Րաֆֆի՝   Սալբի

Այդպիսի արդյունավոր աղբյուրներից էին բխում տեր Մարկոսի ապրուստի չորս գլխավոր պիտույքներըհաց, գինի, յուղ և ձեթ վառելու` համար, որոնք ուրիշների տնտեսության համար այնքան անհրաժեշտ էին, բայց տեր Մարկոսի համար բոլորովին ավելորդ լինելով դառնում էին վաճառքի նյութ: Տեր Մարկոսը զուրկ չէր մնում նաև առատ մսից, որ ամեն տարի, որոշյալ օրերին հասնում էր նրան միանգամայն ձրի:

Ծաղկավան գյուղի մեջ, բացի սուրբ Գեորգ եկեղեցուց, կար մի այլ հին եկեղեցիսուրբ Սարգիս անունով: Այդ բոլորովին փլատակված եկեղեցին ձևացնում էր ավերակների մի բլուր, որի միջի կիսաթաղ սրբատաշ քարերըխաչանիշ դրոշներով, և կիսակործան կամարները` մի հոյակապ շինվածքի մնացորդներն էին: Սնահավատ մարդկանց ավանդությունը պատմում է, թե հարուստ իշխաններից շատերը, իրանց հոգվո համար, կամեցել են նորոգել այդ եկեղեցին, բայց սուրբ Սարգիսը նրանց երազում երևալով հայտնել է, թե ինքը ուրախ է բնակվելու մի այդպիսի աղքատ ավերակների մեջ, այդ պատճառով նրան անվանում են անփառասեր, աղքատ սուրբ Սարգիս: Ռամիկների մեջ այդ սրբազան ավերակները մեծակշիռ համարում ունին: Կիրակեմուտ երեկոներին գյուղացի մոլեռանդ պառավները նրա փլատակած քարերի վրա վառում են իրանց յուղային ճրագները, աթարի կրակի վրա ծխում են լի բուռով անուշահոտ խունկեր, և իրանց երեկոյան աղոթքը ջերմեռանդությամբ կատարելուց հետո, թավալվում են նրա սուրբ հողերի և փոշիների մեջ, և իրանց երեսները այն նվիրական քարերին քսելով, սրբազան զգացմունքներով լի` դառնում են տուն: Ջերմախտով և այլ ցավերով տկարացած բազմաթիվ հիվանդներ ամեն օր քնած են լինում այդ կիսակործան կամարների տակ, ջերմ հույսով, թե զորավոր սուրբ Սարգիսը իրանց ապաքինություն կպարգևե:

Սուրբ Սարգսի տոնախմբության օրերին, ամեն տարի, Զարեհավանի բոլոր գյուղերից այդտեղ հավաքվում են երկու սեռի անթիվ և անհամար ուխտավորներ: Ծաղկավանում հանդիսանում է մի մեծ բանայիր, ուր տեր Մարկոսը յուր բոլոր եկեղեցական խաբեությամբ մի մեծ և առատ վաստակ է ժողովում ռամիկ խառնիճաղանջի սնապաշտությունից:

Այդ սպանդարամետական հանդեսի մեջ հայ մարդը ձևանում է յուր հոգևոր և մարմնավոր բոլոր խնդություններով: Բազմաթիվ նորահարսեր, աղջիկներ, սիրուն կանայք, տղամարդիկ, պառավ տանտիկիններ, ալևոր ծերունիներ, բոլորը զուգված-զարդարված իրանց հարսանիքի հագուստներով, մի կողմից կատարում են սրբազան պաշտամունքներ, մյուս կողմից` ամբողջ յոթն օր և յոթն գիշեր, տեսակ-տեսակ նվագարանների, սազի, չոնգուրի, դհոլի, զուռնայի ձայներով, խառնված միմյանց, պար բռնելով, երգ երգելով, ուտում, խմում, ուրախանում են...: Շատ անգամ մի ախտալից, սիրաբորբոք պատանի, ոգևորված այն ռոմանական զգացմունքներով, թե ինչպես էր սուրբ Սարգիսը փախցրել հույնի աղջիկը, երբ տեսնում է մի գյուղացի սիրուն աղջիկ, որ յուր մոր հետ եկել էր ուխտ, իսկույն նրա մեջ վառվում է սերը... նա պարի մեջ մոտենում է աղջկանշշնջում է նրա ականջին մի քանի սիրո խոսքեր... այդ կախարդական խոսքերը հրապուրում են աղջկա սիրտը... և կեսգիշերային լռին և խաղաղ պահուն, երբ ուխտավորներից շատերը հարբած, հոգնած, քնած էին իրանց վրանների մեջ, տեր Մարկոսը միայնակ, լուսնի արծաթափայլ լուսով, մի քարի տակ, կատարում է երկու սիրահարների պսակը... Մայրը երկար որոնում է կորած աղջկան, բայց առավոտյան տեր Մարկոսը, նորահարսի և նորափեսայի ձեռքից բռնած տանում է նրանց նորահարսի մոր վրանը: Նորահարսը ամոթխածությամբ կարմրած, երեսը ծածկելով՝ ընկնում է մոր ոտքերը...: Մայրը մի փոքր տհաճություն ցույց տված դեպքում «դե՜ , օրհնած, — ասում է քահանան. — այսօր սուրբ Սարգիս է, «աբեղաթող» է, սիրածը՝ սիրողինն է, փախցրածը` փախցնողինը... այսօր այդպիսի բաների համար չկա ոչ մի արգելք, այսօր ազատություն է...: Մի քանի կաթիլ արտասուք գլորվում են մոր աչքերից և նա ակամա օրհնում է նորապսակները:

Մի այդպիսի անհամար բազմության մեջ, յուրաքանչյուր ուխտավորի մորթած մեկ, երկու կամ ավելի մատաղների բուդերը (գիստը), ղևտական իրավունքովհասնում էր տեր Մարկոսին, իսկ հայոց քահանան այդ իրավունքի վրա ավելացրել է մի երկրորդ բանմատաղացուների կաշիները ևս...: Տեր Մարկոսի խեղանդամ ծառան, ժամհարի հետ, կաղկղալով քարշ է գալիս ուխտավորների մեջ մատաղների բուդերը և կաշիները հավաքում:

Տեր Մարկոսը, շատ անգամ, կռիվ է անում այսինչ ուխտավորի հետ, թե ինչո՞ւ էր նա երկու կաշի տվել, երբ մորթել էր երեք մատաղ: Ուխտավորը չէ ուրանում, չէ ասում, թե երեք մատաղ չէր, բացատրում է, թե կաշիներից մինը շունն էր գողացել, քահանան պահանջում է կորած կաշվի արժեքը: Այսպիսի վեճեր, հաճախ, հասնում են տարաձայնության մինչ այն աստիճանը, որ պատճառ են տալիս քահանային և ուխտավորինմիմյանց գլուխ կոտրելու և մորուք փետելու: Տեր Մարկոսը չէ նահանջում, հազարումեկ անեծք թափելով խեղճ ուխտավորի գլխին, թող չէ տալիս նրան, մինչև կաշու գինը ստանում է:

Ստացած ոչխարների բուդերից տեր Մարկոսը պատրաստում է օրինավոր ղավուրմա, իսկ նրա ծառան, ձմեռային օրերում, երբ միսը թանկանում է, վաճառում է այդ ղավուրման բազարում շահավոր գնով:

Տեր Մարկոսի խորամանկությամբ և հնարագիտությամբ ավելի հորդացած այդպիսի և դրա նման առատաբուխ աղբյուրները, բաշխում էին նրան ամեն տարի մեծակշիռ արդյունքներ: Դրա վրա ավելացնելով տեր Մարկոսի ժլատությամբ և չափազանց կծծությամբ ապրուստը, հասկանալի է, որ նա կարողացել էր ժողովել բավականաչափ արծաթ: Նա յուր արծաթը փոխառության կամ շրջաբերության չէր դնում, ո՜չ՝ այդ արարքի աստվածային օրենքով արգելված լինելու պատճառով, այլ՝ յուր գանձը թաղում էր հողի մեջ, կամենալով ժողովրդի աչքին ձևանալ աղքատ, ողորմելի և խեղճ քահանա-ավելի աջահամբույր ստանալու համար: Այդ նկատառումով նա միշտ ման էր գալիս պատառոտված հագուստներով և բոբիկ ոտներով: Նրա մահուդի վերարկուն, քրքրված և եղոտված, կրում էր յուր վրա նրա նորընծայության օրերի թվականը: Նրա մորթի գդակը, կորցնելով յուր բուրդը, նմանում էր գլխի վրա դրած մի պարկի...:

Տեր Մարկոսը (քանի՛ հազար այդպիսի տեր Մարկոսներ ունինք մենք...), Մաշտոցին և Տոնացուցին ծառայելը յուր քահանայության միակ նպատակը դարձնելով և քրիստոնեության բուն խորհրդին մի տարապայման և խոտորնակի կերպարանք տալով՝ փրկչի սուրբ Ավետարանը արել է մի ուռկանյուր նյութական օգուտը որսալու:

Հը՛մ... դո՞ւ էլ սկսեցիր մեր հոգևորականների ջիղը ծամել և նրանց ոտից քարշ տալ, — իմ խոսքը կտրում է նեղսիրտ հնամոլը, երեսը խոժոռելով և աչքերից կայծակ թափելով:

Ո՜չ, պարոն, — պատասխանում եմ ես. — իմ ասածը տեր Մարկոսի համար էր... դուք կճանաչեք, թե ինչ պտուղ է տեր Մարկոսը... հրամայեցե՜ք Ռեսի հետ, ձեզ ներս կտանեմ նրա տունը, և ավելի լավ կծանոթացնեմ նրա հետ:

***

Չարության դևը մտած Ռես Վասակյանի սրտի մեջ, չարաչար խռովում և ամբոխում էր նրա հոգին: Նա, միայնակ, վաղ առավոտյան, գնում էր Ծաղկավանի մի նեղ և ցեխոտ փողոցով, և նրա գլուխը նույն րոպեին ծանրացած էր ամենազարհուրելի մտածություններով... «Այն՝ որ հանձնառու չեղավ կատարել մարմնավոր բժիշկը... անպատճառ կկատարեմ հոգևոր բժշկի ձեռքով...», ստեպստեպ կրկնում էր նա յուր մտքի մեջ:

Վերջապես նա կանգ է առնում մի դռան առաջ, որ ճխանի վրա բաց էր, և առանց մուրճը զարկելու, կամ իմացում տալու, ներս է մտնում նախագավիթը, և յուր հետևից փակում է դուռը: Նա, ոտքի մատերի վրա, ուշիկ-ուշիկ, առանց մի ձայն հանելու, մոտենում, կանգնում է սենյակի փակ դռան առաջ, որտեղից լսելի էր լինում հետևյալ խոսակցությունը.

Ա՜յ տղա, Կարո՜ :

Հրա՜մմե, տեր հա՜յր:

Մոմերը հալեցի՞ր, քանի՞ գլուխ եղավ:

Հրամերեք, հալեցի, տասն և չորս գլուխ եղավ:

Ինչո՞ւ այդպես քիչբե՜ր մինը տեսնեմ:

Մի քանի րոպեից հետո.

Հէ՛յ դու գարշելի, — գոռաց առաջին ձայնը, — քանիցս անգամ պատվիրած եմ, որ մոմերի այրվածքը կտրես, որպեսզի այդ սևությունները չերևեին, բայց դու անմիտ ես, առավել քան մեր դրացու ավանակը:

Մի քանի րոպե լռություն. առաջին ձայնը դարձյալ կոչեց.

