Րաֆֆի՝   Սամվել

Սաթենիկի մեջ եփ եկավ մոկացու արյունը. նրա երկնագույն աչքերը վառվեցան, և նա բացագանչեց խռովյալ ձայնով.

Այդ երբե՜ք չէ կարող պատահել, որ իմ երեխային խլեին օրորոցից... Մինչև այդ կատարվելը շատ դիակներ կծածկեին գետինը, իսկ իմը` կլիներ վերջինը...

Կարող է պատահել, նազելի Սաթենիկ, — ասաց այրը տխուր ձայնով, — դժբախտության օրը շատ մոտ է... Դու դեռ չգիտես, թե ինչ արհավիրք է պատրաստվում մեր աշխարհի համար... Ես այս առավոտ հենց դրա վրա էի մտածում, երբ դու մտար ինձ մոտ: Դու պետք է գիտենաս բոլորը, որպեսզի միասին խորհենք մեր ընտանիքի ապահովության մասին:

Նա մի ըստ միոջե պատմեց կնոջը Մերուժանի և Վահանի ուրացությունը, նրանց պարսից կրոնը ընդունելը և պարսից զորքերով դեպի Հայաստան արշավելը, նրանց կատարելու չարագործությունները, մի խոսքով, բոլորը, ինչ որ գիտեր ինքը և ինչ որ հարկավոր էր համարում, որ գիտենար կինը:

Ամո՛թ, հազար ամո՛թ, — ձայն տվեց վշտացած կինը: – Բավական չէին արտաքին թշնամիները, այժմ թշնամին մեր միջիցն է առաջ գալիս...

Այո՜, մեր միջիցն է առաջ գալիս... — կրկնեց Մուշեղը, գլուխը ցավակցաբար շարժելով, — և այդ պատճառով մենք, միևնույն ժամանակ, պետք է մղենք երկու պատերազմներ` արտաքին և ընտանեկան: Արտաքին թշնամին, մեր դարևոր ոսոխը, պարսիկը այնքան վտանգ չէ սպառնում, որքան ընտանեկան թշնամին: Իմ հորեղբայր Վահանը այնքան վատ գտնվեցավ, որ, իմ հոր սպարապետությանը հետամուտ լինելով, մատնեց նրան պարսից թագավորի ձեռքը և յուր հարազատի կորստյան գնով ստացավ նրա իշխանությունը: Այժմ գալիս է նա: Ես տարակույս չունեմ, որ այդ փոքրահոգին, պարսիկներին ավելի մեծ ծառայություն անելու համար, հենց ինքը կմատնե ինձ, քեզ և մեր բոլորին նրանց ձեռքը...

Այդ բոլորը իմանո՞ւմ է Սամվելը, — հարցրեց կինը:

Իմանում է, — ասաց այրը:

Խե՛ղճ տղա, հիմա ո՜րքան տանջվելիս կլինի... Ես առավոտյան իմ սենյակի լուսամուտից տեսա նրան, երբ գնում էր Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելու: Երեսին գույն չէր մնացել, այնքան տխուր էր, այնքան մաշվել էր, կարծես, ամիսներով հիվանդ պառկած լիներ: Այդ մի քանի օրվա մեջ նա այնքան մաշվեցավ...

Նա սաստիկ զգայուն սիրտ ունի: Ամեն մի վատություն նրան ցավ է պատճառում:

Նա ի՜նչ է մտադիր անելու:

Այն, ինչ որ մենք... — պատասխանեց այրը անորոշ կերպով և ապա խոսքը փոխեց, ասելով.

Դու այժմ բոլորը գիտես, սիրելի Սաթենիկ: Ես երկու օրից հետո պետք է ճանապարհ ընկնեմ: Մենք պետք է աշխատենք չարությունը հենց յուր ծագման մեջ խեղդել: Այսինքն, կամենում եմ ասել` դեռ թշնամին մեր երկիրը չմտած նրա ճանապարհը փակել: Բայց իմ մտատանջությունը քո և իմ զավակի մասին է, թե ի՞նչ կլինի ձեր դրությունը իմ բացակայության ժամանակ: Դու խո լսեցիր, թե ի՜նչ որոգայթներ է պատրաստում Սամվելի մայրը:

Լսեցի... նա կին չէ, նա մի հրե՛շ է... — ասաց Սաթենիկը դառնացած ձայնով:

Այո՜, հրե՛շ է... Նրա շնորհիվ մեր ամրոցը այժմ մի հրաբուխի վրա է կանգնած, որ ամեն րոպե պայթելու վրա է... Եվ այդ է, որ ինձ մտածել է տալիս` ձեր կյանքը փոքր ի շատե ապահով վիճակի մեջ դնել, մինչև պատերազմի փոթորիկը անցնելը: Բայց ես դժվարանում եմ մի ապահով տեղ գտնել:

Ամենաապահով տեղը կլինի մեզ համար բանակը, — պատասխանեց կինը հանգիստ կերպով:

Կնոջ պատասխանը` թե՜ յուր ուշիմությամբ` և՜ թե յուր այրական ներշնչմամբ և՜ զարմացրեց Մուշեղին, և՜ ուրախացրեց նրան: Այդ պատասխանի մեջ տեսնում էր նա մոկացի կնոջ քաջազնական սիրտը:

Այդ պատասխանը հարևանցիորեն կամ հանպատրաստից ասված չէր, այլ նա խորին կերպով մտածված էր: Երբ Մուշեղը նկարագրեց նրան գործերի անմխիթար դրությունը, իսկույն ծագեց նրա գլխում այդ միտքը, որը ավելի պարզելու համար ավելացրեց նա,

Դու պատմեցիր ինձ, Մուշեղ, որ Մերուժանը և քո հորեղբայրը պետք է աշխատեն ձերբակալել բոլոր նախարարների ընտանիքներին, որոնց հետ, անտարակույս, և մեզ: Այդ դեպքում, թե՜ մեզ համար և թե՜ բոլոր նախարարների կանանց համար` ավելի հարմար է բանակի մեջ ապաստան գտնել: Մենք մեր օրորոցներով կշրջենք բանակի հետ և մեր ձեռքով կդարմանենք մեր ամուսինների վերքերը...

