Րաֆֆի՝   Սալբի

Հա՜, ուշ է, միայն ես ձեզ էի սպասում, որ միասին վառենք կրակը, — պատասխանեց տիկին Թարլանը:

Բայց հրամայեցեք, որ օրիորդ Սալբիին այստեղ կանչեն, որ մեզ հետ միասին կտուրը բարձրանա, — ասաց տիկին Սկուհին:

Տիկին Թարլանը հրամայեց Նազանիին՝ բարձրահասակ օրիորդ աղախնին, որ գնա օրիորդ Սալբիին կանչե:

Օրիորդ Սալբին, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ էր կատարվում յուր շրջակայքումգյուղի մեջ, միայնակ առանձնացած յուր սենյակի մեջ, նույն ժամանակ խորին ուշադրությամբ մի գիրք էր կարդում, երբ Նազանին ներս մտավ, հայտնեց թե մայրը և խնամիները դրսում սպասում էին նրան:

Ի՞նչ են կամենում նրանք, — հարցրուց օրիորդը սառնությամբ:

Մի՞թե չգիտես, Սալբի, — պատասխանեց Նազանին ծիծաղելով. — այսօր տյառընդառաջ է, կտուրների վրա կրակ են վառում, և նորահարսերը և հարսնացու աղջիկները կրակի շուրջը ման են ածում...:

Գիտեմ, միայն, Նազանի, ես զրադաշտական մոգպետի պաշտոն չեմ կամենում կատարել: Գնա՜: Ես չեմ գալու, թող իրանք վառեն այդ կրակը... դու գիտե՜ս, ես կռապաշտություն չեմ սիրում...:

Ամա՛ն, Սալբի, քո հոգուն մատաղ, քեզ սպասում են, մայրդ կբարկանա, եթե չգաս: Գնանք, թե ինձ կսիրես, ի՞նչ վնաս ունի, երբ նրանք շնորհակալ կլինեն քեզնից: Տիկին Սալլաթինը ևս այնտեղ է:

Տիկին Սալլաթինը այնտե՞ղ է, ուրեմն կգամ, — ասաց օրիորդ Սալբին և վերկացավ, որ գնա:

Այսպես չէ՜ կարելի, — նրան կանգնեցնելով ասաց Նազանին. — դուք ձեր գլխի վրա գոնե մի քող ձգեցեք, այդպես բաց երեսով ամո՜թ է26:

Հա՜, նրանք սիրում են տեսնել ամեն ինչ վարագուրած, պարուրած և կապկապած, — ասաց նա խորհրդական ոճով, և ձգելով յուր գլխի վրա մետաքսե կարմիր քողը, դուրս եկավ մինչև կուրծքը ծածկած երեսով:

Խնամիները և Սալբիի մայրը բակում սպասում էին նրան: Երբ տիկին Սկուհին հեռվից տեսավ յուր հարսնացուին, յուր սիրելի որդի Ռուստամի նշանածը. — «Ե՜կ, համբուրեմ քեզ, իմ սիրական, — ասաց նա մոտենալովե՜կ, մի ամաչիր, քեզ մատաղ լինիմ»: — Այս խոսքերով, նա բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը, մոտ քաշեց, և բարձրացնելով նրա երեսի քողը, երկու ջերմ համբույր քաղեց նրա փափուկ, վարդակարմիր թշերից, որոնք նույն րոպեին, ո՜չ այնքան ամոթխածությունից, որքան մի գաղտնի տհաճությունից էին շառագունած: Օրիորդը փոխարենը համբուրեց տիկին Սկուհու ձեռքը և մոտենալով տիկին Սալլաթինին՝ չհամբուրեց, այլ բարեկամաբար բռնեց և սեղմեց նրա ձեռքը:

Խնամի Թարլան, հարսնացուն այս տարի բավական մեծացել է, — ասաց տիկին Սկուհին, ոտքից մինչև գլուխ չափելով օրիորդ Սալբիին, որ անշարժ և լուռ կանգնած էր նրանց առջև:

Տիկին Թարլանը չկարողանալով զսպել օրիորդ Սալբիի նկատմամբ յուր տհաճությունը և անգոհությունը, ասաց.

Էհ, ի՞նչ օգուտ մարմնի չափազանց աճելությունը, երանի՛ խելքո՜վ մեծացած լիներ:

Ձեզ դյուրին է մի այդպիսի անտեղի կարծիք ունենալ Սալբիի մասին, — խնամի, — նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը. — որովհետև «ձեր երկուսի ջուրը մի առվով չէ՜ գնում»:

Ի՞նչ եք կամենում ասել, — հարցրուց տիկին Թարլանը:

Դուք նայում եք երկու հակառակ ծայրերից, — առաջ տարավ տիկին Սալլաթինը, — ձեզ դժվար է հաշտվել միմյանց հետ. նա՝ կրթյալ է և նոր, իսկ դուք անուս եք և հին...:

Ինչ կամենում եք՝ ասացեք, — նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին. — բայց «քուրդը յուր թանին թթու չի ասիլ». իմ Սալբին, իմ նազելի հարսնացուն, իմ սրտի ուզածին չափ լա՜վ է. խելո ՜ք, ազնիվ բնավորությա՜մբ, պարկե՜շտ և ամոթխա՜ծ է:

Տիկին Թարլանը վշտանալով տիկին Սալլաթինի կծու խոսքերի համար, խոսքը փոխեց ասելով.