Ահա քեզ եկեղեցու բանալին, կմտնես այն խորանը, որ գիտես, նույն արկղի մեջ դարձյալ կգտնես կիսավառ մոմի պատրույգներ. կբերե՜ս, կհալե՜ս...:

Ռեսը իսկույն հասկացավ, թե տեր Մարկոսը սովորություն է ունեցել եկեղեցուց գողանալ կիսավառ մոմերը, և հալել տալով, մեծ-մեծ մոմի գլուխներ շինել՝ վաճառքի համար: Բայց քանի որ նա մի այլ նպատակով էր եկել, քան թե լրտեսության համար, չսպասեց նրանց խոսակցության վերջը լսելու, երեք անգամ հազաց, իմացնելու յուր մոտենալը. դուռը հեզիկ բաց արեց և ներս մտավ:

Ռես Վասակյանը քաղաքավարությամբ սովորական ողջույնը տալով, նստեց քահանայի մոտ:

Բարի լինի, Ռես, — խոսեց տեր Մարկոսը, — ի՞նչ բախտով, ճանապարհներդ ծռե՞լ եք, հա՜... փառք քեզ տեր, երկու հակառակ ծայրերը միանում են...:

Ինչո՞ւ հակառակ, տեր հայր, — պատասխանեց Վասակյանցը, — ձեզ հայտնի է իմ դեպի ձեզ միշտ ի սրտե բարյացակամությունը:

Թող այդպես լինի... բա՜յց և այնպես՝ տերտերի ու Ռեսի ջուրը մի առվակով չի գնալ, մինը՝ դեպի մի կողմն է քաշում, մյուսը՝ դեպի այլ կողմ:

Ես գիտեմ, այդ բոլոր խոսքերը կատակ են, — խոսեց Ռեսը գործատեր մարդու ոճով: — Բայց թող առժամանակ հանաքը մնա: Տեր հայր, ես պիտի խոսեմ ձեզ հետ մի ամենակարևոր գործի մասին. հրամայեցեք, որ ծառան հեռանա:

Տեր Մարկոսը աչքով արեց. ծառան դուրս գնաց: Ռեսը ավելի մոտեցավ քահանային և խոսեց:

Հայր, ի՞նչ է ձեր կարծիքը սպանության մասին:

Քրիստոնեությունը թույլ չէ տալիս սպանություն գործել, — կտրուկ պատասխանեց տեր Մարկոսը:

Բայց եթե այդ գործը դնեինք մեր թշնամիների դեմ, մի այնպիսի թշնամու, որի մահը հազարավոր ազգայինների կյանք կորստից ազատելու պատճառ էր դառնում:

Ով էլ որ լինի, թշնամի թե բարեկամ` արգելված է:

Ճիշտ է, որ մեր կրոնքի հեղինակը հրաման չէ տալիս սուր բարձրացնել մեր թշնամիների և մեր նեղիչների դեմ: Բա՜յց ազգասիրության և նախանձախնդրության սուրբ ձգտումը, որով գրգռվում է մեր արյունը, գործադրելու մեր սուրը` մեր իրավունքը, մեր ազգայնությունը և մեր կրոնը պահպանելու համար, — այդ բնական զգացումը, որով ամեն մի անհատ պարտավորվում է պահպանել յուր անձնական և յուր ազգակցի պատիվըայդ բնական սուրբ զգացումը, կրկնում եմ, — համարելու է զուտ ճշմարտություն և աստվածային օրենք:

Տեր Մարկոսը ժպտաց: Նա Ռեսի բերնից լսում էր նոր խոսքեր, որոնք ամենևին չէին համապատասխանում նրա մինչև այն ժամանակ ճանաչված բնավորության:

Ռե՜ս, որի՞ դեմ եք կամենում բարձրացնել ձեր վրեժխընդրության սուրը, — հարցրուց տեր Մարկոսը ծիծաղելով:

Այս սուր և կծու կատակը բնավ չկարողացավ խախտել Վասակյանի երկաթի հաստատությամբ մտադրությունը: Նա առանց շփոթվելու, սառնասրտությամբ առաջ տարավ յուր խոսքը, ասելով.

Պատվելի հայր, իմ վրեժխնդրության սուրը ես չեմ բարձրացնում մի այլ ազգի կամ մի մեծ բազմության դեմ, այլ, որպես քահանա, խոստովանաբա՜ր եմ հայտնում ձեզ, որ ես չափազանց ոխ ունիմ դեպ մի մարդ, և կամենում եմ վրեժխնդիր լինեք նրան մահվամբ. ո՜չ թե նրա համար, որ այդ մարդը ինձ որևէ անձնական վնաս է հասցրել, այլ, առավելապես, այն պատճառով, որ իմ խղճմտանքս ինձ տանջում է, տեսնելով այդ մարդը ազգային մարմնի մեջ, որպես ապականիչ և փտեցուցիչ կերցավ, օրեցօր ավերում է ազգային մարմնի շինվածքը, և անտարակույս, մի օր պատճառելու է նրա ցավալի կործանումը...: Մովսեսի օրինակը բավական է ինձ՝ ազգասիրաբար վերջ տալու մի այդպիսի մարդու կյանքին:

Բայց տեր Մարկոսը դյուրավ խաբվելու մարդ չէր. նա ավելի խորամանկ էր՝ քան հարյուր սատանա: Նա ակներև տեսնում էր Ռեսի խոսքերի մեջ մի թաքնված գաղտնիք, որ Ռեսը կամենում էր վարագուրել կեղծավոր խոսքերով: Այլապես, նա քաջ ճանաչում էր Ռեսի հոգին, որը ոչ միայն հայոց ազգը, այլ բոլոր մարդկությունը պատրաստ էր վաճառել մի քանի փարայի, եթե նրան արծաթ տային:

Տեր Մարկոսը բռնեց Ռեսի ձեռքը, համակրաբար նայեց նրա երեսին և ասաց.