Կնոջ տված խորհուրդը Մուշեղին շատ նպատակահարմար երևաց: Ուրիշ հնար չկար. պետք է այդպես լիներ: Նախարարները իրանց բոլոր ուժերը կենտրոնացնելով թշնամու դեմ, նրանց ամրոցներընրանց ընտանիքների ապաստարաններըհետևապես պետք է մնային անպաշտպան: Իսկ թշնամին ամեն հնարք գործ կդներ` գրավելու ամրոցները: Իսկ եթե նրանք միայն իրանց ամրոցները պաշտպանեին, այն ժամանակ պետք է առանձնանային, պետք է ընդհանուր զորությունը ջլատվեր, և երկրի սահմանները պետք է մնային բաց թշնամու առջև:

Բայց այժմ ներկայանում էր մի այլ անհարմարություն: Ինքը Մուշեղը երկու օրից հետո պետք է թողներ յուր ամրոցը: Եթե նա ընտանիքը յուր հետ տանելու լիներ, դրանով արդեն բացարձակ կերպով պետք է ցույց տար յուր դիտավորությունները, որ ցանկանում էր գոնե առժամանակ ծածուկ պահել: Բացի դրանից, նրա վրա դրված էր և յուր մյուս հորեղբայրների և հորեղբոր որդոց ընտանյաց պաշտպանության հոգսը, որոնց նա յուր զավակից չէր բաժանում:

Նա կրկին դիմեց կնոջ խորհրդին:

Մենք սովորություն ունեինք, — ասաց կինը փոքր-ինչ մտածելուց հետո, — ամեն տարի ներկա գտնվել Շահապիվանի աշխարհախումբի տոնախմբությանը: Եվ շատ անգամ գնում էինք տոնն սկսվելուց մի քանի ամիս առաջ: Այնտեղ էր լինում թագավորի բանակատեղը, այնտեղ էր լինում և ինքը թագավորը: Մենք միասին էինք վայելում Ծաղկած լեռների գեղեցկությունը, մինչև սկսվում էր տոնը: Այժմ այդ ուխտագնացությունը մի հարմար առիթ է մեզ այստեղից հեռանալու: Դու, Մուշեղ, կարող ես գնալ, ինչպես վճռել ես, երկու օրից հետո, իսկ մենք կհետևենք քեզ մի շաբաթից հետո:

Շատ գեղեցիկ միտք է, — ասաց Մուշեղը ուրախանալով: — Շահապիվանի սրբավայրերը շատ հեռու չեն Արտագերս ամրոցից, իսկ մեր բանակը դրված կլինի այնտեղ...

— «Այո՛ւ»... «այո՛ւ»... — լսելի եղավ նախասենյակից փոքրիկ Մուշեղի ձայնը:

Այր և կնոջ խորհրդակցությունը ընդհատվեցավ:

Աղախինը ներս բերեց երեխային, ասելով, թե դրսումը չէ հանգստանում: Մայրը առեց նրան յուր գիրկը: Փոքրիկ մարդը, որ ինքն էր գլխավորապես ծնողաց մտածության առարկան, ինքն ևս խանգարում էր նրանց մի որոշ եզրակացության հասնելու:

Տիկինը ակնարկեց աղախնին, որ հեռանա:

Երեխան, սողալով մոր գրկից, անցավ հոր գիրկը: Նա բարձրացավ կլորիկ ոտների վրա և ձեռքը մեկնեց դեպի հոր երեսը, խաղում էր նրա փոքրիկ մորուքի հետ, երբեմն քաշքշում էր, երբեմն մատները տանում էր դեպի նրա շրթունքները:

Շահապիվանի սրբավայրը, — կրկնեց Մուշեղը, — ամենահարմար տեղն է, որ դու հիշեցրիր ինձ, սիրելի Սաթենիկ: Այնտեղ դու կգտնես, եթե ոչ մեր դժբախտ թագավորին, բայց անտարակույս մեր ավելի դժբախտ թագուհուն: Քո ներկայությունը կմխեթարե նրան: Այնտեղ է այժմ արքայական ամբողջ բանակը: Եվ թագուհու զորքերը այնտեղից պետք է միանան մեր ուժերի հետ, որ կենտրոնանալու են Արտագերս ամրոցում: Ուրեմն վճռված է:

Հայրը դեռ չէր վերջացրել յուր խոսքը, երբ փոքրիկ Մուշեղը երկու անգամ փըռթկաց և յուր բարեգուշակ փըռթկալով կնքեց վերջին վճիռը...