Հավատացնում եմ ձեզ, խնամի Սկուհի, այդ բառը, որով դուք կոչում եք իմ աղջկան ձեր հարսնացու՝ բոլորովին անարժան է նրան, որովհետև ես իմ աղջիկը այն մտքով չեմ տվել, որ ձեր որդու հարսը դառնա, այլ իմ հոժար կամքով եմ նվիրել` որ ձե՜զ համար լինի ստոր աղախին և ստրուկ ծառա, ձեր ոտքերի սոլ և ձեռ-ների մահրամա27:

Չէ՜, չէ՜, — նրա ձեռքը բռնելով ասաց տիկին Սկուհին, — ես նրան կպահեմ իմ աչքի լույսի պես. Սալբին հրեշտակ է, թե՜ հոգով և թե՜ մարմնով:

Օրիորդ Սալբին, այդ մեծահոգի և հանդուգն բնավորությամբ աղջիկը, եթե յուր երկրի սովորության համեմատ՝ դատապարտված չլիներ լռության, համբերության և ամոթխածության՝ անպատճառ կպատասխաներ — «բավակա՜ն է, ես չեմ կարող տանել այդպիսի անտեղի գովասանքներ». բայց նույն րոպեին նրա լեզուն կապ էր մի պյութագորյան չխոսնականությամբ. նա դժվարությամբ զսպեց յուր անհամբերությունը, մինչև բոլորը դեպի կտուրը տանող սանդուղքովվեր բարձրացան:

Գյուղի բոլոր տանիքների վրա տեսանելի էր կրակավառության արարողությունը28: Թվում է, իբր բոլոր շրջակա գյուղորայք, տիրոջ բարկությունից` զարհուրելի հրդեհներովանխնա այրվում, կրակվում և ծխոտում էին: Ծաղկավանը հին Սոդոմ-Գոմորն էր հիշեցնում: Թեպետ մութը պատել էր աշխարհը, բայց այստեղ, խարույկների բոցերըգիշերը ցերեկի էին փոխում: Կրակների գոռոցի հետ խառնվելով հրացան գործիքների որոտը, դեպ երկինք բարձրացող շառաչուկների ճարճատյունը, նրանց օձանման գալարվիլը, ճայթելը օդի մեջմյուս կողմից, մեծ-մեծ կուժերի միջից ածխախառն վառոդի, վուլկանյան լավայի նմանթնդալով ֆշֆշալովարտահոսվիլըայդ բոլոր հրարվեստական գործողությունները խորտակում, թնդեցնում էին երկինքը, դղրդեցնում էին շրջակա սարերըերկրի վրա՝ ահ և զարզանդ տարածելով: Դրանց հետ միասին տոնասեր գյուղացիների ուրախալի աղաղակները, նրանց խառնաձայն տաղերգությունները, կրակի չորս կողմով կատարված նրանց հիմար պարն ու կաքավը՝ այդ բոլորը ի մի առած` ա՜յնքան ծիծաղելի էին, որքան մոլեկան և կատաղի:

Այդ հետաքրքրական տեսարանները ավելի կենդանացնում էր զուռնան, որ յուր զիլ և բարակ ճլվլուն ձայնով, յուր հավատարիմ ընկերների դափի, դհոլի և դահիրայի հետնվագվում էին այդ տարվա նորափեսաների կտուրների վրա:

Այղ աղմկալի հանդիսակատարության մեզ միակ տհաճ և խռոված արարածներըմեծ-մեծ շներն ու փոքրիկ լակոտներն էին, որ զարհուրելով և սասանելով մի այդպիսի հանկարծակի դղրդումից, դուրս գալով գյուղից` թափառականվազ էին տալիս դաշտերի մեջիրանց հաչելու տխուր և տրտում հեծկլտոցը խառնելով հասարակաց ուրախության հետ:

Հովասաբենց տունը, որպես մի հասարակ գյուղացու բնակարան, զուրկ էր շռայլ փառահեղությունից, այդ պատճառով տիկին Թարլանը չէր կարողացել ավելի մեծահանդես տոնել սուրբ տյառընդառաջը: Այստեղ, մի ո՜չ այնչափ ընդարձակ կտուրի վրա, կրակավառության արարողությունը խիստ պարզ էր և աղքատին: Վառելիքների փոքրիկ կրակաշեղջից բարձրանում էին վառվող նյութերի թույլ և կանաչագույն բոցերը. ինքը տիկին Թարլանը, անթրոցը ձեռքում, խառնում էր կրակը, ավելի զորություն տալով նրա բոցերին, և լուռ փսփսացնում էր աղոթքի նման մի բան: Նրա խնամիներից տիկին Սկուհին օգնում էր նրան, խարույկի վրա վառելանյութ ավելացնելով, իսկ տիկին Սալլաթինը, հեռուն կանգնած, խոսում էր օրիորդ Սալբիի հետ, անլսելի ձայնով:

Տեսնո՞ւմ ես, Սալբի, — ասաց տիկին Սալլաթինը մատով ցույց տալով, — մի ժամանակ, մեր քաջ Վարդանի և Վահանի օրերին, այդ մոխրաբլուրների29 վրա, զրադաշտական ատրուշանների անշիջանելի կրակներն էին վառվում, բայց մեր արժանահիշատակ նախնիքը, իրանց արյունով մարեցին այն կրակը, որ սպառնում էր լափլիզել, այրել և անհետացնել սուրբ քրիստոնեությունը: Բայց այսօր, ի՜նչ ցավալի տեսարան է այդայսօր վառվում են նրանք ամեն մի քրիստոնյա կոչված հարստի և աղքատի, մեծաշեն ապարանքների, գծուծ խուղերի և խրճիթի կտուրների վրա...:

Այդ նշանակում է, — պատասխանեց օրիորդ Սալբին ցածր ձայնով, — կրակապաշտությունը, որ Զրադաշտի մոգերը չկարողացան ներմուծել հայոց մեջ, ներս բերին մեր հիմար տերտերները քրիստոնեական փաթոթով պարուրած...