Պարոն Վասակյան, ավելի լավ կլիներ, եթե դուք բոլորովին բացեիք իմ առաջ ձեր սիրտը, միանգամայն հուսալով, որ կգտնեիք իմ կարեկցությունը և իմ հաճությունը:

Ռես Վասակյանը մտածության գնաց և ոչինչ չպատասխանեց:

Ո՞վ է ձեր ասած մարդը, — հարցրուց տեր Մարկոսը:

Մի՞թե դուք չգիտեք, թե ո՞վ է մեր ազգի և կրոնքի թշնամին:

Այդպիսի մարդիկ շատ ունինք, դուք ասացե՜ք, թե որի մասին եք խոսում:

Պարոն Ռուստամը, տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի որդին:

Նա արդեն հիվանդ է, դուք թողեք աստուծո կամքին, գուցե աստված ինքը վերջ տա նրա կյանքին:

Բայց Ռես Վասակյանը վստահ լինելով, որ արծաթը ավելի գործակատար է քան աստված՝ դրեց տեր Մարկոսի առաջ մի քսակ լի ոսկով, միևնույն քսակը, որ նա առաջարկել էր մըստր Սեյսունին, անգլիացի բժշկին, որ նա յուր դարմաններով թունավորեր պարոն Ռուստամին:

Ահա, այդ ոսկիները ձեզ պարգև. դուք կատարեցեք իմ խնդիրը. — ասաց Ռես Վասակյանը:

Ինչ է ձեր միտքը, — հարցրուց քահանան շփոթվելով:

Ձեր ձեռքով առավել դյուրին է սպանել նրան. դուք կարող եք անել այդ սուրբ հաղորդության միջոցով:

Սուրբ հաղորդությա՞ն միջոցով... ո՞րպես:

Դրա օրինակները քիչ չեն մեր ազգային պատմության մեջ... օրինակ` թույն խառնելով սուրբ հաղորդության մեջ, և այնպես մատուցանելով հիվանդին:

Այդ դարձյալ սպանություն է... մեղք է...:

Ես քանի-քանի՜ փաստերով ապացուցեցի, թե մեղք չէ՝ դուք ընդունեցեք այդ ոսկիները:

Տեր Մարկոսը վերցրեց Հուդայի արծաթը, համբուրեց, այնուհետև ասաց.

Բայց պետք է այդ գործը մնա գաղտնի մեր երկուսի մեջ:

Բերեք Ավետարանը, ես կերդվեմ, եթե չեք հավատում: Տեր Մարկոսը դրեց գետնին Ավետարանը: Ռես Վասակյանը սկսեց զարհուրելի երդումներով երդվել:

Ես կպատրաստեմ թունավոր հաղորդությունը, միայն պետք է մի հնար գտնել, որ նրանք, այսինքն տեր-Առաքելենք ցանկանային հաղորդել իրանց հիվանդը, — ասաց տեր Մարկոսը:

Այդ հոգսը թողեք ինձ, — պատասխանեց Ռեսը ուրախությամբ. — միայն դուք պատրաստ եղեք, երբ կանչեն ձեզ:

Շատ բարի:

Մնաք բարյավ:

Գնացեք խաղաղությամբ:

Ռես Վասակյանը հեռացավ:

ԻԳ

ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ

Պարոն Ռուստամի հիվանդությունը օրըստօրե ծանրանում էր: Մըստր Սեյսունը բանացրել էր յուր բժշկական բոլոր հնարներըմնացել էր անճար: Նկատելով յուր հիվանդի մեջ ավելի բարոյական ցավեր, քան թե ֆիզիկական, նա պատվիրում էր հեռու պահել հիվանդից այն բոլորը, որ կարող էր նրան հոգեկան խռովություն պատճառել: Մանավանդ նա արգելում էր տեր-Առաքելենց բարեկամների անտանելի այցելությունները, որոնցից խորշում էր հիվանդը յուր առողջության ժամանակ իսկ:

Պարոն Մելիքզադեն, միայնակ հիվանդի մոտ, կատարում էր նրա բոլոր ծառայությունները: Աշխարունիները գալիս էին երբեմն: Մահտեսի Ավետիսը և տիկին Սկուհին չէին կարողանում ցամաք աչքով նայել իրանց որդու վրա, այդ պատճառով գալիս էին նրա մոտ խիստ սակավ: Բայց Հուրի Խան-Դայան յուր մի քանի պառավ ընկերուհիների հետ չէին թողնում հիվանդին հանգիստ մնա: Նրանք շատ անգամ, մըստր Սեյսունից գաղտնի, միջոց գտնելով, մտնում էին պարոն Ռուստամի մոտ և նյութում նրա համար զանազան բժշկական հնարներ, գործ դնելով ոչ այնքան դարմաններ, որքան կախարդական գործողություններ:

Մի օր, արևածագից առաջ, Հուրի Խան-Դայան, նստած թոնրի մոտ, խորին մտածողության մեջ տաքանում էր: Հանկարծ ներս մտավ նրա մոտ միականի Գոզեն, Ռես Վասակյանի քառասունամյա քույրը, որի սպնգանման երեսը, ցրտից լրջացած` միևնույն ժամանակ խիստ անտանելի էր:

Բարի լինիի՞նչ կա, աղջի, այսպես վաղ առավոտյան, — հարցրուց Հուրի Խան-Դայան, նրա երեսին նայելով:

Փա՛ռք աստուծո, բարի է, — պատասխանեց օրիորդ Վասակյանը ծամծմելով: — Եկա ձեզ մի նեղություն տամ, հույս ունիմ ընդունեք ձեր բարեսրտությամբ, առաքինի մայրիկ. «պորտըս ընկել է» քանի օր է, որ բոլորովին քուն չունիմ ցավից, օրըստօրե տկարանում եմ, ցերեկով ամաչեցի ձեզ մոտ գալ, առավոտյան կանուխ եկա, որ «աղոթել տամ»:

Օրիորդը պես-պես տարապայման շարժմունքներով կամենում էր ցույց տալ, թե իրոք փորի մեջ մեծ ցավեր էր զգում:

Ե՜կ, նստի՜ր, խղճալի աղջիկ, — ասաց պառավը ցավակ-ցաբար, — երևի կարողությունիցդ դուրս ծանր բան ես վեր առել և պորտդ վեր ես գցել, ե՜կ, նստի՜ր, մի կանգնի՜ր, — կրկնեց նա:

Գոզեն մոտեցավ, նստեց թոնրի ափին, Հուրի Խան-Դայայի մոտ: Նրա փոքր տաքանալուց հետո պառավը ձեռքը տարավ դեպ նրա փորը և մի քանի րոպե շոշափելուց հետո ասաց.