ԺԸ

ՊԱՏԱՆԻ ԱՐՏԱՎԱԶԴԸ

Երեկոյան մութը բոլորովին պատել էր, բայց Սամվելը դեռ չէր վերադարձել Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելուց: Նրա սենյակում, միայնակ նստած, սպասում էր ծերունի Արբակը, իսկ սենյակի դռանը` ոտքի վրա սպասում էր պատանի Հուսիկը: Երկուսն էլ կորցրել էին իրանց համբերությունը: Իշխանը ուշացավ, բավական ուշացավ:

Ծերունին մի քանի անգամ վեր կացավ, ուղղեց ձիթային ճրագի պատրույգը, լույսը ավելացրեց, լույսը պակասացրեց, բայց. այդ պարապմունքը բավական չեղավ նրան զբաղեցնելու, և ձանձրույթից սկսեց անկյուններում դրած նիզակներն ու զենքերը համբարել: Այդ հաշիվը, կարելի է ասել, նա հարյուր անգամ տեսել էր, բայց դաձյալ նորից ստուգում էր:

Պատանի Հուսիկը երբեմն ներս էր մտնում, մի որևէ հիմարություն էր ասում ծերունուն, բարկացնում էր նրան և դուրս էր գալիս:

Բայց իշխանը դեռ չերևաց:

Կրկին հայտնվեցավ Հուսիկը և, կանգնելով ծերունու առջև, երկու ձեռքերը կանթեց կողքերի վրա և մի առանձին հեգնությամբ ասաց.

Գիտե՞ս, Արբակ, դրսումը ի՜՜նչ տեսա:

Ի՞նչ տեսար, սատանա, — հարցրեց ծերունին, յուր խոժոռ աչքերը ուղղելով դեպի պատանու խորամանկ երեսը:

Տեսա` մեկը մի քանի անգամ անցավ իմ մոտով: Ես կուչ եկա պատի տակին, նա ինձ չտեսավ, և պտույտ տալով անցավ: Նա պտտվում էր մեր սենյակների շուրջը և անդադար նայում էր դեպի այս կողմ և դեպի այն կողմ: Երբեմն մոտենում էր, կանգնում էր լուսամուտի ներքև, ականջ էր դնում: Եվ որպեսզի չնկատեն նրան, նա հեռանում էր և նորից մոտենում էր: Երբ մի անգամ ևս հեռացավ, ես վազեցի դեպի խոհանոցը, այնտեղից վեր առի մի բավական խոշոր փայտի կոճղ, բերեցի, դրեցի ուղիղ այն գծի վրա, որտեղից նա մոտենում էր լուսամ ուտին: Երբ կրկին անգամ եկավ նա, ոտը դիպավ կոճղին և մի լավ գլուխկոնձի տվեց բակի սալերի վրա: էլ չեմ իմանում, գլուխը կոտրեց, թե քիթը, բայց մի խոր «ա՛խ՞»-«վա՛յ» գոչեց և կաղկղալով հեռացավ:

Չիմացա՞ր ով էր:

Ինչպես չիմացա, ներքինի Բագոսն էր, տիկնոջ ներքինին:

Այդ անպիտանին սպանելու է... շան նման սատկեցնելու է... — մռմռաց ծերունին զայրացած ձայնով:

Նա յուր վարձը ստացավ... — պատասխանեց պատանին և դարձյալ դուրս եկավ սենյակից:

Ծերունին մնաց միայնակ: Տխո՛ւր էր նա, տխո՛ւր, որպես արդար սրտմտություն: Ամբողջ կես դար վկա էր եղել նա այդ տան լավ և վատ գործերին, տեսել էր նրա չարն ու բարին, ուրախացել էր նրա բախտավորության հետ, ցավացել էր նրա դժբախտությունների հետ, — բայց երբեք նրա սիրտը այնպես դառնացած չէր եղել, որպես այդ վերջին օրերում: Նրան դեռևս բոլորովին պարզ չէր, թե ինչ է կատարվում յուր շուրջը, բայց մի խուլ, ներքին բնազդմամբ զգում էր, որ լավ բան չէ կատարվում: Մոր լրտեսները շրջապատում են որդու բնակարանը... որդին մորից ծածուկ գործեր է կատարում... գիշերներն անծանոթ անձինք մտնում են ամրոցը, դուրս են գալիս... մարդիկ միմյանց ականջին են խոսում... Ի՞նչ էին նշանակում այդ բոլոր կասկածոտությունները: Ծերունին ինքն իրան հարց էր տալիս, բայց նրա պարզ և անկեղծ սիրտը մնում էր առանց պատասխանի:

Այդ մտահուզության մեջ նստած էր նա և խոժոռ դեմքով սպասում էր, մինչև նախասենյակում լսելի եղան ծանր ոտնաձայներ, դռները ետ գնացին, ներս մտավ Սամվելը, իսկ նրա ետևից` նրա երկու զինակիրները, որ կանգնեցին դռան աջ և ձախ կողմերում:

Բարի երեկո, սիրելի Արբակ, — ասաց նա ուրախ ձայնով և մոտեցավ, ձեռքը դրեց ծերունու ուսի վրա, հարցնելով, — Երևի, երկար սպասե՞լ տվի քեզ:

Երիտասարդի ուրախ տրամադրությունը փոքր-ինչ վանեց ծերունու թախծությունները և նա, ծանրացած գլուխը վեր բարձրացնելով, հարցրեց.

