղավ նա գերի, ընկավ հոգսի տակ:
Նա չունի արծաթ, չունի եկամուտ,
Բայց մահմեդական վաշխառուն անգութ
Քարշում է տանից նորա երեխան`
Ծանրացած պարտքի տոկոսի փոխան:
Մի բարբարոսին խիղճն ի՞նչ է ծանոթ,
Որ չունի օրենք, իրավունք, ամոթ...
Ի՞նչ անե խեղճն, ի՞նչ հող տա գլխին,
Ազատե կյանքն անբախտ երեխին.
Յուր պարտատերին ակամա սրտիվ
Զոհում է նա շատ արտաքուստ, պատիվ
Մինչ կրկին տարի ժամանակ առավ,
Տուն, տեղ, ամեն ինչ նա դրեց գրավ:
Նորից ամրացավ գերության շղթան:
Թողեց վարուցանք, արոր և գութան,
Եվ պանդխտության կրեց գավազան,
Դեպի հեռավոր, դեպօտար աշխարհ,
Տխուր, սրտաբեկ՝ ուղղեց ճանապարհ.
«Կերթամ, — ասաց նա, — մի՜ լացիր, կնիկ,
Կամ օտար երկրում կըմեռնեմ, կըկորչեմ,
Կամ պարսկի պարտքեն որդիքս կազատեմ

Զ

«Ա՛խ, աստված... — գոչեց, գնաց գյուղացին,
Չընայեց կնոջ արտասուք-լացին,
Թողեց ընտանիք նոթի, կիսաշունչ,
Թողեց անխնամ, մերկ և անտերունչ:
Երկար տարիներ նա թափառական
Ընդ ծով և ցամաք պտտեր անսահման,
Երկրե երկիր շրջեր գաղթ ի գաղթ
Եվ հուսակտուր որոնում էր բախտ:
Եվ վերջ ի վերջո մի մեծ պանդոկում
Եղավ նա համալ, բեռն էր շալակում,
Բեռն էր շալակում, որպես մի գրաստ,
Գործեր անասնոց նա գործ չարապաստ
Լափչիքը հագած, փալանը մեջքին,
Մինչև կես-գիշեր քաղվում էր հոգին,
Եվ նույն փալանին գլուխը դրած,
Սառը գետնի վերա քնում էր հոգնած:
Բայց և այդ բախտը չըտևեց երկար.
Մի օր մի մեծ հակ տանում էր բազար,
Ծանր էր բեռը, ծանր և ահագին,
Ոտքերը դողաց, աչքերը մթնեց,
Հանկարծ գլորվեց յուր բեռան տակին. —
Անշունչ, կիսամեռ վեր առան նորան
Եվ հիվանդանոց ընկերքը տարան:

Է

Ծիծառը դարձավ դեպիրա բույնը,
Կարգեց, նորոգեց՝ ավերված տունը,
Բայց մեր մշակից դեռ չըկա համբավ:
Ընտանյաց վիշտը դառն էր, անբավ:
Հին պարտատերը շատ շատ էր տանջում,
Նորա կնկանից փող էր պահանջում:
Տանջվե՛ց խեղճ կինը, տանջվե՛ց անպայման,
Մանուկ հասակում մաշված, թառամած,
Անբախտ գլուխը տարավ գերեզման
Փոխան նոցա հին պարտքի մուրհակին
Տիրեց պարտատերը կայք և տնակին:
Կորած պանդխտի դստերքը մատղաշ
Պարսկի հարեմում եղան ղարավաշ:
Հայերից մի տան մարեցավ օջախ:
Բայց քանի՝ հարյուր տներ այդպես հաճախ
Անհետանում են ամենայն տարի...

ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ի բիւր ձայնից, բնության շքեղ
Թէ երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թէ որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն այնքան մի սիրուն
Քան զանձկալի եղբայր անուն:
Մ. ՊԵՇԻՔԹԱՇԼՅԱՆ

Տո՜ւր ինձ ձեռքդ, մենք եղբայր ենք,
Ե՜կ տանք սիրո միմյանց համբույր,
Այն ի՞նչ ծաղիկ է անուշհոտ,
Քան զսեր եղբարց՝ սուրբ, բարեբույր:
Եղբայր ենք մենք, մի հզոր զավակ,
Մեր երկուսիս երակներում՝
Մաքուր, պայծառ և անարատ`
Հայկա արյունն է միշտ վազում:

Հայ ենք, եղբայր, հա՜յ երկոքյանս,
Հայը հային է՞ր պիտի ատե,
Այդ կաթոլիկ, պրոտ անուններ
Ինչո՞ւ մեզի պիտի զատե:

Սեր, միություն, եղբայրություն
Մեր դրոշի վերա գրենք,
Մենք միասին ձեռն ի ձեռին
Մեր գործերը հառաչ վարենք:

Մենք միասին ուրախանանք,
Եվ միասին անենք մեր սուգ,
Հայնժամ մեզի կըքաղցրանա
Աչքեն հեղած դառն արտասուք:

Եղի ՜ր, եղբայր, դավանմունքով
Դու կաթոլիկ և լուտերան,
Հավատավոր կամ անհավատ,
Գրիգորյան, կամ Վոլտերյան:

Այդ քո կամքից, համոզմունքից
Ունի ազատ միայն կախում,
Իսկ կրոնքի լոկ պատճառավ
Ինչո՞ւ ես դու ազգդ փոխում:

Հա՜յ ես դու, հա՜յ, Հայկա զավւսկ:
Դու պաշտե քո ազգության,
Սիրե՜ լեզուն քո հայրենի,
Սիրե՜ նորա ավանդություն:

Սիրե՜ երկիր քո հայրենի՝
Դրախտավայր մեր Հայաստան,
Սիրե՜ նորա հողն ու ջուրը,
Ավերակներն ու անդաստան:

Տո՜ւր ինձ ձեռքդ, հայ ենք, եղբայր,
Ազգության կնքենք համբույր,
Ով յուր ազգը չէ ճանաչում,
Մտքով, աչքով՝ խուլ է և կույր:

ԳԱՐՈՒՆ

(Հինգերորդ դարու Հայոց տիկինների երգը)

Բազում ձմերոց հալեցան սառնամանիք,
Եհաս գարուն և եկին նորեկ ծիծռունք,
Տեսին և խնդացին կենցաղասեր մարդիկ,
Եվ նոքա ոչ երքեք կարացին տեսանել
զանձկալիս յուրյանց...
ԵՂԻՇԵ

Անցա՛ն, անցա՛ն տարիներ,
Եկան, գնացին շատ ձմեռ,
Նորեկ ծիծառը ճռվռուն
Ավետում է նոր գարուն:

Լռե, լռե ո՜վ ծիծառ,
Դու մեր սիրելյաց դարձեն
Չես բերած ոչ մի խաբար
Պարսից հեռու աշխարհեն:

Ուր շղթայած բանտերում
Տանջվում են չարաչար,
Նոցա կարոտ աչերուն
Ոչ քուն կա և ոչ դադար:

Դու չե՛ս, չե՛ս նոր գարուն,
Գարունը Հայսատանի,
Դու հայոց տիկիններուն
Ողբը, լացը չե՛ս տանի

Զի քո փառավոր դարձի
Այդ գեղեցիկ տեսարան
Հիշատակում է նոցա
Կորած սենր աննման:

Ձյունը հալվեց, դաշտերը
Կանաչ խոտով ծածկվեցան,
Խնձորենին ու նշենին`
Ծաղիկներով ծաղկեցան:

Թռչունք, սարյակ և սոխակ`
Տոնեն նոցա հիշատակ,
Վարդ ու շուշան և մեխակ
Խնկեն բուրումն անուշակ:

Արարատա դաշտերում`
Ժիր նժույգի խրխինջը
Շփոթում է վաղորդյան`
Օդի հանգիստ, խոր նինջը:

Կարծես նա էլ զգում է,
Որ էլ ինքը տեր չունի.
Մամիկոնյան քաջերը
Ընկա՛ն, ընկան վշտալի...