Վա՛յ խղճալի, մեկ թիզից ավել է իջել դեպի ցած. հո՜ղը քո գլխին. ինչո՞ւ շուտով խաբար չտվեցիր, որ մի ճար անեինք:

Ա՛խ, ի՞նչ անեմ, մայրիկ, քանի որ մտել եմ այդ անիծված վարժարանը, գլուխս քորելու ժամանակ չունիմ, այնքան աշխատեցնում են...:

Այդպե՞ս է... հենց այն սատանայի բունի մեջ պիտի՞ մի կտոր հաց ճարեիր, — ասաց տհաճությամբ պառավը և հրամայեց Գոզեին պառկել քամակի վրա: Բոլորովին բաց անելով նրա փորը, նա սկսեց ձեռքերով ու մատներով զանազան շարժումներ անել և մաժմաժել, միևնույն ժամանակ չդադարելով կարդալ այնպիսի աղոթքներ, որոնք ոչ մի գրքում գրված չեն:

Պառավ օրիորդը շուտով բարձրացավ, մի քանի անգամ հազաց և Հուրի Խան-Դայայի ձեռքը պաչեց, ասելով.

Մայրիկ, քո հոգին լույսի մեջ լինի. այժմ բոլորովին հանգստացա:

Բայց Գոզեի ո՜չ պորտն էր ընկել, ո՜չ մորտը: Նա մի ուրիշ փորացավ ուներ...:

Ի՞նչպես է այժմ Ռուստամի հիվանդությունը, — հարցրուց նա ցավակցաբար:

Ա՛խ, Ռուստամից ամենևին մի հարցրու, քույրիկ, — հառաչանոք պատասխանեց պառավը: — Ռուստամը դժվա՜ր մեկ էլ աշխարհ տեսնե...:

Վա՛յ, իմ աչիկս քոռանար, այդ ի՞նչ եմ լսում, — ձայ տվեց միականի օրիորդը և սկսեց լալ:

Պառավի ցամաքած աչքերը նույնպես լցվեցան:

Աստված մեզանից առել է... — ասաց նա գլուխը չարժելով:

Բայց դուք, մայրիկ, դուք այդպես չէիք, դուք մեռելներ էիք ողջացնում, այժմ ի՞նչպես է, որ ձեր թոռան համար մնացել եք անճար:

Ժամանակը փոխվել է. այժմ ո՞վ է լսում ծերի խրատը...: Մի՞թե ինձ իմ կամքի՞ն են թողնում. մի քանի անաստվածներ հավաքված, չեն իմանում ի՞նչ են անումմաշեցի՛ն, մեռցրի՛ն խեղճ երեխաս:

Աստված փչացնե նրանց, — ասաց պառավ աղջիկը ավելի ևս կեղծավորվելով: — Բայց, մայրիկ, — խոսքը փոխեց նա, — երբ այդքան երկյուղ կա Ռուստամի կյանքի համար, գոնյա՜ դո՜ւք մտածեցեք սուրբ հաղորդության մասին:

Բա՛, սուրբ հաղորդությո՞ւն ... — կրկնեց խորհրդական ձայնով պառավը: — Ախ, վաղուց արդեն սուրբը և սրբությունը վերացել են տանից...:

Բայց ի՞նչ վնաս ունի, հիվանդի համար հոգևոր կերակուր է. մարմնին առողջություն և ցավերին փարատություն կտա:

Դժբախտաբար իմ տան մեջ սնուցանվում է մի այնպիսի կրոնք, որի համար ո՜չ մի հայ քահանա հանձնառու չէ լինելու իմ տան մեջ կատարել յուր այդ սուրբ քրիստոնեական պարտքը:

Բայց եթե դուք կամք կտաք, ես կհայտնեմ իմ եղբորը, նա կխնդրե տեր Մարկոսից, որ բարեհաճե հաղորդել ձեր հիվանդը:

Դուք չափազանց կպարտավորեք մեզ:

Այժմ մնաք բարյավ:

Տեր ընդ ձեզ:

Բանսարկուի քույրը, ոգևորված ուրախությամբ, դուրս գնաց տեր-Առաքելենց տնից: Նա գտավ եղբոր սենյակում՝ Ռեսը տեր Մարկոսի հետ միասին:

Ի՞նչ եղավ, — հարցրուց նրա եղբայրը:

Հուրի Խան-Դայան սիրով ընդունեց իմ խորհուրդը, և նա շնորհակալությամբ կընդունե քահանան, եթե կամենար հաղորդել նրանց հիվանդը, — պատասխանեց նրա քույրը:

Շա՜տ բարի, — ասաց Ռեսը սառնությամբ, կամենալով ծածկել յուր ներքին ուրախությունը: — Շատ ուրախ եմ, որ այդպիսով մեր քրիստոնյա եղբայրներից մինը չէ կորչելու... միայն թե, Գոզալ, ասացեք խնդրեմ, Հուրի Խան-Դայան ե՞րբ ժամադիր եղավ քահանան ընդունելու:

Արևմուտքից երեք ժամ անցած, որովհետև այդ միջոցին հիվանդի մոտ չեն լինելու յուր բարեկամները, որոնք կարող էին արգելք լինել:

Շա՜տ լավ. դուք, քույր իմ, այժմ կարող եք հեռանալ, ամենևին ոչ ոքի չհայտնելով, թե դուք այսօր եղել եք տեր-Առաքելենց տանը և կամ խոսացել եք մի այդպիսի առարկայի մասին:

Գոզեն դուրս գնաց:

Գիտե՞ք ինչ կա, տեր հայր, — խոսեց Վասակյանը, երբ նրանք մնացել էին միայնակլա՜վ է մտածել Հուրի Խան-Դայան, այո, պետք է մտնել հիվանդի մոտ մի այնպիսի ժամանակ, երբ բժիշկը, Աշխարունիները, Մելիքզադեն այնտեղ չլինեին, եթե ոչ մեր բոլոր հույսերը կորած են:

Այդ առավել լավ է, — պատասխանեց քահանան բանիմաց մարդու եղանակով, — բայց վնաս ևս չունի, եթե նրանք այնտեղ գտնվին, որովհետև թույնը ա՜յնպես է պատրաստված, որ եթե աստուծո հաջողությամբ հիվանդը շնորհ տաներ դեպի ստորին աշխարհը, դարձյալ կասկածել չէր տա մեր մասին:

Շուտով հասավ անբախտ երեկոն և արևմուտից անց երեք ժամը...: Թանձր մութի մեջ երկու կետեր շարժվում էին դեպ տեր-Առաքելենց տունը:

Դուք ներս գնացեք, տեր հայր, — ասաց մի ձայն, — ես մի փոքր կսպասեմ. թող չիմանան, մենք երկուսս եկել ենք միասին:

Լա՜վ, դուք մնացեք այստեղ, — պատասխանեց երկրորդ ձայնը:

Բժիշկը կատարելով յուր երեկոյան այցելությունը, հեռացել էր: Հիվանդի մոտ մնացել էր միայն պարոն Խոսրով Մելիքզադեն, երբ տեր Մարկոսը ներս մտավ: Իսկ տանեցիք լսելով քահանայի գալուստը, շուտով բոլորը հավաքվեցան հիվանդի սենյակը:

Կես ժամից հետո հայտնվեց Ռեսը: Նա, մոտենալով հիվանդի մահճակալին, սկսեց նայել նրա նիհար երեսին:

Մինչև ե՞րբ, աստված, պիտի թողնես դրան այդ տրտում մահճի մեջ, — կոչեց նա հառաչանքով և սկսեց լալ:

Ռեսի երկսայրի խոսքը նրա համար չէր, որ աստված հիվանդը վեր կանգներ յուր հիվանդության մահճից դեպ լույս աշխարհ, այլ տաներ դեպ մահվան գերեզմանը:

Դուք խիստ շուտ փղձկեցաք, օրհնած, — ասաց Ռեսին տեր Մարկոսը, մխիթարելով, — ի՞նչ կա եղել, աստուծո շնորհիվ շուտով չենք տեսնելու մեր բարեկամը այդպես պառկած հիվանդության մահճի մեջ: Տերը կհատուցանե նրան...:

Ո՜չ, տեր հայր, Ռուստամը... ա՛խ, Ռուստամը... մեր սիրելի բարեկամը... դա չպետք է այդքան մաշվեր…-կրկնեց նա հեկեկալով:

Վասակյանի արտասուքը շարժեց բոլորի լացը, և տեր Մարկոսը նույնպես երեսը դեպ մյուս կողմը թեքեց, թաշկինակ քսեց երեսին, որպես թե չորացնում էր յուր աչքերի արտասուքը:

Պարոն Մելիքզադեն, հեռվից արհամարհանոք նայում էր դրանց վրա, ոչինչ գին չդնելով նրանց սրտերի անտեղի զեղմունքին:

Միևնույն միջոցին, Հուրի Խան-Դայան, մոտենալով քահանյին, սկսեց համբուրել նրա ձեռքերը, ասելով.

Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, մատաղ լինեմ ոտքիդ հողին, աստծո սիրույն, ողորմություն արեք և մի թողեք, որ իմ թոռս մեռնի որպես մի թուրք, առանց սուրբ հաղորդության, առանց քահանայի:

Դուք, մայրիկ, պիտի մտածեք, որ ձեր թոռը հրաժարված է հայոց սուրբ եկեղեցու հաղորդակցությունից, — պատասխանեց քահանան սառնությամբ:

Ես աղաչում եմ, ես խնդրում եմ, եթե հնար էր

Եվ սկսեց պառավը թախանձել, նրա ոտքերը համբուրելով:

Բայց գիտե՞ք, ինձ արգելված է իմ մեծավորի կողմից, և գուցե պատժի տակ կգցեի իմ անձս, գործելով սրբազան առաջնորդի հրամանի դեմ:

Իսկապես, Ատրպատականի սրբազան առաջնորդը, նզովելով պարոն Ռուստամին յուր ընկերների հետ, հրաժարեցրել էր հայոց եկեղեցու հետ հաղորդակցությունից: Եվ տեր Մարկոսը, այդ իրողությունը պատճառ բերելով, աշխատում էր ավելի թանկ գնով վաճառել յուր թույնը:

Ի՞նչ պետք է հիվանդին հաղոոդել տիրոջ մարմնով, — մյուս կողմից, նրանց խոսքը կտրելով, մեջ մտավ պարոն Մելիքզադեն:

Ի՞նչպես պետք չէ, — պատասխանեց քահանան մի փոքր բարկացած. — տիրոջ մարմինը մեզ համար և՜ հոգևոր, և՜ մարմնավոր կերակուր է. նա զորություն է տալիս տկարացած մարմնին:

Այդ հիմարություն է, — կրկնեց մանուկ տղամարդը:

Ի՞նչպես հիմարություն, մի՞թե սուրբ Ավետարանը ամեն օր այդպես չէ՞ քարոզում մեզ:

Պարոն Մելիքզադեն կամենալով ճանաչել հայ քահանայի հայացքը սուրբ գրվածքի գիտության վրա, ավելորդ չհամարեց մի փոքր ավել խոսացնել նրան. այդ պատճառով հարցրեց.