Ինչո՞ւ այդքան ուշացար:

Հեշտ չէ բարեկամներից ու սիրելիներից շուտով բաժանվելը, հարգելի Արբակ, — կերանք, խմեցինք, համբուրվեցանք, բաժանվեցանք, դարձյալ մոտեցանք, դարձյալ համբուրվեցանք, և այդպես, կրկնելով ու կրկնելով, արևը մտացրինք, օրը մաշեցինք...

Նա դարձավ դեպի զինակիրները և ձեռքը շարժեց:

Նրանք գլուխ տվին և հեռացան: Ներս մտավ Հուսիկը, կանգնեց նրանց մեկի տեղում:

Հիմա ասա՜, Արբակ, մորս մոտ եղե՞լ ես, — հարցրեց նա ու անցավ, հոգնած կերպով պառկեց յուր գահավորակի վրա:

Եղել եմ, — պատասխանեց ծերունին, — երկու անգամ:

Ոչ, երեք անգամ, — ընդմիջելով ուղղեց Հուսիկը:

Հա՜, մեղա աստուծո, երեք անգամ, — շարունակեց ծերունին, ծուռ կերպով նայելով պատանու երեսին. — մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ կեսօրին...

Մեկ անգամ էլ երեկոյան, — ծիծաղելով ավելացրեց Սամվելը:

Հա՜, մեկ անգամ էլ երեկոյան, — կրկնեց ծերունին, զարմանալով, թե ի՞նչ մի ծիծաղելու բան կար այդ հաշվի մեջ:

Սամվելը փոքր-ինչ խմած էր, եթե ոչ, նա երբեք սովորություն չուներ կատակներ անել յուր դայակի հետ, որին չափազանց հարգում էր: Նկատելով ծերունու վշտանալը, փոխեց նա յուր հեգնական եղանակը և բոլորովին լուրջ կերպով հարցրեց,

Ուրեմն եղել ես մորս մոտ: Դե՜, պատմիր, ի՞նչ պատրաստություններ է տեսել իմ ճանապարհորդության համար: Ես առավոտյան պետք է գնամ, անպատճառ պետք է գնամ...

Մորդ ցանկությունն էլ հենց այդ է, որ առավոտյան գնաս, — պատասխանեց ծերունին և, վեր կենալով յուր տեղից, մոտեցավ երիտասարդի գահավորակին, նստեց, նրա ներքև, գորգի վրա, որպեսզի յուր ձայնը ավելի լսելի լինի: — Նա ամեն ինչ պատրաստել է տվել քո ճանապարհորդության համար: Հիսուն երիտասարդներ, միագույն-կապույտ նժույգների վրա նստած, ամենքը արծաթյա զեն ու զարդով, կուղեկցեն քեզ: Տասն զույգ մույգ դեղնագույն ջորիներ կտանեն վրանները, պաշարեղենը և հանդերձեղենի չամադանները: Երկու սպիտակ ջորիներ կտանեն իշխանական կառքը: Քսան ոսկեգույն նժույգներ պատրաստ կլինեն իբրև հետևակներ: Այդ նժույգների փառավոր ասպազենքը տիկինը յուր գանձարանիցն է ընտրել: Բացի հիսուն երիտասարդ թիկնապահներից, քեզ հետ կլինեն յոթն զինակիրներ, յոթն բազեակիրներ, յոթն բարակապահներ (շնապահներ) և երկու խոհարար: Գինին, զանազան տեսակ օշարակներ, զանազան տեսակ քաղցրավենիք և անուշեղեններ, իրանց կարգով, դարսած են առանձին արկղերի մեջ: Մոռացա ասել, որ հիսուն թիկնապահների թվում կլինի և մի սպա, որ կտանե իշխանական դրոշը, և մի խումբ թմբկահարներ ու փողհարներ:

Այդ հաշվի մեջ Արբակը չսխալվեցավ, որովհետև երբեմն նայում էր մի գրվածքի կտորի վրա, որ ձեռքում բռնած ուներ: Երբ ավարտեց, Սամվելը նկատեց.

Բավական փառավոր պատրաստություն է, միայն խի՛ստ ծանր է... Ես կցանկանայի, որքան կարելի է, թեթև լիներ իմ ասպախումբը...

Մայրդ ցանկացել է, որ քո հոր և քո անունին պատշաճ լինի քո ասպախումբը... — պատասխանեց ծերունին մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և նրա դառն տհաճություն:

Իսկ իմ մարդիկներից ո՞ւմ է նշանակել:

Ոչ ոքի: Այդ թողել է քո կամքին, ումը կամենաս, կարող ես վեր առնել քեզ հետ:

Իսկ դու, սիրելի Արբակ, չե՞ս գալու ինձ հետ:

Արբակը քեզ ե՞րբ է միայնակ թողել, որ այժմ թողնե: Նրա գլուխը պետք է այդ շեմքի տակ թաղվի:

Նա ձեռքը տարավ դեպի Սամվելի սենյակի շեմքը:

Պատանի Հուսիկը կանգնած էր պատի մոտ և յուր փայլուն աչքերով երբեմն նայում էր յուր տիրոջ վրա և երբեմն ծերունի Ար բակի վրա: Նա անհանգիստ էր և անհամբերությամբ սպասում էր գիտենալ, արդյոք յուր տերը իրան ևս կտանե՞ յուր հետ: Նրա ուրախությունն անչափ եղավ, երբ Սամվելը դարձավ դեպի ծերունին ասելով.