Դրանց խոսակցությունը ընդհատեց տիկին Թարլանը, որ մոտենալով՝ բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը և մոտեցրեց կրակին.

Դո՜ւ, — ասաց նա, — ամեն օր տրտնջում ես, թե գլուխդ ցավում է, սպասիր, ես կբժշկեմ քո գլխացավը:

Այնուհետև մոլեռանդ մայրը, մի քանի անորոշ և անհասկանալի բառեր և ոգիների անուններ արտասանելով, Սալբիի ծամերի հյուսերից մինը դուրս քաշելով քողի տակից` կամենում էր խանձել ունելիքով բռնած կրակով. օրիորդ Սալբին յուր վհուկ մոր կախարդական խորհուրդը հասկանալով` դուրս քաշեց յուր ձեռքը նրա ձեռքի միջից, և արհամարհական կերպով մի կողմ քաշվեց, այս խոսքերը արտասանելով.

Գիտե՞ս ինչ է գրված սուրբ գրքի մեջ, — ասաց նա, — «բոլոր կախարդների և կռապաշտների բաժինը` կրակով և ծծմբով վառած լճի մեջ պիտի լինի, որովհետև կախարդները պիղծ են աստուծո առջև»:

Այդ խոսքերը մահու չափ ազդեցին տիկին Թարլանի սրտին, բայց յուր աղջկա պատիվը չկամենալով ոտքի տակ տալ յուր խնամիների առջև, մի այլ ժամանակի թողնելով յուր տհաճության թույնը` մեծ դժվարությամբ զսպեց յուր բարկությունը:

Բայց տիկին Սկուհին, այդ պարզամիտ կինը, ամենևին չհասկանալով յուր հարսնացուի և նրա մոր մեջ անցածը` նույն միջոցին հմայում էր մի այլ թիլիսմանական գործողություն: Նա յուր մատներով մի բամբակյա թել էր ոլորում, որն երեքպատկելով` բռնում է յուր բերանի առջև (այդ ժամանակ նրա շրթունքները շարժվում են, կարծես թե մի բան է կարդում)` և երեք անգամ փչում է նրա վրա, այնուհետև այրելով թելի երկու ծայրերը, նորահարսի նարոտի նման, շապկի տակից երեք անգամ փաթաթում է յուր վզով, հուսալով, որ դրանով բժշկելու էր յուր եռօրյա տենդացավը:

Օրիորդ Նազանին, նույն րոպեին հեռուն կանգնած մի` այլ դյութական թիլիսմ էր կատարում. — նա կրակով այրում էր յուր գլխին ծածկած քողի ծայրերը: Այդ նա անում է հավատացած լինելով՝ թե այդպիսով յուր անձը ազատ կպահվի աչահարությունից (բադնազարից):

Օրիորդ Սալբին հեռվից նշմարելով այդ, մոտեցավ նրան և ասաց.

Նազանի, քո ո՞րտեղն է ցավում, որ այդպես ես անում:

Է՛հ, տրաքեն չար աչքերը, — պատասխանեց նա. — մեր գյուղում աչքով սարը կճեղքեն:

Դա կազատե՞ քեզ աչքով տալուց, — հարցրոլց օրիորդ Սալբին:

Հա՜, Սալբի, միթե դու չգիտե՞ս:

Ես գիտե՜մ... բայց դո՜ւ այն պտուղը չե՜ս, որ քեզ աչքով զարկեն. աչքով զարկում են սիրուն աղջիկներին միայն, և ամեն բան, որ գեղեցիկ և հրաշալի է, — պատասխանեց նա կատակով:

Լավ, լավ, Սալբի, գիտենք, որ դու սիրուն ես. աստված քեզ չար աչքից պահե. բայց ես է՜լ իմ տեղը ունիմ... Մի՜ ծիծաղիր ինձ վրա, — ասաց Նազանին վշտանալով:

Ուրեմն քեզ համար մի բադնազարի30 աղոթք գրել տուր և միշտ քեզ մոտ պահիր:

Մինչ դրանք այդպես խոսում էին, հանկարծ մերձակա տանիքից, որ կից էր Հովասաբենց կտուրին, լսելի եղան խառնաձայն աղաղակներ.

Վա՛յ... վա՛յ... ամա՛ն... ի սեր աստուծո... օգնության հասեք... ազատեցեք... էյվա՛յ... էյվա՛յ... վա՛յ... ողորմություն արեք... ազատեցեքմեռավ...:

Տիկին Թարլանը յուր խնամիների հետ, և մյուս կտուրներից շատ մարդիկ շուտով այնտեղ հավաքվեցան և տեսան, որ իրանց դրացիի տունը մի մեծ հրդեհով անխնա վառվում էր: Օգնության հասնող մարդկանցից ոմանք սկսեցին հրդեհը շիջել, և մի քանիսը բոցերի միջից դուրս քաշեցին Հովասաբենց բարի դրկից խղճալի Հարապետին:

Հա՛յ, ջուր բերեք, ջուր բերեք, — աղաղակեցին մի քանի մարդիկ:

Թեպետ շուտ կարողացան հանգցնել Հայրապետի վրայի այրվող հագուստը, բայց չկարողացան հետ դարձնել նրա կյանքը, որովհետև ողորմելու ամբողջ մարմինը միանգամայն խորոված լինելով՝ մի փոքր անցած՝ նրա ձեռքերն ու ոտները կծկվեցան, և նա մեռավ:

Ի՞նչ հրդեհ էր այդ: — Նրանց տանիքի վրա վառած նվիրական հուրից մի կայծ, քամու զորությամբ տարվելով, աննկատելի կերպով հրդեհում է ախոռատան բակում դիզած արոտները, և այնտեղից անցնելով, այրում է մի փոքրիկ տնակ, ուր, նույն միջոցին, քնած է լինում խղճալի Հայրապետը, խորին թմրության մեջ՝ հարբած լինելով Բաքոսի ըմպելիքով:

Տիկին Սալլաթինը, նշմարելով այրվածի կնոջ դառն հառաչանքը, սկսեց նրան մխիթարել այս խոսքերով.

