Րաֆֆի՝   Սալբի

Նա ասում էր, եթե մի երիտասարդ աղջիկ խոսում և ծիծաղում է մի նորահաս երիտասարդի հետ, որ նրա ազգակից չէր և կամ յուր երեսի և մարմնի վրա արվեստական խալեր էր շինում՝ նա երբեք չէր կարող անցնել մազե կամուրջից, այլ ընկնելով հրեղեն գետի մեջ, օձերի և կարիճների բաժին պիտի դառնա:

Պառավը սովորեցնում էր նրան և շատ «դրոց» բաներ, թե ո՜րպես Քրիստոսին տվին մի րաբիին աշակերտելու, և Քրիստոս առանց այբ և բենը սովորելու՝ կարդում էր թովրաթը. րաբիի մոտից արտաքսվելով` աշակերտում է մի ներկարարին և միևնույն կարասի մեջ ներկում է ամեն գույներով կտավներ: Ուրիշ շատ բան է պատմում Հիսուսի և Հովհաննեսի մանկությունից, և նրանց կատարած հրաշագործություններից, որոնցից և ոչ մինը չէ գտնվում մեր ընդունած Ավետարանի մեջ. նա շատ անգամ ծիծաղելի եղանակով պատմում էր, թե ինչպես մի օր Քրիստոս և Մուհամմեդը դաշն կապեցին, որ գետնից կաթի աղբյուր բխեցնեն. Մուհամմեդը գիշերով գետնի մեջ թաղել տվեց կաթով լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթը: Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարողացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին յուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել: Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին: Խրատում էր նրան չուտել թուրքի հացը և թուրքի մորթած միսը. մի աման, որի մեջ թուրքը մի բան էր կերելպիղծ է մինչև լվացվեր «խաչալվա»18 ջրով:

Զ

ՄԵՐ ՀԵՐՈՍԸ

Տեր-Առաքելենց տունը, յուր պարզ, անխարդախ նահապետական բնավորության հատկությամբ ձևացնում էր մի օրհնյալ գերդաստան, որ արտացոլում է մեր արժանահիշատակ նախնիքների առաքինի կյանքի բոլոր անմեղ և անզարդ պատկերները: Այդ տունը միշտ ունեցել է կարդացող և գիտնական տղամարդիկ: Տեր-Առաքելենց տոհմից, Ծաղկավանի գերեզմանատնում շատ թվով եպիսկոպոսների, վարդապետների և քահանաների գերեզմաններ վկայում էին, թե եկեղեցական ծառայությունը, ժամանակի խորին հնությունից ղեվտական կարգով միշտ շարունակվում էր այդ ցեղի մեջ, մինչև՝ հասնելով մահտեսի Ավետիսին, ծույլ և անգրագետ գյուղացունիսպառ վերջանում է:

Այդ գերդաստանի գլխավոր անդամներն էինՀուրի Խան-Դայան՝ ութսունամյա պառավը, մահտեսի Ավետիսի մայրը, Մահտեսիի կինը՝ տիկին Սկուհին, նրա որդին՝ փոքրիկ ՌուստամըՍալբիի ուխտյալ նշանածը: Բայց դրանցից, նրանց տանը ապրում է օրիորդ Սալլաթինը՝ տ. Սկուհու կրտսեր քույրը, որ մի որբ աղջիկ լինելով, մահտեսի Ավետիսը պահում էր իրանց մոտ: Ծառայողների կարգին էին պատկանումՆազլու աղախինը և հավատարիմ հսկայամարմին Խաչոն:

Ծաղկավանը լինելով մի սարին մերձակա գյուղ, հարուստ էր յուր ջրարբի հողերով և արոտամարգերով, հնար էր տալիս գյուղացիներին, ոչ միայն երկրագործությամբ, այլև խաշնարածությամբ պարապել: Ամեն տարի, գարնան սկզբին, երբ մեծ Աղվանը ձյունի սպիտակ ծածկոցը թոթափելովամբողջ սարը հիանալի կերպով կանաչազարդվում էր, Ծաղկավանից հարյուրավոր գերդաստաններզուգված-զարդարված, սազ ու քյամանչա, դհոլ և զուռնա ածելով, նստած սիգապանծ երիվարների վրա, հարս, աղջիկ, կին և տղամարդ, զինված, ուրախ-ուրախ, երգ երգելով, իրանց հովիվների հետ, վրաններն էշերին ու եզներին բարձածգնում էին սարը, մի քանի ալևորներ և պառավներ մնում էին իրանց տանը, որպեսզի մշակների հետ հոգս տանեին այգիների և ցանելի հողերի տնտեսությանը:

Ծաղկավանի ամառը և աշունը խիստ տխուր են: Շինական կյանքի ժրաջան և արդար վաստակարարությունները, այստեղ ներկայացնում են իրանց դժոխմբեր և ստրկական պատկերները: Խղճալի գյուղացին այստեղ հանգիստ չունի գործելուցնրա ընտանիքի ապրուստի պիտույքների վրա ծանրանում են ավելի խանի անտանելի հարկերը. ստիպում են նրանց գործել, և գործել չափից դուրսիրանց անձերը մաշելու և սպառելու չափ:

Ոչ ոք առանց արտասուքի չէ կարող նայել այդպիսի բազմաթիվ աշխատավոր հասարակության վրա, որ հեծում և հառաչում էին աղքատության լծի տակ: Ինչո՞ւ, միթե աստված անիծե՞լ է նրանց: — Այդ չգիտենք մենք... միայն այդ հիմար մարդերի բազմությունը իրանց տխմար կամքի հոժարությամբ տանտւմ են ստրկության և գերության բոլոր դժնդակ և անարգ ծառայությունները: Նրանք մշակում են ուրիշի հողը, նրանց իրանց արյունախառն քրտինքով՝ վաստակում են ուրիշի հացը, նրանք իրանց աշխատություններով լցնում են ուրիշի քսակը: Տեսնո՞ւմ ես այն երկրագործը, որ այնպես պարծանոք կիտել է յուր կալի մեջ ցորենի ահագին շեղջը, այդ՝ իրեն չէ պատկանում, այղ պիտի լցնե խանի ամբարըև խղճալի շինականը տխուր և հուսահատ, անվարձ և դատարկ, «քառեշտը» (հեծանոցը) թևին դրած, դառնում է տուն...:

Այդ երկրի մեջ, ա՛յն գերդաստաններն են ավելի հարուստ համարվում, որ թվով շատ աշխատավոր ձեռքեր` այսինքն գործող տղամարդիկ ունին: Մահտեսի Ավետիսը անբախտ էր այդ նկատմամբ, այն պատճառով, որ նա չուներ ո՛չ բազմաթվ եղբայրներ, և ո՛չ էլ հասուն որդիք: Նա ինքն միայնակ, մի քանի վարձկան ծառաների հետ, ստիպված էր յուր անդադար աշխատությամբ լցնել յուր վրա դրած բոլոր ծանր կարիքները:

Ամեն օր Մահտեսին մեկ րոպե անգամ հանգիստ չունի յուր բերանը մի պատառ հաց դնելու, ի՞նչ անե խղճալին. միայնակ և անօգնական մարդ է, բայց դաշտում մի տեղ բանում է գութանը, մի տեղ՝ «ոսկին» (արորը), մի այլ տեղ կալ են կալսում, մի տեղ արտ են հնձում, մի տեղ խոտ են քաղում... բացի դրանցից, այգի կա, ոչխար կա, տավար կա... Ամենի վրա պետք է վերահասու լինել, ամենի համար հոգս տանել, բոլոր աշխատողները օտար մարդիկ են, օտար հայրերի որդիք են, մեկ րոպե գործը թողիր՝ ահա մնաց գործը, որովհետև մշակը հոգս չունի, նա յուր կերակուրի և վարձքի տերն է. նկատելով այդ հանգամանքները, պետք է մտածել, թե ինչ դրության մեջ կլիներ մահտեսի Ավետիսի խղճալի ընտանիքը, երբ ստիպված էին ամեն օր կերակրել այդքան բազմաթիվ վարձկան աշխատողներ: Հուրի Խան-Դայան, չնայելով նրա ութսունամյա ծերությանը, տակավին ժիր ու վաստակարարմեկ րոպե դադար չուներ աշխատելուց: Տիկին Սկուհին, այն օրհնյալ տնարար կինը, արևածագից մինչև կես գիշեր, բնավ հանգիստ չուներ: Նա ոչ միայն յուր գերդաստանի տանտիկինն էր, այլ յուր տան հացթուխը, խոհարարը, մատակարարը, յուր տղայոց ստնտուն, այլև յուր ընտանիքի դերձակը լինելով` կարում էր բոլորի հագուստը: Բայց ամենայն դառն աշխատությունները քաղցրանում են` երբ վայելում ենք նրանց պտուղները, իսկ երբ մեր աշխատությունը դառնում է ուրիշների վայելչության նյութ՝ մեզ միայն ունայն չարչարանքն է մնում…:

Ձմեռն է գյուղացիների հանգստի միակ ժամանակը. երբ նրանց արտերը և այգիները, նրանց մարգերը, արոտները` անհոգ քնած են սպիտակ ձյունեղեն վերմակի տակ, երբ նրանց տավարները, նրանց ոչխարները տաք գոմերի մեջ հանգստորեն վայելում են իրանց համար պատրաստված պաշարը: Դատարկապորտ գյուղացիք հավաքված փարախներում, իրանց անասունների մոտ, շատախոսում են դատարկ զրույցներ, և պատմում են միմյանց իրանց գլխին եկած հետաքրքրական անցքերը, կամ թե, գտնում են մի աշըղ, որ նրանց համար երգում և սազ է ածում, թագավորների և սիրողների հեքիաթներ է պատմում:

Բայց այդ զվարճություններից, այդ զբոսանքներից զուրկ էր մահտեսի Ավետիսը. — նրա մենակությունը, ընտանիքի հոգսը թույլ չէին տալիս նրան մինչև անգամ ձմեռը անգործ մնալու: Նա յուր անասունների ախոռի մի կողմում շինել էր մի փոքրիկ սաքու, որ տաքացած էր չորքոտանիների շնչով: Այստեղ էր նա հաստատել յուր ջուլհակի (ոստայնանկի) մեքենան և կես գիշերից սկսած այդ մելամաղձական բնակարանի մեջ լսելի էր լինում Մահտեսիի մաքուգի և դֆայի տխուր և դաշնակավոր չկչկոցը; Նրա կինը, տիկին Սկուհին, կամ պատրաստում էր թելի մասուրաներ և կամ հարդարում էր հինածը. երբ նա յուր ամուսնուն օգնելու պետք չէր, հեռու նստում էր յուր դյազգեհի մոտ, Նազլուի հետ միասին հինում էին շալեղեն և ասվեղեն գործվածքներ, որոնց թելերը նա ինքը իլիկով ամառը սարում մանել էր՝ իրանց հովիվների կանանց հետ: Գեղեցիկ է նայել այդ ժրաջան կանանց վրա, երբ սարերում՝ հեռու իրանց վրաններից, կանգնած մի բարձր քարաժայռի գլխին, կամ մի հստակ աղբյուրի մոտ, երգելով, պտտեցնում են իրանց իլիկը: Բանաստեղծական այդ տեսարանը երևան է հանում հովվական կյանքի անմեղ և անզարդ բնավորությունը: Բայց ավա՛ղ հայոց հովվուհիների իլիկը նրանց համար չէ մանում... նրանց ազնիվ և նուրբ գործվածքները իրանց կիսամերկ զավակները չեն հագնում, այլ, վաճառելով` վճարում են անգութ պարտատիրոջ տոկոսիքը, կամ ավելի վատթար, շատ անգամ բարբարոս քուրդը ավազակաբար կողոպտում է նրանց բոլոր գույքը` նրանց ոչխարների հետ: Մահտեսի Ավետիսի միակ հանգստի և օրհնության ժամերը լինում էին ավագ պասին: Այդ ապաշխարհական օրերին միջօրեից առաջ ժողովրդի ծերերը հավաքվում էին եկեղեցու բակում մի խուցի մեջ, քահանան նրանց համար կարդում էր Այսմավուրքը, սրբոց վարքը, և նրանք ախորժանոք լսում էին աստուծո և կրոնքի խոսքերը:

Հուրի Խան-Դայան, որպես բոլոր սնապաշտությունների կենդանի օրինագիրք, որպես տեր-Առաքելենց տոհմի հնամոլ պատրիարքը, յուր ձեռքում ուներ տնտեսական կառավարության ղեկը, ընտանիքի մյուս անդամներից ոչ ոք համարձակություն չուներ գործել նրա կամքին դեմ, այլ պահպանում էին իրանց տան ծերի պատիվը և նրա ծանրակշիռ համարումը: Տիկին Սկուհին, որ արդեն քանի որդոց մայր էր, առանց նրա խորհրդի` չէր կարող մի պատառ հաց յուր բերանը տանել, նա չափազանց պատվում էր յուր պառավ կեսրոջը գիշերները, երբ նա անկողին էր մտնում, տիկին Սկուհին նրա մոտ նստելով` մաժում էր նրա ոտերը, յուր ձեռքերով տրորում էր նրա մեջքը և չէր հեռանում նրա կողքից մինչև նա չքներ:

Ռուստամը, մեր վիպասանության նազելի հերոսը, որպես մի օրհնյալ գերդաստանի զավակ, ուր նահապետական անզարդ կյանքի պարզությունները դեռևս պահպանում էին իրանց ծաղկափթիթ քնքշությունը, Ռուստամը, որպես մի հանդուգն և մեծահոգի մանուկ, յուր կյանքի ազատ շնչի հետ ներս էր շնչել մի ախտաբորբոք և դյուրագրգիռ հոգի, մի՝ երկաթի պնդությամբ կամք և աներկյուղ սիրտարժանի է հարցասիրության յուր բնավորության մի քանի անզուգական հատկությունների համար: Նրա երեսի մի փոքր սևակարմիր գույնը, թուխ գանգուրների հետ՝ մի առանձին վայելչությամբ գեղեցկացնում էին նրա զվարթ և սիրուն դեմքը: Լայն և բարձր ճակատը սահմանափակվում է ներքևից սև-թավախիտ հոնքերով, որոնք երկու կողմից կամարաձև գալով քթի վերնակողմում միավորվում էին, մյուս ծայրերը երկարելով մինչև ականջներըձևացնում են երկու սև աղեղնաձև գծեր, խաղած մեկ կողքից մինչև մյուսը: Նրա աչքերը, այն թուխ վառվռուն աչքերը` նապաստակի երկչոտ աչքերի նման դուրս ընկած չեն, այլ` առյուծի հպարտ նշաձև աչքեր, նետի պես երկայն թերթերունքներով` փայլուն են երկու աստղերի պես: Նրա քիթը, յուր բոլորակ վերջավորությամբ, համեմատելով երեսի լայնության հետկարելի է ասել փոքր էր, բայց այդ նրա դեմքին մի գրավիչ քնքշություն էր տալիս: Նրա խելացի երեսը, այն պարզ հոգու հայելին՝ չուներ ոչ մի խոժոռություն. նրա գորշ և մի փոքր նիհար թշերը, որոնց վրա չէին երևում մազի հետքեր, ավելի էին փայլում ողորկությամբ, միայն վերնաշուրթը դեռ նոր էր սկսել ղըշղըշալ դեռաբուսիկ սև մազերով: Նրա ուղիղ և վայելչագեղ հասակը, ուռած կմբավոր կուրծքը, նրա լայն թիկունքը, գրավիչ սեգ հայացքը, մարմնի հպարտ և անհոգ շարվածքը, այդ բոլոր բարեգուշակ նշանները, առիթ էին տալիս ամեն տեսնողներին հուսալ, թե մի օր այդ նորահաս պատանին լինելու էր մի հոյակապ պարթևաձև տղամարդ հսկայատիպ մարմնով և ահավոր կազմվածքով:

Մանուկ Ռուստամը կարդացած չէր. նրա հայրը այդ մասին հոգս չտարավ նրա համար, և ինչ որ կարդում է տերտերը եկեղեցու մեջ, նրանցից մի բան չի հասկացել: Այդ պատճառով, նա չգիտե տիրոջ օրենքը: Բայց նա ունի յուր հատուկ օրենքը, որ բնությունը գրել է նրա սրտի վրա: — Դեռ մանկությունից սկսեց եփ գալ նրա հոգու մեջ քաջազնական ոգին և նամի գաղտնի համակրությամբ սկսեց սիրել զենքերը: Յուր տասնևչորս տարեկան հասակում՝ հորիցը թաքուն՝ նա գնեց մի հրացան, մի հատ Խորասանի ընտիր թուր և մի զույգ ատրճանակ, և այնուհետև նա կարող էր միայնակ, որպես մի խաշնարած ցեղի հզոր պարոնվերակացու լինել իրանց ոչխարներին և հովիվներինսարում:

Դեռ յուր պատանեկան հասակում նա ցույց տվեց յուր ընդունակությունները այդ տեսակ պարապմունքների մեջ, որոնք ազատ չէին ահարկու վտանգներից: Մի անգամ, երբ քրդերի ասպատակները հարձակվելով ծաղկավանցոց վրանների վրա` կամենում էին նրանց հոտերը ավար տանել, Ռուստամը ավազակների հետ քաջությամբ պատերազմելով, խլեց նրանց ձեռքից իրանց ոչխարները, ստանալով երեսի աջ կողմում, ականջի և աչքի մեջտեղգլխից ուղղաձիգ դեպի ներքև այն խոր սպին, որ կտրելով ճակատի աջակողմը, հոնքի մի ծայրը՝ հասնում էր մինչև ականջի վերջը. ամենևին չվնասելով նրա գեղեցկության, այլ տալով նրա դեմքին ահարկու բացատրություններ:

Մի այդպիսի կյանք, պաշարված բարբարոսների հափշտակություններով, ավազակությամբ՝ ընդմիշտ պատերազմի աղմուկների մեջ, պատանի Ռուստամի բնավորությանը տվեց վայրենի և կատաղի հատկություններ: Նա խիստ դյուրագրգիռ էր և բարկացկոտ և ուներ անողոքելի և աներկյուղ սիրտ, պողովատի կարծրությամբ հաստատ կամք: Նա չէր կարող տանել որևէ անարդարությունյուր ազատության իրավունքը, յուր մարդկային պատիվը անարատ պահելու համար, նա պատրաստ էր նահատակվելու: Առաջին աչքաբացին տեսնելով յուր շրջակայքում յուրայինների գերիացած և ստրկական վիճակը, միշտ լսելով նրանց ախ ու վախը, նրանց դառն հառաչանքները, ամեն օր տեսնելով հազարավոր անբախտների անտանելի չարչարանքները, նա ստացավ մի նախանձոտ ազգասիրական ոգի, որով նա միշտ պատրաստ էր յուր արյունով սրբել նրանց աչքերի արտասուքը: Ո՞րտեղ էր ծնվել Ռուստամը, որ այդպես չլիներ: Նրա խանձարուրը եղան անուշահոտ ծաղիկները, նրա օրորոցը՝ կանաչ խոտերը և թավշյա արոտամարգերը, նրա առաջին լալու արձագանքըչկրկնեցին շքեղազարդ դահլիճի պատերըայլ մի պարկեշտ հովվական վրան, ահագին քարաժայռերը, սար, ձոր և անտառը: Վարժատան մեջ չմաշվեց նրա կյանքը: Խելացի բնությունը՝ ինքն էր նրա վարժապետը: Անուշահոտ ծաղիկներից, կանաչ թփերից, խոտավետ մարգերից ստացավ նա յուր հոգու ազնվությունը: Պարզ և կապուտակ երկինքը, վարդագեղ արշալույսը, ոսկե արևը, արծաթյա լուսինը, բյուրավոր փայլուն աստղերը ներշնչեցին նրա հոգուն կրոնի և աստուծո զգացումը: Երգող փետրազարդ թռչունները, հեզիկ շշնջող զեփյուռը, ծառերի և թփերի խշխշոցը, նրանց տերևների կախարդական սոսափյունը, պարզ և հստակ աղբյուրները, նրանցխոտերի և ծաղիկների միջից կարկաչելով և սուլելովհոսանքը, արարչագործության այդ բոլոր հրաշալի պատկերները վառեցին նրա երևակայությունը գերբնական կրակով և բաշխեցին նրան մի ազնիվ և գեղեցկասեր ճաշակ, մի աշխուժոտ և զգացմունքով լի սիրտ: Ամպերի սոսկալի որոտումը, սև թուխպերի բոմբյունը, կայծակի ահեղ ճարճատյունը, ահագին լեռնաժայռերի ճաքճքվելով, թնդալովսարերի գագաթներից դեպի վայր գլորվելը, հեղեղատի պղտոր ալիքների գոռոցը, մրրիկի զարհուրելի մռնչյունը՝ մինչ այդ աստիճան աներկյուղ, մինչ այն աստիճան ամրապինդ էին արել նրա սիրտը, որ նա առանց սոսկալու, առանց ահ ու դողի, ուրախ և զվարթ, յուր օրհնության երգերը խառնում էր սոսկալի մրրիկի սուլելու և ֆշֆշոցի վայրենի ձայների հետ:

Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկմիայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների չորս կողմը, իրանց ոչխարները քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համարերբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ. նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանամտած մի քարի ետևը նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա: Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, դնում է իրանց վրանի առջև: Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկներըգովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը:

Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս: Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այդպես չլիներնա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից: Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէի՛ն նվազելամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը: Նրա անխարդախ և անկեղծ սիրտը չէր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որդիքըյուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երդումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին:

Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա: Նա չէր ճանաչել նրանց չարությունները. նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը, քույրը և եղբայրը: Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները: Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը: Նա ա ՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին` որպես այն անմեղ և անարատ գառները:

Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջավելի զգալի էր նրան: Աշղների «մեջլիսներում», երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշըղ-Ղարիբի ու Շահսանամի, Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը: Բայց երկրի սովորությունները, ազգային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնել յուր սիրուհու երեսը և նրա բերանից մի քանի բառ լսել:

Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով երգում էր յուր սերը, հանկարծ տեսավ նա մի նազելի աղջիկ, կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան՝ «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»:

Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով` եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՛յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով: Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը, հարցրուց թե նա ևս կամենո՞ւմ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով` հնչեց այն սուրբ բառը — «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը...:

Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ` երբեմնապես միմյանց տեսնելու:

Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ:

Սե՛ր իմ, ո՛վ սեր, սե՛ր,
Ա՛խ, դու անգո՛ւթ սեր,
Տարա՛ր խե՜լք-միտքըս՝
Գլխիս եղար տեր:

Ո՛վ իմ սիրո կույս,
Հատոր իմ հոգվույս,
Առանց քե՛զ, մի ժամ
Կյանքից չունիմ հույս:

Մարդիկ անհամար
Ինձ խենթ, խելագար
Կոչում են այժմուս՝
Դո՛ւ եղար պատճառ:

Մինչ ե՞րբ դու այդպես
Ինձ պիտի տանջես.
Մինչ ե՞րբ, դո՛ւ ճրա՛գ-
Այրվող թիթեռն՝ ես:

Ե՛կ առ իս, ե՛կ առ իս,
Գոնյա՛, ա՛ռ հոգիս,
Սիրով կբաշխեմ՝
Քեզ իմ հրեշտակիս:

Գուցե քե՛զ համար`
Գրիչն արդար՝
Ինձ նշանակեց
Զոհվել չարաչար:

Ասա՛ դո՛ւ, Լոկմա՛ն,
Գիտե՞ս դու դարմա՜ն
Սիրահար սի՛րտը
Բուժելու միայն:

— «Ո՛հ, չունի՛, չունի՛,
Նա դարման չունի:
Սիրահար սրտին`
Սե՛րը դեղ կանի»:

Սուրբ ես դու, ո՛վ սեր՝
Քեզ ստեղծող տեր-
Երկնից և երկրի՝
Արեց հեր և մեր:

Ես էլ քո պաշտոն`
Առի անտրտունջ,
Միշտ սերը պաշտել
Մինչև վերջի շունչ

Է

ԱՆՀԱՎԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈԻՀԻՆ

Կյուրակեմուտ իրիկո՛ւն էր: Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը՝ տիկին Սկուհին, յուր քրոջօրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն» առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ:

Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէրնա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով` չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով`սկսեր նրան նախատինք տալ:

Աղջի՛, Նազլո՛ւ, — վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին, — գնա՛ փարախի գավիթըհավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն: Ո՛ւհ, ո՜րքան ցուրտ է այսօր: Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է...:

Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ գիտե ինչ բանի համար:

Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմըռալու ձայներ:

Ը՛շ-շ-շ... Ը՛շ-շ-շ...ձայն տվեց տիկին Սկուհին արջամարոզը...արջամարոզը... սո՛ւսսո՛ւս...

Բայց նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ:

Վա՛յ... ամա՛ն... արջամարո՛զը... եկա՛վ, եկավ: Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի, — կրկնեց մայրը:

Բայց հանկարծ նազլուն ներս մտավ: Վա՛յ, հարսիկ, ես մեռա... սիրտս տրաքեց... լեղիս պատռվեց... ամա՛ն, ես մեռա:

Ա՛ղջի, նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ, — հարցրուց տիկին Սկուհին` զարմացած ձևանալով:

Ամա՛ն աստված... — առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով, — ո՛ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ...: Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղանփոքրիկ Սահակը... ա ՛խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը...