Շնորհակալ եմ իմ մորից, որ իմ մարդիկների ընտրությունը թողել է իմ կամքին: Ես բոլորին պետք է ինձ հետ տանեմ: Կհրամայես, սիրելի Արբակ, որ ամենքը առավոտյան պատրաստ լինեն:

Ես արդեն պատվիրել եմ, — պատասխանեց ծերունին:

Այդ միջոցին առաջ անցավ պատանի Հուսիկը և կարմրելով ասաց.

Մի խնդիրք ունեմ, տեր իմ:

Խոսի՜ր:

Իմ ձիու մի ոտքը պայտելուց կաղում է:

Արբակը կհրամայե, որ իմ ախոռատնից քեզ տան այն ձին, որը դու հավանելու լինես:

Պատանու դեմքը փայլեց ուրախությունից:

Արբակը վեր կացավ:

Ո՞ւր, — հարցրեց Սամվելը:

Դեռևս պակաս բաներ շատ կան, գնում եմ կարգի դնելու...

Շնորհակալ եմ, սիրելի Արբակ, ես առավոտյան վաղ, շատ վաղ պետք է ճանապարհ ընկնեմ:

Ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և, առանց յուր ետևը նայելու, դուրս գնաց սենյակից:

Նրա հեռանալուց հետո, Սամվելը ավելի ուրախ էր: Յուր ճանապարհորդության պատրաստությունները թեև ոչ բոլորովին, բայց մասամբ ավելի նպատակահարմար էին կարգադրված: Նա այդքանն ևս չէր սպասում յուր մորից: Նա սպասում էր փառավորություն, շքեղություն, բայց չէր սպասում, որ մայրը թույլ կտար նրան յուր մարդիկը յուր հետ տանել: Իսկ Սամվելի մարդկանց թիվը ավելի շատ էր, քան մոր նշանակածները:

Նա այժմ ոտքի վրա անցուդարձ էր անում յուր սենյակում և, ձեռքերը եռանդով շփելով, ինչ-որ հաշիվներ էր անում յուր գլխում: Պատանի Հուսիկը, նկատելով նրա ուրախ տրամադրությունը, համարձակություն ստացավ մի այլ խնդիրքով ևս դիմելու յուր տիրոջը: Բայց այս անգամ տատանվում էր նա, և նրա ճարպիկ լեզուն, որ խոսքի ետևից ման գալու սովորություն չուներ, այս անգամ պապանձվել էր: Ամոթխածությունից գլուխը խոնարած, երբեմն թեքվում էր աջ ոտի վրա, երբեմն ձախ ոտի վրա, և մի-մի անգամ ձեռքը տանում էր, ականջի ետևը քորում էր: «Ասե՞մ, թե չասե՞մ»... այդ երկու բառերն էին պտտվում նրա հուզված գլխում:

Եթե Սամվելը գոնե մի անգամ նայելու լիներ խեղճ պատանու վրա, իսկույն կնկատեր նրա անհանգիստ դրությունը, բայց Սամվելը հափշտակված էր յուր քաղցր խոկումներով և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում:

Մի քանի անգամ հազաց պատանին: Նրա կեղծ, խորամանկ հազը գրավեց Սամվելի ուշադրությունը, որ նայելով նրա շփոթված երեսին, հարցրեց.

Այլևս ի՞նչ ասելիք ունես:

Ինչպե՞ս ասեմ... տեր իմ.., — աչքերը դեպի ցած խոնարհեցնելով, մրմնջաց պատանին:

Այնպես ասա, ինչպես միշտ սովորություն ունես ասելու, — խոսեց իշխանը ծիծաղելով: — Ինչի՞ց ես ամաչում:

Տիրոջ ծիծաղը ամրացրեց պատանու վստահությունը, և նա հեկեկալով ասաց.

Այսօր ամբողջ օրը լաց էր լինում «նա»:

Ո՞վ, Նվա՞րդը:

Այո , տեր իմ:

Ինչո՞ւ էր լաց լինում:

Նա իմացել է, որ ես գնալու եմ իմ տիրոջ հետ...

Եվ տխրո՞ւմ է:

Ո՜չ, տեր իմ: Ես խոսք էի տվել...

Ի՞նչ խոսք էիր տվել:

Որ այդ օրերում...

Կպսակվեք: Այդպես չէ՞:

Այո՜, տեր իմ:

Հիմա ի՞նչ ես ուզում, կամենում ես մնալ, պսակվե՞լ:

Ոչ, տեր իմ, ես նրան դեռ նշան էլ չեմ տվել:

Սամվելը, մի փոքր մտածելուց հետո, հանգստացրեց նրան, ասելով.

Դու քո խոստմունքի կեսը այժմ կարող ես կատարել: Նշանը կտաս, իսկ պսակվելը կմնա մեր վերադառնալուց հետո: Դեռ ես չգիտեմ, թե երբ կվերադառնանք... Բայց երբ էլ որ լինի, ես քեզ անպատճառ պսակել կտամ Նվարդի հետ: Նա լավ աղջիկ է, նա այդ օրերում մի քանի լավ ծառայություններ արեց ինձ, և այդ պատճառով, իմ կողմից առանձին վարձատրության արժանի է: Երբ Արբակը կգա, կասեմ նրան, որ իմ գանձից տանե նրա համար ամենաթանկագին նշաններ:

Խեղճ պատանին չգիտեր` որպես հայտներ յուր շնորհակալությունը: Ուրախության արտասուքը աչքերում, մոտեցավ, ընկավ յուր տիրոջ ոտքերը, կամենում էր համբուրել: Սամվելը հեռացրեց նրան, ասելով.