Մի՜ լար, ո՜վ կին, թեև քո մարդը այլևս արևի լույսը չէ տեսնելու, դարձյալ նա բախտավոր է, որ հաջողեց մեռնել սակավ մարդկանց համար վիճակված մի փառավոր մահով: Յուր կյանքը զոհելով նվիրական կրակի բոցերին նա դասվեցավ երանելի մարտիրոսների և սուրբ նահատակների կարգը: Դրա փոխարեն մյուս կյանքում պսակ կընդունե գուցե Որմզդի ձեռքից...:

Սգավորը չհասկացավ այդ հեգնական խոսքերի իմաստը և ավելի դառնագին սկսեց լալ:

Բայց օրիորդ Սալբին, մոտենալով, կամաց ասաց տիկին Սալլաթինի ականջին.

Շատ կարելի է, որ պատվելի այրվածը փոխանակ փառավոր պսակ ընդունելու Որմզդի ձեռքից, արդեն հյուր գնաց Արհմնի մոտ:

Դու սխալվում ես, Սալբի, — պատասխանեց տիկին Սալլաթինը, — լսո՞ւմ ես, ի՜նչ է խոսում այնտեղ ռամիկը:

Եվ իրավ, բազմության մեջ մի մարդ ասում էր յուր ընկերներին.

Ա՜յ տղերք, տեսա՞ք, ի՞նչ բախտավոր էր այդ մարդը. մնաց, մնաց, վերջը մի այդպիսի բարի մահով վախճանվեց...: Ճշմարի՜տ, նրա տեղը արքայության մեջտեղն է: Ի՞նչ օգուտ, քանի որ մեր ազգը հավատ և հույս չունի. եթե մահմեդական մեկը լիներ, հիմա թուրքերը կամ պարսիկները դրա վրա մի գումբազ (մատուռ) էին կանգնել: Ինչո՞ւ Մուհարլեմի կռիվներում, Քալբլայի ճանապարհում և Մեքկայի անապատներում մեռածները ճեննաթի մեջ, Մահմեդի մոտ պիտի գնան, բայց մեր այսօրվա օրումս նահատակվածը` արքայություն չի՞ գնալու:

Խոսքդ շաքարով, մուղդուսի Պիրրո, — ասաց մի ուրիշը. — ճշմարիտ,ավետարանի միջիցն ես խոսում, և խոսքերդ ջավահիր են, բայց ի՞նչ անես, լսող չկա:

Արդեն սրբացրին, — ասաց օրիորդ Սալբին. — ե՜ կ գնանք, ես մրսում եմ:

Ո՞ւր գնանք, չե՞ս սպասելու մինչև մայրդ էլ ցած իջնի, — հարցրուց տիկին Սալլաթինը:

Ո՜չ, նրանք դեռ շատ գործ ունեն, կուշանան, մենք գնա՜նք, մի փոքր տաքանանք:

Նրանք երկուսը միասին ցած իջան կտուրից: Տիկին Թարլանը յուր սրտի մեջ զայրացավ, որ նրանք մինչև վերջը չսպասեցին: Տիկին Սալլաթինը օրիորդ Սալբիի հետ մտան վերջինիս սենյակը, ուր նույն րոպեին վառարանում փայտ էր վառվում: Ո՜րքան մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ տեսան, որ Ռուստամը, մի լայն վերարկուի մեջ փաթաթված, դռնից ներս մտավ:

Սալբի, ես լսեցի ձեր դրկիցներից մի մարդ է այրվել, — ասաց նա, առանց բարևելու, անփույթ կերպով գնալով նստելով տիկին Սալլաթինի մոտ:

Հա՜, Հայրապե՜տը, — ցածր ձայնով պատասխանեց օրիորդ Սալբին:

Դու չէի՞ր տրտմի, եթե այրվողը քո լուսահոգի մայրը լիներհարցրուց պարոն Ռուստամը ծիծաղելով:

Ինչո՞ւ չէի տրտմի, — հարցրուց օրիորդ Սալբին:

Որովհետև կազատվեինք, որպես դո՞ւ, նույնպես և ես: — Մի՜թե մենք գերի՞ ենք:

Դեռ մի բանով պակաս գերիներից... — պատասխանեց պարոն Ռուստամը:

Ահա մի քանի րոպեից հետո նա վայր կիջնե կտուրից, և ես ստիպված կլինեմ, ակամա քեզ թողնել և փախչել, իսկ այժմ ներս մտա, գիտնալով, որ նա տանը չէր:

Ինչո՞վ է մեղավոր տիկին Թարլանը, — հարցրուց տիկին Սալլաթինը, — երբ մեր երկրի ու մեր ազգի սովորությունն է, որ երիտասարդ աղջիկները ոչ մի կերպ չպիտի լինեն օտար մարդկանց հետ:

Զարմանալի հրեշներ են այդ ասիական ազգերը, — պատասխանեց Ռուստամը բարկանալով: — Նրանք առանց ամաչելու գործում են ամեն անվայել բան, որ երբեք աստված չէր հրամայել, բայց ամաչում են հայտնի կացուցանել սուրբ սերը, որ աստուծո օրենքով օրհնված էր:

Պարկեշտությունը, պատկառանքը և ամոթը մարդկային բնության ազնիվ և անուշահոտ ծաղիկներն են, — ասաց տիկին Սալլաթինը:

Թո՜ղ տուր, թե աստվածդ կսիրես, մորաքույր, այդպես չեն քո գաղափարները, ես գիտեմ, դու կամենում ես բարկացնե՜ լ ինձ:

Իսկապես տիկին Սալլաթինը հեգնաբար էր խոսում. այլապես՝ նա սիրում էր ազատություն, այդ խորհրդական բառի մեր դարու հասկացողությամբ:

Սա՜լբի, դու բարկացա՞ր, որ այդպես համարձակ խոսեցի. հա՞, — հարցրուց Ռուստամը:

Դու չափազանց հանդո՜ւգն ես, Ռուստամ, — պատասխանեց Սալբին:

Ի՞նչ արած... ահա տյառընգառաջը անցավ, և մի քանի օրից հետո կանցնի բարեկենդանն էլ...: Մեծ պասին միշտ լոբի կեր ու երդիկին մտիկ տուր31, մինչև այդ աստուծո պաաիժը վերջանա... մինչև Համբարձումից հետո մեր պարոն տերտերները ասեն՝ թե կարելի է պսակ կատարել:

Այդ խոսքերը Ռուստամը արտասանեց այնքան տաքացած և կրքով, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին թուլացան ծիծաղից:

Դու շա՜տ ես շտապում, Ռուստամ, — ասաց տիկին Սալլաթինը:

Նա գուցե երկյուղ է կրում, որ ձեռքիցը խլեն, — հեգնեց օրիորդ Սալբին:

Ինձ մի մեղադրեք, իմ նազելիներ, — առաջ տարավ Ռուստամը. — սերը մի դժվար բան է, դա ամենակատաղի կիրքն է մարդկային բնության մեջ... մի՜թե, Սալբի, միևնույնը չէ՞ զգում և՜ քո սիրտը... միթե դու էլ գիշեր ու ցերեկ չե՞ս մաշվում այդ մոլեկան ցավով...:

Օրիորդ Սալբին գլխով «այո»-ի նշան արեց, որ չնշմարեց տիկին Սալլաթինը:

ԺԲ

ՄՈԳՊԵՏԸ

Նվիրական կրակները արդեն մարել էին բոլոր կտուրների վրա, բայց նրանց փոխարեն լույս էին տալիս բյուրավոր ճրագներ: Այլևս լսելի չէին լինում հրձիգ գործիքների որոտը, շառաչուկների ճարճատյունը, ո՜չ էլ մարդկանց կատաղի աղաղակները: Բայց գիշերային խորին լռությունը կենդանացնում էին երգերի և նվագարանների հիանալի ձայներ, որ լսելի էին լինում տանիքների վրա դրված խնջույքներից:

Տիկին Թարլանը յուր խնամիի հետ տակավին տանիքից ցած չէր իջել. նրանք անհամբեր սպասում էին քահանային, որ գար կրա՜կը օրհներ, այնուհետև ամեն ինչ կվերջանար:

Հանկարծ հայտնվեց նա:

Ծերունի տեր Մարուքը, նույն ավուր տոնի իմաստուն մոգպետը, Հովասաբենց տոհմի ծխատեր քահանան, իրան վիճակված ժողովրդի հարուստների կրակի առաջ օրհնելով և նրանց տյառընդառաջը շնորհավորելով՝ հերթը ստորին ժողովրդին հասնելով՝ մտաբերեց Հովասաբենց տունը: Նրա տիրացուն, որ յուր երեց որդին էր, շիջած բուրվառը ձեռքին քարշ գցածհետևում էր հորը: Եթե մինը կամենար գինեմոլի մի պատկեր՝ յուր անճոռնի և այլանդակ կերպարանքով, մի այլ ավելի հարմար օրինակ չէր գտնի, բացի այդ մի զույգ հայր ու որդուց: Տերտերը, գլուխը երերելով, գլորվելով, պատերին և ցեխերին երկրպագություն տալով, յուր փիլոնը կիսաքարշ՝ գետնից տանելով, փառաջայի դրոշակները աղբերի և ցեխերի մեջ աղտոտած, գդակի վրա մի կույտ հող ու մոխիր, աչքերը կարմրած, երեսը թռթշնած, որպես մի կատաղած արջ կամ քավթառվայրենի կերպարանքով, հազիվհազ բռնելով յուր դողդոջուն իրանը երկու ցեխոտ ոտների վրամոտեցավ, կանգնեց կրակի մոտ: Նրա որդին ավելի վատթար դրության մեջն էր: Ի՞նչ մեղ ունին նրանք…: Ի՞նչ անեն, որ չհարբեն. այդ երեկո ամենաքիչը հարյուր տուն էին ման եկել կրակ օրհնելու համար, և ամեն տեղ մեծարել էին քահանային օրհնյալ ըմպելիքով: Եթե տեր Մարուքը ամեն մի տան մեջ, չափավորություն պահելով կես-կես բաժակ անգամ խմած լիներհիսուն բաժակի գումարը ո՞ւմ չէր հարբեցնի: Բայց նա, եթե կներե մեզ տերտերը ճշմարիտն ասելու՝ ամեն տան մեջ հետ չէր մնում չորս-հինգ բաժակից: Ի՞նչ անե տեր Մարուքը. ո՞ւմ սիրտը կոտրե չխմելով. ժողովուրդ օրհնելը նրա պաշտո՜նն է. չէ՞ որ օրհնությունը անհրաժեշտ պետք է կատարել գինու բաժակի վրա...: Բայց և այնպես, տեր Մարուքը յուր քահանայական պարտավորությունը վերջացրել, և հայերի ասության ոճով, այդ դրության մեջ «յուր էշը ցեխից հանել է»: Բոլոր հարուստների կրակները օրհնած վերջացրած լինելով, մնում էին մի քանի աղքատ մարդիկ, դրանց համար լոկ մի խաչակնքումն էլ բավական էր, փոխանակ ա՛յնքան օրհնությունների և արարողությունների, որ կատարվում էին սուրբ կրակի շուրջը:

Բարի ողջույն, — ասաց քահանան, մաշտոցը թևքի տակից դուրս հանելով:

Օրհնյա տեր, — ձայն տվին ամեն կողմից և մոտեցան համբուրելու նրա աջը: Քահանան նրանց գլուխների վրա ձեռք դնելով ասում էր.