Անտառներում եղջերուն,
Թռչկոտում է համարձակ,
Լորն ու կաքավ երգում են,
Էլ վախ չունի նապաստակ:

Կարծես նորանք էլ գիտեն,
Որսորդներից ազատ են,
Իշխաններն էլ չըկան,
Որ նոցա սիրտը շփոթեն:

Հայաստանի երկինքը
Թուխ ամպերով է պատած,
Սուգ է մտել Մասիսը,
Տխրադեմ է Արագած:

Ժողովուրդը տոնասեր
Չէ խմբում եկեղեցին,
Աղջիկները չեն պարում,
Թմբուկ, երգեր լռեցին...

Դու չե՛ս, դու չե՛ս նոր գարուն,
Գարունը հայոց տիկնաց,
Դու մեզի չես ավետում
Մեր քաջերի վերադարձ:

Այն օրն է նոր գարուն,
Երբ կընորոգվի Հայաստան,
Եվ մենք ազատ կըշնչենք,
Ձգելով լուծը պարսկական:

ՈՂԲԸ ԶԵՅԹՈՒՆՑԻ ԿՆՈՋ ՏԱՆԸ ՄԵՌԱԾ
ՏՂԱՄԱՐԴԻ ՎԵՐԱ

Ափսո՛ս, որ այդպես անփառք և անշուք,
Փափուկ մահճի մեջ փչեցիր քո հոգին,
Ափսո՛ս, որ մահը քեզի հանդիպեց
Քո խաղաղ տնակի կամարի տակին:

Դու մի քաջ էիր` արի և հզոր,
Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,
Կռվի դաշտիցը քո արյունոտ մարմին
Ես տուն բերեի՝ սրտով գո՛հ... ուրա՛խ...

Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք
Քո արնով ներկված դիակի վերան,
Ինձ ցավ չէր հայնժամ ողբերով երգել
Քո պարծանքներով կանգնած գերեզման:

Զի Հայոց տիկնայք ինձի կասեին`
Փա՜ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր՝ քաջ, հսկա, արի:

Ինձ քաղցր էր հայնժամ թափեք արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան:

Թп՜ղ պատերազմում, կռիվի դաշտում,
Մեր Հայրենիքի փրկության համար,
Սուրը քո ձեռին, փառավոր մահով,
Թո՜ղ դու զոհեիր քո արյուն արդար:

Ինձ քաղցր էր հայնժամ իմ ճեռով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչքերը,
Զի հազար աչեր պիտ արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները:

Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերեն,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ յուրյանց այրերեն:

Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ
Քո արությանցը՝ վկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՜չ քուրդ, ո՜չ արաբ և ո՜չ մի թուրքման:

Բայց ափսո՛ս, քեզ հետ` ալ-արդակարմիր
Դու մի թարմ սպի չըտարար գերեզման,
Դու մեռա՛ր, անբախտ, հասարակ մահով
Փափուկ մահճի մեջ... քո բարձի վերան...

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳԸ ԶԵՅԹՈՒՆՑԻ ՀԱՅ ՏԻԿՆՈՋ

Նանի՛կ արա, սիրուն որդյակ,
Դու նանի՛կ, նանի՛կ, նանի՛կ,
Նանի՛կ արա, շուտ մեծացիր,
Քեզ մատա՛ղ է իմ ջանիկ:

Օրորոցդ մոր ձեռքով՝
Մեղմիկ, հանդարտ, կըշարժեմ,
Քո մեռած հոր հիշատակը
Քեզ երգելով կըպատմեմ, —

Հայրդ էր հզոր առյուծ,
Այն քաջարին Երվանդ,
Նա ուներ դեպ յուր ցեղը՝
Շատ սեր, շատ գութ, շատ եռանդ:

Մի օր հեծավ յուր սև ձին,
Ելավ նա դեմ ոսոխին,
Յուր հետ յուր քաջ ծառաներ`
Գնաց հալածել թշնամին:

Թշնամին էր քաշն Ռավո՝
Այն վիթխարի աժդահան՝
Զարկեց հորդ սրտի մեջ
Յուր նիզակը հոգեհան:

Զարկեց հորդ սպանեց,
Հոտերն ավար տարավ,
Վրանները կողոպտեց,
Նա մեզ ոչինչ չըթողեց:

Նանի՛կ արա, աչքի լո՜ւյս,
Նանի՛կ, որ շուտ մեծանաս,
Քո անտերունչ քաջ ցեղին
Հորդ փոխան տիրանաս:

Մեր ծաղկավետ սարերը,
Մեր խոտավետ արոտներ,
Արածում են թշնամյաց
Եվ օտարներու հոտեր:

Մեր պաղ, հստակ աղբյուրներ
Պղտորում են պիղծ շրթունք,
Թշնամուհյաց կուրծքերը՝
Զարդարում են մեր ծաղկունք:

Հպարտ, ազատ մեր ցեղը,
Ամոթալի՜ հիշատակ
Առել է յուր պարանոց
Մեր հաղթողի լծի տակ:

Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,
Թափառում ենք սարից սար,
Օտար ձեռքերու կարոտ,
Հողին եղած հավասար:

Անարգ, գերի, անպատիվ,
Որպես պիղծ ազգ անամոթ,
Թքում են մեր երեսին,
Ապտակ զարկում մեր գլխին:

Նանի՛կ կասեմ, իմ հրեշտակ,
Նանի՛կ կասեմ երգելով,
Նանի՛կ կասեմ երգելով,
Ողբ երգելով ու լալով...

Երբ մեծացար աստուծով,
Առ հորդ նետ-աղեղը,
Հեծի՜ր նորա նժույգը,
Կրկին տիրե՜ քո ցեղը:

Խնդրե հորդ վրեժը
Այն քաջ, անգութ հաղթողեն,
Ա՜ռ նորանից հոտերը,
Արտաքսե՜ մեր սարերեն:

Նորա երկաթի կուրծքի մեջ
Դու էլ ցըցե քո մըզրախ,
Երկու բուռն արյունից
Դու խմե ուրախ-ուրախ2:

Խմե՜, և թո՜ղ հովանա
Քո մոր կրակված սիրտը,
Խմե՜, և թո՜ղ հանդարտվեն
Հորդ կարոտ ոսկերքը:

Նանիկ կասեմ, դու քնե՜,
Ո՜վ իմ հրեշտակ արդար,
Քնե, զի դու միայն ես
Մորդ սրտին մխիթար

ՊԱՌԱՎ ՕՐԻՈՐԴ

Անցնում են միշտ սև օրեր,
Անդառնալի... սրընթաց...
Իմ աչքերի արտասուքը
Չէ՜ չորանում, է միշտ թաց:

Ժամանակը ձայն է տալիս` —
Դե՜, շո՜ւտ արա, հնացա՛ր...
Աննկատելի քո քայլերով
Գերեզմանին մոտեցար:

Վա՛յ իմ գլխին... անցան օրերս...
Դեռ չեմ գտել ոչ մի սեր,
Մինչև այսօր իմ կյանքին
Չեմ լծորդել մի ընկեր:

Այլ որպես մի խեղճ տատրակ,
Որ չուներ յուր վարուժան,
Մնաց ինձի միշտ լաց լինել
Իմ ողբալի բախտ դաժան...