Վեր կա՜ց, որքան Նվարդը լավ աղջիկ է, այնքան և դու լավ սպասավոր ես:

Այդ միջոցին դռները շառաչմամբ ետ գնացին, ներս վազեց պատանի Արտավազդը, Մամիկոնյան Վաչեի որդին: Նա գրկեց Սամվելի պարանոցը և, գեղեցիկ գլուխը դնելով նրա երեսի վրա, խորին հրճվանքով բացագանչեց.

Ա՛խ, եթե գիտենայիր, Սամվել, ո՜րքան ուրախ եմ... ո՜րքան ուրախ եմ... չեմ կարող պատմել...

Այդ ի՞նչն է այդքան ուրախացրել քեզ, — հարցրեց Սամվելը, դժվարությամբ ազատվելով աշխույժ պատանու գրկից:

Նստենք, կպատմեմ: Սաստիկ հոգնել եմ, սաստի՛կ...

Երկուքն էլ նստեցին բազմոցի վրա: Պատանին մինչև ականջները կարմրել էր: Երևում էր, որ իրանց տանից մինչև Սամվելի բնակարանը անդադար վազելով էր եկել: Մի փոքր շունչ առնելուց հետո, խոսեց.

Այս առավոտ միայն ինձ ասացին, որ դու գնալու ես հորդ դիմավորելու: Մտածեցի, ինչո՞ւ պետք է Սամվելը գնա, իսկ ես չպիտի գնամ: Իսկույն վազ տվի Մուշեղի մոտ, ձեռքը համբուրեցի, ոտքը համբուրեցի, վերջապես նրա հաճությունը առի: Հետո վազ տվի քո մոր մոտ. նրա էլ գլխից սկսած մինչև ոտքերը համբուրեցի: Նա էլ կամք տվեց: Մնում էր իմ մայրը: Դրան համբույրներով համոզել փոքր-ինչ դժվար էր: Զոռ տվի լեզվիս: «Գիտե՞ս, ասացի, Մերուժանը գալիս է, Վահանը գալիս է. նրանց հետ լինելու են պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետք է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան: Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները: Ես ո՞րիցն եմ պակաս թե իմ նետ նետելով և թե իմ նիզակ շարժելով... »: Մի խոսքով, էլ բան չմնաց, որ չասացի: Դու գիտես, որ մայրերը փառասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ: Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ և զարմացնեմ պարսիկներին: Լավ չե՞մ սարքեր

Վատ չէ, — պատասխանեց Սամվելը, — թեև սուտեր շատ ես խոսել:

Ոչ, աստված է վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, — ասաց պատանին, ավելի կարմրելով: – Ի՞նչ պետք է անեի, մարդ ուզում է դուրս գա, աշխարհ տեսնե, բայց դրանք, կույր աղջկա նման, հենց տանն են պահում: Ես խո պստիկ չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան... Այն ժամանակ կասեն` «դու մարդ ես... »: Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում... Այս գիշեր չեմ քնելու, — խոսքը փոխեց նա, — մինչև լույս չեմ քնելու: Երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում: Պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ...

Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, Համազասպ մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, — այդ կյանքով և կրակով լի պատանին ոչ սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին: Բայց Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը` արդյոք այդ անփորձ և պարզամիտ մանուկը իրան չէ՞ր խանգարի... արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէ՞ր դառնա յուր համար... Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին, նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին, հարցնելով.

Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա, հոժա՞ր ես, որ ես էլ գամ քեզ հետ:

Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց, ասելով.

Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ...

Պատանու ինքնավստահությունը փոքր-ինչ չափազանց էր: Բայց Սամվելին հայտնի էր նրա անսանձ, անզուսպ բնավորությունը: Իրավ, եթե Սամվելը նրան յուր հետ տանելու չլիներ, նա այնպես էլ կգնար:

Մի միտք ծագեց Սամվելի գլխում. «Դա ինձ հարկավոր կլինի...» — և իսկույն գրկեց նրան, ասելով.

Մի՛ վշտացիր, սիրելի Արտավազդ, դու իմ ասպախումբի զարդը կլինես, ես առանց քեզ մի քայլ անգամ չեմ փոխի, գնա՛, պատրաստվիր:

Պատանին վեր կացավ և, ուրախությունից մոռանալով մինչև անգամ բարի գիշեր ասել, դուրս վազեց սենյակից: Նախասենյակում լապտերը ձեռին սպասում էր նրա ծառան: Նա շտապելով թողեց ծառային և անցավ: Ծառան լապտերը տանում էր նրա ետևից և դժվարանում էր հասնել:

Երեք օր անցել էր այն գիշերից, որ երկու սուրհանդակները մտան Ողական ամրոցը, բերելով Տիզբոնի բոթը:

Երեք օրից հետո դուրս եկան Ողական ամրոցից երկու եղբոր որդիները.

Սամվելը առավոտյան, յուր փառավոր ասպախումբով, հանդիսավոր կերպով:

Իսկ Մուշեղը գիշերով, միայն երկու զինակիրների հետ, գաղտնի կերպով...