Աստված օրհնեսցե, շատ ապրիք, շատ ապրիք, որդիք:

Տեր Մարուքը սկսեց օրհնել մոխիրը, մի քանի գլխից-պոչից կրճատած աղոթքներով, և կամենալով ավելի քաղաքավարություն գործադրել, մաշտոցը երկու ձեռքով վեր բարձրացրեց, իսկ տիրացուն հանդիպակաց կողմից բուրվառը դեմ արեցսկսեցին «անդաստան» (թափոր) անել և մոխրի շուրջը պտույտ գալ: Բայց հանկարծ, չգիտեմ ինչ պատահեց. տեր Մարուքը, կարծես մի աներևվույթ հարվածից, գետին գլորվեց, սկսեց թավալվել մոխիրների մեջ: Գինարբության ախտը մինչ այն աստիճան սաստկացել էր այդ մարդու մեջ, մինչև պատճառել էր մոլարբեցության խելացնորություն: Բայց տիկին Թարլանը, չհավատալով, որ տիրոջ սպասավորներին մի այդպիսի ցավ կարող է հանդիպել, դարձավ և ասաց տիկին Սկուհուն.

Գիտե՞ս, խնա՜մի, ինչ պատահեց տերտերին:

Ի՞նչ պատահեց, — զարհուրելով հարցրուց տիկին Սկուհին, որ հեռուն կանգնած, դողում էր երկյուղից:

Հրեշտա ՜կ տեսավ, իմ քույր, — պատասխանեց տիկին Թարլանըւ

Հապա, հրեշտակ տեսավ, — մյուս կողմից փաստաբանեց տիրացուն, — իմ հայրը միշտ խոսո ՜ւմ է որդիների հետ:

Ո՜չ այս և ո՜չ այնտեր Մարուքր նույն րոպեին սովորական կերպով հարբած էր: Թեպետ տիկին Թարլանը նրա չորս կողմով մի բոլորակ խաչ էր գծում կտուրի վրա, որ ոգիները թող տային նրան և քահանան զգաստանար, բայց գուցե ցրտի ներգործությամբ, մի քանի րոպեից հետո նա ուշի եկավ, վեր կացավ, և մտաբերելով, որ կրակի օրհնությունը թերի էր մնացել, բռնեց մաշտոցը, և խաչանիշ անելով կրակի վրա, ասաց.

Այս գրքի միջի բոլոր աղոթքները և օրհնությունները քեզ վրա լինի, ո՜վ սուրբ կրակ:

Վերջացա՜վ, գնաց… — մյուս կողմից կրկնեց տիրացուն, — այլևս ի՞նչ պետք ծանր ու բարակ կարդալ ամեն մի աղոթք, երբ մի համառոտ խոսքով վերջանում է ամեն ինչ:

Թեպետ այդ միջոցին տեր Մարուքի երևակայությունը պղտորված, և լեզուն ծուլացել էր աղոթքների համար, բայց այնուամենայնիվ նա չկարողացավ մոռանալ յուր սուրբ պարտականությունըաջահամբույրների նկատմամբ: Երկու ձեռքով մաշտոցը պինդ բռնեց յուր առջև. ամենից առաջ տիկին Թարլանը մոտ գնաց, համբուրեց գիրքը, ձգելով նրա կազմի վրա գամած բոլորակ պղնձյա խաչի երկու արծաթի դրամ, այնուհետև մյուսները, նույնպես համբուրելով, տալիս էին արծաթ, բայց ո՜չ այն չափով, որքան տիկին Թարլանը բաշխեց, թեպետ խղճալի տեր Մարուքը անդադար հորդորելով ասում էր.

Օրհնածներ, որքան կարող եք շատ տվեք. քանի շատ տաք, ա՜յնքան առավել վարձք կառնուք. ա՜յնքան առավել հոգու փրկություն կլինի ձեզ:

Մաշտոցի վրա դիզված արծաթները գրպանը լեցնելով, կարծես թե տեր Մարուքը գնալով ավելի և ավելի էր զգաստանում. մանավանդ, երբ նա մի կողմ քաշվելով վեր ածեց այն բոլորը, որ մինչ այդ ամբարվել և ծանրացել էր նրա ստամոքսի մեջ...: Օրիորդ Նազանին ջուր ածեց, տեր Մարուքը լվաց երեսը և ապականված մորուքը: Այնուհետև նա բավական սթափվեց, խելքի եկավ, և կրկին կրակի մոտ գալով, վեր առավ մի բուռն մոխիր, ցրվեց տանիքի չորս կողմը և մնացածը պատվիրեց տիկին Թարլանինամփոփել մի պարկի մեջ, ասելով.