Է՛հ, հողը քո գլխին, Նա՛զլու, — ասաց տիկին Սկուհին, — իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան ասեիր, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում:

Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ:

Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց: Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային19:

Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղբը, խոտ և դարման էր տալիս և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել: Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը` հիանում էր նրա գեղեցկության վրա: Նա առեց քորոցը (ղաշովը) և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ: Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա:

Խաչո, — ասաց նա յուր մտերիմ ծառային, — տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՜րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու:

Անտարակույս, այդպես է, — նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն. — քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա: Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի.անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթըքեզ օրինակ:

Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է... ա՜խ դրա «սոին» ղուրբան... սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ:

Բայց մի բան եմ լսել, Ռուստամ, — նրա խոսքը կտրեց Խաչոն:

Ի՞նչ խոսք, ի՞նչ բան, — հարցրուց շտապով Ռուստամը:

Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի:

Չէ, ասա՜, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ:

Ասում են, մելիքը` խանի մոտ սատանայություն է արել քո ձիու մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՞նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՜լ է բավական…»:

Ա՛յ տղա, ո՜րքան միամիտ ես դու, — խոսեց պատանին արհամարհանոք. — ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաչո՜, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի՜թե կարո ՞ղ է մի այդպիսի բան:

Հա՜, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՜չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը` ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքըմերը չեն... ինչ որ ուզեն կանեն, ինչ որ կամենան` կկատարեն...: Տեսա՞ր անցյալ օր, ո՜րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը: Նրա ծնողները բացի լալուց` ոչինչ չկարողացան անել: Նրա ա՜յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին: Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն` մնաց գայլերի ճանկերի մեջ...

Այդ խոսքերը վառեցին դյուրագրգիռ պատանու սիրտը. ցավակցության զգացողությունից՝ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա: Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը` ասաց. —

Այդ իրա՜վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է... բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել:

Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց: Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»:

Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի:

Աղա՜, — ասացին նրանք, — այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալ. ի սերն աստուծո, պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:

Մի՞թե դուք գնում եք դռներից հա ՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան, — հարցրուց տհաճությամբ Ռուստամը:

Ճիշտ է, ա՜ղա, — պատասխանեցին նրանք միաձայն, — բայց մենք շնորհակալ ենք և նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու: Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ:

Ո ՜չ, ո՜չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար. — հացը մերը չէ՜ , աստուծո տվածն է:

Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո ՜ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին` որ ապավինած էին իրանց ողորմության: Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ո՜չ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բտրի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները՝ պահպանում էին: Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում` այդ անբախտ ընտանիքներից երկուսին:

Դռան մուրճը զարկեց

Է՜յ, Նա՜զլու, — ձայն տվեց տիկին Սկուհին, — ժամավորքը եկան, գնա՜, դուռը բա՜ց արա:

Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը:

Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տրտքալով առաջ էր գնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՜ քո արյամբդ» ասելով ներս մտավ:

Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո սկսեց կատարել յուր սովորական ծեսերը: Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր:

Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար կանգնած աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՜ ասելու ժամանակ՝ դարձնելով: Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան ոգիներին նույնպես երկրպագություն տալուց հետո, — մի առանձին ջերմեռանդությամբ «ողորմյա աստված» ասելով՝ գնաց նստեց քուրսու մոտ:

Խրճիթը, ուր հավաքվել էր նույն ժամանակ տեր-Առաքելենց փոքրիկ գերդաստանըխորին մելամաղձական լռության մեջ էր: Տիկին Սկուհին , քուրսուց հեռու, մի անկյունում առանձնացած, օրորում էր յուր փոքրիկ Պողոսը: Նա չէր համարձակվում գնալ թոնրի մոտ, ուր այն ժամանակ նստած էր յուր սկեսուրը: Նազլու աղախինը՝ ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ: Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած՝ կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելովերբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն: Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուռսու տակ, որ դրված է թոնրի վրա: Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ լուռ և անխոս:

Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը: Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը: Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.

Հաջորդ էջ