ԵՐԱԶ

Եւ գայլը գառին հետ պիտի բնակի, ու
ինծը ուլին հետ պիտի պառկի, և որթը ու
առոյգ առիւծը, և պարարտ գուարակը, մէկ
տեղ պիտի արածեն և նրանց մէկ պստիկ
տղայ պիտի քշէ:
ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵ

Ես քնած էի հանգիստ և անուշ,
Ինձ երևում էր հրաշալի աշխարհ,
Այնտեղ թռչունն երգում էր քնքուշ,
Այնտեղ լուսինը շողում էր պայծառ:

Այնտեղ ծաղկունքը խնկեին ամբրոս,
Այնտեղ ծառն յուր չէր թափում տերև,
Եվ բյուրեղի պես կամարվեր ջրհոս,
Անուշ ջերմությամբ փայլում էր արև:

Ամեն ինչ այնտեղ խոսում էր անկեղծ
Բարեկամական սեր, եղբայրություն,
Եվ մշտագարունկյանքով անեղծ
Գեղափայլում էր անմահ բնություն:

Այնտեղ մահառիթ սուր և հրացան`
Փշրելով՝ շինեին խոփեր արորի,
Եվ չըկար զինվոր, այլ յուր վարուցան
Գործում էր ազատ մշակն արի:

Խաղում էր գառը գայլի հետ անվախ,
Սերտ եղբայրության ուխտելով դաշը,
Եվ միամիտ ցուլն՝ աներկյուղ, ուրա՛խ
Լիզեր ամեհի առյուծի բաշը:

Եվ բազեի մոտ անհոգ ճնճուղիկ
Յուր ուրախալի երգում էր երգը,
Նա չէր վնասում մրգաբեր ծաղիկ,
Ոչ երկրագործի ցորենի բերքը:

Այնտեղ զինվորի գուժկան մուզիկան
Վառոդի ծխում մահ չէր պատճառում,
Այլ սրբանվեր սաղմոս, շարական
Խնկվում էր անուշ՝ աստծո տաճարում:

Եվ ժողովուրդը բնավ չէր կրում
Գառն հոգսերի ցավալի շղթան.
Հայրենի հողում՝ հունձքի և կալի
Էին պարապված, վարեին գութան:

Հրաշալի՛ աշխարհ... Հինավուրց Գուշակ3
Մարդկային կյանքին ձևեց այդ տարազ,
Բայց ես զարթեցա իմ քնեն անուշակ,
Ափսո՛ս, որ տեսածս՝ էր մի լոկ երազ...

ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրբարանի անկյունում
Նստած էր քավողը մեղքի,
Եվ միջնորդը մարդկության
Հետ աթոռույն երկնքի:

Նա էր արդեն ալևոր
Վարդապետ մի վանական,
Որ զոհել էր չար աշխարհ
Երկնքի արքայության:

Նորա առջև չոքած էր
Մանկահասակ մի տիկին
Եվ տալիս էր համարը
Դեռ նոր գործած յուր մեղքին.

Մի քանի օրով առաջ`
Մեր դրացի Բարբարան
Բերավ իմ բարկությունը,
Հայհոյեցի ես նորան:

Երբ որ անցավ բարկությունս
Ես շատ ու շատ զղջացի,
Եվ գնացի նորա մոտ,
Ներողություն խնդրեցի:

Օրհնյալ լինես, իմ դուստր,
Րաբբին տվեց պատասխան,
Այդպես պետք էր կատարել
Քեզ աստուծո հրաման:

Միայն ասա ՜, թե էլ ի նչ
Մեղքեր գործել ես, տիկին,
Որ քեզ ես տամ թողություն,
Աղտից սրբվի քո հոգին:

Քաջալերված այդ հուսով,
Սրբախնդիր մեր տիկին,
Հառաջ տարավ խոստովանք,
Ունկն դնե րաբբին՝ —

Հախճապակյա մի գավաթ
Գնել էր իմ ամուսին,
Չինեական գեղեցիկ
Գործ էր այն թանկ կարասին:

Մի օր անզգույշ կերպով
Նորան դիպա, կոտրեցի,
Երբ այրիկս հարց արավ,
Կատուն կոտրեց, ասացի:

Նա բարկացավ խիստ սաստիկ
Եվ պատժեց խղճիկ կատուն,
Զի նորա մեջ յուր սուրճը
Խմում էր ամեն առավտուն:

Բայց ինձ խիղճս տանջում է,
Որ կատուն իմ պատճառավ,
Թեև ոչինչ մեղ չուներ,
Այնպես սաստիկ ծեծ կերավ:

Տիկինը շատ այդպիսի
Մեղքեր ծանր և թեթև,
Անկեղծորեն, պարզաբար
Թափում էր սուրբ հոր առջև:

Բայց գործել էր մի այլ մեղք,
Խոստովանելն էր դժվարին,
Զի պատկառանք և ամոթ
Կապ էին դրած լեզվին:

Ասա՜, դուստր, թե այլևս
Փորձել է քեզ սատանան,
Զի ձեր բոլոր գաղտնիքը
Պետք է գիտենա քահանան:

Իսկ մեր տիկնոջ ամոթխած
Դեմքը փոխվեցավ իսկույն,
Նորա ճերմակ թըշերը
Կարմիր ներկեց վարդի գույն:

Բայց ուժգին էր նորա մեջ
Կրոնքի եռանդը մոլի.
Քան թե ամոթխածության
Պատկառանքը գովելի:

Այդ պատճառավ նա թափեց
Գաղտնիքն յուր հոգուն,
Որո հետ խիստ կապակից էր
Հիշատակն անցելույն:

Երբ որ սիրո կախարդը
Դեռ նոր թովել էր նորան,
Վրդովելով կուսական
Անմեղ սրտիկն աղջկան...

Դեռ ես ազապ, նորահաս,
Աղջիկ էի իմ հոր տընում,
Մեր դրացի Իվանեն
Խելքս, միտքս կր իմ տանում:

Նա սիրում էր ինձ, հայր սուրբ,
Ախտաբորբոք, ջերմ սիրով,
Մեր երկուսիս սրտերը
Կապված էր պինդ կապերով:

Ուղիղն ասեմ ձեզ, հայր սուրբ,
(Զի աստուծից չէ թաքուն)
Մինչև այսօր նորա սեր
Միշտ վառվում է իմ հոգում:

Նա է մի սիրուն տղա,
Սիրո՛ւն, որպես հրեշտակ,
Թեև աղքատ ծնողաց
Է չքավոր, խեղճ զավակ:

Եվ մենք աստուծո առջև
Ուխտ էինք դրած երկուքով,
Մեր սերն ամուսնության
Կապել ոսկի պսակով:

Բայց իմ լացն ու արտասուք
Անցան իզուր, անօգուտ,
Չըկարացին մեղմացնել
Ծնողացա սիրտն անգութ:

Նոքա սրտիս սիրական
Իվանեից զրկեցին
Եվ ինձ հարուստ, ծերունի,
Քոռ-Գևոյին տվեցին:

Մինչև այսօր Քոռ-Գևոն
Ինձ թվում է որպես դև,
Իվանեի սերը քաղցր,
Պաշտելի է իմ առջև:

Քանի այդ բռնակալն
Եղավ խեղճիս ամուսին,
Էլ չըտեսա ես նորան
Իմ ցանկալի հին փեսին:

Այդ նախանձոտ ծերուկն
Ինձ պահում է վանդակում,
Նա դահի՛ճ է, գութ չունի,
Ինձ այրում է և մրկում:

Ես էլ նորան գինու մեջ
Թմրեցուցիչ տըվի դեղ,
Նա թուլացավ և մնաց,
Որպես մեռյալ տեղն ու տեղ:

Գիշերային խոր պահուն
Ես դուրս եկա մեր այգին,
Այնտեղ ինձ սպասում էր
Իմ սիրելին թանկագին:

Ավելորդ է մանրամասն
Պատմել ձեղ, հայր պատվական,
Դուք ինքներդ լավ գիտեք,
Թուլությունքն ամեն կնկան...