Խելացի տիկին, պինդ պահիր քո ականջների մեջ քահանայի խրատները, որ կամենում է հայտնել քեզ, թե ինչ խորհրդով հրամայել են մեզ մեր արժանահիշատակ պապերը մինչև մյուս Ùտյառընդառաջը սուրբ մոխիրը խնամքով պահելու: Այղ հրաշալի մոխիրը, յուր սքանչելի զորությամբ օգտակար է լինում տնտեսական ամեն բաների մեջ: Օրինակ, եթե դրանից ցանելու լինիս տավարների և ոչխարների վրա, նրանց այլևս ցավ չի պատահի, միշտ առողջ և պարարտ կլինեն, առատ կաթ և յուղ կտան: Եթե դրանից ցրվելու լինիս այգիի ծառերի և որթերի տակ՝ կազատվին թրթուրից, վնասակար ճճիներից, կարկուտից և առատ արդյունք են բաշխում: Այդ փոշուց ցանում են արտերի, առվույտների, հնձելու խոտի մեջ, որ մարախը չուտի, ժանգը չչորացնե, և ազատվին խորշակից և այլ պատուհասից: Դրանից ցրվում են մի զույգ ամուսնակիցների անկողնի մեջ, երբ թշնամի վհուկների դյութելով նրանց մերձավորությունը արգելված է, երբ նրանք ամուլ են և կամ նրանց զավակները ծնվելուց հետո շատ չեն ապրում: Այդ բոլորից զարմանալի զորությամբ փրկում է, ազատում է...: Մի այլ ժամանակ ես կպատմեմ ձեզ, թե այլևս քանի-քանի զորություններ ունի այդ սուրբ մոխիրը:

Քահանայի խոսքերը արդար յուղի նման հալվում էին տիկին Թարլանի ականջներում. նա յուր մտքի մեջ զարմանում էր նրա անչափ իմաստության և այնքան բաներ գիտնալու վրա: Տեր Մարուքի գործած այն անքաղաքավարությունը նրա մոլությունների մասին ոչ մի տհաճություն չհարույց տիկին Թարլանի սրտի մեջ: Բայց տիկին Թարլանը շատ ուրախ էր, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին այնտեղ չգտնվեցան և ականատես չեղան քահանայի անկարգությանը, որ իրանց համար կատակի և ծիծաղի առարկա շինեին:

Գիշերը տարաժամեցավ. բոլորը միասին կտուրից ցած իջան:

Մի ընդարձակ սենյակ, յուղային ճրագներով լուսավորված, համեստ կերպով զարդարած էր, մի ո՜չ հարուստ, այլ միջասահման գյուղացու կարողությունը ներածին չափ:

Սփռոցի վրա, սենյակի միջավայրում, դրված էին զանազան ուտելիքներ և սրվակներով գինի: Տեր Մարուքը նստում է յուր համար պատրաստված փափուկ օթոցի վրա, սեղանի պատվավոր գլխում: Նրա տիրացու որդին, հոր հրամանով, նստում է հեռու, ներքև, սեղանի մյուս ծայրին: Տիկին Թարլանը, որպես չափահաս կին, համարձակվում է նստել քահանայի մոտ, թեպետ ամաչում է ուտել, բայց տերտերին գինի է տալիս «անուշ-խմեք» մատուցանելով սեղանի ազնիվ պատառներից: Իսկ տիկին Սկուհին, հեռուն երեսը ծածկած միայնակ նստած է մի անկյունում: Տիկին Թարլանը լեցնելով մի մեծ գավաթ կարմիր գինի, մատուցանում է քահանային, ասելով.

Համեցեք, տեր հայր, այդ գինին շատ անուշ է, համեցեք, մեր այգիի խաղողներիցն է:

Թող օրհնվի դրա այգին, միշտ թարմ և կանաչ մնան ողկուզենիքը, — ասաց տեր Մարուքը, ընդունելով գինին, և յուր ուրախալի հայացքը ձգելով գավաթի կարմիր մակերևույթի վրա, առաջ տարավ. — թող օրհնյալ լինի մեծ նահապետի հիշատակը, նա այնքան բարեբանված չէ մարդկության երկրորդ նախահայր լինելու համար, որքան ավելի շնորհակալ պետք է լինել նրան, որ մարդկանց ուսույց գինի շինել. այս երկնային ազնիվ ըմպելիից ավել մեր Փրկիչը մի այլ արժանավոր բան չգտավ Կանայում յուր առաջին հրաշքը ցույց տալու համար. այլև հաստատեց յուր սուրբ արյունի փոխարեն...: — Այդ դատողությունից հետո տեր Մարուքը յուր ձեռքի գավաթը դեռ չխմած՝ մի երկար, անհամ և տաղտկալի օրհնություն սկսեց.

Հավասարական կենդանությո՛ւն... Թարլան քույրիկ, շատ ապրիս, քեզ արքայություն. տեր ամենակալը քեզ անթառամ պսակին, լուսեղեն պատմուճանին, վերին Երուսաղեմի երանությանցարժանացնե. տեր Հիսուս այս օջախը միշտ շեն ու հաստատ պահեսցե. այն մի հատիկ սիրուն աղջիկդ ծաղկեցնե և յուր սրտի բարի խորհրդի կատարումն տա: Հիսուս միածին, տիկին Թարլանի հանգուցյալ ամուսին ողորմած ուստա Պետրոսի հոգին լուսավորեսցե: Սկուհի, — դեպ նրան դառնալով ասացշատ ապրիս: Տեր աստված այդ ձեր առևտուրինայսինքն խնամությանփոշիմանություն (ապաշավանք) չտա. բարով Ռուստամի կանաչ-կարմիրը (նարոտը) կապես. կարմիր հարսդ տուն բերես, որդիքով, թոռներով ու ծոռներով ուրախանաս: Տե՜ր, դո՜ւ երկրիս՝ խաղաղություն, թագավորաց՝ հաշտություն և մեր խեղճ հայ ազգին՝ սեր ու միաբանություն, և այս օրհնյալ ըմպելիքին՝ հաջող ճանապարհորդություն տուր: Նազանի, աստված քեզ էլ մի բախտ տա, բարով սիրուն փեսա ունենաս:

Տեր Մարուքը, որպես օրենքն էր, մաքրազարդեց գավաթը:

Անո՜ւշ, անո՜ւշ, — ձայն տվեց մյուս կողմից տիկին Թարլանը, նրան ուտելու մի բան մատուցանելով. նա էլ ընդունելով այդ և դեպ բերանը տանելով, ավելացրեց.