ՓԱԿԱԳԾԻ ՄԵՋ

I

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ

Երկիրը լեռնային էր:

Լեռնային անընդհատ շղթաները, իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ, կտրատել էին անհավասար մակերևույթը, կազմելով մի հսկայական ցանց: Այդ ցանցի մանր և անձուկ հյուսվածքի մեջ սեղմված էին խորին ձորեր, մթին հովիտներ և նեղ դաշտեր: Այդ ձորերը, այդ հովիտները, այդ դաշտերը ներկայացնում էին մի-մի գավառ, որ բաժանված էին բնական սահմաններով:

Լեռնային ցանցի հյուսվածքի թվով բազմանում էր և գավառների թիվը: Որքան շատ մասնատված էր երկրի մակերևույթը, այնքան շատ տրոհվում էին և գավառները: Այդ պատճառով հայոց աշխարհը այն անզուգական երկրներից մեկն էր, այնքան փոքր տարածության վրա` ունեն այնքան բազմաթիվ գավառներ:

Գավառները բոլորովին անջատված էին միմյանցից և համարյա զուրկ էին հաղորդակցությունից: Լեռը անմատչելի պատնեշ էր դրել նրանց մեջ, իսկ ձորը` անանցանելի խրամատ:

Մարդը մեծ դժվարություններ ուներ բնության խստություների հետ մաքառելու:

Ապառաժների կուրծքի վրայով, ներքևում անդնդային խորություն, որտեղից հազիվ լսելի էր լինում անցնող գետի խուլ դղրդյունր, — վերևում` քարշ ընկած ժայռեր, որ ամեն րոպե սպառնում էին խորտակվիլ և ամեն ինչ ծածկել իրանց ահարկու փլատակների ներքո, — բնության այդ սոսկալի կատաղության մեջ մա՛րդը, լեռնային մարդը, միայն նա՜ կարողացել էր յուր համար ճանապարհ բաց անել և մրցել վայրենի այծյամների հետ:

Տեղ-տեղ հաղորդակցությունը կտրում էին մթին, անթափանց անտառները: Նրանց մեջ մարդիկ աճում էին հսկա ծառաստանի հետ, կերակրվում էին նրանց պտուղներով և իրանց սաղարթախիտ աշխարհի սահմաններից դուրս` մի այլ աշխարհ չէին ճանաչում:

Այդ անտառներին մերձենալիս մարդիկ այնքան չէին վախենում գազաններից, որքան նրանց մեջ որջացած բնակիչներից:

Լեռների և անտառների հորինած դժվարությունների պակասը, հաղորդակցության վերաբերությամբ, լրացնում էին գետերը: Նրանք անցնում էին խորին, քարեղեն հատակի վրայով և երկու կողմից պարիսպների նման բարձր, ժայռոտ եզերքի միջով: Սեղմված իրանց նեղ ափերի մեջ, կատաղությունից գոռում, գոչում, որոտում էին նրանք և փրփրագեղ հորձանքներով զարկվում էին անխորտակելի ապառաժներին, որ փոքր-ինչ լայնացնեն իրանց ուղին, որ փոքր-ինչ ազատ ընթացք ստանան: Երասխի ահարկու «սահանքները» ամեն մի ճանապարհորդի վրա սարսափ էին ձգում:

Լեռների և ձորերի անձկության մեջ հայոց գետերը անհամբեր էին նավարկության: Նրանք թույլ էին տալիս իրանց վրա նավակներ այն ժամանակ միայն, երբ դուրս էին գալիս կիրճերի և փապարների խորքից, երբ ընթանում էին հարթ դաշտերի միջով և երբ խաղաղ ու հանդարտ հոսանքով մոտենում էին ծովերին:

Հայոց գետերի հինգ մեծամեծ նահապետներըՏիգրիս, Եփրատ, Կուր, Երասխ, Փասիսանհամբեր էին և կամուրջների արհեստը դեռ անզոր էր զսպել նրանց յուր հոյակապ կամարների ներքո: Այդ էր պատճառը, որ Օգոստոս կայսրի կառուցած կամուրջը Երասխի վրա համարվեցավ մի հրաշալիք, որ առիթ տվեց Վիրգիլիոսի երգերին: Իսկ պարսից Կյուրոս թագավորի կառուցած կամուրջը նույն գետի վրա համարվեցավ աստուծո գործ: Արտաշատ քաղաքի մոտ գտնվող ամենահին կամուրջը, որ կոչվում էր Տափերական, սկզբում տոփերի մի շարվածք էր, որ պահվում էր միայն գետի խաղաղ ժամանակը:

Հաղորդակցության ոչ սակավ արգելք էր լինում ձմեռը` Հայոց աշխարհի երկարատև ձմեռը:

Դեռ հոկտեմբեր ամսում շատ տեղերում, մանավանդ բարձրավանդակների վրա, թանձր ձյունը ծածկում էր հովիտները, լցնում էր ձորերի խորքերը, անհետացնում էր բոլոր ճանապարհները և կտրում էր ամեն հարաբերություն: Ճանապարհորդները, երկար ձողերը ձեռքներին բռնած, այնպես էին շրջում, որպեսզի ձյունի հյուսի տակ ծածկվելու ժամանակ, ձողերի գլուխը դրսում մնալով, խնդրակները գիտենային, որ տակումը մարդիկ են թաղված: Այդ ձողերը ունեին և այլ հարմարություններ: Նրանց վրա հենվելով թռչում էին խորին վիհերից և նրանցով ձյունի տակից ծակ էին բաց անում շունչ առնելու համար:

Ձյունի վտանգներին ենթարկվում էին ոչ միայն հասարակ մահկանացուներ, այլ թագավորներն անգամ:

Սանատրուկ թագավորը, տղայության ժամանակ, երեք օր և երեք գիշեր մնաց ձյունի տակ, յուր դայակի գրկում: Խնդրակների սպիտակ շունը գտավ նրանց և հսկեց նրանց մոտ այնքան ժամանակ, մինչև մարդիկ եկան և դուրս հանեցին: Տիրան Ա թագավորը բոլորովին անհետացավ ձյունի հյուսի տակ, նրան գտնել չկարողացան: Քսենոփոնը հունաց տասն հազարի հետ` հայոց երկրով անցնելու միջոցին սառցրեց յուր զինվորների ոտներն ու ձեռքերը, թեև ձմեռը դեռ նոր էր սկսվել: Յուր բանակի ձիաների ոտներն անգամ պատեց նա տաք պարկերի մեջ, բայց հնար չեղավ ցրտից ազատելու: Արտավազդ Ա-ի օրերում հայոց ձմեռը կոտորեց Անտոնիոս հռոմայեցու զորքերից 8000 հոգի, երբ նա վերադառնում էր պարսից արշավանքից:

Սարսափելի էր հայոց բուքը, բորեասը:

Դառնաշունչ քամին կատաղաբար տեղափոխում էր ձնային ահագին բլուրներր և օդը մթնեցնում էր սառցային թանձր փոշիով: Այդ օրհասական րոպեներում ամեն շնչավոր թաքստի տեղ էր որոնում: Մեծ ճանապարհների վրա, վտանգավոր տեղերում, քարավանների պատսպարության համար` շինված էին հատուկ պանդոկներ: Բայց այդ փոթորիկների միջոցին` խիստ սակավ էր պատահում, որ քարավանը ժամաներ յուր փրկության իջևանին: Շատ անգամ մի քանի քայլ հեռավորության վրա ծածկվում էր ձյունի թանձրության ներքո:

Լեռնային կողմերում տարվա համարյա կես մասը շինականները իրանց անասունների հետ ապրում էին ձյունի տակ, մթին, գետնափոր խրճիթներում: Այդ ստորերկրյա խորշերում թե՜ տերը և թե՜ անասունը բավական պաշար ուներ: Բայց սովը և անասունների կոտորածը միշտ անխուսափելի էր դառնում, երբ ձմեռը սովորականից ավելի երկար էր տևում: Ջուրը ստանում էին նրանք հալեցրած ձյունից, իսկ անասունների համար ճարակ չէին գտնում:

Գարնան արեգակը բերում էր յուր ջերմության հետ հեղեղներ: Պղտոր, աղմկալի վտակներով լցվում էին ձորերը և հաղորդակցությունը ավելի դժվարանում էր: Այդ ժամանակ, սարերի ստորոտներում, սպիտակ, ձյունապատ տափարակները սկսում էին հետզհետե սևանալ և ապա ծածկված էին սքանչելի կանաչազարդությամբ: Ծիծեռնակի ձայնի հետ` լսվում էր նորածին գառնուկների պառանչը: Հովիվները իրանց վրանները զետեղում էին ծաղկազարդ արոտամարգերի վրա:

Ժամանում էր ամառը:

Սարերի ներքևում, տափարակների վրա հասունանում էր նուռը, թուզը, ձիթենին: Ոսկեգույն սաթի նման փայլում էին խաղողի ողկույզները: Եվ շիկահեր կույսի գիսակների նման ծփում, ծածանվում էին ծանրացած հասկերը: — Իսկ այնտեղ, վերևում, բարձրությունների վրա, դեռ նկարված էին ճերմակ գագաթները, և լայն, թանձրախիտ շերտերով մնում էր անշարժ սառնամանիքը ապառաժների հավիտենական խոռոչների մեջ:

Հովիտների մեջ, ցած և դուրան տեղերում ամառային տոթն ու տապը ավելի անտանելի էր լինում, քան ձմեռնային ցուրտը: Արեգակը այրում էր, երկինքը կրակ էր թափում: Մարդիկ, որ սովորած էին ձմեռվա ցրտից պատսպարվելու համար թաքչիլ գետնափոր խրճիթներում, այժմ արևի կրակից ազատվելու համար իրանց անասունների հետ հեռանում էին դեպի լեռների հովասուն բարձրությունները: Եվ այսպես, յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում էր մի տեսակ գաղթականությունջերմից դեպի ցուրտը, իսկ ցրտից դեպի ջերմը: Բայց ամեն մի հասարակություն յուր գավառի սահմաններից չէր դուրս գալիս:

Բնության այս տեսակ խիստ, միմյանցից տարբեր և միմյանց հակառակ ծայրահեղությունները ստեղծեցին նույնպես խիստ և ծայրահեղ բնավորություններ: Այդ էր պատճառը, որ հայոց աշխարհի բարքը, վարքը, սովորությունները, կենցաղավարության եղանակը և առհասարակ նրա հասարակական կազմակերպությունը` յուր բոլոր երևույթներով` հետևանք էր երկրի բնական պայմանների:

Գետերը, մեծամեծ լճերը, լեռնային շղթաները իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ` կտրատեցին երկրի մակերևույթը, ստեղծելով բազմաթիվ մանր մասնիկներ, որոնց յուրաքանչյուրը ներկայացնում էր մի-մի գավառ, որ բաժանված էր բնական սահմաններով:

Տրդատի օրերում գավառների թիվը հասնում էր 620-ի: Իսկ Արշակ Բ-ի օրերում նրանց թիվը հասնում էր մինչև 900-ի:

Next page