Ես ձեզ բոլորը ճիշտ, անկեղծ
Խոստովան եղա պարզաբար,
Ինչ ապաշխարանք ինձ վերա
Կըդնեք, դուք եք խաբար:

Միայն խնդրում եմ, հայր սուրբ,
Այդ ինձ համար չէ թեթև...
Մի՜ պատվիրեք Իվանեին
Չսրել այսուհետև:

ԿՅԱՆՔԻ ՀՈՍԱՆՔԸ

Ի՛նչ զվարճությամբ սահում են ժամեր
Գեղեցկափթիթ իմ կյանքիս գարնան,
Ի ՛նչ անուշահոտ ծաղկում են վարդեր,
Զարդարում եդեմ անհոգ մանկության:

Սահո՛ւմ են ժամեր, վազում ժամանակ,
Բայց Կռոնոսի անիրավ ձեռքեր՝
Ամեն մի րոպե քաղում են անհագ՝
Կյանքիս դրախտեն գեղեցիկ վարդեր...

Տիրում է սարսափ՝ զարհուրանք և դող,
Երբ մտածում եմ, ամեն մի վայրկյան՝
Քանի քայլ հառաջ՝ դիմում եմ դեպհող,
Ուր մարդիկ անդարձ իջան հավիտյան:

Ի՞նչ է իմ կյանք՝ ուրեմն մի ծաղիկ՝
Գարնան ոգիով բացված գեղեցիկ,
Գալիս է աշուն՝ տերևը թառմում,
Փչում է հողմը՝ փոշի է դառնում...

ՆՎԵՐ «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱՐԾՎՈՒՅՆ»

Հավուր միում համախմբյալք
Գիշերահավք ի մի վայր,
Ատյան կազմյալ մեծ խորհրդոց՝
Զրույց առնեն այր ընդ այր:

Անդ էր բուոց և չղջիկանց
Միահեծան ծերակույտ.
Որոշեին՝ — զի՞նչ աշխարհին
Յուրյանց է վնաս, կամ օգուտ:

«Լուարո՜ւք ասեր, պետք և արքայք,
Որ ի գլուխս կապեք թագ.
Դուք, տիրապետք ժողովրդոց
Մութ գիշերուն ժամանակ»:

Հարյավ ի յոտս ոմն ի նոցունց,
Քարոզ կարդաց նա սաստիկ,
Եվ ամբոխն բազմաժողով
Ուկն դներ հույժ մնջիկ:

«Գիտե՞ք, ցորչափ սիրյաց զմեզ
Տարտարոսյան Պլուտոն.
Մինչ գիշերի արար մեզ հավ
Հայաստանին ի կեդրոն:

Աստ ի խավար չիք մեզ մռայլ,
Ո՜չ տիրե և նինջ Մորփյան,
Յորս ելանեմք ազատորեն,
Միշտ երջանիկ ի հանգստյան:

Մյուս կենդանիք գիշերամարտք
Անկյալ դնեն ի թմբիր.
Մինչ Ուզումպյան Ֆեբոսի
Լույս ծագե ի երկիր:

Իսկ ես այժմ զնոր աղետից
Զչարաց լինիմ ձեզ գուժկան.
Թեպետ խոցք սիրտս ի ներքուստ
Եվ շփոթն միտք իմ համայն:

Զի՞նչ այս ճաճանչք, որք ցոլանան,
Զի՞նչ լույս ցայտե շողշողուն,
Տեղի տա մութն ի խորս լերանց,
Եվ արշալույս փայլե սիրուն:

Ահա Վարագ բոցավառյալ
Արփիանան գեղանիդ,
Միթե ի հանգ ո՞չ ելանեն
Բանք զոր ասացին մեր նախնիք.

Թե յավուր միում Վարագյան
Ի բարձրաբերձ գագաթան,
Ուր Դիոսի մեծ Արծվին
Քառաթևյան մահարձան:

Զերթ զեփյուռիկ հրաշանորոգ՝
Արծիվ ոմն լայնաթև՝
Վեր կենցի շքեղափառ
Խավարելոց նա պարգև:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last