Աստուծո բարին թող չպակասի ձեռքիցդ, շեն ու հաստատ մնաս:

Այսպես, գինու գավաթները սկսեցին դատարկվել. տիրացուն ևս, իբր թե հորիցը ամաչելով, երեսը դեպ մի կողմ շուռ տալով, գաղտնի մի քանի բաժակ կոնծել էր: Երբ քահանայի գլուխը մի փոքր տաքացել էր, տիկին Թարլանը նրան հարցրուց.

Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, ասացեք խնդրեմ, ի՞նչ գուշակեց այս տարի «սուրբ կրակը»:

Որքան ասես, շատ բարի բաներ, — պատասխանեց իմաստնաբար տեր Մարուքը: — Միթե չնշմարեցի՞ք ժամատան բակում, թե ի՞նչպես բոցերը, աբելյան ողջակիզի նման՝ ուղղակի դեպ երկինքն էին ձգվում, և ո՛րքան փառահեղությամբ պայծառ լուսինը դուրս եկավ սարերի հետևից տյառընդառաջի տոնը օրհնելու և սուրբ հրավառությանը սպասավորելու, իսկ արևը մտնելու ժամանակ, որքան հիանալի տեսարան ձևացավ կապույտ երկնակամարի վրա. կարծես, բոլոր ամպերը զուտ ոսկի լինեին քրքումի գունով ներկված: Ահա այդ բոլորը բարեգուշակ նշաններ էին:

Այս խոսքերը, որ տեր Մարուքը արտասանեց մի փոքր բանաստեղծական ոճով, հարյուրավոր անգամ, նույն ոգևորությամբ պատմել էր հարցասեր կանանց:

Այդ երևցած նշանների մասին, տե՜ր հայր, դուք «գրքին» նայեցի՞ք, — հարցրուց տիկին Թարլանը:

Ինչպես չէ, այս տարի կլիման լինելու է առողջարար, ջուրը առատ, ցանքերը և այգիները պտղավետ, աժանություն երկրի, ու թագավորաց խաղաղություն, — պատասխանեց տեր Մարուքը:

Կովերի և հավերի մասին մի բան գուշակո՞ւմ է սուրբ կրակը:

Հա՜, ի՞նչպես չէ.. ավելի գլխով, քան լեզվով, պատասխանում է գուշակողը. — կովերը այս տարի առատ կաթ են տալու, որով այս տարի ունենալու եք շատ եղ ու պանիր: Բայց չմոռանաք սուրբ մոխրից մի փոքր ցրվել գոմի մեջ...: Հավերդ էլ արդյունալի կլինին ձվերով ու ճուտերով, բայց չմոռանաք տեր Մարուքը վարձատրելու մի քանի տասնյակ նոր ձվերով, որով ես առիթ կունենայի «աղոթել» ճուտերը, և կապել քորքորայի (ցինի) բերանը, որ չհամարձակվի հափշտակել փոքրիկ վառյակները:

Տիկին Թարլանը ուրախացած այդ օգտավետ նախագուշակություններով, համբուրեց քահանայի աջը:

Հա՜ այդպես... մեռնիմ բերնիդ, — ասաց նա. — ձուն մի ոչինչ բան է, իմ գլուխը, իմ տունը տեղը, բոլորը ձեզ փեշքաշ (ընծա) է, բավական է, որ ձեր սուրբ աղոթքը մեզ պահապան լինի և մեզ օրհնող լինեք, մենք ինչպես էլ լինի կապրենք և ստեղծողին փառք կտանք:

Հանաք եմ անում, Թարլան բաջի, — խոսեց տերտերը ծիծաղելով, — ես ձեր ողջությունը կցանկանամ, որ միշտ շեն ու պայծառ լինիք: Իհարկե, դուք որ կաք՝ մեր սյուրուն (հոտն) եք, իսկ մենք ձեր չոպանը, պետք է ձեր կաթից ուտենք, ձեր բուրդից հագնենք, որ ձեզ էլ գայլերի բերանից ազատենք, և խոտավետ արոտներում արածացնենք:

Տիրացուն, որ այդ ժամանակ ոտքի վրա կանգնած, մեքենաբար շարժում էր բուրվառը, և գլուխը դմբացնելով, խլինքը վեր քաշելով, ծոծրակը քորելով, բերանը մինչև ականջները բացած հորանջելով, մտավոր հափշտակության մեջ խորասուզված, ավելի գինու ազդեցությամբ քան թե մի այլ խորհրդով, այսպես խոսեց.

Մեր սուրբ Էջմիածինը, մեր սուրբ Լուսավորիչը... մեր սուրբ մեռոնը... մեր... մեր... մեր... — այլևս նրա պղտորված երեվակայությունը չկարողացավ ժողովել խոսքերի հետքը:

Բայց տիկին Թարլանը կարդալով նրա միտքը, ավելացրուց.

Իհա՜րկե, առանց նրանց հայ-քրիստոնյայի վիճակը վատ կլիներ: Մենք նրանցո՜վ ենք ապրում, և նրանք են, որ միշտ բարեխոս են աստուծո աթոռի մոտքրիստոնյա ազգի համար...:

Տեր Մարուքի ստամոքսը արդեն լցվել, նախկին աստիճանին էր հասել: Նա վեր կացավ, և գլորվելով կամենում էր հեռանալ, բայց մի նոր միտք արգելեց նրան:

Գիտե՞ք, առավոտյան պատարագ պիտի լինի, և ես պատարագիչն եմ, — ասաց նա:

Հաջորդ էջ