Դուք կարդացե՞լ եք, դուք գիտե՞ք ինչ է գրված սուրբ Ավետարանի մեջ:

Հա՜... հա՜... հա՜... հա՜... — սկսեց ծիծաղել տեր Մարկոսը: — Դուք, պարոն, հարցնում եք ինձ, որպես մի վարժատան աշակերտի:

Այո՜, հարցնում եմ, ի՞նչ է գրված սուրբ Ավետարանի մեջ: — Սուրբ Ավետարանի մեջանթիվ և անհամար բաներ:

Զոր օրինակ. Քրիստոսի կյանքի բոլոր պատմությունը, թե ո՜րպես նրան յուր երեխայության ժամանակ հանձնեցին հրեա Ռաբբիի մոտգիր և գիտություն սովորելու, և նա, առանց այբ և բենը դաս առնելու սկսեց կարդալ Թովրաթը: Այնուհետև, ո՜րպես նա աշակերտ եղավ մի հյուսան մոտ, և յուր վարպետի պատվերին հակառակ՝ երեք կտոր կտրեց գերանը, որ պիտի երկու կտոր կտրեր, և թե` ո՜րպես զարմացավ վարպետը, տեսնելով, որ գերանի երեք մասի ամեն մեկ կտորը նույն չափը ուներ, որքան պետք է ունենար գերանի կեսը: Եվ այնուհետև, ո՜րպես նա աշակերտ եղավ մի ներկարարի մոտ և այնտեղ նույնպես ցույց տվեց յուր հրաշքըմի կարասի միջից, որ կապույտ էր ներկում՝ դուրս բերելով անթիվ և անհամար գույներով կտավներ...: Եվ թե, ո՜րպես նա ազատեց լճակում խեղդվող հեթանոս երեխայքը...:

Պարոն Մելիքզադեն նկատելով, որ տեր Մարկոսը յուր պատմությանը վերջ չէ տալու, կտրեց նրա խոսքը, ասելով.

Երևի դուք չեք հասկանում սուրբ Ավետարանը, որովհետև այդպիսի առասպելներ նրա մեջ գրված չեն:

Ապա «Մանուկ Ավետարա՞նը», հարցրուց քահանան:

— «Մանուկ Ավետարանը» ավանդությունների լոկ ժողովածու է:

Տեր Մարկոսը, լսելով նրա կոշտ պատասխանները, չափազանց վշտացավ և կամենալով պապանձեցնել նրան, մտածեց առաջարկել մի այնպիսի հարց, որին չկարողանար պատասխանել նա:

Դո՜ւք, որ այդպես մեծ-մեծ խոսում եք, պատասխանեցեք, եթե գիտեքինչո՞ւ համար Քրիստոս աշխարհ եկավ:

Պարոն Մելիքզադեն ակամա ժպտեց:

Քրիստոս յուր կամքով աշխարհ չեկավ, որ հարկ լիներ քննել նրա նպատակը: Նույնպես, եթե նա յուր կյանքի ասպարեզում ընտրել էր առավել ուղիղ և ազնիվ պարտքբարեկարգել և վերանորոգել ավերված մարդկությունընրա հոգու մի այդպիսի ձգտումը, չենք կարող համարել մի գերբնական և նախասահմանյալ բանայլ բարի և խելացի մարդու գործ:

Տեր Մարկոսը, համարյա չհասկանալով յուր խոսակցի ասածը, առաջ տարավ.

Ձեր խոսքերը այնպես մութն են, որպես դրսում խավար գիշերը: Բայց եթե դուք կխոստովանեք ձեր տգիտությունը սուրբ գրոց մեջ, ես կպատմեմ, թե ի՞նչ պատճառով Քրիստոս աշխարհ եկավ:

Իհա՜րկե, ո՜րպես կարող է մի աշխարհական մարդ ձեր չափ տգիտություն ունենալ... — կատակով ասաց պարոն Մելիքզադեն:

Տեր Մարկոսը, յուր լսածը ուղիղ համարելով, ասաց.

Քրիստոս աշխարհ եկավ Ադամի սատանային տված «ձեռագիրն» ջնջելու համար:

Ի՞նչ ձեռագիր էր այդ, — հարցրուց նա ծիծաղելով:

Սատանան, օձի կերպարանքով դրախտն մտնելով, խաբեց նախաստեղծ մարդիկը, նրանց ուտեցնելով թզենու արգելված ծառի պտղից: Աստված անիծեց Ադամին և Եվային և արտաքսեց դրախտից ա՜յն ժամուն, երբ դրսում մութ էր: Նրանք, դրախտի մեջ միշտ լուսո մեջ բնակված լինելով՝ շատ տխրեցան խավարի համար: Սատանան գիտենալով, որ լուսաբացին հազիվ մեկ ժամ էր մնում՝ մոտեցավ նրանց, ասաց, թե ինքը կարող էր նրանց համար լույս բերել: Նախածնողքը ուրախացան, աղաչեցին չար ոգուն: — «Ինձ ի՞նչ վարձ կտաք դրա համար», ասաց սատանան: — «Մենք մերկ ենք, մենք ո՜չինչ չունինք», պատասխանեցին նրանք: — «Ո՜չ, դուք ունիք մի բան, որ կարո՜ղ եք տալ ինձ», խոսեց սատանան. «խոստացեք ինձ տալ ձեր ու ձեզանից ծնված սերունդի հոգիները»:

Ադամն ու Եվան, չհասկանալով, թե ինչ բան է հոգին՝ խոստացան նրան տալ: Նրանց խոստումը, վկայության համար, գրվեցավ մի քարյա տախտակի վրա, և այդ քարյա տախտակը ձգվեցավ Հորդանան գետի մեջ: Շատ չանցավ, բնականաբար արևը ծագեց, որովհետև մոտ էր լուսաբացին: Ահա այդ պատճառով մենք ևս մինչև այսօր արևածագից մի ժամ առաջ եղած խավարին՝ «Ադամամութն» անունն ենք տալիս: Այդ անիծյալ ձեռագիրն մնաց Հորդանան գետի մեջ, մինչև Քրիստոս աշխարհ եկավ: Մինչև այդ օրը սատանան տիրում էր մարդկանց հոգիներին, բայց երբ Քրիստոս Հորդանան մտավ, և սուրբ Հովհաննես քավոր դառնալով մկրտեց նրան, այն ժամանակ նա` ոտքը կոխելով այն քարետախտակի վրա` ջնջեց Ադամի տված ձեռագիրը. իսկ յուր Հարությունից հետո, դժոխքն մտնելով՝ ազատեց արդար հոգիները, որոնք նույն ձեռագրի զորությամբ սատանան գերի էր տարել:

Այդ ձեր պատմածը նույնպես Ավետարանում գրվա՞ծ է, — նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն:

Իհա՜րկե, օրհնած, արդյոք կա՞ մի բան, որ սուրբ Ավետարանում գրված չլինի:

Վա՛յ այն ազգին, վա՛յ այն ժողովրդին՝ որ ունի ձեզ նման քահանաներ… — ասաց պարոն Մելիքզադեն վշտանալով:

Այո՜, այդպես է... որովհետև գրված է «մի արկանեք զմարգարիտս ձեր առաջի... »: Տեր Մարկոսը ոչ թե քաղաքավարության համար չկամեցավ արտասանել վերջին բառը, այլ մոռացավ Ավետարանի խոսքը:

Ասացեք «առաջի սոխոց», — կատակաբանեց պարոն Մելիքզադեն:

Դուք արդեն իմանում եք, էլ ես ինչ ասեմ:

Պարոն Մելիքզագեն նայեց ժամացույցին, տեսավ գիշերից բավական ժամանակ անցել էր:

Որպես ես նկատում եմ, — ասաց նա, — ձեր խոսակցությունը կերկարի, լավ է, որ հանգիստ թողնեք հիվանդը, ես գնում եմ քնելու, դուք, տեր հայր, գնացեք մյուս սենյակը, այնտեղ ձեզ ունկնդիրներ կգտնեք:

Ռես Վասակյանը իսկույն որսաց հաջող միջոցն, մտածելով, թե ավելի ձեռնտու էր իրանց խորհուրդին, երբ պարոն Մելիքզագեն գնար քնելու: Իրանք մյուս սենյակում ժամանակ անցնելով Հուրի Խան-Դայայի հետ, այնուհետև կարող էին գտնել հիվանդը միայնակ և անպաշտպան:

Երբ նրանք տեղափոխվեցան մյուս սենյակը, տեր Մարկոսը, ազատվելով յուր հակառակորդի ձեռքից և կամենալով ավելի ոգևորել Հուրի Խան-Դայայի ջերմեռանդությունը սուրբ հաղորդության համար, ասաց.

Դուք այժմ բավական հասկացաք, թե ինչ էր Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդը: Բայց մնաց մի բան էլ ձեզ հասկացնելու, որ տերն մեր Հիսուս Քրիստոս, յուր աշխարհ գալով և մարդու կերպարանք ընդունելով, ո՜չ միայն ջնջեց Ադամա ձեռագիրը և ազատեց մեր հոգիները սատանայի իշխանությունից, ա՜յլև կենդանացրեց հոգիները, յուր սուրբ մարմինը և սուրբ արյունը կերակուր և ըմպելի տալով նրանց, որ և մենք` քահանայքս, կատարում ենք սուրբ պատարագի խորհրդով, հացի և գինու օրինակներով, որոնք, թեպետ ձերաշխարհականներիդ աչքին անտեսանելի են` բայց մենք` քահանայքստեսնում ենք` որ սկիհի մեջ ճշմարտությամբ փոխվում են միս և արյունի...:

Այդ միջոցին Ռես Վասակյանը անդադար խաչակնքում էր յուր երեսը, աղոթք կարդում, «փառք քեզ Քրիստոս, աստված մեր, փառք քո սքանչելիքներին», ասում էր նա կեղծավորաբար:

Հուրի Խան-Դայան խնդրեց, որ ավելի պարզ կերպով մեկնաբանե նրան սուրբ հաղորդության խորհուրդը:

Օրհնած, ի՞նչ անհասկանալի բան կա իմ ասածներիս մեջ: Մարդ ասածդ բաղկանում է երկու բանիցմարմնից և հոգուց: Մարմինը ա՜յն է, որ մենք տեսնում ենք. ունի ձեռք, ոտք, գլուխ, և այլն, խոսում է, շարժվում է, գործում է, ապրում է, և յուր կենդանությունը պահպանելու համար, կարոտ է կերակուրներիհացի և ջրի: Բայց հոգին` մի լուսեղեն էակ է, որ ավելի նմանություն ունի աղավնիի, և դրած է մարդու սրտի մեջ` որպես մեկ թռչուն վանդակի մեջ: Ձեռքդ դիր սրտիդ վրա, շոշափիր կուրծքդ, իսկույն զգալու ես, թե որպես անդադար թրթռում է նա. այդ նրա հանապազօրյա սաղմոսերգությունն է, փառաբանությունն է աստծուն, որ կատարում է ծնրադրությամբ և երկրպագությամբ: Որպես ասացի, մեր մարմինը կարոտ է կերակուրի. հոգին նո՜ւյնպես այդ կարիքն ունի: Դրա համար տերն մեր Հիսուս Քրիստոս սահմանեց սուրբ հաղորդության խորհուրդը, յուր մարմինը կերակուր՝ և յուր արյունը` ըմպելի բաշխելով մեր հոգիներին: Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն ընդունելը՝ բավական է հոգին միշտ կուշտ պահելու համար:

Հաջորդ էջ